Kitabı oku: «Վերք Հայաստանի», sayfa 18

Yazı tipi:

2

էսպես մեկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Հարությունը՝ Քանաքռու ազնվական անձանց մեկը, Ապրանքափոսիցը դուս էկավ, մտավ իրանց մենծ իգին, տեսավ կատեպանները (բաղմանչի) բոլոր քնած են, էլ ղիմիշ չարավ, որ նրանց վեր կացնի, ինքը, քյահլան ձին տակին, ասեց՝ մեկ Գորգոչանը դիպչի յա բանդը գնա, տեսնի, թե ջուրն ընչի՞ չի՛ գալիս: Մութն էնպես էր գետինն առել, որ մատդ կռխեիր մարդի աչքը, չէ՛ր իմանալ: Բայց բոլոր քարերն էլ, որ բերանները բաց անեին, նրան չէ՛ին կարող վախացնիլ, է՛ն աներկյուղ սիրտն ուներ մեր քաջ հայազգին: Թուրք ու հայ էսօր էլ կասեն, թե նրա ո՛չ սրտին, ո՛չ լեզվին սարն էլ չի՛ դիմանալ: Բաղերի գլխովը տվեց մեր սրտոտ իգիթն ու հասավ Գորգոչանի գլուխը, ջրի բաժանվելու տեղն էս էր: Տեսավ, որ էստեղ էլ ա ջուրը պակաս: Հենց Վերի եկեղեցու գլխովը պտտեց, որ մեկ բանդին հասնի, ջուրը կապի, աչքը որ ետևը չքցեց, մնաց տեղնուտեղը սառած: Չէ՛ր գիտում, թե ի՞նչ տեղ ա: Ուզում էր ետ դառնա, սիրտը չէ՛ր տալիս, ամոթ էր համարում իր գլխին. ձիուն էր զոռ անում, ձին անկաջները խլշացնում, փընչացնում էր, ետ վազում: Չորս կողմը բոլոր մութն ու խավարը կոխել էր, բայց եկեղեցու գլուխը արեգակի պես փայլում, ճաճանչում էր:

– Սո՛ւրբ Մարիամ Աստվածածին, քեզ եմ կանչել, – ասեց բարեպաշտ հայազգին, ձիուցը վեր էկավ, մեկ ղրաղ տեղ կապեց, ու երեսին խաչակնքելով՝ մտավ գերեզմանատունը: – Աստված ձեր հոգին լուսավորի, ա՜յ արդար ննջեցյալք, – ասեց ու մտավ ժամի հայաթը:

Քանի Քանաքռու աստղը ծռվել, հազար հարուստ տանիցը քառասուն տուն էին մնացել ու էն էլ աղքատ, ողորմելի, օրեն հացին կարոտ, էս սուրբ եկեղեցին էլ մնացել էր ամայի: Տարենը մի անգամ էին էնտեղ ժամ ասում, էն էլ սուրբ Ասավածածնի տոնին: էստուր համար դուռ ու հայաթ բաց էր մնացել: Հենց մեկ քանի ծունր դրեց, էրեսին խաչ հանեց ու ուզում էր, որ սեղանն էլ համբուրի, գնա իր բանը, էնպես գիտես, թե թևիցը քաշեցին: էնպես որ սառած, կանգնած մնաց ո՛չ, հանկարծ մեկ երեխի ձեն ընկավ անկաջովը: Կարծում էր, թե երազ ա տեսածը, յա միտքն ա իրան խաբում: Մի քիչ էլ որ անկաջ դրեց, մեկ ուրիշ ձեն էլ ընկավ անկաջը, ու պարզ լսում էր, որ մեկ երեխա՝ ձենը փորն ընկած, հեկեկում էր:

– Նա՛նի ջան, նա՛նի. ա՛խր մի աչքդ էլա բա՛ց, ա՜յ քո չարը տանիմ: Մեզ ո՞ւր բերիր էստեղ, էս մեռելները հո մեզ կուտեն, մեր ճարն ո՞վ կըլի, որ դու էլ քնում ես, աչքդ չե՛ս բաց անում: Վե՛ր կաց, գնա՛նք տուն, քանի՞ լաց ըլիս, քանի՞, մեր ափուն հո կորել չի՞, էլ ետ կգա, ի՞նչ էս էդքան սուգ անում: Մեզ թաղի՛ր, նա՛նի ջան, մեզ մորթի՛ր, ջուրն ածի՛ր. մեզ հարամին կգա, կտանի, մեզ ի՞նչ կանես էս չոլումը: Նա՛նի ջան, նա՛նի. Էդ սի՛րուն երեսիդ ղուրբան, ընչի՞ չես մեկ խոսք էլա ասում, ախր քո երեխեքը չե՞նք, ի՞նչ արինք, որ էդպես մեզանից նեղացար: էլ քո սիրտը չե՛նք կոտրիլ, քո հոգուն մատաղ, թաք ըլի մեզ սիրես, մեզ պահես, մեզանից էլ չխռովիս:

Ա՜խ, էնպես զարհուրելի սհաթին ո՞ւմ անկաջն էս ձենն ընկնի, որ սիրտը չտրորվի, չխորովվի: Նազլուն էր, ա՜յ իմ սիրելի կարդացող, էս մերը, որ երեխեքը սուգ էին անում: Թե դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ, թե շինովի ա էս պատմությունը:

Սե՛րը, սուրբ սե՛րը, որ բալասանի պես կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պես կտրատում, սե՛րը, ի՞նչ ասես, որ չանի: Ի՞նչ կրակ կարա անսեր սիրտը տաքացնիլ. Ի՞նչ ջուր կարա սիրով վառված հոգին դինջացնիլ, հանգցնիլ: Սիրով վիրավորված սիրտը ո՛չ հողից կվախենա, ո՛չ գողից, ո՛ չ ահ գիտե, ո՛ չ վախ. ո՛չ սրից երեսը կդարձնի, ո՛չ ջրից: Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը: Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ, բաս Նազլուն կարո՞ղ էր առանց Աղասուն կենալ, ասած խոսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՜լ: Ճշմարիտ, սիրողի մեծ մուրազն հենց էն ա, որ իր սիրելու խաթեր մեռնի. Նազլվի սիրելին էր հողումը, է՛ն թագավոր տերը, է՛ն աշխարքի աչքի լիսը, բաս նա կարո՞ղ էր, առանց նրան, աչքը բաց ու խուփ անի՞լ կամ մեռած, գնացած շունչը երկար քաշի՞լ: – Գլուխը դրել էր գերեզմանի վրա, երեխեքն առել դոշի տակը, լիսն էկել էր, չորս կողմը բռնել, բայց ողորմած երկինքը դեռ չէ՛ր կամեցել նրա սուրբ հոգին առնի, ընչանք էն անմեղ էրեխեքանցը մեկ տեր լիս կընկներ: Նա էլ հո գլխըներին կանգնած էր: Մեկ ա՜խից ավելի էլ ո՛չինչ չիմացավ էս էկողը: Երանի՜ էն գերեզմանին, որ Էսպես կսիրեն: Երանի՜ Էն հողին, որ երկու սիրելու մարմինը Էսպես իստակ, անարատ կտանի, կպահի, որ աստուծո առաջին պարզէրես դուս գան, մեր երկիրն էլ, որ երկնքի քիրն ա, մեր հոգին էլ, որ աստուծո սուրբ պատկերը:

Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխեքանց տերն էլ աստված հասցրեց, աստված կթողա՞, որ իր որդիքը կորչի՞ն: Մենք էլ մեկ օր կերթանք, մե՛նք էլ, ա՜յ իմ սիրելի հայրենակիցք. Ասա՛, որ Աղասու գերեզմանն էսօր քո աչքիդ առաջին էլ ըլի, դու չե՞ս ա՜խ քաշիլ, ողորմի տալ ու մտքումդ ասիլ. «Ի՞նչ կըլեր, ես էլ քո ընկերների մեկն էի էլել, իմ Հայրենիքը սիրել, իմ ազգին լավություն արել, որ ինձ էլ էսպես սիրեին, իմ անունն էլ էսպես աշխարքի միջումը փայլեր»:

Գանձ ու հարստություն, պատիվ ու նշան, իշխանություն ու մեծություն մինչև գերեզմանի ղրաղն են մեզ հետ ընկեր և ո՛չ բարեկամ: Սառը պատանը երբ որ աչքդ փակեց, էդ հոգելից աչքին ղուրբան, ա՜յ իմ Հայկա ազնիվ զավակ, տխուր զանգակը երբ որ քեզ ժամը տարավ, քո պայծառ երեսը երբ որ մահվան դեղնությունն առավ, քո անոշ լեզուն երբ որ փետացավ, սիրուն արևդ երբ որ մեր մտավ, գագաղդ՝ գերեզմանը, մարմինդ՝ հողը, հոգիդ երկինքը գնացին, դինջացան, Էն սգավորքն էլ կդինջանան, որ քո խաթեր իրանց սպանում էին, ու նրանք էլ որ մեռնին, խունկն ու մոմն էլ վրիցդ կպակսի, ժամ-պատարագն էլ: Կարելի ա, որ Էն քո վրա անսիրտ, անջիգյար ման Էկողների, խնդացողների շատը նրանք են, որ հացդ ուտելիս, բարությունդ վայելելիս քո սաղ վախտը ուզում էին ոտդ համբուրեն: Աշխարքն Էսպես ա: Քո գո՛րծքը, քո գո՛րծքը միայն քո անունը կպահեն: Հայրենասիրությունը միայն քո հիշատակը կտոնի, ազգասիրությունը՝ քո արածը կենդանի կպահի, քեզ սրբի տեղ պաշտիլ կտա: Հայրենյաց հողը քո անգին ոսկերքը, քո սուրբ գերեզմանը ամեն անց կենողի առաջին կկանգնացնի ու մատով ցույց կտա.

– Թե ուզում ես քեզ էլ Էսպես սիրեմ, գգվեմ, դու էլ ինձ սիրի, ինձ պայծառացրու՝ ի՛մ սիրելի որդյակ:

Աղասու սուգն արինք, պրծանք, ա՜խ, նրա պես հայազգի հիշատակը, նրա պես աննման հսկայի պատմությունը ե՞ս չպետք է գրեի: Երանի՜ էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող-կարդացող վառվի, բորբոքի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը, մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի: Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց, որ գրեցի, թո՛ղ կարդացողը պակասությունս երեսովս չտա:

Գնա՛նք մեկ Զանգվի ղրաղն էլ, մեկ մեր սուրբ Զանգին էլ տեսնի՛նք, մեկ նրա ձորն էլ օրով տեսնի՛նք, չունքի գիշեր էր, որ վրովն անց կացանք, գիշերվան տեսածն ու ցերեկվանը մեկ չի՛ ըլիլ. մեկ էլ մեր սուրբ Հայրենյաց Հողը մտնինք, հետո ձեռ-ձեռի տա՛նք, սիրտ-սրտի, իրար գրկե՛նք, դոշ-դոշի տա՛նք, ու որ արտասունքը մեր աչքը կալնի, ցավն ու կսկիծը մեր բերանը փակի, սար ու ձոր մեր ձենը խլեն, ու թե մեկսումեկս երկնքումն ըլի, մյուսը՝ գետնքումը, ո՛ր լուսնի տակին որ կանգնի, ո՛ր աստղին որ նայի, ո՛ր ծովի ղրաղին նստի, ո՛ր սարի գլխով անց կենա, աչքը երկինքը քցի, ձենը՝ փորը, ու առաջին ա՜խը, առաջին կաթը, որ թափի կամ բերնիցը դուս գա, է՛ն ըլի, որ ասի.

– Բա՛րեկամ, բա՛րեկամ, դու գնացիր, ես մնացի, ասած խոսքդ գետինը չի՛ քցեցի, Հայրենյաց սերը միշտ սրտումս ունիմ, Հայրենյաց ուղուրին կյանքս ետ եմ դրել: Չի՛ դարդ անես, չի՛ ցավիս, ինձ հիշես, կարողություն խնդրես:

3

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զորավար ափների ղրաղին, քո սիպտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո Էդ տրտում, դառնավարան լացի, բոթի, սգի ձենն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլեր, որ քո բախտավոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց, մեծազոր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ. տատանյալ, տարտամյալ, զուրկ, թափուր, սրախողխող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սգավոր, աղքատ, չքավոր որդիքը ու թոռունքը մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տայի, իրանց սև օրը լաց ըլեին, թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ, «քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց,» քո ծաղկըներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, որ քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին Էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդազատելով քաղեց, «ծոցը դրեց,» ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ իր քաջ բազուկը վրեդ մեկնելով, տարածելով ու՝ իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվով գոչյաց.

– Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Այս քա՛ջ բազուկ, այս լայնալի՛ճ աղեղն, այս նետ երեքթևեա՛ն, այս կուրծ քաջակո՛ւռ, ամո՛ւր, այս աշխարհասասա՛ն, անընկճելի՛, անվանելի՛ հսկայից սիրագումա՛ր դասք, քե՛զ լիցին յայսմհետէ պահապա՛ն, պաշտպա՛ն՝ սխրալի՛դ իմ Հրազդան: Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճուեա՛ց, զուարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան: Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զուարճալից ուռճասցի՛ն, ծաղկասցի՛ն. Ընձխղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բիւրաւորս՝ ի կերակուր իմ սերընդոց, ի ցնծութիւն իմ զավակաց, ի վայելչութիուն իմ ազանց դիւցազանց: Իմ տո՛հմք ժառռանգեսցե՛ն յայսմհետէ զայս դաշտ երկնատիպ, իմ շառավի՛ղք եղիցի՛ն քեզ թշնամայա՛ղթ խնդակիցք: Այս լերի՛նք երկնամբարձք եղիցի՛ն իմ պատուարք մշտահաստատք. այս դաշտավա՛յր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան: Քո ձո՛ր ծաղկածին՝ իմ նազելի զբօսարա՛ն: Իմ անուն կնքեսցէ՛, դրոշմեսցէ՛ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատև չուս իմ բացական՝ սմա հանգունատիպ տեղի յարանման, սա՛ կոչեսցի՛ այժմ և յայսմհետէ, մինչև, ցօրն յավիտենակա՛ն՝ Հայաստա՛ն…

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի՛ իմ Զանգի՛. սի՛րտ իմ մորմոքի, աղի՛ք իմ գալարին, ոսկե՛րք իմ քստմնին, ո՛ւշ իմ աղմկի, հոգի՛ իմ բորբոքի. Տուայտի՛մ ի ցավս, վարանիմ ի ծուփս, հաոաչե՛մ լալով, հայցե՛մ ողբալով, ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, յոյս: – Քանի՜ցս, քանի՜ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի՝ զմայլեալ, ապշեալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ յահեղ-գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիւ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ խնդութեամբ, ցնծութեամբ յալիս քո կայտռէի, – այժմ թանձր հառաչք և թախիծք «հոգետանջք՝» կուտակեալք ի մրրկայոյզ, վարանեալ սրտէս, առ քե՛զ համբառնան, աո քե՛զ գոչեն, ի քե՛զ մեռանին, ի քե՛զ կարկամին:

Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ, կաթնահա՛մ ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի՝ Մեծինն Հայաստանի: Ո՞ւր ձեր տիեզերատուն անո՛ւն, ո՞ւր այն ոսկեղէն դա՛րք, ո՞ւր դիւցազանց բո՛յլք, ո՞ւր հսկայից կաճա՛ռք, ո՞ւր աթոռանի՛ոտք, ո՞ւր քաղաքք, ամբարտա՛կք, «ուր» բրգունք, ապարանք, կրկէսք երկնահրոսք, տաճարք պանծալի՛ք, շէնք զուարճալիք՝ որք զձեօքն պնդագոյն զօդիւ, հզոր ձեռամբք, ամուր բազկօք, քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք պաշարեալ, պատեալ՝ խանդաղատէի՛նն, փարէի՛նն, ողջագուրէի՛նն, փաղաքշեի՛նն և գիրկս արկեալ զանուշահամ, երկնատի՛պ ձերովք լանջօք՝ համբուրէի՛նն զնոսա ի համբոյր սրբութեան, ի նշան սիրո՛յ մշտական, ի ջերմեռանդն ուխտ մտերմութեան, հարազատութեան:

 
Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեա՛զ.
Դեռ կանգնիք անմռո՛ւնչ,
Դեռ հայիք անշշո՛ւնջ:
Գնայք միամիտ, հոսէք ի մեր հովի՛տ,
Սպառնայք ամպո՛ց, խիզախէք ձորո՛ց,
Վարսագեղ ալեօ՛ք, կատաղի դիմօ՛ք,
Ոմն ձիւնափա՛յլ, ոմն արծաթափա՛յլ,
Ոմն ի փողփողիւն, ոմն ի փրփրիւն,
Ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին,
Ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ՝
Յարշալույսին տես, լուսնին ի պայծառ, հեզ
Ողջունէք միմեա՛նց, համբոյր տայք շրթանց
Ձեր սուրբ ստորոտաց՝ խնկածին դաշտաց
Հայկազա՛նց վայրեաց, «սուրբ անդաստանաց: »
Երկիր՝ աւերա՛կ, դաշտք մեր՝ անբնա՛կ,
Անսի՛րտք, անողո՛րմք՝ հի՞մ եղէք վկայք
Կորստեան ազգի՛, աւերման դաշտի՛
Չքնա՛ղ քաղաքաց, հզօ՛ր իշխանաց,
Որոց զարմ և ճիո ի ձեռս թշնամեաց,
Ի բանտ, դառն յոճիր, անօրէն ազգաց
Զոհ եղէն ի սուր, մտին ի բոց, հուր,
Թողին զմեզ ի սուգ, յարեան արտասուք,
Վտարիլ յայլ աշխարհ, զսուրբ Հայրենեաց վայր,
Սգալ, ողբերգել, կոծել, հեծեծել
Ի հեռուստ աչօք՝ արտասուօք մաշեալ,
Աղէկէզ սրտիւ, կարօտով մեռեալ:
Զանգի՛, Զանգի՛, քա՛ղցր իմ Զանգի՛.
Ի քոյդ հայեցեալ անյողդողդ ճակա՛տ,
Վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ.
Հայկազեան տոհմի ընտիր պատանեակք
Զքո ալիս տեսեալ ահեղ-աղուորակ,
Մղէին ի մարտ, վանել քաջայաղթ,
Զինակո՛ւռ բազկաւ, տիգօք, ասպարաւ,
Ապեղա՛մբք վառեալք, զրահի՛ւք զարդարեալք՝
Զբելայն գունդ ահեղ սրոյ մատնեալ ի զոհ.
Ելին յասպարէզ, թշնամեաց ետուն գրոհ.
Ոսկեթել վարսիւք, դաբնեայ պսակօք,
Պսակեալ զիւրեանց գլուխ անվախճան փառօք,
Ճեմեալ յերկնից խումբս՝ զվերինն վայելեն
Զկեանս անտրտում, յերկրի կանգնելով
Զանմահից անուն «գրաւեալ անձանց՝»
Ի դարըս անանց, անհոլով ամաց:
Զանգի՛, Զանգի՛, հրաշագե՛ղդ «իմ» Զանգի.
Դու զքոյդ սուրբ նախանձ տակաւին տածես,
Դու ահե՛ղ թնդմամբ տակաւին հերքես,
Դղրդաս յարձակմամբ, մեծաձայն գոչես.
«Ելէ՛ք, Հայկազեան սերո՛ւնդք քաջազունք,
Առէ՛ք զէն, զասպա՛ր՝ զաւա՛կք բարեսնո՛ւնդք.
Հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունդ,
Տո՛ւր հոգի հոգւոյ, թիկն ընդ թիկուն,
Ջախջախեսցի՛ թող գազա՛նն նկուն.
Ռուսիա՛ հզօ՛ր բազուկ եղիցի՛ ձեզ նիգն,
Նմա՛ զոհ լինիլ լիցի՛ ձեր միշտ ճիգն:
Վօլգա՛յ՝ իմ մեծ քեռ, ես՛եւ իմ քոյր Երասխ
Համբո՛յր մատուսցուք ի Կասպեան կոհակ:
Նա զի՛ւր բարութիւն, ես զի՛մ խեռութիւն
Ի մի մեր մօր ծոց ընդ միմեանս խառնեսցուք:
Ես զի՛մ Սևանայ օրհնութեան մաղթանս,
Ես զի՛մ սուրբ Մասսայ ողջոյն հայրական
Տարա՛յց, մատուցից սիրելւոյն իմ քեռ,
Բերի՛ց ձեզ զողջոյն նորա աւետաբեր:
Ո՛չ ես խղճալի օրիօրդս էի պարտ,
Զի չար թշնամին եմուտ ի մեր դաշտ,
Այլ քոյրս զառամեալ՝ հին աւուրցն Արազ,
Թո՛յլ ետ նոցա գալ՝ բռնի, ինքնահաս:
Տեսեա՛լ զծերունի սկեսրայր իմ Մասիս՝
Ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զիմ երես,
Զի մի՛ ալևորն աղու, ձիւնահեր,
Յալիս հասակի լիցի՛ դառնավէր:
Թէ քոյր իմ Երասխ անհաշտ բնութեամբ
Ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ և դադար.
ճեղքէ, պատառէ զոտս նորա ցայտմամբ,
Ե՛ս պարտիմ զայս վէրս փարատել իսպառ:
Իմ չե՛ն բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք
Ետուն զիս կոչել՝ Զանգի ոսկեհանք,
Այլ սուրբ Սևանայ, հօր Լուսաւորչի՝
Որոյ արդար նշխարք աստ իմ առաջի
Կան և պահպանեն, օրհնեն, խնամեն
Զիմ անզօր ձեռաց զարդիւնս, որք աստ են:
Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէ՛ք յամայր,
Իմ քաղցր Վօլգայ քոյր հոգայ միշտ զծեր ճար:
Ես զի՛մ մտերմութիւն ցուցից նմա համակ,
Նա զի՛ւր քաղցրութիւն տացէ՛ ձեզ, ո՛րդեակք:
Այս կա՛պ անխզուն, այս սէ՛ր սրբազան
Մնասցէ՛ ի մէջ մեր ի կեանս յաւիտեան:
Դո՛ւք զօրացարո՜ւք, որդի՛ք Արամեան,
Եղերո՛ւք ընդ միմեանս սիրով միաբան.
Սէր, խաղաղութիու էն պահեն զամենայն
Զազգս և զազինս ի բարօրութեան: