Kitabı oku: «Անցյալից», sayfa 4

Yazı tipi:

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. 1888 – 1896 ԹՎԱԿԱՆՆԵՐ

Ա

Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձեւակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձեւակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ եւ Եվրոպայի պաշտամունք56։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը եւ թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթեւամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված եւ շատ ոգեւորիչ մի երգի մեջ։

 
Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ
Հին քաջերի արյունիցն ենք եւ ազատ,
Թեեւ չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,
Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…
 

Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը եւ որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնեւում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»57-ից եւ հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, եւ նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված առաջին կանոնավոր հեղափոխական կուսակցությունը։

Մինչեւ այդ ժամանակները` փակ ծրարների մեջ փոստը մեզ բերում էր Մարսելի «Արմենիան» եւ Լոնդոնի «Հայաստանը», որոնք այնպես, սովորական երեւույթ էին դարձել, եւ միայն ցարական ապուշ ցենզուրան կարող էր «հիմքեր սասանեցնող» համարել արտասահմանյան այդ հրատարակությունները։ Այնուհետեւ մեծ գաղտնապահությամբ, բայց ավելի ուշ մեզ էր հասցվում այս նոր թերթը` «Հնչակը»` ամենածայրահեղ կարմիրը բոլոր հայ թերթերի մեջ, որի բովանդակությունը շատ անգամ սարսափ էր պատճառում մեզ` միամիտ, նահապետական գավառացիներիս։ Կարդում էինք շտապ, ահուդողով եւ շտապում էինք ձեռքերիցս հանել` կա՛մ պատռելով, ոչնչացնելով, կա՛մ թե ուրիշ ցանկացողների տալով։ Շուշին էլ ցարական տեսակետից հասունացած վայրերի բարձր պատվին էր արդեն հասել. այնպես որ այնտեղ հաստատուն բնակություն էին դրել երկու ահագին, թիկնեղ ժանդարմներ` երկու դատարկապորտ ցարական պահնորդ շներ, որոնք ամբողջ օրն անգործ քայլում էին փողոցներում կամ կանգնում էին գինետների մոտ ու այդպես հսկում, որ «կարգը» չխախտվի։ Գործ ունենո՞ւմ էին նրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Բայց որ նրանց ներկայությունը մեր անխռով, տիրապահ քաղաքում կատարում էր պատշաճավոր ներգործություն, մանավանդ մեզ` երիտասարդ «ազգասերներիս» էր լավ հայտնի։ Քաշվում էինք շատ բանի մեջ, մտներումս պահում էինք, որ այս քաղաքում երկու զույգ ժանդարմական աչքեր կան։

Մի անգամ էլ գաղտնորեն, փսփսուքով լուր տարածվեց, թե Գանձակից եկել է դրանց ռոտմիստրը, եւ այդ ժամանակ արդեն կատարյալ ահաբեկումն էր մեզ բռնում։ Քանի-քանի անգամ նստել ենք ամեն մեկս առանձին մեր տներում, եւ ինքներս մեր ձեռքով ոչնչացրել մեր խղճուկ, նույնիսկ ամենաանվնաս ձեռագիր աշխատությունները, մեր հավաքած արտասահմանյան լրագրերը։ Մի ժամանակ արգելված էր նույնիսկ Կ.Պոլսի «Արեւելք» լրագիրը, եւ ես մի քանի անգամ վառել եմ նրա կապոցները՝ սպասվող խուզարկությունների մեջ «մաքուր» դուրս գալու համար։ Խե՜ղճ մեր երիտասարդական թռիչքներ ու հուզումներ. քանի՜ անգամ էիք դուք քննադատում մեզ, որ թղթի վրա գրում ենք ձեզ, որպեսզի մի ակնթարթում, կապույտ համազգեստի ահից, ոչնչանաք բոցերի մեջ, մեր՝ ձեզ ծնողներիս ձեռքով…

«Հնչակը» չափազանց վտանգավոր էր ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխական էր, այլ որովհետեւ նաեւ սոցիալիստական էր։ Եթե «Արմենիա», «Հայաստան» կարդալով՝ մենք Թուրքիայի թշնամիներն էինք դառնում, մի բան, որ մեծ մեղք էր, «Հնչակ» կարդալիս` արդեն միայն այդ մեղքի տերը չէինք դառնում, այլեւ ավելացնում էինք դրա վրա աններելին, ամենածանրն ու ամենադաժանը՝ դառնում էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլեւ ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետեւյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գեւորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրեւ ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր եւ Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales58. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։

Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ եւ դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ» – ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։

Ասված է, որ արգելված պտուղը քաղցր է լինում։ Ամիսը թե երկու ամիսը մի անգամ երեւացող «Հնչակը» մի խոշոր գրական երեւույթ էր մեր հետամնաց իրականության մեջ։ Այն առաջին օրգանն էր, որ իր համար կռվան էր ընտրել նորագույն քաղաքատնտեսական վարդապետությունը` մարքսիզմը, գիտական սոցիալիզմը։ Այս մասին պարզ ու մեկին Հնչակյան կուսակցությունը խոսում էր իր ծրագրի մեջ։ Այդ ծրագրի առաջին իսկ հոդվածն ասում էր.

«Մարդկության ահագին մեծամասնությունը կազմող աշխատավոր, արդյունաբերող դասակարգի կատարյալ ազատումն (emancipation) ամեն շահագործությունից ու սեփականազուրկ ստրկական դրությունից, որոնց նա ենթակա է կապիտալիստ, սեփականատեր ու իշխող փոքրաթիվ դասակարգի կողմից, կլինի միմիայն այն ժամանակ, երբ արդյունաբերողները կլինեն տեր արդյունաբերության բոլոր ուժերի ու միջոցների, որպիսիք են հողը, գործարանը, հանքերը, հաղորդակցության ու նյութական հարաբերության ամեն միջոցները եւ այլն»։

Եվ ապա` «Ազատումն արդյունաբերող դասակարգի` նշանակում է ազատումն ամեն մարդու, երկու սեռին էլ պատկանող, նշանակում է հասարակական-տնտեսական կատարյալ ազատություն ամբողջ մարդկության։

Ներկա քաղաքակիրթ մարդկության հասարակական, կապիտալական կոչված, կազմակերպության պայմաններն իրենց զարգացման ընթացքում իրենց արգանդից, իրենց ձեւերի միջից բնական կերպով ծնունդ են տվել ու առաջացրել սեփականատիրության մի նոր ձեւի ամեն մտավոր ու նյութական տարրեր։ Այդ նոր ձեւն է՝ արդյունաբերության բոլոր միջոցների ու արդյունքի սեփականության հավաքական (collectif)` համայնական ձեւը, որով նրանք կլինեն ընդհանուր սեփականություն արդյունաբերող հասարակության։

Իր այդ պատմական պարտքն ու գործն ի կատար ածելու համար ամեն քաղաքակիրթ երկրներում արդյունաբերող դասակարգը պետք է կազմակերպվի իբրեւ քաղաքական ինքնաճանաչ ու ինքնուրույն կուսակցություն եւ, իր տրամադրության տակ գտնված ամեն հասարակական ու քաղաքական միջոցները գործ դնելով եւ բոլոր երկրներից իրար հետ միանալով, ձգտի կատարել կոմունիստական, սոցիալական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությամբ արդյունաբերող դասակարգն իր ձեռը կգցե քաղաքական ղեկը` խլելով այն ներկայումս իշխող դասակարգից, վերջ կդնե տարբեր դասակարգերի գոյության ու նրանց մեջ եղած դասակարգային կռվին եւ կհաստատե սոցիալիստական հասարակական կազմակերպություն։

Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձեւի տակ, ամբողջ հասարակությանը եւ յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի եւ ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման եւ ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։

Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաեւ սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»59։

Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգեւորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների եւ շահագործողների դեմ։

Չափազանց հետաքրքրական տեսարան պիտի բաց անեին հնչակյաններն իրենց այդ գործառնությամբ։ Նրանք պիտի կազմակերպեին կեղեքվող դասակարգերը, պիտի հեղափոխականացնեին նրանց` իրենց տնտեսական շահերի գիտակցությամբ եւ ամբողջացնեին Ասիայի բազմատանջ հողի վրա շահագործվող աշխատանքի միջազգային համերաշխությունը, որ պիտի իրար մոտեցներ հայ ու քուրդ գյուղացիներին եւ սովորեցներ նրանց ոչ թե իրար ծառայել, այլ միացած` կռվել թուրք կալվածատիրոջ եւ հայ վաշխառուի դեմ։ Սա կլիներ մի շատ խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող առաքելություն, հարյուրապատիկ դժվարին, քան հայդուկային գործունեությունը, բայց հազարապատիկ ավելի բարերար ու մեծագործ։

Կարո՞ղ էր Հնչակյան կուսակցությունն իր ուսերի վրա բարձել մի այսչափ մեծ պարտականություն՝ թեկուզ այն շատ դանդաղորեն, փոքրիկ մասնիկներով կատարելու պայմանով։ Իր ծրագրի երկրորդ հոդվածով ասում էր՝ ո՛չ, չի կարող։ Այս հոդվածը հանդիսավորապես հայտարարում էր, թե սոցիալիստական գործունեությունը, կոմունիստական հեղափոխությունը նրա համար հեռավոր նպատակներ են։ Իսկ մերձավոր նպատակը, որին նա ձեռնարկում էր իսկույն, ազգայնական շարժումն էր, հայդուկային հեղափոխությունը։ Հայտնի է, որ Կարլ Մարքսն ատելով ատում էր այդ տեսակ գործառնությունը` դավադրական, տեռորիստական իր ամբողջ բովանդակությամբ։ Բայց հայ իրականության մեջ հայտարարվում էր, որ ինտերնացիոնալիզմը եւ ազգայնամոլությունը իրար չեն խանգարում։ Ահա ինչպես էր պատճառաբանվում այդ օրինականացող կարելիությունը։

«Հայ ժողովուրդը, – ասում էր երկրորդ հոդվածը, – ներկայումս գտնվում է միապետական-քաղաքական կարգերի տակ, որոնց կառավարական, հարկային ու ֆինանսական սիստեմներն ավերիչ են նրա համար. նա գտնվում է նաեւ այնպիսի տնտեսական մի շրջանում, երբ մի կողմից սկսել են ծագել արդյունաբերության կապիտալական կարգեր եւ մյուս կողմից` շարունակ ընկնում ու քայքայվում են տնտեսական նահապետական կերպերը։ Այդ բոլոր պայմանների շնորհիվ է, որ հայ սոցիալիստ-ռամկավարականի համար սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ՝ հայտնվում է հեռավոր նպատակ, եւ նրա գործունեության ու ձգտումների առաջ ներկայանում է մեկ ուրիշ անմիջական պահանջ, իբրեւ մոտակա նպատակ։ Ահա հենց այդ մոտակա նպատակն է, որ գործնականապես դրված է հայ սոցիալիստ-ռամկավարականի, հայ հեղափոխականի առջեւ, Հնչակյան կուսակցության առջեւ։

Այդ մոտակա նպատակը կայանում է հետեւյալում։ Հեղափոխել ու ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ընդհանուր ստրկական դրությունից, տալ նրան քաղաքական կարելիություն` միջամտելու քաղաքական գործերում, վերացնել այն խոչընդոտները, որոնք արգելք են լինում նրա տնտեսական զարգացման, առհասարակ նրա կուլտուրական առաջադիմության, ստեղծել քաղաքական պայմաններ, որոնք աշխատավոր դասակարգին միջոց տան ազատ կերպով արտահայտելու իր ձգտումներն ու պահանջները` ավելի ու ավելի բարելավելու աշխատանքի ծանր պայմանները, դասակարգային գիտակցություն ձեռք բերելու ու կազմակերպվելու իբրեւ ինքնուրույն քաղաքական մարմին եւ դյուրացնելու նրա այն բոլոր հասարակական ջանքերը, որոնք պետք է, ամեն տրամադրելի հասարակական պայմանների միջոցով, նպաստեն նրա առաջխաղացությանը դեպի հեռավոր նպատակը»։

Վերածելով այս բոլորը սովորական, հասկանալի լեզվի, դուրս է գալիս, որ հնչակյան մարքսիստները ծրագրում էին Հայաստանը կռվով ազատել սուլթաններից ու ցարերից, դարձնել այն բուրժուական հանրապետություն, ապա մի մեծ եւ գուցե ավելի ահավոր պատերազմով ազատել բուրժուազիայի ձեռքից եւ նետել կոմունիստական հեղափոխության գիրկը։ Անհեթեթությունը չափազանց ակներեւ է։

«Այդ բոլոր նկատումների հիման վրա, – շարունակում էր ծրագիրը, – Հնչակյան կուսակցության մոտակա նպատակն է` կռիվ մղել միապետական կարգերը տապալելու համար եւ նրանց փոխարինելու հանրային ռամկավարական սահմանադրական կարգերով»։

Այդ կարգերը մեջ բերելուց հետո, ծրագիրը բաց էր անում իր երրորդ հոդվածը։

«Նկատելով, որ հայության ամենաստվար մեծամասնությունը կազմում են թուրքահայերը, եւ նրանց բնակավայրը մեր հայրենի հողի ամենամեծ տարածությունն է,

Նկատելով, որ հայության այդ մեծամասնության Դատը Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածի զորությամբ, որպես եւ այլ միջազգային պայմանագրերի զորությամբ, արդեն մտած է միջազգային իրավունքի դրական շրջանը եւ ճանաչված եվրոպական մեծ պետությունների կողմից,

Նկատելով մյուս կողմից, որ թուրք տերության միապետական կարգերը քաղաքական, հասարակական ու տնտեսական անտանելի ճնշման են ենթարկում հայ ժողովրդին,

Նկատելով, որ ամեն տեսակետից այդ դրությունն անպայման կերպով անհնարին է դարձնում հայ ժողովրդի հասարակական-տնտեսական ու քաղաքական որեւէ առաջադիմություն, որպես նաեւ մշտական սպառնալիք ու զենք է նրա մարդկային գոյության դեմ,

Նկատելով նաեւ թուրք կայսրության քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու նյութական ամենաանկարգ, անցյալ ու սնանկացած դրությունը եւ դրա ու ներքին խռովությունների ու ցնցումների պատճառով այլ հավաստի ու անխուսափելի դարձած թուրք պետության կործանումը, որին մյուս կողմից էլ նպաստում են եվրոպական տերությունների հաճախ հարվածները, ինչպես նաեւ եվրոպական Թուրքիայում եւ այդ կայսրության այլ մասերի սիստեմաբար պատառ-պատառ լինելն, ընկնելով ուրիշների ձեռքը,

Այդ բոլոր նկատումների հիման վրա պատմական առաջնակարգ անհրաժեշտություն է՝

1. Որ հայ հեղափոխական գործունեությունն այսօր բացառապես նվիրվի թուրքահայ ժողովրդի դատի պաշտպանության ու լուծման` համաձայն մոտակա նպատակի,

2. Որ, ուրեմն, հեղափոխական գործունեության ասպարեզն է Թուրքաց Հայաստանը,

3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից եւ ընդմիշտ պետք է զատվի թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը60, որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու առաջին պայմանը»։

Այսպես ուրեմն, մինչ Հայոց հարցը թե՛ հայ ժողովրդի ստվար մեծամասնության եւ թե՛ մանավանդ Եվրոպայի պետական անձանց ըմբռնողությամբ լոկ ռեֆորմների, լոկ կյանքի, ստացվածքի եւ պատվի ապահովության հարց էր` իրագործելի տեղային համեստ ինքնավարության միջոցով, նորակազմ սոցիալիստական կուսակցությունն առաջին պահանջ էր դարձնում Հայաստանի անկախությունը, մի հանգամանք, որ իհարկե կատաղեցնում էր սուլթան Համիդին` նրա ձեռքը միջոց տալով արդարանալու Եվրոպայի առաջ, թե հայերը Բեռլինի Դաշնագրի 61-րդ հոդվածը չեն ուզում, այլ ավելին։

Իսկ այդ անկախությունն իրագործելու համար հնչակյաններն ընտրում էին այս միջոցները.

«Մոտակա նպատակին հասնելու միակ միջոցն է հեղափոխությունը, այսինքն՝ պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում` կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդական ընդհանուր ապստամբության միջոցով։

Այդ գործունեության միջոցներն են՝

1. Պրոպագանդա եւ ագիտացիա մամուլի, գրքերի ու խոսքի միջոցով ազգի մեջ, ամեն շրջաններում եւ` գլխավորապես ու առաջնապես ժողովրդային աշխատավոր դասերի մեջ` տարածելով հնչակյան հեղափոխական գաղափարները եւ կազմակերպելով նրանց մեջ հեղափոխական կազմակերպություններ ու ապստամբական գնդեր։

2. Տեռորական գործողություն իբրեւ պատիժ թուրք բռնավորներին, որպես եւ լրտեսներին, մատնիչներին, դավաճաններին։ Տեռորը պետք է լինի հեղափոխական կազմակերպության ինքնապաշտպանության միջոց եւ հասարակությունը բռնավորների ու վատերի գործերից պաշտպանելու համար մի զենք։

3. Ասպատակային գնդերի կազմություն` իբրեւ մշտական պատրաստի մարտական ուժ կառավարական զորքերի կամ այլ վայրենի ցեղերի հարձակումներին դիմադրելու, ժողովրդին պաշտպանելու համար։ Ընդհանուր ապստամբության միջոցին այդ գնդերը կարող են կատարել առաջավոր գնդերի դեր։

4. Կազմակերպությունն ընդհանուր կուսակցության՝ պետք է բաղկացած լինի բազմաթիվ կազմակերպված խմբերից, որոնք ամենքը սերտ կերպով կապված են միմյանց հետ, իբրեւ մեկ եւ ամբողջ մարմին, մի կանոնավոր ամբողջություն, մեկ եւ ընդհանուր համատիպ ուղղությամբ ու տակտով գործող` ենթարկված ընդհանուր կազմակերպությունը ղեկավարող մի կենտրոնական մարմնի։

5. Ապստամբական զորագնդերի կազմակերպություն։

6. Ընդհանուր ապստամբության ժամանակը։ Որեւէ պատերազմ, մղված այս կամ այն տերության կողմից Թուրքիայի դեմ, պետք է համարել հարմար րոպե մոտակա նպատակի իրագործման համար»։

Ի վերջո, կուսակցությունն այսպես էր որոշում իր վերաբերմունքը դեպի ուրիշ ազգերը.

«Վաստակել հայ ժողովրդին վիճակակից Հայաստանի այլ բնակիչների, որպիսիք են ասորիները, քրդերը, համակրությունը դեպի հեղափոխական գործը եւ նրանց աջակցությունն այդ գործում, որը միաժամանակ հայտնվում է նաեւ նրանց, իբրեւ նույն բռնակալության տակ ճնշված ժողովրդի ազատության գործը։

Համերաշխ գործակցություն հաստատել թուրքական լծի տակ հեծող այլ քրիստոնյա ազգերի հեղափոխական մարմինների հետ, որոնց հետ ջանալ, եթե հանգամանքները ներեն, համատեղ ապստամբել ընդհանուր թշնամու` թուրք կառավարության դեմ։

Հնչակյան կուսակցության ամենաջերմ իղձն է ընդհանուր անկախ դաշնակցություն, նման Շվեյցարիայի դրության, բոլոր փոքրիկ ազգերի Արեւելքում, երբ դրանցից մնացածներն էլ ազատված կլինեն թուրքական լծից»։

Բ

Չկարծե՛ք, ընթերցո՛ղ, թե ես ձեզ ուզում եմ տալ Հնչակյան կուսակցության պատմությունը, ուստիեւ բերեցի այսքան ծրագրային մանրամասնություններ։ Ո՛չ, այդպիսի դիտավորություն ես չունեմ։ Ծրագրային մանրամասնությունները չափազանց կարեւոր են իբրեւ առատ նյութեր թուրքահայկական հեղափոխությունը բոլոր կողմերից ուրվագծելու համար։ Ժամանակագրական կարգով Հնչակյան կուսակցությունն է ձեռք բերել ավագությունն այն շարժման մեջ, որ անընդմեջ տեւեց 32 տարի` 1888-ից մինչեւ 1920-ի վերջերը։ Իսկ ծրագրային մանրամասնությունների մեջ Հնչակյան կուսակցությունը հավաքել է այն ամենը, ինչ հայ միտքը կարողացել է կերտել թուրքաց սուլթանների ճանկերից Հայաստանի ազատությունը գջլելու համար։ Կարող ենք վստահ լինել, որ այստեղ ասված է ամեն ինչ, եւ ուրիշ կազմակերպությունները միայն կրկնել են հնչակյան ծրագիրն ուրիշ բառերով, ուրիշ կառուցումների վրայով։

Եթե տարրալուծենք այն պայքարը, որ կանոնադրված եւ պատճառաբանված է այս ծրագրային շատախոսությունների մեջ, տակը կմնա իսկական կորիզը, այն, որ հեղափոխական մանկության օրերի երգն այնքան ակեղծորեն անվանել է կռիվ բահերով. իսկ մենք կավելացնենք` մաուզերի եւ մանլիխերի61 դեմ։ Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով։ Ճիշտ է, մի ժամանակ հայդուկները մեծ-մեծ գործեր են տեսել Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, բայց այն ժամանակներն ուրիշ էին, գնացել-անցել էին անդառնալի կերպով։ Եվ ասե՞լ, որ հայդուկային պատերազմները երբեք իրենք իրենց միջոցներով` լոկ հայդուկային բազուկներով, ազատություն չէին ստեղծել որեւէ ազգի համար։ Հայդուկները կռվել են քաջաբար, տասնյակ տարիներով, պաշտելի հերոսներ դարձել իրենց ժողովուրդների համար, բայց միշտ ազատողը եղել են ռուսական պատերազմները։ Մենք պատրաստում էինք հայդուկային խմբեր, բայց ո՞վ պիտի գար իր հաղթական պատերազմով մեր հայդուկային կռիվը Հայաստանի ազատություն դարձնելու։ Չգիտեինք։ Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու։

Կռիվ բահերով։ Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ։ Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը։ Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից։ Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն։

Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը62, հանձին Բակունինի, Տկաչյովի եւ ուրիշների։ Իբրեւ ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնեւում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թեւի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչեւ վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։

Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնեւից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնեւի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի եւ մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արեւմտյան Հայաստանում երեւան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը եւ ալաշկերտցի Հարություն-աղան63։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։

Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղեւորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] եւ Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան64։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով եւ միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները եւ թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս երկուսը սպանվում են։ Առաջին զոհերն էին սրանք, հայդուկային երեխայական մտայնության առաջին զոհերը։

Այս լուրը տարածվեց ամեն տեղ` հիացմունք եւ խանդավառություն պատճառելով հայ շրջաններին։ Նահատակներ… Այսպես են մեծարվում երկու ընկածները։ Զրույցների մեջ էին մտնում սրանք, ավելի եւս իդեալացրած, փայլուն կերպարանքով։ Այդ զրույցները մեզ մոտ` Շուշի էլ հասան. պատմվում էին հավաքույթների մեջ, հավաքական մտայնություն էին ստեղծում։

Իսկ Վանի Խալիլ-փաշան65 այս փոքրիկ, անհավասար կռվից ստեղծեց իրեն փառավորող մի ամբողջ պատերազմական գործ։ Երեքի արշավանքը մեծ դեպք հայտարարվեց։ Սպանվածների վրա գտնված թղթերը թարգմանվեցին եւ տպագրվեցին Կ.Պոլսի լրագրերում։ Դեպքի մասին խոսեցին ոչ միայն եվրոպական լրագրերը, այլեւ Կ.Պոլսի դեսպանները։ Փոքրիկ դրաման իր բոլոր մանրամասնություններով մտավ անգլիական պառլամենտական «Կապույտ գրքի» մեջ։ Աբդուլ-Համիդը փաստ ունեցավ ձեռքին, թե սկսվել է հայերի ապստամբությունը Թուրքիայի դեմ։ Խալիլ-փաշան ավելի եւս սաստկացրեց իր ճնշումները Վանի հայերի վրա, ստիպեց նրանց ստորագրել այնպիսի ուղերձներ, որոնց մեջ նրանք իրենց անսահման հլու հպատակությունն էին հայտնում սուլթանին, ասում, որ միանգամայն գոհ են, ոչ մի բարենորոգման կարիք չեն զգում եւ խնդրում էին, որ կառավարությունն անխնա պատժի հայ խռովարարներին, որոնք արտասահմանից գալիս են վրդովելու սուլթանի խաղաղ հպատակների կյանքը։

Չուհ-Գյադուկի զույգ սպանությունները կազմում էին, եթե կարելի է ասել, նախատոնակ` ավելի խոշոր, ավելի խոր ցնցող դեպքերի, որոնք հաջորդաբար, կարճ ընդհատումներով ծայր էին տալիս 1890 թվականին. մի տարի, որ վճռական նշանակություն էր ստանում հայ ժողովրդի ճակատագրի համար։

Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին եւ ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց եւ այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, եւ կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետեւյալ օրը հայերը փակում են իրենց խանութները եւ ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու եւ եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։

Վալին66 պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռեւոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ եւ վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից եւ փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած եւ զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված եւ 200-300 վիրավոր։

Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։

Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.

 
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`
Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին
Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։
Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։
Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…
 

Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով։ Հետաքրքրական են այն նկատառումները, որոնք հարկադրեցին հնչակյաններին թուրքական մայրաքաղաքն ընտրել իբրեւ ցույցի վայր։ Այդ նկատառումներից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճանի էր հասնում հեղափոխական կուսակցության քաղաքական հասունությունը։ Ցույցի գլխավոր հերոս Ճանկյուլյանն ասում է, թե պատճառները հետեւյալներն էին.

«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի եւ զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, եւ բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական եւ ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։

2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջեւ առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա67. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարեւորությունը անծանոթ չէր ոչ ոքի։

3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրեւ սահմանակից պետության, եւ կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը եւ մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջեւ խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերեւար մեր ազգային շահերուն։

4. Մեր ազգային ցրված վիճակը եւ մայր երկրին մեջ բազմաթիվ օտար ցեղերու խառն բնակությունը կրնային անհաջողության մատնել միայն մայր երկրին մեջ կատարվելիք հայկական շարժում մը։ Հայության այս բացառիկ վիճակն ալ կպահանջեր, որ հայկական շարժումը Հայաստանի սահմաններեն դուրս կատարվեր. այդ պարագային Պոլիսը կարելի չէր անտես ընել, ուր 200 հազարե ավելի հայեր կբնակին` պանդուխտներով միասին։

5. Չարիքին աղբյուրը Պոլիս ըլլալով` հայտնի կնշմարվեր, թե բնաջնջման ծրագիրն էր, որ կգործադրվեր. նպատակահարմար կգտնեինք, որ առաջին բողոքն ալ պետք է ըլլար Կ.Պոլսո մեջ, նույն ինքն Պալատին քթին տակ…

6. Հինգ-վեց դարերե ի վեր գերության մեջ հեծող եւ մասամբ ստրկացած ժողովուրդի մը մեջ երբ հանգամանքներու բերմամբ ոգեւորություն եւ հեղափոխական տրամադրություն կծագի, հեղափոխականները պարտական են օգտվել այդ հանգամանքեն եւ ոգեւորությունեն` հեղափոխության ոգին ավելի հաստատ, ավելի գիտակցական ու գործնական դարձնելու եւ ընդհանրացնելու ժողովրդին խավերու մեջ. եւ հեղափոխական գաղափարը ծավալելու ու արծարծելու ամենեն արդյունավոր ու ազդեցիկ միջոցը հեղափոխական գործունեությունն է։

7. Երբ թուրք կառավարությունը եւ թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը եւ համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, եւ մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետեւին եւ չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։

Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթեւամտությամբ եւ տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք եւ հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց եւ այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների եւ հին պահպանողական68 «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, եւ աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին եւ հայցել նրա հովանավորությունը։

56.Այս եւ հետագա ընդգծումները հեղինակինն են։
57.Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։
58.Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։
59.Հաշվի առնելով այս եւ հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական եւ կետադրական խճողվածությունը։
60.Ի պատիվ Հնչակյան կուսակցության՝ պետք է արձանագրել, որ քաղաքական համարված հայ կուսակցություններից միայն նա էր, որ իր ծրագրային փաստաթղթում պետականության վերականգնման դրույթ ուներ, այսինքն՝ իրապես քաղաքական կազմակերպություն էր։
61.Զինատեսակներ են։
62.Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն եւ շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատեւել է 1850-ականների վերջից մինչեւ 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ եւ, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը եւ հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։
63.Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) եւ Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։
64.Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռեւս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։
65.Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից եւ կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երեւանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները… Ամենքի համար էլ այս նշանավոր հանդիպման էական վայրկյանը այդ էր… Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու դեպի ձախ եւ գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը։ Վճռական շարժումով նա իր քայլվածքը դեպի այն կողմը ուղղեց։ Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, եւ երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռքեր թոթվեցին եւ… համբուրվեցին։ …Նույն օրը երեկոյան հանդիպեցինք Արամին։ «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչեւ իսկ Խալիլին», – հառաչանքով ասաց Արամը» (Արամը, Ե., 1991, էջ 492, ընդգծումը հուշագրողինն է)։
66.Թուրքերեն՝ «նահանգապետ»։
67.Տարօրինակ զուգադիպությամբ, Արեւմուտքի արդարացի վերաբերմունքն ակնկալող հայ ցուցարարները նույնը կրկնեցին 2008թ. մարտի 1-ին, արդեն իրենց անկախ հայրենիքի մայրաքաղաքում, երբ տարերայնորեն հավաքվեցին Երեւանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատների մերձ հրապարակում՝ հավանաբար հուսալով, որ իշխանությունները չեն հանդգնի եվրոպական դեսպանական կորպուսների աչքի առջեւ ապօրինությունների դիմել, ինչպես դիմել էին նույն օրվա առավոտյան՝ լույսը չբացված, Երեւանի Ազատության հրապարակում։ Սակայն իշխանությունները ոչ միայն ապօրինությունների դիմեցին, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 10 մարդ զոհվեց, այլեւ հետագայում՝ 7-8 տասնյակ անմեղ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների դատավարությունների ժամանակ այդ դեսպանությունների երկրներն առնվազն փաստերի ներկայացմամբ միջամտելու առումով պահպանեցին քար լռություն, թեեւ ամեն բան կատարվել էր իրենց աչքի առջեւ, եւ բացառված է, որ տեսագրություններ կամ լուսանկարներ չունենային։ Մեկ անգամ եւս փաստվում է, որ պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են նրա ողբերգական դրվագները մշտապես վերապրելու. տվյալ դեպքում չսերտած դասն այն է, որ նույնիսկ արեւմտյան պետությունների շարժիչ ուժն առաջին հերթին սեփական պետական շահն է, որին նոր կարող է հաջորդել կամ չհաջորդել որոշակի արժեքներին նվիրվածությունը։
68.Լեոյի այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։