Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 14
ԺԶ
ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Արևը մտել էր, և երեկոյան մութը բավական թանձրացել էր, երբ մենք, մեր ձիաները հեծնելով, մեծ գոհունակությամբ մնաք բարյավ ասեցինք Հայրիկին և, դուրս գալով վանքից, սկսեցինք իջնել Վարագա լեռան զառիվայրը: Ճանապարհը Հայրիկի շնորհիվ հարթած էր, և մենք մեծ դժվարություն չէինք կրում իջնելու ժամանակ: Մեզ ուղեկցում էր մի քահանա, որին կոչում էին տեր Եղիշե: Թե ի՞նչ գործ ուներ նա վանքում կամ ինչո՞ւ եկավ նա մեզ հետ և կամ ի՞նչ էր խոսում նա ճանապարհին Ասլանի հետ, այդ ես չգիտեմ, որովհետև նրանք հիսուն քայլով ինձանից առաջ էին գնում, իսկ ես իմ ձիու դանդաղ ընթացքով գնում էի նրանց ետևից: Միայն այդ մարդու անցյալ և ներկա կյանքը բովանդակում էր իր մեջ մի քանի այնպիսի գծեր, որ անկարելի էր չհետաքրքրվել նրանով: Նա ոչ մի տեղում կանոնավոր ուսում չէր ստացել. սկսյալ իր պատանեկության հասակից, նա եղել էր այն ըղձախնդիր ուսումնասերներից մեկը, որ, հին դարերի փիլիսոփաների նման, երկար թափառել էր զանազան երկներում գիտություն մուրալու նպատակով: Նա դիմել էր այս և այն նշանավոր քերականին, ճարտասանին, տրամաբանին, աստվածաբանին, նա մտել էր նաև անապատական աբեղաների միաբանության մեջ, բայց ոչ մի տեղում իր ուսումնասիրությանը չէր կարողացել հագուրդ տալ: Նա մտել էր մինչև անգամ մի եզվիտական դպրոց և շուտով թողել էր: Նա կենակցություն էր ունեցել Դամասկոսի շեյխերի և Լիբանանի ռաբբիների հետ: Նրա մոլաշրջիկ կյանքը և ամեն տեղ իր որոնածը չգտնելը` ծնեցրին նրա մեջ մի տեսակ թերահավատություն դեպի ամեն ինչ: Եվ այլ կերպ լինել կարող չէր: Նրան չհաջողվեցավ հասնել այն աղբյուրներին, որտեղից մաքուր ու պարզ բխում է ճշմարտությունը: Նրա ժամանակում կանոնավոր դպրոցներ չկային, այլ կային միայն անհատներ, որոնք իրանց չքավոր գիտությանը այնքան մեծ նշանակություն էին տալիս և այնքան թանկ գնով էին վաճառում, որպես մի քուրմ իր սրբությանը: Դրանց մոտ պետք էր շատ տարիներ սպասավորել և նրանց բոլոր հաճույքը կատարել, մինչև նրանք արժանի կհամարեին մի փոքր մասն տալ իրանց գիտությունից:
Բայց տեր Եղիշեն առողջ դատողության տեր մարդ էր: Երկարամյա փորձերը, ամեն տեսակ անձանց հետ շփվիլը` առաջ էին բերել նրա մեջ բոլորովին ինքնուրույն համոզմունքներ, և նրա բոլոր գաղափարները, թեև ըստ մեծի մասին անճիշտ, բայց իր սեփական մտածության արդյունք էին: Վերադառնալով իր հայրենիքը, Վան, նա հանդիպեց Հայրիկին, որի հետ իսկույն բարեկամացավ և որի ազդեցության ներքո բոլորովին ուրիշ ուղղություն ստացավ: Այստեղ նա վճռեց իրան նվիրել մանուկների կրթության գործին և, մտածելով, որ իբրև կրոնավոր, ավելի հեշտ կլինի իրան գործել ժողովրդի մեջ, ձեռնադրվեցավ քահանա: Որպես քահանա, նա հրաժարվեցավ ծուխից, հրաժարվեցավ և այն արդյունքներից, որ յուրաքանչյուր քահանա ստանում է իր ծուխից: Այդ արեց նա այն մտքով, որ փոքր-ինչ անկախ դիրք ստանա և, մանավանդ, որ ընդհարումներ չունենա մյուս եկեղեցականների հետ, որը անխուսափելի է դառնում, երբ մեջտեղում շահերի խնդիր կա: Նա բավականացավ մի փոքրիկ օրիորդական դպրոցով, որ պահում էր իր տան մեջ: Այս առաջին օրիորդական դպրոցն էր, որ բացվեցավ Վանա մեջ, բայց որպես առաջինը և որպես մի նոր և անսովոր հիմնարկություն, նրա կյանքը կարճատև եղավ: Սկզբում նույնիսկ քահանաները եղան, որ գրգռեցին հասարակության տգիտությունը նրա դեմ, ցույց տալով ուսումը աղջկանց համար` մի անբարոյականացնող ձեռնարկություն: Քաղաքի սրբազան առաջնորդը, որ կարող էր խաղաղացնել հասարակության հուզմունքը, ինքը ավելի բորբոքեց, և դպրոցը երեք տարի գոյություն ունենալուց հետո փակվեցավ: Այդ անցքը խիստ դառն կերպով ազդեց տեր հոր սրտին, երբ իր գործունեության հենց առաջին քայլում հանդիպեց այդ տեսակ անհաջողության: Բայց նա համբերող և երկայնամիտ մարդ էր, նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ:
Գիշեր էր, երբ մենք հասանք Այգեստան: Տեր հայրը հրավիրեց մեզ իր տունը ընթրիք ուտելու: Ասլանը, որ սովորություն չուներ այդ տեսակ հրավերքներ ընդունել, սիրով հանձն առեց նրա առաջարկությունը: Ընթրիքն անցավ բավականին զվարճալի կերպով. տեր հայրը պատմում էր զանազան արկածներ իր ճանապարհորդություններից, պատմում էր, թե ինչ էր տեսել և ինչ էր արել զանազան երկրներում, խոսում էր Հայրիկի մասին, նրա աշխատությունների մասին, խոսում էր տեղային քահանաների տգիտության մասին, և նրա խոսակցությունները այնքան հետաքրքիր էին, որ բոլորը ես մեծ ուրախությամբ լսում էի:
– Դուք կարծում եք տիկինը կարո՞ղ է գալ, – հարցրեց Ասլանը քահանայից, ընթրիքի սեղանը հավաքելուց հետո:
– Կարող է, և անպատճառ այս գիշեր այստեղ կլինի, – պատասխանեց քահանան վստահությամբ:
– Բավական դժվար կլինի նրա համար… ի՞նչպես կարող է… – կրկնեց Ասլանը թերահավատությամբ…
– Նա իր բանը գիտե… նա այդ տեսակ գործերի համար բավական խելք ունի… – ասաց քահանան:
Ասլանը մեծ անհամբերությամբ սպասում էր մի տիկնոջ, այդ տիկինը տեր հոր քույրն էր: Տեր հայրը իր հայրենիքից բացակա գտնված ժամանակ, նրա տանը պատահել էր երկու անփոխարինելի կորուստ. մայրը վախճանվել էր, իսկ միակ քույրը, անտեր մնալով, բռնությամբ հափշտակվել էր և մի տաճկի ամուսին էր դարձել: Այդ հափշտակությունը, որովհետև երկրի սովորական դեպքերից մեկն էր, անցել էր խիստ ներողամտությամբ հայ հասարակության կողմից. իսկ տեր հայրը, որ անչափ սիրում էր իր քրոջը, որպես երևում էր, չէր կարող մոռանալ այդ դժբախտությունը: Մահմեդականությունը շատ պայմաններ ունի, ոչ միայն օտարազգիներին ամենայն դրությամբ որսալու, այլև նրանց թե՛ կրոնապես և թե՛ ազգայնապես իր հետ միացնելու: Այդ էր, որ ավելի ցավեցնում էր տեր հորը: Մի հայ աղջիկ կամ տղա, կամավ, թե ակամա, երբ մահմեդականի հետ է ամուսնանում, այնուհետև կտրվում են նրա բոլոր հարաբերությունները իր ազգակիցների հետ և այլևս իրան հայ կոչել չէ կարող: Մի հայի պատահելիս` նա իրավունք չունի հայերեն խոսել. նա զրկվում է մինչև անգամ իր ծնողների տունը գնալուց. և «հայ» անունը նրա բերանում այնուհետև փոխվում է «գավուր» անունով, որից պետք է խորշիլ, որին պետք է պիղծ համարել: Բայց տեր հոր քույրը այդ մասին մի գեղեցիկ բացառություն էր կազմում. նա մնացել էր հավատարիմ թե՛ իր ազգին և թե՛ կրոնին, թեև ամենայն զգուշությամբ մահմեդականներից թաքցնում էր իր զգացմունքները: Նա սիրում էր իր եղբորը և երբեմն գաղտնի կերպով գալիս էր նրա տունը, ուրախանամ էր նրա երեխաներով և փառք էր տալիս աստծուն, որ իր հոր տան օջախը իսպառ մարած չէր:
Թելլի-խաթունը, այդպես էին կոչում այժմ նրան, քաղաքի ոստիկանության գլխավորի կինն էր: Նրա ամուսինը կոչվում էր Լաթիֆ-բեկ: Դա այն չարագործների տեսակիցն էր, որոնց ոստիկանի պաշտոնը բավական ընդարձակ հարմարություններ է ընծայում` իրանց անբարոյական ցանկությունները կատարելու: Գողերի գաղտնի ընկեր էր նա, ավազակների պաշտպան, սպանությունների մասնակից, մի խոսքով, հազիվ թե քաղաքում մի որևիցե անիրավություն գործվեր, և նրա մատը խառն չլիներ: Բայց միևնույն ժամանակ նահանգապետ փաշայի սիրելին էր նա:
Իսկ տիկինը այնքան բարոյական ուժ ուներ, որ իր քաղցր բնավորությամբ, խելքով ու շնորհքով, եթե ոչ բոլորովին կարողացել էր զսպել այդ գազանին, բայց շատ անգամ հաջողվում էր նրան` մեղմացնել իր ամուսնու բարբարոսությունները: Նա միևնույն ժամանակ սիրելի էր իր ամոանուն: «Ի՞նչ անեմ… սովորել եմ… եթե այն հացը, որ ուտում եմ, հառամ չլինի, չեմ կարող մարսել», – այդ էր լինում ոստիկանի պատասխանը, երբ տիկինը խրատում էր նրան: Նրա տան մեջ շատ անգամ կատարվում էին եղեռնական խորհուրդներ մեկին սպանելու, մյուսին կողոպտելու, երրորդի տանը կրակ տալու և այդ տեսակ խորհուրդներ ըստ մեծի մասին վերաբերում էին քրիստոնյաներին: Եթե տիկինը չէր կարողանում խափանել չարությունը, այն ժամանակ նա, իրան բոլորովին անհայտության մեջ պահելով, զգուշացնում էր, որտեղ որ հարկն էր, և չարիքի առաջն առնում էր: Այդպես, երբ որ նա հայտնի կերպով անկարող էր ներգործել, դիմում էր գաղտնի միջոցների:
Նա թշվառ էր, նա անբախտ ամուսին էր: Բռնությամբ հափշտակեցին նրան հայրենի տնակից, բռնությամբ ստիպեցին նրան ուրանալ իր կրոնը, իր ազգը, նա սովորեց ատել բռնությունը, և նրա վշտացած սրտում զարգացավ մի խուլ բողոք դեպի ամեն չարություն: Իր թշվառության գիտակցությունը ծնեց նրա մեջ կարեկցություն և դեպի օտարի թշվառությունը: Մասնավոր, անձնական զգացմունքը ընդարձակ կերպարանք ստացավ և տարածվեցավ իր ազգայինների վրա, որոնք միևնույն տառապանքների մեջն էին: Այն եղեռնական տեսարանները, որոնք շատ անգամ հանդիսանում էին նրա տան մեջ, այն անիրավությունները, որոնք համարյա ամեն օր կատարվում էին իր շուրջը, ավելի և ավելի բորբոքում էին նրա դառն ատելությունը դեպի այն ազգը և դեպի այն կառավարությունը, որ այդ բոլորը մեքենայում էր: «Ես վաղուց կթողնեի այդ տունը, ես շուտով կհեռանայի այդ գազանների որջից, – երբեմն ասում էր նա իր եղբորը, – բայց համբերեցի և մնացի, որ որքան կարող եմ, օգնեմ թշվառներին»… Նա իրան զոհել էր, ուրիշ զոհեր պաշտպանելու համար: Այդ էր միայն մխիթարում նրան:
Ես հետո ավելի մոտ ծանոթություն ունեցա այդ տիկնոջ հետ, այն ժամանակ միայն նկատեցի, որ նրա աշխատությունները` դարման տանելու իր ազգայինների թշվառություններին` չէին սահմանափակվում միայն այսպիսի մասնավոր օգնություններով, նրա նպատակները շատ ընդարձակ էին, նա ուներ բավականին հիմնավոր գաղափարներ` տիրող չարիքը բառնալու համար: Այդ գաղափարները զարգացել էին նրա մեջ մասամբ իր անբախտ և ճնշյալ դրությունից, իսկ առավելապես եղբոր ազդեցությունից: Նրա հարաբերությունները Ասլանի հետ, որպես երևում էր, նոր չէր: Այդ ես նկատեցի իսկույն, երբ նա եղբոր հետ ներս մտավ մեր սենյակը: Նա մոտեցավ և մի տարապայման համարձակությամբ, որ խիստ օտարոտի էր հարեմի կնոջ համար, նստեց Ասլանի մոտ և, նրա աջը առնելով իր ձեռքերի մեջ, ժպտալով ասաց.
– Ախ, որքան ցանկանում էի քեզ տեսնել… ո՞ւր էիր, ի՞նչ ես այդքան թափառում այդ վանքերում…
– Վանքերն էլ պետք է տեսնել, – ասաց Ասլանը նույնպես ժպտալով, – մեր ժողովուրդը դեռ չէ ազատվել վանքերից…
– Բայց քո դեմ որոգայթներ են լարվում, գիտե՞ս:
– Գիտեմ… և հենց դրա համար ուզում էի տեսնել քեզ:
– Դու մատնված ես…
– Այդ ես վաղուց սպասում էի:
Տիկինը տվեց Ասլանին մի նամակ, որի կարդալու միջոցին դեմքը բոլորովին այլայլվեցավ, հետո իր սովորական սառնասրտությամբ հարցրեց.
– Այդ նամակը ի՞նչպես ընկավ քո ձեռքը:
Տիկինը պատմեց, թե մի քանի օր առաջ փաշայի քարտուղարը բերեց իր ամուսնի մոտ այդ նամակը և հանձնեց նրան, փաշայի կողմից պատվիրելով, որ ամեն հնարներ պետք է գործ դնել, որպեսզի գտնվի նամակի մեջ նկարագրված անձը: Իսկ տիկինը գաղտնի լսում էր նրանց խոսակցությունը և իսկույն հասկացավ, թե գործն ումն էր վերաբերում և ամուսնու բացակայության ժամանակ նրա թղթերի միջից վեր առեց նամակը:
Նամակը գրած էր տաճկերեն լեզվով, նրա բովանդակությունը մոտավորապես այս էր, թե սուրբ տիրամոր տոնախմբության ժամանակ հայտնվեցավ մի աբեղա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր ուխտավորների մեջ: Հետո կեղծ ճգնավորը, վանեցի վաճառականի ձևի մեջ մտած, գնաց եզիդիների ցեղապետի վրանը, նրա մոտ մնաց մի ամբողջ օր (եզիդիների ցեղապետը հայտնի թշնամի է կառավարության): Այնտեղից դուրս գալուց հետո նա անհայտացավ, բայց նամակագիրը շատ հավանական էր համարում, որ անպատճառ Վան եկած պետք է լինի: «Խաբեբան դավադիրների մի մեծ խմբի գլխավոր անդամներից մեկն է, որոնք ամեն տեղ խռովություն են սերմանում: Այդ անիրավները չափազանց հանդուգն և ճարպիկ մարդիկ են, որոնց անձնանվիրությունը իրանց գաղափարին` հասնում է վերին աստիճանի մոլեռանդության և, այդ պատճառով, ավելի վտանգավոր են: Եթե Վան եկած լինի, նա անպատճառ մի որևիցե նոր կերպարանքի մեջ մտած պետք է լինի»: Հետո ավելացրած էր:
«Իմ այս տեղեկություններով ես գլխավորապես պարտական եմ սուրբ Տիրամոր վանքի վանահայր Կարապետ վարդապետին, որը մեր հավատարիմն է և անձամբ ձերդ վսեմության ծանոթ: Դա միևնույն անձնավորությունն է, որին անցյալ տարի դուք պատվեցիք, պարգևելով մի թանկագին մուշտակ: Նա ինքը մի բարեբախտ դիպվածով կարողացել էր երևան հանել գաղտնիքը, երբ խաբեբան արդեն այստեղից հեռացել էր: Ես անմիջապես մարդիկ ուղարկեցի նրան կալանավորելու, բայց իմ մարդիկ դժբախտաբար նրա հետքը կորցրել էին»:
Նամակը ուղղված էր Վանի նահանգապետ փաշային և ստորագրած էր միևնույն քուրդ Շարիֆ-բեկի անունով, որին մենք տեսանք սուրբ Տիրամոր վանքի տաճարում, ուր եկած էր նա իր բաժին գանձանակադրամը ստանալու: Բեկի ստորագրության ներքև դրոշմված էին Կարապետ հայր սուրբի, տեր Թոդիկի և իմ քեռի Պետրոսի կնիքները այսպիսի մակագրությամբ.
«Մենք հաստատ գիտենք և վկայում ենք, որ բոլորը, ինչ որ գրել է բեկը, ճշմարիտ է և ուղիղ»:
– Մեկը վարդապետ, մյուսը քահանա, իսկ երրորդը ժողովրդի ներկայացուցիչ, իրավ, լա՜վ զույգեր են… – ասաց Ասլանը ծիծաղելով և նամակը մի կողմ դնելով:
Հետո նա դարձավ դեպի տիկինը այս խոսքերով.
– Դու ինձ ասում ես, նազելի տիկին, թե ինչո՞ւ եմ ես թափառում վանքերում: Ախար ես աշխատում եմ, եթե նրանցից մի բարիք գտնել չեմ կարող, գոնե նրանց չարը մեզանից հեռացնեմ: – Տեսնո՞ւմ ես, ովքեր են մեր մատնիչները…
Կարծես տխրության մի ամպ անցավ տիկնոջ համակրական դեմքի վրա:
– Դու այդ նամակը գողացել ես, պետք է տանես դարձյալ իր տեղը դնես, – խոսքը փոխեց Ասլանը:
– Կարծեմ աստված իմ այդ գողությունը մեղք չի համարի, – ասաց տիկինը ժպտալով:
– Ես էլ կարծում եմ, որ մեղք չի համարի, բայց քո ամուսինը կասկածանքի մեջ կընկնի, երբ կտեսնե, որ նամակը իր տեղումը չէ: Դու այն ասա՛, հիշո՞ւմ ես, թե ուրիշ ի՞նչ խոսեց փաշայի քարտուղարը, երբ նամակը հանձնեց քո ամուսնուն:
– Բոլորը հիշում եմ:
– Ո՞ւմ վրա կասկած ունեին:
– Քո վրա: Իմ ամուսինը ասաց քարտուղարին. «Այդ եվրոպացի բժիշկը իմ աչքում մի բարի պտուղ չի երևում»… Իսկ քարտուղարը պատասխանեց, թե բժիշկը հայոց առաջնորդի մոտ հյուր է կանչված, փաշան նույնպես հրավիրված է, այնտեղ պետք է փորձել նրան: – Իրա՞վ դու հրավիրված ես առաջնորդի մոտ:
– Այո՛:
– Ես խորհուրդ կտայի չգնալ, փորձանքի մեջ կընկնես:
– Հենց դրա համար, որ նրանք պետք է ինձ «փորձեն», հարկավոր է գնալ:
– Իմ ամուսինը նույնպես այնտեղ կլինի: Նա շատ վտանգավոր մարդ է:
– «Աղվեսը հավանոցի մեջ առյուծ կդառնա»: – Նա վտանգավոր է, այո՛, բայց այստեղի ողորմելի հայերի համար:
– Այնուամենայնիվ, զգուշանալ պետք է:
– Դու առաջ միշտ քաջալերում էիր ինձ, տիկին, իսկ այժմ վհատեցնում ես: «Ծովը մտնողը թրջվելուց չի վախենա»: Ես այդ տեսակ փորձանքներ շատ եմ տեսել: Խրախուսեցեք, ոգի և շունչ տվեցեք մեզ, տիկին: Մարդկային հասարակության մեջ բարի գործերը ավելի հաջողությամբ կկատարվեն, երբ գործիչների թվում կմասնակցեն և կանայք: Մեսիան առաջինն եղավ, որ հասկացավ այդ կարևորությունը, և նրա մարիամները և մարթաները, քրիստոնեության սկզբում, ավելի գործ կատարեցին, քան թե պողոսները: Հինգերորդ դարու հայ կանայք վառեցին այն կրակը, որ բորբոքեց Ավարայրի դաշտի հերոսների սրտերը: Եվ այժմյան հայի կյանքում գործերը այն ժամանակ միայն շատ լավ առաջ կգնան, երբ կինը և տղամարդը կբաժանեն աշխատանքը: Դուք այն առաքինի կանանցից մեկն եք, որ պետք է օրինակ տար ձեր քույրերին: Հանգամանքները ձգեցին ձեզ բոլորովին օտար շրջանում. դուք ընկաք թշնամի բանակի մեջ: Մի ուրիշը ձեր տեղը կարող էր բոլորովին կորած լինել: Բայց դուք ապացուցեցիք, որ մարդ կարող է պիտանի լինել իր ազգին, որտեղ և լիներ նա: Մի ժամանակ հայ տիկինները զարդարում էին պարսից թագավորների և մինչև անգամ մոնղոլների խաների կանանոցները: Եվ այդ տիկինները ավելի օգուտ էին բերում իրանց հայրենիքին, քան ժամանակի թուլասիրտ հայ իշխանները: Նրանք շատ անգամ հեռացնում էին իրանց արյունարբու ամուսինների գազանային բարբարոսությունները խղճուկ Հայաստանից, կամ նրանց շնորհիվ Հայաստանը վայելում էր այս և այն իրավունքները: Դուք, տիկին, նրանցից մեկն եք:
Տիկնոջ գեղեցիկ աչքերի մեջ փայլեց ամոթխածության կրակը: Ասլանի խոսքերը բավական փաղաքշական երևացին նրան: Նա ոչինչ չպատասխանեց, բայց եղբայրը, որ բոլոր ժամանակ լուռ էր, հարցրեց.
– Ինձ շատ զարմացնում է մի բան, թե ո՞րպես Կարապետ հայր սուրբին կամ նրա համախոհներին կարող էր հայտնի լինել գաղտնիքը:
– Շատ հասարակ կերպով, – պատասխանեց Ասլանը և պատմեց անցյալ դեպքերից մեկը, որը հատկապես ինձ համար` թե՛ շատ հետաքրքրական էր և թե՛ շատ ամոթալի…
Դու հիշո՞ւմ ես, ընթերցող, տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ, այն խաղաղ խորհրդավոր գիշերը, երբ ես և գեղեցիկ Մարոն, նստած նրանց վրանի մուտքի հանդեպ, քաղցր խոսակցության մեջ էինք: Ուխտավորների ընդարձակ բանակի մեջ տիրում էր խորին լռություն: Հանկարծ հեռվից լսելի եղավ երգեցեղության մի հիանալի ձայն: «Այդ ճգնավորի ձայնն է», ասաց Մարոն: Ես «ճգնավորին» ցերեկով տեսել էի Կաթնաղբյուրի ձորում, իսկ նույն գիշերը, փոքր-ինչ առաջ, ես տեսա նրան իմ քեռի Պետրոսի վրանում, նրա և տեր Թոդիկի հետ խոսելիս: Ի՞նչ խորհուրդ ունեին, ես չգիտեմ, որովհետև ես շուտով թողի և հեռացա նրանց մոտից: Երբ Մարոն ասաց ինձ` «ճգնավորի ձայնն է», ես հետաքրքրվեցա այդ խորհրդավոր ճգնավորով, և ավելի մեծ եղավ իմ զարմանքը, երբ Մարոն հայտնեց ինձ, որ նա Ասլանն է: Հետո մենք սկսեցինք երկար խոսել ծպտյալ Ասլանի վրա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր վանքի շրջակայքում և ուխտավորների բանակի մեջ: Բայց մենք այնքան անզգույշ էինք, որ ամենևին չէինք մտածում, որ վրանի միջից երկու սուր ականջներ լսում էին մեր խոսակցությունը: Դա պառավ Խաթունն էր, որին քնած էինք կարծում: Դու հիշո՞ւմ ես, ընթերցող, այն սոսկալի սպառնալիքները, որ զայրացած Մարոն կարդում էր իմ քեռի Պետրոսի, տեր Թոդիկի և նրանց համախոհների մասին: Դու և այն մոռացած չես լինի, որ հետո ես և Մարոն գիշերով գնացինք ծպտյալ ճգնավորի` Ասլանի մոտ, գտանք նրան ծովեզերքում մի այրի մեջ և մինչև առավոտ մնացինք այնտեղ: Այդ բոլորը լցնում են պառավ Խաթունի միամիտ գլուխը զանազան կասկածներով, որը, առանց դրանց ևս, իմ և Մարոյի հարաբերությունների վրա միշտ ծուռն աչքով էր նայում: Խաթունը մոլեռանդ է, դա այն հավատավոր կանանցից մեկն է, որ կարծում են թե ամեն բան պետք է ասել տերտերին: Իսկ այդ դեպքում, նա ավելի պատճառներ ուներ հայտնելու տեր Թոդիկին բոլորը, ինչ որ լսել էր նա մեր այն գիշերվա խոսակցությունից: Ասում եմ, պատճառներ ուներ, որովհետև Մարոյի անխոհեմ սպառնալիքները վերաբերում էին ըստ մեծի մասին տեր Թոդիկին, և հավատավոր պառավը պարտք էր համարել զգուշացնել քահանային: Տեր Թոդիկը, ինչպես հայտնի է, այն տեսակ անձինքներից է, որ «սև ջրից սեր կքաղեն», այսինքն, ամենաչնչին բանից օգուտ քաղել գիտե: Իսկ պառավը հայտնել էր նրան շատ բան: Նա թափ էր տվել պառավի միամիտ գվխից բոլորը, ինչ որ հայտնի էր որսորդի տան և նրա այցելուների մասին: Այնուհետև տեր Թոդիկը, ոչ այնքան անձնապաշտպանության զգացմունքից դրդված, որքան վրեժխնդրության ախտով կատաղած, վճռում է պատժել Ասլանին, մանավանդ, որ Ասլանի և նրա ընկերների գործունեությունը ամենևին համակրելի չէր թե՛ տեր հորը և թե՛ նրա համախոհներին: Նա անմիջապես հայտնում է իմ քեռի Պետրոսին և Կարապետ հայր սուրբին իր ստացած տեղեկությունները, հետո իմացում են տալիս Շարիֆ-բեկին, որ այդ ժամանակ գտնվում էր Ս. Տիրամոր վանքում, և չորսը միասին գրում են նահանգապետ փաշային այն նամակը, որ քանի րոպե առաջ Ասլանը կարդաց մեզ:
– Հիմա հասկացա՞ք, թե որտեղից Կարապետ հայր սուրբին և նրա համախոհներին կարող էր հայտնի լինել գաղտնիքը, – հարցրեց Ասլանը, երբ վերջացրեց իր պատմությունը:
Ես հալվեցա ամոթից: Գլխավորապես իմ և Մարոյի հիմարությունիցն էր առաջ եկել այդ բոլորը: Իսկապես մենք էինք մեր անզգուշությամբ մատնել Ասլանին: Նա նկատեց իմ շփոթությունը և դառնալով դեպի ինձ` ասաց.
– Դու ուրախ կաց, բոլորը կանցնի…
Բայց տիկնոջը ավելի հետաքրքրում էր այն, թե ո՞րտեղից և ի՞նչ եղանակով հասել էին Ասլանին այդ տեղեկությունները:
– Ես մի օր առաջ նամակ ստացա, – ասաց Ասլանը:
Ես իսկույն հիշեցի պառավ Սուսանի մի օր առաջ հայտնվիլը Այգեստանի փողոցներում և Հյուբբիի կախարդական գավազանի մեջ թաքցրած խորհրդավոր թուղթը:
– Ուրեմն դու ինձանից առաջ գիտեիր, որ մատնված ես, – ասաց տիկինը, – ուրեմն ես մի մեծ ծառայություն չարեցի քեզ, ցույց տալով փաշայի ստացած նամակը:
– Դու ինձ շատ պարտավորեցրիր, – պատասխանեց Ասլանը:
Տիկինը ժպտաց:
– Բայց ինձ զարմացնում է, – հարցրեց նա, – թե ի՞նչպես կարող էին քո նամակագրին հայտնի լինել այդ բոլոր մանրամասնությունները, որպես պատմեցիր, – թե՛ Ֆարհատի և Մարոյի գիշերային խոսակցությունը իրանց վրանի հանդեպ, թե՛ Խաթունի լսելը և նրա խոստովանությունը տեր Թոդիկին, թե՛ այդ քահանայի և նրա համախոհների արած մատնությունը քուրդ բեկին, և այլն:
– Այդ բոլորը հայտնել էր իմ նամակագրին Մարոն, – պատասխանեց Ասլանը: – Երբ տեր Թոդիկը իր մոտ խորհուրդ է կազմում` Կարապետ հայր սուրբի, տանուտեր Պետրոսի և քուրդ բեկի հետ, նրանց բոլոր խոսակցությունը լսում է քահանայի դուստրը, Սոնան, որը մի պատվական աղջիկ է: Նա շտապում է և շուտով իմացում է տալիս Մարոյին, իսկ Մարոն` իմ թղթակցին: – Տեսնո՞ւմ ես, տիկին, դարձյալ կանայք են շինում բանը:
– Իսկ պառավ Խաթունի խոստովանությունը քահանայի՞ն:
– Նա ինքն է պատմում Մարոյին, երբ Մարոն հարցնում է նրանից: Ինձ գրել էին, թե խեղճ պառավը միշտ լաց է լինում, որ իր խոստովանությունը այդպիսի վատ հետևանք ունեցավ:
– Մարո՜ և Սոնա, – կրկնեց տիկինը մի առանձին ոգևորությամբ, – երկու նորընծա օրիորդներ, որ պատրաստվում են ծառայել բարի գործին: Ա՜խ, որքան ցանկանում եմ գոնե մի անգամ տեսնել նրանց:
– Երկուսն էլ շատ սիրուն և հարուստ ձիրքերով աղջիկներ են, – ասաց Ասլանը: – ժամանակով նրանցից լավ բան կդուրս գա…
Ա՜խ, ո՛րքան քաղցր էր ինձ լսել այսպիսի գովասանքներ թե՛ Մարոյի և թե՛ Սոնայի մասին, երկուսն էլ անմոռանալի հիշատակներով կապված էին իմ սրտի հետ…
Խոսակցությունը կրկին դարձավ մատնության վրա: Տիկինը հարցրեց.
– Ես զարմանում եմ, թե ինչի՞ց են հառաջ գալիս այդ մատնությունները:
Տեր հայրը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր, պատասխանեց.
– Եթե դու կարդացած լինեիր մեր ազգի պատմությունը, չէիր զարմանա, սիրելի քույր: Տխո՜ւր է մեր անցյալը, և մեր ներկա կյանքը անցյալի շարունակությունն է: Ես շատ տեղեր եմ ման եկել, շատ երկրներ եմ տեսել, բայց ոչ մի ազգ չեմ տեսել, որ հայի նման լինի: Մի ազգ, որի հետ կարելի է համեմատել հային են հրեաները: Բայց հրեան ևս շատ բաների մեջ բարձր է հայից: Մի ժողովրդի ճնշված, ստրկացած, հալածված գրությունը ավելի սեղմում է նրանց և ավելի ամրապնդում է նրանց մեջ միության կապերը: Եվ հրեաները այդ միությունը ունեն, բայց հայերը չունեն: Ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ, թե ինչո՞ւ նույն շարժառիթները, այսինքն հալածանքը և ճնշումն, հառաջ չեն բերել հայերի մեջ այն միությունը, որ կա հրեաների մեջ, քանի որ այդ երկու ազգերի դրությունը շատ նման է միմյանց: Տեսնում ես, Աղվանիստանի, Բելուջիստանի կամ Բուխարայի խորքերում մի քանի տուն հրեաներ, նրանք դարերով ապրում են այնտեղ և օր ըստ օրե աճում են, բազմանում են, որովհետև շատ սերտ կերպով միացած են միմյանց հետ: Բայց հայ գաղթականները, մինը մյուսին ոչնչացնելով, վերջապես սպառվում են: Որտեղ երկու տուն հայեր կան, նրանց մեջ չորս կուսակցություն կա: Անմիաբանությունը վաղեմի ժամանակներից մեր ազգի կյանքի մեջ այն ուտող, մաշող ցեցն է եղել, որ ժառանգաբար անցել է մեզ, և որ սպառել է ազգային մարմինը: Մեր պատմության մեջ կարող եք տեսնել հազարավոր օրինակներ, մանավանդ այն դարերում, երբ պարսիկները, հույները, արաբացիները, սելջուկները և մոնգոլական զանազան ցեղեր կրակով և արյունով ոչնչացնում էին Հայաստանը: Նրանց առաջնորդները միշտ եղել են իրանք հայերը, և միշտ հայերից միացած են եղել թշնամու հետ: Այժմ հասկացա՞ր, սիրելի քույր, թե ինչի՞ց են հառաջ գալիս այս մատնությունները, որ քեզ այսպես խռովեցնում են:
– Բայց մի՞թե օտարի լուծը ավելի քաղցր է, – հարցրեց տիկինը վշտացած ձայնով:
– Այո՛, հայը սիրում է օտարի լուծը: Մեր պապերը չէի՞ն, որ դիմեցին պարսից Վռամ արքային և նրանից խնդրում էին, որ հայ թագավորը վեր առնե և նրա տեղը պարսից մարզպան դնե, և այսպիսով կործանեցին Արշակունյաց հզոր պետությունը: Դարձյալ մեր պապերը չէի՞ն, որ Անիի բանալիները ուղարկեցին հունաց կայսրին և իրանց ձեռքով Բագրատունյաց թագավորության հիմքը փորեցին: Եվ մեր Վասպուրականը, որ մի ժամանակ հայոց առանձին թագավորություն էր, Արծրունի Սենեքերիմ թագավորն իր հաճությամբ հանձնեց հույներին և Սեբաստիայում սկսեց խաղաղ կյանք վարել: Եվ այդ բոլորը գործողը ո՞վքեր էին, ժողովրդի իշխանները և նրա հոգևոր գլուխը` կաթողիկոսը: Այժմ շատ զարմանալի չէ, որ մի անպիտան վարդապետ և մի քանի շահամոլ իշխաններ դավ են դնում մի քանի երիտասարդների դեմ, որոնց նպատակը շատ բարի է և համեստ, որոնք, բացի ժողովրդի հանգստությունը, ուրիշ բանի չեն ձգտում:
– Բոլորովին ուղիղ է, – պատասխանեց տիկինը, – ես մեր պատմությունը չեմ կարդացել, բայց իմ աչքով տեսել եմ, թե ինչպես շատ անգամ հայերն իրանք եկել են իմ ամուսնու մոտ և միմյանց վրա մատնություններ են արել: Շատ անգամ նույնը նկատել եմ և փաշայի տան մեջ: Թուրքերի մեջ արդեն առած է դարձել ասել` թե «գավուրների գլուխները չեն միանա», որ կնշանակե, թե հայերի մեջ միաբանության չէ կարող կազմվել: Ցավալի է մի այսպիսի կարծիքը, և ավելի ցավալի է, որ նա ուղիղ է…
Տեր հայրը մի առանձին ուշադրությամբ լսում էր քրոջ խոսքերը և կարծես ուրախանում էր նրա դատողությունների վրա:
– Ես շատ հետաքրքիր եմ եղել ուսումնասիրել մեր ժողովրդի բնավորությունը, – ասաց նա, – բայց մինչև այսօր շատ բաներ մնացել են ինձ անհասկանալի: Օրինակ, հայը ոխերիմ է, մատնիչ է, վրեժխնդիր է այն անարգանքի դեմ, որ նա կրում է մի այլ հայից: Բայց եթե նույն անարգանքը նա ստանում է տաճիկից, քուրդից, մի խոսքով` օտարից, նա ամենայն խոնարհությամբ համբերում է: Դա, իմ կարծիքով, հառաջ չէ՛ գալիս այն հանգամանքներից, թե հայը տաճկի և քուրդի առջև թույլ է և չէ կարող նրանցից պատիվ պահանջել: Այլ ավելի հառաջ է գալիս այն օտարամոլ նախապաշարմունքից, որ հայը տաճկի և քուրդի մեջ մի առանձին իրավունք է ճանաչում` իր հետ ամեն կերպ վարվելու: Եվ այսպես, ոչ միայն պատվի զգացմունքը, այլ հայի բոլոր պահանջումները` օտարի և իր ազզակցի վերաբերությամբ` միատեսակ չեն:
Տեր հոր խոսելու միջոցին ես նկատեցի նրա քրոջ երեսի վրա խիստ տխուր արտահայտություններ:
– Ես կբերեմ մի ուրիշ օրինակ, – հառաջ տարավ նա, – հայ ծառայողը իր պարտավորությանց մեջ խարդախ է, երբ նա հայի մոտ է ծառայում: Բայց երբ նա ծառայում է թուրքի մոտ, իր պաշտոնը կատարում է ամենայն հավատարմությամբ: Նա հավատարիմ է մնում ոչ միայն արդար աշխատությունների մեջ, այլ որքան ցած, որքան խղճի և ազնվության ընդդեմ ևս լինեին իր տիրոջ պահանջները, բոլորը նա ճշտությամբ կատարում է: Կ. Պոլսի համարյա բոլոր նշանավոր մահմեդական տների սպասավորները հայեր են. նրանք մինչև անգամ խառն են լինում հարեմական գաղտնիքների մեջ, և խաթունների հավատարիմ խորհրդապահներն են դառնում: Փաշաների գանձապետները հայեր են, և նրանց կաշառակերության խիստ վարպետ հայթայթողներն են լինում: Թողնենք մասնավորը, անցնենք ընդհանուրին. մի գյուղ, որ բնակեցրած է ամբողջապես հայերով, ավելի բարձր գին ունի, քան թե նույն տարածությամբ և նույն բազմամարդությամբ մի ուրիշ գյուղ, որ մահմեդականներով էր բնակեցրած: Ինչո՞ւ: Որովհետև հայը հլու և արդյունավոր հպատակ է: Նա հլու է, երբ տերն օտարազգի է, բայց ես գիտեմ գյուղացիներ, որ վատ են վարվում իրանց տիրոջ հետ, որովհետև նա հայ էր: Դա ինչի՞ց է:
Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, պատասխանեց.
– Պատճառը շատ պարզ է: Մեր ներկան, դուք ինքներդ ասացիք, որ մեր անցյալի շարունակությունն է: Այդ տխուր երևույթների պատճառները պետք է որոնենք մեր տխուր պատմության մեջ…
Համարյա առավոտյան լուսաբացի մոտ էր, երբ մենք դուրս եկանք տեր հոր տնից և գնացինք մեր բնակարանը, վարպետ Փանոսի տունը: Դուրս գալու միջոցին Ասլանը խորին շնորհակալությամբ բռնեց տիկնոջ ձեռքը և ասաց.
– Մենք, հույս ունեմ, դարձյալ կտեսնվենք:
– Անպատճառ, – ասաց տիկինը:
– Ո՞րտեղ:
– Ես կգամ քեզ մոտ:
– Դա անհարմար չէ՞ր լինի:
– Ամենևին: