Kitabı oku: «Սատանան մայրամուտին»
Դօրիան
Սատանան մայրամուտին
© Դօրիան – 2017
[битая ссылка] Հեղինակի անձնական կայքը
[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Ֆեյսբուքում
[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Գուդռիդսում
Սատանան մայրամուտին
1. Կարիք
Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:
Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:
– Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – զարթնել եմ, էստեղ արի:
– Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:
– Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, – Մա՞մ:
– Հա ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:
– Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:
– Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:
Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:
– Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:
– Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:
Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:
Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:
Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:
Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:
– Էս էլ ձեր կոֆեն, – սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, – Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:
– Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:
– Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:
– Առել եմ մամ ջան, առել եմ:
– Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:
– Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:
Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:
– Վի՞գ:
– Հա՞:
– Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:
– Ի՞նչ տղամարդ:
– Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:
– Չասե՞ց, թե ինչ գործ:
– Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:
– Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:
Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:
2. «Շյուղեր»
Երկուշաբթին «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրված չէր՝ պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին, մտովի հաշվում վաստակած գումարը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր ենթադրել՝ քիչ փող չի տալու: Ավելի փոքր վարձատրություն նախատեսած մարդը պիտի որ ավելի անվստահ մոտեցում ցուցաբերեր: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:
– Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:
– Ոնց որ, – ծիծաղեց Դավիթն ու ձեռքով բարևեց Արմենին:
– Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:
– Եսիմ։ Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:
– Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսն անց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:
– Ա՞րմ…
– Ի՛, – զարմացած Դավիթին նայեց Արմենը, – Լսար` ի՞նչ ասի:
– Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան հարցնեի: Անցած սմենին քեզ մա՞րդ չի մոտեցել:
– Ի՞նչ մարդ:
– Աշխատանք չե՞ն առաջարկել:
– Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:
Ու Արմենը՝ հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:
Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:
– Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:
– Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:
– Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:
– Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:
– Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:
– Հա։
Տղամարդն անջատեց հեռախոսը, ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լիներ, որ հանուն իրեն կարևոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր աշխատանքն այդքան անհրաժեշտ էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած Հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Ի՞սկ եթե: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնվել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չէր դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլև գումար ամեն ավելորդության համար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքչքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլիներ աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:
Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:
– Այ չուզող, – Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:
– Ի՞նչ ուզեի ոռ: Видишь ли, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, да не за что:
– Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:
– Յա, – բարկացավ Մարգոն, – Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի, кретин:
– Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:
Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:
– Գլխիդ էկավ, հա:
– Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերեի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:
– Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել, контроль-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:
– Ծակվելու՞ ես, այ դայաղչի:
Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:
Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի միջև, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:
– Անպետք, – թավան սեղանին դրեց Մարգոն, – Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի, сама виновата:
– Դավ, – Դավիթի կողմը շրջվեց Արմենը, – Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:
– Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք: Довольно, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:
– Հը՞, կոշկել են, տղեք, – խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:
– Տո սրանք պայմանավորվել են, – բերանը ձռմռեց Արմենը:
– Դավիթ, – գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:
Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:
– Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, – դիմեց նրան Մարգոն:
– Սեքսի պակաս ա, – միջամտեց Արմենը, – Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:
– Սասդ կտռի, է, – բարկացավ Մարգոն, – Թող տեսնեմ, թե ինչ ա էղել:
– Բան էլ չի էղել, – պատասխանեց Դավիթը, – Մտքերով էի ընկել:
– Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, – ավելացրեց ջահել աղջիկը, – Կարո՞ղ ա իսկականից Արմենի ասածից ա:
– Ի՞նչ եմ ասել, – քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:
– Հի, հի, հի, – գլուխն օրորեց աղջիկը, – Շատ ծիծաղալու ա:
Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Սակայն ոչինչ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էին Մարգոյի բղավոցն ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ»,– ասաց մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնվի, թե նախ չեմ ու չում անի: