Kitabı oku: «Ողտյան միանձնուհի», sayfa 4

Yazı tipi:

– «Ի՞նչ գեղեցի՜կ է այստեղ, Օսեփ, – ասաց նա լի բանաստեղծական ոգևորությամբ, – ի՞նչու չլինել մեզ մի զույգ անտառային եղջերուներից և բնակվել միշտ այդ սարերի, այդ ձորերի և այդ ծառերի լռության մեջ…: Անասուններն այստեղ ավելի երջանիկ են, քան թե մենք մեր շքեղազարդ դահլիճներում… Այստեղ, այս ծառերի սրբազան լռության մեջ՝ մայրերը չեն խանգարում իրանց ձագերի ոչ սերը, ոչ նրանց ծիծաղը և ոչ արտասուքը: Այստեղ մի սրբարան է, Օսեփ, ուր սերը կարող է ազատ կերպով պաշտվիլ…

«Ես ապշեցա, և ավելի պարզ ասած, մինչ այն աստիճան հիմարացա, որ մի բառ անգամ չկարողացա գտնել պատասխանելու իմ սիրուհուն: Միայն գլուխս նրա գիրկը դրած, նրա ձեռքերը ստեպ-ստեպ սեղմում էի շրթունքիս վրա:

«Աննկատելի կերպով անցել էր գիշերը: Մենք այդ կախարդական մոռացության մեջ անցուցել էինք մի քանի ժամեր, ժամե՛ր, որոնց ամեն մի րոպեին այժմ կյանքս կզոհի…

«Հանկարծ թփերի միջից լսելի եղավ խշխշոց, դա նման էր բարակ զգեստի սոսափյունին:

– «Այստեղ ի՞նչ եք շինում», – լսելի եղավ մի ձայն:

«Դա Սոնայի մոր ձայնն էր…: Կայծակի հարվածքն այնքան սարսափելի չէր կարող լինել, քան թե այդ զարհուրելի ձայնը:

«Երևում էր, տիկինն երկար լսում էր մեզ:

«Ես բոլորովին քարացա: Օրիորդն ամենևին չկորցրեց յուր արիությունը: Նա ընկավ յուր մոր ոտքերը և նրա արտասվալի հեկեկանքի միջից լսելի եղան այդ խոսքերը «Մայր իմ, մի՜ բարկացիր, ես սիրում եմ Օսեփին…

«Տիկնոջ դեմքն այնքան ահարկու էր, որպես կատաղած գազանի կերպարանքը: Այսուամենայնիվ, նա զսպեց յուր բարկությունը և հրամայեց մեզ տուն դառնալ:

«Արշալույսր դեռ նոր սկսել էր շառագուն ել: Մենք անցուցել էինք ամբողջ գիշերն անտառում…

«Օրիորդը, գլուխը քարշ ձգած, սկսեց դիմել դեպի տուն: Ես այլևս չհամարձակվեցա առնել նրա թևքը, թեև տեսնում էի, որ նրա մեջ շրջելու ուժ չէր մնացել…

Զ

«Սեպտեմբերի վերջին շաբաթները մոտեցել էին: Ցուրտն օրըստօրե դառնում էր զգալի, երկինքը թխպոտում էր և օրերն անցնում էին մռայլոտ և անձրևաբեր:

«Ամառանոցի կյանքը կորցրեց յուր վայելչությունը:

«Մենք վերադարձանք քաղաք:

«Ես միշտ սպասում էի, որ տիկինը վերջին անցքից հետո ինձանից բացատրություններ կպահանջե, բայց նա միշտ լուռ էր և այդ խորհրդավոր լռության մեջ ծածկված էր մի սարսափելի խորամանկություն: Հին վարպետուհին արդեն զինվորված էր հնարագիտության բոլոր զենքերով, զենքերով, որոնք պետք է խորտակեին և ոչնչացնեին իմ և Սոնայի բախտը…

«Տիկինն այնքան համբերող էր, որ ոչինչ չհայտնեց յուր ամուսնուն իմ և Սոնայի սիրահարությանց մասին: Եվ ես ու օրիորդը մեր կողմից այնքան համարձակություն չունեցանք պարզապես խոստովանելու տիկնոջ ամուսնուն մեր սերը: Ի՛նչ պետք էր արած: Իմ դրությունը հետզհետե դառնում էր անտանելի: Այդ տանջանքից ազատվելու հնարը գտա միայն վարժապետությունիցս հրաժարական տալու մեջ: Թեև այդ խիստ ցավալի ներգործություն ունեցավ Սոնայի վրա, բայց ուրիշ ճար չկար, ես պետք է հեռանայի նրանից, պետք է հեռանայի, գուցե կարողանայի ազատվել նրա մոր որոգայթներից…

«Ես չմոռացա Սոնային և մոռանալ ևս կարող չէի, որովհետև նրա սիրո հետ կապված էր իմ կենդանությունը: Բայց ցավալին այն էր, որ օրիորդն այնուհետև եղավ ինձ անմատչելի. ես այլևս նրան տեսնել չկարողացա:

«Ամբողջ մի քանի շաբաթ ես նրանից տեղեկություն չունեի: Իմ անհանգստությանը չափ չկար: Ամեն օր անցնում էի այն լուսամուտի առջևից, որտեղից օրիորդը սովորաբար դեպի փողոցը նայել կսիրեր, բայց մի անգամ ևս չկարողացա տեսնել նրան:

«Իմ մտատանջությունն ավելի սաստկանում էր, ես հավատացրի ինձ, թե նա անպատճառ հիվանդացած պետք է լինի: Բայց ո՛րքան ուրախացա, երբ մի օր օրիորդի սպասուհին ինձ մոտ եկավ: Առաջին հարցմունքն, որ արեցի նրանից, էր Սոնայի առողջության մասին: Սպասուհին փոխանակ պատասխանելու, տվեց ինձ մի նամակ: Դա նրա գրածն էր: Ես երեխայի նման սկսեցի ուրախանալ: Աղախինը զարմանալով նայում էր ինձ վրա:

«Անհամբերությամբ աչքերս վազեցրի նամակի տողերի վրա, հանկարծ սարսափեցա, իմ բոլոր ուշադրությունը տրտմության փոխվեցավ:

«Ես ինձ հետ չունեմ այն գուժաբեր նամակը, պարոն բժըշկապետ, բայց մինչև այսօր, գուցե մինչև մահ նրա ամեն մի տողն անգամ ես չեմ մոռանա…

«Օրիորդը ցավալի կերպով նկարագրում էր այն դառն կսկիծն, որ պատճառեց նրան իմ բացակայությունն: Ավելացնում էր, որ բացի ինձանից ուրիշ մխիթարություն չունի, խիստ զգալի խոսքերով արտահայտում էր յուր սերը դեպի ինձ, և վերջ ի վերջո հայտնում էր, թե նրան սպառնում է մի մոտավոր վտանգ, որ կարող էր մեզ հավիտյան բաժանել միմյանցից…

«Ես բոլորովին մարեցա վերջին տողերը կարդալու միջոցին, իմ թևքերը թուլացան, և նամակն ընկավ իմ ձեռքից:

«Քառորդ ժամից հետո, երբ մի փոքր ուժ ստացա, կրկին վեր առա նամակը, կրկին կարդացի, կարծելով, թե իմ աչքերը խաբում էին ինձ: Եվ հիրավի, նամակի մեջ թողել էի մի քանի տողեր: Այն տողերի իմաստն ամբողջապես կհաղորդեմ ձեզ, պարոն բժշկապետ: – «Ա՜յս գիշեր, ա՜յս գիշեր, – գրում էր նա, – տասներկու ժամին ես կսպասեմ քեզ իմ սենյակում, ե՜կ, ազատի՜ր ինձ, աղախինս կառաջնորդե քեզ, եթե մի փոքր ուշանաս, եթե այս գիշեր չտեսնվինք, ես հավիտյան կորած եմ քեզ համար»…:

«Իմ սարսափը մի փոքր մեղմացավ այն հուսով, որ ես կրկին պետք է տեսնեի Սոնային: Նրա սպասուհի աղջկա հետ բոլոր պարմանները կապեցինք, որոշեցինք տեղն, ուր կարող էինք հանդիպել միմյանց: Նա հեռացավ, ես անհամբերությամբ սպասում էի նշանակյալ ժամին»: