Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 9
ԺԱ
ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ
Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել: Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ` տեսնելու, թե ի՞նչ եղավ իր նավակը: Ասլանը նրան ոչինչ չասաց, գոնե իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել, և սաստիկ ցուրտ քամի էր փչում: Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի խորհուրդը: Նրա սիրելին, նրա նավակը չկար:
Ոչ մի անգամ կրակը ինձ այնքան ախորժելի չէր երևացել, որպես այնօր, չնայելով որ քամին բուխարու երդիկից փչում էր, և փոքրիկ խուցը լցված էր ծխով: Ես ամբողջ մարմնով դողում էի, բայց կրակի ջերմությունը ինձ նորից կյանք տվեց:
Երբ ես բավական զգաստացած էի զգում ինձ, իմ առաջին հոգսը եղավ տեսնել, արդյոք Ծովիկի տված կոտրած սանդրը իեձ մո՞տ էր, թե մնացել էր ծովի մեջ: Որ՜քան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ձեռքս տարա ծոցս, տեսա սանդրը իր տեղումն էր: Այդ ժամանակ Ասլանն էլ ձեռքը տարավ իր ծոցը, բայց դուրս հանեց մի այլ բան: Դա նորին սրբազնության առաջնորդի հանձնարարական թուղթն էր, որի գրությունը թրջվելով, համարյա թե եղծվել էր: Նա տվեց այդ թուղթը աբեղաներից մեկին, որ մնացել էր մեզ մոտ սպասավորելու, և ասաց.
– Խնդրեմ այդ թուղթը ցույց տվեցեք ձեր վանահորը, դա նորին սրբազնության առաջնորդի ինձ տված թուղթն է, թեև դժվարությամբ է կարդացվում, բայց դարձյալ կարելի է որոշել, թե ի՛նչ նպատակով ես եկել եմ ձեր վանքը:
Աբեղան, նորին սրբազնության անունը լսելով, մի առանձին պատկառանքով առեց թուղթը, նայեց նրա վրա, երևի աշխատեց մի բան կարդալ, այս կողմ ու այն կողմ շուռ տվեց և, մի երևելի գյուտ արածի նման, վերջապես ասաց.
– Այդ սրբազանի կնիքն է:
Աբեղան հեռանալուց հետո, ես ու Ասլանը մնացինք խուցի մեջ միայնակ:
– Պետք է մի տաք բան խմել, – ասաց Ասլանը, – գոնե մի փոքր գինի լիներ:
– Մի՞թե այստեղ գինի չի լինի, – հարցրի ես:
– Հազիվ թե:
Ասլանի ասածը ուղիղ դուրս եկավ: Երբ աբեղան վերադարձավ և հայտնեց վանահոր կողմից կատարյալ պատրաստականություն` կատարելու մեր փափագները, մենք հարցրինք գինու մասին: Նա շփոթված մնաց և, երկար մտածելուց հետո, պատասխանեց.
– Կարծեմ պետք է, որ մի քիչ գտնվի. վանահայրը կես շիշ պահած ուներ «բաժակի» համար:
Հետո նա նստեց մեզ մոտ, սկսեց մի առանձին հոգածությամբ պատմել, թե շատ անգամ մեծ դժվարություններ են կրում, երբ «բաժակի» գինին սպառվում է, և վանահայրը համարյա միշտ մի հրաշքով է ձեռք բերում, որ սուրբ խորհուրդը կատարվի: Եվ ավելացրեց, թե ինքը չէ իմանում ե՞րբ կամ ի՞նչ ժամանակ է պատահել, բայց լսել է, որ Վան քաղաքի մոտ մի վանք կա, որ կոչվում է «Կռունկի վանք». մի անգամ սուրբ խորհուրդը կատարելու միջոցին պատարագիչ հայր սուրբը տեսնում է, որ գինի չկա և, չկամենալով ընդհատել պատարագը, մինչև գնային, գտնեին և բերեին, նա սկսում է աղոթել: Հանկարծ, աստուծո հրամանով, մի կռունկ թռչելով ներս է մտնում տաճարի լուսամուտից և, իր կտցի մեջ բռնած, երևում է խաղողի մի ողկույզ: Նա ուղիղ մոտենում է սուրբ խորհրդի սեղանին. պատարագիչը առնում է նրա կտուցից ողկույզը և քամում է սկիհի մեջ: Այն օրից այդ վանքը կոչվեցավ «Կռունկի վանք»:
Աբեղայի պատմությունը բավական էր, որ թե՛ ես և թե՛ Ասլանը հրաժարվեինք մեր բաղձանքից և նրանց այնպիսի մի դժվար դրության մեջ չդնեինք, որ ստիպված լինեին թռչունների միջոցով գինի ստանալ, թեև նրա պատմությունը այդ նպատակով ասված չէր, այլ ավելի այն նպատակով, որ երիտասարդ աբեղան ցույց տա, թե ինքն էլ մի բան գիտե:
– Մեր վանքումը, – ասաց նա, – ոչ մի ըմպելիք չէ գործածվում, բացի ջրից: ՈՒխտավորներին անգամ արգելված է իրանց հետ ըմպելիքներ բերել:
Այդ միջոցին լսելի եղավ ճաշվա ժամի կոչնակի ձայնը: Թեև այդ անապատը եկողը պետք է հետևեր վանական բոլոր կանոններին, բայց աբեղան, խնայելով մեզ, մեր հետ պատահած դժբախտության պատճառով, չպահանջեց մեզանից իսկույն եկեղեցի գնալ, այլ, ներողություն խնդրելով, ինքը հեռացավ, խոստանալով, որ պատարագը վերջացնելուց հետո դարձյալ կգա և մեզ կտանե սեղանատունը ճաշելու:
Խուցը, որ պատրաստել էին մեզ համար, իհարկե, վանքում գտնված ամենամաքուր, ամենահարմարավոր օթևաններից մեկն էր: Բայց դա ևս ուրիշ ոչնչի նման չէր, եթե ոչ մի մթին հավաբույնի նման: Հատակը ծեփած էր կավով, որի վրա, իբրև սփռոց, տարածել էին պրտուներից և ճահճային բույսերից գործած մի հասիր (փսիաթ): Բայց մեզ պատվելու համար՝ ավելացրել էին նրա վրա և մի հին կապերտի կտոր: Պատերը շինված էին անտաշ քարերից, որոնց միացնող շաղախը, դարերի ընթացքում, խոնավությունից փտելով, հողմահարվելով, ցած էր թափվել, և քարերի մեջտեղում բացվել էին այլանդակ ճեղքեր ու խոռոչներ: Այդ մթին խոռոչները խիստ հարմար պատսպարան էին ամեն տեսակ միջատների և սողունների համար: Բայց ես վախենում էի միայն կարիճներից և օձերից: Նրանց փոխարեն հայտնվեցավ մի մոխրագույն մողես, որը, ինչպես երևում էր, այնքան ընտելացած չէր այդ խուցի նախկին բնակչի հետ, որ ամենևին չէր խորշում մարդկանց ներկայությունից: Նա դուրս եկավ, մի արագ շրջան կատարեց նեղ խուցի մեջ, անցավ իմ և Ասլանի մեջտեղից, հետո կանգ առեց, սրածայր գլուխը վեր բարձրացրեց, ուշադրությամբ նայեց մեզ վրա և, կարծես ճանաչելով, որ իր սիրելի հայր սուրբը չենք, մի առանձին ըհաճությամբ հեռացավ և կրկին մտավ իր խոռոչի մեջ: Մկները ազատ կերպով թագավորում էին այստեղ, որովհետև վանքում կատու չէին պահում: Չէին պահում և ոչ մի անասուն, մինչև անգամ հավեր, որոնք գոնե կոչնչացնեին միջատներին:
Խուցը մութն էր: Եթե բուխարու մեջ վառվող կրակը չլիներ, մենք գուցե ճրագի կարոտություն կզգայինք: Երկու նեղ լուսամուտներ, որոնց բարձրությունը երկու թզաչափ և լայնությունը մեկ թզաչափ հազիվ կլիներ, բացված էին միմյանց մոտ, սենյակի այն գծի ներքև, որտեղ առաստաղը միանում էր պատի հետ: Այդ բարձր ծակերից ստացվող լույսը հատակին չէր հասնում: Այդ տեսակ լուսամուտներ կարելի էր տեսնել բանտերում միայն: Բայց այնտեղ հասկանալի է նրանց նշանակությունը, թե ինչու լուսամուտները մի քանի անգամ բարձր, քան թե մարդու հասակը, վերևից են բաց անում: Որպեսզի բանտարկյալները հնար չգտնեին փախչելու: Իսկ այստեղ ի՞նչ նշանակություն ունեին:
– Չե՞ս իմանում, – բացատրեց Ասլանը, – այդ նրա համար են լուսամուտները այդքան նեղ և բարձրից բացված, որպեսզի այդ խուցերի մեջ բնակվող աբեղաները չհրապուրվեն դրսի տեսարաններով, այլ կենտրոնանան իրանց հոգևոր մտածությունների մեջ:
Դա մի սոսկալի անձնուրացություն պետք էր համարել, որ մարդիկ կամավ զրկում են իրանց աստծու գեղեցիկ աշխարհի վրա նայելուց, մանավանդ մի այնպիսի գեղեցկության, որպես էր շրջապատող ծովը իր սքանչելի տեսարաններով:
Բոլոր խուցերը, որոնց թիվը հարյուրից ավելի կլիներ, այդ ձևով էին շինված: Նրանց դռներն անգամ չէին բացվում դեպի դուրսը, որտեղից կարելի կլիներ մի բան տեսնել: Դռները բացվում էին մթին լաբիրինթոսի նման ոլոր-մոլոր նրբանցքների մեջ, ուր ցերեկով ևս պետք էր ճրագով ման գալ, գլուխը չկոտրելու համար: Այստեղ էին բնակվում աշխարհից անջատված ճգնավորները: Բայց զարմանալին այն էր, որ շատերը նրանցից, այդ գերեզմանի պես խավար խղիկները ավելի փափուկ, ավելի վայելչական համարելով, թողել, հեռացել էին և կղզու ժայռերի մեջ իրանց ձեռքով այրեր էին փորել, նրանց մեջ էին բնակվում, բոլորովին զրկելով իրանց մարդիկների հետ հաղորդակցությունից: Դրանց թվումն էր և վանահայրը, որը խիստ հազիվ անգամ էր հայտնվում միաբանության մեջ և որի մասին զանազան հրաշքներ էին պատմում: Իսկ այնօր մեր պատճառով ցած էր իջել իր քարայրից:
Գալով այդ անապատը, ես բոլորովին ուրիշ բան էի սպասում տեսնել. գեղեցիկ, մաքուր խուցեր` լի օդով և լույսով, ծովահայաց սրահակներ` զովաբեր պատշգամբներով, խուցերի մեջ ամեն հարմարություններ՝ գրելու և կարդալու համար, պահարաններ լի սրբազան գրքերով, պատերը զարդարված սուրբ հարց պատկերներով, որոնք գործել են եկեղեցու և հայրենիքի համար, մի խոսքով, ես սպասում էի տեսնել խաղաղ և վայելուչ կյանքը կրոնավորի, որ, հեռացած աշխարհի աղմուկից, իր լռին առանձնության մեջ ևս իրան շրջապատում է այն առարկաներով, որ զարթեցնում են նրա մեջ սուրբ, հոգևոր զգացմունքներ, որ զարգացնում են նրա միտքը երկնային վսեմ գաղափարներով, որ ազնվացնում են նրա սիրտը մարդասիրական բարձր առաքինություններով: Դրանց փոխարեն ի՞նչ էի տեսնում. մերկ, մռայլ խղիկներ, զուրկ օդից և լույսից, ողորմելի օթևաններ, բոլորովին զուրկ կարասիներից: Երևում էր, որ թուղթը, գրիչը, գիրքը երբեք այդ կացարաններում մուտք չէին գործել:
Մեզ համար պատրաստած խուցի մեջ պատուհանում գրած էր միայն մի ցեցակեր վփոշեթաղ սաղմոս, փայտյա կազմով, որ պատած էր սև կաշիով: Ո՞վ գիտե, որ ժամանակի տպագրության գործ էր այդ գիրքը: Դա էր միակ առարկան, որ իր վրա ուշադրություն էր դարձնում: Ոչ մի պահարան չկար, երևի նրա համար, որ սեփականությունից զուրկ աբեղաները չմոլորվեին սատանայից, իրանց համար պահեստի տեղեր ունենալով:
– Այն տեսակ կրոնավորներ, – ասաց Ասլանը, – որ անապատների առանձնության մեջ զբաղվեին մտավոր կյանքով, ուսումնասիրեին կրոնի վարդապետությունը, պարապեին գրավոր աշխատություններով, այդ տեսակ կրոնավորներ, մեր պատմության ամբողջ ընթացքում, միշտ բացառություններ են կազմել: Եվ ցավալին այն է, որ դրանք ըստ մեծի մասին հալածվել են իրանց դասակիցներից, համարվելով իրանց ուխտին անհարազատ անդամներ: Ահա որպես է բողոքում հինգերորդ դարու ամենալավ աբեղաներից մեկը, Եզնիկը, իր ժամանակի կրոնական ուղղության դեմ: «Մեր բերանները հոտել են պաս պահելուց, և մեր լեզուները բթացել են սաղմոսներ երգելուց, իսկ այն, որ պահանջում է մեզանից աստված, սեր և խոնարհություն, այն մենք չունենք. միայն մեր շրթունքներով ենք սիրում աստծուն, և այդ աշխատանքը իզուր է: Անասունների միս չեն ուտում (աբեղաները), բայց իրանց եղբորը անհագ կերպով կեղեքում են, գինի չեն խմում, բայց իրանց հոգին արյունով շաղախում են, ամուսնացածներին ատում են, բայց իրանք իրանց պիղծ խորհուրդներով միշտ պոռնկություն են գործում. հագուստների վատն են հագնում, բայց ագահությունից այրվում են. այդպիսիներից պետք է փախչել և ոչ թե նրանց հետ հաղորդակցություն ունենալ»…
– Դրանք, – առաջ տարավ Ասլանը, – որոնց նկարագրում է Եզնիկը, իհարկե, պետք է նրա ժամանակի կեղծավորները և փարիսեցիները համարել, որոնք բարեպաշտական դիմակի ներքո սնուցանամ էին ամենաանբարոյական կրքեր, թեև այդ կեղծավորները ամեն ժամանակ մեծամասնություն են ներկայացրել: Բայց ամենավնասակարը միշտ այն է եղել, երբ այդ աբեղաները անկեղծությամբ են վերաբերվել իրանց ուխտին: Որովհետև սպանել, ամեն զորությունից զրկել մարմինը մշտական պահով, ծոմով և խիստ ճգնություններով, որ նա անընդունակ լինի որևիցե ցանկության` դա ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի տեսակ հոգևոր բարբարոսություն: Ամեն օր, ամեն ժամ, անդադար միևնույն աղոթքների կրկնությամբ բթացնել միտքը և զգայուն, մտածող էակից դարձնել մի տեսակ անգիտակցական մեքենա` դա կատարյալ հոգեսպանություն է: Այդ բոլորը միշտ կատարվել է մեր անապատներում, նույնը կտեսնեք և այստեղ: Այղ բոլորը կատարվել է մարմնի, հոգու և սրտի վատ ցանկությունները սպանելու նպատակով: Բայց երբ մարմինը, հոգին և սիրտը բռնի միջոցներով անընդունակ են դարձնում վատ ցանկությունների, շատ բնական է, որ նրանք, միևնույն ժամանակ, կկորցնեն և լավ ցանկությունների ընդունակությունը: Մարդը այդ դեպքում կդառնա մարմնով կենդանի դիակ, իսկ հոգով` ապուշ, եթե չասենք խելագար:
Ասլանի դատողությունները շատ գեղեցիկ էին, բայց ես քաղց էի զգում: Ծովային սառն բաղանիքը, որ ալեկոծության շնորհիվ վայելեցինք մենք, սաստիկ բաց էր արել իմ ախորժակը: Ես այժմ ոչինչ բանի մասին չէի ափսոսում, որ կորցրինք ծովի մեջ, այլ ափսոսում էի միայն այն տապակած վառյակների և սպիտակ լավաշների մասին, որ Ծովիկը թաշկինակի մեջ կապեց և յուր ձեռքով տեղավորեց մեր նավակի մեջ: Անհամբերությամբ սպասում էի աբեղային, որ գար և մեզ հրավիրեր սեղանատունը: Բայց ե՞րբ պիտի գար նա: Ճաշի ժամից հետո: Արդյո՞ք կվերջանար այդ ճաշվա ժամը, թեև կեսօրից շատ էր անցել, և մենք սկսյալ առավոտից ոչինչ կերած չէինք:
Դրսում մրրիկը դեռ չէր դադարել: Կատաղի քամին տակավին մռնչում էր: Ներս մտավ նավաստին, անապատումը իր ուղտը կորցրած արաբի նման, տխուր և հուսահատ դեմքով: Երբ ես սկսեցի մխիթարել, նա պատասխանեց.
– Ես այնքան չեմ ցավում, որ նավակս կորցրի, այլ մտածում եմ, թե ի՞նչպես պետք է գիշերը անցկացնեմ այստեղ:
– Ինչո՞ւ:
– Կտեսնեք, թե որպես պիտի տանջեն մեզ…
Նա չբացատրեց, թե այդ տանջանքը ի՛նչում պետք է լիներ, բայց նա էլ ինձ նման սկսեց գանգատվել իր քաղցածության մասին:
– Ինչո՞ւ դուք Ծովիկի դրած հավերը նետեցիք ծովը, – սկսեցի ես հանդիմանել նրան:
– Դու կարծում ես, եթե մնացած լինեին, կարո՞ղ էիր ուտել, – ասաց նա, ուղիղ իմ աչքերի մեջ նայելով: – Այստեղ, եղբայր, միս չեն ուտում, և ուխտավորներին արգելված է իրանց հետ միս բերել, որ վարդապետների ախորժակը չգայթակղեցնեն:
Ինչ բանի դեմ բողոքում էր Եզնիկը հինգերորդ դարում, նույն բանի դեմ բողոքում էր անկիրթ նավաստին այժմ:
– Ուրեմն մատաղներ չե՞ն մորթում այստեղ, – հարցրի նրանից:
– Այդ կղզու վրա անկարելի է արյուն թափել: Մատաղները մորթում են «դրսի տանը». այնտեղ պատրաստում են և այստեղ ուտում են: Այդ լինում է տարին մի անգամ միայն, երբ բազմաթիվ ուխտավորներ են գալիս:
«Դրսի տուն» կոչում էր նավաստին կղզու հանդեպ` ցամաքի վրա գտնվող տունը, որ պատկանում էր անապատին: Այդ տունը ջրային ճանապարհով կղզուց մեկ ժամու կամ ավելի պակաս հեռավորություն ուներ: Այնտեղ էր զետեղված վանքային բոլոր տնտեսությունը: Անապատում ուրիշ ոչինչ չէին շինում, միայն աղոթում էին ու ճգնում: Իսկ այնտեղ գործ կար, որի մասին պիտի խոսեմ, երբ դուրս կգանք «դրսի տունը»:
Վերջապես ներս մտավ աբեղան և հրավիրեց մեզ սեղանատունը: Դա մի ընդարձակ սենյակ էր, որի երկարությունը չորս անգամ ավելի կլիներ, քան թե լայնությունը: Սենյակի երկարության չափով, մեջտեղում շինված էր քարյա անշարժ սեղանը, որի երկու կողմից զուգահեռաբար ձգվում էին նույնպես քարյա նստարաններ: Ավելի քան հարյուր հոգի կարող էր տեղավորվիլ այդ նստարանների վրա: Հարուստ վանքերում այդ տեսակ սեղանները շինված են լինում մարմարիոնից, իսկ այստեղ շինված էր հասարակ, մոխրագույն քարից: Սեղանի գլխում մի առանձին տեղ հատկացրած էր վանահորը: Մենք նրան իր տեղում նստած գտանք և մոտենալով աջը համբուրեցինք: Նա վաղօրոք ծերացած, միջին հասակով մի կրոնավոր էր, մեղմ աչքերով, հեզ դեմքով և նվաղած ձայնով: Ամեն ինչ նրա մեջ մաշվել, թուլացել և իր ուժը կորցրել էր, որպես էր և նրա հնամաշ հագուստը: Նա խիստ բարեսրտությամբ հրավիրեց Ասլանին նստել իր աջ կողմում, ինձ` իր ձախ կողմում, իսկ նավաստին տեղավորվեցավ իմ մոտ: Հետո ցավակցություն հայտնեց մեզ հետ պատահած դժբախտության մասին և գոհություն ամենակալին, որ ազատեց մեզ վտանգից: Դրանով վերջացավ նրա խոսակցությունը, որովհետև այդ միջոցին, մինը մյուսի ետևից, որպես գիշերային ուրվականներ, լուռ հանդարտությամբ ներս մտան աբեղաները և կարգով շարվեցան սեղանի երկու կողմում: Աղոթքից հետո յուրաքանչյուրը նստեց իր տեղում:
Տիրում էր ընդհանուր լռություն: Մենք ևս, սովորական կանոնին հետևելով, լուռ էինք: Յուրաքանչյուրի առջև դրած էր մի կտոր հաց, պատրաստած գարու և ցորյանի խառն ալյուրից, մի պղնձե պնակ, կլայեկով պատած, և մի փայտյա գդալ: Սեղանի այլ պարագայք չկային, բացի փայտյա մեծ աղամաններից, որ մի-մի հատ դրած էր յուրաքանչյուր հինգ հոգու առջև: Կանաչեղենները առատ էին. դալար սոխ, պռաս, բողկի տերևներ և այլն: Այդ կանաչեղենները այնպես ագահությամբ ուտվում էին, ինչպես սոված անասունները խոտ են ճարակում: Ոտքի վրա սպասավորություն էին անում նույնպես աբեղաներ: Պղնձյա մեծ ափսեների մեջ` նրանք ներս բերեցին պատրաստած միակ կերակուրը և հավասար կերպով բաժանեցին բոլորին: Մենք ևս մեր բաժինը ստացանք: Դա ձավարից պատրաստած մի տեսակ փլավ էր, որի վրա ածել էին փոքր ինչ կտավհատի ձեթ: Չնայելով որ ես շատ քաղցած էի, բայց ուտել չկարողացա: Հացը անկարելի էր ուտել: Ցորյանի ալյուրի խառնուրդը նրա մեջ ամենափոքր մասն էր միայն կազմում, իսկ գարին իր խոշոր թեփուկներով խեղդելու չափ անկլանելի էր: Արևելքում այս տեսակ հացեր պատրաստում են ուղտերի համար: Նավաստին մեծ ախորժակով ուտում էր: Սեղանի վրա ուրիշ ըմպելիք չկար, բացի ջրից, և ուրիշ համեմ չկար, բացի աղից: Բոլորը ուտում էին մի առանձին ծուլությամբ, ոչ թե այն պատճառով, որ սեղանը նրանց համար բավարար չէր, այլ, ընդհակառակը, շատ ճոխ էր: Ձավարի փլավը, կտավհատի ձեթով, ամբողջ տարվա մեջ գուցե մի երկու կամ երեք անգամ նրանք բախտ կունենային ստանալու: Իսկ այնօր պատրաստել էին ի պատիվ մեզ: Իսկ նրանց ծուլության և դանդաղկոտության պատճառը պետք էր որոնել բոլորովին այլ հակումների մեջ: Ես նրանց անշարժ դեմքերի վրա կարդում էի այդ հակումները, թե «ինչո՞ւ մարդ պետք է կարոտ լիներ ուտելու, միթե ավելի լավ չէ՞ր, որ նա ազատ լիներ այդ հոգսից, որ ավելի ժամանակ ունենար անձնատուր լինելու աղոթքների և աստուծո փառաբանությանը»: Եվ իրավ, նրանք ուտում էին օրը մի անգամ միայն, այն ևս պահոց կերակուրներ, իսկ տոն օրերում` ուտյաց կերակուրներ, բայց միս` երբեք: Մեզ հետո ասացին, որ սեղանատան մեջ մեր այնօր տեսածը ամբողջ միաբանությունը չէր: Նրանցից շատերը չէին եկել ճաշելու. ոմանք գալիս են սեղանատուն ճաշելու երկու օրը մի անգամ, ոմանք` երեք օրը մի անգամ, ոմանք` շաբաթը մի անգամ, ոմանք ամենևին չեն գալիս և իրանց բացակա ճգնարաններում կերակրվում են միայն բույսերով: Այդ հալող, մաշող ծոմապահությունն էր պատճառը, որ այդ թշվառ հասարակության մեջ ես չէի տեսնում ոչ մի առողջ մարդ. բոլորը հիվանդոտ, նիհար, ցամաքած, գունաթափ էակներ էին: Նրանց մեջ չկար ոչ կաթոլիկ աբեղայի հաստ փորը և ոչ նրա պարարտ երեսի անբնական կարմրությունը :
Սեղանատան մեջ ուրիշ ձայն չէր լսվում, բացի աբեղաներից մեկի ընթերցանության ձայնը, որ վերևում, պատի վրա շինված վանդակապատի մեջ բարձրացած, նստել էր և, ճաշի բոլոր տևողության ժամանակ, կարդում էր սուրբերի վարքից զանազան պատմություններ: Բոլորի ուշադրությունը դարձրած էր դեպի այն կողմը: Բայց ես չէի լսում, որովհետև գրաբար ընթերցանությունից ոչինչ չէի հասկանում: Իմ ուշադրությունը գրավել էին սեղանի պղնձյա անոթները: Դրանք միատեսակ և միաձև չէին. մեկը մեծ էր, մեկը փոքր էր, և բոլորի վրա կային հայոց տառերով արձանագրություններ: Երևում էր, որ ժամանակների ընթացքում այդ անոթները զանազան երկրներից ուխտավորները բերել էին իրանց հետ և, իբրև հիշատակ, իրանց մեղքերի. թողության համար` ընծայել էին վանքին: Յուրաքանչյուրի վրա քանդակած էին նվիրողի, նրա ծնողաց, նրա որդիների անունները: Նրանցից մի քանիսը շատ գեղեցիկ էին և մի քանի դարերի հնություն ունեին:
– Այդ զանազան երկրների հին արհեստի արդյունքը, – ասաց ինձ հետո Ասլանը, – կարող է մի լավ թանգարանի զարդը լինել:
Բոլորի զգեստը միաձև էր և միագույն և պատրաստված էր միևնույն նյութերից: Մի թել անգամ բամբակից կամ մետաքսից չկար նրանց հագուստների մեջ, ամբողջապես կարված էին մազե կոշտ գործվածքներից: Նրանց հագուստը, որպես երևում էր, ոչ այնքան մարմինը պահպանելու նպատակով էր պատրաստած, որքան նրան տանջելու նպատակով: Շապիկներն անգամ կարված էին թանձր մազեղենից, որ հագած ունեին մերկ մարմնի վրա և խարտոցի նման մաշում էին նրան: Առհասարակ բոված ղահվեի մուգ գույնը տիրում էր բոլոր հագուստների վրա: Գլխներին դրած ունեին արախչինի նման բրդյա թասակ, որի վրա փաթաթել էին սև թաշկինակ: Այդ տեսակ գլխարկները անապատականների լեզվով կոչվում էին «քուսիթա», որի ասորական նշանակությունը ցույց է տալիս, որ ամենահին ժամանակներում գլխարկի այդ ձևն առնված էր ասորիներից, երբ նրանց կղերը մեծ դեր էր խաղում մեր եկեղեցական կյանքում: Վանահոր զգեստը թե՛ իր գույնով և թե՛ իր ձևով չէր որոշվում մյուսներից: Բոլորը հագած ունեին ծանր հողաթափներ, երեք մատնաչափ հաստ փայտյա տակերով:
Բայց ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր չափազանց կեղտոտությունը, որը տիրում էր բոլորի վրա: Երևում էր, որ այդ մարդիկը այն աստիճան արհամարհում էին մարմինը, որ բոլորովին անփույթ էին` նրանք փոքր ի շատե մաքուր դրության մեջ պահելու: Եվ ես հավատացած էի, որ դրանք, երբեք չէին լվացվում, երբեք չէին սանդրվամ: Բոլորի մազերը անկարգ կերպով խճճված էին երեսների և գլխների վրա, և այդ խելագարների տպավորություն էր գործում:
Ճաշը վերջացավ նույնպես աղոթքով, որպես սկսվեցավ: Բոլորը վերկացան, խոնարհությամբ գլուխ տվին վանահորը և լուռ, դանդաղ քայլերով դուրս եկան սեղանատնից, դիմեցին դեպի իրանց խուցերը: Այնտեղ նրանք ուրիշ հանգստություն չունեին. պետք է մխիթարություն գտնեին «սաղմոս քաղելու» մեջ և սպասեին երեկոյան ժամերգությանը: Զբոսանքներ արգելված էին նրանց:
Երբ մենք վանահոր հետ միայնակ մնացինք, նա դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով.
– Ես կարդացի նորին սրբազնության թուղթը, պարոն բժշկապետ, ձեր նպատակը շատ գովելի է, և ես ամենայն հոժարությամբ պատրաստ կլինեի ձեր փափագներին բավականություն տալ, եթե մեր վանքում գտնվեին ձեր ցանկացած ձեռագրերը:
– Շատ շնորհակալ եմ, հայր սուրբ, ձեր բարեսրտության համար, – պատասխանեց Ասլանը, – դուք ինձ շատ կպարտավորեիք, եթե տայիք ինձ կարդալու գրքերի ցուցակը. ես հայերեն կարդալ իմանում եմ:
– Ցուցակ չունենք, պարոն բժշկապետ, քանի անգամ մտածել ենք այդ մասին, բայց ժամանակ չենք գտել կազմելու:
Փոքր էր մնում, որ ես հարցնեի, թե ուրիշ ինչ գործով եք զբաղված դուք, որ մի ցուցակ կազմելու ժամանակ չեք կարողացել գտնել:
– Այսուամենայնիվ, հայր սուրբ, շատ հետաքրքիր էր ինձ տեսնել գրքերը, – ասաց Ասլանը:
–Մի ժամանակ այդ վանքում եղել են բազմահատոր գրքեր, – պատասխանեց հայր սուրբը, կարծես ինքն իր հետ խոսելով, – բայց քանի՜-քանի՜ անգամ թալանվել է այդ վանքը… ինչ էլ որ մնացել էր, անիծյալ Լանգթեմուրը տարավ…
– ՈՒրեմն ոչինչ չէ՞ մնացել, – հարցրեց Ասլանը զարմանալով:
– Մի քանի հատոր մնացել են:
– Դուք շատ բարի կլինեիք, հայր սուրբ, եթե այդ մի քանի հատորը ինձ ցույց կտայիք:
– Մեծ ուրախությամբ, գնանք, պարոն բժշկապետ:
Մենք դուրս եկանք սեղանատնից: Հայր սուրբը հրամայեց, որ բերեն ժամատան բանալիները, որտեղ դրած էին գրքերը:
– Բայց նախքան ժամատուն մտնելը, ես կխնդրեի ձեզանից, հայր սուրբ, որ դուք ցույց տայիք ինձ ձեր վանքը: Ինձ, որպես մի եվրոպացու, մեծ հաճություն կպատճառե` տեսնել մի հայկական վանքի կազմակերպությունը:
Եթե մի ուրիշը լիներ վանահոր տեղ, կամաչեր ցույց տալու իր վանքը, ուր ամեն ինչ կրում էր իր վրա մեռելության, անշարժության և ավերման տխուր կնիքը: Բայց նա մի առանձին պարծանքով էր ցույց տալիս այդ բոլորը, որովհետև նրա վանքի կյանքը հենց նրա մեռելության մեջն էր, անապա՜տ` բառի բուն նշանակությամբ…
Նա ներս տարավ մեզ մի քանի աբեղաների խուցեր, որոնց մեջ գտանք միևնույն գերեզմանական մերկությունը, միևնույն սպանիչ մռայլը և խոնավությունը, ինչ որ տեսել էինք մեզ համար պատրաստած խուցում: Տարբերությունը աննշան էր: Դրանց մեջ ևս տեսնում էինք պատուհանում դրած հին սաղմոսը, հատակի վրա փռած հասիրը և իբրև բազմոց` մի կապերտի կտոր: Այդ բազմոցի վրա նստած էինք գտնում խուցի աբեղային, որը, մեզ տեսնելով, կանգնում էր և, ինչպես մի հանցավոր, գլուխը քարշ գցած, նայում էր հատակին: Նրա քարացած դեմքի վրա մի մկնակ անգամ չէր շարժվում, իսկ աչքերը կարծես սառել էին իրանց բույնի մեջ: Առանց խղճալու չէր կարելի նայել այդ թշվառների վբա: Զարմանալին այն էր, որ խուցերից շատերի մեջ վառարան չկար, իսկ անկողին ոչ մի տեղ չտեսանք: Հենց այդ կետի վրա շեշտելով, վանահայրը արտահայտեց իր միաբանության բարձր առանձնահատկությունները` ասելով.
– Ձմեռվա ամենասաստիկ ցրտերի ժամանակ անգամ դրանք վառելու սովորություն չունեն, իսկ դրանց անկողինները իրանց զգեստն է լինում: Իմ օրերում դրանք ավելի սովորեցին «գետնախշտի» կյանքին:
Վերջին խոսքերի մեջ նշմարվում էր վանահոր անմեղ պարծենկոտությունը, որ բխում էր նրա վերին աստիճանի խստակեցության զգացմունքից:
– Նրանք չե՞ն հիվանդանում, – հարցրեց Ասլանը:
– Խիստ հազիվ է պատահում, որ իմ միաբանները հիվանդանային կամ հիվանդությունից մեռնեին: Մահը հասնում է նրանց այն ժամանակ, երբ իրանք խնդրում են և երբ պատրաստ են նրան ընդունելու:
Բայց մենք խուցերից մեկի մեջ գտանք մի հիվանդ: Միայնակ, անխնամ պառկած էր նա սառն հատակի վրա և ծածկվել էր իր վերարկվի մեջ, խորին կերպով հառաչանքներ էր արձակում: Ասլանը առաջարկեց բժշկական օգնություն մատուցանել: Բայց վանահայրը արգելեց` ասելով.
– Թող այդ տանջանքը ապաշխարություն լինի նրան…
Ի՞նչ հանցանք էր գործել, ինչո՞վ էր մեղավոր ողորմելին, այդ մասին վանահայրը ոչինչ չասաց:
Վանքի զանազան շինվածքները տեսնելուց հետո մտանք ժամատունը: Այստեղ, տաճարի աջակողմյան խորանում, պահվում էին հին ձեռագիրները: Խորանը այնքան մութն էր, որ վանահայրը իսկույն մոմ վառեց: Մի պատուհանի մեջ, խառնաշփոթ կերպով միմյանց վրա ածած, փոշու և բորբոսի թանձրության տակ ծածկված գտանք մեր նախնյաց գրավոր վաստակները: Այդ վայրենի անհոգությունը տեսնելով, Ասլանը այլևս չկարողացավ ապել իր վրդովմունքը, ասաց.
– Ես չեմ կարծում, որ Լանգթեմուրը այսպես անփույթ կերպով վարված լիներ հայոց գրքերի հետ: Եթե ճիշտ է ավանդությունը, թե նա տարավ հայոց գրքերը, պետք է ճիշտ համարել և այն, որ Սամարկանդում մի առանձին աշտարակ շինել տվեց և նրա մեջ մեծ խնամքով էր պահում այդ գրքերը:
Ասլանի նկատողությունը ամենևին չվիրավորեց վանահորը. նա բավական սառնասրտությամբ պատասխանեց.
– Անձրևի և ձյունի ժամանակ այնտեղից կաթում է, պարոն բժշկապետ, – նա ձեռքով ցույց տվեց քայքայված խորանի առաստաղը, – այդ խոնավությունը նրանից է: Մենք տեսանք, որ գրքերը փչանում են, այդ պատճառով պիտանիները ջոկեցինք դրանց միջից և մի ապահով տեղում ենք պահում:
– Ձեր ջոկածները անպատճառ սուրբ գրքեր կլինեին:
– Իհարկե, սուրբ գրքեր:
– Իսկ այդ անսուրբ գրքերը թողեցիք, որ այստեղ փտե՞ն…
Նա ոչինչ չպատասխանեց, երևի իր մտքում զարմանում էր պարոն բժշկապետի անտեղի բարկության մասին: Ես օգնեցի Ասլանին` քննելու գրքերը: Վանահայրը, մոմը ձեռքին, տհաճությամբ լուսավորում էր մեր աշխատությունը: Որո՞նք էին, հայր սուրբի կարծիքով, անսուրբ գրքերը, – հայտնվեցան Խորենացու, Ղազար Փարպեցու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և մեր նշանավոր մատենագիրների ընտիր օրինակները, բայց բոլորը քրքրված, բոլորը կիսով չափ կամ մեծ մասամբ փտած: Մի Խորենացի միայն մնացել էր ամբողջ, բայց նրանից ևս առաջին և վերջին թերթերը պակաս էին:
– Բժշկարան կա՞, – հարցրեց վանահայրը:
– Չէ երևում, – պատասխանեց Ասլանը:
– Մի հատ պետք է որ լիներ, – ասաց հայր սուրբը, աշխատելով մտաբերել, – բայց չեմ հիշում ով տարավ…
– Ով տարել է, վատ չի արել, եթե մնացած լիներ, այն ևս պետքէ այդ գրքերի վիճակին ենթարկվեր, – ասաց Ասլանը:
Խորին ցավակցությամբ մենք դուրս եկանք խորանից, ուր կատարվել էր այդ բարբարոսությանը: Վանա ծովակի կղզիները, ապահով տեղեր համարվելով, նրանց մեջ գտնված անապատները միշտ եղել են հայոց գրքերի մի-մի շտեմարաններ. իսկ այդ շտեմարանները տգետ աբեղաների անհոգությունից դարձել են նույն գրքերի գերեզմանները…
– Հիմա, հայր սուրբ, խնդրեմ ցույց տվեցեք ձեր սուրբ գրքերը, – ասաց Ասլանը: – Անսուրբները տեսանք…
Վանահայրը շփոթված կերպով կանգ առավ և մտատանջության մեջ ընկավ: Ասլանը, երևի, հսակացավ նրա անվճռականության պատճառը և հանգստացրեց` ասելով.
– Ես միայն հեռվից կնայեմ…
–Աստված օրհնե քո հավատը, – ասաց հայր սուրբը և կակազելով ավելացրեց, – իհարկե, պարոն բժշկապետ, աշխարհական մարդուն փոքր-ինչ ան…
– Հասկանում եմ, հայր սուրբ, – նրա խոսքը լրացրեց Ասլանը: – Աշխարհական մարդուն անվայել է սուրբ գրքերը ձեռքով շոշափել…
Տաճարի պահարաններից մեկում, որ այլ անունով կոչվում էր ավանդատուն, դրած էր մի մեծ և ծանր արկղ սև փայտից: Ո՞ր ժամանակի գործ էր այդ արկղը, ո՞րտեղից էր բերված` հայտնի չէր: Նրա մեջ պահվում էին վանքի սրբությունները. խաչեր, սուրբ նշաններ, պատած ոսկով և արծաթով, թանկագին անոթներ, որոնց թվում և պահվում էին սուրբ գրքերը: Վանահայրը ցույց տվեց մեզ այդ գրքերից մեկը միայն, որ կոչվում էր «Կարմիր Ավետարան», երևի նրա համար, որ կարմիր ներկը նրա նկարների մեջ ավելի պայծառությամբ աչքի էր զարկում և ավելի շատ էր գործածվել, քան թե մյուս ներկերը:
Երբ մտանք ավանդատունը, վանահայրը վառեց երկու մոմեր, մեկը տվեց իմ ձեռքը, մյուսը` Ասլանի ձեռքը, և երեսը խաչակնքելով մոտեցավ սև արկղին: Լուռ աղոթքներ կարդալով, բաց արեց նա արկղը և նրա միջից վեր առեց մի մեծ կապոց: Ես և Ասլանը մեր մոմերով առաջնորդեցինք նրան, մինչև նա դուրս եկավ ավանդատնից, բերեց կապոցը և դրեց տաճարի սեղանի վրա: Այժմ լսելի ձայնով մի շարական երգելով, սկսեց մեկ-մեկ բաց անել բազմաթիվ թաշկինակները, որոնց մեջ փաթաթված էր «Կարմիր Ավետարանը»: Թաշկինակները գույնզգույն էին, բոլորը մետաքսից: Նրանցից մի քանիսի վրա երևում էր կնոջ ձեռքի շնորհքը. նուրբ ասեղնագործությամբ հորինած զանազան նկարներ կամ սուրբ գրքերից խորհրդավոր պատկերներ: Վանա հարուստ «խոջաները», որ մի ժամանակ տարածվել էին աշխարհի ամեն կողմերը, արևելքից և արևմուտքից բերել էին այդ թանկագին ընծաները և նվիրել սուրբ Ավետարանին: Երբ վանահայրը բաց արեց գիրքը, թե ես և թե Ասլանը հիացած մնացինք, մագաղաթը այնքան բարակ էր և հարթ, ինչպես ամենաընտիր թուղթ. նկարները սքանչելի էին, իսկ գրիչը վերին աստիճանի կանոնավոր և գեղեցիկ: Յուրաքանչյուրի գլուխը զարդարած էր մի-մի պատկերով, որի միտքը առնված էր նույն գլխի բովանդակությունից: Կազմը ամբողջապես արծաթից էր, թանկագին ակներով և հիանալի քանդակներով զարդարած: Մենք խորին ջերմեռանդությամբ մոտեցանք և համբուրեցինք սուրբ գիրքը:
Ինձ ամենևին հաճելի չթվեց այն խոսքը, որ ժամատնից դուրս գալու միջոցին Ասլանը ասաց ինձ.
– Իբրև հայոց գրչության և արհեստի մի գեղեցիկ օրինակ` այդ գիրքը անգնահատելի է:
Մի՞թե այդպես կարելի է վերաբերվել դեպի մի սրբություն, մտածում էի ես: Նա դատում էր գրքի մասին միայն արհեստի կետից:
Երբ դուրս եկանք ժամատան բակը, վանահայրը հրավիրեց մեզ իր խուցը: Ասլանը գնաց, բայց ես չգնացի:
Այդ միջոցին պատահեց Բերզեն-Օղլին, որ ինձ տարավ և բավական ման ածեց կղզու մեջ:
Ճաշից հետո փոթորիկը համարյա թե դադարել էր. կատաղի ծովը ավելի հանդարտ էր, կուտակված ամպերը ցրիվ էին եկած, և արեգակը դարձյալ լուսավորում էր իր պայծառ ճառագայթներով: Ես և նավաստին երկար շրջում էինք ապառաժոտ կղղու վրա, և նա ինձ ցույց էր տալիս այս և այն տեղերը, որոնց հետ կապված էին ամբողջ ավանդություններ: Կղզին բոլորովին մերկ էր և ցամաք. բացի դեղին և նարնջագույն անթառամ ծաղիկներից և անտերև ավելուկներից, մի այլ դալար բույս չէինք տեսնում: Նրա բնակիչները հոգ չէին տարել մի քանի ծառեր անգամ տնկել այստեղ: Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև ջրի աղբյուրներ կային: Գոնե իրանց համար հոգ տանեին ճգնավորները, չէ՞ որ նրանցից շատերը կերակրվում էին միայն բույսերով, իսկ այդ անապատը բոլորովին զուրկ էր բուսականությունից:
Ոչ ոք չէր երևում: Կարծես թռչուններն անգամ փախել էին այստեղից: Միայն հեռվից նշմարեցինք մի կիսամերկ անձնավորություն, խառնված մորուքով և գլխի մազերով: Նա երկչոտ կերպով նայեց մեզ վրա, հետո, երկու ձեռքով աչքերը պինդ բռնելով, սկսեց փախչել և շուտով անհայտացավ ժայռերի մեջ:
– Ո՞վ էր նա, – հարցրի նավաստիից:
– Ճգնավոր էր, – պատասխանեց նա մի առանձին ջերմեռանդությամբ:
Մենք այլևս հեռու չգնացինք, չկամենալով խանգարել նրանց հանգստությունը :
– Ինչո՞ւ փախավ նա, երբ որ մեզ տեսավ, – դարձյալ հարցրի ես նավաստիից:
– Մեղավոր մարդու երեսը նրանք չեն ուզում տեսնել, – պատասխանեց նավաստին:
Ես, ուղիղն ասած, եթե ոչ երկյուղ, բայց մի անբացատրելի թախիծ ու տրտմություն էի զգում այդ մարդկանց հանդիպելիս, այդ էր պատճառը, որ կամեցա շուտով վերադառնալ մեր խուցը: Նավաստին դարձյալ գնաց կղզու ափերի մոտ թափառելու:
Ասլանին չգտա մեր իջևանում. նա դեռ չէր վերադարձել վանահոր խուցից: Ի՞նչ կար, որ այդքան ուշացավ նա: Ես չեմ կարծում, որ հայր սուրբը որևիցե բանով նրան հյուրասիրած լիներ: Մի ամբողջ ժամ ևս անցավ, երբ նա եկավ: Ի՞նչ էր խոսացել այնտեղ, կամ ինչո՞ւ այդքան ուշացավ, այդ մասին նա ինձ ոչինչ չպատմեց, բայց ես նկատեցի, որ նա բավական դժգոհ էր: Գլխարկը բարկությամբ մի կողմ նետեց և պառկեց կապերտի կտորի վրա, ինքն իրան խոսելով. «Այդ ապուշներից ոչինչ չէ կարելի սպասել»…
Նա աչքերը խփեց և լուռ կացավ: Ես կարծեցի, որ քնեց: Չկամենալով խանգարել նրան, դուրս եկա խուցից, նստեցի պատի մոտ մի քարի վրա և սկսեցի նայել դեպի ծովը: Այդ միջոցին ինձ մոտ եկավ աբեղան, որին հանձնված էր հոգ տանել մեր մասին: Նա դեռ երիտասարդ էր, և այդ հասակում նրա մազերը մեծ մասամբ սպիտակել էին:
– Դուք, երևի, այդ ծովի շրջակայքիցն եք, – հարցրի նրանից:
–Ոչ, հեռվից եմ, շատ հեռվից, – պատասխանեց նա մի առանձին տխրությամբ:
– Ո՞րտեղից:
– Հին Նախիջևանի կողմերից:
– Ձեր ծնողներից նամակ ստանո՞ւմ եք:
– Իմ ծնողները չգիտեն, որ ես այստեղ եմ:
– Ի՞նչպես չգիտեն:
– Ես ծածուկ փախա մեր տանից, որ ծնողներս չարգելեն:
– Ի՞նչպես ծագեց ձեր մեջ այդ միտքը:
–Մեր տան քահանան, երբ հորս մոտ էր գալիս, շատ անգամ պատմում էր անապատների մասին, ճգնավորների մասին, ես լսում էի և այնքան գրավվեցա, որ մտածեցի թողնել մեղավոր աշխարհը և մտնել անապատը:
Ես իսկույն մտաբերեցի իմ վարժապետ տեր Թոդիկին, նա ևս մի ժամանակ ինձ խելքից հանել էր, ճգնավորների մասին զանազան հրաշքներ պատմելով:
– Դուք չ՞եք մտածում մի անգամ գոնե գնալ ձեր ծնողներին տեսնելու:
– Այդ անապատը մտնողը այլևս իրավունք չունի դուրս գալու կղզուց. այստեղ մնում է, ծերանում է և այստեղ էլ մեռնում է…
Վերջին խոսքերը արտասանեց աբեղան մի առանձին զգացմունքով, որի մեջ նշմարվում էր կարոտյալ սրտի թախիծը: Ես փոխեցի իմ խոսքը.
– Ասացեք, խնդրեմ, հիմա այդ կղզում կա՞ն այնպիսի ճգնավորներ, որ հրաշքներ գործեին:
– Առաջ եղել են:
– Ինչո՞ւ հիմա չկան: