Kitabı oku: «Մթնաձոր», sayfa 21

Yazı tipi:

ՍԱԲՈՒ

1

Նրանք անտառում են ապրում, և որովհետև անհիշելի ժամանակից ի վեր գյուղը խիտ անտառների մեջ է տեղավորված, զուրկ բանուկ ճանապարհներից, սարերով բաժանված շրջակա գյուղերից, – Սաբու գյուղի երեխան այնպես է կարծում, թե աշխարհն անվերջ անտառ է, որտեղ մարդը բացուտներում կորձե է ցանում, իսկ արջերը հավաքում են ընկած կաղինները, ծառերը ճղակոտոր անում և հագեցած պառկում կորեկի արտոսմ:

Անտառն իր կնիքն է դրել Սաբուի վրա: Ոչ միայն ափսեներն են անտառի փայտից, արորն ու շերեփը, այլև անտառից են նրանց ուտելիքի մեծ մասը՝ վայրի տանձն ու սալորը, զանազան ընդեղեններ և արմտիք, որոնք նույնքան համեղ սնունդ են և անտառի խորքերում ապրող վարազների համար:

Ոչ մի տեղ արջի մասին այնքան շատ չգիտեն, որքան Սաբու գյուղում: Երեխան էլ կասի, թե արահետի թարմ հետքը արջինն է, թե գայլ է անցել կամ պախրան է իջել ձորը ջուր խմելու: Նրանց պատմությունների մեծ մասը վայրի գազանների շուրջն են հյուսած: Ահա առասպել մի հերոս, անունը Գեուշ, որի գերեզմանի սուր քարը հիմա էլ սրբատեղ է Սաբու գյուղում:

Պառավները երիտասարդ որսորդներին պատմում են Գեուշի պողպատե թրի մասին, որի մի հարվածով նա արջի գլուխն էր կիսում: Մի ուրիշ հերոս, որի վրա երեք արջ են հարձակվել միանգամից, կոխ է բռնել նրանց հետ, մեկին սպանել, բարձրացել ծառը, ոտքի մի թաթը թողնելով արջի բերանում: Շատ տներում արջի մորթիներ կան, պատերից կախ, դռան ճակատին պախրայի գլուխն է մեխած, ճյուղավոր եղջյուրներով, գանգի խոռոչում՝ խոտ, աչքերի փոսում՝ գունավոր փալաս: Բաց բերանից չոր խոտի ծղոտներ են երևում, ասես պախրան գիշեր-ցերեկ խոտ է ուտում: Ով գիտե, գուցե վերջին մամուռն է մնացել ատամների արանքում, երբ Սաբուի որսորդը ծառի ետևից կայծքարով հրացանը կրակեց:

Կա մի հին աղանդ Սաբու գյուղում: Մթնած այդ աշխարհում հին առասպելների հետ հավասար մինչև այժմ էլ մնացել է այդ աղանդը: Եվ ինչպես անտառի արջը մնացել է նույնքան վայրի, ինչպես դարեր առաջ, այնպես էլ հնօրյա հավատքը Սաբու գյուղում մնացել է անաղարտ, որպես անտառի կուսական թավուտ:

Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի արևորդիների մասին, որոնք Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա էին տեղավորված: Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք: Բարձր չինարներ կային արևորդիների աշխարհում, ամեն առավոտ արևածագին չինարների տակ արևին ծունր էին դնում: Գուցե Իրանի կրակապաշտ օրերի հետքն էր, որ կայծի պես թռել էր Արաքսի մյուս ափը, դարձել ուրույն մի հերձված:

Այդ աշխարհում է Սաբուն: Ով գիտե՝ հին դարերի ծալքերի տակ ի՜նչ թելեր կան ծածկված, որոնք տանում, հասցնում են մինչև արևորդիների չինարները: Սաբու գյուղում էլ կան բարձր չինարներ, սակայն արևին ծունր չեն դնում, գուցե նրա համար, որ արևոտ օրեր քիչ են լինում խավարաձոր անտառներում: Հիմա էլ չինարները սուրբ են, գունավոր փալասներ են կապում չար աչքի դեմ, ցավից զերծ մնալու:

Սաբու գյուղում թուրքեր են ապրում: Եվ որովհետև աղանդավոր են, հնում միշտ էլ հալածել են նրանց, ծաղր ու ծանակի ենթարկել: Սաբուն քաշվել է իր պատյանի մեջ և պինդ փակչել հին հավատքին: Տարիներ շարունակ ուրիշ նոր խոսք չեն ասել գյուղում, թավուտները մնացել են սաղարթախիտ, արևի շողը չի թափանցել խորքի ստվերուտը, փտել են ընկած գերանները, հողի հետ բորբոսնել է գերան ու տերև:

Սաբուն մազ չի խուզում. բեղ ու միրուք կտրելը համարում են մահացու մեղք: Դրա համար էլ մարդիկ երկար-մորուս են, մազոտ: Մազ է բսնում այտոսկրների վրա, ականջի խոռոչներում: Ճակատի մազերը կախվում են մինչև ունքերը. ճակատը չի երևում: Ծիծեռնակի թևի պես սև միրուքներ ունեն, բեղ ու միրուք խառնված իրար: Եվ ժպտալիս, երբ շրթունքները ետ են քաշվում, բացվում են սադափե ատամները, գույնը նույնքան վճիտ, ինչպես աղբյուրի ջուր:

Սաբուն մռայլ է, անտառն է նրանց վարժեցրել ունքերը կախ լինել, սրածայր կացնի կոթից պինդ բռնած ման գալ ծառերի տակ: Կացնով կարելի է ոչ միայն գերան կտրել, այլև արջի գանգը ջարդել, առասպել Գեուշի պես:

Խուսափում են ուրիշ գյուղից աղջիկ ուզել: Շատ հազվագյուտ դեպքում են ուրիշները համաձայնվում աղջիկ տալ Սաբուին, որովհետև աղանդը գաղտնի ծեսեր ունի, որոնց մասին հարևան գյուղերը հազար ու մի պատմություն են պատմում: Եվ քանի որ ծեսը կատարում են այն ժամանակ, երբ գյուղում օտար մարդ չկա, դրա համար էլ ճշգրիտ ինչ շատ քչերը գիտեն, թեկուզ ոմանք պնդում են, որ իրենք այդ ծեսերին ականատես են եղել:

Սկզբում Սաբու գյուղում ընդունված սովորույթ է եղել, որ մի կին մի քանի մարդու հետ ապրի, բայց Իրանից եկել է աղանդի մեծը և հայտարարել, որ մարգարեն այլևս նման ծես չի ընդունում: Այդ վաղուց է եղել, թեկուզ հիմա էլ շատերը ասում են, որ Սաբու գյուղում մոխրի տակ թաղված կրակի պես այդ ծեսը մխում է:

Կա մի գիշեր, երբ ոչ լուսնյակ է երևում երկնքում, ոչ աստղեր: Ամպ է իջնում անտառների վրա, ձորակներով սողում մինչև գյուղը, ծխի պես փաթաթում տուն ու մարագ: Այդ գիշեր ամպի հետ գազաններն էլ անցնում են գյուղի փողոցներով: Արջը թաթն է կոխում թրիքով ծեփած քթոցի մեջ, մեղրը լիզում, գայլը գառան դմակն է հոշոտում և ծծում տաք արյուն: Շներն իզուր են կաղկանձում և թաքնվում դեզերի գլխին:

Այդ գիշեր Սաբու գյուղի երեխաները գլուխները կոխում են բարձի տակ, ոմանք լաց են լինում: Եթե լույս լիներ, Սաբու գյուղի աղջիկներին ու կանանց կարելի էր տեսնել աղոթատան կտուրի վրա, իրար մոտ կանգնած, որպես գայլից խրտնած հոտ:

Ներսում խավարի մեջ մի քանի հոգի մեռելի վրա լացող կանանց պես աղիողորմ հեծկլտում են, արաբերեն բառեր ասում, աղոթքներ կարդում: Ամեն մի երգից հետո մութի մեջ ձգվում են հարյուրավոր մազոտ ձեռքեր դեպի երդիկը, վերից մի կին շոր է ձգում ներքև՝ հագի շորից, գլխի շալը, գունավոր գոտին: Աշխատում են շորը բռնել, և ում բաժին ընկավ շալն ու գոտին, աղոթքից հետո մինչև լուսաբաց շալի տերը իրն է: Գիշերով անտառ են գնում, լուսնյակ չկա, ոչ էլ աստղալույս:

Ամպը բամբակի վերմակ է հնօրյա աղանդի համար…

2

Կար ժամանակ, երբ Արաքսի ափին կազակ սպան էր պահակապետ: Եվ երբ գետի մյուս ափին երևում էր ոտից մինչև գլուխ կանաչ հագած սեյիդը, այս ափին Սաբու գյուղի չքավորներն առաջուց տեսած էին լինում պահակապետին:

Սեյիդն անցնում էր սահմանը, նրա մետաքս զգեստի փեշերին Արաքսը պղտոր կաթիլներ էր ցողում, երբ ձին ոտները թիակներ շինած ճեղքում էր գետը: Կազակը քթի տակ ժպտալով նայում էր այդ տեսարանին: Հենց այդ նույն գիշեր Սաբու գյուղի տված փողը նա պիտի վերածեր օղու բազմաթիվ շիշերի:

Երբ Արաքսը ջուր էր ցայտում մարգարեի ժառանգի փեշերին, իսկ ձիավորները արաբերեն աղոթք էին կարդում, Սաբու գյուղում մանկամարդ մի աղջիկ տորքի առաջ գորգ էր գործում: Բարակ ծամեր ուներ աղջիկը, ծամերի ծայրից զանգուլակներ կար կախ:

Աղջիկը գլուխը աջ ու ձախ էր դարձնում, դեղնած մատներով բռնում գունավոր թելերից և ճարպիկ շարժումով թելը թելին հագցնում, հանգույցներ անում կտրած թելերը, ապա երկար սանրով կոփում հանգույցներին: Ասես սարդն էր ոստայն հյուսում տորքի վրա:

Դարսվում էին իրար վրա հանգույցները, նախշեր էր ստացվում, տերևներ, նռան ճյուղեր, տերևի կողքին երկու թև, որ աղջկան երգող թռչուն էր թվում: Ամեն անգամ, երբ սանրով զարկում էր հյուսածին, շարժվում էին գույնզգույն կծիկները, զրնգում էին ծամերի ծայրից կախ արած զանգուլակները:

Թվում էր, թե տորքի վրա սպիտակ քաթան է փռած, նիհար մի աղջիկ իր գլխից նախշեր է հորինում, մատներով նկարում: Եվ ամեն նախշ աղջկա մի միտքն էր, թաքուն պահած միտքը, որի մասին Սաբու գյուղում ոչ ոք չպիտի իմանար:

Երբ ձիավորներն անցան փողոցով, շները հաչեցին կանաչ աբայի վրա: Աղջիկը գլուխը թեքեց, սեյիդը տեսավ խալին էլ, տորքի առաջ նստած աղջկան էլ: Նրան թվաց, թե աղջիկն էլ գունավոր մի նախշ է խալու վրա:

Այդ տարին էլ եղավ մթին գիշեր, Սաբուն թաղվեց անտառի մեջ: Եվ երբ մութ սենյակում աղոթքի առաջին երգը դադարեց, կանաչ աբայի երկու թևը ձգվեցին վեր, դեպի երդիկ: Կանայք հրում էին ջահել մի աղջկա, մութի մեջ մի քանի ձեռքեր մաշկեցին աղջկա կարճլիկ դեյրան, թեթև փետուրի պես դեյրան ընկավ կանաչ ձեռքերի վրա: Ծամերի զանգուլակներն իզուր զրնգացին: Այդ գիշեր էլ գայլը գառան տաք արյուն խմեց: Եվ երբ անտառում աղջիկը ճչաց, բնի մեջ քնած մի միրհավ զարթնեց, տեղը փոխեց: Ծիծեռնակի թևի պես սև միրուքավոր մարդիկ բռնում էին մեկը՝ գլխի շալ, մյուսը՝ ծոպավոր գոտի:

Առավոտյան սեյիդը նոր պատգամներ կարդաց: Նրա ամեն մի խոսքը անգիր օրենքի պես էր Սաբուի համար, և բարձր պատիվ՝ մետաքս փեշերը համբուրել: Եվ այն, ինչ հայտնեց նա աղջկա ծնողներին, նույնպես մարգարեի պատգամ համարվեց:

Հարկավոր էր խալին ավարտել, որովհետև խալին պիտի կախվեր սեյիդի տան պատից, աղջիկը պիտի պառկեր խալու մոտ: Խալու թերի մնացած կտորի նախշերը խառնիխուռն դուրս եկան: Գույները տեղ-տեղ վառ էին, ասես հրդեհվում էին գույները, տեղ-տեղ ավերված, գորշ: Աղջկա մատները դողում էին, երբ գունավոր կծիկներից էր բռնում:

Անտառում գիշերով հրեշ դուրս եկավ, բրդոտ մի արջ տրորեց աղջկան, սիրտը վախից թպրտաց, որսկան շան բերանն ընկած լորի պես, հետո հանգավ: Եվ հոր տնից որպես հիշողություն աղջկա հետ պիտի մնար գունավոր խալին:

Շները մի անգամ էլ հաչեցին, երբ նույն ձիերը գլուխները դեպի հարավ թեքեցին: Ձիու վրա փռված էր խալին, վրան՝ աղջիկը: Տեսավ պարապ մնացած տորքը, մորը, խալու նախշերի վրա արցունքներ թափվեցին:

Արաքսը հիմա կաթիլներ չի ցայտում կանաչ աբայի փեշերին: Անտառների մեջ Սաբուն դեռ մնում է: Սև միրուքավոր մարդիկ գերաններ են կացնահատ անում և արջի հետ հավասար վայրի տանձ ժողովում:

Մյուս ափին Իրանի լերկ ապառաժներն են, արևից խանձված տափարակներ: Գյուղերը կանաչ օազների պես են երևում, ժայռերից կախված պարտեզներ, բարակ առուներ են հոսում պարտեզների միջով և ավազ խառնում Արաքսի պղտոր ջրին:

Վերին գյուղում մի պառավ կին առվի ջրում մաշված խալի ու կարպետ լվանալիս, ձեռքը ճակատին դրած, նայում է հեռուն, ուր անտառների մեջ պահված է հայրենի Սաբուն:

Խունացած գորգի նախշերը առվի ջրում հանկարծ պայծառանում են, և պառավին այնպես է թվում, թե ծամերի ծայրին զանգուլակներ են կախ:

Türler ve etiketler
Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
340 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468212
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip