Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 12

Yazı tipi:

– Նայեցե՛ք այդ մարդուն, – շարունակեց երկու երիտասարդներից մեկը ընդհատված խոսակցությունը, ձեռքը մեկնելով դեպի Ավետարանի լույսը ծավալող օտարազգի քարոզչի գործակատարը, որ Աստվածաշունչը առջևը դրած, դեռ զբաղված էր կրոնական վիճաբանություններով: – Ես հավաստի եմ, որ այդ անպիտանը ոչինչ զարգացում, ոչինչ կրթություն չունի և, իբրև մարդ անգամ, նա այնքան ստոր գնահատել գիտե իր աշխատանքը, որ ամսական հարյուր ղուրուշի (վեց ռուբլի) վարձկան է: Այդ չնչին փողի համար նա ամեն օր կմտնե սրճատները, կմտնե սափրիչների խանութները, կմտնե բաղանիքների նախագավիթները, մի խոսքով, ամեն տեղ, որտեղ մարդիկ ավելի գործ չունեն, և կսկսե նրանց հետ վիճել: Նա սեփական համոզմունք և հավատ չունի. նա մի տեսակ փաստաբան է, որ պաշտպանում է այն գործը, որի համար նրան վճարում են: Ազգային իդեալ, ազգային պատմություն, հայրենիք, ժողովրդի դժբախտ դրություն, այդ բաները նրա համար չկան, և նրան չեն հետաքրքրում: Նա գիտե միայն, որ պաս պահելը, տերտերին խոստովանվելը, պատկերներին երկրպագություն տալը՝ չի փրկի մարդու հոգին մեղքերից, և կսկսե դրանց և այսպիսի եկեղեցական կանոնների դեմ վիճել: Անցիր ամբողջ Փոքր Ասիա, ամեն տեղ, ամեն փողոցներում կհանդիպես այս տեսակ շաղակրատների: Իհարկե, ավելորդ կլիներ խոսել նրանց ժողովարանների, դպրոցների և քարոզիչների մասին, որոնք իրանց բնավորությամբ շատ չեն տարբերվում այդ գռեհիկ, տգետ, հարյուր ղուրուշանոց լույս ծավալողներից:

Սագոն լռությամբ լսում էր. ինձ ևս հետաքրքրում էր դառնացած երիտասարդը, որը, ինչպես երևում էր, սաստիկ վշտացած էր ոչ այնքան օտարազգի քարոզիչներից, որքան նրանց ձեռքում գործիք դարձած կույր, մոլեռանդ և դատարկամիտ հայ գործակատարներից:

– Ես կրոնի և ազգային եկեղեցու պաշտպան չեմ, – առաջ տարավ երիտասարդը, – բայց դարձյալ կասեմ, որ այդ մարդիկ ավելի վնասակար են, քան թե քուրդը կամ տաճիկը: Քուրդը և տաճիկը հափշտակում են հայերից նրանց ձեռքի վաստակը, իսկ այդ կորուստը կարելի է աշխատանքով կրկին լրացնել: Բայց քարոզիչները, այդ հոգևոր հարստահարիչները, Ավետարանի ճշմարտության անունով սպանում են ազգայնությունը. դա անփոխարինելի է:

– Ի՞նչպես, – հարցրեց Սագոն, լցնելով իմ բաժակը գինիով, իսկ իր երկու խոսակիցների ֆինջանները` օղիով:

– Այնպես, – պատասխանեց երիտասարդը, վառելով իր կարճ ճանապարհորդական ծխաքարշը և թողնելով մուխի թեթև կույտեր իր դողդոջուն շրթունքների միջից, որ դեռ նոր էին սևանում նորաբույս մազերով: – Օրինակի համար, վեր առնենք հենց այն երկրները, ուր մենք գործում էինք և որտեղից մեզ հալածեցին. այդ կողմերում հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն և խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային այլ առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով, մի խոսքով, ոչնչով չեն տարբերվում քրդերից: Մնում է մի հոդ միայն, որ նրանց կապում է ազգային ամբողջության հետ և նրանց հիշեցնում է, թե իրանք հայեր են, այդ հոդը Հայաստանյաց եկեղեցին է: Իսկ եթե եկեղեցիից ևս կտրվեցան, այլևս ի՞նչ կապ կմնա նրանց և հայության մեջ:

– Ոչինչ կապ չի մնա, – պատասխանեց Սագոն այնպիսի մի եղանակով, որ կարծես շտապում էր լսել երիտասարդի վերջին խոսքը:

– Ահա այդ վնասն են հասցնում բողոքական քարոզիչները, ահա դրանով են սպանում նրանք ազգայնությունը, – շարունակեց նա փոքր-ինչ տաքացած կերպով, – հային խլելով իր ազգային եկեղեցու գրկից, դարձնում են նրան բողոքական քուրդ, և ավելի ոչինչ:

– Դրանում ի՞նչ զարմանալի բան կա, – հարցրեց Սագոն, գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ երիտասարդի երեսին նայելով: – Դուք մի րոպե առաջ ասեցիք, թե տեղային հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն, խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով, այլևս ի՞նչ իրավունքով դուք նրանց հայեր եք կոչում: Նրա համա՞ր միայն, որ պատկանում են լուսավորչական եկեղեցուն: Հենց դրա մեջն է սխալը, որ ձեզ սխալ եզրակացության է հասցնում: Այն օրից, որ նրանք դադարեցին հայերեն խոսելուց, դադարեցին և հայ լիելուց: Նրանք դարձան լուսավորչական քրդեր: Շատ հասկանալի է, որ լուսավորչական եկեղեցիից դուրս գալով և մտնելով բողոքական եկեղեցին, կդառնան բողոքական քրդեր, և եթե բողոքական եկեղեցին նույնպես թողնեն և մտնեն, օրինակ, բուդդայական եկեղեցին, կդառնան բուդդայական քրդեր:

Երկու երիտասարդները զարմացած կերպով նայեցին միմյանց երեսին: Սագոն շարունակեց.

– Նույն բանը պատահեց և հարավային Միջագետքի՝ այսինքն Մերդինի, Մուսուլի և Բաղդադի կողմերի արաբախոս հայերի հետ: Նրանք ևս կորցրել էին մայրենի լեզուն, ապրում էին արաբական սովորություններով, խոսում էին արաբերեն և իրանց հայ էին համարում նրանով միայն, որ պատկանում էին լուսավորչական եկեղեցուն: Երբ կաթոլիկությունը նրանց մեջ մտավ, դադարեցին իրանց հայ կոչել և դարձան կաթոլիկ արաբներ: Ոմանք նրանցից քիլդաներեն էին խոսում, կաթոլիկությունը ընդունելուց հետո խառնվեցան քիլդանի կաթոլիկների հետ:

Խոսակցությունը տևեց բավական երկար. առարկան շատ մոտ էր որպես երկու երիտասարդների սրտին, նույնպես և Սագոյի համար: Բացի դրանից, կրոնափոխությունը դարձել էր հայերի համար մի ընդհանուր, հասարակական հարց: Օտարազգի քարոզիչները, կաթոլիկ, բողոքական, եզվիտ, ամեն կողմից մուտք էին գործել հայերի մեջ, տարածվել էին զանազան քաղաքներում և գյուղերում: Դպրոցներ և ժողովարաններ էին հիմնում: Ժողովուրդը ընդհանուր խմորման մեջ էր: Ոմանք դրամի համար, որ քարոզիչները բաշխում էին իրանց նոր հավատացյալներին, ոմանք մահմեդականների հարստահարության դեմ պաշտպանություն գտնելու համար, որ խոստանում էին քարոզիչները, ոմանք զզված լինելով հայ քահանաների, հայ կղերի ագահությունից, իսկ խիստ սակավները, ճշմարիտ համոզմունքով, թողնում էին հայոց եկեղեցին և մտնում բողոքական և կաթոլիկ եկեղեցու գիրկը: Հայ ժողովուրդը բաժան-բաժան էր լինում, ամեն տեղ պատահում էին կռիվներ, խռովություններ և մշտական երկպառակություն: Գործերի այդ դրության մեջ անկարելի էր, որ մտածող անձինքների ուշադրությունը չգրավեր այդ աղետավոր երևույթը, որ սպառնում էր հայոց ազգային ամբողջության քայքայմանը, մանավանդ մի այնպիսի ժամանակում, երբ օտարների բռնության դեմ մաքառելու համար հարկավոր էր ընդհանուր միաբանություն, հարկավոր էր միություն և սեր: Բայց Ավետարանի սերը և եղբայրությունը քարոզող միսիոնարները ատելություն և թշնամություն էին սերմանում երկու հայ եղբայրների մեջ:

– Միսիոնարը ազգ չէ ճանաչում, – շարունակեց Սագոն, – նա մտնում է մի ժողովրդի մեջ, տեսնում է՝ ինչ լեզվով որ խոսում է ժողովուրդը, և ինչ լեզվով որ սրան ավելի հասկանալի է, սկսում է նույն լեզվով քարոզել նրան և նույն լեզվով կարդացնում է նրա զավակներին իր դպրոցների մեջ: Եթե մի տեղ հայը քրդերեն է խոսում, նա կսկսե նրան քրդերեն քարոզել, եթե թուրքերեն է խոսում, կսկսե թուրքերեն քարոզել: Նրան ի՞նչ փույթ, որ այդ լեզուները հայոց մայրենի լեզուն չեն: Նա երբեք հանձն չի առնի մի այդպիսի դժվարություն, որ նախ հային իր կորցրած մայրենի լեզուն սովորացնե և հետո սկսե նույն լեզվով քարոզել նրան: Եվ ձեր ընկերության աշխատությունը այդ կողմից շատ օգտակար պետք է համարել, որ հանձն է առել մայրենի լեզուն տարածել քրդախոս հայերի մեջ: Դա ավելի ուղիղ ճանապարհ է նրանց հայացնելու և հայության մեջ պահելու համար: Լեզվի հետ կապված է ազգի գրականությունը, նրա անցյալը, նրա պատմական կյանքը, նրա բոլոր մտավոր և հոգեկան արտահայտությունները դարերի ընթացքում, նրա ամբողջ գոյությունը, այդ է, որ կապում է մի անհատին իր ազգային ամբողջության հետ: Իսկ եկեղեցին, ինչպես տեսաք իմ բերած օրինակներից հարավային Սիջագետքի հայերի վերաբերությամբ, շատ թույլ կապ է հային իր ազգայնության հետ կապելու համար, եթե նա կորցրել է մյուս, ավելի հաստատուն հիմունքները ազգայնության:

Ես Սագոյի մեջ այժմ ուրիշ մարդ, ուրիշ լեզու էի տեսնում. նա այն չէր, որ առաջին անգամ հանդիպեց ինձ արաբական մինարեթում և ոչ այն զվարճասեր խեղկատակն էր, որ ձանձրացնում էր ինձ որսորդի տան մեջ: Նրա մեջ խոսում էր Ասլանի լեզուն: Ես զարմանում էի, որքան նման էին այդ երիտասարդները միմյանց թե՛ իրանց ձգտումներով և թե՛ գաղափարներով:

– Ես համաձայն եմ ձեզ հետ, – ասաց մյուս երիտասարդը, որ բոլոր ժամանակ լուռ էր: – Բայց օտարազգի քարոզիչները այդ բոլոր վնասները չէին կարող տալ մեզ, եթե մենք ունենայինք օրինավոր եկեղեցականներ: Եթե գայլը հոտից ոչխարներ է գողանում, դա ապացույց է, որ հովիվներն ու շները անպիտան են: Մեր քահանաները տգետ են և անկիրթ, իսկ մեր վարդապետները, իրանց վանքերի մեջ առանձնացած, ճգնում են, աղոթում են, կարծելով թե դրանով մեծ ծառայություն են անում ազգին:

Այդ միջոցին մեր սեղանի մոտից անցավ մի մարդ, և խոսակցությունը իսկույն դադարեց: Նույն ներգործությունն էր անում նա, ինչ խմբի որ մոտենում էր: Եվ եթե նստում էր այս և այն սեղանի մոտ, մարդիկ սկսում էին աննկատելի կերպով հետզհետե հեռանալ նրանից:

– Այդ մարդը մի հայտնի լրտես է, – ասաց Սագոն, ցույց տալով նրան:

– Ի՞նչ ազգից է, – հարցրի ես:

– Հայ է և, բացի հայ լինելը, «էֆենդի» է, բազմաթիվ տիտղոսներ ունի:

– Եվ մատնում է հայերի՞ն:

– Էլ ո՞ւմը պետք է մատնե…

«Էֆենդին» գնաց, նստեց մի խումբ երիտասարդների մոտ, որովհետև ինքն ևս նրանց հասակակից էր: Հրամայեց իր հաշվով գինի տան:

– Ես պատրաստ եմ գրավ բռնել, – ասաց Սագոն, – որ այդ անպիտանը հիմա կսկսե ազգասիրական ճառեր կարդալ և գուցե կսկսե երգել իր հորինած ոտանավորներից մեկը, որի մեջ անդադար կրկնում է «ո՜հ, Հայաստան» բառերը:

Բայց դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ, որովհետև գիշերից շատ անցել էր, սրճատան հաճախորդները սկսել էին հետզհետե հեռանալ, և Թեոս ախպերը պատրաստվում էր ճրագները հանգցնել: Աղմկալի դահլիճը մի քանի րոպեի մեջ դատարկվեցավ: Երբ Թեոս ախպերը վերջին երկու ճրագը հանգցնելու վրա էր, երկու երիտասարդները վեր կացան, բարի գիշեր ասացին ինձ և Սագոյին և հեռացան դեպի սրճատան մթին անկյունը: Այնտեղ այնպես բաց, առանց ծածկոցի, պառկեցին նրանք տախտակյա մերկ նստարանների վրա, իրանց ուղևորության պարկերը բարձի փոխարեն գլխների տակը դնելով: Թեոս ախպերը այնքան բարի գտնվեցավ, որ դուրս չվռնդեց նրանց փողոցը, ասելով թե իր սրճատունը գիշերելու տեղ չէ: Ես խիստ տխուր տրամադրության մեջ բաժանվեցա նրանցից: «Խեղճ երիտասարդներ, մտածում էի ես, այդպես անտուն, անտեր, աղքատ, որպես մի ողորմելի մուրացկան, թափառում եք երկրեերկիր, մի ընկած ժողովրդի օգնելու անձնվիրությամբ… Դուք պետք է մրցություն անեք օտարազգի միսիոնարի հետ, որ հայտնվում է կառքերով, ապրում է շքեղ պալատներում և ոսկին սփռում է, ինչպես փոշի, որ բոլորի աչքերը կուրացնում է… Բայց մի բան կա ձեր մեջ, որ բարձր և հզոր է, քան այն բոլոր փառքը և զորությունը, որ վայելում է օտարազգին, դա այն մեծ սերն է, որ ունեք դուք դեպի ձեր հանձն առած գործը»:

Երբ ես մտա այն սենյակը, որտեղ թողեցի Ասլանին, Սագոյին նրա մոտ գտա: Երևում էր, որ Սագոն, սրճատնից դուրս գալուց հետո, ետևի դռնից մտել էր նրա մոտ: Բայց ո՞վ ասաց նրան, որ Ասլանը այնտեղ է…

ԺԵ
ՎԱՐԱԳ

Մեզ մնում էր տեսնել Վարագա վանքը, այնուհետև մեր հետազոտությունները Վանա շրջակայքում պետք էր վերջացած համարել:

Գեղեցիկ պայծառ առավոտ էր, երբ ես և Ասլանը ձի նստած դուրս եկանք Այգեստանի ծառազարդ փողոցներից և ուղևորվեցանք դեպի վանքը: Մեր առջևն էր Վարագա սարը իր սքանչելի տեսարաններով: Արևը դեռ նոր էր սկսել ծագել: Նա կամաց-կամաց վեր էր համբառնում Վարագա լեռնագագաթի ճիշտ այն ամենաբարձր կետից, որ կոչվում է Գալիլիա: Ես առաջին անգամն էի տեսնում արևի մի այնպիսի հրաշալի ծագումը: Ինձ այնպես էր թվում, որ տվնջյան լուսատուն գիշերը հանգչել էր Գալիլիայի գագաթի վրա, միևնույն նվիրական այրերի մեջ, որտեղ մի ժամանակ պատսպարված էր Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, իսկ այժմ լուսաճաճանչ պայծառությամբ դուրս էր գալիս իր հանգստարանից՝ լուսավորելու հայոց աշխարհը: Նույն այրերի մեջ ճգնում էր երանլեի կույսը, նույն այրերից դուրս եկավ և նա և, որպես մի պայծառ լույս, ուղևորվեցավ դեպի Արարատ, կատարելու այն մեծ բարոյական պատերազմը հայոց հեթանոս թագավորի և հեթանոսական խավարի հետ, որի արդյունքը եղավ քրիստոնեության մուտքը Հայաստանում: Նույն այրերի մեջ թաքցրեց նա կենսատու փայտի ս. Նշանը, որ ամփոփված էր մի փոքրիկ խաչի մեջ և որը նրա կուրծքի ու պարանոցի աստվածային զարդն էր կազմում: Ամբողջ չորս դար հրաշալի սուրբ նշանը մնաց այնտեղ անհայտության մեջ, մինչև Թոդիկ ճգնավորի մշտական աղոթքով հայտնվեցավ նա և, արեգակի լուսափայլ պայծառությամբ, Վարագա լեռնագագաթի բարձրությունից թռչելով, իջավ նրա լանջաց վրա, և որպես մի ժամանակ զարդարում էր Հռիփսիմեի կուրծքը, այնուհետև դարձավ Վարագա լեռան կրծքի երկնային զարդը: Միևնույն տեղում հիմնվեցան տաճարներ, որ սուրբ նշանի անունով կոչվեցան Ս.Խաչ: Այդ տաճարներն էին, որ բոլորը միասին ներկայացնում էին Վարագա վանքը, ուր այն առավոտ ես և Ասլանը գնում էինք:

Արևը բարձրացավ: Նրա ճառագայթները հրեղեն շառավիղների նման տարածվեցան Վանա շրջակայքը, տարածվեցան ծովակի մանիշակագույն մակերևույթի վրա և լուսավորեցին առավոտյան մռայլի մեջ ծածկված հեռավոր լեռները: Ինձ տիրում էր խորին հոգեզմայլություն: Արևի ծագումը զարթեցնում էր իմ սրտում այդ նվիրական վայրերի և այդ սրբազան լեռների վաղեմի հիշատակները: Կարծես դարերը ետ-ետ էին գնում, և հին ավանդությունը կենդանանում էր, կերպարանք էր ստանում իմ աչքի առջև: Կարծես կրկին երևում էր ինձ Թոդիկ ճգնավորի սքանչելի տեսիլքը: Կենսատու ս. Նշանը թռչելով ցած է իջնում Վարագա լեռնագագաթի բարձրությունից, և նրանից ցոլանում են տասներկու լուսեղեն սյուներ, որոնք հանգչում են տասներկու տեղերի վրա: Հրեղեն սյուները այնքան ժամանակ մնում են այնպես կանգնած, մինչև երկրի իշխանները և ժողովուրդը տեսնում են նրանց: Հետո բարեպաշտ ժողովուրդը, միացած իր իշխանների հետ, կառուցանում են տասներկու տաճարներ միևնույն տեղերի վրա, ուր իջել էին լուսեղեն սյուները: Նրանցից երկուսը իջել էին այն տեղում, ուր շինվեցան Ս. Գրիգոր և Կարմրավոր վանքերը: Երեքը իջել էին Վերին Վարագում, որ և կոչվում է Գալիլիա: Իսկ յոթը՝ Ներքին Վարագում: Այդ յոթն տաճարներից բաղկացած եկեղեցիների խումբը, որոնց յուրաքանչյուրը առանձին-առանձին անուններ ունի, բոլորը միասին սարի անունով կոչվում են Վարագա վանք:

Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, հայոց եկեղեցին նրա համար տոն սահմանեց, որ կատարվում է մինչև մեր օրերը: Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, Վարագը դարձավ հայոց լեռների սուրբ Սիոնը: Նրա գագաթը, նրա կուրծքը, նրա ստորոտները ծածկվեցան վանքերով, և կրոնավորների բազմությունը լցրեց այդ վանքերը: Երկար տարիներ հիշյալ սուրբ Նշանը պահվում էր Վարագա վանքում, և ամեն կողմից ուխտավորների բազմությունը դիմում էր այնտեղ երկրպագության համար: Երկրի թե՛ հարուստը, թե՛ աղքատը թափում էր այնտեղ իր արծաթն ու ոսկին, նվիրում էր իր կյանքն ու կալվածքները ս. Նշանի սպասավորներին, որպեսզի Վասպուրականի այդ հռչակավոր սրբավայրը միշտ շեն ու պայծառ մնա: Աբեղաները այնտեղ վայելում էին ժողովրդի բարեպաշտության պտուղները և աղոթում էին աշխարհի համար:

Գագիկ Արծրունին ծախսեց իր գանձերից ահագին գումար և շինել տվեց հիշյալ ս. Նշանի համար մի ոսկյա տուփ և պահարան: Իսկ Աշոտ արքայորդին ծախսեց երեսուն հազար ոսկի և զարդարեց նրա պահարանը մարգարիտներով և թանկագին քարերով: Երբ Արծրունիների վերջին թագավոր Սենեքերիմը, իր ամբողջ պետությունը տալով հունաց կայսրին, ինքը տեղափոխվեցավ Սեբաստիա, նա իր թագավորությունից հոժարվեցավ զրկվել, բայց ս. Նշանը տարավ իր հետ: Իսկ հետո դժբախտ թագավորի մարմնի հետ կրկին փոխադրվեցավ Վարագ: Այնուհետև այդ թանկագին սրբությունը դարձավ զանազան բռնակալների ագահության առարկա: 1651 թվին Խոշաբ բերդին տիրող քուրդ Սուլեյման բեկը` Չոմար կոչված ավազակապետի առաջնորդությամբ եկավ, կողոպտեց Վարագա վանքի հարստությունները և ս. Նշանը գերի տարավ իր բերդը: Բարեպաշտ ժողովրդի առատաձեռնության դարևոր արդյունքները մի քանի օրվա մեջ ոչնչացան: Չորս տարի ս. Նշանը մնաց գերության մեջ: Իսկ Վանա հասարակությունը այդ չորս տարվա ընթացքում սուգ էր կատարում: Քանիցս անգամ պատգամավորներ ուղարկվեցան և մեծ փրկանքներ առաջարկվեցան, մինչև, վերջապես, կարողացան գերությունից ազատել իրանց աշխարհի սրբությունը:

Մենք այժմ բարձրանում էինք Վարագա լեռան զառիվերը: Մինչև մի որոշ գիծ՝ այդ սարը կանաչազարդ էր. տեղ-տեղ երևում են թուփեր ու պուրակներ, տեղ-տեղ պատած է խոտավետ մարգերով, շատ տեղերում ևս լեռան կողքերը ծածկված են հասունացած գարիի կամ ցորյանի ոսկեգույն արտերով: Հնձվորը գործում է, մանգաղը փայլում է, և աշխատասեր մշակի թախծալի երգը հնչեցնում է հսկա լեռան սրբազան վայրերը:

Արևը սկսել է այրել, չնայելով, որ դեռ առավոտ է: Հովիվը իր թաղիքյա վերարկուն (քափանակ) ձգելով ցուպի գլխին, նրան ամպահովանիի ձև է տվել և արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար նստել է նրա ստվերի ներքո: Նրա շուրջը, սփռված խոտավետ արոտամարգերի մեջ, արածում են ոչխարները, մի ժայռից դեպի մյուսը թռչկոտում են այծերը, իսկ աչալուրջ շները հեռվից հսկում են այդ միամիտ անասունների անհոգ զվարճությունների վրա, որ կարող է մի ակնթարթում սուգի փոխվել…

Կանաչազարդ գծից դեպի վեր, մինչև գագաթը, Վարագա լեռը մերկ է և բաղկացած է անմատչելի, թխագույն-կարմիր ժայռերից: Այդ բարձրությունների վրա խիստ հազիվ անգամ դիպել է մարդու ոտքը: Երբեմն սրաթռիչ կաքավները միայն խմբովին թռչում են մի ապառաժից դեպի մյուսը, կամ սևափետուր արծիվը, որպես մի սգավոր և սևազգեստ ոգի, միայնակ նստած Գալիլիայի ժայռերից մեկի վրա, վերևից տխրությամբ նայում է դեպի ցած, դեպի Արծրունիների ավերակ պալատների բեկորները, այն Արծրունիների, որոնք այնքան շատ դարեր խնամել ու փայփայել էին նրան…

Վարագա լեռը Վանա հովտի շտեմարանն է. այստեղից են վազում ջրերի այն բազմաթիվ վտակները, որոնք ոռոգում են Այգեստանի ընդարձակ այգիները և ջուր են մատակարարում շատ գյուղերի, որոնք սփռված են լեռան ստորոտներում:

Վանքին դեռ ոչ բոլորովին մոտեցած, ճանապարհի մի կողմում տեսանք մի խումբ մարդիկ: Այստեղ, որպես երևում էր, երկրագործական մի նոր փորձ էին անում, վարում էին մի գութան, որը թե՛ իր ձևով և թե՛ տեսակով ամենևին նման չէր տեղական ծանր, անշարժ գութաններին: Գութանի մաճը բռնած` կառավարում էր մի բարձրահասակ անձնավորություն, որի հագուստից երևում էր, որ աշխարհական չէ: Նա ցույց էր տալիս վանքի անփորձ մաճկալներին նորաձև գութանի բանեցնելու եղանակը: Մյուսները հետաքրքրությամբ նայում էին: Մենք, երկրի սովորության համեմատ, «բարի աջողումն» ասելով անցանք: Տեսնելով, որ մենք դեպի վանքն ենք գնում, նրանցից մեկը խումբից բաժանվեցավ, եկավ մեզ հետ: Դա մի երիտասարդ աբեղա էր, որ առաջարկեց առաջնորդել մեզ մինչև վանքը: Երբ բավական մոտեցանք վանքին, Ասլանը հարցրեց նրանից.

– Մենք կարո՞ղ ենք գտնել Հայրիկին վանքումը:

Այդ անունով կոչում էին վանահորը:

– Դուք չճանաչեցի՞ք նրան, – զարմանալով հարցրեց աբեղան, – Հայրիկը հենց նա էր, որ վարում էր գութանը:

– Այդ ի՞նչ գութան էր:

– Հայրիկը նոր բերել տվեց Եվրոպայից. այսօր առաջին փորձն էին անում: Սպասում ենք ուրիշ երկրագործական անոթներ ևս շուտով ստանալ:

– Վանքը երկրագործությա՞մբ է պարապում:

– Այո, իր կալվածները ինքն է մշակում: Բայց մենք ունենք վանքում և երկրագործական դպրոց:

– Երկա՞ր կմնա Հայրիկը այնտեղ:

– Երկար չի մնա: Նա տեսավ, որ դուք վանքն եք գնում, ինձ պատվիրեց, որ ձեզ տանեմ, այնտեղ հանգստացնեմ, մինչև իր վերադարձը:

Երբ հասանք վանքը, երբ շրջապատի գլխավոր դռնից ներս մտանք, երբ հետզհետե երևան եղան այդ հինավուրց սրբավայրի պատկառելի շինվածքները, նրանց արտաքին տեսքը միայն իմ վրա այն տպավորությունը գործեց, որ ես հակամայից սկսեցի մտածել, թե այստեղ անպատճառ տեսնելու եմ Կտուց անապատի հակապատկերը: Եվ իրավ, այստեղ շնչում էր մի այլ կյանք, երևում էր մի այլ աշխարհ, այստեղի մթնոլորտը ներշնչված չէր անապատական մշտավառ խունկի թուլացնող և վհատեցնող ծխով, այստեղ միացրել էին հոգևորը և երկրայինը աշխարհայինի հետ:

Վանքը թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ հովանավորված էր ծառերով ու պարտեզներով. վազում էին սառն, հստակ աղբյուրներ, և ջրերի վտակները հավաքվելով, մեծ աղմուկով դարձնում էին վանական ջրաղացի ծանր աղորիքը:

– Այդ ծառերը Հայրիկի տնկածն է, – ասաց մեր առաջնորդը, – այն ջրաղացը երկար ժամանակ խանգարած էր, չէր բանում, Հայրիկը նորոգեց:

Երիտասարդ աբեղան տարավ մեզ մի բավական մաքուր և ճաշակով կահավորված սենյակ և իսկույն սկսեց մեզ հետ խիստ մտերմական խոսակցություն, թե ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր պիտի գնանք, արդյոք պարոն բժշկապետը երկա՞ր պիտի մնա Վանում, ի՞նչ ազգից է պարոն բժշկապետը, քանի՞ լեզու գիտե և այլն: Այդ բոլոր հարցմունքները այն աստիճան անկեղծ էին, որ Ասլանը առանց ձանձրանալու պատասխանում էր նրան:

– Շա՞տ ժամանակ է, որ Հայրիկը այդ վանքի վանահայրն է, – հարցրեց Ասլանը:

– Շատ ժամանակ չէ, – պատասխանեց աբեղան, – բայց այդ փոքր ժամանակում նա այնքան գործ կտարեց, որ մի ուրիշը որքան և մեծ ջանք ու եռանդ ունենար, հազիվ թե տասն, քսան տարիների ընթացքում կարող կլիներ կատարել:

Երիտասարդ աբեղան Հայրիկի աշակերտներից էր: Ես իսկույն նկատեցի, և այնուհետև ինձ շատ անգամ էր պատահել նկատել, որ նրա աշակերտները նրա մասին խոսելիս՝ նրանց տիրում էր խորին ոգևորություն, և նրանք մի առանձին պարծանքով էին հիշում այն մարդու անունը, որին այնքան սիրում էին, որին այնքան պատվում էին:

– Հայրիկից առաջ, – շարունակեց նա, – այդ վանքը համարյա թե ավերակ էր. ոչ դպրոց կար, ոչ՝ աշակերտ և ոչ՝ կանոնավոր տնտեսություն: Նրա եկամուտները կողոպտվում էին թե՛ ներքին և թե՛ արտաքին ավազակներից: Վանքը պարտքերի ներքո խեղդվում էր: Մինչև անգամ ս. Նշանը գրավ էր դրված թուրք վաշխառուների մոտ: Բայց Հայրիկը կյանք տվեց այդ վանքին: Բոլորը, ինչ որ տեսաք և ինչ որ պիտի տեսնեք, նրա աշխատության պտուղն է: Բայց փոխարենը, ինչ որ ստացավ նա և ինչ որ ստանում է, – միշտ եղել է ատելություն, հալածանք և դավադրություն իր խավարասեր թշնամիների կողմից…

Վերջին խոսքը արտասանելու միջոցին երիտասարդի ձայնը դողաց: Նա պատմեց մի ցավալի անցք, որ պատահել էր հենց նույն օրերում: Հայրիկը Վարագա վանքից, որպես նրա սովորությունն էր, միայնակ, ոտքով Վան քաղաքը գնալու ժամանակ, ճանապարհին հանդիպում է նրան մի քուրդ: Երբ Հայրիկը իր արծվի հայացքով նայում է նրա երեսին, ավազակը շփոթվում է, նրա ձեռքերը սկսում են դողալ:

– Ինչո՞ւ շփոթվեցար, բարեկամ, – հարցնում է Հայրիկը իր սովորական մեղմ ժպիտով:

– ՈՒզում էի քեզ սպանել, – պատասխանում է ավազակը և, չոքելով նրա առջև, գրկում է նրա ոտները:

– Ինչո՞ւ չսպանեցիր, – հարցնում է Հայրիկը վեր բարձրացնելով նրան:

– Աստված իմ ձեռքը բռնեց, – ասում է քուրդը և սկսում է պատմել, թե որպես Հայրիկի թշնամիները կաշառեցին նրան, և որպես ինքը խոստացավ կատարել այդ եղեռնագործությունը, բայց խղճի ձայնը ասաց նրան, թե պետք չէ սուր բարձրացնել, աստուծո օրհնյալի վրա:

– Դու էլ օրհնյալ լինիս, որդի, – ասում է նրան Հայրիկը: – Գնա խաղաղությամբ, բայց այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, ուրիշ ոչ ոքի չպիտի հայտնես:

– Դու խնայո՞ւմ ես քո թշնամիներին, – հարցնում է ավազակը զարմանալով:

– Աստված այդպես է պատվիրում, – պատասխանում է Հայրիկը:

Բայց, չնայելով Հայրիկի պատվերին, քուրդը ամեն տեղ պատմում է նրա կյանքի դեմ դավադրություն սարքող անձինքների անունները, և այդ լսում է ամբողջ քաղաքը:

– Ո՞վքեր են այդ դավաճանները, – հարցրեց Ասլանը:

– Մի քանի եկեղեցականներ, միացած մի քանի աղաների հետ, որոնց պարագլուխն է մեր քաղաքի սրբազան առաջնորդը, – պատասխանեց աբեղան:

– Ի՞նչն էր առիթ տվել նրանց՝ մինչ այդ աստիճան անիրավության դիմել, թափել տալով մի անմեղ արյուն, – հարցրեց Ասլանը փոքր-ինչ զայրացած ձայնով: – Մի՞թե դպրոցը, լույսը, կրթությունը այդքան ատելի է նրանց:

– Ես չեմ կարծում, – ասաց աբեղան, – որ նրանք լուսավորության թշնամի են և այդ պատճառով զինվորվում են նրա տարածողների դեմ: Նրանք չեն կարող թշնամի լինել լուսավորության, որի մասին ամենևին հասկացողություն չունեն, որի վրա երբեք չեն մտածել: Խնդիրը բոլորովին տնտեսական է: Մի ժամանակ, որպես քանի րոպե առաջ ասեցի, այդ վանքում կանոնավոր տնտեսություն չկար. նրա եկամուտները վատնում էին միաբանները, և ինչ էլ որ մնում էր, առաջնորդի կոկորդովն էր անցնում: Բայց երբ Հայրիկը վանահայր դարձավ, նախ վանքը մաքրեց անպիտան միաբաններից, նրանց փոխարեն խմբեց այստեղ ավելի արժանավոր անձինք, և այնուհետև վանական արդյունքները սեփականացրեց իր նոր կառուցած հիմնարկությունների պահպանության համար: Այդ բոլորից հետո, շատ բնական է, որ այն անձինքը, որոնք առաջ վատնում էին վանքի եկամուտները, կթշնամանային Հայրիկի հետ:

– Բայց մի՞թե Հայրիկը բարեկամներ չունի:

– Ունի, բայց Հայրիկի բարեկամները այնպիսի կարող, այնպիսի հզոր մարդիկ չեն, որպես նրա թշնամիները: Հայրիկի բարեկամները ժողովրդի հալածված, հարստահարված և ամեն իրավունքներից զրկված դասակարգն է: Հայրիկի բարեկամները աղքատ շինականներն են, քաղաքի արհեստավորներն են, և անտուն, անտեղ, անհող, անջուր սարակներն ու բանվորներն են, և մի քանի երիտասարդներ, որոնք ազնիվ սիրտ և բարի ցանկություններ ունեն, բայց իրանց ցանկությունները կատարելու համար ոչինչ միջոցներ չունեն:

Հայրիկը եկեղեցական աստիճանով դեռ վարդապետ էր, բայց նրա կատարած գործերը, ստացած հռչակը, վայելած ժողովրդական մեծ համարումը, այդ բոլորը չէին կարող չգրգռել մյուս եկեղեցականների նախանձը, որոնք թե՛ աստիճանով և թե՛ դիրքով ավելի բարձր էին քան թե նա, թեև երիտասարդ աբեղան նրանց թշնամությունը բացատրում էր միայն տնտեսական պատճառներով: Նրա կառուցած նոր հիմնարկությունները՝ իրանց նորությամբ անգամ՝ կարող էին օտարոտի և վնասակար թվել մյուս եկեղեցականներին: Նա հիմնել էր իր վանքում մի գիշերօթիկ դպրոց, որը մի տեսակ վարժապետանոց կարելի էր համարել, ուր հավաքել էր նա զանազան տեղերից մանուկներ, այն նպատակով, որ վարժապետացուք կամ կրթյալ քահանայացաք պատրաստվեն և, վերադառնալով իրանց հայրենիքը, գյուղական քահանաներ կամ վարժապետներ դառնան: Դպրոցը ուներ և երկրագործական բաժին: Գյուղական վարժապետը կամ գյուղի քահանան, Հայրիկի կարծիքով, բավական չէ, որ պետք է սովորեցնեին գրել, կարդալ, հաշվել, կամ կատարեին գյուղացու հոգևոր, եկեղեցական պետքերը, այլ, միևնույն ժամանակ, նրանք պետք է ցույց տային, թե որպես պետք է գյուղացին վարեր իր հողը և որպես պետք է դարմաներ իր անասունները, որ ավելի արդյունք ստանար: Բացի դպրոցից, Հայրիկը զանց չէր արել հիմնել կրթության երկրորդ գործիչը` տպագրական մամուլը: Նրա տպարանից լույս էին տեսնում զանազան դասագրքեր և, ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելու համար, փոքրիկ դյուրիմաստ գրքույկներ աշխարհիկ լեզվով, այլև մի ամսագիր, որ խմբագրվում էր գլխավորապես նրա միաբանության աշխատությամբ: Այդ բոլորի ի կատար ածելը` արժանի էր այնքան մեծ ջանքերի և այնքան անտանելի տառապանքների, որոնց դեմ միայն Հայրիկի նման մարդու երկաթյա հաստ ատամտությունը կարող էր պատերազմել: Քանի՜ – քանի՜ անգամ նա ոտքով Պոլիս էր գնացել, հարուստ ամիրաների դռները բախելու և իր հիմնարկությունների համար օժանդակություն խնդրելու: Նա միայնակ ստեղծեց այն բոլորը. նա առաջին օրինակը եղավ, որ դատարկամոլ և ձրիակեր կրոնավորների անկելանոց դարձած վանքին տվեց մի այնպիսի կազմակերպություն, որ նա սկսեց այնուհետև ծառայել իբրև մի բարձր հիմնարկություն ժողովրդի հոգևոր, բարոյական և մտավոր կրթության համար:

Որքա՜ն մեծ անհամբերությամբ ցանկանում էի տեսնել այդ մարդուն, լսել նրա ձայնը և խոսել նրա հետ: Նա մեզ երկար սպասել չտվեց, շուտով վերադարձավ գութանի մոտից, քրտնած, փոշիների մեջ թաթախված: Նախ վազեց իր սենյակը, երևի լվացվելու համար, հետո եկավ մեզ մոտ: Նա ուրախ էր, որովհետև նորաձև գութանի առաջին փորձը հաջողություն էր խոստանում:

Նա դեռ երիտասարդ էր, երեսունևվեց տարեկան հազիվ կլիներ. այդ հասակի համեմատ` «Հայրիկ» մականունը շատ օտարոտի կարող էր լինել, եթե նա չունենար մի սիրող հոր խնամքը, հոգածությունը և բոլոր բարեմասնությունները` թե դեպի իր վանքն ու միաբանությունը և թե դեպի ժողովուրդը: Բարձրահասակ էր նա և ամուր կազմվածքով. երևում էր, որ ծոմը, մշտական աղոթքը և խիստ ճգնությունները, որոնք մեր անապատականների բարեպաշտության գլխավոր արդյունքն են համարվում, չէին մաշել նրա մարմինը: Գլխին վեղար չուներ. շագանակի գույն խիտ մազերը կիսով չափ ծածկում էին նրա լայն ճակատը և, դեպի ետ սփրռվելով, անփույթ կերպով թափվում էին հզոր ուսերի վրա: Մորուքը թավամազ էր, որպես անապատական առյուծի բաշը: Ինչ որ ավելի նշանավոր էր նրա հեզ, միևնույն ժամանակ այրական դեմքի վրա՝ դրանք էին արծվի խոշոր աչքերը և արծվի կտցաձև քիթը, որոնք թռչունների այդ վեհափառ արքայի բնավորության հատկանիշներն էին արտահայտում, թե՛ նրա հեռատեսությունը և թե՛ նուրբ հոտառությունը: Գուցե այդ էր պատճառը, որ նա ստացել էր մի երկրորդ մականուն ևս՝ «Վասպուրականի արծիվ»: Հագուստը պարզ էր և վայելուչ, իսկ վարվողության ձևերի մեջ խիստ հասարակ էր նա և անկեղծ: Նայելով այդ կրոնավորի վրա, ի նկատի առնելով նրա անցյալը և ներկան, իսկույն երևում էր՝ մինչև շենականի աղքատ խրճիթը խոնարհված մարդու ռամկասիրություն, ռամկի բոլոր առաքինություններով, ռամկի բոլոր անփառասիրությամբ, և մարդասիրական բարձր գաղափարներով ոգևորված մի եկեղեցականի անձնազոհություն, որ իր աշխատության հոգևոր մխիթարությունը որոնում է նույնիսկ ռամկի, դարերով թշվառացած ռամկի, հանգստության և բարօրության մեջ: Նա ժողովրդի մարդ էր և ժողովրդի համար ծնված:

Ես առաջին անգամն էի տեսնում մի այսպիսի սիրելի անձնավորություն: Նա այն տեսակ աբեղաներիցն էր, որի բերանում Հիսուսի, Մովսեսի և Պողոսի անուների հետ ստեպ հիշվում էին իր ազգի նահապետների անունները, ոչ միայն հասարակ խոսակցության մեջ՝ այլև սուրբ տաճարի բեմից: Նա չէր խոսում բիբլիական Պաղեստինի և «Վերին Երուսաղեմի» երանությունների մասին. նրա ուխտյալ երկիրը Վասպուրականն էր: Հայրենասիրությունը հասնում էր նրա մեջ մինչև մոլեռանդության, իսկ կրոնասիրությունը՝ մինչև բարձր առաքինության:

Նրան տեսնելիս, ես մտաբերում էի մեր հինգերորդ դարերի աբեղաներից մեկին, որ, կարծես, նոր էր վերադարձել Աթենքից, և ցուպը ձեռին, մի թափառական դերվիշի նման, շրջում էր հայրենի երկրի զանազան կողմերը և տարածում էր այն լույսն ու գիտությունը, որ իր հետ բերել էր Սոկրատի և Արիստոտելի մայրաքաղաքից: Հայրենիքը չէ ընդունում իր մեջ կրթության նոր առաքյալին, իսկ խավարասեր կղերը ատելությամբ կատաղած է նրա դեմ: Բայց նա արհամարհում է խավարասերների հալածանքը և հաստատ, անվեհեր կամքով առաջ է տանում սուրբ գործը: Մի տեղից հալածվում է նա, մյուս օրը հայտնվում է մի այլ տեղում և սկսում է ցանել իր հայրենակիցների անապատ դարձած մտավոր անդաստանում այն բարի սերմերը, որ ինքը բերել էր հեռավոր երկրներից: Այդպես էր վարվել և Հայրիկը. ամբողջ Վասպարականը նրա ընդարձակ ագարակն էր, իսկ ինքը` մի անձնվեր մշակ:

Այդ մարդը կատարելապես սիրահարված էր իր հայրենիքի՝ Վասպուրականի վրա: Իսկ Վարագը, Վանը, Վանա ծովակը իր շրջակա գավառներով` նրա մտածության գեղեցիկ առարկաներն էին: Բայց նա իր հայրենիքում նույն դրության մեջն էր, որպես մի ժամանակ Խորենացին Տարոնում: Կղերը նրա դեմ ևս լարում էր զանադան որոգայթներ: Այդ էր պատճառը, որ Ասլանը հիշելով քանի օր առաջ պատահած աղետավոր անցքը, և հայտնելով իր խնդակցությունը նրա ազատության մասին, ասաց.

– Մի՛ վհատեցեք, Հայրիկ, նահատակությունը առաքելության հետ միշտ լծորդաբար է ընթանում:

Հայրիկը պատասխանեց իր սովորական ժպիտով:

– Այդպիսի դեպքեր ինձ չեն կարող վհատեցնել, ես մահից չեմ վախենում: Բայց չէի կամենա և մեռնել, պարոն բժշկապետ, որովհետև, ով որ նպատակներ ունի, ով որ գործ ունի կատարելու, կյանքը նրան պետք է:

Երկար խոսակցությունից հետո, որ մի առ մի չեմ ուզում հիշել, Ասլանը խնդրեց Հայրիկից, որ ցույց տա իր վանքի հիմնարկությունները:

– Մենք ամեն ինչ դեռ նոր ենք սկսում, պարոն բժշկապետ, – ասաց Հայրիկը, – այդ պատճառով մեր հյուրերին ցույց տալու դեռ մի արժանավոր բան չունենք: Մեզ մոտ ամեն ինչ դեռ իր տղայության մեջն է:

– Հենց այդ հասակից կերևա ապագա էակը, գոնե ֆիզիկական կողմից, թե որքան առողջ է և որքան լավ է կազմված:

– Այդ ճշմարիտ, բայց շատ անգամ ամենաառողջ տղան ևս ջլատվում է, այլանդակվում է վատ դայակների և խորթ մայրերի ձեռքում:

Մենք դուրս եկանք սենյակից: Վանքի բակում ոչ ոք չէր երևում, մի զույգ աղավնիներ միայն ճեմում էին պարտեզի կանաչազարդ ածուների շուրջը, նրանք ևս, երբ մեզ տեսան, թռան նստեցին բարձր զանգակատան գերանի վրա: Ոչ մի վանքում զանգակները այնպես հանգիստ չէին, որպես այստեղ: Կտուց անապատում նրանք հնչում էին ամեն ժամ, ամեն րոպե, և հրավիրում էին «մշտապաշտոն» միաբաններին շարունակելու անընդհատ ժամերգությունը: Իսկ այստեղ մերթ ընդ մերթ լսվում էր դպրոցի զանգակի ձայնը, որ որոշում էր դասամիջոցները: Աշակերտները խմբով դուրս էին թափվում, և վանական լուռ, խաղաղ պարիսպների մեջ տիրում էր մի կենդանի աղմուկ: Ոչինչ այնպես ախորժելի չէր կարող լինել, քան թե այդ աղմուկը, մանուկ սերնդի սրտի և հոգու ձայնը, որի արձագանքը լսելի է լինում ապագայում…

Հայրիկը տարավ մեզ նախ գրատունը, որ բաղկացած էր երեք սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ: Երբ մտանք առաջին սենյակը, նա ասաց.

– Այստեղ հավաքված են բոլոր տպագրված գրքերը, թե՛ հայոց և թե՛ օտար լեզուներով: Մեր միաբաններից յուրաքանչյուրը կարող է որոշյալ ժամերում մտնել այստեղ և օգուտ քաղել գրքերից:

Սենյակում բավական լույս կար. մեջտեղում դրած էր երկար գրասեղան, ծածկած կանաչագույն մահուդով, իսկ նրա վրա դարսած էին մի քանի լրագիրներ և ամսագիրներ, որ նոր էին ստացվել: Սենյակի շուրջը, փայտյա մեծ պահարանների մեջ, կարգով դասավորված էին զանազան գրքեր, որ երևում էին ապակիների ետևից: Դեպի որ կողմը և նայում էի, աչքի էր ընկնում կարգ, ճաշակ, մաքրություն և պարզություն: Այս սենյակը թե՛ գրատուն և թե՛ ընթերցարան էր. այստեղից մտանք մի այլ սենյակ, որը ցույց տալով, ասաց Հայրիկը.

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
570 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467086
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,7, 20 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 11 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 6 oylamaya göre