Kitabı oku: «Անբախտ Հռիփսիմե», sayfa 4
Զ
Անցան մի քանի ամիսներ:
Մութ-խավարային բանտի մեջ նստած էր մի երիտասարդ: Այդ խոնավ, ստորերկրյա բնակարանի գիջությունից բոլորովին մաշվել էր խղճալին: Նրա մեռելային դեմքը, շիջած աչքերը արտահայտում էին տխուր և հուսահատ սրտի կսկիծները…»:
«Բանտ, – ասում էր ինքն իրան, – ի՛նչ սարսափելի ես դու… ես կենդանի տանջվում եմ գերեզմանիս մեջ… տանջվում եմ և մտածում եմ Հռիփսիմիս համար… Ա՛խ, մահն էլ ինձ մոտ չէ գալիս, գոնյա՛ հանգստացնե ինձ… »:
Նա գլուխը վեր թողեց հարդի վրա և թմրությունը տիրեց խղճալուն:
Հանկարծ փայլեցավ մի լույս:
Մինը, ճրագը ձեռքում, փաթաթված սև վերարկուի մեջ, իջավ բանտի սանդուղքներեն:
Նա կանգնեց պառկած երիտասարդի մոտ, և յուր տխուր հաքացքը ձգելով նրա երեսին, ասաց.
– Նա դեռ կենդանի է…:
Եվ գրկեց նրան:
Երիտասարդը զարթեցավ:
– Աստված իմ, – գոչեց նա րոպեական շփոթությունից հետո, – ի՞նչ եմ տեսնում… այդ երազ է…
– Ալեքսան, իմ հոգիս, – ձայն տվեց եկվորը:
– Ստեփան, իմ հրեշտակ, – ձայն տվեց երիտասարդը:
Նրանք կրկին գրկախառնվեցան:
Տիրեց հիացմունք և լռություն:
– Ո՞րպես դու մտար այստեղ, իմ բարեկամ, – հարցրուց Ալեքսանը մի փոքր զգաստանալոլց հետո:
– Ես կաշառեցի պահապանին, և նա թող տվավ ինձ քեզ մոտ գալ, – պատասխանեց Ստեփանը, նստելով երիտասարդի մոտ:
– Դու եկար տեսնե՞լ իմ թշվառությունը…
– Ոչ, Ալեքսան, ես եկա ազատել քեզ, որովհետև ես զգում եմ, որ իմ քույրը եղավ քո բոլոր թշվառության պատճառը…
– Չէ՜, Ստեփան, իմ սիրելի, մի՜ նախատեցեք նրան, Հռիփսիմեն անմեղ է, որպես երկնքի հրեշտակը, նա հավատարիմ… մնաց յուր խոստմունքին… նա սիրում էր ինձ… ես սիրում էի նրան… բայց քո ծնողաց բռնաբարությունը մեզ զրկեցին միմյանցից…
– Դու չլսեցիր իմ խրատը, Ալեքսան:
– Սերը, իմ բարեկամ, հասցնում է մարդին մինչև կատաղություն և ցնորք…: Ես ցանկացա իմ սրով վերջ տալ գործին, բայց ինձ չհաջողվեցավ…
– Այդ բոլորը անցել են, Ալեքսան, լսի՜ր, ինչ որ ասում եմ քեզ, ես կաշառել եմ պահապաններից մինին, նա խոստացել է էգուց գիշերը բաց թողնել քեզ. ես և Հռիփսիմեն կսպասենք քեղ ամրոցի մոտ: Պահապանը քեզ մեր մոտ կբերե: Այնտեղից մենք կփախչենք օտար երկիր:
Ալեքսանի մռայլված դեմքը փայլեցավ ուրախության լուսով և նա գրկեց Ստեփանին, գոչելով.
– Իմ հրեշտակ, իմ փրկիչ:
– Բավական է, ես ուշանում եմ, էգուց գիշեր կտեսնենք միմյանց:
Նրանք բաժանվեցան: