Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի…
* * *
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ։
* * *
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր, — Ո՞վ ես դու, ո՞վ ես, – բնավ չըգիտեմ…
ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցրնորում է կապույտ մութի աշխարհում… Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող. — Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ — Ու ողջ կյա՛նքդ – մի անսահման քաղցր նինջ…
Ես ընկա անդունդները խավար, – Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում. Մոռացա ուղիներըս պայծառ, Իմ սրտում դառը մութն է շնչում։ Դու անմութ աշխարհում ես ապրում, Հիշի՛ր դու խավարում տանջվողին, Քո սրտում արևներ են վառվում, Արևիր սև կլանքիս մութ ուղին։ Հավիտյան ինձ քո սերն է այրում, Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։ Ես մեռնում եմ այս մութ վիհերում… Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…