Kitabı oku: «Անահիտ», sayfa 4

Yazı tipi:

Թ

– Տղե՛րք, ի՞նչ տեղ ենք մենք, չգիտե՞ք, – հարցրեց Վաչագանը։

– Ես գիտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, է՛լ այստեղից ազատվելու չենք, – ասաց մեկը։

– Բայց չէ՞ որ այս մարդը սուրբ մարդ է, մի՞թե այդպես բան կանի, – ասաց մի ուրիշը։

– Ինչո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գիտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։

– Տղե՛րք, կատակի ժամանակ չէ, – ասաց Վաչագանը։ – Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք՝ ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե՝ ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը, եկե՛ք առաջ գնանք, տեսնենք՝ ո՞ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։

Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմբեթաձև ընդարձակ սրահ։

Մեր կալանավորները մի կողմից՝ ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից՝ խլշած ականջ էին դնում, որ տեսնեն՝ որտեղի՞ց էին գալիս խառնաշփոթ ձայները։ Հենց ա՛յս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով՝ մարդու նմանություն առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.

– Ո՞վ ես դու, սատանա՞ ես, թե՞ մարդ. մոտեցիր մեզ և ասա՛, որտե՞ղ ենք գտնվում մենք։

Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.

– Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՜նչ տեղ եք ընկել դուք։

Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե՝ ի՞նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի՛նչ էր տեսածը։ Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները՝ ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած։ Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.

– Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա՛ է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ՝ կա միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի, և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք։ Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը։

– Դու ա՛յս ասա՝ հիմա մեզ ի՞նչ են անելու, – հարցրեց Վաչագանը։

– Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից արհեստ գիտե՝ կապրի մինչև մեռնիլը, իսկ ով որ չգիտե՝ նրան կտանեն սպանդանոց։ Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում՝ հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց Աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ՝ գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած, և ասաց ինձ. «Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»։ Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, ի՛մ Վաչագան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին…

Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը՝ առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման «թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ «Ուրեմն, սա մեր Վաղինակն է», – մտածեց նա։ Այս մտածելով և ուշքի գալով՝ ուզում էր վրան ընկնիլ և գգվիլ, ուզում էր հայտնել, թե՝ ի՛նքն է Վաչագանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ո՞վ է նա և ինչպե՞ս է ընկել այստեղ։

Վաղինակն իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, որ լավ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում՝ մի այդպիսի հայտնություն, թե՛ ուրախություն և թե՛ կսկիծ լինելով՝ կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը։ Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը՝ ասելով.

– Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա՞կ է։

– Վաղինակ է, այո՛, Վաղինակ… ես մի ժամանակ…

– Եղբա՛յր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է։ Ապրի՛ր մինչև քո երազը կատարվի։ Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ։ Այսուհետև մենք էլ կապրինք այդ հույսովը։ Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը։ Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես։ Բայց ահա ոտքի ձայն է գալիս, դու գնա՛ քո տեղը։

Ժ

Վաչագանի հետ եկածները թվով վեց հոգի էին։ Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտե՞ն։ Մինն ասաց, որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, երրորդը մետաքսագործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին։

– Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք, – ասաց Վաչագանը, – ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ։

Ոտնաձայնը, արձագանք տալով, հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ՝ հետն առած մի խումբ զինված մարդիկ։

– Դո՞ւք եք նոր եկածները, – հարցրեց քուրմը։

– Այո՛, ծառաներդ ենք, – պատասխանեց Վաչագանը։

– Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում։

– Մենք ամենքս էլ գիտենք, – ասաց Վաչագանը, – գիտենք շատ թանկագին դիպակ գործել։ Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե։ Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ ու խեղճացանք։ Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ։

– Շա՛տ լավ. բայց մի՞թե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը։

– Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։ – Իհարկե, ես շուտով կիմանամ, թե՝ որքա՞ն ճշմարիտ է ձեր ասածը. հիմա ասացե՛ք՝ ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։

Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր։ Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին։

– Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ, – ասաց Վաչագանը։ – Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է։ Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել. իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գիտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ։ Ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե…

– Շա՛տ լավ, – ասաց քուրմը, – ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների։

– Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա. եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը։

Քուրմը կատարեց իր խոստումը։ Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր։ Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց։ Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ։ Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց։ Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը՝ նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ։

Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած։ Վաչագանը, ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին, ասաց.

– Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում՝ սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն։ Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գինը չեն իմանալ։ Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք։

Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը։ Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգամ ցույց չտվավ նրան։ Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ի՛նքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ի՛նքը վայելի…