Kitabı oku: «Ազգային ջոջեր»

Yazı tipi:

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Որչափ ալ բժիշկները վկայած ըլլան, թե ծիծաղն շատ օգտակար է մարսողության, Լիկուրգոս ծաղու աստվածներու արձաններ դնել տված ըլլա սեղանատուներու մեջ և վերջապես Պղուտարքոս կերակուրներու առաջին համեմն կոչած ըլլա զայն, մենք, այս հրատարակությունն ընելով, երբեք նպատակ ունեցած չենք ոչ փափուկ ստամոքսի տեր ընթերցողներուն մարսողությանը ծառայել և ոչ ալ քիչ կերակուր ուտողներուն ախորժակը բանալ, եթե երբեք գործս պիտի հաջողի քանի մը ժպիտ քաղել յուր ընթերցողներեն:

Մենք այս հրատարակությամբ աշխատած ենք մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով` անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի` առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն:

Կը համարձակինք ըսելու, որ զոք վիրավորել ուզած ենք և ներկայացուցած ենք անձերն այնպես, ինչպես որ են և ոչ թե ինչպես որ կուզեն իրենք և եթե ընթերցողն տեղ տեղ ծանր կետերու հանդիպի` անոնց պատասխանատուն մենք չենք, ո՞ր հայելին գաճաճն Աքիլլես կանդրադարձնե, ո՞ր լեռն սուրբը սատանա կը կրկնե:

Կը խոստովանինք, որ ծննդյան թվականներուն մասին պետք եղած ճշմարտությունը չկրցինք պահել, վասն զի օրինավոր տոմարներու պակասության պատճառավ քառասուն տարիքն անցած մարդ չգտանք և ստիպվեցանք անոնց յուրքանչյուրին տալ այն տարիքն, զոր ունենալ կը թվին:

Հուսալով, որ ընթերցողն ներողամիտ ոգով պիտի նայի գործույս թերություններուն` մենք ինքզինքնիս վարձատրված պիտի համարինք, երբ տեսնինք, որ մեր աշխատությունն յուր նպատակի հասած է:

Հ. Հ. Պ.

ԽՈՐԵՆ ԳԱԼՖԱՅԱՆ

Խորեն եպիսկոպոս, աստվածաբան, կատակերգակ, ազգային երեսփոխան, բանաստեղծ, 1861-ին Գալֆայան, 1870-ին Նար-Պեյ, 1879-ին Լուսինյան – մինչև նոր տնօրենություն – ծնավ Կ. Պոլիս Սամաթիո թաղին մեջ 1841թվականին: Ծնավ գիշերը երեք տեղ հրդեհ պատահեցավ. Արնավուտ-գեղ, Ախրգաբու և Գասըմբաշա:

Խորեն չուշացավ հայտնել, թե յուր ծնունդովն բանաստեղծ մ’ալ ավելցավ ազգին և ոչ թե փորձանք, ինչպես կը գուշակեին քանի մը հեռատես մարդեր. վասն զի երբ մանկաբարձն անոր ոտներուն վրա դիտողություն կըներ, տասն և վեցոտյան ոտանավորներն միշտ այսպես կը վերջանան, պատասխանեց երախա բանաստեղծն, որ ազգային քերթող պիտի հորջորջվեր օր մը մեր ազգային համբակ… սափրիչներեն: Ութ օր վերջը կատարվեցավ յուր մկրտության հանդեսը: Կնքահայրն Ամբակում դրավ անոր անունը, սակայն երախան տուն երթալուն պես փոխեց զայն ու Խորեն դրավ:

Նախազգացմամբ գուշակեց կարծես, թե ձեռք պիտի քաշեր օր մը այս աշխարհիս վաղանցուկ հաճույքներեն, թե յուր կյանքն Աստուծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար: Ուստի, օր մը աչքերն վեր առնելով կնկան մը երես չէր նայեր… բազմության մեջ, փութանք ավելցնել, թե մեկե մը տեսնվելու կասկած կամ երկյուղ չունեցած ատենն ալ չէր նայեր կիներու… եթե ծեր ըլլային. և հետևապես, կուսակրոն ըլլալու համար ամեն տրամադրություն ուներ: Հազիվ չորս տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղեր կը խաղար, նման այն խաղերուն, զորս երբեմն խաղալու չմոռնար: Աթոռի մը վրա բազմելով քարոզ խոսելու համար մեծ փափաք ուներ, իսկ երբ այդ աթոռը պատրիարքական ըլլար` հոգին կուտար:

Հայրը տեսնելով, որ տղան վարդապետ ըլլալու սիրով կը տոչորի, ինչպես որ նույն սիրով կը տոչորին միշտ յոթը տարու տղաներեն ոմանք, որոշեց Վենետիկի վանքը ղրկել զինք. և քիչ ատենեն այս որոշումը գործադրեց առագաստավոր նավու մը հանձնելով յուր զավակն 1847-ին: Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, հայտնեց թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը, որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը: Մեծ դժվարություն կրեցին համոզելու համար վանահայրն թե աղջիկ չէր իրեն ներկայացվողը: Երկրորդ օրը վանքին դպրոցը ղրկվեցավ Խորեն, ուր քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց այն ամեն գիտություններու մեջ, որոնց շնորհիվ մարդս կը հաջողի սիրելի ընել զինք ռամիկներու: Մեր պաշտոնին հավատարիմ մնալու համար պարտավոր ենք հոս հիշել, որ այն ատեն որչափ սրամիտ, նույնչափ ալ խառնակիչ էր Խորեն: Վանահոր ականջներն ալ խուլցած ըլլալով այն տրտունջներեն, զորս Խորենի դեմ կընեին յուր դասընկերները, որոշվեցավ, որ ի պատիժ յուր անվայել վարքին, վարդապետ ձեռնադրվի: Այս ըլլալու էր խելոք չկեցող աշակերտներուն համար վանքին սահմանած պատիժը:

Վանքին մեջ քանի մը տարիներ վարդապետություն ընելեն ետքը, սենյակ մը քաշվելով քարոզ տալու վարժություն ընելեն ետքը – զգաց թե վանքը խիստ անձուկ ասպարեզ մ’էր համեմատորեն յուր ընդարձակ հմտություններուն` որովք օր մը փայլ պիտի առներ յուր անունն պճնասիրության աշխարհին մեջ: Փափաքեցավ անանկ ընդարձակ ասպարեզ մ’ընտրել, որուն մեջ կարող ըլլար ընդարձակորեն ծառայել Աստուծո: Այս փափաքն գոհացնելու համար երկու ոտքով ցատկեց, մեր ազգային պատրիարքարանն ինկավ: Հիշելու բարեբախտությունը չունինք այն թվականն` ուր Խորեն Էջմիածնա հպատակեցավ սակայն լավ հիշելու դժբախտություն ունինք,թե այս թվականեն ի վեր է, որ մեր կուսակրոնները ամեն պարզություն մեկդի դնելով` կիներու պես հագվիլ, սգվիլ և կոտրտվիլ սկսան… աղեկ ծառայություն ընելու համար:

Այն ժամանակները մայրաքաղաքիս հարուստներեն ոմանք իրենց ձիերուն ապագա պատրաստելու նպատակավ անոնց համար հոյակապ ախոռներ կառուցանելեն ետքը` իրենց զավակներուն համար ալ դպրոց մը շինելու գաղափարն հղացան. բայց որովհետև Կ.Պոլսո մեջ դպրոցի համար տեղ մը գտնելն անկարելի էր, որոշեցին որ Բարիզի մեջ բանան այս դպրոցն` որուն մեջ պիտի դաստիարակվեին իրենց զավակներն, և թերևս, իրենց ձիերն ալ, եթե հոս գործ չունենային: Իրենց այս որոշումին ծնունդ տվին Բարիզի մեջ դպրոց մը շինելով… ավազի վրա: Այս դպրոցին, որու անուն Հայկազյան, տնօրեններն եղան 1856-ին հռոմեականությունե հայոց եկեղեցին դարձած, կամ լավ ևս, գերութենե ազատություն դարձած երեք վարդապետներն, որոնց հարեցավ նաև վերջեն Խորեն եպիսկոպոս: Հիշյալ տնօրեններն եթե բան մը չսորվեցուցին աշակերտներուն, որոնք երբ մայրաքաղաքս դարձան բան մը չսորվելեն զատ, հայերեն լեզուն ալ կորսուած էին, գոնե սա սորվեցուցին ազգին թե` շատ լավ բան է իրավունք և պարտք ճանաչելն: Այս սկզբունքը մեզի սովորցնելեն ետքը մաքուր սրտով, հանդարտ խղճով հարյուր հազար ֆրանկի պարտ թողլով, դպրոցին դռները գոցեցին: Խորեն եպիսկոպոս ամենեն ավելի օգուտ քաղեց այդ դպրոցեն. մեծ քայլեր առավ հոն դեպի Պառնասա գագաթ. հոն կատարելագործեց մուսաներու արվեստը: Սա ինքն է որ, յուր վկայությանը նայելով, երկու ամիս աշխատելեն ետքը հետևյալ գյուտն ըրավ.

Զյուր անվան կոչ գիտե՞ս – ոհ, ոչ:

Թեպետև պատմաբաններեն ոմանք Հոմերոսի կընծայեն այս երևելի գյուտն, որ ժամանակագրությունք երևելի անցիցին կարգը գրվելու մոռցված է դժբախտաբար, սակայն մենք պնդելով կը պնդենք, որ այս գյուտին փառքը Խորենի միայն կը պատկանի: Քաջ գիտենք, որ Խորեն եպիսկոպոս այս գյուտն ընելեն անմիջապես ետքը հևալով կը վազե եղբորը և անոր կիմացնե: Եղբայրն նախ չուզեր հավատալ, ասանկ գյուտի մը գյուտն անհնար կը թվի իրեն, բայց վերջապես կը համոզվի և եղբորը փաթտվելով. Խորեն, կըսե, մեծ ծառայություն ըրիր ազգին այդ գյուտովդ. ազգը պարտավոր է երախտագետ մնալ քեզ համենայն ավուրս կենաց յուրոց: Արդարև այդ գյուտը մեր ազգի համար ավելի մեծ նշանակություն ունի քան գյուտ նշխարացը, և կը զարմանանք թե ինչու այդ գյուտին օրը կիրակի չեն բռներ… բանաստեղծները:

Հայկազյան դպրոցին փակումեն ետքը Կ.Պոլիս դարձավ Խորեն: Քանի մը ատեն հոն մնալեն ետքը դասախոսության պաշտոնով Թեոդոսիո Խալիպյան ուսումնարանը մտավ, ուր առավոտե մինչև երեկո դասախոսություն կըներ խմբագրության, պարապելով թերթի մը` որուն անունը կամ Մասյաց աղավնի կամ Պոլսո աղավնի: Աշակերտներն ալ իրենց վարժապետին հանգ կրելով կզբաղեին, որպեսզի հայրենասիրական եռանդուն քերթվածներ շինե ազգին:

Չհասկցվեցավ թե որ գիտության կամ ուսման մեջ հառաջ գացին հիշյալ վարժարանի աշակերտները, միայն սա հայտնվեցավ, որ երբ այդ աշակերտներն իրենց քաղաքները վերադարձան, պատուհաններուն առջևեն չէին հեռանար, փողոցեն անցնող աղջիկներն դիտելու համար: Կը հրաժարինք մանրամասնորեն պատմելե այն կյանքն, զոր վարեց Խորեն Թեոդոսիո մեջ, այո, կը հրաժարվինք, որովհետև դժբախտությունն այն եղանակավ հալածեց զինք Թեոդոսիո մեջ, ինչ եղանակով որ կը հալածե մեկն յուր սպասավորն, որ տան տիկնոջ աչք կը տնկե: Կրոնավոր մը այսչափ հալածվելու չէր… կրոնավորե մը: Եվ միթե հալածումը հաջողեցա՞վ անոր սկզբունքն փոխելու. բնավ երբեք. այլ, ընդհակառակն, ավելի ևս քաջալերեց զայն յուր սկզբունքին մեջ: Սկզբունքը, կըսե Աղեքսանդր Տյումայի որդին, բևեռներու կը նմանին, որչափ զարնես անոնց գլխուն` նույնչափ ավելի կը հաստատվին:

1864-ին դարձյալ ստիպվեցավ Պոլիս դառնալ, ուր քանի մը ամիսե ետքը Բերայի քարոզչության պաշտոնը ձեռք անցուց: Իրեն համար կրնանք ըսել ինչ որ կըսեն Պղատոնի համար, թե մեղուները մեղր քսած էին անոր շուրթերուն – թեպետև ուրիշներն ալ քիչ մը կարմիր քսած էին – այնչափ պերճախոս էր: Ժողովուրդը մինչև այսօր սիրով մտիկ կընե անոր քարոզները մինչև վերջը, և առանց քրտինք թափելու: Յուր քարոզներն ավելի կը փայլին քան յուր մազերը:: Ինչ հարկ կա երկարելու. կետեր կան, որոնց մեջ Խորեն տեսականի մարդ է և գործնականի չգար, կետեր ալ կան, որոնց մեջ միայն գործնական է: Դժբախտությունն հոն ալ վազեց քանի մը տարիեն, հոն ալ հալածեց զինքը. և Խորեն հոժար կամքով հրաժեշտ տվավ յուր պաշտոնին… երբ թաղեցիները վար արին զինքը:

1867-ին եկեղեցական պատգամավոր ընտրվելով` Վեհափառ Գևորգ կաթողիկոսին հուղարկավորությանը գնաց մինչև Էջմիածին, ուր եպիսկոպոսության աստիճան բարձրանալեն ետքը Պոլիս վերադարձավ և Պեշիկթաշի քարոզիչ անվանվեցավ: Հիշյալ թաղին վարժարաններու վերատեսչությունն ստանձնելով բարեկարգության ձեռք զարկավ: Աշակերտներուն սիրտն ու միտքն մշակելու համար անոնց հագուստները հանել տվավ և համաձև զգեստ տվավ և համաձև զգեստ շինել տալով հագցուց անոնց: Ահավասիկ ըրած միակ բարենորոգումն, որ կրնա ըսվիլ թե ավելի դերձակներու համար եղավ, քան աշակերտներու համար:

Քանի մը ամիս այս պաշտոնը վարելեն ետքը հրավիրվեցավ հրաժարիլ անկե.. բնավ դեմ չկեցավ. հրաժարվեցավ և “Մասիսի” խմբագրապետին տանն ապակիները խորտակել տվավ: Քանի մը քաղաքներե առաջնորդ ընտրվեցավ, բայց ինքն իբրև նախանձ նկատելով այն ամեն առաջարկություն, որ կստիպեր զինք հեռանալ Պոլիսեն` մերժեց գավառներու մեջ առաջնորդություն ընելը: Զմյուռնիան ոչ միայն ընտրեց, այլ հրավիրակներ ալ ղրկեց: Ընտրությունն ալ, հրավիրակներն ալ քաղաքավարությամբ վռնտեց: Տիգրանակերտն ալ ունեցավ Զմյուռնիո հիմարությունը, և անոր պես յուր պատիժը կրեց:

Ամենեն վերջը Ռոտոսթոյեն հրավիրվեցավ, որ իբրև հովիվ հոգևոր, արածե զիրենք. Խորեն եպիսկոպոս ընդունեց Ռոտոսթոն, բայց ծանր պայմաններ առաջարկեց, որ Ռոտոսթոն չուզե զինքը, օրինակի համար, այնպիսի ճամփու ծախք մը առաջարկեց, որով Ռոտոսթոյի բոլոր ազգայինները կրնային հոս փոխադրվիլ: Հարկ չէ ըսել թե Ռոտոսթոն ալ ստիպվեցավ, Զմյուռնիո և Տիգրանակերտին պես, ուրիշ առաջնորդ ընտրել իրեն:

Հիշյալ երեք քաղաքներն կը պարծին այսօր Խորենն իրենց առաջնորդ չունենալուն վրա:

Տեղեկանալու համար այն վավերական աղբյուրներուն, որովք անժխտելի կերպով հաստատված է այսօր թե Խորեն Նար-Պեյ Լուսինյանե սերած է, պետք է ներկա գտնվիլ այն գեղեցիկ արքայական երազին, որ պատիվ ունեցած է տեսնել Խորեն եպիսկոպոս 1870-ին:

Այդ երազին մեջ Նար-Պեյ Լուսինյան կը ներկայանա Խորեն եպիսկոպոսին և անոր կըսե. “Ես եմ Նար-Պեյ Լուսինյան, որ 1798-ին Կիպրոսի տաճիկներու հարստահարություններեն փախչելով` Եգիպտոս գացի և Նաբոլեոնեն մեծ պատվով ընդունվեցա:

Դու ինե սիրած ես, շուտ ըրե ել, հագնվե և մականունդ փոխե”: Մենք բնավ կասկած չունինք ասոր ստուգությանը վրա:

Շատերը արդեն այս երազին ներկա գտնված ըլլալով` իբրև ականատես վկա կը պատմեն, մինչև իսկ կը նկարագրեն Նար-Պեյ Լուսինյանի կերպարանքն, որով երևցած է, երազի մեջ, Խորենին:

Իբրև զորավոր փաստ ուրիշ ի՞նչ պահանջելու իրավունք ունինք, միթե Մասիս, Թերճիմանը-էֆքիար և Լրագիր օրագիրներն չհրատարակեցի՞ն զայն արժանահավատ աղբյուրներե քաղելով:

Բայց ի՞նչ օգուտ, մարդիկ որչափ ալ բարձրանան, նորեն բարձրանալ կը փափաքին. Խորեն եպիսկոպոս ալ, իբրև մարդ, քանի մը տարիներ Նար-Պեյով շատանալե վերջը ուզեց, որ Լուսինյան ալ հորջորջվի, նման այն ավազակին, որ ուրիշի մը գույքը հափշտակելեն ետքը կը փափաքի անոր հայրերն ալ կողոպտելու:

Այս չափազանց փափաքե մղվելով է անշուշտ, որ Խորեն եպիսկոպոս ելավ օր մը հետևյալը հրատարակեց.

“Նկատելով, որ Ռուսաստանի մեջ Լուսինյան մը կա, որ նամակով ինձի կիմացունե, թե ես իրեն եղբոր որդին եմ.

“Նկատելով, որ բոլոր եղբայրներս Լուսինյան մականունը կգործածեն.

“Նկատելով, որ հարազատ եղբայրներու մեջ տարբեր մականուններ գործածելն անտեղի է.

“Ես ալ որոշեցի, որ այսուհետև Լուսինյան գործածեմ”:

Փառք տանք Աստուծո, որ միտքը չէ ինկած հետևյալն ալ գրելու.

“Նկատելով, որ եղբայրներս ամուսնացած են…”:

Ինչպես հայտնի կերևա, Խորեն եպիսկոպոս վերոհիշյալ նկատելովներով բոլոր պատասխանատվությունն հորեղբորն ու եղբայրներուն վրա կը ձգե:

Հարկ կը համարինք հոս հիշել, թե Խորեն եպիսկոպոս յուր կարծիքներուն հետ ալ այնպես կվարվի, ինչպես յուր մականուններուն հետ, միայն սա տարբերությամբ, որ կարծիքներն ինն օրը անգամ մը կը փոխե, մինչդեռ մականունները ինը տարին անգամ մը: Թող աղոթք ընե նորին գերապատվությունը, որ վաճառական չէ, եթե վաճառական ըլլար և այնպես հաճախ մականուն փոխեր` քիչ ատենվան մեջ վաճառատունը կը գոցեր:

1876-ին Կրոնական ժողովո ատենապետ ընտրվեցավ շնորհիվ այն կուսակցության, որ իրեն հետ աշխատած էր Խրիմյանը պատրիարքական աթոռեն վար առնելու դյուցազնական գործին մեջ: Ատենապետ ընտրվելուն հետևյալ օրը բանադրեց մեկն, որ բանավոր պատճառներով առաջին կինն թողած ըլլալով` ուրիշ կնիկի մը հետ ամուսնացած էր: Այս բանադրանքը շատերը բավական խնդացուց: Քանի մը օր ետքն ալ Հայաստանյայց եկեղեցվո համաձայն հրատարակեց ճիշտ առաջինին նման ամուսնություն մը` որով ուրիշ մեկն յուր կինը թողած` ուրիշ կնիկ մը առած էր: Աս համաձայնը շատ խնդացուց ժողովուրդն: Այս հակասական վճիռներն մինչև այսօր իրարու դեմ հրացան կը քաշեն Կրոն. ժողովո արձանագրություններու մեջ:

1878-ին իբրև ազգային նվիրակ Խրիմյանի հետ Պերլինի Ավագաժողովը ղրկվեցավ: Թեպետև չգիտցվեցավ թե ինչու չկրցին Ավագաժողովին ներկայանալ, սակայն շատերը պնդեցին այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղևորությունեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջեն պիտի հասկցվի: Ասոր համար է, որ շատերն իրենց բերանը բացած` գործերուն վերջը դիտելու կը պատրաստվին: Եթե այս օգուտներուն երևակայականն մեկդի նետելով իրականին դառնանք` սա օգուտը կը գտնենք, որ առաջ գավառներու մեջ եթե տարին հարյուր հոգի կսպաննվեին` այսօր հազար կսպաննվին և այս ալ մեծ օգուտ է անշուշտ անոնց, որք բազմութենե չեն ախորժիր:

Պետք չէ մոռնալ այն մեծ ծառայություններն, զորս մատուցած է ազգին երեսփոխանական ժողովո մեջ: Յուր ատենաբանություններն շատ ներդաշնակ էին, երեժշտական խումբ մը կը պակսեր զանոնք ավելի ազդու գործելու համար: Յուր ճառերն նույն ազդեցությունը կընեին երեսփոխաններու վրա, ինչ ազդեցություն որ կընեն հատընտիր քաղվածք դպրոցական աշակերտներու վրա:

Չափազանցություն ըրած չենք ըլլար եթե ըսենք թե` իբրև մատենագիր ավելի ծառայած է ազգին քան իբրև կուսակրոն:

Յուր աշխատասիրություններուն մեկ մասը 1879-ին Բերայի հրդեհին հրո ճարակ եղան, ինչպես որ կըլլան դժբախտաբար ամեն երկասիրություններն, որք տպված չեն… գրված չեն:

Այդ գործերու մոխիր դառնալն մեծ կորուստ մ’է անշուշտ ազգին համար, բայց կրնանք մխիթարվիլ յուր հրատարակած գործերով, որոնք քիչ բացառությամբ, արժանիք ունեին… մոխիր դառնալու: Խորեն եպիսկոպոս ունի այսօր տասներկու գործեր: Ասոնց մեջն է Ալաֆրանկա կատակերգությունն, որ կապիկի պես ամեն բանի մեջ ուրիշի նմանելե հառաջ եկած վնասները կը հարվածե: Վարդենիք, անմեղ սերե ներշնչված գողտրիկ ոտանավորներ: Դաշնակք Լամարթինի անմահ բանաստեղծին ոտանավորներում գրաբար թարգմանությունը` զոր հասկանալու համար այն ատենները չորս հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կազմվեցավ, որն որ անկարող ըլլալով զայն լուծել թարգմանիչին դիմեց, որ ներումն խնդրելով պատասխանեց թե` վրայեն բավական ժամանակ անցած ըլլալուն պատճառավ ինք ալ չէր կարող հասկնալ: Քրիստոնեական, որ կը պատվիրե էրիկներուն ներել իրենց կիներուն, որքան ալ անպարկեշտ ըլլան, որքան ալ մեծ ըլլա անոնց սիրականներուն թիվը: Նախակրթական ֆրանսերեն լեզվի, ի պետս անոնց, որք փափաք չունին ֆրանսերեն սովրելու: Ստվերք հայկականք, որոնց մեջ առաջին տեղը կը գրավե զհայրենյաց ասա մեզ բան: Օտար լրագիրներու մեջ անդրալեռնականներու դեմ պաշտպանած է Հայաստանյայց եկեղեցին և ժողովրդյան համակրությունը գրաված է:

Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ’ունի. ամենուն հետ այսպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվան մը բաժանորդ կը գրվի և բաժանորդագինն ալ կանխիկ կը վճարե: Վարքեն կրնանք գուշակել թե յուր հարգած սկզբունքներն հետևյալներն ըլլալու են.

“Սիրե հայրդ ու մայրդ… եթե հարուստ են,

“Սիրե թշնամիներդ … երեսանց,

“Սուտ մի խոսիր… եթե շահ չունիս:

“Թող մի տուր կիրքերդ գերի ըլլան անձիդ.

“Դրացիներդ անձիդ պես սիրե”:

Մեռյալներուն գալով` անոնց հետ ալ ավելի քաղցրությամբ կը վարվի: Այնպիսի սրտառուչ դամբանականներ կարձակեր, այնպիսի պերճախոսությամբ կը գովեր արքայությունն, որ ներկա գտնվողները մեռնելու փափաք կզգային: Չմոռնանք սակայն ըսել թե` երբեմն ալ մեռյալն արքայութենեն ավելի կը գովեր` որով ննջեցյալն նախապատիվ կը սեպեր դագաղին մեջ մնալ քան թե արքայության մեջ: Ազգային հիվանդանոցին մոմերուն պես կարգերու կը բաժնվեին յուր դամբանականները, մեկ ոսկի տվող մեռյալն բարեսիրտ կըլլար, երկու ղրկողը բարեսիրտ և քիչ մ’ալ ազգասեր կը հռչակվեր, երեք նվիրողը ազնիվ սրտով և վսեմ զգացմունքներով կը զարդարվեր, չորս համրողը հանրածանոթ ազգասեր կը ծանուցվեր, հինգ տվողն կենդանությանը ժամանակ այնքան գաղտնի ողորմություն տված կըլլար աղքատներուն, որ մարդ տեսած չէր ըլլար, հայրենյաց բարերար կը հորջորջվեր, և ասանկներուն դագաղը ութը հոգի կը կրեր, որովհետև չորս հոգի բավական չէին կրել այնչափ գովեստներով ծանրաբեռնյալ ննջեցյալն:

Դագաղն ալ երբեմն զգացման տեր և ազգասեր կըլլար, եթե զայն շինող ատաղծագործը գերապատիվին մենիտիե մը ղրկեր: Իսկ անոնք, որ ժամանակ չունեին փրկանք վճարել դամբանախոսին` դամբանական լսելու իրավունքե կը զրկվեին, իրենց վերապահելով սակայն մեռնելու իրավունքը: Խորեն եպիսկոպոս յուր պաշտոնակիցներուն պես վարվելով` լռելյայն սա սկզբունք կը քարոզեր թե` չար եղեք որչափ կուզեք, բայց հարուստ եղեք, որչափ կրնաք: Ժողովուրդն, որ շատ անգամ ազգասեր, ողորմած, բարեսիրտ ածականներուն տրվիլը կը լսեր այնպիսի մարդերու` որոնք իրենց կենդանության ժամանակ ազգը մատնած են իրենց շահուն համար, կամ եկեղեցվույն գանձանակեն ստակ գողցած են, ինքնիրեն կըսեր. “Խորանի վրա, բազմության մեջ, այսչափ սուտ ի՞նչպես կարելի է ըսել առանց կարմրելու”:

Խորեն եպիսկոպոս մեծ մարդ է. ավելի մեծ պիտի ըլլա անշուշտ, եթե հաջողի Կիպրոսի մեջ Լուսինյանե մնացած կալվածներն Անգղիո ձեռքեն առնել. և աս ալ անհավատալի բան մը չէ: