Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 37
ՎԵՐՋԱԲԱՆ
Մինչև այստեղ գծեցինք Դավիթ բեկի և նրա զորապետների գործած պատերազմների լոկ ստվերագիրը միայն:
Իբրև օրինակ մենք մեջ կբերենք մի նկարագիր Դավիթ բեկի կռիվներից, ուր երևում է նա իր վեհ հերոսական բնավորությամբ:
Մինչև Դավիթ բեկը խաղաղեց իր հայրենիքի ներքին դրությունը, մինչ հայերը սկսել էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել, մի արտաքին վտանգ կրկին խռովեց նրանց հանգստությունը: Դավիթ բեկը այժմ գործ ուներ մի հզոր թշնամու հետ, որպիսիք էին օսմանցիքը:
Սուլթան Ահմետի օրերում ահագին բազմություն տաճկաց զորքերի դիմում են դեպի պարսկական Հայաստանի մի մասը: Տիրելով Երևան քաղաքին, ապստակելով հանդիպած ազգաբնակությունները, և ամեն ինչ սրի և կրակի մատնելով, 1726 թվին նրանք անցան Սյունյաց աշխարհը, նրանց թիվը հասնում էր յոթանասուն հազարի. այդ խառնիճաղանջ բազմությունը ուներ իր մեջ զինվորներ զանազան ազգերից և զանազան ցեղերից. նրանց մեջ կային մինչև անգամ հայեր: Նվաճելով Դավթի երկրի մի մասը, նրանք տիրեցին Յոթնաբերդին և Ղափանու գավառին: Երկրի հայ բնակիչները վերջին հուսահատության մեջ թողին Դավթին և մտան օսմանցոց լծի տակ: Դավիթը մնաց միայն յոթանասուն անձնանվեր տղամարդերի հետ իր բերդի մեջ Հալիձորում: Նրանից չբաժանվեցան և տեր Ավետիքը, Մխիթար սպարապետը, Մելիք-Փարսադանը, Տաթևի երեք եպիսկոպոսներ և տասներկու քահանաներ: Նրա մնացյալ զորքը բոլորը ցրվեցան: Այսուամենայնիվ Դավթի արիությունը ամենևին չթուլացավ. նա մնաց միշտ քաջասիրտ և անձնավստահ: Նախ և առաջ նա հոգ տարավ ամրացնել բերդը, պաշար հավաքել այնտեղ և խրախուսել իր ընկերներին:
Ղափանը տիրել են ինն ամիս հետո, Դավթի բերդին մոտենում են օսմանցոց զորքերը երկու փաշաներով, որ կոչվում էին Պեքիր և Արաբ-Ալի: Նրանց առաջնորդում էր Բարգյուշատա խանը: Նրանց թվում գտնվում էին և շատվոր հայեր Գողթան գավառից և առավելապես Ագուլիս քաղաքից, որոնք տաճիկներին հաճոյանալու համար, խառնված էին նրանց հետ: Այլևս տեղային թյուրքերից շատերն, որոնք հին ոխ ունեին Դավթի դեմ, միացել էին թշնամու հետ:
Օսմանցիք բանակ են կազմում Հալիձորի հանդեպ: Դավիթը մի փոքրիկ խմբով բռնում է ավանի մյուս կողմը: Երկու կողմերը բաժանված են լինում գետով, որը նույն միջոցին հորդացած լինելով, դժվարացնում էր անցքը: Դավիթը բռնում է գետի անցքը և մինչև երկու օր թույլ չի տալիս օսմանցիներին անցնել: Բայց երկրորդ օրը հայոց հրացանավորները, որոնք տաճիկների հետ էին և որոնք ծանոթ էին այն տեղորայքը, անցնում են գետը ուրիշ կողմից և բռնում են Հալիձորի մի մասը: Անցքը բացվում է օսմանցիների առջև: Դավթին դժվար էր այնուհետև արձակ դաշտում ընդդիմանալ թշնամու բազմությանը: Նա յուրայիններով, որոնց թիվը ավելի չէր, քան երեքհարյուր և հիսուն հոգուց, պատսպարվում է Անապատ կոչված ամրոցի մեջ:
Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ զետեղված էր մի կուսանոց, ուր կային թվով քառասուն միանձնուհիք: Օսմանցիք գետը անցնելեն հետո պաշարեցին բերը: Վեց օր տևեց պաշարումը: Օսմանցիք անդադար ռմբակոծում էին, և իրանց պատերազմական բոլոր հնարները գործ էին դնում, բայց նրանց ջանքերը մնում էին ապարդյուն:
Յոթներորդ օրը պաշարողները վճռում են վերջնական հարձակումն, և իրանց զորքերը երեք մասի բաժանած, երեք կողմից դիմում են դեպի բերդը: Եվ չնայելով բերդի ներսից կարկտի պես թափվող գնդակներին, նրանք մոտենում են պարիսպներին, կանգնեցնում են սանդուղքները և այլ վերելուկ մեքենաներ, սկսում են բարձրանալ: Բայց օսմանցիներից և ոչ մեկը կարողանում է ներս մտնել, այլ զարկվելով, ցած են թափվում:
Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ նոր հարձակում է գործում:
Հասնում է օրհասական րոպեն:
Այս սարսափելի տագնապի մեջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից, բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էին զանգակներ և աղերսում էին վերին օգնականությունը:
Քաջազնական հոգին միանալով կրոնական զգացմունքների հետ հրաշքներ էր գործում:
Ամողջ ութ ժամ տևում է կռիվը: Բերդը աննկարագրելի ամրությամբ պաշտպանվում էր: Թշնամիներից և ոչ մինը դեռ չէր կարողացել ներս մտնել: Պաշարվածները` քան թե անձնատուր լինել` ընտրել էին մահը, բայց ցանկանում էին ավելի փառավոր կերպով հանդիպել նրան:
Արևը մերձենում էր իր մուտքին: Օրը տարաժամում էր: Պաշարողները դեռ չէին կամենում ետ քաշվել:
Սույն միջոցին Մխիթար սպարապետը տեր Ավետիքի հետ թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մեջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս, իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ: Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա: Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է. նրանք կարծում են, թե պաշարվածներին դրսից օգնություն հասավ: Ամբողջ բանակի մեջ տիրում է խռովություն և իրարանցում: Սկսվում է կոտորածը: Նույն միջոցին թշնամու խառնիճաղանջ բազմությունը թողնում է բերդը. նրանք սկսում են ցրվել: Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ Բեկը, միանում է իր ընկերների հետ: Թշնամին փախչում էր, դրանք հետամուտ էին լինում: Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ և հարուստ պատերազմական մթերք:
Դավթի մի այսպիսի հաջողությունը լսելով վհատած հայերը, որ առաջ թողել էին նրանց, կրկին հավաքվում են նրա դրոշակի տակ: Դավիթը կրկին հավաքում է իր զորությունները: Այնուհետև նա տեր Ավետիքի և Մխիթար սպարապետի հետ գործեցին և մի քանի այլ հաղթություններ օսմանցիների դեմ, մինչև բոլորովին դուրս հալածեցին նրանց հայոց երկրից:
Այն ժամանակ պարսից Շահ-Թահմազ արքան եկած էր Ատրպատական, որ արգելե օսմանցիների հարձակմունքը դեպի Պարսկաստան: Նա Դավրիժումն էր, երբ մեծ ուրախությամբ լսեց Դավթի հաղթությունները: Եվ Դավիթը նրան ավելի գոհացնելու համար, նույն ժամանակվա սովորության համեմատ, ուղտերի մի ամբողջ կարավան բեռնավորված տաճիկների գլուխներով, այլև իր խլած ավարից մասն հանելով շահին, ուղարկեց Դավրիժ: Շահը ուրախությամբ ընդունեց կարավանը, որ բերում էր իր թշնամիների գլուխները: Այս պատճառով կապեց Դավթի հետ դաշնագրություն, առանձին ֆերմանով շնորհելով նրան Ղափանի ամբողջ գավառը, որպես սեփականություն, այլև կարգեց նրան գլխավոր իշխան բոլոր Սյունյաց և Գողթանի նահանգների, ստորադրեց նրա հրամանին տեղային խաներին, և հրաման տվեց իր անունով դրամ կտրել:
Դավիթը այժմ հասած էր իր բաղձանքին, նա իր ազատ հայրենիքի տերը և իշխանն էր: Այդ եղավ 1727 թվին:
* * *
Սյունյաց նահանգը թեև բոլորովին մաքրված էր օսմանցիներից, բայց Օրդուբադի և Ագուլիսի կողմերում տակավին տիրում էին նրանք: Դավիթը ուղարկեց տեր Ավետիքին և Մխիթար սպարապետին այն կողմերից ևս հալածել նրանց: Մի քանի կռիվներում հայերը հաղթող են հանդիսանում և հաջողվում է տիրել Ագուլիսին: Այս ավանը այն ժամանակ բացի իր շրջակա գյուղորայքից ուներ 10 հազար տուն հայ բնակիչներ: Դրանք մեծ զորություն կարող էին կազմել Դավթին, եթե սրտով միանային նրա հետ: Բայց ընդհակառակն միշտ անհավատարիմ մնացին դեպի Դավթի գործը: Ագուլեցիք մելիք Մուսա անունով մի չարագործից գրգռվելով, որ նրանց գլխավորն էր, առ երես բարեկամ էին ձևանում Դավթին, իսկ գաղտնի օգնում էին օսմանցիներին, լրտեսություններ անելով, պաշար մատուցանելով և հայի բոլոր գաղտնիքը նրանց հայտնելով: Այդ էր պատճառը, որ Դավթի զորքերը թեև նույն օրերում օգնություն ստացան Շահ-Թամազից, բայց մի քանի կռիվներում կոտորվեցան օսմանցիներից:
Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը ինքը անձամբ դիմեց Ագուլիս: Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդ տեղ ծառայել: Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել: Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով:
Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը: Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը: Այդ հարձակումը գործվեցավ գիշերով: Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել: Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը: Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից:
Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները: Նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր:
Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով: Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ ու կանոն դնել իր երկրում. ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով: Նա թողնելով հին սովորությունները, որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց, – երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները, և զինվորական ծառայությունը ընդհանրապես պարտավորիչ շինեց: Բայց նա իսպառ իր նպատակները իրագործել չկարողացավ, որովհետև հիվանդանալով վաճխանեցավ իր տան մեջ 1728 թվին, վեց տարի միայն վարելով իր իշխանությունը: Դավթից ժառանգ չմնաց. շատ հավանական է, որ նա ամուսնացած ևս չլիներ: Նրա մահից հետո զորականքը միաբանվելով, ընտրեցին Դավթի տեղ Մխիթար սպարապետին:
Մխիթարը որքան և քաջ էր ու գործագետ, այսուամենայնիվ այն բախտը չունեցավ, որպես իր նախորդը: Մի կողմից հայոց զորապետների մեջ ծագեց անմիաբանություն, մյուս կողմից, զորքը վեց տարվա անընդհատ կռիվների մեջ համարյա հոգնել և թուլացել էր սրտով: Այս պատճառով, երբ մի տարուց հետո օսմանցիք կրկին պաշարեցին Դավթի բերդը, հայերը ավելի հարմար համարեցին հաշտության դաշն կապել, քան թե պատերազմել: Նրանք տեր Ավետիքի ձեռքով հաշտության դաշն կապեցին փաշայի հետ և անձնատուր եղան: Բայց ուխտազանց օսմանցիք, երբ իրանց առաջ բացված տեսան բերդի դռները, ներս մտան և վայրենի անգթությամբ սկսեցին կոտորել նրա մեջ եղողներին: Նրանք մինչև անգամ չխնայեցին քառասուն միանձնուհիներին, որոնք նույն ամրոցում մենարան ունեին, բոլորը զոհվեցան տաճկական սրին: Մխիթար սպարապետը բերդի պարսից վար իջնելով ազատեց իր անձը:
Իսկ նա այնուհետև հանգիստ չմնաց: Վերստին զորք հավաքելով, քանիցս անգամ հարձակվեցավ օսմանցիների վրա, վրեժխնդիր եղավ նրանց ուխտազանցության համար. թափեց նրանցից շատ ամրոցներ և քաղաքներ, և 150 ուղտի բեռն ավարով վերադարձավ իր տեղը: Նա բնակվում էր Խնձորեսք կոչված մեծ բերդում:
Մխիթարի իշխանությունը երկար չտևեց, որովհետև 1730 թվին նույն իսկ հայերից հրացանազարկ լինելով մեռավ, երկու տարի միայն իշխելով: Սպարապետի գլուխը իր թշնամիքը կտրելով, որպես ընծա նվիրեցին օսմանցոց փաշային: Բայց փաշան, Մխիթարի ոխերիմը` ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե այն վատ հայերը, որ թափեցին մի անմեղ արյուն: Նա հրամայեց կտրել բոլորի գլուխները…
Մխիթարի մահից հետո հայոց միաբանության կապը իսպառ քակտեցավ: Ամեն մի իշխան, ամեն մի մելիք սկսեց ինքնագլուխ տիրել երկրի այս ու այն մասին, կրելով իր վրա պարսից կամ օսմանցուց լուծը և հարկատու լինելով նրանց: Իսկ նրանք, որ հատավարիմ մնացին Դավթի գաղափարին, ցրվեցան դեպի զանազան կողմեր, ավելի լավ համարելով չծծել այն հայրենիքի օդը, որ թունավորված էր բռնակալի շնչով…
Տեր Ավետիքը` այդ անպարտելի հերոսը, տեսնելով հայոց անմիաբանությունը, թողեց Հայաստանը և դիմեց Երուսաղեմ: Այնտեղ նա Աբրահամ կաթողիկոսի հաճությամբ ներումն ստացավ պատրիարքից այն բոլոր արյունների համար, որ նա թափել էր: Կրոնական մոլեռանդությունը վերջապես տիրում է այդ քաջի սրտին, նա սկսում է ապաշխարել…
Դավթի գործակից մյուս քաջերի մասին լռում է պատմությունը. հայտնի չէ նրանք ուր գնացին, ինչ եղան: