Kitabı oku: «Երկեր եւ վիպակներ», sayfa 7

Yazı tipi:

– Աշխարհը լիացավ, կյանքը վերածնավ, Անուշ մայրը հաշտվեց ժողովրդի հետ:

Վիշապազանց քրմուհիները պատգամ բերին ժողովրդին, թե Վիշապամայրը ընդունել է նրանց զոհերը, պաշտվել է այն ժողովրդի հետ, որն ուխտել է անմիջապես գործի ձեռնամուխ լինել և Գեղամա ծովի ափերից առու տանել դեպի Արմավիր: Ամեն մարդ, ոգևորված այդ ավետիսից, նորից ու նորից կրկնեց իր ուխտը և խոստացան անհնարինը հնարավոր դարձնել և անմահական ջուրը դաշտ իջեցնել:

«Վիշապահայրը հրամայել է Վիշապառյուծին հալածել Վիշապաքաղին, երկնային ողորմության դռները բաց թողնել, որ մարդը փրկվի հավիտենական կորստից, երկիրն ազատվի անապատանալուց», – ասում էր քրմապետի մունետիկը ման գալով ժողովրդի մեջ:

Այս պատգամներից հետո ուխտավորները նորանոր զոհաբերություններ կատարեցին, ամենքը իրենց զարդերը բաժին տվին ջրաբաշխական գործին, որ հսկեն, առուները մաքրեն, վերանորոգեն և սկսեն նույն առվի գործն առաջ տանել, որպեսզի առատ ջուր հասնի մինչև դաշտերը, ծարավի չմնան այգեստաններն ու բանջարանոցները:

Երեք օր և երեք գիշեր ընդհատումներով և շող արեգակով անձրև տեղաց, ավազանները լցվեցին, լցրին ուրախությամբ հուսակտուր ժողովրդի սիրտը: Երգիչները, կաքավիչները, գուսաններն ու նվագածուները առանց ուշք դարձնելու տեղացող անձրևին, փայլակին ու որոտին, անվերջ երգում ու պարում էին, ժողովուրդն էլ նրանց ձայնակցում ու թռչկոտում էր: Կերան, խմեցին, զվարթացան, վերակենդանացան և յոթերորդ օրը ուխտավորները հավաքեցին իրենց վրաններն ու մախաղները, բարձին գրաստներին և ճանապարհ ընկան դեպի իրենց դաշտերը:

Նվագածուներն ու երգիչները ուխտավորներին ընկերացան, իրենց երգերով ու պարերով առաջնորդեցին նրանց մինչև Գեղարդի սահմանները, ապա բաժանվեցին իրարից: Մինչև ժողովուրդը իջնում էր բարձունքից, նա տեսավ, թե ինչ մեծ ոգևորությամբ Ջրաբաշխը իր հարյուրավոր բանվորներով վերանորոգում էին առուներն ու ամբարտակները, որոնք քարուքանդ էին եղել վերջին հեղեղներից:

Ուխտավորների քարավանի հետ Վիշապազանց բարձունքից ցած իջավ Անահիտի պաշտամունքին նվիրված քրմապետը իր հետևորդներով, դիմեց Գեղամա ծովի ափերը, որ ուրվագծե այն անցքը, որտեղից շինվելու էր նոր ջրանցքը դաշտը ոռոգելու համար:

Երբ ուխտավորները մտան դաշտը, հանդերն ու այգեստանները փրկված տեսան: Այս ուրախությունն այնպես ոգևորեց ժողովրդին, որ մոռացան տխուր անցյալն ու ավելի եռանդով շարունակեցին իրենց երկրի մշակությունը և նոր ջրանցքի շինությունը:

ԲԵՐՍԱՅԻ ԱՌԱՔԵԼԸ

1870 թվականի աշնան մեջ քաղցր եղանակներ էին: Երկրամշակը յուր աշխատության պտուղն էր հնձում, բերքն ու բարիքն էր տուն կրում, ձմեռվա պաշարը դիզում և պատրաստվում բքաբեր ձմռան: Այգեկութի առատ հնձից ուրախացած, մշակը կայտառանում էր, շիրան ու պտուղները իշով ու ձիով տուն կրելով: Մի օր, իրիկնադեմին, վերջալույսի ժամանակ մի դեռահաս երիտասարդ բարձրանում էր Էշկինարի ձորից դեպի Արդանուչի բերդը: Մռայլ էր երիտասարդի դեմքը և կարծես չէր ուզում աչքերը շուրջն ածել ու դիտել բարեզեղուն այգեստաններն ու անդաստանները, որոնք իրենց գեղեցիկ տեսարաններով, գույնզգույն պտուղներով և անուշահոտ բուրումներով գրավում էին անցորդի սիրտը: Նա անդադար հառաչում էր և ոլոր-մոլոր, համընթաց քայլերով բարձրանում այդ դիք դարիվերը: Վերջապես նա Ծայգի դռնից մտավ բերդը և անմիջապես ուղղվեց իրենց տան կողմը: Ներս մտավ առանց բարևելու և երբ երիտասարդը տատանվեց նստելիս, նրա մայրը որդու մոլորված շարժումները նկատելով ասա.

– Առաքե՜լ, որդի՜, որտե՞ղ էիր մինչև հիմի:

– Քիչ լեղուտ գնեցի, – ասաց կակազելով երիտասարդը և ավելացրեց, – Էշկինարից եմ գալիս: Ապսպրեցի, որ քիչ կորկոտցու և բլղուրցու ճերմակ հատիկ ուղարկեն տուն:

– Դադրել ես, որդի, նստի՜ր, ոտքերդ տարածի՜ր, քիչ հանգստացիր:

Բերսան դառնալով հարսի կողմը, ավելացրեց.

– Սառա՜, քիչ ջուր բե՜ր, Առաքելս թող լվացվի:

– Չեմ ուզում, – ասաց Առաքելը, – ջուր պետք չէ, Բերսա՜, դու նստիր:

Մայրը մոտեցավ և բազմոցի ծայրին նստեց որդու մոտ մտախոհ, ձեռքով որդու ճակատը շոյելով:

– Որդի՜, գլուխդ խո չի՞ ցավում, մի դարդ խո չունի՞ս, – ասաց վշտաբեկ մայրը, սրտատրոփ զննելով որդու դիմագծերի արտահայտությունները:

– Բան չկա, Բերսա՜, ոչինչ չունիմ, – պատասխանեց հանդարտությամբ Առաքելը:

– Մի ցավ ունիս, մի վիշտ ունիս, Առաքել, և ումնի՞ց ես ծածկում:

– Ոչինչ չունիմ, թաքցնելու բան չկա, բայց…

– Էլ ի՞նչ բայց, ասա ու մի՜ սիրտս հատցնիլ:

– Փողերս հատավ… ես եմ ու այս ոսկի ու կեսը, – ասաց Առաքելը, ցույց տալով քսակի որքը, որը ժամանակից շատ վաղ դատարկվել էր:

– Ի՞նչ անենք, որդի՜, – ասաց սրտի խորքից մի աղեկեզ հառաչանք բաց թողնելով Բերսան, – մեր ճակատին էլ աստված երևի այդ է գրել: Մի կտոր հող չունինք, ո՜չ այգի, ո՜չ արտ, ո՜չ էլ մի խարխուլ խանութ: Քսան տարի առաջ հայրդ էլ քեզ նման կարգվեց, երեք ամիս ամբողջապես քովս չկեցավ, գնա՛ց, կորավ, էլ չվերադարձավ…

Բերսայի աչքերը ցոլացին, արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ նրա այտերի վրայից գլորվեցին: Նա ակամա ընդհատեց յուր խոսքը, բայց քիչ հետո հերոսաբար զսպեց կրքերը, սիրտը պնդացրեց ու շարունակեց.

– Բրիշակ դառնա այդ Սթամբոլն իրեն մեծ իմամի գլխին, որ աշխարհքն ազատվի: Տարին քանիները պիտի երթան ու չվերադառնան: Քանդվի, կործանվի ու չքանա Իսթամբոլն էլ, իրեն ոսկին էլ, որ քանդեց ու ավերեց մեր տներն ու բները: Ի՞նչ ասեմ, որդի՜, «մի՜ երթալ» չեմ կարող ասել, քանի որ քաղցած չենք կարող ապրել, ուրիշի դռան վրա մի հույս չենք կարող կապել: «Բարով երթաս» էլ ի՞նչ սրտով ասեմ:

Մի փոքր ժամանակ մթնշող սենյակում լռություն տիրեց, մայր ու որդի, առանց իրար դեմքերը զննել կարողանալու, խորասուզվեցան դառն մտքերի անհատակ անդունդը: Բայց Բերսան, կրկին ուշքը հավաքած, խզեց լռությունը և որդուն հույս տալու, քաջալերելու համար ավելացրեց.

– Որդի՜, ի՞նչ անենք, ինչի՞ ես այդքան մտածում, մեր տղերանց վիճակն այս է, որ գնան, վաստակեն պանդխտության մեջ, տուն բերեն և ուտեն: Գնա՜, աստված քեզ հետ, բայց…

– Էլ ի՞նչ բայց… քաջա՜ն, կերթամ էլ, կգամ էլ և հույս ունիմ, որ այս անգամ այնպես գամ, որ էլ հավիտյան կարիք չզգամ նորից պանդխտելու: Ես խո էլ խամ չե՞մ, յոթ տարի կեցել եմ, սովորել ու փորձվել: Այժմ ո՞վ ասես ինձ լավ ռոճիկով խոհարար չի պահի Բեյ-օղլիում: Շատ, շատ, եթե չորս հինգ տարի Սթամբոլ մնամ, այնպես ետ կդառնամ, որ էլ բոլորովին ապահովված կլինինք և մինչև մահ իրարից բաժանվելու կարիք չենք ունենալ:

– Տանը խոսք տալը արժեք չունի, բանը մտադրածը գործադրելու մեջն է: Մոր ու կնոջ մոտ մեծամտելու չէ, այլ հեռանալուց հետո մտքից հանելու չէ ընտանիքն ու օջախը հավիտյան: Ինչ ասեմ, որդիս, մեկ գնացիր յոթ տարի մնացիր, հիմի որ գնաս քանի՞ տարուց պիտի վերադառնաս, այդ միայն տերը գիտե: Դրսի մարդը ի՞նչ գիտե, բայց դու իմ ներքին բոլոր դարդերը երեք տարեկան հասակից զգացել ես ու քաշել, քեզ խո կրկնել պե՞տք չէ: Բեմուրադ հորդ ճանապարհը սպասելով, քեզ հետ ամառ-ձմեռ սրա-նրա մանածն եմ մանել, մանուսան գործել, հազիվ ցամաք հաց ճարել ու ապրել… Բայց էլ ծնկներումս ճար չկա, թևերումս ուժ չմնաց, սիրտս էլ մաշվել, մարմաշի պես բարակել է, դիմանալու հալ չէ մնացել: Չորս-հինգ տարի՛ … ասելը շատ հեշտ է, բայց դիմանալը տաժանելի: Գնա, ճար չունինք: Առաքել ջան, պիտի երթաս, բայց մի մոռանալ մեր անցյալը… Խղճմտանքդ զարթուն պահե, գութ ունեցիր մանավանդ այս կնոջդ վրա, որի արյունը մտար, որը քեզ շուտով մի զավակ է տալու: Այն, ինչ որ ես եմ քաշել, աստված ո՜չ անե, ո՜չ թե Սառաս, այլ թշնամիս անգամ չքաշե: Այն, ինչ որ դու ես կրել քու մատղաշ օրերում, չլինի թե մեզ երեսի վրա թողնես, որ քու ապագա զավակն էլ կրե:

– Քաջա՜ն, դու անհանգիստ մի՜ լինիր, հակառակը մի՜ մտածիլ: Այդ քարոզները քեզանից շատ վաղ եմ լսել: Ինքդ էլ համոզված ես, որ քու որդին երբեք չի կարող այն մեր քաշած դառն օրերը մոռանալ ու նույն սոսկալի վիճակին մատնել յուր սիրասուն մորը և դեռափթիթ կնոջը: Միայն ինձ համար մի նպատակ ունիմ, որոշ և պարզ, այդ նպատակիս հասնելն էլ դժվար չէ ինձ համար: Սթամբոլում մի համեստ դրամագլուխ կազմելն ու վերադառնալը ծանր գործ չէ ինձ նման աշխատող մի արհեստավորի համար: Ինձ ոչ հազար է պետք, ոչ էլ հարյուր հազար, մի-երկու հարյուր լիրան անվերջանալի դրամագլուխ է մեզ նման մի համեստ ընտանիքի համար:

– Գնա՜, որդի՜ս, մի՜ վհատիր, գնա գործիդ, խիղճդ զարթուն պահիր ու միշտ հիշիր մանկական օրերիդ դառնությունները…

Մի-երկու օրից, արդեն ճանապարհի բոլոր պատրաստությունները տեսած, ուղի ընկավ Առաքելը: Նրան ուղեկցեցին կինը, մայրը, զոքանչը և խաչեղբայրը` Սրապիոնենց Պապոն: Փոքրիկ պայուսակը ուսին գցած, մի մահակ էլ ձեռին գնում էր Առաքելը, ջանալով որքան կարող էր ուրախ ու զվարթ դեմքով անջատվել սիրելիներից: Բերսան նույնպես պահպանում էր կեղծ ժպիտը, իսկ Սառան տրտում էր, թախծալի դեմքով: Օրն ամպամած էր, աշնան տխրաշունչ քամին փչում էր, ծառերի տերևները օդի մեջ ծածանվելով թափվում էին, գետինը ծածկված էր բոցակիզված, դեղնած խոտերով, որոնք քամու՝հետ սփռվում էին օդի մեջ: Հազիվ թե մի հարյուր քայլ բերդից հեռացել էին, Բերսան ետ դարձավ և ասաց.

– Խնամի Մարթա՛, Սառա՛, աղջիկս, բավական է, ետ դարձեք, գնացեք տուն: Մենք էլ շուտով կգանք:

Մի վերջին համբույր ևս տվին Մարթան ու Սառան Առաքելին, արտասվալի աչքերով, անմռունչ տուն դարձան: Երբ քիչ էլ առաջ գնացին, Առաքելը դեմքը շուռ տվեց բերդի կողմը, մի դառնաշունչ հառաչանք արձակեց անզգայաբար և մոլեգնած քայլերով շարունակեց իր ուղին, Սույոլի արտերի կողքերով: Բերսան այնքան խորասուզված էր բաժանման դառն մտքերով, որ ոչինչ չնկատեց, իսկ Պապոն այնպես ձևացրեց, որ իբր թե չտեսավ ու անցավ:

Երեքով ճանապարհները անմռունչ շարունակեցին մինչև Կտրած ապառաժը, որտեղ Բերսան կանգնեց բարի չու մաղթելու յուր որդուն: Դարձյալ համբուրվեցին մայր ու որդի, և Բերսան չկարողացավ զսպել իր արտասուքը, որ գլորվում է յուր չորացած այտերից, ինչպես ապառաժի երեսից սահում են իրար հետևից հալված ձյունի կաթիլները: Մռայլ էր և Առաքելը, հոգով տխրած, բայց մայրը նրան մանկությունից այնպես էր վարժեցրել տոկալու, որ բոլոր ճիգովը ջղերը սանձած, անզգա, անկենդան ձևացած, սպասում էր մորից բաժանվելու վայրկյանին: Չէր ուզում երիտասարդը, որ այդ վերջին րոպեում յուր որևէ անզգույշ բորբոքումով, փղձկել ու մղկտացնել մոր սիրտը, որն ինքնըստինքյան մորմոքումից ժայթքելու պատրաստ էր: Բայց ուժերն սպառվեցին, և ջղերի լարերը կտրատվեցին, մայրն էլ, որդին էլ հեկեկացին, գրկվեցին ու չէին կարողանում բաժանվել: Լեզուները չէին շարժվում, մթնած աչքերը չէին տեսնում իրար դեմքերի, մկանների արտահայտությունները, բայց իրար սրտերի միջից անցածները զգում էին: Կարող էին նրանք երկար ժամանակ այդ դրության մեջ մնալ, եթե Պապոն, որ նվազ չէր զգացված այդ պատկերով, սրտակտուր ձայնով նրանց չհիշեցներ, որ բաժանվելու ժամանակն է:

– Քեզ էլի ի՞նչ պատահեց, Բերսա՜, – ասաց Պապոն վշտաբեկ տիկնոջ թևից բռնելով, – նոր տեսածդ է, մի՞թե հարազատներիցդ այս առաջին անգամն է, որ բաժանվում ես: Առաքելի այս ճանապարհից տուն գալուց քանի՞ օր է անցել, որ դու այդպես շուտ մոռացար և այսպես խիստ ընկճվեցար: Գնա՜, Առաքել ջան, տերը քեզ հետ: Մեր վիճակն էլ այս է: Թե որ տունը նստիս, ո՞վ պիտի կերակրե քու ընտանիքը: Գնա՜ բարով, վաստակիր խերով, ետ դարձիր հազար բարով:

– Ստեղծողիդ եմ քեզ հանձնում, որդի՜ս, – ասաց Բերսան ետ դառնալով:

– Պապո ապար, դուն ու քու հոգիդ, դրանք քեզ ամանաթ: Դու գիտես, էլ ի՞նչ ասեմ, – ասաց վերջին անգամ լցված սրտով Առաքելը և երեսը դարձրեց դեպի յուր ճանապարհը:

– Բարի ճանապարհ, բարով հասնիս, դու հոգս մի անիլ, – ասաց առանց ետ նայելու Պապոն և պառավի հետ շարունակեց յուր քայլերը դեպի բերդը:

Ցուպը ձեռքին, մեծ-մեծ քայլերով իջնում էր դեպի ձորերը Առաքելը, մտազբաղ և մռայլ, երբեմն-երբեմն ետ դարձնելով գլուխը դեպի բերդը և սրտի խորքերից ծանր ու բոցակեզ հառաչելով: Արևը թեև բավական բարձրացել էր հորիզոնից, բայց ոչ մի նեղություն չէր պատճառում հետի ճանապարհորդի, քանի որ անտառներն ու այգեստանները նրա ուղին հովանավորում էին: Երբ դուրս եկավ ձորից ու ծառաստաններից, անցավ Արդանուչի վտակը, անպաճույճ ու անհովանի զառիվերով սկսեց բարձրանալ կիզիչ արևի ճառագայթների տակով, կամաց-կամաց սիրտը պատած թուխ-մութ պատկերները անհետացան, չիջավ հոգու փոթորիկը, դադարեցան հառաչանքները: Երբ նեղ ձորից դուրս գալով Շավշեթի գետափում Առաքելի աչքերի առաջ լայնացավ հորիզոնը, երևցան հեռուն՝ Խարխանի անտառները, օձապտույտ, ահեղընթաց ճորոխի հորձանքները, մշտադալար ձիթենիի այգեստանները, կապուտակ երկնակամարը և նրա մեջ տարածված արծաթափայլ, բամբականման, քուլա-քուլա ամպիկները իրենց սքանչելի ծփանքով: Բնության այդ զվարթագույն պատկերներով Առաքելի սիրտը, աչքերը գրավվեցին, այնպիսի նոր-նոր հույսեր ծնվեցան նրա սրտի խորքերում և ուղեղում, որ նա, առժամանակյա անջատման բոլոր ցավերը մոռացած, լիահույս վստահ հաջողությունների մասին, ավելի թռչկոտելով, քան թե քայլելով ձգվում էր դեպի յուր նպատակակետը:

Ետինքին հասավ Կամուրջի գլուխը՝ Կորձուլ: Խառնաշփոթ երազներով անցկացրեց գիշերը և արշալույսին նավակ նստելով, բազմաթիվ ընկերներով հետևյալ իրիկնադեմին հասան Բաթում: Առանց ժամավաճառ լինելու, գնաց ու մուրհակ տվեց սիմսար Կարապետին՝ երեք լիրայի, երեք ամիս ժամանակի, որով տոմսակ գնեց ու ճանապարհ ընկավ ռուսական ընկերության Ալեքսանդր II շոգենավով դեպի Կ. Պոլիս:

Ուղիղ է, այդ փոխառինության համար մի լիրա տոկոս էր տալու Առաքելը, բայց նրա ուրախությանը չափ չկար շոգենավի մեջ: Պարզ լուսնկա գիշեր էր, և խաղաղ ծովը նմանում էր հայելու, որի մեջ լողանում էին լուսինն ու աստղերը: Մինչև կեսգիշեր Առաքելը դիտում էր, թե ինչպես յոնուզ-ձկները նավի քթի հետ մրցում էին և խայտալով առաջ-առաջ սլանում, կարծես նրանք էլ իրեն հետ Կ. Պոլիս էին գնում, նրանք էլ բախտ որոնելու էին դիմում: Լուսնի ճառագայթները սփռված մակարթափ ծովի երեսին, բոլոր պար բռնողների նման, հանդարտ ծփանքով ցոլում էին անվերջ ծածանումներով և ինքը լուսինը, կարծես նախանձելով ձկների վիճակից, իջել էր ծովի խորքերը լողալու, զովանալու և թարմանալու: Այս տեսարանը հետզհետե խորասուզեց Առաքելին տխուր մտքերի մեջ, ինքն էլ լուսնի նման գոնե շքով ընկավ յուր հայրենի օջախը, յուր սիրելիների գիրկը և երևակայական օդային համբույրներով սկսեց զովացնել յուր սիրտը, հոգին: Բայց Առաքելը լուսնի նման երկնքի վերնահարկերում թռչկոտելու հարմար թևեր չուներ, որ կարողանար դիտել յուր հայրենի օջախը եթերի բարձունքից, զննել յուր պաշտելիները…

Առաքելի Կ. Պոլիս հասնելուց արդեն երեք ամիս անցել էր: Նա գալուն պես Շիշմանի տունը մտել էր խոհարար, ամսական երկու լիրայով: Անմիջապես շոգենավի տոմսակի պարտքը վճարելուց հետո մի լիրա էլ տուն էր փոխադրել, որպեսզի մայրն ու կինը կարոտություն չքաշեն: Ինքը անձնական ծախսեր չուներ, յուր պարոնի տան մեջ ուտում, ծխում, լվացվում, տիրոջ հին շորերը հագնում և բոլոր կարիքները հոգացվում էին: Իսկ շռայլությունը ընտանիքից հեռացած պանդխտին սազ չէր գալ, նամանավանդ Առաքելին, որ փարայի ղադրը շատ լավ գիտեր, քանի որ օրական տասնևվեց ժամ խոհանոցի ճենճերում, ճթրտան ածուխի օջախի առաջ և դրանից բարձրացած կյանք մաշող ծխի ու գազերի մեջ տապակվելով էր ձեռք բերում այդ փարաները: Նա արդեն հիմք դրել էր ստացած գումարները տնտեսելու և երկու լիրա Ղալաթիայում մի հայտնի սարրաֆի տվել էր վեց տոկոսով, խոստանալով ամեն ամիս նրան հանձնել լիովին յուր ռոճիկը և ձեռքն ընկածները:

Ձմեռ էր, բայց ո՜չ թե Հայաստանի բուքն ու բորանը: Փորլասը (զեփյուռ) ձյան հատիկները խփում էր փողոցներից անցուդարձողների երեսին, թրջում դեմքերն ու ձեռքերը և կարմրացնում այտերն ու ականջները: Պերայի փողոցները անտանելի ցեխոտ էին, քանի որ եկած ձյունը իսկույն հալվում և խառնվում էր մայթերի և սալահատակների վրա գտնված փոշիների մեջ: Հարուստների և տաք հագնվածների համար մեծ զվարճություն էր կառքերով կամ հետի փողոցներում զբոսնելն ու չափչփելը: Նրանց իրանները ամեն կերպով պաշտպանված էին ցրտից, խոնավությունից և ցեխից, իսկ կերած յուղալի ու ճարպալի խորտիկները մարսելու համար կարևոր էր այդ զբոսանքը, մանավանդ զվարթացուցիչ ու կազդուրիչ: Ցուրտ քամին, ձյան հատիկները թարմացնում էին նրանց և անհետացնում ոգելից խմիչքների գոլորշին նրանց մարմնից:

Բայց այդպես չէր աղքատի համար, պանդխտի համար, որն ամառվան վերարկուի մեջն էր ձմեռն էլ, որի կոշիկների ծակոտիներից երևում էին մերկ մատները և մաշված թևերի միջից՝ արմունկները: Նա դեռ հաճախ ենթակա էր հարուստին ճանապարհ տալու համար նեղլիկ մայթերից իջնել ցեխալի փողոցները և մինչև սրունքները լողալ տիղմերի մեջ:

Դեռ այդ հերիք չէ, էֆենդիների և բեյերի կառքերի, ձիանների և անիվների բարձրացրած տիլը ցայտելով, գլխից դարիվար ապականում էր ցնցոտիների մեջ կոլոլվածներին: Այսպես ցեխոտված ու ցրտից ամբողջ մարմնով դողդղալով, Առաքելի հայրենակից Պեխքեյենց Պոտոն զարկեց Շիշմանների դուռը. Առաքելը նրան իսկույն խոհանոց տարավ և օջախի մոտ մի իսկեմլու (աթոռ) վրա նստեցնելով, ասաց.

– Պոտո՜, դու տաքցիր, մինչև ես տեսնեմ դուդուն (տիկին) ի՞նչ է ասում:

– Գնա՜ ռոցով, տեղավորվեց օջախի առաջ:

Մի հավաքածու էր ներկայացնում Պոտոն յուր հագուստով, գդակը՝ թուրքի, փուշին՝ պարսկի, վերարկուն՝ ֆրանսիացու, ձիկվեն ու շալվարը լազի, չստերը հայի ու զբունը՜ քրդի: Բայց բոլոր հագուստը մաշված ու մաղված էր, այնպես որ խոնավությունն ու ցուրտը անարգել թափանցում էին նրա շորերի ամեն կողմից, և թշվառ Պոտոն սրսփում էր ու ցնցվում ամբողջ մարմնով: Առաքելը վերադարձավ և հայրենակցին հանգստացնելու համար կրկնեց.

– Պոտո, դուդուն կերակուր ուզեց, ես նրանց հաց պիտի տամ, դու հանգիստ տաքցիր, մինչև ես գործս կարգի դնեմ:

– Լա՜վ, բանիդ աշե՜ , – ասաց կզակը դողդողացնելով Պոտոն, – քեզի գիր ունիմ, բայց հետո, հետո: Ձեռքս չի բռնում, որ ծոցիցս դուրս հանեմ:

Առաքելը արդեն չլսեց Պոտոյի խոսքերը, նա պահարանները բաց անում, խփում էր, զանազան նյութեր էր առնում, այս կողմ, այն կողմ թռչկոտում, կարգի բերում յուր կերակուրները: Մի քանի րոպեից եկավ աղախինը, մատուցարանները ձեռքին, հետզհետե սկսեց կերակուրների հոտը բուրել: Պոտոյի դատարկ ստամոքսը բորբոքվեց և, ախորժակը գրգռված աչքը չռեց նրանց վրա, բայց Առաքելն այնքան զբաղված էր, որ այդ շարժումները չնկատեց անգամ: Նա անդադար ձգվում էր այս ու այն կողմ և կարգի բերում ամեն բան, որ չլինի թե պակասավոր գտնվի և խոսք գա վրան: Պոտոն տաքացավ, չորացավ և թմրած տեղից բերանի ջրերը վազելով, զննում է այն բոլոր համեղ պատառները, որոնք իրար ետևից Առաքելը լցնելով պնակները, դարսելով մատուցարանները, աղախնի ձեռքով վեր էր ուղարկում:

– Պոտո ջա՜ն, քիչ էլ համբերի՜ր, ահա՜ պրծա, մնաց միայն պաղպաղակը, – ասաց դարձյալ Առաքելը, մաքրելով հախճապակե պնակները: Երբ այդ էլ վերջացրեց, մի աթոռ առավ, նստավ յուր սեղանի առաջ և ծխատուփը գրպանից հանելով ասաց. – Պոտո ջա՜ն, չտաքցա՞ր, հերիք այդ մախրոցի մոտ նստիս: Արի քովս պատմե տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա: Արի քովս, շունչ առնեմ, մի սիգարս ծխեմ, մենք էլ հաց ուտենք: Լավ որ եկար. մինակ հաց ուտելը անդուր բան է:

Պոտոն մոտեցավ և, ծոցից նամակը հանելով, տվեց Առաքելին, որը հասցեն նկատելուն պես ճանաչեց յուր հոգեկցի Սառայի ձեռագիրը: Առաքելը չկարողացավ համբերել, սիգարը վար դրեց և սկսեց կարդալ: Կարդաց ու հուզվեցավ և դառն մտքերի մեջ խորասուզվեցավ, այնպես որ կիսակարդալ ծոցը դրեց կնոջ գիրը, ծխելը շարունակելով: Հեշտ չէր Առաքելի նման կակազելով կարդացողի համար չորս երեսը գրված մի նամակ կարդալը, այն էլ թերուս, մի անվարժ կնոջ ձեռքով գրված:

– Պոտո՜, դու քաղցած կլինիս, – ասաց քիչ հետո Առաքելը, – հացներս ուտենք, ես գիշերս կկարդամ այս նամակը:

Ու նստան հացի: Ի՞նչ կխնայեր հայրենակիցը երկրացուն, մանավանդ` էֆենդիի անհաշիվ պահարաններից:

Գիշեր էր, մեջ գիշերի մոտ: Առաքելը, առանձնացած յուր խոհանոցում սեղանի առաջ, կանթեղի աղոտ լույսի տակ, կարդում էր կակազելով յուր ստացած նամակը: Կարդում էր նամակը և անվերջ արտասվում: Խմում էր անդադար և հառաչում հորթը կորցրած կովի նման: Ընդարձակ չէր Սառայի գրած նամակը, բայց բովանդակությունը ծովեր կլցներ, ցամաքներ կծածկեր: Ամեն մի բառ, ամեն մի նախադասություն գրերով մտածելու առիթ էր սիրտ ունեցող, զգացման տեր մարդու համար: Նա ո՜չ հաց էր ուզում Առաքելից, ո՜չ էլ հալավ, կյանք էր պահանջում, հոգի էր ուզում, իրեն էր կանչում… Մեծ ուրախություն էր ավետել Սառան Առաքելին, նա ազատվել էր և մի առույգ զավակ ծնել նրա համար, որին պապի անունով Լևոն էին անվանել: Բայց այդ ավետիսը ավելի շատ արտասուք խլեց գորովալի հոր սրտից, քան թե բոլոր վշտերը, որ նկարագրել էր թշվառ Սառան:

Այնպես բորբոքվել, այնպես էր հուզվել Առաքելը, որ մոռացել էր, թուլացել մնացել և չէր լսում զանգահարությունները: Հանկարծ աղախինը ներս եկավ և տեսնելով նրան սեղանի առաջ անզգայացած, ապուշ կտրած, գլուխը թևերին հենած, կամացուկ սկսեց կանչել.

– Առաքե՜լ, Առաքե՜լ, գառնուկ, դուդուն ընթրիք է ուզում:

Սթափվեցավ Առաքելը և իսկույն նամակը ծոցը դնելով, խրտնած եղնիկի նման մոռացավ ամեն ցավ, սկսեց վազել այս ու այն կողմը և կարգի բերել ամեն բան: Կերակուրները նա ժամանակին խնամքով պատրաստել էր, սպասում էր հրամանի, որ ներս տա: Ամեն ցավ, ամեն վիշտ ու հոգ Առաքելը պարտավորված էր թաղել, սպանել յուր սրտի խորքերում և հանձն առած պարտականությունները ճշտությամբ կատարել: Ամեն մի սխալի, ամեն մի թեթև անճշտության համար նա պարտավորված էր անարգանքներ ու լուտանքներ լսել, սպառնալիքների տոկալ, թե ինչ է ամսական մի չնչին գումար էր ստանալու, մի գումար, որն ապրեցնելու, կենդանացնելու էր յուր ընտանիքը, մի գումար, որից մտածում էր մի փոքրիկ կապիտալ կազմել և հայրենիք վերադառնալով, մի գործ սկսել և ընտանիքի մոտ, հայրենի հարկի տակ կերակրել յուր գերդաստանը:

Այսպես, արշալույսից մինչև կեսգիշեր, երբեմն սրանից էլ մի երկու ժամ անց, Առաքելը խոհանոցում կենդանի թաղված շրջելու էր, վազելու էր դես, դեն և ժամերով ձեռքերն ու երեսը խորովելու էր կրակի առաջ, որպեսզի յուր տերերին հաճոյանա, նրանց աչքը մտնի և նրանց կոպեկներին արժանանա: Իսկ Առաքելը մի այնպիսի նպատակ ուներ, մի այնպիսի ուխտ էր դրած, որ տոկունությամբ տանում էր ամեն բան, համբերում էր եզի նման և քաշում այն ծանր լուծը, որը դրել էին նրա ուսին շիշմանները և տանում ինչպես հրամայում էին յուր կամապաշտ դուդուները:

Այս վարմունքով այնպես գրավեց Առաքելը տերերին, որ նրանք վեց ամիս հետո, նրա ռոճիկը, առանց Առաքելի պահանջելուն, ավելացրին մի լիրայով, որով նա արդեն անվանի խոհարարների շարքն անցավ: Առաքելը խրախուսված այդ հավելումով, սկսեց ավելի լուրջ կերպով զբաղվել յուր արհեստով, այնպես որ նա միշտ փորձեր էր անում կատարելագործելու յուր գիտեցածը և նորից սովորածները: Երկու տարին չլրացած արդեն նրա ռոճիկը բարձրացրին չորս լիրայի:

Մեծ մխիթարություն էր Առաքելի համար ստացած ռոճիկը, որը օրեցօր աճում էր սեղանավորի մոտ: Նա արդեն վաթսուն լիրա ուներ, մի գումար, որը մեծ հույս էր արդանուչեցու համար: Այդ գումարով Առաքելը կարող էր մի փոքրիկ գործ սկսել և կատարյալ ապրուստ ձեռք բերել Գյոլայի քրդերի կամ Շավշեթի թուրքմանների մեջ: Բայց քիչ խորը մտածելուց հետո վճռում էր դեռ միառժամանակ էլի մնալ, կապիտալը հասցնել մի հարյուր լիրայի կամ մի քիչ էլ դրանից ավելի ու այնպես հեռանալ:

Սեղանավորից ստացած տոկոսը և տանտերերից տոների առթիվ կամ մեծ հրավերներին ստացած նվերները կազմում էին տարեկան մոտավորապես տասնևհինգ ոսկի: Այս գումարը արդեն բավական էր Առաքելի տան ապրուստին: Դեռ այդ գումարից տալիս էին ոչ միայն խարաջն ու բեդելեթը, այլ մինչև անգամ տարեկան մի-մի ձեռք հալավ էին կարում: Երրորդ տարին լրանալիս, արդեն հարյուր ոսկի ուներ Առաքելը սեղանավորի մոտ: Նա կնոջ ու որդու համար բավական բան ու ման արած պատրաստվում էր տուն վերադառնալ: Արդեն այդ օրերը Ագանուչից եկել էր յուր կնքահայրը՝ Պապո ապարը, և ստիպում էր, որ ձեռք քաշե Պոլսից, պատրաստվի իրեն հետ տուն վերադառնալու:

Առաքելը յուր միտքը հայտնեց տիրոջը, որպեսզի նա ուրիշ խոհարար վարձե իրեն տեղ: Բայց երբ տիկիններն այդ բանը լսեցին, հակառակվեցան Առաքելի մտադրության և չէին թողնում շեմքից անգամ դուրս գալու: Շատ ընդդիմացավ Առաքելը բայց չկարողացավ օձիքն ազատել Շիշմանների ձեռքից: Ընդհակառակը, սրանք ռոճիկը հինգ լիրայի բարձրացնելով, Առաքելից երկու տարով ևս մնալու խոստումն առին: Առաքելը մտածեց, որ երկու տարվա ընթացքում կկարողանա ևս մի հարյուր լիրա ավելի տնտեսել, երկու հարյուր լիրա կապիտալով հայրենիք վերադառնալ և առաջնակարգ հարուստների դասն անցնել յուր ծննդավայրում: Այդ գումարը շլացուց Առաքելին, և նա զիջավ մի երկու տարի ևս տոկալու: Խեղճ խոհարարը էլի մի քանի կտոր փալաս ու մետաղ գնեց և ավելացնելով առաջվա գնածների վրա, ուղարկեց խաչեղբոր Պապոյի հետ յուր կնոջն ու մորը, դրանցով խաբելու, միանգամայն խոստանալով մի տարուց հետո անպատճառ վերադառնալ հայրենիք: Տարիները սահում էին, իսկ Առաքելը չէր կարողանում բաժանվել Շիշմանների ոսկիներից կամ ավելի ճիշտը կապիտալը մեծացնելու տենչից…

Մեծ իրարանցում կար Շիշմանների տանը: Երկու վերին հարկերը հարսանիքին հատուկ լուսավորված էին: Շքեղ երեկույթ էր և Պերայյի beau monde-ը Շիշմանների տանն էր: Պարում էին, թռչկոտում էին, դաշնամուրի ձայնը և ուրախ քրքիջներն ամբողջ թաղում դղրդյուն էին բարձրացրել: Փողոցի դուռը բաց էր: Գավթում և բակում ծառաները ղժվրտում էին, պարտեզում հանդիսականները ծառերի, տակ և քյոշքերում զբոսնում: Կառքերն ու սեթիաները դռանը՝ փողոցում շարված և սենեկապաններն ու աղախինները սանդուխներից անդադար բարձրանում, իջնում էին: Աշնանային պարզ մթնկա գիշեր էր, և երկինքը բազմաթիվ աստղերով զարդարված: Պարող երիտասարդները իրենց անգաժեների հետ: Պարամիջոցներում զույգ-զույգ իջնում էին տան գույնզգույն լապտերներով զարդարած պարտեզը, պաղպաղակ ընդունելու և բլդակներ վայելելու: Տան տիկիններն ու օրիորդները այս կողմ, այն կողմ էին դառնում, վազում և ցրված հրավիրյալներին պատվում, հյուրասիրում: Աղախինները, որոնց թիվը այդ գիշեր սովորականից տասնապատիկն անցել էր, մի ակնթարթում կատարում էին տիրուհիների հրամանները: Մատակարարը մառանից անընդհատ ափսեներով խմիչք ու մրգեղեն էր դուրս տալիս և քաղցրեղենների անուշ բուրմունքով գրգռում հրավիրյալների ախորժակը: Պարերգերն ածում էին դաշնամուրի վրա չորս ձեռքով, ջութակի օգնությամբ, իսկ խաղամիջոցում թուրքական երաժշտական խումբը զբաղեցնում էր հասարակությանը պարտեզի մեջ յուր երգերով և նվագածությամբ: Այդ միաձայն մեղեդին գրգռում էր ջղերը, մորմոքեցնում սրտերը, մանավանդ ալկոհոլի ազդեցության տակ ընկածներին:

Բազմամբոխ հրավիրյալները բաղկացած էին Պերայի զանազան դասերից՝ թե՜ ֆինանսական աշխարհից և թե՜ ինտելիգենցիայից: Այդտեղ կային ևս մի քանի իսլամ պաշտոնականներ իրենց եվրոպական տարազներով զարդարված կանանց հետ, որոնք շատ ախորժում էին քրիստոնյա երիտասարդների հետ պարելուց: Երիտասարդների և հասած օրիորդների թիվն անչափ էր: Սրանք իրար խաբելու համար միջոցների մեջ ընտրություն անգամ չէին անում: Բայց տարաբախտաբար ծերունիներն էին հրճվում, բերկրում օրիորդների գեղեցկությամբ և ձգտում նրանց իրենց ոսկե ցանցերի մեջ գլորելու, իսկ առույգ երիտասարդների սրտում միայն մատաղահաս, բայց հասակավոր ամուսիններ ունեցող տիկիններն էին տեղ բռնել:

Հրավիրյալների մեջ բոլոր երիտասարդների աչքը շլացրել ու գրավել էր տիկին Լելեն Գալֆայանը, որը գեղեցկությամբ երեկույթի թագուհին էր: Տիկինը հազիվ քսանհինգ տարվան լիներ և թեև երեք զավակի մայր էր, բայց տասնվեց տարվան օրիորդի նման գողտրիկ և անմեղ ժպիտներով էր պատասխանում ամեն մի սրտաբուխ կայտառ հայացքի: Տիկինը ամուսնացած էր Տիրան բեյ Գալֆայանի հետ, որը նախկին մայր սուլթանի առաջին ճարտարապետի թոռն էր և պապից մեծամեծ կալվածներ ժառանգած՜ ահավոր հարստության տեր: Տիրան բեյը թեև քառասուն տարեկան հասակումն էր ամուսնացել, բայց ժիր էր և պարապում էր մանուֆակտուրայի առևտրով ու մեծ կապեր ուներ Մանչեստրի ֆիրմաների հետ: Բեյը, որ մի քանի հասակակիցների հետ թղթախաղով էր զբաղված, ոսկիներ էր ցրվում իրեն շրջապատող պաշտոնականներին ու փաստաբաններին, աչքը չէր հեռացնում նույնպես պարողներից, մանավանդ յուր կնոջ պարընկերներից: Բայց Միհդատ բեյը, որ Կ. Պոլսե վաճառականական դատարանի անդամն էր, առանց շուրջը նայելու ամեն կերպ աշխատում էր հաճոյանալ մատաղահաս տիկնոջը: Հելենը հրճվում էր Միհդատի սեթևեթներով և մի քանի անգամ նրա թևը մտած իջավ պարտեզ, և քյոշքերի մեջ զովացած ու շիկնած վերադարձան պարահանդես:

Այս բանը այնքան վրդովեց Տիրան բեյին, որ ուշքը կորցրած, անընդհատ տարվում էր: Վերջապես համբերությունը սպառված, թողեց թղթախաղը և կնոջը մոտենալով, ասաց մեղմորեն.

– Հելե՜ն, գնա՜նք, քեֆս քիչ ավերվեց:

– Ի՞նչ ունիս, հոգյակս, – մի այնպես քաղցր արտասանությամբ և հաճոյալի հայացքով ասաց Հելենը, որ Տիրանը մոլորվեցավ, ցրվեց նրա ժանտ նախանձը, կասկածները և կակազելով ասաց.

– Չգիտեմ, սիրտս սանկ…

– Գնա՜նք, գնանք, – ասաց Հելենը սրտաբաբախ տոնով, երբ նրանց մոտենալով տան տիկինը, ասաց.

– Ինչո՞վ կարող եմ ձեզ հյուրասիրել:

– Շնորհակալ եմ, տիկին, – պատասխանեց Հելենը հոգատար դեմքով, – բեյս քիչ քեֆ չունի, ներեցեք, որ պարտավորված ենք ձեր գրավիչ երեկույթից շուտ զրկվելու…

– Խնդրում եմ, չթողնել մեզ, արդեն ժամանակն է, մի-մի ղադայիֆ ուտենք և որդուս կենացը խմեցեք: Հինգ րոպե հետո լրանալու է նրա ծննդյան երեսունհինգ ամյակը…

– Ուրախությամբ, – ասաց Տիրան բեյը և դառնալով կնոջը, ավելացրեց. – Մի քառորդ ժամ ևս կարող ենք մնալ, – ու բազմոցի վրա տեղավորվեցավ:

– Ղադայիֆ–ղայմաղ, – ձայն տվեց տիկինը, – լիկյո՜ր, շամպայն, – և աղախինները իսկույն սկսեցին այդ բաժանել: Ամեն կողմից կանչում էին. կեցցե՛ Մագսուտ բեյը, կեցցե Շիշման տոհմի կորյունը:

– Վերջին կադրիլը, զույգե՜ր, զույգե՜ր, առաջ, – ձայն տվեց պարի առաջնորդողը, և Միհդատ Էֆենդին կրկին չոքեց Հելենի առաջ ու խնդրեց պարել: Աղմուկն ու աղաղակը, պարողների ոտնաձայնն ու դաշնամուրի եղանակները կենդանացրին երեկույթը, և Տիրան բեյը պարտավորված կրկին նստավ թղթախաղի: Միհդատ էֆենդին հանգամանքից օգտվելով, կրկին թևն առաջարկեց Հելենին, և միասին իջան պարտեզ: Անկյունի քյոշքում տեղավորված պաղպաղակ պահանջեցին և սկսեցին առանձնության մեջ սրտի զգացումները իրար պարզել: Առաքելը, որ մինչև այդ ժամանակ խոհանոցի բոլոր գործերը կարգի բերելով էր զբաղված, քրտնաթոր իրանով, կիսով չափ դուրս երկնցավ խոհանոցի լուսամուտից զովանալու և լսելով հոմանիների սիրազեղուն բացատրությունները, ակամա նրանց ականջ դրեց բորբոքված սրտով:

– Շատ նախանձոտն է ամուսինդ, եռ է գալիս, երբ նկատում է, որ դուք քաղցր ժպիտով եք ինձ մոտենում: Ճշմարիտ, ինձ հաճելի չէ, որ ձեզ վրա նկատողություն անե, իմ պատճառով իրար մեջ տարաձայնություններ ունենաք, բայց սիրտս, զգացումներս դու խո՜ գիտե՞ ս, որ չեմ կարող սանձել…

– Ես չեմ էլ ցանկալ, որ սանձես, դու անհոգ կեցի՜ր, դու թույլատրի՜ր ջղերիդ սանձարձակ գործելու, ինձ թո՜ղ, որ ես կարգադրեմ մնացյալը: Նրան մի հայացքով, մի բառով կարող եմ խաղաղեցնել:

Հանկարծ տիկինը հրամայեց ընթրիք տալ: Աղախինները մտան խոհանոց: Այս ու այն կողմից բան էին պահանջում, իսկ Առաքելը չէր երևում:

– Առաքե՜լ, Առաքե՜լ, – կանչեցին, որը սթափված ներս ընկավ և սկսեց կերակուրները կարգավորել ու ներս տալ, բայց նա այնպես հուզված ու մոլորված էր, որ շփոթվում էր, խառնվում…

Ընթրիքից հետո Մագսուտ բեյը, երբ ճանապարհ դրեց յուր հյուրերին, կանչեց Առաքելին յուր մոտ և ասաց զայրալի.

– Առաքե՜լ, ի՞նչը քեզ ստիպեց այդպես անարգելու իմ հյուրերին, այդ ինչպիսի կերակուրներ տվիր:

Երբ խեղճ խոհարարը լռել էր, չէր իմանում ի՞նչ պատասխանել, բեյը անարգական խոսքերով հանդիմանում էր նրա վարմունքը, Առաքելը, ճարահատ, գրպանից հանեց տանից ստացած հետևյալ նամակը և հանձնելով բեյին, ասաց.

– Ես մոլորված էի, ես այլևս չեմ կարող ծառայել, պարտականություններս ճշտությամբ կատարել:

Մագսուտ բեյը կարդաց հետևյալ նամակը, որ գրել էր Սառան Առաքելին.

«Իմ անգին թագ ու պսակ՝ Առաքել ջա՜ն.

«Չգիտեմ, գիրս որտեղի՞ց սկսեմ, ի՛նչ գրեմ, քանի որ թուղթն ու գիրը քո սիրտը չի կակղացնում, քու հոգին չի բորբոքում, խելքդ, միտքդ տվել ես ժանտ ոսկուն, կպել ես Սթամբոլին, մտահան արել քու տունն ու քու տեղը, քու մորն ու քու պապերի գերեզմանը, քու կնոջն ու քու մատաղ որդուն: Երեք տարով գնացիր, ահա յոթը տարին բոլորեց, ութերորդի մեջ մտավ: Դու գութ չունի՞ս, դու սիրտ չունի՞ս, դու հոգս չունի՞ս… Ի՞նչ անեմ, թե շատ փող ես բերելու և այնպես տուն դառնալու: Ինչի՞ս է պետք քու ժանգոտ ոսկին, որ ինձ ո՜չ կթարմացնե, ո՜չ կառողջացնե, ո՜չ էլ մի օրով կյանքս կերկարե: Թո՜ղ քիչ ունենամ, թո՜ղ ցամաք հացով փորս կշտացնեմ, թո՜ղ իմ գործած կտավով ու մանուսով իրանս ծածկեմ, միայն թե դու տանդ գլխին կենաս, ես էլ քու շվաքի տակ գործեմ: Դու որ քովս լինիս, ես էլ բանի պետք չեմ ունենալ:

«Անտոն ապարի հետ ուղարկածդ ղութնին, ալաջան ու ջանֆեսը հասավ, դրի սնդուկս առանց ծալքերը բանալու, ձևելու ու կտրելու, առաջվա ղրկածներիդ մոտ: Ինչի՞ս են պետք թանկագին կերպասները, ատլասն ու դիպակը, շալն ու մետաքսը, քանի որ սիրտս, հոգիս սգի ու շիվանի մեջն են: Հորս տնից բերածս ջեհեզը դեռ չէ մաշած, քու կտրել տված կապան ու ջիվբեն թևս անցկացնելու սիրտ չունիմ, էլ տարոց տարի ղրկածներդ կարեմ, ի՞նչ անեմ… ո՞ւմ համար հագնեմ… Երբ սրտիցս արյուն է գնում, երբ աչքերս չեն բացվում, չորս բոլորիս հագված, զուգված ջուխտակներին տեսնելու, երբ ականջներս ծակվում, խլանում են դրացիներիս պարի, երգի ու հրճվանքի ձայներից, որոնք քչովշատով բոլորված կյանք են վարում իրար գրկում: Ես ի՛նչ հավասով էլ զուգվիմ, զարդարվիմ ու նոր-նոր հալավ կարեմ, երբ հները հագնելու ու մաշելու առիթ չունիմ, միջոց չունիմ… Քեզ գրում եմ, թե հին Սառադ էլ չէ մնացել, հալվել, մաշվել, կես է եղել, դու, բուրդ ու բամբակ ականջներդ խրած, ոչինչ չես ուզում իմանալ և գուցե գիրս էլ, նամակներս էլ չես կարդում, դեն ես շպրտում… Անցածները, աստվածածնի տոնին, Թագուհի հորքուրանցդ գնացինք: Կապույտ ջիվբես էի հագել: Գիտե՞ս, միտքդ է, որ վրաս չէր գալիս… Լևոնիս գիրկս առի և ջիվբես երկուսիս վրա կոճկեցի… Ի՞նչ գրեմ, քանի որ այս բոլորը քեզի ջրի ձայնի պես է գալիս:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
220 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772466850
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre