Kitabı oku: «ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)»

Yazı tipi:

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ

(վեպ-ռեքվիեմ)

«ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԸ» իրական պատմություն է, սիրավեպ մի զույգի, որ պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում: Առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը և, ավաղ, առանց գիտենալու նաև, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումից հետո:

Օհ, ինչքան տխուր է տեսնել աչքերը

կոտրված թևերով թռչունին, որ այլևս

իզուր իր արյունած թևերը քարերուն

կըզարնե նորեն բարձրանալու

կապույտին ու արևին:

Համաստեղ

Քարտուղարուհու զանգի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Նրա խոսելու ձևը՝ մտերմիկ-հարձակողական, նույնպես սովորական էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, միանգամայն զարմանալի ու անսպասելի էր:

– Տանը քեզ համար դինջ նստել, հանգստանում ես, իսկ գիտե՞ս, որ հյուր ունես Երևանից:

– Սիրելիդ իմ Արինա, – ոչ չար հեգնանքով ասացի ես, մտածելով, որ հեռուստահաղորդման ժամ է, բաժնում, հավանորեն, իրենից բացի ոչ ոք չկա, և նա ձանձրույթից է զանգել:– Կներեք, ես միանգամայն մոռացել էի զեկուցել ձեզ, որ, համաձայն գլխավոր խմբագրի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության՝ տանը շտապ հաղորդում եմ պատրաստում: Ամենայն հավանականությամբ, գլխավորը նույնպես մոռացել է տեղեկացնել ձեզ: Խոնարհաբար խնդրում եմ, ներողամիտ եղեք մեր հանդեպ և ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:

Արինան ամուսնու կողմից ինձ հեռու բարեկամ էր գալիս: Մոտ երեք տարի առաջ, ամռանը, իմ այդ հեռու բարեկամը եկավ խմբագրություն և սկսեց նրանից, որ կրտսեր տղայի համար Ղարաբաղից հարս են բերել, շատ լավ հարս է ու շատ էլ լավ աղջիկ է. և՛ մեքենագրել կարող է, և՛ համակարգչից է հասկանում, բայց, դե, ի վերջո, ասաց նա, հայկական կրթությամբ հնարավոր չէ այստեղ աշխատանքի տեղավորվել, եթե կարող ես՝ օգնիր, ինստիտուտն էլ էս տարի է ավարտել՝ ոսկի մեդալով: «Ոսկի մեդալով ինստիտուտ չեն ավարտում, – բարեհոգի ժպիտով ասացի ես: – Գուցե համալսարա՞ն»: «Ի՞նչ իմանամ, գուցեև՝ համալսարան, – արդարացավ իմ հեռու բարեկամը: – Վարսավիր մարդ եմ, էդպիսի բաներից գլո՞ւխ եմ հանում»: Գլխավոր խմբագրին խնդրեցի, նա չառարկեց՝ «Դե որ ասում ես՝ ես կարո՞ղ է դեմ լինեմ»: «Վաղը թող գա, – գլխավորի առանձնասենյակից դուրս գալով, ասացի ես: – Ասացեք թող առավոտյան փաստաթղթերը վերցնի, գա»:

Ահա այսպես Արինան հայտնվեց Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հայկական ծրագրերի խմբագրությունում:

Հենց առաջին օրվանից Արինան՝ բարեկազմ, նուրբ ու սիրունիկ թուխ դեմքով, հրացայտ սև աչքերով, իմ նկատմամբ անսքող համակրանք էր տածում: Չնայած դա չէր խանգարում, իհարկե, որ նա՝ դյուրաբորբոք ու պոռթկուն, ղարաբաղյան իր հարուստ բառապաշարի ոսկե ֆոնդից համեմունքներ հրամցներ նաև ինձ. «Տիպտ կտրվի, երեկ որտե՞ղ էիր»: Կամ՝ «Լսիր, էդ ո՞ւմ հետ էիր չանչախ կտրել, մի ժամ է զանգում եմ՝ հեռախոսդ զբաղված»:

– Եվ ո՞վ է այդ հյուրը, – հարցրի ես, զգալով, որ Արինան մենակ չէ, այլապես հազիվ թե նա լռին կուլ տար իմ անչար խայթոցները:

– Այդ հյուրը… բա չասի՞ Երևանից,– իբր բարկացած՝ ասաց նա: – Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:

– Ապրես, – ասացի ես,– ահագին լուսավորեցիր: Հեռախոսը տուր իրեն:

Մի փոքր դադար:

– Բարև, Լեո ջան: Իմ անունը Արմեն է: Արմեն Հարությունյան՝ սկսնակ բանաստեղծ: Մեր ազգային ամենամեծ բանաստեղծներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանից ջերմ բարևներ եմ բերել ձեզ, – շուտասելուկի պես վրա տվեց ինձ անծանոթ Արմեն Հարությունյանը: – Խնդիրն այն է, որ ես այսօր անպայման պիտի տեսնեմ ձեզ, Լեո ջան, սա՝ ոնց որ փափագ, պիտի կատարվի, ես պետք է հանդիպեմ ձեզ, Լեո ջան, կարևոր խոսելիք ունեմ, հեռախոսով ասելու բան չէ: Ավիկն ասաց, որ միակ մարդը, որ կարող է օգնության ձեռք մեկնել ինձ՝ հայրենիքից հեռու այս օտար ափերում, Լեո ջան, չեմ թաքցնում, դու ես: Կարո՞ղ եմ հիմա գալ մոտդ: Աղջիկներն էստեղ մոտավորապես բացատրեցին տանդ տեղը, էս ի¯նչ հոյակապ աղջիկներ են, ի¯նչ շենք ու շնորհք, ի¯նչ ազնիվ հոգի… Իրանի հյուպատոսության կողքի շենքում եք, չէ՞, ապրում:

– Այո, – ակամա արձագանքեցի ես՝ համարյա ոչինչ չհասկանալով նրա կցտկտուր բացատրություններից, – երեսուներորդ շենքն է, երկրորդ մուտք, բնակարան՝ տասնվեց:

Քառորդ ժամ չանցած՝ Արմենն արդեն ինձ մոտ էր: Թիկնեղ ու ժպտերես՝ նա հաճելի տպավորություն թողեց:

– Առաջին անգա՞մ եք Բաքվում, – ես հարցը տվեցի մի բան ասած լինելու համար, միաժամանակ հրավիրելով նրան նստել, իսկ ինքս սկսեցի սուրճ պատրաստել:

– Հա, առաջին անգամն է:– Արմենը չնստեց, քայլում էր սենյակում, ուշադիր դիտելով չորս կողմը:– Մի շաբաթ չկա, որ եկել եմ: Բարեկամիս մոտ՝ Բայիլովում եմ մնում: Մե¯ծ քաղաքում ես ապրում, Լեո ջան, փայլուն, անհանգիստ, շլացուցիչ է էստեղ կյանքը, մեծ քաղաքում ապրելը երջանկություն է: Բա ծո¯վը, ծովն ինչ ասես արժե: Սիրեցի ես Բաքուն, ախպեր, ազնիվ խոսք, շատ սիրեցի, ու թե գործերս էլ լավ գնան, ուրեմն էս քաղաքը հարյուր տարի պիտի հիշեմ: Մայակովսկին ճիշտ է ասել, որ ինչ-որ բան կա, որ մարդուն ձգում, պահում է էստեղ: – Արմենը նստեց բազմոցի ծայրին, կրկին ելավ ու դարձյալ սկսեց քայլել: – Եվ սա հայոց քաղաք էր, Լեո ջան, հայոց քաղաք էր, ոնց որ ժամանակին Թիֆլիսն էր հայոց քաղաք: Դու գիտե՞ս եզդիների անեկդոտը, – կանգ առնելով հարցրեց նա ու պատմեց, – եզդին ասում է՝ հայ ժողովուրդ շատ լավ ժողովուրդ. Թիֆլիսը սարքին՝ տվին վրացոց, Բաքուն սարքին՝ տվին ադրբեջանցոց, Երևանն էլ սարքում են՝ տան մեզ, իրենք գնան Ամերիկա: Զիլ է, չէ՞, – ծիծաղեց Արմենը: – Երեկ էստեղի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Արաբաչյանի հետ ծանոթացա: Նա եկեղեցական հին մատյաններ ցույց տվեց ինձ, մինչև 1914 թվականը, նույնիսկ հինգ-վեց թվականների Բաքվի կոտորածներից հետո, այսօրվա Ադրբեջանի տարածքում մեկ միլիոն հարյուր քսաներեք հազար հայություն էր ապրում, հենց մենակ Ղարաբաղում երկու հարյուր քսան գործող եկեղեցի կար: Տասնութ թվականի սեպտեմբերին, Ստալինի մեղքով, թուրքերը գրավեցին Բաքուն, մինչ այդ ճանապարհին կոտորածի ու ավարի մատնելով հարյուրավոր հայկական գյուղեր՝ Նուխիից սկսած մինչև Շամախի, որը մինչև անցյալ դարի հիսունիննի մայիսի երեսունի երկրաշարժը նույնպես հայության կենտրոն էր: Ստալինի մեղքով էր դա, Լեո, Ստալինի մեղքով: Տասնութ թվականի գարնանը Շահումյանի կարգադրությամբ նրա դեմ, որպես ցարական պահնորդական բաժնի լրտեսի, քրեական գործ է հարուցվում: Ստալինն, իհարկե, իրազեկ էր արդեն դրան և հարմար պահ էր փնտրում՝ վրեժխնդիր լինելու: Առիթը եկավ այդ նույն տասնութի ամռանը, երբ անգլիացիները՝ մի կողմից, թուրքերն ու գերմանացիներն էլ՝ մյուս կողմից, ամեն կերպ ձգտում էին զավթել Բաքուն: Ռուսաստանի ռազմական կոմիսար Տրոցկու հրամանով՝ Ստալինը Ցարիցինից, ուր գտնվում էր, շտապ կերպով թուրքերի դեմ պետք է ուղարկեր Պետրովի ինըհազարանոց դիվիզիան: Դու գիտեի՞ր էդ մասին: Նա ոչ միայն չի կատարում Տրոցկու հրամանը և դիվիզիայի փոխարեն փոքրիկ մի ջոկատ է ուղարկում՝ նույն Պետրովի հետ, այլև Բաքվի համար մեծագույն դժվարությամբ հայթայթված ամբողջ պարենն ու զինամթերքն ուղարկում է բոլորովին այլ ուղղությամբ՝ փաստորեն քաղաքը մատնելով աղետալի կործանման: Մի ողջ ժողովուրդ կողոպտվում, ոչնչացվում էր ամբողջ մարդկությանն ի տես, և ոչ ոք չէր ըմբոստանում ու չէր միջամտում: – Արմենը պատուհանից մի պահ լուռ նայում էր դուրս, հետո ասաց վհատ ձայնով, – եթե Բաքուն հայոց քաղաք չէր, ապա ինչո՞ւ այդ նույն տասնութ թվականի օգոստոսի քսաներկուսին, կոտորածից ընդհամենը քսան օր առաջ, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մուրսալը և գերմանական գլխավոր շտաբի պետ Պարակենը հատկապես Բաքվի հայոց ազգային խորհրդին վերջնագիր ներկայացրին` քաղաքն առանց կռվի հանձնելու մասին: Իսկ գուցե այդ վերջնագիրն այլ նպատակ էր հետապնդում՝ որպեսզի կանխատեսված եղեռնի ամբողջ մեղքը բարդվեր հենց հայերի՝ ոճրագործության զոհերի վրա: Արդյունքում՝ երեսուն հազար հայ սպանվեց:       Հիմիկվա Կիրովի անվան զբոսայգու տեղը հայկական մեծ գերեզմանոց էր, Արաբաչյանն ասաց, որ էդ երեսուն հազարն էնտեղ են թաղված: Նա պատմեց, որ առաջ հայկական եկեղեցի ու մատուռ կար էնտեղ, սուրբ Հարությունի մատուռ էր կոչվում, բոլշևիկները քանդեցին: Ինչպես որ քանդեցին ոչ միայն Վաչագան թագավորի կառուցած եկեղեցին, ուր 1806 թվականին հայերը պատսպարել էին գեներալ Ցիցիանովի՝ Բաքվի խանի կողմից սպանված ու աղբանոց նետած գլխատված դիակը, այլև քաղաքի բոլոր հինգ եկեղեցիները՝ Կույսի աշտարակի մոտ, Արմենիքենդում, ինչպես նաև 1911-ին ճարտարապետ Տեր-Հովհաննիսյանի նախագծով կառուցված հոյակերտ եկեղեցին՝ հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շուրջ երկու տարի տանկով-բանով քանդում էին, ասում են, ու չէին կարողանում քանդել: Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայի խաչաձև շենքը, դա, երևի, դու էլ գիտես, էդ հիմնապատերի վրա է կանգնեցված: Եթե մեզ մի օգնող ձեռք էր լինելու, Լեո, փետրվարյան հեղափոխության շնորհիվ էր լինելու միայն, բայց բոլշևիկյան հեղաշրջումը կործանեց ամեն ինչ: Ես քեզ ասեմ, բոլշևիկները մեզ վնաս շատ տվին: Շա¯տ: Ավետիք Իսահակյանը հո զուր տեղը չի ասել, թե ո՛չ իթթիհատը, ո՛չ ցարիզմը, ո՛չ Գերմանիան ու Անտանտն ավելի հիմքով չկործանեցին մեր տունը, ինչքան բոլշևիզմը՝ այդ գազանական շարժումը, որ մուկ դարձած թուրքերին հասցրեց մինչև Բաքու… – Արմենը դադար տվեց, որոշ ժամանակ լուռ քայլում էր: – Քո գլխավոր խմբագրի հետ խոսեցի, – անսպասելիորեն փոխելով խոսակցության թեման, շարունակեց նա,– ոնց որ թե վատ տղա չէ, հ՞ը, Լեո, էդ Վլադիմիր Աբրահամյանը… Հասկացավ ինձ, բայց ասաց, որ քեզ հետ խոսեմ: Դե, ես էլ, ահա, եկա մոտդ: Սպանության հարց կա մեջը, Լեո ջան:

Զարմացած ետ շրջվեցի, նայեցի նրան՝ «ի՞նչ»:

– Խանդի հողի վրա է, – հանգիստ ավելացրեց Արմենը: – Մի խոսքով, ի՞նչ թաքցնեմ, մեր Վարդենիսի շրջկոմի քարտուղարը կնոջս վրա աչք էր դրել: Նրա մոտ էր աշխատում… ինձ հաղորդեցին… Դե, ես էլ որոշեցի նրա վերջը տամ: Սա է պրոբլեմը: Միլիցիան, դատախազությունը գլխի ընկան, պարզ է, միլիցիա-բան՝ սաղ իրա մարդիկ են: Կարճ՝ հերս ու մերս ընկան ոտքերս՝ աղաչանք, պաղատանք, որ չանեմ էդ բանը, ուղարկեցին էստեղ, բարեկամների մոտ, որ շառից հեռու մնամ:

– Իսկ կի՞նդ:

– Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:

Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:

– Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:

– Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:

– Կարդա՞մ:

– Կարդա:

– Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.

Ինչքան մենակ բուսնում է նա

լեռան ետև, մեն մի ձորում,

Ինչքան հեռու իր մոր աչքից,

այնքան բուռն է ուժը լարում,

Այնքան ավել ճյուղը փռում,

արմատները խորն է խրում

Կյանքի հյութով ու սաղարթով

այնքան թանձր է հայոց բարդին:

Ինչքան նրա դեմը փակում,

խորն է ծածկում լեռը նրան,

Ինչքան կոծում, կողն են ծեծում

շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,

Այնքան շանթին ճակատ տալիս,

կանաչում է շատ ու շռայլ,

Այնքան համառ ձգվում է վեր,

այնքան բարձր է հայոց բարդին.

Ձգվում է վեր, որ բարձրանա,

որ գլուխը մի կերպ հանի

Քար ու ժայռից ու երևա,

ու երևա Երևանին,

Ասիª նայիր, եղել եմ, կամ

ու կլինեմ ինչ էլ լինի,

Դու հավատա, լեռներից վեր,

քարից կարծր է հայոց բարդին:

Նա նայեց ինձ: Խորախորհուրդ ժպտում էր:

Հայրս այդ բանաստեղծության մասին ասում էր՝ սոսկ բարդի չէ դա, ղարաբաղյան բարդի է, ասես մարդ, նա ավելի սլացիկ, ավելի ձիգ ու բարձր է, որովհետև տեղը նեղ է, ամեն կողմից շարունակ նեղում են, բարձրանում, ձգվում է վեր՝ ձորերից, սարերից ու լեռներից էլ վեր, որպեսզի կարողանա տեսնել Արարատյան դաշտի բարդուն, և Արարատյան դաշտի բարդին էլ նմանապես իրեն տեսնի, և որ ինքը ևս հայոց բարդի է՝ հայոց Ղարաբաղում:

– Լա՞վն է:

Ես այդ պահին սպասքեղենի պահարանից մի շիշ «Ապշերոն» կոնյակ էի հանում:

– Ինքս չեմ փորձել, – խուսափողական ասացի ես, առանց նրան նայելու, – բայց, ասում են, լավն է, Հեյդար Ալիևը, տեսել եմ, մենակ «Ապշերոն» է խմում:

– Իյա¯, այ տղա, – ծիծաղեց Արմենը, – ես բանաստեղծությունն ի նկատի ունեմ:

Անելանելի, անհարմար վիճակ էր, չգիտեի ինչ ասել: Ի վերջո ասացի.

– Գիտե՞ս, 1959 թվականին Սիլվա Կապուտիկյանը եկել էր Ղարաբաղ: Հայրս տասներորդ դասարանի աշակերտ էր: Նա ասում է, որ Կապուտիկյանն այդ բանաստեղծությունը հենց այդ օրերին է գրել: Ինքը Կապուտիկյանն էր խոստովանել աշակերտների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինձ թվաց՝ Արմենը մի պահ շփոթվեց, բայց դա մի կես վայրկյան տևեց միայն:

– Հա, – անհոգաբար ասաց նա: – Ինձ դուր եկավ, անգիր արեցի: Գիտեմ, որ բնիկ ղարաբաղցի ես, հատուկ քեզ համար արտասանեցի: Քեզ ասեմ՝ ղարաբաղցիք ուժեղ ժողովուրդ են: Մագդա Նեյմանը փառաբանում, երկինք է հանում նրանց: Կարդացել ե՞ս:

– Իհարկե:

– Ասում ես լավ կոնյակ է, հա՞, էդ «Ապշերոնը»:

Նրա սովորությունը՝ մի թեմայից թռչել մյուսին, ինձ այլևս չէր զարմացնում: Նա շփեց ձեռքերը.

– Դե՛ մի լցրու տեսնենք: Ստալինն էլ էր բանաստեղծություններ գրում. «Բացվեց կոկոնը վարդի և մանուշակին քնքուշ գրկեց, ու արտույտը դայլայլեց ամպերից էլ վեր»:

Մյուս օրը՝ աշխատանքի ավարտին, Արմենը եկավ ինձ մոտ, խմբագրություն: Նա մենակ չէր: Մի աղջկա հետ էր եկել, որին տեսնելով, ես, ակամա դանդաղ ոտքի ելա ու, նրա ճաճանչափայլ գեղեցկությամբ գերված, մնացի կանգնած:

Արմենը նկատեց դա, մի տեսակ ոգևորվեց: Աղջիկը կլիներ տասնյոթ-տասնութ տարեկան, իր մաշկի պես սպիտակաթույր շրջազգեստ էր հագին, որը պրկորեն գրկել էր նրա բարակ իրանը: Ոսկեզօծ փայլուն մազերը՝ շագանակագույն երանգով, մանրիկ ալիքներով իջնում էին ուսերին, հոնքերը՝ աղեղնաձև ու բարակ, քիթը գեղեցիկ՝ նրբագեղ զգայուն ռունգերով, սքանչելի կորությամբ գծագրված շուրթերը՝ քիչ ուռուցիկ ու հրաբոսոր, իսկ աչքերը… գարնանային մեղմությամբ ճառագող կապույտ աչքերը շողում, ժպտում էին՝ նայելով մերթ ինձ, մերթ Արմենին:

– Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:

– Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:

– Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:

Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.

– Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի:

Ռենան մեղմիկ ծիծաղեց և, իր լուսափայլ աչքերով նայելով ինձ, թույլ մեկնեց ձեռքը: Սադափագույն եղունգներով նրա մատները՝ նուրբ ու սառը, միառժամանակ չէի ուզում թողնել: Անթարթափ նայում էի նրան, ասես ձգտելով ընդմիշտ մտապահել նրա կուսական, նույնիսկ փոքր-ինչ մանկական արտահայտություն ունեցող լուսեղեն դեմքի հմայիչ սքանչելիությունը:

– Այ տղա, բաց թող ձեռքը, – ծիծաղեց Արմենը, ամենայն հավանականությամբ, բավականություն զգալով իմ շփոթվածությունից:

Ռենան նստեց իմ դիմաց, սեղանի մյուս կողմը, ոտքը գցելով ոտքին, ասես դիտմամբ ցուցադրելով հղկած մարմարի պես ողորկ ծնկները:

– Նստեք, ինչո՞ւ եք կանգնել,– լուսապայծառ ժպիտով, մտերմաբար ու երգեցիկ արտաբերեց Ռենան, հայացքով հասկացնելով, որ նստեմ:

Ասես ես իմ առանձնասենյակում չէի և նստելու իրավունքն ուրիշից պիտի ստանայի:

Նա գլուխը թափով ետ տարավ, մազերը շաղ եկան ու փարթամ գանգուրներով կրկին փռվեցին ուսերին:

– Լեո ջան, կարելի՞ է՝ զանգեմ Երևան, – առիթից օգտվելով, հարցրեց Արմենը, հեռախոսը քաշեց դեպի իրեն և ծոցատետրը հանելով, դրեց սեղանին: – Կարծում եմ, ձեր հեռուստառադիոկոմիտեն այնքան էլ աղքատ հիմնարկություն չէ, և պետությունն իմ մի երկու զանգով չի սնանկանա:

– Զանգիր, իհարկե, – ասացի ես և, որպեսզի չխանգարեմ, դուրս եկա առանձնասենյակից:

Գլխավորը չկար, երևի տուն էր գնացել արդեն: Լորաննա Հովակիմյանը՝ վերջին լուրերի բաժնի խմբագիրը՝ երեսունին մոտ, բարձր, կառուցիկ, ամենևին ոչ հայուհու նման՝ երգչուհի Մադոննայի կազմվածքով ու նրա պես շիկամազ, խաժ աչքերով ու զգայական կամակոր շրթունքներով, գլուխը հակած սեղանին նյութ էր խմբագրում: Ասում էին, որ մեր նախկին գլխավոր խմբագիրը մի ժամանակ խենթի պես սիրահարված էր նրան, ահագին բանաստեղծություններ է նրան նվիրել: Ես մի անգամ կատակով ակնարկեցի նրան այդ մասին՝ ճշմարտանմա՞ն է այդ պատմությունը: Լորաննան ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց, ծիծաղելով ասաց. «Սիրահարված ծերուկը, Լեո, մեծագույն այլանդակություններից մեկն է բնության մեջ»:

Այդ նախկին գլխավորն արդեն մի ամիս կլիներ՝ օրվա վերջին գալիս, Արինայի անկյունային փոքրիկ սենյակում նստած, ինչ-որ հուշեր էր թելադրում:

– Էդ ի՞նչ աղջիկ է քո առանձնասենյակում, – առանց գործից կտրվելու՝ հեռվից նետեց Արինան:

Նախկինը ետ շրջվեց և, բաց դռնից տեսնելով ինձ, գլուխ տալով հարգալից բարևեց:

– Քո մտերմիկ բարեկամի՝ Արմենի ծանոթուհին է, – ասացի ես: – Կարո՞ղ է էլի հարց ունես:

Արինան սև, խոշոր աչքերով տնտղեց ինձ, բայց ոչինչ չասաց:

– Կարծեցի քեզ համար է բերել, – այնուամենայնիվ չհամբերեց, կծեց նա:

– Հա, մտքում այդպիսի բան կա, – իբր անտարբեր հաստատեցի ես: – Ինչ է, դուրդ չի՞ գալիս:

– Չէ, սիրուն է, – խոսակցությանը խառնվեց Լորաննան: – Քիչ առաջ մտան այստեղ, Արմենն ասաց, որ ադրբեջանուհի է, բժշկականում է սովորում: Ես կին տեղովս ուղղակի մնացի շշմած՝ ցնցող գեղեցկություն ունի: Իսկական թոփ-մոդել: Նարեկացին երևի նրա մասին է ասել հազար տարի առաջ. «Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ երկու փայլակնաձև արեգական նման, բերանն երկթերթի վարդն ի շրթանցն կաթեր…»: Երբ նրան տեսա, գիտե՞ս ինչ հիշեցի, Լեո: Ֆետի տողերը, որոնցում ասված է. «Երկնքում սրտառուչ կանչի նման փայլատակում են աստղերի ոսկյա արտևանունքները»:

– Էդ ազգի դավաճանը որտեղի՞ց է գտել նրան, – հետաքրքրվեց Արինան ու տեղից ելնելով, եկավ դեպի մեզ: – Սամվել Աթանեսովիչ, կներեք, բայց հոգնել եմ, – ուսի վրայով ասաց նա, – «կրիշկաս» արդեն բարձրանում է:

Լորաննան ծիծաղեց, նա գիտեր՝ եթե Արինան մեքենագրելու միտք չունի, ճնշումը տեղն ու տեղը բարձրանում է: Հատուկ պատվերով:

– Դե ի¯նչ եմ ասում, – խեղճացած արձագանքեց նախկինը: – Երկուշաբթի կշարունակենք:

– Անցյալ անգամ Արմենը մի շատ հետաքրքիր բան ասաց,– անբռնազբոսիկ ծիծաղեց Արինան: – Ասում է՝ տղամարդիկ աչքերով են սիրում, կանայք՝ ականջներով:

– Իսկ իմ կարծիքով, – ասաց Լորաննան, – տղամարդիկ ականջներով են սիրում, իսկ կանայք՝ աչքերով: Առաջինները՝ որպեսզի հասկանան, թե ինչ են ասում իրենց, երկրորդները՝ որպեսզի դուր գան նրանց, ում հետ խոսում են:

– Արմենն ասաց նաև՝ եթե շնչում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես՝ ուրեմն շնչում ես, շատ ճիշտ խոսք է, որովհետև առանց սիրո կյանք չկա և չի էլ կարող լինել: Կարծեմ, Բլոկի գործերում եմ կարդացել, որ միայն նա մարդ կոչվելու իրավունք ունի, ով սիրահարված է: Արմենն ասում է՝ Հնդկաստանում ամուսնության ժամանակ հարսի ճակատին կարմիր նշան են դնում: Ճի՞շտ է դա:

– Ճիշտ է, – ասացի ես, – իսկ փեսացուին սնայպերական հրացան են նվիրում, որպեսզի իրար հավատարիմ ծերանան նույն բարձին:

– Հո չասի¯ր, – սրտանց ծիծաղեց Արինան՝ շողարձակող աչքերով հիացմունքով նայելով ինձ: – Արմենն ասում է…

– Լսիր, – ընդհատեցի նրան, – Արմենից շատ ես խոսում, կարո՞ղ է՝ խանդում ես: Գիտե՞ս, չի խանդում նա, ով հույսի նշույլ չունի: Բայց իմացիր, հա, խանդի մեջ մի բաժինն է սեր, մնացածը ինքնասիրություն է:

– Եթե ամուսինը խանդում է՝ ուրեմն սիրում է, եթե չի խանդում, ուրեմն դեռ ոչինչ չգիտի, – ծիծաղեց Լորաննան:

Արինան նվազագույն ուշադրության չարժանացրեց Լորաննայի խոսքին: Նրա գործն ինձ հետ էր:

– Ինքնասիրություն է… Հա, խանդում եմ, իսկ ո՞նց կռահեցիր: – Արինայի աչքերը կատաղի շողացին, բայց նա զսպեց իրեն, նույնիսկ բերանի մի անկյունում թաքնված ժպիտ երևաց: – Ի միջի այլոց, նա ինձ ռեստորան էր հրավիրում, – ավելացրեց Արինան և, իբր ինձ հետ ավարտած, դարձավ նախկին գլխավոր խմբագրին: – Մեռնելու մասին չարժե մտածել, – խորհուրդ տվեց Արինան, – որովհետև անիմաստ է մտածել այն մասին, ինչ առանց այն էլ անխուսափելի է: Բալզակն է ասել. «Մենք պետք է ձգտենք դեպի գեղեցիկը»: Այնպես որ, ապրելու մասին պիտի մտածել, Սամվել Աթանեսովիչ, լավ, գեղեցիկ բաների մասին:

– Արինա ջան, էդ դուք պիտի լավ, գեղեցիկ բաների մասին մտածեք, – բացատրեց նախկինը: – Մենք լոկ ապրում ենք հուշերով, որովհետև, երբ ծերությունը վրա է հասնում, մարդը զրկվում է ոչ միայն լավ ու գեղեցիկ բաների մասին մտածելուց, այլև հույսերից: Չե՞ս կարդացել իմ գրածը՝ «Բռնիր ձեռքը դու ծեր մարդու, թող հեշտ գնա նա իր տունը, մի օր էլ դու կհասկանաս, թե ինչ բան է ծերությունը»: Բա¯, – ծոր տվեց նա, և, աչքի տակով գողունի նայելով Լորաննային, ավելացրեց, – ծեր մարդիկ թառամած ծաղիկներ են, իսկ թառամած ծաղիկներ ո՞վ է սիրում որ…

– Ի՞նչ է պատահել, Սամվել Աթանեսովիչ, – շրջվելով նախկինի կողմը, հարցրի ես, – ի՞նչ անկումային, հոռետեսական խոսակցություններ են:

– Էհ, չգիտեմ, այ Լեո, – նախկին գլխավորը դեղնափայլ շրջանակներով ակնոցը հանեց, սկսեց թաշկինակի ծայրով մաքրել ապակիները: – Աղջիկներից խորհուրդ էի հարցնում… Երեսուն տարի հանրապետության գերագույն խորհրդի դեպուտատ եմ, վերջին ընտրությունների ժամանակ նախագահության անդամ ընտրեցին, պարզ է, որ մեռնեմ՝ ինձ կառավարական պանթեոնում են թաղելու: Բայց, ախր, կինս հայկական գերեզմանոցում է թաղված՝ ստադիոնի մոտ, դա ո՞նց կլինի՝ նա այնտեղ, ես՝ այստեղ:

– Դիմեք կենտկոմ, որ ձեր մեռնելուց հետո իրեն բերեն ձեզ մոտ, – խորհուրդ տվեց Լորաննան:

– Չեն անի, – թերահավատ ասաց նա: – Կանե՞ն որ, – նա միամիտ տեսքով, սպասողական նայեց ինձ: – Դա հնարավո՞ր է:

Արտահաստիքային թարգմանիչ Սաղումյանը՝ կարճ մորուքով, մեղմաձայն ու նրբաբարո մի ծերուկ, ընդարձակ սենյակի խորքում նստած՝ հեռագրական գործակալության պաշտոնական նյութ էր թարգմանում երեկոյան ռադիոհաղորդման համար: Նա բարձրացրեց հայացքը, մի պահ նայեց նախկինի կողմը, տրտմագին օրորեց գլուխը:

Ես ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը :

– Կամ ընդհակառակը, – մեջ ընկավ Արինան: – Թող ձեզ տանեն նրա մոտ: Բայց դա էլ հեռանկար չունի: Պանթեոնն ուրիշ…

Լորաննան ձեռքով ծածկեց բերանը, որ չփռթկացնի: Ես կշտամբանքով նայեցի Արինային՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս»:

– Դե, ես գնամ, – թղթապանակը մթերացանցի մեջ տեղավորելով՝ ասաց նախկինը: – Հատուկ խանութից սննդամթերք եմ պատվիրել, կբերեն՝ տանը չեմ լինի, ետ կտանեն: – Նա շրջվեց դեպի ինձ, ներողամիտ ժպիտով ասաց, – Լեո, վաղուց ոչինչ չեք տալիս ինձնից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: Կոստյա Խաչանյանի չա՞փ էլ չկամ, նրա բանաստեղծությունները հաղորդում եք, իմը՝ չէ: Նոր բաներ եմ գրել, տղաներին կարդացել եմ, հավանում են, կուզենայի հանդես գալ: Եթե պետք է, Վլադիմիրին էլ ասեմ:

– Վլադիմիրին ասել պետք չէ, – ասացի ես, – բերեք, այս ամսվա վերջին կտանք:

– Շնորհակալություն, – գթաշարժ ստրկահաճությամբ նայելով՝ ավելացրեց, – թե չէ՝ ընթերցողներս կկարծեն, թե մեռել եմ արդեն:

Մթերացանցը ճոճելով նա դուրս եկավ խմբագրությունից:

– Մի տես ո¯նց է խեղճացել, ո¯նց է ձևացնում, – դժգոհեց Սաղումյանը: – Ամբողջ կյանքն ապրեց՝ ո՛չ կռիվ տեսավ, ո՛չ բանտ ու աքսոր՝ մյուսների նման, միշտ ապահով, բարեկեցիկ կյանքով ապրեց: Երկիրը քանդվում է, իսկ նա հասարակ բժշկուհի կնոջը կառավարական պանթեոնում վերաթաղելու մասին է մտածում:

– Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:

– Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:

– Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:

– Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:

– Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:

– Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:

– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:

Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:

– Էլի՞ չհասկացար:

– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:

– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:

– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և … չտեսած մարդկանց մասին:

– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:

– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:

– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:

– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:

Լորաննան ծիծաղեց, ասաց.

– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:

– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:

– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը:

Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:

Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.

– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:

Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.

– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:

– Ի՞մ:

– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:

– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:

– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:

– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:

Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.

– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…

– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:

– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…

– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:

Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:

– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:

– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:

– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:

Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:

Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:

– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:

Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.

– Գիտե՞ք ինչ, իմ կարծիքով, սխալ են բոլոր նրանք, ովքեր տխրում են էն մտքից, որ հարյուր տարի հետո իրենք չեն լինի: Դա նույնն է, որ մարդ նստի և սուգ ու շիվան անի այն բանի համար, որ հարյուր տարի սրանից առաջ ինքը չի եղել: Օմար Խայամն ի՞նչ է ասում. «Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել, երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա»: Այսօրվա օրն է կարևորը, այս օրը, դրա համար էլ խմենք այս օրվա կենացը, այս պահի կենացը, որ միասին նստած ուրախանում ենք: Բարձրաբերձ ժայռին մի գրվածք կար: Երբ հարուստներն էին կարդում այն, վշտից լաց էին լինում, աղքատները կարդում՝ ուրախանում էին, իսկ սիրահարները կարդում՝ սկսում էին գնահատել միատեղ անցկացրած ամեն մի ակնթարթը: Իսկ էդ բարձր ժայռին շատ հասարակ ու պարզ մի նախադասություն էր գրված ընդամենը՝ «ժամանակավոր է այս ամենը»: Կյանքում, իհարկե, անուշ օրեր շատ կլինեն, անկարելի է, որ չլինեն, բայց էդ օրերի մեջ թող հիշվի նաև էս օրը՝ մեր ծանոթության օրը: Լավ օր է, ազնիվ խոսք: Կենացդ, Ռենա ջան, միշտ էդպես գեղեցիկ ու ցանկալի լինես, և քո կենացը, Լեո ջան, և իմ կենացը նաև, էս օրվա ու էս պահի կենացը:

«Նոր ինտուրիստի» ամբողջ երկրորդ հարկը՝ մի ծայրից մինչև մյուսը, լրիվ ռեստորաններ էին՝ հայելապատ, պարսկական գորգերով՝ հատակին ու պատերին, արևելյան նախշերով՝ հեքիաթներից արված նկարազարդումներով: Ռեստորաններն այդպես էլ կոչվում էին՝ «Գորգային», «Արևելյան», «Հայելազարդ», «Բյուրեղապակյա»:

Մենք «Արևելյան» դահլիճում էինք նստած, հյուրանոցի աջ թևում, որի լայն ու բարձրադիր լուսամուտները նայում էին իրիկնային արևի հետ խաղացող ծովին:

Ամենուր թնդում էր երաժշտությունը՝ հիմնականում թուրքական, որը վերջին մեկ-երկու տարում զանգվածային էր դարձել. քաղաքի բոլոր անկյուններում՝ ծովամերձ զբոսայգուց մինչև հեռավոր արվարձանները, առավոտից երեկո թուրք երգիչների ձայնագրություններն էին՝ Յագուբ Զուրուֆչու, Թեզջան, Սեդեն Գյուլեր, Տարկան…

Երաժիշտները պարի եղանակ նվագեցին. «Հաու դու յու, դու յու, միստեր Բրաուն… Հաու դու յու, դու յու, դու յու, դու…»:

– Լեո, սա արդարությո՞ւն է, – Արմենը շուռ եկավ բազկաթոռի մեջ՝ հրահանով վառելով սիգարետը: – Մենք երկուսով նստած ենք մի աղջկա հետ, իսկ ահա էնտեղ, մի քանի սեղան էն կողմ, մի խումբ աղջիկներ ու… երկու տղամարդ: Հարկավոր է աղջիկներից մեկին հրավիրել մեզ մոտ: Մեկը կա նրանց մեջ՝ թխահեր, լավիկն է, նայիր ոնց է պարում, տես, թե դուր է գալիս, հենց հիմա հրավիրեմ մեզ մոտ:

Շրջանաձև պարահրապարակում, գույնզգույն լուսարձակներից հորդող լույսերի մեջ, ռիթմիկ պարում էին զույգերը: Հատկապես աչքի էին ընկնում երկուսը՝ գիրուկ մի տղա և թխահեր մի աղջիկ: Նրանք ասես հոգնություն չունեին: Ժամանակակից պար էր, սակայն նրանք պարում էին ոչ թե իրար գրկած, այլ առանձին, ինքնամոռաց պարում էին՝ հայացքները հառած միմյանց ու շարունակ ժպտում էին:

Նվագը վերջացավ, զույգերը գնացին դեպի իրենց սեղանները, և այդ պահին կրկին թնդաց երաժշտությունը:

– Լեո, վերջին անգամ եմ հարցնում, հետո կփոշմանես:

Ռենան մի ումպ արեց շամպայնից, սպասողական նայեց ինձ:

– Չեմ փոշմանի, – պատասխանեցի ես: – Եթե քեզ պետք է՝ հրավիրիր, ինձ պետք չէ:

Արմենն ընդոստ շարժումով տեղից ցատկեց և, շրջանցելով սեղանները, գնաց դեպի դահլիճի մյուս ծայրը:

– Ոդիսևսը գնաց Տրոյան նվաճելու, – կատակեց Ռենան:

Քիչ անց թխահեր աղջիկն արդեն պարում էր Արմենի հետ: Նա աղջկան, երևի, ինչ-որ զվարճալի բան էր պատմում, սա շարունակ ծիծաղում էր, մեկ-մեկ գլուխը հակելով Արմենի ուսին:

– Լեո, ուզում եմ տուն զանգել, – ասաց Ռենան՝ քիչ առաջ թեքվելով: – Հետաքրքիր է, ավտոմատ-հեռախոս չկա՞ այստեղ, – հարցրեց նա մտախոհ տեսքով: – Մերոնք կարող են անհանգստանալ:

Ես գոտկատեղից հանեցի ռադիոհեռախոսը, որ դեռևս նորություն էր, միացրի, պարզեցի Ռենային, ներքուստ ուրախանալով, որ նրա հեռախոսահամարը կմնա խոսափողի մեջ: Ռենան երախտագիտությամբ նայեց ինձ, որ ստիպված չպիտի լինի հեռախոս որոնել և, վերցնելով խոսափողը, սկսեց սեղմել թվանշանները: Նա որոշ ժամանակ սպասեց մինչև կարձագանքեին հեռախոսագծի մյուս ծայրում, հետո սկսեց խոսել: Երաժշտության տակ նրա ձայնը չէր լսվում, վարդավառ շուրթերին մերթընդմերթ ծաղկում էր ժպիտը: