Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 31

Yazı tipi:

Լ՛
«ՀԱՄՐԸ»

Աստղաբերդից ցած իջնելով, շարունակեցինք մեր ուղին դեպի Առաքելոց վանքը, որ մոտավորապես երեք ժամի ճանապարհով հեռու է Մուշ քաղաքից, ընկնում է նրա արևելահարավային կողմը, Տավրոսի գեղեցիկ լեռնահովիտներից մեկի մեջ, բարձր դիրքի վրա: Ճանապարհին անցանք Մոգունք գյուղը, որի մերձակա մորուտների մեջ մի ժամանակ ձգեցին հինգ հարյուր մոգերի գլուխներ, այդ պատճառով և կոչվեցավ Մոգունք կամ «Մոգաց գերեզման»:

Երեկոյան կիսամռայլի միջից վանքի թանձր, ամրոցաձև շրջապարիսպը խիստ ճնշող տպավորություն էր գործում: Ես պետք է մնայի փակված այդ պարիսպների մեջ: Այդ միտքը ավելի ճնշող էր, ավելի ծանր էր…

Նայում էի դեպի տասնևվեց դարերի պատկառելի սրբավայրը, նայում էին դեպի սքանչելի բարձրավանդակը, որի վրա կանգնած էր նա, նայում էի դեպի շրջապատող լեռները, որ գրկել էին նրան, նայում էի դեպի կանաչազարդ հովիտը, որ սփռված էր նրա առջև, նայում էի և մտածում էի, թե հայկական գեղարվեստը, ճարտարությունը զարգացավ վանքերի շինության մեջ, իսկ հայկական գեղասեր ճաշակը զարգացավ տեղերի և տեսարանների ընտրության մեջ, որ վայելուչ էին նրանց կառուցման համար:

Երբեմն մի ամենահասարակ հակադիպություն փարատում է մեր սրտից ամենածանր տարակուսանքներ: Ասլանը հայտնեց, որ ինձ պետք է թողնե այդ վանքում, իսկ ես լռեցի, չհայտնեցի նրան իմ դժկամությունը: Բայց երբ, դեռ վանքը չհասած, ճանապարհին պատմեց ինձ դեռ չմոռացված ավանդությունը, թե այդ վանքում աշխատել են հայկական դպրության Ոսկեդարի ականավոր մարդիկը, թե այդ վանքի խլության մեջ են կատարվել նրանց մտավոր վաստակները, թե այդ վանքում են դրված և նրանց պաշտելի շիրիմները, այդ բոլորը լսելով, իմ մտատանջությունը ամոքվեցավ, իմ կասկածները փարատվեցան, և ես խոնարհվեցա անցյալ ժամանակների սրբազան հիշողությունների առջև` աշխատել և սովորել այն հարկի տակ, որտեղ աշխատել են մեր բազմավաստակ հայրերը, ոգևորվել նրանց անմոռանալի շիրիմներով, և սրտով ու հոգվով նվիրվել ուսման ճգնությանը:

Առաջինը, որ հեռվից գրավեց իմ ուշադրությունը, դա էր վանքի շրջապարիսպի արևելյան կողմում սյուների մի շարք, որ բարձր կոթողների նման կանգնած էին միմյանց մոտ: Ասլանը ինձ տարավ նրանց մոտ: Դրանք թվով տասն գեղաքանդակ խաչքարինք էին, որ դրված էին քարե պատվանդանների վրա: Ավանդությունը «թարգմանչաց գերեզման» է կոչում այդ լուռ հիշատակարանները: Նրանցից մեկի վրա ես կարդացի հայոց անպարտելի փիլիսոփայի` Դավիթ Անհաղթի անունը: Այդ խաչքարերի խումբի առջև, փոքր-ինչ հեռու դրված էին երկու անշուք գերեզմաններ. մացառների միջից հազիվ երևում էին նրանք: Քարացած մամուռը դրել էր այդ տապանների վրա իր գորշ-կանաչագույն խավերը, ոչ գիր և ոչ թվական չեն երևում. նրանց թվականը, նրանց տապանագիրը դրոշմված են ամեն մի զգայուն հայ մարդու սրտի մեջ: Ժամանակները քարը մաշեցին, գիրը ջնջեցին, բայց սրտերի մեջ անեղծ մնաց նա: Այդ երկու փոքրիկ տապանների մեջ հանգչում են երկու հոյակապ անձինք` Մովսես Խորենացին և նրա ընկեր Մամբրե Վերծանողը: Հայաստանը հույն և հրեա սուրբերի անունով տաճարներ կանգնեց: Բայց այն մարդը, որ իր գրքով ազատեց Հայաստանը պատմության մահից, որ կյանք և անմահություն տվեց նրան, ինքը մի փոքրիկ մատուռ անգամ չստացավ հայրենի աշխարհի գրկում… Այդ տապաններից փոքր-ինչ հեռու, մեկուսացած էր մի այլ տապան, ավելի անխնամ, ավելի տխուր, քան թե առաջինները: Լեռնային Հայաստանը իր լեռների ընտիր քարերից մեկն անգամ խնայեց դնել նրա վրա: Անտաշ ապառաժների մի քանի բեկորներ ծածկում են պաշտելի մարդու սրտակոտոր դամբարանը: Անբա՜խտ վրճակի անբա՜խտ հակադրություն: Այդ մարդը իր կյանքում իր ժամանակի կղերից հալածվեցավ, քարկոծվեցավ, և այժմ նրա դամբարանը նույնպես ճնշված է անկարգ քարակույտի ներքո: Բայց ամեն մարդ, երբ կլսե Ղազար Փարպեցու անունը, խոնարհությամբ ծունր կդնե և կհամբուրե նրա դամբարանի փոշիները… Այդ դամբարանի վրա հեռվից տխուր կերպով նայում են Սահակ և Համազասպ իշխանների շիրիմները…

Վանքի շրջակայքի հիշատակարանները այնքան ժամանակ խլեցին մեզանից, որ բոլորովին մութն էր, երբ մտանք վանքը: Վանահայրը չգտնվեցավ. մեզ ասացին, որ նա գնացել է մերձակա գյուղը: Ասլանը ուղղակի դիմեց դեպի խուցերից մեկը, որի նեղ լուսամուտից ճրագի լույս էր երևում: Դուռը բաց էր թողած` օդ ներս տանելու համար: Մի հասարակ, անգույն սեղանի վրա վառվում էր ճրագը և լուսավորում էր դեմքը մի վանականի, որ այդ միջոցին, սեղանի վրա թեքված, ինչ-որ գրում էր: Սեղանի երեսը ծածկված էր գրքերով, որ անկարգ կերպով դիզված էին միմյանց վրա: Երբ նկատեց նա մեր ներս մտնելը, ամենևին չշարժվեցավ իր տեղից, միայն ձեռքը մեկնելով Ասլանին, սառն կերպով ասաց.

– Ես ձեզ սպասում էի, պարոն բժշկապետ:

Հետո, երբ նկատեց, որ մենք ոտքի վրա մնացինք, ավելացրեց.

– Իմ խուցը այնքան նեղ է, և կարասիքը այնքան սակավ, որ չգիտեմ որտեղ հրավիրեմ ձեզ նստելու:

– Դուք հանգիստ եղեք, մենք նստելու տեղ կգտնենք, – ասաց Ասլանը և, նրա մահճակալի վրայից անկողինը մի կողմ հավաքելով, նստեց մերկ տախտակի վրա, ինձ ևս հրավիրեց տեղավորվել իր մոտ:

Եվ իրավ, երբ աչք ածեցի իմ շուրջը, տեսա, որ նրա խուցի մեջ, բացի գրասեղանից և նրա հանդեպ դրած բազկաթոռից, որի վրա նստած էր այդ կրոնավորը, և բացի մահճակալից, որի վրա տեղավորվեցանք մենք այլևս ուրիշ կարասիք չկային: Համեմատելով մյուսների անշքության հետ, բազկաթոռը մի փառավոր հակապատկեր էր ներկայացնում: Նա շինված էր ծանր, ամուր փայտից և զարդարված էր գեղեցիկ քանդակներով: Փայտի բնական մուգ գույնը, հնությունից ավելի մթնանալով, խիստ վայելուչ տեսք էր տալիս նրան: Երբ կրոնավորը նկատեց, որ ես հետաքրքրությամբ նայում եմ բազկաթոռի վրա, ժպտալով ասաց ինձ.

– Այս բազկաթոռը ես գտա ամբարանոցում, ուր ձգել էին վանքի կոտրատված երկրագործական անոթների մեջ: Հին եպիսկոպոսներից մեկի բազկաթոռն է. երևի հեռու երկրներից ընծա է ուղարկված:

Այդ կրոնավորի հագուստով երիտասարդը երեսունևվեց տարեկան հազիվ կլիներ, թեև նրա մորուքը և գլխի խիտ մազերը ձյունի պես ճերմակել էին: Այդ ճերմակության միջից դուրս էր նայում մի գունաթափ, հիվանդոտ դեմք, խորն ընկած աչքերով, որոնք վառվում էին անբնական փայլով: Ի՞նչն էր այնպես վաղ ծերացրել նրան, ի՞նչն էր այնպես մաշել ու տրորել նրան: Ոտքերի սրունքները չէին խոնարհվում նրան և, ջլատված մարդու ոտքերի նման, դողդողում էին: Երևում էր, որ երկար տարիներ այդ սրունքները կրել էին իրանց վրա մի ծանրություն. երկաթի՜ ծանրություն… Նա խոսում էր, և երկարատև հազը իսկույն ընդհատում էր նրան, մի խուլ և խռպոտ հազ, որ լսվում էր կուրծքի խորքից: Ինձ այնպես էր թվում, որ կոտրած կարասի միջից էր լսվում այդ ձայնը: Ասլանը խորին ցավակցությամբ նայում էր նրա վրա և չէր կարողանում իր տխրությունը ծածկել: Նայում էր բժշկի աչքով, նայում էր բարեկամի աչքով և դառն կերպով հոգվոց էր հանում:

– Ես հույս ունեի ձեզ վարդապետ տեսնել, – ասաց նա, դառնալով դեպի նվազած երիտասարդը:

– Կարծում եք, թե հե՞շտ էր այդ, – հարցրեց նա փոքր-ինչ զայրացած, բայց դողդոջուն ձայնով: – Մեզ վարդապետ լինելու համար շատ բան է հարկավոր սովորել… Մեզանից պահանջում են այն բոլորը, ինչ որ մի մոնթ կամ մի տիրացու` սկսյալ մանկությունից մինչև իր ձեռնադրվելը` սովորել է…

Հազը արգելեց նրան շարունակել. չարագուշակ հազը տևեց մի քանի րոպե. երբ փոքր-ինչ հանգստացավ, շարունակեց.

– Այո՛, շատ բան է հարկավոր սովորել… և՛ սաղմոսներ պետք է անգիր գիտենալ, և՛ աղոթքներ պետք է անգիր գիտենալ, և՛ շարականներ անգիր երգել… Դիցուք թե անգիր արեցիր, բայց ձայնը ո՞րտեղից կբերես… Իմ մեջ առաջվա հիշողությունը չէ մնացել. ես դեռ աշակերտ եղած ժամանակ Հոմերոսից և Վիրգիլիոսից ամբողջ գլուխներ անգիր գիտեի, բայց հիմա դժվարանում եմ մի քանի աղոթքներ անգիր սերտել…

Հազը դարձյալ սկսեց: Ասլանը ուշադրությամբ լսում էր: Իմ ուշադրությունը նույնպես գրավեց նրա բողոքը, որի մեջ այնքան մաղձ և դառնություն կար, որքան մեծ հոժարություն` նվիրված լինելու եկեղեցու սպասավորությանը: Նա շարունակեց.

– Դատապարտելին այն չէ, որ ձեռնադրող եպիսկոպոսը մեզանից պահանջում է այն, ինչ որ կպահանջեր մի անգրագետ տիրացուից, դատապարտելին այն է, որ ժողովուրդն էլ հենց այդ է պահանջում: Նրա համար պետք է գիտենալ ամբողջ այսմավուրքը, ամբողջ հարանց վարքը… Նրա համար պետք է գիտենալ, թե ինչպես տեր Հուսկան որդին տեսավ իր առջև արյան ծովը, թե որտեղ Հովնան մարգարեն դուրս եկավ ձկան փորից, կամ ինչպես զռաց Բաղաամի էշը… Այդ բոլորը պետք է գիտենալ, բայց մենք այդ բաները չենք սովորել…

Նրա սեղանի վրա դրված էր մի բաժակ կաթ, նա վեր առեց և կոկորդը զովացրեց: Ասլանը դիմեց նրան բժշկի հարցով.

– Այժմ ի՞նչպես եք զգում ձեզ:

– Այժմ այնքան վատ չեմ… այստեղ օդը բավական կազդուրեց ինձ… – ասաց նա` կաթի բաժակը ցած դնելով: – Բայց ձեզ, իբրև բժշկի, պետք է ավելի հասկանալի լինի, որ ես կարոտ եմ սնունդի, և լավ սնունդի, որից զրկված եմ այստեղ… Պետք է պաս պահել, պետք է ենթարկվել վանական բոլոր կանոններին, իսկ դրանք սաստկացնում են իմ հիվանդությունը…

– Չե՞ք մտածում թողնել վանքը: Ես ձեզ խորհուրդ կտայի թողնել:

– Ոչ, մի անգամ որ սկսել եմ, պետք է վերջացնեմ…

– Թույլ տվեք քննել ձեր կուրծքը:

– Ի՞նչ քննել, ես գիտեմ այնտեղ ի՜նչ է կատարվում…

Հազը, որ ավելի սաստկությամբ սկսվեց այժմ, ստուգեց, թե ի՜նչ էր կատարվում այնտեղ…

Ասլանը աշխատում էր չխոսեցնել նրան, որովհետև նկատում էր, թե որքան տանջվում էր նա խոսելու ժամանակ: Բայց նա ցանկանում էր խոսել և միշտ խոսել, կարծես երկար ժամանակ չէր խոսացել:

– Մի քանի անգամ գյուղերը գնացի, – ասաց նա, – փորձեցի խոսել գյուղացիների հետ: Ես, որ մեր ժողովների մեջ, ամբողջ ժամերով կանգնած կխոսեի, և իմ խոսելու նյութը երբեք չէր սպառվի, հավատացեք, որ գյուղացիների մոտ նյութ չէի գտնում խոսելու: Նրանց լեզուն չգիտեի, նրանց հասկացողության համեմատ բառեր, դարձվածներ պակասում էին ինձ: Շատ անգամ մի առակ, մի առած, մի նահատակի պատմություն շատ բան է սովորեցնում գյուղացուն, քան թե մեր ամբողջ փիլիսոփայությունները: Դրա համար է, որ ինձ բոլորովին անպատրաստ եմ համարում այն կոչմանը, որ մտադիր եմ ընդունել… Պետք է նորից ամեն բան սովորել… Երբեմն այնպիսի հարցեր են առաջարկում, որ չես կարողանում պատասխանել, այդքանը բավական է, որ քեզ տգետի տեղ դնեին…

– Դուք այդ հոգսը ուրիշներին թողեցեք – … ասաց Ասլանը, – դուք զբաղվեցեք ձեր գրական վաստակներով…

– Եթե թո՜ւյլ տային… Այդ վանքի վանահայրը հանգստություն չէ տալիս ինձ…

– Նրան կփոխեն… Շուտով կփոխեն…

– Դա մի բարություն կլիներ ինձ համար…

– Նրա տեղը «մերոնցից» մեկին կդնեն…

– Ավելի լավ… – ասաց նա, և նրա դեմքը ուրախությունից փայլեց:

– Դուք մի բան գրո՞ւմ եք այժմ:

– Ոչինչ չեմ գրում: Երբեմն միայն անկապ նկատողություններ եմ անում: Եթե շուտ չեմ մեռնի, գուցե ժամանակով այդ նկատողությունների հավաքածուից մի բան կդուրս գա… Բայց ինձ պակասում են գրքեր, գրքերի սաստիկ կարոտություն եմ զգում այստեղ…

– Շուտով դուք կունենաք մի լավ ծանոթ, – մխիթարեց նրան Ասլանը, – գրքերի կողմից նա կօգնե ձեզ, նրան հնարավոր է ամեն տեսակ գրքեր բերել տալ ձեզ համար:

– Ո՞վ է դա:

– Վենետիկի Մխիթարյանների աշակերտներից մեկը: Շատ պատվական երիտասարդ է:

– Այո՛, հիշեցի… նրա մասին ինձ գրել էին… Նա եկա՞վ:

– Եկավ: Այժմ Մուշի մեջ է գտնվում:

Նա ուշադրություն դարձրեց իմ վրա:

– Ո՞վ է այդ պատանին:

– Ես դրան ձեզ համար աշակերտ եմ բերել, – պատասխանեց Ասլանը ծիծաղելով. – կմնա ձեզ մոտ, կխնամե ձեր հիվանդությունը, կծառայե ձեզ, և ձեզանից բան կսովորե:

Նա նույնպես ծիծաղեց:

– Ըստ վանական հին սովորության, – ասաց նա, – ինչպես մեր հայր սուրբերը սպասավոր-աշակերտներ էին պահում: Մի գիժը ունեմ արդեն: Բայց ես կարոտ եմ ընկերի, մի լավ ընկերի. միայնակությունը սպանում է ինձ: Այստեղ մարդ անգամ չեմ գտնում, որի հետ կարելի լիներ խոսել: Առաջ ինձ «Համր» էին կոչում: Բայց իմ լեզուն այժմ բացվել է. ուզում եմ խոսել, շատ խոսել, գուցե այն պատճառով, որ շուտով կդադարեմ խոսելուց…

– Եվ ձեր նոր աշակերտը կօգտվի ձեր շատ խոսելուց, – նկատեց Ասլանը հանաքի ձևով:

Նա ոչինչ չպատասխանեց, խնդրեց տեղ տալ իրեն` պառկելու մահճակալի վրա: Մենք վեր կացանք: Ասլանը առաջվա կարգով ուղղեց նրա անկողինը և կամենում էր, նրա ձեռքից բռնելով, պառկեցնել մահճակալի վրա: Բայց նա մերժեց, ասելով.

– Դեռ ուժ կա, դեռ այնքան չեմ թուլացել…

Նա թիկն տվեց բարձերին, երեսը դեպի մեզ, հարցնելով ինձանից.

– Ի՞նչպես է քո անունը:

– Ֆարհատ, – պատասխանեցի ես կարմրելով:

– Դե, Ֆարհատ, այժմյանից սկսիր քո ծառայությունը, գնա՛ այդ խուցին կից սենյակը, այնտեղ իմ սպասավորին քնած կգտնես, կողքը պինդ բզիր, նա վեր կկենա, ասա, որ մեզ համար մի լավ սուրճ պատրաստե: Սուրճը ինքդ բեր և շնորհքդ ցույց տո՛ւր մեզ:

Ես հասկացա, որ սուրճը մի առիթ էր հեռացնելու ինձ, իսկույն դուրս եկա, մտա սպասավորի սենյակը:

Սպասավորի սենյակը համեմատաբար ավելի զարդարած էր, քան թե իր տիրոջ խուցը: Ես նրան գտա նույն դրության մեջ, որպես ասաց Համրը: Քնած էր փայտյա մահճակալի վրա և ամբողջ սենյակը դղրդում էր նրա ծանր շնչառությունից: Դա արյունով լի մի առողջ պատանի էր, համարյա իմ հասակակից: Կողքը խթելով զարթեցնել չկարողացա նրան, ստիպված եղա բռնել երկու ձեռքից և մի քանի անգամ սաստիկ ցնցել: Քնաթաթախ, շփոթված, վեր թռավ նա, և, տեսնելով իր սենյակում մի անծանոթ մարդ, կարծեց թե նրան սպանելու կամ կողոպտելու համար եմ եկել: Նա իսկույն խլեց իր միակ զենքը` ծանր մահակը, որ դրած էր կշտին: Անշուշտ մի լավ հարված կստանայի, եթե չշտապեի ասել նրան.

– Քո աղան սուրճ է պահանջում:

Նա բարկացած նայեց իմ երեսին և մրթմրթաց.

– Դե՛ այդպես ասեիր, էլ ո՞ւր ես քնած մարդուն գժվացնում…

Կարծես թե ես կարող էի նրա քնած ժամանակ հասկացնել, թե աղան ինչ է պահանջում: Ես իսկույն ճանաչեցի, թե ում հետ գործ ունեմ, կամ ով պետք է լինի իմ ապագա ընկերը: Հենց առաջին անգամից մեր մեջ երկպառակություն ծագեց:

Նա, առանց իմ վրա նայելու, մոտեցավ, ճրագի լույսը ավելացրեց, հետո գնաց բուխարու մոտ, սկսեց կրակ վառել: Այնտեղ ածած փայտի կտորտանքը այնպես էր ձեռքով ճղոտում, կարծես մատները երկաթից շինված լինեին:

Ես մտածեցի, որ այդ տեսակ գժերը իրանց թույլ կողմերը կունենան, այդ մտքով վեր առի նրա մահակը և, ճրագի լույսի առջև նայելով, ասացի նրան.

– Ի՜նչ լավ մահակ ունես:

Նա մոռացավ սուրճը, թողեց կրակը և մոտեցավ ինձ: Իմ նկատողությունը հաճոյական երևաց նրան:

– Ի՞նչ փայտից է:

– Հոնի փայտից է, ինքս եմ կտրել մեր անտառներից, – պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ: – Մի քուրդ մի ոչխար տվեց, չտվեցի: Ինքս եմ տաշել, ինքս եմ այսպես կոկել:

– Շատ լավ փայտ է: Դու ո՞րտեղացի ես:

– Չե՞ս իմանում: Շատախցի:

Կարծես թե շատախցուն ամեն մարդ պետք է ճանաչեր: Ես սկսեցի նրա հետ հանաքներ անել:

– Այն աղբյուրի ջրից խմե՞լ ես:

– Ո՞ր աղբյուրի:

– Այն աղբյուրի, որ մարդիկ խմում են ու խելոքանում են:

Նա ծիծաղեց, շատախցոց տարօրինակ գժությունները վերաբերում էին իրանց երկրում գտնված մի հայտնի աղբյուրի ջրին: Մենք արդեն մտերմացանք:

– Ի՞նչպես եղավ, որ եկար այստեղ:

– Իմ աղան առաջ Շատախումն էր կենում, երբ ինքը եկավ, ինձ էլ բերեց իր հետ:

Ես հիշեցրի նրան, որ կրակը պատրաստ է, ժամանակ է սրճամանը դնել կրակի վրա: Նա աղյուսի երկու կտորներ դրեց կրակի այս և այն կողմերը և, սրճամանը ջրով լցնելով, դրեց նրանց վրա, և դարձյալ մոտեցավ ինձ:

– Քո աղան լա՞վ մարդ է, – հարցրի նրանից:

– Եթե վատ լիներ, մոտը կկենայի՞, – պատասխանեց նա` իմ հարցմունքի վրա զարմանալով: – Եթե հայրս էլ վատ լիներ, մոտը չէի կենալ:

– Քեզ չի՞ նեղացնում:

– Ինչո՞ւ պետք է նեղացնե: Մի այնպիսի լավ մարդ է, եթե տամ կուտե, եթե չտամ, ձայն չի հանի: Հիմա եթե ուզենամ, սուրճը չեմ տանի: Նա չի բարկանա:

– Բայց դու էլ պետք է այնպես անես, որ նա չբարկանա: Այդ լավ չէ:

– Գիտեմ, որ այդ լավ չէ: Ես էլ միշտ այնպես եմ անում, որ նա չբարկանա: Ամեն բան իմ ձեռքումն է: Փողը սեղանի վրա դրած է, ինչքան որ կամենամ, կվեր առնեմ. նա չի հարցնի, թե ի՞նչ արեցիր:

– Իհարկե, դու նրա փողը խո քեզ համար չե՞ս վեր առնի:

– Իհարկե չեմ վեր առնի: Եթե նա չէ հարցնում, աստված խո մի օր կհարցնե: – Երբ որ հազում է, իմ սիրտը կրակ է լցվում. շատ է հազում, չեմ իմանում, ինչո՞ւ է այնքան հազում նա…

Վերջին խոսքերի միջոցին նրա ուժեղ ձայնը դողաց, և մատներով սրբեց աչքերը: Երևում էր, որ այդ խենթը սիրում էր իր պարոնին: Ես նրան հիշեցրի, որ ջուրը եփ է գալիս: Նա մոտեցավ վառարանին, սրճամանի խուփը վեր առեց և, մի ձեռքով բռնելով նրա կոթից, մյուս ձեռքով սկսեց ծեծած ղահվե ածել եռացող ջրի մեջ, որ իսկույն փրփրեց: Հետո դրեց սրճամանը կրակից փոքր-ինչ հեռու, որ հանգստանա, և սկսեց ֆինջանները մաքրել:

Ես զարմանում էի, թե ինչպես չէր հետաքրքրվում հարցնել ինձանից, թե ես ո՞վ եմ, ո՞րտեղից եմ եկել, կամ ի՞նչպես հայտնվեցա նրա սենյակում: Նա այնպես էր վարվում ինձ հետ, որպես թե ես նրա վաղեմի ծանոթը լինեի:

– Ես այստեղ պետք է մնամ, քո պարոնի մոտ, – ասացի նրան:

Նա ուրախացավ:

– Ի՞նչ պետք է շինես, – հարցրեց, թողնելով ֆինջանները և մոտենալով ինձ:

– Պետք է կարդալ սովորեմ:

– Հա՛, նա կարդալ շատ է իմանում: Միշտ գրում է, միշտ կարդում է:

Նրա մեջ դարձյալ խաղաց խենթության քամին: Չնայելով, որ իմ և նրա պարապմունքները բոլորովին տարբեր պետք է լինեին նրա պարոնի մոտ, բայց նա, ինչպես երևում էր, գտավ իմ մեջ իր ապագա ախոյանին և, մոտենալով ինձ, բռնեց իմ թևքից, ասելով.

– Եկ, ուժներս փորձենք:

Նա մրցությունը միայն ուժի մեջ էր ճանաչում: Առանց իմ համաձայնությունը առնելու, մի պատրաստված ըմբիշի նման, երկու ձեռքով բռնեց իմ մեջքից, կամենում էր բարձրացնել և գետին խփել: Հակամայից ստիպվեցավ ընդդիմանալ: Ուժերի հավասարակշռության պատճառով երկար մենք միմյանց հրհրում էինք, մինչև երկուսս էլ ընկանք նրա մահճակալի վրա: Տախտակները ճռճռացին, և մահճակալը փշրվեցավ մեր հարվածի ծանրության ներքո: Նա կատաղած վերկացավ, առաջարկեց նորից սկսել գոտեմարտությունը: Ես հրաժարվեցա, մանավանդ երբ նկատեցի, որ մեր ընկնելու միջոցին դիպանք պատի մոտ դրած մահակին, որը իր տեղից սաստկությամբ դուրս թռավ և, զարկվելով կրակի մոտ դրած սրճամանին, ջուրը վիթվեցավ կրակի վրա, և մոխրախառն գոլորշին լցրեց փոքրիկ սենյակը:

Կարող եք երևակայել իմ ամոթը և իմ քրտինքը: Այդ իմ առաջին շնորհքն էր, որ ցույց տվի: Իհարկե, կից սենյակում թե՛ Ասլանը և թե՛ Համրը կլսեին մեր աղմուկի ձայնը: Ի՞նչ կմտածեր Ասլանը, ի՞նչ կմտածեր Համրը: Դեռ ո՜րքան անկիրթ էի ես, ո՜րքան տհաս էի: Մի հասարակ, կիսավայրենի սպասավորի մոտ ինձ պահել չկարողացա: Այդ անցքը, իմ կյանքում պատահած և վաղուց մոռացված շատ անցքերի թվում, մնաց ինձ համար անմոռանալի, որովհետև դա մի ապացույց էր, թե կրթության որ աստիճանի վրա էի գտնվում ես, երբ Ասլանը ինձ հանձնեց Համրին:

Մեր կատարած անկարգությունից հետո փոքր էր մնում, որ պիտի տեղի ունենար մի այլ անկարգություն: Համառ շատախցին չէր ուզում կրակ վառել և նորից սուրճ պատրաստել, և ոչ ինձ թույլ էր տալիս, որ ես պատրաստեմ: «Աստված չկամեցավ, – ասում էր նա, – եթե աստված կամենար, սրճամանը չէր վիթվի»: Նա մեր հիմարությունը հաշվի մեջ չէր դնում:

Կից սենյակից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ կանչում էր ինձ: Երբ մտա նրանց մոտ` փոքր-ինչ հանգստացա: Երևում էր, որ նրանք մեր աղմուկի ձայնը չէին լսել, որովհետև ինձ ոչինչ նկատողություն չարեցին: Մինչև անգամ մոռացել էին, որ սուրճ էին պատվիրել: Ի՞նչն էր այնպես զբաղեցրել նրանց: Սուսուփուս նստեցի իմ տեղում: Համրը դեռ առաջվա պես պառկած էր անկողնի վրա, իսկ Ասլանը նստած էր նրա հանդեպ: Երկուսն էլ լուռ էին, երկուսն էլ մտածության մեջ էին: Դա, եթե կարելի է այսպես ասել, զինադուլի լռություն էր, որ տեղի է ունենում ջերմ վիճաբանությունից հետո: Համրը գլուխը դրել էր բարձերի վրա և նայում էր առաստաղին: Նրա հազը կրկին սկսեց, նա բարձրացավ, նստեց և հետո մի բան էր որոնում իր մոտ: Ասլանը գտավ, տվեց նրան սպիտակ թաշկինակը, որ իսկույն տարավ դեպի բերանը: Երբ հեռացրեց թաշկինակը, ես նկատեցի նրա վրա մի կարմիր բիծ: Մահվան պես տխուր, հույսի պես խաբուսիկ էր այդ բիծը…

Բայց իմ խիղճը ինձ տանջում էր: Ի՞նչպես ծածկեի նրանից, ի՞նչպես չասեի սպասավորի սենյակում պատահած անցքը: Ես բոլորը պատմեցի:

– Նա այդպիսի խենթություններ շատ ունի, – ժպտալով ասաց Համրը: – Նա իր հայրենիքի հարազատ զավակն է… Իր խենթություններով շատ անգամ զվարճացնում է ինձ:

– Հետո ինչո՞ւ կրկին չպատրաստեց սուրճը, – հարցրեց Ասլանը:

– Ասաց` աստված չկամեցավ, եթե աստված կամենար, սրճամանը չէր վիթվի, – պատասխանեցի ես:

– Նա միայն չէ, որ այդպես է մտածում, Ֆարհատ, – խոսեց Համրը, դառնալով դեպի ինձ, – ամբողջ ժողովուրդներ կան, որ այդպես են մտածում. իրանք իրանց տգիտությամբ վիթում են իրանց բախտի անոթը և պատճառը աստծո վրա են դնում:

Համրի կացարանից փոքր-ինչ հեռու մի այլ խուց պատրաստել էին իմ և Ասլանի համար: Մենք չկամեցանք երկար ձանձրացնել նրան, գնացինք մեր խուցը: Դուրս գալու միջոցին նա հարցրեց Ասլանից:

– Առավոտյան, իհարկե, կրկին կտեսնվենք:

– Կտեսնվենք, – պատասխանեց Ասլանը:

Այդ վերջին գիշերն էր, որ ես և Ասլանը պետք է միասին անցկացնեինք: Առավոտյան նա գնալու էր մի հեռու, շատ հեռու ճանապարհ… Ո՞վ գիտե, մյուս անգամ ես բախտ կունենայի՞ տեսնելու նրան… Ես պատրաստ կլինեի կյանքս տալ, եթե այդ միակ գիշերը երկարեր, շատ երկարեր, տարիներ դառնար, որ նրա մոտ լինեի, նրա վրա նայեի և նրա խոսքերը լսեի: Այդ էր պատճառը, որ ես նրան հանգստություն չտվի և, երբ մտանք մեր խուցը, անդադար նոր և նոր հարցերով ձանձրացնում էի նրան, չնայելով որ Համրի սենյակից դուրս գալուց հետո նա խիստ տխուր տրամադրության մեջ էր գտնվում: Երևում էր, որ սիրելի բարեկամի տկարությունը տանջում էր նրան:

Վանքում ոչինչ ձայն, ոչինչ շշունջ չէր լսվում: Խորին, բարեպաշտական լռության մեջ նիրհում էր ամեն ինչ: Լուռ էին զանգակները, որ քարշ էին ընկած կիսակործան աշտարակների գլխից, լուռ էին վարսավոր ուռենու տերևները, որ հովանավորում էին մի քանի մոռացված շիրիմներ, լուռ էր և լուսինը, որ երբեմն հայտնվում էր և երբեմն թաքնվում էր սպիտակ ամպերի ետևում: Ամեն ինչ լուռ էր, որպես խորին ինքնուրացություն, և այդ ինքնուրացության մեջ ես պետք է ապրեի, ես պետք է շնչեի, մի մարդու մոտ, որին «Համր» էին կոչում, որի մեջ ևս ամեն զգացմունքներ, ամեն մտքեր նույնպես լռում էին… Արթուն էր միայն չարագուշակ հազը, որ լսվում էր խորտակված, վշտահար կուրծքից…

– Նա հիվանդ է, – ասացի ես Ասլանին:

– Այո, հիվանդ է, – պատասխանեց նա տխուր ձայնով:

– Ինչո՞վ է հիվանդ:

– Բարակացավ ունի:

– Ո՞րտեղից է ստացել այդ հիվանդությունը:

– Նա երկար տարիներ տանջվել է բանտերում: Հետո աքսորված է եղել մի ցուրտ երկրում…

– Ասում են, որ բարակացավ ունեցողները շատ չեն ապրում:

Նա իսկույն չպատասխանեց: Րոպեական մտածությունից հետո ասաց.

– Դեռևս մի հայտնի վտանգ չէ նշմարվում: Ես նրա կուրծքը քննեցի:

– Բայց, աստված մի արասցե, եթե նա…

– Դու այն ժամանակ կսովորես Արփիարի մոտ: Ես այդ մասին նրա հետ կխոսեմ:

Արփիարը այնքան սիրելի էր դարձել ինձ, այնքան գրավված էի ես այդ ոգելից երիտասարդով, որ վերջին խոսքերը բոլորովին մխիթարեցին ինձ:

Համրի մոտ երկար մնալով, մենք չժամանեցինք վանքի հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու: Մեզ համար դրել էին մեր խուցի սեղանի վրա մի շիշ գինի, մի մեծ կտոր սառն միս և պանիր: Թե՛ ես և թե՛ Ասլանը մի բան ուտելու ախորժակ չունեինք, բայց ես խմելու սաստիկ ծարավ էի զգում: Լցրեցի բաժակները Մուշի կարմիր, անուշահոտ գինիով, մեկը դրեցի Ասլանի առջևը, մյուսը` իմ առջև: Նա վեր առեց իր բաժակը և, զարկելով իմին, լուռ տարավ դեպի շրթունքները:

Մեր խոսակցությունը կրկին դարձավ Համրի վրա:

– Առաջ նա ինչո՞վ էր պարապում, – հարցրի ես:

– Առաջ նա պարապում էր գիտությամբ, – պատասխանեց Ասլանը: – Նա լավ բնագետ է և մաթեմատիկոս: Բայց հետո թողեց գիտությունը:

– Ինչո՞ւ թողեց:

– Նրա կարծիքով, մենք, հայերս, այնքան փոքր թվով պատրաստի մարդիկ ունենք, որ մենք պետք է խնայենք մեր ուժերը ավելի կարևոր պահանջների համար: Եվրոպայում հազարավոր մարդիկ զբաղված են գիտությունով, նոր հետազոտություններ են անում, նոր գյուտեր են անում, և յուրաքանչյուր տարի գիտությունը հարստանում է բազմաթիվ նոր հրատարակություններով: Մենք կարող ենք նրանց պատրաստած գրքերը թարգմանել կամ փոխադրել մեր լեզվով: Գիտությունը ամեն ազգի համար նույնն է մնում: Բայց կա մի բան, որ Եվրոպան չէ կարող մեզ տալ, որը մենք ինքներս պետք է ստեղծենք:

– Ի՞նչ բան է այդ, – հարցրի ես հետաքրքրությամբ:

– Ազգային բանաստեղծությունը, որ ամեն ազգ ինքը պետք է ստեղծե, – պատասխանեց նա, խմելով իր բաժակի մնացած մասը: – Համրը թողեց գիտությունը և սկսեց բանաստեղծությամբ պարապել: Նա բնական տաղանդ ուներ և թեթև, սահուն լեզու: Գրում էր ոտանավորներ, գրում էր զանազան պատկերներ, գրում էր և վեպեր: Նրա աշխատություններից մի քանիսը տպվեցան, և կարդացվում էին մեծ ախորժանոք: Բայց շատերը անտիպ մնացին և գրավվեցան նրա կալանավորվելու միջոցին:

– Ոչնչացրի՞ն

– Ո՞վ է իմանում: Բայց մենք զրկվեցանք մի բանաստեղծ-վիպասանի ամենագեղեցիկ վաստակներից: Դա առաջինն էր մեր մեջ, որ թողեց երևակայական աշխարհը և իր բանաստեղծություններին նյութ ընտրեց իրական կյանքը և նրա պետքերը: Դա առաջինն էր մեր մեջ, որ իր վեպերի մեջ սկսեց նկարագրել ճնշված, հարստահարված մարդու թշվառությունները: Դա առաջինն էր մեր մեջ, որ մի կողմ ձգեց վարձկան-բանաստեղծի շողոքորթող բուրվառը, որ դարերով խնկարկում էր մեծատունին և հզորին, և սկսեց երգել շինականի աղքատ խրճթի տառապանքները:

Ես կրկին ածեցի նրա բաժակը: Նա շարունակեց.

– Ես մասամբ արդարացնում եմ Համրի կարծիքը բանաստեղծության մասին, թեև նա միակողմանի է: Իրավ է, բանաստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածքները` ազգի թե՛ ոգևորողը և թե՛ ղեկավարողը պետք է լինեն: Գիտությունը չոր ու ցամաք սնունդ է տալիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ է տալիս նրանց սրտերին, հոգուն, երևակայությանը: Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ, բարձր հանրամարդկային իդեալներ: Եթե ներկայի մեջ չէ գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը` և ժամանակների հնությունից դուրս է կոչում իր ցանկացած հերոսներին, և նրանց պատկերները` իրանց վսեմ գործերի նկարագիրներով` դնում է ներկա սերունդի առջև, որ նրանցից օրինակ առնեն և նրանց նման լինեն: Նա ստեղծում է այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պետք է հայտնվեին: Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն: Նա մարգարեի հոգվով նախատեսում էր, թե տարիներից, գուցե դարերից հետո` որպես այդ նշմարները իրանց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն և կատարյալ ձև ու կազմություն կստանան, և նրանց պատկերները կանխապես նկարում է և դնում իր ժամանակի հասարակության առջև: Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան: ժամանակները նրա ձեռքումն են: Յուր հերոսներից մեկի թերությունները նա լրացնում է մյուսից առած հատկություններով, և ներկայացնում է իբրև կատարելագործված տիպարներ:

– Մենք ամեն ինչ դպրոցից ենք սպասում, – շարունակեց նա, – բայց ժողովուրդը ինքը մի մեծ դպրոց է, որին պետք է կրթել, որին պետք է ուղղություն տալ, որի մեջ պետք է զարգացնել առողջ մտքեր, բարձր գաղափարներ, որի մոլորությունները և կեղտը պետք է մաքրել: Իսկ դա այլ կերպ չէ կարող լինել, եթե չենք տա նրա ձեռքը ընթերցանության գրքեր: Եվ այդ գրքերից ամենազորեղ կերպով ազդում է նրա վրա վեպը, բանաստեղծությունը: Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ: Այդ կետից Համրի հայացքները բոլորովին ճիշտ են: Ինչ ազգ բանաստեղծություն չունի, նա հազիվ թե ընդունակ կլինի իր համար մի բարվոք դիրք ստեղծել մարդկային հասարակությունների մեջ:

– Նա ասաց, որ այժմ մի բան է գրում, ի՞նչ է գրում, – հարցրի ես:

– Հայոց եկեղեցական պատմություն է գրում, թե ինչ փոփոխության է ենթարկվել հայոց եկեղեցին, սկսյալ Աբգարի օրերից, երբ առաջին անգամ մտավ քրիստոնեությունը Հայաստանում, մինչև մեր օրերը: Եվ գլխավորապես պետք է բացատրե, թե ի՛նչ կազմակերպություն ուներ Լուսավորչի հիմնած եկեղեցին:

– Ուրեմն այլևս վեպեր չէ՞ գրում:

– Գիտե՞ս, նա իր կյանքում շատ է տանջվել, շատ նեղություններ է կրել: Նրա կյանքը անցել է մի շարք հալածանքների միջից: Այդ բոլորը մի կողմից, ստացած հիվանդությունը մյուս կողմից, նրան ձգեցին մի տեսակ սրտատոչոր մելամաղձության մեջ: Նա սկսեց ինքնամոռացության մեջ հանգստություն որոնել և հանձն առեց մի այդպիսի դժվարին աշխատություն, որպիսին է եկեղեցական պատմությունը, որ ավելի մտածություն է պահանջում, քան թե երևակայության բանաստեղծական թռիչքը: Նրա վանք մտնելը և հոգևոր կոչման ցանկությունն անգամ մի տեսակ քմահաճություն է, ինչպես եկեղեցական պատմություն գրելը, որ հետևանք է նույն մելամաղձական դրության: Նա կամենում է մոռանալ իրան և նետվում է ամենադժվարին աշխատությունների մեջ, որ ամբողջովին կլանեն նրա մտածությունները: Բանտի մեջ սկսեց եբրայեցերեն սովորել` Հին Կտակարանի հետ լավ ծանոթանալու համար: Նա իսկապես շատ դժբախտ մարդ է… Նրա մուզան երբեք կյանքի քաղցրություն չէ ճաշակել… Տխո՜ւր և դա՜ռն կերպով անցել են նրա օրերը…

Համարյա ամբողջ գիշերը անցուցինք մենք խոսելով. իմ քունը չէր տանում: Ասլանը նույնպես գտնվում էր մի տեսակ գրգռված դրության մեջ, որ հատուկ է այն րոպեներին, երբ մարդ պետք է բաժանվե իր սիրեցյալներից և բաժանվե երկար, շատ երկար ժամանակով…

Առավոտյան պետք է նա ճանապարհ ընկներ: Վանքի դռան մոտ սպասում էր նրա ձին: Համրը դուրս չեկավ իր խուցից: Ասլանը ինքը գնաց նրան մնաք բարյավ ասելու: Հետո մենք միասին ոտով գնացինք մինչև Խորենացու գերեզմանը: Այստեղ կանգնեցրեց ինձ նա, այստեղ գրկվեցավ, համբուրվեցավ ինձ հետ, և այստեղից, իր ձին նստելով, ճանապարհ ընկավ: Ես երկար նայում էի նրա ետևից, բայց ոչինչ չէի տեսնում: Հեղեղի նման հոսող արտասուքը նսեմացրել էր իմ տեսությունը…

Նա գնա՜ց, ուր պարտքը և եռանդը մղում էին նրան… Նա գնաց, բայց նրա թանկագին հիշատակը միշտ անմոռաց մնաց իմ սրտում… Որքան աճեցին իմ տարիները, որքան աճեց իմ զարգացումը, այնքան ավելի աճեց և մեծացավ իմ աչքում հարգելի մարդը, որ այնպես ջերմ, անձնազոհ կերպով նվիրված էր իր հայրենիքի բարօրության գործին…

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
570 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467086
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,7, 20 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 11 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 6 oylamaya göre