Kitabı oku: «Լիլի», sayfa 6
_Ֆելո,_Նարգիզը մտավ նրա թևը։
Դեմքը դարձրեց կնոջ կողմ ու գրկեց մի ձեռքով։
_Երբ գալիս ես այստեղ իսկույն փոխվում ես։
_Նարգի՜զ…
_Չեմ հարցնում մտածում ես Լիլոյի մասին թե ոչ, որովհետև պատասխանը ակնհայտ է,_կինը տխուր ժպտաց։
_Սիրելիս, ես երբեք…
_Գիտեմ,_կտրեց նրան կինը։
Այսպես գրկախառնված կանգնել էին Լիլիթի շիրիմի առաջ։
Տասնհինգ տարի է ինչ ամուսնացել էին։ Երջանի՞կ էին։ Ֆելիքսը դժվարությամբ էր ընդունել այդ որոշումը։ Լիլիթից հետո ոչ մեկի վրա չէր նայել։ Կյանքը կորցրել էր գույները, դարձել մոխրագույն ու մռայլ։ Ու այդ դժգույն ներկայի մեջ ջերմացնում էին միայն հուշերը առաջին սիրո մասին։
Ծանր հարված էր նաև Լիլոյի մահվան պատճառը։ Երբ ամեն ինչ բացահայտվեց հիշեց ինչպես ինքը գովում էր օրիորդի գեղեցիկ արտաքինը, իսկ նա հակաճառեց. «արդեն այնքան եմ լսել, որ ինքս էլ հավատացել եմ…. միշտ տանջվել եմ այդ պատճառով։ Սիրուն աչքերիս են նայում ոչ թե լսում ի՛նչ եմ ասում… ի՛նչ բնավորություն ունեմ, ինչպիսի՛ ներքին աշխարհ։ Մի անգամ մի տղա ասաց, որ ես ավելի գեղեցիկ եմ քան նրա նախկին սերը, ու առաջարկեց ամուսնանալ… հենց այնպես, առանց զգացմունքների, որովհետև սիրուն եմ… Ֆելո՛, ես երբեք չեմ ամուսնանա…»։ Բայց դրժեց խոսքը երբ տեսավ Կարենի հաղթանդամ կերպարանքը։ Ու կարճ ժամանակում Ֆելոն հասցրեց տեսնել նրանց միասին ու առանձին… հավիտյա՛ն առանձին։
Կինը դրեց գլուխը իր ուսին։ Նրա մազերի գույնը նման չէր Լիլոյի մազերին։ Նարգիզը ավելի ցածրահասակ էր։ Չեր փայլում շքեղ արտաքինով, բայց ուներ ջերմ, սիրող ու համբերատար սիրտ։
Ինչպե՞ս ամուսնացավ նրա հետ։ Շուրջ տասը տարուց ավելի էր անցել Լիլիթի մահից։ Մերժում էր ամեն տեսակ խոսակցություն ընտանիք կազմելու մասին։ Կորցրել էր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Աշխատանք ու տուն չկար ուրիշ ճանապարհ։ Երբեմն աշխատակիցների հետ ակումբ էր հաճախում։ Մոր դարդն էր դարձել։ Եվս տիկին Գոհարը խոսք էր բացում, որ կյանքը չի կանգնել ու ինքը ջահել է ու պիտի առաջ շարժվի, հիշեցնում էր դստեր խոսքերը հարսանիքին, հարցնում միթե չկա շրջապատում գոնե մեկը ում համակրում է։ Բայց Ֆելոյի սիրտը փակ էր ամեն տեսակ զգացմունքների առջև։ Մի քանի անգամ Գոհարը շեշտեց խոսքը Նարգիզի վրա, սակայն ինքը չլսելու տվեց։ Իհարկե կույր չէր ու նկատում էր Նարգիզի թաքուն հայացքներն ու հառաչանքները, բացասական պատասխանը բոլոր ուզողներին։ Բայց օրիորդը երբեք չեր ցույց տալիս իր զգացմունքները։ Սկզբում Ֆելիքսը խուսափում էր ամեն տեսակ հանդիպումներից, ինչպես և ինքը օրիորդը։ Բայց իրեն տանջում էր այն հանգամանքը որ ինքը դարձել ուրիշի դժբախտության պատճառ։ Հաճախ մտածում էր որ ինքն իրեն հորինում է, հիվանդ երևակայության խաղեր էին, Նարգիզը անտարբե՛ր է, չկա՛ ոչ մի սեր։ Սակայն եթե չկա ինչու՞ չի ամուսնանում, վաղուց ավարտել է ուսումը, լսել է որ ունի բազում ուզողներ։ Բայց ո՛չ… կպել նստել է տանը, որ տանջի իրեն, որ Լիլիթի գերեզմանաքարի նկարը ասի. «Ֆելո՛ ջան, հիմա ինձ հասկացար, սեփական կաշվի վրա զգացիր ի՛նչ է, երբ քեզ սիրում են, իսկ դու՝ ո՛չ»։ Լիլի՛թ, Լիլի՛թ… ինքը քարից չի… որքան էլ այդ աղջիկը հեռու էր պահում իրեն, նրա ցավը արձագանք էր գտնում իր սրտում։ Ի՞նչ անել… չէ որ ինքը ոչ սեր, ոչ էլ երջանկություն չէր կարող տալ այդ աղջկան։ Տանջել մի անմեղ էակի, ով սեր ու գորով է տենչում, իսկ ինքը հոնքերը կիտեց ու ասաց. «խնդրում եմ ամուսնացիր, որ ինձ էլ հեշտ լինի»։ Սակայն ստացավ ապշեցուցիչ պատասխան. «ես Լիլիին խոստացել եմ փրկել Ֆելոյին, երբեք բաց չթողնել ձեռքը»։ Ու վերջապես ինքը հանձնվեց։ Ամուսնացան։ Տառապում էր որ չի կարող տալ այն ամենը ինչի արժանի էր Նարգիզը։ Բայց երբեք բացեիբաց չխոսեցին իրենց զգացմունքների մասին։ Միայն մի անգամ կինը ասաց.«Ես գիտեյի ինչի՛ եմ գնում» ու չթողեց հանել վզից Լիլիթի նվիրած խաչը։ Նարգիզը ավելի ուժեղ էր քան ինքը պատկերացնում էր, ու անմռունչ տարավ խաչը իր հետ միասին։ Առաջնեկը՝ Մեսրոպիկը լրիվ փոխեց իր կյանքը։ Նա վերակենդանացրեց իրեն։ Հետո ծնվեց Արամիկը, ապա՝ Զավենը։ Մայրը երջանկությունից ճախրում էր։ Որդին ուշ ամուսնացավ սակայն բալիկներով լցրեց տունը ու վերջապես Լիլիթի անունը նրանց տանը չէր հնչում։ Ու երջանկությունը դարձավ կատարյալ երբ ծնվեց չորրորդ բալիկը՝ աղջիկը։
_Ֆելիքս, գնացինք։ Արդեն ուշ է հավաքենք երեխաներին ու գնանք,_առաջարկեց կինը։
_Ու՞ր են։ Գտիր տղաներին…
_Դե իհարկե ե՛ս տղաներին, իսկ դու աղջկա՛նդ։
Ամուսինը ժպտաց։ Աչքերում փայլեցին պատանեական կայծերը։ Դարձավ տասնհինգ-քսան քայլ հեռավորության վրա գտնվող դստերը.
_Անթառա՛մ, աղջի՛կս, արի՛, տուն ենք գնում։
P.S Կարենը դուրս եկավ բանտից, վերադարձավ հարազատ գյուղ։ Վարուժանը բերեց նրան իրենց տուն, քանի դեռ կարգի էին բերում փեսայի հայրական օջախը։ Կնոջ բերանը ծռելուն հոնքերը խոժոռեց ու իր բամբ ձայնով ասաց. «Նա արեց ա՛յն ի՛նչ ե՛ս պիտի անեի»։ Գոհարը գրկեց Կարենին ինչպես հարազատ որդուն, չկարողանալով զսպել արցունքները։ Աչքի առաջ եկավ վաղամեռ դուստրը։ Ինչպիսի՞ հոյակապ զույգ էին։ Որքա՜ն երջանիկ էր Լիլիթը։ Ո՜նց էին շողում նրա աչքերը երբ խոսում էր ամուսնու մասին։
Սկսել նոր կյանք դժվար էր, ոչ էլ կար ցանկություն։ Երիտասարդ տարիները անցկացրեց կալանքի տակ։ Դուրս եկավ հասուն մարդ՝ առանց որևէ նպատակի։ Երկրորդ անգամ չամուսնացավ։
Ժամանակը ամբողջ օրերով այգում էր անցկացնում։ Երբեմն գնում էր Վարուժանի մոտ՝ խանութ, խոսել, իմանալ նորություններ ու ցրել դառը հուշերը։ Այցելում էր մոր ու կնոջ գերեզմանները։ Երկու տարվա երջանկության հուշերով էր ապրում։ Ինքն էլ մնացել էլ անցյալում։ Անցյալը կանգնում էր աչքերի առաջ երբ տեսնում էր Վարուժանի ավագ դստերը՝ Լիլիթին։ Հորաքրոջ պատճենն էր, միայն բնավորությամբ տարբերվում էր։ Սա խուժանի մեկն էր, իսկ և իսկ հոր աղջիկը։