Kitabı oku: «Անցյալից», sayfa 23
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ա
[1917թ.] Փետրվարյան հեղափոխությունը մի լավ հարցաքննություն էր Ռուսաստանի ժողովուրդների համար, թե ով ինչ բագաժով պիտի դուրս գա հեղափոխական ասպարեզի մեջ դեր կատարելու համար։ Դա ընդունակությունների, պատրաստվածության հարցաքննություն էր։ Կովկասյան ազգերի մեջ ամենից լավ պատրաստված հանդիսացան վրացիները։ Նրանք ունեին մի ուժեղ եւ միատարր կազմակերպություն` մենշեւիկ սոցիալ-դեմոկրատիան, որ կարեւոր դեր էր խաղում Ռուսաստանի մենշեւիզմի մեջ. այն մենշեւիզմի, որ, ինչպես հայտնի է, շատ ուժեղ գործունյա էր ռուսական մեծ հեղափոխության առաջին` բուրժուական շրջանում։ Վրաց սոցիալ-դեմոկրատիան առաջացրել էր մի շարք կարող եւ ընդունակ գործիչներ։ Այդպիսիք էին, օրինակ, Չխեիձեն323` բուրժուական հեղափոխության հրամանատարը Ռուսաստանում, եւ Ծերեթելին, որին անվանում էին ռուսաց հեղափոխության գեղեցկություն։ Սրանք գործում էին Պետերբուրգում, բայց բուն Վրաստանում էլ պակաս չէր նշանավոր դեմքերի թիվը` Նոյ Ժորդանիա324, Գեգեչկորի325, Ռամիշվիլի326, Չխենկելի327 եւ ուրիշներ։
Վրացիներից անհամեմատ հետամնաց էին հայերը։ Ճիշտ է, հայերի մեջ հասարակական բաժանումներ եւ խմբավորումները վաղուց էին սկսվել` կար հայ սոցիալ-դեմոկրատիա, կային հայ սոցիալիստ-հեղափոխականներ, բայց այդ բաժանումները զարգացման սաղմնային վիճակի մեջ էին եւ չէին կարող անկախ ու գործուն դեր կատարել։ Գլխավոր զանգվածը կազմում էր Դաշնակցությունը, որի արեւելքն ու արեւմուտքը հայտնի չէին եւ նրա շեֆերին։ Հիշում եմ «Հորիզոն» լրագրի մի խմբագրական ժողով` դարձյալ Համբարձում Մելիքյանի նախագահությամբ։ Ինձ, իբրեւ դրսի աշխատակցի, հրավիրել էին կարծիք հայտնելու թերթի ուղղության մասին։ Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի, թե դժվարանում եմ մի որոշ կարծիք հայտնել, որովհետեւ մի հաստատուն բացորոշ ուղղություն չեմ տեսնում։ Թերթն առանց ուղղության է. այսօր մի հոդված սաստիկ առաջադեմ բովանդակությամբ, վաղը մեկ ուրիշը` հետադեմ բովանդակությամբ։ Ի մեծ զարմանս ինձ` թերթի խմբագիր Արշակ Ջամալյանը հաստատեց իմ ասածը, բայց արդարացավ` ասելով, թե դաշնակցական աշխարհայացքը պարզ, որոշ, կետ առ կետ օրենսդրված չէ, ինչպես, օրինակ, մարքսիզմը, որին հետեւողի համար ամեն ինչ պարզ դասավորված է համաչափ եւ ներդաշնակ սիստեմի մեջ։ Մինչդեռ, քանի դաշնակցական թերթ կա, այնքան էլ ուղղություն կա։ Եվ այս ճիշտ էր։ Դեռ նոր էր Ամերիկայի «Հայրենիք» դաշնակցական թերթը սկանդալ պատճառել` առաջարկելով, որ Խրիմյան Հայրիկը դասվի սրբերի մեջ…
«Հորիզոնը» պակաս սկանդալներ չէր տալիս։ 1916-ի ամռանը նա, «Մշակի» հետ միացած, ինձ խաչն էր հանում այն պատճառով, որ Երեւանի Թեմական դպրոցի պատմությունը գրելիս ես պատռել եմ կաթողիկոսի մի խղճուկ կոնդակը, որով հաստատվել էին դպրոցի հոգաբարձուները։ Իսկ 1917-ի փետրվարին մի ուրիշ մեծ դարդ էր պատել «Հորիզոնին»։ Վարդանանց տոնի օրը մի քանի տասնյակ հայ վաճառականներ փակել էին իրենց խանութները, իսկ ոստիկանապետ Զասիպկինը հրամայել էր բաց անել։ Եվ ճռճռում էին «Հորիզոնի» առաջնորդողները ազգային վշտից, հոնգուր-հոնգուր լաց էին լինում ազգային տոնի խափանման համար։ Ո՞ւր պիտի գնար «սոցիալիստ» կուսակցության լեյբ-օրգանը… Բարեբախաբար, մի քանի օրից հետո պայթեց փետրվարյան հեղափոխությունը եւ, «Հորիզոնն» ամեն ինչ մոռանալով, տպեց խոշոր տառերով՝ «Կեցցե՛ ինտերնացիոնալը»…
Նա սկսեց զտվել, մաքրվել, սոցիալիստական ձյունափայլություն զգենալ։ Եվ առաջին բանն այն եղավ, որ նա խլվեց բաժնետիրական ընկերության ձեռքից եւ դարձավ զտարյուն եւ անխառն դաշնակցական։ Մենք` ոչ դաշնակցականներս, պիտի հրաժեշտ տայինք 2 կոպեկ տողավարձին եւ այլեւս չճանաչեինք «Հորիզոնի» դռները։ Համեցեք, խնդրում ենք, շնորհ արեք… Դուրս ենք գնում։ Բայց մնում է նավթարդյունաբերող եւ «առաջին գիլդի կուպեց» Համբարձում Մելիքյանը։ Նա հինգ հազար ռուբլի է մտցրել Դաշնակցական գանձարկղը եւ դարձել է ոչ թե շարքային անդամ, այլ` շեֆ։ Երկու տարուց հետո նրան տարան Երեւան եւ դարձրին դաշնակցական պետության ֆինանսների մինիստրի օգնական։
Հեղափոխություն է փողոցում, դուրս են գալիս հասարակական կազմակերպությունները, դիրք են բռնում, իշխանություն են ձեռք առնում։ Սկզբի օրերին, կարծեք թե, հայերն են գերակշռող դիրք ձեռք բերում Թիֆլիսի մեջ։ Բայց վրաց մենշեւիկներն արագ խախտում են այդ դրությունը եւ, իրենց ձեռքը գցելով բոլոր կարեւոր, հրամայող դիրքերը, հաստատում են իրենց հեգեմոնիան կովկասյան բոլոր ազգությունների մեջ։ Այս միայն առաջնորդների ընդունակության հաղթանակ չէ, այլեւ այն ուժի ներգործության, որ ներկայացնում է մենշեւիզմը ամբողջ Ռուսաստանի կենտրոնական կառավարության մեջ։ Թիֆլիսի վրացի մենշեւիկները մեծ աջակցություն ստանում էին Պետերբուրգից։ Հեղափոխության առաջին իսկ օրերին Թիֆլիսից հապճեպով փախավ սեւհարյուրակային Նիկոլայ Նիկոլաեւիչը` տանելով իր հետ «փոխարքա», «կայսերական բարձրություն» եւ սրանց նման այլ հորջորջումները։
Պետական դումայի ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասի համար կազմակերպեց առանձին «Անդրկովկասյան կոմիտե» անունով մի մարմին, որի մեջ մտան մի ռուս, մի հայ, մի թուրք եւ երկու վրացի ներկայացուցիչներ։ Այսպիսով ուրեմն, վրացիությունը բոլոր մյուս ազգություններից գերադաս էր դառնում եւ ուժեղանում էր մանավանդ այն պատճառով, որ ղեկավարող կուսակցությունը (մենշեւիկները) հասկանում էր մեկուսացման ամբողջ վնասը. ուստի, չամաչելով իր սոցիալիստական կերպարանքից, համաձայնության, կարելի է ասել` դաշնության մեջ մտավ թուրք կալվածատեր եւ բուրժուա դասակարգերի հետ, որոնք արդեն մի ուժեղ կազմակերպություն էին ստեղծել «Մուսավաթ» անունով։
Այսպիսով մեկուսացված մնում էր հայ ժողովուրդը։ Պատերազմի եւ կամավորական շարժման սկզբից ստեղծված դրության շարունակությունն էր այս, որ սերտորեն կապված էր Դաշնակցության գոյության հետ։ Այժմ, երբ սկսվել էր նոր կյանք, հայ հասարակությունը չկարողացավ հանել իր միջից մի ուրիշ հոսանք, որ ձեռնարկեր այդ նոր կյանքի խնդիրները լուծելու` նոր սկսվող պայմանների եւ պետական իրականության շրջանակի մեջ։ Հայ ժողովուրդը մնաց իր հին մտայնությամբ. Դաշնակցությունն էր ղեկավարողը, ուղղություն տվողը. իսկ սա նշանակում էր, թե խառնված պիտի լինեն իրար հետ ֆիդայականությունն ու սոցիալիզմը։ Ո՛չ մի բարեկարգում, ո՛չ մի վերանորոգում։ Ամեն ինչ մնաց հինը։ Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ։ Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին։ Այսպես էր մեր աղքատությունը։ Եվ մենք, բնականաբար, պիտի տեղի տայինք ընդունակ վրացի առաջնորդներին, որոնց ետեւից կազմակերպված բազմություններ էին գնում։
Նոր միայն զգացվում էր, թե որքան մեր կյանքը տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրել եւ անդամալուծել է հայդուկային աշխարհավարությունը։ Մեր լավագույն երիտասարդությունը թուրքական բանտերի եւ կախաղանների կերակուր էր դառնում, եւ մեր միտքը գնալով գոսանում էր, շաբլոնական միանմանության էր ստրկանում` գրեթե ոչինչ տեղ չթողնելով ինքնուրույն աշխատանքի, պրպտումների, որոնումների համար։ Սասունի, Վասպուրականի լեռները հայ ֆիդայիների դիրք դառնալով` կուլտուրական աշխատանոցներ, մտքի մարզարաններ չէին դառնում իհարկե, այլ ավելի նեղացնում էին մտավոր հորիզոնը` ամեն շահ եւ մտածմունք կենտրոնացնելով հրացանի բլթակի վրա։ Եվ ահա, երբ եկան նոր օրեր` նոր եւ մեծ պահանջներով լեցուն, դարձյալ նույն լեռներից իջած, բլթակի շահերով ապրող մարդիկ եկան մեզ առաջնորդելու նոր պայմանների մեջ։ Հասկանալի է, որ մե՛նք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը։
Դաշնակցական ինտելիգենցիա կար, բայց տափակությունից ու միջակությունից վեր չգնաց նա։ Ճիշտ է, հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ինտելիգենցիան ձեռք էր բերում Ալեքսանդր Խատիսյանին, որ մի ուժ էր նույնիսկ կովկասյան չափանիշով։ Բայց այդ ի՞նչ ուժ էր։ Խոսելու գեղեցիկ ընդունակություն ուներ, գործելու եռանդով լցված էր, բայց` անսկզբունք, պատեհական, կարիերիստ. ահա՛ ինչն էր, որ սնամեջ էր դարձնում այդ ընդունակությունը։ Բուրժուազիայի սիրասուն զավակ, նրանից երես առած, նրանով առաջացած մինչեւ Թիֆլիսի քաղաքագլխի բազկաթոռը` նա հանկարծ դուրս եկավ իր այդ ծնող մոր դեմ, կռիվ հայտարարեց նրա դեմ` մտնելով Դաշնակցության շարքերը։ Այսպես են մի գիշերվա մեջ սոցիալիստ դառնում, երբ հարկավոր է։
Կարիերիզմի բնազդը չէր դավաճանել Խատիսյանին։ Նրան ընդունեցին Դաշնակցության մեջ գրկաբաց, թույլ էլ չտվեցին, որ նա գոնե մի քառասնօրյա մաքրարան անցնի` իր անցյալ մեղքերից փոքրիշատե սրբվելու համար։ Իր նորադարձության վաղորդայնից նա արդեն առաջնակարգ գլուխ էր եւ պատասխանատու վարիչ։ Եվ, սակայն, այդ նորադարձությունից մի թե երկու շաբաթ առաջ էր, որ մի ժողովում, ուր թեկնածուներ էին որոշում մի պաշտոնի համար, Խաչիկ Կարճիկյանը ամենակտրուկ կերպով հրաժարվեց Դաշնակցության կողմից որեւէ ոչ դաշնակցականի թեկնածությունն ընդունելուց եւ, իր այդ դիրքն ակնհայտնի կերպով ցուցադրելու համար, դարձավ դեպի ինձ եւ ասաց. «Մեր մի հատ դաշնակցական մշակը շատ եւ շատ բարձր է ձեր Խատիսյանից»։ Այժմ Խատիսյանը նրանցն էր… Եվ որպիսի՜ երջանկություն…
Ես, սակայն, պարտավոր եմ ասել, որ ամենքը չէին այդքան անտարբեր իրենց նոր ընկերակցի վերաբերմամբ. Դաշնակցության ձախ կամ երիտասարդ թեւը շատ էր աշխատում զտել կուսակցության շարքերը։ Հատուկ անբավականություն կար Խատիսյանի դեմ, եւ նրա անունը հանել տվին Սահմանադիր ժողովի պատգամավորների թեկնածուների շարքից։ Բայց այս դիմադրությունը շատ կարճ տեւեց, եւ նորաթուխ դաշնակցականն այնքան կարեւոր դիրքեր գրավեց, որ իրենից շատ հեռու թողեց հին, ինչպես ասում են` «մազով-միրուքով» դաշնակցականներին։ Սա, իհարկե, հրաշքով չէր կատարվում, այլ իրերի բնական բերմունքով` մարդ չկար կարեւոր, պատասխանատու պաշտոնների համար, եւ ահա կախվում էին այդ մարդու փեշերից, որին չգիտեմ ով, շատ սրամիտ կերպով անվանել էր «պալատական սոցիալիստ»։
Հավասար չափով անպտուղ էր ձախ դաշնակցականների պայքարը «կոպիտ ուժի ներկայացուցիչների», այն է` խմբապետների եւ ֆիդայիների դեմ, որոնք նստում էին դաշնակցական ժողովներում` հիմա էլ սոցիալիստական հարցեր լուծելու համար։ Ավելացրեք այս ներքին շփումների եւ սուր անհամաձայնությունների վրա նաեւ մի նոր սուր անբավականություն արեւմտահայերի եւ արեւելահայերի միջեւ, եւ դուք պատկերացում կկազմեք, թե ինչ խառնաշփոթություն էր ներկայացնում հայկական կյանքը հեղափոխության առաջին ամիսներին։ Արեւմտահայ (թուրքահայ) մտավորականությունը, որ Կ.Պոլսից կամ ուրիշ տեղերից եկել-հավաքվել էր Թիֆլիսում, հուսահատված եւ հոգնած այն տարտամ ու անստույգ վիճակից, որին ենթարկված էր ինքը, սկսել էր սուր անբավականություն հրապարակ բերել ռուսահայերի դեմ։ Նա նոր էր խելոքացել եւ նոր էր իմանում, որ ռուսահայերն իրենց խնամակալությունը թուրքահայերի վրա դարձրել են թուրքահայերի կոտորածների աղբյուր, իսկ իրենք` մնացել անվնաս։ Դոկտոր Բոնապարտյանը ժողովների մեջ կանչում էր. «Մենք ձեր կոտորածն էլ պիտի տեսնենք»։ Եվ տեսան քիչ հետո։ Մի միջոց կար, երբ հայության երկու հատվածների փոխադարձ հարաբերություններն այնքան սրացել էին, որ հանաք սիրողներն ասում էին, թե սկսվելու է արեւմտահայերի եւ արեւելահայերի կոտորած, ինչպես մի ժամանակ կար հայ-թուրքական կոտորած։
Այս բոլորը ցույց էր տալիս, որ հայ ժողովրդի աշխատավորական մասը լավ չէր կազմակերպված։ Բանվորական զանգվածների մի փոքր մասը գնաց Դաշնակցության ետեւից, մնացած մասը սոցիալ-դեմոկրատիայի հետ էր։ Եվ ահա, հիմնվելով ուժերի այս տեսակ տրոհման վրա` վրաց սոցիալ-դեմոկրատիան քաղաքային ընտրությունների ժամանակ առաջին խոշոր հաղթանակը տարավ Դաշնակցության դեմ։ Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը թեեւ խոշոր քանակություն էր կազմում, բայց անկազմակերպ վիճակի մեջ գտնվելով` ձայների մեծամասնությունը շահեց վրաց սոցիալ-դեմոկրատիան, իսկ Դաշնակցությունը քաղաքային դումայի մեջ բռնեց երկրորդական տեղ։ Քաղաքագլուխ ընտրվեց վրացի. բոլոր խոշոր, պատասխանատու պաշտոնները նույնպես վրացիների ձեռքն անցան, եւ այսպիսով լուծում ստացավ տասնյակ տարիներից ի վեր վրաց ազնվականության եւ հայ բուրժուազիայի մեջ բորբոքված կռիվը Թիֆլիսի քաղաքային ինքնավարությանը տիրանալու համար։ Այս առաջին հաղթանակից հետո Դաշնակցությանը վիճակվում էր իր դիրքերը մեկը մյուսի ետեւից վրաց սոցիալ-դեմոկրատիային զիջելը։ Հայության մեջ գոյություն ունեցող միակ խոշոր եւ ուժեղ կազմակերպությունը անկարող էր հանդիսանում մի այլ դրություն ստեղծելու հայ ժողովրդի համար, բացի մեկուսացումից, եւ այս հանգամանքը բխում էր նրա ամբողջ էությունից, ամբողջ անցյալից, ամբողջ բովանդակությունից։
Այս կողմից ավելի լավ դրության մեջ էր թուրք ժողովուրդը։ Թեեւ թուրքերը նոր էին միայն մտնում քաղաքական կազմակերպման շրջանը, եւ թեեւ նրա մեջ գոյացած «Մուսավաթ» կազմակերպությունը ավատական-կրոնական բովանդակություն ուներ եւ ներկայացնում էր ազգայնամոլ հետադիմություն` երիտթուրքերի ճաշակով եւ տիպով, բայց եւ այնպես` նա միացած էր վրաց մենշեւիկների հետ, գնում էր նրա ետեւից եւ որոշ դեպքերում փոխադարձաբար քաշում էր նրան իր ետեւից, մանավանդ այնտեղ, ուր հարցը վերաբերում էր հայերին։ Թե՛ այս հանգամանքը եւ թե՛ այն, որ «Մուսավաթն» իր մեջքի ետեւում զգում էր Թուրքիայի ուժը, թուրք ժողովրդի ներկայացուցիչ կազմակերպությանը տալիս էր այնքան ամուր եւ ուժեղ դիրք, որ Դաշնակցությունը ստիպված էր նրա առջեւ նահանջողի, զիջողի դիրք բռնել։ Բանն այսքանով չէր սպառվում։ Կատարելով իր գաղտնի դաստիարակչի եւ ոգեւորողի հրահանգները` թուրք կալվածատիրությունը պատրաստվում էր ավելի գործուն դերի։
Կերենսկու328 ապիկար կառավարությունն ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կովկասում սաստկացրել էր անիշխանությունը։ Օգտվելով այս հանգամանքից` թուրք ազգաբնակչությունը տենդային շտապով զինվում էր։ Այս այնքան խոշոր մի երեւույթ էր դարձել անդրկովկասյան իշխանության մեջ, որ նրա վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների խորհուրդը։ Հայ ժողովուրդը զգում էր, թե ում դեմ են ուղղված այդ բացահայտ պատերազմական պատրաստությունները, եւ շարունակ մատնացույց էր անում, թե ինչ վտանգ է պատրաստվում։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Անդրկովկասյան կոմիսարիատի հայ անդամ Պապաջանյանը չափազանց խեղճ էր թուրք անդամի հանդեպ, որ շրջապատել էր իրեն թուրք անհաշտ նացիոնալիստներով եւ, որովհետեւ իր ձեռքում էր պահում նաեւ փոստն ու հեռագիրը, ուստի, ամեն դյուրություններ էր հայթայթում զենքեր փոխադրելու համար։
Դեռ այն ժամանակ, 1917-ի ամռանը եւ աշնանը կարելի էր կանխատեսել, թե ի՛նչ նացիոնալիստական դժոխքի պիտի վերածվի Անդրկովկասը, երբ նրա` իրար դեմ անխնայորեն մաքառող ազգությունները ազատություն ստանան գործելու` ինչպես ուզում են…
Բ
Բայց մենք մոռացանք մեր չարաշուք բյուրոն։ Ի՞նչ եղավ նա։ Հեղափոխությունը բերում էր նրան բնական մահ, թեեւ Թուրքահայաստանը շարունակում էր գրավված մնալ ռուսական զորքերով։ Կամավորական խմբերի տեղ այժմ կազմված էին ազգային գնդեր` մշտական բանակի մեջ ծառայող զինվորներից։ Այսպիսով հայերն ու վրացիներն ունեին իրենց զորքերը, որոնք գտնվում էին զորաճակատի զանազան մասերում։ Բայց այս կազմակերպությունն այլեւս ոչ մի կախում չուներ Ազգային բյուրոյից։ Առաջվա դիրքի եւ նշանակության հետքերն անգամ չէին մնացել նրա վրա։ Ամենից առաջ, հենց որ կոմս Վորոնցով-Դաշկովը հեռացավ Կովկասից, Գեւորգ կաթողիկոսը, ինչ-որ անձնական վրեժ հանելու համար, Մեսրոպ եպիսկոպոսին հեռացրեց Թիֆլիսի առաջնորդությունից եւ պատվավոր աքսոր ուղարկեց Աստրախան։ Նրա տեղ առաջնորդ եկավ Մխիթար եպիսկոպոսը, մի անապատական, որ մարդու երես չէր ուզում տեսնել, ուր մնաց` դեռ դիվանագիտությամբ էլ պարապել։ Եվ խլացավ ու անմարդացավ երեկվա խոշոր քաղաքական կենտրոնը, Եղիշեի ասածի պես` «սարդի ոստայնք ձգեցան ի սենյակ առաջնորդաց»… Բյուրոն վերածվեց մի տեղեկատու գրասենյակի, որ այլեւս պատերազմ մղող մի հիմնարկություն չէր, այլ ներկայացնում էր մի ժողովուրդ, որ շատ մեծ բան է համարում իր անթիվ ու անհամար որբերին խնամելը։
Այս դրության մեջ բյուրոն հղացավ իրենից ավելի մի խոշոր եւ հեղինակավոր մարմին ստեղծելու միտքը։ Եվ հրավիրեց, այսպես անվանված, համազգային կոնֆերանս, որ կայացավ Թիֆլիսում, 1917-ի աշնանը։ Այժմյան Ռուսթավելու թատրոնի մեծ դահլիճում համախմբվեցին 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից մոտ 90-ը Դաշնակցությանն էին պատկանում։ Կային եւ ուրիշ կազմակերպություններ` սոցիալ-դեմոկրատներ, սոցիալիստ-հեղափոխականներ, Հայ ժողովրդական կուսակցության [անդամներ]։ Աջ կողմի ծայրի աթոռները գրավեց անկուսակցականների խիստ փոքրաթիվ խմբակը, որի մեջ էի եւ ես։ Առաջին օրերին տեղի ունեցան խիստ վիճաբանություններ։ Դաշնակցականները, իբրեւ ուղղափառ սոցիալիստներ, հարձակվեցին բուրժուազիայի վրա, որ ներկայացված էր ի դեմս Ժողովրդական կուսակցության։ Ես հիշում եմ մի այսպիսի զվարճալի դեպք. դաշնակցական հռետորը փրփրած խոսում է` հարյուր ու մի մեղք շպրտելով բուրժուազիայի դեմքին։ «Դուք, – բացականչում է նա, – շահագործող գործարանատերեր…»։ Ժողովրդականների միջից Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը նույնպես բացականչում է. «Մեր մեջ գործարանատեր չկա, գործարանատերը ձեր մեջ է»։ Ամենքը նայում են ձախ թեւին. այնտեղ` դաշնակցականների մեջ նստած է Համբարձում Մելիքյանը։ Բարձրանում է ծիծաղ։ Հռետորը ընդհատում է իր ճառը եւ նստում տեղը։ Եվ մյուս օրվանից Բաքվի նավթարդյունաբերողն այլեւս չհամարձակվեց երեւալ դահլիճի մեջ…
Բուրժուազիային լավ բզկտելուց հետո` կուսակցությունները կատաղորեն ընկան իրար վրա։ Հիշում եմ, թե ինչ աներեւակայելի աղմուկ բարձրացրեց Սիմոնիկ Փիրումյանը, երբ բեմ բարձրանալով` խիստ հարձակումներ գործեց դաշնակցականների վրա` անվանելով նրանց «բանդիտներ, որոնք պատերազմ էին հայտարարում Թուրքիային»։ Ամբողջ դաշնակցական թեւը տեղից վեր ցատկեց եւ մի քանի րոպե շարունակ դահլիճի մեջ կանգնած էր սոսկալի ոռնոց, որի մեջ չէր կարելի լսել եւ ոչ մի հատ բառ։ Նախագահող Լեւոն Աթաբեկյանը կոտրատում էր իր ձեռքերը` խփելով նախագահական սեղանին եւ կարգի հրավիրելով ժողովականներին։ Վերջապես հանգստություն տիրեց։ Բայց դաշնակցականներն էլ, իհարկե, պարտքի մեջ չմնացին։ Նրանց կողմից դուրս եկավ պատասխանելու Նիկոլ Աղբալյանը, որ հայոց պատմությունից օրինակներ բերելով, շատ պարզ ակնարկներով ցույց տվեց, թե սոցիալ-դեմոկրատները ազգային դավաճաններ են, եւ վերջացրեց իր խոսքը բղավելով. «Իսկ մենք կկռվենք երեք ճակատի վրա եւ նորից կտանք երեք հարյուր հազար զոհ»329։ Սոցիալ-դեմոկրատների կողմից Ղազար Տեր-Ղազարյանը, որ նախագահության անդամներից մեկն էր, հայտարարեց, թե ինքն ու իր ընկերներն անհնարին կհամարեն մնալ այս ժողովի մեջ, եթե ետ չվերցվեն այստեղ արտասանված վիրավորական ակնարկները։ Դաշնակցության առաջնորդ Արամ-փաշան մի հայտարարություն արավ կուսակցության կողմից, եւ այսպիսով փակվեց այս աղմկաշատ միջադեպն էլ…
Անցողակի հիշատակեմ, որ այդ ժամանակ արդեն հասունանում էին այն անջատողական եւ ազգայնամոլական տրամադրությունները, որոնք Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ եւ դժոխային կացություն։ Վրաց նացիոնալիստները (իսկ ովքե՞ր չէին նացիոնալիստ` մենշեւիկնե՞րը միթե) առաջին անգամ պահանջ էին դնում, թե Թիֆլիսը բացառապես իրենցն է, եւ հայերն այդտեղ անելու ոչինչ չունեն։ Թիֆլիսի սոցիալ-դեմոկրատ քաղաքագլուխը հարկավոր չհամարեց անձամբ ողջունել ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող այս համագումարը, այլ միայն հեռագիր ուղարկեց։ Իսկ վրացական թերթերը գրում էին, թե հայերի այս գումարումը վերջինը պիտի լինի Թիֆլիսում, եւ թող այսուհետեւ նրանք գտնեն իրենց հայրենիքը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ` զարգանում էր այն միտումը, թե Կովկասն ինքը պիտի կառավարի եւ պաշտպանի իրեն եւ ոչ թե Ռուսաստանից «վայրագներ» կանչի իրեն կառավարելու համար։ Այս սկզբունքը պաշտպանում էր իր ճառի մեջ էսէռական330 այնպիսի աչքի ընկնող ներկայացուցիչ, ինչպիսին էր Լեւոն Աթաբեկյանը։ Սա նշանակում էր, թե ռուսական հեղափոխությունն իր բուրժուական շրջանում մի եւ ամուր ճակատ չէր ստեղծում, այլ կտրատվում էր տեղական անջատ ու իրար թշնամի բեկորների։
Ազգային կոնֆերանսն ի վերջո տեղափոխվեց առաջնորդարանի դահլիճ եւ, այդտեղ ընտրելով մի լիազոր մարմին` Ազգային Խորհուրդ անունով, ցրվեց։ Խորհրդի անդամների մեծամասնությունը, իհարկե, դաշնակցականներից էր, բայց մյուս կուսակցություններն էլ ունեին իրենց ներկայացուցիչները` համեմատ իրենց ունեցած պատգամավորների թվի։ Մի հատ տեղ էլ տվեցին անկուսակցականներին. հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը331 ստացավ այդ տեղը։
Այստեղ ահա, հեղափոխության մեջքի վրա հեծած` հասարակական դիրքի բարձրերն էր թեւակոխում մի մարդ` Ավետիս Ահարոնյանը։ Նա ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ։ Ազգային խորհուրդներ իրենց համար ընտրեցին նաեւ վրացիներն ու թուրքերը։ Դրանք իսկապես ազգային կառավարություններ էին, իրացնում էին գերագույն, վարչական գործառնություններ` տուրքեր նշանակել, զորաժողով հայտարարել եւ այլն։ Այդ ազգային կառավարություններով իրապես սկիզբ էր դրվում երկրի բաժանման երեք ազգությունների միջեւ, այնպես որ կենտրոնական կովկասյան կառավարությունը ստիպված էր լինում շատ անգամ այդ ազգային անջատականությունների ցանկություններին եւ որոշումներին հարմարվել։ Մենք շատ մոտ էինք իրար, հոգեց-հոգի մտերիմներ, ես եւ Ահարոնյանը, քանի որ երկուսս էլ կես-քաղցած, կես-կուշտ գրողներ էինք։ Եվ ահա Ահարոնյանի թռիչքը սոցիալական սանդուղքով դեպի վեր` հետզհետե անջատում գցեց մեր մեջ։ Նա` իշխանավոր, հրամայող, ինչպես ասում էինք` «հայոց թագավոր», իր տրամադրության տակ ավտոմոբիլ ունեցող, ես` առաջվա պես կորացած մեջքով, օրական 12 ժամ աշխատող, կտրված դրսի աշխարհից, իմ գրքերի մեջ թաղված։ Մեր ճանապարհները շեղվեցին։ Նա գնաց կառավարելու, դատելու, գործերի ամենապատասխանատուներն իր վիզն առնելու, ես մնացի իմ տեղը, իմ գրչի հետ։ Եվ մի օր մենք հանդիպեցինք իրար, բայց այլեւս չէինք խոսում իրար հետ։ Այսպես քայքայիչ եւ անջատիչ է կարիերան։
Ես մի երկու անգամ եմ եղել Ահարոնյանի թագավորության մեջ` Ազգային Խորհրդում։ Այն զետեղված էր Համբարձում Մելիքյանի տան ետեւի մասում, Նովոբեբուդովսկայա փողոցի վրա։ Խոստովանում եմ, մի կերպ, քաշվելով, ամաչելով էի մտնում այդ փոքրիկ, կիսախավար բնակարանը, ուր այնքան մեծ-մեծ պաշտոններ կային մեզ` հասարակ մահկանացուներիս համար անմատչելի եւ վերամբարձ։ Գործերը բաժանված էին պատշաճավոր մինիստրությունների մեջ։ Գիտեի, որ պատերազմական մինիստրը Ստեփան Մամիկոնյանն էր, ֆինանսների մինիստրը` Սամսոն Հարությունյանը, ինքը` նախագահը, վարում էր արտաքին գործերը եւ այլն, ըստ կարգի։ Ի՞նչ պաշտոն ուներ Նիկոլ Աղբալյանը, հաստատապես չգիտեմ, կարծեմ` Խորհրդի քարտուղարն էր։ Բայց այդ չէ գլխավորը։ Նա զբաղվում էր մի փոքրիկ սենյակում, իսկ այդ սենյակի պատից կախված էր մի շատ մեծ աշխարհագրական քարտեզ, որի վրա հաստ գունավոր շերտով նշանակված էին Հայաստանի սահմաններն Անդրկովկասում։
Այս սահմանագիծը նրա սեփական աշխատանքն էր։ Ամեն մեկին մոտեցնում էր քարտեզին եւ սկսում էր բացատրություններ տալ։ Սահմագիծը երկու հատկություն ուներ` բնական եւ ազգագրական բաժանումներ։ Ճիշտ որ, նա շատ խնամք էր թափել այդ աշխատանքի վրա։ Նա գիտեր յուրաքանչյուր լեռ, յուրաքանչյուր փոքրիկ գյուղ։ Բնական բաժանումների կողմից սահմանը միանգամայն կայուն եւ ապահով էր։ Բայց ազգագրական բաժանումների կողմից գիծը հաճախ խանգարում էին թուրքաբնակ գյուղերը, խմբերով թե հատ-հատ։ Բայց սա մեծ հոգս չէր Ազգային Խորհրդի աշխարհագրագետի համար։ Այդ ազգագրական խոչընդոտները նա վերացնում էր դաշնակցական հռչակավոր «սրբել-մաքրելու» միջոցով։ Աղբալյանը աջ ձեռքի մատները կիսով չափ թիակաձեւ դնում էր այդ թուրքական տեղերի վրա եւ արագ շարժումով տանում էր հայկական սահմաններից դուրս` ցույց տալով, թե թուրք ազգաբնակչությունը դուրս կշպրտվի սահմանի այն կողմը եւ այսպիսով կվերականգնվի այս կամ այն տեղի զուտ անխառն հայկականությունը։ Զարմանալի սեր ուներ այդ շնորհալի գրողը դեպի թուրք գյուղերի սրբումն ու մաքրումը։ Եվ ես հիշում եմ մի ժողով, ուր, երբ Նիկոլ Աղբալյանը վեր կացավ եւ հայտարարեց, թե Անիի մոտ եղած քուրդ գյուղերը «մաքրված» են, Միքայել Պապաջանյանը խոնարհվեց դեպի ինձ եւ Սամսոն Հարությունյանը եւ ասաց. «Министр по погромным делам»332։
Ուրեմն, դաշնակցական տակտիկան, գործողության եղանակը մնում էր հինը, անկախ այն հանգամանքից, որ այժմ հեղափոխություն է կատարվում ժողովրդական զանգվածների ազատագրման, հավասարության եւ եղբայրության սկզբունքների իրականացման։ Թուրքահայաստանի հարցը չէր այժմ, ուզում էին Հարավային Կովկասում մի Հայաստան, որ չունենար իր մեջ կամ շատ քիչ ունենար թրքություն։ Եվ որքան նոր աղետներ ծնվեցին այս ապուշ ցանկությունից հայ ժողովրդի համար…