Kitabı oku: «Անցյալից», sayfa 21

Yazı tipi:

Դ

Սամսոն Հարությունյանի հրաժարականից հետո Ազգային բյուրոն իսկապես նախագահ չունեցավ։ Մնում էին Մեսրոպ եպիսկոպոսը` իբրեւ պատվավոր նախագահ, եւ երկու փոխնախագահները` Հովսեփ Խունունցն ու Ալեքսանդր Խատիսյանը։ Այս նախագահությունն էլ վարում էր գործերը։ Ներքին ղեկավարությունը եւ դիվանը գտնվում էին Խունունցի ձեռքին, որ մի մաքուր եւ եռանդոտ հասարակական գործիչ էր, բայց խոշոր պատասխանատու դերի համար պետքական չէր։

Փետրվար ամսին Թիֆլիսում հավաքվեց նոր հայկական համագումար` բյուրոյին նոր լիազորություններ տալու համար։ Հավաքվել էր, եթե չեմ սխալվում, մոտ 80 պատգամավոր` զանազան կողմերից։ Եվ ահա մի նոր ու խոշոր գայթակղություն։ Բյուրոն օրինականացման ենթարկված չէր, նրան չէր ճանաչում կառավարությունը։ Բայց ինչպե՞ս էր թույլատրվում, որ մի անլեգալ հիմնարկություն ընդհանուր ժողովներ հրավիրի, վիճաբանությունների առարկա դառնա մամուլի մեջ, հրապարակային նիստեր կազմի առաջնորդարանում, զինվորական եւ քաղաքական հարցեր լուծի։ Այս բոլորը հնարավոր էր դառնում լոկ այն պատճառով, որ կոմս Վորոնցով-Դաշկովն անձնական վստահություն ուներ դեպի Մեսրոպ եպիսկոպոսը, որ եւ նախագահում էր ընդհանուր ժողովին։ Վրաց մամուլը մի քանի անգամ դժգոհություն հայտնեց, որ հայերին թույլ էր տրվում այդպիսի հասարակական ժողովներ, մինչդեռ վրացիները զուրկ են նման իրավունքից, բայց այդ դժգոհությունների վրա ուշադրություն դարձնող չեղավ։ Հայերն ունեն կամավորներ, իսկ վրացինե՞րը։ Հարցը կարճ էր կապվում։

Համագումարն ընդունեց եւ հաստատեց այն ամենն, ինչ արել էր բյուրոն մինչ այդ եւ ինչ անելու էր այնուհետեւ` ըստ նրա մտցրած առաջարկությունների, որոնց հեղինակը, իհարկե, մնում էր միշտ Դաշնակցությունը։ Տիրում էր ազգասիրական ոգեւորությամբ բարձրացած տրամադրություն։ Այդ ժողովն, այո՛, ոչինչ չէր խնայում վաղուց տենչացած ազգային իդեալի իրականացման համար։ Բայց ժողովը միապաղաղ չէր. նա ուներ եւ օպոզիցիա, թեեւ համեստ` բաղկացած 2-3 հոգուց։ Դրանք Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին։ Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիան լրագրերում բողոքներ էր տպել բյուրոյի գործունեության դեմ` համարելով այն անպայման վնասակար հայ ժողովրդի համար. եւ այժմ էլ իր ներկայացուցիչներն էր ուղարկել համագումար` նույն բողոքն ու ընդդիմադրությունն ավելի եւս բարձրահնչյուն դարձնելու համար։ Իմ հիշողության մեջ մնացել է դրանցից մեկը միայն. իմ հայրենակից Նարիման Տեր-Ղազարյանը, որ իր ճառերի մեջ ասում էր, թե այդ բոլորից ոչինչ դուրս չի գա, թե թուրքահայոց հարցը պիտի լուծվի ուրիշ եղանակով եւ այլն։ Նրանք լավ էին ասում` սոցիալ-դեմոկրատները, դա մանավանդ այժմ լավ է երեւում։ Բայց հայ սոցիալ-դեմոկրատները… Նրանք շատ էին ուշացել, շատ էին թույլ, եւ սա մի մեծ պակասություն էր հայ ժողովրդական կյանքի համար։ Մենք մեր հասարակական միտքը զարգացրել էինք չափազանց միակողմանի ուղղությամբ։ Գաղափարների զանազանակերպություններ եթե կային էլ մեր մեջ, ապա ամենքից մեծը, որ խեղդում ու տափակացնում էր մյուսներին, երեսուն տարիներից ի վեր մեր մեջ մտած դժբախտ ֆետիշիզմն էր` մի կողմում ֆիդայի, մյուս կողմում` կապիտալիստական Եվրոպա։ Նրանք գրեթե ուրիշ եւ ոչ մի բան չէին թույլ տալիս մեզ տեսնել մեր եւ համաշխարհային իրականության մեջ։ Եթե մարքսիստական գաղափարախոսությունը մեզանում գեթ կես մասով այնքան զարգացած լիներ, ինչքան էր, օրինակ, Վրաստանում, այն ժամանակ մենք, իհարկե, շատ կլինեինք բուժված մեր անառողջ ֆետիշիզմից։ Բայց ի՜նչ արած… Մեր ճակատագիրն էր այսպես. եւ այդ բողոքող, զգաստացնող ձայները հայկական համագումարի մեջ շատ էին թույլ, անհեղինակավոր…

Իսկ դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը` հավատալով ցարական կառավարությանը եւ իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենադժոխային մասը` ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գեւորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել եւ մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացնե ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում` ապստամբություն եւ արշավանք Վանի վրա։

Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, եւ այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջեւից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի305 գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր` 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով եւ հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երեւանից մինչեւ սահմանագլուխ` ոգեւորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում։ Ոգեւորությունը համահայկական դարձավ մանավանդ այն ժամանակ, երբ մայիսի 6-ին ռուսաց զորքը Արարատյան գնդի ուղեկցությամբ մտավ Վան։ Այս դեպքի պատճառած հրճվանքը Թիֆլիսում արտահայտվեց մի ցույցով, որ տեղի ունեցավ Վանքի եկեղեցում։ Ռուսների ձեռքով Վանի նահանգապետ էր նշանակվել դաշնակցական խմբապետ Արամը306, որ վաղուց գործում էր այնտեղ, հերոսի հռչակ էր ստացել եւ կոչվում էր Արամ-փաշա։ Այս հանգամանքն ավելի եւս խանդավառ ոգեւորության աղբյուր դարձավ հայերի համար, իբրեւ առաջին օրինակ 5-6-րդ դարերից ի վեր եւ իբրեւ նմուշ, թե ապագա ինչ կազմակերպություն պիտի ստանա Թուրքահայաստանն ազատարար ցարի ձեռքից։

Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները` անարյուն հաղթական արշավանքները, ոգեւորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում եւ օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.

«Իսկականի վրա գրված է` համաձայն եմ`

Կոմս Վորոնցով-Դաշկով

Հրամանատար

Կովկասյան բանակի

5 ապրիլի, 1915թ.

Թիվ 1482

Գործող բանակ։

Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սպառման եւ ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում եւ պահանջում է ունենալ եւ պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ։ Մինչդեռ շուտով կգա ժամանակը, երբ Ալաշկերտի հովտի դաշտային մասերը եւ լեռների ստորոտները կծածկվեն խոտով, որը քաղելով կարելի է տեղն ու տեղը ստանալ ձիերի կերի ամենից շատ տեղ բռնող եւ ծանրաքաշ մասը՝ չոր խոտը։ Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ (արտելներ), որոնց պարտավորությունը կլիներ շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, եւ որոշ գնով ձիերի կեր տալ զորքերին։ Հողերը շահագործելու համար հայերն իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի եւ թուրքերի լքած հողերը։ Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ հայերի զավթած հողերը պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։

Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով` ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։

Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից եւ Դոնից գաղթածներով եւ այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։ Բայց բնակեցումը կարող է սկսվել միայն պատերազմի ավարտից եւ Ալաշկերտի ու Բայազետի հովիտները մեր հողերին կցելուց եւ գլխավորապես այն բանից հետո, երբ Դոնի ու Կուբանի կազակությունը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին եւ ստույգ տեղեկություններ կստանան վերոհիշյալ հողերի օգտավետության եւ հարստությունների մասին։

Ի նկատի առնելով վերոգրյալը, թվում է` անհրաժեշտ է այժմ իսկ կանչել Դոնից եւ Կուբանից բանվորական արտելներ՝ վերոհիշյալ հովիտների խոտը քաղելու եւ հավաքելու համար։ Այս արտելները, դեռ մինչեւ պատերազմի վերջը ծանոթանալով երկրին, կկատարեն գաղթողների ներկայացուցիչների դերը եւ կնախապատրաստեն գաղթականությանը, իսկ մեր զորքերի համար կպատրաստեն ձիերի կեր։

Եթե Ձերդ պայծառափայլությունն ընդունելի կհամարեք իմ ներկայացրած ծրագիրը, ցանկալի կլինի, որ բանվորների արտելները գային իրենց անասուններով եւ ձիերով, որպեսզի նրանց կերակրումը չընկներ առանց այդ էլ ոչ բազմաթիվ փոխադրական խմբերի վրա, իսկ ինքնապաշտպանության համար նրանց զենքեր բաժանվեին։

Իսկականը ստորագրել է հետեւակազորի գեներալ՝ Յուդենիչ։

Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»։

Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը»։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ` խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից` պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու եւ կազակներով բնակեցնելու համար։ Սեւհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից եւ Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արեւելյան Եփրատի ավազանը եւ պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։ Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչեւ Լոբանով-Ռոստովսկու կտակը` Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը` «հայոց թագավորը», ինքը` փոխարքա եւ բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով` «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու եւ ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի եւ արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի։

Իմ այս ասածները ենթադրություններ չեն։ Հենց նույն այդ ժամանակներից, երբ Յուդենիչի հռչակավոր հղացումն էր թղթի վրա արձանագրվում` 1915թ. ապրիլից, ռուսական բանակի վերաբերմունքն այնքան է վատանում դեպի հայ ժողովուրդը, որ հայ կամավորական շարժման պարագլուխները` Գեւորգ կաթողիկոսը եւ Ազգային բյուրոյի նախագահությունն այլեւս ավելորդ են համարում լռել եւ իրենց գանգատներն են գրավոր ուղարկում «խորապես հարգված կոմս Իլարիոն Իվանովիչին», քանի որ այս հին աղվեսը Նիկոլայի գնալուց հետո փակել էր իր դռներն իր սիրելիների առջեւ` պատրվակ բռնելով իր հիվանդությունը։ Այսպես, հունիսի 4-ին գրած իր նամակում կաթողիկոսը դառնապես գանգատվում էր գեներալ Աբացիեւի307 վրա, որն ուղղակի հալածում էր Մանազկերտի308 շրջանի հայերին։ Քաղում եմ այդ նամակից հետեւյալ կտորը.

«Համաձայն այն տեղեկությունների, որ ես ստացել եմ իմ տեղական ներկայացուցիչներից, Թուրքահայաստանի այս շրջանում ոչ միայն հայերին չի ցույց տրվում որեւէ օգնություն կամ պաշտպանություն բռնություններից, այլեւ կատարյալ արհամարհանքի է մատնվում ամեն մի խնդիրք քրիստոնյա ազգաբնակչության պաշտպանության մասին, մի բան, որ առիթ է տալիս քուրդ ցեղերի գլխավորներին եւ չերքեզներին շարունակել անպատիժ հարստահարություններ կատարել անպաշտպան քրիստոնյաների վրա։ Մինչ հայ ազգաբնակչությանն արգելված է մտնել Մանազկերտի բերդային շրջանը, զինված մահմեդականները, չերքեզները, որոնք դեռ երեկ դավադրորեն հարձակվում էին ռուսաց զորքերի վրա, բոլորովին ազատ զբոսնում են` ոտքից գլուխ զինված, եւ անպատիժ կերպով նոր հարձակումներ են գործում հայոց գյուղերի վրա։ Իսկ այն հայերը, որոնք զենքը ձեռքին կռվել են թշնամու դեմ, խուզարկությունների են ենթարկվում եւ զինաթափ են արվում, եւ նրանց բնական ձգտումները` կռվելու ընդհանուր թշնամու դեմ ռուսաց փառավոր ազատարար բանակի շարքերում իբրեւ կամավորներ` հանդիպում են բացարձակ թշնամական վերաբերմունքի, որ արտահայտվում է նրանց ազգային զգացմունքների եւ ինքնասիրության համար վիրավորական ձեւերի մեջ։ Այս բոլորից հետո հասկանալի է այն անհանգստությունն ու երկյուղը, որոնցով բռնված է հիշյալ շրջանի հայ ազգաբնակչությունը»։

Միեւնույն գանգատավոր շեշտով է լցված եւ այն հավաքական նամակը, որ հունիսի 4-ին Վորոնցով-Դաշկովին ուղարկեցին Մեսրոպ եպիսկոպոսը, Ալեքսանդր Խատիսյանը եւ Սամսոն Հարությունյանը` իբրեւ մարդիկ, որոնք, ինչպես ասում էին նրանք, դեռ մինչեւ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելը, Նորին պայծառափայլության բարձր վստահությամբ լիազորված են եղել կազմակերպելու հայ կամավորական խմբերը։ Պատահել էր մի այնպիսի բան, որ կարող էր զարմանալի համարվել միայն չափազանց միամիտների համար։ Վանի զորքերի հրամանատար գեներալ Նիկոլաեւից ստացվել էր հեռագիր, թե հայ կամավորները կրակ են բաց անում ռուսական զորքերի դեմ, զբաղվում են կողոպուտով եւ թալանով։ Կովկասյան շտաբի կողմից այս հեռագիրը պաշտոնապես հաղորդվում է Խատիսյանին` հարակցելով, որ այս տեղեկության հետեւանքով փոխարքան հրամայել է դադարեցնել հայ նոր կամավորական խմբերի կազմակերպումը։ Վանից եկած լուրը բոլորովին անհավատալի էր թվում բյուրոյին, քանի որ նույն գեներալ Նիկոլաեւը, գրեթե միաժամանակ, նամակով հայտնում էր նույն Խատիսյանին իր կատարյալ գոհունակությունը հայ կամավորական խմբերի վերաբերմամբ։ Ուստի բյուրոն իր փոխանախագահ Խունունցին եւ անդամներից բանաստեղծ Հովհաննես Թումանյանին ուղարկեց Վան` քննություն կատարելու համար։ Խունունցն ու Թումանյանը Վանից բերեցին հարուստ տեղեկություններ, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր այն, որ գեներալ Նիկոլաեւը հայտնել էր, թե ինքն այդպիսի բան չի գրել հայ կամավորների մասին եւ թե իր հեռագիրը փոփոխման է ենթարկվել հավանորեն ճանապարհին, որ նշանակում էր, թե կա՛մ 4-րդ զորաբանակի (գեն. Օգանովսկի), կա՛մ ընդհանուր հրամանատարի (գեն. Յուդենիչ) շտաբում։ Ահա, հիմնված գլխավորապես Նիկոլաեւի հեռագրի կեղծման վրա, բայց զինված եւ ուրիշ շատ փաստերով, որ բերել էին բյուրոյի երկու պատգամավորները, երեք լիազորված անձինք (Մեսրոպ եպիսկոպոս, Խատիսյան եւ Հարությունյան) իրենց միաբան նամակի մեջ նկարագրեցին ստեղծված դրությունն այսպես.

«Բոլոր վերոբերյալից պետք է հետեւեցնել. 1) որ գեներալ Նիկոլաեւն իր մեծավորներին չի ուղարկել հայտարարություններ վերեւ հիշատակված փաստերի մասին, որոնք վերագրվում են հայ կամավորներին, 2) դեպք չի եղել, որ հայ կամավորները հրացան կրակեն ռուսաց զորքերի վրա, ինչպես նաեւ դեպքեր չեն եղել, որ կամավորները ավազակություններ կամ թալաններ կատարեն։ Եվ սակայն այսպիսի անտեղի եւ անարդար մեղադրանքը նախ եւ առաջ ստվեր է գցում հայ կամավորական խմբերի անձնվեր գործունեության վրա. խմբերի, որոնք աչքի ընկնող քաջասրտությամբ կռվում են ռուս քաջարի բանակի առաջապահ շարքերում, երկրորդ՝ ստեղծում է ատելության, անբարյացակամության եւ գրգռման մթնոլորտ զորքերի մեջ` եւ այս ո՛չ միայն հայ խմբերի վերաբերմամբ, բայց նույնպես եւ ամբողջ հայ ժողովրդի վերաբերմամբ, երրորդ՝ հայ հասարակության մեջ այն առաջ է բերում դառնության եւ խորին վիրավորանքի զգացմունք ներկա պատմական րոպեին, երբ բոլոր երկրների ամբողջ հայ ժողովուրդը պատրաստակամությամբ զոհում է ամեն ինչ ռուսաց զորքերի հաջողության համար` տեսնելով այդ հաջողության մեջ թուրքահայերի փրկությունը թուրքական բազմադարյա լծից… Միայն հանգամանորեն քննություն կատարելու եւ ժամանակին համապատասխան միջոցներ ձեռք անելու ճանապարհով է, որ կարելի կլինի դադարեցնել բանակի խորքերում անհասկանալի անբարյացակամության եւ անառիթ թշնամության ազդեցության տակ ծագած ինչ-որ անառողջ հոսանքը, որ թեեւ այժմ, ճիշտ է, սահմանափակ չափերի մեջ է, բայց այնքան գործունյա է այդ զգացմունքների արտահայտման մեջ դեպի հայ կամավորների աշխատանքը, որ բավական է այս կամ այն կամավորի կողմից մի շատ փոքրիկ խանգարում դիսցիպլինայի եւ կարգի, որպեսզի բանակի այդ շրջաններում իսկույն ձայն բարձրացնի անարդար-բացասական եւ բացահայտորեն կրքոտ քննադատություն ոչ միայն մեր կամավորների հասցեին, որոնք քաջարիորեն տանում են հայրենիքի համար մարտնչողների հետ հավասար կերպով ցարական ծառայությունը, բայց եւ ամբողջ հայ ժողովրդի հասցեին, որին նրանք պատկանում են։ Մինչեւ իսկ հայ փախստականները` անինչացած եւ խորապես դժբախտ, որոնք կորցրել են այս պատերազմի մեջ իրենց ամբողջ ստացվածքը եւ մերձավորներին եւ փախչում են վայրենի քրդերի եւ թուրքական ասկյարների հալածանքներից, ամեն տեղ չեն գտնում այնքան բնական պաշտպանություն եւ հովանավորություն։

…Գործի պարզության համար մեզ թույլ ենք տալիս նշել մի քանի դեպքեր, որոնք պայծառորեն պատկերացնում են այն վերաբերմունքը, որ ունեն դեպի հայերը առանձին մասերի գլխավոր հանդիսացող մի քանի օֆիցերներ։ Այսպես՝ 1) չնայած, որ գեներալ Նիկոլաեւը բազմիցս կարգադրություններ է արել, որոնցով արգելվում է որեւիցե պատրվակով զենք խլել հայերից, վերջիններիս զինաթափ անելու դեպքերը նրան ստորադրված պաշտոնյաների կողմից կրկնվում են` առաջացնելով բարձրաձայն տրտունջ եւ անբավականություն հայ ազգաբնակչության մեջ, որ իր կյանքի ներկա երկյուղալից եւ ճգնաժամային միջոցին փրկություն որոնում է զենքի մեջ բացառապես, ինչպես ինքնապաշտպանության գործիքի մեջ։ 2) Քուրդ ավազակային հրոսակախմբերի առաջնորդներից մի քանիսը, որոնք մասնակցել են Վանի շրջանում նորերս տեղի ունեցած հայկական սարսափելի ջարդերի մեջ, այժմ գտնվում են մեր զորաբաժինների մեջ ինչպես պատվավոր ռազմագերիներ։ Այսպիսի քուրդ ավազակներից մեկը` Ալի-բեկը, Կարաքենդ գյուղից, հայտնի կազմակերպողը հայերի արյունոտ կոտորածի Բայազետի շրջանում, իր բոլոր մեղսակիցների հետ գերի է ընկել մեր զորքերի ձեռքը եւ ապրում է ազատ` վայելելով իրեն շրջապատող անձանց ուշադրության բոլոր նշանները։

Պե՞տք է ավելացնել սրան, թե դեպի ոճրագործներն ունեցած այսպիսի վերաբերմունքը կարող է ծառայել իբրեւ խրախուսանք քրդական աշիրեթների համար` շարունակելու համար իրենց գործունեությունը հայերի կյանքի եւ գույքի դեմ։ Այդ բաշիբոզուկների դեմքերը տեսնելը առաջացնում է խոր վրդովմունք եւ հուզմունք տեղական հայերի մեջ, որոնք իշխանությունների այդպիսի զիջող վերաբերմունքի մեջ դեպի այդ տեսակ դեմքերը հեգնանք են տեսնում ծվատված մի ժողովրդի զգացմունքի վրա…

Իսկ սրա հետ մի շարքում ի՜նչ վիրավորական հակասություն է Բերկրի-Կալեում մոտ ժամանակներս տեղի ունեցած 3 հայերի մահապատիժը, որոնք կախվել են այն պատճառով, որ հրացանաձգություն են սկսել քրդերի հետ, որոնք իջնում էին սարերից` տարածության հեռավորության պատճառով չնկատելով, թե նրանց մեջ 5 թե 6 կազակներ էին գտնվում, որոնք ուղեկցում էին քրդերին Բերկրի-Կալե։ Այստեղ ակնհայտ է, տեղի ուներ միայն մի տխուր թյուրիմացնություն, եւ հրացանաձգությունն էլ կազակների համար չունեցավ ոչ մի հետեւանք։ Բայց տեղական զորամասի հրամանատար Հոհենդորֆը (ծագումով գերմանացի) գործին ուրիշ կերպ նայեց, իրենից բարձր իշխանությանը հայտնեց այնպիսի իմաստով, որ հետո հիմնվեց զինվորական-դաշտային դատարան, որ իր հերթին ուշադրություն չդարձրեց այն բանի վրա, որ այդտեղ չէր կարող լինել եւ չկար մահապատժի ենթարկվածների կողմից ո՛չ չար դիտավորություն, ո՛չ, մանավանդ, դիտավորություն հրացան արձակելու ռուս զինվորների վրա, որոնց հետ կողք կողքի տված կռիվ են մղում իրենց ընդհանուր թշնամու դեմ»։

Թունավոր մթնոլորտը, կասկած չկա, ստեղծված-վերջացած էր։ Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, եւ եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել եւ ոչ միայն չվրդովվել, այլեւ բարեկամություն անել կոտորող քրդերի հետ։ Պատմում էին, թե ռուս սպաները հիացած էին քրդերի առատաձեռնության վրա` տեսնելով, թե որքան ոչխար, յուղ ու պանիր էին նրանք բերում իրենց համար։

Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար։ Նրան խաբում էին, եւ նա խաբվում էր անվերջ։ Ինչո՞ւ զարմանալ մի Վորոնցով-Դաշկովի վրա, երբ Պետերբուրգի կենտրոնական կառավարությունն էր մեծագույն խաբեբան։ Նույն այս 1915-ի սկզբներին էր, որ ռուսաց արտաքին գործերի մինիստրությունը հրատարակեց «Նարնջագույն գրքի» մի հատորը, որի մեջ ամփոփված էին 1912-1914 թվականների բոլոր գրագրությունները Հայոց հարցի վերաբերմամբ։ Այստեղ էր ռեֆորմների ռուսական ծրագիրը։ Այստեղ էր, որ Կ.Պոլսի ռուսական դեսպանը հայտարարում էր իր պաշտոնական գրության մեջ, թե Հայոց հարցը չի լուծվել, բայց դրվել է լուծման ճանապարհի վրա, որով անցել է Բուլղարական հարցը։ Պետական դումայի մեջ մինիստր Սազոնովը մատուցում էր «Նարնջագույն գիրքը», լսում էին եւ այլ ճառեր, կայանում էր որոշում։

Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ գեներալ Յուդենիչը կցում էր Ռուսաստանին Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտները, բնակեցնում էր այնտեղ Դոնի եւ Կուբանի կազակներին եւ զրկում էր փախստական հայերին այդտեղ հող ստանալու իրավունքից։

Ե

Եվ այսպես, 1915-ի գարնանը եւ ամռանը թուրքահայերի գլխին խտացած էր երկու դժոխային վտանգ. երկուսն էլ հղացում ռուս ցարական կառավարության` ապստամբություն եւ ռուսական բանակի անտարբեր, նույնիսկ թշնամական-յուդենիչական վերաբերմունք։ Երկուսն էլ արյան փոթորիկներ դարձան թուրքահայ ժողովրդին արմատախիլ անելու, բնովին ջնջելու համար։

Թուրք կառավարությունը պատրաստ էր սկսել, բայց նրան հարկավոր էին առիթներ, պատրվակներ։ Եվ այդ առիթները տալիս էին հայերը, ինչպես տվել էին միշտ։ Զուր չէր, որ նրանց մեջ գոյություն ուներ երկու հեղափոխական կուսակցություն` իրար հակառակորդ, իրար դեմ կատաղի թշնամությամբ լցված, բայց գործողությունների եղանակով, աշխարհայացքներով իրար հետ եղբայրացած, իրար խիստ հարազատ։ Եվ ահա դրանք էին դաշնակցականներն ու հնչակյանները, որ ամենայն եռանդով ներկայացնում էին Թուրքահայաստանը ապստամբած դրության մեջ։ Բյուրոյի ժողովներում միայն ես էի, որ ասում էի, թե եթե թուրքահայերն իսկապես ապստամբած են, այն ժամանակ թուրք կառավարությունը, ինչպես եւ յուրաքանչյուր կառավարություն աշխարհի վրա, իրավունք է ստանում զսպելու այդ ապստամբությունն իր իմացած միջոցներով։ Եվ որովհետեւ թուրք կառավարության իմացած միջոցը միայն կոտորածն էր, ուստի, պահանջվում էր ցույց տալ, թե որքա՞ն ճիշտ են լրագրերի մեջ մի-մի անգամ սպրդացող լուրերը հայերի ապստամբության մասին։ Բայց ինձ դաշնակցական անդամները պատասխանում էին, թե լրագրերը ստում են (ստում էր, ուրեմն, եւ նրանց սեփական «Հորիզոնը»), թե ապստամբություն չկա, այլ կա միայն կոտորած։ Ինչո՞ւ էին ծածկում իրողությունը, երեւի լավ էին զգում, թե ինչ սարսափելի գործի են ձեռնարկել Վորոնցով-Դաշկովի չարաղետ ներշնչումներով։ Թուրք կառավարության հրատարակած վավերագրերն են, որ ցույց են տալիս, որ այդ կառավարությունն ի վիճակի էր իր ձեռքում ունեցած հայկական աղբյուրներով միանգամայն ապացուցած լինել հայերի ընդհանուր ապստամբությունը։ Այդ աղբյուրները արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերն էին, որոնք աշխատում էին իրար գերազանցել հաղորդած լուրերի առատությամբ։ Արդեն ասել եմ` կոնսպիրացիայի ժողովուրդ չենք, կտրի ժողովուրդ ենք, հրապարակ ենք բերում ինչ ունենք, նույնիսկ այն, ինչ չունենք։ Միայն «Հայաստան» թերթը (եթե չեմ սխալվում, հրատարակվում էր Սոֆիայի մեջ) որքա՜ն տեղեկություններ է տվել թուրքաց շտաբի խուզարկու բաժնին։ Ահա նմուշներ.

«Մոկսի մեջ ապստամբությունը մեկ ու կես ամիսե ավելի տեւեց։ Մուշի մեջ ապստամբությունը, Ռուբենի309 ղեկավարությամբ, պայթեցավ նոր ուժով310։ Ապստամբները ելնելով քաղաքեն, ուր Էրզրումեն 8 հազար ասկյար ղրկված էր, անտառապատ լեռներու մեջ մասնակի կռիվ կմղեն»։

«Սասունի մեջ հայ խումբերը քաշված են լեռները եւ ցույց կուտան կորովի դրմադրություն։ Մուշի եւ շրջակայից հայերը ընդհարվեր են քուրդերու հետ։ Վանին մեջ կշարունակվին հայերու ընդհարումները զորքերու հետ։ Նույնը եւ վիլայեթին եւ մանավանդ Շատախին մեջ, ուր հայ խումբերը կշարունակին կռվել զորքերու եւ քուրդերու հետ։ Ապստամբությունեն մտահոգ թուրքերը եւ զորքերը կքալեն Մուշին վրա»։

«Խաչատուր Բոնապարտյան, որ ութ ամիսներ Էրզրումի թուրք բանակին մեջ ծառայած էր իբր բժիշկ, իր ընկերներու հետ ապրիլի կեսերին ձիով փախած է թուրք բանակեն եւ, Ծանծաղ գետն անցնելով, անձանատուր եղած է ռուսներուն։ Էրզրումի օսմանյան բանակին հայ զինվորներն ու զինվորական սպաները իրենց զենքով կանցնեին ռուսական ճակատը, զենքերնին կդարձնեին թուրք բանակի դեմ»…

Բայց մենք ունենք եւ ավելի դրական ու մանրամասն հավաստիացում հայկական ապստամբության մասին։ 1915-ի ամառվա սարսափելի անցքերի տպավորության տակ Ազգային բյուրոյի դաշնակցական անդամներից մեկը մի մանրամասն եւ փաստալից զեկուցում կազմեց` ցույց տալու համար, թե ի՛նչ էին հայերը Ռուսաստանի համար այս պատերազմի ընթացքում եւ թե փոխարենն ի՛նչ ստացան ռուսներից։ Դառնությամբ լցված դաշնակը շատ կծու ճշմարտություններ էր ասում, միանգամայն ուշացած, իհարկե։ Ես կբերեմ մի հատված այդ ռուսերեն գրությունից, բայց նախապես կխնդրեմ ընթերցողին չմոռանալ, որ յուրաքանչյուր դաշնակցական համարում էր Դաշնակցությունը հայ ժողովրդի ամբողջությունը, եւ այդ պատճառով` ինչ որ անում էր Դաշնակցությունը, համարվում էր հայ ժողովրդի արած։ Այսպես պետք է նկատել եւ զուտ դաշնակցական ձեռնարկությունը` 1915-ի խելագար ապստամբությունները… Ահա ինչ էր ասում այդ ընդարձակ զեկուցումը.

«Եվ իրենց անձնվիրությունը Ռուսաստանին հայերը ցուցահանել են ոչ թե բառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի եւ դեկլարացիաների մեջ, այլ վճռական եւ չափազանց պատասխանատու գործողությունների մեջ։ Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը, Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը։

Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենց դրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը։

Նրանք կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչեւ վերջը, ուր որ էլ տանի նրանց այդ վերջը։ Նրանց համար այլեւս վերադարձ չկա, եթե նույնիսկ նրանք կամենային էլ ետ դառնալ։ Սրա մեջ է նրանց հավատարմության մեծագույն երաշխիքը։ Իրենց ամբողջ ապագան նրանք կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ. Ռուսաստանի պարտությունը կբերեր իր ետեւից նրանց անխուսափելի կործանումը, որովհետեւ հաղթված կամ ոչ վերջնականապես ջարդված Թուրքիայից նրանք չեն կարող սպասել իրենց համար խնայում։ Թուրքիան բավականաչափ հիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ու պատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր է, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, եւ նա այս չի մոռանա, չի ների նրանց այս մարտահրավերը, մանավանդ որ կամավորները երեք քառորդ մասով բաղկացած են հենց իր հպատակներից։

Իրենց մոտ` տանը, հայերը կատարել են ամենածանր հանցանքներից այն կրիտիկական րոպեին, երբ խաղաթղթի վրա է դրված Թուրքիայի գոյությունն անգամ, նրանք դավաճանեցին պետությանը, զենքը ձեռքին ապստամբեցին նրա դեմ եւ բացահայտ կերպով անձնատուր եղան թշնամուն։ Այսպիսի գործողությունները չեն ներվում, եւ նրանց հետեւանքները ահա տեսնում ենք։ Թուրքիայում հայերն այս րոպեին էլ դրված են օրենքից դուրս։ Նրանց կոտորում են հազարներով կամ քշում են հեռավոր անապատները սովից մեռնելու. նրանց գույքերը հափշտակում են կամ ոչնչացնում, տները քանդում են եւ այրում։ Կասկածների ոչ մի տեղ չի մնում, որ Հայաստանը հայերից մաքրելու արյունոտ խնդիրը մի անգամ էլ դրված է հերթի։ Սրա մեջ մեզ համար ոչ մի անսպասելի բան չկա։ Մենք գիտեինք` ինչ բանի էինք գնում, ինչ սարսափելի փորձության ենք ենթարկում մեզ։ Բայց մենք գնում էինք, որովհետեւ հասկանում էինք, թե միմիայն մեծ զոհերի միջոցով կարող ենք լուծել մեր ազգային խնդիրը Թուրքիայում։ Մի տարի սրանից առաջ, թուրքահայերը կարող էին ազատորեն ընտրություն անել Ռուսաստանի եւ Թուրքիայի վերաբերմամբ. Թուրքիայի, որ փորձում էր գայթակղեցնել նրանց ամենագրավիչ հեռանկարներով։ Հայերն իհարկե գիտեին, թե ինչ գին ունեին այդ խոստումները։ Բայց նրանք շատ լավ գիտեին եւ այն, որ մի պարզ օրինապահությամբ կարող էին փրկել իրենց կյանքը եւ գույքը ժողովուրդների առաջիկա վիթխարի ընդհարման միջոցին։ Եվ, այնուամենայնիվ, վտանգելով ամեն ինչ, վճռականապես երես դարձրին Թուրքիայից։ Նրանք հավատում էին անկեղծորեն եւ խորապես Ռուսաստանի պատմական առաքելությանը Մերձավոր արեւելքում, հավատում էին, թե իրենց անձնվիրությունը գնահատված կլինի, որ իրենց արյունով ողողված հայկական հողը կվերածնվի նոր կյանքի համար։ Կարելի է, որ սրա մեջ արտահայտվում էր նրանց քաղաքական կարճատեսությունը, ռոմանտիկական ոգեւորությունը, պատմական կոնյուկտուրայի (դասավորումների) անհասկանալը, բայց ընտրությունը կատարված է, եւ վերադարձ չկա։ Այսուհետեւ հայերին այլեւս անկարելի է ապրել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Թուրքիայի հետ. նրանց մնում է կա՛մ բաժանվել եւ կա՛մ ոչնչանալ»։

Եվ նրանք ոչնչացան։ Որովհետեւ հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր եւ պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական եւ ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետեւից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր։

Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն։ Թողնենք այս։ Նորից գանք այս մեծ դժբախտության աղբյուրին` ցարիզմի կողմից ներշնչված ապստամբությանը։

Հավատա՞նք արդյոք դաշնակցական զեկուցման այն բոլոր հավաստիացումներին, որոնք բերված են վերեւում։ Պետք է հավատալ, բայց այն պայմանով, որ այդ բոլորը համարվի զուտ դաշնակցական գաղափարախոսություն, առանց այն փոխադրելու հայ ժողովրդի վրա։ Ամեն մի ժողովուրդ ունի ապրելու ուժեղ եւ առողջ բնազդ. ֆիդայական արկածախնդրությունը ժողովրդական բնազդ չէ։ Մասսան, հոծ բազմությունը կշռել, չափել գիտե։ Եթե մի Վան ապստամբում էր` հույսը դրած իր հայերի մեծ թվի վրա եւ մանավանդ այն բանի վրա, որ ռուսաց բանակը մոտ է եւ գալու է իրեն օգնության, ինչի՞ վրա կարող էին հույս դնել մի Ուրֆա, մի Շապին-Գարահիսար, երբ այդ տեղերում հայությունը չնչին փոքրամասնություն էր կազմում թուրքաց ազգաբնակչության մեջ։ Ամեն առողջ դատողություն ասում է, թե այդ տեղերում ապստամբություն չպիտի լիներ։ Բայց եթե եղավ, պատճառը որոնեցեք ոչ թե խեղճ ու կրակ աշխատավոր ժողովրդի, այլ այդ տեղերում բույն դրած հեղափոխական կազմակերպությունների մեջ։ 1915-ին ֆիդայական մտայնության գերագույն տիրապետություն էր311։

Դիմենք այժմ ռուսական ծրագրի երկրորդ կողմին` ռուսական բանակին։ Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել եւ կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերեւում։

Ես նոր բերեցի նաեւ դաշնակցական զեկուցման այն կտորը, որի մեջ բացատրված է, թե ինչեր տվին հայերը ռուսներին։ Այժմ տեսնենք` ինչպես է ներկայացնում նույն վավերագիրն այն վերաբերմունքը, որ այդ բոլորի փոխարեն տեսնում էին հայերը ռուս զորքի կողմից։ Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս եւ Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի եւ նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր` 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ312 սարին եւ նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել, Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, եւ Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից313։

Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից եւ Մանազկերտից մինչեւ ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, եւ այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց եւ սկսեց փախչել նահանջող զորքի հետեւից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը` աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Եվ ակամա հիշողության մեջ զարթնում էր մի ռուս ավելի փոքրաթիվ բանակ 1877թ. ամռանն Ալաշկերտի հովտում, որ նահանջում էր գրեթե երեք կողմից արդեն շրջապատված թշնամիներով, բայց տանում էր իր հետ հինգ հազար տուն հայ փախստականներ եւ նրա ծերունի հրամանատարները` Տեր-Ղուկասովը, չէր շարժվում տեղից, մինչեւ որ առաջ չէր ուղարկում փախստականի վերջին սայլը։ Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ` Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը եւ հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստական շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։

305.Իսկական անվամբ Սարգիս Մեհրաբյան. եղել է Խանասորի արշավանքի հրամանատարներից, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Շուշիի ինքնապաշտպանության ղեկավար, նրա հրամանատարությամբ միացվեցին Դրոյի 2-րդ, Համազասպի 3-րդ եւ Քեռիի 4-րդ կամավորական խմբերը՝ ստեղծելով Արարատյան ջոկատը, որն ազատագրեց Վանը։
306.Արամ Մանուկյան (1879-1919) – Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ՝ կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ողջ կառավարության (երկար ժամանակ Թիֆլիսից կառավարությունը չէր գալիս Երեւան) գործառույթները, մյուս կողմից՝ կազմակերպել մայիսյան հաղթական ճակատամարտերը։ Եղել է Առաջին հանրապետության ՆԳ նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երեւանի Թոխմախի պանթեոնում, ուր խորհրդային ժամանակներում ԿԳԲ-ն դարանակալ հերթապահություն էր սահմանել։
307.Աբացիեւ Դմիտրի Կոստանդինովիչ (1859-1936) – Ազգությամբ օսեթ ռուսական գեներալ, սկսել է որպես շարքային կազակ՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում, մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, Առաջին համաշխարհայինի սկզբից Երեւանյան զորամիավորման եւ Կովկասյան 4-րդ, ապա 6-րդ բանակային կորպուսի հրամանատար, գրավել է Ալաշկերտի հովիտը եւ Բիթլիսը։ 1918-ի վերջից Ռուսաստանի Հարավի կամավորական բանակում եղել է լեռնային ժողովուրդների պատվավոր ներկայացուցիչը։ Էմիգրացիայում (Բելգրադ) եղել է Գեներալների խղճի եւ պատվի դատարանի անդամ, ապա՝ նախագահ։ Նրա մասին, որպես հայատյացի, գրում են այլք եւս։
308.Լեոն մի քանի տեղ օգտագործում է թուրքերի եւ ռուսների կողմից ընդունված «Մելազկերտ» ձեւը, որ ուղղել ենք։
309.Ռուբեն Տեր-Մինասյան (1881-1951) – Դաշնակցական պարագլուխ, Տարոնում գործել է 1906-ից, Սասունի 1915թ.՝ ռազմագիտական տեսակետից անհաջող կազմակերպած ինքնապաշտպանության ղեկավարն էր, որ հաջողեցրեց վերջում մի քանի զինյալի հետ ճեղքել թուրքական շղթան եւ փրկվել ռուսական կողմում, մինչդեռ մոտ 100 հազար հայ բնակչությունից միայն 15 հազարը ողջ մնաց։ Սեյմի ինքնալուծարման օրը՝ 1918թ. մայիսի 26-ին, որպես Ազգային խորհրդի անդամ, դեմ է եղել անկախությանը, որով եւ, ըստ Ս.Վրացյանի, այն հռչակվել է մայիսի 30-ին։ Եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ Գրել է բազմահատոր հուշեր։
310.Սա կատարյալ կեղծիք է, ոչ միայն սնապարծություն։ Նույն Ռուբեն Տեր-Մինասյանը, Կոմսը (Վահան Փափազյան) եւ առավել եւս ոչ դաշնակցական հուշագրողները չեն շրջանցում այն վեճը, որ կայացել էր ինքնապաշտպանությունը կազմակերպելու շուրջ. մշեցիներն առաջարկել էին պաշտպանել Մուշն ու դաշտավայրի բնակչությանը, սակայն հաղթել էր այն թեզը, թե թուրքերը չեն կոտորի կանանց եւ երեխաներին, ուստի պետք է նրանց թողնել տեղում, իսկ զենք վերցնելու ունակ տղամարդկանց բարձրացնել Սասունի լեռները եւ ապստամբել։ Չհամաձայնողները մնացել էին քաղաքում եւ կարողացել դիմադրել շատ կարճ ժամանակ ու զոհվել էին գլխովին։ Այս մարտավարության պատճառով է բնաջնջվել Մուշի դաշտի հայությունը։
311.Թյուրըմբռնումից խուսափելու համար ասենք, որ Լեոն ամենեւին էլ այն կարծիքին չէ, ինչպես նախընթաց եւ հետագա շարադրանքն է ցույց տալիս, թե պետք էր ապստամբությունը բարձրացնել ընտրովի տեղերում, ուր հայերը մեծամասնություն էին կամ կարող էին օգնություն ակնկալել դրսից։ Նա ընդհանրապես մերժում է Առաջին համաշխարհայինի տարիներին որդեգրված ապստամբական մոտեցումը՝ այն համարելով ռուսական խարդավանք, որ ներդրվեց հայ հեղափոխական կազմակերպությունների միջոցով։
312.Ակնհայտ տպագրական վրիպակ է. տեքստում՝ «Հիմրուտ», ուղղել ենք։
313.Ականատեսների վկայությունները եւ պատմական վավերագրերը բազմաթիվ են, որոնք ապացուցում են ռուսական այս նպատակաուղղված քայլը։ Դրանցից առավել հարուստը, թերեւս, Աղան Տարոնեցու «Տարոնապատում։ Պատասխանատուները Տարոնի եղեռնին» ուսումնասիրությունն է (Սան Ֆրանցիսկո-Բեյրութ, 1966), ուր, իհարկե, կատարվածի պատասխանատվության առյուծի բաժինը հասցվում է Ռուբեն Տեր-Մինասյանին, Կոմսին եւ ընդհանրապես Տարոն-Սասուն տարածքի դաշնակցական ղեկավարներին։