Kitabı oku: «Շխնոց», sayfa 5
9
Էլ հույսը բոլորովին կտրվել էր: Արդեն մի ամբողջ շաբաթ անցել էր կարկտի օրից, և արևի ջերմությունը, գիշերվա ցողը, հողի ուժը չէին կարողացել փշրված և տափակացած ցորենի ու գարու եղեգները բարձրացնել: Մինչև անգամ որպես խոտ կամ դարմանցու չէր կարելի քաղել արտերից, որոնք օրեցօր փչանում էին: Գյուղացին մնացել էր ձեռքերը ծալած, ո՜չ հորում ցորեն, ո՜չ ամբարում ալյուր և ո՜չ էլ տաշտում հաց ուներ: Սովի սոսկալի պատկերը յուր քստմնեցուցիչ տեսարաններով նկարվում էր շինականի մտքում և նա դողդողում, սարսռում էր, մտածելով չարատանջ աշնանը հաջորդող տաժանելի ձմռան մասին:
Պարբերաբար քաղցին ու տկլորությանը դիմադրող հողագործը վարժվել էր չարքաշ կյանքին և ամեն միջոց գործ էր դնում միշտ, մի կերպ յոլա գնալու ներկա տագնապում, բարեհաջող ապագայի հուսով: Եթե ցորեն-գարին անգութ հարստահարիչները, վաշխառուները և կամ բնության ավերիչ ձեռքը խլում, փչացնում է, շինականին մնում էր յուր անասունների նման բույսերով, վայրի խոտերով և սրանց արմատներով կերակրվել: Ինչպես մուկը կտրում է, փչացնում է մարդու դառն աշխատանքով ցանած ու աճեցրած ցորենն ու կրում իրենց համար գետնի տակ, այս ու այն կողմն ամբարում, ձմռան բքին իրեն պաշար պատրաստում, այդպես էլ մարդիկ բահ ու փետատ ձեռք առած, ընկնում են հանդի մեջ մկների ժողոված ատոլն ու կոճղեզը իրենց տունը կրելու: Բայց այս բույսերով որքա՛ն էլ առատ լինին, ապրելն եթե անհնար չէ, անտանելի է: Էլի պետք է աշխատել, ընկնել դեսուդեն և քիչ ալյուր, ցորեն, կորկոտ ձեռք ձգել և քչից-շատից տան թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին չի կարող ապրել:
Արդեն այս տագնապալի օրերում շինականին իր ամբողջ անցյալը յուր լավ և վատ գույներով ներկայանում է երևակայությամբ: Այդ բանը նրան քաջալերում է և թույլ չի տալիս քաղցր կյանքից ձեռք քաշելու, ապագայի քաղցրագույն հույսով: Հիշում է, որ նա ունեցել է բարեհաջող տարիներ, լիքն են եղել հորերը ցորենով և քիլարները` բարով: Հաց է եղել նրա պահեստը ո՜չ միայն անցորդի, աղքատի, այլ մինչև անգամ սարի այս ու այն կողմի ազգակիցների համար, որոնք իրեն պես պատահարներից ընկճված, եկել ու պարկերը լցնելով առատությամբ, տարել ու ապրել էին: Հիշում է, որ ինքն էլ փոխադարձաբար գնացել է, բերել ու սև օրերը անցկացրել: Ավելի ևս այդ օրերը հիշում է, թե ում փոխ է տվել և ում ցորեն կամ մի ուրիշ նյութ պարտք ունի: Նեղ օրում պահանջները ուզելը ամոթ չէ, պարտապանը, պահանջատիրոջ կարոտությունը աչքի առաջ ունենալով, ձգտում է վերադարձնել պարտքը և փոխարինել բարիքը:
– Վարդևան աղբա՜ր, – ասաց մի օր նրա հարևան Մարուքը, – թե կարելի է թոխլիների գինը տաս, գիտես մեր հալը: Գիտեմ, որ քու էլ միջոցդ շատ լավ չէ, մանավանդ որ թոխլիներն էլ տարիր քաղաք, այն դատարանի անդամների բերանը ոսկոր գցեցիր, քեզ էլ օգուտ չբերեց, բայց մեր վիճակը խո՞ լավ գիտես, մի թիզ արտերս չազատվեց… Փառք աստծո՛ւ, էլի քու արտերից մեկ-երկուսը կքաղվի, հերկերդ փրկվեցին խշմից:
– Մարուք աղբա՜ր, աստված գիտե, մոլորվել եմ… Մտքիցդ չանցնի, թե Վարդևանը մոռացել է պարտքը կամ քեզ խաղցնում է… Միտքս դրել եմ մոզիկներս ծախել և նախիրն եմ ուղարկել, որ լավ գիրանան: Ուզում ես հիմիկուց գին դնենք, վեր առ, չես ուզում, մնա՜, աշնանը ծախեմ և թոխլիներիդ գինը տամ:
– Ինչպես ուզում ես, այնպես արա, միայն մի՜ մոռանալ, որ շատ նեղության մեջ ենք:
– Խոսքս խոսք է, վստահ գնա գործիդ:
Դեռ հազիվ ճանապարհել էր Վարդևանը Մարուքին, ինքն էլ շշմած մտածում էր անելիքի մասին, երբ նրա դուռը կտրեց մի ուրիշ հարևան, որից մի լիրա էր փոխ առել Վարդևանը ու դատաստանական գործադիր մարմնի ներկայացուցչին տվել որպես վարձ:
– Այն մի լիրան, Վարդևան աղբար, հոգուդ մատաղ: Մուտուրկանցուց մի սոմար ցորեն գնեցի, կալին պիտի տա, այսօր նեղություն ունի, եկել է, պահանջում է:
– Մի լիրա՛ն… Բայց փող չունե՜մ, ճար չկա: Չի սպասել մի տասնևհինգ օր, Ղարսից՝ Գեդևոնիցս փող պիտի գա, իսկույն կտամ:
– Հավատացի՜ր, շատ նեղն եմ, մարդը եկել է դուռս, չտամ, վախենամ ցորենը թանկե, հետո մանր ու խոշորս նեղության մեջ գցեմ…
– Մի տեղից գտի՜ր, Մարգար ջան, արևս վկա՜, Գեդևոնիցս փող ստանալուն պես առաջին անգամ բերեմ քեզ վճարեմ… Մի՜ վախենալ, շատ չեմ ուշացնի, մի՜ կասկածիլ, նամակ ունիմ, կարելի է, որ հիմի Պոլիս էլ եկած, քաղաք հասած լինի:
Իրար ետևից, կարծես միախորհուրդ, գալիս էին Վարդևանի պարտատերը, և նա մոլորված ամեն մեկին մի-մի պատասխան տալով ճանապարհում և մորմոքալով հառաչում էր: Քանի որ արտերը ցոլում էին, առատ բերք խոստանում, մարդ չէր հիշեցնում Վարդևանին յուր պարտքերը: Երբ կարկուտը ոչնչացրեց և փչացրեց նրա աշխատության պտուղը, ամենքն էլ կասկածեցան նրա պարտաճանաչության մասին (գոնե Վարդևանը այդպես էր բացատրում), սկսեցին խստիվ իրենց պահանջները ուզել: Մարդ է, դրացիություն է, կարիք է, ամենքն էլ ունին պարտք ու պահանջ, բայց պարտապանը չունեցածից ի՞նչ կարող է տալ:
Հենց այդ դառը մտքերը Վարդևանին պաշարած օրերը քաղաքից մի պաշտոնական եկավ և մի հայտարարություն ևս հանձնեց, թե օգոստոսի մեկին աճուրդով ծախվելու է Վարդևանի շարժական կարողությունը: Եթե այդ կարողությունը չլրացներ նրա Գևորգ աղային ունեցած պարտքը, այն ժամանակ հետևյալ ամսում ծախվելու էր ևս անշարժ կալվածքը: Բավական չէր այս գույժը, Վարդևանը պարտավոր էր գուժկանին կերակրել, պատվել և մի փեշքյաշ տալով, արձակել: Քեհյան և նրա խորհրդականները այդպես էին խորհուրդ տալիս: Թեև Վարդևանը հակառակվեց, բայց պաշտոնականը բռնությամբ մինչև չկորզեց մի մեջիդե (մոտ 2 ռ.), չհեռացավ, դեռ առանց հաշվելու կերած հավերն ու ձվերը, տարած մածունն ու կարագը, վառեկներն ու գառը:
Հարվածը սարսափելի էր, Մեղրենց արյունարբու լակոտը մտադրածը պիտի կատարեր: Գեղի մեջ պարծեցածը պիտի գլուխ բերեր… Վարդևանի կայքը, արտերը պիտի Արզրումի մեջ մունետիկի ձեռքով աճուրդով ծախել տար: Այս միտքը սպանում էր Վարդևանին, այս հարվածը խելաբժուժ արավ հողագործին, որը գիշեր և ցերեկ հանգստությունը կորցրեց: Քեհյան ու տերտերը անընդհատ հետևում էին Վարդևանին և երկուսն էլ քննում էին նրա բոլոր արարքները ու տեղեկացնում մանրամասնաբար Գևորգ աղային, որի մարաբաներն էին: Գևորգ աղան խոստացել էր աճուրդից գնել Վարդևանի կալվածները և հանձնել նրանց մշակելոլ մարաբայական կարգով: Այս բանից մասամբ տեղեկություն ստացել էր և ինքը` Վարդևանը:
– Ողջո՜ւյն, – ասաց մի իրիկուն տուն մտնելով տերտերը Վարդևանին և անցավ բազմեցավ բազմոցի գլխին, առանց սպասելու տանտիրոջ բարի «հրամմեցեքներին»: Շատ չանցած նրան հետևեց քեհյան, որը նույնպես տեղ բռնեց տերտերի դիմաց: Վարդևանը անմռունչ նստած էր, առանց լսելու և մասնակցելու անգամ նրանց խոսակցությանը: Տրտնջում էին գյուղի ջոջերը իրենց վիճակից, անողորմ բախտից և հուսահատությունները արտահայտում: Վարդևանը միայն երբեմն-երբեմն հառաչում էր:
– Է՜հ, Վարդևան աղբար, – ասաց տերտերը խրատչի տոն տալով յուր ձայնին, – ի՞նչ շատ հառաչեցի՜ր, ի՞նչ շատ մնջեցի՜ր; Աշխարհ է, մի օր այսպես, մի օր այնպես կմթնեցնենք, կանցնի, կերթա: Աշխարհի համար ի՞նչ ես այդքան հոգս քաշում: Այս անցավոր կյանքն ի՞նչ է, որ մարդ դրա համար այդքան մտատանջվի, դառն ցավերի ու հոգսերի մեջ մոլորվի: Ինչ ուզում ես արա, կերածդ մի փոր հաց, հագածդ մի ձեռք հալավ է: Դու հավիտենականի համար մտածի՜ր, որ կամ մշտնջենավոր երանություն է կամ անվերջ տանջանք: Վախենաս այս փուչ աշխարհի վրա մի աղքատ ապրուստ չճարե՞ս: Մի լինիլ մյուլքատեր, եղի՜ր մեզ նման մարաբա, ի՞նչդ կպակսի: Մյուլքատեր, թե մարաբա. զանազանությունն ինչի՞ մեջ է: Ամեն դեպքում էլ մի ապրուստ, մի աղքատիկ կեցություն: Քանի որ մեզ այնպես է վիճակվել, որ մեզ պիտի թալանեն մյուլթեզիմները, էղնամի մեմուրները, վաշխառուները, չարչիները և մեր բերքի մեծ մասը պիտի կողոպտեն, տանեն, ավելի լավ չէ՞, որ մենք էլ մտնենք մի-մի ուժեղ աղայի հովանու տակ, որ նա մեզ պաշտպանե… Ի՞նչ անենք, թե աղան պիտի կիսե մեր բերքերը, խո գոնե մեր բերքի կեսը մեզ կմնա և մեզ ամեն պատահական չի կարող ճզմել ու ճխլել: Արի ինձ լսե՜, գնանք, չթողնենք, որ հողերդ աճրդով ծախվեն, տանք Գևորգ աղային, պայման անենք, դարձիր մարաբա, պրծավ գնաց…
– Ի՞նչ ես ասում, տերտե՜ր… Ես գնամ ու լիզեմ իմ թշնամուս ոտքե՞րը, այն անգութի՞, որը ինձ քարուքանդ արավ… Ես մարաբա դառնամ, ինքս ինձ իմ ձեռքով գերության մատնեմ և ամբողջ ընտանիքս աղային ճո՞րտ շինեմ…
– Մարաբան չե՞ս. իբր թե ստրկությունից ազա՞տ ես: Ի՞նչ տարբերություն կա մի մարդու կամ տասը մարդու ճորտ լինելու մեջ: Եթե մարաբա լինես, մի մարդ պիտի քեզ դատեցնե ու լափե քու վաստակը, եթե անձնիշխան լինես, ոչ թե մեկ, այլ գուցե և հարյուր մարդ քեզ պիտի կեղեքե և առանց զգալու պիտի դրանց անուղղակի ճորտը լինիս:
– Մարաբա լինելով էլ կողմնակի կեղեքողներից չե՜ն ազատվում… բայց հազար անգամ նախապատիվ եմ համարում հարյուրներից կեղեքվել, քան թե տանս, ընտանիքիս իշխանությունը հակառակորդիս հանձնել:
– Մեկ է, առաջ թե վերջը, կալվածներդ ծախվելու են: Կարող է պատահել, որ աճուրդում մի թուրք կամ մի քուրդ գնե արտերդ և այն ժամանակ…
– Ավելի լավ է թուրքի, քուրդի մարաբա լինել, քան թե հայի, արյունակցիս, որն ինձ կործանեց և աշխատում է գիշեր-ցերեկ կործանել իմ դրացիներիս էլ:
– Այն, որ կորցնելու ես հողերդ, ավելի լավ չէ՞, որ համկրոնակիցդ առնե:
– Ո՜չ, ո՜չ, ես ուրախությամբ քուրդին կտամ, մոլլին կտամ, թուրքին կտամ հողերս և նրանց ստրուկ կդառնամ, քան թե հայի, որ փափուկ-փափուկ օրորելով պիտի ծծե արյունս, ապականե կյանքս: Քուրդը, զանազան կամ յուր շահի համար ավելի լավ կպաշտպանե ինձ, կամ մի հարվածով կսպանե և չի տանջիլ բութ, սղոցի նման դանակով…
10
Գիշեր էր, մառախլամած գիշեր, նման աշնան գիշերներին, որոնք ձմռան շուտափույթ մերձենալն են բոթաբերում: Անձրևի, թոնի շատ մանրուք էր թափվում և ավելի գարնան, քան ամառային գիշերվան էր նմանում: Խոնաված, թորված հողի երեսով չստերը ցեխոտելով առաջ էր գնում Վարդևանը համր քայլերով և մտորելով: Գյուղում ոչ մի շշուկ չէր լսվում, ոչ իսկ քամու նշույլը կար, որ գոնե նրա սուլոցին վարժ ականջները չծակեր: Գնում էր պատից պատ բռնելով և երբեմն-երբեմն էլ կանգ առնելով: Նա մի երկու անգամ քայլերը ետ դարձուց և, երեք քայլ չփոխած, կրկին շարունակեց նախկին ընթացքը: Վարդևանը ավելի գլորվում էր, քան թե գնում, նա ավելի դիականման թավալումներով էր տատանվում: Նրա գույնը մեռելային տիպար էր ստացել, նրա խրոխտ աչքերը փոսն ընկած, հանգածի էին նմանվում և նրա անդամները սայթաքելով էին շարժվում: Կանգ առնելով, խորհելով վերջապես նա հասավ Մանուկի դռանը և բախեց: Ներսից երկար պատասխան չստանալով՝ կրկին բախեց, և վերջապես Մնացականը դուռը բաց արավ, առանց ճրագի մութ բակից ներս առաջնորդեց յուր ապագա աներոջը: Մանուկը նրան ուրախությամբ դիմավորեց և նստեցրեց յուր բարձր կողմը: Երկար տատանվելուց և սովորական խոսակցությունները կատարելուց հետո ասաց Վարդևանը.
– Մանուկ աղբա՜ր, վաղը քու աղադ՝ շեյխը, գեղ պիտի գա՞:
– Այո՜, նա ինձ այսօր խաբար էր արել:
– Ուրեմն այգվան անպատճառ կգա՞:
– Եթե մի արգելք չլինի:
– Գիտե՞ս ինչ կա, ես ուզում եմ դրանից մի տասնևհինգ լիրա վերցնել և այդ Մեղրենց լակոտների գործը վերջացնել: Դու մեկ դրան կամաց իմացուր և տես, թե գլուխ գալու բան է` գամ ու վերջացնենք:
– Բայց նա առանց գրավականի և դաշնագրի չի տալ:
– Այդ էլ կտամ, ճարս ի՞նչ է… Փոխանակ թողնելու, որ աճուրդով ծախվի և այն անգութ արյուն ծծողների ձեռքն անցնի, ես ինքս գրավ կդնեմ: Գուցե բախտս բերեց, պարտքս կտամ և կայքերս կազատեմ… Թե ո՜չ, ավելի լավ է շեյխի ձեռքն անցնի և Շխնոցը շեյխին բաժին դառնա, քան թե այն տուն քանդող, օջախ կործանող Գևորգ աղան տիրե իմ կայքերիս: Հազար անգամ լավ է շեյխին մարաբա դառնալը Գևորգ աղային ստրկանալուց:
– Դրան կարիք չկա, մանավանդ որ շեյխը հոգվով կպած է գործի և ոչ ոքի չի թույլ տալ, որ յուր մարաբային կեղեքե, այն ինչ Գևորգը, ինչ էլ որ լինի, էլի մի հայ է և կողոպտման ենթակա: Լավ, ես առավոտ կխոսեմ ու քեզ կկանչեմ:
Հետևյալ օրը, ճաշից առաջ, Մանուկը կանչել տվեց դրացուն և ներկայացրեց յուր աղային: Շեյխը Վարդևանին ոտից-գլուխ քննելուց հետո ասաց.
– Տղա՜, փող ես ուզել, նեղության մեջ ես եղել, այդ անօրեն Գևորգը քեզ էլ յուր թակարդն է գցել: Բայց ի՛նչ օգուտ, փող չունի՜մ քեզ տալու:
– Աղա ջա՜ն, դու գիտես, օջախդ եմ ընկել, դու պիտի ինձ ազատես: Տասնևհինգ լիրայով ինձ գերությունից կազատես:
– Ես փող չունիմ, այսինքն՝ հիմի ազատ փող չունիմ, բայց տասնևհինգ օրից, մի ամսից հետո կարող եմ տալ, ոչ թե տասնևհինգ, այլ հիսուն, հարյուր, որքան որ ուզես:
– Աղա ջա՜ն, քեզ մատաղ, քու զավակներիդ մատաղցուն հաշվելով, փրկի՜ր ծառայիդ մանր ու խոշորին այս գերությունից: Որ կամենաք, կարող եք գտնել… Ի՞նչ դժվար է քեզ համար տասնևհինգ կամ երեսուն լիրա գտնելը:
– Ես մարդու դուռ չեմ գնալ և ոչ ոքից փող չեմ խնդրիլ: Եթե ուզում ես, կարող ես համբերել, մի չորս-հինգ օր հետո եկ քաղաք և եթե պատրաստի փող ունենամ՝ կտամ, չեմ խնայի. միայն գրավականով և ապահովությամբ:
– Ինչպես կամենում եք, ես պատրաստ եմ բոլոր կայքերս ձեզ մոտ գրավ դնել:
– Քու քոչաններդ (կալվածագիր) որտե՞ղ են, նրանք վեր առ և բեր: Մինչև օրինական դաշնադիր չկապես, մինչև բոլոր քոչաններդ չհանձնես ապահովության, չեմ տալ: Տոկոսն էլ օրինական, ես ձեր հայերի նման անխիղճ չեմ, մեկին տասը չեմ առնիլ, իմս հարյուրին քսանչորս, որոշ, կտրական, ոչ ավել և ոչ էլ պակաս: Խոսքս էլ տղամարդու խոսք, ինչպես կտամ, այնպես կկատարեմ, ինչպես խոսք առնեմ, այնպես էլ խիստ պահանջում եմ: Օրը-օրից չեմ անցկացնի, որոշյալ ժամին ու ժամանակին ետ կպահանջեմ: Ինչպես տալուց երես չեմ դարձնիլ, այնպես պահանջելուց չեմ վախենա, չեմ կասկածի և չեմ մեղմանա: Պայմանիցս մի մազ անգամ չեմ շեղվիլ և սկզբից գեշ մարդ կլինեմ, ճշմարիտը կհայտնեմ, որ ապագայում ո՜չ թե ես, այլ ինձ հետ գործ բռնող պարտազանց գտնվողը ամաչե և լեզուն չհամարձակվի առաջս շարժելու: Ուզում ես, ա՜ռ, չես ուզում, մի՜ առնի: Խելքդ կտրում է, մոտեցի՜ր փողերիս, թե ո՜չ, հեռու կեցի՜ր ինձանից, որովհետև ես խոստումնադրուժի գլուխը կփշրեմ:
– Մարդն էլ այդպես է պետք, աղայի պարտականությունն էլ այդ է, որ ճշմարտությունը սկզբից խոսի և շողոքորթ շարժումներով ու խոսքերով չխաբե իրեն դիմողին:
– Ուզում ես, տա՜ր, չես ուզում մի՜ տանիլ: Որքան ժամանակի ուզում ես, այժմվանից որոշիր և հաշիվդ լավ քննե, որ վերջը չզղջաս, – ասաց խրոխտ նայվածքով շեյխը, ջանալով դեմքին աղայական միմիկաներ տալ:
Արդեն ժամանակն էր, Վարդևանը հեռացավ, հուսադրված և հինգ օր հետո քաղաք գնալով, գրավ դրեց յուր բոլոր հողերը տանը հետ, շեյխի մոտ քսանվեց լիրայի: Նա ստացավ միայն տասնուվեց լիրա ու կես, որը հանձնեց Գևորգ աղային և արդարադատության պաշտոնյաներին ու ազատվեց Մեղրենց ժառանգների ճիրաններից: Կես ոսկի դրոշմաթղթի վճարեց, երկու ոսկի նոտարական ծախսերին, մի ոսկի ղադիին և մի ոսկի էլ կալվածական պաշտոնակալին, որ արձանագրություն կազմեց Վարդևանի կալվածագրերը շեյխի մոտ գրավական թողնելու մասին: Այնպես որ շեյխին, ճշմարիտ է, Վարդևանը տվեց միմիայն քսանչորս տոկոս՝ քսանմեկ լիրայի համար մի տարեկան հինգ լիրա շահ, բայց իսկապես Վարդևանը վճարեց ոչ թե քսանչորս տոկոս, այլ նա պարտավորվեց վճարելու մոտավորապես վաթսուն տոկոս:
Ուղիղ է, շեյխը քսանմեկ լիրա վճարեց և քսանվեցի մուրհակ ստացավ, այնպես որ ամեն տեղ կարող է արդարանալ, քանի որ վեր է առել լոկ յուր դրամի համար քսանչորս տոկոս, բայց Վարդևանը դրոշմաթղթի, նոտարի, ղադիի և կալվածական ատյանի ծախսերը, այդ փոխարինության պատճառով վճարելով, նրա գրպանից դուրս եկավ իրեն հարկավոր գումարի համար մոտ վաթսուն տոկոս: Հանկարծ երբ ամեն վճարումները կատարելուց հետո հաշիվը կարգի դրեց շեյխը և քննելով հայտնեց Վարդևանին տարեգլխին վճարելիք գումարի քանակը, վերջինս մնաց ապշած: Ամեն վճարում յուր ներկայությամբ էր եղել, շեյխը պարտական չէր նրա փոխարեն ծախսեր կատարել, հետևաբար ինքը պարտավոր էր դեռ համբուրել յուր շեյխ աղայի ջյուպպեի փեշերն ու հեռանալ անվերջ շնորհակալիք հայտնելով:
Բայց Արզրումից Շխնոց հինգ վերստաչափ ճանապարհը մինչև հասնելը, Վարդևանը դառն մտքերով և առաջիկայում իրեն սպասող սոսկալի ապագայի խնդրով այնքան տանջվեց, որ գունատված, մեռելատիպ հազիվ տուն ընկավ: «Քսանվեց լիրա», կրկնում էր նա անդադար, «քսանվեց օսմանյան ոսկի» և հուսահատվում: Այդքան գումար որտեղի՞ց պիտի միանվագ ձեռք բերեր և շեյխին տալով, կալվածքը գրավից ազատեր: Թեև զգում էր, հայելու նման աչքի առաջ տեսնում էր յուր սոսկալի անկումը, նկատում էր և հավատացած էր, որ պարտատերը ամենադաժան կերպով իրեն թևից բռնելով, դուրս էր վանելու հողերից ու տանից, բայց մի խաբուսիկ հույսով, մի աղոտ հույսի նշույլով նա տատանվում էր: – Կարելի է գալ տարի աստված տվեց հերկերս քսան-քսանհինգ սոմար ցորեն բերին: Կտամ, կպրծնեմ և կազատեմ հողերս…
Անբեր տարուն հետևեց ցրտաշունչ ձմեռը, յուր սոսկալի սառնամանիքով ու բքերով: Վարդևանը յուր մանր պարտատերերին գոհացնելու համար շատ բանից զրկվել էր այդ ձմեռ և մեծ զրկանքի մեջ էլ մնացել էր ընտանիքով: Ինչպես դատարկ էր նրա ամբարը, այնպես էլ պարպված էր քիլարը, մառանը: Արդեն օգոստոսի մեջ, երբ նկատել էր, որ քաղելու բան չէր մնացել արտերում, փոքր որդուն՝ Մելքոնին էլ ուղարկել էր Ղարս, յուր ծանոթ որմնադիրների մոտ քար տաշելու և օրական ստանալով, իրենց օգնելու: Գեդևոնի և Մելքոնի օրականները ոչ միայն պետական հարկերը պիտի ծածկեին, այլ պիտի ընտանիքի ուտելիքն էլ մատակարարեին, քանի որ իրենց բախտից տարին ստերջ էր եկել:
Բայց գործավորի օրավարձը, բանվորի էլ վիճակը շատ մխիթարական չէր Ղարսում, նրանք նոյեմբերի սկզբներին Ղարսի սառնամանիքից ստիպված հեռացել էին դեպի Բաքու–Բաթում՝ երկաթուղու գծի վրա գործ գտնելու և Միխայլովի կայարանում կամուրջների համար քար էին տաշում: Այդ հեռավոր անկյուններումն էլ շատ հեշտ չէր փող վաստակելը և տուն հասցնելը, այնպես որ Վարդևանը խիստ նեղության մեջն էր ինչպես մանր պարտքատերերից, նույնպես ուտելիքի կողմից: Օրեցօր վիճակը վատթարանում էր և հուսահատություն տիրում:
Այդ դժբախտությունների վրա ավելացավ մի նոր խայտառակություն ևս, մի գիշեր Մարգարիտը Մնացականի հետ փախավ: Այդ փախուստը ինչպե՞ս կայացրին, ոչինչ չիմացան ծնողները, մինչև անգամ տարակուսանքի մեջ էլ մնացին, կասկածելով, որ չլինի՞ թե թուրքերի ճանկն ընկան սիրահարները և փորձանքների մատնվեցան: Գարանը որքան ողբում էր և ինչ փաստեր ներկայացնում էր, չէր կարողանում Վարդևանին համոզել, յուր անմեղությունը հավատացնել: Առավոտից մինչև իրիկուն լացեց թշվառ մայրը, երդվեց, ողբաց ու սգաց, բայց Վարդևանը անհողդողդ մնաց յուր կարծիքի մեջ: Մանուկն էլ փնտրում էր յուր Մնացականին, բայց չէր համարձակվում մոտենալ յուր հարևանի դռանը: Վերջապես երկու խնամիներն էլ մոռացան անցյալը և սկսեցին միջոցներ ձեռք առնել, որոնելու և գտնելու տարփավորներին: Գյուղ-քաղաք, չորս կողմը մարդիկ սփռեցին, որ գտնեն իրենց կորուստը, բայց ոչ մի կողմից տեղեկություն, բացատրություն չեղավ, այնպես որ ամբողջ շաբաթն անցավ և չհայտնվեցավ, չիմացվեցավ սիրահար փախստականների հետքը: Սազում, Օվայում գյուղ չմնաց, որ չորոնեին, Բասենից, Թորթումից ու Դերջանից անհույս վերադարձան փնտրողները և բավական չէր քաղցի, ցրտի և պարտքերի մեջ նեղվիլը, Վարդևանին պետք էր ևս հալումաշ լինել Գարանի հետ իրենց փախստականների համար…