Kitabı oku: «Զահրումար», sayfa 9

Yazı tipi:

Ի

Հացի-Գելենց կացարանը Կոջորում մի բլրակի գագաթի վրա էր: Նա յուր բարձր դրությամբ կարծես թե իշխում էր յուր գեղեցիկ շրջակայքին: Նրա չորեքկողմում, ուր և նայում էիր, պատկերանում էին հիանալի տեսարաններ – մի կողմում կանաչազարդ հովիտներ, խոտավետ արոտամարգեր, որոնց մեջ արածող չորքոտանիք հրաշալի երևույթներ էին ձևակերպում, մի այլ կողմում՝ թփապատ բլրակներ, անտառախիտ լեռներ, իրանց գագաթների բարձրությամբ նկարվելով երկնքի կապուտակության մեջ, հանդիսացնում էին սքանչելի պատկերներ: Մի այլ տեղ մշակված դաշտերում երկրագործը, յուր սովորական երգը երգելով, հերկում էր գետինը:

Այդ բոլոր հիանալի տեսարանները, այդպես շքեղաբար միախառնվելով միմյանց հետ, հանդիսանում էին կովկասյան հրաշալի բնության գեղապատկերը:

Փոքրիկ տունը, ուր կենում էին Հացի-Գելենք, հովանավորված էր ծառերի անթափանցիկ ստվերի ետև: Նրա բակի պարտեզը` զարդարված ծաղիկներով և վայրի ծառերով, տալիս էր այդ գեղեցիկ բնակարանին առանձին բանաստեղծական շքեղություն:

Արևի ոսկեզօծը դեռ նոր փողփողում էր լեռների կանաչազարդ կատարների վրա. օդը, արբած գիշերային զովությամբ, բուրում էր անուշահոտություն: Երգող թռչունները բարձր և բարձր հնչեցնում էին իրանց առավոտյան տաղերգություններր:

Գեղեցիկ ամառային առավոտ էր:

Բաց լուսամուտի հանդեպ – խորին մտահուզության մեջ, նրստած էր օրիորդ Սոֆին և նայում էր դեպի գեղեցկազարդ հեռուն: Նա նայեց, երկար նայեց և բնության այդ գեղարվեստ պատկերները ծնեցին նրա հոգում հազարավոր զվարճալի զգացմունքներ:

Նրա մոտ, բոլորովին զմայլած օրիորդի էշխով, նստած էր Մայիլովը:

Այդ օրը արշալույսն այնպես վարդագեղ ներկելով յուր դեմքը, կարծես թե մրցել էր կամենում օրիորդի թշերի ալ գույնի հետ, որ իբրև գեղեցկության դիցուհի՝ յուր սրբարանից իշխում է բնության վրա:

– Տեսնո՞ւմ ես, Նիկոլ, – ասաց նա հրճվելով, – ի՜նչ գեղեցիկ առավոտ է այսօր… Նայիր, տես թե քանի հրապուրանքով ծառերի տերևները, ծաղիկների փնջերը զարդարված առավոտյան ցողի գոհարներով, ժպտում են արևի առաջին ճառագայթների հետ:

– Այո՛, հիանալի է, – պատասխանեց պատանին՝ խորին համակրությամբ:

– Լսո՞ւմ ես, Նիկոլ, թե ի՛նչպես սոխակը անհոգ և քաղցրաձայն հնչեցնում է յուր երգը: Բնության այդ շքեղությունները, ասես թե, ոգևորում են թռչունների պոետին:

– Լսում եմ, – կարճ պատասխանեց Մայիլովը:

– Երանի՜ թե մարդ նույնպես ունենար նրա գեղեցկասեր ճաշակը, – խոսեց օրիորդը զգացված:

Օրիորդի վերջին խոսքերը մոգական ազդեցություն ունեցան պատանի Մայիլովի վրա, և նա կարծես թե զվարթացավ յուր մտավար թմրությունից:

– Դու կարծում ես մարդը չէ՞ կարող սիրել գեղեցիկը, – հարցրեց նա՝ ուղիղ օրիորդի երեսին նայելով:

– Իմ կարծիքով՝ ո՛չ այնքան… որովհետև մարդու զգացմունքները խիստ կոշտ են, – պատասխանեց օրիորդը վհատությամբ և նույն րոպեին երեսը շրջեց և սկսավ նայել դեպի հեռուն:

– Բայց ե՞ս…

– Քեզ պետք է դեռևս շատ ուսանիլ…

– Սերը արվեստական իրողություն չէ, նա ուսում չունի:

– Իրավ այդպես է, բայց մի սիրտ, որ չունի զարգացած կրքեր, նա դատարկ թմբուկ է:

– Բայց մենք ևս չնախանձենք սոխակին:

– Ի՞նչպես, – հարցրեց օրիորդը:

– Այնպես որ, եթե դու թույլ տայիր, ես այս րոպեիս կփաթաթվեյ քո պարանոցով և մի քանի համբույր կքաղեի քո թշերից, որպես սոխակը, որ այնպես տարփանքով գրկում է գեղեցիկ ծաղիկները և այնպես բորբոքված ծծում նրանց անուշահոտությունը:

Օրիորդը ժպտեցավ:

– Դու ցանկանո՞ւմ ես այդ:

– Շա՜տ…

– Կարող ես:

Եվ Մայիլովը քնքշությամբ գրկնց նրան, և երկար նրա շրթունքները չէին հեռանում օրիորդի նույն րոպեին բոցավառված թշերից:

Մյուս սենյակից լսելի եղավ ոտքի ձայն:

– Բավական է, Նիկոլ:

Ներս մտավ Մաշան:

– Այստե՞ղ եք հրամայում բերել ձեզ համար թեյ, – հարցրեց նա:

– Մայրս վե՞ր է կացել քնից, – հարցրեց օրիորդ Սոֆին:

– Դեռևս ոչ:

– Ուրեմն այստեղ:

Աղախինը հեռացավ:

Ներս մտավ Գրիգոլը սուլելով և զվարթ դեմքով: Նա անփույթ կերպով ձեռք տվավ յուր դասընկերին և սկսավ դարձյալ սուլելով պտտիլ սենյակում:

– Ո՞ւր էիր, Գրիգոլ, այսպես վաղ առավոտյան, ես մի ժամ ավելի է, սպասում եմ քեզ, – հարցրեց նրանից Մայիլովը:

– Ես ամեն առավոտ արևածագից առաջ գնում եմ զբոսանքի, – պատասխանեց գիմնազիստը: – Այսպես չէ՞, Սոֆի: Պատմեմ ձեզ մի նորություն, մինչև այսօր ես ոչ ոքի չէի հանդիպել, որ ինձանից առաջ դուրս եկած լիներ զբոսանքի, բայց այսուհետև չեմ կարող հպարտանալ դրանով, որովհետև այսօր մի պարոն ինձնից առաջ էր դուրս եկել զբոսնելու:

– Ի՞նչ պարոն, – հարցրեց օրիորդը:

– Մի պարոն, Պետեբբուրգի համալսարանն ավարտած, նա նոր է եկել ամառանոց և մեզ դրացի է:

– Մեզ դրացի՞է, – հարցրեց օրիորդը:

– Այո՛, մեզ դրացի:

– Երիտասա՞րդ է:

– Նորահաս, գեղեցիկ երիտասարդ, համարյա՛ քսանևհինգ տարեկան, խիստ վայելուչ կերպով հագնված:

Վերջին խոսքերը գրգռեցին օրիորդի հետաքրքրությունը, և նա շարունակեց յուր հարցուփորձը.

– Նա խոսե՞ց քեզ հետ:

– Խոսեց:

– Ի՞նչ ասավ:

– Նա հարցրեց, թե ես որտե՞ղ եմ բնակվում. ես նրան ցույց տվի մեր կացարանը և ասացի, որ մորս և քույրերիս հետ եմ բնակվում:

– Նա մի ուրիշ խոսք չասա՞ց:

– Նա ասաց, թե ձեր քույրն ա՞յն օրիորդն է, որ այն երեկո բակում ման էր գալիս սպիտակ հագուստով. ես պատասխանեցի՝ այո՛. հետո նա ասաց, թե ես իմ լուսամատից տեսնում էի ձեզ:

– Էլ ի՞նչ ասաց, – հարցրեց օիիտրդը՝ չբավականանալով լսած տեղեկություններով:

– Էլ ի՞նչ պիտի ասեր, – մի փոքր պինդ ձայնով պատասխանեց Գրիգոլը, – ես արդեն նրա հետ մոտ ծանոթացա:

– Ինչպե՞ս, Գրիգոլ, քո հոգուն մատաղ, – դարձյալ հարցրեց օրիորդը:

– Մենք զբոսանքից դարձանք միասին, – խոսեց Գրիգոլը, – անցնելով, նրա կացարանի մոտից, նա ինձ հրավիրեց յուր մոտ. մենք միասին թեյ խմեցինք, նա խոստացավ ինձ օգնել դասերս սերտելու: Մի խոսքով՝ նա շատ ազնիվ և բարեսիրտ տղամարդ է:

Մայիլովը լուռ ականջ էր գնում քույր և եղբոր խոսակցությանը, մինչև նա տաղտկացավ լսելուց և դարձավ դեպի յուր դասընկերը՝ հարցնելով.

– Գրիգոլը, բերե՞լ ես Լերմոնտովի երրորդ հատորը:

– Ո՛չ, մոռացել եմ, տանն եմ թողել, – պատասխանեց Գրիգոլը:

– Ես ուզում էի մի անգամ ես աչքի անցնել…

– Բայց դու ասա, Գրիգոլ, – նրանց խոսակցությունը ընդհատեց օրիորդը, – ի՞նչպես է նրա ազգանունը:

– Նա ասաց յուր անունը և ազգանունը, բայց ես մոռացա, – պատասխանեց Գրիգոլը:

– Ի՜նչ մոռացկոտն ես, Գրիգոլ:

– Դե ի՞նչ ես շտապում, դու շուտով կծանոթանաս նրա հետ, ես միտք ունիմ այս երեկո հրավիրել նրան մեր տուն թեյ խմելու:

– Այո՛, շատ լավ կանես, – ուրախությամբ պատասխանեց օրիորդը: – Բայց դու ասա՛, Գբիգոլ, քանի՞ օր է, ինչ որ նա եկել է քաղաքից.

– Այս երկրորդ օրն է:

– Ուսյա՞լ մարդ է:

– Մեր դիրեկտորը նրա մոտ ինչպես մի աշակերտ:

– Հրավիրի՛ր, հրավիր՛»ր, Գրիգոլ, – համարյա հրճվանքով ասաց օրիորդ Սոֆին:

Հանկարծ ներս մտավ տիկին Բարբարեն. նա ողջունեց յուր զավակներին, նստեց և սկսեց պատմել մի երազ, որ տեսել էր այն գիշեր:

Խոսակցությունը քույր և եղբոր մեջ ընդհատվեքավ:

ԻԱ

Որքան հայտնի է մեր ընթերցողին, Հացի-Գելենք, իբրև ստորին դասակարգի մարդիկ, զուրկ էին ընտանեկան հարաբերություններից այն գերդաստանների հետ, որոնք պատկանում էին հասարակության բարձը դասին: Եվ ամառանոցի բնակիչները լինելով ըստ մեծի մասին զանազան աստիճանավորների և զանազան ազնվականների գերդաստաններ, Հացի-Գելենք զրկված էիկ ամենայն հարաբերություններից նրանց հետ, որովհետև նոր երևույթ էր քաղաքում, որ հասարակ վաճառականի ընտանիքը հանկարծ հայտնվել էր ամառանոցի շրջանում:

Այդ հանգամանքների պատճառով ամառանոցի կյանքը Հացի-Գելենց համար դեռևս մի առանձին զվարճություն չուներ. այլ, ընդհակառակն, նրանք անց էին կացնում շատ տխուր, առավելապես օրիորդ Սոֆին շատ էր տխրում, թեև պատանի Մայիլովի այցելությունները բավական մխիթարում էին նրան:

Նույն առավոտ, յուր թեթևամիտ եղբորից լսելով Պետերբուրգի համալսարանի ուսանողի մասին, օրիորդ Սոֆին անհամբերությամբ սպասում էր երեկոյին, երբ նա Գրիգոլի հրավիրելով պիտի գար իրանց տուն: Ուսանողի անունը, ուսանողի կյանքը վաղուց տպավորել էին նրա երևակայության մեջ զանազան ախորժելի գաղափարներ:

Բայց օրիորդը բոլորովին չէր հավատում յուր եղբոր խոսքերին, այդ պատճառով այն օր նա չէր հեռանում լուսամուտից, գուցե տեսներ իրանց դրացի նորեկ հյուրը, բայց նրա աշխատություններն իզուր անցան, նա ոչ մի նոր մարդ չտեսավ:

Ճաշից հետո երբ նրա մայրը գնաց քնելու, օրիորդ Սոֆին քաղցրությամբ դիմեց յուր եղբորը.

– Գրիգոլ, – հարցրեց նա, – դու երեկոյան պիտի հրավիրե՞ս այն երիտասարդին, որի մասին առավոտյան խոսում էիր:

– Անպատճառ, – պատասխանեց Գրիգոլը: – Միայն խնդրեմ, քույրիկ, լա՛վ ընդունիր իմ հյուրին:

– Անհո՛գ եղիր, – պատասխանեց օրիորդը. – միայն, Գրիգոլ, դու կանչիր ինձ մոտ փոքրավորին, որ պատվիրեմ մի քանի տեսակ մրգեղեն գնե, իսկ մուրաբեք ունինք ամեն տեսակի:

– Ա՜խ, շնորհակալ եմ քեզանից, Սոֆի, – կոչեց Գրիգոլը ուրախանալով և գրկեց յուր քրոջը և շուտով վազեց կանչելու սպասավորին:

Օրիորդ Աոֆին, տալով հարկավոր պատվերները փոքրավորին և յուր աղախնին՝ երեկոյան հյուրընկալության մասին, այն օրը յուր սովորության համեմատ չքնեցավ, այլ գնաց լուսամատի մոտ, որ նայում էր դեպի մեծ ճանապարհը և յուր մոտ կանչեց Գրիգոլին:

– Դու ասացիր այն պարոնը դեռահաս է, հա՞, – հարցրեց եղբորից օրիորդը:

– Դեռահաս է և սիրուն տղամարդ, – պատասխանեց Գրիգոլը:

– Լա՞վ է, հագնված:

– Խիստ շիկով, նրան առաջին ֆրանտը կարելի է համարել ամառանոցի բոլոր երիտասարդների մեջ:

Օրիորդը գաղտնապես հրճվում էր եղբոր նկարագրություններով:

– Ահա՛, ահա՛, Սոֆի, ահա՛ այն պարոնը, որին ես պիտի հրավիրեմ թեյի, – կոչեց Գրիգոլը՝ ցույց տալով լուսամուտից դեպի դուրս:

Արդարև օրիորդ Սոֆին տեսավ մի վայելչակազմ նորահաս երիտասարդ ամառային թեթև հագուստով, որ յուր ճկուն գավազանը ձեռքին խաղացնելով՝ անցնում էր, հազիվ լսելի, բայց մետաղի հնչման ձայնով սուլելով մի մեղեդի:

Տեսնելով անցավոր երիտասարդին՝ Գրիգոլը լուսամատից ողջունեց նրան, և նա էլ բարձրացրեց յուր հարդյա թեթև գլխարկը և շնորհալի կերպով գլուխ տվավ նրան: Նույն րոպեին օրիորդ Սոֆիի աչքին ընկան նրա ուսանողական երկայն և մետաքսի նման փափուկ մազերը, որոնք փառավորապես թափված էին նրա ուսերի վրա:

Նա անցավ, շուտով մտավ մերձակա տան բակը և համարյա վազելով բարձրացավ սանդուղքներից:

– Տեսնո՞ւմ ես, Սոֆի, ինչպիսի ծանոթ ունիմ ես, – ասաց Գրիգոլը հպարտանալով:

– Այո՛, հիանալի տղամարդ է, – պատասխանեց Սոֆին, – բայց ին՞չ լեզվով է խոսում:

– Նա առաջ ինձ հետ խոսեց հայերեն, բայց երբ տեսավ, որ չգիտեմ, հետո խոսեց ռուսերեն:

– Ափսո՜ս, որ նա խոսում է հայերեն, – ասաց օրիորդը:

Վահե Արամյան, այդպես էր կոչվում այն երիտասարդը, որին նույն օրվա երեկոյան պահուն սպասում էին Հացի-Գելենց տանը, ազնվական տոհմի որդի էր: Նա յուր տասը տարեկան հասակում որբ մնաց հորից, որ մեռավ քառասունևհինգ տարեկան՝ «ստատսկի սովետնիկի» չինով, թողնելով յուր զավակներին բավականաչափ ժառանգություն:

Նրա մայրը յուր ամուսնուց հետո խնամակալ եղավ մանուկ Վահեի կրթությանը հանձնելով նրան մի գերմանացու գիշերօթիկ վարժարան. այդտեղ պատրաստվելով՝ նա մտավ գիմնազիոնի չորրորդ դասատուն: Երեք տարուց հետո պատանի Վահեն մեծ հառաջադիմությամբ ավարտեց գիմնազիոնի դասընթացը և գնաց Պետերբուրգ: Այնտեղ նա մտավ համալսարանի արևելյան լեզվագիտության բաժինը:

Եվ պատանի ուսանողը թեև ստանում էր յուր մորից բավականաչափ արծաթ, բայց նրա համալսարանական կյանքը ո՛չ միայն չափավոր չէր, այլ հասնում էր աղքատության: Նա հագնվում էր հնամաշ, ուտում էր առանց ընտրողության, չէր կտրում եղունգները, թողնում էր երկայն մազեր, ձմեռը կենում էր ցուրտ սենյակում և միշտ խոսում էր Կեկելի ու Փեփելի վրա: Բայց նա օգնում էր խեղճ ուսանողներին և յուր վերջին կոպեկը բաժանում նրանց հետ:

Մի այդպիսի տարապայման կյանքը ո՛չ միայն չզրկեց նորահաս Արամյանին յուր ուսման հառաջադիմությունից, այլ պատճառ տվավ նրան յուր այնքան դրամական միջոցներով հեռու մնալ Պետերբուբգի հրապուրիչ զվարճալիքներից և դառնալ յուր հայրենիք մագիստրոսի դիպլոմը ծոցում: Բայց վերադառնալով Կովկաս, նա մոռացավ և՛ Կեկելը, և՛ Փեփելը. նրա հնամաշ հագուստն ստացավ փառավոր և վայելուչ ձև, և նա յուր կյանքին տվավ առավել շքեղ կերպարանք, բայց նրա մարդասեր ձեռքը երբեք չխորշեցավ աղքատներից:

Գալով յուր մայրենի քաղաք, Արամյանը չկարողացավ շուտով գտնել արժանավոր պաշտոն, և քաղաքում ձանձրանալով անգործությունից, նա դիմեց ամառանոց` գոնյա կազդուրելու առողջությունը:

Արամյանը մի օր առաջ տեսնելով օրիորդ Սոֆիին իրենց բակում, նևսկի պրոսպեկտից հեռանալուց հետո, Կովկասում նա առաջին անգամ հանդիպեցավ մի օրիորդի, որ հագնված լիներ այդպես վայելուչ կերպով և բարեձև, ինչպես մի փարիզուհի գեղաճաշակ տիկին: Եվ ցանկանալով մոտենալ նրան, նա հարկավոր համարեց նախ և առաջ գրավել Գրիգոլին, որ առաջին անգամից երևեցավ նրան թեթևամիտ, այնուհետև եղբոր միջոցով ծանոթանալ քրոջ հետ:

Նույն օրվա երեկոյան պահուն օրիորդ Սոֆին, վայելուչ կերպով հագնված, յուր մոր հետ սպասում էին Արամյանին: Պատանի Գրիգոլը ինքը անձամբ գնացել էր նրան հրավիրելու:

Արամյանը ներս մտավ՝ հասարակ, բայց պատշաճավոր հագնված. նա շնորհալի կերպով ողջունեց բոլորին, և Գրիգոլը ծանոթացրեց նրան յուր մոր և քույրերի հետ:

Ընդունելության ծեսը վերջանալուց հետո նորահաս մագիստրոսը յուր հարդյա գլխարկը դրեց պատուհանում և նստեց նրա հանդեպ, մի փոքր հեռու օրիորդ Սոֆիից և նրա մորից:

Նրանց առաջին խոսակցությունները եղան զանազան հարցուփորձեր, որ տիկին Բարբարեն սկսավ հարցնել Արամյանից, թե ե՛րբ է եկել նա Պետերբուրգից, քանի՛ տարի է այնտեղ մնացել, ի՛նչ է սովորել: Նա մի քանի բան հարցրեց նույնպես Պետերբուրգի հասարակական և այնտեղի սովորությունների մասին:

Արամյանը տալիս էր թեև կարճ, բայց նրանց համար բավական հետաքրքրական պատասխաններ: Օրիորդ Սոֆին հեռվից հրճվանքով լսում էր նրան, և Գրիգոլը նույնպես ուրախ էր յուր հյուրով:

Տիկին Բարբարեն համարյա սպառեց յուր խոսակցության բոլոր պաշարը և տեսնելով, որ յուր զրույցները այնքան էլ չեն գրավում հյուրին, և մանավանդ նրա հայերեն խոսակցության ոճը շատ էլ հասկանալի չէ իրան, մտածեց և օրիորդ Սոֆիին խառնիլ իրանց խոսակցությանը :

– Շատ ապրիս, վուրթի, – ասաց նա, – լավ իքմին է ուսումը. հորես իմ Սոֆին էլ ուսում է առի. հեստի ուրախացնում է ինձ, վուր չիմ կանա ասի:

– Օրիորդ Սոֆի՞ն, – կրկնեց Արամյանը ազնիվ ուրախություն ցուցանելով յուր դեմքի վրա:

– Ասացե՛ք խնդրեմ, – դարձավ նա դեպի օրիորդը, – ո՞րտեղ եք ավարտել դուք:

Օրիորդ Սոֆին շառագունեց, նա չգիտեր, թե ինչ է հարցնում իրանից:

Գրիգոլը հայտնեց Արամյանին, որ նրա հետ ռուսերեն խոսե…

Արամյանը միևնույն հարցը կրկնեց ռուսերեն. սակայն շատ վատ տպավորություն թողեց նրա վրա օրիորդի՝ յուր մայրենի լեզվին անտեղյակ լինելը:

– Ինստիտուտ, – պատասխանեց օրիորդը վրդովվելով:

Խոսակցությունը Արամյանի և օրիորդ Սոֆիի մեջ տևեց բավական երկար, որի միջոցում օրիորդը յուր ինստիտուտական թութակի նման մի քանի սերտած զրույցներով (ֆրազներով) թափում էր յուր բոլոր ճիգը, որքան կարելի է յուր խոսքերին տալ բազմախորհուրդ նշանակություն իրան` երևացնելով յուր խոսակցի առջև ուսյալ ոմն: Բայց Արամյանը նրա խոսակցության սկզբից ճանաչեց, թե «ի՛նչ սանդրի կտավ է նա», երբ նշմարեց նրա մեջ՝ ամեն լավ բան կործանող, այդ քաղաքում նոր մոդա դարձած – նիհիլիստական ուղղություն…:

ԻԲ

Արամյանը սկսավ շուտ-շուտ հաճախել Հացի-Գելենց տուն և շատ անգամ մնաց նրանց մոտ ճաշի և ընթրիքի: Տիկին Բարբարեի գլխում հենց առաջին օրից միտք ծագեց՝ ուսյալ և մայրաքաղաքում կրթված տղամարդուն ընտրել յուր փեսա: Սոֆիի խելքը գնում էր նրա խելացի խոսակցություններից և շնորհալի վարվեցողությունից:

Մայիլովը վաղուց կորցրել էր յուր նշանակությունը: Եվ նրա վրա Հացի-Գելենց տանը ո՛չ միայն օրիորդ Սոֆին, այլև ամենքը նայում էին որպես երեխայի վրա:

Բայց Արամյանի սրտում չկար և ոչ մի միտք փեսայի կամ տարփածուի: Արդարև նրան ախորժելի էր նորահաս օրիորդի գեղեցկությունը, բայց ոչինչ սեր նրան չէր հրապուրում դեպի գեղեցիկ օրիորդը. միայն վերջին օրերում, Արամյանը նկատելով նրա մեջ խիստ խորին ատելություն դեպի յուր ազգը, կրոնը ե մայրենի լեզուն, աշխատում էր, որքան կարելի է, հեռացնել նրանից այդ վնասակար գաղափարները, որ տպավորվել էին նրա հոգում՝ յուր ինստիտուտական տարապայման կրթությունից:

Մի առավոտ, երբ արևը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, Արամյանը և օրիորդ Սոֆին միայնակ նստած էին բաց լուսամատի հանդեպ: Գրիգոլն ու Մայիլովը գնացել էին զբոսանքի, իսկ տիկին Բարրարեն մյուս սենյակումն էր:

Արամյանը երկար նրան պատմելով, թե ի՛նչ նշանակություն ունի ազգայնության գաղափարը, խոսում էր նրան նույն րոպեին հայոց ազգի հին և նոր պատմական կյանքից, և բացատրում էր նրան, թե ի՛նչն էր հայոց գլխավոր թշվառությունների պատճառը:

Խոսքը հասավ լեզվին, թե ազգային կյանքում ի՛նչ նշանակություն ունի լեզուն: Եվ Արամյանը խիստ քաղաքավարի կերպով հարցրեց օրիորդից, թե արդյոք նա չի՞ ցանկանում սովորել յուր մայրենի լեզուն:

Արամյանի այդպիսի հարցմունքր շարժեց օրիորդի ծիծաղը, և նա պատասխանեց երգիծական ոճով.

– Ի՞նչ ախորժանք՝ սովորել մի լեզու, որով կռոները միայն կարող են խոսել:

Արամյանը խիստ վշտացավ այդ պատասխանով:

– Ինչպե՞ս, – հարցրեց նա ուղիղ օրիորդի երեսին նայելով:

– Այնպես՝ որ այդ լեզուն այնպիսի լեզու չէ, որով ուսյալ մարդը կարողանա բացատրել յուր միտքը:

Խոսելով լեզվի վրա, օրիորդը փոխանակ ասելու հայոց լեզուն, ասում էր այդ լեզուն, կամ ձեր լեզուն, կարծես թե մեղք էր բերան առնել հայ բառը:

– Ինչո՞ւ, – հարցրեց Արամյանը:

– Նրա համար, որ ուսումնական և արհեստական բառեր չունի, նա բաղկանում է միայն այնպիսի բառերից, որով մի բազազ գիտե կեղծավորել, սուտ երդվել, հայհոյել, անիծել և այլ այդպիսի կեղտոտ բաներ արտասանել:

Արամյանը բարկության չափ վշտացավ վերջին խոսքերից:

– Ներողություն, օրիորդ, բոլորովին սխալ է ձեր կարծիքը, – ասաց նա:

– Ներողություն, պարոն Վահե, ինչո՞ւ եք զուր հակառակում, – խոսեց օրիորդը ավելի համառությամբ: – Ոչ միայն ուսումնական բառեր, այլև կյանքի մեջ հասարակ, ընտանեկան բառեր չունի այդ լեզուն: Օրինակի համար, ձեր լեզվով ի՞նչպես պետք է ասել շլյապա, շլեյֆ և այլն:

Արամյանը ոչինչ պատասխան չտվավ, միայն ծիծաղեցավ օրիորդի թեթևամտության վրա:

– Երևի այդ բառերը դուք չգիտեք, – կատակելով հարցրեց օրիորդը. – ասացեք, խնդրեմ, ի՞նչպես պետք է ասել սամովար, սպիչկա. չէ որ դրանք դյուրին բառեր են:

– Հեշտաեռ, լուցկի, – պատասխանեց Արամյանը:

– Եռ՜…ը՜ռը… լու՜ց… լու՜ց… կի՜… ու՜ֆ, պղծվում է մարդու լսելիք… ի՞նչ բառեր են դրանք, կարծես թե կոտրած սայլակ է ճռնչում կամ բարաբան են ածում, – պատասխանեց օրիորդը դեմքը խոժոռելով, որպես թե լսում էր անախորժ ձայներ:

– Բոլորովին ներելի չէ՛ ձեր կողմից դատողություն անել մի լեզվի վրա, որ դուք չգիտեք, – նրա խոսքը կտրեց Արամյանը խորին տհաճությամբ: – Դուք տակավին չգիտեք, որ այդ բառերը, որ այդպես ոգևորված հնչում եք, չեն պատկանում այն լեզվին, որով խոսում եք դուք, այլ դրանք ուրիշ ազգերի սեփականություններ են. եթե հայն էլ կամք ունենար օտարների նման մինչև երեսուն հազար բառ մուրալ ուրիշ ազգերից, ոչ ոք չէր արգելիլ նրան, այն ժամանակ և մենք այդպիսի բառեր ամբողջապես կունենայինք մեր լեզվում: Բայց հայոց լեզուն այնքան ճոխ է, որ առանց ուրիշից փոխ առնելու ևս կարող է ստեղծել յուր համար բառեր:

Օրիորդ Սոֆին, նկատելով Արամյանի մինչև վերջին աստիճանի վշտանալը, պատասխանեց նրան կատակով.

– Թե աստված կսիրեք, թողնենք այս դատարկ խոսակցությունը. մի՞թե արժե ժամանակ վատնել այսպիսի չնչին զրույցներով:

– Եթե այդպես է, պատվելի օրիորդ, ես չեմ կամենում ձեր թանկ ժամանակը վատնած լինել չնչին զրույցներով. մնաք բարով, – ասաց նա, գլխարկն առավ և գլուխ տալով դուրս գնաց:

– Պարոն, պարոն Վահե, – կանչեց օրիորդը նրա ետևից վազելով, բայց Արամյանը չկանգնեց և խորին սրտմտությամբ դուրս եկավ Հաիցի – Գելենց բնակարանից:

Մի քանի օր Արամյանը չերևաց Հացի-Գելենց տանը. օրիորդ Սոֆին խիստ անհանգիստ էր այդ մասին. նա միայն հեռվից մի քանի անգամ տեսավ նրան զբոսանքից վերադառնալիս կամ գլուխը կախ անցուդարձ անելիս յուր կացարանի բակում: Բայց երբեք առիթ չեղավ նրա հետ խոսելու կամ հեռվից գլուխ տալու, ինչպես առաջ սովորաբար անում էին:

Օրիորդի սրտում վառվել էր մի կայծ, որ բորբոքում էր նրա սերը դեպի վայելուչ երիտասարդը:

Մի գիշեր Գրիգոլը հայտնեց նրան, թե Արամյանը միտք ունի թողնել ամառանոցը և գնալ քաղաք: Այդ լուրը կայծակի հարվածի ազդեցություն ունեցավ օրիորդի սրտին, երբ մտածեց, թե նա պիտի բաժանվի իրանից բոլորովին խռոված կերպով:

Առավոտյան նա շուտով վեր կացավ, հագնվեցավ, առավ հովանին և գիտենալով այն ժամը, երբ Արամյանը գնում էր զբոսանքի, դուրս եկավ կացարանից, այն հուսով՝ թե գուցե հանդիպի նրան:

Բարեբախտաբար օրիորդը հանդիպեց նրան, երբ Արամյանը նոր էր դուրս գնում:

– Բարև, պարոն Վահե, – ասաց օրիորդը ձեռքը մեկնելով նրան:

– Բարով, – կրկնեց Արամյանը՝ սեղմելով նրա ձեռքը:

– Ո՞ւր այդպես:

– Դեպի անտառ, – պատասխանեց Արամյանը:

– Կարո՞ղ եմ ընկերանալ ձեր զբոսանքին:

– Կարող եք:

– Տվեք թևդ, – խնդրեց օրիորդը:

Արամյանը տվավ նրան յուր թևը: Նրանք դիմեցին դեպի անտառ:

– Ես լսեցի, որ դուք միտք ունիք այսօր գնալ քաղաք, իրա՞վ է, – հարցրեց օրիորդը:

– Պիտի գնամ երեկոյան պահուն, – պատասխանեց Արամյանը:

– Ի՞նչ պատճառով:

– Իմ համալսարանական ընկերս քաղաքում հիվանդ է, գնում եմ նրա մոտ:

– Ուրեմն կմնա՞ք նրա մոտ:

– Եթե նա համաձայնի կամ կարողանա այստեղ գալ, ես կբերեմ նրան, բայց թե չկարողանա, պիտի մնամ նրա մոտ:

Օրիորդը մի քանի րոպե լռեց:

– Եվ դուք առանց ինձ հետ հաշտվելու պիտի գնա՞ք, – հարցրեց նա ողորմելի կերպով:

– Մի՞թե ես կռվել եմ ձեզ հետ, – խոսեց Արամյանը:

– Ո՛չ, անցյալ օրը ես բարկացրի ձեզ, և դուք մասնավորապես խռոված եք ինձնից, այնպես չէ՞ :

– Ինչո՞ւ պիտի խռովեմ ձեզանից և ի՞նչ իրավունք ունիմ բարկանալ ձեզ վրա, միայն ես ցավում եմ, որ մեր ազգի ուսյալ օրիորդները, որոնց վրա մենք դրել ենք մեր հույսը, թե նրանք պիտի լինեն ապագա կրթյալ սերնդի մայրերը, խիստ զզվանքով են նայում իրանց ազգի վրա:

– Ներողություն, եթե այդ վշտացրել է ձեզ:

– Ավելորդ է ներողություն խնդրել. ես ավելի ուրախ կլինիմ, երբ դուք սիրեք մեր ազգը:

– Ես այսուհետև չպիտի հակառակիմ ձեզ այդ մասին:

– Ես կամք չունիմ բռնաբարել ձեր համոզմունքը, – պատասխանեց Արամյանը:

– Ես պիտի ուսանեմ հայերեն խոսել. այդ լա՞վ է, – կրկնեց օրիորդը ժպտալով:

– Այդ ձեր ազգային պարտավորությունն է, – պատասխանեց Արամյանը սառնությամբ:

Նրանց մեջ տիրեց լռություն: Արամյանը ամենևին չէր հավատում օրիորդի խոստմունքին, թե նա կսովորի յուր մայրենի լեզուն, թեև նա կիսակատակի ոճով խոստացավ այդ:

– Դուք ասացիք, թե համալսարանական ընկերդ հիվանդ է, – հարցրեց օրիորդ Սոֆին, – ո՞վ է նա ի՞նչպես է կոչվում:

– Նա մեր քաղաքացի չէ և կոչվում է Սմբատ Քաչբերունի, – պատասխանեց Արամյանը:

– Ի՞նչ օտարոտի անուն է այդ, պարոն Վահե, – պատասխանեց օրիորդը նուրբ ծիծաղով:

– Ուրեմն և իմ անունս պիտի օտարոտի թվի ձեզ, որովհետև այդ ևս ձեզ անծանոթ պատմական անուն է:

– Ներեցեք, խնդրեմ, որ չեմ կարող ասել՝ ոչ, – ասաց օրիորդը:

Արամանի դեմքը դարձյալ մոայլվեցավ:

– Բայց ի՞նչպիսի անուններ եք սիրում դուք:

– Ես սիրում եմ ահա այսպիսի անուններ – Վանյա, Սաշա, Կոլյա…

– Դրանք դերասանների և արտիստների անուններ են:

– Ի՞նչ փույթ, բայց քաղցրահնչյուն են. հապա ի՞նչ են սրանք – Կիրակոս, Մարտիրոս, Խեչո և այլն, – խոսեց օրիորդը՝ երեսի վրա ձևացնելով արհամարհական ծամածռություններ:

– Անունները ոչինչ նշանակություն չունին մի ազգի լավ կամ վատ հատկությունների համար, – պատասխանեց Արամյանը: – Միմիայն օտարմոլությունը ծնեցրել է ձեր մեջ այդպիսի գաղափարներ: Բայց այն, որ վերաբերում է իմ և իմ ընկերիս անուններին, եթե դուք կարդայիք հայոց ազգի պատմությունը, այն ժամանակ կգիտենայիք, թե ո՛վքեր էին Քաջբերունիք, ո՛վքեր էին Սմբատը, Արամը և Վահեն, – և նա սկսավ պատմել նրան այն ժամանակներից, երբ հայերն ունեին թագավորություն և թե ովքեր էին Քաջբերունիք, Սմբատը, Արամը և Վահեն:

Արամյանի պատմությունր բավական ազդեցություն արավ օրիորդի սրտին, և նա, զղջալով յուր խոսքերի համար, ասաց.

– Ներողություն եմ խնդրում անգետ նկատողության համար, կարելի է վշտացրի ձեզ:

– Ես չեմ վշտանում, միայն ցավում եմ, որ դուք չգիտեք մեր ազգի պատմությունը:

– Ես ի՛նչ մեղք ունիմ, չեն սովորեցրել, – պատասխանեց օրիորդը զգալի եղանակով:

Արամյանը լռեց:

– Ասացեք, խնդրեմ, ի՞նչպիսի մարդ է այդ պարոնը, – ձեր համալսարանական ընկերը, – հարցրեց օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո:

– Նա մի գործունյա, խոհեմ և ուսյալ մարդ է, – պատասխանեց Արամյանը:

– Շա՞տ ուսյալ է:

– Նա այժմ փիլիսոփայության և իրավաբանական դոկտոր է:

– Ո՞րտեղ է ավարտել:

– Իրավաբանությունը Պետերբուրգի համալսարանում, իսկ փիլիսոփայությունը՝ Գերմանիայում:

– Ուրեմն երևելի մարդ է, – կրկնեց օրիորդր, – բայց ասացեք` երիտասա՞րդ է:

– Նա այժմ կլինի մոտ երեսունևհինգ տարեկան:

– Դուք նրան կբերե՞ք ամառանոց:

– Հույսս մեծ է:

– Եվ կծանոթացնե՞ք ինձ նրա հետ:

– Այո՛:

Երկու կողմից ևս տիրեց լռություն:

Օրիորդ Սոֆին մտածում էր Քաջբերունու վրա և յուր մտքի մեջ զանազան կերպարանքներով նկարագրում փիլիսոփայության ե իրավաբանության դոկտորին, թե ո՛րքան վայելուչ կերպով հագնբ ված պիտի լինի, ո՛րքան շնորհալի վարվեցողություն ունենալու է, իհարկե, դրանց հետ երևակայում էր նրա մեջ և նորահաս երիտասարդական գեղեցկություն:

Բայց բոլորովին այլ առարկայով էր զբաղված նույն րոպեին Արամյանի մտածողությունը: Նա խորհում էր այն քաղաքի հայ օրիորդների կրթության և ուսման բոլոր թույլ կողմերի վրա: Նա ցավելով մտաբերում էր այն մեծ ազգային կորուստը, որով ուսումը և ուսումնարանները պատրաստում էին հայերից այնպիսի ուսյալ օրիորդներ, որոնք ոչինչ տեղեկություն չունեին իրանց ազգային պատմությունից, որոնք ոչ միայն չեն սիրում իրենց հայրենական ավանդությունները, այլ հայությունը նրանց աչքում նախատինք է համարվում: Ահա այդպիսի տխուր մտածություններ խռովել էին Արամյանի սիրտը, և նա մտածում էր, թե ի՞նչպես պետք է այդ ազգային վերքերին դարման տանել:

Նրանք այդպես` ամեն մինը պաշարված յուր մտածություններով, լուռ գնում էին, ուշք չդարձնելով, թե որքան անցել են դեպի անտառի խորքը, մինչև օրիորդ Սոֆին հոգնածություն զգալով` խնդրեց Արամյանին նստել մի փոքր հանգստանալու: Արամյանը սիրով կատարեց նրա խնդիրը, և նրանք նստեցին կտրած ծառերի կոճղերի վրա:

Օրիորդ Սոֆին, որ մտածում էր փիլիսոփա ուսանողի վրա, նորոգեց խոսակցությունը Քաջբերունու մասին:

– Ուրեմն երևելի մա՞րդ պիտի լինի ձեր համալսարանական ընկերը, – խոսեց նա:

– Այո՛, – պատասխանեց Արամյանը:

– Այդ պարոնը ի նչ նպատակով է եկել մեր քաղաքը:

– Նպատակներ շատ ունի նա… բայց նա մեր քաղաքում մնալու մտքով չէ եկել, հիվանդությունը պահեց նրան այստեղ. նա եկել է, որ գնա ճանապարհորդելու Հայաստան, և ուր որ հայեր կան:

– Ի՞նչ կա ավերակ Հայաստանում, – պատասխանեց օրիորդը տհաճությամբ, – նա ավելի լավ կանե գնա ճանապարհորդելու Եվրոպա:

– Նա տեսել է Եվրոպան, օտար աշխարհները նրան այնքան չեն գրավում… նա գործ ունի յուր հայրենի աշխարհի հետ…

– Մի՞թե նրա համար առավել ախորժելի չէ կյանք վարել, զորօրինակ, Փարիզում, – հարցրեց օրիորդը:

– Քաջբերունին աղքատ մարդ է:

– Այդքան ուսյալ և աղքա՞տ, – զարմանալով կրկնեց օրիորդը:

– Այո՛, նա աղքատ է, առավելապես նրա համար, որ շատ ուսյալ է:

Վերջին խոսքը շարժեց օրիորդի հետաքրքրությունը, և նա հարցրեց.

– Ի՞նչպես:

– Այնպես, որ նա թույլ չէ տալիս իրան խոնարհվիլ այն անարգ հանգամանքներին, որով մեր այստեղի թերուս երիտասարդներից շատերն իրանց համար ձեոք են բերում հաց և պատիվ:

– Ուրեմն Քաջբերունին շա՞տ մեծահոգի է, – պատասխանեց օրիորդը` բոլորովին չհասկանալով, թե ի՛նչ հանգամանքներ էին, որոնց նա չէր ստորացնում իրան:

– Այո՛, նա մեծահոգի է, – պատասխանեց Արամյանը և լռեց:

Օրիորդը նույնպես մտածման մեջ ընկավ, բայց մին էլ նշմարեց, որ արևը բավական բարձրացել է հորիզոնի վրա, և միևնույն րոպեին մի գաղտնի, նրան ևս անհասկանալի զարհուրանք պատեց, երբ տեսավ իրան միայնակ, մանուկ տղամարդու հետ, այդպես հեռու, անտառի խորքում…

Նա ոտքի ելավ:

– Վերադառնանք, պարոն Վահե, – ասաց նա:

– Վերադառնանք, – կրկնեց Արամյանը:

Եվ նրանք սկսեցին գնալ հազիվ նշմարելի շավղով, որ ձգվում էր շառերի միջից: Մացառներն անընդհատ պատառոտում էին օրիորդի հագուստը, բայց նա այնքան պաշարված էր յուր մտքերով, որ չէր նկատում այդ, այլ Արամյանն էր ազատում նրա հագուսաը սուր – սուր փշերի ճանկերից:

Նրանք երկար գնում էին, բայց տակավին չէին դուրս եկել անտառից:

– Ես հոգնեցա, տվե՛ք ինձ ձեր թևը, պարոն Վահե, – ասաց օրիորդը մի փոքր թույլ ձայնով:

Արամյանը տվավ նրան յուր թևը:

– Պարոն Վահե, երբ Քաջբերունին գա այստեղ, դուք ինձ կծանոթացնե՞ք նրա հետ, – հարցրեց օրիորդը:

– Կծանոթացնեմ, – պատասխանեց Արամյանը:

– Ի՞նչ լեզվով է խոսում նա:

– Նա լեզուներ շատ գիտե, միայն առավել սիրում է հայի հետ խոսել հայերեն:

– Ափսո՛ս, ես հայերեն չգիտեմ խոսել, – կրկնեց օրիորդը, – եթե ոչ Քաջբերունին ավելի կհամակրեր իմ խոսակցռւթյանը:

– Այո՛, նա սիրում է, երբ հայ օրիորդները խոսում են նրա հետ մաքուր հայերեն բարբառով:

– Ի՞նչ մեղ ունինք մենք, որ չգիտենք մեր մայրենի լեզուն, – պատասխանեց օրիորդը: – Մեր ընտանեկան լեզուն վրացերեն է. քանի մանուկ էի, այդ լեզվով էի խոսում, իսկ երբ ուսումնարան մտա` ռուսերեն:

– Այդ ցավալի է, – խոսեց Արամյանը:

Նրանք դուրս եկան անտառից: Արամյանին դարձյալ զբաղեցրեց այդ քաղաքի հայ օրիորդների կրթության հարցը: Եվ խոսակցությունը նրանց մեջ ընդհատվեցավ:

Ճանապարհին նրանց հանդիպեցին երկու չափահաս օրիորդ, բավական ախորժելի դեմքով, ճաշակով հագնված, որոնք նույնպես վերադառնում էին առավոտյան զբոսանքից իրանց մոր և մի մանկահասակ աստիճանավորի հետ: Այդ օրիորդները թեթև գլուխ տվին օրիորդ Սոֆիին և ժպտալով անցան:

– Ճանաչո՞ւմ եք դրանց, – հարցրեց Արամյանից օրիորդս:

– Ո՛չ – պատասխանեց Արամյանը:

– Դրանք կնյազ Ն – ովի աղջիկներն են. այն կինը նրանց մայրն է, իսկ ջահել աստիճանավորը փոքր քրոջ տարփածուն:

– Մի՞թե, – հարցրեց Արամյանը՝ հետ նայելով մյուս անգամ նայելու նրանց:

– Այո, երկուսն էլ բավական լպստածներ են:

– Այդ ցավալի է, որ մեր հայ օրիորդներն այստեղ ըստ մեծի մասին բարոյապես լավ չեն կրթվում, – խոսեց Արամյանը, – և մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների… արդարև ցավալի է այդ…

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց:

Այն երկու օրիրրդները, որ անցան իրանց մոր հետ, կրտսերը գազտնի ասաց յուր երեց քրոջը.

– Տեսա՞ր, Անիչկա, այն մանուկ տղամարդը, որ գնում էր Սոֆիի հետ:

– Տեսա՛, – պատասխանեց Անիչկան, – բայց ի՛նչ սիրուն տղամարդ է, Լիզա, ո՞րտեղից է գտել նրան Սոֆին:

– Նա արդեն վարպետ որսորդ է, – պատասխանեց կրտսեր քույրը: – Բայց գիտե՞ս, Անիչկա՛, ասում են այգ պարոնը միտք ունի պսակվել Սոֆիի վրա:

– Բախտավոր է Սոֆին, – պատասխանեց երեց քույրը՝ խորին նախանձավորությամբ:

Բայց Արամյանը և օրիորդ Սոֆին արդեն հասան տուն: Օրիորդը խնդրեց նրան իրանց մոտ ճաշելու, բայց Արամյանը հրաժարվեցավ, ասելով, թե պիտի պատրաստվի քաղաք գնալու: Նրանք բաժանվեցան միմյանցից:

Մտնելով յուր սենյակը, օրիորդը երկար միայնակ նստած մտածում էր: Արամյանի վերջին խոսքերը կրթության մասին՝ սաստիկ տպավորություն թողեցին նրա սրտում: «Մի օրիորդ, որ ունի փոքրիշատե մաքուր բարոյականություն, առավելապես գտնվում է անկիրթ դասերի մեջ, քան թե կրթվածների…»: Նա հիշեց նաև նրա վերջին խոսքը: «Ուրեմն ես ոչինչ եմ նրա աչքում»… – մտածեց նա վշտանալով. «այո՛, ես ոչինչ եմ… Այո՛, ես արժանի չեմ նրան… նա այնքան բարի է և խելացի… բայց ե՞ս»…: Եվ նա երկու ձեռքով ծածկեց յուր երեսը և արտասուքն սկսավ գլորվիլ նրա աչքերից:

Հանկարծ նա լսեց զանգակի ձայն, վազեց դեպի լուսամուտը և տեսավ, որ Արամյանը կառքով գնում է քաղաք: Մանուկ երիտասարդը մնաք բարով ասաց նրան յուր հարդյա գլխարկի շարժումով: Եվ մի քանի րոպեից հետո կառքը չքացավ օրիորդի աչքերից:

Նույն օրվա երեկոյան պահուն Հացի-Գելենց տուն եկավ Մայիլովը: Նրան դեռևս անհասկանալի մի ախտ, որ շատ նման էր նախանձի, կրծում էր խղճալի պատանու սիրտը: Նա տխրում էր, թե ինչու՞ օրիորդ Սոֆին յուր հետ այնպես սիրով չէ, ինչպես առաջ, նա չէր կարողանում տանել նրա համարձակ վարվեցողությունները Արամյանի հետ:

Նա ուղղակի մտավ օրիորդի սենյակը: Բայց գտավ նրան տխուր և գունատ դեմքով:

– Ինչո՞ւ ես այդպես գունաթափվել, – հարցրեց Մայիլովը:

– Գլուխս ցավում է, – սառնությամբ պատասխանեց օրիորդը:

– Դու հիվա՞նդ ես, Սոֆի, – կրկնեց պատանին:

– Ո՛չ, Նիկոլ, միայն խնդրեմ ինձ միայնակ թողնես, Գրիգոլը մյուս սենյակումն է, գնա՛ նրա մոտ:

Մայիլովը առանց մի բառ խոսելու դուրս եկավ օրիորդի սենյակից. «նա արտաքսում է ինձ»… տրտմությամբ ասաց նա յուր մտքում և դուրս գնաց Հացի-Գելենց տնից՝ այլևս չմտնելով Գրիգոլի մոտ:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
240 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772466911
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:

Bu kitabı okuyanlar şunları da okudu