Kitabı oku: «Սալբի», sayfa 21

Yazı tipi:

– Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից, – ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը:

Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացան– մինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին:

– Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը, – ասաց խանը, – ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:

– Ես ինքս մնացել եմ շվարած, – պատասխանեց մելիքը հուսահատությամբ. – տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:

– Ի՞նչ պետք է արած, – դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ:

– Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած:

Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից:

Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ: Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ) – յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու: Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել:

Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել: Նա հրամայեց, որ ներս թողուն:

Ներքինին դորա բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.

«Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես: Բավական չէ՞, որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը: Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր ու դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել»:

Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունը «Դուրի-Դարիա»:

Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն. – ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա:

– Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ, – կրկնեց ներքինին: – Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին. այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանմները կբարկանան դրանով:

Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին: Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փոխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան:

Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը…:

ԼԷ
ՄԱՏՆՈԻԹՅՈՒՆ

Այն ժամուն, երբ բոլոր Ծաղկավանը աղմկալի խռովության մեջ էր – խանի մասին, երբ ձայն դուրս եկավ, թե օրիորդ Սալբիին տարան, պարոն Ռուստամին սպանեցին, – տեր-Առաքելենց տանում ոչ ոք չէր մնացած. նրա մայրը, հայրը և բոլոր ընտանիքը՝ հավաքված Ավազակենց տանում, լաց էին լինում: Այդ ցավալի ժամուն Ռես Վասակյանը դևի նման սողաց պարոն Ռուստամի առանձնասենյակում: Նա առանց ժամանակ կորցնելու մոտեցավ ահագին փայտյա արկղին, որ պարոն Ռուստամի թղթերու պահարանն էր: Նա դուրս բերավ ջիբից մի շարք բանալիներ, մի քանիսը փոփոխելով, ապա բաց արեց արկղը և սկսեց ուշադրությամբ քրքրել թղթերը: Նրանց միջից նա վեր առավ երկու մեծ տետրակներ, մինը՝ պարոն Ռուստամի «Հիշատակարանը», մյուսը՝ «Ազատ ժամեր» մակագրությամբ, որ պարունակում էր նրա բոլոր տաղաչափությունները: Այդ երկու տետրակները իրան հետ վեր առնելով Ռեսը զգուշությամբ փակեց արկղը, դուրս ելավ սենյակից և աներևութացավ Ծաղկավանի նույն ժամուն անմարդաբնակ փողոցների մեջ:

Նույն օրվա երեկոյան պահուն մելիքը Ռես Վասակյանի հետ ձիով գնում էին դեպի խանի ամրոցը: Նրանք հասան, ձիերը պահ տվին ախոռապանին, մտան ամրոցը: Բոլոր ամրոցը վառվում էր ճոխությունից, արևի վերջալույսը, խաղալով պատուհանների գույնզգույն ապակիների հետ, ձևացնում էր հազարավոր կախարդական գունավորություններ: Շատրվանները փողփողում էին հայելվո նման, ջուրը բարձրանում էր անհամեմատ բարձրությամբ, սենյակներից լսելի էին լինում զանազան եղանակներով երգերի և նվագարանների ներդաշնակություններ:

Նրանք մանկլավիկներից մեկին հայտնեցին, որ խանին իմաց տան իրանց մասին և շուտով ընդունվեցան մի առանձին սենյակում դրսի բակում: Շուտով հայտնվեցավ նրանց մոտ և խանը:

– Բարով եք եկել, քյոխվաներ, – ասաց նա:

Նրանք մինչև գետին խոնարհվեցան, երկրպագություն տվեցին և կանգնեցան ոտքի վրա:

Ասես թե, խանը այսօր մի առանձին ակնկալություն ուներ այդ երկու անձերից, նա խոսում էր նրանց հետ սիրով և մինչև անգամ հրամայեց նստեցան յուր մոտ: Այդ պատիվը նրա կյանքում նրանից չէր վայելած ոչ մի հայ մարդ: Այնուհետև հրամայեց ծառաներին հեռանան և ոչ ոք չթողնեն իրանց մոտ:

– Ռես, բերե՞լ եք այն թղթերը, – հարցրուց խանը:

– Հրամեր եք, խան, – պատասխանեց նա:

Եվ Ռեսը դրեց խանի առջև երկու մեծ տետրակները – «Ազատ ժամեր» և «Հիշատակարանը»:

– Ի՞նչ են գրված այդ տետրակների մեջ, – հարցրուց խանը թերթելով նրանց:

– Երկար քննություններ հարկավոր չեն, որ դուք հասկանաք այդ գրվածքների միաքը և հեղինակի գաղափարները, – ասաց պարոն Վասակյանը: – Միմիայն դուք կարդալով մի ոտանավոր, որ ես թարգմանել եմ «Ազատ ժամեր» կոչված տաղաչափություններից, կարող եք հասկանալ, թե ինչ հոգվո տեր մարդ է դրանց հեղինակը:

Եվ պարոն Վասակյանը տվեց խանին պարսկերեն թարգմանյալ հետևյալ ոտանավորը.

 
Երանի մի ժամ, երանի մի օր՝
Գեթ ես լինեի անմահ թագավոր,
Սուրբ Մասիս յուր գլուխը
Խոնարհեցներ ինձ աթոռ:
 
 
Ախ թե մի րոպե… գուցե մի վայրկյան
Ձեռումս կրեի տիրոջ գավազան:
Ամպերու վրա
Դնեի ես գահ,
Երկինք-երկիր
Դողացներ իմ ահ:
Գոռայի բոցով, որոտ-կայծակով.
Հայոց քաջերը զարթնեին շուտով,
Սուրբ բղբղային, նիզակք խաղային,
Վառոդք կապարած կարկուտ տեղային:
 
 
Գլխով, լեշով լցնեի
Արարատյան ձոր ու փոս.
Երեսը դաշտին ներկեի
Խոխոջներով կարմրահոս:
 
 
Հա՜յր Երասխ, ալիքներդ
Հրճվելով խազ առնեին.
Մեր թշնամյաց լեշերով`
Մասսի կուրծքը զարդարեին.
Մեր թշնամյաց արյունով՝
Նորա թշեր ներկեին:
 
 
Հիմքից դեպ վեր շրջեի
Արյունախում....
 
 
Ինտոս գետի ափի մոտ՝
Հաղթության դնեի արձան:
 
 
Ոտքի տակ ես փշրեի՝
Պահանջեի որդիքս,
Որքան կուլ տվեց անհագ.
Ժողովեի հայ ազգը՝
Իմ հաղթող դրոշիս տակ:
 
 
Հայոց փշրված քաղաքներ
Վեր կանգնեի փառավոր,
…ծովի ափի մոտ
Ես դնեի իմ աթոռ:
 
 
Ռուբինյան վեհ թագը,
Անփշելին գավազան
Թող հովվեր հայոց ազգը
Միշտ, անփոփոխ, անսասան:
 
 
Ո՛հ, լռվեցեք, տխուր մտքեր
Իմ հոգվույս մեջ դուք անշարժ,
Այդ մեծ բախտը, այդ սուրբ օրեր՝
Հայի ճակտին չե՛ն գրված…:
 

– Արդարև, այդ մարդը հասարակ մարդերի կարգից չէ, – կրկնեց խանը կարդալը վերջացնելով: – Այդ մարդը մի վտանգավոր մարդ է:

– Մինչև հիմա ձեզ ասում էի, դուք չէիք հավատում, – խոսեց մելիքը. – բայց այսօր ձեր աչքով տեսաք նրա գործքը, ձեր ականջով լսեցիք նրա խոսքերը, և այդ թունավոր գրվածքները ցույց են տալիս նրա զարհուրելի մտքերը:

– Արդարև, դա վտանգավոր մարդ է, – դարձյալ կրկնեց խանը:

– Այդ մարդը, ոչ թե լոկ խոսքերով քամիներ է փչում, – պատասխանեց Ռեսը, – այլ նա աշխատում է յուր չար մտքերը կատարելագործել և գործով: Այս տարի նա սարում գտել է իրանց սրտակից բարբարոսների մի մեծ բազմություն, որոնց մեջ կան մոտ հազար հոգու չափ պատերազմող տղամարդիկ, որոնք, իրանց անպարտելի քաջությամբ և հաջողությամբ կռվի մեջ, կարող են նվաճել մի մեծ թագավորություն: Որպես ինձ հայտնի եղավ ստույգ տեղեկություններից, այդ բարբարոսների հետ, նա միաբանվել է` հարձակվիլ ձեզ վրա, տիրել Զարեհավանը և հաստատել այստեղ իրան համար անկախ տերություն:

– Ուղղո՞րդ – հարցրուց խանը զարհուրելով:

– Ճշմարիտ, այդպես է, – վկայեց մելիքը: – Բացի այն բարբարոսներից և Զարեհավանի հայերից շատերը միաբանվել են նրա հետ:

– Իհարկե, և զարեհավանցիները նրա հետ կմիաբանվեին, – նրա խոսքը կտրեց Ռեսը: – Որովհետև այդ մարդը միշտ և անդադար քարոզում է ազատություն… ազատություն… ազատություն…: Թե հայոց ազգը յուր հատուկ իշխանությունը և յուր հայրենի երկիրը պիտի ունենա, թե պետք չէ ծառայել ուրիշ ազգերին, և թե ամեն մի հայ պիտի սիրե յուր կրոնը, լեզուն, գրականությունը և յուր հայրենի հողն ու ջուրը: Նա խաբում է բոլորին, ասելով, թե հայերն էլ մի ժամանակ ունեին տերություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ, և թե այդ հողը, որի վրա տիրում է – նրա խոսքով – բռնակալի գավազանը, մեր հոր տունն է, մեր պապերի բնակարանն է:

– Դուք ի՞նչպես եք մտածում, – հարցրուց խանը:

– Մենք մեր աչքերը բաց ենք արել, մեզ ձեզ ծառա ենք տեսել, – խոսեց մելիքը: – Մենք այսքան գիտենք, որ հայ ազգը, սկզբանե մինչև այսօր ապրում է ուրիշի հրամանի տակ: Այդ պատճառով, մենք և մեր որդիները, որքան կենդանի ենք, ուրախ ենք միշտ ընդունել ձեր կարող ձեռքի հովանավորությունը: Այդ խոսքերը, որ նա խոսում է, այդ ոտանավորները, որ նա գրում է, խանգարված երևակայության ցնորքներ են, փտած գլխի մտածմունքներ: Մեր ականջները միշտ փակ են այդ մոլորությունները լսելու, մենք միշտ պատրաստ ենք ձեզ հնազանդությամբ ծառայելու:

– Շատ լավ… – կրկնեց խանը: – Ես հասկացա բոլորը…: Ես կմտածեմ դրա ճարը…: Միայն դուք ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը օրիորդ Սալբիի մասին, մինչև այժմ ես չեմ կարողանում հասկանալ այդ օրվա գաղտնիքը… այդ ղարաչի կինը զարհուրեցնում է ինձ:

Պարոն Վասակյանը չուզեց այդ հարցմունքին պատասխան տալ: Որովհետև մելիքի կամքը, օրիորդ Սալբին խանի ձեռքը գցելու, բոլորովին նրան ընդդեմ լինելով, չէր կամենում այս առարկայիս վրա զրույց լինի: Բայց մելիքը ասաց.

– Այն զարհուրելի ղարաչի կինը միևնույն օրիորդ Սալբին էր, միայն կերպարանափոխված, որովհետև այդ դևի կաթ ծծած աղջիկը մի կատարյալ կախարդ է, նրան դյուրին է ընդունել ամեն կերպարանքներ և հարկավորված ժամանակ աներևութանալ:

Մելիքի պատասխանը, յուր սրտին խիստ մոտիկ լինելով, Ռեսը շուտով ուզեց հետևցնել նրանից մի ուրիշ եզրակացություն, թե մի կախարդ կին անվայել էր խանին, ասելով. – ճշմարիտ է խոսում մելիքը, խան, այդ աղջիկը կատարյալ կախարդ է. նա ուսել է այդ արհեստը պարոն Աշխարունու վարժարանում, ուր սովորեցնում են կատարյալ կախարդություն: Եվ այդ վարժարանի մասին պետք է ձեզ անհոգ չլինել, որովհետև այդ աղբյուրից բխում են այդ բոլոր չարությունները…: Բայց թող մնա այդ, խոսքը փոխեց նա, վարժարանի համար կմտածենք հետո…: Բայց այժմ, եթե կընդունեք ծառայիդ անկեղծ խորհուրդը, և ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին:

– Ո՜չ, ո՜չ, – նրա խոսքը կտրեց մելիքը. – սկսյալ մեր պապերից, խաները միշտ իրավունք են ունեցել մեր ազգի գեղեցիկ աղջիկներով զարդարել իրանց հարեմատունը. բոլորովին անխելքություն է մի այդպիսի սիրունը բաց թողնել:

Մելիքի խոսքերի մի փոքր ռոմանական ձևը, շարժելով խանի հեշտախտությունը, խոսեց նա. – ես երբեք բաց չեմ թողնելու օրիորդ Սալբին, մի անգամ տեսել եմ նրան դաշտում որսորդությանս ժամանակ, և մինչ այսօր նրա սիրուն պատկերը չէ հեռանում իմ աչքերի առջևից:

Ռեսը լռեց, երբ նկատեց նրանց երկուսի կամքը միացան, բայց նա յուր հնարագիտությունից վստահ էր, թե օրիորդ Սալբիին չէ թողնելու, բացի Սոլոմոն՜բեկից, գրկե մի այլ մարդ:

– Ի՞նչ պետք է արած օրիորդի մասին, – հարցրուց խանը:

– Ես կասեմ թե ինչ պետք է արած, միայն դրա ժամանակն չէ, – պատասխանեց մելիքը. – որովհետև, քանի այդ մարդը ապրում է մեր երկրի մեջ, դժվար է հափշտակել նրա ձեռքից նրա սիրուհին. դուք մտածեցեք նրա կորուստը, այնուհետև օրիորդը ձերն է:

Դուրս գալով խանի տանից, ճանապարհում մելիքին ասաց Ռեսը. – Աղա, դուք իզուր մտածում եք օրիորդ Սալբին տալ խանին, որովհետև այդ մի օրինավոր հնարք չէ, ձեր որդու սերը նրանից հեռացնելու:

– Ինչո՞ւ, – հարցրուց մելիքը բարկությամբ:

– Ներեցեք, խնդրեմ, որ մի քիչ երկար կամենում եմ պատասխանել ձեր ինչուին, – խոսեց խաբեբան յուր սովորական կոկ ոճով: – Այն մի իրողություն, որ կամենում ենք գործել մենք, պետք է հառաջագույն մտածել, թե ի՞նչ խոսելու է դրա վրա հասարակաց լեզուն, կամ ի՞նչպես նայում է դրա վրա հասարակաց աչքը, ամենևին տեղի չտալով վատ կարծիքների և չար բամբասանքների: Բայց մի այդպիսի իրողություն, որով դուք մտածել եք հեռացնել ձեր որդու սերը մի աղքատ աղջկանից, ոչ միայն հեռու չէ կացուցանում ձեր անձը ժողովրդի չար վատաբանությունից, այլև կոտրում է ձեր պատիվը և համարումը:

Հասնելով տունը մելիքը, հանկարծ նրա սենյակը մտավ Սոլոմոն-բեկը, քանի օրվա հիվանդությունից բոլորովին նիհարացած և տկարացած, ընկնելով հոր ոտքերը, նա ասաց. – հայր, ողորմություն արեք, լսեցեք ձեր որդու աղաչանքը, այդ ի՞նչ մտածմունք է, որով դուք կամեցել եք իմ պատճառով կորուսանել օրիորդ Սալբին: Դուք չե՞ք իմանում, ես սիրում եմ նրան, այո, մի կատաղի և ցնորված սիրով: Երբ նա ինձ համար չկա, և իմ կյանքը նրա հետ կորած է: Երբ դուք մտադիր եք նրան մատնել խանի ձեռքը, լավ է, հառաջագույն սպանեք ինձ. թող իմ աչքերս չտեսնեն այդպիսի դժբախտություն:

Ասիացի ծնողք չեն կարող առանց բարկության լսել իրանց որդիների և աղջիկների անկեղծ խոստովանությունը սիրո մասին: Վերջին աստիճանի անհամեստություն համարելով յուր որդու խոսքերը, կոչեց մելիքը գազանաբար. – Ձայնդ կտրիր, հիմար, դու ցնորված ես, դու գժված ես, եթե երկար կխոսիս այդպիսի բաներ` քեզ կարտաքսեմ իմ տանից, զրկելով բոլոր ժառանգությունից:

– Ես բոլոր հոժարությամբ կամեի զրկվիլ աշխարհի ամեն փառքերից, ամեն հարստությունից, բայց օրիորդ Սալբիից ոչ երբեք, – ասաց Սոլոմոն-բեկը և դուրս եկավ հոր սենյակից:

Ռես Վասակյանը, նույն գիշեր, անգիտելի է, թե ինչ խորհրդով, մնաց Ավազակենց տունը. հանդիպելով հուսահատված և սիրտը կոտրված Աոլոմոն-բեկին, ասաց. – Ձեզ պետք չէր առանց իմ խորհրդին խոսիլ ձեր հոր հետ՝ ձեր սիրո մասին. ես միշտ խրատել եմ ձեզ հետևիլ իմ կանոններին:

Գիշերից բավական անցել էր: Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանում, յուր սիրականի հետ նստած, խոսում էին այն օրվա անցքի մասին: Պարոն Ռուստամը զարմանալով հիշում էր ղարաչի կինը և հետաքրքրությամբ հարցնում էր օրիորդից նրա մասին: Բայց օրիորդ Սալբին չուզեց նրան հայտնել և ոչ մի բառ Խլվլիկի մասին, որ աներևութացնելով օրիորդը, առել էր ղարաչու կերպարանք:

– Այլևս ժամանակ կորցնել հարկավոր չէ, – ասաց պարոն Ռուստամը յուր ճանապարհի պիտույքները խուրջիններում հավաքելով. – երեք ժամ լուսաբացին մնացած, Սալբի, դուք պատրաստ եղեք գյուղիցը դուրս, ավերված ջրաղացի մոտ. մենք այնտեղ կհանդիպենք միմյանց. ձեզ համար առանձին ձի կբերեմ. այնտեղից մենք երեք հոգի ճանապարհ կընկնինք, ես, դու և մեր Խաչոն:

– Շատ լավ, – պատասխանեց օրիորդը:

– Միայն դուք փոխեք ձեր զգեստը, հագնվեցեք տղամարդի ձևով, վեր առեք ձեր զենքերը և այն մորուքավոր դիմակը դրեք ձեր երեսին:

– Շատ լավ, – կրկնեց դարձյալ օրիորդը: – Բայց իմ վառոդը սակավ է, տվեք ինձ մի փոքր վառոդ և մի քանի գնդակներ:

– Առ քեզ, – ասաց պարոն Ռուստամը, տալով նրան մի աման լի վառոդով և գնդակներ: – Եթե կամենում եք, Խաչոյին առաջագույն կուղարկեմ ձեզ մոտ, որ շալակե ձեր ճանապարհի մթերքը և հասցնե մինչև ավեր ջրաղացը գյուղից դուրս:

– Պետք չէ, ես ինքս կշալակեմ իմ ճանապարհի պիտույքը և կհասցնեմ մինչև նշանակյալ տեղը: Այսուհետև պետք է մեր անձը սովորեցնել դժվարություններին…:

– Դե, գնացեք, ժամանակը կորչում է, լսեցի՞ք ինչ ասացի ձեզ:

– Հա, մնաք բարյավ:

– Օրիորդը հեռացավ

Ներս մտավ Խաչոն:

– Իմ բարեկամ, – ասաց նրան պարոն Ռուստամը, – լուսաբացին չորս ժամ մնացած ձիաներին գարի տուր, թամքիր, որովհետև երեք ժամ մնացած լուսանալուն մենք պիտի ավերված ջրաղացի մոտից ճանապարհ ընկնինք:

– Հրամեր եք, – ասաց ծառան:

– Դուք մի քնեք, բայց և մի մոռանաք ինձ շուտ զարթեցնել, ես կամիմ մի փոքր հանգստանալ:

– Լսում եմ, աղա:

Պարոն Ռուստամը, յուր ճանապարհորդության բոլոր պատրաստությունները կարգի դնելեն հետո, որովհետև այն օրը խիստ շատ հոգնած էր, այնպես յուր ճանապարհի զգեստով գլուխը բարձին դրեց, չուշացավ և քունը շուտով թափեց նրա վրա յուր թմրության բաժակը:

Բայց երանի թե նա քնած չլիներ… այդ դժբախտ քունը պատճառ եղավ նրա կորստյան: Հանկարծ մի քանի հոգի մտան նրա սենյակը, և գտնելով նրան բոլորովին անզգա քնած, հափշտակեցին նրան յուր մահճի միջից…:

Հասավ նշանակյալ ժամը: Օրիորդ Սալբին միայնակ սպասում էր ավեր ջրաղացի մոտ: Այնքան երկար սպասեց նա, մինչև արևը ցոլացրուց յուր ճառագայթները նրա երեսի վրա, բայց տակավին պարոն Ռուստամը չեկավ…:

Հետ դառնալով դեպի գյուղը, նա տեսավ բոլոր գյուղացիները հավաքված տեր-Առաքելենց դռանը: Խղճալի օրիորդը իսկույն հասկացավ, թե պատահել է մի օտարոտի անցք: Հասնելով ծերուհի Մկրտչի տունը, օրիորդ նազանին արտասուքը աչքերում, պատմեց նրան. – Գիտե՞ք ինչ է պատահել, Սալբի, այս գիշեր պարոն Ռուստամին հափշտակել են յուր սենյակից. գյուղացիները նրա արյունոտ հագուստը գտել են հեռու, Աղվանա սարերում…:

Կայծակի հարված ունեցավ այդ բոթաբեր լուրը խեղճ օրիորդի սրտին, նա շփոթվեցավ… խելքից գնաց… ուշաթափ եղավ…

 
Աստված իմ, աստված, բարերար աստված,
Ամեն քաղցրության լեղի՞ ես խառնած.
Աստված իմ հզոր, միշտ հանապազօր`
Խավա՞ր պիտ անես անմեղներու օր:
 
 
Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝
Բար օր տեսնելու՝ չունենա չարա:
Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,
Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն:
 
 
Ափսոս չէ՞ վարդը. – սիրուն զվարթը.
Դեղնի, թառամի, – ծաղկոցի զարդը.
Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,
Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան:
 
 
Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար
Չարը խափանիր, բարվույն խնամք տար:
Երբ որ սատանան` առանձին բնություն,
Ես դորան կասեմ. – անիրավություն…
 
Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
360 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467017
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

Bu kitabı okuyanlar şunları da okudu