Kitabı oku: «Երկեր եւ վիպակներ», sayfa 10
ՈՐԴԵՍԵՐ ՀԱՅՐԸ
Աբդուլ-Հյուսեյնը մի կարճահասակ մարդ էր, որը վաթսունին մոտ տարիք ուներ: Թեև ալևորված չէր, կուզը դուրս չէր ցցված, դեմքը կնճիռներով չէր այլանդակված, բայց տարիքը նրան հաղթել էր, նա երիտասարդության թարմության հետ ուժն էլ կորցրել էր: Թեև մազն ու մորուսն սպիտակել էին, բայց նա այնպիսի հմտությամբ սև էր ներկում, որ ոչ ոք չէր կարող նկատել, թե նրա մազերը գունավորված էին: Սև ունքերի տակ այնպիսի խոշոր աչքեր ուներ, այնպիսի ճոխ ընչացք, որ կարող էր հրապուրել ամեն մի դեռահաս աղջկա:
Հարուստ էր Աբդուլ-Հյուսեյնը, լավ կալվածներ, առատ եկամուտ, բավականին էլ կանխիկ դրամագլուխ ուներ, բայց զավակները չէին թողնում, որ խեղճ մարդը հաճույքով կյանք վարե: Ամեն գույքի բացարձակ տերն ինքն էր, իր ողջության ժամանակ որդիները կամ որևէ ուրիշը իրավունք չունեին առանց նրա թույլտվության այդ գույքից օգտվելու, բայց Աբդուլ-Հյուսեյնը իր չորս որդիներին կրթելու նպատակով իր գրասենյակի, դրամարկղի, ելումուտքի բոլոր բանալիներն ու մատյանները նրանց էր հանձնել և ինքն էլ չորս բոլորները պտտվում էր, որպեսզի նրանց գործերի կառավարելը սովորեցնի, ղեկավարության վարժեցնի, որ իր մահվանից հետո նրանք անվարժությունից չկործանվեն:
Թեև ամբողջ գույքը հանձնել էր չորս որդիներին, որքան էլ որ ամեն բան նրանց ձեռքովն էր կատարել տալիս, բայց նա վերահսկիչի պաշտոնը ձեռքից չէր բաց թողել: Ամեն օր գնում էր գրասենյակ, զննում էր մատյանները, կարդում և կնքում էր թղթակցությունները, խուզարկում էր դրամարկղը, վաճառատան ապրանքները և քննում ամեն մի պատահական նամակ ու մուրհակ: Այդ բոլորը անում էր միմիայն զավակներին ցույց տալու, թե ինչպես ինքը սիրում է գործը, որպեսզի նրանց մեջ ավելի արծարծե աշխատությունը սիրելու եռանդը:
Աբդուլ-Հյուսեյնը մետաքսի վալայի (քալակղիե) գործարան ուներ: Նա Ռաշտից բերել էր տալիս մետաքսը, Թավրիզում զանազան չափի քառակուսի գլխակապեր, ծածկոցներ, վերմակի երեսներ էր գործել տալիս: Ապա հանձնում էր ներկարարներին, որոնք ձեռնակար գույնզգույն ծաղիկներ էին բանում, ներկում ու պատրաստի ապրանքը վերադարձնում էին: Աբդուլ-Հյուսեյնի գործարանում մշտական քառասուն հոգի բանում էին, իսկ ներկարարներից էլ 8 – 10 մարդ նրա տված գործով ընտանիք էին պահում: Այս գործով Աբդուլ–Հյուսեյնը ոչ միայն իր ընտանիքն էր պահում, այլև հիսուն ընտանիքի ապրուստին հնարավորություն էր տալիս իր վաճառատնով: Աբդուլ-Հյուսեյնի ընտանիքն ու բանվորների ընտանիքը նահապետական սովորությամբ շաղկապված էին իրար հետ և ամենքի միակ ձգտումն այն էր, որ այնպիսի գեղեցիկ ապրանք դուրս բերեն, այնքան աժան նստեցնեն, որ մրցակիցներին հաղթեն և միշտ շուկային տիրեն:
Աբդուլ-Հյուսեյնը ամբողջ կանխիկ դրամագլուխը հատկացնում էր մետաքսի, երբ ապրանքի գինը կոտրվում էր: Նա միշտ իր պահեստում երկու տարվան գործին բավականացնող մետաքս էր ամբարում: Եթե մետաքսը անհաջող տարիներում թանկանում էր, Աբդուլ-Հյուսեյնի գործարանը ոչ միայն աշխատությունները չէր դադարեցնում, այլ անզգալի կերպով անգամ չէր բարձրացնում ապրանքի գինը, որպեսզի չկորցնե իր հին հաճախորդներին:
Աբդուլ-Հյուսեյնը թեև այնքան սիրում էր իր բանվորներին, սիրված ու հարգված էր նրանցից, բայց որպես հեռատես վաճառական և գործարանատեր, նա իր որդիներից մեծին սովորեցրել էր վալան նկարել և ներկել, երկրորդին՝ մետաքսը հինել ու գործել, երրորդին հարթել ու փոքրին նկարչություն էր սովորեցրել, որպեսզի նորանոր ծաղիկների դաջեր փորագրե և վալաների ծաղիկների ձևն ու տեսակը տարեցտարի փոփոխե ու կատարելության հասցնե:
Այսպես հիմնավորած գործով Աբդուլ-Հյուսեյնը այնպիսի բարեկեցիկ վիճակ էր ստեղծել, որ դրացիների նախանձի առարկա էր դարձել: Ամեն մի մրցակից իր տանը հորդոր խոսելիս օրինակ էր բերում Աբդուլ-Հյուսեյնին և նրա զավակներին, որոնք մի-մի անխոնջ ու անվեհեր զինվորի նման առաջ էին վարում իրենց հայրական վաճառատան գործերը:
Աբդուլ-Հյուսեյնը մի կին էր առել, որը նրան տվել էր չորս որդի և չորս էլ աղջիկ: Նա իր չորս աղջիկներին ամուսնացրել էր իր գործարանի աչքի ընկնող հմուտ վարպետներին, որպեսզի նրանց բոլորովին կապե իր գործի հետ: Զավակներին էլ ամուսնացրել էր բանվորների աղջիկների և քույրերի հետ: Պետք է ասած, որ Աբդուլ-Հյուսեյնի գործի մեջ աշխատող բանվոր, վարպետ, բոլորն էլ նուխեցի գաղթականներ էին, որոնք բոլորն էլ իրար հետ մերձավոր ազգականներ էին կամ Աբդուլ-Հյուսեյնի հայրական ու մայրական ցեղակիցներ կամ նրա կնոջ հարազատները:
Աբդուլ-Հյուսեյնի կինը մեռավ, երբ նա դեռ չէր անցկացրել իր վաթսուներորդ տարին: Ծերուկը այնքան սիրում էր զավակներին ու թոռներին, որ երկրորդ կին չորոնեց, չուզեց խորթ մայր բերել տուն, հարամ անել իր սերնդի կյանքը: Նա միայն մտածում էր զավակների ապագայի և իր վաճառատան շարունակության մասին: Չէր ցանկանում մի այնպիսի գործ բռնել, որ տան քայքայման պատճառ դառնա:
Նա աղջիկներին ամուսնացնելիս իր կարողությունից նրանց հասանելի բաժինը շերիաթի ցուցման համաձայն հանել, հատկացրել, տվել և ձեռքերից էլ թուղթ էր առել, որ ապագային եղբայրների գլխին փորձանք չդառնան և գործերի անհաջողության առիթ չլինեն: Որպես ճշմարիտ հավատացյալ, երկրպագու իսլամի վարդապետության, միշտ տքնել էր արդարություն պահպանել: Ամեն տարի օգուտի տասներորդը բաժանել էր աղքատներին և չէր զրկել որևէ մշակի, բանվորի նրանց հետ խոսված, որոշված վարձից:
Որպես աշխատավոր և կոպեկներից հարստության հասած, Աբդուլ-Հյուսեյնը չափավոր ապրող մարդ էր: Ինչպես միշտ, տքնել էր պարտքի վերջին փողը վճարել, այնպես էլ ջանացել էր պահանջի վերջին բեստին (1/3 կոպ.) գանձել պարտապաններից: Նա զրկանքով չէր ապրել և չէր պահել իր ընտանիքը, բայց չափավորության սահմանից էլ երբեք չէր անցել: Սովորական չափի միսը, հացը, միրգը, պանիրը և ուրիշ նյութերը տուն էր հասցրել այնպիսի քանակությամբ, որ հազիվ կշտացներ տան բոլոր անդամներին և ոչինչ չավելանար, չբաժանվեր կամ չցրվեին աղքատներին: Նա ամեն տարվա վերջը օգուտից միանվագ դուրս հանած պարտադիր տասնորդականից ավելի դուրս տալն էլ հանցանք էր համարում:
«Ալլահի շնորհը մարդը փչացնելու արտոնված չէ: Ինչպես տասներորդը չտալը հանցանք է, այդպես էլ տասներորդից ավելի տալն էլ շռայլություն է – հետևաբար մեղք է»:
Այս ժլատության պատճառով Աբդուլ-Հյուսեյնը հաճախ պարտավորված էր որդիների հետ կռվելու: Երբ վաճառատանը ճաշի էին նստում տանից ուղարկված կերակուրն ուտելու, որդիներից մեկը երկու կոպեկ ուղարկում էր խաղողի կամ նույնիսկ մի երրորդը չէր հավանում տանն եփված ճաշը, 5 – 10 կոպեկ ուղարկում էր խորոված կամ փլավ բերել էր տալիս: Ծերուկը զայրանում էր ու նկատում.
– Ձեզնից ստորներին նայեցեք, տեսեք, որ նրանք ցամաք սանգակ էլ չեն գտնում կշտանալու չափով, իսկ դուք ալլահի շնորհից դժգոհ, նորանոր ծախսեր եք անում:
Բայց այնքան էր խոսել ու մրթմրթացել Աբդուլ-Հյուսեյնը, որ խոսքի նշանակությունը կորցրել, հարգից ընկել էր: Այս պատճառով ոչ միայն հոր խոսքին էլ ուշք չէին դարձնում զավակները, այլ նրան ատում, շատ անգամ նույնիսկ կծու պատասխաններ էին տալիս, ծակում, թունավորում և վշտացնում էին դարաքաշ ծերուկին: Թեև ժլատ էր Աբդուլ-Հյուսեյնը և չէր կարող իր հաճույքի համար շռայլել, թեև խոսում, զայրանում էր որդիների վրա, որոնք ժամանակի հոսանքին հետևելով մի քիչ լայն էին ուզում ապրել, բայց նրանց զսպելու և սանձելու ուժ չուներ:
Նախ, որ Աբդուլ-Հյուսեյնը նկատում էր նույնպես, թե ինչ էր կատարվում շուրջը, ինչպես էին շռայլում խաների, սարաֆների, մոլլաների ջահելները, որոնց ընթացքը չէր կարող չվարակել ամբողջ քաղաքն ու գավառը: Նա նկատում էր, թե ինչ անդառնալի կերպով անհետացել էր չափավորության դարը: Այլևս ախունդների, մյուջթեհիդների քարոզողները չէին ներգործում ժամանակի երիտասարդության հոգու վրա, այլևս իմամների շռայլության, զեխության դեմ տված հանդիսները (պատգամ) կորցրել էին իրենց նշանակությունը: Մանավանդ որ մյուջթեհիդների կիներն ու հարճերն անգամ Եվրոպայից ստացած նրբին բեհեզ էին հագնում, բաճկոնների և շրջազգեստների շուրջը ոսկեթել երիզներով էին զարդարում, սամույրի մազերով էին պճնում իրենց տարազը, գոհարազարդ մաշիկներ էին հագնում և ասեղնագործ շապիկներով զուգվում:
Երբ օրենքի պաշտպան մյուջթեհիդների սեղանները ութսուն տեսակ կերակուրներով, համեմունքներով և քաղցրավենիքով էին զարդարվում, ինչպե՞ս կարող էր Աբդուլ-Հյուսեյնը արգելել, որ իր զավակները ճաշին ու ընթրիքին գոնե 8 – 10 տեսակ կերակուր պատրաստել չտան կամ շուկայի խոհարարից սրտի ուզած ուտելիքը բերել չտան: Կամ թե ինչպե՞ս ստիպեր նրանց, որ իրեն հետևին, ղադաք արխալուղ հագնին, գետնագործ շալից շալվար կարել տան և տեղական գործված բրդի աբա գցեն ուսերին Սաքսոնիայի ընտիր ասվի փոխարեն:
Նկատելով, որ զավակները ամեն տարի դրամագլուխը ավելացնելու փոխարեն հազիվհազ ծածկում են ծախսերը, Աբդուլ-Հյուսեյնը վրդովված ավելի շատ էր խոսում: Նա քառասուն տարվա ընթացքում տարեցտարի ավելացրել էր իր մյուջթեհիդին ուղարկած աղքատներին հատուկ տասնորդական բաժինը, իսկ վերջին տարիները աստիճանաբար պակասեցրել էին չափահաս որդիները այդ տուրքի քանակը շնորհիվ իրենց շռայլ ապրուստին: Ահա այս պատճառով նա հաճախ այնպես էր հուզվում, որ ամեն մի ծախսի մասին տեղի թե անտեղի նկատողություններ անելով, բոլորովին դիրքը կորցրել էր որդիների մոտ:
Իսկ նրա հույզերը ոչնչով չէին կրճատում ծախսերը:
Մի հանգամանք ևս խիստ արգելք էր լինում ծախսերի չափը նվազեցնելուն: Թեև Աբդուլ-Հյուսեյնը փող շատ էր սիրում, բայց ոսկին ուզում էր ամուր պահել ոչ թե իրեն, այլ դարձյալ զավակների համար չէր ցանկալ, որ զավակները կորցնեն իր դիզածը և նեղ օրն ընկնեն: Չքավորության դառնությունը 1850 թ. գաղթից հետո զգացել և անձամբ տարել էր Աբդուլ-Հյուսեյնը, ուստի չէր ցանկանում, որ իր զավակները այդ օրերը տեսնեն: Նա համոզված էր, որ որդիները այնքան քաջություն չունեին, որ կարողանային տանել տնանկի սոսկալի վիճակը, տոկային, կոպեկ-կոպեկ իրար վրա դնելով փող դիզեին և կարողանային նորից այնպիսի մի դիրք ստեղծել, ինչ որ ինքն առաջացրել էր պողպատային կամքով:
Ճանաչելով զավակների կրքերը, նկատելով իր դեմ աճած ատելությունը, նա սպանում էր իր սրտի խորքում հույզերը և ծայրահեղ միջոցների չէր դիմում նրանց առատաձեռն ծախսերը սանձելու: Իսկ որդիները օրեցօր լայնացնում էին իրենց ծախսերը Աբդուլ-Հյուսեյնի հակառակ և շռայլությամբ իրար գերազանցում: Իսկ հորը կծծի և ոսկեպաշտ էին անվանում՝ նախատելով և հայհոյելով:
Որդիների իր դեմ տածած ատելությունից զզված, նրանց զսպելու, նրանց համոզելու համար, թե ինքը ոսկեպաշտ չէ, այլ տքնում է նրանց բարիքի համար, Աբդուլ-Հյուսեյնը վճռեց հարստությունից ձեռք քաշել, ամբողջ գույքը նրանց թողնել և հեռանալ: Այս պատճառով ծերուկը բոլոր պարտքերը վճարեց, ամենքի հետ հաշիվները մաքրեց, կարողությունից հազար թուման վերցրեց «հաջ գնալու» բաժին և ախունդին տուն կանչելով, եղած-չեղած բոլոր գույքը փոխադրեց իր որդիների անվանը: Նա հուզված երեսը թեքեց ախունդի և ծերունի դրացիների կողմը ու արտասվալի աչքերով ասաց.
– Զավակներս, ես շատ ապրեցա, շատ գոհ եմ վիճակիցս: Ալլահը ինձ ոչինչ չխնայեց, տուն, տեղ, զավակներ, թոռներ, գործարան, վաճառատուն, ամեն տեսակ առատությամբ լցրեց: Հայտնի բան է, երբ էլ որ ժամանակս լցվի, ես էլ գնալու եմ դեպի հավիտենականություն: Բայց գնալուց առաջ պարտավոր եմ և վերջին պարտքս վճարել. Մեքքե հաջ-գնալ, ուխտս կատարել և պատրաստվել մեծ ճանապարհորդության: Ես մերկ ծնա, մերկ էլ պիտի երթամ. հետս ոչինչ չունիմ տանելու: Ինձ հայրս, մայրս, ազգականներս և ոչ մի դինարի (1/50 կոպեկ) ժառանգություն չեն թողել, հետևաբար գույքերս բոլորն էլ ալլահի ինձ արած շնորհն է, որը ես երկու ձեռքով պինդ պահեցի: Որովհետև դուք էլ Վերին տեսչության ինձ տված շնորհն եք, հետևաբար շառի համաձայն կարողությունս ձերն է: Քույրերիդ ես հասցրել եմ կատարելապես իրենց բաժինները, ուստի ուրիշ ժառանգորդ չունիք, այդ չորսիդ է պատկանում: Ապրեցեք, ինչպես կամենաք, գործեցեք, ինչ որ առողջ դատողությունը ձեզ կթելադրե: Այլևս ձեր կարողության գործադրությանը միջամտելու ես իրավունք չունիմ: Մնացեք խաղաղությունով, ես էլ գնում եմ պարտքս կատարելու և պատրաստվելու հավիտենականին ներկայանալու համար:
Անմիջապես ձիերը դուրս քաշեցին, Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ, աշտանակեց գրաստին և ճանապարհ ընկավ: Զավակները իրենց հորը ճանապարհ դրին մինչև Մարանդ, ուր գիշերելուց հետո հետևյալ առավոտ հայրը մեկնեց Ջուլֆա, իսկ որդիները վերադարձան տուն:
Ամբողջ երկու տարի Մեքքեում և Մեդինեում ապրեց հաջի Աբդուլ-Հյուսեյնը, առանց որևէ թղթակցության: Միայն հաջից վերադարձողները նրա առողջության և վիճակի մասին լուր էին բերում զավակներին: Նա գիր չէր գրում, իսկ որդիքն էլ երբեք նրան ո՜չ գրեցին, ո՜չ էլ փնտրեցին: Երրորդ տարին Հյուսեյնը եկավ Քերբելա, որտեղ մտածում էր մեռնել և թաղվել Իմամ-Հյուսեյնի արյունով ողողված դաշտում: Բայց բախտը այլ կերպ էր տնօրինել, մահը նրանից փախչում էր: Հազար թուման ծախսի դրամն էլ սպառեց: Օտար երկրում ծերուկը ոչ կարող էր փող աշխատել և ոչ էլ կզիջեր մուրալ: Իսկ որդիները նրան ծախսի դրամ չէին ուղարկում և չէին հետաքրքրվում նրա վիճակով:
Մինչ այս անել վիճակումն էր, Քերբելա ուխտի էր եկել իր ներկատան բանվորներից մեկը, որը, տեսնելով Հաջի Աբդուլ–Հյուսեյնի անել կացությունը, հարյուր թուման փող տվեց և միասին վերադարձան Թավրիզ: Որքան որ զայրացած էր ծերուկը իր որդիների վրա, բայց և այնպես խիստ կարոտել էր նրանց, թոռներին և մեծ հրճվանքով քառասնօրյա ձիավոր ճանապարհորդությունը սիրով հանձն առավ և համբերությամբ տարավ:
Կասկած չկա, որ ներկատան բանվորը իր տիրոջը միևնույն հարգանքով ծառայում և խնամում էր ճանապարհին, ինչպես վերաբերվել էր երեսուն տարի նրա գործարանում ծառայած շրջանում և աչալրջությամբ կատարում էր ծերուկի ցանկությունները: Եվ ուխտավորները օրեցօր մոտենում էին իրենց ծննդավայրին:
Մինչ այդ բանվորը իր ծանոթների հետ թուղթ ու լուր էր ուղարկել Թավրիզ՝ թե՜ իրենց տունը և թե՜ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի զավակներին՝ իրենց վերադարձի մասին: Թավրիզին երկու իջևան մնացած հեռագրել էր, որպեսզի բոլոր գործավարներն ու բանվորները ընդառաջեն իրենց նախկին տիրոջը: Ամբողջ Միար-Միար թաղում լուր էր տարածվել ծերուկի վերադարձի մասին, և բոլոր դրացիները, ծանոթները, ազգականներն ու բարեկամները պատրաստություն էին տեսել ընդառաջելու իրենց գործարանի տիրոջը: Ամեն մարդ իր կարողության համաձայն ձի, ջորի, էշ էր վարձել, որ գնան մի օրվան ճանապարհ և այնտեղից հանդիսավորապես տուն դարձնեն ուխտից վերադարձողներին:
Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները հոր հեռանալոլց հետո թեև ընտանիքները և տան ծախսերը բաժանել էին, բայց գործը ավելի սերտ կերպով առաջ էին տարել: Տնական ծախսերը ավելի մեծացրել էին, բայց գործերը այնպիսի ընթացքի մեջ էին դրել, որ տարեկան իրենց ծախսից եռապատիկ ավելի էին վաստակում: Նրանք չբավականանալով Քալակղեի գործարանով, բացել էին նույնպես մետաքսի և բրգի գորգերի գործարան: Այս գործարանի մեջ երեք հարյուր մարդ էին բանեցնում և ամսական 40 – 50 գորգ էին հասցնում Ամերիկա՝ Միացյալ Նահանգները, մի վաճառատուն, որի հետ տասը տարով պայման էին կապել, ավանս ստացել: Սրանց գործարանը միմիայն այդ ամերիկական տան ապսպրանքը պիտի կատարեր, այն էլ նրանց ցույց տված չափով, ձևով, նկարներով և որակով:
Գործն այնքան արդյունավետ էր, որ գործարանի տերերը սովի տարին՝ 1897 – 99 թվականին, իրենք էին կերակրում բանվորներին տաք կերակրով՝ փլավով և գառան մսով: Սա այնպիսի մի արտակարգ երևույթ էր, որ քաղաքի ամբողջ ազգաբնակության նախանձն էր բորբոքում: Ամենքն էլ լռվել էին, քանի որ չէին հանդգնել քաղցածին հաց բաժանողին հրապարակով անարգել, անգործին բանի դնողին պախարակել, երեք հարյուր բանվորի ռոճիկ տվողին բամբասել: Իսկ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները առանց ուշք դարձնելու օրեցոր գործարանն ընդարձակում և կյանքը եռացնում էին իրենց շուրջը: Մի կողմը 70 դազգահի առաջը 200-ի չափ բանվոր-երեխաներ գործում էին, մյուս կողմը պառավ կիները մասրա լցնում, մի սրահում կիները բուրդ էին գզում, մի ուրիշում՝ ջահառ պտտացնում, թել մանում: Մի մեծ գավթում ներկարարները գույնզգույն թելեր էին ներկում, իսկ նկարիչները ցանցավոր թղթերի (կանվա) վրա գույներով օրինակներ պատրաստում, որպեսզի երեխաները համրեն ու գորգերը գույնզգույն թելերով գործեն:
Հաջի Աբդուլ-Հյուսեյնի վերադարձը այս գործարանների տերերին այնքան էլ հաճելի չէր, նրանց հոգին մռայլվեց: Բայց դրացիների նախատինքից ազատվելու համար կառք բռնեցին, երկու եղբայր նստեցին, մյուս եղբոր որդիներն էլ ձիավորվեցին, գնացին, որ արտաքին ձևով «առոք-փառոք» տուն բերեն իրենց հորը: Ամեն պատրաստություն տեսան և Հաջի Աբդուլ–Հյուսեյնին իջեցրին ավագ որդու՝ Աբդուլ-Ալիի տան նորաշեն ընդունարանում, որտեղ երկու հարյուր մարդ ազատ կարող էր տեղավորվել:
Կեղծ և ձևական համբույրի, հրճվանքի և մաղթանքի չափը չկար: Ամենքն էլ իրենց անսահման զգացումները հայտնելու համար սրտաբուխ ճառեր էին արտասանում: Շարբաթ, զալիոն, ղայֆե, չայ, ընթրիք, սեղաններ մի քանի տեղ ճոխ ու անխնա բացել էին բոլոր այցելուների համար: Իսկ մերսիախանրը (կրոնական երգիչներ) դնգդնգացնելով իրենց ձայնը, աղոթում և հասարակության ուշքն էին գրավում: Առատ սեղաններից ոչ ոք չէր ուզում ետ քաշվել: Իրար ետևից գալիս էին, իսկ կշտացողները կամաց-կամաց հեռանում:
Վերջապես հյուրերը հետզհետե հեռացան, մնացին հարազատներն ու մերձավորները: Որքան որ հրճվում էին թոռները, այնքան մռայլ Էին զավակները, կարծես թե սրանք մեծ դժբախտության Էին ենթարկվել: Մեծ էր աղջիկների ուրախությունը, նույնքան խիստ էր հարսների տխրությունը, կարծես թե սկեսրայրն եկել էր նրանց ապահարզան տալու: Թեև ոչ մի խոսքով կամ գործով չարտահայտեցին իրենց հույզերը, բայց փորձառու ծերունին նրանց աչքերից, դեմքի կնճիռներից կարդում էր նրանց սրտում և հոգում անցածն ու դարձածը:
Այս արտահայտությունները թեև վրդովեցին ծերունոտ հոգին, բայց կասկածները իրականացնող ոչ մի դեպք չնկատելով, նա համբերում էր, մինչև շոշափելի փաստի արտահայտվելը: Վերջապես ընդունելության դահլիճի մոտի սենյակում անկողին պատրաստեցին, ճրագ ու կրակ վառեցին և առաջնորդեցին ծերուկին այնտեղ քնելու: Ծերուկի դժվարն եկավ, որ իրեն արտաքին տան, ընդունելության բաժնում Էին անկողին պատրաստել և ոչ իր շինել տված կանանոցում, որտեղ 20 – 30 տարի ինքն ապրել էր որդիների և հարսների հետ: Այժմ, որ երեք որդիքն իրենց ընտանիքով հեռացել Էին այդ բնակարանից, հոր համար սենյակ պետք է հատկացնեին կանանոցում, քանի որ նա օտար չէր և նրանից ծածկվելու պարտավորված չէին հարսն ու իրեն աղջիկները:
– Աբդուլ-Ալի, – ասաց ծերուկը, – ինչի՞ ինձ համար ներսը տեղը չպատրաստեցիք, ես կարոտել էի թոռներիս և, նրանց մեջ ուզում էի գիշերել, նրանց շնչի ներգործության տակ քնել:
– Թող նրանք գան քեզ մոտ, Հաջի-աղա, – ասաց որդին սառը ձայնով ու քաշվեցավ ննջարանը:
Թեև երկսեռ թոռներն եկան շրջապատեցին պապին, մի քանիսն էլ իրենց անկողինը բերին պապի սենյակում քնելու համար, բայց ծերուկի շատ դժվարն եկավ, որ իրեն հարազատների շրջանից դուրս թողին: Այս բանն այնքան խոր վերք դարձավ, որ նա այլևս ո՜չ կրկնեց և ո՜չ էլ պահանջեց, որ կանանոցում իրեն համար սենյակ հատկացնեն, այլ մնաց արտաքին ընդունարանի սենյակում, որտեղ նրան թեյ, ճաշ, ընթրիք էին բերում և օտարական օգնության կարոտ հյուրի նման մենակ էր ապրում:
Ծերուկը իր շինած, կազմած և կահավորած տանը հյուր էր: Ահա այս պատճառով նա իրավունք չէր համարում որևէ նշանով հասկացնել Աբդուլ-Ալիին, թե նա, եղբայրները, հարսները պարտավոր են իրեն հարազատի տեղ ընդունել:
Երրորդ առավոտ վաղ երկրորդ որդին՝ Աբդուլ-Ռզան, եկավ հոր մոտ և ասաց.
– Հայրի՜կ, գնանք բաղնիք:
Ծերուկը համակերպեցավ: Բաղնիքումն էլ նրա մորուքն ու մազերը խուզել տվեց, ներկեց, ապա տարավ իրեն տունը, ուր պահեց երկու օր:
Հերթով երրորդ որդին՝ Աբդուլ-Թաղին, էլ բաղնիք ու տուն տարավ հորը: Այդտեղից փոխադրվեց չորրորդ որդու՝ Աբդուլ-Մեհթիի, մոտ: Որտեղից էլ չեկան հորը տանելու մեծ եղբայրները: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը երեք շաբաթ ապրեց փոքրիկ որդու ընդունարանում: Ո՜չ ճաշն էր պակաս, ո՜չ հագուստը, ո՜չ էլ խոսակիցը, անընդհատ նրա մոտավոր և հեռավոր ազգականները անվերջ այցելում և զբաղեցնում Էին: Երբեմն – երբեմն էլ ճաշից հետո գնում էր շուկա, մտնում էր այն վաճառատունը, որտեղ քառասուն տարի օրն էր մթնեցրել, խոսակցում էր հաճախորդների, գործավորների հետ, բայց և այնպես բավականություն չէր գտնում: Նրան ընդունում էին ամեն տեղ իբրև անկոչ հյուր, անսպասելի բեռ:
Տանն էլ այնքան գոհունակությամբ չէին խնամում Հաջի Աբդուլ-Հյուսեյնին: Երբեմն կերակուրը սառն էր լինում, երբեմն սեղանն անմաքուր, ոչ ոք չէր ուշք դարձնում նրա լվացքի մասին, նրա անկողնի սավաններին, բարձի երեսներին, նույնիսկ սրբիչներին: Ծերուկն անմռունչ տանում էր, սպասելով կատակերգության ավարտին: Մի օր էլ ճաշը սովորականից երեք ժամ ուշացրին, մի ուրիշ անգամ թեյը սարքող չկար: Հաճախ երկարում էր ծխախոտի քսակը ծառաներին, որ գնան ծխախոտ առնեն ու բերեն, և երեք-չորս ժամով առանց ծխելու էր մնում:
Ամբողջ երեք շաբաթվան ընթացքում որդիներից և ոչ մեկը չասաց. հայր, վերցրու այս դրամը, քեզ պետք կգա, ծախսիր:
Թշվառ ծերուկը սև փող չուներ գրպանում, որ ողորմություն տար դիմող աղքատներին կամ մի խաղալիք գներ ու բերեր թոռներին: Հոր դիզած հարստությունը, եկամուտները շռայլում էին որդիները առանց գնահատելու, իսկ այդ հազարներից ոչ թե թումանով, այլ մինչև անգամ մի ղռան էլ չէին մտածում ծերուկին սև փող վճարելու: Իրենց և իրենց կիների ու երեխաների համար բեհեզ և քնքուշ կտորներ էին գնում, ձևում, կարում ու պատառոտում, բայց ոչ ոք չէր մտածում, թե ծերուկի լվացքը քրքրվել է, պետք է կարկատել կամ նորել: Ամեն ամիս նորանոր գույնի ասվից ու քաթանից իրենց համար բոլորն էլ հագուստ էին կտրել տալիս, իսկ հարստությունը դիզող հոր վերարկուի օձիքը մի թիզ տարածությամբ ճարպակալվել էր, չէին տեսնում: Ամեն օր տանից կապոցներով կտոր, սապոն և ուրիշ նյութ էին դուրս տանում հարսները, իսկ իրեն մի շապիկ խնայում էին:
Խորը մտածող հայր էր, չէր ցանկանում որևէ աղմուկով դրացիներին, հեռավորներին, բարեկամներին ու չարակամներին իմացնել իր անտանելի դրությունը: Չէր ցանկանում, որ իրեն ծաղրեն մրցակիցները և նախատեն անհեռատեսությունը, որ ամբողջ իշխանությունը հանձնել էր որդիներին, հեռացել և ետ դառնալուց հետո մուրացկան դարձել: Չէր թույլ տալ, որ նույնիսկ իր արարքից, խոսքից, ասացվածքներից, շարժումներից և տատանումներից մարդ նկատեր, կռահեր, թե ինքը տանջվում է իր հարազատ այն զավակներից, որոնց չէր խնայել ամբողջ կյանքում դատած ու վաստակած հարստությունը: Իսկ այդ զավակները, բացի այն, որ իրեն կարգին հագուստի, կապուստի, բնակարանի մեջ չէին պահում, այլ կերած հացն էլ դժգոհությամբ էին հասցնում:
Աշնանը հաջորդեց ձմեռը, եղանակների վատությունը, խոնավությունը շատ էր նեղացնում ծերուկին: Իսկ որդին՝ Աբդուլ-Մեհթին, և հարսը չէին թողնում, որ ծերունին օջախը առատ վառե և սենյակը տաքացնե այն նշենու մանրվածքով, որոնք ծերունու Բաղմեշե տնկած այգու ծառերը անխնա կոտորելով բերում էին որդիները և վառում կանանոցի սենյակներում: Լվացքը, որ հանում, թողնում էր իր սենյակի պահարանում, ամբողջ ամսով ներս չէին տանում ու լվանում:
Մի օր ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը փայտ պահանջեց վառելու: Նրան չլսեցին ո՜չ թոռները, ո՜չ էլ ծառաները: Նա վրդովված ինքն անձամբ իջավ, փայտը գրկեց և սկսեց բարձրանալ սանդուխներից, որ տանե վառե իր ննջարանի օջախը: Այս տեսնելով հարսը վրա հասավ, թափեց փայտը ծերուկի գրկից և վրան գոռալով ասաց,
– Մարագում փայտ չթողիր, մեզ կործանելու խո չեկա՞ր: Գնա, քիչ էլ մյուս որդիներիդ տանն ապրիր, քավթա՜ռ…
Ծերուկը զայրացած գոռաց.
– Շան ճարած, հորդ այգո՞ւց են բերել այդ փայտը, թե՞ մարդիդ մեջքն է կոտրվել այդ նշենիները տնկելիս: Փայտը գողանալ, ծախել, հորդ տունը և քույրերիդ ուղարկել կարելի է, սենյակս չի՞ կարելի տաքացնել: Դու ո՞վ ես, որ ինձ հրամայում ես մյուս որդիներիս մոտ գնալ: Մի՞թե ես զանազանել եմ մի օր մեծին փոքրից:
– Ես այլևս սիրտ չունիմ սկեսրայր շահելու, ես չեմ կարող էլ այստեղ ապրել – ասաց գոռալով հարսը, – կամ դու, կամ ես: – Ապա գոռալով կանչեց ուժը պատածի չափ ձայնը բարձրացնելով.
– Մեհթի՜, ա՜յ Մեհթի, դուրս արի և հորդ ճանապարհ դիր, կամ թե ինձ ապահարզան տուր, գնամ հորս տունը:
Այդ րոպեին Աբդուլ-Մեհթին դուրս եկավ և լսելով կնոջ ձայնը, հոր վրա ճչալով ասաց.
– Ի՞նչ ես աբուռդ թափել և կնոջս հետ կռվում. խո քեզ համար չեմ կարող երեխաներիս մորը` մորքուրիս աղջկան տանիցս դուրս անել: Քիչ էլ զգացում ունեցիր, գնա մի երկու ամիս էլ մեծ որդիներիդ մոտ ապրիր:
Ծերուկի ձայնը կոկորդի մեջ խեղդվեց: Նա չկարողացավ ծպտուն հանել: Նա բարձրացավ, գոտին կապեց, ապարոշը դրեց, աբան վրան գցած տնից դուրս եկավ:
– Կորի՜ր և էլ տունս ետ չդառնաս, – գոռաց նրա ետևից հարսը:
– Երեսդ էլ չտեսնեմ, – ասաց որդին՝ Արդուլ-Մեհթին, և դուռը փակեցին:
Ծերուկը մնաց փողոցում: Նա չէր կարողանում վճռել, թե ուր երթա. արդյոք որդիների՞ն, թե՞ մի ծանոթի դիմե: Նա տատանվում էր, չէր իմանում որդիների՞ն գնա, թե՞ աղջիկներից մեկի տունը հյուր երթա, մեծ որդիներին կանչե և հայտնե իր վիճակը: Բայց նա դարձյալ չէր ցանկանում, որ իր տան գաղտնիքը լսեն ոչ թե յուր հակառակորդներն ու թշնամիները, այլ նույնիսկ յուր փեսաներն ու աղջիկները: Երկար փողոցներում թափառելուց հետո վերջապես գնաց Աբդոլ-Ալիի դուռը բախեց: Ծառաները բացին և անմիջապես ծերուկին առաջնորդեցին ընդունարան և ներսը որդուն իմաց տվին: Մեծ որդին կես ժամից հետո կանանոցից դուրս եկավ, գնաց հոր իջևանած սենյակը, որտեղ ծառաները ճրագ ու կրակ էին վառել Հաջի Աբդուլ-Հյուսեյնի պահանջման համաձայն:
Ծերունուն թեյ տվին, ծխամորճը լցրին, թոռները շրջապատեցին, բայց չկարողացան սիրտն առնել և ուրախացնել: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մռայլ նստել, չէր խոսում: Աբդուլ-Ալին նստեց հոր դիմաց, նստեց նույնպես մռայլ, առանց որևէ մի բառ արտահայտելու: Ո՜չ հայրը զիջավ իր վիճակը որդուն պատմելու, ո՜չ էլ որդին հետաքրքրվեց նրանից բան իմանալու: Երբ զգաց, որ հայրն եկել է այնտեղ մնալու, ասաց ծառաներին, որ ընթրիք բերեն իրենց, և միասին ընթրելուց հետո անմռունչ բաժանվեցին. հայրը մտավ ննջարան քնելու, իսկ որդին մտավ կանանոց:
Հայտնի բան է՝ երկրորդ օրը եղբայրներն իրար պատմեցին հոր արկածները, հարսները իրար հայտնեցին անցածն ու դարձածը: Լուրը արդեն ընտանիքից դուրս թռավ և դրացիների սեփականությունը դարձավ, որոնք ըստ քմաց զարդարեցին, մեծացրին և տարածեցին: Այս դեպքը այնպես հուզեց չորս եղբորը, որ նրանք վճռեցին ապագա անախորժությունների առաջն առնելու համար միջոցների դիմել:
– Ես երբեք տանս այլևս չեմ կարող թողնել այդ զառամյալին, – ասաց Արդուլ – Մեհթին, – դա իմ կնոջս հայհոյեց և նախատեց: Ինչ ուզում եք արեք, որքան որ ամսական թոշակ որոշում եք, պատրաստ եմ վճարելու, բայց իմ տունս էլ չպիտի մտնի:
– Ես դրա մռմռոցը չեմ կարող տանել, – ասաց Աբդուլ-Ռզան, – դա սովոր է ամեն բանի վրա խոսել: Ես ամսական ինչքան որ առաջարկեք, կտամ, որ նա ապրի, բայց հեռու…
– Եղբա՛յր, – ասաց Աբդուլ-Թաղին, – կինս խիստ ջղային է, երեխաներս էլ շատ: Տանս մի քանի հատ էլ հարճ եմ պահում, ես չեմ կարող դրան տուն թողնել: Մի տուն սահմանեցեք, երթա ապրի, մի բան տվեք ընդհանուրիս հաշվից, վերջացավ գնաց, – ասաց երրորդ որդին:
– Շատ հիմար-հիմար դուրս եք տալիս, – ասաց ավագ որդին, – ես գիտեմ, որ հորս չեք սիրում, ես էլ ձեզ նման ատում եմ նրան, բայց երբեք չեք մտածում ձեր պատվի, անվան և արժանավորության մասին, եթե նրան տանից դուրս անենք, մեր աբուռն ո՞ւր կմնա: Վաղն ամբողջ քաղաքը պիտի ասի, թե նուխեցիները չկարողացան մի հայր պահել և փողոց շպրտեցին: Ես կպահեմ նրան, միայն թե…
– Պահե, եղբայր, պահե, քեզ փեշքաշ, – ասաց Աբդուլ–Մեհթին: – Ինչ որ ուզում ես ամսական ես կվճարեմ, միայն թե իմ տունս թող չմտնի և արյունս չպղտորե:
– Ինչպես ուզում եք, որոշեցեք, ես նրան պահելու համար փող չեմ ուզում, բայց մեր աբուռը պահպանելու համար հարկավոր է նրան պատվով պահել, որ ամբողջ Թավրիզի բերանը ծամոն չդառնանք: Ոչ ոք չի ցանկալ խորը թափանցել, ներքինը քննել և պղտոր տիլը վերլուծել, բայց ամենքը քննադատ դարձած կանարգեն մեզ, որ մեր հորը չենք շահել, չենք պահպանել և պատճառ ենք դարձել նրա հոգեկան տանջանքին:
– Եղբա՛ր, լավ, լռենք, օգնենք, ծախսենք, պահենք, ինչ որ ցանկանում ես կատարենք, – ասաց Աբդուլ-Ռզան, բայց ես տունս չեմ կարող տանել, դո՜ւ պահիր:
– Քեզ մոտ մնա, – ասաց Աբդուլ-Թաղին, – և նրա համար ծախսիր ինչքան որ քեֆդ ուզե ընդհանուրիս հաշվից:
– Ես չեմ ասում, – կրկնեց Աբդուլ-Ալին, – թե տարեք նրան ձեր տները պահեցեք: Այստեղ սենյակ շատ կա, կարող եմ նրան առանձին բնակարան հատկացնել, պահել, դուք բոլորդ էլ շարունակ պիտի հաճախեք նրա մոտ, երբեմն-երբեմն էլ ձեր տները պիտի տանեք, որ աշխարհ չասեք թե դուք ապերախտ որդիք եք:
– Ես չեմ կարող կեղծել, – ասաց Աբդուլ-Մեհթին, – չեմ կարող նրա առաջը քծնել, ուրիշին դուր գալու համար նրան շողոքորթել:
– Ես հորս համար տանս և երեխաներիս մեջ չեմ կարող շփոթություն բարձրացնել, – ասաց Աբդուլ-Թաղին:
– Եղբա՜յր, դու տեղավորիր մի կերպ, այնպես կձևացնենք, թե բոլորս էլ նրան փայփայում ենք:
– Այո՜, այո՜, այո՜, – ասացին բոլորը:
– Պետք է, – ասաց Աբդուլ-Ալին, – այնպես ցույց տանք աշխարհին, որ մենք առաքինի որդիք ենք և պաշտում ենք մեր հորը:
– Դուք ինչպես ուզում եք ցույց տվեք, ինձ ազատեցեք, – կրկնեց Մեհթին: Եվ եղբայրները հեռացան:
Աբդուլ-Ալին յուր ընդունարան սենյակներից մեկը կահավորեց, կարգադրեց և փողոցից էլ հատուկ հարաբերության ճանապարհ հարմարեցնելով հորն այնտեղ տեղավորեց:
