Kitabı oku: «Նոր մարդ»

Yazı tipi:

1

(Հատվածներ անավարտ վեպից)

1914 թվի գարնան մի օր առավոտյան ժամր 10-ն էր, որ ծխախոտի գո՛րծարանատեր և բանկի դիրեկտոր Խանբեգյանը, լողարանից նոր ելած, խալաթը հագին, թարմ ու առույգ մտավ սեղանատուն: Մոտ վաթսուն տարեկան բարձրահասակ, բարեկազմ մարդ էր սպիտակ մազերով և խոշոր աչքերի վերև երկու երկարաձիգ տզրուկի պես ձգված սև ու խիտ հոնքերով:

Սեղանատանը ոչ ոք չկար: Արծաթյա ինքնաեռը, սեղանի ծայրին պպզած, ինչ-որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի: Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ: Կինն այդ կողմից չափազանց կարգապահ էր, մաքրասեր և խստապահանջ, և նրա մահից հետո էր, որ այդ անկարգությունը մտել էր նրա տուն, որովհետև չկար այլևս մի եռանդուն, խնամոտ ձեռք, որ ամեն բան կարգադրեր, մաքրեր, տեղավորեր, հին դայակը, որ ջահել հասակից այդ տանն էր մեծացել, արդեն շատ էր պառավել և չէր կարողանում ամեն բանի հասնել, իսկ աղախինը, ծույլ լինելով, ավելի ևս ծուլացել էր տանտիկնոջ մահից հետո և առանց հրամանի ոչնչի չէր ուզում ձեռք տալ: Խանբեգյանը պահում էր նրւն միայն իր հավատարմության համար և վախենում էր նոր աղախին վարձել, որ գողություն չանի:

– Խոզեր, կատարյալ խոզեր, – քրթմնջաց Խանբեգյանը որդու և աղջկա հասցեին, մի հրացայտ հայացք ձգելով սեղանի վրա, որի երեսը մի կատարյալ բաբելոնյան խառնակություն էր ներկայացնում, – բաժակ, ափսե, գդալ դանակ, պատառաքաղ, կծած հացի կտորներ, մատիտ, տետրակ, դասագիրք, լրագիր և հայտնի չէ, թե թեյի սեղանի հետ ի՛նչ կապ ունեցող ծամկալներ ու սանրեր, երեսի փոշու տուփ ու բամբակ և օծանելիքի մի սրվակ թափված էին իրար մեջ խառնիխուռն, ցաք ու ցրիվ սփռոցը ամբողջովին ծածկված էր հացի ու պանրի փշրանքով. մի տեղ թերխաշ ձվի կաթիլներ էին թափել, մի տեղ էլ թեյ էին շուռ տվել, որից սպիտակ սփռոցի այդ մասն ամբողջովին դեղնել էր:

– Ո՛ւ, խոզե՛ր, խոզե՛ր, – արտասանեց Խանբեգյանն այս անգամ բարձրաձայն, որպես թե այդ խոզության հեղինակները նստած լինեին սեղանի մոտ, և բարկությունից մինչև անգամ կրճտացրեց ատամները:

Սեղանի անկարգությունը դիտելուց հետո նա ձեռքի ափը դրեց ինքնաեռի փորի վրա և տեսավ, որ բոլորովին սառն է: Հանկարծ կատաղության այնպիսի պոռթկում զգաց կրծքի մեջ, որ քիչ մնաց բռունցքով տար և ինքնաեռը գլորեր հատակի վրա: Կատաղությամբ լի աչքերը փայլեցնելով, նա վրա ընկավ լամպի տակ հարմարեցրած էլեկտրական զանգակի կոճակին և սեղմեց ավելի ամուր ու ավելի երկար, քան պետք էր: Ու, սպասելով աղախնուն, սկսեց ջղային քայլվածքով անցուդարձ անել սենյակում, անդադար ցնցվելով զսպած կատաղությունից և ակամա հայհոյանքի բառեր թռցնելով բերնից:

Սակայն աղախինն ուշանում էր:

Խանբեգյանի կատաղությունը գագաթնակետին հասավ: Ձեռքերով ու ոտներով դես-դեն շպրտելով իր ճանապարհը կտրող աթոռները, եփած խեցգետնի պես կարմրատակած, նորից վեր ընկավ էլեկտրական զանգակի կոճակին և սկսեց սեղմել առաջվանից էլ ավելի ամուր ու երկարատև, միևնույն ժամանակ գոռալով այնպիսի բարձր, խռպոտ ու երկարատև ձայնով, որ կարծես մորթելիս լինեն.

– Դունյա՛… Դունյաա՛… Դունյաա՛… Դունյաշաա՛…

Աղախինը, – թխլիկ այտերով, կապույտ աչքերով, շեկ մազերով տասը-տասնհինգ տարեկան մի աղջիկ, – ներս պրծավ վախից սփրթնած, երևի կարծելով, թե պարոնն օգնություն է կանչում:

– Ի՞նչ պատահեց, պարոն, ի՞նչ պատահեց, – կանչեց նա:

Պարոնն իր երկարում եկ հասակով և հրացայտ աչքերով ցցվեց նրա առջև:

– Ա՛յ ինչ, – ասաց նա պինդ սեղմած ատամների միջից և շրը՛փ, – իր երկայն ոսկրոտ ձեռքով մի ապտակ իջեցրեց նրա ձախ այտին: – Ա՛յ ինչ, – կրկնեց առանց շտապելու, և այս անգամ ապտակն իջավ աղախնու աջ այտին, որովհետև ձախը նա իսկույն ծածկեց ձեռքով:

Աղախինն այս անգամ աջ այտն էլ ծածկեց մյուս ձեռքով, մի րոպե լուռ ու ծայր աստիճան ապշած նայեց պարոնի կատաղությունից ցնցվող կարմրատակած երեսին վարից վեր, որովհետև պարոնն իր հասակով գրեթե կիսով չափ բարձր էր նրանից, հետո պռոշ արավ երեխայի պես, աչքերը միանգամից լցվեցին արցունքով, և հանկարծ սկսեց լաց լինել` ոչ այնքան ցավից, որքան անսովոր վիրավորանքից, որ նա առաջին անգամն էր կրում պարոնի կողմից այնքան կոպիտ կերպով:

Խանբեգյանը բռնեց նրա թևից, քարշ տվեց ինքնաեռի մոտ, նրա մի ձեռքը պոկեց այտից, կպցրեց ինքնաեռի սառը փորին և ասաց.

– Սա թե՞յ է, որ պիտի խմեմ: Չեմ ասե՞լ, որ սառը թեյ չեմ սիրում: Չեմ ասե՞լ, որ իմ խմելու ժամանակ ինքնաեռը միշտ տաք պիտի լինի: Ասել եմ, չէ՞: Հարյուր անգամ կրկնել եմ, չէ՞: Թե խուլ ես, ասա, ականջդ պոկեմ, որ լսես:

Եվ Խանբեգյանն այս խոսքերի հետ նրա ականջն առավ իր բութ մատի ու ցուցամատի մեջ, ոլորեց ու քաշեց:

Աղախինն այս անգամ սաստիկ ցավից նախ մի ճիչ արձակեց, հետո սկսեց բարձրաձայն հեկեկալ:

– Սո՛ւս, ձա՛յնդ, զզվե՛լի քած, – աղաղակեց Խանբեգյանը, ոտը զարկելով հատակին: – Ես անկարգություն չեմ սիրում: Մի բան որ ասում եմ, պե՛տք է կատարվի: Տիրուհիդ որ մեռավ, կարծում ես, որ դու էլ ազատվեցի՞ր քո պարտականություններից: նայիր այստեղ, – ցույց տվավ նա սեղանը, – ո՞ւմ պարտականությունն է այս բոլորը հավաքել, կարգի դնել: Ասենք՝ Կատյան ու Վանյուշը խոզեր են, դո՞ւ ինչ ես մտածում: Թե՞ կարծում ես ինձ շատ է դուր գալիս այս խոզությունը: Թե ծառայում ես, օրինավոր ծառայիր, իսկ թե չես ուզում, կարող ես հենց այս րոպեին հաշիվդ առնել և կորչել, к черту. ես ձրի հաց ոչ ոքի չեմ ուտեցում:

Բոլոր մաղձը աղախնու վրա թափելուց հետո Խանբեգյանի ցասումը մի քիչ նստեց, և նա սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում, որի ժամանակ նրա երկար խալաթի լայն փեշերը բաց ու խուփ էին լինում և երևան հանում սպիտակ ներքնաշորն ու փափուկ ոսկեկար մուճակները:

Դունյան կանգնած էր ինքնաեռի մոտ և, գոգնոցի փեշն աչքերին սեղմած, շարունակում էր հեծկլտալ: Այն ականջը, որ իր ոսկրո՛տ մատներով ոլորել և ձիգ էր տվել պարոնը, ճակնդեղի գույն էր ստացել:

Սենյակի երկայնքը չափելիս Խանբեգյանը հանկարծ կանգ առավ նրա առջև և ասաց.

– Հետո. քանի՞ անգամ պետք է զանգ տամ, որ դու բարեհաճես մտնել: Հը՞, ասա՛:

– Զանգի ձայնը չեմ լսել, – պատասխանեց աղախինը հեծկլտանքի միջից:

– Չես լսե՞լ: Ո՞ր ջհաննամումն էիր, որ չես լսել:

– Իջել էի դուռը բանալու:

– Մարդ էր եկե՞լ: Ո՞վ էր:

– Վիկտորիա Պավլովնան:

– Վիկտ… – դուրս թռավ Խանբեգյանի բերնից, և նրա խոշոր աչքերի մեջ կարծես հանկարծ կրակ վառեցին:

Խալաթի կուրծքն ու փեշերը մեքենայաբար իրար վրա ծալելով, նա խոնարհվեց-դեպի աղախնու դեմքը և, նրա ձեռքերը կամացուկ հեռացնելով աչքերից, հարցրեց մի տարօրինակ անհանգստությամբ.

– Հետո՞… ի՞նչ եղավ… ո՞ւր է… գնա՞ց…

– Սպասում է ձեզ առանձնասենյակում

– Հաա՞: Լա՛վ:

Խանբեգյանը շտկվեց և, խալաթի կուրծքն ու փեշերը պինդ գրկած, արագորեն դիմեց դեպի ննջարանը, բայց հանկարծ ետ դարձավ և մոտեցավ աղախնուն, որը շարունակում էր լալ:

– Սո՛ւս, հիմար, ի՞նչ ես լաց լինում, – շշնջաց նա մեղմացած: – Բարկացած էի այն խոզերի վրա, դրա համար խփեցի, թե չէ, ուրիշ անգամ ե՞րբ եմ խփել: Սուս որա, ամոթ է, Վիկտորիա Պավլովնան կլսի: Խո գիտես, որ ես քեզ հոր պես եմ նայում, թե չէ, ինքդ էլ տեսնում ես, պահելու պտուղ չես դու: Դե, բավական է (Խանբեգյանը ձեռքով շոյեց նրա գլուխը): Եվ լսիր ինչ եմ ասում, ջանիկս: Այս րոպեին ինքնաեռը կտանես կտաքացնես, հետո կգաս կարգի կդնես այս սեղանը, սփռոցը կփոխես, ինչ որ հարկավոր է – կարագ, ձու, մեղր, մի խոսքով` ամեն բան – կդարսես: Գուցե Վիկտորիա Պավլովնային ներս հրավիրեմ թեյի: Իմացա՞ր: Դե շուտ, ջանիկս: Իսկ ես գնամ հագնվեմ:

Ու արագ քայլերով դուրս գնաց:

2

– Սկանդալ, կատարյալ սկանդալ, – ասաց ինքն իրեն Խանբեգյանը դեմքի այնպիսի մի արտահայտությամբ, որ կարծես լուծողական էր ընդունել, և, խալաթը դեն շպրտելով, սկսեց արագ-արագ հագնվել: Ոչինչ նրան այնքան խայտառակ, այնքան ամոթալի չէր թվում, որքան իր այն վայրենի ձայնը, որով, կատաղության գագաթնակետին հասած, կանչում էր աղախնուն: Այդ վայրենի ոռնոցն, անշուշտ, լսած պիտի լիներ Վիկտորիա Պավլովնան առանձնասենյակում, որը սեղանատնից մի սենյակով էր միայն բաժանված, և ի՞նչ պիտի մտածեր իր մասին, որ հայտնի էր որպես ծանրաբարո, հավասարակշռված և ըստ ամենայնի կրթված մարդ:

– Այդպես միայն վերջին կինտոն կարող է բղավել, իսկ ես… Փո՛ւ, – թքեց նա և մտքումը դրեց հենց այդ օրը մի լավ խրատել իր աղջկան և տղային, որոնց «խոզությունն» էր իսկապես, որ առիթ էր տվել իր անսովոր կատաղության:

– Եվ ո՞ր սատանան այդ կնոջը բերեց հենց այն ժամանակ, երբ ես… Սկանդալ, կատարյալ սկանդալ, – կրկնեց նա հայելու առջև շտկելով մազերն ու փողկապը:

Վիկտորիա Պավլովնան այն բանկի գլխավոր հաշվապահի կինն էր, որի դիրեկտորներից մեկն էր Խանբեգյանը: Մի տարուց ավելի էր, որ մեռել էր գլխավոր հաշվապահը, բայց դեռես այն ժամանակ, երբ նա ողջ ու առողջ էր, Խանբեգյանը, չնայելով իր տարիքին, չէր կարողանում անտարբեր աչքով նայել նրա կնոջ վրա, որը հազիվ երեսուն տարեկան և շատ գեղեցիկ էր: Եվ երբ մի օր անսպասելի կերպով նրան լուր բերին, թե գլխավոր հաշվապահը հանկարծամահ է եղել սրտի արատից, Խանբեգյանն ինքն էլ չիմացավ, թե ինչու մի տարօրինակ ուրախություն զգաց սրտի խորքում: Այդ ժամանակ նրա կինը դեռևս կենդանի էր և, չնայելով հարատև հիվանդությանը, ըստ երևույթին, միտք չուներ մեռնելու: Ու երբ, երկար տանջվելուց հետո, նա, այնուամենայնիվ, մեռավ, Խանբեգյանը զգաց իրեն որպես վանդակից ազատված մի թռչուն, որը ո՛ւր ուզեր, կարող էր թռչել: Այժմ միայն նա հնարավորություն ստացավ լուրջ կերպով մտածելու, թե չի՞ կարող արդյոք այնպես անել, որ Վիկտորիա Պավլովնան իր կինը դառնար:

Սկզբում բավական ծանրակշիռ մի հանգամանք մթագնում էր նրա ուրախությունը և հուսաբեկ անում նրան, այդ այն էր, որ նա մտածում էր, թե ինքը թեև դեռևս ժիր ու առույգ, բայց արդեն մոտ վաթսուն տարեկան մարդ է, մի տասը տարուց հետո արդեն անպետք զառամյալ ծերունի կլինի, այնինչ Վիկտորիա Պավլովնան իրենից կիսով չափ ջահել էր, դեռևս շատ թարմ և այնքան գեղեցիկ, որ ոչ մի դժվարություն չէր կրի մի ջահել ամուսին գտնելու, մանավանդ որ անզավակ էլ էր: Բայց շուտով տեսավ, որ այդ կասկածը հիմք չունի: Բանն այն է, որ Խանբեգյանի կնոջ մահից հետո Վիկտորիա Պավլովնան նրան ավելի մերձենալու հակամետություն էր ցույց տալիս, տեղի-անտեղի այցելում էր նրան, զանազան խորհուրդներ հարցնելու պատրվակով նկարագրում էր իր նյութական նեղ կացությունն ամուսնու մահից հետո և նույնիսկ մի-երկու անգամ նյութական օգնություն էր խնդրել նրանից:

Թեև Վիկտորիա Պավլովնայի այս վարմունքը մեծ չափով հուսադրում էր Խանբեգյանին, բայց մյուս կողմից մի ուրիշ ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք նրան վարանման մեջ էր գցում, – ի՞նչ կասեին իր բարեկամ-ազգականները և, մանավանդ, ի՞նչ կասեին և ի՞նչ աչքով կնայեին իրենց ջահել խորթ մոր վրա իր զավակները, որոնցից ամենամեծը – Միշան, Պետերբուրգի համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, իսկ նրանից փոքրը – Վանյուշը, և աղջիկը – Կատյան, գիմնազիոնի 7-րդ և 6-րդ դասարանի աշակերտ և աշակերտուհի:

Այս և այսպիսի մտածումների ու վարանքի մեջ նա շատ անգամ ասում էր ինքն իրեն հուսահատ մարդու վճռականությամբ .«Է՛հ, ի՛նչ ուզում են՝ թող ասեն, ի՛նչ աչքով ուզում են՝ թող նայեն, ես կանեմ իմը: Դժվարն առաջին քայլն է: Պետք է քաջություն ունենալ այդ քայլն անելու: Եվ ես կանեմ այդ քայլը: Թող սկզբում տարօրինակ թվա, հետո, ժամանակի ընթացքում, կհաշտվեն: Դա շատ բնական է»:

Այժմ էլ, երբ պատրաստվում էր գնալ ընդունելու Վիկտորիա Պավլովնային իր առանձնասենյակում, Խանբեգյանը նույն մտմտուքի մեջ էր: «Այժմ, կամ երբեք, այժմ, կամ երբեք, – կրկնում էր նա մեքենայաբար, վերջին անգամ հայելու մեջ դիտելով իրեն և թաշկինակը կոխելով բաճկոնի գրպանը:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
36 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467031
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: