Kitabı oku: «Չար ոգին»

Yazı tipi:

I

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:

Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուչ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:

Մի խումբ երեխաներ, մի կիսավեր տան փլատակների վրա ցրված, վազվզում էին այս ու այն կողմ, ծիծաղում, աղաղակում, կենդանություն տալով կիսավեր քաղաքի ամայի փողոցին: Նրանց մեջ կար և մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերուհիները կոչում էին «Սիրուն» Սոնա: Ոտաբաց, գլխաբաց, մի ձեռին բռնած մի կտոր հաց, մյուս ձեռով ճակատի վրա սփռված ոսկեգույն մազերը ուղղելով, կանգնած էր մի հողաբլրի վրա և աղաղակում էր.

– Եկե՛ ք: եկե ՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք:

Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես: Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր, Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել: Արդարև, նա սիրուն էր: Արեգակը այրել և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր: Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»:

– Եկե՛ք, եկե ք, թե կարող եք, ինձ բռնեցեք…

Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու: Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան: Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա: Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում: Նա ուղղակի թավալվեց ինչպես գնդակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից:

Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու: Նա մի տարօրինակ շարժում գործեց: Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին: Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին: Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ: Բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես: Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափերը և սեղմվել մյուս մատների տակ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման: Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վերջապես, բոլորովին կարմրեց: Շնչառությունը մի քանի վայրկյան ընդհատվեց, ապա վերադարձավ: Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ: Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետև – ամբողջ մարմինը: Այժմ նա շնչում էր արագ-արագ, ուժգին և, կարծես, հառաչելով:

Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկերներին: Տասը քայլ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն: Բոլորի դեմքերի վրա նկարված էր և՛ երկյուղ, և՛ հետաքրքրություն: Ի՞նչ պատահեց սիրուն Սոնային: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչու այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում: Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան: Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել: Նա ինքն ընկավ, այս տեսան բոլորը:

«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու: Տանը ոչ ոք չկար: Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու: Նա շրջիկ հացթուխ էր: Ա ՛խ, եթե իմանար, ի նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛ նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես:

– Գիժ-Դանելը, գիժ-Դանելը, – գոչեցին մանուկները միաբերան և մի վայրկյանում ցրվեցին այս ու այն կողմ:

Փողոցի ծայրից գալիս է մի մարդ, հաստ ու երկայն գավազանը կրծքի վրա սազի պես բռնած, բարձր ձայնով թուրքերեն երգելով: Նա ոտաբոբիկ էր և գլխաբաց: Նրա սևացած և բրդբրդոտ կուրծքր բոլորովին մերկ էր, ալեխառն միրուքն ու մազերը կեղտոտ և փշերի պես ցցված: Նրա հագուստը բաղկացած էր հաստ կտավից կարած մի շապկից և կարճ անդրավարտիկից, որ ծածկված էին թանձր կեղտով: Ո՞ վ չէր ճանաչում գիժ-Դանելին և չէր տեսել նրան: Օրը մինչև երեկո նա պտտում էր կիսավեր քաղաքի փողոցներում, մերթ ողբալով փլատակները, մերթ վազվզելով և երբեմն չորքոտանի ման գալով, որ ավելի վախեցնի վախկոտ մանուկներին և ծիծաղեցնի անվեհերներին:

Նա մոտեցավ Սոնային, բղավեց նրա վրա: Աղջիկը չվերկացավ, չշարժվեց: Դանելը զարմացավ, այն ո՞ր հանդուգն երեխան է, որ գիժ-Դանելից չի սարսափում: Եվ նայեց աղջկա երեսին: Այժմ Սոնայի ձեռներն ու ոտները չէին կծկվում, միայն նա շատ գունատ էր և զարմացած աչքերով մտիկ էր անում Դանելի երեսին: Նրա բերնի փրփուրը, խառնվելով գետնի փոշիի հետ, ցեխոտել էր երեսն ու մազերի մի մասը: Նա հանդարտիկ բարձրացրեց ծանրացած գլուխը և նստեց:

– Քեզ խփե՞լ են, – հարցրեց գիժ-Դանելը:

Սոնան լուռ նայում էր նրա երեսին: Նա իր մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն: Ոչինչ չգիտեր այն հանկարծահաս հարվածի մասին, որ նրան թավալեց գետնին:

– Գլուխս ցավում է, – արտասանեց նա նվաղած ձայնով:

Գիժ-Դանելը խեթ-խեթ նայեց նրա երեսին, և հանկարծ սովորական բարկությունը փոխվեց մի անսովոր մեղմության:

– Մանիշա՛ կս, Մանիշա՛ կս, – գոչեց նա, – լավ միտս է, նա էլ չէր խոսում, չվերկացավ: Դու վերկաց, ես քեզ կօգնեմ:

Նա բռնեց Սոնայի բազուկներից և ոտքի կանգնեցրեց, հետաքրքրությամբ նայելով նրա աչքերին, հասակին, մազերին: Հետո նայելով իր չորս կողմը, այնպես որ, կարծես, վախենում էր տեսնեն, համբուրեց Սոնայի ճակատը, գրկեց նրան և բարձրացրեց:

– Է՛յ, լակոտներ, եկե՛ք, ցույց տվեք Մանիշակիս տունը, ես ասլան Դանելն եմ, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Ուրիշ ժամանակ Դանելի այս սովորական սպառնալիքը կստիպեր փոքրիկներին անհետանալ: Այս անգամ, տեսնելով, որ նա հայրական խնամքով գրկեց ընկերուհուն, սիրտ առան, և առաջ գալով, ցույց տվին Սոնայի բնակարանը:

Փողոցի միջին մասում, երկու փոքրիկ տների մեջտեղ, երևում էր տասը քայլ երկայնությամբ մի պատ, որ կազմված էր միմյանց վրա առանց շաղախի դարսած քարերից: Երկու հնամաշ տախտակներ, իրարու հետ բևեռված, ծառայում էին դռան փոխարեն:

Գիժ-Դանելը, Սոնային գրկած, մտավ մի կեղտոտ բակ, որի խորքում գտնվում էր Սոնայի բնակարանը, գյուղական խրճիթի պես մի բան: Նա զգուշաբար բեռը դրեց խրճիթի դռների առջև և, դառնալով մանուկներին, հարցրեց.

– Այս երեխան մայր ունի՞: – Մայր էլ ունի, հայր էլ:

– Հաա՞: Մանիշակս մայր չուներ, մազերը այսպես էին, ճակատն էլ աչքերն էլ: Է ՛յ, լակոտներ, այստեղից չհեռանաք մինչև նրա մոր գալը, իմացա՞ք, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Նա չոքած էր Սոնայի առջև. հենվեց գավազանի վրա, որ բարձրանա: Այդ միջոցին խրճիթին մոտեցավ մի կին տեղական հագուստով, կռնատակին բռնած երկու թաժա հաց: Հակառակ քաղաքի սովորության, այդ կնոջ երեսը բաց էր, չնայելով երիտասարդ հասակին: Տեսնելով խրճիթի առջև խմբված մանուկներին, նա թույլ ձայնով արտասանեց.

– Էլի քամբախտը…

Բայց երբ նկատեց Սոնային, ձեռքերը թուլացան, հացերը կռնատակից վայր ընկան: Նա հարձակվեց իր աղջկա վրա, գոչելով.

– Էրեխա՛ ս, Էրեխա՛ ս…

Քրտինքը անձրևի պես թափվում էր երեսից: Այտերը այնչափ կարմրած էին, որ այրված աղյուսի էին նմանվում: Աչքերը լի էին արյունով, պարանոցը փքված, կոկորդի երակներն ուռած և կապտած: Այդ օրը հացթուխ Շուշանը մի քանի հարյուր անգամ գլխիվայր թեքվել էր վառ թոնրի մեջ: Կրակը կիզել էր նրա այտերը և արյունը խփել գլխին:

– Դրսումը ընկած էր, ասլան Դանելը բերեր այստեղ, – ասաց խենթը:

– Դրսո՞ւմ, ընկա՞ծ, – կրկնեց հացթուխը, – ինչո՞՛ւ էր ընկել:

– Բերանից փրփուր էր գալիս, կարմրել էր քեզ պես, ոտները տափին էր խփում…

Հացթուխը ընդհատեց խենթի խոսքը մի ճիչով: Նայեց Սոնայի ապուշ աչքերին և, կարծես, մի մոռացված բան մտաբերեց: Զեռները բարձրացնելով, խփեց իր գլխին և բացականչեց.

– Վա՛ յ նրա մորը…

Մի քանիսը Սոնայի խաղընկերներից, միմյանց խոսքը կտրելով, պատմեցին պատահած անցքի մանրամասները: Քանի նրանք պատմում էին, այնքան հացթուխի դեմքը փոխվում էր: Նա շարունակ գլխով հավանական շարժումներ էր անում ամեն մի խոսք լսելիս: Երբ բոլորը ուշադրությամբ լսեց, դարձյալ խորը-խորը նայեց Սոնայի երեսին և այժմ նրա կասկածը բոլորովին փարատվեց: Վերջին տարվա ընթացքում այդ երրորդ դեպքն էր, որ պատահում էր Սոնային: Առաջին և երկրորդ անգամ Սոնան տանն էր: Բացի ծնողներից ոչ ոք չտեսավ նրա դժբախտությունը: Իսկ այժմ փողոցո ՞ւմ, խաղընկերների մո՞ տ…

– Գնացեք, – գոչեց Հացթուխը, դառն սրտմտությամբ դառնալով մանուկներին ու աղջիկներին, – ի՞նչ բան ունեք մեզ հետ, մենք անբախտ ենք: Դանել ապեր, գնա՛, ոչ ոքի չասես, եթե հոգի ունիս: Երեխա է, ընկավ, ի՞նչ անենք, ուրիշներն էլ ընկնում են… Ի՛նչ փրփուր, ի՛նչ կապտել, կարմրել, սուտ է…

Վշտացած կնոջ դառը խոսքերը Դանելին խորհրդավոր թվացին: Նրան խնդրում էին լռել, և նա զգաց, որ այս խնդիրը մի լուրջ իմաստ ունի: Նա ձեռով ծածկեց բերանը, մեջքից թեքվեց և, դառնալով երեխաներին, շշնջեց.

– Սուսս, ոչ ոքի… պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Հետո, գավազանը շարժելով, փախցրեց բոլորին և ինքն էլ նրանց հետևից դուրս գնաց, թուրքերեն երգելով,

«Չար որսորդի նետը մտավ Իմ ձագուկի սրտի մեջ…»

Հացթուխը գրկեց Սոնային, տարավ խրճիթի ներսը, հանեց սենյակի միջին պատի մեծ խորշից անկողին և սփռեց հատակի վրա: Պառկեցրեց այնտեղ հիվանդին և ինքն էլ նստեց նրա մոտ, իր խանդակաթ հայացքը հառելով նրա երեսին: Սոնան լուռ էր և տակավին ապշած նայում էր այս ու այն կողմ: Մոր հարցերին անորոշ պատասխաններ էր տալիս: Գանգատվում էր միայն, թե գլուխը ցավում է, հոգնած է, մարմնի վրա զգում է ինչ-որ ծանրություն:

Մի քանի րոպե անցած ներս. մտավ հացթուխի ամուսինը – պայտառ Ոսկանը և, կանգնելով աղջկա գլխի կողմում, հարցրեց.

– Ի՞ նչ է պատահել:

Մոտ քառասուն տարեկան մի մարդ էր Ոսկանը, միջահասակ և տգեղ: Նրա ձեռները, երեսը, պարանոցը ածուխի մրով սևացած էին: Սրա սրածայր քիթը ծածկված էր փոքրիկ արյունագույն բշտիկներով: Իսկ ականջների տակ, ծնոտի վրա երևում էին երկու կապտագույն բծեր, որ փոքրիկ աչքերի ու թավ ունքերի հետ միասին հրող ազդեցություն էր անում մարդու վրա:

Հացթուխը չնայեց նրա կողմը: Միայն աչքերը բարձրացրեց դեպի վեր և ձեռները տարածեց օդի մեջ: Նա երկնքից համբերություն էր աղերսում: Ոսկանը իր թերմաշ չուխայի տակից ձգեց հատակի վրա գույնզգույն թաշկինակի մեջ փաթաթած մի կտոր միս, ասելով.

– Վեր կաց, խորովիր, քաղցած եմ…

Տասնումեկ տարի էր հլու կինը չարչարվում էր այդ մարդու ձեռքին, ինչպես վաճառված ստրուկ: Միայն Ոսկանի գռեհիկ բնավորությունը չէր հացթուխին տանջողը: Հաճախ նա տուն էր գալիս հարբած: Այդ ժամանակ կնիկը նայում էր նրա փոքրիկ և դեղնագույն աչքերին: Վա՜յ նրան, եթե սխալ էր հասկացել այդ աչքերի իմաստը: Առանց այլևայլի իր մեջքի վրա պիտի ընդուներ կոպիտ պայտառի բռունցքի հարվածները:

Ծույլ ու պղերգ մարդը, կարծես, կնոջ վիշտը ավելի կատարյալ անելու համար մի սովորություն ևս ուներ: Օրվա մեծ մասը հորանջելով պտտում էր ուրիշների խանութները, պատահած տեղը ընդունելով սրանից նրանից մի բաժակ օղի: Այդ էլ բավական չէր: Նա բոլոր մեռելներին ուղեկցում էր մինչև գերեզմանատուն, երբ «մեռելահաց» ուտելու հույս ուներ: Ամենից ավելի հացթուխին վիրավորում էր այս ձրիակերությունը: Չքավորի վիճակը այդ կնոջ սրտում չէր ոչնչացրել, ընդհակառակը, հիվանդության աստիճանին էր հասցրել պատվի զգացումը: Օրը մինչև երեկո քրտինքը երեսին կրում էր տաժանակիր աշխատանք իր ընտանիքի օրվա պարենը վաստակելու համար:

– Տեսնում ես ինչ օրի ընկավ երեխաս, – գոչեց հացթուխը, առաջին անգամ համարձակվելով իր կսկիծը բարկացկոտ ձայնով արտահայտել: – Կատարվեց չար երազս: Հայրդ նստած էր մի սև ձիու վրա, երեխայիս էլ դրել էր քամակին… գնում էին, գնում, չգիտեմ որտեղ… Ինչո՞ւ, նրա գերեզմանը տակն ու վրա լինի, ինչո՛ւ երեխայիս հետը տարավ.. Ընկնավո՞ր, տեր-աստված, ո՞ր մեղքիս համար…

Այս գանգատը արտասանեց մի այնպիսի ազդու կսկծալի եղանակով, որ Սոնան դարձրեց դեպի նա թախծալի աչքերը և սկսեց հանդարտիկ լաց լինել: Արտասուքի խոշոր կաթիլները գլորվում Էին նրա գունատ այտերի վրայով և թրջում մոր կուրծքը: Կարծես, հացթուխի հուսակտուր խոսքերի մեջ զգաց և հասկացավ, թե ինչ պատուհաս էր եկել իր գլխին:

Ոսկանը սևացած մատներով երկաթյա ունելիքի պես ճանկեց` կոշտ ավելի նման միրուքը: Կնոջ խոսքերն ու աղջկա արցունքները ազդեցին նրա վրա: Նա արդեն հասկացել էր, ինչ չարաբաստիկ դեպք է տեղի ունեցել: Նա միայն հարցրեց.

– Էլի ո՞րտեղ ընկավ…

– Փո ղոցում, ընկերների առաջ…

Տիրեց մի ճնշող լռություն: Մայրը գրկել էր աղջկա գլուխը, աչքերը հառել առաստաղին և մտքում աղոթում էր: Սոնան դեռ լալիս էր, ձեռները փաթաթած մոր պարանոցին: Ոսկանը անցուդարձ էր անում յոթ-ութ քայլ երկայնություն ունեցող սենյակում: Նա կանգ առավ, մատները հանեց միրուքի միջից, թեքվեց, գրկեց Սոնային և համբուրեց նրա ճակատը:

Դա առաջին հայրական համբույրն էր այն օրից, երբ Սոնան կարող էր զգալ ծնողների համբույրը: Նա բռնեց հոր կոշտ ձեռը և սեղմեց շրթունքներին…

II

Այդ օրից «Սիրուն Սոնային» ընկերուհիները այլևս չէին տեսնում փողոցում: Մայրը փակեց նրան տանը այն հասակում, երբ դեռ մի-երկու տարի մնում էր ազատ վազվզել դրացի աղջիկների հետ:

Կարող էր Սոնայի թշվառության լուրը տարածվել քաղաքում, այն ժամանակ նրա ապագան փչացած էր: Ո՛վ կհամաձայնվեր նրան կին առնել: Այսպես էր մտածում հացթուխը: Նա չէր հոգում, թե դիցուք Սոնայի ցավը հաջողվեց թաքցնելու մինչև նրա ամուսնանալը, հետո մի ՞թե մի օր իրականությունը չպիտի հայտնվեր: Նա հույս ուներ աստծու գթության վրա և չէր ուզում հավատալ, որ իր զավակր բռնված է անբուժելի ախտով:

Դեռ մի տարի չէր անցել չարաբախտ օրից, Սոնան արդեն երկու անգամ ուշաթափվել էր: Վերջին անգամ ընկավ ուղղակի հոր գիրկը: Այդ միջոցին Ոսկանը ծալապատիկ նստած էր հատակի վրա: Նա նոր էր վերադարձել մի հարուստ մեռելահացից: Համբարձում աղային էին թաղում, մի՞թե կարելի էր քաղաքի առաջին մարդու հոգու համար «արքայություն» չմաղթել, նրա ազգականներին էլ «աստծով մխիթարվեք» չասել:

Նա կարծեց, թե Սոնան անզգուշաբար սայթաքեց և ընկավ: Ձեռի մի շարժումով բարկացած շպրտեց նրան մի կողմ:

Հիվանդը ընկավ սենյակի մեջտեղն ու սկսեց խրխռալ: Այն ժամանակ միայն հարբած պայտառը զգաց նրա ցավը: Նա վերկացավ, դրեց աղջկան իր ծնկների վրա, նայեց նրա ամուր փակված աչքերին, որ ծռվել էին դեպի վեր և մտել ունքերի տակ: Նորից հիվանդին բաց թողեց դեպի հատակը և ինքը, երեսին խաչակնքելով, ետ ու ետ քաշվեց:

Օրը գարնանային էր: Բնությունը նոր նոր սկսել էր ծաղկել: Սենյակի օճորքի տակ բուն դրած ծիծեռնակները ճախր էին գործում սիրուն Սոնայի գլխի վրա, ծլվլալով և իրանց ձագուկների համար կերակուր որսալով: Արևի պայծառ ու դուրեկան լույսը տարածվել էր դեպի խրճիթի ներսը: Նրա մի շողը խազում էր հատակի վրա թավալված Սոնայի բաց ճակատին, որի շուրջը գանգուր ոսկեգույն մազերը կազմել էին մի սքանչելի պսակ: Դրսից լսվում էին վազվզող աղջիկների և մանուկների ուրախ ձայները: Պատի տակ նստած էր հարբած պայտառը և, նայելով իր աղջկան, քթի տակ ինչ-որ մրթմրթում էր:

Երբ հացթուխը ներս մտավ, Սոնան արդեն սթափվել էր: Սենյակը աղմկվեց Շուշանի կսկծալի աղաղակով: Նա վազեց և հարձակվեց աղջկա վրա, կամեցավ գրկել և համբույրներով հեկեկար: Բայց Սոնան այնքան թույլ էր, որ մոր գրկում չկարողացավ շունչ քաշել: Գլուխը դրեց հատակին, կամացուկ արտասանելով: Մայրը գրկում էր նրան և, կատաղի համբույրներով երեսը ծածկելով, թևից բռնած դուրս էր տանում ու ասում.

– Տե՛ս աստծու լույսը:

Երբեմն նա Սոնային թույլ էր տալիս բարձրանալ խրճիթի տափակ հողային կտուրի վրա, իսկ ինքը հսկում էր նրան արթուն աչքերով: Ամեն վայրկյան սպասում էր սարսափելի երևույթի կրկնվելուն: Սոնայի մի թեթև ճիչը, մի արագ շարժումը ցնցումն էր պատճառում նրան: Նայում էր հիվանդ աղջիկը այս կողմ այն կողմ, տեսնում էր միայն հարևան գավիթների թթենիները կամ կիսավեր տների պատերը: Շուտով ձանձրանում էր և խնդրում մորը ցած բերել իրան կտուրից:

Բայց ժամանակը հետզհետե ստիպեց Սոնային ընտելանալ իր վիճակին: Մոր համառ մերժումները բոլորովին կոտրեցին նրա հույսերը երբևէ տեսնել իր ընկերուհիներին: Նա սկսեց ինքն իր համար զվարճալիքներ որոնել տանը: Մայրը բերում էր նրա համար զանազան լաթերի կտորներ: Սոնան կավից խաղատիկիններ էր շինում, հագցնում էր նրանց այդ կտորներից կարած գույնզգույն շապիկներ, դնում էր նույնպես կավից շինած մի տեսակ պատվանդանի վրա և խաղում նրանց հետ: Յուրաքանչյուր խաղատիկին ուներ հատուկ անուն, որ Սոնան ընտրել էր իր ընկերուհիների անունների մեջ: Նա խոսում էր ամեն մեկի հետ համաձայն այս կամ այն ընկերուհու բնավորության:

– Մարգարիտ, թևս մի՛ կծիր. Մանան, շապիկդ կեղտոտեցիր. Ի’ֆ, տափը մտնես, Ջավահիր, տես Զառվարդը ի’նչ խելոք է…

Օրեցօր նա հասունանում էր: Ինչպես ջերմոցի քնքուշ ծաղիկ, չնայելով բնական շրջանից անջատված լինելուն, փակ մթնոլորտի մեջ աճում էր և հետզհետե ստանում բնությունից սահմանված բոլոր ձևերն ու գեղեցկությունը: Մայրական փաղաքշանքները և գգվանքներն էին կազմում նրա կյանքի ամենակենսատու հյութը: Ծծում էր այդ հյութը ամբողջ հոգով և նրա մանկական սիրտը լեցվում էր որդիական սիրո ու երախտագիտության զգացումներով: Այլևս չէր տխրում, այլևս չէր ձգտում դեպի փողոց: Ձանձրալի էին նրա համար այն ժամերը, երբ մայրը տանը չէր, որ խաղատիկինները բազմեցներ նրա առջև, ցույց տար յուրաքանչյուրի զգեստը, ուրախանար նրա հետ:

Կար և’ մի ուրիշ անձ, որ ուրախակից էր Սոնայի ուրախությանը և վշտակից նրա վշտին, ո՛վ գիտե, գուցե ոչ պակաս քան նրա մայրը:

Այն օրից, երբ տեղի ունեցավ տխուր անցքը, գիժ-Դանելը շաբաթը մի երկու անգամ մտնում էր հացթուխի գավիթը և հարցնում Սոնայի մասին: Մի զարմանալի հոգատարություն էր ցույց տալիս այդ փողոցային խենթը փոքրիկ աղջկա վերաբերմամբ: Կարծես, այն օրվա դեպքը պարտականություն էր դրել նրա վրա` հետաքրքրվել Սոնայի ճակատագրով, ինչպես մի փափկասիրտ արյունակից:

Սկզբում հացթուխը փորձեց թաքցնել նրանից իր աղջկա ցավը, մանավանդ, որ խենթը երբեք չէր հիշեցնում այդ մասին: Նա հավատացած էր, որ վաղուց Սոնայի ուշաթափվելը մոռացել են թե գիժ-Դանելը և թե աղջիկներն ու մանուկները: Բայց մի օր Սոնան ընկավ գավթի մեջ խենթի ներկայությամբ, և այդ օրից անկարելի էր գաղտնիքը նրանից թաքցնել:

Գիժ-Դանելը ծանոթ էր այդ տեսակ ցավերին, կյանքում ընկնավորներ տեսել էր:

– Սուրբ է, – ասաց, երեսին խաչակնքելով, – տեսնենք ինչ մարգարեություն է անում:

Նա չոքեց Սոնայի առջև, պատկառանքով ականջ դրեց, բայց հիվանդի խրխռոցից ոչինչ չհասկացավ:

– Դանել-ապեր, հիմա ամեն բան իմացար, – ասաց հացթուխը աղերսական ձայնով, – թող երկնքում աստված, երկրում միայն մենք իմանանք:

– Սո՛ւսս, Մանիշակս քնած է, – շշնջաց խենթը ձեռով ծածկելով իր բերանը:

Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան խորհրդավոր էր, որ հացթուխը կարիք չզգաց իր խնդիրը կրկնելու:

Այնուհետև խենթն ավելի հաճախ էր այցելում հացթուխի խրճիթը: Երբեմն գալիս էր պայտագործի հետ միասին: Թվում էր, Ոսկանը մի տեսակ համակրանք էր տածում դեպի այդ անկոչ բարեկամը: Գուցե պատճառն այն էր, որ երբ պայտագործը հարբած էր լինում, խենթն էր նրա թևի տակ մտնում ու տուն բերում: Կամ գուցե այն, որ նա էլ Ոսկանի պես սիրում էր մեռելներին ուղեկցել մինչև գերեզմանատուն: Բայց ուղեկցում էր ոչ թե քելեխ սիրելուց, այլ ուներ մի գաղտնիք, որ տակավին հայտնի չէր պայտագործին: Այսպես թե այնպես, նա Ոսկանի համար մի սքանչելի ընկեր էր: Նրանք միշտ միասին էին գնում գերեզմանատուն, միասին ծալապատիկ նստում բաց օդի տակ, կանաչազարդ գետնի վրա սփռած սեղանի շուրջը, միասին «արքայություն» մաղթում հանգուցյալին և շատ անգամ միևնույն ամանից ուտում: Խենթն ինքը շատ քիչ էր խմում, բայց եռանդով կատարում էր իր բարեկամի խնդիրը – միմյանց հետևից լցնում էր նրա բաժակը, կրկնելով.

– Որսկան աղբեր, ներսդ տաքացրո’ ւ:

Երբեմն հանկարծ թողնում էր սեղանը և, գերեզմանաքարերի միջով ոստոստալով, հեռանում էր: Թե ո՛ր էր գնում – հայտնի չէր: Կես ժամ անցած` վերադառնում էր, գլուխը կրծքին թեքած, քթի տակ երգելով ինչ-որ տխուր երգ:

Ամեն անգամ նա մեռելահացից բաժին էր բերում Սոնայի համար – մի քանի խաշած ձու կամ մի կտոր միս, իսկ մեծ մասամբ բարակ լավաշի մեջ փաթաթած «հալվա», որ ալյուրից, յուղից և մեղրից պատրաստած մի տեսակ տեղական քաղցրավենի էր: Հացթուխը հոգով դեմ էր այդ բաժիններին, բայց ներում էր խենթին: Նա երախտապարտ էր համարում իրան այդ մարդու առջև և չէր ուզում ոչ մի բանով նրա սրտին դիպչել: Շատ անգամ հրավիրում էր խենթին ճաշի, նստեցնում էր իր ամուսնու մոտ և երկուսին էլ հավասար խոնարհությամբ ծառայում:

Իսկ Սոնան օրիցօր ընտելանում էր գիժ-Դանելին: Չկար այլևս առաջվա երկյուղը այդ մարդուց: Այժմ ծիծաղում էր իր նախկին ընկերուհիների վրա, որ այնպես փախչում էին Դանելից: Օ’օ, նա բոլորովին գիժ չէ, բարի է, խաղաղ, անվնաս: Բայց ինչո՞ ւ համար է այնքան ցավակցում Սոնային: Այս հարցը երբեմն Սոնային ձգում էր մտատանջության մեջ: Առհասարակ նա հետզհետե դառնում էր մտախոհ, մելամաղձոտ: Թվում էր, որ նրա փոքրիկ գլուխը անգործ չէ, և շատ մտքեր են նրան զբաղեցնում: Ամենից պարզ զգում էր մի բան, այն` թե կա մի ցավ, որ թունավորում է իր մոր կյանքը: Ի՞նչ է այդ ցավը: Հոր արբեցությունը, կոպիտ վարմունքը: Եթե այդ է, ինչու առաջ նրա մայրը այնպես տխուր չէր, ինչպես այժմ: Նա չէր զգում միայն իր սեփական ցավը, չգիտեր, որ ինքն է մոր թշվառության առաջին պատճառը: Այդ նրան ոչ ոք չէր ասում: Մի անգամ, անգութ հարվածից հետո ուշքի գալով, տեսավ իր մորը հեկեկալիս ու հարցրեց,

– Մա՛ յրիկ ես հիվա ՞նդ եմ:

– Չէ՛, որդի…

– Գլուխս էլի ցավում է. քնա՞ծ էի:

– Հա՛, որդի…

– Բաս ինչո՞ ւ ես լաց լինում:

Հացթուխի լեզուն պապանձվեց, չկարողացավ պատասխանել: Նա միայն գրկեց Սոնայի գլուխը և համբուրեց նրա շքեղ մազերը, սպիտակ ճակատը, գունատ այտերը: Ժամանակը թշվառ մորը հաշտեցնում էր իր վշտի հետ: Նա տանջվում էր, բայց ոչ առաջվա չափ: Նա բողոքում էր իր ճակատագրի դեմ, բայց և՛ օրհնում էր նախախնամության կամքը:

«Ասում են, երբ աստված մեկին շատ է սիրում, նրան շատ է տանջում, – մխիթարում էր ինքն իրան հուսահատ րոպեներին, – ո՛վ գիտի, կարելի է աստված ինձ շատ է սիրում»:

Նա ձգտում էր իր թշվառության համար արդարացուցիչ պատճառներ գտնել: Շատ խիստ էր ճակատագրի վճիռը, և չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե այդ վճիռը կայացնողը կարող է, առանց մի մեծ պատճառի, լինել այդքան անիրավ, այդքան անողոք: «Աստված արդար է և ողորմած», հնչում էին նրա ականջին այս խոսքերը, որ ամեն օր լսում էր եկեղեցում: Մի՞ թե քահանան կարող է սուտ ասել, մի՞ թե եկեղեցին կարող է խաբել:

– Մեղա քեզ, մեղա քեզ, – կրկնում էր հացթուխը ամեն անգամ, երբ սրտում զգում էր կասկածի նշույլ, և այդ նշույլը նույն վայրկյանին անհետանում էր, տեղի տալով խորին հավատի զգացման:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
100 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467000
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: