Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 3
Գ
ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ
Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետ-փաշայի ականջը հասավ: Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին: Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս: Ասլանը հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում: Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին: Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի` նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին և ստվերի նման անհետանում: Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ:
Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու. այնտեղ ով ասեք` չէր մտնում. նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում: Իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր. բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի: Նրա մոտ գալիս էին հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին: Ա՜խ, ո՛րքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները, բարոյական հիվանդություն… մտավորական հիվանդություն… հոգեկան հիվանդություն… երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն… բողո՜ք և բողո՜ք ամեն կողմից: Ամեն ոք դեղ ու դարման էր պահանջում: Բայց կարո՞ղ էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել: Նրա բժշկարանի մեջ կա՞ր արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար: Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում: Բայց իբրև իսկական բժիշկ, Ասլանը, իրավ որ, անգնահատելի էր:
Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ, սովորաբար, մեծ զատիկը մոտենալու ժամանակ, թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենները մաքրելու և կլայեկով պատելու համար: Գյուղացիները իրանց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն: Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրանց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրանց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել: Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայամ ամենին իր օգնությունը:
Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր, մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ: Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի: Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն, սուրբ աստվածածնի ուխտագնացության ժամանակ, մի կերպով կարկատեց ինձ համար: Բայց ո՛րքան մեծ եղավ իմ ուրախությանը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ: Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու: Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ բժշկական դեղեր ու գործիքներ, մի մասն էլ ինձ տվեց, և մենք դուրս եկանք տնից: Նա ասաց, որ մի քանի հիվանդների այցելություն պիտի գործե: Քաղաքում դեղատուն չլինելու համար, նա ումն որ բժշկում էր, դեղերն էլ ինքն էր տալիս, աղքատներին` ձրի, իսկ հարուստներից փող էր ստանում:
– Դու գիտե՞ս քո դերը, Ֆարհատ, – ասաց նա, երբ դուրս եկանք փողոցը:
– Ի՞նչ դեր, – հարցրի ես, բոլորովին մոռացած լինելով այն պատվերները, որ, Վան քաղաքը մտնելուց առաջ, ճանապարհին տվել էր ինձ:
– Դու եվրոպացի բժշկի ճանապարհորդության առաջնորդն ես: Հասկացա՞ր:
– Հասկացա, – մեքենայաբար պատասխանեցի ես:
Ի՞նչ առաջնորդ կարող էի լինել ես, երբ ոչ երկրի հետ ծանոթ էի և ոչ լեզուներ գիտեի: Ես, իսկապես, նրա խուլ ստվերն էի, որ անգիտակցաբար գնում էի նրա ետևից:
Ասլանը սիրում էր ոտքով ման գալ, որքան և հեռու լիներ ճանապարհը: Նա հագած ուներ մինչև ծնկները երկայն կոշիկներ, գլխին դրել էր մոխրագույն, լայնեզր, փափուկ գլխարկ, իսկ աչքերը զինված էին մուգ-ծխագույն ակնոցներով, որոնք բոլորովին անտեսանելի էին կացուցանում նրա թափանցիկ, խորախորհուրդ աչքերը, որոնք ակնոցների ամենևին պետք չունեին: Թևքի տակ կրում էր իր դեղորայքի պայուսակը, ձեռքին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ավելի մահակ էր, քան թե գավազան:
Արևը դեռ նոր էր բարձրացել: Ամառնային առավոտը մի առանձին զովություն էր ստացել Այգեստանի լայն փողոցների մեջ, որոնք աջ և ձախ կողմից զարդարված էին ահագին ուռենիների և բարդենիների շարքերով: Այդ դարևոր ծառերով հովանավորված էին փոքրիկ առվակները, որոնք հոսում էին փողոցների երկու կողմերից ևս և ջուր էին մատակարարում թե այգիներին և թե բնակիչների տները շրջապատող պարտեզներին: Նայելով այդ ծառազարդ բնակարաններին, անծանոթ մարդու գլխում իսկույն ծագում է այդ միտքը, թե ո՛րքան ուրախ և խաղաղ ապրում է այստեղ քաղաքացին:
– Հայը ապրել գիտե, – ասում էր Ասլանը, – ստրկության լծի տակ անգամ նա պահպանում է մի տեսակ բարեկեցություն, և դրա մեջն է նրա կենդանականությունը, որ դարերի ընթացքում թեև տրորվում է ճնշման ներքո, բայց դարձյալ չէ մեռնում:
Առաջին անգամն էր, որ ես դուրս էի գալիս փողոցը, այդ պատճառով երեխայի նման ամեն մի հանդիպած առարկան հետաքրքրում էր ինձ: Ես նայում էի, թե ինչպես նորահարսները, երեսները ծածկած, կամ հասած աղջիկները, բաց երեսներով, վաղ-առավոտյան ավելում էին, մաքրում էին իրանց տան առջևը: Նրանք ճարպիկ մատներով նախ գետինը ցողում էին առվակից անցնող ջրով, որ փոշի չբարձրացնեն: Ես տեսնում էի, թե ինչպես հայ վաճառականները, ավանակների վրա հեծած, մի առանձին հոգածությամբ շտապում էին դեպի քաղաքը, իրանց խանութները բաց անելու: Ես տեսնում էի, թե ինչպես նրանք աջ ու ձախ կողմերից ողջույններ էին ընդունում և, միևնույն ժամանակ, ավանակի վրա նստած, շարունակում էին իրանց չավարտած առավոտյան աղոթքը, որպեսզի բարեհաջող առևտուր ունենան:
– Այստեղ մի հիվանդի պետք է նայել, – ասաց Ասլանը, և մենք մտանք մի տուն:
Տունը, որպես երևում էր, ժամանակով գեղեցիկ շինվածք էր ունեցել, բայց երկար տարիներ մնալով անխնամ և առանց նորոգության, համարյա ավերակ էր դարձել: Մի սենյակ միայն մնացել էր ամբողջ, ուր մենք ներս մտանք: Ես առաջին անգամ տեսնում էի աղքատությունը իր վերին աստիճանի սոսկալի պատկերի մեջ: Խոնավ, առանց սփռոցի գետնի վրա պառկած էր մի մանկահասակ կին. հնոտի, քրքրված վերմակը հազիվ ծածկում էր նրան. բարձի փոխարեն դրած էր գլխի տակին հիվանդի նույնպես քրքրված հագուստը: Նրա մոտ, ձեռքերը հուսահատական կերպով փակած ծնկների վրա, նստած էր պառավ սկեսուրը: Մի կիսամերկ երեխա սողում էր հիվանդի անկողնի մոտ և խուլ մրմնջում էր:
Պառավը, տեսնելով մեզ, կանգնեց և լռությամբ գլուխ տվեց: Բժիշկը մոտեցավ հիվանդին:
– Այժմ լավ է, – ասաց նա, – վտանգը անցած պետք է համարել: Դեղերի այլևս պետք չկա. հարկավոր է միայն այստեղ մաքուր պահել, թարմ օդ և լույս ներս թող տալ, և ամենագլխավորը` հիվանդին պետք է լավ սնունդ:
– Սնո՜ւնդ… – կրկնեց պառավը, հոգվոց հանելով, – ո՞րտեղից գտնել: Կար ժամանակ, որ այս տունը լի էր աստծո ամեն բարիքներով. հարյուրավոր աղքատներ ապրում էին մեր հացով, իսկ ա՜յժմ… ձեր բարի աչքով տեսնում եք… ի՞նչ է մնացել… բոլորը ոչնչացավ… բոլորը կորավ…
Արտասուքը խեղդեց նրան և չկարողացավ շարունակել:
Ասլանը դրեց պառավի ափի մեջ մի քանի ոսկի և կամենում էր դուրս գալ: Բայց նա չընդունեց, ասելով.
– Դուք մի քանի անգամ այցելություն գործեցիք իմ հիվանդին, այդքանը բավական է: Ես ձեզ վճարել չեմ կարող, բայց աղոթել ձեզ համար կարող եմ:
Երևում էր, որ պառավը աղքատության մեջ ևս պահպանել էր տոհմային հպարտությունը: Բայց Ասլանը դարձյալ աշխատում էր համոզել, որ ընդունե ոսկիները:
– Ի՞չու պետք է անեմ, – պատասխանեց պառավը փոքր-ինչ հուզված ձայնով: – Դուք, պատվելի պարոն, կարծում եք, որ ես կարո՞ղ եմ այդ ոսկիները մեկին ցույց տալ, կարո՞ղ եմ դրանցով մի բան գնել:
– Ինչո՞ւ չեք կարող, – հարցրեց Ասլանը զարմանալով:
– Չեմ կարող… – կրկնեց պառավը տխուր ձայնով: – Երբ որ պարտատերերը իմ ձեռքում փող տեսնեն, իսկույն կմտածեն, որ ես պանդուխտներից փող եմ ստացել, և բոլորը կխլեն իմ ձեռքից: Այդ բավական չէ, նրանք գանգատ կանեն, կնեղացնեն ինձ, կասեն շատ ես ստացել, բեր մնացածն էլ տուր:
Ասլանը, կարծես թե, հետաքրքրվեցավ պառավի տխուր խոսքերով, որոնեց մի տեղ նստելու համար, երբ ոչինչ չգտավ, նստեց մի կողմում ընկած կոտրած սնդուկի վրա:
– Քանի՞ պանդուխտներ ունես օտարության մեջ, – հարցրեց պառավից:
– Հինգ որդի: Երկուսը Ստամբոլում չգիտեմ ի՞նչ են անում, իսկ մնացածների մասին ձայն չկա, թե որտեղ են: Ծերունի հայրը գնաց որոնելու կորած որդիներին, ինքն էլ կորավ…
Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով: Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը… հիշում էի և իմ վշտալի մորը… հիշում էի որբ մնացած քույրերիս… հիշում էի և մեր ավերակ խրճիթը… որտեղից արտաքսեց մեր վաշխառու պարտատերը… «Ի՞նչ է այդ… – մտածում էի ես, – մի՞թե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը… մի՞թե նա միշտ պանդխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին… մի՞թե մի ճակատագրական անեծք հալածում է նրան հայրենի երկրից»… Պառավը, իր արտասուքը սրբելով, շարունակեց.
– Այդ տունը լիքն էր երեխաներով… լիքն էր մայրերով ու հայրերով… հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը, նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ: – Ամենքը ոչնչացան… ամենքը կորան… նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից…
Երեխան այժմ հեռացավ մոր անկողնից, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ: Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթովեց մի քանի խոսքեր: Դժբախտության զավակը խոսում էր… խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք… և, կարծես, իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին… մի՞թե միայն տանջվելու համար»…
Ասլանը համբուրեց երեխային, վերկացավ և, ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախծալի բնակարանից:
– «Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից»… – ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը: – Դա մի անհերքելի ճշմարտություն է: Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը: Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված: Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը օրըստօրե սպառվում է: Այդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը: Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց: Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են: Ահա, մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է: Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում: Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում, – նա ձեռքը մեկնեց դեպի Այգեստանի տները, – բնակվում են երկու ծայրահեղություններ. ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն: Շռայլում են հարստահարիչ մեծատունները, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները…
Այդպես խոսելով գնում էինք մենք, երբ ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ Փանոսը:
– Այն հիվանդը կապրի՞, – հարցրեց նա, մոտենալով Ասլանին:
– Կապրի, եթե ուտելու մի բան ունենա, – պատասխանեց Ասլանը վրդովված ձայնով:
– Այդ մասին ես հոգացել եմ… – ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով:
Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով: Վարպետը հարգանքով ողջունեց նրան և, երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ.
– Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է:
– Դա՞, այդ մուրացկա՞նը, – հարցրեց Ասլանը զարմանալով:
– Այո՛, այդ մուրացկանի նման մարդը:
– Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի:
Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց.
–Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ: Տեսար մի օր թուրքերը մի «շառ ու շուռ» հնարեցին և ինչ որ ունի, ձեռքիցը խլեցին:
– Ի՞նչպես կարելի է այդ, – հարցրի ես ոչ սակավ զարմանալով:
– Ինչո՞ւ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ: Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի: Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր: Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրանց բակումը ընկած մի թուրքի դիակ: Խեղճերին զրպարտեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից, և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ:
– Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել, – պատասխանեցի ես:
– Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է: Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին թե`մահմեդականի կնոջը ծուռն աչքով է նայել, երրորդին` թե իր տնում զենք և վառոդ է պահել, չորրորդին` թե քաղաքադռնից ձիով է ներս մտել և այլն:
Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն երևույթի վրա, որ նկատեցի առավոտյան. բոլոր հայերը էշով էին գնում բազար, ձի հեծնելը նրանց արգելված էր: Այս սովորությունը կար և Պարսկաստանում. ազնիվ անասունը` ձին, մահմեդականի համար էր, իսկ ստոր անասունը` ավանակը, քրիստոնյայի համար:
Մենք մտանք մի խուլ փողոց: Վարպետը շարունակեց.
– Այսպիսի և դրա նման վտանգները պատահում են, որպես ասացի, հարուստներին, և այդ է պատճառը, որ հարուստները աշխատում են իրանց կայքը թաքցնել և, որքան կարելի է, աղքատ ձևանալ: Բայց այդ չէ օգնում նրանց: Այդ դեպքերում մահմեդականները ավելի վարպետ են, քան թե մեր հարուստները: բավական է, որ մեկի համար լսում են, թե նա փող ունի, թեև նա իր փողը ամեն կերպով թաքցնում է, բայց դուրս են բերում: Ինչպես աղվեսն էլ իր որջը մտած ժամանակ չէ երևում, բայց երբ որսորդները նրա ծակի առաջ մուխ են դնում, խեղճ անասունը ինքն իրան դուրս է գալիս: Փաշայի դուռը շրջապատել են մի ամբողջ խումբորսորդներ, որոնք այսպիսի որոգայթներ են լարում: Դրանք այնպիսի ճարպիկներն են, որ սատանան պետք է նրանցից դաս առնե:
Իմ նոր հագուստից հետո ես այժմ սկսել էի խոսակցության մեջ խառնվիլ: Ես ինձ «մարդու տեղ էի դնում»…
– Ուրեմն ոչ ոքի կայքը այստեղ ապահովված չէ՞, – հարցրի ես վարպետից:
– Ոչ միայն կայքը, այլև նրա կյանքը, պատիվը և ամեն էնչ: Եվ այդ է պատճառը, որ հայերը այստեղ նույն միջոցներին են դիմում, ինչ որ անում էին մի ժամանակ Տաճկաստանի զանազան քաղաքների հայերը ենիչարիների դարերում: Ամեն մի ընտանիք ընտրել էր մի ենիչարի, որի պաշտպանության տակն էր մտած, որը պահպանում էր իրան ապավինած ընտանիքը մյուս ենիչարիների գազանությունիզ, ասելով. «դրան մի դիպեք, դա իմ գավուրն է»… Բայց այդ պաշտպանությունը շատ թանկ էր նստում ողորմելի ընտանիքին. նա դառնում էր իր պաշտպանի գերին, ստրուկը, նրա բոլոր հաճույքների կամակատարը: Նրա կայքը, մինչև անգամ ընտանիքի պատիվը զոհվում էր իր պաշտպանի անբարոյական կրքերին… Դա մի այնպիսի հովանավորություն էր, որպես մի գայլ պաշտպանում է իր որսը մյուս գազանների հափշտակությունից, որպեսզի ինքը միայնակ վայելե: Այժմ այստեղ միևնույն բարբարոսություններն են կատարվում: Շատ ընտանիքներ ստիպված են մտնել այս և այն նշանակություն ունեցող թուրքի կամ քրդի հովանավորության ներքո, որոնք նույն անգթությամբ են վարվում իրանց պաշտպանյալի հետ, որպես հին ժամանակների ենիչարին:
Ասլանը լռությամբ լսում էր, երևում էր, ոչ այնքան հետաքրքրվելով: Կարծես նա այդ բոլորը գիտեր, և գիտեր ավելի լավ, քան թե վարպետ Փանոսը: Բայց իմ վրդովմունքը չափ չուներ. «այդ ինչ դրություն է, մտածում էի ես, ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդիկ ամենևին գոյություն չունենային, քան թե այդպիսի անպատիվ կյանքով ապրեին»:
Մենք շարունակում էինք գնալ երկար, ծառազարդ փողոցներով: Վարպետ Փանոսը ավելացրեց.
– Ահա այդ գիշակեր խնամակալներն են, որոնք պարտքով փող են տալիս իրանց «գավուրներին», երբ նրանք օտար երկիր են գնում բախտ որոնելու, և ավելի շուտ են ճանապարհ դնում նրանց, երբ նրանց ընտանիքի մեջ կար մի սիրուն կին կամ գեղեցիկ աղջիկ: Գաղթականը ճանապարհի ծախքի կարոտ է, բացի դրանից նա պետք է շատ ու քիչ փող թողնե իր տան ապրուստի համար, այդ բոլորը նա պարտքով վոր է առնում իր խնամակալից: Նրա պարտքը սկզբում մի քանի հարյուր ղուրուշ է լինում, բայց այդ մի քանի հարյուրը տարիների ընթացքում աճում է, բազմանում է և շատ հազարներ է դառնում: Այնուհետև պարտքից ազատբելու հնար չկա: Պարտքի արմատը միշտ մնում է միևնույնը, հատուցվում է տոկոսը միայն: Իսկ այդ անիծյալ տոկոսը վճարելու համար պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որ Կ. Պոլսի մաքսատներում կամ քարվանսարաներում համալություն անեին: Ամբողջ Վանի մեջ չկա մի ընտանիք, որի մի քանի անդամները պանդխտության մեջ չլինեին: Առաջ գնում էին միայն տղամարղիկը, իսկ այժմ կանայք նույնպես սկսել են օտար երկրներում բախտ որոնել: Վանեցի կինը, որ իր տան ծածկի տակից չէր դուրս գալիս, որ նրա երեսը մի ուրիշ մարդ չտեսնե, այժմ պանդխտության մեջ վատնում է իր ավանդական համեստությունը…
Ասլանը ընդհատեց վարպետի տխուր պատմությունը, հարցնելով.
– Կարծեմ այստեղի հայերից ևս կան այնպիսիները, որոնք մահմեդական խնամակալների պաշտոն են կատարում…
– Կան, և նրանց թիվը սակավ չէ: Այդ անիրավները անունով միայն հայ են, իսկ գործով կատարյալ ենիչերի…
– Բայց ի՞նչպես է, որ նրանք չեն թաքցնում իրանց հարստությունը և փառավոր կերպով ապրում են:
– Նրանք էլ ունեն իրանց պաշտպանները, ավելի բարձրաստիճան անձիքներից, որոնց հովանավորությունը վայելելով, տկարներին խեղդում են, իսկ հզորներին տուրք են վճարում…
Մենք անցանք մի եկեղեցու դռնից, որտեղ մինը մյուսի ետևից մտնում էին և դուրս էին գալիս երեխաներ, գրքերը թևքերի տակ առած:
– Երևի այստեղ դպրոց կա, – հարցրեց Ասլանը, – աշակերտներ են ման գալիս:
– Կա, – պատասխանեց վարպետ Փանոսը, – մեր քաղաքի առաջնակարգ դպրոցներից մեկն է. եթե ժամանակ ունեք, մտնենք, դուք գաղափար կստանաք մեր նոր սերունդի մտավոր զարգացման մասին:
Մտանք վարժարանը, որ գտնվում էր եկեղեցու բակումը: Իմ առջև իսկույն նկարվեցավ տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ: Աշակերտները այստեղ ևս ածած էին մի դասատան մեջ և խառն կերպով նստած էին հասիրների (փսիաթ) վրա: Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում: Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի դիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը, ասելով. «Տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնե»… թող այն գիրքը Սաղմոս լիներ, Ժամագիրք լիներ, Կիպրիանոս լիներ, Պղնձե քաղաք լիներ, հին բժշկարան կամ երազահան լիներ, միևնույն է, բավական է, որ գիրք էր: Զանազանությունը այս վարժարանի և տեր Թոդիկի դպրոցի այն էր միայն, որ ես առաջին անգամ այստեղ լսեցի, մի քանի գրքերի անուններ, որպիսիք էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլն: Այդ գրքերը գրավարժության համար, որպես ընթերցանության գրքեր, կարդում էին նույն եղանակով, ինչպես կարդում էին Ավետարանը: Երևում էր, որ վերջին գրքերը ունեցող աշակերտների տանը ուրիշ գրքեր չէին գտնվել, որ ավելի հարմարը տային նրանց ձեռքը:
Վարժապետին կոչում էին Սիմոն պատվելի. նա մի ժամանակ Կ. Պոլսում սափրիչ էր եղել, և բավականին հաստլիկ ու մսուտ մարդ էր, որպես սովորաբար լինում են սափրիչները: Նրա դեմքը, անկանոն խմելուց, ստացել էր մի տեսակ լրջագույն-կարմրություն, որի նմանը կարելի է տեսնել հնդկահավի գլխի վրա, իսկ երեսի կաշին հաստանալով, բոլորովին կորցրել էր իր կոկությունը և նարնջի կեղևի նմանություն էր ստացել: Քթի վրա, որը իր մեծությամբ ընդարձակ տեղ էր բռնում, երևում էին կասկածավոր կարմիր բծեր: Այսպիսի դեմքեր շատ ընդունակ են կեղծավորվելու, թեև քսությունը ավելի չէ հարմարվում նրանց: Նրա հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր եվրոպականից և ասիականից: Գլխին դրած ուներ տաճկի կարմիր ֆես, որի վրա քրդի ձևով փաթաթել էր երկու «յազմա» կոչված թաշկինակներ. հագել էր վանեցու երկայն անթարի, կողքից ճղած լայն դրոշակներով, որի վրա հագել էր մի մուգ-դեղնագույն եվրոպական կարճ պալտո: Կարճ պալտոն և երկայն անթարին վերևից պնդած էին շալե հաստ գոտիով, որը մի քանի փաթոթներով պատած էր նրա մեջքին: Նրա նեղ պանտալոնը հազիվ իջնում էր ծնկներից մի փոքր ցած: Սրունքները բաց էին մնացած: Երևում էր, որ այդ ողորմելի պանտալոնը նա գնել էր հնոտիների բազարից, այդ պատճառով նրա համար չափազանց կարճ էր: Դասատան մեջ նա հագած ուներ մի տեսակ հողաթափներ, որոնք երեք մատի հաստությամբ փայտյա տակեր ունեին, և շարժվելու ժամանակ այդ տախտակները խիստ օտարոտի ձայներ էին հանում աղյուսով պատած հատակի վրա: Միակ առարկան, որ ցույց էր տալիս, թե նա գրի ու կարդալու մարդ է, էր նրա ահագին թանաքամանը, որ փորի վրա խրած ուներ գոտիի մեջ: Այդ ինքնուրույն թանաքամանը կազմված էր պղնձե երկայն քառանկյունի փողից, որի մի ծայրի կողքին ամրացրած էր բուն թանաքամանը, թրաշած բաժակի ձևով: Նրա մեջ թանաք էր ածած և սև աբրեշումի թելեր էր դրած, որպեսզի թելերը հեղուկ թանաքը իրանց մեջ ծծեին, որ չվիթվեր: Քառանկյունի փողի մեջ ամեն բան կար, այնտեղ կար և զմելի, և գրիչ. այնտեղ կար մի մազաշ, որով պատվելին իր քթից մազեր էր դուրս հանում, այնտեղ կար և մի ականջափորիկ` թեյի փոքրիկ գդալի չափով, որով և թանաքամանի մեջ ջուր էր ածում ցամաքելու ժամանակ, և ականջների կեղտն էր դուրս տալիս, երբ բավական լցվում էին, այնտեղ կար և մի ածելի, որով պատվելին երեսը ածիլում էր: Պատվելիի այդ գրական պարագայքը լրացնում էին և մի քանի այլ առարկաներ, որ նույնպես քարշ էին ընկած նրա գոտիից. դրանցից մեկն էր նրա կարճ ծխաքարշը փայտյա կոթով, երկրորդը, գույնզգույն ճոթերից կարված մի մեծ քսակ էր, որի մեջ ծխախոտ էր ածած, իսկ երրորդը, երկաթյա մի փոքրիկ ունելի էր, որով ծխաքարշի վրա կրակ էր դնում, երբ պետք էր վառել նրան, իսկ հարկավոր ժամանակ նրանով բռնում էր աշակերտների քթից և հուփ էր տալիս…
Տեսնելով մեզ, Սիմոն պատվելիի առաջին հոգսը եղավ հանգստացնել իր աշակերտներին «ս՜ուս», «սո՜ւս» գոչելով, ճիպոտը ձեռքին, նա սկսեց վազ տալ դասատան այս կողմը, այն կողմը, մի քանի պտույտներ գործեց, մի քանի հայհոյանքներ տվեց, աշակերտներից մեկի մազերից բռնելով, նստեցրեց իր տեղը, մյուսի ականջները ձգձգեց և, վերջապես, նրան հաջողվեցավ կարգը վերականգնել: Բոլոր աշակերտները լռեցին և յուրաքանչյուրը յուր տեղում անշարժ նստած մնաց: Այդ գործողությունը թեև փոշու թանձր մառախուղ բարձրացրեց, առանց դրան ևս լույսից զրկված դասատան մեջ, բայց այդ մթության միջից դարձյալ կարելի էր տեսնել, թե ինչպես աշակերտները երկչոտ կերպով, ապուշ-ապուշ նայում էին մեզ վրա:
Հետո պատվելին ընդառաջ եկավ, ընդունեց մեզ, որպես մի մարդ, որ իր տանը հյուր էր ընդունում, այդ խոսքերով.
– Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի վրա, իմ գլխի վրա…
Հայտնի չէ, թե այլևս նրա որտեղի վրա պետք է լիներ մեր ընդունելությունը, որովհետև աշակերտներից մեկը այդ միջոցին փռթկաց, և պատվելիի ճառը ընդհատվեցավ: Նա երեսը շուռ տվեց դեպի եղեռնագործը և ձեռքով սպառնալով` մրթմրթաց. «Սպասի՜ր, գարշելի»…
– Ի՞նչ են սովորում այստեղ, – հարցրեց Ասլանը:
– Ամեն բան սովորում են, պարոն, – պատասխանեց պատվելին, աջ ձեռքի ցուցամատով աջ կողմի պնչածակը քչփորելով, – ինչ որ կամենում եք, հարցրեք, բլբլուլի պես պատասխան կտան:
– Այդ լավ է, – ասաց Ասլանը ժպտալով:
– Տեսնո՞ւմ եք այդ փոքրիկին, պարոն, – նա ցույց տվեց մի ութ տարեկան երեխա, – կարող է ամբողջ «Հայր-մերը» թարսա ասել:
– Ի՞նչպես թարսա ասել:
– Այնպես… այսինքն… զոր օրինակ… տակից դեպի վեր… այնպես ասել, – պատասխանեց պատվելին կակազելով:
– Երևի դրանում մի առանձին միտք կա, որ դուք «Հայր-մերը» թարսա եք սովորեցնում, – հարցրեց Ասլանը լուրջ կերպով:
– Ինչպես չէ, պարոն, այո՛, առանձին միտք կա, պարոն, – կրկնեց պատվելին վարդապետական եղանակով: – Երբ «Հայր-մերը» թարսա են կարդում, Հիսուս Քրիստոսի շնորհքով, սատանան իր պոչի վրա մեխվում է գետնին, էլ չէ շարժվում տեղից: Դա փորձված է, շատ անգամ փորձված է, պարոն:
Ասլանը դարձավ դեպի փոքրիկ աշակերտը:
– Դե՛, իմ քաջ, տեսնենք` ինչպես ես սատանային պոչի վրա կանգնեցնում:
Փոքրիկ աշակերտը վեր կացավ նստած տեղից, երկու ձեռքերը միմյանց վրա կպցրեց կուրծքին, երկու անգամ հազաց և անմեղ աչքերը պլշացնելով, կարդաց. «ամեն հավիտյան փառք և զորություն և արքայություն է քո զի»…
– Բավական է, – ընդհատեց Ասլանը, – այս անգամ սատանային հանգիստ թողեցեք:
Երևի պատվելին գոհ մնաց այդ հարցաքննությամբ. նա ցույց տվեց մի այլ աշակերտ, ասելով.
– Տեսնո՞ւմ եք, պարոն, այդ փոքրիկին, այնպես լավ սերտել է «Հավատամքը», որ գիտե` նրա մեջ քանի այբ կա, քանի բեն կա, մի խոսքով բոլոր տառերը գիտե, պարոն, և բլբուլի պես պատասխան կտա:
– Երևի դուք թվաբանությունը այդ եղանակով եք սովորեցնում, – նկատեց Ասլանը:
– Ոչ, պարոն, – ասաց պատվելին խորհրդավոր ձայնով և միևնույն ժամանակ մի թթու ժպիտ երևաց նրա թոշնած դեմքի վրա: – Այստեղ ուրիշ իմաստություն կա…
Ես իսկույն հիշեցի, թե ինչպես տեր Թոդիկը ստիպում էր մեզ սովորել, թե քանի անգամ կրկնվում է աստուծո անունը «Շնորհյայի» մեջ, և միշտ խոստանում էր բացատրել մեզ մի խորհրդավոր գաղտնիք, որ թաքնված էր այդ կրկնությունների մեջ: Բայց նա ոչինչ չբացատրեց մեզ: Այսպես էլ Սիմոն պատվելին մեզ չասաց, թե ինչ «իմաստություն» կար «Հավատամքի» այբուբենի թվերի մեջ:
Այնուհետև պատվելին առաջարկեց իր աշակերտներին զանազան այսպիսի հարցեր:
– Պետրո՛ս, այն ո՞վ էր, որ երկու անգամ ծնվեց, մի անգամ մեռավ:
– Հովնան մարգարեն, վարժապետ:
– Թորո՛ս, այն ո՞ր անասունն էր, որ մարդու լեզվով խոսեց և հրեշտակի ձեռքով սուր քաշեց:
– Բաղաամի էշը, վարժապետ:
– Մարտիրո՛ս, այն ո՞ր թռչունն էր, որին անիծեց Սողոմոն իմաստունը:
– Ճնճղուկը, վարժապետ:
– Ստեփա՛ն, այն ի՞նչ պտուղ էր, որ Ադամը կերավ, մերկացավ, Եվան կերավ, խենթացավ:
– Թուզը, վարժապետ:
– Տեսնո՞ւմ եք, պարոն, – պատվելին դարձավ դեպի Ասլանը, – ինչպես բլբուլի պես պատասխան են տալիս: – Այդ միջոցին թթու ժպիտը դարձյալ հայտնվեցավ նրա դեմքի վրա և կարմիր աչքերի կարմիր կոպերը խիստ ծիծաղելի անկյուններ կազմեցին: – Իմ աշակերտները ամբողջ աշխարհում գովված են, պարոն, այդ քաղաքի մեջ իմ աշակերտները առաջիններն են համարվում, պարոն, ոչ տերտեր կարող է նրանց հետ խոսել և ոչ վարդապետ. այնպիսի հարց կտան, որ կապված կմնան: Նորին սրբազնությունը հիացած է իմ աշակերտներով, ամիս չի անցնի, որ նորին սրբազնությունը ոտքը ներս չդնե իմ դպրոցի շեմքից: Ահա այդ թանաքամանը նորին սրբազնությունն է ընծայել ինձ, պարոն:
Վերջին խոսքերով պատվելին կամեցավ ուշադրություն դարձնել իր թանաքամանի վրա, այդ պատճառով ձեռքը տարավ դեպի ուռած փորը:
– Այլևս ի՞նչ են սովորում, – հարցրեց Ասլանը:
– Մինչև ճաշ ուսում են ստանում, սովորում են գրել, կարդալ և զանազան իմաստություններ, իսկ ճաշից հետո սովորում են քաղաքավարություն, մարդավարություն` այդպիսի բաներ:
Այս անգամ պատվելին, որ բոլոր խոսակցության ժամանակ մոռացել էր իր կարմիր քիթը, ձախ ձեռքի ցուցամատը տարավ դեպի ձախ կողմի պնչածակը և սկսեց քչփորել, կարծես այնտեղ մի բան նեղացնում էր նրան: Հետո, կամենալով քաղաքավարության մի քանի օրինակներ ցույց տալ, դիմեց աշակերտներից մեկին, ասելով.
– Ապա՛, Օհանիկ, պարոնին մեկ պատիվ տուր:
Աշակերտների միջից դուրս եկավ մի թզաչափ երեխա, կանգնեց Ասլանի առջև և, երկու ձեռքերը դնելով միմյանց վրա, փոքրիկ ափերը բաց արեց, մեկնեց դեպի Ասլանը: Բայց Ասլանը չգիտեր ի՞նչ անել: Պատվելին ժպտելով նկատեց, որ ձեռքը դնե աշակերտի ափի մեջ: Ասլանը կատարեց նրա պատվերը: Փոքրիկ Օհանիկը, նրա աջը երկու ափերի մեջ բռնած, նախ տարավ դեպի շրթունքը, համբուրեց, հետո տարավ դեպի ճակատը, դրեց գլխի վրա:
– Ապա՛, Ավագ, պարոնին գլուխ տո՛ւր, – պատվելին դարձավ դեպի մի այլ աշակերտ:
Բայց Ասլանը թույլ չտվեց, ասելով, որ չանհանգստացնե աշակերտներին: Այսպես, պատվելին աշխատում էր ցույց տալ իր սանիկների բոլոր մտավոր և բարոյական կարողությունը, որոնք, նրա կարծիքով, օրինակելի էին ամբողջ քաղաքում: Նա խնդրեց, որ աշակերտները զանազան տաղեր երգեին, ավելացնելով, որ բոլոր տաղերը գիտեն՝ «Վարդի ու բուլբուրի» տաղը, գինու տաղը, մեջլիսի տաղերը, մի խոսքով, բոլորը գիտեն:
– Հայոց պատմություն սովորո՞ւմ են, – հարցրեց Ասլանը:
– Ի՞նչ պետք է հայոց պատմությունը, – պատասխանեց պատվելին իր սովորական ժպիտով, – հայոց թագավորները բոլորն էլ կռապաշտ էին:
Ասլանը ոչինչ չպատասխանեց: Պատվելին, հավատացած լինելով, որ իր այցելուն շատ գոհ մնաց իր դպրոցից, վստահություն ունեցավ հարցնելու:
– Պարոն, կարծեմ դուք բժիշկ եք:
– Այո՛, բժիշկ եմ:
– Այդ իմ քիթը… մի խոսքով… շատ է նեղացնում ինձ… – Նա այժմ աջ ձեռքի ցուցամատը կոխեց աջ կողմի պնչածակի մեջ, սկսեց քչփորել:
Ասլանը նայեց նրա երեսին և ասաց.
– Քի՛չ օղի խմեցեք, և կլավանա ձեր քիթը:
Մենք դուրս եկանք դասատնից: Այդ ժամանակ միայն նկատեցինք դասատան դռան մի կողմում երկու պատժված աշակերտներ: Երկուսն էլ մերկ ծնկներով չոքեցրած էին մանր, սրածայր խիճերի վրա, երկուսն էլ ձեռքերով վեր էին բարձրացրել մի-մի հատ ամբողջ աղյուս: Մի այլ աշակերտ, ճիպոտը ձեռքին, կանգնած էր նրանց մոտ, հսկում էր, որ դատապարտյալները իրանց դիրքը չփոխեն:
– Ինչո՞վ են հանցավոր այդ ողորմելիները, – հարցրեց Ասլանը մոտենալով նրանց:
– Ես, պարոն, պատվիրել եմ իմ աշակերտներին, որ դրսում ոչ ոքի հետ չխոսեն, մինչև անգամ իրանց ծնողների հետ չխոսեն, միշտ լուռ ու մունջ լինեն (լռությունը ամենագլխավոր պայմանն է համեստության): Իսկ այդ գարշելիները չեն պահպանել իմ պատվերը:
– Դուք ի՞նչպես իմացաք, որ չեն պահպանել:
Սովորական ժպիտը դարձյալ երևաց պատվելիի դեմքի վրա, և այս անգամ նրա կարմիր աչքերը բոլորովին անհայտացան հաստ կոպերի տակ: Երեսի վրա որքան կնճիռներ կային հավաքվեցան աչքերի շուրջը և նրանց ծածկեցին իրանց կոհակների ներքո:
– Ես, պարոն, ամեն բան գիտեմ և ամեն բան կարող եմ իմանալ, – պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ: – Իմ աշակերտներից որի վրա կասկած ունեմ, թե նա չէ պահել իմ պատվերը, բերանը չափում եմ, իսկույն իմանում եմ, արդյոք նա դրսում խոսացե՞լ է, թե ոչ:
– Երևի, եթե խոսեցած լինի, բերանը կմեծանա:
– Այո՛, կմեծանա, իհարկե, կմեծանա, պարոն:
Ասլանը այս անգամ չկարողացավ զսպել իր ծիծաղը: Պատվելին կարծելով, թե յուր գյուտը զարմացրեց նրան, ավելի խրախույս ստացավ, և դառնալով դեպի վարպետ Փանոսը, որ բոլոր ժամանակը լուռ էր, հարցրեց.
– Դուք վկայեցեք, վարպետ, թե ի՞նչպես են իմ աշակերտները, ամբողջ քաղաքում նրանց հատը կա՞:
– Իհարկե, չկա… – պատասխանեց վարպետը ծաղրական եղանակով: – Այսպիսի աշակերտներ միայն դուք կարող եք կրթել:
Պատվելին նրա խոսքերը ճշմարտի տեղ ընդունեց:
Մենք հեռացանք Սիմոն պատվելիի դպրոցից, տանելով մեզ հետ խիստ տխուր զգացմունքներ:
Տեր Թոդիկի դպրոցում հազար ու մեկ խստություններ, հազար ու մեկ կանոններ կային, բայց այդ բանը չկար, որ աշակերտների բերանը չափելով իմանային, թե արդյոք նրանք դրսում խոսո՞ւմ են, թե ոչ:
Երբ դուրս եկանք փողոցը, վարպետ Փանոսը ասաց Ասլանին:
– Եթե գիտենայիք, թե ո՛րքան աշխատել եմ, ո՛րքան չարչարվել եմ ես, որ մի կերպով այդ անպիտանին հեռացնեմ այդ դպրոցից, բայց հնար չի եղել:
– Ինչո՞ւ, – հարցրեց Ասլանը:
– Նա մի քանի հզոր պաշտպաններ ունի, ինչպես նահանգապետ փաշան և սրբազան առաջնորդը:
– Այդ գարշելի արարածի մեջ ի՞նչ են գտել, որ պաշտպանում են նրան:
– Հենց այն, որ նա գարշելի է: Չեք կարող երևակայել մի մարդ, որ դրա չափ բարոյապես փչացած և կեղտոտ լիներ: Կատարյալ եղեռնագործ է այդ անպիտանը: Նրան խեղդել պետք է, և ավելի ոչինչ: Գիտե՞ք, շատ երեկոներ նա ընտրում է իր աշակերտներից մի քանիսը և տանում է փաշայի մոտ. այնտեղ մնում են ամբողջ գիշերը, երգում են, պար են գալիս և զվարճացնում են փաշային…
– Լա՜վ բարոյականություն կսովորեն… – ասաց Ասլանը խորին զզվանքով:
– Փաշան առաջ չգիտեր, թե հայոց մանուկները քաղցր ձայն ունեն և լավ տաղեր, երգել գիտեն. մի գիշեր նա հյուր է լինում նորին սրբազնության մոտ, տեսնում է այնտեղ մի խումբ մանկահասակ երգիչներ. շատ հաճելի են թվում նրան երգիչները, և երբ նորին սրբազնությունը նկատում է այդ, պատվիրում է Սիմոն պատվելիին, որ ամեն անգամ, երբ փաշան պահանջելու լինի, նա իր աշակերտներից ամենալավ երգիչները տանե նրա մոտ:
– Բայց ի՞նչպես են համբերում ծնողները:
– Ծնողները ավելի անպիտան են. նրանք մի առանձին պատիվ են համարում, որ իրանց զավակները զարդարում են փաշայի խնջույքները:
Արդեն ճաշին մոտ էր, երբ մենք վերադարձանք վարպետ Փանոսի տունը: Ասլանը իսկույն առանձնացավ իր սենյակում: Վարպետ Փանոսը մտավ իր գործարանը: Իսկ ես գնացի այգին միրգ ուտելու: