Kitabı oku: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», sayfa 10
– Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա, մեղք է աղջիկդ։ Աստվա՛ծ, աղջիկ զավակ չունենայի, մուրայի ու ապրեի։
Մոր համար, մեծ, անլուծելի պրոբլեմ էր՝ հասած աղջիկը տանը։
Իհարկե, աղջկան ուզողներ կային, բայց բոլորն աղվընիկ խաղցնողներ էին։
Թե՛ Ակոբը և թե՛ նրա կինը երդվել էին, որ իրենց աղջկան աղվընիկ խաղցնողի չտային։
– Վո՜ւյ, ձյունը մաղվի գլխիս, աղջիկս աղվընիկ խաղցնողի՞ն տամ։
Անդուլ ու անդադար կինը կրկնում էր․
– Աղվընիկները թող կըսիմ, հերիք է, սաղ քաղաքն աղջիկ զավկիդ կը քֆրե։
Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել ողջ քաղաքի բերանը։
– Ես ալ բյութունին կնիկներն ու աղջիկները․․․ – փոխադարձ հայհոյում էր Ակոբը ու իրան մխիթարում։
Ժամանակի ընթացքում Ակոբն ինքն էլ զգաց, որ փոխադարձ հայհոյանքը ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը։
Արդեն խեղճ աղջկան հասել էր կյանքի խոշորագույն հարվածր՝ կիսատ էր թողել դպրոցը, որովհետև մինչև անգամ ուսուցիչները նրան «աղվընիկ խաղցնողի աղջիկ» էին կանչում։
Հենց որ դասը մի քիչ վատ իմանար, ասում էին․
– Հը, հարդ աղվընիկ կխաղցնե՞։
Ի՞նչ կապ կար աղվընիկ խաղցնելու և դասի միջև, բայց ասում էին, անդադար կրկնում։
Ակոբը միտք արավ, միտք արավ և գտավ ճարը։
Մորուք թողեց։
Առհասարակ կռվի ժամանակ, երբ կռվողը մորուք էր ունենում, կնոջը կամ մորը չէին հայհոյում, հայհոյում էին մորուքին։
Ակոբն էլ մորուք թողեց, որ մորուքին հայհոյեն։
Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը։
Մինչև անգամ ծաղրում էր ամուսնու մորուքը։
– Գլխուս տերտեր դարձավ, – ասում էր։
Նա էլի հետապնդում էր, որ իբրև հայր մտածի աղջիկ զավակի բախտի և պատվի մասին։
– Ի՞նչ տ՚էնես աղջիկդ, տանը թթո՞ւ տի դնես, – մի օր հարց տվեց կինը։
Ակոբը պատասխանեց․
– Շատ մի վռվռա, իշտե մորուք թողուցի։
Իհարկե, մորուքն էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային անմեղ աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել, երբ տեսնում էին հորը՝ կտուրի վրա աղվընիկ թռցնելիս։
– Վա՛յ քու աղջկանդ․․․
Ակոբն իջնում էր կտուրից, տեսնում էր աղջկան՝ աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․
– Աղվընիկս, ինչո՞ւ կուլաս։
– Նորեն քֆրեցին, – պատասխանում էր աղջիկն արցունքների միջից։
Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։
***
Տան եկամուտը հետզհետե պակասեց։ Խանութից ոչ մի հույս չկար։ Շաբաթական մեկ֊երկու օրը հազիվ էր բաց անում, միայն պատահական հաճախորդներ ընդունում։
Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը։
Հինգ կարմիր ոսկով նա ծախեց իր լավագույն «ճինս» աղավնիներից մի զույգ։
Այդ մի զույգ աղավնին նրա ամբողջ սիրտն էր, բայց որովհետև նրանցից ձագ էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։
Ակոբը, երբ ոսկիներն առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները, հանձնեց նոր տիրոջը, նրա աչքերից արցունքի կաթիլներ ընկան աղավնիների փետուրների վրա։
Բայց արցունքները սրբեց, ուրախության մի ալիք ողողեց նրա երեսը։ Հինգ ոսկին բավական էր մի տարի ապրելու համար, և պարտավոր չէր խանութը բաց անելու և հաճախորդների «քթի հոտը քաշելու»։
Երբ նա տուն եկավ, աղջիկը դիմավորեց նրան։
Ակոբը հանկարծ ուրախությունից բացականչեց․
– Աղվընի՛կս, ճերմա՛կ աղվընիկս։
Նրանք փաթաթվեցին իրար։
Մի քանի անգամ Ակոբը որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ չիմանան, թե ինքը եղել է աղվընիկ խաղցնող։ Աղջիկը մեծանում էր և տանն էր մնում։
Որքան որ որոշում էր ծախել, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։
Գիշերները, կես քուն, կես արթուն, նրան այնպես էր թրվում, որ ինչ֊որ մարդիկ եկան, սարսափելի դեմքով մարդիկ, բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են աղավնիները, տանու՜մ են, տանու՜մ։
– Չիմ տար, մի տանիք, – գոռում էր Ակոբը քնի մեջ, որից ահաբեկվում էին կինը և աղջիկը։
Վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում աղավնիների դռնակը, մտիկ տալիս նրանց մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։
Վերջապես, Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել։
Ակոբը չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրենը չլինեին։
Մի երեկո Ակոբը հայտնվեց կտուրի վրա։
Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։
Աղջկա վիճակը տանջում էր նրան։
Երանի էր տալիս, որ աղջիկը չլիներ, ինքն ազատ լիներ։
Ինքը և աղավնիները․․․ դա կլիներ դրախտային կյանք․ կյանքի բաժակը կլիներ քաղցրությամբ լեփ֊լեցուն։
Բայց աղջիկը կար և այրում էր իր հորը։
Նրա դեմքը պարզապես զարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրս գալիս կռվի։
Աղջկանը այնպես թվաց, որ հայրը նիհարել, չափազանց ծերացել է։
Աղջիկը վազեց անմիջապես մորը մոտ։
Չկարողացավ ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։
– Ինչու՞ կուլաս, կինե՞ քֆրեցին։
Աղջիկը հազիվ կարողացավ արտասանել․
– Հայրիկը․․․
Մայրը վազեց դեաի կտուրը։
Իսկ Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։ Աղավնիները դուրս թռան։
Նրանց համերգը տարածվեց օդում։
Շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։
Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր սարերի ետև մայր մտնող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը․․․
Թռցրեց աղավնիներից մեկի գլուխը։
Արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապկի վրա։
Ձեռքերը դողում էին։
Բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետին։
Այդ ժամանակն էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և նրա սարսափահար աչքերը։
Կինը չնշմարեց մորթված աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու և կարծեց, որ Ակոբը դանակով վիրավորել է իրան։
Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։
Աղջիկը վազեց վեր, փաթաթվեց մեկ՝ մորը, մեկ՝ հորը։
Կնոջ ճչից ես վազեցի մեր կտուրը։
Շատերն էին հավաքվել թե՛ փողոցում, թե՛ կտուրների վրա։
Դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում։ Նրանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծում և աղջիկն աշխատում էր մորն ազատել հոր ձեռքից։
Եվ էլի հայհոյեցին անմեղ աղջկան։
– Վա՛յ, ես քու աղջկանդ․․․
Իսկ աղվընիկ խաղցնողը, արյունոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկանը աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց․
– Իմ ճերմակ աղվընիկս․․․ իմ բյութուն աղվընիկնեըս քըզի ղուրբան կէնիմ․․․
Ներքևում այղ ալեխառն գլխով մանուկը լաց էր լինում, թափում էր կոպերն այրող արցունքներ։
Իսկ երկնքից մաղում էր մանիշակագույն մոխիր աշխարհի վրա։
Ի
Վերջի՜ն, վերջի՜ն անգամ իմ քայլերս ուղղվում են դեպի գերեզմանատուն, վերջին այցը տալու իմ հոր շիրմին։
Ինչքա՜ն է աճել այն թթենին, որ տնկել ենք մենք նրա շիրմի գլխավերևում։
Ուզում եմ խոսել հորս հետ։ Նա կանգնած է իմ առաջ իր բարձր հասակով։ Տխուր է, տխու՜ր, ինչպես մի մենավոր ծառ ամայի հովտում։ Լռություն, անսահմա՜ն լռություն․․․
Նայում եմ թթենուն, աչքերս խորասուզվում են դեպի նրա արմատները, որոնք բյուրավոր մազմզուկներով մտել են հորս գանգի մեջ և կերել ամբողջ ուղեղը, ահա բերանից ու աչքերից ներս են խուժում ծարավ թելիկները դեպի գանգի խոռոչը։
Թթի այն հատիկը, որ լեցուն է քաղցրությամբ, վերցրել է իր հյութը հորս գանգից և սրտից․․․
Թթենին՝ նա իմ հայրն է ճյուղավորված և կանաչած։ Քամին երգում է նրա տերևների մեջ։ Ո՛չ թե հայրս է լսում այդ երգը, այլ ինքն է երգում իր տերևներով։ Թթենու, ստվերները գրկում են ինձ՝ հորս թևերն են փաթաթվում ինձ ու բարձրացնում վեր։
Հա՜յր, դու գրկում ես ինձ մահվան ջերմաջերմ քո թևերով, և քամին երգում է․․․
Ես լսել եմ քամու այդ երգը, լսել եմ իմ սրտում, երբ կարոտով, կարոտով, կարոտով երազել եմ քեզ, հա՜յր, դա քո արյան երգն է, որ կարկաչում է իմ երակներում, դա այն երգն է, որ արևն է երգում, երգում է յուրաքանչյուր փոքրիկ խոտ, երգում է լուսնի ամեն մի արծաթյա շող, որ թափառում է մեր պարտեզի վարդերի կածաններում։
Ե՜րգ, երգ անվերջանալի և հավիտենապես սարսռուն, երգ, որ կաթում է երկնքի մանիշակների բաժակներից, կաթում է արևագույն հողի մեջ և նորից բարձրանում վեր իբրև ծաղիկ և իբրև տերև, երգ, որ վազում է գարնան հեղեղների հետ, գետի ալիքներով, երգ, որ փռվում է անսահման ծովերի վրա իբրև կապույտ անդորր։
Համբուրում եմ շիրիմը, փաթաթվում եմ թթենու բունին՝ ահա փաթաթվում եմ հորս մեջքին։
Քամին երգում է, թթենու տերևները սվսվում են։
Անվախճան երգ, անվախճան կյանք, անվախճան մահ, անվերջ թախիծ և անվերջ խնդությու՜ն․․․
***
Վերջին անգամ երևում է քաղաքն իբրև ոսկյա մի ծառ լեռների կապույտ ծոցում։
Ճամփորդությո՜ւն․․․
Կառքը սլանում է հին հռովմեական ճանապարհով դեպի ծովը, դեպի Բյուզանդիոն և Հռովմ։
Առավոտ։ Ձիերի սմբակները կայծեր են արձակում։
Գիշեր։ Ձիերն ուտում են, իսկ մենք, հոգնած՝ աստղերը դիտելուց, խորասուզվում ենք և քնի քնարն օրորում է մեր հոգնածությունը։
Մի առավոտ տեսնում եմ ծովը։ Ո՞ւր է ծովը և ու՞ր է երկինքը։ Սահմանագծերը գրկել են իրար։
Ծո՜վը․․․ հիշեցի հպարտությամբ, որ հայրս ինձ կանչում էր՝ «իմ ծովաչվի տղաս»։
Երկու գիշեր, և ահա կգտնեմ ինձ Պոլսում՝ իմ երազների քաղաքը։
Ես կուզեի, որ Պոլիսը լիներ այնպես, ինչպես երազել եմ։ Թերևս ավելի չքնաղ էր, քան իմ երազածը։ Ավելի չքնաղը ես չէի ցանկանա։ Ես ձգտում էի իմ երազին։
***
Այդ հին երկրում արևը ճչում է մրգի հատիկներով, հողը շնչում է անսպառ խոտով, առվակները կարկաչում են, բացվում են մեծ առավոտներ, և իջնում են հրաթև վերջալույսեր, բարձրանում և կապույտում լողում է մի արծաթյա թաս՝ մեջը լիքը նոր կթած կաթով, տիեզերանում է գիշերն աստղահնչուն, ծառները սլանում են դեպի երկինք, և բոլոր ծաղիկները սարսռում են ու շշնջում։
Այժմ ես կուզեի հանգչեցնել իմ հոգնած գլուխն այդ երկնքի կապույտ մարմարին և լսել այն երգը, որ հեղեղում են ծառները, առվակներն ու աստղերը։