Որպեսզի հայրը իր կանանոցի հետ հարաբերություն չունենա և այդ պատճառով չընդհարվի, Աբդուլ-Ալին հատուկ մի ծառա վարձեց հոր համար, որպեսզի նրա անկողինը հարդարե, սենյակը լուսավորե, տաքացնե, մաքրե, թեյն ու սուրճն եփե և կերակուրը պատրաստե: Սրա համար էլ կարգադրեց, որ հայրը ամեն ամիս վաճառատնից յոթ թուման վերցնե (14 ռուբլի) և ինքը կատարե բոլոր ծախսերը, որ իր ցանկացած կերպովն ապրի: Ամեն մի եղբայրը օրական յոթ թուման էր ծախսում, իսկ հորը ամսական այդքան նշանակեցին: Հաջի Արդուլ-Հյուսեյնը ոչինչ չխոսեց, նա լռելյայն համաձայնեց ու համակերպեց անդրանկի արարքի հետ: Բայց այնքան հոգվով վրդովված էր, որ այլևս դադարեց վաճառատուն հաճախելուց և որդիների երեսը տեսնելուց: Նա չէր խոսում ոչ ոքի հետ, նույնիսկ ծառային էլ բան չէր ասում: Պատրաստած թեյն ու սուրճն անմռունչ ընդունում էր, փուռից բերած կերակուրն ուտում, քնում, վեր կենում և յուր աղոթքը կատարելով նստում էր մտածելու այն դառն կյանքի՝ դժոխքի մասին, ուր ինքն ընկել էր:
Հաճախ հյուրեր ունեցած ժամանակ Աբդուլ-Ալին ծառային ուղարկում էր ձայն տալու և հորը ընդունարան կանչելու, թշվառ ծերուկը հիվանդություն պատրվակելով մերժում էր: Որպեսզի դրացիների նկատողության չենթարկվի, Աբդուլ-Ալին հոր յուղոտած շորերն էլ փոխեց, նոր աբա ու ապարոշ գնեց, դրանք երբեք հորը չմխիթարեցին: Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկեր, սրտակից, մտերիմ և անկեղծ բարեկամ էր որոնում, այնինչ համոզված էր, որ աշխարհի երեսին ոչ միայն օտարները, այլև իր հարազատ որդիներն էլ իրեն ատում և նրա մահն էին ցանկանում: Մահն էլ փախչում ու չէր մոտենում ծերուկին:
Այս հուզված օրերին նա երբեմն գնում էր հանգստարան, իր հանգուցյալ կնոջ գերեզմանի մոտ նստում և մտորում էր, թե նա որքան երանելի էր, որ մեռել էր ինչպես սիրված իր ամուսնուց, նույնպես և գգված զավակներից: Իսկ ինքը ապրելու դժբախտության համար ատելի էր դարձել զավակներին և հարսներին: Այս այցելությունները հաճախ կատարելով, այս մտքի շուրջը տատանվելով օրն էր մթնացնում և մխիթարվում Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, սպասելով մահվան, երբ իրեն էլ բերելու հանգստացնելու էին սիրելի կնոջ կողքին:
Ամեն օր իրիկնադեմին մի այրի ևս գալիս էր այդ հանգստարանը, մի ժամ նստում էր ամուսնի գերեզմանի մոտ և ողբում իր կորցրած պաշտելուն, որը մի տարի առաջ գերեզման էր իջել: Այնքան հաճախ իրար հանդիպեցան երկու այրիները, որ ընտելացան իրար, մեկը հանգստարան մտնելիս մյուսին դիմավորում էր կամ սպասում նրա գալուն: Թշվառությունը նրանց մոտեցրեց և մի օր էլ իրար սիրտ բացին:
– Երանելի կին, – ասաց որբեվայրին մի օր, – որ քեզ նման մարդ է ունեցել: Յոթ տարի է մեռել է, ոչ միայն ուրիշ կին չառար, այլ մինչև անգամ չես կարողանում իրեն մոռանալ: Եթե մարդիկ քեզ նման սիրեին իրենց կիներին, աշխարհի վրա իգական սեռը ամենից երջանիկ դասակարգը կկազմեին:
– Դու էլ աննման կին ես, – ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, – որ մարդուդ չես մոռանում և ամեն օր գալիս ես նրան ողբալու: Երևի ազնիվ հիշատակ է թողել, որ ահա յոթ ամիս է քեզ շարունակ այդ գերեզմանի մոտ արտասվալի աչքերով եմ տեսնում:
– Էհ, դարիս զավակր չէր, նա մի կատարելատիպ հոգի էր: Անողորմ բախտը նրան խլեց ինձանից: Յոթ տարի միայն այր ու կին մնացինք, բայց հորիցս գթած և մորիցս քնքուշ եղավ ինձ համար: Յոթ տարվան մեջ մի օր բերանը չբացավ մի դառն խոսքով, մի կծու բառով, մի նախատալի դարձվածով: Հարուստ չէր, բայց ինձ քաղցած ու քրչոտ չթողեց, մեծատուն չէր, բայց ինձ կարոտ չպահեց: Օրական վաստակածը օրվա ընթացքում կերանք, միայն թե ապագան չմտածեց: Փառք ալլահին, բան չթողեց ինձ ու վեց տարեկան որդուս, բայց քաղցից չմեռանք: Ամեն օր մոտիկ հայ դրացիների կեղտոտ շորերը, երեխաների ապականված բալուլները լվանում, 5 – 10 շահի վաստակում և ապրում ենք: Էլի փառք, որ գոնե մի տուն թողեց, և մենք օտարի դուռը քաշ գալու չպարտավորվեցինք:
– Փառքն այնտեղ է, որ դու գոհ ես վիճակիցդ, գործող ձեռքեր ունիս, կարողանում ես ապրուստդ ինքդ հոգալ և ոչ ոքի մուննաթ չքաշել: Աշխատող թևերը քաղցից չեն թուլանա, – ասաց ծերուկը հառաչելով:
– Կարիքն ստիպող է: Քաղցն ամենահզոր խթանն է, նա պարտավորեցնում է վազելու և տքնելու, Հաջի-աղա: Երբ օրականս վաստակում եմ, մի րոպե էլ սրտիս ու հոգուս եմ զոհում: Հիշում եմ ողորմածիկիս, որ ամեն տանջանք քաշում էր ինձ հառաչելուց ազատելու համար: Իսկ այժմ ինքն հանգստանում է, որ ես այրվեմ… հալվեմ ու մաշվեմ, – ասաց ու տան կողմն ուղղվեցավ այրին, դառն մտքերի մեջ թողնելով ծերունի Հաջի Աբդուլ-Հյուսեյնին, որը արձանացած տեղից սկսեց զննել հեռացող կնոջը: