Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 17
– Այդ ո՞ւմ քարավաննն է, – հարցրեց փաշան:
– Չգիտեմ, – պատասխանեց Ասլանը:
– Թոխմախ-Արթինի քարավանն է, – մեջ մտավ ոստիկանապետը:
– Հա, Թոխմախ-Արթինը շատ քաջ մարդ է, նրա քարավանը ամենաապահովն է ճանապարհորդության համար: Բայց չգիտեմ, պարոն բժշկապետ, դուք չէի՞ք ձանձրանա քարավանի հետ գնալով, որովհետև քարավանը սաստիկ դանդաղ է գնում, – հարցրեց փաշան:
– Այդ իրավ է – պատասխանեց Ասլանը, – բայց որքան էլ ցանկանայի, չէի կարող շտապով անցնել, որովհետև ինձ հետ տանում եմ բավական ծանրություններ, որոնք մի քանի բեռներ կլինեն, իմ շարժական դեղարանը, իմ գործիքները և այն բոլոր հնությունները, որ հավաքել եմ: Բացի դրանցից, ինձ հարկավոր է մի քանի նշանավոր տեղեր հետազոտել. քարավանի դանդաղ ընթացքը կնպաստեր ինձ` ցանկացած ժամանակ շեղվել ճանապարհից` այդ տեղերը տեսնելու համար:
– Միայն, երբ քարավանից բաժանվելու լինեք, անպատճառ հարկավոր է, որ ձեզ հետ ձիավորներ վերառնեք, – խորհուրդ տվեց առաջորդը:
– Այդ ես գիտեմ, սրբազան հայր, ես բավական փորձված եմ ասիական ճանապարհորդությունների մեջ: Թեև այս կողմերում չեմ եղել, բայց Միջին Ասիայում շատ եմ թափառել:
Վերջապես ընթրիքը տվեցին: Գորգերի վրա տարածվեցավ սեղանի գունավոր սփռոցը, և կերակուրները, որքան պատրաստված էին, պղնձյա բոլորակ սինիների վրա դասավորած, միանգամից ներս բերվեցան: Նրանք բազմատեսակ էին: Բազմատեսակ էին և քաղցր շերբեթները, զանազան համեմներով և զանազան գույներով: Ոգելից ըմպելիքները, գինի, արաղ, դրվեցան միայն առաջնորդի, Ասլանի և երեք հայ երևելիների մոտ: Մյուսները շերբեթ էին խմում: Չինեական գեղեցիկ ամանները մի առանձին ախորժակ էին բաց անում: Նախկին վիճաբանությունները դադարեցան, որովհետև այստեղ, ինչպես առհասարակ արևելքում, սեղանի վրա շատ չեն խոսում: Տիրում էր կատարյալ լռություն, որովհետև դանակ և պատառաքաղ չկար, որ աղմուկ բարձրացներ: Ամենքը մատներով էին ուտում: Խոսում էր միայն առաջնորդը: Նա գովում էր իր խոհարարին, թե նա Պոլսում այսինչ և այնինչ նշանավոր փաշաների տներումն է ծառայել և հազիվ թե ամբողջ Վանի մեջ նրա հատը կգտնվի: Վերջին խոսքը բավական վիրավորական լինելով փաշայի հարուստ խոհանոցի պատվին, նա էլ սկսեց գովաբանել իր խոհարարին, մի զարմանալի օրինակ բերելով նրա արհեստից, թե նա հավը այնպես է պատրաստում, որ բոլոր ոսկորտիքը միջից դուրս է հանում, իսկ հավը դարձյալ մնում է ամբողջ: Գուցե այդ վիճաբանությունը երկուսի մեջ երկար տևեր, եթե Սիմոն պատվելին իր երգեցիկ խումբի հետ ներս չմտներ: Նա այս գիշեր բավական զարդարված էր: Իր սովորության հակառակ, նա հագած ուներ մի բոլորովին նոր լվացված շապիկ: Սիմոն պատվելիի այդ նշանավոր շապկի պատմությունը ինձ համար ավելի հետաքրքրական լինելով, ես թողնում եմ առաջնորդի ճոխ սեղանի նկարագրությունը: Պետք չէ մոռանալ, որ պատվելին ուներ մի հատ շապիկ միայն և այդ լվացվում էր տարվա ընթացքում մի կամ երկու անգամ, այն ևս մեծ տոների ժամանակ, թեև լվացքը նրան ոչինչ չարժեր, որովհետև տալիս էր իր աշակերտներից մեկին, և նա իր մորը լվանալ էր տալիս: Բայց Սիմոն պատվելիի կարծիքով, երբ շապիկը հաճախ էր լվացվում, նա խիստ շուտով էր մաշվում: Արդյոք ա՞յդ էր, որ նրան առիթ էր տվել զանց առնել մաքրության գլխավոր պայմանը, թե նա առհասարակ մաքրասեր չէր, այդ դժվար է լուծել: Միայն նրա տնտեսագիտությունը այդ կետից պետք էր սխալ համարել. իրավ է, շապիկը հաճախ լվացվելով շուտով է մաշում, բայց, կեղտի մեջ մնալով, բոլորովին փտում է: Այդ էր պատճառը, որ Սիմոն պատվելիի շապիկը լվացվելուց հետո միշտ կարոտ էր կարկատանների: Երբ մոտենում էր մեծ տոնը, երբ անբախտ շապիկը տարվում էր աշակերտի մոր տունը, մինչև նրա վերադարձը, որ երբեմն երկար էր տևում, Սիմոն պատվելին իր կուրծքը սովորաբար ծածկում էր քթի գունավոր թաշկինակով, որի ճոթերը կապած էին լինում վզի ետևից, ծոծրակի վրա: Այդ տեսնում էին աշակերտները, տեսնում էին և աշակերտների ծնողները: Գուցե դրանից ծագեց այն հանգամանքը, որ Սիմոն պատվելիի շապկի լվացումը դպրոցի ժամանակագրության մեջ մի առանձին տեղ էր բռնում: Նրա աշակերտների լեզվում կազմվել էր մի այդպիսի սրախոսություն` ամեն մի վաղաժամանակյա դեպքի մասին ասել. «Այդ անցքը շատ հին է և այնքան հին, որ Սիմոն պատվելին իր շապիկը դեռ նոր էր լվանալ տվել»: Այժմ, կարծեմ, հասկանալի է, թե Սիմոն պատվելին որքան մեծ հարգանք ուներ դեպի առաջնորդի դահլիճը, որ ներկայացել էր այնտեղ լվացված շապիկով: Երեսը խնամքով ածիլած էր և երևի շտապելուց մի քանի տեղ ածելին կտրել էր: Կտրած տեղերի վրա բամբակ էր կպցրած: Սիմոն պատվելիի ածիլվելը նույնպես մի նորություն էր: Նա մորուք չէր սիրում, բայց և երեսը խիստ հազիվ անգամ էր ածիլում: Այդ էր պատճառը, որ ածիլվելուց հետո նրա դեմքը ստանում էր երկու գույն` մազերից ազատ տեղերը` մուգ-աղյուսագույն, իսկ մազերով պատած տեղերը` բաց-աղյուսագույն: Նայելով օրվա ժամանակին, եղանակին, նայելով թե նա խմած էր, թե զգաստ էր, Սիմոն պատվելիի դեմքը, հնդկահավի դեմքի նման, զանազան գույներ էր ստանում: Այս երեկո լերդագույն էր, որովհետև Այգեստանի փողոցում արաղի կաթսայի հետ խիստ մտերմական հարաբերություններ էր ունեցել: Իր հանրածանոթ մուգ-դեղնագույն սերթուկի փոխարեն հագած ուներ կինամոնի գույնով մի կարճ պալտո, որի վրա փաթաթել էր շալե հաստ գոտին: Ֆեսը նույնպես նոր էր, և փունջի ծայրը երևում էր գլխի փաթեթի տակից: Անփոփոխ մնացել էր միայն նրա երևելի վարտիքը, որը իր սովորական տեղից, այսինքն սրունքներից` մի թիզ բարձրության վրա էր կանգնած: Ոտքի թաթերից սկսած մինչև վարտիքի ծայրը, այդ ընդարձակ տարածությունը, մնացել էր մերկ, որովհետև Սիմոն պատվելին սովորություն չուներ ամառը գուլպա հագնելու: Մերկ սրունքները երևում էին: Բայց կեղտը այնպիսի թանձր խավ էր դրել նրանց վրա, որ այդքանն էլ բավական էր իբրև ծածկոց ծառայելու:
Ահա այդ գարշելի մարդն էր, որ հանդիսավոր կերպով ներս մտավ, լուռ գլուխ տվեց, կանգնեց պատի մոտ: Նրա աջ և ձախ կողմերում շարվեցավ երգեցիկ խումբը: Նայելով այդ անմեղ արարածների վրա, իմ սիրտը դողում էր: Ո՜րպիսի ճիվաղի ձեռքում էր հանձնված նրանց դաստիարակությունը… Տիրացուների նման նրանք հագած ունեին ժամի շապիկներ, և յուրաքանչյուրը ձեռքում բռնած ուներ փոքրիկ, կոթավոր զանգակներ, որ հայոց եկեղեցիներում, երգեցողության ժամանակ, ածում են երկաթյա ձողերով, և գործադրվում է իբրև նվագարան:
Փաշան բարեհաճեց հարցնել պատվելիի առողջությունը և, դառնալով դեպի Ասլանը, ասաց.
– Դա մեր հայոց դպրոցի վարժապետն է, իմ առանձին խնամակալության ներքո եմ ընդունել նրա դպրոցը:
Առաջնորդը ավելացրեց.
– Շատ իմաստուն մարդ է:
– Ճանաչում եմ, – ասաց Ասլանը սառն կերպով:
Սիմոն պատվելին, ոգևորված իր երկու մեծ բարերարների գովասանքներից, նշան տվեց, աշակերտները միաձայն եղանակեցին առաջնորդի սիրելի երգը.
Կա՜հ-կա՜հ կկանչե` կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե` բուլբուլն վըր թփին…
Ընթրիքի բոլոր ժամանակը, որ տևեց բավական երկար, խեղճ աշակերտները, ոտքի վրա կանգնած, անլռելի ձայնով երգում էին: Նրանք սպառեցին հայոց հին տաղարաններից քաղած բոլոր հայտնի երգերը և մի քանիսը նորից կրկնեցին:
Ընթրիքից հետո, երբ մատուցին վերջին սուրճը և վերջին նարգիլեն, Ասլանը, ներողություն խնդրելով, հայտնեց` որովհետև առավոտյան ճանապարհի պատրաստություններ պիտի տեսնե, այդ պատճառով չէ կարող երկար մնալ և ինձ հրամայեց, որ ասեմ ծառաներին` մեր ձիաները պատրաստեն:
Հետո, կանգնելով, նա բռնեց նախ առաջնորդի ձեռքը և ապա փաշայի ձեռքը, հայտնեց իր խորին շնորհակալությունը նրանց հյուրասիրության մասին, ավելացնելով, թե կտանե իր հետ անմոռաց հիշատակներ այն բոլոր շնորհների համար, որ ցույց տվին նրան, նպաստելով և դյուրացնելով իր հետազոտությունները և խոստացավ, որ գուցե մի օր ինքը առիթ կունենա իր երախտագիտության զգացմունքները գործով արտահայտելու, և այլն:
– Մենք ոչինչ չենք արել, պարոն բժշկապետ, – պատասխանեցին փաշան և առաջնորդը միաձայն, – ինչ որ արել ենք, այդ մեր պարտքն էր:
Ուրիշ զանազան ողջագուրանքներից հետո նա կրկին և կրկին անգամ սեղմեց սրբազանի ու փաշայի ձեռքը, հեռվից գլուխ տվեց ոստիկանության պետին, քուրդ բեկին և հայոց երեք երևելիներին և մնաք բարյավ ասելով, դուրս եկավ դահլիճից: Մինչև սանդուղքները փաշան և սրբազանը եկան նրա հետ: Այստեղ փաշան հայտնեց իր սրտի ցավը, որ այդպես շուտ զրկվեցավ իր թանկագին հյուրից, որի այցելությունը այնքան մեծ բավականություն պատճառեց իրան, և խոստացավ, որ առավոտյան ճանապարհի համար ամեն ինչ պատրաստ կլինի:
Այդ բոլոր ցույցերից հետո ես այլևս տարակույս չունեի, որ նրանց կասկածները Ասլանի վերաբերությամբ բոլորովին փարատվեցան, և նրանք հեռու էին այն մտքից, թե դոքտոր Ռիսմանի դիմակի ներքո թաքնված էր Ս. Տիրամոր վանքի լեռնային ճգնավորը:
Երբ դուրս եկանք առաջնորդարանից, փողոցում նորից լսելի եղավ սիրված երգը.
Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ…
– Երևի, նրանք կշարունակեն դեռևս նստել, – հարցրի ես:
– Նրանք ամբողջ գիշեր կլուսացնեն, – պատասխանեց Ասլանը:
ԺԹ
ՆՎԵՐ
Հետևյալ օրը, առավոտյան, ամեն ինչ պատրաստ էր: Մնում էր միայն փաշայի խոստացած թղթերը ստանալ և ճանապարհ ընկնել: Ասլանը կապկապում էր իր չեմոդանը:
– Մի՞թե այդքան կարևորություն ունեն այդ թղթերը, որ արժեր նրանց սպասել, – հարցրի ես:
– Մի առանձին կարևորություն չունեն, – պատասխանեց նա, – փաշայի երկչոտ զափթիաները չեն կարող մեզ ավազակներից ազատել, բայց մի ուրիշ կողմից մենք պետք ունենք այդ թղթերի մեջ…
Ես հասկացա Ասլանի միտքը. ես գիշերը առաջնորդարանում արդեն ականատես էի եղած, թե ինչ ազդեցություն ունեցան Արզրումի փաշայի թղթերը ամեն կասկածները փարատելու համար:
Կեսօրին մոտ էր, երբ հայտնվեցավ փաշայի քարտուղարը: Դա միևնույն երիտասարդն էր, որ մեզ առաջնորդում էր քաղաքի հնությունները հետազոտելու: Նա բերել էր իր հետ ոչ միայն փաշայի խոստացած թղթերը, այլև մի թանկագին նվեր նրանից: Դա մի գեղեցիկ արաբական նժույգ էր իր բոլոր փառավոր ասպազենքով. գլուխը և պարանոցը զարդարած էր մետաքսյա սև փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ. թամբի ծածկոցը պատրաստած էր վագրի մորթից, որի եզերքը զարդարած էր ոսկեթել ծոպերով. երկու սևամորթ ստրուկներ, կարմիր մահուդի զգեստներով և գույնզգույն չալմաներով, աջ և ձախ կողմից բռնել էին աշխույժ նժույգի սանձը, որը, կարծես, ինքն էլ էր զգում իր գերազանցությունը և, բակը մտնելուն պես, սկսեց խրխնջալ և մի առանձին հպարտությամբ առջևի սմբակները դոփել գետնին:
Ասլանը, հասկանալով բանի էությունը, սանդուղքներից ցած իջավ, դիմավորեց թե քարտուղարին և թե նորին վսեմության ուղարկած նժույգին: Քարտուղարը, սեղմելով Ասլանի ձեռքը, ասաց ճառական եղանակով.
– Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, պարոն բժշկապետ, որ ինձ վիճակվեցավ թարգման լինել իմ տիրոջ` նորին վսեմության փաշայի` առ ձեզ ունեցած հարգանքի և սիրալիր զգացմունքների: Իմ տերը, բարեմաղթելով ձեզ բարի ճանապարհ և անդորրություն, իրան շատ երջանիկ կհամարե, եթե դուք կհարգեք նրան, ընդունելով այդ նվերը, որ նորին վսեմության ախոռատան ընտրյալներիցն է:
Ասլանը նույնպիսի փքած խոսքերով հայտնեց իր շնորհակալությունը և, բռնելով քարտուղարի ձեռքից, սանդուղքներով տարավ վերև, իր սենյակը: Երբ նստեցին, քարտուղարը ծոցից հանեց թղթերը և, առանձին-առանձին տալով Ասլանին, ասաց.
– Այդ ձեր անցագիրն է, որ մենք ևս վավերացրինք, այդ նորին վսեմության փաշայի նամակն է Մուշի գայմագամին գրած, այդ մի բաց հրաման է, որ ամեն տեղ կառավարության պաշտոնակալները մատուցանեն ձեզ պարտ ու պատշաճ ընդունելություն և ցույց տան ձեզ ամեն տեսակ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը դյուրացնելու:
– Շնորհակալ եմ, – ասաց Ասլանը, ընդունելով թղթերը: – Նորին վսեմությունը չափազանց ողորմած է գտնվել դեպի ինձ:
Իսկույն սուրճ և նարգիլե ներս բերեցին: Քարտուղարը անլռելի կերպով խոսում էր, արդյոք գո՞հ մնաց պարոն բժշկապետը իր այցելություններից Վան քաղաքում, արդյոք նա ի՞նչ տպավորություններ կտանե իր հետ, հետո հայտնեց իր խորին փափագը, թե որքան կցանկանար գոնե մի անգամ Եվրոպայում լինել, տեսնել ֆրանկների երկիրը, ասում են, այնտեղ կանայք բաց երեսներով են ման գալիս, ազատ, համարձակ ամենի հետ խոսում են, գիշերները հավաքվում են, տղամարդիկ և աղջիկները միասին պար են գալիս և այլն, այդ բոլորը այնքան հրապուրում էր երիտասարդ քարտուղարին, որ նա բոլորովին մոռացավ, թե մեզանից ժամանակ է խլում, թե մենք ճանապարհորդ ենք:
Նրա շատախոսությանը վերջ տվեց Ասլանը, դնելով նրա առջև հարյուր ոսկի, փաթաթած թղթի մեջ:
– Թեև ձեր ծառայությունը ավելի մեծ գնահատության արժանի է, – ասաց նա, – բայց կխնդրեմ, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը իմ կողմից:
– Խնայեցեք ինձ, պարոն բժշկապետ, – ասաց քարտուղարը հրաժարվելով, – դուք այդ երկրորդ անգամն է, որ ինձ ամաչեցնում եք. ես հավիտյան չեմ մոռանա այն գեղեցիկ ժամացույցը, որ դուք ընծայեցիք ինձ բերդի հնությունները տեսնելու ժամանակ. ամբողջ քաղաքում իրանմանը չկա, ամեն մարդ, ով որ տեսնում է, հիանում է:
Քարտուղարը, հազար ու մեկ շողոքորթություններից հետո, վերջապես ընդունեց ոսկիները և, զգալով, որ երկար նստեց, վեր կացավ և, բարի ճանապարհ մաղթելով, դուրս եկավ սենյակից: Ասլանը նրան տարավ մինչև բակի դուռը: Այստեղ կանգնած էին երկու սևամորթ ստրուկները, որոնք փաշայի ախոռատան ծառաներիցն էին: Նրանք ևս ստացան Ասլանից մի-մի ոսկի և, մինչև գետին խոնարհվելով, մի քանի անգամ գլուխ տվին:
Ինձ այնքան չէր զարմացնում փաշայի գեղեցիկ նվերը, որքան այն միտքը, թե ո՞րտեղից և ի՞նչ գումարից Ասլանը առատորեն շաղ էր տալիս այդ ոսկիները: Երբ վերադարձանք մեր սենյակը, ես նրան հեգնորեն նկատեցի:
– Փաշայի ընծան շատ էժան չնստեց:
– Ընդհակառակն, բավական էժան նստեց, – պատասխանեց նա ծիծաղելով:
Հետո նա բացատրեց, թե արևելքում ընծաները, լինեին նրանք սուլթանից, շահից կամ նրանց բարձր պաշտոնակալներից, մի տեսակ արդյունքի աղբյուրներ են: Օրինակ, թագավորը սովորաբար տարին մի անգամ խալաթներ է ուղարկում իր նահանգապետներին կամ զանազան նշանավոր աստիճանավորներին: Այդ խալաթները լինում են` կա՛մ մի վերարկու, կա՛մ մուշտակ, կա՛մ թանկագին շալեր և կա՛մ այլ հագուստներ: Նրանք ավելի բարձր նշանակություն ունեն, երբ առնված են արքայական անձից, այսինքն` երբ թագավորը նրանց մի անգամ հագել էր: Խալաթները բերում են թագավորի արքունիքի սպասավորները, ըստ մեծի մասին նրա սենեկապետները: Նահանգապետը իր բոլոր աստիճանավորներով և քաղաքացիների խառն բազմությամբ ընդառաջ է գնում ընդունելու արքայական ընծան: Եվ որովհետև այդ տեսակ ընծաներ ստացվում են համարյա ամեն տարի, այդ պատճառով նահանգական մեծ քաղաքների մոտ, մի քանի մղոն հեռավորությամբ, դեպի մայրաքաղաքը տանող ճանապարհի վրա, շինված են առանձին պալատներ, որ կոչվում են խալաթ-փուշան, որ նշանակում է խալաթ հագնելու տեղ: Այդ պալատների մեջն է կատարվում ընդունելության մեծ հանդեսը. բոլոր բազմությունը լիանում է անուշահոտ շերբեթներով և քաղցրավենիքով: Հետո նահանգապետը հագնում է խալաթը և, բազմության առջևն ընկած, մտնում է քաղաքը: Ամեն կողմից ողջունում են նրան, ամեն կողմից օրհնում են ողորմած թագավորին: Բերողը ստանում է նահանգապետից մեծ գումար, և այգ գումարը ծանրանում է գյուղացիների վրա, որպես մի բացառիկ, արտակարգ հարկ, որ կոչվում է խալաթ-փուլի, այսինքն խալաթի փող:
– Տեսնո՞ւմ ես, – ավելացրեց նա, – թագավորը իր հին հագուստները ուղարկում է նահանգապետներին, նահանգապեաները փառք են վայելում, իսկ ծախքերը խեղճ գյուղացին է տուժում…
Հետո Ասլանը բացատրեց և այն, թե ո՛րքան նշանակություն ունեն մեծ մարդկանց հագուստները: Գանահարությունը սովորական պատիժներից մեկն է արևելքում: Երբ մի երևելի պաշտոնակալին պետք էր գանահարության ենթարկել, փոխանակ նրա անձը գանելու, տանում են նրա վերարկուն և հրապարակի վրա ծեծում են:
– Երևի, եթե այդ վերարկուն թագավորից ստացված լիներ, չէին համարձակվի այնպես վարվել նրա հետ:
– Անտարակույս: Բայց և այն պետք է ի նկատի ունենալ, որ եթե նահանգապետը մի տարի խալաթ չստացավ, նա կկորցնե իր բոլոր նշանակությունը. այդ արդեն նշան կլինի թագավորի դեպի նա ունեցած սառնությանը, և ժողովուրդը այլևս նրանից չի վախենա: Դու տեսար գիշերը այստեղի փաշային. չնայելով առաջնորդարանի սաստիկ տոթին, նա մեծ բավականությամբ հագած ուներ այն թանձր մուշտակը, որը այս տարի սուլթանից է ստացել:
Ասլանը բացատրեց ինձ, թե որքան ուրիշ շահեր ևս կապված են խալաթների բաշխման հետ: Խալաթ բերողները, ըստ մեծի մասին, լինում են արքունիքի սպասավորները և սենեկապետները: Այդ մարդիկը ամենևին ռոճիկ չեն ստանում: Բավական էր նրանց մի այսպիսի ծառայություն կատարել, մեկի համար խալաթ տանել, և նրանց մի քանի տարվա ռոճիկը կարելի էր միանգամից ստացված համարել:
– Ինչպես փաշայի քարտուղարինը, – ընդմիջեցի ես:
– Այո՛, նա ևս ռոճիկ չունի, կամ թե ունի, անպատճառ շատ չնչին բան կլինի: Նրա եկամուտները բխում են գլխավորապես այդ տեսակ հանձնարարություններ կատարելուց, երբ փաշայից մեկի համար ընծա է տանում:
Սկսյալ սուլթանի պալատից, մինչև վերջին մուդիրի գրասենյակը, ամեն տեղ նույն կարգերն են տիրում. մեծերը ընծաներ են տալիս փոքրերին և նրանցից փող են ստանում, և այսպես կաշառակերությունն աստիճանաբար վերևից իջնում է ցած: Հարցրեք այս և այն պաշտոնակալին, թե ո՞րքան ռոճիկ եք ստանում: Նա ռոճկի մասին կամաչե խոսել, որովհետև շատ չնչին է, բայց առանց ամաչելու և մինչև անգամ պարծենալով կասե ձեզ, թե տարին այդքան «եկամուտ» ունեմ: Բոլոր եկամուտները բխում են մթին աղբյուրներից և այնքան սովորական են դարձել, որ ամեն մի մեծավոր, երբ պաշտոն է հանձնում իր ստորադրյալին, նրան կամ բոլորովին ռոճիկ չէ նշանակում, կամ եթե նշանակում է` մի չնչին բան, բացարձակ ասում է նրան. «Այդքանն ինձանից կստանաս, այդքան էլ եկամուտը կունենաս»:
– Ապա ո՞ւր են գնում պետության գանձարանից դուրս եկած ռոճիկները, – հարցրի ես:
– Խոշոր պաշտոնակալների գրպանը, – պատասխանեց Ասլանը, – իսկ մանր պաշտոնակալները բավականանում են միայն «եկամուտներով»:
– Դու կարծո՞ւմ ես, փաշան այդ ձին ուղարկելով շահի նպատակ է ունեցել:
– Ես այդ չեմ կարծում: Եվրոպացիների հետ նրանք բոլորովին այլ կերպ են վարվում: Նա, այդ ձին ուղարկելով, կամեցել է կաշառել ինձ: Եթե ես նրա քարտուղարին այն ոսկիները չտայի, նա ավելի ուրախ կլիներ: Բայց ես չկամեցա նրան պարտական մնալ: Այստեղ մի տարի առաջ կար մի անգլիական գործակատար. փաշայից հաճախ ընծաներ էր ստանում, քուրդ ավազակապետները նրա կնոջ և երեխաների համար եղջերվի ձագեր և կենդանի կաքավներ էին ուղարկում, և նա քրդերի մասին շատ նպաստավոր գաղափար կազմեց, համարելով նրանց բարի և ազնիվ մարդիկ և այնպես էլ հաղորդեց իր կառավարությանը: Իսկ հայերը նրան կաքավներ չտարան և համարվեցան ագահ, ժլատ, հարստահարիչ հրեաներ:
Մեր խոսակցությունը ընդհատեց վարպետ Փանոսը, որ վերադարձավ քաղաքից: Նա տարել էր մեր բեռները հանձնելու քարավանին:
– Շնորհավորում եմ, – ասաց նա ծիծաղելով, – գեղեցիկ ընծա եք ստացել: Երևի, փաշան չէ կամեցել, որ դուք չարվադարի անշնորհք ձիով ճանապարհորդեիք:
– Փաշան այդ մասին շատ քաղաքավարի է, – պատասխանեց Ասլանը: – Ասացեք, ե՞րբ է դուրս գալիս քարավանը:
– Երեկոյան, արևը մտնելուց մի ժամ առաջ:
– Ուրեմն մենք բավական ժամանակ ունենք մի քանի բաներ կարգադրելու:
Վարպետ Փանոսը և Ասլանը առանձնացան: Ես դուրս եկա նոր ստացված ընծայի վրա հիանալու:
Ի
ՔԱՐԱՎԱՆ
Քարավանների պատմությունը միշտ իմ վրա կախարդիչ տպավորություն էր թողել. նրանց մասին լսել էի շատ և շատ հետաքրքիր զրույցներ: Այժմ դուք կարող եք երևակայել իմ ուրախությունը, որ առաջին անգամ ես բախտ ունեի ճանապարհորդել մի մեծ քարավանի հետ: Նա պետք է դուրս գար երեկոյան պահուն. ցերեկվա տոթի պատճառով որոշել էին գնալ գիշերով:
Վարպետ Փանոսը, նրա մայրը, կինը, երեխաները հավաքվել էին բակում մեզ ճանապարհ դնելու: Ծառաները, աղախինները և գործարանի աշակերտները, խումբով կանգնած, հեռվից նայում էին: Բոլորի դեմքի վրա երևում էր մի տեսակ տխրություն, կարծես Ասլանը այդ տան սիրելի անդամներից մեկը լիներ, որ գնում էր հեռու, շատ հեռու, և գուցե մյուս անգամ չէին տեսնի նրան: Նա ցած իջավ սանդուղքներից, մոտեցավ վարպետի մորը, կնոջը, սեղմեց նրանց ձեռքը, գրկեց նրա երեխաներին և, բոլորին մնաք բարով ասելով, դուրս եկանք: Փողոցում սպասում էին մեզ երկու ձիաներ` փաշայի ընծայած ձին Ասլանի համար և մի բավական լավ ձի ինձ համար, որ բերել էին քարավանից: Ասլանը համբուրվեցավ վարպետ Փանոսի հետ և կրկին անգամ սեղմեց նրա ձեռքը: Ես նկատեցի վարպետի աչքերում արտասուքի կաթիլներ: Նստեցինք ձիաները: Բակում հավաքված բազմությունը այժմ խմբված էր բակի դռանը:
– Մնաք բարյա՜վ, բարեկամներ, – ասաց Ասլանը:
– Բարի ճանապա՜րհ և հաջողությո՜ւն – ասաց վարպետ Փանոսը:
– Բարի ճանապա՜րհ, – կրկնեցին նրա մայրը, կինը և փոքրիկ երեխաները:
Մենք մեծ շնորհակալությամբ թողեցինք այն տունը, որտեղ վայելել էինք այնքան հյուրասիրություն, այնքան հարգանք և այնքան անկեղծ բարեկամական սեր:
Արևի երեկոյան ճառագայթները դեռ շողշողում էին մինարեթների բարձր կիսալուսինների վրա, դեռ մոլլան «ազան» չէր տվել, երբ քարավանը ճանապարհ ընկավ քաղաքի պարիսպների մոտ գտնված «Չայիր» կոչված մարգադաշտից, ուր բանակ էր դրել նա, մինչև կհավաքվեին բոլոր ճանապարհորդները:
Այստեղ մենք վերջին անգամ հանդիպեցինք մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսին, որ, մի կողմում կանգնած, խոսում էր քարավանի պետի հետ: Տեսնելով մեզ, նա մոտեցավ:
– Բարո՜վ, պարոն բժշկապետ, դուք արդեն գնո՞ւմ եք, – հարցրեց նա, ձեռք տալով
– Գնում եմ, խոջա Թորոս, – պատասխանեց Ասլանը: – Դուք այստեղ ի՞նչ եք շինում:
– Վաճառականի գործը ի՞նչ կլինի. բամբակի բեռներ ունեի Բաղեշ ճանապարհ դնելու. եկա, հանձնեցի քարավանին: – Դուք Բաղեշ կհանդիպե՞ք, պարոն բժշկապետ:
– Անպատճառ:
– Իսկ Մո՞ւշ:
– Նույնպես:
– Ուրեմն, եթե չեք մերժի իմ փոքրիկ ծառայությունը, ես կտամ ձեզ երկու հանձնարարական նամակներ, մեկը Բաղեղ, մյուսը Մուշ, այդ քաղաքներում ես երկու լավ բարեկամներ ունեմ, նրանք կարող են պիտանի լինել ձեզ: Դուք, կարծեմ, հետաքրքրվո՞ւմ եք հնություններով, պարոն բժշկապետ:
– Այո՛ , շնորհակալ եմ, խոջա Թորոս, – ասաց Ասլանը, ընդունելով նամակները և սեղմելով մուսուլցու ձեռքը: – Մնաք բարյավ, խոջա Թորոս:
– Հաջողությո՜ւն և բարի ճանապա՜րհ, պարոն բժշկապետ, – ասաց նա և պինդ սեղմեց Ասլանի ձեռքը:
Մենք բաժանվեցանք: Ընթերցող, դու խո չես մոռացել, թե ով էր այդ մուսուլցին իր արաբական ապարոշով և իր շիլ վառվռուն աչքերով…
Քարավա՜ն, – դա արևելքի շարժական կյանքն է. քարավան տեսնելով, կարելի է արևելքի կենդանի, գործունյա և եռանդոտ մասը տեսած լինել:
Նեղ ու անձուկ ճանապարհի երկարությամբ բռնել էր նա մի քանի փարսախ տարածություն: Մինը մյուսի ետևից շարված էին բեռնակիր գրաստները: Այդ երկար, կենդանի շղթան, որի ծայրը չէր երևում, դանդաղ կերպով շարժվում էր, առաջ էր ընթանում և, ճանապարհի խոտորնակի ուղղությամբ, օձի նման պտույտներ էր գործում, գալարվում էր և դարձյալ ուղիղ ընթացք էր ստանում, երբ ճանապարհը փոքր-ինչ հարթ էր և ուղղաձիգ: Բեռնակիր գրաստները բաղկացած էին ջորիներից: Նրանք ղաթար-ղաթար, այսինքն խումբ-խումբ, դասավորված էին միմյանց ետևից: Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր տասն ջորիից, բոլորը միագույն: Մի խումբը սպիտակներ էին, մյուսը՝ սևեր, երրորդը՝ մուգ մոխրագույն և այլն: Բոլորից առաջ գնում էր սպիտակների խումբը: Յուրաքանչյուր խումբ կազմում էր մի միություն: Մեկ ջորին կապած էր մյուսի համետի ետևից երասանակի շղթայով: Ամեն մի խումբի հետ գնում էին երկու ծառաներ, որ եթե բեռները ծռվելու լինեն, ուղղեն, կամ եթե անասուններից մեկը սայթաքելու և ընկնելու լինի, կանգնեցնեն: Բոլոր ջորիների գլուխը, պարանոցը և գավակը զարդարած էին գույնզգույն հուլունքներով, գույնզգույն խխունջներով, գույնզգույն փնջիկներով և փոքրիկ, ընկուզաձև զանգակներով: Ամեն մի քարավանապետ մի առանձին պարծանքով է զարդարում իր գրաստները, մանավանդ, երբ քարավանը մոտենում է մի նոր քաղաքի, կամ դուրս է գալիս քաղաքից: Եվ այդ պճնասեր անասունները այն աստիճան սովորած են իրանց զարդարանքներին ու զանգակներին, որ եթե զանգակներ չունենան, լավ չեն գնա:
Երբ հարյուրավոր անասուններ շարժվում են, շրջակա լեռները, բլուրները դղրդում են զանգակների խլացնող ձայնից: Նրանց քայլերի չափով` հնչյունները պահպանում են մի առանձին ներդաշնակություն, որ խիստ կախարդիչ տպավորություն է գործում, մանավանդ գիշերային լռության պահուն, երբ քարավանը գնում է ամայի ձորերի միջով:
Բոլորի առջևը ընկած, միայնակ գնում էր «փիշանգը»` քարավանի առաջնորդը: Դա մի սպիտակ, ամեհի ջորի էր, հզոր կուրծքով և գեղեցիկ գլխով: Իր հետևողներից որոշվում էր նա իր ավելի շքեղ զարդարանքներով, որ կազմված էին թանկագին իրեղեններից: Նա ջորիների արքան էր. նա ազատ էր բեռնից. նա միայն առաջնորդում էր:
Նայելով այդ խելացի անասունի վրա, ես մտածում էի. ո՜րքան լավ կլիներ, եթե այդ երկրի առաջնորդները կամ նրա կառավարիչները այդպես բարեխիղճ կերպով կատարեին իրանց պաշտոնը, որպես այդ սպիտակ ջորին…
«Փիշանգը» արժանի է նկարագրության: Լինում է ձմեռ, թանձր ձյունը ծածկում է ճանապարհների բոլոր շավիղները, բոլոր հետքերը: Դարուփոսեր հավասարվում են, և առջևում դրած է ձյունային ընդարձակ, հարթ տարածություն: Նեղ հորիզոնը միախառնվում է մառախլապատ երկնքի հետ: Դեպի ամեն կողմ նայում ես, ոչինչ չես տեսնում: Ճանապարհը նշաններ չունի. ո՞ւր պետք է գնալ: Ցուրտը սառեցնում է, և կատաղի քամին ձյունային թանձր փոշին պտտեցնում է օդի մեջ: Սարսափելով մտածում ես՝ ահա ամբողջ քարավանը կկորչի, կանհետանա սպիտակ թանձրության ներքո: Անապատի միջով գնալիս քամին, մրրիկը նույն գործողությունն են կատարում ավազի հետ, որպես ձմեռը ձյունի հետ: Բոլոր ճանապարհները ծածկվում են ավազի ներքո: Դեպի երկինք նայում ես՝ ավազ, դեպի գետին՝ ավազ, ավազային մոխրագույն փոշին լցրել է ամեն տեղ: Այդ տագնապի և ճգնաժամի միջոցներում օգնության է հասնում «փիշանգը»: Նա, որպես մարմնացած բնազդում, գիտե ուղիղ ճանապարհը, որքան էլ ծածկված լիներ ձյունի կամ ավազի ներքո: Իր հզոր կուրծքով պատառում է նա ձյունը և քարավանը առաջ է տանում: Ամեն ինչ սառել է, մարդկանց աչքերի թերթերունքից անգամ կախ են ընկած սառցային լուլաներ: Բայց նրա մարմինը պատած է սպիտակ փրփուրով, և ջերմ գոլորշին թանձր սյուներով դուրս է հոսում լայն պնչածակերից: Երբ մի տեղ ճանապարհը նրան երկբայական է թվում, նա զգուշությամբ կանգ է առնում: Ամբողջ քարավանը նույնպես, նրա ետևում, դադարեցնում է իր ընթացքը: Նա խորին ուշադրությամբ գլուխը այս կողմ ու այն կողմ է դարձնում, ականջները ցցում է, կարծես հողմերի ընթացքն է ուզում հետազոտել: Նայում է դեպի երկինք, կարծես աստղերի ուղին է ուզում դիտել: Դունչը տանում է դեպի գետին և հոտ է քաշում, ստուգելու` արդյոք անցե՞լ էր այնտեղից մի որևիցե արարած: Մի մեղմ խրխինջ արտահայտում է նրա սրտի ուրախությունը: Նույն ուրախությունը անցնում է անասունների ամբողջ շղթայով. բոլորը ընդհանուր ձայնով խրխնջում են: Նրանց առաջնորդը գտավ ուղին, փոխեց քայլերը: Եվ ամբողջ շղթան շարժվում է նրա ետևից: Գիշերային խավարը նրա համար չէ: Նրա երկու լուսափայլ աչքերը` երկու լապտերներ են, որ առաջնորդում են նրան: Երբեմն նա սարերի, ձորերի միջով է գնում կամ խորին անդունդների եզերքով է ընթանում: Մի սխալ քայլ կարող է գլորել նրան անհատակ վիհը և նրա հետ ամբողջ քարավանը կորստյան մատնել: Բայց նա երբեք այդպիսի սխալներ չէ անում, կարծես նրա ամուր սմբակներն ևս աչքեր ունեն: Երբ մոտենում են իջևանին, որքան էլ մութ ու խավար լիներ, նա մի քանի մղոն հեռավորությունից իմանում է այդ և դարձյալ ուրախաձայն խրխնջում է: Նրա հետևողները ձայնակից են լինում նրան և շտապեցնում են իրանց քայլերը, որ շուտ տեղ հասնեն և հանգստանան:
Բեռնակիր ջորիները առաջ էին ընկած, իսկ նրանց ետևից գնում էին ճանապարհորդները, ոմանք ձիաների վրա նստած, ոմանք` ավանակների վրա: Այդ խեղճ անասունների բեռը ավելի ծանր էր: Յուրաքանչյուրի վրա բարձած էին երկու մեծ ջվալներ, լցրած զանազան իրեղեններով, որ անհրաժեշտ են ասիական ճանապարհորդության համար: Ջվալների մեջ տեղավորված էին զանազան կարասիք, ինչպես կաթսա, պղնձե ամաններ, ջրի աֆթաֆա, սուրճ պատրաստելու ղավանոց, նարգիլե` իր բոլոր պարագաներով և այլն: Նրանց թվում կար և ամբողջ պաշար ուտեստի համար, ինչպես` հաց, յուղ, բրինձ, պանիր, աղ, սոխ, քամած մածուն և այլն: Յուրաքանչյուրը իր խոհանոցը իր հետ էր ման ածում. ինքը իր խոհանոցի և՛ խոհարարն էր, և՛ վայելողը: Առանց այդ պատրաստությունների կարելի էր քաղցած մնալ, որովհետև ամառը քարավանը սովորաբար իջևանում է բնակություններից հեռու, բացօթյա տեղերում, անասուններին ճարակ գտնելու համար: Բնակությունների մոտ գյուղացիք թույլ չեն տալիս, որ անասուններն արածեն: Ջվալների վերևից կապած է ճանապարհորդի անկողինը, և այդ փափուկ տեղի վրա նստած է նա: Ձին այդ բոլոր ծանրությունների տակին հազիվ է երևում: Ավելի ունևոր ճանապարհորդները նստած էին թեթև, թամքած ձիաների վրա: Նրանց ծանրությունները տանում էին առանձին ձիաներ, որոնց վրա նստած էին ծառաները: Այդ հարուստները ման էին ածում իրանց հետ և վրաններ: Քարավանի մեջ կային և կանայք, որոնք, փաթաթված իրանց չադրաների մեջ, աչք ու երես կապած, մի շորեղեն գունդի նման, գրված են գրաստների վրա: Հարուստների կանայք նստած էին ծածկված պատգարակների մեջ. յուրաքանչյուր պատգարակը տանում էին երկու ջորիներ:
Մահմեդական ունևորը իր բավականությունների ոչ մեկից ետ չէ մնում և ճանապարհորդության ժամանակ: Նա սովորել է ամեն րոպե նարգիլե ծխել, ամեն րոպե մի ֆինջան դառը ղահվե խմել, որը մի մեծ մատնոցի չափ հազիվ կլինի: Այդ երկուսի պատրաստությունը բավական հոգսերի է կարոտ, կրակ է հարկավոր, ջուր է հարկավոր և, վերջապես, զանազան անոթներ են հարկավոր: Նրա ծառան այդ բոլորը իր հետ ունի: Նրա նստած ջորիի մի կողքից երկաթյա շղթայից քարշ է ընկած մի թաղարաձև մանղալ, որի մեջ, որմզդական հուրի նման, պահվում է մշտավառ ածուխը: Ջորիի մյուս կողքից, հաստ կաշյա տիկի մեջ, քարշ է ընկած ջուըր: Ջուրը մահմեդականի ամենաանհրաժեշտ պիտույքն է, որ միշտ պետք է իր հետ ունենա: Գուցե այդ է առիթ տվել, որ այդ տիկերի պատրաստությունը զարմանալի կերպով կատարելագործված է արևելքում: Նրանք ջուրը և՛ սառն են պահում, և՛ ամենասաստիկ տոթերի ժամանակ երբեք չէ հոտում: Կաշին արհեստավորի շնորհիվ դարձել է մի տեսակ խեցեղեն աման, որ ազատ թույլ է տալիս օդի հաղորդակցությունը ջրի հետ: Նույն ջորիի վրա, զանազան անոթների մեջ կա և թրջած թամբաքու և սուրճի բոլոր պարագայքը: Բավական է, որ ծառան լսում է իր տիրոջ հրամանը`. «ղահվե՛, նարգիլե՛»: Ծառան իսկույն պատրաստում է նախ ղահվեն, ապա նարգիլեն, մատուցանում է իր տիրոջը: Հետաքրքիր է նայել այդ տեսարանի վրա: Ծառան նարգիլեն բռնած ունի իր ձեռքում, իսկ երկար օձի նման գալարվող կաշյա ծխաքարշի ծայրը գտնվում է տիրոջ բերանում: Ջորիները գնում են, իսկ տերը մեծ բավականությամբ ծխում է, կարծես իր տանը լինի:
Քարավանի մեջ կային և մի խումբ չինգանաներ (ցիգաններ) իրանց կապիկներով և պար եկող տղաներով ու աղջիկներով: Տղաների, աղջիկների և կապիկների վրա հավասար կերպով խնամք էին տանում: Այդ թռչկոտող արարածները նստած էին ավանակների վրա, իսկ նրանց տերերը գնում էին ոտով: Այդ ուրախ, թափառական խումբը, որ ճանապարհի բոլոր ընթացքում միշտ երգում էր, ծիծաղում էր, կատակներ էր անում, իր վրա էր դարձրել ամբողջ քարավանի ուշադրությունը:
Կային և մեկ խումբ վանեցի մշակներ, որոնք մերձակա գյուղորայքից էին: Դրանք պանդխտությունից էին վերադառնում: Ո՜րքան հեռու տեղից էին գալիս և ո՜րքան ժամանակ բացակա էին հայրենիքից, այդ երևում էր նրանց թախծալի դեմքերից: Բայց որքան մոտենում էին հայրենի տնակին, այնքան նրանց դեմքերը հետզհետե զվարթանում էին: Նրանցից և ոչ մեկը գրաստ չուներ: Մի-մի պարկ ուսներին կապած, ուղևորի երկար ցուպը ձեռներին, այրված, սևացած արևի բոցերից, գնում էին ոտով:
Թափառական չինգանե՜, թափառական վանեցի՜: Երկուսի մեջ սերտ համեմատություն կա: Զանազանությունը նրանումն է միայն, որ մեկը հայրենիք, տուն ու տեղ չունի, այլ, որպես աշխարհաքաղաքացի, թափառում է ամբողջ աշխարհում: Իսկ մյուսը ամեն ինչ ունի` և հայրենիք, և՛ ընտանիք, և՛ հայրենական տուն ու տեղ, բայց դարձյալ թափառում է և օտար երկրներում հաց է որոնում:
Քարավան-բաշին (քարավանի պետը) ազգով հայ էր, հայտնի Թոխմախ-Արթինը, որը, բնիկ արզրումցի լինելով, սովորություն ուներ ամեն խոսքի մեջ կրկնել այդ առածը՝ «մինչև չպղտորվի, չի պարզվի»: Նա առանց պատճառի չէր ստացել իր թոխմախ մականունը, որ նշանակում է երկաթյա մեծ կռան, որով դարբինները երկաթ են կռում ու կոփում: Միջին հասակով մարդ էր Արթինը, ամրակազմ, որպես ծառի բուն: Նրա խոշոր դեմքի վրա մազերից ազատ մնացել էր միայն քիթը և ճակատի մի փոքրիկ մասը: Մինչև անգամ ականջները ծածկված էին խիտ ու կոշտ մազերով: Նա սովորություն ուներ ինքն իրան ծաղրել, ասելով, թե մայրը իրան գողացել է արջերի որջից: Բայց երբ խոսում էիր այդ կոշտ ու կոպիտ մարդու հետ, նրա դեմքի խոշոր գծերը մեղմանում էին և կարծես հետզհետե գեղեցկանում էր նա: Այն խիստ և կարծր կեղևի մեջ կար ազնիվ սիրտ, կային և ազնիվ զգացմունքներ: Նստած մի սև նժույգի վրա, հրացանը ուսին, ատրճանակները թամքի ղաշին կապած, թուրը գոտիից քարշ ընկած, նա կայծակի արագությամբ մի րոպե քարավանի առջևումն էր, մյոա րոպե` նրա ետևումը: Ճանապարհների և անցքերի բոլոր վտանգավոր տեղերը գիտեր նա: Երբ այսպիսի տեղերի էր հասնում, բաժանվում էր քարավանից, հեռանում էր, բարձրանում էր բլուրների վրա, դիտելու՝ արդյոք ճանապարհը ազա՞տ էր ավազակներից, թե փակել էին անցքը:
Թոխմախ-Արթինը մոտ հիսուն տարեկան կլիներ, բայց դեռ պահպանել էր իր երիտասարդական աշխույժն ու կայտառությունը: Քսան տարիից ավելի նա ջորեպան էր: Ամբողջ Փոքր Ասիան, Արաբիան, Միջագետքը մինչև Եգիպտոս նրա քարավանի ընդարձակ ասպարեզն էր: Շատ անգամ բեռներ էր վերառնում դեպի Կովկաս, Պարսկաստան և հասցնում էր մինչև Սպահան, Շիրազ և Բանդար-Բուշեր: Նրա հավատարմությունը օրինակելի էր: Վաճառականները ոսկիների տոպրակները առանց համբարելու էին հանձնում նրան: Ամեն մի քաղաքում, երբ գիտեին, որ Թոխմախ-Արթինի քարավանը մի կամ երկու ամսից հետո պետք է հայտնվի, վաճառականները, որքան էլ շտապելիս լինեին, դարձյալ սպասում էին, մինչև նա գա, որ իրանց բեռները կամ արծաթը նրան հանձնեն: Ամենքին հայտնի էր այն անցքը, որ մի անգամ Լորիստանի անապատներով անցնելիս դեպի Պարսից ծոցը, Բախտիարի (հին բակտրիացիք) կոչված ելուզակները մի քանի հարյուր հոգով հարձակվեցան նրա քարավանի վրա և ամեն ինչ կողոպտեցին: Ինքը Արթինը կռվի ժամանակ սաստիկ վերքեր ստացավ: Նրա ծառաներից շատերը սպանվեցան: Այդպիսի դեպքերում վաճառականները շատ ներողամիտ են լինում. եթե քարավանի մեջ փող ունեն, գիտեն, որ կողոպտված պետք է լինի, իսկ եթե մնացած ևս լինի, գիտեն, որ քարավան-բաշին իրավացի պատճառներ ունի ասելու, թե կողոպտել են: Մի համադանցի պարսիկ վաճառական հանձնել էր Արթինին հինգ հազար ոսկի` Բաղդադ տանելու, երբ պատահեց հիշյալ անցքը: Համադանցին իր ոսկիները բոլորովին կորած էր համարում: Բայց մի տարուց հետո հայտնվեցավ Արթինը և դրեց նրա առջև ոսկիների պարկը: