Kitabı oku: «Անցյալից», sayfa 12

Yazı tipi:

Թ

1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար։ Տանջալից էր կյանքը նմանապես եւ Թիֆլիսում։ Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր։ Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր։ Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում։

Ես հիվանդ էի դեկտեմբերի սկզբից, այնպես որ բոլոր հեղափոխական վայրիվերությունները միայն թույլ արձագանքներով էին գալիս հասնում անկողնիս։ Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին` հրատարակելով «Յառաջ»188 անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված եւ այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում։ «Մշակի» եւ նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեեւ «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ» – ականներ էին եւ «Մշակի» աշխատակիցներ։ Որոշվում էին նոր դիրքեր։ Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր։ Ամենահինը լինելը վատ չէր, վատը` հնանալն էր։ Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից` աչքի էր ընկնում ե՛ւ գրական շնորհքով, ե՛ւ ավելի արմատական գաղափարախոսությամբ, եւ՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում եւ լույս էր տեսնում զանազան անունների տակ։

Հիվանդությանս անկողնի մեջ ես մի քանի բարեփոխություններ մտածեցի «Մշակը» հնար եղածին չափ կենդանացնելու համար։ Առաջարկություններս ուղարկեցի խմբագրություն, բայց այդ միջոցին իմ դեմ զզվելի ինտրիգ սարքվեց, որ ինձ ստիպեց հեռանալ այդ թերթից, որին ես տվել էի իմ բոլոր ուժերը քսան եւ հինգ տարվա ընթացքում։ Պետք է ասեմ, որ խմբագիր Ալեքսանդր Քալանթարը մի չափազանց անուշ մարդ էր, բայց, տարաբախտաբար, անուշ մարդիկ թույլ կամքի տեր են լինում եւ ենթարկվող։ Գրեթե միեւնույնը կարող եմ ասել եւ խմբագրության մյուս անդամի` Հ. Տեր-Մարկոսյանի մասին։ Եվ որովհետեւ ես բացակա էի խմբագրությունից, ուստի, պարարտ հող ստեղծվեց, որ մի յագոյական հոգի կատարյալ հաղթանակ տանի ինձ վրա։ Իսպառ խզեցինք մեր հարաբերությունները։

Մինչ ես այսպիսի անձնական հոգսերով էի զբաղված, Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ եւ թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին` խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին189։ Բանալով համագումարը` փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ եւ գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել։ Եվ իբր թե խեղճ ու անճարակ իշխանավորը, հանձնելով համագումարի նախագահությունն իր օգնական, գեներալ Մալամային, ինքը հեռացավ։ Բայց բոլոր նիստերին ներկա էր լինում նրա կինը. շրջապատված պալատական տիկիններով` առանձին տեղ էր գրավում մեծ դահլիճի վերնատանը։ Ներկա էին լինում նաեւ Թիֆլիսում գտնվող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` զինվորական թե քաղաքացիական։

Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից։ Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը` իրենց կալվածատեր ինտելիգենցիան։ Աշխատավոր ժողովուրդը` արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ։ Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում։ Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ եւ շատ խղճուկ կատակերգություն էր։ Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարեւանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին։

Ամենից բնորոշ եւ նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը։ Հավաքվել էին այնպիսի մոլի պանթուրքիստներ, ինչպիսիք էին Ահմեդ-բեկ Աղաեւը, Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւը190, դոկտոր [Կարաբեկ] Կարաբեկովը191 եւ նրանց նման շատ ուրիշները։ Համալսարաններում տարիներով նստած այդ բեկերը չքաշվեցին իրենց ներկայացնելու ամենահետադիմական դիրքերի մեջ։ Նրանք եկել էին այստեղ իբրեւ ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ եւ նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ։ «Ոչ ոք, – ասում էին նրանք, – մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրեւ սկզբնապատճառ։ Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են։ Միակ պատճառը Դաշնակցությունն է, եւ, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն եւ հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»։ Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը եւ Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում։ Նախագահ Մալաման երկրորդում էր այդ խոսքերը` այո՛, անհրաժեշտ է ոչնչացնել…

Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած` Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր։ Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին։ «Մի՞թե նրանք մարդիկ չեն», – հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները։ Բայց միեւնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա։ Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության եւ այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը։

Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա։ Աղաեւն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք` երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք։ Դուք կազմակերպություն192 ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»193։ Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա194։

Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետեւ խելոք, համոզիչ բան չունեին ասելու195։ Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ եւ պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են։

Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել։ Ես արդեն վերեւում բացատրեցի։ Սուլթանականությունը եւ ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին եւ այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը։ Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ196, հիմնված էր բոլորովին սխալ եւ անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է` Եվրոպան պաշտամունք` ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում։ Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»։ Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք։

Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը։ Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին։ Մերժվում էր նաեւ սկզբնապատճառ եղող եւ, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը։ Բայց դրա փոխարեն թուրքերը նորից եւ նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը։ Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը197, որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երեւի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը։ Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու եւ տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ եւ թուրք պատգամավորներին։ Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները։ Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը` բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն` ռուսական սահմանադրական պետության մեջ։

Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջեւ բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ եւ նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ` որոշ համաձայնության հանգելու համար։ Մի հայ սպայի հանձնարարված էր նախապես հող պատրաստել։ Շտաբը համաձայն էր ընդունել Դաշնակցության ծրագիրը, եթե նրա միջից հանվեր «հանրապետությունը»։ Ես հաստատ գիտեմ, որ այս ուղղությամբ բանակցություններ սկսվեցին, բայց չգիտեմ, թե ինչով դրանք վերջացան։

Հայ-թուրքական համագումարը վերջացավ 8-9 օր նիստեր գումարելուց եւ վիճելուց հետո։ Պատգամավորների համար կոչունք սարքվեց պալատում, Թիֆլիսի նահանգապետը նրանց ճաշ տվեց։ Կարծես թե ահագին գործ էր կատարել համագումարը, եւ հայ-թուրքական առեղծվածը լուծված էր լավագույն կերպով ու ընդմիշտ։ Մինչդեռ նա, եթե մի դրական նշանակություն ունեցել էր, դա այն էր միայն, որ բաց էր արել հասարակության առջեւ մի տարի տեւող արյունահեղության ամբողջ մղձավանջային բովանդակությունը։ Համագումարը գործողության մի ծրագիր մշակեց եւ տվեց կառավարությանը։ Բայց այդ ծրագրի մեջ շատ քիչ բան կար օրվա պահանջին համապատասխանող։ Հրդեհն անմիջապես հանգցնելու, տառապող աշխատավոր զանգվածներին հանգստություն, աշխատանքի հնարավորություն ապահովելու ոչ մի իրական միջոց։ Այս մասին կարելի է պատկերացում կազմել հենց այն բանից, որ թուրք պատգամավորները ընդհանուր եւ ձրի ուսման պահանջն էին մտցնում, կարծես այդ գործը կապ ուներ հայ-թուրքական կռիվների հետ։

Համագումարը փակելիս կոմս Վորոնցով-Դաշկովն իր ճառի մեջ հայտարարեց, թե ինքը չստացավ համագումարից այն, ինչ պահանջել էր նրանից, այսինքն` պարզ ցուցումներ, թե ինչ անել։ Ուստի մնում է, որ ինքը շարունակի գործել։ «Թագավոր կայսրը, – ասաց նա, – կամենում է, որ դադարեցվեն հայ-թուրքական կռիվները, եւ դրանք կդադարեցվեն»։

Բայց սա մի նոր բարձր պաշտոնական սուտ էր։ Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետեւ վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։

Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի «երիտասարդ եր»198 զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան199, տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։

«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ` հայերիս վրա պայթեց մի նոր եւ ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրեւ թե հայերին եւ թուրքերին խաղաղեցնելու եւ նրանց մեջ կարգը եւ հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը եւ որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը եւ հաշտարար միջնորդ Երմոլաեւը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում եւ անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ եւ հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։

Գյուղացիներին գանակոծում են եւ ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, եւ կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռեւս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի եւ քաղաքների մխացող ավերակների առաջ երեւում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, եւ թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռեւս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը` կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է եւ, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը` նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների եւ հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը եւ աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչեւ 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»200։

Այս բոլորը իսկապես սարսափելի է, բայց եզակի եւ անօրինակ չէր 1905-ի համառուսական իրականության մեջ, երբ արյունարբու ցարիզմը մահվան վերջին տագնապի մեջ կռվում էր հեղափոխության դեմ պատժիչ արշավանքների միջոցով. Մերձբալթյան նահանգները, Ռյազանի երկաթուղին դեռ ավելի վատ օրեր են տեսել։ Եվ Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը` այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող։ Այսպես էին համոզված մանավանդ վրաց կալվածատիրական նացիոնալիստական շրջանակները, եւ այս մասին նրանք սուր անբավականություն էին հայտնում նույնիսկ իրենց մամուլի մեջ։

Լավ հիշում եմ, որ մի անգամ, երբ Վորոնցով-Դաշկովի հիվանդությունը սաստկացել էր, եւ հայերը եկեղեցական մաղթանքներ էին կատարում նրա արեւշատության համար, վրացիները չարախնդությամբ ասում էին նրանց. «Հը՞, ինչ է, ձեր թագավորը մեռնո՞ւմ է, հա՞»։ Այսպես էր եւ մյուս ազգությունների վերաբերմունքը։ Եվ այս հողի վրա էլ էր ատելություն աճում հայերի դեմ։ «Ինչո՞ւ, – ասում էին ամենքը, – հայերն առաջինը լինեն մեր երկրում, հովանավորվածի, արտոնվածի դրություն վայելեն»։ Մինչդեռ իրողությունն ահա` Ղարաբաղի 60-ամյա պառավները` բռնաբարված կազակների ձեռքով։ Հետագայում մենք պիտի տեսնենք վորոնցովդաշկովյան այնպիսի «բարերարություններ», որոնց առաջ միանգամայն պիտի նսեմանան ու գունատվեն Վարանդայի գազանությունները։ Եվ, այնուամենայնիվ, «հայոց թագավոր» էր Վորոնցով-Դաշկովը մինչեւ Կովկասից հեռանալը։

Այս ի՞նչ առեղծված էր։ Այն պետք է այստեղ պարզել, որքան որ հնարավոր է։

Իշխան Գոլիցինը հայության անհաշտ թշնամին էր եւ իր այս գիծը տանում էր բացահայտ, ամենքի համար պարզ քաղաքականությամբ։ Կասկածի որեւէ տեղիք չէր մնում, սխալվել կամ մոլորվել չէր կարելի։ Մարդը կանգնած էր բաց դեմքով, իր ամբողջ հասակով եւ հարվածներ էր տալիս։ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունն այդպես չէր, այլ վարագուրված, մշուշապատ եւ հետեւաբար` դավաճանական, գաղտնի թակարդներով լցված։ Այս երկու դիրքերի համեմատությունը հարկադրում է ասել բացարձակորեն, որ Գոլիցինն իր բաց ու պարզ թշնամական քաղաքականությամբ պակաս վնասակար եղավ հայության համար, քան Վորոնցով-Դաշկովն իր «հայասիրությամբ»։ Այս հայասիրական քաղաքականությունը կերտելու եւ հյուսելու մեջ մեծ դեր էր կատարում կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան` փոխարքայի կինը։ Սա մեկն էր այն կանացի բնավորություններից, որոնք կառավարում են աննկատելի կերպով, մատների վրա ամբողջ աշխարհներ են խաղացնում։

Իր քաղաքական ժանյակը հյուսելու համար կոմսուհին հենք դարձրեց Թիֆլիսի փոխարքայական պալատում մեկ դարից ավել բույն դրած էտիկետի հիմնական հեղաշրջումը։ Մինչեւ նրա գալը Կովկասի կառավարչապետերին եւ փոխարքաներին պալատում շրջապատում էր առավելապես վրաց ազնվականությունը։ Հայ ազնվականությունը չափազանց աննշան թիվ էր կազմում, այն էլ` գրեթե բացառապես Թիֆլիսի նահանգին էր պատկանում, հետեւապես կազմում էր նույն վրացական ազնվականության մի մասնիկը միայն, որի ներկայությունը, գրեթե, միանգամայն աննկատելի էր։ Այնպես որ, սովորական խոսք ու իրողություն էր, որ հայը մուտք չունի փոխարքայական պալատի մեջ` իբրեւ նրան ընտանի մի տարր։ Հայը խանութպան, կապալառու, վաճառական, սա հասկանալի էր, բնական. բայց որտե՞ղ էր տեսնված, որ այդպիսի զբաղմունքներից մթնոլորտ կազմվի որեւէ հրամայող պալատի համար։ Նույնիսկ վարչական բարձր պաշտոններ գրավող հայերի թիվը չափազանց աննշան էր։ Այնպես որ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա բարձրացած պալատն, ընդհանրապես, մի փակված բերդ էր հայերի համար։

Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան բաց է անում այդ բերդի դռները, եւ նրա կախարդական կամարների տակ երեւան են գալիս նոր տեսակի «ընտրյալներ»` հայերը։ Իհարկե դրանք իշխաններ կամ կոմսեր չեն, այլ ավելի շուտ գյուղական քյոխվաների կամ գործակալ քահանաների որդիք, ովքեր կա՛մ հոգեւորականներ են, կա՛մ մտավորական պարապմունքի տեր մարդիկ։ Մերձեցումն սկսվեց հոգեւորականներից։ Եվ միջնորդն է մի սիրիացի` Մծբնա Հայրապետ Հակոբը201, որ թեեւ 1500 տարի առաջ է մեռել, բայց այնքան պինդ ոսկորներ է ունեցել, որ նրանցից մի կտորն այսօր էլ գտնվում է Թիֆլիսի վանքի Մայր եկեղեցում` իբրեւ մասունք։ Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան իրեն վաղուց գրել էր Մծբնա Հայրապետի հոգեւոր դուստրը եւ հաճախ գնում էր ոսկորի կտորը համբուրելու վանքի եկեղեցում։ Այսպիսով ահա, Թիֆլիսի հայոց առաջնորդարանը մոտեցավ պալատին, եւ առաջնորդ Սաթունյան արքեպիսկոպոսը, թեկուզ ռուսերեն խոսել չգիտեր, պալատում դարձավ свой человек202։

Բայց կարեւոր է իմանալ նաեւ, որ Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքների մի բաժինն էլ Էջմիածնում էր գտնվում։ Եվ… ահա բոլորվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Էջմիածնի վանքն էլ դառնում է փոխարքայական պալատի մտերիմը, ինչպես մի ժամանակ` իշխան Վորոնցովի203 փոխարքայության օրոք։ Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր (Ներսես Ե) պալատի մտերիմը, իսկ այժմ նույն դերի մեջ էր մի պարզ վարդապետ` Մեսրոպ Տեր-Մովսեսյանը204։ Այս մարդուն ես ճանաչում եմ դեռ աշխարհական ժամանակից, երբ նա ուսանող էր, եւ ճանաչում եմ իբրեւ ազնիվ, անշահամոլ, շիտակ, մանավանդ շիտակ, ինչպես ասում են մեզ մոտ՝ «դուզյախոս» եւ կողքով205 մարդու։ Գործելու եռանդով լցված` նա որոնում էր գործունեության փոքրիշատե ազատ ասպարեզ եւ, ինչպես շատերն այն ժամանակ, բռնեց բոլորովին սխալ ճանապարհ` փարաջա հագավ։ Իսկ փարաջան բազմաթիվ այլ պակասությունների հետ ունի մի խոշոր, կարելի է ասել ամենակուլ վատություն` փառասիրություն։ Ռամկավարական սկզբունքներով տոգորված Մեսրոպը վերջիվերջո չկարողացավ դիմադրել փարաջայի այդ հատկությանը եւ սկսեց տոգորվել նրանով։ Ահա եւ մի պարզ բացատրություն, թե ինչու նա այնքան հափշտակվեց Վորոնցով-Դաշկովի պալատով եւ սկսեց ծառայել երկու տերերի` գիտության եւ պաշտոնավարական գործունեության, երկուսին էլ վատ ծառայելու պայմանով։

Պատահականությո՞ւն էր, կույր բա՞խտ էր, որ Մեսրոպ վարդապետն էր արժանանում կոմսուհու համակրանքին, չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նրա կարգակիցներից մի քանիսը, նույնպես շենքով-շնորհքով, գիտուն մարդիկ, շատ են աշխատել նույնպես արժանանալ, բայց չեն կարողացել։ Առհասարակ Էջմիածնում կոմսուհուն իրենց մարդն էին համարում, անվանում էին նրան тетенька206։ Ես ինքս տեսել եմ իմ տանը, հայելու առաջ կապիկի կծկումներ անող եւ ինձանից մուրացած ռուսերեն բառերը անգիր անող մի վարդապետի, որ հագուստեղենի խանութից վարձու վերցրեց մի մեծագին մուշտակ, հագավ, գնաց պալատ` կոմսի կամ կոմսուհու մոտ շնորհ գտնելու ակնկալությամբ, բայց, իհարկե, ապարդյուն։

Եվ այսպես, ուրեմն, կազմվեց հայերի մեջ «պալատականների» շրջան եւ կազմվեց ընտրությամբ, խիստ խտրականությամբ։ Պալատականներն, իհարկե, խիստ շողոքորթված էին։ Ես նրանց շրջանում լսել եմ այսպիսի խոսքեր. «Սիրելի բարեկամ, բարեւ, ասացեք` ի՞նչ լուրեր ունիք պալատից»։ Կամ թե` «Ասացեք պալատում, որ ես այստեղ երկար սպասել չեմ կարող, եթե գալու են, թող շուտ գան» (հարցը վերաբերում էր Վորոնցով-Դաշկովների մի ճանապարհորդության)։ Համաձայնեք, որ այսպիսի պայմանների մեջ ընկած պարզ մարդկանց գլուխներն իրենք իրենց պտույտ կգան։ Եվ ես միշտ տեսա այդ գլուխները պտույտ գալիս։

Պալատականների շրջանը մեծ չէր, շատ փոքր էր, իսկ ամենից շատ աչքի ընկնողները երեք-չորս հոգուց ավելի չէին։ Ես արդեն տվեցի մի անուն։ Նրան կավելացնեմ Ալեքսանդր Խատիսյանի եւ Սամսոն Հարությունյանի207 անունները։ Առաջինը քաղաքային վարչության անդամ էր, հետո եւ քաղաքագլուխ։ Երկրորդը Բարեգործական ընկերության նախագահն էր եւ անուն էր վաստակել իր եռանդուն կազմակերպչական կարողությամբ, որի շնորհիվ մի խոշոր հասարակական-մշակութային հիմնարկություն էր դարձել Բարեգործական ընկերությունը։ Վերջում նա շեղվեց գործունեության այդ շատ օգտակար եղանակից եւ մտավ քաղաքական գործունեության ասպարեզ, ուր եւ, ինչպես ասում են, կոտրեց իր ոտը։

Այս էր, ահա, այդ երեւույթը` հինգ-վեց մարդկանց մուտքը պալատ, որ դարձնում էր Վորոնցով-Դաշկովին «հայասեր», «հայոց թագավոր»։ Բայց հայ ժողովուրդը ոչինչ հիմք չուներ օտար դիտողների մոլորության մեջ ընկնելու։ Նա շատ բարեբախտ կլիներ, եթե չունենար պալատական ֆավորիտների շրջան, որ միայն հարեւանների նախանձն ու ատելությունն էր գրգռում, քնացնում էր հասարակական գիտակցությունը եւ, որ ամենից չարն էր, կարող էր ամեն րոպե գործիք դառնալ ցարական բյուրոկրատիայի ձեռքին։

188.Նույնանուն դաշնակցական ուղղվածության օրաթերթ Հայաստանի առաջին անկախության օրերին լույս է տեսել Երեւանում, իսկ 1925-ից՝ Փարիզում։
189.Այս դեպքերի մասին նույն՝ հուշագրության ժանրի ներսում տե՛ս նաեւ Ալ. Շիրվանզադե, Կյանքի բովից, հուշեր, Ե., 1982։
190.Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւ (1862-1934) – Իրավաբան, խմբագիր, քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, Ռուսական կայսրության մուսուլմանների երեք համագումարների կազմակերպիչներից եւ գաղափարախոսներից, հարել է ռուսական նարոդնիկության ձախ թեւին։ Ռուսական առաջին Պետդումայում մուսուլմանական ֆրակցիայի հիմնադիր եւ ղեկավար, Ազգային խորհրդի նախագահ, Ադրբեջանական Հանրապետության հիմնադիրներից, Օսմանյան կայսրությունում, ՀՀ-ում եւ Վրաստանում Ադրբեջանի արտակարգ ներկայացուցիչ, արտգործնախարար, Խորհրդարանի նախագահ, Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Լոզանի կոնֆերանսի մասնակից, 1934-ին էմիգրացիայում ստորագրված Կովկասյան Կոնֆեդերացիայի գաղափարախոս։
191.Կարաբեկ Կարաբեկով (1874-1953) – Բժիշկ, «Իթթիհադ-ի-իսլամ» կուսակցության հիմնադիր, պանիսլամիստ, Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, գործակցել է եւ՛ բոլշեւիկների, եւ՛ ցարական պահնորդականի (նրա օգտին լրտեսություն անելով Թուրքիայում), եւ՛ երիտթուրքերի, եւ՛ Դենիկինի, եւ՛ ադրբեջանցի անկախականների հետ. անվանել են «քաղաքական շրջմոլիկ»։
192.Խոսքն այստեղ հասարակական կամ քաղաքական կազմակերպության մասին չէ, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալության։
193.Այս մասին միջոցառման անմիջական մասնակից Շիրվանզադեն գրում է. «Շիրվանզադե, – շարունակեց Աղաեւը ավելի մտերմաբար, – Բաքվի հայ ինտելիգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ եւ շատ բարձր են մեզանից։ Չեմ ժխտում, որովհետեւ այդ մասամբ ճիշտ է եւ միայն մասամբ։ Բայց եթե ենթադրենք, որ մենք՝ թուրքերս, չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միեւնույն երկրում ենք ապրում կից առ կից։ Երբ հարեւաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժվելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին։ Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, եւ երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում» (նշվածը, էջ 238)։
194.Սրանք վկայում են, որ առավել գլոբալ, առնվազն տարածաշրջանային հայացքի տեր էին ադրբեջանցի առաջնորդները, ովքեր հասկացել էին քաղաքակրթության պահի թելադրանքը։ Հայ քաղաքական առաջնորդների, մտավորականների, այդ թվում եւ Լեոյի, հայացքը սահմանափակվում էր ազգային ինքնապահպանման խնդրի շրջանակում, որի լավագույն լուծումն ամենեւին էլ ինքնամփոփումը չէ։ Հայության մեջ առավել գլոբալ հայացքների կրողներ էին այդ շրջանում հայ սոցիալ-դեմոկրատները, որոնք, սակայն, քիչ էին եւ զուրկ սեփական կազմակերպական ձեւից։
195.Քաղաքական գործունեության համոզիչ կամ խելոք լինելու միակ չափորոշիչն արդյունքն է, ինչն առավել ծանրակշիռ դուրս եկավ, ցավոք, ադրբեջանցիների պարագայում։ Այսպիսի որակումներ տալով՝ Լեոն հակասում է իր որդեգրած «Պտուղով են ճանաչում ծառը» ավետարանական սկզբունքին։
196.Այս տերմինը պետք է ընկալել Լեոյի ժամանակների պատկերացմամբ։ Ընդհանրապես «հեղափոխություն» տերմինը ցայսօր ձեռք է բերում զանազան սահմաններ՝ ընդհուպ մինչեւ 21-րդ դարի «գունավոր» կոչվածները, որոնք հեռու են հեղափոխության դասական ընկալումից։
197.Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) – Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ (1919-1920), մինչ այդ եղել է Թիֆլիսի, Գյումրիի քաղաքապետ, Ազգային բյուրոյի փոխնախագահ, Սեյմի ֆինանսների նախարար, մասնակցել է Տրապիզոնի եւ Բաթումի բանակցություններին, ստորագրել է Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վտարանդիության մեջ համագործակցել է նացիոնալ-սոցիալիստների եւ Վիշիի մարիոնետային կառավարության հետ, գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» վերնագրով հուշագրություն (1930)։
198.Հրատարակությունում այս անհասկանալի արտահայտությունն առնված է չակերտների մեջ. խոսքը հավանաբար դրագունների մասին է։
199.Մարմնապատիժ, գույքագրավում. ցարական Ռուսաստանում եղել է հատուկ էկզեկուտոր՝ տնտեսական մասի աստիճանավոր, ով իրավունք ուներ բռնագանձելու, գույքագրավելու, մարմնապատժելու։
200.Այս նույն մոտեցումները Ղարաբաղը ճաշակեց նաեւ 20-րդ դարավերջին Գետաշենի ենթաշրջանում (տխրահռչակ «Կոլցո» գործողություն), Շահումյանի եւ այլ շրջաններում։
201.Մծբնա Հակոբ Հայրապետը 4-րդ դարի համաքրիստոնեական սուրբ է, ազգությամբ ասորի, Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Ըստ ավանդության՝ գործել է հրաշքներ, Նոյյան տապանին տեսության գնալիս երբ ննջել է, Աստծո հրեշտակը նրան մատուցել է տապանից մի փայտակտոր, որ նրա Աջի հետ այժմ պահվում է Էջմիածնի վանքում։
202.Ռուսերեն՝ «յուրային»։
203.Խոսքը 1844-1854թթ. Կովկասի առաջին փոխարքա Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի (1782-1856) մասին է։
204.Մեսրոպ Տեր-Մովսեսյան (1865-1939) – հասարակական գործիչ, հայագետ, Դորպատի համալսարանի շրջանավարտ, 1893-ից աբեղա, 1905թ. կազմակերպել է Զանգեզուրի եւ Նախիջեւանի ինքնապաշտպանությունը, Շուշիի թեմական դպրոցների, ապա՝ Գեւորգյան ճեմարանի տեսուչ, 1909-ից եպիսկոպոս, Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ, տարբեր տարիների եղել է Վիրահայոց, Աստրախանի, Իրանա-Հնդկաստանի թեմերի առաջնորդ. 1938-ին հրաժարվել է հոգեւոր կարգից։ Աճյունը Երեւանից 1989-ին տեղափոխվել եւ ամփոփվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը։
205.Ղարաբաղի բարբառով՝ թրք. «դուզ» (հարթ, ուղիղ) + հյր. «խոս», այսինքն՝ ճշմարտախոս. կողքով՝ հաստակող, համառ։
206.Ռուսերեն՝ «մորաքույր»։
207.Սամսոն Հարությունյան (1869-1941) – Կադետական կուսակցության անդամ, 1917-ից՝ Հայ ժողովրդական կուսակցության անդամ, ապա՝ փոխնախագահ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ. Քաջազնունու կոալիցիոն կառավարության մեջ եղել է արդարադատության նախարար, պարենավորման նախարարի պաշտոնակատար։

Türler ve etiketler

Yaş sınırı:
16+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
600 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467406
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 28 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 3,7, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 6 oylamaya göre