Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր»
Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մտքեր և խոհեր
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կամ կը լռե, կամ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։ Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
***
Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։
***
Ձեզ մե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։
Չսերտած դասեր. Ժառանգություն
Երբեմն ես ու Շեմսին կռվում էինք իրար հետ: Կռվում էինք առանց պատճառի: Նա ինձ հանկարծ անվանում էր «կյավուր» (անհավատ), իսկ ես նրան անմիջապես անվանում էի «իթ» (շուն): Այս բառերը մենք սովորել էինք մեր տներից եւ դպրոցներից: Բոլոր թուրքերը հայերին կյավուր էին անվանում, եւ բոլոր հայերը թուրքերին` իթ:
Հորս մոտ գալիս էին թուրքեր, արժանանում էին մեծագույն հյուրասիրության, բայց երբ գնում էին, սիրալիր եւ հարգալիր ողջույններով բաժանվում, հայրս նրանց ետեւից մրթմրթում էր` «իթլեր»: Իհարկե, երբ հայրս էր դուրս գալիս մի չափազանց հարգալից հյուրասիրությունից, նրա ետեւից թուրքերը մրթմրթում էին` «կյավուր»:
Երբ ձերբակալված եւ շղթայակապ մի հայի կամ մի խումբ հայերի անցկացնում էին փողոցից դեպի բանտ, հայերը գլխիկոր անցնում էին, իսկ թուրքերը կանգնած` հրճվում էին, խնդությամբ լցվում: Իսկ երբ թրքական դագաղ էր անցնում փողոցից, հայերը, աչքերը դեպի երկինք հառած, մրմնջում էին. «Փա՜ռք քեզ, Աստված»: Ուրախանում էին, որ մի թուրք պակասել է:
Ինչու՞ էր այդպես` ես չէի ըմբռնել, եւ առանց հարցուփորձի իմ մեջ խորացավ ատելություն դեպի «շները», եւ Շեմսիի մեջ աճեց ատելություն դեպի «կյավուրները»:
Երբ մենք փոքր էինք, /հայերով/ մի խաղ էինք խաղում, որ կոչվում էր «Հայ եւ թուրք»: Դա պարզ մի խաղ էր` մեջտեղը մի քարակույտ, որ ամրոց էր կոչվում, մանուկները բաժանվում էին երկու մասի` ամրոցը գրավելու: Բաժանված խմբերից մեկը կոչվում էր հայ, իսկ մյուսը` թուրք:
– Ծո՛, թուրքերը մտան…
– Հայերը բերդին կմոտենան, տվե՛ք գլխներուն:
Եվ սա համարվում էր անմեղ խաղ: Այդ խաղը շարունակվեց մինչեւ իմպերիալիստական պատերազմը: Այդ պատերազմում խաղացվեց նույն խաղը, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ կողմերն իսկական հայեր եւ թուրքեր էին, խաղում էին լուրջ եւ իրական հողի վրա` անսահման ատելությամբ բոցավառված:
Ո՛չ ոք, բացարձակապես ո՛չ ոք մեզ չէր ասում, թե` մի՛ խաղացեք այդ խաղը: Երբ մենք խաղում էինք, մեծերը` բեղերով մարդիկ, շատ լուրջ եւ իմաստուն մարդկանց համբավ ունեցող մարդիկ, դիտում էին այդ խաղը եւ ժպտում: Եվ, առհասարակ, դիտողները հրճվում էին, երբ «թուրքերը» պարտվում էին: Խաղի պաթոսն այնքան էր խորանում, որ «հայերը» «թուրքերին» խաղի ժամանակ կանչում էին այն անարգական ածականներով, ինչ որ իրական կյանքում, խաղից դուրս:
Երբ տաքանում էինք, սկսում էինք աղաղակել.
– Վուռուն իթլերե (զարկե՛ք շներին)…
– Կյավուրլար կիրդիլեր (անհավատները մտան)…
Խաղն սկսելու համար մենք միշտ կանգնած էինք լինում մի դժվարության առաջ` ոչ ոք չէր ցանկանում «թուրք» լինել: Ստիպված էինք լինում վիճակ գցել: Ով որ «հայ» էր քաշում, անսահման ուրախանում էր, իսկ «թուրք» քաշողները տխրում էին, ակամա մասնակցում խաղում, պարզապես մանկական խաղի կարգապահության կարգով:
Մենք մեծանում էինք այս ոգով: Եվ գալիք սերունդները կպատմեն մի զարմանալի հեքիաթ.
«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ եւ հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչեւ Միջերկրականը, Բաղդադից մինչեւ Բյուզանդիոնը: Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտը հավաքող, ծառա, ճորտ եւ այլն: Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում էին նրանց եւ արեւմտյան պետությունների մինիստրները, որովհետեւ այդ ժողովուրդն ուներ սեւ ու սիրուն աչքեր եւ տարածում էր կուլտուրա ողջ խավար Արեւելքում: Սիրաբորբոք սիրուց մղված` իր հարուստ ցեղակիցները եւ արեւմտյան մինիստրները հրում են այդ ժողովրդին դեպի կռիվ իր հարեւանների դեմ, հարեւաններ, որոնք տարբեր էին կրոնով, արյունով եւ կուլտուրայով, ունեին սուրեր եւ զրահ, զորք, ռազմատորմիղ եւ գերակշիռ թիվ: Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում: Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, եւ արյան գետեր են հոսում: Հին այս ժողովրդի ականջին գոռում են մինիստրները եւ հարուստ ցեղակիցները. «Եկել է Ազատության ժամը, խփի՛ր քո հարեւանին, խփի՛ր նրա մահակին քո խաչով»: Հին այդ ժողովրդի սեւ ու սիրուն աչքերը փայլում են Ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվը, զարկում են, զարկվում, եւ հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր` իբրեւ կոշմարային հիշատակ: Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները եւ հարուստ ցեղակիցները` ոսկորների եւ մոխիրների վրա:
Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր»…
ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ
1929-30թթ.
Քառյակներ
Հայրենի՜ կարոտ, դու ծանրանում ես,
Իմ դատարկ հոգում դու խորանում ես,
Ամեն ինչ գնաց, փշրվեց, անցավ,
Բայց դու բարձրանում ու ծովանում ես։
Թերևս մոտ է իմ մայրամուտը,
Թերևս այս է իմ մայրամուտը,
Բայց չէ՞ որ գինու բաժակը կես է,
Ուրեմն վա՜ղ է իմ մայրամուտը։
Ի՜նչ հրաշալի է այս վերջալույսը,
Ծիրանի ծով է այս վերջալույսը,
Արդյոք կլինի՞ այսպես հրաշալի,
Այսպես ծիրանի իմ վերջալույսը։
Դու ինձ սպասիր Եփրատի ափին,
Այնտեղ պարտեզում, մեր այգու ափին,
Ես քե՜զ եմ գալիս, հայրենիքի հող,
Դագաղս թողած աշխարհի ափին։
Մի սրինգ կախվեց արևի կրծքից,
Մի ողկույզ վառվեց հողի ընդերքից,
Արևի, հողի այս երգերի տակ
Իմ սիրտս այրվեց մի լուռ կսկիծից։
Նստիր իմ ծնկին, մանո՜ւկ ոսկեթել,
Նստիր ու շողա, ծաղի՜կ ոսկեթել,
Իմ սրտից արդեն արյուն է կաթում,
Դու բարձր ճչա, արև՜ ոսկեթել։
Վարդերի վրա իջավ իրիկուն,
Իմ աչքի վրա իջավ իրիկուն,
Խաղաղություն է, լո՜ւռ, խավա՜ր ու խո՜ր,
Իմ այգու վրա իջավ իրիկուն…
Արցունքներ թափիր, երբ գարունն անցնի,
Թո՛ղ թախիծդ իջնի, երբ արյունն անցնի,
Երգի՛ր, ի՛մ մանուկ, իմ կապուտաչյա՜,
Քո հոգու խորքից այս հուրը կանցնի։
Երկու աղավնի՝ սպիտակ ու հեզ,
Այգու երկու շող՝ սպիտակ ու հեզ,
Թռչկոտում են հար մեր երկնքի տակ
Երկու թև անծիր՝ սպիտակ ու վես։
Արփուց կախված է մի լուսե ողկույզ,
Իմ ճակտի վրա – մի վսեմ ողկույզ,
Լուսավորում է իմ ճամփան մթին
Մի լուսաճաճանչ, մի արև ողկույզ։
Չքնաղ է այգը, բորբ է կակաչը,
Այտդ վառվել է, ինչպես կակաչը,
Գալիս է մահը, գալիս է վերջը,
Օ՜, առավել ևս վառ է կակաչը։
Հեռավոր մի ծառ է ծաղկել,
Անջրդի, անհույս, բայց վա՜ռ է ծաղկել,
Կայծակի սրից խոցված, վիրավոր,
Բայց փարթամ, շքեղ ու զա՜ռ է ծաղկել։
Այգու ձիերը խոլ վրնջում են,
Սարի զանգերը զիլ ղողանջում են,
Ծովն է ծիրանի, անծայր ու անծիր,
Լճերն հայրենի լո՜ւռ հորանջում են։
Եփրատի ափին մի ծառ է լալիս,
Կարծես իմ սրտի խորքումն է լալիս,
Կարծես մի մայր է ողբում ու կոծում,
Կարծես այդ լացը հենց ե՜ս եմ լալիս։
Ոչի՜նչ չեմ փոխի քո մեկ երգի հետ,
Իմ կյանքն է կապված քո մեկ երգի հետ,
Ամենից չքնաղ, ամենից շքեղ
Արև՜ն է զուգված քո մեկ երգի հետ։
Ուզում եմ ըմպել մի խոշոր բաժակ,
Քո վարդ արյունից՝ մի խոշոր բաժակ,
Քո սրտի ակից, քո առվակներից՝
Արևաշաղախ մի խոշոր բաժակ։
Մութ է այս ճամփան, մութ է մինչև մահ,
Դաժան առեղծված, դաժան՝ մինչև մահ,
Մի խավար կետ կա այս բաժակում ջինջ,
Որ ես բռնած եմ ձեռիս մինչև մահ։
Քառասունամյակի այս մթին շեմքին
Վառվում է մի սեր, հնչում ցնծագին,
Ինչպես հին այգին՝ ծաղկավառ ու վես,
Բայց կասկածո՜ւմ եմ աշխարհի հիմքին։
Վաղ է բռընկել իմ այգին,
Վառ է բռընկել իմ այգին,
Սակայն եթե դու չկաս՝
Զո՜ւր է բռընկել իմ այգին։
Ո՞վ ստեղծեց այս խոտը,
Ո՞վ ներկեց վառ՝ այս խոտը,
Ինչքան լինի աննշան՝
Ես երգո՜ւմ եմ այս խոտը։
Ուրախ, բարձրախինդ – ա՛յս է Թոթովենցը,
Թախծոտ ու մռայլ – ա՛յս է Թոթովենցը,
Ծիծաղը՝ վարար, մռայլությունն՝ անծիր,
Ամեն չափ՝ անչափ – ա՛յս է Թոթովենցը։
Բանաստեղծություններ
Իմ երգս
Կը թրթռա շուրթին վրա երգն անոր՝
Սերը խմած աղջկան մը նազանքով,
Սիրո երգն է կարմրությամբ մը գինով―
Կը թրթռա շուրթին վրա երգն անոր։
Բայց իմ երգս հառաչանքով խմորված,
Որ կը նստի շիրիմներու վրա պաղ,
Կ՛երգեմ՜, կ՛երգեմ՜, իմինս թախծերգ մէ՛, ավա՜ղ,
Արտոսրի ցուրտ կայլակներով խմորված։
1908 թ.
Զքեզ ըմպեմ, ո՜վ աղջիկ
Ով հայուհի,
Ո՜վ ալեկոծ մերկություն…
Դո՛ւրս եկ խուցեդ և միգամած խորհուրդեդ,
Երթա՜նք դաշտերը ազատ,
Եվ ծծենք սիրտը ծաղկին։
Եկու՛ր, երթանք դեպի պարտեզը ծաղկած՝
Մենք հոն ըմպենք ժպիտները գարունին։
Ո՜վ Զարուհի,
Արևուհիդ շողափառ,
Եվ տարփանքով խելահեղ,
Եկո՛ւր, երթան՜ք անձրևին տակ ամառվան,
Դուն հոն ըմպե՛
Կարմիր հոգիս քերթողի։
Արյունի քույրս անմահ,
Իմ կուրծքիս տակ արևորեն սարսռագի՜ն
Եկո՛ւր, երթա՜նք դեպի Երազը ոսկյա,
Անձրևին տակ շողերու և ցողերու
Եվ թույլ տուր ինձ, որ ըմպեմ
Կաթող մեղրը բերանիդ։
Ո՜վ կույս հայկյան, երկյուղալից և դողդոջ,
Արեգնավետ ալյակ դու,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի ծործորն երազին,
Թույլ տուր լողա՜մ
Էության մեջ փրփրուն։
Ո՜վ գեղուհի,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի բլրակն հրաշքին,
Ըմպե՜մ, ըմպե՜մ լիաշուրթն
Քու աչքերուդ ընդմեջեն
Զով սարսուռը բնության։
Ո՜վ արգավանդ կուսություն,
Եվ ճաճանչով ողողուն,
Թո՛ւյլ տուր գրկեմ իմ քնարի թևերով
Տրոփյունը քու լանջքին։
Ո՜վ հայուհի,
Հեծեծանքով ու տրտմությամբ դու սնած,
Եկո՛ւր, երթա՜նք վարդաստանը բուրավետ,
Դուն հոն փոխվե վարդերու զով հոգիին,
Թո՛ւյլ տուր ինծի, որ իբրև սյուք
Շրթունքներով քե՜զ հպիմ։
Եկո՛ւր, երթա՜նք դեպի Ակը արծաթյա՝
Ես հոն լեցնեմ իմ առնական ձեռքերով
Բաժակ մը ջուր լանջիդ վրա ջերմագին,
Եվ ներարկեմ իմ առնական ձեռքերով
Զովությունը անմահական ջուրերուն
Քու տարփանքի հուրքերուդ։
Եկո՛ւր, երթա՜նք դեպ իրիկնամուտը շառայլ,
Իմ թևերուս մեջ հեծեծող դու անուրջ,
Վերափոխվե՛, հոն ճաճանչե՛ բոցերու,
Եվ ծարավի, ես ցամաքած ու տոչոր՝
Զքեզ ըմպեմ… ո՜վ աղջիկ,
Իբրև վերջին փրփրոտ կոհակն արևին։
1917 թ.
Մարտահրավեր
Չարչարանքի խորություն մը կ՚երկարեր
Իր ճակատին մարմարներեն դեպի ներս՝
Երբոր մայրը իր պապերուն հավատքով
Իր Զավակին մութ սընարին մոտեցավ.
Կ՚ը նիրհեր ան մրրկահույզ երազով,
Որուն կուրծքին կանաչազարդ դաշտին վրա
Խավարամած երկինք մը կար տարածված։
Թշվառությունն էր անոթի գյուղերուն,
Որ հոն՝ մոր մը հառաչանքով կաթոգին,
Ցեղիս զորեղ բազուկներուն կ՚երկարեր։
Լացավ Մայրը, երգեց Մայրը լալագին,
Որում տղան իր անուրջեն այսահար
Բացավ աչքերը թարմագեղ, ուրկե դուրս
Արցունքն ու լույսը միատեղ խուժեցին։
Լացավ Մայրը, երգեց Մայրը լալագին,
«Կանգնե՛ Տղա՛, ցեղիդ մռայլն ըզգեցե՛ր,
Զի Սափորին մեջ լույսի
Մահվան մութը կը ծորի.
Եվ ակոսներն, լի բարությամբ կաթնալի,
Արյուններով և արցունքով կոռոգվին,
Եվ կը սևնան ատելության խորշակեն
Ցորյանները ոսկեփրփուր աշունին։
Ահա՛ հեստ սուրդ ճակատիդ չափ պերճախոս
Բազուկներուդ Արյունին հետ կը ժպտի.
Տե՛ս, անտառը հույսի կրակն է առեր,
Տե՛ս, կուրծքին մեջ՝ ուրկե հասակդ առավ թև՝
Գիշերները կը շարժին,
Եվ ոսկորները պապերուդ արծվագեղ
Մարտի ճամփուդ վրա քեզի կըսպասեն։
Դռան առջև կը դափրե ձին ոսկեհուռ
Եվ աչքերեն կը թափին կայծ ու սարսուռ,
Հորիզոնին մարմարները կը կարմրին,
Ինչպես հրդեհն աստվածացած անտառին։
Արշալույսը որմին վրա է արդեն
Ելի՛ր Տղա՛ս, քրոջդ ոսկի գանգուրներուն ի խնդիր։
Մերկ՝ ինչպես կույսն արձակված սրսկապանի թևերեն,
Որուն կուրծքեն կը հոսին իբր այգի կաթ շիթ առ շիթ
Ո՜ւժ, սե՜ր, ա՜ստղ, լա՜լ, պերճա՜նք, ճաճա՜նչ, մարգարի՜տ։
Ցատկե՛, Տղաս, ցեղիդ մռայլն ըզգեցե՛ր,
Քեզ պիտ ցուցնեմ այն անդունդին եզերքն, ուր՝
Մահը առած մեր կյանքերուն արևծագերը բոլոր
Պիտի ոստնու դեպ գահավեժն ահարկու,
Ուրկե ինք՝ մահն միայն կրնա դուրս ելնել։
Գահավեժին սեմին կանգնած՝ պետք է մահը սպաննես
Ցցելով դեմն անմահությունըդ լուսեղ։
Պետք է հսկես կայծակնալից բիբերով,
Մինչ րնկերներդ զինակիր
Ծանր դագաղ մը ուսերին պիտ վազեն՝
Մահու դիակին ի խնդիր։
1912 թ.
Ողբ անմահության
ՈՂԲ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ
Անմահությունը հավիտենական ողբերգություն է։
ԱՐԵՎԻՆ
(Առաջին քերթված)
Արյունահոտ գիշերին մեջ ամայի,
Ուր բնության լացն ավելի խոր կը դառնա,
Հոգիս՝ հակած թարմ դիակի մը վրա,
Կը հծծե Ողբն Անմահությանդ դարավոր,
Ո՜վ Արև,
Վաղը նորեն պիտ ծագիս
Մերկացնելով մարդոց ամոթը կարմիր,
Ճառագայթներդ դողդոջյունով պիտ հպին
Մոխրակուտված քաղաքներուն, գյուղերուն,
Իզուր շողերըդ զվարթ
Պիտի փնտրեն փրփուրները ձյունափառ
Մեր հայրենի կապո՜ւյտ, կապո՜ւյտ ծովերուն…
Իզո՜ւր շաղերըդ բեկբեկ
Պիտի երթան օրորվիլ
Ամառնային երազին մեջ ոսկեհունչ…
Իզո՜ւր, իզո՜ւր, ո՜վ հսկա Կույր Լուսավոր,
Պիտ սպասես հարսանեկան քողերու
Կոկոնի պես բացվելուն,
Որոնց մեջեն, խուրձ առ խուրձ,
Ժպիտները սերեն գինով շրթներուն
Կը ծաղկեին, կը թափեին ձյունի պես։
Հիմա
Լո՜ւռ, արհավրոտ անապատի ծոցին մեջ
Ավելի հորդ ժպիտներ կան ծաղկազարդ,
Քան հայրենի դաշտերուն մեջը մոխիր…
Իզո՜ւր, իզո՜ւր ճաճանչներըդ ոսկեվարս
Պիտ մոլորվին գրկելու
Վարդակարմիր սրունքները կուսական
Աղբյուրին շուրջը գյուղին,
Ծաղիկները պարտեզներուն հայրենի
Արշալույսին
Պիտ չբանան իրենց փերթը ցայգամույն
Ճաճանչներուդ թարմությունը ըմպելու,
Վզերնին կախ՝ պիտի հառին մայր հողին
Անմահության դիակները երգելու,
Կոկոններն իսկ պիտի մերժեն շողերդ,
Պիտի չուզեն կես օրվան կյանք մ' ապրելու,
Քու դարավոր անմահության կյանքիդ մեջ
Պիտի տեսնես սև վարդերու բլուրներ.
Վարդն իսկ, վարդն իսկ մահվան հոտն է ընկգրկեր,
Կարմիրին տեղ, ճերմակին տեղ, դեղինին՝
Ականատես պիտ ըլլաս սև վարդերու,
Սև վարդերու, ո՜վ Արև,
Անմահության դո՛ւ Սարսուռ,
Կարճ ապրողները կ' ըլլան խոր, սխրալի՝
Ինչպես ցողը շողաշողուն երազով։
Մեր հայրենի երազները տևեցին
Դարե՜ր, դարե՜ր ու դարե՜ր…
Եվ ազգերը անմահության դրոշմը
Մեր ճակատին վառեցին,
Եղանք անմահ և ամենեն ողբալին.
Իր ատենին մահը չեկավ համբուրել
Մեղ վարդագույն բերանով.
Տևելու ուժը ցեղին
Դարե՜ր, դարե՜ր մաքառեց
Ընդդեմ մահվան քաղցրության.
Այսօր, Արև՛, քեզի հետ
Մենք չենք տոներ խաչելությունը ցեղին,
Այլ կը տոնենք այն ուժը, որ մեզ ցողեց
Անմահության ցոլքերով։
Այն վեհագույն տրտմությունը, զոր այսօր
Կը կրենք մեր աչքերուն
Խորության մեջ դարավոր՝
Անմահության է պարգև։
Ո՜վ Արեգակ,
Լապտեր կյանքի, ողբերգության Լուսատու,
Կ' երկրպագենք տիեզերական հավատքով
Հոգվո քա՜ղցր, վսե՜մ և լա՜յն տրտմությամբ
Անմահության հսկայական տաճարին
Որ մարդկային գանգերով է կառուցվեր.
Մենք հպարտ ենք՝
Անմահության ենք զավակ,
Բայց կ՝ ափսոսանք, ո՛վ Արև,
Որ չունեցանք վարդագույն մահն ազգերուն
Հին դարուն,
Որ քեզի հետ պիտի կոչվինք մենք եղբայր
Արյունահեղ տիեզերքի շավղին մեջ։
Ի՛նչ քաղցր է քունն հինավուրց ազգերուն…
ԱՍՏՂԻԿԻՆ
(Քերթված երկրորդ)
Ծովն աչքերուդ է լռեր
Եվ ճակտիդ վրա
Թախծի հովը կը հևա,
Եվ ծիծերուդ պտուկներեն քաղցրաթուխ
Մոր մը, մոր մը դառնությունը կը կաթի,
Ո՜վ Աստղիկ,
Եղերամա՜յր դու անմահ։
Ալյակներեն անրջային կապույտով
Եվ փրփուրի շուշաններեն դու ծնար.
Այգաշաղի օրրանիդ մեջ լողացիր
Դիցուհու պես, լողացի՜ր…
Եվ արևին ճաճանչները դողդոջուն
Քեզ պատեցին, ողողեցին լույսի մեջ,
Առավոտյան դո՛ւ ծովածին բրաբիոն,
Դու քնացար
Դիցուհու պես, քնացա՜ր…
Սև՜, ցայգաթիռ վարսերեդ
Սիրո գարուն մ' երերաց
Եվ բերանիդ վարդաշուրթն աղբյուրեն
Մեր բոլորիս ծարավությանը համար
Սրսուռ ակ մը կարկաչեց,
Անգամ շիթ մ' այդ զովութենեն երկնային
Մեր հոգվույն մեջ աստղաշխարհ մը ծաղկեցուց
Եվ երգերո՜վ…լեցվեցանք։
Բամբիռն առինք ոգեշունչ
Եվ դուրս թռանք
Բագիններեն. լարերեն
Թովչություններ ցնծացին,
Եվ երգեցինք՝
«Մենք ըմպած ենք հավիտյանի մը համար
Անմահության նեկտարեն,
Ծարավի չենք, ծարավի չենք մենք երբեք,
Աստվածային սաղմը մեր մեջը անհուն
Արևի պես կը վառի,
Տիեզերական շավիղովը լուսաշունչ
Մենք աստղերո՜ւն կը թևենք.
Մեր ոսկորները ճղճիմ
Հիմա գարուն կը բուրեն»։
Անգիտացանք այն ատեն,
Որ կ' ըմպեինք
Հավերժական չարչարանքի նեկտարեն,
Հիմա կ'ողբանք
Այն կաթիլը անմահական բերանեդ,
Որ բորբոքեց մեզ անդարձ
Հավիտյանի անհաղթելի իդեալով։
Մենք կը բաղձանք, որ այսօր
Հայրենական ավերներու տակ թաղենք
Հիշատակն իսկ մեր աստղավառ անցյալին,
Սակայն այսօր դու դարձյալ
Վսեմորեն կը պարզես
Մոր մը թևերդ վերամբարձ
Եվ կը քալես մերկ, արյունոտ ոտքերով
Ավերներու երկյուղներու վրայեն,
Եվ մեր թաղումն հանկարծակի կը դառնա
Այգատոնը ցնծումներու նորանոր։
Անմահության զեփյուռը
Կուգա գգվել մեր ճակատները այրած,
Եվ կը գոչենք ոգիով մը աննվաճ.
«Մենք պիտ ապրինք, պիտի ապրինք հավիտյան»։
Բայց տեսիլքիս բագինին մեջ լացակոծ
Երբ կը տեսնեմ այն մարմինը ձյունահրաշ
Հայ աղջկան կուսափառ,
Որ կտրված ծիծերով
Զանգակատան բարձունքեն
Գլուխը վար է կախվեր,
Հայրենի դաշտը կանաչ
Ոսկորներով է ծաղկեր՝
Եվ գետերը գոռալով
Նոր դիակներ, նոր հեծեծանք կը բերեն,
Թույլ տուր ինծի, որ ողբամ,
Վերջալույսի դո՛ւ շաղամույն Հեծեծանք,
Այն կաթիլը անմահության նեկտարեն,
Որ բուստերեդ ծորեցիր,
Տարփանքի պես ծորեցի՜ր…
Ներե՛, ներե՛ ափսոսանքն այս մեղավոր.
Մենք կը բաղձանք, որ միայն
Հիշատակ մը ըլլայինք
Պատմության մեջ ազգերուն
Հին դարուն։
Երանության զեփյուռն հաղթ
Մեզ կը փչե դամբաններե հինավուրց։
Մենք կը բաղձանք հոգեվին
Վարդաբոսոր թաղումին,
Թող աշխարհի մեղմ հովիկ
Հոգեհանգիստ մրմնջե,
Ըլլանք միայն Հիշատակ
Եվ դամբանի խորերեն
Երգենք հանգիստն աստղահայաց աչքերուդ,
Ո՜վ Աստղիկ։
ՑՈՐՅԱՆԻ ՀԱՏԻԿԻՆ
(Քերթված երրորդ)
Օտար արտեր ցորյանի,
Դո՛ւք երազներ ոսկեծուփ,
Նոր դուրս եկած մոխիրներու աշխարհեն,
Ամառնային կարոտով ձեզ կը դիմեմ։
Կըղձամ հոգիս այս թաղել
Ծփանքներուն մեջ ոսկյա
Եվ ընդգրկել չը չարչարված բնության
Բույրերն, հույզերն ու թրթիռ։
Ահա առուն գիշերին մեջ լուսնային
Ձեր արմատներն հուշի՜կ, հուշի՜կ կը գգվե,
Ցորեկին մեջ ըմպած արևն լիաթոք՝
Հիմա կըղձաք ցայգերու զով զեփյուռին,
Եվ կը ցցեք վե՛հ, հաղթական գլուխնիդ
Եվ կսպասեք աստվածային հպումին։
Օտա՛ր արտեր ցորյանի,
Դուք անուրջներ ոսկեշաղ,
Երբեք բոցեր չտեսաք
Եվ արյունոտ ջուրն արմատնիդ չսարսեց,
Առավոտը արյուն երբեք չկաթեց
Ձեր երջանիկ հատիկներուն վրա ոսկի։
Կը փրցնեմ հասկ մը օտար այս դաշտեն
Եվ կը փշրեմ ձեռքերուս մեջ իմ դողդոջ,
Կ'իյնան դարվար բոլոր հատերը ատոք
Միայն հատ մը կմնա իմ ափին մեջ։
Կը մրմնջեմ արցունքով,
Կայլակները արցունքիս
Կ'իյնան լռի՛ն ափիս մեջ՝
Լողցնելով այս հատիկը իմ վշտով։
Առաջին հեղն, թարմ գարունեն մինչ հիմա,
Այս հատիկը ոսկեման
Մահվան բույրով կը սարսռա՛…
Կը մրմնջեմ ես մեղմիվ,
Ու սոսափը գիշերային տաճարին
Իմ մրմունջները կը տանե հասկե հասկ,
Եվ բովանդակ արտը լռին կունկնդրե.
«Ո՜վ դու հատիկ ցորյանի,
Երբ առջի հեղ ցողունե դուրս պոռթկացիր՝
Չեղավ մեկն, որ քու ականջիդ հեծեծեր
Թշվառությունն անմահական սերունդիդ։
Հատիկներուն հետ հասկիդ
Դու ջերմ սիրո մղվեցար,
Եվ արևուն շաղերուն տակ ծփացիր,
Երազի պես ծփացի՜ր…
Ոսկե հատիկ ցորյանի,
Որ արցունքոտ վշտերովս կը հեծես՝
Կը զգաս հիմա, որ սիրելիներըդ ինկան,
Եվ մեկ քանին ոտքերուս տակ փչացան,
Դու իսկ արդեն ինկած ես
Ծովերուն մեջ իմ վշտիս,
Եվ պիտ մեռնիս, պիտի մեռնիս առհավե՛տ։
Մեկ մասը այս ցորյաններու հոծ արտին
Պիտի երթա փշրվիլ
Ջաղացքներու քարին տակ,
Ունենալով ավելի գուժ կյանքի վերջ․
Բայց մյուս հասկերը արտին
Գալիք գարնան նորեն պիտի բողբոջին,
Բայց դու, ավա՛ղ, պիտ մեռնիս,
Օ՜, կը լողաս արցունքիս մեջ, պե՜րճ հատիկ։
Կը մտածես, ես գիտեմ,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ տևեն,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ մեռնին
Աղորիքին տակ Գրանիտ։
Ի՜նչ երջանիկ, վե՛հ վայրկյան՝
Որում բոլոր ցորյանները վառեին,
Մեն մի մեռնող հաց հատիկ
Զգար, որ ա՛լ հատիկ չկա որ մեռնի,
Եվ ամառվան երազին մեջ շողավառ
Իբր հիշատակ գալին – միայն այցելու —
Ի՜նչ անուշ է հոգեվարքըդ, ո՛վ հատիկ,
Պատված, ցողված իմ վշտերով քաղցրագին,
Լո՜ւռ կը հեծես…
Օ՜, մահ չէ այս, այլ սոսափ,
Կամ զեփյուռը, որ կ'երթա
Հանգստանալ վարսերուն մեջը կույսին։
Իմ ափըս, որ Անմահությունը կ'ապտակե,
Քու լուսավոր գերեզմանըդ թող ըլլա,
Ո՜վ ցորյանի թարմ հատիկ»։
ՄՈԻՍԱՅԻՆ
(Քերթված չորրորդ)
Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Որ կ'երգեմ
Ողբն այս կյանքին գեղեցիկ
Առանց հոգվույդ աստվածային հպումին.
Իմ հայրենի աշխարհին
Ամայությունն արհավրալի ներշնչեց
Այս քնարի լարերուն։
Սա լարն նոր է, և Անմահի կյանքիդ մեջ
Մեծամռունչ ոչ մեկ քնար սարսռաց…
Չարչարանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս դողդոջ։
Հիվանդ սիրտ մ' իսկ այս քնարով կը լեցներ
Տիեզերքը եզերական կոծերով,
Այնքա՜ն հծծյուն, այնքա՜ն բողոք ու մորմոք
Կուրծքին տակը լո՜ւռ քնարին այս տրտում։
Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Ես անտաղանդ բանաստեղծ
Եվ հիասթափվածն ամենեն,
Ընկերներեն, իդեալեն,
Թո՛ղ դղրդան իմ լարեր…
Բաժակին մեջ, ուրկե ես
Փրփուր գինին Անմահության ըմպեցի
Իմ ողբերուս շիթերովը թո՛ղ լեցվի։
Ես Աստղիկին հանղիպա,
Որ անտառի մը հրդեհին քով նստած՝
Մոխիրները կը թափթփեր կուրծքին վրա։
Անմահներո՜ւ վեհագույն,
Եվ վեհագո՜ւյն ողբալին,
Անդունդը մը լռությունը կը կախվի
Քո աչքերուդ հրկիզումին վրա վառ,
Դու իսկ, Մուսա՛, մոխիրով ես պսակված։
Կ'սպասեի փրփուրներուն գինիիդ,
Կը բաղձայի գրկել սյուքը տարփանքին,
Քու Անմահի թևերեն,
Բայց հոգիս անմահական տաճարեն
Խաչելության սև անուրջը կը փռվի։
Տե՛ս, հին քնարս դագաղի պես կը լռե,
Խռովե՞մ դագաղն այդ անդորը…
Ո՜վ կը բաղձա քաղցրակարկաչ երգերուն…
Կամ զեփյուռի անրջային թևերուն…
Ես կը բաղձամ բոլոր զանգերը լեցնել
Անմահության անդնդախոր ողբերով։
Որքա՜ն վսեմ եմ, Մուսա՛,
Իբր ամենեն անտաղանդը քուրմերեդ,
Որ տանջանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս մահվան։
***
Գեղեցկության ի խնդիր
Մենք մերժեցինք ամեն երկյուղ, ամեն լախտ,
Մեր ոտքին տակ – լվացած
Անմահական ջրերով —
Օձ մը ծվարած՝ կը ննջեր,
Թույն կը ծծեր գիշերներու խավարեն,
Եվ մենք անհոգ, բայց գիտակից, այդ օձին
Գլխուն վրա մենք մեհյաններ կառուցինք
Գեղեցկության ու լույսի։
Ծաղկին ի՜նչ հոգ, բուսած լերան կուշտին վրա,
Թե երկրին խորքն հրաբուխը կը ննջե,
Ան կը բացվի, ճաճանչներուն կը ժպտի
Եվ կը գգվե ցողն տարփատենչ անուրջով։
Հսկայական օձը շարժեց գլուխն իր
Ակնթարթ մը… և մեհյաններն քանդվեցան՝
Եղան խուղբի հավասար։
Մեհյաններու անմահական, մե՜ծ ոգին
Մրրկի պես կատղեցավ,
Եվ լեցուց
Մեր հոգիներն իր դարափիլ թևերով։
Ես կ'ողբամ
Անմահական այդ Ոգին,
Ո՛չ ստրջանք, ո՛չ ապաշավ ես ունիմ,
Եթե կ'ուզես դուրս վռնդե ինձ սեմեն
Աշուղներու քու պերճաշուք բագինեն,
Ես կը վազեմ ընդհուպ Աշխարհը մոխրի․․․
Ո՜ր մեկն, ըսե՛, հանճարներեն բագինիդ
Ունի վիշտ մը այնքա՜ն հսկա ու վսե՜մ,
Քան իմ սիրտը՝ երիտասարդ ու գարուն։
Ես իմ վշտով կըսքողեմ վարդ ու ժպիտ
Եվ աշունի թևերով
Երկնքի մեջ կը փռվիմ․․․
Չեմ կարոտիր աստվածային համբույրիդ․․․
Ես կը քաշվիմ իմ հոգվույս,
Դաբիրներուն մեջ նսեմ,
Վիշտս ատրուշան կը վառեմ
Եվ ողբալով Անմահությունն արյունիս՝
Քնարիս առջև կ' աղոթե՜մ․․․
***
Քեզի՜ ալյակ ու ժպիտ,
Ցո՜ղ, շա՜ղ, վարդե՜ր ու արև՜,
Քեզի՜ ծաղիկ, զվարթ քնար գիներգակ։
Մա՜հ, մեզ ցողե՛ քաղցրությամբ
1917 թ.
Վանե՛ շողերդ․․․…
Վ… – ին
Վանե՛ շողերդ փայլուն ու փարթա՜մ,
Հանե՜ շորերդ ճերմա՜կ, լուսահյու՜ս,
Դժգույնը հագի՛ր։
Վերջալույս եղի՛ր։
Ես օրոր ըսեմ, ես օրոր հյուսեմ
Լացող ուռիին երազներուն տակ։
Գորշ շորեր հագիր,
Ցայգը զգեցիր։
Ծաղիկը եղի՛ր լու՜ռ ու դալկահար —
Ստեղծե քաղցր տրտում հոգվույդ մեջ
Տրտում երազով ստինքներդ քողե,
Շուրթիդ վարդերի թախծությամբ ցողե՛.
Տո՛ւր ինձ համբույր մը, դու դժգույն ծաղիկ,
Ծծեմ թախիծը դալուկ փերթերեդ,
Այգի հյուս կենին մեջեն օրորվիր,
Օրորվիր
Սուգի՜ պես…
Եղիր դժգույն,
Եղիր քաղցր,
Տրտումն է քնքուշ,
Տրտումն է օրոր։
Շաղե՛ արցունքներդ այգի ցողին հետ,
Թող վարդը ծծե,
Թող վարդը ըմպե
Բաղադրությունը լույսին ու թախծին,
Վարդը թող ըլլա
Ավելի խորի՜ն,
Ավելի քնքու՜շ,
Քնքուշն է տրտում։
Հանե՛ շորերդ ճերմա՜կ, լուսեղե՜ն,
Վանե՛ շողերդ փայլո՜ւն ու փարթամ։
1917 թ.
Ներման աղոթքը
Ա
Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
– Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը, – և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։
Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…
Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…
Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։
Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես [ էջ ]կամաց֊կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։
– Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։
– Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։
Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.
– Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։
Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։
Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։
– Քրիստոս հարյավ ի մեռելոց… – իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։
Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։
Բ
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս֊կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ֊երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Տրտում, շատ տրտում էի․․․
Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։
Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ [ էջ ]աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։
Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։
Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։
Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։
Խնձորը առնելեն ետք… փախավ…
Գ
Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.
– Ա՛չքդ նայիմ, – ըսավ։
Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։
Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։
– Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ, – հարեց մայրս։
Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.
«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։
Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.
– Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, – ըսավ, – Աստված կը ներե գողությունդ։
Յըլդըզ
Ա
Հանկարծ թնդում էր փողոցը, պայտը խփվում էր սալահատակին, և մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։
– Արմենա՜կն է… Արմենա՜կն է… – ձայնում էին բոլորը։
Ոչ միայն մանուկները, այլև ամեն հասակի մարդիկ և՛ տներից, և՛ խանութներից թափվում էին փողոցը, կանայք և աղջիկները թռչում էին լուսամուտները, մինչև անգամ անկողիններում հիվանդ պառկածները պաղատում էին մի կերպ իրենց մոտիկացնել լուսամուտներին։
Կողմնակի փողոցներից մարդիկ վազում էին հևասպառ, լցվում քաղաքի գլխավոր փողոցի երկու երկայնքով։
– Ծո՛, Արմենա՜կն է… – լսվում էր քաղաքի զանազան կետերից։
Մշակները գետին էին դնում բեռները և սապատավոր ուղտերի նման այլանդակորեն վազում, իսկ բեռների տերերը, ճարահատ, մնում էին իրենց սեփականության մոտ և սպասում մինչև մշակները վերադառնան։
Սափրվողները, օճառով փրփրակալած կամ արդեն կես սափրված, սպիտակ շորը կրծքերի վրա, վեր էին թռչում աթոռներից և վազում։
Խելագար մի իրարանցում ողջ փոքրիկ, գավառական քաղաքում։ Վազելիս մեկը մյուսի վրա էր կոխոտում, հրում, ձգում, որպեսզի շուտ հասնի գլխավոր փողոցը, որտեղ Արմենակն, իր ձիու վրա նստած՝ սլանում էր դեպի գարնանային նոր հերկած, փխրուն, քիչ տաքացած և արձակ դաշտը։
Բ
Արմենակը բարձրահասակ և գեղեցիկ մի տղամարդ էր, ճակատի վրա ստվերում էր մազերի գանգուր մի փունջ, ֆեսը ետև նետած, հագնում էր մուգ֊կարմիր թավշյա մի ժիլե, շապիկի թևերը վեր քշտած, կանաչ չուխայե մի շալվար, որ սեղմորեն փաթաթվելով մարմնին՝ ցուցադրում էր սրունքների բարեձևությունը, աչքերի բիբերին ձգտող բեղ, կարմիր, արյունալից շրթունքներով, սուր ծնոտով, երկնագույն աչքեր՝ սև հոնքերով կիսաշրջանակված։
Արմենակի հայրը հյուսն էր, հռչակ ունեցող վարպետ, իր մեկ հատիկ արու զավակին ոչինչ չէր խնայում, այնպես որ, երբ նրա սերը կտրվեց դպրոցից և սկսեց չհաճախել, հայրը՝ ուստա Օվանեսը, չկշտամբեց նրան։
– Թող սաղ ըլլի, անկիրթ ըլլի. ես ըլ ուսում չառի, համա մարդ դարձա, – ասաց նա։
Արմենակը, սակայն, ինքն էլ հոր արհեստը սովորեց և վարպետ դարձավ, բայց արհեստանոցում գրեթե չէր աշխատում, որովհետև նրան այրում էր մի սեր, որ խելագարության էր հասնում։
Նա սիրում էր ձի։
Ամեն ուրբաթ օր Արմենակը վազում էր Գյուլ֊Օվան, ընդարձակ մի դաշտ, հերկած և փխրուն, որտեղ ճիրիդ1 էին խաղում, և դիտում էր ձիերի վազքը, նետախաղին մասնակցող ամեն մի ձիավորը նրա աչքին հեքիաթային հերոս էր։
Ամեն առավոտ գնում էր Վարի հրապարակը, որտեղ ձիու ճամբազները ձի էին վաճառում և գնում։
– Ո՞ւր էիր, ծո՛, – հարցնում է հայրը։
– Աղջկա պես ձի մը ծախեցի հինգ ոսկով, – թուքը կուլ տալով պատասխանում էր Արմենակը։
Սա մինչև անգամ կանգ էր առնում և դիտում մի քոսոտ ձիու պայտումը։
Արմենակի համար ձին կյանքի նպատակն էր։
Ուստա Օվանեսը, երկար ժամանակ իր կնոջը՝ Աննա Քորոյին, անսաց և ձի չգնեց Արմենակի համար, որովհետև Աննա Քորոն, գիշեր և ցերեկ, որդուց գաղտնի, լաց էր լինում և պաղատում ամուսնուն.
– Ինչ կընես, ըրե՛, ձի մի առներ։
Աննա Քորոն կարծում էր, որ ձին որդուն մոռացնել կտար ծնողներին, երկու քույրերին, ապա և կարող էր չիրականանալ մայրերի համար գերագույն երազը՝ ամուսնացնել որդուն և սիրուն մի հարս բերել տուն։
Իսկ որդին, ամեն անգամ, երբ հորը տեսներ մենակ, մանավանդ լավ տրամադրության մեջ, գլուխը կախ ասում էր․
– Հայրի՛կ, ձի մը չառհր ընծի համար։
– Կառնի՛մ, յավրո՛ւս, կառնի՛մ…
Ուստա Օվանեսի համար խոր տառապանք էր տեսնել որդուն գլուխը կախ, խեղճացած։
– Պապա իգիթ է, մեղք է, – մտածում էր նա։
Եվ մի օր էլ Ուստա Օվանեսը մի երազ տեսավ. Արմենակը իշու վրա նստած, բզելով և փորին քացիներ տալով՝ իբր թե ձիարշավ էր գնում։
Վեր կացավ կեսգիշերին, մի սուրճ եփեց իր համար, սկսեց խմել, ծխել և մտածել։
Աննա Քորոն էլ զարթնեց։
– Քա՜, ինչո՞ւ ես արթնցեր։
– Երազ տեսա։
– Բարին ըլլի։
Եվ Ուստա Օվանեսը պատմեց իր երազը։
– Քա՜, ի՞նչ կըսես…
– Յա՜…
Աննա Քորոն լաց եղավ։
– Քա՜, Արմենակս իշու վրա նստի՞…
– Աչքովս տեսա, կնի՛կ։
Առավոտյան Ուստա Օվանեսը գրկեց որդուն և ասաց.
– Ուզած ձիյըդ հավանիր՝ առնիմ, հա՜յդե, յավրո՛ւմ։
Արմենակը թռավ Վարի հրապարակը։
Աննա Քորոն լաց եղավ, բայց չդիմադրեց այլևս։
Արմենակի երկու քույրերր թռչկոտում էին, որովհետև նա երկուսին էլ գրկեց, ցավացնելու չափ սեղմեց և համբուրեց։
Երեք օրվա ընթացքում Արմենակը գտավ մի ձի, և Ուստա Օվանեսը ութ օսմանյան ոսկի համրեց վաճառականի ափի մեջ։
Արմենակն այլևս հոր արհեստանոցում չերևաց։
– Թող պոռթկռտա ու քեֆ ընե, աշակերտներ շատ ունիմ, – ասաց հայրը։
Այս ժամանակ Արմենակը քսանմեկ տարեկան էր։
Գնած ձին մի արատ ուներ՝ առաջի ոտները իրար էր խփում։ Արմենակը երկու ոսկի վրա տալով փոխեց մի ուրիշ ձիու հետ։
Մի օր հայրը լսեց, որ Արմենակը ճիրիդի էր մասնակցել, կնոջը բան չհայտնեց այդ մասին, բայց կինն իր ուրույն ճանապարհով լսել էր և ահ ու սարսափով բռնվել։ Ճիրիդում նետ էին գործածում, հազար ու մի թշնամություններ էին պատահում, զարնում էին գլխին և սպանում։ Ճիրիդում սպանվածի համար ոչ մի պատասխանատվություն չկար։
Մայրը կանչեց իր որդուն, բռնեց նրա գլուխը, սեղմեց իր բուրումնավետ կրծքի վրա և ասաց.
– Ճիրիդ մ՚երթար, յավրո՛ւս, ի՞նչ կըլլի, տես, կաթս հարամ կենեմ։
Արմենակը մորը խոստացավ ճիրիդի չմասնակցել։
Գ
Կամաց֊կամաց Արմենակը փայլուն հաջողություններ ձեռք բերեց ձի նստելու ասպարեզում։
– Տղադ ձիու ճամբազ դարձավ, – ասում էին Ուստա Օվանեսի բարեկամները։
– Ջինսին մեջ եղեր է, – պատասխանում էր Ուստա Օվանեսը, – մեծ ամուճաս ըլ ձիու մարախլի էր, ձիու ուղուրն ըլ գնաց։2
Արմենակի ձիու սիրահարությունից ամենախոր հրճվողները նրա քույրերն էին, որոնց անմեղ հպարտությունը քաղաքում աչքի ընկնող երևույթ էր։
– Երեկ ախպարդ տեսա ձիու վրա, քնձոր3 թագավոր ըլլեր…― ասում էր քույրերի ընկերուհիներից մեկը։
– Ո՞ւր տեսար։
– Վերի մահլեն։
Երկու քույրերն էլ հնդկահավի նման ուռչում էին, այն աստիճան, որ ընկերուհին զղջում էր ասած լինելուն։
– Իշտե ախպորս պես չիկա, աշխըրքի մեջ մեկ հատիկ է։
Մի տարի Ուստա Օվանեսը կառավարական մի մեծ շենքի փայտե աշխատանքի կապալը վերցրեց և մեծ փող վաստակեց։
– Աղջի՛, Աննա, Արմենակին կարգենք, փարա շատ կա,― ասաց Ուստա Օվանեսը։
Աննա Քորոն ուրախությունից չկարողացավ պատասխանել։
– Կերևա քի ձիու հավասը առավ, աղջիկ մը փաթթենք գլխուն, քընթին հովը կիջնա, ձին ըլ կմոռնա, – շարունակեց Ուստա Օվանեսը։
– Հա՛, հա՛, աղեկ կ՚ըսես, – հիացմունքով կախվեց Աննա Քորոն ամուսնու շրթունքներից։
Մի քանի օր հետո, երբ Արմենակն արհեստանոցում հորն էր օգնում մի նուրբ պահարան շինելիս՝ Ուստա Օվանեսը Արմենակին պատմեց ծեր հոր հեքիաթը. «Կըլլի՝ չըլլիր, ըխտիյար՝4 հայր մը կըլլի. էս հայրը մեկ հատիկ զավակ մը կունենա, էս զավակը մարախ կուգա5 շունի, որսորդության ու չի կարգվի, հայրը կկանչե զավակն ու կըսե. օղլո՛ւմ, ես պիտի մեռնիմ, ամա աչքս ետիս է, էկեր6 դուն կարգվիս ու զավակ ունենաս, աչքս ետիս չի մնար։ Տղան կըսե՝ թե որ էդպես է, կը կարգվիմ։ Ըխտիյար հայրը կօրշնե զավակը, կը կարգե, զավակ կունենա, հայրն ըլ հանգիստ կը մեռնի»։
– Առակս զի՞նչ ցուցանե, – հարցրեց Արմենակը բարեմտորեն ժպտալով։
– Առակս կը ցուցանե, տղա՛ս, որ վախտդ եկեր է, կարգվե՛։
– Ես կուզիմ, որ երթամ երկրներ տեսնամ գամ, վերջը կարգվիմ։
Ուստա Օվանեսն այս անգամ էլ զիջեց որդուն, մեծ փող տվեց և ուղարկեց նրան Ադանա, Հալեպ, Դամասկոս։
Ճանապարհ դնելիս Ուստա Օվանեսը նրան համբուրեց և ասաց.
Կիտերսեն ուղուր օլա,
Դյուզ օվայոլին օլա։ 7
Մայրը գրկեր նրա գլուխը, լաց եղավ և ասաց․
– Չինար բոյիդ ղուրբան ըլլիմ, մայրիկի՛դ մեկհատիկը։
Քույրերը համբուրեցին նրան և միայն լաց եղան։
Արմենակը առաջին անգամ իր կյանքում ծխեց ծնողների ներկայությամբ։
Երբ Ուստա Օվանեսը վերադարձավ տուն՝ ասաց․
– Իշտե Արմենակիս ճղարա քաշելը քեֆս բերեց։
– Էնոր ճղարան սիրեմ, – ճռթկվեց8 Աննա Քորոն։
Արմենակի մեկնելու հաջորդ առավոտը Ուստա Օվանեսի տունը մեռելի տան նման էր, կարծես երկար լաց լինելուց հոգնած՝ ամեն մարդ լռել էր, իրերն անգամ տխուր էին, թոկի մի կտոր, որ դուրս էր հանվել պահարանից Արմենակի ճամփորդության համար և ավելորդ էր համարվել, տխրորեն գալարվել էր և ընկել միջանցքում։
Երրորդ օրը Աննա Քորոն սենյակում հանկարծ մի լաց սկսեց։ Աղջիկները վազեցին և տեսան, որ բարձի տակից մայրը Արմենակի թաշկինակն էր գտել։
– Մի՛ մտմտա, կնի՛կ, ճամփորդութենեն ըլ թող հավասն առնե, բան մը կընենք, – ասում էր Ուստա Օվանեսը և առավոտ կանուխ վազում արհեստանոց։
Իսկ ամեն երեկո Ուստա Օվանեսը և Աննա Քորոն նստում էին և զրուցում Արմենակի մասին։
– Աղջի՛, Արմենակիս երթալը քանի՞ օր է, – հարցնում էր Ուստա Օվանեսը։
– Հինգ օր։
– Ասօր կը հասնի…
Երկար մտածում էր Ուստա Օվանեսը և ասում մի տեղի անուն։
Եվ այսպես ամեն օր։
Դ
Մի իրիկուն, այն պահին, երբ վարդագույն լույս է լինում, Ուստա Օվանեսը, սենյակի լուսամուտի մոտ նստած, նորից հարց տվեց.
– Արմենակիս երթալը քանի՞ օր է։
Մեծ աղջիկը՝ Հաջիխասը, պատասխանեց.
– Քսանութ օր է։
Ուստա Օվանեսը երկար մտածեց և ասաց.
– Արմենակս ասօր կըլլի Ադանա։
Դեռ խոսքը հազիվ էր վերջացրել, երբ մի ձիավոր կանգնեց դռան առաջ, արաբական տարազով մի մարդ, սպիտակ ձիու վրա նստած։
Ուստա Օվանեսի լեզուն կլորվեց, հազիվ կարողացավ արտասանել․
– Ար֊մե֊նա֊կես գիր է եկեր…
Հաջիխասը վազեց լուսամուտը և պոռաց.
– Քա՜, Արմենակն է, ախպարս է…
Եվ իսկապես Արմենակն էր։
Սպիտակ ձին վրնջում էր, ինչպես արույրե զանգակը լուսաբացին, ծառս էր ելնում և դառնում ետևի ոտների վրա, ինչպես երիտասարդ մի պարուհի պիրուետ անելիս։
Հաջիխասն առաջինն էր, որ դուռը բաց արավ և հափշտակված կանգնեց, իսկ նրանից փոքրը՝ Հազարթերթը, հեռվից աղաղակեց.
– Վա՜յ, մեծ ախպա՜րս…
– Քիչ մը շեքեր բեր, – ասաց Արմենակը մեծ քրոջը։
Հաջիխասը վազեց շաքար բերելու։
Դռան շեմքին կանգնեցին Ուստա Օվանեսը և Աննա Քորոն։ Հաջիխասը շաքարը բերեց և վախվխելով տվեց եղբորը։ Արմենակը կռացավ ձիու վզի վրա և ափով շաքարը երկարեց ձիուն։ Շաքարը խռխռտացնելուց հետո ձին հանդարտվեց, այն ժամանակ Արմենակը վար ցատկեց։ Քույրերը փաթաթվեցին նրա վզովը, Արմենակը հազիվ ազատվեց նրանցից՝ փաթաթվելու ծնողներին։
Մայրը լաց եղավ։
Ուստա Օվանեսը, չհասկանալով ուրախության համար թափված արցունքները, բարկացավ և ասաց.
– Ա՛յ կնիկ, գնաց՝ լացիր, եկավ՝ կուլաս։
Արմենակը ձին տեղավորեց ախոռում և բարձրացավ վեր։
Հայրը հարցրեց.
– Էս ինտո՞ր եղավ։
– Գնացի Հալաբ, քանի մ՚օր ֆռլամիշ եղա, էս ձին տեսա, բյութուն (ամբողջ) փարան ատոր պառկցուցի, ելա եկա։
– Կըսեիր քի՝ տղաս խելացի չէ, տեսա՞ր, – դարձավ Ուստա Օվանեսը իր կնոջը։
Աննա Քորոն ապշեց, որովհետև այդպես բան երբեք ասած չէր։
Արմենակը գլխին փաթաթել էր ազնիվ բրդից հյուսված արաբական գլխանոց, վրան թեթև մի աբա, փոթռտուն մի շալվար և ոտին կարմիր ճտկավոր մի կոշիկ։
– Շամ9 չգացի՞ր, ծո՛։
– Չէ՛, փարաս հատավ։
– Բյութուն փարան ձիո՞ւն տվիր։
– Մենշուր10 ձի է, մայրը անգլիացի է, հայրը՝ արաբ, հարուր ոսկի տան, չեմ տար, – հպարտությամբ հայտարարեց Արմենակը։
– Մաշշալա՜, ծո՛…
– Անունն ի՞նչ է, – հարցրեց Հաջիխասը։
– Յըլդըզ…
– Քա՜… – բացականչեց Հազարթերթը։
– Յըլդըզիդ ղուրբան ըլլիմ, օղո՛ւլ, – շշնջաց Աննա Քորոն։
Ե
Հաջորդ օրն իսկ կայծակի արագությամբ լուր տարածվեց գավառական փոքրիկ քաղաքում, թե Ուստա Օվանեսի տղան Հալեբեն ձի մի բերեր է, որ նախապես պատկաներ է եղեր Մսրա խտիվի տղուն, ասում էին նաև, որ մենակ շեքեր ու չամիչ կուտե, ուրիշ բան չուտեր։
Անցավ մի քանի օր, հաջորդող առաջին կիրակին, այն պահին, երբ պատարագը վերջանում էր և բոլոր ժողովուրդը դուրս էր թափվում մայր եկեղեցուց՝ Արմենակը դուրս հանեց Յըլդըզը։
Նրա զիլ խրխնջոցը բռնեց կիրակնօրյա առավոտի խաղաղ, զարմանալիորեն հանգստավետ մթնոլորտը։
– Էս տեսակ ձի իթցուն տարի առաջ Մուստաֆա փաշան ուներ, նմանը ա՛լ չի եղեր, – ասում էին բոլորը և դիտում Արմենակը, որ Յըլդըզի քամակին քակած, սլանում էր թռչունի արագությամբ, գլխավոր փողոցում։
Ուստա Օվանեսի, Աննա Քորոյի և Արմենակի քույրերի ուրախության չափ ու սահման չկար։ Կիրակնօրյա այդ առավոտը քանի՜֊քանի՜ աղջիկներ ասացին իրենց նշանածներին.
– Քա, դուն ըլ կյոյա11 էրիկմարդ ես, հլե Արմենակը տես, ասլան կլմանի։
Իսկապես, Արմենակը հեքիաթի այն իգիթն էր, որ մազերը տված հովին, ճախրում էր օդում, նա այն դյուցազն էր, որ հանկարծ հայտնվել էր հրեղեն ձիու վրա նստած, եկել էր մուրազ բաժանելու բոլոր նրանց, որոնք տառապել էին իրենց անկարելի երազների համար։
– Ձիուդ նալին ղուրբան, – շշնջում էր Արմենակի մայրը, երբ լսում էր Յլըլդըզի պայտերի զրնգոցը, որ պայթում էր սալահատակի սպիտակ քարերի վրա և փշրվում, ինչպես արևի ոսկյա ծնծղան կապույտ լեռների և անտառների բարձրաբերձ և մուգ ծառերի գագաթների վրա։
Այդ օրը հարյուրավոր աղջիկներ սիրահարվեցին Արմենակին։ Մինչև անգամ մի աղջիկ այնքան համարձակ եղավ, որ մոտեցավ Արմենակի քրոջը և ականջին շշնջաց.
– Մեկ անգամ ախպորդ ծոցը պառկեի, տանեին թաղեի՜ն…
Զ
Եվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։
– Արմենա՜կը, Արմենա՜կը…
Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։
Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։
Այդ իրիկուն բոլոր գինի խմողները, – ծանոթ թե անծանոթ, – պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.
– Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ12 ընեն…
– Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…
Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։
– Քա՜, տեսա՞ր…
– Յա չի տեսա՞…
– Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ13…
– Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…
Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։
– Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…
– Չէ՛, ջանը՛մ, – չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։
– Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։
– Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ… – բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։
Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և առասպելական, պատմում էին հենց իրեն՝ Արմենակին։
– Քուզում Արմենակ, դուն վրան ես, չես տեսնար, սոխախին վերևը էն աղքատ Մարտիրոսին տունը կա յա, էդ տեղը եբոր հասար, Յըլդըզը չոլրվավ14, ոտքերը դրեց տեների վրա ու՝ յալլա՜…
– Աճայի՞բ15․․․ – զարմանում էր Արմենակը։
Եվ որպեսզի սառը ջուր լցրած չլինի ձիու համբավի վրա, ինքն էլ մի քիչ հափշտակված հեքիաթային զրույցներից, ասում էր․
– Եբոր կը քշիմ, աչքիս վրա կարծես բուլուդ կիջնա, հեչ բան չեմ տեսնար։
Եվ բոլորն հավատում էին, որովհետև նախ և առաջ հավատացել էին իրենց իսկ ստերին։
Քաղաքի բոլոր մարդկանց այրում էր մի ցանկություն՝ մոտենալ Յըլդըզին և շոշափել նրան, գեթ շատ մոտիկից զգալ նրա շունչը։
Ոչ մի մարդու համար, սակայն, այդ ցանկությունը չիրականացավ, որովհետև անկարելի էր, որ Յըլդըզը բացի Արմենակից որևէ մեկին թույլ տար իրեն մոտենալու։ Հենց որ մեկը փորձում էր այդ՝ Յըլդըզը կատաղում էր, վրնջում և ծառս լինում։ Ինքը՝ Արմենակը շատ ջանաց, որ նրան ընտելացնի տան անդամների հետ, չկարողացավ, միայն այն օրերը, երբ Արմենակը տանը չէր լինում և գարի տալու ժամն էր լինում, Հաջիխասը մի ձեռին գարի, մյուսին՝ շաքար, մոտենում էր, շաքարը տալիս, գարին թափում մսուրի մեջ և փախչում։
– Շատ աղե՜կ, – ասում էր Ուստա Օվանեսը, – էս ինտո՞ր եղավ, որ քեզ թողուց մոտը։
– Հենց առաջին օրը ինձ շատ սիրեց, – պատասխանում էր Արմենակը։
– Անասունները մարդու կաթը կը ճանչնան, – եզրակացնում էր Աննա Քորոն։
Է
Ամիսներ անցան։
Եղավ մի տարի։
Եղավ երկու տարի։
Ցըլդըզի համբավը գնալով աճեց, նրա շուրջ ստեղծված զրույցները ավելի գունավորվեցին և բազմացան։
Քաղաքում լույս ընկավ սրիկաների մի խումբ, որ սկսեց Յըլդըզը գողանալու միջոցներ որոնել։ Այդ խումբը կազմված էր ուրիշ քաղաքից եկած ձիու մի սիրահարի ջանքերով։ Լսել էր նա Յըլդըզի համբավը, գոտին ամբողջ լցրել էր փողով և եկել էր Արմենակի ձին հափշտակելու։
– Ծո՛, էդ փուշտը16, ո՞վ է, որ իմ ձիես աղեկը պիտի ունենա, – հայտարարել էր այդ սրիկան։
Տեղացիներից միացել էին նրան այն մի քանի երիտասարդները, որոնց նշանածները, Արմենակին սիրահարված լինելով՝ լքել էին նրանց։
Արմենակը, կռահելով այս խմբի գոյությունը, իր անկողինը փոխադրել էր ախոռը և գիշերները այնտեղ էր քնում։ Ախոռի մի կողմում՝ ձի և թրիք, մյուս կողմում՝ մաքուր սպիտակեղենով մի անկողին, Արմենակի քույրերի սքանչելի ձեռագործներով պատած։
Արմենակի ախոռ փոխադրվելուց հետո Ուստա Օվանեսը ինքը անձամբ ախոռի համար կրկնակ լուսամուտներ շինեց և երկաթյա ճաղերով պատեց, դռան ետևն էլ երկաթներով ամրացրեց, մինչև անգամ առաստաղը քանդեց, կրկնակ սյուներ դրավ և նորից ծածկեց։
– Դե՛ հիմա ճիվերս17 կը փախցնեն, – ասաց Ուստա Օվանեսը աշխատանքը վերջացնելուց հետո։
Արդեն եկել հասել էր այն ժամը, երբ Ուստա Օվանեսը և Աննա Քորոն համոզել էին իրենց մեկ հատիկ որդուն ամուսնանալ, բայց ահա այս ախոռ փոխադրվելն ամեն ծրագիր տակնուվրա էր անում։
– Աղջիկը բերիմ, տանիմ ախո՞ռը պառկեցնեմ, – առարկում էր Արմենակը։
Ուստա Օվանեսը չէր կարող ուրիշ առարկություն բերել, որովհետև հաստատ համոզված էր, որ եթե Արմենակը ախոռում չքներ՝ ատրճանակը բարձի տակ և դանակը պատյանից հանած և դրած անկողնի կողքին, սրիկաներն անպայման կը հափշտակեին ձին և դա Արմենակի համար մահ կլիներ։
– Կնի՛կ, – համոզում էր Ուստա Օվանեսն իր կնոջը, – ավելի աղեկ է տղաս ողջ մնա, ախոռը քնանա, քան թե հարս բերի ու մեռնի։
– Հարսն ըլ թող ախոռը պառկի, – ասում էր Աննա Քորոն։
– Կնի՛կ, էնպես բան ըսե, քի եփած հավը չխնդա։
Մայրը միամտորեն փորձեց մի օր համոզել Արմենակին, որ ձին ծախի ու շեն ու շնորհքով ապրի։
– Զաթե18 ձիեն հավսդ առիր, – ասաց Աննա Քորոն։
Արմենակը պատասխանեց նրան.
– Քառասուն աղջիկ ձիուս դռնաղին19 հետ չեմ փոխեր։
Քույրերը նպաստում էին Արմենակի ամուրի մնալուն, նրանք նախանձում էին, որ տունը մի աղջիկ գար և ամբողջովին գրավեր իրենց եղբորը։
Ինչքան ծնողները ամուսնության խոսքն էին անում, Արմենակն այնքան խոր սիրահարվում էր իր ձիուն և ամեն մի խոսակցությունից հետո դուրս բերում ձին ու թնդացնում փողոցը։
Աննա Քորոն, հակառակ խոնավացած աչքերին, երբ լսում էր Յըլդըզի խրխնջոցը, բացականչում էր.
– Ձա՜նըդ սիրեմ…
Յըլդըզը գնալով ավելի փարթամացավ և ավելի կատաղեց։
Արմենակն ապրում էր գերագույն երջանկության մեջ, ախոռի թրիքի հոտը նրան թվում էր խոր բուրումնավետ։ Երբեմն գիշերները վեր էր կենում, մոտենում Յըլդըզին, շոյում, համբուրում նրա աչքերը, որ լամպի լույսին հառելիս՝ անսահման փայլ ու խորություն էին ստանում, հետո գալիս էր անկողին, մի սիգարեթ քաշում և քնում։ Պատահում էր, որ Արմենակն ուշանար գալ քնելու, Յըլդըզն անհանգիստ էր լինում, և երբ ներս էր մտնում Արմենակը, ձին այնպես էր խրխնջում, որ ախոռի լուսամուտի ապակիները թրթռում էին։
Ը
Բայց խոր երջանկությունը, այսպես է կարծես բնության անիմանալի օրենքը, երկար չի տևում, հորդուն տեղատարափը կարճ է լինում, երբ ծառի վրա պտուղները մեծ և փարթամ են աճում՝ թվով քիչ են լինում, այդպես է և լույսով վարարուն առավոտը, հանկարծ ամպեր են հասնում, գորշ, մթին և ծանր ամպեր, և ծածկում են երկնքի անսահման կապույտը։
Արմենակը հանկարծ հիվանդացավ, մեկ ձայնի վրա սկսեց բղավել.
– Փո՜րս… փո՜րս…
Անմիջապես փոխադրեցին նրան ախոռից տուն, իր նախկին սենյակը։ Տաք ջուր, տաքացրած կղմինդր։ Կեսգիշերին բժիշկ եկավ, դեղ, կոմպրես՝ ոչինչ չօգնեց։
– Բաղարսըղ դեոմմեսի20 է, – հայտարարեց բժիշկը։
Գավառական փոքրիկ քաղաքի բժիշկը հայտարարելով նրա հիվանդությունը, ձեռքերը ծալեց և քաշվեց մի կողմ։ Անզոր էր նրա գիտությունը։
Արմենակը ձայնը չկտրեց։
Հաջորդ գիշերը նա հազիվ կարողացավ խնդրել հորը, որպեսզի ինքը գնա և ախոռում գիշերի։
– Շուն շանորդիները բան մը չընե՞ն ձիուս, – ասաց նա։
Ուստա Օվանեսն այդ գիշերն անցկացրեց ախոռում։
Առավոտյան Արմենակի դրությունն ավելի վատացավ, երեսի գույնն ամբողջովին փոխվեց, սիրտն անընդհատ թափում էր, մինչև անգամ արտաթորումն սկսեց բերանից գալ։ Հանգուցվել էր նրա աղիքը և բոլոր բնական ճանապարհները փակել։
Մահամերձ այդ րոպեին Արմենակը չմոռացավ իր ձին և մյուս գիշերն էլ մի կերպ հասկացրեց հորը՝ գնալ և ախոռում գիշերել։
Ուստա Օվանեսը նորից գնաց ախոռ, նորից ստուգեց բարձի տակը. ատրճանակն այնտեղ էր։ Պառկեց քնելու, բայց Յըլդըզը չթողեց, որ քնի. անընդհատ դոփում էր գետինը միօրինակ ռիթմով։
Ուստա Օվանեսը վեր կացավ, մոտեցավ ձիուն։ Յըլդըզն ոչ մի կատաղություն ցույց չտվեց այդ գիշեր, միայն անընդհատ և համառորեն դոփում էր գետինը։ Ուստա Օվանեսը ափով շաքար տվեց, ձին չկերավ և շարունակեց դոփել։
Ուստա Օվանեսը չքնեց, անկողնի վրա նստած՝ ծխում էր և մտածում։ Տխուր էին նրա մտքերը, երբեմն՝ այլանդակ։ Գիշերը նրան բերում էր չարագուշակ տեսիլներ։
Առավոտյան դեմ, երբ դեռ ախոռի փոքրիկ լուսամուտները հազիվ էին կապույտ ներկվել, ձին դոփումն արագացրեց, որը հազիվ մի քանի րոպե տևեց, հանկարծ կանգ առավ, այլևս ոչ մի շարժում, միայն մի տնքոց հանեց և գլուխը կախեց տխուր և մռայլ։ Ուստա Օվանեսը մոտեցավ նրան, նայեց նրա աչքերի մեջ, ինչ֊որ մարդկային բան կար նրա նայվածքում, ազատորեն, առանց վախի շոյեց նա անասունի վիզը, գլուխը։ Յըլդըզը ոչ մի շարժում չփորձեց, միայն մի անգամ տխուր նայեց Արմենակի հորը։ Կարծես մեկը խոցեց Ուստա Օվանեսին՝ դաշույնի նման մեխվեց նրա ուղեղում մի չար և զարհուրելի միտք։ Վազեց դուրս։
Նա պետք է անցներ շատ փոքրիկ պարտեզը ախոռից տուն հասնելու համար։ Հազիվ մի քանի քայլ՝ նա լսեց արդեն կնոջ և աղջիկների շիվանը։ Ոտները ծալվեցին, չոքեց, նորից բարձրացավ և, օրորվելով, ծառերը և թփերը բռնոտելով, առաջ շարժվեց։
Այն րոպեին, երբ ձին դադարեցրել էր դոփումը, Արմենակը փակել էր աչքերն ընդմիշտ։
Լացից և շիվանից զարթնեց ողջ թաղը և լցվեց Ուստա Օվանեսի տունը։
Թ
Երբ հուղարկավոր թափորը կանգնեց դռան առաջ և դագաղը երկար երևաց փողոցում, Ուստա Օվանեսը գնաց ախոռը, քանդեց Յըլդըզի սանձը և բաց թողեց։ Ձին տխուր, դանդաղ, երերուն քայլերով, ինչպես քայլերը մարդ֊հուղարկավորի, եկավ, մտավ թափորի մեջ, մոտեցավ Արմենակի դագաղին, դունչը հպեց փայտին և կանգ առավ։
Թափորն սկսեց շարժվել։
Որքան թափորն առաջ շարժվեց, այնքան մեծացավ, գրեթե ողջ քաղաքը մասնակցում էր հուղարկավորության։ Ձին գնում էր թավուրի հետ համաչափ՝ դունչը երբեք չհեռացնելով Արմենակի դագաղից։
Գերեզմանոցում, երբ դագաղն իջեցրին և դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Յըլդըզը գլուխը կախեց Արմենակի դեմքի վրա, և մարդիկ տեսան նրա արցունքները, խոշոր֊խոշոր կաթիլներով, տաք և կարոտագին, որ թափվում էին Արմենակի սառած դեմքի վրա։
– Մարդու պես կուլա կոր, – շշնջում էին հուղարկավորները։
– Ասլա՜նս, ձիուդ նալին ղուրբան ըլիմ, – ողբում էր մայրը։
Քույրերն ուշագնաց եղան և տարվեցին մի կողմ, իսկ Ուստա Օվանեսը մի ձեռքով ձիու վիզն էր բռնել և մյուս ձեռքով Արմենակի ձեռքը և կոծում էր.
– Չինա՜րս, Յըլդըզը որբ մնաց, – ասում էր նա և իր արցունքները խառնում ազնիվ անասունի արցունքներին։
Երբ դագաղն իջեցրին խոր փոսը՝ Յըլդըզը դունչը դրեց փոսի եզրին ու մնաց այդպես, մինչև հողը լցվեց, հավասարվեց գետնին և բարձրացավ վեր։
Երբ հուղարկավոր թափորը շարժվեց դեպի ետ, Յըլդըզը նորից ճեղքեց բազմությունը, մոտեցավ Արմենակի մորը, կռացրեց գլուխը, դրեց նրա թևի տակ և այդպես հասավ մինչև տուն։
Ամբողջ ճանապարհին Յըլդըզը քայլում էր տխուր, մարդկային տխրությամբ։
Ողջ քաղաքը լաց էր լինում Արմենակի և որբ մնացած ձիու համար։
– Անասունն ըլ մարդու պես սիրտ ունի եղեր,― ասում էին բոլորը։
Մի կյանք և մի սեր։ Պատմվածք
Մի կյանք և մի սեր։ Պատմվածք
Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։
Մոտենում էր մեկին, թե՝
– Անոթի իմ։
– Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես, – հարցնում էին։
– Սիրտս փախլավա կուզե։
– Առ քըզի փախլավա, – և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։
Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար֊հիմար ժպտալով.
– Լո՜ս է։
Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։
Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։
Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։
Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։
Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։
– Մոսես, գնա սիթիլ[1] մը ջուր բեր։
Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։
Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։
Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։
Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։
– Մոսես ախպար…
– Ղուրբան…
Սպասում էր, որ մի բան պատվիրեն։
Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝
– Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։
Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։
Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։
Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝
– Մյո՛ւսը տուր, էս շատ է։
Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։
Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։
– Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ, – հարցնում էին նրան։
Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.
– Հե՛չ, մածուն կլզիմ։
Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։
Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։
Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։
Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։
Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.
– Խաչխաթուն քորո, եկա՛։
– Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։
– Քըզի փարա իմ բերեր։
Այրի Խաչխաթունը զարմացավ։
– Փարա՞։
– Հա՛, ինչքա՞ն կուզես։
– Տեսնամ, – աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։
Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.
– Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։
– Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։
– Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։
– Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։
– Աչքս քոռնա, փարա է, – երդվեց Մոսես ախպարը։
Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։
Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։
Խաչխաթուն քորոյի հարևանուհիները մոտեցան նրան․
– Էդ խենթն ի՞նչ կըսեր, – հարցրին նրանք։
– Ամա՜ն, խենթ չըլլի՝ քովս կուգա՞։
– Է՛, ի՞նչ կըսեր։
– Ղազեթայի փարչան[2] բերեր է քի՝ փարա է, ա՛ռ։
Հարևանուհիները կուշտ ծիծաղեցին։
– Բախտ ունենայի, անտեր չէի մնար, – ողբաց Խալխաթուն քորոն։
Մոսես ախպարն առավոտյան աչքերը բաց արավ բոլորից առաջ։ Մի բան մտքում կար, բայց անմիջապես չհիշեց։ Երբ երկու քայլ առավ, հիշեց – Խաչխաթուն քորոն էր։ Կանգ առավ։ Ժպտաց։ Փողոցներում ոտնաձայններ լսվեցին։ Ոտնաձայնները շատացան։ Բացվեցին խանութները։ Մոսես ախպարը մտավ մսագործների փողոցը։ Առանց իր խնդրելուն՝ նրան տեսնող առաջին մսագործն ասաց.
– Մոսես ախպար…
– Ղուրբան…
– Ի՞նչ տեղեն կուզես, կըյրիմ տամ։
Մոսես ախպարը, անգիտակցորեն մատը դրեց մսի մի մասի վրա։
– Շատ աղեկ, գլխուս վրա, – ասաց մսագործը և կտրեց տվեց։
Մոսես ախպարը հանեց լրագրի մի կտոր և երկարեց մսագործին։ Մսագործը լրջորեն վերցրեց լրագրի կտորը, և նետեց դախլը։
Մոսես ախպարը մսի կտորը, որ պատահաբար յուղոտ էր և դեռևս տաք, փաթաթեց մաշված ֆրակի փեշի մեջ և գնաց փռերի փողոցը։
Մի փռից հաց վերցրեց, գնաց ներքևի հրապարակը և գնեց մի քանի տեսակ բանջարեղեն, բոլորի համար էլ վճարելով լրագրի կտորներ։
Մաշած ֆրակի երկու փեշերը լիքը՝ նա քայլեց դեպի քաղաքի ծայրը, Խաչխաթուն քորոյի խրճիթը։ Թակեց դուռը։ Խաչխաթուն քորոն բաց արավ և՝
– Եկա՞ր, խե՛նթ անտեր։
Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.
– Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։
Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.
– Քա՜…
– Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։
Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.
– Քա՛, երազ չէ՞, – և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.
– Ձեռքդ դալար…
– Հըլե շատ փարա ունիմ, – հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։
Խաչխաթուն քորոն էլի ապշեց.
– Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։
– Դո՛ւն ես, դո՜ւն, – հայտարարեց Մոսես ախպարը։
Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.
– Փատ ունի՞ս։
– Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։
– Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ, – ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։
– Կեցի՛ր, ես ըլ հետդ գամ։
– Եկո՛ւր, ղուրբան, եկո՛ւր։
Երբ դուրս էին ելնում, Մոսես ախպարը ձեռքը հպեց Խաչխաթուն քորոյի ուսին։ Խաչխաթուն քորոն ոչ միայն չնեղացավ, այլև ներողամտությամբ ժպտաց նրան։
– Վա՛, թուշդ կռծիմ, – բացականչեց Մոսես ախպարը։
– Դե՛ խե՛նթ շուն, մի լպստվիր, առաջս ընկիր, – սաստեց Խաչխաթուն քորոն, բայց խորագույն հաճույք զգաց նա Մոսես ախպոր խոսքից։
Նրանք գնացին շուկա։ Մոսես ախպարն ուղիղ քշեց կոտրտած փայտ ծախողների շարքը։ Խաչխաթուն քորոն էլ ետևից։
– Մոսես ախպար, ի՞նչ կուզես։
– Փատ կուզիմ, ղուրբա՛ն։
Փայտավաճառը կշռեց մի գիրկ փայտ և տվեց։
Մոսես ախպարը ծոցից հանեց մի լրագրի կտոր և վճարեց փայտի համար։ Խաչխաթուն քորոն ապշեց։ Փայտերն ինքը Քորոն դարսեց թևի վրա։
– Է՛հ, դուն տուն գնա, ես գործ ունիմ, – ասաց Մոսես ախպարը։
– Կեսօրին եկուր, մեկտեղ ուտինք։
– Հա՛, ղուրբան, հա՛։
Խաչխաթուն քորոն գնաց, իսկ Մոսես ախպարը կանգնեց մի պատի տակ։
Խաչխաթուն քորոն հարևանուհիներին կանչեց ներս։
– Տեսե՜ք, տեսե՜ք, իշտե ղազեթայի փարչայով (կտորտանք) առավ։
– Քա՛, վո՞վ։
– Խե՛նթը, վո՞վ։
Բոլորը մատ խածին։
Խաչխաթուն քորոն ցույց տվեց Մոսես ախպոր բերած միսը, հացը և բանջարեղենը։
– Քա՛, ղազեթայի փարչայո՞վ առիք։
– Հա՛։
– Քա՛, ձեր մեջ վո՞վ է խենթը, Մոսե՞սը, թե դուն։
– Չըլնի՞ թե ես եմ խենթը, – տարակուսեց Խաչխաթուն քորոն, բայց շուտով զգաստացավ, չէ՛, խենթը Մոսես ախպարն էր, բայց ի՞նչն էր այդ մթին գաղտնիքը։
Իսկ Մոսես ախպարը շարունակեց իր աշխատանքը շուկայում։
– Մոսես ախպար։
– Ղուրբա՛ն։
– Գնա, սիթիլ մը ջուր բեր։
Եվ Մոսես ախպարը փութկոտությամբ ու աշխուժությամբ վազեց աղբյուր։
Կեսօրին Մոսես ախպարը գնաց Խաչխաթուն քորոյի խրճիթը և մտավ ներս համարձակորեն։
– Էնպես բան եփեր իմ, մատներդ հետը կուտես, – ասաց Խաչխաթուն քորոն։
– Ի՞մ մատներս։
– Քո՜ւ մատներդ, յա որո՞ւնը։
– Քո՜ւ մատներդ ուտիմ, ղուրբա՛ն։
– Խե՛նթ, – բացականչեց Խաչխաթուն քորոն՝ խորապես հրճվելով, որ վերջապես, երկար տարիներից հետո, եղավ մեկը, որ ուզում էր իր մատներն ուտել։
Երկուսն էլ նստեցին գետնին փռված կարմիր սփռոցի շուրջը։ Խաչխաթուն քորոն վերջին անգամ կերակուրը խառնեց և մոտենալով Մոսես ախպորը՝ ասաց.
– Փարաները ծո՞ցդ են։
– Հա՛, ծոցս են։
– Վաղն ալ միս կբերե՞ս։
– Ասսուն օրը կբերիմ, ղուրբա՛ն, քեզի համար Ասսուն օրը կբերիմ։
Խաչխաթուն քորոն երանությամբ նայեց Մոսես ախպորը։
– Մոսես ախպար, – ասաց նա, – աշխըրքի մեջ ես ըլ մինակ իմ, դուն ըլ։
– Երկուքս ըլ որբ ինք, – պատասխանեց Մոսես ախպարը։
Նա դողում էր, ուզում էր մի բան ևս ասել, իր սրտի մեջ եղածը, բայց չկարողացավ։
– Քա՛, կերակուրը տակը կպավ, – բացականչեց Խաչխաթունը և վազեց դեպի օջախը։
Մոսես ախպարը նայեց նրա մանրիկ քայլերին և թույլ֊թույլ մսերին, որ քայլելիս երերվում էին։ Նա երկու քայլ առավ առանց մտածելու, բնազդորեն։
Խաչխաթուն քորոն ետ եկավ արդեն կերակրով։ Կերակրի գոլորշին փոքրիկ սենյակը լցրեց ախորժալի հոտով. Մոսես ախպոր ռունգները բարձրանում և իջնում էին։ Երկու բան նրան զգլխում էին, – տաք կերակուրը և, թերևս կերակրից ավելի՝ տաք Խաչխաթուն քորոն։
– Ղուրբա՜ն, – շշնջաց Մոսես ախպարը։
– Ի՞նչ է, – պատասխանեց Խաչխաթունը։
Մոսես ախպարն էլ չկարողացավ ասելիքն ասել, սրտում շատ բան կար, բայց լեզվի ծայրը չէր գալիս, եթե գալիս էլ էր, շուտով փախչում էր վար։ Նայեց նրան երկար և լավաշի մեջ մսի մի կտոր փաթաթելով՝ երկարեց Խաչխաթուն քորոյին։
– Կե՛ր։
– Քա՛ , ես քըզի տի տամ, դո՞ւն ընծի կուտաս։
– Կե՛ր, ղուրբան, դո՛ւն կեր։
Խաչխաթուն քորոյի աչքերը լցվեցին՝ հիշեց, որ երեսուն տարի առաջ իր ամուսինն էլ մի օր այդ ձևով իրեն հյուրասիրեց։
– Ղուրբա՛ն, ինչո՞ւ կուլաս։
– Մարդս…― սկսեց Խաչխաթուն քորոն, բայց չկարողացավ շարունակել։
Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ էր պատահել նրա ամուսնուն, թերևս և ողջ էր։
– Մարդդ հիմի ո՞ւր է, – հարցրեց նա։
– Հիմա բա՞ն մնացեր է, փտեր է անտերը։
Մոսես ախպարը շունչ քաշեց։
Ճաշից հետո Մոսես ախպարը ոտները տնկեց և թախթի վրա երկարեց առանց բարձի։ Հազիվ քնել էր, երբ Խաչխաթուն քորոն նրան զարթեցրեց։ Մոսեսը վախով բաց արավ աչքերը, նա կարծեց, որ Քորոն պիտի դուրս վռնդի իրեն։ Բայց քորոն ասաց.
– Ելիր, բարձը գլխուդ տակը դիր, մեղք ես։
Մոսես ախպարը քիչ մնաց ուշագնաց լիներ – առաջին անգամն էր իր կյանքում, որ մեկը հոգում էր իր չոր գլխի համար։
– Խաչխաթուն քորո, ղուրբա՜ն ըլլիմ քու ոտքերիդ, ոտքերդ լվամ, ջուրը խմիմ, – բացականչեց նա։
Խաչխաթուն քորոն ձայն չհանեց, սրբեց քիթը և կողքին նստեց։ Նա ուզում էր, որ Մոսես ախպարը սիրտը վերջապես բաց անի, բայց գլխի չէր ընկնում, որ Մոսես ախպարն արդեն սիրտը բաց էր արել, դրանից ավելի չէր կարող բաց անել։
Երեկոյան Մոսես ախպարը սպասում էր, որ Խաչխաթուն քորոն իրեն պահի տանը, իսկ Խաչխաթուն քորոն էլ սպասում էր, որ Մոսես ախպարն արդեն կմնա իր մոտ, բայց Մոսես ախպարը մութն իջնելուց առաջ ասաց․
– Երթամ շուկա։
– Վաղ կուգաս։
– Հա, ղուրբա՛ն, կուգամ։
Մոսես ախպարը գնաց շուկա և մի պատի տակ կանգնեց։
Առավոտյան կանուխ միս ու հաց առնելով՝ գնաց խրճիթ։ Խաչխաթուն քորոն անկողնից դեռ վեր չէր կացել։ Մոսես ախպարը լուսամուտից ներս նայեց և տեսավ, որ Խաչխաթուն քորոն վրան մի շոր է քաշում, որ գա դուռը բաց անի։ Մոսես ախպարը տեսավ նրա բաց սրունքները և բաց թևերը։
– Քա՛, դո՞ւն ես։
– Հա՛, ղուրբա՛ն, միս ու հաց բերեր իմ։
Երբ Խաչխաթուն քորոն տեսավ միսն ու հացը, չկարողացավ իրեն պահել և կողքովն ընկավ Մոսես ախպոր վրա։ Մոսես ախպարը գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա և տարավ ներս, դրեց անկողնին։ Խաչխաթուն քորոն այնպիսի ձայներ հանեց, ինչպես տարիներ առաջ։ Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ անի, մի քանի անգամ բարձրացրեց նրան, պինդ սեղմեց և նորից դրեց անկողնում, հետո շրթունքները մոտեցրեց նրա բաց թևերին և կծեց։
Խաչխաթուն քորոն ճչաց.
– Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։
– Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն, – անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։
Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։
Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։
– Ճեպը, ծոցը փարա է, – ասաց նա։
Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով, մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.
– Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով[3] սրբե, – խրատեց նա։
Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան֊գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.
– Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ[4] շիտկեցիր։
– Կնիկ գտա, ղուրբա՛ն, – պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։
Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ֊մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում. – «Հա՛, ղուրբա՛ն»
Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.
– Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։
Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…
Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝
– Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։
Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։
Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց. – Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…
Եվ փակվեցին նրա աչքերը։
Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.
– Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..
Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։
Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.
– Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։
Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։
Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.
– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։
Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։
– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։
– Փարա տվի։
– Էս փարա՞ է։
– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։
Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.
– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։
Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։
Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.
– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։
Հարևանները, մխիթարելու համար, ասացին.
– Աստված իրեն հավնածը կտանե․․․
– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։
Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.
– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։
– Քա՛, փարա չէ՞։
– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։
Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։
Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։
Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։
– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։
– Մոսես ախպարը…
– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…
Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։
Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։
– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։
Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։
1934 թ.
Մի կյանք և մի սեր
Մանկությունից էր այնպես՝ եթե մի գետնախնձոր տային, թե՝ կեր, խնձոր է, ուտում էր։
Մոտենում էր մեկին, թե՝
– Անոթի իմ։
– Սիրտդ ի՞նչ կուզե, Մոսես, – հարցնում էին։
– Սիրտս փախլավա կուզե։
– Առ քըզի փախլավա, – և տալիս էին սովորական լավաշը, և նա ոչ միայն ուտում էր իբրև փախլավա, այլև իսկական փախլավայի համ էր ստանում։
Երբ մանուկ էր, ոչինչ չէր կարողանում զանազանել իրարից։ Միայն մի բանում երբեք չէր սխալվում։ Երբ հարցնում էին՝ Մոսես, մո՞ւթ է, թե լուս, պատասխանում էր հիմար֊հիմար ժպտալով.
– Լո՜ս է։
Թե որտեղից և ինչպես գավառական փոքրիկ քաղաքն էր ընկել նա՝ ոչ ոք չէր իմանում, երևի պատահաբար դուրս էր եկել դաշտի գյուղերից մեկից, քայլել էր աննպատակ, ընկել էր քաղաքը և այլևս մոռացել էր հին գյուղը։
Արդեն երիտասարդ էր, երբ երևաց քաղաքում, ցնցոտիներով, կեղտոտ ֆեսով, բոբիկ, ճաքճքած ոտներով, փոքրիկ գլխով, բայց բեխերով և միրուքով, երևում էր, որ ածելի չէր դիպել նրա երեսին. բարձրահասակ էր, փոքրիկ, ապուշ աչքերով, բայց զարմանալիորեն համակրելի նայվածքով, նայվածք, որ կարեկցություն էր առաջացնում։
Շուտով, շատ շուտով նա հայտնի դարձավ շուկայի բոլոր խանութպաններին։
Մի քանի անգամ քաղաքի փողոցային մանուկները, ինչպես և փողոցային մարդիկ, փորձեցին խաղացնել նրան, բայց չհաջողվեց, որովհետև Մոսեսը ոչնչից չնեղացավ, ոչ մի արձագանք չտվեց, ասացին և հեռացան։
Շուտով նա դարձավ ամենապետքական մարդը շուկայի խանութպանների համար, որովհետև բոլորի համար անխտիր ջուր էր կրում։
– Մոսես, գնա սիթիլ21 մը ջուր բեր։
Մոսեսը առանց որևէ առարկության, վերցնում էր դույլը և գնում ջրի։
Բերելուց հետո էլ ոչ մի բան չէր պահանջում՝ լուռ ու մունջ կանգնում էր պատի տակը և ժպտում։ Բարեխիղճները նրան տալիս էին տանից բերած ճաշի ավելցուկը․ ուտում էր, բերանը սրբում թևով և նորից կանգնում մի պատի տակ, նայում տարտամ և անորոշ։
Մարդիկ փորձեցին, բացի ջուր կրել տալուց, ուրիշ աշխատանքի մղել նրան, բայց չհաջողվեց․ բացի ջուր կրելուց ուրիշ ոչինչ չէր կարող անել, որովհետև մինչև կես ճանապարհը մոռանում էր պատվերը և այլևս չէր վերադառնում պատվիրատուի մոտ, պատվերը մոռացած տեղը կանգնում էր և սպասում։
Երբ տարիքն առավ, նրան սկսեցին «Մոսես ախպար» կանչել։ Սկզբներում վարժ չէր այդ անվան, կարծում էր, որ իրեն չեն կանչում, բայց երբ մարդիկ համառորեն շարունակեցին՝ վարժվեց։
– Մոսես ախպար…
– Ղուրբան…
Սպասում էր, որ մի բան պատվիրեն։
Երբ որևէ բան չկար, որով վարձատրեին նրա աշխատանքը – ճաշի ավելցուկ և այլն – խանութպանները սովորություն դարձրին նրան վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան, թե՝
– Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։
Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։
Եվ իսկապես, լրագրի այդ կտորները կամ պապիրոսի թղթի շապիկները փող էին Մոսես ախպոր համար, որովհետև իր բոլոր գնումները անում էր այդ լրագրի կտորներով և պապիրոսի թղթի շապիկներով։ Մոտենում էր որևէ խանութի, կոշկակարի, նպարեղենի խանութի, վարնոց ճաշարանի, փողոցների անկյունները տժվժիկ եփողների, պաղպաղակ ծախողների և, տալով իր փողը, վերցնում էր ինչ որ ուզենար, բոլորն էլ տալիս Էին, որովհետև Մոսես ախպարն իսկապես այդ թղթի կտորներն իրար վրա դիզել էր սեփական և արդար աշխատանքով։
Մի անգամ մտավ մի սափրիչի խանութ և ամբողջ դեմքը մաքրել տվեց և խուզել տվեց գլուխը։ Սափրվելուց հետո ծոցից հանեց պապիրոսի թղթի մի շապիկ և տվեց սափրիչին։ Սափրիչն ուզեց բարեխիղճ լինել և ետ տվեց պապիրոսի թղթի շապիկը, թե՝
– Մյո՛ւսը տուր, էս շատ է։
Մոսես ախպարը ժպտաց և ետ վերցնելով պապիրոսի թղթի շապիկը՝ տվեց նրան լրագրի կտորը։
Մոսես ախպարը սիրում էր մածունը․ մանկությանը, գյուղում, միակ ուտելիքը մածունն էր եղել, բայց, դժբախտաբար, իր փողով չէր կարող մածուն գնել, որովհետև շուկայում մածունը ծախում էին գյուղացիները, որոնք ամեն առավոտ բերում էին, ծախում և գնում, նրանց համար ջուր հարկավոր չէր, որ Մոսես ախպարը կրեր և վարձատրություն ստանար և ապա փոխանակեր մածունի հետ, ուստի, ամեն առավոտ գնում էր շուկայի մեծ հրապարակը և համբերությամբ կանգնում էր մածուն վաճառողների կողքին, որպեսզի երբ շերեփից մածունը թափվեր տախտակի վրա՝ մատովը վերցներ և լիզեր։
– Մոսես ախպար, ի՞նչ կենես էստեղ, – հարցնում էին նրան։
Մոսես ախպարը, ուսերը վեր բարձրացնելով և ժպտալով՝ պատասխանում էր.
– Հե՛չ, մածուն կլզիմ։
Հրապարակից նա քաշվում էր այն ժամանակ միայն, երբ, բոլոր մածունը ծախած, գյուղացիներն ամանները վերցնում էին և հեռանում։
Իմացականության բացարձակ բացակայությունը երբեք պատճառ չէր, որ սիրտը դադարեր բաբախելուց։
Նա փողոցների անկյունները, բաղնիքի պատի տակը, եկեղեցու բակում կամ խանի թրիքների մեջ երկար ժամանակ գիշերելուց հետո քաղաքի ծայրում գտավ մի խրճիթ, որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։
Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։
Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.
– Խաչխաթուն քորո, եկա՛։
– Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։
– Քըզի փարա իմ բերեր։
Այրի Խաչխաթունը զարմացավ։
– Փարա՞։
– Հա՛, ինչքա՞ն կուզես։
– Տեսնամ, – աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։
Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.
– Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։
– Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։
– Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։
– Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։
– Աչքս քոռնա, փարա է, – երդվեց Մոսես ախպարը։
Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։
Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։
Խաչխաթուն քորոյի հարևանուհիները մոտեցան նրան․
– Էդ խենթն ի՞նչ կըսեր, – հարցրին նրանք։
– Ամա՜ն, խենթ չըլլի՝ քովս կուգա՞։
– Է՛, ի՞նչ կըսեր։
– Ղազեթայի փարչան22 բերեր է քի՝ փարա է, ա՛ռ։
Հարևանուհիները կուշտ ծիծաղեցին։
– Բախտ ունենայի, անտեր չէի մնար, – ողբաց Խալխաթուն քորոն։
Մոսես ախպարն առավոտյան աչքերը բաց արավ բոլորից առաջ։ Մի բան մտքում կար, բայց անմիջապես չհիշեց։ Երբ երկու քայլ առավ, հիշեց – Խաչխաթուն քորոն էր։ Կանգ առավ։ Ժպտաց։ Փողոցներում ոտնաձայններ լսվեցին։ Ոտնաձայնները շատացան։ Բացվեցին խանութները։ Մոսես ախպարը մտավ մսագործների փողոցը։ Առանց իր խնդրելուն՝ նրան տեսնող առաջին մսագործն ասաց.
– Մոսես ախպար…
– Ղուրբան…
– Ի՞նչ տեղեն կուզես, կըյրիմ տամ։
Մոսես ախպարը, անգիտակցորեն մատը դրեց մսի մի մասի վրա։
– Շատ աղեկ, գլխուս վրա, – ասաց մսագործը և կտրեց տվեց։
Մոսես ախպարը հանեց լրագրի մի կտոր և երկարեց մսագործին։ Մսագործը լրջորեն վերցրեց լրագրի կտորը, և նետեց դախլը։
Մոսես ախպարը մսի կտորը, որ պատահաբար յուղոտ էր և դեռևս տաք, փաթաթեց մաշված ֆրակի փեշի մեջ և գնաց փռերի փողոցը։
Մի փռից հաց վերցրեց, գնաց ներքևի հրապարակը և գնեց մի քանի տեսակ բանջարեղեն, բոլորի համար էլ վճարելով լրագրի կտորներ։
Մաշած ֆրակի երկու փեշերը լիքը՝ նա քայլեց դեպի քաղաքի ծայրը, Խաչխաթուն քորոյի խրճիթը։ Թակեց դուռը։ Խաչխաթուն քորոն բաց արավ և՝
– Եկա՞ր, խե՛նթ անտեր։
Մոսես ախպարը կարևորություն չտվեց և ուղիղ քշեց ներս, թափեց բերածը խարխուլ մի թախտի վրա և ասաց.
– Կըսեյիր փարա չունիմ, տե՛ս։
Խաչխաթուն քորոն պատրաստվել էր մեծ ձայնով գոռալու, թե ինչո՞ւ ներս մտար, բայց տեսնելով միսը, հացը և բանջարեղենը՝ մատը տարավ բերանը և բացականչեց.
– Քա՜…
– Տեսա՞ր, ինծի Մոսես ախպար կըսեն։
Խաչխաթուն քորոն տնտղեց միսը, հացը և բանջարեղենը և շշնջաց.
– Քա՛, երազ չէ՞, – և դառնալով Մոսես ախպորը՝ ասաց.
– Ձեռքդ դալար…
– Հըլե շատ փարա ունիմ, – հպարտությամբ հաստատեց Մոսես ախպարը և, նորից ծոցից հանելով լրագրի կտորները և պապիրոսի թղթե շապիկները՝ ցույց տվեց Խաչխաթուն քորոյին։
Խաչխաթուն քորոն էլի ապշեց.
– Մեղա՜, տեր աստված, ե՞ս եմ խենթը, թե դուն։
– Դո՛ւն ես, դո՜ւն, – հայտարարեց Մոսես ախպարը։
Լռությունից հետո Մոսես ախպարը հարցրեց.
– Փատ ունի՞ս։
– Քիչ մը կաղըշնա (վայրի բույս, փշոտ և անպետք) ունիմ։
– Կաղըշնայով բան չեփիր, երթամ փատ բերիմ, – ասաց Մոսես ախպարը և քայլեց դուրս։
– Կեցի՛ր, ես ըլ հետդ գամ։
– Եկո՛ւր, ղուրբան, եկո՛ւր։
Երբ դուրս էին ելնում, Մոսես ախպարը ձեռքը հպեց Խաչխաթուն քորոյի ուսին։ Խաչխաթուն քորոն ոչ միայն չնեղացավ, այլև ներողամտությամբ ժպտաց նրան։
– Վա՛, թուշդ կռծիմ, – բացականչեց Մոսես ախպարը։
– Դե՛ խե՛նթ շուն, մի լպստվիր, առաջս ընկիր, – սաստեց Խաչխաթուն քորոն, բայց խորագույն հաճույք զգաց նա Մոսես ախպոր խոսքից։
Նրանք գնացին շուկա։ Մոսես ախպարն ուղիղ քշեց կոտրտած փայտ ծախողների շարքը։ Խաչխաթուն քորոն էլ ետևից։
– Մոսես ախպար, ի՞նչ կուզես։
– Փատ կուզիմ, ղուրբա՛ն։
Փայտավաճառը կշռեց մի գիրկ փայտ և տվեց։
Մոսես ախպարը ծոցից հանեց մի լրագրի կտոր և վճարեց փայտի համար։ Խաչխաթուն քորոն ապշեց։ Փայտերն ինքը Քորոն դարսեց թևի վրա։
– Է՛հ, դուն տուն գնա, ես գործ ունիմ, – ասաց Մոսես ախպարը։
– Կեսօրին եկուր, մեկտեղ ուտինք։
– Հա՛, ղուրբան, հա՛։
Խաչխաթուն քորոն գնաց, իսկ Մոսես ախպարը կանգնեց մի պատի տակ։
Խաչխաթուն քորոն հարևանուհիներին կանչեց ներս։
– Տեսե՜ք, տեսե՜ք, իշտե ղազեթայի փարչայով (կտորտանք) առավ։
– Քա՛, վո՞վ։
– Խե՛նթը, վո՞վ։
Բոլորը մատ խածին։
Խաչխաթուն քորոն ցույց տվեց Մոսես ախպոր բերած միսը, հացը և բանջարեղենը։
– Քա՛, ղազեթայի փարչայո՞վ առիք։
– Հա՛։
– Քա՛, ձեր մեջ վո՞վ է խենթը, Մոսե՞սը, թե դուն։
– Չըլնի՞ թե ես եմ խենթը, – տարակուսեց Խաչխաթուն քորոն, բայց շուտով զգաստացավ, չէ՛, խենթը Մոսես ախպարն էր, բայց ի՞նչն էր այդ մթին գաղտնիքը։
Իսկ Մոսես ախպարը շարունակեց իր աշխատանքը շուկայում։
– Մոսես ախպար։
– Ղուրբա՛ն։
– Գնա, սիթիլ մը ջուր բեր։
Եվ Մոսես ախպարը փութկոտությամբ ու աշխուժությամբ վազեց աղբյուր։
Կեսօրին Մոսես ախպարը գնաց Խաչխաթուն քորոյի խրճիթը և մտավ ներս համարձակորեն։
– Էնպես բան եփեր իմ, մատներդ հետը կուտես, – ասաց Խաչխաթուն քորոն։
– Ի՞մ մատներս։
– Քո՜ւ մատներդ, յա որո՞ւնը։
– Քո՜ւ մատներդ ուտիմ, ղուրբա՛ն։
– Խե՛նթ, – բացականչեց Խաչխաթուն քորոն՝ խորապես հրճվելով, որ վերջապես, երկար տարիներից հետո, եղավ մեկը, որ ուզում էր իր մատներն ուտել։
Երկուսն էլ նստեցին գետնին փռված կարմիր սփռոցի շուրջը։ Խաչխաթուն քորոն վերջին անգամ կերակուրը խառնեց և մոտենալով Մոսես ախպորը՝ ասաց.
– Փարաները ծո՞ցդ են։
– Հա՛, ծոցս են։
– Վաղն ալ միս կբերե՞ս։
– Ասսուն օրը կբերիմ, ղուրբա՛ն, քեզի համար Ասսուն օրը կբերիմ։
Խաչխաթուն քորոն երանությամբ նայեց Մոսես ախպորը։
– Մոսես ախպար, – ասաց նա, – աշխըրքի մեջ ես ըլ մինակ իմ, դուն ըլ։
– Երկուքս ըլ որբ ինք, – պատասխանեց Մոսես ախպարը։
Նա դողում էր, ուզում էր մի բան ևս ասել, իր սրտի մեջ եղածը, բայց չկարողացավ։
– Քա՛, կերակուրը տակը կպավ, – բացականչեց Խաչխաթունը և վազեց դեպի օջախը։
Մոսես ախպարը նայեց նրա մանրիկ քայլերին և թույլ֊թույլ մսերին, որ քայլելիս երերվում էին։ Նա երկու քայլ առավ առանց մտածելու, բնազդորեն։
Խաչխաթուն քորոն ետ եկավ արդեն կերակրով։ Կերակրի գոլորշին փոքրիկ սենյակը լցրեց ախորժալի հոտով. Մոսես ախպոր ռունգները բարձրանում և իջնում էին։ Երկու բան նրան զգլխում էին, – տաք կերակուրը և, թերևս կերակրից ավելի՝ տաք Խաչխաթուն քորոն։
– Ղուրբա՜ն, – շշնջաց Մոսես ախպարը։
– Ի՞նչ է, – պատասխանեց Խաչխաթունը։
Մոսես ախպարն էլ չկարողացավ ասելիքն ասել, սրտում շատ բան կար, բայց լեզվի ծայրը չէր գալիս, եթե գալիս էլ էր, շուտով փախչում էր վար։ Նայեց նրան երկար և լավաշի մեջ մսի մի կտոր փաթաթելով՝ երկարեց Խաչխաթուն քորոյին։
– Կե՛ր։
– Քա՛ , ես քըզի տի տամ, դո՞ւն ընծի կուտաս։
– Կե՛ր, ղուրբան, դո՛ւն կեր։
Խաչխաթուն քորոյի աչքերը լցվեցին՝ հիշեց, որ երեսուն տարի առաջ իր ամուսինն էլ մի օր այդ ձևով իրեն հյուրասիրեց։
– Ղուրբա՛ն, ինչո՞ւ կուլաս։
– Մարդս…― սկսեց Խաչխաթուն քորոն, բայց չկարողացավ շարունակել։
Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ էր պատահել նրա ամուսնուն, թերևս և ողջ էր։
– Մարդդ հիմի ո՞ւր է, – հարցրեց նա։
– Հիմա բա՞ն մնացեր է, փտեր է անտերը։
Մոսես ախպարը շունչ քաշեց։
Ճաշից հետո Մոսես ախպարը ոտները տնկեց և թախթի վրա երկարեց առանց բարձի։ Հազիվ քնել էր, երբ Խաչխաթուն քորոն նրան զարթեցրեց։ Մոսեսը վախով բաց արավ աչքերը, նա կարծեց, որ Քորոն պիտի դուրս վռնդի իրեն։ Բայց քորոն ասաց.
– Ելիր, բարձը գլխուդ տակը դիր, մեղք ես։
Մոսես ախպարը քիչ մնաց ուշագնաց լիներ – առաջին անգամն էր իր կյանքում, որ մեկը հոգում էր իր չոր գլխի համար։
– Խաչխաթուն քորո, ղուրբա՜ն ըլլիմ քու ոտքերիդ, ոտքերդ լվամ, ջուրը խմիմ, – բացականչեց նա։
Խաչխաթուն քորոն ձայն չհանեց, սրբեց քիթը և կողքին նստեց։ Նա ուզում էր, որ Մոսես ախպարը սիրտը վերջապես բաց անի, բայց գլխի չէր ընկնում, որ Մոսես ախպարն արդեն սիրտը բաց էր արել, դրանից ավելի չէր կարող բաց անել։
Երեկոյան Մոսես ախպարը սպասում էր, որ Խաչխաթուն քորոն իրեն պահի տանը, իսկ Խաչխաթուն քորոն էլ սպասում էր, որ Մոսես ախպարն արդեն կմնա իր մոտ, բայց Մոսես ախպարը մութն իջնելուց առաջ ասաց․
– Երթամ շուկա։
– Վաղ կուգաս։
– Հա, ղուրբա՛ն, կուգամ։
Մոսես ախպարը գնաց շուկա և մի պատի տակ կանգնեց։
Առավոտյան կանուխ միս ու հաց առնելով՝ գնաց խրճիթ։ Խաչխաթուն քորոն անկողնից դեռ վեր չէր կացել։ Մոսես ախպարը լուսամուտից ներս նայեց և տեսավ, որ Խաչխաթուն քորոն վրան մի շոր է քաշում, որ գա դուռը բաց անի։ Մոսես ախպարը տեսավ նրա բաց սրունքները և բաց թևերը։
– Քա՛, դո՞ւն ես։
– Հա՛, ղուրբա՛ն, միս ու հաց բերեր իմ։
Երբ Խաչխաթուն քորոն տեսավ միսն ու հացը, չկարողացավ իրեն պահել և կողքովն ընկավ Մոսես ախպոր վրա։ Մոսես ախպարը գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա և տարավ ներս, դրեց անկողնին։ Խաչխաթուն քորոն այնպիսի ձայներ հանեց, ինչպես տարիներ առաջ։ Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ անի, մի քանի անգամ բարձրացրեց նրան, պինդ սեղմեց և նորից դրեց անկողնում, հետո շրթունքները մոտեցրեց նրա բաց թևերին և կծեց։
Խաչխաթուն քորոն ճչաց.
– Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։
– Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն, – անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։
Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։
Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։
– Ճեպը, ծոցը փարա է, – ասաց նա։
Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով, մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.
– Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով23 սրբե, – խրատեց նա։
Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան֊գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.
– Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ24 շիտկեցիր։
– Կնիկ գտա, ղուրբա՛ն, – պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։
Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ֊մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում. – «Հա՛, ղուրբա՛ն»
Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.
– Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։
Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…
Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝
– Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։
Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։
Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց. – Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…
Եվ փակվեցին նրա աչքերը։
Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.
– Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..
Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։
Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.
– Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։
Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։
Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.
– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։
Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։
– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։
– Փարա տվի։
– Էս փարա՞ է։
– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։
Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.
– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։
Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։
Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.
– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։
Հարևանները, մխիթարելու համար, ասացին.
– Աստված իրեն հավնածը կտանե․․․
– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։
Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.
– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։
– Քա՛, փարա չէ՞։
– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։
Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։
Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։
Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։
– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։
– Մոսես ախպարը…
– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…
Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։
Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։
– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։
Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։
1934 թ.
Հաճի Մարկոս աղա
Ա1895֊ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, և զանազան առակներով, ավետարանական պատմությանց մեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։ – Տղաս, հընկ֊մընկ ընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենե ազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղ մարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց֊կամաց, Օվանեսն ու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալ տեղը կուգա։Մեսրոպ ձայն֊ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթին տակ հազիվ հանդգնեցավ մլավել. – Պապաս, աղեկ կ՚ըսես, բայց հարսը ի՞նչ պիտի ընեմ։ – Ցավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր և կ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որ դառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։Մեսրոպ այդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեց առայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչ իրականանար։Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա և շահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամ վերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։Բայց, քանի ժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկ հատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու [ էջ ]գաղափարը, մանավանդ որ հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։Հաճի Մարկոս աղա կը ներկայացներ Խարբերդի հին դասը իր բոլոր ուժեղ ավանդույթներով, որուն համար կինը ուրիշ բան մը չէր, եթե ոչ պագնելու կոշիկ մը, կոշիկի մը հետ վարվելու մտահոգությամբ մը միայն երջանկացած։Հարսը՝ Աղավնին, պետք էր արթննար առտվան արևածագին, խոշոր, խանի պես տունը պիտի մաքրեր, կովը կթեր, լվացքը ըներ, կերակուրը պատրաստեր, իրիկունը օղին և իր բոլոր շքեղությունները պատրաստեր, նույնիսկ մտահոգված պիտի ըլլար իր կեսրոջ՝ Աննա Խաթունին քթախոտի մասին մտածել։Այս բոլորեն հետո տակավին ժամանակ պիտի գտներ իր զավկին հոգ տանելու, հյուրերուն հսկելու, անկողինները փռելու իրիկվան և ծալլելու և տեղը շարելու առավոտուն և տակավին ուրիշ ինչ անակնկալներ։Ապա և հարսը իրավունք չուներ հիվանդանալու։ Եթե պատահեր, որ Աղավնին այսպիսի օրինազանցություն մը գործեր՝ Հաճի Մարկոս կսկսեր իր կոպտության կլասիկ խաղը խաղալ խեղճ հարսին վրա։ – Չամչնար, շնթռկեր պառկեր է, առանց մտածելու, որ տունը ոտքի ելեր և կերթա, անամ՛ոթ քեզի։ – Հարսը շիտակ հիվանդ է, պապա, – կը մլավեր Մեսրոպը, բայց Հաճի Մարկոս ավելի ձայնը կը բարձրացներ, որպեսզի հասկցներ նաև դրացիներուն, որ հարսը պառկեր է ծուլության համար։Աղավնիի կեսուրը, սակայն, միամիտ և բարի կին մըն էր, կը մոտենար հարսնուկի սնարին, պետք եղած հոգը կը տաներ թե՛ իր զավկի սիրույն և թե՛ վերջապես «էլին աջխինը» պետք էր քիչ մը հոգատարություն գտներ իր մոտ։Բայց այս բոլորը Հաճի Մարկոսեն գաղտնի, որպեսզի պատճառ չըլլար, որ այդ հրեշ֊մարդուն դևերը շարժեին, երևան գային ավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։Երբեմն տան մութ անկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կը մխիթարվեին։ – Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված [ էջ ]նայեցավ իմ զավակներուս երեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիք բան չէ, համբերէ՛, համբերե՛։ – Համբերեմ, լավ, այա,[1] բայց մինչև ե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործ չունի։Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մոր առջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորը առջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայն կը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալ ազատության և անկախության ճիգ մը փորձելու։Իսկ խեղճ հարսնուկը իր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելի ցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։Բայց երբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մը անկախության։ – Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդ բարձրացուր։Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկ կայծ։Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կը համակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթ էր, որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։ Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.Դուն ես իմ ճարը,Դուն ես իմ յարըԱշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ]և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։ – Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. – Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։ – Կեսօր է և տակավին կը քնանա՞ք իշու պես։Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին, խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոս միշտ պատասխանում էր. – Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չեն քնանար։Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։ [ էջ ]ԲՄեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի Ամերիկայի Հայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը և հաստատվեցավ «Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպի համար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներեն ոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տան բարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելի կերպով հպարտացած, «ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի և հեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը – էֆենտի – ավելցնելով ըսին․ – Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ» սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։Մեսրոպ նախ մտածեց չի պատասխանել, բայց իր հպարտությունը թույլ չտվավ զինքը լռելու և պատասխանեց. – Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենք տաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։ – Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։ – Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք, – գոչեց Մեսրոպ, – մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։ – Մեսրոպ էֆենդի, այդքան հպարտանալու պետք չիկա, էսի Խարբերդ չէ, էսի Ամերիկա է, մարդուն քթի վերությունը բոլորը կը ջրե, – հարեց Մարտիկյան տան փշրանքներով սնած Օղասաբը։Մեսրոպ քիչ մը լռելեն հետո՝ – Օղասաբ, ոսկորներդ որ կոտրեն՝ մեր հացը կելլե դուրս, շատ մի վռվռար։Շուրջինները նայեցան, որ կռիվ մը պիտի ելլե, անախորժության առաջքը առնելու համար՝ երկուքն ալ լռեցուցին և ուրիշ խոսք բացին։Բայց Մեսրոպի համար տաժանելի կյանքը նոր պիտի սկսեր։Երկար և փափուկ գործողություն մըն էր գործ գտնելը։Պետք էր դիմեիր զանազան մարդակերպ արարածներու, կաշառքներ պիտի խոստանայիր, պիտ քծնեիր ոչ թե միայն [ էջ ]իռլանդացի տգետ բոսին, այլև քու արենակիցներուդ, չէ՞ որ Ամերիկա ավելի կանուխ գալու առավելությամբ կը հոխորտային։Մեսրոպ ստիպված եղավ երթալ և գործարանի դռան առջև ամեն առավոտ սպասել, որպեսզի բոսը անցած ատեն ընտրեր անոնց մեջ իր հավնածը։ Այդ հավանումը կըլլար ըստ ֆիզիկական հարմարության։ Անոնք, որոնք ուժակազմ էին և, միևնույն ժամանակ, գլուխնին ուսերնուն վրա կախած՝ խեղճուկ ձևանալու համար, անոնք ավելի նախընտրելի էին բոսին աչքին։Մեսրոպ նախ չի հաճեցավ իր գլուխը ծռել՝ մեծատան զավակ, խրոխտ կեցվածք մը հանդիսավորեց այնտեղ, խուսափելով բոսի աչքեն։Իր տունդարձին ծանոթները չուզեցին որևէ նկատողություն ընել կամ խրատ տալ, որովհետև Մեսրոպ շատ գեշ եղանակով մը կշտամբեր էր զիրեն ըսելով․ «Ձեր խրատը ձեր խաֆային տվեք, ես խրատի պետք չունիմ»։Բայց երբ օրերը ավելի ծանրացան և երկրե բերած մեկ քանի կարմիր ոսկիները կերավ, Մեսրոպ սկսավ «ծանոթներուն քսվիլ»։ Առաջին մարդը իրեն այսպես խոսեցավ."Պ. Մեսրոպ, այդպեսով դուն չես կրնար քու հորդ ունեցած հույսերը իրականացնել, էսի Ամերիկա է, գլուխդ քիչ մը վար առ, բոսը որ կանցնի, քիչ մը «քյուչյուքլեմիշ» եղիր, մեկ երկու օրեն գործ կուտա։Մեսրոպ լռեց։ Դիմացինը այդ լռությունը նկատեց համակերպության նշան, բայց Մեսրոպի ներքին կյանքին մեջ ալիքներ կային, որոնք զգալի կրնային ըլլալ ուշադիր դիտողի մը համար։Երկրորդ օրր Մեսրոպ մտավ դարձյալ գործ ուզողներու շղթային մեջ։ Այդ շղթային մեջ մարդիկ կային, որոնք բոսին փեշերը կը համբուրեին։ Նույնիսկ մեկը բուրդե հյուսված երկար գուլպա մը նվիրեց, զոր բոսը չառավ։ Մեսրոպ այդ օրը կոտրեց իր խրոխտությունը, գլուխը բավականին մոտեցուց ուսին, խուսափելով մյուս ստրուկ ձևերեն, բայց այդ արդեն բավական չէր։ Օրերը անցան և Մեսրոպ համակերպեցավ հայ գաղթականի բովանդակ ստրկամտության, գլուխը դպավ ուսին, [ էջ ]մեջքը կորաքամակ, բոսին երեսն ի վեր կեղծ ժպիտով մը, կարծես մորաքրոջ տղան ըլլար, և անգլերեն սովրած մեկ քանի բառեր գլտորեց, որոնք հասկանալի էին հայ գաղթականին, բայց ոչ իռլանդացիին։Վերջապես բախտը օր մըն ալ ծիծաղեցավ անոր երեսին և բոսը մատի նշանով մը զինքը հրավիրեց ներս։ Այդ մատի հրավերը բավական էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։ – Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ, – կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5 – 7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց֊կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։ [ էջ ]Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց֊կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս 5 ոսկին ալ ուտեն՝ մինչև ինք կարենա նորը ուղարկել։ԳՄարտիկյան տան անդամներու փոխհարաբերությունները արագորեն փոխվեցան Մեսրոպի հեռանալեն ետքը։Հաճի Մարկոս աղան դարձավ ավելի և ավելի խստապահանջ և կոպիտ։ – Գլուխիս ճիշտ քար կաղա կեսարս, – ըսած էր հարս Աղավնին օր մը հարևան տիկիններեն մեկուն, որ առանց ուտել֊խմելու գացեր և Հաճի Մարկոս աղային հաղորդեր էր հարսի գանգատը։Այս գանգատը լսելե հետո Հաճի Մարկոս աղան այնպիսի զայրույթ մը ցուցադրեց տան մեջ, որ ավելի դաժան էր, քան սուլթան Համիդի խստությունները։Սկզբի օրերը Հաճի Մարկոս միայն բավականցավ հարսին երեսը կոռոփով թքել և անհարկի հայհոյանքներ տեղալ, բայց երբ լսեց, որ հարսը կը շարունակե իր սիրտը ուրիշին բանալ և գանգատներ ընել՝ օր մըն ալ եկավ տուն և թաց փայտով մը ծեծեց խեղճ հարսը, որուն ամուսինը Ամերիկայի մեջ ենթարկված էր կորաքամակ ստրկության և անչափելի զրկանքի իր տան պատիվը բարձր բռնելու համար։Հարս Աղավնին օրերով մտածեց տանեն փախչիլ, բայց ո՞ւր պիտի երթար, իր հայրը մեռած էր աղքատ վիճակի մեջ, իսկ մայրը երկու ջահել աղջիկներու հետ մնացած էր ուրիշներու տան սեմերուն վրա և զավակները կապրեցներ հաց թխելով։ Աղավնին կը մտածեր, որ եթե առնանցը տունեն փախչելու ըլլար՝ պիտի վտանգեր իր փոքրիկ քույրերուն վարկը, առնող չպիտի ըլլար, պիտի մնային տունը՝ պատճառելով [ էջ ]ահավոր վիշտ մը թե՛ իր մոր, թե իր քույրերուն և թե՛ իրեն։ Հետո ի՞նչ ըներ իր փոքրիկ զավակը, ինչպե՞ս տաներ ձգեր իր մոր վրա երկու բեռով, որովհետև Մեսրոպի մեկնելեն 15 օր հետո հայտնի եղավ, որ հղի է անիկա։Լեզուն քաշեց ներս, դադրեցուց գանգատները իր մոր, քույրերուն և զավակին ու զավակներուն սիրույն դիմագրավելով՝ կատարյալ խաչելության կյանք մը փուշերով, թուքերով և ֆիզիկական չարչարանքներով մռայլած։Չարաշուք օր մը Աղավնիի հեռավոր ազգականներեն մեկը լսելով Հաճի Մարկոս աղայի վարմունքը հարսին հանդեպ, ուզեց տեսնել այդ հրեշը և զրուցել գալիք հետևանքներու մասին, եթե շարունակեր միևնույն կոպտությունը ի գործ դնել խեղճ աղջկա վրա։Հաճի Մ արկոս աղա բոլորովին ստեց և ըսավ. – Իմ հարսիս տեղը իմ գլխուս ու սրտիս վրա, չար մարդոց գործն է, որ այդպես բամբասանքներ ըրած են, մի՛ հավատաք, եթե կուզեք՝ եկե՛ք և Աննիկին հարցուցեք։Աղավնիի ազգականը մտածելով, որ այդ ստախոսությունը կրնա զղջումի նշան մը համարվել, հավատալ ձևացուց և հարեց. – Հաճի աղա, ես գիտեմ, որ դուն այդպես գազանություն չես ըներ, բայց չար լեզուները ըսին, ես ալ, մարդ եմ, հավատացի, ես կուգամ Աննա խաթունն ալ կը տեսնեմ, անիկա բարի կին մըն է։Բայց Աննա խաթուն տան մեջ ավելի աննշան և անկշիռ էր, քան պատի վրայի գտնված ջանջյուլները։ Աննա խաթունն ալ իր հարսի նման անցած էր այդ թուքերեն ու մուրերեն, այդ ծեծերեն և օրերով, լացով ու արյունով իր երիտասարդությունը փչացնելեն։Բայց Աղավնիի ազգականի այդ պաշտպանողական շարժումը շատ աղետաբեր կերպով անդրադարձավ հարսի ներքին կյանքին վրա։Հաճի Մարկոս աղա մեկ քանի օր չի խոսեցավ, նույնիսկ որևէ դիտողություն մը չըրավ, այնպես որ՝ Աղավնին կարծեց, թե իր ազգականը ամենամեծ բարիքը գործած էր իրեն համար, բայց մեկ քանի օրեն հետո Հաճի աղան, գտնելով առիթ մը, [ էջ ]սկսավ իր գազանության։ Ցած տանիքին վրա, ուր ամառները ամբողջ ընտանիքը կը գիշերե և անտեսանելի է հարևաններու աչքերեն, Հաճի աղա մանր խիճեր ցանեց և Աղավնին լավ մը փայտով ծեծելե ետքը, տարավ բաց ծունկով չոքեցուց տանիքի խիճերուն վրա։Հարսը լացավ, աղերսեց, ոտքերը պագավ, օգուտ մը չրավ։ Աննա խաթուն արդեն խոհանոցին մեջ մոտեցավ և ինկավ, մյուս տղաքը դուրս էին գացեր, իսկ Հաճի աղան մեկ մը վազեց իր կնոջ քթին վառած ծխախոտ քաշել տալու և արթնցնելու համար, մեկ մըն ալ վազեց տանիքը՝ հարսին վիճակը տեսնելու համար։Աղավնին մնալով աշնան ցուրտին, բաց և արյունած ծունկերով և թեթև շորերով տանիքի խիճերու վրա, մարմնով հոգնած և ջարդված, հոգեպես ինկած՝ ան ալ մարեցավ, ինկավ։ Հաճի աղան ինք անձամբ քաշեց կիսակենդան հարսի մարմինը, բերավ ներս և նետեց անկողնին վրա, որ ատեն զավակը կուլար և հազիվ իր սովրած առաջին բառը, լացի մեջ խեղդված, կարտասաներ. «Մայրի՜կ, մայրի՜կ»։Քիչ հետո տղաքը դուրս եկան, ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։Դ – Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք, – կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։ [ էջ ]Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։ – Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է, – կըսեին շատերը, – ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։Իր ծանոթներր կամաց֊կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն֊երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։ – Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։ – Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է, – վրա եկավ Մեսրոպ։Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։ – Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։Մեսրոպ սկսավ,Գալանըն ալթի թիքեն,Պենի յաքտըն գըզ իքեն,Ալլահ տե սենի յագսընԻւնչ կյունլյուք կելին իքեն։ – Մաղե, մաղե, բերանիդ ղուրպան, – ընդմիջեցին «գաղթականները»։ [ էջ ]Անոնք, որոնք աղջիկե մը չէին վառեր անգամ, խորապես բաղձացին այդ րոպեին, որ այդպիսի անցյալ մը ունեցած ըլլային և այդ երգը իրենց համար երգված ըլլար։Մեկ քանի ցավագին երգերե հետո, զոր Մեսրոպ երգեց վշտի անհուն խորությամբ մը, քեֆի եռանդը մեղմացավ, մեկ քանի աչքեր արդեն արցունքներով թրջեցան, ընդհանուր մորմոք մը նստավ անոնց վրա, կարծես անտեսանելի դև մը անցած ըլլար անոնց հոգիներու մեջեն, և լռեցին։Անոնցմե ամեն են հինը Ամերիկայի մեջ գրեթե հեկեկալով ըսավ. – Այսքան տարի է Ամերիկայի մեջ եմ, տակավին այսքան քաղցր վիշտ չէի ունեցած։Բայց Մեսրոպ ալ չուզեց երգել, միտքը ինկավ իր զավակը, որ հիմա ալ շիտակը սիրվելիք եղած է։ – Այնքան կինս և ծնողքս չեմ հիշեր, որքան զավակս, – անդադար կը կրկներ Մեսրոպ։ Այղ երգեն առաջացած վիշտեն և լռութենե հետո մեկ քանին նստած տեղերնին քնացան, մեկ քանին ալ ելան տուն գացին, և ամեն ինչ վերջացավ։ԵՄեսրոպ թեև երկաթե ձուլարանին մեջ տաժանակիր աշխատանք ուներ, մանավանդ որ ինք վարժված չէր ֆիզիկական աշխատանքի, բայց և այնպես ուրախ էր, որ կամաց֊կամաց դրամ կավելցներ և պիտի կարենար իր վրա դրված հույսերը իրականացնել։Ձուլարանը… Բայց այդ գործարանը ժամանակակից գիտության դժոխքն է։ Հալած երկաթները ջուրի նման կը վազեին և Մեսրոպ գործ պիտի ունենար այդ բոցավառ հեղուկի հետ՝ ձուլելով զանազան ձևեր։Հայ գաղթականը, հին օրերուն, այդպիսի դաժան պայմաններու մեջ աշխատած է։Հիմա այդ միևնույն գործարանին մեջ բանվորները 50 – 80 դոլար կստանան միևնույն գործին համար, բայց Մեսրոպ և իր ընկերները կստանայի միայն 8 – 15, ամենեն վերջը և ամենեն շատը 15 դոլար առնելու պայմանով։Այն օրերուն ի՜նչ դժվարություններ կային հայ տգետ գաղթականներու [ էջ ]համար՝ ապրիլ ամերիկյան պայմաններու տակ, երբ լեզու չէին գիտեր և ամեն բան կը հասկցնեին խուլի կամ համրի նման, նշաններով։ Այն օրերուն եղած են հայեր, որոնք չեն կրցած հավկիթ գտնել և չգիտենալով հավկիթին անգլերենը, ստիպված եղած են ըսել՝ կա՜, կա , կա՜, թը՜ս, կա՜, կա՜, կա՜, թը՜ս, պատճառ դառնալով լայն ծիծաղի և հեգնության։Այն ատեն անգլերեն սովրելու մտահոգությունն ալ չիկար, որովհետև արդեն հավատացած էին, որ շուտով եվրոպական միջամտություն պիտի ըլլար հայկական հարցի համար Թուրքիո քաղաքական կյանքի վրա և ամեն բան պիտի վերջ գտնար՝ ի նպաստ հայկական ազատություններու և բոլոր գաղթականներն ալ պիտի վերադառնային իրենց հայրենական տունը։Մեսրոպ ալ անգլերեն սովրելու մտահոգությամբ իր միտքը չի հոգնեցուց, բայց երբ հորը նամակ գրեց՝ հիշեցուց այդ նամակին մեջ, որ գոնե Պողիկը ղրկեն Եփրատ քոլեճը, որպեսզի անգլերեն սովրի։Արդեն Մեսրոպի համար որոշված հարց մըն էր իր փոքրիկ եղբայրներր Ամերիկա բերել տալը։ – Երեքով կաշխատինք այն ատեն և ամեն ինչ աղեկ կըլլա, – կը մտածեր ինքնիրեն, – Պողիկն ալ իրիկունները դպրոց կերթա, հետզհետե փարա կավելացնենք, օր մըն ալ պզտիկ խանութ մը կը բանանք, և եթե աշխարհը խաղաղեցավ՝ կերթանք երկիր։Այդ աշխարհը մեր աշխարհն էր, որ բոլոր տարագիր հայությունը օրորեց երազներով, վարդերով և զովությամբ լեցուն երազներով։Այս բոլոր երազներուն հետ նաև շատ կը մտածեր իր կնոջ և զավակին վրա։ Կինը կարդալ չէր գիտեր, որ նամակ գրեր, հորը գրած բոլոր նամակներն ալ միայն կը դառնային դրամի, պարտքերու, այս տարվան ծախսերուն շուրջը և անպայման ամեն նամակի մեջ կը պնդեր իրեն համար զույգ մը փոթին (կոշիկ) ղրկելու մասին, իսկ մյուսներու մասին բոլորովին կը լռեր, միայն ավելցնելով նամակին տակը – մինչև գիրս տունը ողջ առողջ է, ամենեքյան կը բարևեն, իսկ տղոց գրած նամակներուն մեջ ալ կարևոր բան մը չիկար, միայն Պողիկի [ էջ ]գրած մեկ նամակի մեջ փոքրիկ ակնարկություն մը կար, որ խորունկ մտահոգության պատճառ դարձավ Մ եսրոպի համար։ Պոզիկը կը գրեր, որ մեկ քանի կարևոր բաներ կան, բայց սիրտդ չնեղացնելու համար չեմ ուզեր գրել։Ի՞նչ բան կար, որ սիրտի նեղություն պիտի պատճառեր և չէր ուզեր գրել իր նամակին մեջ։Այդ բանը ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթե ոչ իր կնոջ և հոր հարաբերությունները, որ երթալով կրնային ավելի վատանալ, – կը մտածեր երբեմն ինքնիրենը, – բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։Մեսրոպ արդեն խորհելու շատ մամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։ԶԻրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ֊երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։ – Սուտ֊մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով֊վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը [ էջ ]և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝ – Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես, – ըսավ ցած ձայնով մը։Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։ – Քեզ մուկի պես կը սատկեցնեմ, – պոռաց հայրը։ – Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով֊վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս երթա։Մոր միջամտությունը պատճառ եղավ, որ Պողիկը ավելի տաքարյունություն ցույց տա, ձեռքով մեղմիվ մեկ կողմ հրեց մորը և աչքերը հառելով հորը, ըսավ՝ – Համբերանքս չի հատնի՜։Հովհաննես տակավին կը քնանար, որովհետև քունը շատ ծանր էր, հարսը կը շարունակեր իր ցավագին ճիչերը։ – Աղեկ նայիր, որ ճանչնաս, ես քու հայրդ եմ, – ըսավ Հաճի աղան։ – Աղեկ կը ճանչնամ քեզ։ – Է՜, որ աղեկ կը ճանչնաս՝ ձայնդ վար դիր։ – Աղեկ ճանչնալուս համար ձայնս ավելի պիտի բարձրացնեմ, եթե դուն անգամ մըն ալ համարձակիս հարսին վրա գազանություններ ի գործ դնել։Հաճի Մարկոս աղան անմիջապես չի պատասխանեց։ Խելքին չէր պառկեր այս ապստամբությունը և անմիջապես չի կրցավ ըմբռնել իրականությունը, որովհետև բոլորովին անակնկալ կերպով կը ներկայանար իր առջև։ Կանգնած տեղը, վարտիքը վեր քաշելով, ճգնեցավ մտածել, բայց չի կրցավ որոշ եզրակացության մը գալ և հանկարծ ծռեցավ գետին և կոշիկներեն մեկը առնելով՝ նետեց Պոզիկի գլխուն։ Պոզիկ հանկարծակի եկած՝ չի կրցավ խուսափել հարվածեն։ Հարվածը ուտելեն հետո հարձակեցավ հորը վրա և բռնելով մեկ ձեռքով բեղեն և մյուսով ալ սկսավ բռունցքներ տեղալ գլխուն։ [ էջ ]Խեղճ Աննա խաթուն այնպիսի աղաղակ մը փրցուց, որ այս անգամ Հովհաննեսն ալ իր խոր քունեն արթնցավ և վազեց դուրս, բայց առաջին անգամ անկարող եղավ կացությունը ըմբռնել։ Հաճի աղա և Պողիկ իրար հրմշտելով եկան և զարնվեցան Աննա խաթունին և ձեռքին բռնած ճրագը կոտրելով ինքզինքնին գտան մթության մեջ։ Աննա խաթուն հազիվ կրցավ հասկցնել Հովհաննեսին եղելությունը, որ վազեց խոհանոցը և ուրիշ ճրագ մը բերավ ազատելու համար հայրը Պողիկի տակեն։ Պողիկ հաջողած էր իր հայրը տակը առնել և ահավոր բարկութենեն ինքզինքը կորսնցուցած՝ կը ջանար խեղդել հայրը։Հովհաննես հաջողեցավ բաժանել հայր ու որդի, քաշել֊բերել հայրը իր սենյակը, մինչ Պողիկ իր բարկութենեն ինքզինքը կուտեր։ Հովհաննես, հայրը ներս բերելեն ետքը, տեսավ, որ հորը ճակատը և բերանը արյուներ էին, սաստիկ կը հևար, գերագույն ջղայնության մեջ՝ անկարող էր խոսելու։Աննա խաթուն հազիվ կրցավ իր հոգեկան ուժը պահել և լավ պատեհություն համարելով՝ մտավ հարսի սենյակը և ականատես եղավ սարսափելի իրականության մը։ Խեղճ, որբ աղջկան ամբողջ անկողինը արյունի մեջ թաթախված էր, երեխան մարեր ինկեր էր, իսկ Աղավնին տակավին անզգայության մեջ կը ճչար և կը զառանցեր։Դուրսի եղելութևնեն երբեք լուր ունեցած չէր, չէր իմացեր, որ գտնված է մարդ մը, ջահիլ մարդ մը, որ իր պաշտպանության համար մղված է մինչև ոճրագործության։Խեղճ հարսնուկը կարոտ էր մնացել այդ տան մեջ առնական կեցվածքի մը․ ո՛չ իր ամուսինը կրցավ օր մը բերան բանալ և ո՛չ ալ իր կեսուրը կրցավ իբրև կին՝ կին մը պաշտպանել։Աննա խաթուն կարճ ժամանակի մը մեջ կրցավ պետք եդած փոքրիկ մանկաբարձական հմտությունը, իբրև հին կին, որ քիչ ու շատ այդպես բաներե կը հասկնա, կիրարկել և դուրս գալ սպասելու մինչև առավոտ։Աննա խաթուն խնդրեց Հովհաննեսեն, որ այդ գիշեր իր հոր քով քնանա, որպեսզի նոր բան մը չի պատահեր․ ո՛վ գիտե Հաճի Մարկոս աղան կրնար գիշերը դարձյալ դևերուն [ էջ ]հանձնվիլ, և կամ, մի գուցե, Պողիկը իր արդեն ըրածեն չի բավականանալով՝ գար ներս և հարձակեր հոր վրա։Հովհաննես այդ բոլոր կռվի ընթացքին ձայն չի հանեց, միայն ջանաց երկու կողմերը հանդարտեցնել, բայց երբ մայրը խնդրեց, որ հոր սենյակին մեջ գիշերե՝ անիկա հարեց․ – Այս մարդը հրեշ է, աստծո պատիժն է այս մարդը, մեծ աղբարս գնաց՝ ազատվեցավ, ես պիտի գրեմ, որ հարսն ալ տանե, մենք ալ օր մը կերթանք։Այս խոսքին վրա մայրը սկսավ լալ և արցունքներու մեջին ըսել. – Դուք բոլորդ ալ երթաք՝ ես ի՞նչ պիտի ընիմ այս գազանին ձեռքը։ – Մինչև մեր երթալը Պողիկը, անունը սիրեմ, անոր գազանությունը ոչխարության կը փոխե, ալ անգամ մը օր սկսավ՝ կերթա։Հաճի Մարկոս աղա տանջալից քուն մը քնացավ, վեր֊վեր ցատկեց, պոռաց, ձեռքերը զարկավ պատին, կարծես մեկը զինքը կը խեղդեր։Մեկ քանի անգամ արթնցավ, սիգարեթ փաթաթեց և ծխեց և ինքնիրեն սկսավ խոսիլ. – Զավակ ունեցիր, մեծցուր, խնամե, որ ելլա ու աշխատի քեզ խեղդել, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆօֆիկ․․․Հովհաննես լսեց մութին մեջ այդ խոսքերը և տեսավ սիգարեթը քաշած ատեն լուսավորված իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։ԷՀաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։ [ էջ ]Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով. – Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեղուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց առավոտ անկողնեն չելլել, որպեսզի կեսրարը մտներ ննջասենյակը և սկսեր պոռալ, մնացածը ինք գիտեր, թե ինչպես պիտի կազմակերպեր։Աղավնի առավոտ մը կանուխ արթնացավ, շորերը հագավ, կամաց մը վար գնաց և պարան մը բերավ ու հագված վիճակի մեջ դարձյալ մտավ անկողինը՝ պարանը գրկած։Հարսի գուշակածին պես՝ Հաճի Մարկոս աղա առավոտ արթնցավ, մեկ նայիր՝ հարսը գա, երկուք նայիր հարսը վար իջնա, երեք նայիր, բայց հարս չիկա։ – Շուն շանորդի, – գոռաց հանկարծ հրեշը, – դուն տահա [ էջ ]պառկե՞ր ես, արեր պորտիդ վրա է ծագեր, – և մտավ հարսի ննջասենյակը և հայհոյանքներով վերմակը քաշեց։Հաճի Մարկոս աղա այս ընելը գիտցավ, հարսը, նախկին հլու գառնուկը, այս անգամ ինքն ալ գազանացավ և պարանը ձեռքը բռնած վազեց դուրս դեպի տանիքը և սկսավ պոռալ ու ճչալ. – Շուտ հասե՜ք, օգնեցե՜ք, չեմ ուզեր, եկեք աստծո սիրույն, շու՜տ եկեք։Հաճի Մարկոս աղա վազեց տանիքը, բոլորովին այլայլված վիճակի մեջ, կը ջանար հարսի բերանը գոցել, որ չի պոռա, բայց այդ ընելով պատահարը ավելի եղերական կը դարձներ, որովհետև բառը կիսատ թողած, երբ Հաճի աղան բերանը կը գոցեր, հարսը բերանը ազատ տեսնելուն պես բառը կը վերջացներ՝ դուրսիններուն տալով ճիշտ ու ճիշտ պատկերը օգնության հասնելու եղելության մը, խեղդվուքի մը։Հովհաննեսը առտուն կանուխ գացեր էր տունեն դուրս, Պողիկը արդեն տունը չէր մնար, միայն Աննա խաթունն էր, որ տանիքին վրա իր ստվերը բերավ և ահաբեկված քաշվեցավ ետ՝ ներս երթալու և տախտակամածին վրա իյնալու և մարելու։Դրացիները հասան՝ կին, տղամարդ, նույնիսկ երեխաներ, և տեսան, որ Հաճի Մարկոս աղա կը ջանա հարսի բերանը գոցել։ Դրացիներու միջամտությամբ աղաղակը դադրեցավ, և հարսը արցունքներու մեջ և կտրած֊կտրած ձայնով մը ըսավ. – Այս հրեշը չար դիտում ունի, ահա պարանը, բերեր է, որ ինծիս կապե և իր չար միտքը ի գործ դնե, ալ չեմ դիմանար, ինծիս ազատեցե՛ք այս շանը ձեռքեն, տղուն երթալուն սպասեց, որ ամեն խաղ խաղա գլխուս, զավակիս գլուխը կերավ, ծունկերուս վրա տակավին վերքերը տեղն են, տեսե՜ք, – և բանալով ծունկերը, ցուցուց վերքերը, որոնք տակավին չէին լավացած։Հաճի Մարկոս աղայի լեզուն, առաջին անգամ ըլլալով, քաշվեցավ և չի կրցավ պատասխան մը գտնել։ Բոլորը սկսան նայիլ Հաճի Մարկոս աղային վրա աչքերնին չռած, կիները սոսկում մը ունեցան Հաճի Մարկոսեն և սկսան ետ֊ետ քաշվիլ։Հարսի կեստրոջ աչքերը կարմրած էին և ինկած դուրս, [ էջ ]ձեռքերը կը դողդղային, լեզուն դեպի կոկորդը կը փախչեր։Տղամարդիկ Հաճի աղան ներս տարին, իսկ կիներն ալ՝ հարսը։ Ներս գալերնուն գտան Աննա խաթունը, որ տախտակամածին վրա կռնակի վրա փռված էր, անշնչացած վիճակի մեջ, դեղնած։Կիները անմիջապես ջուր թափեցին խեղճ կնոջ վրա, քթին վառած ծխախոտ տվին, որմե հետո աչքերը բացավ և շուրջի բազմութենեն երկյուղած և ապշահար՝ սկսավ լալ և աղաղակել․ – Ինծիս գերեզման տարեք, թաղեցեք, այս տեսածներս չի տեսնամ ։Դրացիներու համար այլևս պարզ էր, որ Հաճի Մարկոս աղա ճգնած էր բռնաբարել իր հարսը, իր հարազատ տղու կինը։Մեսրոպ իր աներանցը ազգականներեն մեկեն նամակ մը ստացավ, որուն մեջ ի միջի այլոց կ՚ըսվեր. – Որքան որ լսած եմ, ձեր տան մեջ անհամությունները տակավին կը շարունակվին և ավելի գեշ տեսակով։Այս ակնարկությունը բավական էր, որ Մեսրոպ տակն ու վրա ըլլար, որովհետև անհամություն միայն կրնար պատահիլ իր հորը և կնոջ միջև։Ելավ անմիջապես նամակ գրեց հորը. «Լսածովս տան մեջ անհամություններ կան, բայց մի ըստ միոջե տեղյակ չեմ, կը խնդրեմ, որ ինծի մանրամասն գրես, թե ո՞վ է անհամության բուն պատճառը, եթե հարսն է, գրե, որ ասկեց անոր գլուխը կոտրել տամ։ Յամա՛ն, յամա՛ն, տեղեկություններ տաս, շատ վեսվեսեի մեջ եմ»։Մեսրոպ տակավին կը շարունակեր իր հորմեն վախնալ, բայց գավառացիի խորունկ հոգեբանությամբ, միևնույն ատեն, կը շարունակեր իր կնոջ վրա հոխորտալ։Անիկա վայրկյան մը իսկ մտքեն չանցուց նամակ գրել իր կնոջ անհամության մեդալին մյուս կողմն ալ հասկնալու համար։ Կինը, ինչպես ըսինք, կարդալ գրել չի գիտնալուն համար նամակ չէր գրեր, իսկ Մեսրոպ ինքն ալ օր մը օրանց չի մտահոգվեցավ ուրիշի մը միջոցով գրել կնոջ և անոր բերնովը և ուրիշին գրովը տեղեկություններ ստանալ իր կնոջ մասին։ Իր զավակին մեռնելը տակավին չէր լսած, որովհետև հայրը [ էջ ]պատվիրած էր չգրել։ Պողիկն ալ չուզեց գրել, իր եղբայրը չվշտացնելու համար, բայց վերջին գրածին մեջ դարձյալ խորհրդավոր ակնարկություն մը կար տան վերաբերյալ։ – Պողիկը տանեն ելեր մորքրանց տունը կը կենա․․․ ավելի լավ կըլլա, որ հարսը օր առաջ քովդ տանիս, հորս երեսը չեմ ուզեր տեսնել… – կը կրկներ Մեսրոպ իր մտքին մեջ անդադար Պողիկի գրած նամակի ընթերցումեն հետո։Վերջապես ամեն ինչ խորհրդավոր էր, քողարկված, ինչ որ խոշոր գաղտնիք մը կար իրմե ծածկված, որին չի թափանցելու աստիճան միամիտ է Մեսրոպը։Դոլարները իրարու ետևե կուղարկեր։ Իր հլության, ճշտապահության և «պեկիրի» նման աշխատելուն իբրև վարձատրություն շաբաթականին վրա դարձյալ փոքրիկ հավելում մը ըրին։Բախտը դարձյալ քթին ծիծաղեր էր։ Բայց այս շաբաթականներու հավելումին վրա երբեմն տան մասին մութ տեղեկությունները կուգային տենդահույզ վիճակ մը ստեղծել իր համար, այնպես որ՝ վերջերս իր բոսը կարճ, բայց շատ ազդու ակնարկություն մը ըրած էր իր մտքի ցրիվ վիւճակի մասին, ըսելով. – Գործիդ վնաս մը կրնաս հասցնել։Այս ադարարությունը բավական էր, որ անոր հոգեկան կացությունը ավելի և ավելի շփոթության մատնվեր, փոխանակ դեպի ուշադրություն հրավիրելու։Նոր եկած նամակները ավելի կը մթնեցնեին եղած կիսամութը։Այս անգամ Մեսրոպ մտածեց բոլորովին ոչ֊ արյունակից մարդու մը, բայց միևնույն ատեն իր երկրի հավատարիմ ծանոթներեն մեկուն՝ նամակ մը գրել և տեղն ու տեղը հասկնալ անցած֊դարձածը։Ծանոթին գրած նամակի պատասխանին հետ միասին նաև հասավ նամակ մը իր հորմեն, որ բոլորովին հակոտնյա մտքեր կը պարունակեր իր մեջ, բաղդատությամբ մյուսին։ [ էջ ]ԸԱյս էր Հաճի Մարկոս աղայի գրած նամակը. – «Կը գրես, որ մի ըստ միոջե տեղեկություն տամ տանը մասին։ Փա՜ռք Աստծո, մինչի գիրս ամենքս ողջ և առողջ ենք։ Մայրդ քիչ մը ծերացեր է քու դերդեդ, տղաքը մեծցած են, հարսը երթալեդ ասդին ավելի և ավելի է խլավցեր։Տանը մեջ եղած անհամությունը այս է։ Պողիկը երթալեդ հետո շատ երես առավ, քոլեճը դրինք չի դրինք՝ այդ տեղի անկիրթ վարժապետներեն դաս առավ և սկսավ ինծի դեմ ըմբոստանալ։ Իրիկունները ուշ կուգա, աղջիկներու հետ պատուհաններուն առջև, պատերուն տակը, գերեզմանատան մեջ «էհե՜, իհի՜» կը խնդա, իմ ալ քիչ մը սընըրիս դպավ, քանի անգամ հանդիմանեցի, վերջապես հայր եմ, չեմ կրնար դիմանալ, Պողիկն է, երեսիս դեմ ցցվեցավ և, ամոթ է ըսելս, ելավ, որ ինծի ծեծե, դուն ըլլիս կը համբերե՞ս. տուն են վռնդեցի, մինչև հիմա է որ երեսը չեմ նայիր։ Մայրդ քանի անգամ խնդրեց, որ ներս առնեմ՝ օգուտ չըրավ, նույնիսկ դրացիները միջնորդեցին, բայց խոսքս խոսք է, ներս չպիտի առնեմ, մինչն որ քթին հովը իջնա։ Աս ալ ավելցնեմ, որ հարսը Պողիկին կողմը բռնեց, ես ալ բնականաբար բարկացա, որովհետև շատ սրտիս դպավ, դուն եթե հոս ըլլայիր, մի՞թե անոր կողմը պիտի բռնեիր։ Հարսը գացեր գանգատեր է դրացիներուն, որ ես իրեն բարկացեր եմ։ Բարկությունս ալ ի՞նչ է եղեր, հարցուր, ըսեր եմ, թե քեզի կը վայլե՞ր, որ հորը դեմ ըմբոստ տղու մը կողմը բռնես, անոր թեր ելլաս։Ասկեց ավելի խոսք որ ըսած եմ՝ բերանս պապանձի, աչքերս քոռնան, քու երեսդ չի տեսնամ բարով։ Ինչ որ է, հարսին ներեցի, որովհետև չգիտությամբ ըրավ, բայց չեմ կրնար ներել Պողիկին, որ համարձակությունը ունեցավ իր հարազատ հոր վրա վազելու՝ ծեծելու համար։Մեր տան ամբողջ պատմությունը սա է, տղա՛ս, ուրիշներու խոսքին չի հավատաս և սերդ պաղեցնես մեր վրա։Ես առտուն֊իրիկուն մորդ հետ միասին քու վրա կաղոթենք, որ գործդ հաջողի։Բոլորն ալ կը բարևեն քեզ, մայրդ կը պագնե երկու աչքերդ։ Հովհաննեսն ալ լավ է, բայց ան ալ Պողիկի տեսակեն է, թեև [ էջ ]մինչև հիմա պզտիկին նման ըմբոստության փորձ մը չըրավ։ «Հայրդ՝ Հաճի Մարկոս աղա»։Այս նամակը, հայտնի է, վերեն վար ստախոսության դասական նմուշ մըն է։Իսկ երկրորդ նամակը գրված էր այնպես, ինչպես դեպքերը տեղի ունեցած էին։ԹՄեսրոպի համար կը մնար միայն հավատալ մեկին կամ մյուսին և հավատալեն հետո վճռական միջոցներ ձեռք առնել, բայց Մեսրոպ սովորականին պես դանդաղեցավ և հազիվ ութն օր հետո կրցավ եզրակացության մը գալ – գրել Պողիկին և անկե հասկնալ տարբերությունը իր բարեկամին և հորր գրած նամակներուն միջև։Նամակը գրեց և կսպասեր անհամբեր պատասխանի, երբ հորմեն ուրիշ նամակ մըն ալ ստացավ, որ կը գրեր Պողիկի ճամբա ելլալը առանց իր կամքին։ Նույնիսկ հորը հետ մնաք բարով չէր ըսած, միայն եկած էր տունը ցորեկին մայրը և եղբայրը տեսնելու և հեռացած էր պապենական օջախեն անգամ մըն ալ չի վերադառնալու երդումով։Մեսրոպ այնքան մտախոհ վիճակի մը մատնվեցավ այս լուրեն հետո, որ չի կրցավ ըմբռնել, թե Պողիկի գալը լա՞վ էր, թե վատ։«Ապուշ տղան եթե ինծի գիտցներ գալը, գոնե այնպես մը կը կարգադրեի, որ հարսն ալ հետը բերեր», – կը մտածեր ինքնիրեն Մեսրոպ և ձեռքերը ծունկերուն կը զարներ։Ապա Մեսրոպ չի կրցավ կետ մը լավ ըմբռնել։ Պողիկը ի՞նչ միջոցներով կրցած էր իր ճամբու ծախսը հայթայթել, ինք գիտեր, որ իր ղրկածները հազիվ կր բավեին տան ծախսերուն, ո՞ւրկե Պողիկը դրամ առած կըլլար և հետո ո՞վ պիտի վճարեր։Անցավ մեկ քանի օր, երբ փոխգիր մը եկավ Մեսրոպի վրա վճարելու։ Պողիկը ճամբա ելլելու համար իր մեծ եղբոր վրա փոխդիր քաշած էր։ Մեսրոպ չի կրցավ այս փոխգիրը վճարել և մտածեց ետ ղրկել, բայց Պողիկը արդեն ճամբա ելած էր, որո՞ւ օձիքեն պիտի բռնեին, եթե ոչ իր հոր։ Մեսրոպ չուզեց [ էջ ]այս բանը ընել, մանավանդ որ իր հայրը այս խնդրին մեջ «հանցավոր» չէր։Գնաց, աղաչեց, խնդրեց, որպեսզի իրեն քիչ մը ժամանակ տային այդ փոխգիրը կարենալ վճարելու համար, բայց փոխգրի տերերը չընդունեցին և բացարձակապես հայտարարեցին, որ եթե անմիջապես չի կրնա վճարել, ետ պիտի ուղարկեն և գանձեն դրամը քեֆիլ եղող մարդեն։Մեսրոպ երբ այդ լսեց՝ անմիջապես վճռեց երթալ ձեռքե դրամ վերցնել և վճարել, որովհետև իրենց ամբողջ տունը ավերակ էր դարձեր քեֆիլ ըլլալու պատճառով, չուզեց, որ ուրիշ մ ըն ալ այդ անիծյալ ճակատագրին ենթարկվի։ Իսկ վազեց իր ծանոթներոլն մոտ 120 դոլար դրամ փոխ առավ և փոխգիրը վճարեց սպասելով Պողիկի գալուն, որ կարենա անոր դասը տալ։Մեսրոպ կը մտածեր, որ Պողիկը առաջվան մանուկն էր։Պողիկի բեղը մրեր էր, հասակը նետեր, բավական ուսում էր պաշարած Եփրատ քոլեճի մեջ։Մեսրոպ կսպասեր տենդահույզ վիճակի մեջ տան մասին լիակատար տեղեկություն ստանալու համար։ԺՊետք է ըսել, որ Պողիկը եկած էր Աղավնիի հետ որոշ հասկացողության, որպեսզի Ամերիկա հասնելեն ետքը ամեն բան պիտի պատմեր տեղն ու տեղը իր ամուսնին և պիտի ջանար, որ օր առաջ Մեսրոպ զինքը տաներ իր մոտ։Աղավնին խոստում տված էր Պողիկի, որ պիտի համբերեր առաջվան նման, խնայելով իր կեսուրին, որովհետև օրեօր խեղճ պառավ կինը կը մաշեր և քթեն հողի հոտ կուգար, մինչև ինք հասներ Ամերիկա, Մեսրոպի հետ ձեռք֊ձեռքի տար, դրամ վաստկեր և ուղարկեր ճամբոu ծախսի համար։Պոxիկ նաև խոստացավ Հովհաննեսին դրամ վաստկելու և ղրկելու, որպեսզի ինք ալ ազատեր իր հոր ձեռքեն։Պողիկի ճամբա ելլելեն ետքր Հաճի Մարկոս աղա տուն կանչեց իր բոլոր դևերը և սկսավ անոնց ահարկու ուժովը հալածեք հարսը։ – Ալ ջահիլ տագրդ այստեղ չէ, որ քու կողմդ բռնե, գիտի՜ սյուրթյո՛ւկ, ո՞վ գիտե ինչեր, ինչ շնություններ կընեիր [ էջ ]անոր հետ քու ամուսինիդ բացակայության, որ քու կողմդ կբռներ։Հովհաննես մեկ քանի անգամ առանձին սենյակ կանչեց իր հայրը և ըսավ, որ պետք էր թողուր իր այս վարմունքը հարսին հանդեպ, բայց դրական օգուտ մը չի կրցավ ձեռք ձգել։ Հաճի Մարկոս քանի գնաց հրեշացավ, ավելի և ավելի գազանային բնազդներ որդեգրեց։ Աղավնին սկիզբները լռեց, համբերեց, ինչ որ խոստացեր էր իր տագրին, բայց հետզհետե ավելի անտանելի դարձավ, որովհետև Հաճի Մարկոս աղա կարծեց, թե Պողիկի հեռացումը Աղավնիի թևերը կոտրեց և լեզուն վար քաշել տվավ։Աղավնին չդիմանալով իր կեսարոջ գազանություններուն՝ իրիկուն մը հավաքեց իր հագուստները, գոհարեղենները և հեռացավ տանեն, անիծելով իր այնտեղ մտած օրը, և գնաց ուղղակի իր մոր մոտ։Հաջորդ աոավոտուն իսկ Աղավնին իր մեկ մատանին ծախել տվավ, որպեսզի կարենա իր ծախսը հոգալ և մուրացկան մոր վրա բեռ չըլլալ։Ամբողջ ութն օր ոչ ոք չի գիտցավ Աղավնիի տունեն հեռանալը, որովհետև կը կարծվեր, որ մայրր տուն տարած էր իր աղջիկը։Հաճի Մարկոս աղա մեկ երկու օր նստավ մտածեց, ինքնիրեն ֆսրտաց, հայհոյեց և որոշեց կանչել Հովհաննեսը և համոզել երթալու և Աղավնին տուն բերելու։ – Տղա՛ս, շանը համար հոգ չեմ ըներ, բայց ուրիշներ ի՞նչ պիտի ըսեն, Մեսրոպս լսե ի՞նչ պիտի ըսե, պիտի կարծե, որ ես թերևս հետը լավ չեմ վարվիր, գնա՛ և տուն բեր։Հովհաննես ապշեցավ այս խոսքին վրա։«Արդյոք իսկապե՞ս հայրս կը մտածե, որ հարսին հետ լավ կը վարվի», – մտածեց ինքնիրեն, բայց եզրակացնելով, որ հայրը պարզապես կեղծավորություն կընե և եթե մինչև անգամ երթա և հարսը տուն բերե, դարձյալ պիտի սկսի հին պատմությունը, հայտարարեց. – Ես ոչ կերթամ և ոչ ալ կը բերեմ, ավելի լավ է այստեղ մնալ մինչև որ ամուսինը ի վիճակի ըլլա քովը տանելու։ – Դո՞ւն ալ իմ նամուսիս հետ կը խաղաս, – պոռաց հայրը։ [ էջ] – Շատ մի պոռար, բոլորը հեռացան, ես ալ կը հեռանամ, հետո երկու ծերերդ դռան ետև բոլորովին մինակ կը մնաք, – գոչեց Հովհաննես։Հաճի Մարկոս քիչ մը մտածելե և իր սիգարեթր լիաթոք քաշելե հետո սկսավ հանկարծակի մանուկի մը պես արտասվել, բայց հոր արցունքները երբեք չազդեցին Հովհաննեսին վրա, որ ոտքի կանգնեցավ և ելավ սենյակեն դուրս։Ներս մտավ Աննա խաթունը և երբ տեսավ, որ Հաճի Մարկոս աղա կուլա, քիչ մնաց, որ իր ակռաներն կղպվեին։ Աննա խաթուն տեսնելով իր ամուսնին լացը, խոստացավ մյուս օրը երթալ և Աղավնին բերել տուն։― Իմ հարսնուկս իմ խոսքը կը լսե, – ըսավ մեղմիվ։ – Քու հարսնուկդ է իմ հարսնուկս չէ՞, – գոռաց Հաճի Մարկոս արցունքներու մեջ։Շուկայի մեջ Հաճի Մարկոս միշտ կը ստեր, որ հարսը տունեն փախեր է, այլ բոլորին կը պատասխաներ․ – Մեսրոպս շատ խնդրեր է Ամերիկայեն, որ հարսը երթա և իր մերանցը տունը քիչ մը շատ կենա, ամուսնութենեն ասդին երբեք չէ գացեր, – կը պատասխաներ, բայց հազիվ թե անոնք հավատային, որովհետև շատերր տեսած էին Աղավնին մերանցը պատուհանին առջև նստած՝ լալու վիճակին մեջ։ԺԱԱղավնին իր մորր տունը փախչելեն ետքը որոշեց ոչ ոք չի տեսնել և ապրիլ բոլորովին առանձին կյանք մը։ Թաղի կնիկներեն խումբ֊խումբ կոպային իր մոտ տեղեկություններ ստանալու՝ իրենց օրվան բամբասանքներու պաշարը ավելի հարստացնելու համար, բայց Աղավնին մերժեց ոչ ոք տեսնել և բոլորն ալ հուսախաբ եղան և ետ դարձան։ Բայց առանց Աղավնին տեսնելու ետ դառնալը պատճառ եղավ, որ թաղեցի կնիկներ առասպելներ հյուսեն անոր մեկուսացումին շուրջը։ – Կըսեն քի բերանը ծռեր է, – կը հարեր մեկը։ – Կըսեն քի մազերը ամբողջ ճերմկեր է։ – Ես աչքովս չի տեսա, տեսնողը ըսավ իր երեսը արնտուք վերք է եղեր մտմտուքեն։ [ էջ] – Ես աչքովս տեսա կեսարոջ խածած տեղը։ – Կըսեն քի մեկ կողմը ամբողջ քաշվեր է մարախեն (մտածմունքից)։Եվ այս կարգի հազար առասպելներ հյուսեցին անոր շուրջը, որոնց բոլորին ալ տեղյակ էր Աղավնին։Աղավնիի մայրը արցունքներու մեջ խեղդված կստիպեր Աղավնիին երթալ առնանցը տունը և համբերել մինչև փեսան կը տանե մոտը, բայց Աղավնին այլևս անտարբեր էր դարձել մոր ստիպումներուն։Աղավնին, երբ կերևակայեր առնանցը տունը՝ կարծես դժոխքի սյուները կր խորտակվեին իր վրա և ավելի կը նախընտրեր դիմանալ դուրսի բամբասանքներուն, դուրսի առասպելներուն, որոնք թերևս քիչ ժամանակ մը հետո դառնային հասարակ և հեղինակներն ալ հոգնեին, քան երթալ և դիմանալ Հաճի Մարկոսի գազանություններուն։Աղավնին, սակայն, երբեք չի մոռցավ պետք եղած մանրամասնությունները հաղորդել ոչ թե Մեսրոպին, այլ Պողիկին, որովհետև Պողիկն էր, որ պիտի կարենար ըմբռնել կացությունը լայն կերպով և ապա հասկնալի դարձնել իր ամուսնին։Աղավնին իր գրած նամակին մեջ մանրամասնորեն բացատրել տվավ, թե ինչու անիկա չի կրցավ իր խոստումը կատարել։«Քու ատենվանեդ հազար պատիկը ավելի գազան և շուն դարձավ, ալ կրնաս խելքիդ պառկեցնել տալ, թե ինչ վիճակ ունեի քու երթալեդ հետո», – գրել տվավ Աղավնին իր նամակին մեջ։Աղավնին իր մոր տանը մեջ կանցներ տխրության և հուսահատության օրեր։ Մոր նյութական թշվառությունը կուգար ավելի դժնդակ դարձնելու իր օրերը, որոնք հետզհետե ավելի և ավելի մութ, մռայլ ու լուրջ կը դառնային։ԺԲԻր խոստումին համաձայն՝ Աննա խաթուն շալը քաշեց գլխուն և դողդոջուն քայլերով ուղղվեցավ դեպի Աղավնիի հերանցը տունը խորագույն համոզումով, որ իր «հարսնուկը» պիտի լսեր իր խոսքը և պիտի վերադառնար տուն։ [ էջ ]Առաջին անգամ Աղավնին մտածեց երբեք երևան չելլել և բոլորովին հուսախաբ ընել իր կեսուրն ալ, բայց քիչ մը տրամաբանելե հետո գտավ, որ իր կեսուրը ոչ մեկ անխղճություն չէր ըրած իր հանդեպ, ընդհակառակն, խեղճ կնոջ վերջերս ցույց տված ծերության հայտնի նշանները ուրիշ բան չէին, եթե ոչ իր գլխուն վրա ի գործ դրված վայրագությանց արդյունքը։ Աղավնին դուրս ելավ իր առանձնասենյակեն և իր կեսուրը տեսնելուն պես փաթթվեցավ անոր վզին, և կեսուր և հարս բավական երկար լացին դառնապես, կարծես մեռել մը ըլլար իրենց առջև։Աննա խաթուն այդ լացեն հետո արդեն վստահ էր, որ հարսը պիտի համաձայներ տուն գալ, բայց իր միամտությունը չարաչար կերպով պարտվեցավ, երբ Աղավնի հայտարարեց․ – Մեռնելս գիտնամ, այդ տունը անգամ մըն ալ ոտք չեմ կոխեր, անիծվեր այն օրը, որ պսակվեցա և այդ տունը մտա։ – Եվ խորին համակրանքով մը ավելցուց։ – Մայրի՛կ, ես քեզի ալ կը ցավիմ, ո՛վ գիտե ինչեր ես քաշեր այսքան տարիներե ի վեր այդ գազանին ձեռքը։ Ես քո ոտքիդ հողն եմ, ինչ որ ըսես՝ կընեմ․ կուզես երթամ կամովին թաղվիմ գերեզմանոցին մեջ, բայց այս տունը ալ չեմ գար։Աննա խաթուն այնքան ուժ չուներ փորձեր ընելու, համոզիչ խոսքեր ըսելու, միայն արցունքներու մեջ կմկմաց. – Ղարիպ զավակիս սիրույն, հարսնո՛ւկս, ան ալ մեղք է, անոր նամուսն ալ գետին կիյնա։ – Ես անոր ըրածները չեմ կրնար մոռնալ։ Ես տակավին իմ հարազատ մորս ալ չեմ պատմած ինչ որ ըրած է ինձ կեսարս։ – Գիտեմ, զավակս, գիտեմ, բայց շատը գնաց, քիչը մնաց։ – Ասկից հետո ի՞նչ ակնկալիքներ ունիմ, զավակ մը ունեի՝ ան ալ մեռավ, պարզապես իր գազանության պատճառով։ – Հարսնո՛ւկս, սիրո՛ւնս, սրտիս հատո՛րը, – կուլար և կեղերերգեր Աննա խաթունը, որուն սրտին մեջ կաթիլ֊կաթիլ ցավ կը կաթեր արդեն։ [ էջ ]Անկարելի եղավ Աղավնին համոզել։ Աղանիի մայրը, ցավակցելով Աննա խաթունի վիճակին՝ հարեց. – Հիմիկվան հարսները այսպես են, Աննա խաթուն, առտու֊գիշեր կը համոզեմ, որ գա՝ չի գար, չեմ գիտեր, թե ի՞նչ պիտի ընեմ, որո՞ւ երթամ, որո՞ւն դերդս լամ, չեմ գիտեր։ – Չէ՛, Վարդուշ խաթուն, չէ՛, հանցանքը հիմակվան հարսներունը չէ, հանցանքը իմ հրեշ մարդունն է։ Ես իմ քաշածներս գիտեմ, կը հասկընամ հարսնուկիս ըսածները։ Դուն նորեն շարունակե համոզել, թերևս օր մը սիրտը կակուղնա։Աննա խաթուն դուրս ելավ գլխիկոր և բոլորովին սիրտը կոտրած։ Դուրս ելած ատեն զգաց, որ իր մեջ բան մը կատարվեցավ, բան մը, որ աղետավոր հետևանք մը պիտի ունենա իրեն համար։ Ճանապարհին ծունկերը սկսան կթոտիլ, սիրտին մեջ այնպիսի տաք բան մը իջավ, որ ամբողջ մարմինը պատեց աննկարագրելի երկյուղով մը։Տունդարձին այլևս անկարող էր պատմել իր տեսակցության արդյունքր։ Հաճի Մարկոս աղա ալ, անբնականորեն, այս անգամ զգաց, որ իր կինը հոգեկան մեծ տագնապի մը մեջ է։ – Արթի՛ն, մորդ անկողինը փռե, որ պառկի։Հարություն արագ մը անկողինը փռեց, և Աննա խաթուն դողով մը մտավ անկողին։Հաճի Մարկոս աղա ձայն չի հանեց, նստավ անոր անկողնին մոտ և երբեմն֊երբեմն թաց լաթ դրավ անոր այրող ճակատին վրա և քթին տակ անհամար հայհոյանքներ ըրավ հարսին ալ, իր զավակներուն ալ, զարմանալի իրողություն՝ հայհոյեց նաև իր գարշելի բնավորության։«Այս բնավորությունս աղեկ չէ, վերջը֊վերջը ինձ անկյունները պիտի նետե, ես գիտեմ», – կը մրթմրթար քթին տակ և թաց լաթը կը փոխեր, որ վայրկյանի մը մեջ կը չորնար հիվանդին տաքության աննորմալ աստիճանեն։ԺԳՊողիկ հասավ Ամերիկա և առաջին գիշերն իսկ մանրամասն և չի հուսացված անկեղծությամբ պատմեց այն, ինչ [ էջ ]որ անցած֊դարձած էր իրենց տան դժոխքի մեջ Մեսրոպի Ամերիկա մեկնելեն ետքը։Մեսրոպ առաջին անգամ ըլլալով տեղեկացավ իր զավկին մահը, որ կայծակի մը ազդեցությունը ըրավ իր վրա և սկսավ մանուկի մը պես բարձրաձայն լալ և աղաղակել։ – Վա՜յ, յավրուս, վա՜յ, իմ ծունկերս կոտրեին, ես Ամերիկա չի գայի։ Աշխարհին խերը անիծեմ ասկից հետո, ես կաշխատեի, կը տառապեի, կը չարչարվեի, որ տղաս մեծնա և մարդ դառնա, հիմա տղաս չիկա, վա՜յ, գառնո՛ւկս, վա՜յ, հողին տակ ես եղեր, չեմ գիտցեր, և ես քու սիրույդ ուժ եմ ստացեր և կը գործեմ։Պողիկ ինքն ալ զգաց հոր մորմոքը իր զավակին հանդեպ և անիկա ալ լացավ։ Պողիկ, որ այն ատեն, փոքրիկ սիրուն մեռելը թաղած ատեն այդպիսի զգացումներ չէր ունեցած։Ապա կամաց֊կամաց, առաջին գիշերվան ընթացքին զգաց ամբողջ դառն իրականությունը – իր հայրը, իր հարազատ հայրը վատ աչքերով նայի իր կնոջ, գիշերանց զայն ստիպե շնանալ՝ Մեսրոպ քիչ մնաց իր խելքը բռներ, բայց Պողիկ շատ պաղարյունությամբ կրցավ խաղաղեցնել Մեսրոպը, հաստատ հավաստիացումներ տալով Աղավնիի բարոյականին, անձնական պարկեշտության և անժխտելի հավատարմության մասին։Ապա Պողիկի համար իբրև բոլորովին նորություն Մեսրոպ հաղորդեց Աղավնիեն եկած նամակներու պարունակությունը։Պողիկ ճանապարհին բավական դեգերելով՝ Աղավնիի գրած նամակները իրմե շուտ էին հասեր։ Պողիկ խնդրեց նամակները Մեսրոպեն և ուշի֊ուշով կարդաց զանոնք և տեղեկացավ, որ Աղավնին արդեն տունեն փախեր և գացեր մերանցը տունը ապաստաներ է։ – Երևի ուրիշ կերպ ալ չէր կրնար ընել, որովհետև այդ հրեշին քով միս֊մինակ կենալ անկարելի է։ – Արթինը ի՞նչ կընե, չի՞ կրնա հարս մը պաշտպանել, – հարց տվավ Մեսրոպ։ – Ան ալ շատ աշխատեցավ, բայց ի՞նչ կրնա ընել․ ես, որ այսքան կռիվներ հանեցի, ի՞նչ կրցի ընել, – պատասխանեց [ էջ ]Պողիկ։ – Հետո գիտես Հարությունի բնավորությունը, բանե մը որ զզվի՝ կը զզվի, մինչև բերանը զզված է, կերևի որ Հարությունը խրատեր է Աղավնին տուն են հեռանալ նոր խայտառակությանց տեղի չտալու համար։ – Մայրս ի՞նչ դիրք բռնեց, – հարցուց Մեսրոպ։ – Խեղճ մայրդ ի՞նչ կրնա ընել, նորեն միևնույն՝ ձևով կաղաչեր, կը խնդրեր և կր քաշվեր մեկ անկյունը և գիշեր ու ցորեկ կուլար ու ծնկներուն կը զարներ։ – Հիմա մենք ի՞նչ պիտի ընենք, – վերջին անգամ ըլլալով հարց տվավ Մեսրոպ, – դուն ինծի խելք մը տուր, ես խելքս կորսնցուցեր եմ։ – Մեզի կը մնա, – պատասխանեց Պողիկ, – ամեն ջանք թափել և Աղավնին Ամերիկա ձգել։Այս խոսքին վրա Մեսրոպ ականջները երկու մատնաչափ կախեց և սկսավ մտածել։ – Ինչո՞ւ այդպես կը մտածես, – հարցուց Պողիկ։ – Ի՞նչ չի մտածեմ, – պատասխանեց Մեսրոպը, – տակավին քու քաշած փոխգիրդ չեմ վճարած, ինչպե՞ս կրնամ երկրորդ 150 դոլար մըն ալ պարտք ընել։ – Քանի որ այդպես է, Աղավնիին ճամբու ծախսը իմ վրա, ես կը զոհեմ, նաև կը վճարեմ իմ քաշած փոխգիրիս պարտքը, վաղը իսկ ես գործ կառնեմ։Մեսրոպ քաջասրտություն ստացավ Պողիկի այս խոսքերուն վրա, հանկարծ միտքը ինկավ, որ Պողիկը անգլերեն գիտեր և պետք չուներ երթալու իրեն և իրենպեսներուն նման կանգնելու գործարանին դռան առջև և սպասելու ընտրության։Եվ իսկապես ալ երկրորդ օրն իսկ Պողիկ հաջողեցավ իր երկրեն բերած ամերիկացիներու հանձնարարականները գործածել և շահավետ գործ մի ձեռք ձգել։Երբոր իրիկունը տուն վերադարձավ՝ Մեսրոպի այնպես թվեցավ, որ Պողիկը իրմե առաջ Ամերիկա գաղթած էր, իրմե ավելի ճարպիկ և լեզվանի։― Մի՛ վախնար, աղբա՛ր, – ըսավ Պողիկ, – 15 – 20 օրեն ամեն ինչ կարգին կիյնա։ Ես այսօր արդեն խոսեցա խանութին տիրոջը հետ և բացատրեցի իմ վիճակս, խոստացավ մեկ ամիսեն ինձ պետք եղած գումարը տալ, [ էջ ]որպեսզի երկիր ուղարկեմ, իսկ պարտքն ալ կամաց֊կամաց տամ։Մեսրոպ իր ուրախութենեն չէր գիտեր ինչ ընելիքը։ Քիչ մը լռութենե հետո ոտքի կանգնեցավ, մոտեցավ Պողիկին և գրկելով զալն պինդ մը համբուրեց։Պողիկ զգաց, որ իր մեծ եղբայրը տառապանքի կյանք մը անցուցած էր Ամերիկայի մեջ։ – Աղբար, շատ չանցնիր, դուն կազատիս գործարանեն, դուն ո՛վ, գործարանի մեջ գործողը ո՜վ։ – Գործարանի մեջ գործելը ինձ չի նեղեր, քու փոխգիրիդ դրամը ես կամաց֊կամաց կը վճարեմ, Պողիկ, միայն եթե դուն Աղավնին այս կողմը ձգելը հաջողացնես, – ըսավ Մեսրոպ և լռեց։Աննա խաթուն մեկ երկու օրեն բոլորովին վատացավ, լեզուն քաշվեցավ և ալ չկրցավ խոսիլ, հազիվ ձեռքի նշաններով բան մը կրնար հասկցնել։ Երբ Հարություն բժշկին հարցուց անկեղծորեն արտահայտվելու համար իր մոր կացության մասին՝ բժիշկը բացեն ի բաց հայտարարեց. – Երկու֊երեք օրեն կը մեռնի, չի դիմանար, թոքերը ամբողջ մաշեր են։Հարություն գլուխը ծռեց և զգաց, թե իրենց տան մեջ խոշոր փոփոխություն մը պիտի կատարվեր իր մոր մահվանեն ետքը։Աննա խաթուն իրիկվան մը դեմ անհասկնալի շարժումներ կըներ, բայց Հարություն չի կրցավ հասկնալ, Հաճի Մարկոս աղա մեկ կողմ քաշված էր և կը ծխեր բոլորովին հույսը կտրած իր կնոջը առողջանալու գաղափարեն, երբ Հարություն քովը մոտեցավ և ըսավ. – Եկո՛ւր, անգամ մը տես, թե ի՛նչ կուզե, բան մը կուզե հասկցնել, բայց չեմ հասկրնար։Հաճի Մարկոս աղան առանց խոսքի մոտեցավ իր հոգեվարող կողակցի սնարին և ջանաց հասկնալ անոր նշանները։Քիչ հետո ոտքի կանգնեցավ, գնաց ներս և Մեսրոպի ու Պողիկի լուսանկարները բերավ և դրավ անկողնին վրա, այնպես որ Աննա խաթուն կը կարողանար անոնց նայիլ։ Այս լուսանկարները բերելեն ետքր հոգեվարք կինը այլև ուրիշ նշաններ չըրավ, աչքերը հառեց այդ լուսանկարներուն, և [ էջ ]աչքերը առանց շարժելու անընդհատ և խորագույն բաղձանքով և կարոտով նայեցավ անոնց և հոգին ավանդեց։Հաճի Մարկոս աղա իր մեռած կնոջ բավական երկար նայելե հետո, մինչև Հարություն կը հեկեկար, քաշվեցավ մեկ կողմ և քթին տակ մրթմրթաց. – Ինչ որ պիտի ընեմ, ասկից հետո պիտի ընեմ, մինչև հիմա ես կը լսեի, այս կնոջ խաթեր համար էր, ասկից հետո տեսեք, թե ինչե՜ր պիտի ընեմ։Հարություն այս լսելով, մոռցավ իր մոր դիակր, որ կես գիշերին կը տարածվեր իր առջև աղոտ մոմի մը երերացող լույսին տակ՝ զայրացավ և բացավ բերանը. – Ասիկա քու ոճիրներուդ վերջինը չէ, բոլոր տղոցդ գլուխն ալ պիտի ուտես՝ ապա դուն այս աշխարհի օձիքեն պիտի բաժնես քու ճանկերդ։Հաճի Մարկոս աղա չի պատասխանեց մեռելի սիրույն, բայց իր մտքին մեջ որոշ վայրագություններ կերազեր։Հարություն արցունքոտ աչքերով դուրս ելավ կեսգիշերին մեկ քանի դրացիներ կանչելու համար։ Երբ մեկ քանի կիներու հետ վերադարձավ տուն տեսավ որ հայրը մորը գլուխը դրած իր ծունկերուն վրա՝ բարձր ձայնով կուլա և կըսե. – Քառասուն երկու տարի միասին ապրեցանք առանց ձայն ֆստուկի, օտար աղջիկը եկավ ու քու հոգին մաշեցուց, վա՜յ, վա՜յ, վա՜յ, վո՜ւյ։Հարություն կարևորություն չընծայեց հոր կեղծ լացերուն, օգնեց դրացի կիներուն՝ ջուր տաքցնելու և մեռելրը լոգացնելու։Ջուրը տաքնալեն հետո Հարություն մինակը գրկեց իր մայրը, բերավ խոհանոցը, երկարեց երկար տախտակին վրա և քաշվեցավ դուրս, որպեսզի կիները հանվեցնեն և լոգացնեն։ – Անա՜մ, անա՜մ, – կըսեին դրացի կիները, – տահա ութը օր առաջ տընկըր-տընկըր կըներ, ի՞նչ պատահեցավ խեղճ կնոջ, տղաքը ղարիպության մեջ։Մինչ դրացի կիները իր մայրը կը լոգացնեին, Հարություն գնաց դուրս, դեպի եկեղեցիի ժամկոչին տունը, դուռը ծեծեց, արթնցուց ժամկոչր և հայտնեց իր մոր մահը և խնդրեց, որ առավոտուն կանուխ քահանային լուր տա, նաև [ էջ ]երթա շուկան և դագաղ մը գնե և բերել տա տուն։ Ժամկոչը խոստացավ առավոտուն ամեն պատրաստություն տեսնել թաղման համար։ – Դուն հոգ մի ըներ, պ. Արթին, – ըսավ ժամկոչը, – ատիկա մեր պարտականությունն է։Մինչև որ տուն վերադարձավ մայրը լոգացած էր, մաքրված իր հիվանդության հոտերեն, մազերը հյուսեր էին և գլխուն երկու կողմերը կախած, թևերը ծալլած էին խաչաձև և կուրծքին վրա դրած և հագվեցուցած այն մետաքսյա հագուստով, զոր Հարություն ժամկոչին երթալեն առաջ հանձնած էր դրացի կիներուն, մորը սնդուկը բանալով և հանելով անկե։Հարություն դարձյալ գրկեց իր մայրը, որ սառույցի պես պաղած էր, և բերավ հյուրասրահ և պառկեցուց նոր փռված ճերմակ անկողնի մը վրա։Աննա խաթուն պառկած էր այնտեղ, կարծես խաղաղորեն կը քնանար։Հաճի Մարկոս տակավին նստած կը մնար միևնույն տեղը, սիգարեթ սիգարեթի վրա կը վառեր և ո՛վ գիտե ինչ լրբություններ կը մտածեր ընելոււ թաղում են անմիջապես հետ։Առավոտուն մեծ բազմություն մը հավաքված էր տունը թաղման ներկա գտնվելու համար։ Ննջեցյալը բարեկամներ իրենց ուսերուն վրա առած փոխադրեցին եկեղեցի։ Ավագ քահանան պատարագ մատույց Աննա խաթունի հոգիին համար։ Պատարագեն հետո թաղումը կատարվեցավ տեղվույն ազգային գերեզմանոցի շրջափակին մեջ, հոն, ուր թաղված էր Հաճի Մարկոս աղայի հայրը, Աննա խաթունի կեսարը, և զինքն ալ թաղեցին ճիշտ անոր կողքին։ Հարություն չէր մոռցած իր հետ բերել Մ եսրոպի և Պողիկի լուսանկարները։ Հարություն դրավ զանոնք դագաղին մեջ, մորը ճիշտ կուրծքին վրա և թևերր խաչաձևեց վրա։Աղավնին չէր զլացած պատարագին ներկա ըլլալ խորին տխրության մեջ, բայց մինչև գերեզմանոց չեկավ։Հողը թափեցին Աննա խաթունի տառապալից ոսկորներուն [ էջ ]վրա, և անոր համար ամեն ինչ վերջ գտավ այս աշխարհի վրա։Հարություն տուն վերադարձին քաշվեցավ սենյակ մը և չուզեց այցելողներուն երևալ։ – Ամեն մարդ թող իրեն գործին երթա, – կըսեր։Բայց Հաճի Մարկոս աղա բոլոր «սիրտ առնողները». ընդունեց և գրեթե ամենուն ալ պատմեց հետևյալ պատմությունը։ – Մեր Աննիկին մեռնելու պատճառը ան անզգամ հարսն էր, հինգշաբթի օրը ելավ գնաց մոտը, աղաչեց, խնդրեց որ տուն վերադառնա և անոթի մորը տունը անոթի չի կենա, բայց անզգամը ոնտեր էր քովեն։ Աննիկը սիրտը կոտրած տուն եկավ, գլուխը դրավ բարձին վրա և ան դնելն էր որ դրավ, ա՛լ ոտքի չի կանգնեցավ, և այսօր ալ թաղեցինք խեղճ կինը։ Մեկու մը որ հարս չի գա՝ չի գար, մեզի հարս չեկավ, ինչ ըրինք, ինչ չըրինք, բան մը չեղավ, վերջը֊վերջը փախավ տունեն գնաց։Հարություն գիտեր, որ իր հայրը բոլորովին պիտի խեղաթյուրեր պատմությունը, բայց չէր ուզեր գալ և այցելողներու ներկայության խայտառակել զինքը։Շատերը պատարագին ներկա գտնվեցան պարզապես տեսնելու Աղավնին, որուն մեկուսացում են ետքը, ինչպես գիտենք, առասպելներ կը պատմվեին։ Աղավնին երբեք չէր փոխված, միևնույն աղջիկն էր, բայց զգալիորեն նիհարցած, սև հագուստներ էր հագած և պատարագին ատեն մռայլ և ընկճված երևույթ մը ուներ։ Բայց թաղեցի բամբասող կնիկներ կրցին նոր առասպելներ հյուսել անոր շուրջը․ – Տեսա՞ր, մեջքը ետին կը քաշեր, կըսեին քի սախտեր է, սուտ չէ։ – Կեսարոջ զարկածը պելլու էր, տեսա՞ր ինչպես կաղ կը քալեր, կըսեն քի կեսարը երկաթով ոտքին է զարկեր։Եվ այսպիսի սուտ տարաձայնություններ, որոնք, հա՞րկ կա ըսել, բովորն ալ շինծու էին։ Կային պարկեշտ կիներ, որոնք կըսեին. – Քա՜, անա՛մ, ինչ որ կըսեն, սուտ է, աղջիկը ինչ որ էր, ան էր, բան մըն ալ չի կա։ [ էջ ]ԺԴԱննա խաթունի թաղումեն հետո երկու նամակներ ղրկվեցան Ամերիկա։ Մեկը գրված էր Հարությունի կողմեն, իսկ երկրորդը՝ Հաճի Մարկոս աղայի։Հարություն կը գրեր.«Սիրելի եղբայրներս,Երեկ, կիրակի, հողին հանձնեցինք մեր մայրիկը կարճ հիվանդութենեն մը հետո։ Բժիշկները ըսին, որ այս հիվանդության պատճառը եղած է երկար տարիներու ցավ մը, որ կամաց֊կամաց խեղճ կնոջ թոքերը մաշեցուցեր է։ Դուք գիտեք այդ ցավը, որ վերջերս, ինչպես Պողիկը լավ գիտե, ավելի վատ կերպով անդրադարձավ մորերնուս վրա։ Այս մարդը բոլորիս ալ գլուխը պիտի ուտե, կրնա ըլլալ, որ սուտ֊փուտ բաներ գրե, չի հավատաք։ Ելավ մայրերնիս ղրկեց Աղավնիին քով, որ տուն բերե, Աղավնին չեկավ, ես ալ համամիտ չէի, որ գար, որովհետև այս գազանը պակաս մնացածը պիտի լրացներ, մայրերնիս տուն դարձին հիվանդ պառկեցավ և ալ ոտքի չելավ, բժիշկները ըսին ինծի, որ անմիջական բանի մը արդյունք չէ այս հիվանդությունը, այլ երկար տարիներու մաշում։ Ես ձեզմե մեկ խնղրանք ունիմ – շուտով Աղավնին տանեք ձեզ մոտ, իմ մասին մի մտածեք, ես ալ կերպով մը ինքզինքս արտա֊սահման կը ձգեմ, այս մարդուն քով կենալ, մորս մահվընեն հետո, չըլլար։Կարոտներով՝ Հարություն»։Իսկ Հաճի Մարկոս աղա կը գրեր.«Սիրելի զավակներս Մեսրոպ և Պողիկ.Այս գրովս կուզեմ ձեր որպիսությունը հարցնել, եթե մեզ կը հարցնեք մինչև գիրս փա՜ռք աստծո ողջ և առողջ ենք, բայց դժբախտություն մը պատահեցավ, այդ դժբախտության պատճառն ալ մեր անզգամ հարսն էր։ Մայրերնիդ երեկ հողին հանձնեցինք, ի տեր աստված փոխադրվեցավ։ Մեռնելեն 8 – 9 օր առաջ գնաց անզգամ հարսին մոտ աղաչելու և աղերսելու, որ տուն գա, բայց անզգամը մերանցը տունեն վռնդեր էր, մորերնուդ սիրտը կոտրած, ետ եկավ, գլուխր դրավ բարձին ու ա՛լ վեր չառավ, կըսեն քի անզգամ հարսը գլխուն հատ մը զարկեր է, վասնզի ամբողջ հիվանդության [ էջ ]ատեն գլուխս, գլուխս կըսեր ու կերթար։ Քիչ գրես շատ իմացեք, որ մորերնուդ մահվան պատճառը իմ մեծ տղուս Մեսրոպին անզգամ կինը եղավ։ Ինչ որ եղավ՝ ինծի եղավ, Արթինը մտեր իրեն օդան, դուրս չելլեր և հետս չի խոսիր, ան անզգամն ալ դուրսերը հազար բաներ կը խոսի, ես մնացի տան անկյունները, աստված ինձ օգնության հասնի։ Միակ մխիթարանքս դուք եք, աստված ձեզ պահե, ամե՛ն…Հայրերնիդ՝Հաջի Մարկոս աղա»։Պողիկի ներկայությունը բավական էր, որ Մեսրոպ կարենար ճշմարտությունը տեսնել այս երկու նամակներուն մեջ։Հաճի Մարկոս աղա Մարտիկյան բացարձակապես կը ստեր, կը խեղաթյուրեր խնդիրները։ Մինչև այս նամակները հասնիլը Պողիկ կրցած էր արդեն Աղավնիի ճամբու ծախսը ճարել և նաև մաս մըն ալ օգնել իր եղբոր՝ իր փոխգրի պարտքը վճարելու համար։ Աղավնիի ճամբու ծախսը ղրկեցին Հարությունին՝ պատվիրելով, որ առանց աղմուկի ճամբա հանե Աղավնին և խնդրեցին Հարությունեն նաև, որ եթե կարելի է տանի Աղավնին և հորերնուն հետ հաշտեցնե Ամերիկա մեկնելե առաջ։ – Կը կարծե՞ս, որ Արթին դավաճանություն մը ընե և դրամը առնելուն իրեն համար գործածե և Աղավնիին չիտա, – կասկած հայտնեց Մեսրոպ։Պողիկ զայրացավ այս խոսքին վրա, որ մինչև անգամ Հարությունի վրա կը կասկածեր իր մեծ եղբայրը։ – Հայրս որ դավաճանեց, ինչո՞ւ եղբայրս չի դավաճանե, – ըսավ Մեսրոպ։Պողիկ այս խոսքին վրա լեզուն վար դրավ և ոչինչ չպատասխանեց։Մեսրոպ Պողիկեն զատ ոչ ոքի չէր հավատար այլևս իր հոր արարքներեն ետքը, ի բնե արդեն քիչ մը կասկածոտ էր, ավելի և ավելի խորացուց իր կասկածելու բնավորությունը։Իրենց մոր մահվան լուրը առնելե ետքր՝ այլևս ոչ Մեսրոպ և ոչ ալ Պողիկ հորերնուն նամակ գրեցին, միայն կը գրեին [ էջ ]Հարությունին և անոր նամակին մեջ ալ ոչ մեկ բարև չէին հիշեր։ Դրամ ուղարկելն ալ կտրեցին, միայն Աղավնիի ճանապարհի ծախսը ղրկած ատեննին գրեցին, որ այդ դրամը քիչ մը շատ է, ավելցածն ալ ինք կրնար գործածել տան պետքերուն համար։Դարձյալ Մեսրոպն էր, որ երբեմն Պողիկին կըսեր. – Այդ մարդը ըրածը ըրավ, բայց մենք պարտականություն ունինք քիչ թե շատ հոգատարություն մը ընելու, – բայց Պողիկ անհողդողդ կը մնար իր հոր հանդեպ տածած ատելություններով մեջ։ – Մորս մահվանեն ետքը ես ոչ մեկ պարտականություն չեմ զգար այդ գազանի հանդեպ․ հիմա կուրանամ, որ այդ մարդը իմ հայրս եղած է, – կըսեր։Մեսրոպ չէր կրնար հաշտվիլ այդ գաղափարին հետ և միշտ կը պնդեր, որ ամիսն անգամ մը քիչ մը դրամ ուղարկելու է։ – Թերևս դուն աչքովդ չի տեսար, ատոր համար չես զգար, – կը պատասխաներ Պողիկ, – եթե տեսնայիր, այդպես կակուղսիրտ չպիտի ըլլայիր։Մեսրոպ չի համոզվելով գաղտնի 5 ոսկիի փոխգիր մը առավ և ղրկեց հորը առանց որևէ նամակի։ Պողիկ որևէ տեղեկություն չունեցավ այս խնդիրեն, և Մեսրոպ իր շաբաթականը տուն բերած ատենը, որովհետև բոլոր հաշիվները Պողիկի ձեռքը անցած էին, ստեց, որ շաբաթականըն կտրած էին։Պողիկ հավատաց, որովհետև կը խորհեր, թե Մեսրոպ այդպես անխելքություն չպիտի ըներ։Մեսրոպ խղճի տեր մարդ մըն էր։ Տրամաբանության պակասը մարդուն մեջ կուժեղացնե խիղճը և այդ մարդը կը դարձնե իր անզոր, անկամ և մինչև անգամ աննկարագիր գերին։Մեսրոպի մեջ ողբերգականորեն կը պակսեր տրամաբանելու, դատելու գործոնը, ըստ որուն անիկա օժտված էր խղճով և հիվանդագին զգացողությամբ մը։ Անիկա երբեք չէր կրնար մտածել, որ հայրը գիշերանց գացեր էր իր կնոջ ննջասենյակը և ուզած էր բռնի կերպով շնանալ անոր հետ [ էջ ]միմիայն իր բացակայութենեն օգտվելով։ Իսկ Պողիկ այդպես չէր․ ուներ ուժեղ, անողոք և անգութ տրամաբանություն, կը դատեր դեմքերն ու դեպքերը պաղարյունությամբ և իմաստությամբ։ – Իմ հայրս բոլորովին անպետք ու անպետք ըլլալե ավելի վնասակար անասուն մըն է, – կը հայտարարեր անիկա։Մեսրոպ իր հոր նկատմամբ այդպես չէր կրնար արտահայտվիլ, իր հոր համար անասուն բառը չէր կրնար գործածել։Համենայնդեպս Պողիկ կրցավ Մեսրոպր իր ձեռքին տակ առնել և ուզածին պես գործածել։ԺԵՀաճի Մարկոս աղա իր կնոջ մահվընեն ետքը գրեթե մնաց միս֊մենակ։Հարություն առևտրական տան մը մեջ կաշխատեր առավոտյան արևածագեն մինչև արևամուտ, գործի ժամեն ետքն ալ դուրսը կերթար և կը ճաշեր և իրիկունները շատ ուշ ատեն տուն կը վերադառնար միայն քնանալու համար, գրեթե հոր երեսը չէր տեսներ։ Հայրը շատ անգամներ դիտմամբ չէր քնանար, կսպասեր իր տղուն, բայց տղան տուն գալե ետքն ալ հազիվ երկու խոսք կր փոխանակեր հետը և կը քաշվե իր առանձնասենյակը։ Այդ մեկ քանի խոսքի փոխանակությունն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ հարցնել, թե արդյոք Ամերիկայեն նամակ կա՞։Հաճի Մարկոս աղա Աննա խաթունի մեռնելու ընթացքին շատ բան դրած էր իր միտքը, որ պիտի ըներ – պակաս մնացածը պիտի լրացներ – մայց իր կնոջմեն հետո, երբ գտավ Հարությունի պաղ վերաբերմունքը, տղոց նամակ կտրելը՝ վերին աստիճանի խեղճացավ և գլուխը կախեց իր ուսերուն վրա, լեզուն առավ վար և իր համրիչին ապավինած՝ քաշվեցավ մեկ կողմ և սկսավ տխուր, մռայլ և անգութ կյանք մը վարել։Երբ Աննա խաթունի քառսունքը լմնցավ, մեկ քանի բարեկամներու, [ էջ ]քահանային և ժամկոչին հետ միասին գացին գերեզմանոցը օրհնեք կատարելու համար։ Այդտեղ Հաճի Մարկոսի սիրտը փլավ և սկսավ բարձր ձայնով և իրական և խոր թախիծով մը արտասվել, կարծես թարմ դիակը եղած ըլլար իր առջև․ – Հիմա գիտցա, որ մեռեր ես, հիմա խելքիս կը պառկի, որ աշխարհքին վրա ամենեն թանկագին քարն եմ կորսնցուցեր, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ, վո՜ւյ․․․Բարեկամները ուզեցին մխիթարել, բայց Հաճի Մարկոս աղա մխիթարության ոչ մեկ կետ չէր գտներ իր շուրջը։ – Տղաքս գացին, ալ նամակ չեն գրեր, դրամ չեն խրկեր, մեկ տղաս ամիսն անգամ մը հետս կը խոսա, քու տեղ, ես պիտի մեռնեի, Աննի՛կս, մե՜կ հատիկ Աննիկս։ներկաներն անգամ զգացվեցան ծերունի մարդու արցունքներեն, որ բուռերով կը թափվեր իր կնոջ թարմ հողակույտին վրա։ – Հարստությունս ամբողջ գնաց, մնացեր եմ տղոցս կարոտին, անոնց ձեռքը պետք է նայիմ, որ ինծի քանի մը փարա տան, ե՛ս պիտի մեռնեի, դուն ինչո՞ւ մեռար, երկու ոսկի չունիմ, որ Աննիկիս վրա քար մը քաշել տամ։Բայց քառսունքի արարողության եկող իր բարեկամները շարունակեցին մխիթարական տափակ և ծամծմված խոսքեր ըսել և տուն տանիլ զինքը։ Քահանան ալ ընկերացավ և աղոթք մըն ալ տան մեջ կարդալե անմիջապես ետք «մնաք խաղաղությամբ» քաշեց, որովհետև հասկցավ, որ տան մեջ ճաշի պատրաստություններ չէին տեսնված, ինչպես ամեն տեղ սովորություն կար ընելու։Այդ գիշեր Հարություն երբեք տուն չեկավ։ Հաճի Մարկոս մեկ քանի մոտիկ հյուրեր ունեցավ, որոնք շուտով ձգեցին և գացին, թողելով Հաճի աղան բոլորովին մինակ։Այդ գիշերվան մինակությունը – կնոջ մահվան առաջին քառսունքի գիշերը – պատճառ եղավ, որ Մարկոս աղա ինքն իր մասին քիչ մը մտածե։ Ամենեն լքված էր, հետզհետե քարացած համոզում կը գոյացներ, որ դրամապես ալ չպիտի օգնեին և ինք պետք էր իր գլխուն ճարը նայեր։Իր բոլոր դժբախտությանց պատճառը կը գտներ իր հարսը, [ էջ ]որ տանեն բաժնված էր, ամենուն առջև տունը խայտառակության առարկա դարձուցեր ու փչացուցեր էր։Հաճի Մարկոս աղայի կյանքը դառն ու մռայլ կանցներ այսպես, գրեթե տառապանքի մեջ, տառապանքի մը, որ տակավին չէր համապատասխաներ այն տառապանքին և դժբախտության, որ ինքը պատճառած էր ուրիշներու։ԺԶՈրքան որ Հարություն ջանաց ծածուկ պահել Աղավնիի ճամփորդության համար եկած դրամի խնդիրը, բայց չի հաջողեցավ, որովհետև անցագիր առնելու համար ստիպված էր երթալ թաղի մեկ քանի պաշտոնյաներու, ստորագրել տալ անոնց Աղավնիի ծննդյան թուղթերը։ Աղավնիի Ամերիկա մեկնելու լուրը կայծակի արագությամբ տարածվեցավ քաղաքին մեջ, Հաճի Մարկոս աղայի համար հարված մըն էր լուրը։ Տղաքը ո՛չ նամակ կը գրեին իրեն և ո՛չ ալ դրամ կը ղրկեին, իր ստացած 5 ոսկին ալ ողորմության պես հասած էր իրեն առանց որևէ նամակի և իր կնոջ մահվան առթիվ առանց մխիթարական անհրաժեշտ խոսքերու։Այդ գիշեր մտածեց ինքն իր համար խանութ մը բանալ և առևտրով զբաղվիլ, բայց ե՞րբ Հաճի Մարկոս աղա փոքրիկ ծրագիրներով և այդ ծրագիրներու համեստ գործադրությամբը գոհ մնացած էր։Անիկա սկսավ խոշոր խանութի մը ծրագիրը երևակայել և երբ առավոտ եղավ և սկսավ գիշերվան մտածումներուն վրա նայիլ ցորեկի անողոք իրականությամբը՝ գտավ, որ իր ծրագիրները շատ խոշոր էին և պետք եղած դրամագլուխը չուներ հաջողությամբ պսակելու համար զայն։Հաճի Մարկոս աղա եթե դրամագլուխ ալ ունենար՝ չէր կրնար խոշոր գործ ընել, որովհետև երբեք չէր ըրած։ Անիկա կը կարծեր, որ ամեն խանութ, ամեն առևտրական գործ ինքն իրեն կը դառնար, միայն դրամագլուխն էր հարկավոր։Ապա և ուրիշ հսկա արգելք մը կուգար և մռայլ ուրվականի մը նման կը ցցվեր իր առջև – իր հպարտությունը։«Բոլորը պիտի հաչեն, որ Հաճի Մարկոս աղան վերջը֊վերջը քթին հովը իջեցուց և ելավ ու տառապայի տակ մտավ», – [ էջ ]կը մտածիր ինքն իրեն և որոշում կուտար ի վերջո մնալ տան մեջ, կերպով մի իր կյանքը քաշքշել և մեռնիլ ու երթալ։Հաճի Մարկոս աղա մտածեց երթալ կառավարության և անցագրի դժվարություններ հարուցանել, բայց արդեն ամեն բան գրեթե վերջացած էր, և կառավարության առջև հարսը երբեք կապված չէր նկատվեր կեսայրին հետ։Հարությունի համար իր հոր ըրած՝ Աղավնիի ճամփորդության դժվարություններ հանելու վերջին ճիգերը երևցան կեղտոտության ամենեն ցցուն տեսակը։ – Այդ սրտով դուն պիտի մնաս անկյունները և պատի տակերը քու ծերության օրերուդ և ոչ ոք չպիտի գտնես, որ քեզի օգնե, – ըսավ Հարություն համոզված շեշտով և զայրույթով մը։ – Ես բան մը չեմ ըներ, իրենց ըրածներուն փոխարեն կուզեմ ընել, – պատասխանեց Հաճի Մարկոս աղա։ – Դուն ինծի պարզորեն ըսե, թե ո՞վ ինչ է ըրած քեզի։Իհարկե Հաճի Մարկոս չի կրցավ որևէ բան գտնել, որ մեկն ու մեկը իրեն թշնամություն ըրած էր։ – Ինչո՞ւ ինծի նամակ չեն գրեր, ինչո՞ւ մորդ մեռնելեն ետքը դրամ չեն ղրկեր, – հարցուց Հաճի Մարկոս Հարությունեն։ – Այդ բոլորը տեղի ունեցած են քու բոլոր ըրածներեդ վերջը, մարդիկ մարդ են և քար չեն, որ դիմանան, մարդիկ արժանապատվություն ունին, սիրտ ու զգացումներ ունին։ – Անոնք ունին, ես չունի՞մ, – հարցուց հայրը։ – Ո՛չ, դուն չունիս, եթե ունենաս, այդպես բաներ չես ըներ, – պատասխանեց Հարություն։ – Ի՞նչ կընեմ։ – Ալ ի՞նչ պիտի ընեիր – հարս ծեծել, հարսին նամուսին դպնալ, կնիկ ծեծել, պոռալ֊կանչել, դրացիները թափել տունը։Հաճի Մարկոս չի պատասխանեց, բայց այնքան սրտին առավ, որ նստավ և լացավ։Այս լացն ալ վերջերս հնարած էր, կր կարծեր, որ կրնար այդպիսով ազդեցություն գործել։Հարությունի տված պատասխաններուն վրա Հաճի Մարկոս [ էջ ]վայրկյան մը մտածեց անոր քթին բերնին հատ մը իջեցնել, բայց հիշեց, որ Պողիկին վրա չի կրցավ ի գործ դնել այդ, ո՞ւր մնաց Հարությունին վրա, որ լռակյաց էր, քիչ կը բարկանար, բայց անգամ մը որ բարկանար, այլևս աստված այնտեղ գործ չուներ։Հարություն կարդաց Ամերիկայեն գրված նամակը Աղավնիի, որուն մեջ շեշտված էր, որ Աղավնին վերջին անգամ հաշտվեր կեսրայրին հետ և ապա ճամփա իյնար։Աղավնին համաձայնեցավ առանց որևէ խոսքի, քանի որ անցագիրը գրպանը դրած պիտի ըլլար, ալ ինչե՞ն պիտի վախնար։ Հարություն միևնույն նամակը կարդաց իր հորը և հայտնեց, որ Աղավնին համաձայնություն տված էր գալու տուն և հաշտվելու, բայց Հաճի Մարկոս աղա կտրուկ կերպով պատասխանեց. – Շան երեսը չեմ ուզեր տեսնել։Հարություն խոսքը չերկարեց, գնաց Աղավնիի մոտ և ըսավ, որ իր հայրը չէր համաձայներ, այնպես որ ինք հանձն կառներ գրել Ամերիկա, որ ինք այդ խնդրին մեջ անպարտ էր։ Աղավնին ուրախացավ, որ կեսրայրը չէր համաձայնած։Աղավնիի մեկնած օրը բավական մեծ բազմություն մը հավաքված էր ճամփու դնելու։ Անոնցմե շատերը թաղին բամբասող կնիկներեն էին, որոնք կրակի պես վառող հետաքրրքրությամբ մը եկած էին տեսնելու։Աղավնին մնաս բարով ըսավ բոլոր ներկա եղողներուն լուռ ու մունջ ձևով մ, բայց իր մորմ են բաժնվիլը եղավ շատ աղեխարշ։ Աղավնիի մայրը ուրախ էր, որ իր աղջիկը պիտի երթար ամուսնին միանալու, բայց պիտի երթար շատ հեռավոր երկիր և գուցե երբեք չի կարենային զիրար տեսնել անգամ մըն ալ։Թաղի կնիկներեն մեկ քանին չի մոռցան և չամչցան երթալու այն օրն իսկ Հաճի Մարկոս աղայի մոտ և բամբասանքներ ընելու։ – Ծափով ու ծիծաղով ճամփա ելավ։ – Տեսնայիր ինչպե՜ս կը խնդար, կարծես թե լեղունցն էր պատռեր։ – Ես լսեցի, որ ըսավ, «Ինծի ընողին չի մնա»։Հաճի Մարկոս աղա այս խոսքերուն վրա հետզհետե [ էջ ]ջղագրգռվեցավ և ֆեսը վար առնելով և բազուկները վերամբարձ բռնելով՝ անիծեց. – Տեղ չի հասնի բարով, որ պատճառ եղավ իմ տղոցմես բաժնվելուս։Աղավնին Հարությունեն բաժնվելե առաջ ըսավ. – Արթին աղա, իմ հասնելես ետքը՝ պիտի աշխատիմ, որ դուն այստեղ չմնաս։Հարություն արդեն մտադրած էր անցնիլ արտասահման և ատոր համար ալ քչիկ֊քչիկ դրամ մեկ կողմ կը դներ իր եղբայրներուն վրա բեռ չըլլալու համար։ԺԸԱղավնին Ամերիկա հասնելեն ետքը Մեսրոպ և Պողիկ առանձին տուն մը վարձեցին Ուսդըրի մեջ, կահկարասի գնեցին և սկսան ապրիլ խաղաղ և հանգստավետ կյանք մը։ Կարծես այլևս պանդխտութենե ազատած էին, կերակուրները, գավառական նիստ ու կացերնին իրենց գավառի գծով, անոնց այնպես կը թվեր, որ վերադարձած էին Խարբերդ։ Տուն վարձելեն մեկ քանի ամիս հետո եկավ իրենց միանալ իրենց հեռավոր հորեղբոր որդիներեն՝ Վահրամը, որ զվարթ, եռանդուն, սրախոս և կատակասեր երիտասարդ մըն էր։Մեսրոպ տակավին կը մտածեր հոր մասին, անիկա ուներ ծնողասիրության զգացումներ։ Պողիկ ալ, որքան որ զայրացած էր, բայց վերջապես համաձայնեցավ Մեսրոպին՝ մեկ քանի դոլար հորերնուն հասցնելու մասին։երբ Աղավնիին կարծիքր հարցուցին, անիկա պատասխանեց. – Իր ըրածները իրեն թող մնան, ինչ որ կուզեք՝ ըրեք, ինծի խոսք չիյնար։Մեսրոպի ականջին այս պատասխանը շատ լավ հնչեց։ – Աֆերի՛մ կնիկս, դուն մի՛ խառնվիր այդպես գործերու։Աղավնին հեգնորեն ծիծաղեցավ և մռլտաց. – Շանը գործերուն ի՞նչ պիտի խառնվիմ։ – Մեկ քանի դոլար ուղարկե այդ մարդուն, – ըսավ [ էջ ]Պողիկ Մեսրոպին, – բայց նամակ մի գրեր, անմիջապես երես կառնե, եթե նամակ ալ պիտի գրես, իմ կողմես բարև և այլն չգրես։Մեսրոպ ջանաց համոզել իր փոքրիկ եղբայրը, որպեսզի հինը մոռնա, քիչ մը լայնախոհություն, մանավանդ լայնասրտություն ցույց տա, բայց որքան որ Հաճի Մարկոս աղա համառեր, Պոզիկն ալ անկե վար չէր մնար, տղա և հայր զիրար չէին հավներ, բայց համառության մեջ իրարու կը նմանեին, ավելին՝ կը գերազանցեին։Մեսրոպ լռեց՝ ուրիշ առիթով ավելի մեղմ և ավելի նպաստավոր ձևով խոսքր բանալու և Պողիկին առաջնորդելու դեպի լավագույն զգացումներ։Խաղաղ էր տան մեջ անոնց կյանքը։ Պոռացող, հայհոյող և բռնապետող գոյություն չուներ։ Երկուքն ալ առավոտուն կերթային գործի և ժամը 5֊ին կուգային տուն՝ ճաշելու և շուտով անկողին երթալու։Իսկ հարս Աղավնին ալ երբեմն֊երբեմն խարբերդցիներու տուները այցելության կերթար։Խաղաղ էր կյանքը, բայց անհրապույր։ Երբեմն Վահրամն էր, որ զվարթություն կը բերեր տան մեջ։Մեսրոպ իրիկունը տուն գալեն հետո սրունքները կը տնկեր և անկողնին վրա կես ժամ կերկարեր հանգիստ ստանալու համար, ապա ոտքի կկանգներ՝ միայն ճաշելու և անմիջապես անկողին մտնելու։ Միայն երբեմն կը խոսեր, որուն նյութը միշտ իր բոսին մասին էր։ – Այսօր քիչ մը երեսը կը խնդար, – կըսեր Մեսրոպ գոհունակությամբ իր բոսի ժպիտը իր վրա հրավիրելու համար։Պողիկ այդպես չէր սակայն։Ասիկա արդեն անգլերեն լեզուն քիչ և շատ սորվեցավ, իր առաջին մարզանքները սկսավ ի գործ դնել ամերիկուհիներու վրա։ – Պողի՛կ, խուզի՛ս, (գառս) այդ աղջիկները փորդ չեն կշտացներ, էլի (օտար) աղջիկներ են, իրիկունները քունդ առ, որ մյուս օրը կարենաս գործիդ աղեկ նայիլ և փարա վաստկիլ։ – Փորս կշտացնելու համար չէ, որ աղջիկներուն հետ [ էջ ]կերթամ, – կը պատասխաներ Պողիկ, – ո՞վ աղջիկներով իր փորը կշտացուցեր է։Մեսրոպ գլուխը կերերցներ, կը թթվեր, բայց չէր կրնար ավելի ազդեցիկ խոսքեր գործածել, որովհետև Պողիկի բնավորությունը հայտնի էր։ Պողիկը կը սիրեր անկախությունը։ԺԹՄեկ֊երկու տարի հետո Հարությունն ալ հասավ Ամերիկա՝ թողելով Հաճի Մարկոս աղան միս֊մենակ տան մեջ, թո՛ղ որ Հարութ յունի ներկայությունն ալ ընկերակցություն մը չէր ստեղծեր Հաճի Մարկոս աղայի համար։Հարություն մեկնելե առաջ իր ճամփու ծախսեն ավելցածը տվավ իր հորր, ըսելով. – Ամերիկայեն ես քեզի կօգնեմ, տղոց ալ կը համոզեմ, որ նամակ գրեն։ – Թոր դրամ ղրկեն՝ անոթի չի մեռնիմ, էլեմը (բոլորը, ողջ աշխարհը) վայերնին կուտա, ինծի նամակ պետք չէ, գրածնին ի՞նչ պիտի ըլլա որ… Խրատներ, ես խրատի պետք չունիմ, Պողիկին ըսե, որ խրատը իրեն պետք է, որ օտար երկրի մեջ շնութենե հեռու տուներնուս նամուսը ոտքի տակ չի տա։Այս բոլորեն ետքն ալ Մարկոս աղա դաս առած չէր թվեր․ ասիկա կըպահեր տակավին իր երևութական անկախությունը, բայց չէր կրնար հրաժարիլ տնտեսական օգնութենե, որովհետև երբեք չէր ուզեր գիտցնել օտարներուն, որ իր հարազատ տղաքը երես են դարձուցեր իրմե և դրամակաև օժանդակություն անգամ չեն ըներ։Երբ մեկն ու մեկը կը հարցներ իր տղոց վրայոք, կը պատասխաներ. – Շատ աղեկ են, Մղտեսի Կարապետ, միշտ նամակ կստանամ, Հարությունը կը գրե, որ տղաքը քեզ շատ են կարոտցեր, մեկ֊երկու տարիեն պատրաստ եղիր, որ դուս ալ Ամերիկա գաս, հիմա չեմ գիտեր՝ կրերթա՜մ, չերթա՜մ։ – Գնա՛, Հաճի աղա, – կը պատասխանե Մղտեսի Կարապետը, – այստեղ կեցեր ես ի՞նչ պիտի ընես, գնա հարազատ տղոցդ քովը։ [ էջ] – Հա՛, մոռցա ըսելու, որ հարսս ալ մախսուս բարև գրել տված էր և հատուկեն ձեռքերս կը համբուրեր, – ավելցուցած էր Հաճի Մարկոս աղա. մի գուցե դիմացինը կասկածեր , որ հարսը տակավին կը շարունակեր քեն պահել իրմե։ – Կերևի քթին հովը իջեր է, Հաճի աղա։ – Որո՞ւ։ – Հարսիդ։ – Հա՛, քթին հովը շատ է իջեր, կը կարծեր, որ ես իրեն գերին պիտի ըլլայի այստեղ, հիմա խելոքցեր է, լավ է։Դուրսերր այսպես խոսելով՝ Հաճի Մարկոս աղա հետզհետե Ամերիկա երթալու միտք մը սկսավ փայփայել։Երբ մեկը բանի մը մասին շատ կը մտածե և շատ կը կրկնե՝ կամաց֊կամաց այդ միտքը կսկսի իրեն բնական թվիլ։Այսպես ալ եղավ Հաճի Մարկոս աղայի հետ, այնքան ուրիշներու Ամերիկա երթալու մասին խոսեցավ, որ ինքն ալ հավատաց, որ պիտի երթա։Չէ՞ որ մի օր իր տղաքը Ամերիկայեն կը պաղատեին, որ իրենց մոտ երթար։Սակայն այս երազներր երկար կյանք չունեցան, որովհետև Հաճի Մարկոս աղան շուտով ինկավ անկողին։Հիվանդությունը այս ծերունի և չար մարդուն համար դարձավ երկար, գրեթե անվերջանալի հոգեվարք մը։ Ոչ ոք չուներ, որ գար մոտը և թաս մը ջուր տար խմելու, ինկած տան մեկ անկյունը, աղտոտության մեջ կորսված, ավելի և ավելի ծանրանալով իր հիվանդության մեջ։Բժիշկները մասնավոր հիվանդություն մը չգտան Հաճի աղայի մեջ, անոնք հայտարարեցին, որ ծերութ յան նշաններ էին և թե առաջ եկած էր շատ մտմտուքե։Հաճի աղան կը հազար, չոր և կոտրատող հազ մը, որ դուրս կը քաշեր իր թոքերը։ Խնամքի պակասը զինք ավելի թուլացուց, քանի գնաց կմախքացավ, բայց ոչ ոք մտածեց մեղքնալ վրան, մտնել տունը և գեթ կողը դարձնելու համար ձեռք մը երկարելու։ – Թո՛ղ սատկի, – կըսեին իր շատ մոտիկներն անգամ, – շանը մեկն է, ատոր վախճանը այդպես ալ պիտի ըլլար։Հաճի աղան գիշեր և ցերեկ իր կինը կը փնտրեր, կուլար [ էջ ]խաղեր կը կանչեր, նոր֊նոր ինքնիրեն երգեր կը հորիներ և կերգեր իր Աննիկին վրայոք։«Վա՛խ, յավրո՛ւս, վա՜խ, ես այն օրը մեռա, երր դուն դիմացի գերեզմանոցը գաղթեցիր», – կըսեր ինքնիրեն Հաճի աղան և կը հառաչեր։Իր հիվանդության առաջացած ատեններն էր, երբ նամակ մը ստացավ Ամերիկայեն իր երեք զավակներեն ալ ստորագրված, որ կը հայտարարեր քիչ դրամ ծախսել, շռայլություններ չընել, որովհետև դժվար էր Ամերիկայի մեջ դրամ վաստկիլ։Արդար ըլլալու համար պետք է ըսել, որ Հաճի Մարկոսի չէր բավեր անգամ ղրկած դրամը և ատիկա իր զավակներն ալ գիտեին, բայց դիտմամբ գրած էին, որպեսզի մի գուցե իրենց Հաճի աղա հայրը չուզեր վերադառնալ հին տան սովորություններուն, որովհետև Հաճի Մարկոս գրած էր ատկե առաջ, որ իրենք պետք էին այնքան դրամ ուղարկել, որ գոհացներ զինքը և ապա կարենար փրկել իրենց տան համբավը։Այս նամակը Հաճի Մարկոս աղայի վրա ավելի ծանր ազդեցություն ըրավ, քան իր զավակներուն այն ձևով հեռանալը ոչ թե տունեն, այլ իրմե։Իր վերջին օրերուն մեջ էր, երբ Աղավնիի մայրը ելավ եկավ Հաճի Մարկոս աղայի մոտ, մոռնալով սուրբի նման անցյալը իր բոլոր խայտառակություններով և պատրաստակամություն հայտնեց խնամելու զինքը։Աղավնիի մորը խորհուրդ տված էին չերթալ, որովհետև խորհուրդ տվողները համոզված էին, որ Հաճի Մարկոս աղան պիտի մերժեր իր ծառայելու տրամադիր ըլլալը, սակայն անիկա շատ սիրալիր ընդունեց իր խնամին, բայց ըսավ. – Խնամի՛, քեզի նեղություն կըլլա, այսպես եկեր ենք, այսպես ալ կերթանք։ – Չէ՛, Հաճի աղա, Աննա խաթունին պարտականությունը կուզեմ ես կատարել, – պատասխանեց Աղավնիի մայրը։Հաճի Մարկոս բավական ճգնեցավ անոր բարության տակ չիյնալ, բայց իր խնամին պնդեց։Ամեն առավոտ Աղավնիի մայրը կուգար Հաճի աղայի [ էջ ]տունը, կավլեր, կը մաքրեր, իր հագուստները կը լվար, իր գիտցած դեղերը կը գներ և կերթար՝ իրիկունը դարձյալ գալու և գիշերը մինչև ուշ ատեն խնամելու և երթալու տուն։Հաճի աղան ամչնալով կը խոսեր անոր հետ, կզգար խորին պատկառանք մը այդ կնոջ հանդեպ, որուն աղջիկը առանց պատճառի, խայտառակ ըրած էր օտարներու առջև, ծեծած և վերջը֊վերջը ստիպած տունեն հեռանալ։ – Խնամի՛, – կըսեր երբեմն Հաճի աղան, – չար լեզուները թերևս քեզի սխալ հասկցուցեր են, որ ես իմ հարսիս հոգ չեմ տարած, բայց աստուծո առջև կերդվնամ, որ սուտ են։ – Հաճի աղա, հիվանդ ես, այդպիսի բաներու մասին մի՛ մտածիր, մոռցիր, որ երթա։Հաճի աղան իսկապես կզգացվեր և կարծես խոր զղջում զգացած ըլլալով, միշտ կը խոսեր իր հարսին մասին։ – Աղեկ աղջիկ էր, բայց միտքը դարձուցին, – կըսեր իր մորը։Աղավնիի մայրը, առանց ականջ կախելու այդ խոսքերուն՝ կը շարունակեր իր խնամքները։Բայց Հաճի Մարկոս աղա չի կրցավ ավելի երկար դիմանալ, իր հիվանդության վեցերորդ ամիսն էր, երբ իր աչքերը գոցեց ընդմիշտ։Անոր մահը սարսափելի եղավ։Մեռնելե երեք օր առաջ սկսավ պրկումներ զգալ և անասնական ոռնոցներ հանել, իր անկողնին բոլոր ճերմակները պատռտել։Կարծես կյանքի մեջ իր բոլոր ըրածները դեմը եկան և դևերու նման տնկվեցան դեմը։ Կը պոռար, օգնություն, կաղերսեր և ապա թուլացած կիյնար։Հաճի Մարկոս աղայի հուղարկավորությունը կատարվեցավ շքեղ, որովհետև ամեն անոնք, որոնք չեկան զինքը տեսնել հիվանդության ատեն, բայց չի մոռցան մասնակցիլ հուղարկավորության։Հաճի Մարկոս աղայի զավակները իրենց հոր մահվտնեն ետքը կտրեցին իրենց բոլոր հարաբերությունները երկրի հետ, միայն Աղավնին էր, որ նամակ կը գրեր իր մորը և երբեմն֊երբեմն ալ դրամ կուղարկեր։ [ էջ ]Հաճի Մարկոսի մահը ոչ իր ծանոթներուն և ոչ ալ իր զավակներուն վրա ազդեց։Երբ Պողիկ և Մեսրոպ իրիկունը տուն եկան՝ Հարություն հաղորդեց այդ լուրը։Մեսրոպ քիչ մը տխրեցավ։ – Ինքն իր ձեռքովը ըրավ, – ըսավ։Իսկ Պողիկը բացականչեց. – Իրա՞վ կըսես։Աղավնին ոչ մեկ, կարծիք չի հայտնեց այդ մասին, բայց երբ լուր եկավ, որ իր մայրը խնամած է զայն իր վերջին օրերու մեջ, հարեց․ – Նորեն մա՜յրս․․․1922 թ․
Կյուրեղ աղայի մահը
Կյուրեղ աղան բոլորովին առողջ էր, երբ առավոտյան զարթնեց, նախաճաշեց, խաչակնքեց, բաց արավ երկաթե արկղը, որտեղ փողերն էր պահում, վերցրեց 50 օսմանյան ոսկի և դուրս եկավ սենյակից խանութ գնալու, երբ հանկարծ, լսեց, որ երեխաները գոռում են.
– Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…
Կյուրեղ աղան ցնցվեց, մի թեթև սարսուռ փշաքաղեց մարմինը, մի պահ կանգ առավ շեմքի վրա, ապա ներս մտավ և նորից լսեց երեխաների աղաղակը.
– Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…
Միևնույն տեսակի սարսուռը, այս անգամ ավելի ցուրտ, բայց էլեկտրական հոսանքի արագությամբ, ճեղքեց֊անցավ նրա ամբողջ մարմնով, կարծես չոր սառնամանիքին նրան մերկացրին քամու առաջ և մի դույլ սառը ջուր լցրին մարմնի վրա։
Նա մոտեցավ պահարանին, գլուխը կոխեց մեջը, իրար ետևից մի քանի գավաթ օղի լցրեց և խմեց։
Կարծես մի քիչ տաքացավ։
Նորից առաջացավ դեպի սենյակի դուռը և դռան արանքից խռպոտ և կերկերուն ձայնով բղավեց։
– Աղջի՛, Հազարխա՜ն․․․
Ոչ ոք չպատասխանեց։
– Հազարխա՜ն…
Լռություն։
Հազարխան խաթունը Կյուրեղ աղայի կինն էր։
Ինչո՞ւ չէր պատասխանում։
Ո՞ւր էր գնացել։
Քիչ առաջ նա կրակտանն (խոհանոց) էր, հենց որ Կյուրեղ աղան պատրաստվում էր խանութ գնալու՝ լսվում էր նրա փաբուջի (հողաթափ, տան չուստ) քսքսոցը։
Կյուրեղ աղան նորից մոտեցավ դռան և արանքից ահռելի ձայնով բղավեց.
– Հազարխա՜ն։
Այս անգամ Հազարխան խաթունը, աճապարանքով և ոտներն իրար փաթաթելով, վեր վազեց.
– Ո՞ւր ես գացեր, երկու ժամ է կը ճաթռտիմ։
– Բախչան էի, չլսեցի։
– Չոջուխները Հաջի Քորու մաշի Քորո կպոռայի՜ն․․․
– Հա՛։
– Հա, ի՞նչ։
– Հաջի Քորոն է։
– Ի՞նչ կըսե։
– Կըսե՝ պզտախպորս հետ խոսելիք ունիմ։
Կյուրեղ աղան նորիր ցնցվեց։
– Վախըտ (ժամանակ) չունիմ, թող իրիկունը գա։
– Շատ աղեկ, կըսիմ։
Կյուրեղ աղան անմիջապես գլխի ընկավ, թե ի՛նչ բանի համար Հաջի Քորոն կարող էր եկած լինել։
«Քածը դահա չի մոռցեր…» ասաց նա իր մտքում, և տեսնելով կնոջը, որ դեռ կանգնել էր և մտադրություն չուներ գնալու, բղավեց.
– Ի՞նչ ես կայներ դեմս, գնա չըսի՞։
Կինը ցատկեց ոչ այնքան ուզենալով, որքան ամուսնու սարսափից։ Բայց երբ Հազարխան խաթունը սենյակի դռան մոտեցավ, Հաջի Քորոն հասել էր շեմքը և, առանց որևէ բան ասելու, ներս մտավ և կանգնեց Կյուրեղ աղայի առաջ։
Սպիտակ գլխով, սպիտակ և արդեն դեղնելու մոտ մորթով, նիհար, բարակ, նուրբ ձեռքերով, սև և թեթև յազման գլխին, հանգելու մոտ աչքերով, որոնց հեռավոր խորքերում կարծես ինչ-որ քաղցրություն է աճում, ձեռքերը ծալած սրտի վրա, կարկատաններով, բայց մաքուր ֆիսդանը (շրջազգեստ) հագին, գլուխն ուսին թեքած, խեղճ֊խեղճ՝ Հաջի Քորոն կանգնեց իր փոքր եղբոր առաջ։
– Հոգեառ հրեշտակն է մտեր տունս, – ասաց Կյուրեղ աղան մտքում։
– Պզտախպար, ոտքդ պագնիմ, մ՚էներ, մ՚ըլլիր, ամեն բան մոռցի՛ր, ան փարան տո՛ւր մինչև գերեզման ապրիմ, անոթի իմ, մեղք իմ։ – Հաջի Քորոյի այս խոսքերից Հազարխան խաթունի աչքերը խոնավացան, որին ի տես՝ Կյուրեղ աղան աչքերը խոլոռտեց կնոջ վրա և՝
– Ի՞նչ փարա, Հաջի Քորո, – հարցրեց նա։
– Պապուս (հայր) փարան, միրասի (ժառանգություն) իմ բաժինքը։
– Դահա չե՞ս մոռցեր։
– Մոռցեր էի, ամա հիմա գլխավոր չունիմ, կինե (դարձյալ) միտքս ընկավ։
Հազարխան խաթունը Կյուրեղ աղային պաղատելու մի փորձ արավ, բայց հանդիպեց նրա զազրելի, պղտոր, մթին աչքերին։
– Տեղդ ծանտր նստե, քեզ ըլ սոխախը (փողոց) կնետիմ, – սաստեց նա կնոջը։
– Պզտախպար, ոտքդ պագնիմ, – աղաչեց Հաջի Քորոն, որի քաղցածությունը իր ձայնի մեջ անգամ շեշտվում էր։
– Փարա֊մարա չիկա, ես ըլ խեղճ իմ, էսօր վաղը իմ չոջուխներս ըլ որբանոց կերթան, ընծի վո՞վ տ՚իտա։
Խեղճացած, գլուխը կախ, ողորմելի զոհի նման արտասանեց Կյուրեղ աղան այս խոսքերը և սկսեց քայլել դեպի դուռը։
– Պզտախպա՛ր, – ձայնեց Հաջի Քորոն նրա ետևից պաղատագին և հուսակտուր, – քնծոր (իբր թե) պարտք չունիս, քորդ (քույր) իմ, խեղճ իմ, քանի մը ոսկի տուր ապրիմ, աստծու խոշին (դուր գալ, հաճո լինել) ըլ կուգա։
– Հա՛, ադ ուրիշ բան է, պարտք չունիմ, ամա քորս ես՝ կօգնիմ, ադ ընդունակս է, ամա ես ըլ խեղճ իմ, էսօր որ գլուխս դնիմ գետինը, օղլուշաղս վլացք տենե, որ ապրի, ունենայի՝ կուտայի, մեկի տեղը տասը կուտայի։
Կյուրեղ աղան է՛լ չսպասեց և քայլեց ներքև։
– Պզտախպա՛ր…
Ոչ մի պատասխան և ոչ մի շարժում։
– Պզտախպա՛ր, անոթի իմ, կը մեռնիմ, միածին աստծո խաթեր համար։
Լռություն։
– Պզտախպա՜ր… պզտախպա՜ր…
Կյուրեղ աղան վերջին սանդուխն էլ իջավ։
Հազարխան խաթունը բակում կտրեց ամուսնու առաջը, չոքեց և ասաց.
– Լսե՛, մեյ մը խոսքերը լսե՛…
Հազարխան խաթունը բակում, հատակի վրա, Կյուրեղ աղան ականջները տնկած սենյակի դռան, խոր լռության և սարսափի մեջ լսեցին հետևյալ խոսքերը.
«Մինչև իրիկուն զռաս, բառչես ու անանկ մեռնիս… ոսկիներդ ժամուն դուռը թափես ու աստված ձայնդ չի լսե… ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես… դոդախներդ (շրթունքներդ) իրարու քով չի գան, որ սատկելեդ առաջ չոջուխներդ պագնես… Տե՛ր, մանո՛ւկ Քրիստոս, մայրի՜կ աստվածածին…»։
Կյուրեղ աղան է՛լ չկարողացավ լսել, ոտը շարժեց, որ քայլի, Հազարխան խաթունը պլլվեց ոտներին։
– Հրեշտակները ուսերուն վրա կայներ են, աստծո խաբար կը տանեն, մ՚էներ, պառավ մեսումին (խեղճ, անօգնական, որբ) փարան տո՛ւր։
– Պարտք չունիմ, ունենամ ըլ՝ փարա չունիմ։
– Ունիս, շա՛տ ունիս։
– Մի՛ վռվռար։
– Ունիս։
– Չունիմ՝ ըսի։ – սրտնեղեց Կյուրեղ աղան, շպրտեց կնոջը գետին, ազատեց ոտները և քայլեց։
– Աս անխղճությունը քըզի չի մնար։
– Մ՛ի հաչեր, սարսաղ կնիկ։
Հազարխան խաթունը վազեց վեր։
Հաջի Քորոն շարունակում էր անեծքը․ «Սատկի ու մեկը չըլլի, որ դագաղը վերցնե, դնեն արևի տակ, ղարղաներն (ագռավ) ուտեն մարմինը…»։
Հազարխան խաթունը աջ ձեռովը բռնեց Հաջի Քորոյի բերանը, ձախովը քաշեց պոկեց իր ճակատի ոսկիները, և, երկարելով մեռելի նման դժգունած պառավին, ասաց.
– Մի՛ անիծեր, Հաջի՛ Քորո, ես քու ոտքիդ տակի հողն իմ, չոջուխներս մեղք են, ա՛ռ աս ոսկիները, դիր պարտքի տեղը, մի՛ անիծիր, ոտքդ պագնիմ։
– Ես քու փարադ չեմ առներ, հա՛րսնուկ։
– Իմս չէ, ախպորդ է, ան է տվեր, մեկ չէ՞, ա՛ռ։
– Չէ՛, ինքը իր ձեռքով տ՚իտար։
Հազարխան խաթունը շատ պաղատեց, բայց Հաջի Քորոն անդրդվելի մնաց և չվերցրեց ոսկիները։ Հազարխան խաթունը բռնի ուժով ոսկիները դրեց նրա գրպանը, Հաջի Քորոն դուրս հանեց և նետեց մի կողմ։
– Իմ մեկ ոտքս գերեզմանին մեջն է, մեկ ըլ՝ դուրսը, երկար չեմ ապրիր, երկու խազան ունիմ, կծախիմ, կուտիմ…
Հաջի Քորոն չկարողացավ շարունակել, հանկարծ փշրվեց նրա բարկության պողպատը և հալվեց․․․ Պառավն սկսեց դառնորեն արտասվել։ Ո՛չ քսան տարի առաջ մեռած հոր համար և ո՛չ էլ մի քանի տարի առաջ մեռած ամուսնու և նրանից հետո մեռած մի հատիկ որդու համար այնպես այրող արցունքներ չէր թափել, որքան հիմա, այդ չարաբախտ առավոտը, երբ, չիմացավ ինչպես, որոշեց գալ փոքր եղբոր մոտ, որի տունը չէր մտել և երեսը չէր տեսել հորը մահվանից հետո, և պահանջել այն քառասուն և երկու ոսկին, որ իր արդար իրավունքն էր իբրև հայրական ժառանգ։
Հազարխան խաթունը, իբրև իր մեծ տալոջը հարգող և սիրող հարս, փաթաթվեց նրան, իր անկեղծ և դառն արցունքները խառնեց բարի պառավի տաք արցունքներին և ասաց․
– Հաջի՛ Քորո, դուն ընծի լսե՛, ոսկիներս ա՛ռ, ախպորդ ինատին (ջիգրու) խարջե (ծախսե) ու կեր։
– Չէ՜, օղո՛ւլ, չէ՛, անոր փարան բաբա (վերք, խոց) կըլլի փորիս մեջ, ես իմ պապուս փարան կուզեի, – անկեղծորեն պատասխանեց Հաջի Քորոն։
Կյուրեղ աղայի երեխաները՝ տասը տարեկան Գրիգորը և տասն և չորս տարեկան Սրբունը, ապշահար և միաժամանակ դողահար, կանգնել էին պատի տակը և դիտում էին և ոչինչ չէին հասկանում։
Որքան որ Կյուրեղ աղան և Հաջի Քորոն իրար տուն չէին գնում֊գալիս և իրար երես չէին տեսնում, բայց երեխաները գրեթե ամեն օր Հաջի Քորոյի տանն էին։ Հաջի Քորոն սիրում էր երեխաներին, թեև աղքատ և տխուր, բայց միշտ զվարթադեմ և շաքարեղենի մի կտոր գոգնոցի գրպանում, նրանց դիմավորում էր և գրկում, գգվում և կրծքին սեղմում։
Երբ Հաջի Քորոն նորից յազման քաշեց գլուխը և սկսեց գնալ, երեխաները նրա ետևից աղաղակեցին լացով և գուրգուրանքով.
– Հաջի՛ Քորո, Հաջի՛ Քորո, կեցի՛ր, ո՞ւր կերթաս։
Հաջի Քորոն այս անգամ սիրտ չուներ որևէ ձայն լսելու, առանց ետևը դառնալու, գնաց երերուն, դողդոջ քայլերով և յազմայի տակ բուռ֊բուռ արցունք թափելով։
Կյուրեղ աղան, խանութ չհասած, մտաբերեց ամբողջ անցյալը, – Հայրը, Հաջի Սուքիաս աղան, մեռավ քսան տարի առաջ՝ փոքրիկ ժառանգություն թողնելով իր մեկ հատիկ որդուն և մեկ հատիկ աղջկան։ Կյուրեղ աղան մտաբերեց, ամենափոքրիկ մանրամասնություններով, թե ի՜նչ միջոցներով կարողացավ իր քրոջ՝ Հաջի Քորոյի բաժինքը չտալ։ Այն ժամանակ Հաջի Քորոն ականջ չկախեց, որովհետև նրա արհեստավոր ամուսինը տունը լավ էր պահում, կարոտ չէր, այն ժամանակ Հաջի Քորոն արդեն տասն և վեց տարեկան տղա ուներ, կը մեծանար, բաբաիգիթ (կտրիճ) կը դառնար, մտածում էր Հաջի Քորոն, կապրեցներ իրեն, եթե մինչև անգամ ամուսինն էլ չլիներ, բայց մեռավ ամուսինը, մեռավ և նրա որդին, այժմ պառաված, մենակ և աղքատացած, չունենալով ոչ մի հույս ապրելու, եկել էր իր ոտը։
Անցյալի այս մտաբերությունը, սակայն ոչնչով չփափկացրեց Կյուրեղ աղայի սիրտը և մտքում կրկնեց․
– Չպիտի տամ, զխքումս թո՛ղ առնե։
Կյուրեղ աղան դանդաղ քայլերով շարունակեց ճանապարհը դեպի խանութ։ Ճանապարհին որքան որ ջանաց մոռանալ կես ժամ առաջ տանը պատահած դեպքը, չկարողացավ։
Պարզ, ծանր և ուժգին բախումի նման՝ նրա հոգու դռանը զարնվում էին Հաջի Քորոյի խոսքերը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես»։
Հանդիպեց ծանոթների։
– Բարի լո՛ս։
– Բարի լո՛ս, Կյուրեղ աղա, ինտո՞ր ես։
– Շա՜տ աղեկ, – պատասխանեց Կյուրեղ աղան սովորականից ավելի բարձր և զվարթ տոնով, բայց ոչ միայն հետը խոսողին, այլև իրեն անգամ կեղծ թվաց այդ բարձր և զվարթ տոնը։
– Դատդ ի՞նչ եղավ, – հարցրեց Կյուրեղ աղան։
– Է՜հ, կերանք՝ գնաց, – պատասխանեց Սահակ աղան։
Կյուրեղ աղան գիտեր դատի էությունը։ Որքան որ դիմացինը հեշտությամբ, առանց խղճի ծանրության, թեթև սրտով ասաց թե՝ կերանք գնաց, Կյուրեղ աղան ինքը չկարողացավ հեշտությամբ և թեթևությամբ անդրադառնալ այդ հարցին, որովհետև այդ իսկ պահին նրա հոգու դռանն ավելի պարզ, ավելի ծանր և ուժգին զարնվեց Հաջի Քորոյի խոսքը՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին վրա ելլես…»։
– Տայիր որ երթար, աղեկ չես ըրեր, – նետեց Կյուրեղ աղան։
– Հո՜, հո՜, – ապշեց Սահակ աղան – վա՜յ, ես քու սուրբ փեշերուդ մեռնիմ, խղճմտանքդ արթնցեր է… – հեգնեց նա։
– Հիմա ինադ կ՚ էնես, չես տար, ամա տարիներ չես մոռնար, – անկեղծորեն ասաց Կյուրեղ աղան։
Այլևս խոսակցությունը չշարունակվեց, որովհետև Սահակ աղան, կարևորություն չտալով Կյուրեղ աղայի խոսքերին, շարունակեց ճանապարհն անվրդով։
Այդ հարցն էլ մոտավորապես Հաջի Քորոյի հարցի նման էր. Սահակ աղան հաջողել էր, հորեղբոր մահից հետո, թաքցնել նրա փողը և չտալ հորեղբոր որդուն։ Վերջինս դիմել էր դատարան և գործը տանուլ էր տվել։
«Երանի քսան տարի առաջ տված լինեի, վերջանար․․․» ասաց Կյուրեղ աղան մտքում։
Ճիշտն ասած՝ ինքը չէր ասում, այլ այն ուժգին և ծանր բախումը, որ զարնվում էր նրա հոգու դռանը և ասել տալիս։
Կյուրեղ աղան հասավ խանութ, բաց արավ դուռը և առաջին փեղկը բաց անելուց հետո, երբ խանութի ներքնակողմի մութը փախավ դրսից խուժող լույսի առաջ, ըստ սովորության խաչակնքեց և նորից հիշեց Հաջի Քորոյի խոսքը, կարծես կողքին կանգնած՝ ականջին շշնջաց՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին ելլես»։
Վերջին փեղկը հազիվ էր բաց արել, երբ ներս մտավ Վերի թաղի քահանան։
– Աստված օրշնե, Կյուրե՛ղ աղա։
– Օրշնյա ի տեր, Տեր Պապա, – պատասխանեց Կյուրեղ աղան շրթունքների թեթև դողդոջով և մտքում ասաց, – հեչ մարդ չիկար, աս սև սատանա՞ն սիֆթա տ՚էներ։
– Կյուրեղ աղա, քանի մի հատ խայֆեի ֆինջան կուզիմ։
– Քեֆիդ ուզածն ա՛ռ, Տեր Պապա, քանի՞ հատ կուզես։
– Տեսնա՜նք, երկու հատ, իրեք հատ…
Երբ քահանան զգաց, որ Կյուրեղ աղան մտադիր է իրենից փող չվերցնել, վեց հատ ջոկեց։
Կյուրեղ աղան էլ, իր կարգին, գլխի ընկավ, որ եթե ձրի չլիներ, վեց հատ չպիտի վերցներ, մտքում ասաց․ «Ես գլխու վրա եկող չիմ»։ Եվ քահանային դառնալով, ասաց.
– Ան իրեք հատին փարան չիմ առնիր, քըզի հեդիյե, ամա մեկալներուն համար կը վճարես, Տե՛ր Պապա։
– Շա՛տ աղեկ, շա՛տ աղեկ, Կյուրեղ աղա, եթե կուզես, վեցիս համար ըլ կը վճարիմ։
– Չէ՜, ես ըսի՝ քըզի հեդիյե։
Քահանան չէր ուզում ոչ մի վճարում անել, բայց էլ չէր կարող հրաժարվել, ծուղակն ընկել էր, ուստի վճարեց և գնաց։
Կյուրեղ աղան, քահանայի գնալուց հետո, քթի տակ թեթև ծիծաղեց, որովհետև նա երեք գավաթի համար այնպիսի գին էր վերցրել, որ եթե քահանան վեցի համար նորմալ գինը վճարեր, ավելի էժան կը լիներ։
Կյուրեղ աղան մի քիչ սպասեց և, տեսնելով, որ հաճախորդ չկա, սկսեց պնակների, շշերի, բաժակների, հայելիների փոշին սրբել։
Փոշիները սրբելու ընթացքում մի քանի անգամ հիշեց Հաջի Քորոյի խոսքերը, բայց վերջին անգամ լսեց բարձրաձայն։ Այդ վերջին անգամվա հիշողության հետ միասին, հանկա՜րծ, մի խոշոր լամպ ընկավ գետնին և փշրվեց․․․
Կյուրեղ աղան ցնցվեց, սիրտը տաք ու սառը արավ։
Նա լամպից հեռու էր, հիշեց նաև, որ այդ լամպին ձեռք չտվեց, դեռ այդ կողմը չէր գնացել։ Ուրեմն ընկել էր ինքնիրեն։
Կյուրեղ աղան սարսափեց, բայց միաժամանակ կարողացավ զսպել իրեն, խոշոր քիթը կախելով առատ, ամբողջ բերանը ծածկող բեղերի վրա։
Այո՛, լամպի ընկնելու պահին Հաջի Քորոն ասում էր՝ «Ծակծկիս ու անանկ տախտակի վրա ելլես»։
Եվ ահա նորից է կրկնվում նույն անեծքը։
Առավոտվա սարսուռը, ավելի և ավելի ցուրտ, կտրատեց նրա ողջ մարմինը։ Փորձեց շարունակել փոշին սրբելը, բայց այս անգամ, ձեռքերի դողդողալուց, մի քանի բան էլ ինքը կոտրեց։
– Կյուրե՛ղ աղա, չորբայի համար խորունկ քերսի (պնակ) ունի՞ս, – լսվեց մի ձայն խանութի շեմքից։
Կյուրեղ աղան կես մեջքով ետև դարձավ և հազիվ կարողացավ ձեռքով նշան անել, թե՝ չկա։
Հաճախորդը, արդեն միայն նրա դեմքը տեսնելով, սարսափեց և շարունակեց ճանապարհը դեպի կողքի խանութը։
Կյուրեղ աղան, դեպի իր սեղանը քայլելիս, անցավ մեծ հայելու առաջից և, ըստ սովորության, նայեց մեջը։ Նայելիս մի ուրիշ տեսակ սարսափ պատեց նրան։ Ընդոստ ետև դարձավ։ Ոչ ոք չկար ետևում։ Նա համոզված էր, որ խանութում մի անծանոթ մարդ կա, եթե ոչ՝ ո՛վ էր այն մարդը, որին նա տեսավ հայելու մեջ։
Նորից նայեց։ Էլի՛։
Արդյոք ի՞նքն էր։ Ո՛չ, բայց հագուստն իր հագուստն էր – ժամացույցի շղթան, մետաքսյա ծաղկավոր ժիլեն, գծավոր շապիկը, ձեռին փոշու ջնջոցը՝ բոլորն իրենն էին, բայց այդ ո՞ւմ դեմքն էր, ո՞ւմ գլուխը, որ եկել էր և խառնվելով իր հագուստներին, տնկվել էր ուսերի վրա։
Փորձեց ծիծաղել։ Այլանդակ մի դեմք։
Շտապով հասավ իր սեղանը, ջնջոցը նետեց, գլուխն առավ ձեռքերի մեջ, արմուկները հենեց սեղանին։
Ամբողջ մարմնով դողում էր։ Փակեց աչքերը և լսեց այս անգամ մի ուրիշ ձայն. «Կյուրե՛ղ, օղլո՛ւմ, Հաջի Քորոյիդ աղե՛կ նայիր, քո՛րդ է, յավրո՜ւմ․․․»։
Հորը ձայնն էր, այնքան մոտիկ, այնքան իրական և կենդանի…
Կյուրեղ աղան ոտի կանգնեց։ Հակառակ գարնանավերջի օրերին՝ մրսում էր, օձիքը դարձրեց և փակեց կուրծքը։
– Բարի լո՜ս, Կյուրեղ աղա, – ներս ընկնելով ասաց հարևան խանութպանը։
Կյուրեղ աղան չպատասխանեց։ Նա կծկվել էր ժակետի մեջ և դողում էր։
– Ի՞նչ կա, ի՞նչ չիկա, – շարունակեց հարևան խանութպանը։
Կյուրեղ աղան այս անգամ ուզեց խոսել, բայց երբ փորձեց բերանը բանալ, ատամները կափկափեցին։ Թողեց օձիքը և բռնեց ծնոտը։ Ատամները, կանոնավոր ռիթմով, խփվում էին իրար և չխկչխկում։
– Ամա՜ն, Կյուրեղ աղա, ի՞նչ կըլլիս։
– Դոողցուուուցիիի… – հազիվ կարողացավ արտասանել Կյուրեղ աղան։
Հարևան խանութպանն ավելի մոտեցավ։
Կյուրեղ աղայի դեմքը բոլորովին փոխվել էր, կարծես կիրով էին ծեփել, դողում էր ամբողջ մարմնով, և ատամները չխկչխկում էին։
– Աս ի՞նչ է, Կյուրեղ աղա, գոնը երեսեդ գացեր է, – ասաց հարևան խանութպանը։
– Մարմինս հլոս֊հլոս ( փշուր֊փշուր) կըլլի։
– Կնկանդ բան մի ըրեր ես…
– Ի՞նչ տ՚էնիմ, ջանըմ, շախայի (կատակ) վախըտ չէ։
– Շախա չեմ ըներ, – ծեծե՞լ֊մեծե՞լ…
– Չէ՜, ջանըմ, ծեծելու գա՝ Հազարխանն ընծիս կը ծեծե․․․
Դողն ավելի սաստկացավ։ Ծնոտը գործում էր ընդհանուր մարմնի համակարգությունից անկախ։
Բավական լռությունից հետո Կյուրեղ աղան կմկմաց․
– Ըըընծիիիս տուուն տաարեեեք…
Հարևան խանութպանն անմիջապես ֆայտոն բերեց։
Տուն վերադառնալիս, ֆայտոնից նա տեսավ մի մարդ, որ կռացած, փայտը ձեռին, հազիվ ոտները քաշ էր տալիս իր ետևից։
«Աստված խզմիշ (կատաղել, բարկանալ) է եղեր, – ասաց Կյուրեղ աղան իր մտքում, – քանի տարի էր չէի տեսեր ադ փեզեվենկը…»։ Կռացած մարդն այն մարդն էր, որից Կյուրեղ աղան փող էր յուրացրել, և մարդը, չկարողանալով հաստատել, կաթված էր ստացել. Կյուրեղ աղան կարծում էր, որ մարդը դեռ անկողնումն էր։ Իսկապես խեղճ մարդն առաջին անգամն էր, որ դուրս էր եկել անկողնից և հանդիպեց Կյուրեղ աղային։
Հասավ տուն։
Հարևան խանութպանը և կառապանը գրեթե շալակելով նրան վեր տարան։
Երբ Հազարխան խաթունը տեսավ, որ ամուսնուն շալակելով ներս են բերում, բացականչեց.
– Վա՜յ, քոռանամ, Հաջի՛ Քորո, աստված ձայնդ լսեց․․․
Կյուրեղ աղային հասցրին սենյակ։
– Հազարխա՛ն, յաթաղս (անկողին) բաց, արաղ բեր, – դողդողացրեց Կյուրեղ աղան։
Արաղն իրար ետևից քաշեց և փաթաթվեց վերմակում։
– Քիրամիդ տաքցուր, չաբո՛ւխ (շուտ)․․․
Մինչև Հազարխան խաթունը կղմինդր տաքացրեց և բերեց, Կյուրեղ աղան ամբողջովին քրտինքի մեջ էր։ Կինը ձեռքը տարավ ամուսնու ճակատին – սառը քրտինք։
– Մահվան թասա է (քրտինք), – կմկմաց Կյուրեղ աղան։
Կինը տաք կղմինդրը դրեց ոտին։
– Մեջքի՛ս դիր, – ասաց Կյուրեղ աղան։
– Քա՜, ի՞նչ եղավ քըզի։
– Ի՞նչ տ՚ըլլի, անեծք է։
– Վա՜յ, Հաջի Քորո, ինտո՞՚ր բերանդ բացիր։
– Հազարխա՛ն, մտի՛ կ ըրե, չաբուխ աս իթսուն ոսկին Սրբուհին հետ Հաջի Քորոյին ղրկե՛, թող ըսե քի՝ ես քեզ մեղա՜…
– Առտուն տայիր, ասպես չէր ըլլի․․․
– Հա՜, շիտակ ես, զիբիլ կերա…
Հազարխան խաթունն անմիջապես հիսուն ոսկին վազցրեց Հաջի Քորոյին։
– Ոսկիները կուտաս ու կըսես քի․․․
Ո՛չ միայն Կյուրեղ աղայի ասածը կրկնեց, այլ մի շարք բաներ էլ ավելացրեց իր կողմից։
Սրբունը թռավ։
Հազարխան խաթունը վազեց վեր, աստիճանների վրա կրկնելով՝ «Տե՛ր, չհիշես, առտուն արինը երեսը քսեր էր, Տե՛ր, չհիշես, Միածի՛ն Աստված»։
Երբ սենյակ մտավ, Հազարխան խաթունը տակավին կրկնում էր՝ «Տե՛ր, չհիշես»։
Կյուրեղ աղան լսեց։
– Հա՜, հա՜ չհիշես, տե՛ր… աղջի՛, սի՜րտս… սիրտս դուրս կը թափի։
– Քա՜, ի՞նչ եղար։
– Հազարխա՛ն, ճեպես (գրպան) կացցային բալլին վերցո՛ւր ու բաց՝ տեսնամ հլա։
Հազարխան խաթունը մոտեցավ կասսին։
Առաջիհ անգամն էր, որ այդ երկաթե արկղի բանալուն ձեռք էր տալիս Հազարխանը և բաց էր անում։ Կյուրեղ աղան, կասսը բաց անելիս, մինչև անգամ չէր թողնում, որ իր կինը նայի մեջը։ Պատահեց մի անգամ, որ կինը ոտները կախ գցեր մեջը նայելու համար, Կյուրեղ աղան բարկացավ.
– Մեջը ճիվե՞րս (սրունքներս) կա որ տեսնես, տեսնա՞լ կուզես, հը՛, տե՛ս, – գոռաց Կյուրեղ աղան և դարձրեց քամակը։
Հազարխան խաթունը չէր իմ անում, թե ամուսինն ինչքան հարստություն ուներ, առաջին անգամ տեսնում էր ոսկիները, մեջիդիեներր, մահմուդիեները իրար վրա դարսած փոքրիկ սյուների պես, այնպես որ չկարողացավ իր զարմանքը զսպել և բացականշեց,
– Քա՜…
– Աղջի՜, հարուր ոսկի վերցուր ու էն շանը ղրկե, էն ըլ թո՛ղ ըսե քի՝ ես քեզ մեղա՜․․․
Կարիք չկար հարցնելու թե ով էր «էն շունը», Հազարխան խաթունը գիտեր։ «Էն շունը» այն կռացած մարդն էր, որին տեսավ Կյուրեղ աղան կառքով տուն վերադառնալիս։
– Սրբունը Հաջի Քորոյենց գնաց, թո՛ղ գա, ղրկեմ, – ասաց կինը։
– Հա՛, աղեկ, գալուն պես վազցո՛ւր։
– Աղեկ, աղեկ։
– Աղջի՛, – նորից սկսեց Կյուրեղ աղան տնքոց հանելով, – աջալս (օրհաս) մոտիկցեր է։
– Այդպես բաներ մ՚ըսեր։
– Չըսելով չըլլիր, տի սատկիմ։
Սրբունը ետ եկավ։
– Տարի՞ր։
– Տարա։
– Ի՞նչ ըսավ։
– Ըսավ քի՝ էդ փարան տա՛ր, պատանքի, թաղման պետք կըլլի․․․ – ասաց Սրբունը։
– Ու՜յ, բերանզ չորնա, ան ըսավ, դո՞ւն ինչու կըսես, – բարկացավ Հազարխան խաթունը։
– Աղջի՛, չոջուխին մի՛ հերսոտիր (չարանալ, բարկանալ), չաբուխ էն շանը փարան ղրկե, ոսկիներս հլոս֊հլոս կըլլին…
Հազարխան խաթունր նորից վազցրեց Սրբունին։ Ներքևում, դռնից, կանչեց նրա ետևից.
– Սրբո՛ւն, չտնտնաս, շո՛ւտ եկո։
Մինչև Հազարխան խաթունը վեր բարձրացավ, գրեթե չճանաչեց ամուսնուն, բոլորովին այլակերպվել էր։
– Պատա՜ն ք…թաղո՜ ւմ… – կրկնում էր Կյուրեղ աղան անընդհատ և չխկչխկացնում ատամները։
– Էս ի՜նչ բան էր եկավ մեր գլխուն, Տե՛ր Աստված… – կրկնում էր Հազարխան խաթունը։
– Պատա՜նք…թաղո՜ւմ… անկջովդ լսեցիր, չէ՞։
Հազարխան խաթունը չպատասխանեց, որովհետև նա տարված էր իր ամուսնու կերպարանքով, երեսի գույնը ամեն րոպե փոխվում էր, աչքերն ավելի փաթլախցան (ուռչել) և դուրս ընկան, կոպերի կարմիրը բացվեց։
– Բա՜, ի՞նչ կրլլիս, հեքիմ բերիմ։
– Հեքիմի բան չէ, տի սատկիմ։
Մի պահ ապշահար երևույթից հետո՝ Կյուրեղ աղան ուժեղ ցնցվեց, աչքերը հառեց մի կետի և սկսեց անթարթ նայել։ Նրա աչքերում գնալով խորանում էր ահը։
– Ի՞նչ կը տեսնաս, վո՞վ կը տեսնաս, – հարցրեց Հազարխան խաթունը։
– Էն եթիմն ի՞նչ գործ ունի հոս։
– Ո՞ր եթիմը։
– Աբգարին եթիմը։
– Աբգարի՞ն։
– Չե՞ս տեսնար, դեմս տնկվեր է։ Ծո, ի՞նչ կուզես։
Լռություն։
Սարսափ։
Կյուրեղ աղան, ահաբեկված աչքերով և կափկափող ծնոտով, կրկնեց.
– Ծո՛, ի՞նչ կուզես, ըսե՛, տամ՝ խալըսիմ։
– Կերևա էն ութը ոսկին կուզե, – հիշեցրեց Հազարխան խաթունը։
– Հա՜, միտքս ընկավ, ղրկե՛, աղջի՛, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…
– էն վախտը ըսի քի՝ եթիմին փարան մ՚ուտեր։
– Կերա՜, զիբիլ ուտեի, կերա՜, – բղավեց Կյուրեղ աղան և խփեց ծնկներին։
Քիչ անց՝ Կյուրեղ աղան, էլի ցնցվելով, սարսափած աչքերն ուղղեց մի կետի։
– Հա՛ջ աղա, ես քեզ մեղա՜, ես քեզմեղա՜, Հա՛ջ աղա, ես ըրի, դուն մ՚էներ։
Կյուրեղ աղան ուղղակի բառաչում էր, ինչպես մորթվող կովը։
Հազարխան խաթունը «Հաջ աղա» անունը լսելիս անմիջապես գլխի ընկավ, թե ո՛ւմ էր ակնարկում։
– Հա՛ջ աղա, փարադ որո՞ւ տամ, – աղաչում էր Կյուրեղ աղան։
– Մորքրոջ աղջիկ մի ունի, էնոր տանք, – առաջարկեց Հազարխան խաթունը, որի ձայնը ևս սկսեց կերկերալ։
– Հա՛ջ աղա, ո՛տքդ պագնիմ…
Հաջի աղան եղել էր մի ծերունի մարդ, որի 70 ոսկին Կյուրեղ աղայի մոտ էր մնացել, երբ ծերունին հանկարծակի վախճանվել էր։ Կյուրեղ աղան ձայն֊ձուն չէր հանել, ո՛չ ոքին չէր ասել, և երբ դպրոցի հոգաբարձության մի անդամը նրան ասել էր, թե՝ լսել է, որ այդպիսի մի գումար մնացել է մոտը, լավ կը լինի հատկացնի «ի պետս դպրոցաց», Կյուրեղ աղան երդում արել էր, որ այդպիսի գումար չկա մոտը։
– Ճիշտ է, էդ փարան քովս էր, ամա մահվանից առաջ լուսահոգին ուզեց, տվի, կոտրտվիմ, հլոս֊հլոս ըլլիմ քի՝ էդ փարան քովս է, – ասել էր Կյուրեղ աղան։
– Հա՛ջ աղա, ժամուն կուտամ, էս իրկուն կը ղրկիմ, – խոսում էր Կյուրեղ աղան, դեմը քարի նման կանգնած տեսիլքին։
– Հազարխա՛ն, կասսայեն հարյուր ոսկի վերցո՛ւր, ղրկե՛ Տեր Համբարձումին, թող բաժնե տնանկ աղքատներուն, ընծի համար ըլ պատարագ թող ընե։
– Քա՜, ինչո՞ւ Վերի թաղի տերտերին, մե՛ր տերտերին կը ղրկեմ։
– Չէ՛, Հազարխան, չէ՛, ես բան մը գիտեմ, որ կըսիմ, առտուն Տեր Համբարձումը խանութս եկավ քնծոր իրեք հատ ֆինջան հեդիյե տվի, ամա մեկալ իրեքի համար էնքան փարա առի, որ… ա՛լ մի՛ հարցներ… մեղքերս շատ են։ Տեր Համբարձումին ղրկե, կեսը ի՛նքը կուտե, կեսն ըլ ուրիշին կուտա, մեղքերուս տեղը կուգա։
– Քա՜, տերտերի՞ն ըլ խաբեցիր։
– Ա՛լ մի հարցներ, ա՛լ մի հարցներ, մեղքերս շատ են, շա՜տ են, շա՜տ են…
Հազարխան խաթունը հարյուր ոսկի համրեց և լցրեց գոգնոցին գրպանը։
Սրբունը վերադարձավ։
– Տարի՞ր։
– Տարա։
– Ի՞նչ ըսավ։
– Ըսավ քի՝ սատկելը եկեր է, որ փարան ղրկեց,― ասաց Սրբունը։
– Վո՞վ ըսավ։
– Կնիկը։
– Վա՜յ, փաչավըռա (կեղտոտ ցնցոտի, ջնջոց), վա՜յ…
Հազարխան խաթունը մտածեց, որ այդ բոլորը դատարկ բաներ են, զուր տեղը բոլոր դրամները պիտի գնան, եթե Հաջի Քորոն գա, անեծքը ետ վերցնի, ամեն ինչ լավ կը լինի, ուստի առաջարկեց ամուսնուն․
– Սրբունը թող երթա, նորեն Հաջի Քորոն կանչե, աստված էնոր ձայնը կը լսե։
– Թո՛ղ երթա, թո՛ղ երթա, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…
Սրբունը թռա՜վ։
Մի պահ հանգստություն տիրեց. Հազարխան խաթունը վայրկենական աշխուժացավ, վազեց, փոքրիկ մանկան գրկեց և բերեց ամուսնու առաջը։
– Տե՛ս, Գ՛րիգորը, տե ս, հովացի՛ր։
– Հա՛, Գրիգոր, յավրում, գիտե՞ս, պապդ գող է։
– Էդպես բաներ մ՚ ըսեր չոջուխին։
– Թո՛ղ գիտենա։ Ազգի՛, ես պզտիկ գող չիմ, մենծ գող իմ, մեն՜ծ։
Հանկարծ Կյուրեղ աղան վեր թռավ։ Հազարխան խաթունը երեխային փախցրեց։ Կյուրեղ աղան ոչ մարդկային մի ձայն արձակեց և սկսեց բղավել.
– Տե՛ս, տե՛ս, տե՜ս…
– Վո՞վ է, վո՞վ է։
– Պապս է, մեռած օրվան պես, Հաջի Քորոն գրկած՝ ներս բերեց։
– Վո՜ւյ, քոռանամ․․․
Կարծես տունը շուռ եկավ Հազարխան խաթունի գլխի վրա։ Կյուրեղ աղան սարսափից վերմակը քաշեց գլուխը։ Վերմակի տակից լսվում էր նրա անասնական հռնդյունը, բայց երկար չկարողացավ մնալ վերմակի տակը, բաց արավ, կանգնեց, ուզում էր փախչել սենյակից, բայց հազիվ մի քայլ փորձեց, ամբողջ հասակով ընկավ հատակին։
– Չա՛ր սատանա, էս ի՞նչ բան եղավ, – ճչաց Հազարխան խաթունը և փորձեց բարձրացնել և պառկեցնել անկողնում, բայց մինչև անգամ մի թևը չկարողացավ շարժել, ծանրացել և կապարացել էր։
Ահաբեկված վազեց դուրս։
– Եկե՜ք, եկե՜ք, շուտ հասե՜ք, Կյուրեղ աղաս ափուցս կերթա…
Հազարխան խաթունը հարևաններին էր կանչում։
Հարևաններր եկան, վերցրին Կյուրեղ աղային և պառկեցրին անկողնում։
Կամաց֊կամաց Կյուրեղ աղան աչքերը բաց արավ և սկսեց նայել բոլորին անթարթ, սառած, կես֊ահաբեկված և կես֊ապուշացած աչքերով։
– Քա՛, ի՞նչ է եղեր, – հարցրեց հարևանուհի Սըրմա խաթունը։
– Չեմ գիտեր, առտուն Հաջի Քորոն հոս էր, քիչ մի առին֊տվին, էսպես եղավ։
– Դոկտոր բերի՞ք, – հարցրեց Ավետիս էֆենդին։
– Չէ՛, դոկտոր չեմ ուզեր, – լեզուն բաց արավ Կյուրեղ աղան, – մեղքերի համար դոկտորն ի՞նչ պիտի ընե։
– Կյուրե՛ղ աղա, քիչ մը դուն քեզ բռնե։
– Չեմ կրնար, մեղքերս շա՜տ են, Ավետիս էֆենդի, էնքան տուն իմ մրեղեր, որ հեսաբը չի կա…
Կյուրեղ աղան նորից ահաբեկված սկսեց մի կետի հառել։
Հազարխան խաթունը, ձեռքերը ջղաձգորեն իրար շփելով, շշնջաց հարևաններին․
– Եկա՜ն…
– Վո՞վ։
– Եսի՞մ, դեմը մարդիկ կուգան, կինե եկա՜ն…
Կյուրեղ աղան սկսեց բառաչել։ Հարևանները սարսափեցին։
– Պարո՛ն Թորոս, փարայիդ կեսը Սարգիս աղային քովն է, բոլորը ես չի կերա, ես քեզ մեղա՜…
Պարոն Թորոսը մի քանի տարի առաջ թաղային վարժարանում ուսուցիչ էր եղել, չորս ամիս հիվանդ էր պառկել, դպոց չէր հաճախել, և Կյուրեղ աղան և Սարգիս աղան, իբրև թաղային վարժարանի հոգաբարձուներ, որոշել էին ամսականները չտալ և իրենց մեջ բաժանել։
– Տե՛ս, տե՛ս ի՞նչ կընե, բերանը կը ծռմռտե, պարո՛ն Թորոս, ոտքդ պագնիմ, փարադ տամ՝ գնա՛… – աղաչում էր Կյուրեղ աղան։
Բայց, ըստ երևույթին, պարոն Թորոսը չէր հեռանում, կանգնել էր Կյուրեղ աղայի դիմացը և, բերանը ծամածռելով, ծաղր էր գցում նրան։ Կյուրեղ աղայի երևակայությունը բոցավառվել էր, նրա հիշողության ամենամութ ծալքերի տակից բարձրանում էին դեմքեր, որոնց վաղուց մոռացել էր, բայց ահա բոլորն էլ կենդանի, այնպես, ինչպես իրականության մեջ, ներս էին մտնում, գալիս, համառորեն, անդրդվելի և սառած ցցվում էին նրա մտքի էկրանի առաջ։
Սրբունը նորից ետ եկավ, բայց այս անգամ չմոտեցավ հորը, կանգնեց պատի տակ և խուսափեց որևէ բան ասելուց։
Կյուրեղ աղան, սակայն, տեսավ նրան։
– Աղջի՛, Սրբո՛ւն, քովս եկո։
Սրբունը վախվխելով մոտեցավ։
– Գացի՞ր Հաջի Քորոյենց։
– Գացի։
– Ի՞նչ ըսավ։
– Ըսավ՝ չեմ գար։
– Չէ՛, սուտ կը խոսիս, շիտակն ըսե՛։
Սրբունը խրատվել էր և համառեց,
– Ըսավ՝ չեմ գար։
Կյուրեղ աղան այս անգամ այնպես բղավեց, որ բոլորն էլ ցնցվեցին։
– Շիտակն ըսե՛, շա՛ն աղջիկ։
Հազարխան խաթունը գրկեց Սրբունին, շոյեց և ասաց,
– Ըսե՛, ըսե՛, զարար (վնաս) չունի, ըսե՛։
Սրբունը լացակումած ասաց.
– Ըսավ քի՝ եբոր սատկի, խաբար տվեք, գամ թաղիմ։
– Վա՜յ, քոռանա՜մ…
– Վա՜յ, խալթա՛ղ (փողոցային, պոռնիկ), վա՜յ, – բացականչեց Կյուրեղ աղան։
Կյուրեղ աղան սկսեց գալարվել, այրում էր նրա խղճմտանքը։
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Հարևանները բռնեցին նրան, որպեսզի հանգստանա։
– Կյուրե՛ղ աղա, հեչ կտրիճ չես եղեր, – ասաց Ավետիս էֆենդին։
Կյուրեղ աղան սկսեց սիրտը թափել, վերմակը և ողջ անկողինը կեղտոտվեց մաղձային փորամիջով։
– Կը խեղդվի՜մ, կը խեղդվի՜մ…
– Հեքիմի վազեցե՛ք, – ճչաց Հազարխան խաթունը։
– Չէ՛, հեքիմ պետք չէ, մեղքերս թեթևցուցեք, ալ բան չեմ ուզեր, մեղքե՜րս… մեղքե՜րս…
– Դոկտորը դեղ մը կուտա, կանցնի, Կյուրեղ աղա, – միջնորդեց Ավետիս էֆենդին։
– Չէ՛, Ավետիս էֆենդի, չէ՛, ես գիտեմ գլխուս ի՛նչ եկավ, մեղավոր իմ, մենծ ախպարս, գող իմ, մենծ գող իմ, հեքիմն ի՞նչ տ՝էնե։
– Քիչ մը հիվընդցեր ես, էդպես կըսես, – ասաց Ավետիս էֆենդին մի բան ասած լինելու համար։
Կյուրեղ աղան դարձավ Հազարխանին.
– Հազարխա՛ն, ազգի՛, կացցային բոլոր փարան սոխախը թափե, թող աղքատները կշտանան, հոգիս ազատվի… Տե՛ս, տե՛ս, եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ… Ծո՛, դուն էնդի աշխարհն էիր գացեր, ինտո՝ր եղավ, որ եկար, ինչո՞ւ եկար… հա՛, ընդունակս է, ես կերա, լեզուս կտրեն քի սուտ խոսամ, ես կերա, հիմա երկու անգամը տամ, յախաս թող։ Հազարխա՛ն, Հաղարխա՜ն, քառսուն ոսկի տուր ընծի, չաբուխ, հիմա վզիս կը չոքի․․․
Հազարխան խաթունն անմիջապես ավելի֊պակաս քառսուն ոսկին հասցրեց ամուսնուն, որը հափշտակելով փողը, ափի մեջ կշռելու պես մի շարժում արավ և, հանկարծ, ամբողջ փողը շպրտեց օդի մեջ և բղավեց.
– Ես իմ ձեռքովը կուտամ, քսան ոսկու տեղ՝ քառսուն ոսկի կուտամ, առ ու գնա՛…
Ներկաներն ահաբեկվեցին։
Կյուրեղ աղան խոսում էր ինչ որ դեմը կեցած մի կենդանի մարդու հետ, որին, իհարկե, ո՛չ ոք չէր տեսնում։
– Ավետիս էֆենդի, քովս եկո՛, – խնդրեց Կյուրեղ աղան։
Ավետիս էֆենդին մոտեցավ և նստեց Կյուրեղ աղայի անկողնի պռնկին։
– Ավետիս էֆենդի, – սկսեց Կյուրեղ աղան, – աջալս մոաիկցեր է, տի սատկիմ, աս գիշեր չեմ հաներ, ինչ որ ըրեր իմ, ես պատմիմ, դուն լսե, բալքի ըսելով մեղքերս թեթևնան։
Կարճ լռություն։
– Եբոր պապս մեռավ, – վերսկսեց Կյուրեղ աղան, – միրասը (ունեցվածքը, ժառանգությունը) բաժնեցինք, Հաջի Քորոյին քառսուն երկու ոսկի ընկավ, էդ փարան, շիտակը՝ չտվի։ Ըսե ինչո՞ւ։
– Ինչո՞ւ, Կյուրեղ աղա։
– Էֆենդիմ, պապս Հաջի Քորոյիս մատնի էր տվեր, մահմուդի էր տվեր, ի՞նչ գիտեմ, շատ բաներ էր տվեր, ըսի քի՝ էդ առածներըդ բեր, միրասին մեջ խառնենք, էնպես բաժնենք, էս աղջիկը քի՝ չէ, չէ ու չէ, ես էլ ինադ ընկա, էդպես մնաց, նե ինքն ուզեց վերջը, նե ես ըլ տվի, հիմա եկեր է, քի՝ տո՛ւր, չտվի։ Անիծե՜ց… անիծե՜ց… ամա ինչպե՜ս անիծեց…
Կյուրեղ աղայի աչքերը նորից սարսափ զգեցան անեծքի հիշողությունից, նրա ականջին պարզ, որոշակի հնչեց պառավի ձայնը՝ «Ծակծկվիս ու անանկ տախտակին վրա ելլես»։
– Շիտակն ըսիմ, Կյուրեղ աղա, – համարձակվեց Ավետիս էֆենդին, – ինչ որ պապդ իր ողջությանն աղջկան տվեր էր, միրասին մեջ չի մտնի։
– Շիտակն ես, ատոր համար է, որ հիմա կը վառիմ…
Ապա Կյուրեղ աղան շարունակեց պատմել իր արածները խորագույն անկեղծությամբ – կողոպտել էր ամեն տեսակի մարդկանց, անօգնական, կռնակ չունեցող մարդկանց, անխղճորեն, առանց մի վայրկյան իրեն հաշիվ տալու, պլոկել էր որբերի, այրիների, ծերունիների, չէր պատահել մի մշակ, որի հախը կերած չլիներ։
Ինչքան պատմում էր, կարծես այնքան թեթևանում էր, ուստի սկսեց ավելի մանրամասնությամբ պատմել։
Հազարխան խաթունին դուր չեկավ ամուսնու անկեղծությունը։
– Հերի՛ք է պատմես, – ասաց նա, – սրտիդ աղեկ չէ։
Կյուրեղ աղան զայրացկոտ աչքերը ման ածեց կնոջ վրա։
– Թող պատմե, Հազարխան խաթուն, ֆերահլամիշ (զովանալ, հովանալ) կըլլի, – միջամտեց Ավետիս էֆենդին։
– Բերանդ պագնիմ, շիտակ է, ֆերահլամիշ կըլլիմ, – դարձավ Կյուրեղ աղան Ավետիս էֆենդիին և շարունակեց. – Պատվական դրացիիս ըսեմ՝ Աբգարր կար, կը հիշե՞ս, Կուզին տղան։
– Հա՛, ինչպե՞ս չէ, աղեկ կը հիշիմ։
– Էդ սարսախը եբոր մեռավ՝ խանութիս մեջ դերի (մորթի) թողուցեր էր, ծախեցի, ութը ոսկի բռնեց, ալ եթիմին չտվի…
Երբ Կյուրեղ աղան եթիմի խոսքն արավ, Ավետիս էֆենդին սկսեց վատ զգալ։
…Եթիմը չէր գիտեր, թե իմ քովս դերի կա, քանի անգամ որոշեցի տամ, սատանան ձեռքս բռնեց…
Ավետիս էֆենդին ջուր ուզեց, բռնեց ճակատը, կարծես տաքություն ուներ։
…Գիշերր կորոշեի տամ, առտվուն սատանան դեմս կտնկվեր, ձեռքս կբռներ, չէր թողուր ու չէր թողուր։
Ավետիս էֆենդին ջուրը խմեց, բայց ոչ մի ազդեցություն չարավ։
Ներկաները նշմարեցին նրա տանջանքը։
– Քա՜, դո՞ւն ինչ եղար, Ավետիս էֆենդի, – հարցրեց Հազարխան խաթունը։
Ավետիս էֆենդին ոչինչ չպատասխանեց։
Նրա առաջ էլ, հին հուշերի մթին խորությունից, բարձրացավ և կանգնեց մի որբ, կենդանի և պայծառ, մի որբ, գլխիկոր և խեղճ, որի արդար իրավունքը կուլ էր տվել ինքը՝ Ավետիս էֆենդին։
– Կյուրեղ աղա, Հազարխան խաթունը շիտակ է, սրտիդ աղեկ չէ, հերիք է պատմես, ամեն մարդ ըլ իր կենաց օրերուն մեջ պզտիկ֊մզտիկ անարդարություններ ըրեր է, – ասաց Ավետիս էֆենդին։
– Չ՛է, Ավետիս էֆենդի, չէ՛, իմ ըրածները պզտիկ չեն, – պատասխանեց Կյուրեղ աղան և սկսեց աղաղակել.
– Եկա՜վ, եկա՜վ, կինե (նորից) եկավ…
– Վո՞վ եկավ, – հարցրեց կինը ձեռքը բռնելով։
– Աբգարին եթիմը եկավ…
Ավետիս էֆենդին, ահաբեկված, գրեթե լեղապատառ, մեկ երկու անգամ սայթաքելով տախտակամածի վրա, հազիվ կարողացավ իրեն դուրս գցել։
– Հազարխա՛ն, սատկի՛ս դուն, կերևա ութը ոսկին լղրկեցիր… – բղավեց Կյուրեղ աղան։
Հազարխան խաթունն էլ վախեցավ և ցնցվեց, իսկապես չէր ուղարկել, դրել էր գոգնոցի գրպանը։
– Հիմա, հիմա կը ղրկեմ… Սրբո՛ւն, չըլլելի՛ք, ի՞նչ եղար։
Սրբունը, որ բակում խաղում էր, վեր վազեց։
– Սրբո՛ւն, օղո՛ւլ, էս տասը ոսկին տար Աբգար աղայենց Մկրտիչին տուր, ըսե պապս ըսավ քի՝․․․
– Պապս ըսավ քի՝ ես քեզ մեղա՜, – լրացրեց Կյուրեղ աղան։
Արբունը թռավ։
Հանկա՛րծ Կյուրեղ աղան ժպտաց։
– Հը՛, եթիմը Արբունին ետևեն գնաց, որ ոսկիներն առնե։
– Հա՜, հա՜, թող առնե ու հանդարտի։
– Ես ըլ հանդարտիմ։
– Ան որ հանդարտի, դուն ըլ կհանդարտիս, – վստահացրեց Հազարխան խաթունը։
Մի պահ իսկապես հանգստություն տիրեց։ Խոշորացած աչքերով Կյուրեղ աղան նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Ավետիս էֆենդիի ետևից գնացել էին և մյուս հարևանները։
– Ավետիս էֆենդին ո՞ւր գնաց։
– Չգնաց, փախավ։
– Փախավ, հա՛։
– Ինչո՞ւ։
– Վո՞վ գիտե, էնոր տակն ըլ շատ բան կա։
– Որո՞ւ տակը չիկա, բոլորն էլ գող ին, ամա մենակ ես էսպես եղա։
Տիրող հանգստությունը երկար չտևեց, որովհետև Կյուրեղ աղան նորից սկսեց բղավել, այս անգամ է՛լ ավելի բարձր և սարսափած.
– Քըզի ի՞նչ եմ ըրեր, որ եկար, քըզի ի՞նչ եմ ըրեր․․․
Հազարխան խաթունը ետև դարձավ և ինքն էլ ճչաց.
– Վո՜ւյ, մայրիկ՜ աստվածածին․․․
Ներս եկողը վերի թաղի քահանան էր՝ Տեր Համբարձումը, բայց Կյուրեղ աղան նրան տեսիլքի տեղ դրեց, նա այլևս չէր կարողանում զանազանել իրականությունը տեսիլքից, խղճի առաջ ցցվող պատկերը՝ բնական պատկերից, իսկ Հազարխան խաթունը, բոլորովին չսպասելով տերտերին, կարծեց, թե տերտերը չէր, այլ Կյուրեղ աղայի տեսիլքը, որ սկսեց իրեն էլ երևալ։
– Տերն մեր Հիսուս Քրիստոս հանգստացունե զձեզ, – ասաց Տեր Համբարձումը և, կրծքի գրպանից հանելով խաչը, երեք անգամ խաչակնքեց Կյուրեղ աղայի և Հազարխան խաթունի վրա, մորուքից ներքև բառեր թափելով։
– Տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա…
Հազարխան խաթունն անմիջապես հանգստացավ և ինքն էլ խաչակնքեց, նրա համար պարզ եղավ, որ տերտերր ուրվական չէր, այլ կենդանի մարդ, բայց Կյուրեղ աղայի հոգու վերջին սյուները խորտակվեցին, որովհետև քահանայի երևալն արդեն մահվան ստույգ գալուստը համարեց։
Տեր Համբարձումը եկել էր շատ քնքուշ ձևով հասկացնելու Կյուրեղ աղային, որ առավոտյան իր վճարած երեք գավաթի գինն ավելի էր, քան եթե վեցի համար սովորական գինը վճարած լիներ, բայց փողոցում հանդիպելով հարևաններին և իմանալով նրանցից, որ Կյուրեղ աղան իր վերջին ժամերն էր ապրում, ներս էր մտել, իբրև թե հիվանդին մխիթարելու համար էր եկել։
– Տե՛ր պապա, գողացածներս ետ տվի, ըսե՛, կը փրկվի՞մ, – հարցրեց Կյուրեղ աղան։
– Ծառա Հիսուս Քրիստոսի, ամենը տվի՞ր։
– Տեր պապա, ինչ որ միտս էր՝ տվի։
– Ամենը, ամենը ետ պիտի տաս։
– Մահս ուշացուր, Տեր պապա, ամենքն ըլ հիշիմ ու տամ։
– Աստված ըլլա օգնական։
– Հազարխա՛ն, ինչ ունիմ-չունիմ հանե՛, տերտերին տուր։
Հազարխան խաթունը կասսից մի քանի ոսկի վերցուր և տվեց Տեր Համբարձումին։
– Տո՛ւր, բոլո՜րը տուր, – բղավեց Կյուրեղ աղան։
Հազարխան խաթունը տատանվեց։
Կյուրեղ աղան նորից գոռաց.
– Տո՛ւր կըսեմ։
– Քա՛, Տեր պապան ծակ աչք չէ, հերիք է։
– Չէ՛, տո՛ւր, բոլորը տուր, մեկ փարային կարոտը թող մնամ, որ ազատվիմ էս կրակեն։
Հազարխան խաթունը տատանվեց. ինչպե՞ս բոլոր եղած-չեղած փողերը հաներ և լցներ տերտերի բուռը։
– Տո՛ւր, Հազարխան խաթուն, տո՛ւր, թող խեղճին հոգին թեթևանա, – ասաց Տեր Համբարձումը։
Հազարխան խաթունն զգաց, որ տերտերր պատեհությունը գտել էր ամուսնուն կողոպտելու, մի քանի ոսկի էլ սահեցրեց նրա ափի մեջ և ասաց.
– Էսքանով ըլ տեր պապան կը բարեխոսի աստուծո առաջ։
Կյուրեղ աղան կատաղեց, որովհետև կարծում էր, որ կինը խնայում է, որպեսզի իր մեռնելուց հետո իրեն մնա, սկսեց գոռալ.
– Դուն չե՛ս ուզեր, որ կրակեն ազատվիմ, տո՛ւր կըսեմ, տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր…
Տերտերը բարձր ձայնով արտասանեց.
– Երանի անոնց, որոնք աղքատ են, վասնզի անոնցն է երկնի թագավորությունը։
– Հա՛, շիտակ է, երկնի թագավորությունը, ես վաղ անցա աշխարհքեն, երկինքը, տո՛ւր, Հազարխա՛ն, տո՛ւր։
Կյուրեղ աղան տեսավ, որ կինը համառում է, փորձեց վեր կենալ, որ ինքը տա, չկարողացավ, նորից ընկավ երեսի վրա, բայց խելագար ճչերով սկսեց աղաղակել.
– Ւնչո՞ւ չես տար, կը պահես, որ սատկելես վերջը՝ տակդ դնես ու ուտե՞ս, տո՛ւր, իմ գողցած փարաս չէ՞, տո՛ւր կըսիմ։
– Կուտա, Կյուրեղ աղա, կուտա, – ասաց տերտերը և մոտենալով նրան, գրկեց և նստեցրեց, գլխի տակ բարձ դրեց և ավելացրեց, – կուտա կոր, կուտա կոր։
Հազարխան խաթունն էլ չկարողացավ դիմադրել և բոլոր ոսկիները հանձնեց Տեր Համբարձումին, որ տենդագին արագությամլ լցրեց ֆարաջայի խորը և լայն գրպանները։
Կյուրեղ աղան տեսնելով այս, հանգստացավ։
– Էհ՛, ունեցածս֊չունեցածս էս էր, քըզի տվի, դե՛, գնա՛, գնա՛ աստուծու խոսք մը հասկացուր, թե չի սատկիմ, թե կյանքըս ընծի խնայե, տունս, խանութս կը ծախեմ, խանութիս ապրանքը կը ծախեմ և պզտիկ ժամ մը շինել կուտամ։
– Քու մեղքեդ շատ ավելի ահավոր մեղքեր Տերն մեր Հիսուս Քրիստոս ներեր է, – ասաց Տեր Համբարձումը։
– Ըսել է քի՝ ինծմե ավելի մեղք գործող կա՞, Տեր պապա, – հարցրեր Կյուրեղ աղան զարմանալի հետաքրքրությամբ։
– Բազում են մեղավորները, ես ինքս քեզմե ավելի մեղավոր եմ։
– Չէ՛, ջանը՜մ…
– Այո՛, այո , կը խոստովանիմ։
– Քանի որ այդպես է, աստված մինակ ինծի՞ տեսավ, Տեր հայր, անարդարություն չէ՞։
– Չէ՛, որդյակ, չէ՛, կարգը ամենքին ալ պիտի գա, Կյուրեղ աղա, վաղ կամ ուշ՝ պիտի գա, աստված ամենքին ալ քթեն պիտի բռնե։
– Տե՛ր պապա, ըսել է դո՞ւն ըլ մեղավոր իս։
– Տիրոջը առաջ ամենեն մեծ մեղավորը ես իմ։
– Ինչո՞ւ ընծի պես չեղար, Տե՛ր պապա։
– Որդյակ, ըսի քըզի, ժամանակը կա, – պատասխանեց Տեր Համբարձումը և այլևս չուզեց խոսակցությունը շարունակել, ոտի կանգնեց, բաց արավ գրպանի փոքրիկ ավետարանը և սկսեց կարդալ բարձրաձայն։
Կյուրեղ աղան կամաց֊կամաց գլուխը հանգչեցրեց բարձի վրա, ավելի խրվեց անկողնի մեջ, աչքերը միառժամանակ սառած մնացին, բայց քիչ հետո փակվեցին, բերնի ծռմռված լինելր չէր նշմարվում, որովհետև բեղերը, խիտ ճյուղի նման, փակել էին։
Կյուրեղ աղան սկսեց միայն խռխռալ, և երբեմն-երբեմն ոչ զորեղ կերպով ցնցվել։
Հազարխան խաթունը խնդրեց տերտերից ընթերցումը դադարեցնել, որովհետև ամուսինը հանգստացավ և լավ կլիներ, որ լռություն լիներ։ Տերտերը դադարեցրեց և ավետարանը երկարացրեց Հազարխան խաթունին, որ համբուրեց և խաչակնքեց։
Տեր Համբարձումը մտածեց, որ լավ ժամանակ էր կծկելու։
– Մնաք խաղաղությամբ, – ասաց տերտերը և դուրս եկավ սենյակից։
Հազարխան խաթունը գնաց ետևից և բակում կտրելով նրա առաջն սկսեց.
– Տե՛ր հայր, կուզեմ աջդ պագնեմ ու բան մը ըսիմ։
– Ըսե՛, աղջիկս, ըսե՛։
Հազարխան խաթունը համբուրեց նրա ձեռքը և ասաց.
– Տե՛ր հայր, էդ բոլոր փարաներն առիր, մըզի հեչ բան մը չմնաց։
– Ընծի համար չըպիտի պահեմ, աղջիկս, տի տանիմ աստծո հանձնեմ, կը կարծես ճե՞պս տի դնիմ։
Հազարխան խաթունը չհամարձակվեց որևէ մի բան ավելացնել, երբ տերտերն Աստուծո խոսքը գցեց մեջտեղ։
Տեր Համբարձումը դուրս եկավ և քայլեց տուն։ Բոլոր նրան տեսնողներն զարմանում էին նրա անսովոր արագ քայլերին։ Ոչ ոք չէր կարող գուշակել, որ նա մի քանի րոպե առաջ կողոպտել էր քաղաքի ամենամեծ գողերից մեկին՝ Կյուրեղ աղային։
Երբ Տեր Համբարձումը ոսկիները թափեց տիրուհու առաջ, նա զարմացած հարցրեց.
– Էս ի՞նչ փարա է։
– Հե՜չ, ասօրվա իրեք ֆինջանին փարան է, ետ առի։
– Քա՛, – բացականչեց տիրուհին։
Հազարխան խաթունը կանչեց երեխաներին, գրպանները չամիչ լցրեց և ուղարկեց իր քրոջ մոտ։
– Մորքուրիդ ըսե՝ էս գիշեր հոս պառկինք, առտուն մարս կուգա կր տանե, – պատվիրեց նա Սրբունին։
Հազարխան խաթունը երեխաներին ուղարկեց, որպեսզի թեթևանա նրանց հոգսերից և կարողանա հիվանդի բոլոր կարիքներին հասնել։
Երբ սենյակ բարձրացավ, արդեն մութն էր, վառեց լամպը և նայեց Կյուրեղ աղային։ Խռխռում էր, բայց հանգիստ էր։ Հոգնած և ուժասպառ օրվա սարսափից, նստեց Կյուրեղ աղայի անկողնի ծայրին, գլուխը թեքեց վերմակի վրա մի քիչ հանգստանալու, քնել էր։
Գրեթե մի անգամ միայն աչքը բաց արավ գիշերը, այն էլ կես քուն կես արթուն, ոչ մի ձայն չկար։ Կյուրեղ աղան էլ խաղաղ և հանգստավետ քնում էր։
– Փա՜ռք քեզ, աստվա՛ծ, – շշնջաց Հազարխան խաթունը և էլի գլուխը կռացրեց և քնեց։
Արևածագի հետ միասին Հազարխան խաթունը աչքերը բաց արավ։ Ուսերը փայտացել էին, կարծես մի քիչ մրսել էր, ամբողջ գիշերը քնել էր առանց վրան ծածկելու, բայց չդժգոհեց. Կյուրեղ աղան հանգիստ և անխռով քնում էր։
– Չար սատանան էր, անցավ, Տե՜ր, ա՛լ չհիշես, – մրթմրթաց Հազարխան խաթունը և ոտների մատների վրա կոխելով դուրս եկավ, յազման քաշած գլխին, գնալու քրոջ մոտ և երեխաներին բերելու։
Քույրը ոչինչ չէր իմացել, միայն Սրբունն ասել էր՝ «Պապս հիվանդցավ, մըզի քու քովդ ղրկեց»։
Հազարխան խաթունը մանրամասն պատմեց, թե ինչ էր պատահել։
– Փա՜ռք աստուծո, հիմա հանգիստ կը քնանա, – վերջացրեց նա։
– Քա՜, ի՞նչ կըսես, հանգիստ կը քնանա, հըլե գնանք տեսնանք… – տարակուսանքով բացականչեց քույրը։
– Քա՜, սիրտս վախ մի ձգեր։
– Քա՜, գնա՛նք, մեյ մը տեսնամ փեսաս, – սրտնեղեց քույրը։
Երեխաների հետ միասին՝ երկու քույրերը վերադարձան տուն։ Քույրը մեկը երկու չարավ, մոտեցավ Կյուրեղ աղայի անկողնին և քաշեց վերմակը։
– Կը քնանա, հա՛, աղեկ կը քնանա, հուր հավիտյան կը քնանա, – ասաց քույրը։
– Քա՜, ի՞նչ կըսես, հըլե թո՛ղ։
Ինքը, Հազարխանը, մոտեցավ անկողնին և սկսեց կանչել.
– Կյուրեղ աղա՜, քա՜, Կյուրեղ աղա՜…
Ոչ մի ձայն։
Կյուրեղ աղան կլորվել, կծկվել, դեմքն ամբողջովին այլանդակվել էր։
– Քա՜, մեռե՜ր է… – հանկարծ բղավեց Հազարխան խաթունը և ընկավ վրան։
Երկու քույրերր և երեխաներն սկսեցին ողբը։ Հարևանները թափվեցին ներս։
Հազարխան խաթունը, ծնկներին զարնելով, լաց էր լինում, ողբում և ասում։
– Գացե՛ք, ըսե՛ք Հաջի Քորոյին, թող գա թաղե, պզտախպարը մեռեր է, աստված ձանը լսեց, թող գա, պատանք շինէ ու թաղե, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ…
Հաջի Քորոն առավոտյան, ճիշտ այդ ժամին, դուրս էր գալիս եկեղեցուց։ Եկեղեցու բակում անսահման խաղաղություն կար, խաղաղություն կար և ծառների մեջ, տերևների վրա, իսկ ծառների գագաթներին բազմել էր մի մեծ առավոտ։
Եկեղեցուց դուրս եկողները, որոնք բացառաբար կանայք և ծերունիներ էին, որովհետև կիրակի և տոն օր չէր, դուրս էին բերում իրենց հետ ընտանի որոճացող կենդանիների անդորրությունը և օրորուն նայվածքը։
Հաջի Քորոն մոտեցավ մի քանի պառավների և հարց ու փորձեց նրանց վիճակը, առողջությունը, իսկ բակից դուրս գալիս լսեց նա եղբոր մահը և արցունքոտ աչքերով, անկեղծորեն տխուր, աճապարեց դեպի մեռելատունը։
Հազարխան խաթունը, տեսնելով նրան սենյակի շեմքից ներս մտնելիս, սկսեց լաց լինել և ասել.
– Եկո՛, Հաջի՛ Քորո, եկո՛, աստված ձանդ լսեց, պզտախպարդ չիկա…
Հաջի Քորոն էլ, արցունքներով ողողված, պատասխան տվեց և ասաց.
– Բերանս չորնա՜ր, չըսեի՜…
1934 թ.
Իմ հորաքույրը
1
Տասը տարուց ի վեր նրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ իր կյանքի կմախքացած, բայց փոթորկոտ նավը ո՞ր ափին զարնվեց։ Մինչև անգամ չեմ իմանում՝ ո՞ղջ է թե մեռած։
Բայց հիշում եմ նրան իր ողջ կերպարանքով, իր բոլոր պառավությամբ։
Մեր սերունդից տակավին շա՜տ շատերը ճանաչում և հիշում են նրան՝ իմ հորաքրոջ, որ ամեն տեղ էր – մեռելտանը, հարսանիքներում, կռվի և բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզը, հիվանդի գլխուն վրա, տղացկան մոր ոտների տակը, ժառանգությունների բաժանման մեջ, դատարանի դռանը, բաղնիսում, ժամի բակը, դպրոցի հոգաբարձուների մոտ, նշանտուքի և խոսքկապի հազար ու մի շղթաների մեջ։
Նա մի կին էր, որ երբեք սիրած չէր։ Նրա արտահայտությունը նման էր այն էգ կատվին, որ մայիսը առանց արու կատվի անցկացնելուց հետո՝ ման է գալիս տանիքներն ու տան անկյունները կծու նայվածքներով և ամեն մի փոքրիկ աղմուկից անգամ պատրաստ է ցցելու իր ստեվները։
Իմ հորաքույրը անց էր կացրել մոտ յոթանասուն մայիսներ առանց արուի և ման էր գալիս մեր տանը և մեր փողոցներում դառնացած և իր դառնությունների համար օրերին, իրերին և մարդկանց դեմ չարացած։
Պարտված այս էգը թշնամի էր ամեն ընտանեկան խաղաղության, բոլոր բարի ժպիտների, բոլոր արևոտ արտահայտությունների։
Իր մարմնի բոլոր մասերը բուրում էին կծվություն և բարկություն։ Բարկացած էր բոլորի դեմ։
Նա երբեք չէր սիրել։
2
Իմ հորաքույրը ձմեռները կաղ էր, վույվույով երաժշտագին, իսկ ամառները՝ առողջ։ Նրա կաղությունը մեր աչքերին ձմեռը ավելի շեշտակի էր դառնում, որովհետև ձմեռները տանն էինք, և դատապարտված լսել նրա վույ֊վույներն ու ողբերը։ Մենք այն տպավորությունն ստացել էինք, որ նա միշտ էլ կաղ էր, որովհետև ո՞վ էր մտիկ տալիս ամառը տան ներսում անցած դարձածներին։ Բայց ես՝ տարիներ հետո, նկատեցի նրա ամառնային կերպարանափոխությունը և մի օր էլ հարց տվի մայրիկիս.
– Ինչպե՞ս է, մայրի՛կ, որ հորքորիս ոսկորները ամառները կը շտկին և ձմեռները կը ծռին։
– Ձմեռը ջղերը ցուրտեն կը քաշվին, – պատասխանեց մայրիկս, – իսկ ամառները կը թուլնան։
Այն ժամանակ հասկացա, որ կաղությունը միայն ոսկորների հետ չէր, որ կապ կարող էր ունենալ, այլ և ջղերի հետ։
Ջիղը – ահա՛ իմ հորաքրոջ ուրիշ կանանցից զանազանելու գաղտնիքը։ Ջիղը միայն սրունքներին վրա չէր, որ ազդում էր, այլ ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ գնացքը։ Նրա մեջ ամենաակտիվը ջիղն էր։
Իմ հորաքույրը սև, չորացած մարմին ուներ, գլխի վրա կարճ և նոսրացած մազերով, աչքերր խավարակուռ գիշերվան նման խոր, մատները երկար և ուռած երակներով֊ ճակատը ծուռ ու մուռ, կուրծքը ներս անցած, փոր՝ երբեք չուներ, կուրծքի անմիջապես տակից սկսում էին իր բնութենափոխ սրունքները, որոնք այնքան էլ երկար վար չէին վազում, այլ շուտով հասնում էին գետին։ Ոտների փոքրության և մեծության մասին ես որոշ բան չեմ կարող հայտնել, որովհետև ամառ և ձմեռ քաշում էր մի խրիկ իր ոտներին մի քանի բրդե հաստ գուլպաներ հագնելուց հետո, կռնակը՝ Թեփերիզի զառիվերը ձեզ օրինակ, որի վերջացած կետից՝ ցցվում էր իր շուշուլիկ գլուխը առանց վզի, քթի վրայի մասը, ճակատի ստորոտը, աչքերի սրածայրությունից սեղմված, նման էր մահմեդական անդեականի մազե կամուրջին, քիթը՝ վերի կողմը բռնադատված լինելով նեղանալու՝ ինքնիրան թույլ էր տվել վարի կողմը ընդարձակվելու թե՛ բարձրությամբ և թե՛ լայնությամբ, որի ծայրը, իբրև գագաթ, ամեն ամիս ուռչում էր, կարմրում, հետո դեղնում և հուսկ ապա պայթո՜ւմ։ Ես չեմ կարող նկարագրել նրա բերանը, որովհետև մշտական ձև ու բնավորություն չուներ։ Եթե տանն էր նա, ընտանիքի անդամների ներկայության, նրա բերանն առանձին ձև ուներ, եթե հյուրեր գային՝ տարբեր ձև էր ստանում, հայրիկիս ներկայության՝ տարբեր, իսկ մայրիկիս հետ բամբասանք արած ժամանակ՝ բոլորովին այլ ձև էր ստանում, վա՜յ թե քներ, այն ժամանակ բերանը իրը չէր – մի անտեր և ավերակ խոռոչ, ուր ամեն ինչ մտնում էր ու ելնում, և այս ավերակ խոռոչից դուրս էին ցցվում իր մի կամ երկու մնացած ատամները, ինչպես ցամաքը նետված հին և փչացած նավի կայմեր։
Իր հագուստը միշտ հին էր։ Երջանիկ էր ցնցոտիներում։ Նա նախանձում էր մինչև անգամ բնության շռայլության։ Ատում էր լավ հագնվողներին, ատում էր գեղեցիկներին։
Հիմա երբ հիշում եմ նրան, մեր բարեկեցիկ տան տպավորություններիս մեջ, ցցվում են իմ աչքի առաջ նրա կարկատանները, նրա խունացած վերարկուն, նրա հազար ու մի գույներով կպցրած շապիկը, մանավանդ նրա գլխի շալը, որ մի հիմար անգլիացի փորձեց դնել իբրև անտիկ ձեռագործ։
3
Հորաքույրս թեև չէր սիրել, բայց մի պահ ամուսնացած էր եղել։ Այդ անցյալ իրողության հետ մենք չէինք կարող հաշտվել՝ եթե այդ կյանքի թանձրացյալ հետքը՝ իր որդին, չլիներ այս աշխարհի վրա։ Բացի դրանից, մայրիկս էլ վկայում էր։ Ի՞նչպես կարելի էր մորս վկայությունը կասկածի տակ դնել։
– Ա՜յ օձ կին քեզի, – ասում էր հայրիկս շատ անգամ իր քրոջ, – գլխավորդ հողին տակ դրիր և վրան նստար։
Այս խոսքը իմ մեջ զարթեցրել էր խոր հետաքրքրություն հասկանալու համար, թե ի՞նչպես մի կին կարող էր իր ամուսնուն դնել հողի տակը և վրան էլ նստել։ Մի օր հարց տվի մայրիկիս.
– Մայրի՛կ, հայրիկը կըսե, որ հորաքույրը իր մարդուն դրեր է հողին տակ և նստեր է վրան, այդ ի՞նչպես կըլլա, ըսե՛ ինծի։
– Հայրիկդ, որ բարկանա, ըսածը չըսածը չի գիտեր, տղա՛ս, – պատասխանեց բարի մայրիկս։
Բայց մի ուրիշ օր ես ստիպեցի մայրիկիս պատմելու, թե ի՛նչպես հորաքույրը իր մարդին դրավ հողի տակ և նստեց վրան։
– Մինչև չպատմես, չեմ քնանար, – ասացի մայրիկիս վճռական կերպով։
Եվ մայրիկս պատմեց.
– Երբ որ ես ձեր տունը հարս եկա, հորաքույրդ նոր էր ամուսնացել։ Գլխավորը շատ աղեկ մարդ էր, սուս ու փուս, խեղճին գլուխը միշտ ուսին վրա, ամեն ատեն մեր տունը կուգար ու կըսեր. – «Վա՜յ, այս կնիկը, վա՜խ այս կնիկը, իմ գլուխս պիտի ուտե»։ Օր մըն ալ եկան թե՝ Հաջին հիվանդ է (Հաջին հորաքրոջս ամուսինն էր)։ Վազեցի, գացի, ի՞նչ տեսնամ․ կրակներուն մեջ կը վառի։ «Հորքոր, ի՞նչ է եղեր, դոկտորի ետևեն մարդ ղրկե», – ըսի։
«Ի՞նչ դոկտոր, ի՞նչ բան, թող սատկի», – ըսավ և … մի քանի օր հետո խեղճ Հաջին մեռավ։ Խաչերը (հորաքրոջս որդին) հորը մահից հետո ծնվեց։
Մայրիկս այս փոքրիկ պատմությունը պատմեց և լռեց։ Ես սկսա վախենալ։
– Մայրի՛կ, – ասացի, – ալ չեմ թողուր, որ հորքորը գա գիշերը և ծոցս պառկի, ամեն գիշեր կուգա, «մսեր ե՛մ» կըսե ու ծոցս կմտնա, որ տաքցնեմ, ալ չեմ թողուր։
– Քեզի բան չըներ, տղաս, մի վախենար, – պատասխանեց մայրիկս։
Հետո երբ խելքս գլուխս եկավ և սկսեցի մարդն ու կինը իրարից զանազանել՝ այն ժամանակ հասկացա, թե ինչպես մի կին կարող է իր մարդին հողին տակ դնել և նստել վրան։
Հորաքույրս ինքը շա՜տ քիչ էր պատմում իր գլխավորի մասին, բայց մեծ գոհունակությամբ պատմում էր, լավ եմ հիշում, իր գլխավորի մահից հետո իրան կնության ուզողների մասին։
Մինչև հիմա էլ պայծառորեն հիշում եմ Նազար էֆենդին, այն մարդը, որ հորաքրոջս առաջարկել էր, և նա մերժել էր ամուսնանալ։
Ամեն անգամ, որ Նազար էֆենդին մեր դռան առջևից էր անցնում, հորաքույրս խոր հառաջ էր արձակում և ասում։
– Ի՜նչ դմբոն էի այն ժամանակ, որ ատ մարդը չառի, փոխանակ եղբորս տունը մնալու, Նազար էֆենդիի տունը խանում խաթուն կըլլեյի։
Այս ասելուց հետո՝ հորաքույրս խորունկ «ա՜խ» էր քաշում, և երկու կեղծ և պատրաստի արցունքի կաթիլներ վազում էին իր սև և ծալքոտած երեսների վրա։
Շատ լավ եմ հիշում Նազար էֆենդին։ Ամառ և ձմեռ կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց էր կրում, չոր, ցից֊ցից մազերով, յուղոտ ֆեսով։ Նրա երկու աչքերն իրարից տարբեր ուղղությամբ էին հառում, կարծես նրանք տարբեր նպատակների էին ձգտում կամ տարբեր֊տարբեր գանգեր էին նրանց հրամայում։ Նազար էֆենդու քայլվածքը նման էր այն իշու քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջը անհոգության պատճառով, քսվում, գալիս, հասնում է մինչև պոչին վրա, ծանրանալով միայն հետևի երկու սրունքներին, և խեղճ էշը ստիպված է զառիվեր բարձրանալ։
Բայց իմ հորաքույրս այդպե՞ս էր տեսնում Նազար էֆենդուն։ Ո՛չ։ Նրա աչքին Նազարը ուրիշ կերպ էր ներկայանում։ Նա հաճախ ասում էր.
– Մա՜րդ, ի՜նչ մարդ… բոյը բոսը տեղը, շարժվածքը, օլըրտվածքը, լուրջ, քիչ խոսող, չխմող, կնկանը Ալմաս մը կըսե, Ալմաս մըլ բերնեն կըյնի, տունը տեղը լեցուն, վաստակը տեղը, խանութ ու մուշտարի ունի։
Նազար էֆենդու բոյը, ճիշտ է, այնքան էր երկարած, որ այլևս պատճառաբանված չէր և դրա համար էլ կռացել էր նա, ամաչելով, երևի իր raison d'etre֊ի չգոյությունից, բայց խանութ և մուշտարի ունենալու հայտարարությունը շատ էր չափազանցված։
Նազար էֆենդին երեսուն տարուց ի վեր մեր քաղաքի մի խեղճ անկյունում ուներ մի փոքրիկ եռանկյունի կրպակ, ուր առավոտից մինչև իրիկուն զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Իր ողջ «գրասենյակի» կահկարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի չվաններով իր կայունությունն էր պահում, մի թանաքաման, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ, որ այլևս թափանցիկ չէր, այնքան էր փոշոտած, ապա մոռացա ասելու՝ մի ավել, որ անգործածելի լինելուն համար դառել էր սարդի բույն։
Նազար էֆենդին, պետք է լինեմ արդար, ժառանգական և ամուսնալուծական դատերի համար էլ աղերսագրեր էր գրում, որ պարզապես արտագրում էր մի հին հաստափոր գրքից, փոխելով անունները և թվականները, և երբեմն էլ մի փոքրիկ հավելված էր հանդգնում՝ նայած նոր աղերսանքի էության։ Նազար էֆենդին ամեն մի աղերսագրի համար ստանում էր 60 փարա, իսկ պատրաստի նամակների՝ 10 փարա։
Այսպիսով էր Նազարը՝ էֆենդի՜ն, «տունը տեղը լեցուն» պահում ։
Նազարը օրեկան 50 տրեմ միս էր ուղարկում իր տունը և նոր միրգ դուրս գալուն պես՝ փաթթում էր իր նոր թաշկինակում և Ալմասին ու երեխաներին համար, ժպտուն դեմքով, տանում էր տուն։
Հիշում եմ՝ գարունքից սկսած, ամեն 15 օրը, Նազարը նստեցնում էր Ալմասին իշու վրա և տանում էր Ս. Նշան՝ ուխտի։
Այս ուխտը խոր նպատակներ ուներ՝ Ալմասը միշտ ունենում էր աղջիկ զավակ։ Խեղճ ծնողների աչքը ջուր դառավ և մի տղա զավակ դուրս չընկավ։ Նազարը մտահոգվում էր, որ, մի՜ գուցե, մի որդի չունենար իր երջանիկ սերունդը շարունակելու… նա հաճախ ասում էր իր կնոջը.
– Վաղը մյուս օր փիճ մը դուրս կուգա՝ աղջիկներնուս մեկը կառնե կերթա, ուրիշ օր մը ուրիշ մը՝ երկրորդս կառնե կը կորսվի, մենք կը մնանք մեր տան պատերու մեջը, հարս մը չենք ունենար, որ մեզ խնամե։
Բայց Ս․ Նշանը ի՞նչ կապ ուներ առհասարակ կանանց սեռային ընդունակությունների հետ, մանավանդ որ Նազար էֆենդին երբեք չէր թողնում իր կնոջը մենակ, որպեսզի գեթ Ս. Նշանի սուրբերը մոտենային նրան։
Ահա՛ Նազար էֆենդին։
Արդյոք Նազարը մի՛ օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին՝ դա հարց է, որովհետև այդ մարդը, մեր պատուհանի առջևից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս փնտրում։
Մի անգամ այդ մասին հարց տվի մայրիկիս։ Նա ասաց.
– Լավ չեմ հիշեր, տղա՛ս, 30 տարի առաջ օր մը այդպես խոսք եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնաց և ոչ ոք առաջարկություն չըրավ։
4
Հորաքույրս ընկույզից շինված մի խոշոր սնդուկ ուներ՝ երեք հոգի կարող էր ծալապատիկ նստել մեջը, որի բովանդակությունը միայն տան փոքրիկներն էին իմանում, որովհետև նրանց կարևորություն չէր տալիս և բաց անելիս՝ չէր հեռացնում նրանց իր մոտից։
Դժվար թե ես հիմա կարողանամ վերհիշել այն բոլորը, ինչ կար այդ հնամյա սնդուկում – 30 տարվա հին ոճով կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսսրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիկներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան կերպասեղենի կտորներ, հին, ծռած ոսկիներ, մարգարիտներ, տեսակ֊տեսակ քարեղեններ, փոքրիկ մետաքսե խալիչաներ, արծաթե թաս, ծխամորճեր, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերների շրջանակներ, փիանկոյի թղթեր, հին թղթադրամներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ, հին ավետարաններ, Երուսաղեմյան կարմիր խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնոցներ, վերջապես զանազան իրեղեններ…
Դա հորաքրոջս համար սնդուկ էր, իսկ հորս համար՝ ցավ։
Մի օր լսեցի, որ հայրիկս խոր վշտով իր քրոջը ասում էր․
– Քո՛ւրս, հին բաները կը պահես՝ պահե՛, բայց գոնե նոր բերածներս հագիր, որպեսզի դուրսերը վրաս չի ծիծաղին, թե այս մարդը իր քույրը ցնցոտիներու մեջ կը պահե։
Հորաքույրս պատասխանեց դրան.
– Ես ջահել հարս չեմ, որ հագվիմ֊սըքվիմ և դուրս գամ, թո՝ղ կնիկդ հագվի։
– Գոնե դուրս որ կերթաս՝ դուրս չերթաս բարով, – ասաց հայրիկս, – նոր չարշաֆդ վրադ քաշե, բզիկ֊բզիկ եղած չարշաֆովդ մի՛ պտտիր։
Հորաքույրս դարձյալ մի անհարկի պատասխան տվեց և քը՜ս֊քը՜ս հեռացավ սենյակից բերանի և աչքերի դիվային ծամածռություններով։
Մի օր մեծ քույրս վերի սենյակից վար՝ հորս մոտ եկավ և ասաց.
– Հայրի՛կ, հորքորը մեր հյուրի ներկայության կըսե, որ ոչինչ չունիմ հագնելիք։
– Ո՞վ է հյուրը, – հարց տվեց հայրիկս։
– Սարգիս էֆենդին է, – պատասխանեց մեծ քույրս։
Սարգիս էֆենդին այնքան էլ մեր տան մոտ մարդ չէր, որպեսզի հորաքրոջս ստախոսության տեղյակ լիներ, դրա համար էլ հայրիկս վրդովվեց։ Նա գնաց ուղղակի հյուրանոց, բարևեց Սարգիս էֆենդիին և անմիջապես կանչել տվեց մեր երկու ծառաներին և պատվիրեց հյուրանոց բերել հորաքրոջս ընկույզից շինված մեծ սնդուկը։ Հորաքույրս այս պատվերի վրա սփրթնեց, սկսեց դողդղալ, մի կերպ փորձեց ծառաներին արգելել, բայց հորս մի խոժոռ նայվածքը բավական էր, որ նրան պատին գամեր, և… նա գամվեց։ Կես ժամ քաշեց մինչև ծառաները, դրսից երկու մշակների օգնությամբ, սդուկը հասցրին հյուրանոցը և դրին սենյակի ճիշտ մեջտեղը։
Մայրս պարտեզում զբաղված էր և ոչնչից ոչինչ չէր իմանում. բայց երբ քույրերս լուր տվին նրան, թե սնդուկը վեր կը տարվեր՝ եկավ տեսնելու.
– Վարդե՛ր, – հրամայեց հայրիկս իմ հորաքրոջ, – բա՛ց սնդուկը։
Հորաքույրս դողդղալով և արցունքոտ աչքերով բացավ սնդուկը։ Հայրս իր ձեռքովը ինչ որ կար սնդուկում դուրս թափեց և դառնալով Սարգիս էֆենդիին՝ ասաց.
– Ներեցե՛ք, Սարգիս էֆենդի, այսքան բան ունի հագնելու, ասոր պես յոթն անգամ ալ ծախեր է և քիչ առաջ լսեցի, որ ձեզի ըսեր է, թե ոչինչ չունի հագնելու։
– Թո՛ւ երեսիդ, ամո՛թ քեզ, անիծյա՜լ կին, – ասաց հայրս և դուրս եկավ հյուրասրահից։
Բոլորս էլ իրար երես նայեցինք և լռեցինք, բայց մայրիկս խզեց լռությունը,
– Գոհարի պես եղբայր ունիս, – ասաց, – բավական է վշտացնես, ջուրի պես ոսկի կը ծախսե, իսկ քեզ համար արժեք չունի, հետդ գերեզմա՞ն պիտի տանես, ինչո՞ւ չես հագնիր։
Հորաքույրս չսիրված էգի նման զայրացած՝ բազուկները բացավ, աչքերը չռեց և անիծեց մեր տունը՝ բոլորիս։
5
Երբ դեռ ես մանուկ էի՝ մեր տան կանանց հետ գնում էի բաղնիս։ Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիսը, հիշում եմ կոշմարը կավերի հոտի, գոլորշիների, սիրտ մարեցնող տաքի և խըշխըշ ջրի։
Արևելյան բաղնիսը՝ այն վայրը, ուր հորաքույրս կարող էր երևան գալ իր բոլոր ընդունակություններով և պառավի բոլոր չարություններով։
Հորաքույրս բաղնիսում միայն լողանալով զբաղված չէր – նա դիտում էր այն աղջկան, որ հարսնացու էր կամ թեկնածու հարսնության, որպեսզի բաղնիսից դուրս գալուց հետո՝ խոսեր֊բամբասեր նրա մասին։ Բաղնիսից անմիջապես հետո չէր կարող այցելություններ անել իր «տեսածները» կամ տեսնել ցանկացածները պատմելու բաղնիսում հանդիպած աղջիկների կամ հարսնացուների մասին, որովհետև այնքան չեչքար էր քսում մարմնին և այնքան վառող֊թափող դեղեր էր գործ ածում, որ սարսափելի հոգնած էր լինում և բերանը բաց՝ պառկում ու քնում էր։
Բայց մյուս օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, ոտին քաշում էր մի խրիկ, գլխին՝ մի կիսամաշ շալ և ընկնում էր հարևանների տները, մեկից մյուսը, ամեն լսած խոսք և տեսած բան կարգապահորեն իր տեղը հասցնելու կամ «խոսքը իր տեղը կողելու»՝ ինչպես ինքը սովոր էր արտահայտվել։
Մտնում էր Եղիս հանըմի մոտ։ Եղիս հանըմը մի կին էր, որ իր շվաքից էր վախենում, որի լուսամուտների վարագույրները ոչ ոք տակավին կիսաբաց չէր տեսել, խոսում էր նոր ծնած հորթի նման, առանց արտասանելու մի ուրիշի անունը՝ միգուցե բամբասանքի նմաներ։ Երեք որդի ուներ, մեծը՝ Ալեքը, կը լիներ 41 տարեկան, բայց չէր ամուսնացել, որպեսզի «խոսք֊զրուց» չլիներ քաղաքում։ Եղիս հանըմը մի կին էր, որ միայն եկեղեցի էր գնում և եկեղեցուց ուղիղ տուն էր վերադառնում և զբաղվում էր մինչև իրիկուն իր տան պարտեզի ծառերով, մարգերով և խոտերի վրա արածող կենդանիներով։ Մեր տեղում Եղիս հանըմը մի տիպար կին էր, նրա մեկ հատիկ աղջիկը զատկին միայն դուրս էր գնում՝ այն էլ եկեղեցի, որի երեսը ոչ ոք բաց չէր տեսել։ Մայրը նրան կանգնեցնում էր եկեղեցու վերնատան ամենից ետևը և հազիվ թույլ էր տալիս քիթը և աչքերի միայն մին ազատագրելու իր երեսի քողից։
Հորաքույրս գնում էր Եղիս հանըմի մոտ և սկսում բամբասել Գուհար հանըմին աղջիկը, որին առջի օրը տեսել էր բաղնիսում մերկ։
– Կռնակին վրա երկու մատ դանակի նշան կա, ո՜վ գիտե ի՞նչ հիվանդություն ունի, լսեր եմ, որ Ալեքիդ համար ուզեր ես՝ չեն տվեր, – ասում էր նա։
– Սխալ ես լսեր, Վարդեր հորքոր, – մեղմագին մայում էր Եղիս հանըմը, – Ալեքս հալա կարգվելու չէ։
– Ի՜նչ գիտեմ, կը խոսին. ես ալ իմ պարտքս սեպեցի գալու և քեզի լուր տալու։
– Շա՜տ, շա՜տ շնորհակալ եմ, Վարդեր հորքոր, ես կը սեպեմ, որ դուն մեր բարեկամն ես, բարեկամ ըսածդ այդպես կըլլի։
Եղիս հանըմը կարճ էր կապում՝ միգուցե Գուհար հանըմը լսեր այդ խոսակցությունը և հորաքրոջս խոսքերի պատասխանատուն իրան բռներ։
Երբ հորաքույրս խոսքր վերջացուցած՝ դուրս էր գալիս մի ուրիշ դուռ բախելու ավելի ոգևորված, Եղիս հանըմը սենյակի մեջտեղում կանգնած՝ իր ցողունի նման, պառաված բազուկները վեր էր բարձրացնում, խաչակնքում երեք անգամ և ասում.
– Տե՜ր, դու պահյա՛ զմեզ ի փորձութենե, Տե՜ր, Տե՜ր անոխակալ և երկայնամիտ։
Դրանից հետո հորաքույրս մտնում էր Մեմիկ հանըմի տունը։ Նա վարպետ էր խոսք բանալու մեջ, ինչ նյութի մասին էլ խոսվեր՝ նա կարող էր խոսքը ավտոմոբիլի պես շուռ տալ և բերել գցել իր ուզած ուղին։ Մեմիկ հանըմի տունը մտնելու պատճառն էր բամբասել Հազարխան խաթունի աղջկան, որ զրույց կար, թե պետք է նշանվեր Մեմիկ հանըմի քրոջը ամուսնու քրոջը թոռան հետ։
– Գիտե՞ս, Մեմիկ հանըմ, – սկսում էր պառավը, – իմ գործս չէ թեև, բայց որովհետև ես քեզ շա՜տ կը հավնիմ՝ կուզեմ որ ձեր տունը լավ հարս գա։ Երեկ բաղնիքն էի և, ի՜նչպես եղավ, մտա Հազարխան խաթունի օդան, և ի՞նչ տեսնամ – աղջըկան ճռվները (սրունքները) դեղ կը քսեր, ո՞վ գիտե, ըսի մտքես մեջ, ի՜նչ հիվանդություն ունի, մտմտացի, թե Մեմիկ հանըմը սախա՞տ՝ պիտի բերե իր տունը։
Մեմիկ հանըմի տունը չպետք էր գար հարսը։ Մեմիկ հանըմը ամուսնու քրոջը թոռանը հետ որևէ կապ չուներ, բայց Մեմիկ հանըմի համար էլ այդ խոսակցությունը քաղցր էր, որովհետև Սարգիսին (իր ամուսնու քրոջր թոռը) ամուսնացնելու մտադրություն կար, բայց Մեմիկ հանըմին «շան տեղ» չէին դրել և իրեն ոչինչ չէին հարցրել։ Հորաքրոջս խոսակցության նյութը չափից դուրս շահագրգռեց նրան և աճեցրեց նրա անտեղի հետաքրքրությունը։ Սրունքներին դեղ գործածել բաղնիսում… ուրեմն անպայման մի ջղային անբուժելի հիվանդություն գոյություն ունի։ Մեմիկ հանըմը, առանց հորաքրոջս ճամբու դնելու, շալը քաշեց գլխին, որպեսզի գնա և գեթ Սարգիսին հայտնի իր «անձնական քննության» արդյունքը։ Հորաքույրս կաղ֊կաղ վազեց նրա ետևից մինչև դուրսի դուռը և իբր վերջին խոսք՝ ասաց.
– Աղջիկ եղած ատենս իմ ճռվըներս ըլ այդպես էին, ատոր համար այս հալին ընկա։
Ուրիշ ժամանակ ասում էր, որ իր սրունքներին ցավը վերջեն ժառանգած ցավ էր, բայց այս պարագային իր խոսքի՝ բամբասանքի կշիռը պահելու համար իր կաղության պատճառները տարավ և կապեց մինչև աղջիկության շրջանին։
Այս երկու տներից հետո նա կարգով մտնում էր զանազան ուրիշ տներ իր «տեսածները» իրենց տեղերը հասցնելու։ Օրինակ՝ մեկի համար ասում էր.
– Երեսը տեղն է, բայց մարմինը չորցած է, իմ մարմինս քեզի օրինակ։
Իր կմախքը օրինակ էր բերում 17 – 18 տարեկան մի աղջկա մարմնին, որ եթե դագաղում էլ լիներ, ավելի թարմություն ուներ, քան հորաքույրս իր կենդանությանը։
Մի ուրիշ աղջկա համար ասում էր.
– Մարմնին վրա տղամարդու պես մազ ունի, ի՜նչ աղջիկ է որ…
Այս բոլորր բաղնիսից դուրս, բայց նա երբեմն ողբերգություններ էր խաղում բաղնիսի ներսում։
Շատ լավ եմ հիշում՝ մի օր բաղնիսի դուրսի ընդհանուր սրահից մի ծանոթ կին մեր սենյակը եկավ և մայրիկից խնդրեց մեր ջրից օգտվել։ Մայրիկս ուրախությամբ արտոնեց և ասաց.
– Խնդրելու պետք չկա, Օղաբեր հանըմ, հրամեցե՛ք։
Մայրիկս ասաց և գնաց դուրս մի քիչ ցուրտ օդ շնչելու։
Հորաքույրս ներս եկավ և տեսավ, որ Օղաբեր հանըմը լվացվում է։
– Մեր սենյակեն դո՛ւրս գնա, – հրամայեց նա։
– Վարդեր խաթուն, – ասաց Օղաբեր հանըմը, – խանըմը արդեն հրաման տվեր է։
– Խանըմ֊մանըմ չեմ ճանչնար, գնա՛ դուրս, – կրկին հրամայեց մեր պառավը։
Օղաբերը զայրացավ։ Սա էլ այնպես մեղմ կանանցից չէր։ Երկուքը սկսեցին իրար խոսքեր կանչել՝ գնա՛ – չե՛մ գնա – դուն ո՞ր շունն ես՝ հալա կը խոսիս՝ դիպան իրար։ Օղաբերի ազգականները հավաքվեցին մեր սենյակը, երկու կողմի տաքության աստիճանները իրենց սահմանները անց կացան, և բաց արվեց ողբերգության վարագույրը։ Օղաբերը և իր մեկ֊երկու ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի կոպիտ թասերը փաթաթեցին շորերի մեջ և հորաքրոջս ձգեցին սենյակի մեջտեղում և՝ տո՛ւր թե կտաս։ Պարզվեց մի անհունապես տգեղ տեսարան. ճարպոտ կանանց ծիծերը կատաղած շան գլուխների նման սկսեցին վեր֊վար ելլել և իջնել, մեկի ոտերը սլլացին և ամբողջ հասակովը և մսերովը զարնվեց սալին և էլի ոտի կանգնեց ավելի կատաղած։ Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր իր փոքրիկ աթոռով, որը վերջին անգամ, հուսահատած, նետեց Օղաբերին, ճեղքեց նրա ծիծերից մեկը, բայց ինքն էլ փռվեց գետին և ուշաթափվեց։ Քույրերս վախեցած արդեն վազել էին և լուր տվել մայրիկիս, որ հազիվ հասավ և դադարեցրեց կռիվը, քաշեց վարագույրը։ Իմ ձեռքիցս բռնեց մայրիկս, բերեց դուրս, հագվեցրեց և պատվիրեց գնալ անմիջապես տուն և ասել մեր ծառային, որ էշը բերի և հորաքրոջս տուն տանի։ Մինչև ես իշուն հետ բաղնիս վերադարձա, բոլորն էլ հագվել էին, մայրիկս տխուր էր, իսկ հորաքույրս, աչքերը փակած, բերանը բաց արած, ատամները ցցած, պառկել էր փոքրիկ գորգի վրա և հազիվ կարողանում էր տնքալ։
6
Երկար տարիներ համբերություն ունենալուց հետո հորս համբերությունը վերջ էր գտնում՝ անկարելի էր հանդուրժել հորաքրոջս ներկայության մեր տան մեջ։
Հայրս մի օր տանը հաղորդեց իր վերջնական որոշումներից մեկը՝ Վարդերը դուրս պետք է գա մեր տնից։ Հայրս չորս սենյականոց մի տուն էր վարձել և ուզում էր, որ հորաքույրս գնա և այնտեղ բնակի իր համար։ Մայրս նախ ընդդիմացավ։
– Ատքա՜ն տարի քաշեր ենք, հիմա՞ չպիտի քաշենք, – ասաց մայրիկս։
Բայց հորս որոշումը որոշում էր։
– Ես որ մինչև հիմա այդ կնիկը կը պահեի՝ այն տղու խաթեր համար էր, մինչև կոկորդս եկեր հասեր է, համբերանք չմնաց, դուրս պիտի ելլա, դո՛ւրս, չեմ ուզեր, մազերս ճերմկցուց։
Այն տղան հորաքրոջս որդի Խաչերն էր։ Խաչերը դպրոցում ամենից ուշիմ և աջող աշակերտն էր։ Երբ հայկական ծխականը ավարտեց, հայրս նրան ուղարկեց թրքական Պետական բարձրագույն վարժարան՝ Իտատիեն, և դրանից էլ հետո ուղարկեց Պոլիս, բժշկական վարժարան։ Հորս խոսքին վրա ուրիշ խոսք դնել անկարելի էր, հետևաբար մայրս թույլ տվեց, որ հայրս կանչի հորաքույրին և հաղորդի իր որոշումը, միայն մայրս, գալիք պատասխանատվությունից խուսափելու համար, Պիղատոսի պես ձեռքերը լվաց և դուրս եկավ։
– Վերջեն որ զղջաս, ես մեջը բաժին չունիմ, – ասաց մայրիկս հայրիկիս դուրս ելլալեն հետո, – այնպիսի բաներ ընե, այնպիսի օյիններ խաղա, որ տեսնես։
Բայց հայրս կանչեց իր հարազատ քրոջը և շատ կտրուկ կերպով ասաց.
– Երեսուն տարի է ինծի հետ ես, առաջ ջահել էիր, մենակ չէիր կրնար ապրիլ, բայց հիմա տարիքդ առեր ես, մարդ թելիդ չի կրնար դպչիլ, պետք է իմ տունես ելլաս և առանձին բնակիս, ես քեզի համար տուն եմ… – հայրս չի կարողացավ խոսքը վերջացնել, հորաքույրս արձակեց մի այնպիսի ահռելի ճիչ, որ կարծես երեսուն տարուց ի վեր պահեստի դրած լիներ։ Այս ահռելի ճչից մեր հարևանները վազեցին ներս, կարծելով, որ մի արտակարգ բան է պատահել մեր տան մեջ։ Մայրս սենյակից դուրս էր։ Նա, որ ամենափոքրիկ աղմուկից ցնցվում էր, ոչինչ չզգաց, որովհետև սպասում էր դրան։
Հայրս այլայլվեց, մինչև անգամ չկարողացավ խոսել, մի մարդ, որ քաղաքում կատաղածի համբավ էր վայելում։
Մայրս մի քանի ստերով հարևաններին ճամփու գցեց, թե՝ հորքորը լսել է, որ Խաչերը Սև ծովու մեջ խեղդվել է։ Թեև բոլոր հարևանները լսել էին, որ Խաչերի Պոլիս հասնելուն՝ հեռագիր էր ստացվել։ Հորաքույրս ոչինչ չկարողացավ ասել, ոչ մի լուսաբանություն չէր կարող տալ, որովհետև «ուշաթափվել էր»։ Ավելի լավ էր սուտ պատճառներ տային, քան թույլ տար, որ իր «ուշաթափվելու արվեստը» տապալվեր, քանի որ վերջերս մոդայից ընկել էր այդ։
Ուշաթափվել․․․ ահա՛ հորաքրոջս ուժեղ զենքերից մեկը։ Տարիներ առաջ տան բոլոր անդամները վախենում էին հորաքրոջ ուշաթափվելուց – բժիշկ, դեղ, սառը ջուր, քթին՝ ռուհիներ – բայց վերջ ի վերջո իմացվեց նրա ուշաթափվելու արվեստը։
– Երեսուն տարի առավ, – ասում էր խեղճ մայրիկս, – որ հասկացա, թե սուտ կը մարի։
Ճչից բավականին հետո զարթնեց հորաքույրս, բայց մինչև իրիկուն չդադրեց լաց լինելուց։
Երկրորդ օրր հայրս խոստովանեց իր անզորությունը։
– Եթե դուրս գա տունեն՝ ինձ ալամին առջև խաղք ու խայտառակ կընե, Մարգարիտ, – ասաց հայրիկս։
– Պետք է տանենք մինչև ետքը, – պատասխանեց մ այ֊ րիկս, – այդ կնիկը մեր տան խարղան է (ագռավը), քանի քշես խարղան, այնքան չար խաբարներ կը բերե։
– Աղջի՛ – հարց տվեց հայրիկս, – մինչև ետքը որ կըսես, այդ մինչև ետքը ե՞րբ է, այս կնիկը բոլորիս գլուխը կուտե։
– Թո՛ղ մեր գլուխը ուտե, բայց ո՛չ քուկդ, – պատասխանեց հորս կինը։
– Իմ ու քուկիդ խնդիր չկա, ես կուզեմ, որ կատվին գլուխն անգամ չուտե, բայց բոլորիսն ալ պիտի ուտե… – վերջացրեց հայրիկս։
Հորաքույրս մնաց մեր տանը։
7
Հայրս մի ազգական ուներ, որի անունն էր Հաջի Մայր։ Մենք բոլորս էլ Հաջի Մայր էինք ասում այն քաղցր պառավին, որի ներկայությունը որևէ տան մեջ խաղաղություն էր։ Մի պայծառ, ալեզարդ պառավ, որի ձեռքերը շուշանի սպիտակություն ունեին, որին մոտենալիս՝ նոր լվացված և արդուկված ճերմակեղենի մաքուր բույր էր գալիս, նիհար, բայց ոչ ոսկրուտ։ Նա մեզ միշտ պատմում էր Երուսաղեմ քաղաքի պատմությունները, ուր այցելել էր իբրև ուխտավոր, մի տասնյակ տարի առաջ։ Նա ուներ մի կարմիր մարջանից խաչ, մեջտեղում մի փոքրիկ ապակյա ծակ, որի մեջ նայելիս երևում էր Քրիստոսի խաչելության պատկերը։ Այդ պատկերը, ասեղի ծակի չափ փոքրիկ ծակից երևցած, իմ մանկական մտքիս վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան հետագայի իմ տեսած սինեմաները, ռադիոֆոները և ուրիշ գիտական հրաշալիքներ։ Ես Երուսաղեմի մասին միայն մի բան գիտեի։ Երբ երկրաշարժը օրորում էր մեր տները, ամեն մարդ պոռում էր – «Սյունն Երուսաղմա», – ես կարծում էի, թե Երուսաղեմ ի մեջ մի սյուն կա, որ երկրից մինչև երկինքը երկարած է, և այդ սյունն է, որ կարող է հանդարտեցնել երկրի կատաղությունը։ Այդ խաչի պատկերը ուրիշ հորիզոններ բացավ իմ աչքիս, միշտ էլ փնտրում էի Երուսաղեմի սյունը և Քրիստոսի խաչելությունը։ Հաջի Մայրը իմ մտքում միշտ կապվել էր խաչելության և այդ սյունի հետ, և միշտ մտածում էի, թե ինչպես այդ խորին բարի պառավը կարող էր կապ ունենալ խաչելության գործիքի և այդ վիթխարի սյունի հետ։
Մի օր Հաջի Մայրը էլի մեզ մոտ էր և խոսք կար, որ նա պիտի հեռանար մեր քաղաքից։ Հայրս երկար խորհրդակցության նստեց նրա հետ։
Հայրս համոզում էր Հաջի Մորը, որ հորաքրոջս հետը տանի Պոլիս։
– Ես կը վախնամ այդ կնիկ են, – ասում էր Հաջի Մայրը, – ճամբան գլխուս օյին կը բերե։
– Չէ՛, – առարկում էր հայրս, – դուն գիտես, որ քեզմե կը քաշվի։
– Նա միայն Աստուծմե կը քաշվի, մարդոցմե քաշվիլ չունի, – պնդում էր Հաջի Մայրը։
Վերջապես հայրս աջողեց Հաջի Մորը համոզել, որ հորաքրոջս հետը տանի։
Հիմա հարց էր ծագում, թե ի՞նչ կերպով կարելի պիտի լիներ հորաքրոջս համոզել գնալու։ Հայրս մի քանի օրեր ծանր մտածելուց հետո՝ իր մոտ կանչեց իր քրոջը և ասաց.
– Տղադ քեզ Պոլսեն ուզեր է, պիտի ղրկեմ որ երթաս տեսնաս։
Այս խոսքը դառավ մի նոր և ահավոր ցավ։ Հորաքույրս մեկնաբանեց, որ Խաչերը հիվանդ է և դրա համար են ուղարկում։ Մինչև մեկնելու օրը գովեց ու լաց եղավ, լաց եղավ ու գովեց իր տղին՝ կարծես թե նրա դագաղը դրված լիներ իր առջև։ Ամբողջ մեր ընտանիքը Հոբի համբերությամբ համբերեց այն մեծ հույսով, որ որքան լաց և շիվան՝ այնքան մեկնելու մտքի խորացում։
Ութը մարդ հազիվ կարողացավ հորաքրոջս տնից դուրս բերել և կառք նստեցնել ոտները իրար էր զարնում լաց լինելով և ճչելով։
– Խաչե՜րս, Խաչե՜րս, քոռնայի, քեզ այս օրին չի տեսնեի։
Հաջի Մայրը Պոլսում մի աղջիկ թոռ ուներ, որ պատկերով նշանվել էր Եգիպտոսում ապրող մի հարուստ վաճառականի հետ։ Հաջի Մայրը գնում էր Պոլիս, որպեսզի իր թոռը տանի Եգիպտոս և ամուսնացնի։ Հորաքույրս պիտի մնար Պոլսում, Խաչերի մոտ։
Ճանապարհին հորաքույրս մի քանի կռիվներ կը սարքի Հաջի Մոր հետ։
– Վա յ, դուն այսպես ըսիր, վա՜յ, դուն այնպես ըսիր։
– Վարդե՛ր, – աղաչում է Հաջի Մայրը, – սիրտդ հանգիստ պահե, ծով պիտի անցնենք, Աստուծո բարկությունը մի հրավիրեր մեր վրա։
– Շիտակ բանին Աստված չի բարկանար, – պատասխանում է հորաքույրս։
Մենք լսեցինք, որ Պոլսում Խաչերը մի կերպ աջողացնում է իր մորը ճանապարհ դնել Հաջի Մորը և նրա թոռանը հետ դեպի Եգիպտոս։ Թե ինչպես էր եղել, որ այդ կռիվներից հետո Հաջի Մայրը համաձայնվել էր՝ ես չգիտեմ։
Հորաքրոջս մեր տնից դուրս գալուց հետո՝ մեծ քրոջս բախտը ժպտաց։ Նրա բախտը սկսեց վարդի կոկոնի նման բացվել։ Քույրս 17 տարեկան էր, սիրուն, սև աչքերով և հասակով։ Ըստ մեր Խարբերդի սովորության՝ նա պետք էր բերնի ծամոն դառնար արդեն երկու տարուց ի վեր։ Պետք էր որ մի քանի անդամ հարսնության ուզեին նրան, ծնողները մերժեին, պետք էր ողջ քաղաքում խոսքի և զրույցի առարկա դառնար, բայց որի՞ բերնին էր ընկել մոտենալ մեր տանը և աղջիկ ուզել՝ հորաքույրս անմիջապես պիտի լիներ իր դերում, գործի վրա և անպայման խանգարեր։ Եթե մինչև անգամ չի խանգարեր, այնուամենայնիվ այդ էր դրսի տպավորությունը։
Հորաքույրս դեռևս Սև ծովու վրա էր, երբ մեծ քրոջս նշանեցինք, մի տարի հետո ամուսնացնելու երկուստեք խոստումներով։ Քույրս՝ զարմանալի՜ չէ, դառավ հետաքրքրության առարկա նշանվելուց հետո։ Ամեն ներս մտնելուն և դուրս գնալուն, եկեղեցի կամ բաղնիս հաճախելուն՝ նրա մասին մանրամասն պատմություններ էին պտտվում քաղաքում։ Հորս և մորս՝ նրան տալիք դրամօժիտի մասին չիմացածը՝ քաղաքը իմանում էր։ Առասպելներ էին հյուսվում նրա դրամօժիտի շուրջը։ Դրամօժիտի չափերը այնքան էին բարձրացվում, որ մոտավորապես գալիս էր հավասարվելու հորս ունեցած հարստության։
Հորաքույրս այլևս չկար, մայրս դառել էր մեր տան իրական և տիրական տիրուհին, մանավանդ՝ աղջիկների մայրը։
Խաղաղ էր մեր տան կյանքը, այնպես խաղաղ, ինչպես կապույտ ու անդորր երկինքը մեր ամառների։ Առաջին անգամն էինք տեսնում, որ մայրս լաց չի լինում, տան մեջ անհամություններ չկան, բամբասանքներր դադրեցան, ագռավը, սև և անողոք ագռավը, չէր կանգ առնում մեր կտրի քիվերի վրա, մեր տան պատերը մի ժպտուն լռություն էին պահում։
Հորաքրոջս մեկնելուց վեց ամիս հետո լսեցինք, որ Եգիպտոսում մեռել է Հաջի Մայրը, որովհետև իր թոռը մերժել էր ամուսնանալ իր նշանածի հետ հորաքրոջս թելադրությամբ և փախել էր Փարիզ, ամուսնացել մի ուրիշի հետ։ Այս դեպքից հետո Հաջի Մայրը կաթվածք էր տարել և մեռել։ Իսկ Հաջի Մոր մահից հետո հորաքույրս եկավ, բոբո՜ս, կանգնեց… մեր տանը դռան առաջ։
Նա էլի վերադարձավ մեր առաստաղի տակ՝ իր հետ բերելով գորշ և սպառնական ամպեր։ Մեր երկինքը էլի մթնեց՝ կարկուտի նշան կար։
Անպա յման մեր տանը պիտի պատահեր մի ահեղ և մութ բան։
Մի աշունի ցուրտ օր մայրս, վերադառնալով պարտեզից, դժգունած և այլայլված, իր ջինջ աչքերում մի քանի կաթիլ արցունքով, ողբագին ասաց.
– Երեք սև ագռավ մեկանց կկանչեն մեր կտրի վրա, – և չի կարողացավ գուշակություն անել։
Երեկոյան հայրիկս սովորական ժամից ավելի շուտ տուն եկավ և անմիջապես մտավ անկողին։
– Մարգարի՛տ, – ասաց նա մորս թուլացած և դժգունած, – հիվանդ եմ, սիրտս կը ցավի։
Հայրս այդ օրվանից ոտքի չկանգնեց, անկողնում հիվանդ մնաց մինչև կաղանդի կես գիշերը։
Հորս հուղարկավորությունը տեղի ունեցավ այն նոր տարվա ցուրտ առավոտը։
Տեղի էր ունեցել ահեղ բան՝ հայրիկս չկար։
8
Հորաքույրս գտավ իր անխորտակելի պարանը՝ վրան խազալու, պար գալու։ Հայրիկիս վախը չկար, իսկ տան մյուս անդամներն էլ հորս մահվան վշտով էին տարվել։ Նրա առաջին գործը եղավ ընկնել մեր նոր փեսայի ետևից, որի ամուսնությունը արդեն մոտ էր։ Հորաքույրս որևէ պատճառ չուներ մեր փեսային թշնամի լինելու, իսկ քույրս էլ խենթի նման սիրում էր իր նշանածին և փոխադարձաբար։
– Առանց ինձ նշանե՜ն, ինձ մարդու տեղ չդնե՜ն , ես այս տան մեջ ո՛չ աղախին եմ և ո՛չ ըլ շուն, – մտածում էր հորաքույրս, ավելի ճիշտ՝ դավադրում։
Առաջին գործը եղավ մորս միտքը պղտորել, բայց չօգնեց, հետո մեծ եղբորս գրգռեց փեսայի դեմ և պատճառ եղավ մի շարք անհամ և անհարկի կռիվների, մինչև անգամ, ապտակ, ամաններ իրար գլխի և այլն։
– Հակո՚բ, գառնո՛ւկս, – գաղտնի փսփսում էր հորաքույրս մեծ եղբորս ականջին, – փեսադ ասդին անդին, գլխեն դուրս խոսեր է, որ իբր թե դուն չես կրնար հորդ տեղը բռնել, շռայլ ես, պատիվ չես բերեր տանը, թե հորդ հին բարեկամները կամաց֊կամաց կը հեռանան և փուշտերու հետ գործ ունիս։
Եղբորս միամտությունը և հորաքրոջս ինտրիգի աջողությունը հասան մինչև այն աստիճանին, որ մի օր եղբայրս դուրս վռնդեց տնից մեր փեսային։
Քույրս լաց եղավ, մայրս զգայնությունից հիվանդացավ, մենք էլ սկսանք չսիրել փեսային, որ «պատճառ» էր մեր տան վրա թափած նոր կրակե կարկուտին։ Փեսան հանդարտաբարո բնավորությամբ մի երիտասարդ էր և չկարողացավ ավելի ճիգ և կամք հանդես բերել։
– Հերի՛ք է, – ասում էր վշտագին մայրիկս հորաքրոջս, – հերի՛ք է սև սատանի դեր կատարես այս տան մեջ, ի՞նչ ունիս աղջկանս մոտ, որ չես կրնար ետ առնել։
– Ես ի՞նչ բան ունիմ, – պատասխանում էր հորաքույրս, – խելառ տղադ է ընողը, ամեն բան ըրեք, վերջեն ելեք իմ վրաս նետեցեք հանցանքը, Աստծու ահեն չե՞ք վախնար, շատ ըլ մի գուրգուրար փեսայիդ վրա, չգտնվելիք չէր, մեր ոտը թող պագնեն ու մեր աղջիկը առնեն։
Մայրիկս, ինչպես երեսուն տարի, այս անգամ էլ լռեց՝ առիթ չտալու համար նրան ավելի սատանայական մեքենայությունների, բայց մեր տան փեսայի հետ կռիվները այնքան հաճախակի դառան, որ փեսան ստիպվեց իր տված նշանը ետ պահանջել։ Նշանը ակամա ետ ուղարկվեց, բայց խեղճ երիտասարդը վշտից հիվանդացավ, ուժասպառվեց և մի օր էլ մեռավ։ Քույրս, աներևակայելի ջանքերի շնորհիվ՝ Եվրոպա, ամառանոց և ջերմուկներ, հազիվ փրկվեց մահվան վտանգից։
Մինչև հիմա էլ հիշում եմ մեր ժամանակավոր փեսային՝ շատ սիրուն դեմքով և կազմվածքով, բարի և հիմար։
Խեղճ տղան քաշվում էր իր սերը պաշտպանելուց։
9
Եգիպտոսի վրայով՝ Ամերիկայից մեր քաղաքը հասավ մի մարդ, որ աչքի զարնվեց միայն այն բանի համար, որ առջևի ատամների երկուսը ոսկուց էին շինված և ապա ասում էին, որ շատ հարուստ էր։ Այս մարդը խարբերդցի էր, բայց նրան միայն ծերունիներն էին հիշում։
Ջինջիլյան էֆենդի՝ այս էր նրա ազգանունը։
Հորաքույրս Եգիպտոսում պատահել էր այս ոսկե ատամներով պարոնին և խոստացել էր երկիր վերադարձին ցույց տալ իր եղբոր աղջիկը։
Ահա թե ինչպես Ջինջիլյան էֆենդին մուտք գործեց մեր տունը և էլ դուրս չեկավ։
Թե հորաքույրս ինչպես և որպեսզի աջողությամբ տարավ թելլալ[7] կնիկի այս գործը, դժվար թե ես կարողանամ պատմել այստեղ մանրամասնորեն և ճշգրտորեն, որովհետև այս պատմությունը հորաքրոջս ամենածածուկ, մութ և լռին գործերից մեկն է։
– Չեմ գիտեր թե աղջիկդ պահես֊պահես՝ որի՞ն պիտի տաս, ասում էր մորս, բոլորն ըլ կը խոսին, որ թոքախտավոր է, բարակ ցավ ունի, և ինչե՜ր, մեյ մը ականջդ դուրս ըրե՛ և լսե՛, թթո՞ւն պիտի դնես։
– Բայց շատ տարիք ունի, ինձմե մեծ է, պատասխանում էր մայրիկս ոսկի ատամներով մարդու համար, գլխուն վրա ճերմակ մազերու համրանքը չկա, աղջիկս ծերի՞ պիտի տամ։
– Ոո՜ւհ, գլուխդ հողիմ, – ասում էր հորաքույրս, բոլորը Ջինջիլյան մը կըսեն հինգ Ջինջիլյան ըլ պռկունքներեն կը կախվին, ի՜նչ պատիվներ կուտա խալխը աղջիկները անոր շալակը հանելու, բայց բախտը տես, որ իր ոտքովը ընկեր է մեր դուռը։
Վերջապես հորաքույրս բոլորին համաձայնացրեց։
Մինչև ամուսնություն՝ մի կերպ մենք նոր փեսային տարինք, բայց ամուսնությունից հետո՝ մեծ եղբայրս մտավ իր դերում, որովհետև փեսան դուրս եկավ իր դերից։
Ջինջիլյան էֆենդին սկսեց եղբորս անձնական գործերին խառնվել։ Եղբայրս անցել էր հորս տեղը և չէր տանում, որ որևէ մեկը միջամտի իր խելքին։
Մենք մի մեծ պարտեզ ունեինք քաղաքից քիչ դուրս, որ չորս բոլորը փշենիներով ցանկապատ ուներ։ Մեծ եղբայրս ցանկացավ ցանկապատի տեղ աղյուսով պատ կանգնեցնել։ Շատերը եղբորս խորհուրդ տվին չանել այդ, որովհետև ծախսը շատ է և չարժե։
– Գառնո՛ւկս, մոռցիր, որ երթա, խրատում էր մեր ալևոր ազգականներից մեկը։
– Տղա՛ս, մի ըներ, ասում էր մայրս։
– Պիտի ընեմ, մեկ անգամ խոսքը բերնես թռեր է, պիտի կատարվի, – համառում էր եղբայրս։
Մի երեկո Ջինջիլյան էֆենդին մեր տանն էր՝ ընթրիքի։ Ճաշի ժամանակ էլի, ինչպես միշտ, խոսքը բացվեց պատի մասին։ Վերջին երկու ամիսների ընթացքին արդեն մեր տան մեջ պատի խոսակցությունից դուրս ուրիշ խոսակցություն գրեթե չկար։ Մի շարք համոզիչ խոսքեր ասվելուց հետո, երբ եղբայրս շարունակեց պնդել պատը կանգնեցնելու մասին, փեսան սկսեց բղավել.
– Առնվազն սարսաղություն է, հիմա՛ր…
Ջինջիլյան էֆենդին դեռևս չէր լրացրել իր խոսքը՝ եղբայրս իր առաջ դրված կանաչ լոբու ամանը առավ և խփեց փեսայի ոսկե ատամներին։ Բոլորս էլ սեղանից թռանք, քրոջս սիրտը գնաց, մայրս զայրացավ, որ փեսան խոսքի խառնվեց և վիրավորեց եղբորս, հորաքույրս փախավ դուրս, իսկ փեսան և եղբայրս ինկան իրար կոկորդի։ Ոչ ոք չկար, որ բաժաներ, երկուքն էլ սպասում էին, որ մեկը միջամտի։ Վերջ ի վերջո մայրս հրամայեց։
– Հակո՛բ, բավական է։
Հակոբը բաց թողեց փեսայի վիզը։
Երեք օր հետո պատը սկսեց կառուցվել, բայց մեր տան և Ջինջիլյան էֆենդու միջև պատի խնդիրը միշտ մնաց դաժան խնդիր։
Հորաքույրս շատ աշխատեց փեսան նորից մեր տուն բերել, բայց այդ նրան երբեք չաջողվեց։
10
Հորս մահվանից մի քանի տարիներ անցել էին, մենք արդեն բավական մեծացել էինք, երբ մեր տան մոտիկ ազգականներ խորհուրդ տվին բաժանել հորենական ժառանգությունը, որ տարիներ հետո «մութ կողմեր» չմնան։
– Ինչո՛ւս պետք խառնակ բան, – ասաց մեր մեծ հայրը՝ մորս հայրը, – ա՛ս իմս, ա՛ս քուկդ, նորեն եղբայր ու քույր, արյունը ջուր չի դառնար։
– Մաքուր հաշիվը աղեկ բան է, ասաց ուրիշ մի ազնվաշուք ազգական, ի՞նչ պետք կա տարիներ հետո կռվի և ծեծի, քանի որ հիմա ամեն բան մեջտեղն է, մեկ՝ քեզ, մեկ՝ անոր, մեկ՝ մյուսին, մեկ ըլ՝ մյուսին, խնդիրը կվերջանա։
Մայրս, եղբայրներս և քույրերս համաձայնվեցին և ժառանգի բաժանման գործը սկսվեց և ընթանում էր շատ խաղաղ, երբ հանկա՛րծ, հորաքույրս կախվեց մեջտեղում։
– Երեսուն տարի է ես այս տան մեջ կաշխատեմ, առանց ինձի չեք կրնար ասեղ մը իսկ բաժանել, հայտարարեց նա։
Մյուս առավոտ մենք լսեցինք, որ նախքան այդ հայտարարությունը, զարմանալի էր, որ մինչև այդ լռել էր, գնացել և փաստաբանների հետ խորհրդակցել էր, գտել էր մի քանի պնակալեզներ, որոնք պիտի ջանային մի բան կորզել մեզանից։
Մեծ եղբայրս նախ կանչեց իր մոտը հորաքրոջս և հորդորեց, որպեսղի այդ սիրուց հրաժարվի։
– Հրաժարվի՛ր այդ խելքից, ասաց եղբայրս, եթե ոչ քեզ ըլ կը ձգեմ փեսա Ջինջիլյանի օրին։
– Իմ արյանս իրավունքն է, – պատասխանեց հորաքույրս։
– Քու արյանդ մեջը… հարեց մեծ եղբայրս և կատաղեց։
Վե՛ր, վա՛ր, – հարևանները էլի հավաքվեցին։
– Կուզեմ, իմ բաժինս կուզեմ, իմ հարազատ եղբորս մալն է, ճչում էր պառավը։
– Դուն որ ասեղ մը առիր այս տեղեն՝ ըհը՛, – պատասխանում էր եղբայրս և հինգ մատներով բռնում բեխը և ցույց տալիս։
Առաջին անգամ լինելով՝ հորաքույրս չուշաթափվեց։ Վերջին գործն էր, որ մեզ հետ ունենում էր և ուշաթափվելով գործը գլուխ չէր գա։
Մի քանի օր հետո, ահավոր լացուկոծի մեջ, հորաքույրս դուրս էր գնում մեր տնից օրինական միջոցներով, և ծառաները դուրս էին բերում իր պատմական ընկույզե մեծ սնդուկը։
1916 թ.
Երկու գերեզման
Ա
Մենք ունեինք մի հեռավոր ազգական, որին Ավետիս Ամուճա էինք կանչում։ Ո՛չ միայն մենք, այլև ամբողջ քաղաքը նրան Ավետիս Ամուճա էր կանչում, մինչև անգամ թուրքերը։
Թե ի՛նչ ազգական էր նա, ես մինչև հիմա էլ չգիտեմ։
Ավետիս Ամուճան և Գուվար Քորոն քառասուն տարուց ավել էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք ո՛չ իրար էին տեսել նախապես, ո՛չ էլ իրար հավանել, այլ ծնողներն էին հավանել և պսակել, ինչպես սովորություն էր հի՜ն, անհետացա՜ծ երկրում։
Ամուսնությունից հետո միայն մի երկու տարի նրանք ապրել էին իրար հետ առանց վեճի և կռվի, մնացյալ տարիների ամեն մի օրը գոյություն էր ունեցել մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ առիթ, որ վիճեին նրանք և վեճը փոխվեր կռվի։
– Ադջի՛, չըլլելիք, հավերը կինե մտան օդան, – գոռում էր Ավետիս Ամուճան և դուրս չէր քշում հավերը, կանչում էր կնոջը, որ նա՛ քշի։
– Մեյ մը քը՜շ ըսես, կերթան, ա՛յ մարդ, – բարկանում էր Գուվար Քորոն և՝
– Քը՜շ, քը՜շ, քշա՜, քշա՜…
Ավետիս Ամուճան հակաճառում էր.
– Ես հավ քշող չի՛մ։
– Հավ քշող չես՝ ի՞նչ ես։
– Էրիկ մարդ իմ, գլխուս վրա ֆես կա, – ազդարարում էր Ավետիս Ամուճան։
Սկզբները Գուվար Քորոն սրանով վերջացնում էր վեճը։
Բայց կամաց֊կամաց եկավ այն եզրակացության, որ գլխի վրա ֆես ունեցողն էլ կարող էր և պարտական էր հավեր քշել։ Եվ երբ Ավետիս Ամուճան կարգադրում էր նրան հավերը քշել, Գուվար Քորոն պատասխանում էր.
– Դո՛ւն քշե, բերանդ չի ծռի։
– Աղջի՛,― գոռում էր Ավետիս Ամուճան սպառնագին։
– Շատ մի՛ վռվռա։
– Աղջի՛,― գոռում էր ավելի բարձր ու կոպիտ։
– Մի՛ պոռա, փնթի՛։
– Աղջի՛,― քեզի կըսիմ։
– Ուրիշի՛ն ըսե։
Եվ գիշերը, անկողին մտնելիս, նրանց շնչերն իրար չէին խառնվում, իրարից խռոված՝ մեջք֊մեջքի էին պառկում։
Առավոտյան, առանց իրար հետ խոսք փոխանակելու, Ավետիս Ամուճան շուկա էր գնում, բաց անում իր թիթեղագործի խանութը և աշխատում մինչև երեկո, առանց կեսօրին տուն գալու՝ ճաշելու համար։
Գուվար Քորոն մի քանի անգամ ճաշը տաքացնում էր, թե հիմա ուր է, ուր չէ՝ կգա զխտվելու, բայց, ի վերջո, համոզվելով, որ հերսը դեռ չի իջել, ճաշը դնում էր պահարանը և գնում հարևանուհու մոտ գանգատելու.
– Ավետիս Ամուճան (Գուվարն էլ նրան Ամուճա էր կանչում) չոջուխի պես քեն ըրավ ու օրհարսակին ճաշի չեկավ։
– Բոլոր էրիկ մարդիկն ըլ էդպես են, անկաճ մի կախեր, մինչև իրիկունը քիթը գետինը կքսվի, կուգա, – խրատում էր հարևանուհին։
Գանգատվելուց հետո՝ Գուվար Քորոյի սիրտը հանգստանում էր, վերադառնում էր տուն և սկսում եռանդուն տնային աշխատանքը։
Տունը բաղկացած էր գետնի հավասար և հողե հատակով երկու սենյակից, երկու սենյակի երկարությամբ մի հաշտով, ծայրում՝ մի օջախ, որտեղ Գուվար Քորոն կերակուր էր եփում, իսկ տան ետևի կողմը կար մի փոքրիկ տարածություն, տան տարածության չափ, որտեղ բարձրանում էին երկու թթենի։ Այդ թթենիների ստվերների տակ կչկչում էին մի քանի հավ և մեծ բոցագույն մի աքլոր՝ կարմիր կատարով, խռպոտ ձայնով, որի կանչած ժամանակ Գուվար Քորոն միշտ ասում էր.
– Քա՛, հիմա կոկվըները վար կուգան։
Գուվար Քորոն միայն մի կիրք ուներ. դա տան մաքրությունն էր։ Գրեթե երկու օրը մի անգամ սենյակների և հաշտի հողե հատակները սպիտակ կավ էր քսում, բոլոր կլայված ամաններն ամեն օր սրբում, փայլեցնում էր, առաստաղի և պատերի փոշիներն առնում, լուսամուտների փեղկերն օճառով լվանում, օճառով լվանում էր մինչև անգամ դրսի դռան շեմքը և դռան առաջը նստելու համար դրված քարը։ Ամեն րոպե շոյում, շփում էր տան առարկաները։ Խորովածի շիշերը ոչ միայն խորոված եփելուց հետո էր մոխրով մաքրում և փայլեցնում, այլև ամեն օր։ Նրանց տունը մտնողն անկողիններից, պատերից, հատակից, ամաններից և յուրաքանչյուր առարկայից ստանում էր գերազանց մաքրության հաճույքը։ Ավետիս Ամուճան այս բոլորին արժեք չէր ընծայում։ Երբ ուրիշները նրան դիտել էին տալիս, թե՝ կնիկդ տուն մը կպահե, որ կծծղա, նա պատասխանում էր.
– Հելբեթ դե՜, կնի՛կ է:
Եվ պատահում էր, որ կեսօրին, ճաշի չգալով հանդերձ, Ավետիս Ամուճան գալիս էր տուն կարմիր մենդիլին մեջ մի բան փաթաթած, որը լուռ հանձնում էր Գուվար Քորոյին։ Այդ բերածը անպայման Գուվար Քորոյի շատ սիրած մի բանը կլիներ։ Վերցնելով թաշկինակը Ավետիս Ամուճայի ձեռքից, Գուվար Քորոն մոռանում էր ամեն բան, կռանում էր, կոշիկները հանում և տանը խռիկը տալիս, որ հագնի։ Խռիկը հին մի կոշիկ էր, կարկատաններով ծանրացած, բայց լայնացած էր և հեշտությամբ ոտը մտնում էր և ելնում։
Երր Գուվար Քորոն պպզում էր, որ կոշիկները հանի, Ավետիս Ամուճայի էրիկմարդությունն իր խորագույն գոհացումն էր գտնում և հանգստացած, հոգով խաղաղ, ժպիտով և քաղցրությամբ, ակնարկելով թաշկինակով բերածը, ասում էր. – Քըզի համար բերեր իմ։
Գուվար Քորոն ընկնում էր խելահեղ երանության մեջ, կանգնում էր դիմացը և բացականչում.
– Անուշի՜կ խուշիկս…
«Անուշիկ խուշիկս» անվանում էր մի մարդու, որ մինչև ականջները հասնող բեղեր ուներ, չեչոտ, սև և տափակ մի քիթ, ներքևի շրթունքը հաստ և մեջտեղից ճաքած, ցցված այտոսկրներ, թթի տերևի չափ մեծ ականջներ՝ ծածկված խիտ մազերով, որը սափրիչը խուզում էր գլխի հետ միասին։
Բայց այս սիրալիրությունը երկար չէր տևում, Ավետիս Ամուճան ամուսնու դերը հասկանում էր այն, որ ամեն րոպե պետք է կշտամբեր կնոջը։
– Առտըվան ճնճղուկները չեն թողուր քնանամ։
– Ես ի՞նչ էնիմ։
– Ի՞նչ տ՚ենես, կնիկ ես, գնա՛, փախցո՛ւր։
– Ամա՜ն, բան, գործ չունիմ դե՝ ճնճղուկ տի փախցնի՞մ։
– Սկսար պոչդ խաղցնել, հա՜ …
– Նորեն չեյնեիդ տվիր, փնթի՛։
– Մի վռվռա, պոչդ կկըյրիմ։
– Չե՞ս ամչնար, ամեն իրիկուն բայրախ կբանաս։
Պատահում էր՝ Ավետիս Ամուճան այնքան զայրանար, որ անկողին չգնար և սենյակի մի անկյունը երկարեր ու քներ առանց վրան ծածկելու, բայց Գուվար Քորոն վերցնում էր վերմակը և ծածկում նրան, որ չմրսի։
– Սատանան կ՚ըսե՝ մի՛ ծածկեր, հա՜, – մրթմրթում էր Գուվար Քորոն և ծածկում։
Կեսգիշերին, երբ Ավետիս Ամուճան զարթնում էր և տեսնում կնոջ հոգատարությունը՝ հակառակ իր վիրավորական և անտեղի խոսքերին, զղջում էր իր ասածների համար, խղճահարվում, վեր էր կենում, շորերը հանում և գնում մտնում Գուվար Քորոյի ծոցը, փաթաթվում նրան և ասում.
– Արունը ջուր չի դառնար։
– Մեջքս աղեկ գոցե՛։ – Արթո՞ւն ես։
– Ատ խոսքերեդ ետքը քո՞ւն կմտնա աչքերս։
– Մսեցա, գիտե՞ս,― խոսքը փոխում էր Ավետիս Ամուճան։
Այս անգամ Գուվար Քորոն էլ փաթաթվում էր նրան, և ամեն ինչ հարթված էր համարվում։
Ավետիս Ամուճայի պահանջն այն էր, որ երբ իր կնոջը մի բան ասի՝ կինը պատասխան չտա։ Պատահում էր, որ Գուվար Քորոն պատասխան չէր տալիս, Ավետիս Ամուճան այլևս չէր շարունակում, և ոչ մի վեճ էլ չէր պատահում։
Ավետիս Ամուճան միշտ ասում էր.
– Աղջի՛ ես որ բան մի կ՚ըսիմ, ջուղաբ մի՛ տուր, չե՜ս սատկիր։
– Քա՜, ինչո՞ւ։
– Կնի՛կ ես, – վերջացնում էր Ավետիս Ամուճան։
Եվ Գուվար Քորոն ողբում էր.
– Կատվի ձագ ըլլեի՜, կնիկ չըլլեի՜։
Երբեմն նա ուրիշ մարդկանց էր օրինակ բերում։
– Տե՛ս, – ասում էր, – Ազնավուր էֆենդի՛ն տես, էն ըլ էրիկ մարդ է, էդպե՞ս կենե։
– Էն ի՜նչ էրիկմարդ է որ… – հեգնում էր Ավետիս Ամուճան։
Գուվար Քորոն չէր կարողանում հասկանալ, թե ո՛րն էր իր ամուսնու էրիկմարդությունը։ Ազնավուր էֆենդին հարուստ էր, քաղաքի ամենագեղեցիկ մարդկանցից էր, հրաշալի ձի նստել գիտեր, մինչդեռ Ավետիս Ամուճան կառք չէր նստում, թե՝ յա՜ որ ձիանը առնեն փախի՞ն, Ազնավուր էֆենդին հին տունը չհավանեց, նորը կառուցել տվեց, կնոջ և աղջիկներին մուշտակների մեջ էր պահում, ամեն ամառ գյուղ էր ուղարկում նրանց՝ հանգստանալու։ Ինչո՞ւ Ավետիս Ամուճան էրիկմարդ էր, ու Ազնավուր էֆենդին՝ ոչ։
Եվ Գուվար Քորոն պահանջում էր, որ բացատրի։
– Իշտե էդ մեկը դուն չես հասկնար։
– Ինչո՞ւ չեմ հասկնար, շատ աղեկ ըլ կհասկնամ։
– Դե որ կհասկնաս, ինչո՞ւ կհարցնես։
– Ես կուզիմ, որ դո՛ւն ըսես։
– Կնիկությունդ սկսա՞ր նորեն։ – Քա՜, խե՛նթ ես, – եզրակացնում էր Գուվար Քորոն։
Մեկ֊մեկ պատահում էր կռիվ չէր լինում։ Երկուսն էլ զարմանում էին։
– Քա՜, ասօր կռիվ չեղավ, մա՜րդ, – ասում էր Գուվար Քորոն։
– Հա՛, չեղավ, ինտո՞ր եղավ, որ չեղավ։
– Կերևի քի՝ սատանան ծուռ չէր նստեր։
– Ա՜խ, էդ սատանան իշտե դու՛ն ես։
– Ես չի՛մ։
– Դո՛ւն ես։
Սկսվում էր կռիվը։
Եթե պատահեր, որ կռիվ չլիներ, այդ գիշերը նրանք պառկում էին շնչներն իրար խառնելով։
Երբ այսպես շունչ֊շնչի պառկում էին, Գուվար Քորոն երանությամբ, ուրախության արցունքներով ասում էր.
– Ա՜յ մարդ, ի՞նչ կ՚ըլլի, որ ամեն օր ըլ էսպես ըլլի։
– Հա՜, աղեկ կ՚ըլլի։
– Է, որ աղեկ կ՚ըլլի ինչո՞ւ կ՚էնես։
– Ե՞ս կ՚էնեմ, թե դուն կ՚էնես։
Գուվար Քորոն, տեսնելով նորից վեճ պիտի սկսվի, լռում էր, որպեսզի չպղտորվի պահը։ Ավետիս Ամուճան շատ գոհ էր մնում, երբ կինը չէր պատասխանում, այն ժամանակ գրկում էր նրան, բեղերը քսում կնոջ երեսին և ասում.
– Հոգի՛դ սիրիմ։
Տարիներ անցկացան, բայց նրանց չորս ոտը չդարձավ վեց։
Գուվար Քորոն մնաց անպտուղ։
– Է՜հ, էդ կողմեն ըլ բան մը չես, – մի օր ասաց Ավետիս Ամուճան իր կնոջը, այս անգամ ոչ թե արհամարհական կամ կշտամբանքի շեշտով, այլ խորը թախիծով և ապաշավով։
Իսկ Գուվար Քորոն պատասխանեց.
– Ի՞նչ էնիմ, կյոյա էրիկմարդ ես, իշտե էրիկմարդու բոյդ տեսանք։
Կարծես մեկն ապտակեց Ավետիս Ամուճային, կարծես մի հսկա ձեռք բարձրացրեց նրան և խփեց գետնին։ Ծանր էին Գուվար Քորոյի խոսքերը։
Ամբողջ մի շաբաթ ո՛չ մի վեճ չեղավ նրանց միջև, Ավետիս Ամուճան խոսում էր ցածր և քաղցրագին, գիշերները չէր քնում, ծխում էր անընդհատ, ախուվախ էր քաշում։
Գուվար Քորոյի խոսքերը խորապես վիրավորել էին Ավետիս Ամուճային։
– Մա՛րդ, ի՞նչ կմտմտաս, – մի օր ասաց Գուվար Քորոն, – մեյ մը դուն քեզ հեքիմին ցուցուր։
Ավետիս Ամուճան չպատասխանեց, բայց մյուս օրը դիմեց։
Բժիշկը երկար քննություն կատարեց և, ի վերջո, ասաց.
– Բան մը չունիս, մեյ մը կնի՛կդ բեր տեսնամ։
– Կնիկս ի՞նչ պիտի տեսնաս, ջանը՜մ։
– Կերևա կնիկեդ է։
– Հա՞, հա՞։
– Այդպես կերևա կոր։
– Փե՛ք աղեկ, բերիմ։
Ավետիս Ամուճան դուրս եկավ բժշկի մոտից և փողոցում կանգնած շշնջաց ինքնիրեն.
– Կնիկդ բեր՝ տեսնա՜մ… մենք քեզպեսները շատ տեսեր ենք, հեքի՛մ էֆենդի, քու միտքդ հասկցանք, դուն իմ կնկան վարտիկին ծարն ըլ չես տեսնար, հայդե՜…
Երբ Գուվար Քորոյին խրատեցին, թե երեխա ունենալու համար հարկավոր է ջերմուկ գնալ, Ավետիս Ամուճան հնարավորություն ստեղծելու համար ոչինչ չխնայեց։
Գուվար Քորոյի անպտուղ մնալը ջարդուփշուր էր անում Ավետիս Ամուճայի էրիկմարդությունը։
Բայց ջերմուկն էլ չօգնեց։
Գուվար Քորոն մնաց անպտուղ, իսկ Ավետիս Ամուճան մինչև վերջն էլ համառեց կնոջը բժշկին ցույց տալու։
– Նամուսս սոխախը չիմ դրեր, – ասում էր նա։
Երեխա ունեցող կանայք, սակայն, երանի էին տալիս Գուվար Քորոյին։
– Երնեկ քըզի, – ասում էին նրան, – չոջուխ֊մոջուխ չունիս, շալդ քաշե գլուխդ, ուր կուզես նե՝ հոն գնա օ՜խ…
Բայց Գուվար Քորոյին այրում էր զավակ ունենալու մորմոքը, մանավանդ նրան համոզել էին, որ եթե երեխա ունենար, ամուսինը բոլորովին կփոխվեր, վրան կտաքնար և ոչ մի վեճ չէր լինի։ Բռնում էր նա ուրիշների երեխաները, գրկում, շաքարեղեն տալիս և բուռն ցանկությամբ սեղմում կրծքին։
Ավետիս Ամուճան երբ տեսնում էր կնոջը ուրիշ երեխաներ սիրելիս, ասում էր.
– Ուրիշների փիճերը ի՞նչ կգրկես, կսիրես, ջանը՜մ։
Երբ Գուվար Քորոն չէր պատասխանում, այլ խեղճացած նայում էր Ավետիս Ամուճային, կարծես նրանից հայցելով մի զավակ, Ավետիս Ամուճան ավելացնում էր.
– Ինչ էլ աղվոր է լակոտը…
– Հա՜, աղվոր է, փամբող կըլմանի, – շշնջում էր Գուվար Քորոն և գոգնոցի ծայրով սրբում արցունքոտ աչքերը։
Տարիներն անցնում էին, Ավետիս Ամուճայի և Գուվար Քորոյի հարաբերությունները չէին փոխվում, կռիվները շարունակվում էին, բայց արդեն սովորական դարձան, դարձան մինչև անգամ զվարճախոսության և կատակի առարկա։ Երբ կռիվը վերջ էր գտնում, նրանք ծիծաղով սկսում էին հիշել, թե կռիվն ինչպե՛ս սկսվեց, ի՛նչ վախճան ունեցավ – դուն որ էսպես ըսիր, ես ըլ էսպես ջուղաբ տվի – և սկսում էին ծիծաղել, թե ով ավելի սուր պատասխան տվեց, ով տակ մնաց և ով՝ վրա։
Երբ Գուվար Քորոն հանդիպում էր հարևաններին, ասում էր.
– Փեսիդ հետ բայրախ բացի, ելա դուրս։
Շատ անգամ Ավետիս Ամուճան շուկայից տուն վերադառնալուց հետո մոտենում էր Գուվար Քորոյին, բեղերի տակ մանր ժպտալով և ցածր ձայնով ասում.
– Աղջի՛, կնի՛կ, ի՞նչ կ՚ըսես, արաղս խմեմ, վե՞րջը բայրախ բանամ, թե առաջ բայրախ բանամ։
Գուվար Քորոն համաձայն էր, որ նախ և առաջ կռվեն, վերջացնեն, հետո արաղ խմի։
Իսկ կռվի առիթը պատրաստ էր։ – Էն շունը կինե՞ եկեր էր հոսիկ[11]։
– Հա՜։
– Ոտքերը հլոս֊հլոս կենիմ, – անմիջապես գոռում էր Ավետիս Ամուճան։
– Ձա՛յնդ, փնթի՛։
– Կինե էրիկմարդու ջուղաբ տվիր, շա՛ն աղջիկ։
– Տարիքեդ ամչցիր։
– Ամոթը կնկան համար է։
– Մուրս գլխո՜ւդ…
– Շատ մի՛ վռվռա, արաղս բե՛ր։
Գուվար Քորոն անմիջապես արաղը բերում էր։
Իսկ ո՞վ էր շունը։
Դա Գուվար Քորոյի մի ազգականն էր, որ տարիներ առաջ Ավետիս Ամուճայի խանութից մի նավթի աման էր գնել և փողը չէր վճարել։ Չէր վճարել ոչ թե նրա համար, որ չէր ուզել վճարել, այլ Գուվար Քորոն, առանց Ավետիս Ամուճայի հետ խորհրդակցելու, ասել էր այդ ազգականին, թե՝ փեսադ էդ ամանը քըզի հեդիյե կենե։ Գուվար Քորոն այդ ասել էր ազգականին, բայց Ավետիս Ամուճային հետագայում էլ չէր հայտնել և մինչև վերջն էլ չհայտնեց, իսկ Ավետիս Ամուճան կարծել էր, որ «էն շունը» փողը կերել էր։
Բ
Տարիներ և տարիներ անցան։
Երկուսի գլուխների վրա էլ բարակ ձյուն մաղվեց։ Կռիվների սուր ծայրերն էլ մաշվեցին, տան մեջ շատ չնչին փոփոխություններ եղան․ առաստաղի մի գերանը ճեղքվեց ու չոքեց, լուսամուտներից մեկի ապակին կոտրվեց և ժամանակավորապես թուղթ փակցրին և ընկույզի միջուկով յուղոտեցին, հակառակ այն իրողության, որ Ավետիս Ամուճան, իբրև թիթեղագործ, ապակի անցկացնող էր։ Երկու թթենու [ էջ ]մեջտեղում ինքնիրեն մի ծիրանի կուտ էր ընկել, բուսավ, աճեց և սկսեց պտուղ տալ։
Մի օր, երբ Գուվար Քորոն Ավետիս Ամուճայի առաջը մի աման հորի սառը ջրով լվացված ծիրան դրեց ուտելու հենց տան ետևում ինքնիրեն բուսած ծիրանի ծառից, Ավետիս Ամուճան նորից հիշեցրեց կնոջն անպտուղ մնալը՝
– Սա ծառին չափ ըլ չեղար, պտուղ մի չունեցար։
Նա հիշեցնում էր այդ այն ժամանակ, երբ կինը հիսունհինգն անց էր և ոչինչ չէր օգնի նրան զավակ ունենալու, ինչպես արմատից չորացած բույսը, որին չի կարող զարթեցնել կանաչահուր ոչ մի գարուն։
Գուվար Քորոն պատասխանեց նրան.
– Մերեֆեթը էրիկմարդունն է, կնկանը չէ։
Ավետիս Ամուճայի հոգու վրա նորից իջավ թախիծը, ինչպես սև, ծանր ամպը՝ հողի վրա, նա սուտ չլսել արավ և շարունակեց.
– Տղա մի ունենայի՜, դուդուկ առնեի՜, փչե՜ր… Բունկալ մի չունեցանք… Աստծո շիշին շուշուլ ծարը մըզի դպավ…
Գուվար Քորոն ավելի զգացվեց և լալով ու բարձրաձայն ասաց.
– Թակը սրտին կախեի, դպրոց ճամփեի՜ առտըվները…
Զավակ չունենալու թախիծն Ավետիս Ամուճային ավելի ու ավելի սկսեց այրել, երբ տեսնում էր, որ իր հասակակից ծերունիները, հոգնած աշխատանքից, կամ քիչ էին աշխատում և կամ թողնում աշխատանքը, խանութները ծախում, համրիչը ձեռներին, գնում, նստում արեգդեմ պատերի տակը, և զրույց անում հնից, հեքիաթներ պատմում, և երբ ժամուն զանգը ղողանջում էր, վեր էին կենում և գնում իրիկնային աղոթքի, որովհետև այդպիսիների որդիները մեծացած էին լինում, տանը տնտեսության ծանրությունը իրենց ուսերի վրա վերցրած և հայտարարած ծնողներին՝ «Դուք ըռահաթ տունը նստեցեք, քեֆ ըրեք, ասքան տարի դուք աշխատեր եք, հիմա ըլ մենք կաշխատինք, միասին կուտենք»։ Գուվարն էլ իր կարգին գնում էր հարևանների մոտ և անպտղության մասին էր խոսում ու լաց լինում։
– Քա՜, աղջի՛, ի՞նչ եղավ, որ լակոտ մի չկրցար ունենալ, – հարց էին տալիս հարևանուհիները։
Գուվար Քորոն պատասխանում էր.
– Ես ի՜նչ գիտնամ անտերիս ի՞նչ եղավ…
Ավետիս Ամուճան ահա վաթսուն և հինգ տարեկան էր, ամբողջովին սպիտակած, ստիպված էր ամեն առավոտ գնալ խանութ, թիթեղները ծալել, կլորացնել, ծեծել, փուքսը փչել և կլայել, որպեսզի ինքը և Գուվար Քորոն ապրեին։
Երբեմն այնքան կանուխ էր գնում, որպեսզի գործը ետ չմնա, Գուվար Քորոն ասում էր.
– Մա՛րդ, ի՞նչ էսպես մութնուլուսուն կերթաս, դահա գելերը քաղաքեն չեն փախեր։
– Գել մըլ ես, անկաճ մի՛ կախեր։
Վերջին տարիները, երբ Գուվար Քորոն տեսավ խանութի եկամուտը մի քիչ պակասեց, ինքն էլ որոշեց փող վաստակել։ Այս մասին խոսեց Ավետիս Ամուճայի հետ։
– Խենթ֊մենթ մըլլիր, ի՞նչ տենես, ձեռքեդ ի՞նչ կուգա, – հարց դրեց Ավետիս Ամուճան։
– Խալի ու բուրդ տանիմ առուն, վլամ, – ասաց Գուվար Քորոն։
– Տեղդ ծանտըր նստիր, դահա վյուճյուտս տեղն է,― վերջացրեց Ավետիս Ամուճան։
Բայց Գուվար Քորոն չլսեց իր ամուսնուն, պարզապես խիղճը չտարավ, ծերունին շատ էր հոգնում։ Նրանից գաղտնի մի քանի օր գորգ տարավ քաղաքի պռնկին հոսող մեծ առուն, լվաց և փող ստացավ, երկրորդ անգամ բուրդ վերցրեց և երկար ժամանակ թակելով, սպիտակացնելով և ազնվացնելով բուրդը, չդիմացավ առվի սառը հոսանքին, հիսուն և ութ տարեկան պառավը մրսեց, պառկեց մի քանի օր և մեռավ։
Այս մահը Ավետիս Ամուճայի վրա գրեթե ոչ մի ազդեցություն չարավ, մանավանդ՝ իր խոսքը չլսելու պատճառով էր եղել, հանգիստ և առանց արցունքի մի քանի ազգականների ընկերակցությամբ տարավ գերեզմանոց, թաղեց և վերադարձավ։ Սիրտ առնողները, երբ տունը լցվեցին, Ավետիս Ամուճան ինքը բաց արավ պահարանը, դուրս բերեց օղիի շիշը և իր ձեռքով լցրեց բաժակները, հրամցրեց բոլորին և ասաց.
– Է՛հ, աշխարհք է, կյա՛նք ըլ կա, մա՛հ ըլ կա։
Դրսում աշնան քամին էր սուրում, դեղնած և կարմրած տերևներն էին թափվում ծառերից։ Գերեզմանոցում Գուվար Քորոյի թարմ հողակույտը մինչև երեկո ծածկվեց աշնան տերևներով։
Ավետիս Ամուճան, տանը նստած, սիրտ առնողների հետ զրույց էր անում, հին֊հին բաներ պատմում և խմում օղին։ Նրա մոտից դուրս եկողներն ասում էին.
– Հեչ ումուռեն չէ։
Մի քանի ազգական կանայք մի քանի օր մնացին Ավետիս Ամուճայի տանը, այդպես էր սովորությունը, մեռելատիրոջը մի քանի օր մենակ չէին թողնում։ Վերջին ազգականուհին հեռացավ Գուվար Քորոյի թաղման ութերորդ օրը, և Ավետիս Ամուճան մնաց բոլորովին մենակ։
Առաջին գիշերը տարօրինակ թվաց մենակությունը, բայց ինքն իրեն մխիթարեց.
– Սեպե քի՝ ջերմուկ գացեր է, – մտածեց և սովորականից մի քիչ ավելի օղի քաշեց, պառկեց և քնեց։
Առավոտյան, առաջին անգամ իր կյանքում, Ավետիս Ամուճան ավելն առավ և ավլեց աշնան դեղնած տերևները, որ քամին քշել, բերել դիզել էր տան ետևի դռան առաջը և դուռը դժվարությամբ էր բացվում։
Նա մինչև անգամ կարծեց, որ որևէ տարի այդպես բան չէր պատահել, միայն այս տարի է պատահել, նրա մտքիցն անգամ չանցավ, որ ամեն տարի էլ միևնույնը պատահում էր, բայց Գուվար Քորոն ավլում, մաքրում էր և երբ ինքը քնից զարթնում էր, չէր տեսնում։
Ավլեց տերևները, մաքրեց ճանապարհը, եկավ ներս, մի երկու օղի տնկեց և առանց նախաճաշի դուրս եկավ տնից դեպի խանութ։ [ էջ ]Նախաճաշ չանելն էլ նրան տարօրինակ թվաց, բայց էլի մխիթարեց իրեն.
– Սեպե քի՝ կռիվ ըրի, դուրս ելա։
Խանութի հարևանները անսովոր ոչինչ չնկատեցին նրա վրա։ Ավետիս Ամուճան, սովորականին պես, ինչպես տարիներ և տարիներ, բարևեց հարևաններին, բաց արավ խանութը, ներս մտավ, կապեց կաշվե գոգնոցը, կրակ շինեց, նստեց և սկսեց ձևավորել թիթեղը։
Կեսօրի մոտ դիմացի մսագործը նոր մորթած ոչխար բերեց, կախ արավ և սկսեց աղաղակել.
– Հե՜, հե՜, հե… ծախածս ոչխարի միս չէ, աղվընիկի միս է, աղվընիկի՜…
Ավետիս Ամուճան գլուխը բարձրացրեց՝ իսկապես թարմ և յուղոտ միս, վեր կացավ, գոգնոցը վրան, ականջներից թելով կապված ակնոցը քթին, մոտեցավ մսագործի խանութին և կախված ոչխարը տնտղելով և հիանալով ասաց.
– Սըկե օհա մը կըյրե, տեսնամ։
Միսը բերեց խանութը, մի քիչ էլ աշխատեց, հետո վեր կացավ, խանութը փակեց և միսն առնելով՝ գնաց տուն։
Երբ բանալին խրեց կղպանքի ծակը, հանկարծ հիշեց՝ Գուվարը ներսը չէ։
Մտավ ներս, միսը դրեց սովորական տեղը, նստեց, մի քանի անգամ չորս կողմը նայեց և հանկարծ բարձրաձայն պոռաց.
– Աղջի Գուվա՜ր․․․
Ո՛չ մի պատասխան։
Մի անգամ էլ պոռաց, բայց այս անգամ իր ձայնից սիրտը փլվեց և սկսեց լաց լինել։ Լաց էր լինում Ավետիս Ամուճան մի կնոջ համար, որի հետ կես դարից մի քիչ պակաս կռվել էր գրեթե ամեն օր։
– Գուվա՜ր, աղջի՜, ո՞ւր ես գացեր, եկո՜, է՜…
Կարծես ուզում էր իրեն խոցել, ներքին զգացածն ասում էր բարձրաձայն, ազդվում էր ձայնից և լաց լինում։
– Գուվա՛ր, քուզո՛ւմ, միս եմ բերեր, եփե՛, ուտեմ…
Որովհետև սովոր չէր լաց լինելու, անճոռնի կերպով հեկեկում էր և, խեղճացած, մենակ ու ծերացած, նայում էր լուռ պատերին և ասում.
– Գուվա՛ր, անունդ սիրեմ, եկո՛, է՜, ո՞ւր գացիր…
Վեր կացավ, գնաց ներսի օդան, պահարանի ներքևի աչքից հանեց Գուվար Քորոյի շալ գոտին, մոտեցրեց քթին, հոտ քաշեց և երկար հեկեկաց։
Հետո բերած միսը թողեց դրած տեղը, դուրս եկավ տնից, փակեց դուռը, գնաց նորից շուկա, խանութ չհասած, փռից մի հաց վերցրեց, մի քանի քայլ հեռու գտնված մի կրպակից ձիթապտուղ գնեց, գնաց խանութ, բերած հացն ու ձիթապտուղը դրեց թիթեղի մի մաքուր թերթի վրա և սկսեց ուտել՝ լուռ արցունք թափելով հացի և ձիթապտուղի վրա։
Հարևան խանութպանը՝ Թումուճան Ախպարը, մոտեցավ նրան, չնշմարեց, որ Ավետիս Ամուճան լուռ լաց էր լինում և ծամում հացը, ասաց.
– Է՜հ, լուսահոգին չիկա, հիմա խանութը կճաշես։
Ավետիս Ամուճան ուզեց խոսել, բայց շրթունքները կարկամեցին, ջանաց զսպել իրեն, բայց չկարողացավ և, կես ծամած հացը բերանում, սկսեց բարձրաձայն լաց լինել։
Թումուճան Ախպարն էլ զգացվեց, երկու տարի առաջ նա էլ իր կինն էր կորցրել, միացավ լացին, բայց նրա լացը մեղմ էր, ժամանակը մաշել էր մորմոքի սրությունը։ Ավետիս Ամուճան ձեռքը գրպանը տարավ թաշկինակը վերցնելու համար, բայց չկար։ Լացով և հեկեկալով ասաց.
– Դահա հեչ չէր եղեր՝ մենդիլ չունենայի, լուսահոգին միշտ ճեպս կդներ հատ մը, Թումուճան Ախպար։
Երկարեց, կաշվե գոգնոցը քաշեց և դրանով սրբեց արցունքով ողողված քիթը, հետո հարցրեց հարևանին.
– Դուն ըլ հետը կկռվեի՞ր։
– Է՜հ, աշխարհք էր, բազի֊բազի կ՚ըլլեր։
– Ես աստուծու օրը բայրախ կբանայի։
Մինչև հարևանի հեռանալը էլ չխոսեց, միայն լաց եղավ։
Չանցավ մի շաբաթ, տունն ամբողջովին և հիմնովին կերպարանափոխվեց, կեղտոտվեց, բոլոր իրերի վրա թանձր փոշի նստեց, սպիտակեղենները դեղնեցին, ո՞վ պիտի լվանար, ինքն էր լվանում, պատերից և առաստաղից չանչուլներ կախվեցին, ինքն էր կերակուր եփում, շատ պարզ կերակուրներ, որ ամեն մի մարդ էլ կարող է եփել, ամաններն օրերով չէր լվանում, թղթով սրբում էր և նորից գործածում։
Գուվար Քորոն ահավոր դատարկություն էր թողել տան մեջ և Ավետիս Ամուճայի հոգում։
Քանի օրերն անցան, Ավետիս Ամուճայի թախիծն այնքան խորացավ, նա Գուվար Քորոյին փնտրում էր այնպես, ինչպես մայր թռչունը՝ իր կորցրած ծիտին, անընդհատ ման էր գալիս փոքրիկ տարածություն ունեցող իր տան մեջ, մենակ, և բարձրաձայն աղաղակում.
– Գուվա՛ր, աղջի՛ Գուվար, ո՞ւր գացիր, եկո՛, է՛, եկո՜…
Գրեթե ամեն երեկո բաց էր անում Գուվար Քորոյի սնդուկը, դուրս էր բերում շորերը, քսում երեսին և լաց լինում։ Լացը վերածվում էր դառը ողբի, երբ հիշում էր, թե ո՛ր շորը հագած օրը ինչ բանի մասին կռիվ էր եղել։
– Գուվա՛ր, քըզի կ՚ըսիմ, նորե՛ն եկո, հետս կռիվ ըրե՛, աչքս քոռնա՝ բան չեմ ըսեր. եկո՛, է՜, եկո՛… – կանչում էր Ավետիս Ամուճան։
Հաջորդող ձմռան հիվանդացավ։
Գիշերը բաց էր մնացել, մրսել էր։ Ոչ ոք չկար, որ մի բաժակ ջուր տար։ Հազիվ կարողացավ վեր կենալ, պահարանից օղի վերցրեց մարմինը շփելու և տաքացնելու։ Մարմնի ամեն տեղը մի կերպ քսեց, բայց կռնակը չկարողացավ, մարմնի այն մասը, որ ամենից շատ էր կոտրատվում և ցավում։ Ավետիս Ամուճան խեղճացած նայեց տարածության մեջ և կանչեց։
– Գուվա՛ր, ելի՛ր, մեջքս արաղ քսե՛, մսեր իմ…
Այն մարդը, որ Գուվարի ողջության, երբ նրա մասին խոսք էր լինում, նեղանում էր, թե՝ ուրիշ խոսելիք չունիք, այժմ ինքը հանդիպած բարեկամին, ազգականին, ծանոթին և խանութի հարևաններին խոսում էր լուսահոգիի մասին։ Թվում էր նրա առաքինությունները, մինչև անգամ նրա թերությունները ներկայացնելով իբրև առաքինություններ։
Հաճախ ուրախությամբ հիշում էր.
– Լուսահոգիի հետ օր մը անանկ կռիվ ըրի, անանկ կռիվ ըրի, արար աշխարհքը թոզ ու դուման բռնեց։
Ամենափոքրիկ դեպքն անգամ հիշեցնում էր նրան մեռած կնոջը։ Երբ տան հաստ և խռպոտ աքլորը մի թևը գետինն ավլելով՝ դառնում էր հավերից մեկի շուրջը, Ավետիս Ամուճան շշնջում էր.
– Կտեսնաս՝ խորոզը հավ ունի, ես չունիմ։
Թթի առաջին հատիկը և առաջին ծիրանը բերանը դնելիս հիշում էր Գուվար Քորոյին, և արցունքը չէր թողնում, որ հալալ կուլ տա։
Մի անգամ հիշեց, որ տարիներ, տարիներ առաջ Գուվար Քորոն նրան առաջարկել էր գնալ լուսանկարչի մոտ և միասին պատկերը քաշել և ինքը մերժել էր՝ համարելով դա ամոթ բան։ Քրքրեց պահարանը, գտավ Գուվար Քորոյի աղջկության մի նկարը, իր երիտասարդության նկարի հետ միասին տարավ լուսանկարչին և խնդրեց, որ միացնի իրար և մեծացնի։ Երբ այդ նկարը տուն բերեց, կախեց պատից, նայեց երկար և ասաց.
– Մեռար, գացիր՝ հետո միացանք, Գուվա՛րս…
Բոլորն ապշեցին, չէին հավատում, երբ լուր տարածվեց, որ Ավետիս Ամուճան գնացել է գերեզմանոց և Գուվար Քորոյի վրա երկար, կուշտուկուռ լաց է եղել։
Ավետիս Ամուճան մնացել էր մենակ այս աշխարհում, մենակ, ծերացած և լքված, մխիթարական ո՛չ մի կետ չէր գտնում իր կյանքում, հույսի և ուրախության ո՛չ մի առկայծ չէր պլպլում ծերության մութ հորիզոնի վրա։
Մի գիշեր պահարանից օղի վերցնելիս աչքին կպավ մի փոքրիկ ծրար պահարանի անկյունում։ Որոշեց բաց չանել։ «Լուսահոգին դրած կ՚ըլլի, թող մնա», – մտածեց և փակեց պահարանի դուռը։
Բայց քնելուց առաջ նորից միտքն ընկավ ծրարը, վեր կացավ, դողդողալով վերցրեց, բերեց լամպի մոտ և բաց արավ։ Ավետիս Ամուճան երբ տեսավ բովանդակությունը, սկսեց ողբալ բարձրաձայն.
– Գուվա՛րս, ես քու հոգուն ղուրբան ըլլիմ, լեզուս չորնա՜ր, աչքս քոռնա՜ր…
Խփում էր ծնկներին Ավետիս Ամուճան և ողբում՝ կարծես նոր էր մեռել կինը և դագաղը դրված էր առաջը։ Ծրարի մեջ գտել էր մի տեսակ ծաղիկ, որ հրաշալի դարման է հազի համար և շատ դժվարությամբ է ձեռք բերվում։ Գուվար Քորոն ընկել էր սարուձոր, հավաքել էր այդ ծաղիկը, չորացրել, որպեսզի Ավետիս Ամուճան ձմեռը խմի և չհազա։ Այդ ծրարը Գուվար Քորոյի վերջին հոգատարությունն էր ամուսնու համար։
– Գուվա՛ր, մատնե՜րդ սիրեմ, աս ծաղիկը ինտո՞ր ժողվեցիր…
Ո՛չ ոք չկար, որ մի քանի մխիթարական խոսք ասեր, ծրարը հեռացներ աչքիցը և հանգստացներ, մենակ էր, նայում էր չորացած ծաղիկներին, հոտ քաշում և հեկեկում։
Գ
Մի առավոտ Ավետիս Ամուճան խանութը բաց անելիս նկատեց, որ Թումուճան Ախպարի խանութը փակ է։ Խանութի փակ լինելը տարօրինակ թվաց, որովհետև Թումուճան ախպարը միշտ իրենից առաջ էր խանութը բաց անում։ Մինչև կեսօր սպասեց, Թումուճան Ախպարի խանութը չբացվեց։
– Կերևա հիվընդցեր է, – մտածեց Ավետիս Ամուճան։
Բայց մինչև իրիկուն պարզվեց, որ Թումուճան Ախպարը խանութը չի բաց արել, որովհետև պսակվել է։
– Վա՛յ, շունշանորդի՛, – վա՜յ, – բացականչեց Ավետիս Ամուճան, երբ առաջին անգամ լուրն ստացավ։
– Ծո՛, մարդ կնիկ մը թաղե ու նորեն կարգվի՞… Ի՜նչ աշխարհք մնացինք։
Երկու օր հետո Թումուճան Ախպարը եկավ խանութ։
– Ի՞նչ ընեի, տանը մեջ մինակ՝ շվաքիս հետ կխաղայի՛․․․― պատճառաբանեց Թումուճան Ախպարը։
Ավետիս Ամուճան տարակուսանքով օրորեց գլուխը։
Այդ օրերից մեկում նա հանդիպեց մի ծանոթի։ Ծանոթը տեսավ, որ Ավետիս Ամուճան շատ տխուր է, ասաց.
– Է՜, Ավետի՛ս Ամուճա, շատ մի՛ մտմտա, դուն ըլ արդեն ծեր ես, ասկեց ետքը կնիկն ի՞նչ տ՚ենես։
Ավետիս Ամուճան պատասխանեց։
– Ծո՛, սարսախ, կնիկը վաթցունեն վերջը պետք է։
– Հա՞։ – Թումուճան Ախպարը կճանչնա՞ս։
– Հա՛, կճանչնամ։
– Իշտե վաթցունին վերջը կարգվավ մարդը։
– Եթե էդպես է, դո՛ւն ըլ կարգվիր, կնիկը կնիկ է, – խրատեց ծանոթը։
Ավետիս Ամուճան ցնցվեց.
– Կարգվի՞մ։
– Կարգվիր յա՜։
– Նոր կնիկ բերիմ, հա՞։
– Հա՛։
Ավետիս Ամուճային դուր եկավ այս խրատը, բայց երբ բաժանվեց և տուն գնաց, չկարողացավ մոռանալ։ Մի քանի օր հետո նա նորից հանդիպեց նույն ծանոթին փողոցում, կանգնեցրեց նրան և ասաց.
– Գիտե՞ս, դուն գլխուս մեջը ճրագ վառեցիր։
Ծանոթը մոռացել էր, գլխի չընկավ։
– Ի՞նչ կըսես, չի՛մ հասկնար։
– Ըսիր քի՝ նորեն կարգվիր։
– Հա յա՜, նորեն կըսիմ, նոր կնիկ ա՛ռ, նոր կնիկը ավելի քաղցր կ՚ըլլի։
– Ավելի քա՞ղցր։
– Յա՜…
Երբ Ավետիս Ամուճան Թումուճան Ախպարին հարցրեց, թե՝
– Նոր կնիկդ ինտո՞ր է։
Թումուճան Ախպարը պատասխանեց.
– Շեքերի պես։
Ավետիս Ամուճայի մտքում մեխվեց նորից ամուսնանալու գաղափարը։ Դրանից հետո նա զգալապես աշխուժացավ։ Երկար ժամանակ էր մորուքը չէր կտրել, գնաց և մաքուր սափրվեց և նոր, չուխայից շալվար կարել տվեց, մեկ֊մեկ սրճարաններում սկսեց երևալ և կիրակի օրերն էլ՝ ժամի բակը։
Նրան հաճախ տեսնում էին քաղաքի Վարի թաղը։ Սա բոլորովին անսովոր երևույթ էր։ Այդ թաղում նա ո՛չ ազգական ուներ, ո՛չ էլ բարեկամ։
Վարի թաղում մենակ, փոքրիկ և խարխուլ մի խրճիթում ապրում էր Թագուկ Տուտուն, մի այրի, որի ամուսնուն տարիներ, տարիներ առաջ Ավետիս Ամուճան ծանոթ էր եղել և պատահել էր մի քանի անգամ, որ Ավետիս Ամուճան նրա կնոջ ձեռքից օղի էր խմել, երբ նրանք ապրում էին Վարի թաղում։
Ավետիս Ամուճայի Վարի թաղում քսվռտվելու, ինչպես ասում էին, պատճառը Թագուկ Տուտուն էր, որին տեսել էր ժամից դուրս գալիս և հիշել, որ նրա ամուսինն ահա մի քանի տարի է, որ չկա։
Վարի թաղում մեկ֊երկու շաբաթ քսվռտվելուց հետո մի օր տեսավ Թագուկ Տուտուին խարխուլ խրճիթի դռան շեմքին կանգնած, ձեռքերը ծալած և գոգնոցի տակով դրած փորի վրա։
Ավետիս Ամուճան մոտեցավ նրան և հարցրեց.
– Հալըդ, վախտդ ինտո՞ր է։
– Հալ ու վախտ կհարցնե՞ս, հալ ու վա՞խտ է մնացել, – պատասխանեց Թագուկ Տուտուն և տխրորեն նայեց երկնքին, որ սկսել էր սևանալ անձրևով ծոցվորված ամպերով։
– Արզև տի գա։
– Թող գա, ի՞նչ զերեր։
– Տեներնիս ծակերն ըլ ըհը ամեն մեկը, – պատասխանեց Թագուկ Տուտուն, մատներով ցույց տալով կտուրի ճեղքերի չափը։
– Էդի հե՜չ, մեռնել է, ճա՞ր չիկա, ատոր ճարը կա, մեյ մը վեր ելլամ, նայիմ, – ասաց Ավետիս Ամուճան և ուղիղ քշեց դեպի կտուրի աստիճանները։ Մի ժամից ավելի նա չարչարվեց, փակեց ճեղքերը, ոտներով կոխկռտեց, ժրացրեց և իջավ ներքև, երբ արդեն անձրևի խոշոր կաթիլները սկսել էին թափվել երկնքից։
Թագուկ Տուտուն, խորապես զգացված այս բարեկամությունից, թույլ չտվեց, որ Ավետիս Ամուճան անմիջապես հեռանա, աթոռ տվեց, նստեցրեց և, բանալով պահարանը, նրան երկու բաժակ օղի հրամցրեց։
Ավետիս Ամուճան երկար ժամանակ էր, ինչ կնոջ հետ չէր խոսել, ուղղակի հեշտանք զգաց և ուզեց մի քիչ ավելի մնալ։
– Կուզիմ քիչ մըլ կենալ, տեսնամ պիտի կաթե՞, թե չէ, – ասաց և նայեց առաստաղին։
– Հա՜, աղեկ ըսիր, դուրսն ըլ արզևը կշռշռա։
Եվ Ավետիս Ամուճան նրան ասաց,
– Է՜հ, Թագուկ Տուտու, ես ըլ, դուն ըլ էս աշխարհքի մեջ մնացինք մինակ։
– Քա, ի՞նչ կըսես…
– Յա՜, Գուվարս մեռավ․․․
Եվ Թագուկ Տուտուն իր աչքերով տեսավ, որ այդ վաթսուն և հինգ տարեկան ծերունին, այդ կոպիտ մարդը մանկան նման լաց էր լինում իր մեռած կնոջ վրա։
Այդ իրողությունը խորը, խորը տպավորություն թողեց Թագուկ Տուտուի վրա և ինքն էլ ձայնակցեց լացին։
Հաջորդ առավոտյան Թագուկ Տուտուն բոլոր հարևանուհիներին պատմեց դեպքը և ասաց.
– Կնկա բախտն էլ էն է, որ էրիկմարդուն առաջը մեռնի, ինքը չի լա մարդուն վրա, մարդը լա իրեն վրա։
Այդ օրվանից Ավետիս Ամուճան հաճախ էր երևում Վարի թաղում և հատկապես Թագուկ Տուտուի խրճիթում։
Այն օրն անձրևը չէր կարողացել թափանցել Թագուկ Տուտուի կտուրը։
– Հեչ չպիտի թողում, որ կաթիլ մի վար գա, – վճռականորեն ասաց Ավետիս Ամուճան։
– Սաղ ըլլիս, Ավետիս Ամուճա, – պատասխանեց Թագուկ Տուտուն։
Երբ անձրևներից հետո ձյունը թափվեց, Ավետիս Ամուճան սկսեց գնալ և Թագուկ Տուտույի կտուրի ձյունը մաքրել։
Առաջին ձյունը երբ թափվեց և առավոտյան դեմ կտրվեց, Ավետիս Ամուճան գնաց Թագուկ Տուտույի տունը, առանց նրան լուր տալու բարձրացավ կտուրը, կտուրի աստիճանները դրսից էին, և սկսեց մաքրել ձյունը։ Թագուկ Տուտուն դեռ չէր զարթնել, հենց Ավետիս Ամուճայի՝ կտուրի վրա գնալ֊գալուց էլ զարթնեց։
– Քա, վո՞վ է տեները ելեր, ձոնը կմաքրե, – ասաց Թագուկ Տուտուն ինքնիրեն և դուրս ելավ։ [ էջ] – Ե՛ս իմ, Թագուկ Տուտո՛ւ։
– Քա՛, ի՜նչ նեղություն։
Ավետիս Ամուճան էլ չպատասխանեց և փայտե թիի կոթը փորին դրած՝ քշեց ձյունը դեպի փողոցը։
Թագուկ Տուտուն ներս եկավ։ Էլ նրա մեջ ո՛չ մի կասկած չմնաց, թե ինչ էր Ավետիս Ամուճայի միտքը։ Երբ Թագուկ Տուտուն եկավ այդ եզրակացության՝ խորը ուրախություն զգաց, նրան պաշարեց մի այնպիսի զգացում, որ ամուսնու մեռնելուց հետո չէր ունեցել։ Չհամբերեց, նորից դուրս եկավ և բարձր ձայնով կանչեց.
– Ավետիս Ամուճա՜, Ավետիս Ամուճա՜…
Ավետիս Ամուճան նորից եկավ կտրի ծայրը, կանգնեց և ցուցադրական ձևով քրտինքը սրբեց։
– Ավետիս Ամուճա խալըսելեն ետքը վար եկո՛, բան մը պիտի ըսեմ։
– Փե՛ք աղեկ, փե՛ք աղեկ, կուգամ։
Թագուկ Տուտուն պատրաստություն տեսավ, որ նրան նախաճաշ տա։
Քիչ անց Ավետիս Ամուճան հայտնվեց ներքևում։
– Քա՜, շնորհակալ եմ, ընծի համար նեղություն քաշեցիր։
– Բան մը չէ։
Թագուկը նորից նրան հրամցրեց երկու բաժակ օղի և ձվածեղ եփեց այս անգամ։
– Նեղություն մի քաշեր, Թագուկ Տուտու։
– Քա՜, նեղությունս ի՞նչ է, քըզի նման բարեկամի համար պարտականությունս է գառնուկ մորթել, ամա չունիմ։
– Մեկ խոսքդ հազար գառնուկ արժե, Թագո՛ւկ Տուտու, – ջերմագին ասաց Ավետիս Ամուճան։
Ձյունը մաքրելու օրերից մեկում, ձմռան կեսերին, Ավետիս Ամուճան Թագուկ Տուտուի առաջ բաց արավ իր սիրտը։
Եվ ձմռան կեսերին Թագուկ Տուտուն տանտեղ որոնող մի մարդու ծախեց իր խրճիթը, ինքն էլ փոխադրվեց Ավետիս Ամուճայի տունը, իբրև օրինավոր կինը՝ եկեղեցիով թագ ու պսակ եղած։ Թե Ավետիս Ամուճան ինչպես վերջացրեց այդ հարցը, ո՜չ ոք չիմացավ։
Ավետիս Ամուճայի համար սկսվեց նոր մի կյանք, ինչպես գիշերից հետո լուսաբացը, աշխույժ, ոգևորված և ուրախ։
– Աշխարհքն աղեկ բան է եղեր, ես չէի գիտեր, – ասում էր նա բոլորին։
Մի քանի օրվա րնթացքում Թագուկ Տուտուն վերականգնեց հին տունը, մաքրեց, դարսեց, լվաց, արդուկեց, կարկատեց։ Տան ամեն մի առարկան սկսեց ծիծաղել, ինչպես առաջ, ամաններն ստացան իրենց նախկին փայլը։
– Ամա՜ն, Թագուկս, հոգուդ ղուրբան ըլլիմ, դուն էզիյեթ մի՛ քաշեր, ե՛ս կենիմ։
Եվ շտապում էր նա օգնելու Թագուկ Տուտուին, չթողնելով որ, գեթ իր ներկայության, ամենաթեթև իրն անգամ վերցնի և տեղափոխի, այն մարդը, որ կես դարից քիչ պակաս ապրել էր մի ուրիշ կնոջ հետ և, ինչպես ասում են, մատը մատին չէր թաթխել։
Նրա թախիծին ծանոթները երբ հանդիպում էին նրան և չիմանալով, որ ամուսնացել է, զարմանում էին՝ տեսնելով նրա փոփոխությունը, հարց էին տալիս.
– Ի՞նչ եղավ, որ էսպես…
– Չե՜ս ըսեր՝ կարգվա։
– Հա՞։ Ինտո՞ր է։
– Խայմախի պես։
Ավետիս Ամուճան, թեև զգալիորեն կզած, բայց կարծես թռչկոտում էր, այնքան բարձր տրամադրության մեջ էր։
Երբ Թագուկ Տուտուն օղին բերում էր, դնում Ավետիս Ամուճայի առաջը, նստում կողքին և ասում՝ «Անուշ ըրե», Ավետիս Ամուճան իրեն զգում էր երջանկության յոթերորդ երկնքում, աճապարում էր իր թևի տակի կակուղ բարձը վերցնել և դնել Թագուկ Տուտուի կողքին, որ վրան հենվի։
– Կողերդ չցավի, մեղք ես, Թագո՛ւկս, – շշնջում էր նա։
Եվ ակնարկելով բարձի բրդին, ավելացնում էր.
– Լուսահոգին է չփխեր։ Հակառակ այնքան գուրգուրանքներին, Թագուկ Տուտուին դուր չէր գալիս, որ լուսահոգիի մասին մի բան էր ասում Ավետիս Ամուճան կամ որևէ առիթով հիշում էր նրան, թեև ոչինչ չէր ասում և ճիգ էր թափում ոչինչ ցույց չտար։ Ժամանակաի ընթարցքում Ավետիս Ամուճան գլխի ընկավ և այլևս չհիշեց և չխոսեց նրա մասին, և Գուվար Քորոն բոլորովին մոռացվեց այդ տանը։
Մի օր, գրեթե պատահաբար, Ավետիս Ամուճան հարցրեց Թագուկ Տուտուին,
– Ինչո՞ւ անպտուղ մնացիր։
Թագուկ Տուտուն չկարողացավ անմիջապես պատասխանել, աչքերը թացացան և ապա արցունքի խոշոր կաթիլներ կախվեցին նրա կոպերից.
– Լուսահոգին Ստամբոլ գացեր էր, կ՚ըսեին քի՝ հիվնդցեր է, – ի վերջո շշնջաց Թագուկ Տուտուն մռայլագույն թախիծով։
Ավետիս Ամուճան բռնեց նրա գլուխը և ասաց.
– Ընծի ըռաստ գայի՜ր…
Թագուկ Տուտուի աչքերը պայծառացան։
– Տղա մի, աղջիկ մի, էվել չէ, – շշնջաց նա։
– Հա՜, յա՜, – բացականչեց Ավետիս Ամուճան հպարտությամբ։
Մի օր Ավետիս Ամուճան տուն մտնելիս լսեց, որ Թագուկ Տուտուն ինքնիրեն գանգատվում էր. «Էս հավերն ըլ հոգիս հանեցին, քը՜շ, քը՜շ, քըշա՜ ա՜ …»։
Այդ օրվանից Ավետիս Ամուճան սկսեց հավերը մեկիկ֊մեկիկ մորթել։ Տասն և հինգ օր նրանք ամեն օր հավ կերան, որպեսզի վերջացնեն։
– Քա՜, մա՛րդ, – ասում էր Թագուկ Տուտուն, – մի՛ մորթեր, մեղք են։
– Դո՞ւն մեղք ես, թե հավերը, անոնց խե՛րն անիծեմ, – ասաց Ավետիս Ամուճան։
Հարևան կանայք, տեսնելով Ավետիս Ամուճայի գուրգուրանքը նոր կնոջ հանդեպ և հիշելով Գուվար Քորոյին, ասում էին.
– Անտե՜ր մնար Գուվարը, արևոտ օր չի տեսավ, հիմա կնկանը Թագուկ մըլ կըսե, Թագուկ մըլ բերն են կըյնի։
Եվ օրերը թռչում էին ուրախ։ Ավետիս Ամուճան այնքան երիտասարդություն էր զգում իր մեջ, որ խանութում մեկ աշխատանքի տեղը տասն էր անում։
Ժամանակի ընթացքում Թագուկ Տուտուն, որն սկզբում բավական տատանվել էր իր խրճիթը ծախելու և ճակատագիրը կապելու Ավետիս Ամուճայի հետ, գտավ, որ այդ չեչոտ և տափակ քթով, մազակալած ականջներով, մեծ բեղերով, ֆիզիկապես գրեթե այլանդակ մարդու մեջ կար ջերմագին մի սիրտ։
Երբ Թագուկ Տուտուն ձավար կամ այլ բան փռում էր կտուրը, որ չորանա, Ավետիս Ամուճան ժամերով նստում էր կտրի ծայրին, ծխում և հսկում, որ ճնճղուկներն ավերումներ չանեն։ Եվ դա անում էր ուրախ սրտով, առանց ջղայնանալու։ Իրերը շալակում էր, բարձրանում կտուրը, կտուրից վար բերում, էլի բարձրանում, էլի վար բերում, և՝ ո՛չ մի հոգնություն, ո՛չ մի սրտնեղություն։
Եթե պատահեր, որ Թագուկ Տուտուն բաժակը ջուր լցներ խմելու և մի ումպ կուլ տալուց հետո կանգ առներ, թե՝ տաքացել է, Ավետիս Ամուճան անմիջապես ձեռքիցն առնում էր բաժակը և չէր թողնում, որ խմի.
– Քիչ մը բեքլեմիշ ըրե, երթամ թաժա ջուր բերիմ։
– Չէ՜, թող խմիմ, ջեննե՜մ…
– Չէ՛, երթամ բերիմ։
Եվ ծերունին վազում էր աղբյուր՝ մանրիկ քայլերով, ուրախ և աշխույժ, թարմ և սառը ջուր բերում, որ Թագուկը խմի։
– Էս ջրին պես երկար ըլլիս, մա՛րդ, – ասում էր Թագուկ Տուտուն խմելուց և կռթալուց հետո։
– Բերանդ պագնիմ, Թագո՛ւկս, – բացականչում էր Ավետիս Ամուճան։
Շատ անգամ էր պատահում, որ Ավետիս Ամուճան ժամանակից առաջ խանութը փակեր և տուն վազեր։
– Ո՞ւր էսպես, – հարցնում էին խանութի հարևանները։
– Երթամ տեսնամ կնիկս ի՞նչ կենե, հազար տարի է չիմ տեսեր, – պատասխանում էր Ավետիս Ամուճան և շտապում դեպի տուն։ Հարևանները ետևից ծիծաղում էին և ասում.
– Թամա՜մ խենթըցեր է։
Թագուկ Տուտուն, ամեն անգամ որ ցանկություն էր հայտնել այսինչ կամ այնինչ բանը լիներ՝ ուտեր, զղջացել էր, որովհետև տարվա այդ եղանակին այդ բանը գրեթե անկարելի էր ճարել, բայց բավական էր, որ Թագուկ Տուտուն ցանկություն հայտներ ուտելու՝ Ավետիս Ամուճան անպայման պիտի գտներ։ Նա խփում էր իր ծերացած գլուխը ամեն մի քարի, որպեսզի ճարի և իր Թագուկին կերցնի։
– Ամա՜ն, մուրազը փորը չմնա, – ասում էր Ավետիս Ամուճան։
Մի ձմեռ գիշեր, երբ երկուսը տաք քուրսիի շուրջը նստած՝ զրույց էին անում, ինչպես եղավ, Թագուկ Տուտուի բերնիցը թռավ.
– Ասմա խավող ըլլեր՝ ուտեինք։
Ավետիս Ամուճան դիտմամբ արձագանք չտվեց, որպեսզի Թագուկ Տուտուն արգելք չլինի իր մտադրության։ Քիչ անց նա վեր կացավ և սկսեց դուրս գնալ։
– Քա՛, ո՞ւր։
– Ոտաց ճամփա։
– Քա՜, ես ըլ… – էլ չշարունակեց Թագուկը, այն մտահոգությամբ, որ Ավետիս Ամուճայի միտքը բան չգցի։
Ավետիս Ամուճան դուրս եկավ փողոց, որպեսզի գնա խաղող գտնի։ Դրսում քամին, սառնաշունչ և դաժան, ոռնում էր, հեռագրական թելերը սուլում էին, և բարձր չոր բարդիները խոնարհվում էին կես մեջքով և ուղղվում։
Ավետիս Ամուճան ուղղակի դիմեց թուրքերի թաղը, որովհետև միայն թուրքերն ասմա խաղող կպահեին։ Ծեծեց մի դուռ։ Երկու, երեք, չորս։ Հինգերորդ դուռն արձագանքեց՝ ո՞վ է։
– Հիվանդ ունիմ, կմեռնի, խավող կուզե, – աղաչեց Ավետիս Ամուճան։
Բաց արին դուռը, տվին խաղողը։
Տուն մտնելիս Ավետիս Ամուճայի բեղերից լուլաներ էին [ էջ ]կախվել։ Թագուկ Տուտուն ուրախության արցունքներով փաթաթվեց նրա վզովը և ասաց.
– Քա՛, ո՞ւր գացիր, կարծեցի քի կինե աշխըրքի մեջ մինակ մնացի։
– Գացի ասմա խաղող բերի, որ ուտես, Թագո՛ւկս, – ասաց Ավետիս Ամուճան և հպարտությամբ խաղողը դրեց նրա առաջը։
– Քա՜, – բացականչեց Թագուկ Տուտուն։
Ձմռան կեսգիշերին, փոքրիկ խրճիթի մի սենյակում, լամպի աղոտ լույսի տակ, ծաղկում էր մի սեր, որ ավելի խորն էր, քան որևէ երիտասարդ զույգի սերը։
Երբ Ավետիս Ամուճան փորձեց ձեռքով պոկել բեղերի սառույցի կտորները, Թագուկ Տուտուն չթողեց.
– Բեղերդ կցավի, քիչ մի բեքլեմիշ ըրե, կլկի։
Ավետիս Ամուճան ականջ չկախեց, պոկեց սառույցը, թաշկինակով չորացրեց բեղը և ասաց.
– Կե՛ր, տեսնամ։
– Դո՛ւն ըլ կեր։
– Հըլա դո՛ւն կեր։
Ավետիս Ամուճան անսահման հրճվանքով դիտում էր Թագուկին, որ սմքած, բայց շաքարի պես քաղցրացած խաղողի հատիկները հատիկ֊հատիկ դնում էր բերանը, ծամում։
– Քեֆդ եկա՞վ, Թագու՜կս, – ի վերջո հարցրեց Ավետիս Ամուճան։
– Էն էլ ինչպե՜ս…
Ավետիս Ամուճան մոտեցավ նրան, մի ձեռքը դրավ նրա գլխի ետևը, մյուս ձեռքով բռնեց և վեր բարձրացրեց ալեխառն մազերի մի փնջիկ և ասաց.
– Աս մազը կա՞ յա, աս մազը քսան տարեկան աղջկան մազերի հետ չեմ փոխեր, կե՛ր, Թագու՜կս, կե՛ր։
Երբ Թագուկ Տուտուն խաղողը կերավ և վերջացրեց՝ ի տրիտուր Ավետիս Ամուճայի հերոսական սիրո, զգուշության համար չորս կողմը նայելով, որպեսզի ոչ ոք չլսի, ասաց.
– Աս գիշեր ծոցդ գամ…
Դ
Կյանքի դաժան օրենքը, սակայն, չթողեց, որ այս ծերունիները սպիտակ մազերից հետո նորից ծաղկեին, ինչպես գարունն էր ծաղկում՝ սևանային նրանց մազերը, կնճիռներն անհետանային, մեջքերն ուղղվեին և աչքերը, պայծառացած, թարթեին կանաչ դաշտերի և կակաչներով վառվող արտերի վրա։
Թագուկ Տուտուն հիվանդացավ, հազում էր սաստիկ, հազը երբ բռներ, աղիքները դուրս էին թափվում։
– Հեքի՛մ էֆենդի, – աղաչում էր Ավետիս Ամուճան, – ճար մի ըրե՛, փրկե մեկ հատիկս, քու եսիրդ ըլլիմ։
Բայց ո՛չ մի ճար չեղավ։
Գարնան սկզբին, երբ ուռենին հազիվ էր կանաչ ոստեր տվել, Թագուկ Տուտուն փակեց իր աչքերն ընդմիշտ։
Վերջին անգամ նա ասաց Ավետիս Ամուճային, զարմանալիորեն պայծառացած, խոշորացած աչքերը հառելով նրան.
– Մա՛րդ, դուն ըլ ետևես եկո՛, աշխըրքի մեջ մինակ մի՛ մնար։
Խորտակվեց փիրուզյա և աստղերով ծածկված գմբեթը Ավետիս Ամուճայի սպիտակած գլխի վրա։
Նորից հավաքվեցին ազգականներ և ծանոթներ, վերցրին Թագուկ Տուտուի դագաղը և շտկվեցին դեպի հին գերեզմանոցը։
Մինչև գերեզմանոց Ավետիս Ամուճան ձեռքը դրել էր Թագուկ Տուտուի սառը ճակատի վրա, լաց էր լինում և ասում.
– Ո՞ւր կերթաս, ընծի մինա՞կ կթողուս։
Մարդիկ զարմանում էին, թե ինչո՞ւ մի ծերունու այդքան վիշտ պիտի պատճառեր մի պառավի մահը։
Երբ դագաղը դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Ավետիս Ամուճան կռացավ դագաղի վրա, բարձր լաց եղավ և ասաց.
– Թագո՛ւկս, Գուվարին բարև ըրե՛, ասոր, վաղը ե՛ս ըլ կուգամ, Թագո՛ւկս, իլք բահարի ծաղի՛կս…
Արցունքը խեղդեց ծերունու կոկորդը, չկարողացավ շարունակել։ [ էջ ]Դագաղը իջեցրին փոսը և սկսեցին հողը լցնել։
Ավետիս Ամուճան էլ չկարողացավ նայել, ետ քաշվեց, աչքերը հառեց երկնքին, ինչ֊որ շշնջաց դողդոջուն շրթունքներով, ապա աչքին զարկավ Գուվար Քորոյի գերեզմանը, որ գտնվում էր հիսուն քայլ հեռու, նայեց, նայեց և սկսեց քայլել դեպի նրան։ Գնաց, չոքեց Գուվար Քորոյի հողակույտի վրա, արցունքի մի նոր ուղխ ողողեց նրա աչքերն ու հոգին, և ասաց.
– Թագո՜ւկս ըլ մեռավ, Գուվա՛ր, իրարու աղեկ նայեցեք՝ մինչև ես ըլ գամ։
Մինչ այդ հուղարկավորներն անտարբեր էին, թաղում էին մի պառավ կին, բայց երբ Ավետիս Ամուճան գնաց և սկսեց ողբը շարունակել Գուվար Քորոյի հողակույտի վրա, բոլորի աչքերն էլ խոնավացան։
Երբ տուն բերին Ավետիս Ամուճային, տանն ավելի ողբագին շարունակեց լացը և ասաց.
– Աշխըրքի մեջ մինակ երկու գերեզման ունիմ, ուրիշ բան չունիմ…
1934 թ.
Գևոն
Ա
– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, սաթթըղըմ քեհլան, քեհլան, քեհլան…
Անկըճմուկենց Գևոյին ձայնն է, որ քաղաքին կեսը արձագանք կուտա, կը պոռա, կը կանչե, կը մռնչե։
Գևոն ձի կը ծախե։
* * *
Մեր տեղերը ձի ծախելը ամենավարնոց արհեստն էր, որուն համահավասարը միայն աղվնիկ խաղցնելն էր։
Ձիու ճամպազի աղջիկ տալը կնշանակեր քրիստոնեական կանոնե քչիկ մը հրաժարիլ և նեզենիմ աղջիկը կրակը ձգել։
Բայց ամեն արհեստ իր հերոսությունն ունի։ Զիու ճամպազին ալ հերոսը կար։
Գևոն ձիու ճամպազության հերոսն էր։
Կը գներ որևէ տեսակի ձի, որովհետև գիտեր, թե ինչպես պիտի ծախեր։
Զիու ճամպազը իր հերոսիկն ունի։ Այդ արհեստը երկու հոգիով կդառնա։
Բ
Գևոն նստած է տանը դռան առջև խաչաձևած չորս փայտերով շինված ցած աթոռի մը վրա և ներկյուլե կը քաշե։ Շատ խոր մտածմունքներու մեջ է, մերթ կը նայի գետնին, մերթ երկնքին, աչքերը կը դարձնե և կը խորհի, բայց նայվածքի մեջ խորություն չիկա, միայն իր պզտիկ ուղեղ ունեցողի ձևերն են, որ հանդիսավորություն կուտան իր խորհելուն։
Օվիկը, իր հերոսիկը, պըպըզած է իր դեմը երկյուղածությամբ և սիգարեթը պահած է ափին մեջ, որպեսզի իր վարպետը չի նշմարե իր ներկայության ծխելու անպատկառությունը և համարձակությունը, թեև վարպետը բացեն կը տեսնե ծուխը, որ կը բարձրանա Օվիկի բերնեն և քթի ծակերեն, բայց չտեսնելու կը զարնե, բավական է, որ Օվիկը կզգուշանա սիկարեթը ցուցնելե։
– Օվի՛կ – առաջինը կսկի խոսիլ Գևոն, – Խըրը ինչպե՞ս է, վաղը ծախենք որ երթա։
Օվիկը մեղմիվ կը հազա, քիչ մը բարձրանալու պես բան մը կ՛ընե ու նորեն կր պըպըզի, ֆեսը կը շտկե և կպատասխանե.
– Խըրին բանը պաշխա է, աղա՛, քանի կերթա կը կատղի, – դարձյալ կը կիսաբարձրանա ու կը պըպըզի, սիգարեթը նետելով իր ոտքին տակ աննշմար։
– Հեչ լուսուն ցուցուցի՞ր, – կը հարցնէ խորհրդավոր կերպով Գևոն։
– Լուս չէ օր, քիպրիթ չէ տեսեր, աղա՛։
Օվիկը կուզէ բան մը ավելի ըսել, բայց չի համարձակիր։ Գևոն կզգա Օվիկի անհանգստությունը։
– Գիտես քի բան մը ունիս։
– Հալա, հալա, – կը հազա, խռչափողը կմաքրե, – հալա վաղը շուտ է― մեկ քանի օր ըլ թող խըզմիշ ըլլի, աղէկ է։
– Փեք աղեկ, փեք աղեկ, Օվիկ, – կը պատասխանե Գևոն ոտքը ոտքին վրա նետելով և ավելի ցուցադրելով իր աղտոտած վարտիկի փաչաները, – ես դիտմամբ ըսի վաղը ծախենք, տեսնամ դուն ինչ կ՚ըսես, կամաց֊կամաց կը սովրիս, արհեստեն կը հասկնաս։
Օվիկը երջանիկ է, փղձկելու չափ ուրա՛խ…
– Օվիկ, ես քեզ մարդ պիտի շինեմ, պապուդ քով օր մնայիր՝ էշ կը դառնայիր, հը… – գոռոզությամբ կարտասանե, – էշ՛ պիտի դառնայիր, էշ՛, կը հասկնա՞ս։
– Էվալլա՛, աղա՛, էվալլա՛, իմ հույսս ըլ դուն ես, – հազիվ շնորհակալություն հայտնելու կը համարձակի Օվիկը։
Օվիկը ավելի և ավելի բախտավոր կզգար ինքզինքը իր սողոսկող ստրկության մեջ։
Օվիկը Գևոյին քով դնելուն համար տանը մեջ իր հոր և մոր միջև պաղություն ինկեր էր։ Մայրը, խեղճ ու կրակ գավառացի կին մը, խելքին փչեր էր, որ Օվիկը եթե դպրոցը շարունակեր, ավելի լավ կըլլար, բայց հայրը ընդդիմացեր էր և պնդեր, որ ավելի աղեկ էր արհեստի դնեին և ինքն իրեն որոշած էր Օվիկը ձիու ճամպազ դարձնել, որովհետև իր արհեստը ապերախտ արհեստ էր, խալաճությամբ ո՞վ կրցեր էր հարուստ ըլլալ։
Օվիկը վեց տարիե ի վեր Գևոյին կը ծառայեր, ձիերը ջրելու կըտաներ, թիմար կըներ, թրիքները կը մաքրեր, կենդանիներուն վերքերը կը լվար և ատեն֊ատեն ալ ձիու պոչ կը բռներ, որովհետև էգ ձիու տերը քառորդ մը կուտար անպայման իբրև պախշիշ։
Այս դրամով Օվիկը շիշ մը օղի կը տաներ իր հորը։
– Պապա, պախշիշի փարա է, խմե՛, – գոհունակությամբ կը հայտարարեր Օվիկը։
– Տեսա՞ր, կնիկ, – կը դառնար Օվիկի հայրը իր կնոջ― տեսա՞ր, վարժատունը պախշի՞շ պիտի տայի՜ն, աֆերիմ, տղաս, աֆերիմ, վարձքդ կատար։
Օվիկի վարձքը ձիու պոչ բռնելն էր։
– Վաղը,― կը շարունակեր խոսակցությունը ճամպազ Գևոն, – վաղը Տոռին ծախենք, հը՛, ի՞նչ կըսես ասոր, Օվի՛կ, հա՜յ գիտի թերես, մա՛րդ եղար, մա՜րդ…
– Ատոր խոսք չի կա, աղա, – կը մլավեր Օվիկը։
Գ
Երկրորդ օրն է։ Տոռին դուրս են հանած ծախելու։
Տոռին գնված էր ծախվելե տասն և յոթն օր առաջ։ Բոլորը Գևոյին վրա ծիծաղեցան։
– Ի՞նչ ձի է, որ կառնե։
Բայց ամեն անոնք, որոնք Գևոյի ճամպազական հեղինակության վրա գաղափար ունեին, գլուխնին երերցուցին և ըսին.
– Գևոն սատկածն ալ կրնա ծախել, ոչ թե միայն շնչող ձին։
Տոռին գնված ատենը միայն ոսկոր էր։ Տերը փոխանակ ազատ թողնելու ձին՝ բերած էր հրապարակ իբրև կաշի ծախելու։ Գևոն վճարեց երեք մեճիտե։
Տոռին բերին տուն և պահեցին տասն և յոթն օր մութ ախոռին մեջ, դուռն անգամ զգուշությամբ բանալով և գոցելով, որպեսզի չըլլա թե լույսի շող մը իյնա Տոռի աչքերեն ներս։ Օվիկը խնամեց ուշի֊ուշով, համաձայն իր վարպետին տված հրահանգներուն։
Գևոյի տված հրահանգներեն ամենեն կարևորը այն էր, որ Օվիկը օրական մեկ քանի անգամ պիտի մտներ մութ ախոռը և զանազան ձայներով և հպումներով պիտի ջղայնացներ ձին, որպեսզի լույս աշխարհ բերած օրերնին՝ արդեն կենդանին կատաղած ըլլալու վիճակին հասած ըլլար՝ ցատկելու, անհանգիստ շարժումներ ընելու համար։
Օվիկը հեծած է Տոռիին վրա, հաճախորդները դատապարտյալի պես կանգնած են և կը դիտեն։
Օվիկը մեկ վար, մեկ վեր կերթա ու կուգա սարսափելի աղմուկներով, Գևոն կանգնած է հաճախորդներու միջև և մերթ ընդ մերթ խոսք կը նետե։
– Արաբական ճինս է, ամմա լավ չեն նայած։
Հետո կը կեցնե Օվիկը և ինք կը հեծնե վերջին անգամ ըլլալով հանդիսավորություն տալու Տոռիի քայլքին, որպեսզի հետո կարենա պետք եղածին պես խոսիլ։
– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, քեհլա՛ն, քեհլա՛ն, ծախածս քեհլա՜ն է…
Տոռին անհասկանալի ջղային շարժումներ կընե երբ մեկը կա վրան հեծած, բայց երբ կիջնե, հանդարտ կը կանգնի և գլուխը կը կախե։ Արդեն անցավ մութեն դեպի առատ միջօրեի լույսը հանկարծակի դուրս գալու ջղայնությունը։ Բայց Գևոն չի թողուր, որ Տոռին հանդարտ մնա, Օվիկը միշտ վրան է, միշտ դեպի վար և վեր։
– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, արապիստան ջեօլլերտեն, արապիստան…
Հինգ ոսկիեն Գևոն կիջնա մինչև մեկուկես ոսկիի և հաճախորդներեն մեկը կը համաձայնի գնել։
Օվիկը կիջնե վար, ձին կը հանձնե գնողին և կը բռնե իր վարպետին և գնողին ձեռքերը, կը միացնե իրարու և թոթվելով, հանդիսավոր կերպով կը հայտարարե.
– Տեօնենոն…
Գնողը ձին կառնե և կը հեռանա։
– Օվիկ, լավ քշեցինք, եթե վաղը փյուզյուր մը դուրս չի գա նե։
– Բան մը չըլլիր, աղա, մի վախնար, – կը պատասխանe Օվիկy։
Մյուս օրը փյուզյուրը դուրս կուգա։ Ձին ետ են բերած։
– Իշու պես բան է, – կը հայտարարե Տոռին գնողը, – ականջները թիզ ու կես կը կախե, կը կանգնի։
– Դուք ձին հեծնալ չեք գիտեր, Օվի՛կ, – կը պոռա Գևոն,― մեր փալանը բեր։
Օվիկը մագնիսական, մոգական փալանը կըբերե, կը փոխե գնողի ձիուն վրա անցուցած փալանին հետ։
Գևոն կը հեծնե և նույնհետայն կը սկսին Տոռիի եռանդուն շարժումները։ Կը ցատկե, կը վրնջե, բերան են փրփուրներ դուրս կուտա։ Գևոն կը բերե ետ, կիջնե վար.
– Ես չըսի՞ օր ձի հեծնել չեք գիտեր. պետք է սովրիք, յավրում, սովրի՛ք։
Գնողը գլուխը կախ և խորապես համոզված, որ ձի հեծնել չի գիտեր, ձիուն սանձեն կը բռնե ու կը մեկնի առանց դույզն կասկածն ունենալու միամիտը, որ Գևոյին մոգությունը, մագնիսական ուժը ձին լավ հեծնելու մեջ չէր կայանար, այլ այն սուր գամերուն, որոնք տեղավորված էին Գևոյի փալանի տակը և որոնք կը ծակեին խեղճ անասունի կռնակը, և անասունը կը ցատկեր, անհանգիստ և ջղային շարժումներ կ՚ըներ։
Դ
Եվ ճամպազ Գևոն օր մըն ալ ինք չարաչար և աննախնթաց կերպով խաբվեցավ և այդ խաբվիլը ճակատագրական դարձավ իր կյանքին համար։
Ամեն վարպետին վարպետը կա. Գևոյին վարպետը երևան ելավ։
Տիգրանակերտեն ճամպազ Ֆիրիկը Խարբերդ բերած էր ձի մը և հանած էր շուկայի մեծ հրապարակը։
Գևոն գործի վրա է։
– Օվի՛կ եկուր տեսնամ, Ֆիրիկին թեք մը պիտի նետեմ։ Խըրը դուրս հանե։ – Եվ իբրև վերջին հրահանգ, ավելցուց. – Աչքին ուշադրություն դարձուր։
Օվիկը պետք էր աչքին ուշադրություն դարձներ՝ Խըրին մեկ աչքը քոռ էր։
Ֆիրիկն ու Գևոն մոտեցան իրարու։
– Ալիդ խոսք չի կա, – սկսավ Գևոն։
Իսկապես Ալը նշանավոր ձի էր, բարձր, աղջկա նման կուրծքով և արսլանի նման վզի բռնվածքով, մեկ ոտքը ճերմակ, իսկ մնացածները կարմիր, ճակատին վրա ալ հավկթաձև փոքրիկ սպիտակ մը, ականջները փոքր, բաշը ջրվեժի նման ծփո՜ւն, խրոխտ, ասպետական և ազնվական ըլլալու բոլոր նշաններով։
– Քու Խըրդ ալ շատ դիմացկուն է, – պատասխանեց Ֆիրիկը։
Երկուքն ալ կարճ կը խոսեին զգուշությամբ, հազար կը չափեին, մեկ կ՚արտասանեին։
Օվիկը զբաղված էր Խըրը դարձնելով աջեն ձախ, ձախեն ալ աջ՝ նայած Ֆիրիկի ըրած շարժումներուն։ Ֆիրիկը Խըրին աջ կողմը չպիտի տեսներ. ահա՛ Օվիկի մտահոգությունը։
Օվիկը իր վերջին գովեստն պիտի ստանար և Գևոյի կողմե պիտի հռչակվեր վարպետ։
Գևոն այնքան միամիտ չէր չմտածելու, որ ինչո՛ւ Ֆիրիկը Ալը կը ծախեր, երբ ամեն կերպով անիկա ազնվական ճինսե ըլլալը հաստատելը դյուրին էր։ Վերջապես Գևոն գտավ, որ Ալին պոչի բռնվածքը լավ չէր, և Ֆիրիկը, սիրահար ըլլալով ամեն կերպով անարատ ձիու, կը ծախեր։
Գևոն երկու ոսկի տվավ Խըրին վրա և Ալին հետ փոխեց։
Ֆիրիկը Խըրը ծախեց Խարբերդի մեջ չորս ոսկիի և մեկնեցավ Տիգրանակերտ։ Ուրեմն Ալը ծախեց վեց ոսկիի։
Ֆիրիկը Օվիկի շարժումներեն հասկացավ, որ Խըրին մեկ աչքը քոռ էր և երբեք այն տեղերը չեղավ։ Գևոն կարծեց, որ Ֆիրիկը ոչինչ չնկատեց։
Վարպետին վարպետը կա։
Ֆիրիկը ավելի վարպետ էր։
Գևոն ինք հեծավ Ալին վրա և բերավ տուն։ Ախոռը մտած ատեն Ալին առջի ոտքը դպավ ախոռի սեմին։ Գևոն մտահոգվեցավ։ Գիշերը ամբողջ մտածեր և եկավ այն եզրակացության, որ «կերևա քի խամ տեղ էր, թեքերլեմիշ եղավ»։
Երկրորդ օրը կեսօրին դուրս հանեց ձին, հեծավ և ուղղվեցավ դեպի քաղաքեն դուրս։
Պատահեցավ առու մը, Ալը ուղիղ գնաց և կոխեց առուին մեջ, փոխանակ հեշտությամբ ցատկելու վրայեն։
Գևոյին սիրտը դող ինկավ։ Անմիջապես ցատկեց ձիեն և, գալով կենդանիին դեմը, ձեռքերու ահաբեկիչ շարժումներ ըրավ անոր աչքերուն առջև, ձին երբեք չցնցվեցավ։ Այն ատեն նշմարեց, որ Ալի աչքերուն մեջ լույսի թրթռումներ չի կային։
Ալը քոռ էր երկու աչքերեն։
Գևոն կոտրվավ։
Հեծավ ձին և ամենայն զգուշությամբ եկավ տուն, որպեսզի չըլլա թե ուրիշը նշմարե՝ ճանապարհին ինքնիրեն մրմնջելով.
– Գևո՛, խաբվար, հարա՛մ ըլլի ճամպազությունդ։
Տուն հասնելուն, ձին քաշեց ներս։ Չէր խոսեր։ Օվիկը մոտեցավ վարպետին, ինքն ալ վարպետ այլևս.
– Աղա՛, ի՞նչ կա քի, – հարցուց Օվիկը։
– Ալը քոռ է երկու աչքերեն, Օվիկ։ Տիարպեքիրցին լավ նետեց մեզի, աղեկ տոլապ էր։
Օվիկը գլուխը ծռեց և չխոսեցավ։
– Օվիկ, ուշանալ չըլլիր, Ալը վաղը պետք է քշենք, – հարեց Գևոն։
– Քշե՛նք, – պատասխանեց Օվիկը։
Երկրորդ օրը ամենայն հեշտությամբ ծախեցին Ալը թուրք սպայի մը։
Անցավ մեկ֊երկու շաբաթ։ Թուրք սպան Ալը ետ բերավ։ Այդ արաբական ազնիվ ձին տասը Օսմանյան ոսկիի ծախելու գաղտնիքը իմացված էր։
Թուրք սպան տասը ոսկին կուզեր։ Աղմուկ, իրարանցում։
Գևոն կը ջանար հաստատել, որ երկու շաբաթ անցած է, երևի գլխուն զարկեր են, իսկ անասնաբույժները հաստատեցին, որ Ալին քոռությունը տարիներու խնդիր էր։
Ալը զարմանալի կուրություն ուներ, աչքերը բաց էին, կանոնավորապես կը թարթեր, բայց լույս չի կար մեջը։ Ճերմակ չէր իջած վրան, ջուր չէր վազեր, մաքուր աչքեր ուներ, բայց չէր տեսներ։
Պախար քոռ էր։
Գևոն ընդդիմացավ և չուզեց տասը ոսկին ետ տալ։
– Աղա, – ըսավ Օվիկը, – տուր օր երթա, նորեն կը ծախենք։
– Չէ՛, չէ՛, Օվիկ, արդեն բոլոր տեղը ձայն գնաց, եթե առանց աղմուկի, սուս֊փուս բերեր ետ տար, կառնեի, մյուս օրն ալ կը ծախեի, – հառաչանքով պատասխանեց Գևոն։
– Ես կը տանիմ Սվազ, կը ծախեմ, կուգամ, – առաջարկեց Օվիկը։
– Ո՞վ մինչև Սվազ սոլուխ պիտի առնե, չեմ տար։
Թուրք սպան այդ օրը գնաց և պատվիրեց, որ մտածե և պատասխան տա իրեն մյուս օրը։
Օվիկը և Գևոյի կինը շատ խնդրեցին իրիկունը, բայց Գևոն չհամոզվեցավ։
Գևոյին օրհասը մոտեցեր էր։
Առավոտուն թուրք սպան եկավ, տասը ոսկին ուզեց, Գևոն վերջնականապես մերժեց։
– Ալ՛ սանա, – ըսավ սպան և ատրճանակի մեկ հարվածով գետին փռեց Գևոն իր տան դռան առջև։
Օվիկը փախավ։ Կինը դուրս ցատկեց ներսեն, բռնեց ճակատը, որ արյունը կանգնեցնե, բայց ճամպազ Գևոն չիկար, անիկա մեռեր էր անդարձ։
1921 թ.
Գավառական ողբերգություն
Նվեր Դ. Դեմիրճյանին
Բազիլիո– ․․․ Նախ մի թեթև շշուկ, որն անցնում է գետնի երեսով, ինչպես ծիծեռնակը մրրկից առաջ, pianissimo մրմնջում է ու թռչում և թունավորված հետք է թողնում իր ետևից։ Մի որևէ բերան ընդունում է այն և piano, piano սահեցնում է ճարպիկորեն ձեր ականջը։ Չարիքը կատարված է, նա ծլում է, սողոսկում ու ճանապարհ հարթում և, բերանից բերան, rinforsando տարածվում է։ Ապա, հանկարծ, չեմ իմանում ինչպես, մեկ էլ տեսար, բամբասանքը տնկվում է, փքվում, ուռչում, մեծանում արդեն տեսանելի ձևով, խոյանում է, զարգացնում իր թռիչքը, պտտվում, փաթաթում, պոկում, տանում, պայթում և որոտում և, շնորհիվ երկնքի, դառնում է ընդհանուր աղաղակ, հանրային crscendo, ատելության և հալածանքի մի համաշխարհային խմբերգ։ Ո՞ր սատանորդին կը դիմանա դրան։
ԲՈՄԱՐՇԵ
«Սևիլյան սափրիչ», Բ արարված, VIII պատկեր
Ա
Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալուց հետո, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ, հազիվ հիսուն քայլ, իր խանութը, ինչպես արել էր երեսուն և հինգ տարի, իբրև անխախտ օրենք, – Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջավ Մեծ հրապարակը և այնտեղից էլ խանութը։
Բոշայենց փողոցում, ինչպես եղավ, Հաջի աղան մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ, նայեց մի լուսամուտի և անցավ, դարձյալ գլուխը կախ, մինչև հասավ խանութը։
Երբ խանութի դուռը բաց արավ ներս մտավ, հանկարծ Հաջի աղան ինքն էլ անդրադարձավ իր արածի անսովորությանը և զարմացավ՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ թե ամեն օրվա ճանապարհով։ Չկարողանալով որևէ պատճառաբանություն գտնել, քթի տակեն թեթև ծիծաղեց, կես սպիտակացած բեղը շոյեց և սկսեց բաց անել խանութի փեղկերը։
Երեսուն և հինգ տարի անցած չլինելով Բոշայենց փողոցից, Հաջի աղային բոլորովին անծանոթ էր, թե ինչ փոփոխություններ էին տեղի ունեցել այդտեղ, ո՛վ էր հեռացել այնտեղից և ո՛վ էր փոխադրվել այնտեղ։
Մինչդեռ Հաջի աղան, ըստ ամենօրյա սովորության, հաճախորդներին էր սպասարկում, Բոշայենց փողոցում ծնունդ էր առնում մի դեպք։ Երբ Հաջի աղան Բոշայենց փողոցում մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ և նայեց մի լուսամուտի, հենց այդ լուսամուտի դիմացը գտնված մի ուրիշ լուսամուտից մի կին տեսավ Հաջի աղային և, քաշվելով լուսամատից, ապշահար բացականչեց.
– Քա՜, է՞ս ինչ էր, հա՜ տեր Աստված…
Լսողները ավելի ապշահար, անմիջապես և ինքնաբերաբար, խաչակնքեցին և հարցրին.
– Ի՞նչ եղավ, Էլմա՛ս խաթուն։
Էլմաս խաթունը, առանց ուշադրություն դարձնելու իրեն եղած հարցումներին, շարունակեց.
– Տե՜ր, անուշիկ մայրի՛կ Աստվածածին, չհիշե՛ս մեր մեղքերը։
Էլմաս խաթունը, թևերը բանալով, կանգնեց սենյակի մեջտեղում և «ՏԵՐ ԶԻ ԲԱԶՈԻՄ»֊ից երկու տուն մրթմրթաց։
– Էլմաս խաթուն, ի՞նչ եղավ, քա՞, – հարց տվեց նրա ամուսնու եղբոր կինը։
– Չոջուխները դուրս հանեցեք, ըսեմ, – հայտարարեց Էլմաս խաթունը և խորհրդավոր շարունակեց. – Տեր Քրիստո՛ս, աղա՛, չհիշես մեր մեղքերը։
Երեխաներին անմիջապես դուրս հանեցին սենյակից և չորս հարս, ամենամեծը՝ Էլմաս խաթունը, նստեցին սենյակի անկյունի ջեջիմի վրա։
Էլմաս խաթունն սկսեց.
– Խամբուրենց Հաջի աղան մեր սոխախեն անցավ…
– Քա՛, ի՞նչ կըսես, – բացականչեցին մյուս հարսները, ավելի մոտենալով Էլմաս խաթունին, իսկ Էլմաս խաթունը շարունակեց․ – Կանգներ էր ու աչքերը տնկեր էր Աղքատենց հարսին։
Բոլորը միասին բացականչեցին.
– Քա՜…
– Աղքատենց հարսն ըլ, – շարունակեց Էլմաս խաթունը, – զահար գիտեր պռստվածը, փենջիրեին ետևն էր։
– Քա՜, մեղա՜․․․
– Հաջի աղայի պես մարդը որ ճամփուց ելավ, – շարունակեց Էլմաս խաթունը, – հա՛ տեր Աստված, խաչ հանեցեք։
Բ
Երբ երիտասարդ ոսկերիչ Տիգրանն ապրում էր ուրիշ թաղում, նրան անվանում էին ղույումճի Տիգրան, բայց երբ ամուսնացավ և իր խնայած գումարով տուն մը գնեց Բոշայենց փողոցում, որը մի քիչ ավելի բարձր տեղ էր համարվում, Բոշայենց փողոցի բնակիչները Տիգրանին չներեցին այդ բարձրացումը և սկսեցին նրան «Աղքատենց» անվանել, իբրև արհամարհանք։
Տիգրանն ամուսնացավ մի թշվառ, բայց գեղեցիկ աղջկա հետ։ Նրա անունը Փայլուն էր, և բոլորը միաբերան ասում էին.
– Ինքն էլ անունին պես է, փայլուն, արևի կըլմանի։
Փայլունի ծնողները մի շաբաթվա մեջ, իրարից յոթն օրվա տարբերությամբ, մեռան․ պարտատերերը ոչինչ չթողեցին տանը, քաշեցին տարան և վաճառեցին նոր պարտքերի դիմաց, Փայլունը մնաց կատարելապես թշվառ։ Այդ օրերին էր, ծնողների մահից հազիվ քառասուն օր անց, ոսկերիչ Տիգրանը, առանց որևէ մի ուրիշի միջնորդության, գնաց Փայլունի մոտ, խնդրեց նրա ձեռքը։ Թշվառ աղջիկը, հուսահատ և ահաբեկված, բռնեց ոսկերիչի ձեռքը ու առանց տատանման գնաց նրա հետ։ Ամուսնությունից երկու ամիս հետո էր, որ Տիգրանը գնեց Բոշայենց փողոցի տունը և մոտ մի տարի էր, որ ապրում էր այդ տանը Փայլունի հետ, խաղաղությամբ և սիրով։
Այն առավոտ, երբ Խամբուրենց Հաջի աղան անցավ Բոշայենց փողոցից և ոսկերիչ Տիգրանի դռան առաջ կանգ առավ, նայեց լուսամուտին, Փայլունը տանը չէր։ Հաջի աղայից կես ժամ առաջ Փայլունը Տիգրանի հետ դուրս էր եկել, միասին գնացել էին Տիգրանի հորաքրոջ տունը։ Տիգրանը և Փայլունը կեսօրվա ճաշին հրավիրված էին։ Հորաքույրը խնդրել էր Տիգրանից, որ Փայլունին առավոտվանից բերի իրենց տունը, ինքն էլ մինչև կեսօրին խանութը փակի ու գա։ Տիգրանն այդպես արավ։
Ուրեմն, երբ Խամբուրենց Հաջի աղան կանգ առավ Բոշայենց փողոցում և նայեց ոսկերիչ Տիգրանի լուսամուտին, տանը ոչ ոք չկար, բայց Էլմաս խաթունին թվացել էր, որ մի ստվեր կար «փենջիրեին ետևը», և այդ ստվերը պետք է որ լիներ մանկամարդ հարսի ստվերը։
Էլմաս խաթունը և նրանից փոքր երկու հարսները, տան մաքրությունը և ճաշի պատրաստությունը թողնելով ամենափոքր հարսին, լաչերը նետեցին գլխները և դուրս եկան տնից, ամեն մեկը՝ տարբեր ուղղությամբ։
Էլմաս խաթունը, հիսուն քայլ հեռու, հենց նույն Բոշայենց փողոցում, մտավ մի տուն, և սկսեց.
– Քա՜, Լուսնթագ խաթուն, լսե՞ր ես ի՜նչ է եղեր։
Լուսնթագ խաթունը, բամբասանքի ծարավից տոչորված, անմիջապես գործը թողեց և երեխաների հանդեպ զայրացած, բացականչեց.
– Քա՛, փիճերս կթողո՞ւն, որ ոտքս դուրս դնիմ ու բան մի լսիմ, ըսե՛, ի՞նչ է եղեր։
– Խամբուրենց Հաջաղան մեր սոխախեն անցավ։
– Քա՛… – ապշեց Լուսնթագ խաթունը։
Էլմաս խաթունը վրա տվեց.
– Աչքերը ձգեր էր Աղքատենց հարսին։
– Փայլունի՞ն։
– Պռստվածին։ Փենջիրեին ետևն էր։
– Դահա տարի մի չիկա կարգվիլը, էդ ի՞նչ շուտ էրկանը ծոցեն դուրս թռավ, – արձագանքեց Լուսնթագ խաթունը։
– Դուն էս կըսես, յա Հաջի աղա՞ն, ճերմակ մազերեն չամչընա՞ր, – շարունակեց Էլմաս խաթունը։
– Ամա՜ն, ամա՜ն ժամանակը փոխվեր է, – ասաց Լուսնթագ խաթունը և ապշահար կանգնեց, ձեռքերը ծալելով փորի վրա։
Էլմաս խաթունը երկար չարավ, դուրս ելավ, քայլեց, դարձավ առաջին անկյունը և մտավ մի ուրիշ տուն։
– Թերեզա խաթուն, լսե՞ր ես։
– Չէ՜։
– Քա՛, դեվեին անկճին մե՞ջ ես քնացել, ի՞նչ է։
– Թե՜զ ըսե, Էլմաս խաթուն, հիմա կճաթիմ։
– Խամբուրենց Հաջի աղան․․․
– Էս ի՞նչ օրի հասանք, – բացականչեց Թերեզա խաթունը։
Էլմաս խաթունը շարունակեց թափառումը։ Թերեզա խաթունը, մնալով մենակ, նորից բացականչեց.
– Հիմիկվան հարսները, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ․․․
Էլմաս խաթունը մտավ երրորդի, չորրորդի և դեռևս տասներորդի դուռը, հաղորդեց սարսափելի լուրը և հազիվ ճաշին տուն հասավ բոլորովին հոգնած։
Մյուս հարսներն էլ իրենց կարգին մտել էին զանազան դռներ և դուրս եկել։ Նրանցից լուր ունեցողներն էլ իրենց կարգին մտել էին ուրիշ դռներ։
– Քա՛, չե՞ս լսեր, Բոշայենց փողոցը․․․
– Ե՞րբ։
– Այս առավոտ…
Գ
Յուրաքանչյուր լսող ուրիշին պատմել էր մի քիչ այլ բովանդակությամբ, այնպես որ՝ երեկոյան, երբ կանայք հաղորդեցին Բոշայենց փողոցի պատահած արտակարգ դեպքը իրենց ամուսիններին, ստացել էր հետևյալ բովանդակությունը. տեսել էին Խամբուրենց Հաջի աղային երիտասարդ ոսկերիչ Տիգրանի տնից դուրս ելնելիս և տեսել էին նաև, որ մանկամարդ հարսը նրա ետևից կամացուկ դուռը փակել է։
Դ
Հաջորդ առավոտ, խաղաղ և արևոտ մի մայիսյան առավոտ, երբ Թանկագին խաթունը մեծ մաղն ամբողջ վարդ լցրած պարտեզից տան բակն էր մտնում, լսեց սարսափելի լուրը։ Թանկագին խաթունի ոտները կքոտեցին. մաղը ձեռքից նետեց, որի վարդերը թափվեցին սալահատակի վրա, հազիվ կարողացավ ձեռքը երկարել պատի վրայի ցցին և ազատվել գետին փռվելուց։
Թանկագին խաթունը Հաջի աղայի կնոջ՝ Մեմիկ խաթունի քույրն էր։
– Ուրկի՞ց լսեցիր, – կարկամելով, հարց տվեց Թանկագին խաթունը։
– Սաղ քաղաքը կխոսա, քա՛…
Մոտ կես ժամ անցավ, երբ Թանկագին խաթունը կարողացավ գտնել իր սառնասրտությունը։ Երբ գտավ սառնասրտությունը, շալը քաշեց գլխին և վազեց քրոջ մոտ։
Ներս մտավ֊չմտավ՝ բացականչեց.
– Ամա՜ն, քո՛ւրս, էս ի՞նչ բան էր լսեցի, ականճս էրվավ։
Մեմիկ խաթունն այլայլվեց։
– Քա՛, Թանկո՛ւկ, ի՞նչ կըսես։
– Ամա՜ն, Մեմի՛կս, աշխարհք չմտնեիր…
Մեմիկ խաթունի մտքից չէր անցնում, որ քրոջ լսածը կարող էր որևէ կերպ առնչություն ունենալ իր երկարամյա ամուսնական կապի հետ. ունեցել էր աղջիկ զավակ, ամուսնացրել և արդեն մի թոռնիկի էլ տեր։
– Վրաս մարելիք կուլգա, շո՛ւտ ըսե, – խնդրեց Մեմիկ խաթունը՝ ամբողջ մարմնով դողալով։
Թանկագին խաթունը չէր կարող սկսել, դառնում էր սենյակում, ձեռքերը տրորելով։
– Սաղ քաղաքը կրակ է կտրեր, քո՛րս։
– Քա ըսե՛։
– Մեր փեսային հեչ ատանկ բան չէի սպասեր, վայ գլխո՛ւս։
Մեմիկ խաթունի համբերությունը հատավ.
– Թեզ ըսե, չէնե մեծ ձայնս կհանիմ, հա՜։
Թանկագին խաթունը պատմեց եղելությունը։
– Քա՛, վո՜ւյ… – ճչաց Մեմիկ խաթունը և ընկավ թախտին։
Թանկագին խաթունը գրկեց նրան, նստեցրեց։
– Շիտա՛կ ըսիր, քո՛րս, աշխարհք չմտնեի բարով, ոտքս կոտրեր՝ ժամ չերթայի ու չպսակվեի, վայ գլխո՜ւս, վայ գլխո՜ւս․․․
Երկու քույր իրար գրկած, արցունքները խառնելով իրար, երկար լաց եղան։
Թանկագին խաթունի պատմածն արդեն բավականին տարբեր էր։ Նախ՝ Հաջի աղան ոչ միայն առաջին անգամ էր անցել Բոշայենց փողոցից, այլ շատ անգամներ, երկրորդ՝ երբ Հաջի աղան դուրս էր եկել ոսկերիչ Տիգրանի տնից, Փայլունը նրա վզովը փաթաթված է եղել, երրորդ՝ փողոցում, երբ երեխաները տեսել են Հաջի աղային այդ վիճակում, ընկել են նրա ետևը, եուհա՜ կանչել և, խայտառակելով, հասցրել մինչև խանութ։
Ե
Հաջի աղան, ըստ տարիների սովորության, երեկոները փակում էր խանութը, բանալին կողպեքի մեջ վերջին անգամ դարձնելուց հետո, խաչակնքում էր երեսը, հետո, ըստ տարիների սովորության, հազում, կոկորդը մաքրում, ֆեսի դրվածքն ստուգում և սկսում քայլել։ Քայլելիս՝ գլուխը կախում էր, մտքում ունենալով օրվա անհաջող առևտուրներից մեկը։ Նա անցնում էր միևնույն փողոցով, խանութից Հրապարակը, Հրապարակից Հին Ժամի պատի տակով Փոքր Աղբյուրի կողքով, Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով՝ տուն։ Տան դռան առաջ, ըստ տարիների սովորության, մի պահ կանգ էր առնում, մի սիգարեթ փաթաթում, վառում, քաշում, մեկ՝ փողոցի վերն է նայում, մեկ՝ վար, բարևներ էր ընդունում, բարևներ տալիս, ըստ տարիների սովորության, դուռը թակում երեք անգամ։ Կինն անմիջապես բախման հարվածների թվից և ուժգնությունից իմանում էր, որ Հաջի աղան է, վազում էր, բաց անում դուռը և, ժպտալով, մեղմորեն շշնջում․
– Քա՜, Հաջաղա՞։
Հաջի աղան էլ՝
– Մեմի՞կ։
Հաջի աղան հանում էր կրկնակոշիկը։ Նա հագնում էր կրկնակոշիկը ամառն էլ, ձմեռն էլ։ Ապա բարձրանում էր, որ կինը, ըստ տարիների սովորության, բերի մի փոքրիկ սինու վրա դրած 50 գրամ օղի և մի փոքրիկ պնակ թթու։ 50 գրամ օղին խմելը տևում էր ավելի քան մի ժամ․ խմում էր պուտ֊պուտ, յուրաքանչյուր կաթիլն ըմբոշխնելով։ Հետո Մեմիկ խաթունը բերում էր ճաշը և միասին ուտում էին։ Ճաշի ժամանակ Հաջի աղան անպայման մի փոքրիկ պատմություն կպատմեր օրվա առևտրից, պատմություն, որ նախորդ օրվա պատմությունից հազիվ մազաչափ տարբերություն կունենար, բայց կինն ունկնդրում էր իբրև բոլորովին նոր պատմություն։
Այս բոլորը կատարվում էր երեսուն և հինգ տարուց ի վեր անխախտ միօրինակությամբ, և եթե մի որևէ կետ փոխվեր այս բոլորի մեջ, նման կլիներ այն բանին, որ մի առավոտ, հանկարծ, մարդիկ տեսնեին մի շենքի ճակատի քարերի, լուսամուտների և դռան բոլորովին այլ դասավորություն։
Զ
Բոշայենց փողոցից անցնելու հաջորդ օրվա երեկոյան, երբ Հաջի աղան փակեց խանութի փեղկերը, դուրս ելավ և դուռը վրա բերեց և կախեց կողպեքը, կարծես օդում տարօրինակություն զգաց․ անցնող մարդկանցից մի քանիսը զարմանալի, բոլորովին անսովոր նայվածքներ նետեցին նրան։ Այնուամենայնիվ, Հաջի աղան բանալին կոխեց կողպեքի մեջ, դարձրեց և, դուրս քաշելուց հետո, ըստ տարիների սովորության, ֆեսի ստուգումը արավ, և գլուխը կախելով, սկսեց քայլել։ Հրապարակից անցնելիս մի անգամ գլուխը վեր առավ և նայեց։ Հաջի աղայի համար պարզ եղավ այլևս, որ մարդիկ իրեն նայում էին տարօրինակ հետաքրքրությամբ։
«Տունը բան մը պատահած չըլլի՞», – հարցրեց նա իր մտքում և քայլերը արագացրեց։
Քայլերի արագացնելը խախտումն էր տարիների օրինաչափության, և տեսնողները նշեցին այդ իրենց մտքում։ Ժամի պատերի տակով անցնելիս Հաջի աղան մի անգամ ևս գլուխը վեր առավ և չորս կողմը նայեց։ Այս անգամ նա զգաց, որ մինչև անգամ եկեղեցի աճապարող կանայք քողերի տակից իրեն էին նայում անսովոր նայվածքներով։
– Աճայի՜բ… – մռթմռթաց Հաջի աղան և քայլերն ավելի արագացրեց։
Մինչև տուն նա հանդիպեց շատ տարօրինակ նայվածքների։
Մինչև անգամ կարծես մի խոսք նետեցին իրեն։ Հաջի աղան թեև չհասկացավ, բայց զգաց, թե այդ խոսքը ինչ֊որ կշտամբանքի շեշտ էր կրում իր հասցեին։
Հաջի աղան, վերջապես, հասավ տան դուռը։ Ըստ տարիների սովորության, կանգ չառավ դռան առաջ և սիգարեթ չփաթաթեց, այլ ուղիղ թակեց դուռը։ Ըստ տարիների սովորության, նա պետք է թակեր երեք անգամ, բայց թակեց երեք անգամից ավելի, մի գործողություն, որ կատարվեց անգիտակցորեն, իբրև արդյունք ջղային տրամադրության։
Երբ դուռր թակեց երեք անգամից ավելի, Մեմիկ խաթունը կարևորություն չընծայեց, քանի որ չէր կարող Հաջի աղան լինել, մի քիչ ուշ էլ կարող էր բաց անել, բայց Հաջի աղան դրսում ապշեց և մինչև անգամ սարսափեց։
«Ի՞նչ է եղել, որ դուռն էլ չեն բանար», – շշնջաց նա և, անհամբերությամբ և իրեն համար անսովոր անձկությամբ, նորից թակեց։
– Էն ո՞վ է, քա՜, – սրտնեղեց Մեմիկ խաթունը, դանդաղորեն շարժվեց դուռը բաց անելու։
Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային, ապշությամբ ճչաց.
– Քա՛, Հաջաղա՞…
Հաջի աղան ևս ապշեց և աճապարանքով, կարծես դրսից մեկը հրեր, ընկավ ներս։
– Մեմի՞կ։
Ձայնը Հաջի աղայինը չէր, կորցրել էր բնական շեշտը, դողում էր։
Մեմիկ խաթունի լեզուն էլ փաթաթվեց, չկարողացավ անմիջապես պատասխանել և, հազիվ կռնակը տալով պատին, ապուշացած աչքերով քարացավ։
Այր ու կին երկար իրար երես նայեցին, կարծես ուզում էին իրար ճանաչել։
– Գնա՛, վե՛ր գնա, – հանկարծ շշնջաց Մեմիկ խաթունը։
Հաջի աղան, դողդոջուն, բայց արագ քայլերով վեր բարձրացավ, կարծելով թե ինչ որ պատահել է՝ այնտեղ պիտի տեսնի, բայց սենյակում ոչինչ չկար, ամեն օրվա սենյակը, ամեն ինչ իր տեղում։
Մի քիչ հանգստացավ և, նստելով անկյունը դրված և արևելյան գորգերով ծածկված թախտի վրա, սպասեց, որ, ըստ տարիների սովորության, կինը բերի սինին, վրան 50 գրամ օղի և մի պնակ թթու։
Բավական սպասեց։ Կինը չերևաց։
«Ջանըմ, բան մի կա», – ասաց Հաջի աղան մտքում և մոտենալով սենյակի դռանը, կանչեց․
– Մեմի՛կ․․․
Մեմիկ խաթունը երևաց սանդուղների վրա, սինին ձեռքը։
Ըստ տարիների սովորության, Մեմիկ խաթունը պետք է նստեր Հաջի աղայի կողքին և օրվա առևտրի մասին մի պատմություն լսեր։ Նստեց, բայց Հաջի աղան, հակառակ տարիների սովորության, չպատմեց։ Հանկարծ ջղային թակեցին տան դուռը։
Մեմիկ խաթունն անմիջապես ցատկեց և գնաց դուռը բաց անելու։ Նա լսեց, որ Հաջի աղան ինքնիրեն ասաց․
«Աճայի՛բ․․․»։
Մեմիկ խաթունը դուռը բաց արավ և հազիվ կարողացավ գրկել իր աղջկան, որ լալով ընկավ մոր գիրկը և բացականչեց․
– Մարի՜կ, չլսեի բարով․․․
Պարզ էր, որ աղջիկը ևս լսել էր հոր մասին եռացած բամբասանքը և վազել էր մոր մոտ։
Մայր ու աղջիկ, գրկելով իրար, լաց եղան։
Հաջի աղան լսեց լացի ձայնը, լսեց և սպասեց, բայց երբ տեսավ, որ ողբը չի դադարում, ինքն էլ իջավ ներքև։
Մայր ու աղջիկ ապշեցին, տեսնելով նրան, որովհետև շատ անգամ էր նա լացի ձայն լսել, բայց տեղիցը չէր շարժվել։
– Մեմի՛կ, Մայրանո՜ւշ, էս ի՞նչ է, – հարցրեց Հաջի աղան խուլ ձայնով։
Մայր ու աղջիկ լռություն պահեցին, սրբելով արցունքները։
Հաջի աղան ցասումով գոռաց․
– Հը՜…
Մայրանուշն սպասում էր, որ մայրը պայթեր և ամբողջ մաղձը թափեր հոր գլխին, բայց Մեմիկ խաթունը խոհեմություն համարեց առ այժմ ոչինչ ասել և տեղնուտեղը սուտ հնարեց.
– Փեսան Մայրանուշին վրա հաչեր֊մաչեր է։
– Աղե՛կ, – մռթմռթաց Հաջի աղան։
Այս մռթմռթոցը մայր ու աղջիկ թարգմանեցին՝ իբր թե Հաջի աղան հասկացավ, որ սուտ է։
Հաջի աղան շարունակեց.
– Էրիկ մարդ է, կհաչե ըլ, կսիրե ըլ, մենծ գործ մի դարձնեք, դուն էլ աղջկանդ ֆիթ մի տար։
– Հաջաղա՞, – կշտամբանքով բացականչեց Մեմիկ խաթունը։
Հաջի աղան, որ սկսել էր վեր բարձրանալ, ետ դարձավ և կտրուկ արտասանեց.
– Էրիկմարդ է։
Մայր ու աղջիկ լռեցին, որովհետև խեղճ փեսան հանցավոր չէր և լավ, որ Հաջի աղան այդպես էր մտածում, այլապես կարող էր փեսային բռնել և անպատվել։
Հաջի աղան վեր բարձրացավ, դեռևս ոտի վրա մի հատ օղի լցրեց, խմեց և մռթմռթաց.
– Հաչեր է… Մեկ ըլ կհաչե…
Նստեց։
Մեմիկ խաթունը ժամանակին ճաշը բերեց, բայց ինքը չկերավ։ Հաջի աղան վերագրեց այդ փեսայի վարմունքից առաջացած անտրամադրության և ոչինչ չասաց, միայն հարցրեց․
– Մայրանուշը գնա՞ց։
– Գնաց։
Մեմիկ խաթունը մի քանի անգամ ուզեց խոսք բաց անել և պարզել ամեն ինչ, բայց չհամարձակվեց։
Հանկարծ, լուսամուտի տակ, մի փողոցային տղա սուր կանչեց․
– Փայլո՜ւն…
Մեմիկ խաթունը լսեց, հասկացավ ու գունատվեց։
Փողոցային տղան նորից կանչեց ավելի սուր ձայնով.
– Աղջի Փայլո՜ւն…
Մեմիկ խաթունը, երկրորդ անգամ լսելիս՝ էլ չկարողացավ համբերել։
– Վո՜ւյ, անկաճ չունենայի՝ չլսեի, – ասաց և երեսն ի վար պառկեց գորգի վրա։
Հաջի աղան ոչինչ չհասկացավ, մինչև անգամ բառը լավ չէր լսել․ վեր վերցրեց կնոջը, ջուր խմցրեց և ասաց.
– Էս ի՞նչ է, բոլորդ ըլ սարսախցա՞ք։
Մեմիկ խաթունը լռեց և սրբեց արցունքները, ապա բավական ուժ զգաց՝ վեր կենալու, ընթրիքը հավաքելու և անկողինները փռելու։ Հաջի աղան էլ երեկոները շուտ էր պառկում, վեր կեցավ. մի ծունկ աղոթք արավ և քնեց, իսկ Մեմիկ խաթունը երկար աղոթեց։ Աղոթելուց հետո պառկեց, բայց չքնեց, նստեց անկողնում. ուզում էր իմանալ, թե Հաջի աղան որևէ բան կխոսի՞ քնի մեջ։ Մեկ հատիկ բառ բավական էր՝ ինքը հասներ հաստատ եզրակացության։
Հաջի աղան մինչև առավոտ քնեց առանց խոսելու և գրեթե առանց շարժվելու և առավոտյան էլ ճիշտ ժամին, ըստ տարիների սովորության, վեր կացավ, բայց խանութ գնալուց առաջ, հակառակ տարիների սովորության, երկու գավաթ օղի խմեց։ Մեմիկ խաթունը հիշեց, որ իրենց ամուսնությունից հետո դա մի անգամ էր միայն պատահել, մոտ տասը տարի առաջ և դա ունեցել էր իր հզոր պատճառը, որովհետև Հաջի աղան լուր էր ստացել, որ Ամերիկայում ապրող իր մեկ հատիկ քույրը վախճանվել էր։
«Ինչո՞ւ էս օր ըլ խմեց», – հարց տվեց Մեմիկ խաթունը իր մտքում, իբրև պատասխան իր աչքերի առաջ պատկերացնելով ոսկերիչ Տիգրանի երիտասարդ կինը՝ Փայլունը։
«Պռլստվա՛ծ», – ասաց մտքում և, ծայրահեղորեն չարացած՝ իջավ ներքև, անմիջապես շալը քաշեց գլխին և, պարտեզի դռնից դուրս ելնելով փողոցը, քայլեց դեպի վար։
Նա գաղտնորեն ուզում էր ստուգել, թե Հաջի աղան այսօր ո՞ր փողոցով պիտի գնար խանութ։
Հաջի աղան, ըստ տարիների սովորության, քալեց Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատերի տակով դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ՝ խանութը։
Բայց Հաջի աղայի այդ օրվա խանութ գնալը մի բանով տարբերվում էր տարիների սովորությունից, շուտ֊շուտ չորս կողմն էր նայում, կողքով անցնող մարդկանց էր դիտում, որովհետև, նախորդ օրվա պես, նա հանդիպեց տարօրինակ նայվածքների, այնքան տարօրինակ, որ մինչև անգամ ուզում էր բռնել մեկին և հարցնել պատճառը, բայց գերագույն ճիգով զսպեց իրեն։
Բաց արավ խանութը և սկսեց տնտղել ապրանքները, ծալեց, շոյեց և դրեց տեղերը և սպասեց հաճախորդի։ Հակառակ տարիների սովորության, ապրանքի հետ զբաղվելուց հաճույք չզգաց։ Ներս մտավ մի գյուղացի հաճախորդ, որի հետ Հաջի աղան սկսեց եռանդուն զբաղվել, սովորականից շատ ավելի ապրանք բաց արավ և թողեց, որ ընտրություն կատարի, ինքը նայեց դուրսը։ Նա ականատես եղավ չափազանց անսովոր մի երևույթի. մի քանի հոգի կանգնել էին խանութից մի քիչ հեռու, նրանցից մեկը մատով իրեն էր ցույց տալիս մյուսներին։ Հաջի աղայի աչքի տեսությունից կորսվեց գյուղացի հաճախորդը, ողջ խանութը մշուշվեց, բայց մի ցնցում անելով, վերադարձրեց տեսողության պայծառությունը և էլի սկսեց զբաղվել հաճախորդի հետ։
– Ապրա՜նք է, խոսք չուզեր, – արտասանեց մեքենայորեն։
Գյուղացու պատասխանը Հաջի աղան չլսեց, որովհետև ճիշտ այդ պահին քաղաքացիներից մեկը, որին Հաջի աղան լավ էր ճանաչում, – իրենից առևտուր անողներից էր, – եկավ կանգնեց խանութի առաջ և հեգնորեն և կշտամբանքով ասաց.
– Մաշալլա՜հ, Հաջի աղա՛, մաշալլա՜հ…
Հաջի աղան ուզում էր կանչել և հարցնել, թե ի՛նչ էր ուզում ասել, բայց դանդաղ վճռող մարդ էր. մինչև վճռեց քաղաքացին անցավ։
Հաջի աղան գյուղացու հետ այս անգամ կարճ կապեց։ Գյուղացին զարմացավ. մի րոպե առաջվա սիրալիրությունը ինչո՞ւ հանկարծակի փոխվեց։
– Ինչ որ կուզես՝ առ ու գնա, գլոխս մի՛ ցավցներ,― ասաց Հաջի աղան թթված, մի մարդ, որի գլուխը ոչ մի հաճախորդ չէր հաջողել ցավացնել։
– Քաղաքին մեջ ապրանք շատ կա, Հաջի աղա, – ասաց գյուղացին։
– Է՛հ, աղեկ որ կա, գնա՛ առ, – կոպտորեն պատասխանեց Հաջի աղան և սկսեց ապրանքը հավաքել։
Հաճախորդը հեռացավ։
Ապրանքը հավաքելիս՝ Հաջի աղան մեկ֊մեկ դուրս էր նայում։ Թեև իրեն դիտողներ չեղան, բայց սկսեց կարծել, որ ամեն մի անցնող մի անգամ ներս է նայում և ապա անց կենում։ Վերջին կտոր ապրանքը տեղն էր դնում, ներս մտավ Մարգար աղան։ Հաջի աղան չափազանց մտահոգվեց։ Այդ ժամին ինչո՞ւ Մարգար աղան իր խանութը պիտի գար։ Նա էլ այն մարդկանցից էր, որ անում էր այն, ինչ ոը տարիների ընթացքում անում էր։ Մարգար աղան տարիների ընթացքում այդ ժամին Հաջի աղայի խանութը ոտք չէր դրել։
Մարգար աղան ներս մտավ չմտավ, հարեց.
– Տեսնամ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է։
Հաջի աղան ոչինչ չպատասխանեց․ լեզուն վայրկենապես չորացավ, որովհետև մտածեց, որ Մարգար աղայի գալն էլ վերջին տարօրինակ երևույթների մի օղակ է։
– Կըսիմ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է,― կրկնեց Մարգար աղան։
Հաջի աղան կարծեց, որ դիմացինը հեգնում է իրեն։
– Ասվածդ կսիրես, հերիք է, Մարգար աղա, քեֆի վախտ չէ։
Մարգար աղան էլ ապշեց։ Նա ոչնչից լուր չուներ և զարմացավ, որ Հաջի աղային դուր չեկավ ոչ միայն իր հարց ու փորձը, այլև՝ ներս մտնելը։
– Ի՞նչ է եղեր, մախմո՞ւր ես, – հարցրեց Մարգար աղան, այս անգամ կես հեգնանքով և ավելացրեց, – անկաճ մի՛ կախեր, քեֆ ըրե, ի՛նչ կուզեն ըսեն։
– Մարգար աղա՛, քըզի բան մի ըսի՞մ, – հարցրեց Հաջի աղան։
– Մեկ ըլ ըսե՛, երկուք ըլ ըսե՛։
– Չէ՛, միակ մեկ բան։
– Ըսե՛։
– Լեզվիդ տակն ի՞նչ կա։
– Ի՞նչ տըլլի, ջանըմ։
– Չէ՛, բան մի կա։
Մարգար աղան երդում արավ, որ լեզվի տակ ոչինչ կա։
– Սրտի՞դ մեջ ինչ կա, սրտի՛դ մեջ։
– Սրտիս մեջ ըլ բան չկա, Հաջի աղա։
Մարգար աղան նշմարեց, որ Հաջի աղան ապշահար դուրս է նայում։ Ինքն էլ նայեց։ Մի քանի հոգի, ֆեսները լկտիորեն ճակատների վրա իջեցրած, աչքերը կկոցած, նայում էին Հաջի աղային։ Բավական նայելուց հետո հեռացան, ինչ֊որ իրար հետ փսփսալով և քրքջալով։
– Մարգար աղա, – դողահար ձայնով հարեց Հաջի աղան, – էս ի՞նչ բան է։
– Ի՞նչը, Հաջի աղա։
– Բոլորը ինծի կնային։
– Ի՞նչ կըլլի, թող նային,
– Թող նայի՜ն, – երկարեց Հաջի աղան։
– Մարգար աղա, – սրտնեղած դարձավ Հաջի աղան, – չոչո՞ւխ ես, թե՞ էշ ես։
– Նե չոչուխ իմ, նե էշ իմ, հայվա՛ն, – վշտացած բացականչեց Մարգար աղան։
Տիրեց լռություն, Հաջի աղան մի ակնթարթում զգաստացավ և զգաց, որ ավելորդ հարց տվեց։
– Բան մըն էր, ըսի, ներե՛։
– Ինչ ներելու բան է, ես եկեր իմ քեֆդ կհարցնեմ, դուն ինծի ինչ կըսես, – պատասխանեց Մարգար աղան և լռությամբ հեռացավ խանութից։
Հաջի աղան եկավ այն եզրակացության, որ կոպիտ վարվեց Մարգար աղայի հետ, բայց, ի վերջո, համոզեց իրան, որ նրա լեզվի տակ մի բան կար և չասաց։ Սկսեց զբաղվել խանութի ապրանքներով մեծ ճիգով, ներքին հզոր պայքարով, որպեսզի դուրս չնայի։ Դարսած ապրանքները վերստին դասավորեց, բայց չկարողացավ ներքին բուռն ցանկությունը հաղթահարել և նորից դուրս նայեց։ Դրսում էլի մի քանի հոգի կանգնած էին և իրեն էին նայում, նայում էին տարօրինակորեն։ Տեսավ չի կարող ազատվել նայվածքներից՝ մի միտք հղացավ, փակել խանութը և գնալ տուն։
Այս անգամ զարմանալիորեն արագ վճռեց, արագ փակեց խանութը և սկսեց քայլել գլխիկոր։
Մեկը կողքից ասաց, բայց չլսեց.
– Հարսին քով կերթա։
Եվ հետևեց նրան։
Հաջի աղան, Հրապարակից անցնելուց հետո, սկսեց քայլել Հին Ժամի պատերի տակով և հանկարծ լսեց․
– Աղջի՛, Փայլո՜ւն․․․
Էլի ուշադրություն չդարձրեց այդ կանչերին, ինչպես երբ լսեց միևնույն կանչը իր տան լուսամուտի տակից.
– Աղջի՛, Փայլո՜ւն․․․
Ձայնը սուր էր և սարսափելի հեգնական։ Կանչողը միևնույն փողոցային պատանին էր, սև աչքերով, կարճ կտրված, ստևի նման ցցված մազերով։
Հաջի աղան շարունակեց քայլել։
Այս անգամ պատանին կտրեց նրա առաջը, երկու մատը կոխեց բերանը, զիլ սուլեց և կանչեց.
– Աղջի՛, Փայլո՜ւն․․․
Զարմանալի արագությամբ, ինչպես կայծակի մտրակը, որ կտրում֊անցնում է ողջ երկինքը մի ակնթարթում, Հաջի աղայի միտքը կապվեց այն կանչի հետ, որից կինը գրեթե ուշաթափվեց։
«Ուրեմն՝ այդ «աղջի Փայլունը» ինձ հետ կապ ունի», – մտածեց նա, բայց ոչինչ չհասկացավ, ընկավ տանջալից, մտածմունքի մեջ։
Երբ պատանին մի անգամ էլ կանչեց և փախավ, այլևս ոչ մի տարակույս չմնաց Հաջի աղայի հոգում։
Երբ կինը դուռը բաց արավ և տեսավ իր ամուսնուն, բացականչեց.
– Քա՛, Հաջաղա՞։
Հաջի աղան քշեց ներս։
– Հիվա՞նդ ես, – հարցրեց կինը։
– Չէ՛։
– Քա՛, ինչո՞ւ եկար տուն։
– Կնի՛կ, բան մի կըլլիմ, քաղաքը գլխուս կդառնա։
– Մարդ որ քառասուն տարվան չըրած բանն ընե՝ էդպես կըլլի։
– Ի՞նչ, – անձկագին հարց տվեց Հաջի աղան։
Մեմիկ խաթունը լռեց։
Հաջի աղան ետ դարձավ, սուր նայեց կնոջ աչքերին և հարցրեց.
– Լեզվիդ տակն ինչ կա նե՝ ըսե՛։
Մեմիկ խաթունը պատրաստված էր ամեն ինչ ասելու, բայց փողոցից մի խոսք լսեց և ամբողջովին այլայլվեց։
Փողոցից ասացին.
– Փայլունը քըզի կսպասե։
«Նորի՞ց Փայլուն անունը», – մտածեց Հաջի աղան, իսկ Մեմիկ խաթունը պիտի փռվեր գետին, եթե ամուսինը չբռներ նրան։
Հաջի աղան ոչ մի եզրակացության չէր կարող հանգել, որովհետև Փայլուն անունով ոչ ոքին չէր ճանաչում ողջ կյանքում և ողջ աշխարհում։
– Մեմի՛կ, ինչ կա նե՝ ըսե՛, – խեղճուկ ձայնով ասաց Հաջի աղան։
Մեմիկ խաթունը չկարողացավ խոսել, արցունքը խեղդեց նրան։
Հաջի աղան լուռ և գլխիկոր վեր բարձրացավ, երկու գավաթ օղի տնկեց և սկսեց երթևեկել սենյակում։ Ոչինչ չէր կարող գուշակել, հազար ու մի բաներ էր միտքը բերում, չափչփում, վերվար էր անում։ Ո՛չ մի կաթիլ լույս։ Երկար երթևեկելուց և մտածելուց հետո իջավ ներքև։ Կինը խոհանոցումն էր։ Մտավ ներս, տնկվեց կնոջ առաջ և հարեց.
– Մեմի՛կ, ըսե, ե՞ս եմ խելքս թռցրեր, թե՞ դուք։
– Դո՛ւն ես խելքդ թռցրեր։
Հաջի աղան քարացավ։ Այդպիսի պատասխանի չէր սպասում։ Հանկարծ բղավեց.
– Ինչ կա նե՝ ըսե՛․․․
Մեմիկ խաթունը լռեց։
Հաջի աղան զայրացավ, մոտեցավ կնոջը, բռնեց ուսերից և սպառնագին բղավեց.
– Ըսե՛, ըսե՛, ըսե՛…
Մեմիկ խաթունը պատմեց ինչ որ լսել էր։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
– Մեմի՛կ, դուն կհավատա՞ս, – հարցրեց Հաջի աղան ամբողջովին գույնը գցած։
– Աչքերով տեսեր են։
– Ես քեզի կհարցնեմ՝ դուն կհավատա՞ս։
Մեմիկ խաթունը մտածեց. «Արդյոք այդ բոլորը կարող են սո՞ւտ լինել»։
Հաջի աղային աչքերը պատասխանի էին սպասում։
Մեմիկ խաթունը կրկնեց․
– Աչքերով տեսեր են։
Հաջի աղան լուռ դուրս եկավ խոհանոցից և բարձրացավ սենյակը։ Մեմիկ խաթունը ճիշտ ժամանակին ճաշը բերեց։ Հաջի աղան նստած էր անկյունը, թախտի վրա, և համրիչ էր քաշում։ Արտաքնապես չափազանց խաղաղ էր։ Մեմիկ խաթունը ճաշը դրեց առաջը և իջավ ներքև։ Հաջի աղան ճաշի վրա չնայեց, այնպես որ, երբ մի ժամ անց Մեմիկ խաթունը եկավ ճաշը հավաքելու՝ տեսավ որ ոչ մի ձեռք չէր դիպած ճաշին։
Է
Քաղաքում տարածվող շշուկը հասավ ոսկերիչ Տիգրանի ականջը։
Սկզբում շատ տարտամ, ինքն էլ չիմացավ, թե որտեղից լսեց և ինչպես, առաջին անգամ ով ասաց. բայց հետզհետե նրա համար պարզ եղավ, որ մի օր Խամբուրենց Հաջի աղան մտել էր իր տունը, փաթաթվել էր իր կնոջը և Հաջի աղան և իր կինը եղել էին այնքան համարձակ և լիրբ, որ խոսածները դուրսը լսողներ էին եղել, իսկ իր կինը Հաջի աղայի վզովը փաթաթված եկել էր մինչև դրսի դուռր և նրան համբուրելով էր ճանապարհ գցել։ Եվ այս բոլորը շատերն իրենց աչքերով տեսել էին։ Ոսկերիչ Տիգրանն ինքը, Հաջի աղայի նման, ընկավ տարօրինակ նայվածքների տակ։ Այդ նայվածքները չէին թույլ տալիս, որ աշխատի․ մի քանի մատանիներ փչացրեց, հալած ոսկու անոթն ընկավ ձեռքից և ամբողջը թափվեց մոխրի մեջ։ Նա դարձել էր միակ եղջյուրավոր մարդը քաղաքում։
Տարօրինակ նայվածքներից մտրակված՝ Տիգրանը վեր էր թռչում, հանում կաշե գոգնոցը, փակում աշխատանոցը և գնում տուն։ Փայլունը ջերմագին սիրով դիմավորում էր նրան, փաթաթվում և սիրում։ Տիգրանը չկասկածելով դույզն չափով իր մանկամարդ կնոջ անկեղծության և առաքինության, վերադառնում էր աշխատանոցը, նստում և եռանդուն աշխատում, բայց ապակե փեղկի միջից նայող աչքերը հանգիստ չէին տալիս։
Որպեսզի կարողանար հաստատել իր կնոջ դավաճանությունը, նա հանկարծակի գնում էր տուն, որպեսզի Հաջի աղային բռնի։ Մի քանի անգամ քաղաքից գյուղ գնալ կեղծեց, հանկարծակի վերադարձավ և ոչինչ չկարողացավ տեսնել։ Հսկեց Խամբուրենց Հաջի աղային, որ այլևս տնից դուրս չէր գալիս, և խանութը մնում էր փակ։ Տիգրանն սկզբում կարողանում էր առողջ տրամաբանել․ ի՞նչ պատճառ կարող էր ունենալ երիտասարդ կինը Հաջի աղային սիրելու, ի՞նչ էր պակաս իրեն․ ինքը երիտասարդ, տունը տեղը՝ լեցուն։ Միթե Հաջի աղան կարո՞ղ էր որևէ առավելություն, թեկուզ ամենաչնչին չափով, ունենալ իր վրա, որ կինն իրեն դավաճանի և նրան սիրի, և այն էլ ա՛յն աստիճան, որ փաթթվելով մինչև դրսի դուռը գնա և նրան ճանապարհ դնի։
Այսպես էր մտածում և տրամաբանում ոսկերիչ Տիգրանը առաջին օրերը, բայց գնալով մթագնեց նրա գիտակցությունը, սկսեց խենեշ պատկերներ տեսնել. Հաջի աղան և կինը միասին, իր անկողնում, կամ անկյունում, թախտի վրա, թերևս և խոհանոցում…
Ը
Մի օր Տիգրանը շինեց մի արծաթյա ապարանջան և տուն ուղարկեց իբրև նվեր կնոջը։
– Չըսես, թե ո՛վ ղրկեց, ըսե մեկը քեզի նվեր ղրկեց, – պատվիրեց նա այն տղային, որի միջոցով ուղարկեց ապարանջանը։
Տիգրանը մտածում էր ոչինչ չասել, որպեսզի, երբ իրիկունը տուն գնար, տեսներ, թե Փայլունն ինքը պիտի հայտնե՞ր, որ նվեր է ստացել։
Երեկոյան հենց որ Տիգրանը ոտը դրեց տան շեմի վրա, Փայլունը դիմավորեց նրան ու մանկական ուրախությամբ թևը ցույց տվեց ամուսնուն։ Տիգրանը տեսավ ապարանջանը և խորհրդավոր հարցրեց․
– Հորաքո՞ւյրդ տվեց։
– Չէ՛։
– Յա՛, վո՞վ տվեց։
– Դուն չե՞ս ղրկեր։
– Քա՛․․․ – բացականչեց Փայլունը, – ես ըլ ըսի Տիգրանս ղրկեր է։
– Վո՞վ բերեց։
– Տղա մի բերեց։
– Ի՞նչ ըսավ։
– Ըսավ նվեր է։
– Դուն չի հարցուցի՞ր քի ո՞ւրկեց է նվերը։
– Չէ՛։
– Ինչո՞ւ։
– Քա՛, ի՞նչ պիտի հարցնեմ։ Գիտեմ, որ դուն ես ղրկեր։
– Եկուր տեսնամ, – ասաց ոսկերիչ Տիգրանը և միասին գնացին սենյակ։
Տիգրանը սենյակում վերցրեց ապարանջանը կնոջ թևից, լավ քննեց և ասաց.
– Աղջի՛, Փայլո՛ւն իմ շինածն է։
– Ես գիտեմ, որ քու շինածն է, քու ձեռքդ է։
– Հա՛, ամա ե՛ս չեմ ղրկեր։
– Որո՞ւ համար ես շինել, միտքդ բեր, – հարցրեց Փայլունը։
Ոսկերիչը շեշտակի նայեց կնոջ աչքերին և ասաց․
– Շիներ եմ Խամբուրենց Հաջի աղայի համար։
– Խամբուրենց Հաջաղա՜ն։
– Հա՛։
Փայլունը բարձր և միամիտ ծիծաղեց։
– Ինչո՞ւ կխնդաս, – զայրույթով հարեց Տիգրանը։
– Ի՜նչ չի խնդամ, քա՜… Խամբուրենց Հաջի աղա՞ն․․․ – երկարացրեց Փայլունը և նորից բարձր ծիծաղեց և հարցրեց.
– Ե՞րբ ես շիներ։
– Երկու օր առաջ։
– Խելքս հեչ բան չի պառկիր, – զարմանքով ասաց Փայլունը և դուրս գնաց։
Տիգրանը մտածեց. «Մեջտեղն էշը ես մնացի»։ Եվ լսեց, որ կինը երգում է և սուլում։ Երգելը նրան զայրացրեց, դուրս գնաց և կոպիտ ասաց.
– Փայլո՛ւն, բիլեզիկը ետ ղրկե։
– Որո՜ւն ղրկեմ։
– Հաջի աղային։
– Խենթ֊խենթ մի՛ խոսար։
– Խենթը դո՛ւն ես։
Փայլունը լռեց։ Առաջին անգամ էր, որ իրենց միջև կոպիտ խոսակցություն էր տեղի ունենում։
– Հիմա՛ ետ ղրկե։
– Թերևս Հաջի աղան չէ ղրկեր։
– Մի՛ հակաճառեր, – բղավեց Տիգրանը և դուրս գնաց։
Փայլունն ապշած մնաց իր կանգնած տեղում, ավելն ընկավ ձեռքից, աչքերը թացացան, գոգնոցի ծայրով սրբեց արցունքները և գնաց հարևանի փոքրիկ տղային խնդրեց՝ ապարանջանը տանելու և հանձնելու Խամբուրենց Հաջի աղային։
Երբ Մեմիկ խաթունը բաց արավ դուռը, փոքրիկ տղան, թղթի մեջ փաթաթված ապարանջանը երկարեց նրան և ասաց.
– Ղույումճի Տիգրանի կնիկը ղրկեց։
Մեմիկ խաթունը բացականչեց.
– Վո՜ւյ…
Տղան թռավ։ Մեմիկ խաթունը բաց չարավ ծրարը, ուղիղ բարձրացավ վեր, ծրարը դրեց Հաջի աղային առաջ և ասաց.
– Տե՛ս, ինչ աստիճան լկտի տըլլի, որ քըզի նվեր ղրկե։
– Ո՞վ, կնի՛կ,
– Սիրեկանդ։
Հաջի աղան ցնցվեց։ Տիրեց լռություն։
Ծրարը մնացել էր մեջտեղում և ոչ ոք չէր մոտենում բաց անելու։
– Լեզուդ չորացա՞վ, – կոպիտ ճչաց Մեմիկ խաթունը։
Հաջի աղան մեղմ ձայնով ասաց.
– Մեմի՛կ, էս ի՞նչ է, ո՞վ է, ե՞ս, թե՞ դուն, թե՞ աշխարքը։
– Դո՛ւն,
– Է՛, աղեկ որ մինակ ես եմ խենթեցեր, աշխարքը խելոք է․ դո՛ւն ըլ խելոք ես։
Հաջի աղայի ձայնի մեջ կար դողդոջուն մի ալիք, որ Մեմիկ խաթունի մեջ առաջացրեց խղճահարություն, աչքերը լցվեցին արցունքով, մոտեցավ, փաթաթվեց ամուսնուն և ողոքիչ ձայնով ասաց․
– Հաջի աղա, ո՛տքդ պագնեմ, ըսե՛, էս բոլորը սո՞ւտ է։
– Սո՛ւտ է, Մեմի՜կ, սո՛ւտ է, թե որ սուտ չէ, մինչև առտու անկողնես չէլլամ, տունեն դագաղով դուրս տանեն։
Մեմիկ խաթունը կարծես հավատաց, բայց հարկավոր էր ծրարը բաց անել, և արին․ ապարանջա՜ն։ Հաջի աղան և Մեմիկ խաթունը ապշահար, գրեթե խելագարված, իրար երես նայեցին․ ապարանջա՜ն։
– Մեղա՜ Աստված… – շշնջաց Հաջի աղան։
Մեմիկ խաթունը երկար մտածեց և բացականչեց, ըստ երևույթին նա եզրակացության հասել էր․
– Քա՛, Հաջաղա՞․․․
– Մեմի՛կ, ալ բան մի՛ հարցներ, քիչ առաջ դուն կըսեիր ես եմ խենթցեր, շիտակ է. ես խենթ եմ։
– Քա՛, էս ի՞նչ բան է, բիլեզիկը էրիկմա՞րդը կղրկե հարսին, թե՞ հարսը կղրկե էրիկմարդուն։
– Քանի որ աշխարքը տակն ու վրա եղավ, էդպես էլ կըլլի, Մեմի՛կ, վնաս չունի, – պատասխանեց Հաջի աղան, բայց նրա աչքերի լույսի մեջ արդեն առկախ էին իսկական խելագարության նշանները։
Մեմիկ խաթունն ինքնիրեն շշնջաց, այնպես՝ որ Հաջի աղան էլ լսի․
– Պռստվածի՜ն տես, չի՛ հավնիր, ե՜տ ղրկեր է…
Հաջի աղան խայթվածի պես ետև դարձավ, զայրացած նայեց կնոջը և հարցրեց.
– Դուն էդպե՞ս կկարծես։
– Ալ ուրիշ բան կա՞։
Հանկարծ Հաջի աղան բղավեց․ մի բղավոց, որ չէր լսել Մեմիկ խաթունը նրա հետ ամուսնանալու առաջին օրից մինչ այդ պահը.
– Խենթը դո՛ւն ես, խենթը աշխա՛րքն է, դո՛ւրս, դո՛ւրս, դուրս։
Մեմիկ խաթունը, վախենալով նրա զայրույթից, դուրս գնաց և հազիվ երկու աստիճան վար էր իջել, նստեց, զգալով, որ կորցնում է մարմնի հավասարակշռությունը։ Բարեբախտաբար, վրա հասավ աղջիկը, որին պատմեց ապարանջանի պատմությունը։ Աղջիկն էլ համոզվեց մոր եզրակացության, որ հայրը ապարանջանը ուղարկել էր ղույումճի Տիգրանի կնոջր, կինը չէր հավանել և սրտնեղած ետ էր ուղարկել։
Մեմիկ խաթունի լացը չկտրվեց, հակառակ, որ աղջիկը նրան գրեթե գրկելով, իջեցրեց ներքև, երեսները լվաց և ամենաքնքուշ խոսքերով ջանաց մխիթարել նրան։
– Էս ի՞նչ սև ձյուն էր մաղվավ գլխուս… ասում էր Մեմիկ խաթունը և զարնում ծնկներին։
Աղջիկը տեսնելով, որ մայրը չի հանգստանում, առաջարկեց գնալ իր տունը և մի քանի օր այնտեղ մնալ։
– Քանի մը օր մեր տունը կեցիր, տեսնենք ինչ կըլլի, ինչ չըլլիր, – ասաց աղջիկը։
– Ի՜նչ տըլլի, Սոդոմ Գոմոր տըլլ, բոլորս ըլ մեջը տի վառինք, – պատասխանեց մայրը և, շալը քաշելով գլխին, հետևեց աղջկան։
Երբ երեկոյան Մեմիկ խաթունը պատմեց ամբողջ եղելությունը փեսային, փեսան վճռականորեն հայտարարեց.
– Այդ բոլորը սո՛ւտ է, ես չե՛մ հավտար։
Փեսան լսեր էր դրսի բամբասանքը, նա միայն չէր իմանում ապարանջանի դեպքը, որ նույնպես նրան թվաց բոլորովին անհավանական։
– Քա՛, փեսա՛, – ասաց Մեմիկ խաթունը, – բերող տղան ըսավ քի բարև ըրե Հաջի աղային և ըսե քի Փայլունը ղրկեց։
– Այս բոլորին մեջ օյին մի կա, քիչ մը համբերեցեք, տեսնանք ի՞նչ կըլլի, – եզրափակեց փեսան, և պատրաստ էր գնալու աներոջ մոտ և պարզելու խնդիրը, բայց ո՛չ իր կինը, և ո՛չ էլ զոքանչը թույլ չտվին։
Թ
Հաջի աղան ամբողջ գիշերը մենակ մնաց տանը և ոչ մի վայրկյան չքնելով, մինչև անգամ շորերը չհանելով, մտածեց։ Նրա մտքից երբեք չանցավ, թե կինը տանը չէր․ նա կարծեց, որ մյուս սենյակում քնեց և չուզեց իր երեսը տեսնել։
Ամբողջ գիշերը, լռության և մենակության մեջ, հազար ու մի բաներ անցան նրա մտքով, բայց ոչ մի եզրակացության չկարողացավ հանգել․ երբեմն հաստատապես համոզվում էր, որ ինքը խելագարված է, բայց երբ գալիս էր այդ համոզման, ակամա մի թեթև ժպիտ էր ուրվագծվում դեմքի վրա, և ինքն իրեն մռթմռթում էր. «Շա՜տ աղեկ, խենթցեր եմ. ջանը՛մ, խենթ մարդը ինքը կգիտնա՞ թե խենթցեր է»։
Կեսգիշերից հետո մի կամ երկու անգամ տան մեջ ձայն լսեց, առաջացավ սենյակի դուռը, ունկնդրեց և, հանդիպելով լռության թանձր պատերին, վերադարձավ իր անկյունը, նստեց և, անվերջ ծխելով, մտածեց։ Առավոտյան դեմ հանկարծ որոշեց գնալ ղույումճի Տիգրանի մոտ և խոսել նրա հետ ու պարզել ամեն բան։ Երբ այս որոշումը տվեց, թեթևացավ նա, մինչև անգամ թեթևացավ նրա մարմինը, որ կարծես ծանրացել էր, ինչպես դիակ։
Առավոտյան կիրակի էր, Տիգրանը տունը կլիներ, կարող էր գնալ և տունը, կինն էլ կլիներ տանը, կարող էր խոսել մինչև անգամ կնոջ ներկայության և ամեն թյուրիմացություն վերացնել։
Երկար սպասեց Մեմիկի ներս մտնելուն, բայց Մեմիկը չերևաց․ որոշեց գնալ, էլ սպասելու կարիք չկար։ Մեմիկը, երևի, եկեղեցի է գնացել, մտածեց նա և, ապարանջանը դնելով գրպանը, իջավ սենյակից։ Տանը բացարձակ լռություն էր. մտավ խոհանոցը, ոչ ոք կար։ Երբ դրսի դուռը պիտի բաց աներ, կանգ առավ դռան ետև. գնա՞ր, թե՞ չգնար․ գնար ի՞նչ ասեր, ինչի՞ց սկսեր, ի՞նչ կար որ ինչից սկսեր, ապա՝ որոշեց սկսել ապարանջանից և վճռականորեն նրա քայլերն ընկավ դուրս։
Փողոցում ոչ ոքի չէր նայում, խուսափելու համար ջղայնացնող նայվածքներից։ Նրան տեսնողները, մինչև Մեմեդ Փաշայի պարտեզը՝ այնքան էլ ուշադրություն չդարձրին, կարծեցին, թե եկեղեցի է գնում, բայց, երբ Մեմեդ Փաշայի պարտեզից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, այլևս ոչ մի անուշադիր նայվածք չմնաց, մի քանի հոգի մինչև անգամ ետ դարձան տեսնելու համար, թե Խամբուրենց Հաջի աղան ինչո՞ւ ծռվեց Բոշայենց փողոցը։ Հաջի աղան գնաց ու կանգ առավ ոսկերիչ Տիգրանի դռանը և առանց վարանելու թակեց դուռը և սպասեց։ Եթե մեկը նրան մոտիկից դիտեր՝ կտեսներ նրա ճակատի բարակ քրտինքը և տերևի նման ողջ մարմնով դողալը։ Նրա գլուխը կախ էր, նայում էր գետնին, առանց նայվածքը վեր բարձրացնելու։
Եթե նա մի անգամ նայվածքը բարձրացներ, կտեսներ հեռուն կանգնած 25 – 30 հոգի, որոնք անհամբեր սպասում էին, թե ինչ պիտի պատահեր, կտեսներ Էլմաս խաթունը և մյուս հարսները, որոնք դիմացի լուսամուտից, գրեթե իրար վրա հենվելով, դիտում էին իրեն։ Նրանք սպասում էին, որ Փայլունը դուռը բանա, հրավիրի Հաջի աղային ներս և փաթաթվի վզովը, և իրենք էլ երկրորդ անգամ ականատես լինեն։
Հանկարծ Փայլունը երևաց պատշգամբը և ձայնեց.
– Ի՞նչ կուզեք։
– Պարոն Տիգրանը կուզիմ։
– Տիգրանը տունը չէ։
– Ե՞րբ կուգա, – հարցրեց Հաջի աղան, բայց այլևս գրեթե բան չէր տեսնում, որովհետև, նայվածքը վեր բարձրացնելով, տեսել էր դիմացի կանանց և փողոցում կանգնողներին։
– Չեմ գիտեր, – պատասխանեց Փայլունը և դողահար ներս քաշվեց պատշզամբից։
Հաջի աղայի քայլերը մեքենայորեն ետ դարձան։ Գլուխը կախ՝ նա շարունակեց ճանապարհը, հազիվ ջոկելով փողոցի քարը առվից։ Նա լսում էր բացականչություններ, որոնք ծակում էին նրա ականջը։
– Տեսավ, որ մարդ կա՝ «Պարոն Տիգրա՜նը կուզիմ»… – ծամածռելով կանչում էր մեկը։
– Հաջաղա՛, Փայլունը քեզ կկանչի…
– Հաջաղային քեֆը եկե՜ր է․․․
Հաջի աղան հասավ տուն, սառը քրտինքի մեջ ողողված, մտավ ներս, դուռը փակեց և հենց դռան ետև նստեց և ինքնիրեն ասաց. «Մահվան թասա է»։
Մեմիկ խաթունը չէր երևում։ Մի կերպ հավաքեց իր ուժերը, բարձրացավ սենյակը և, մոտենալով լուսամուտին, դիտեց դուրսը գաղտագողի։ Ոչ ոք չկար փողոցում, իրեն հետևողները ցրված էին։ Այս իրողությունը կազդուրեց նրան, և թեթևացավ։ Մարմնի ղողը դադարեցնելու համար մեկ երկու գավաթ օղի քաշեց և նստեց անկյունը և սկսեց մտածել մի ելք գտնելու համար։
Որքան մտածում էր, այնքան մթնում էր իր աչքերի առաջ ողջ աշխարհը։ Ինչի՞ց սկսվեց այս բոլորը, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդ աղջիկն իրեն ապարանջան ուղարկել. արդյոք ճի՞շտ կաներ, եթե ապարանջա՞նը ներքևից նետեր պատշգամբը, որպեսզի բոլորը տեսնեին, թե ինքը չի ընդունում այդ նվերը. թերևս սխալ արավ, որ չարավ, թերևս անհրաժեշտ էր գնալ և ապարանջանը շպրտել պատշգամբը և վերադառնալ։
Գնալով մտքերը դառնում էին կիզիչ․ կարծես տաք, շիկացած շամփուրներ էին կոխվում գանգի մեջ և անգթորեն դուրս քաշվում. կարծես մի հզոր և կոպիտ ձեռք բռնում էր իր սիրտը և ճմլում, ինչպես մի բուռ մսի կտոր։ Հանկարծ վեր կացավ, մոտեցավ սենյակի դռանը և կանչեց․
– Մեմի՜կ…
Կանչեց և անմիջապես լռեց, որովհետև ձայնը սայթաքեց, կորցրեց իր բնական շեշտը. կարծես մի օտարոտի մարդ էր կնոջը կանչում․ ետ քաշվեց, մոտեցավ հայելուն, հազիվ կարողացավ իր դեմքը ճանաչել, քայլեց դեպի անկյունը, բայց սկսեց պտտվել ողջ մարմնով, օրորվում էր սենյակը, առաստաղը ծռվեց, նորից ուղղվեց, պատից կախված լամպը հպավ հատակի գորգին և նորից կախվեց իր տեղը։ Որքան ջանաց մի սիգարեթ փաթաթել, չհաջողվեց, որովհետև մատներն իրար չէին հասնում. նայում էր մատներին և տեսնում էր ահավոր տարածություն իր երկու մատների միջև. վերջապես հասավ անկյունը, մարմինը ձգեց հատակին, գլուխը դրեց բարձի վրա և փակեց աչքերը։
Ժ
Երբ պատարագը վերջացավ և ոսկերիչ Տիգրանը դուրս եկավ եկեղեցուց, նա ևս ենթակա եղավ տարօրինակ նայվածքների տարափի։
Դեռ եկեղեցու բակումն էր, երբ լսեց.
– Ժա՜մ է եկեր, տո՛ւն գնա, տե՛ս ո՞վ կա էնտեղ։
Լսեց, թեև հաստատ համոզված չլինելով, որ իրեն է վերաբերում, այնուամենայնիվ, ետ դարձավ։ Մարդկանց երեսին տեսավ հեգնական ժպիտ։ Ցնցվեց։ Եկեղեցու բակից դուրս ելնելիս մեկը, – այս անգամ արդեն պարզ էր ակնարկությունը, – ասաց.
– Հաջաղա Փայլունին քով էր գացեր․․․
Այս լսելուց հետո ոսկերիչ Տիգրանը միայն բնազդորեն գտավ իր տան ճանապարհը։
Տուն մտնելուն պես կատաղած բարձրաղաղակ պոռաց․
– Ո՞վ էր եկեր հոս։
Փայլունը նայեց Տիգրանի աչքերին, և՛ սարսափեց, և՛ սարսափից ամեն ինչ մոռացավ, հենվեց պատին և բյուրեղացած աչքերով սկսեց նայել անգույն տարածության մեջ։ Տիգրանը մոտեցավ նրան․
– Ո՞վ էր եկեր քովդ, – հարցրեց ահռելի ձայնով։
Փայլունը ոչինչ չկարողացավ պատասխանել։ Տիգրանը քաշեց ուսից և շպրտեց նրան հատակին։
– Ո՞վ էր եկեր հոս, կըսիմ, բերանդ չի՞ բացվիր, հա՞… – բղավեց զայրույթի գագաթնակետին հասած և բարձրացնելով ջրի կուժը՝ շպրտեց նրան։
Փայլունը դարձյալ բնազդորեն և մեքենայորեն խուսափեց հարվածից։ Կուժը զարնվեց պատին և շառաչյունով փշրվեց։
– Տիգրա՜ն… – հազիվ կարողացավ արտասանել անմեղ կինը։
– Դահա անո՞ւնս կուտաս, լի՛րբ, – պոռաց Տիգրանը և նորից մոտեցավ կնոջը։
Ոչ մի աղերսական նայվածք չազդեց խելագարված ամուսնու վրա։
– Ժամ չեկար, որ Հաջի աղայի հետ քեֆ ընես, հա՞, հիմա քեֆը ես քըզի սովրացնիմ։
Փայլունը ուզում էր ասել, թե Հաջի աղան եկել էր և միայն իրեն էր հարցնում, բայց Տիգրանը չթողեց, որովհետև կատաղությամբ հարձակվեց վրան, երկու ձեռքերով բռնեց վիզը և սկսեց սեղմել։ Փայլունի աչքերն ընկան դուրս և արյունակալվեցին, մատներովը ճանկռոտեց Տիգրանի երեսը, որից Տիգրանն ավելի կատաղեց և ավելի ուժգնությամբ և խելագարվածի ֆիզիկական ուժով շարունակեց կոկորդի սեղմումը։ Հանկարծ Փայլունը թուլացավ, կորավ վզի դիմադրականությունը, այնպես, որ Տիգրանի մատները խրվեցին կնոջ մսի մեջ։ Ինչպես ձեռքերի արանքում լիներ խմորի մի կույտ, մարմինն ամբողջ կորցրեց իր պնդությունը և շորի կտորի նման ընկավ Տիգրանի ծնկների վրա։ Տիգրանը վայրկենապես սթափվեց և սարսափեց, ձգեց Փայլունի մարմինը հատակի վրա և սկսեց կանչել.
– Մեռա՜վ, մեռա՜վ, մեռա՜վ…
Ձայնն այնքան բարձրաղաղակ և աղիողորմ էր, որ բոլոր հարևանները լսեցին և թափվեցին դռան առաջ։ Տիգրանն ուզում էր մոտենալ դռան և բաց անել, բայց դողում էին ծնկները և չկարողացավ ոչ մի քայլ անել։ Դռան առաջ հավաքվողները լսում էին, որ Տիգրանն ինչ-որ ձայներ էր հանում, կարծես լացի ձայն էր, բայց անասնական։
Դռան առաջ հավաքվողների մեջ երկու երիտասարդ, տեսնելով, որ Տիգրանը դուռը չի բաց անում և զգալով ինչ֊որ զարհուրելի ոճրի առկայությունը տան ներսում, քայլեցին տան ետևը, բարձրացան պատի վրա և, ցատկելով պարտեզը, ներս մտան և բաց արին տան դուռը։ Բազմությունը լցվեց ներս։ Փայլունի դիակն ընկած էր հատակին անշնչացած։ Տիգրանը քաշված մի անկյունում, հատակի վրա ծնկի չոքած, գլուխը հենած պատին՝ հեկեկում էր։
Ավելի արագ, քան կայծակի սլացումը՝ ամբողջ քաղաքում տարածվեց ոճիրի լուրը։
– Ոսկերիչ Տիգրանը կնիկն է խեղդե՜ր։
– Վա՜յ Հաջաղա՛, վա՜յ․․․
ԺԱ
Ոճիրի լուրը լսեց և Մեմիկ խաթունը հենց աղջկա տանը․ լսեց նա մանրամասնորեն. Հաջի աղան գնացել է Փայլունի մոտ այն ժամանակ, երբ ամուսինը եկեղեցումն է եղել. Փայլունը ներս է առել Հաջի աղային, ոսկերիչը տուն վերադարձին իմացել է, բացատրություն է պահանջել կնոջից, կինը լռել է և…
– Աս մարդը խելքը թռցրե՜ր է, – բացականչեց Մեմիկ խաթունը և վազեց տուն։
Հաջի աղան ոչինչ չէր լսել ոճրի մասին։
Մեմիկ խաթունը տուն մտնելուն պես ձեռքերը խփեց ծնկներին և կանչեց․
– Հաջի աղա՛, Հաջի աղա՛, նամուս չի մնաց, ալ բան չի մնաց…
Հաջի աղան լսեց այդ կանչը, բայց կարևորություն չընծայեց, որովհետև նոր բան չգուշակեց․ նա կարծեց, թե միևնույն դեպքի շարունակությունն էր, բայց լուսամուտի տակ ձայներ սկսեցին լսվել․ լսեց իր անունը, Փայլունի անունը, ոսկերիչի տունը։ Նախ և առաջ Հաջի աղան որոշեց պահել իր սառնասրտությունը։ «Կհաչեն՝ կհաչեն՝ կերթան», – եզրակացրեց նա մտքում և փաթաթեց սիգարեթը, բայց ձայներն ավելի բարձր և ավելի համառ դարձան։
– Նազենիմ հարսին գլոխը կերավ…
– Դատաստանին օրը ի՞նչ պատասխան տի տա։
– Լոս֊լոս գնացեր է հարսին քովը…
Հաջի աղան չկարողացավ դիմադրել, մոտեցավ լուսամուտին։
Փողոցում լիքը բազմություն կար, բոլորն էլ դեպի լուսամուտն էին հառել իրենց աչքերը։
Հաջի աղան ետ քաշվեց և սկսեց ունկնդրել։ Ոչ մի բացականչությունից չկարողացավ իմանալ, թե նոր ի՞նչ է պատահել, բայց նրա ներքին աշխարհում չոքեց մռայլությունը։ Երկար ունկնդրելով ձայներին և չկարողանալով որևէ եզրակացության գալ, երկու գավաթ նորից օղի տնկեց և իջավ ներքև՝ Մեմիկից մի բան իմանալու։
– Մեմի՛կ…
Մեմիկ խաթունը գլուխը վեր բարձրացրեց և սարսափահար աչքերով նայեց ամուսնուն։ Նա սարսափեց նախ և առաջ նրա ձայնից, բոլորովին օտարոտի էր այդ ձայնը, չկար այդ ձայնի մեջ երեսունհինգ տարվա հարազատությունը, և ապա Հաջի աղան փոխվել էր դեմքով, զգալիորեն ծերացել էր, մռայլվել, հոնքերը կախվել էին աչքերի վրա, ինչպես քիվը՝ փլատակ տան կույր լուսամուտների վրա։
– Մեմի՛կ․․․ – նորից ձայնեց Հաջի աղան։
– Մեմիկ գետնին տակ անցներ, աս բանը չտեսնար, – պատասխանեց Մեմիկը։
Հաջի աղան լռեց, կարծես թանձր պատերի միջից տեսնում էր դռան առաջին բազմությունը։
– Մեմի՛կ, ի՞նչ է եղեր, ըսե՛, – ասաց Հաջի աղան։
Մեմիկ խաթունը խղճաց Հաջի աղային. նրա ձայնում այնքան աղերսական շեշտ կար, որ ամենաանտարբեր մարդն անգամ կզգացվեր։
– Հաջի աղա՛, ո՛տքդ պագնիմ, սա բաներն ինչո՞ւ ըրիր, – լացով արտասանեց Մեմիկ խաթունը։
– Ջանըմ, ի՞նչ ըրի, ի՞նչ եմ ըրեր…
Մեմիկ խաթունը պատմեց ահավոր եղելությունը…
– Խեղդե՞ց, – հարցրեց Հաջի աղան։
– Հա՛, խեղդեր է։
Հաջի աղան մի քիչ օրորվեց, բռնեց սանդուղների հենարանը, ձեռքը տարավ ճակատին՝ վայրկենապես կուտակված պաղ քրտինքի կաթիլները սրբելու, և դանդաղորեն բարձրացավ իր սենյակը։ Սանդուղից վեր բարձրանալիս նրան թվաց, որ քայլում է դեպի ավելի և ավելի մութը․ կարծես մթնոլորտը սևացավ, խտացավ և դարձավ կուպր։ Սենյակ մտնելիս նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ չճանաչեց, տարիների հարազատ սենյակը կորցրել էր իր արտաքին տեսքը։ Դեռևս փողոցի ձայները լսվում էին, բայց ոչ քիչ առաջվա պարզությամբ, որովհետև Հաջի աղան սուզվում էր անել քաոսի մեջ։ Գրեթե խարխափելով, նա գտավ պահարանը, բնազդորեն բաց արավ և, կույրի նման շոշափելով, ձեռք բերեց օղու շիշը, քաշեց բերանին, խմեց մինչև հատակը։ Շիշը չկարողացավ իր տեղը դնել, բաց թողեց պարապության մեջ․ շիշն ընկավ հատակին և ջարդվեց․ Մեմիկ խաթունը լսեց այդ աղմուկը և շշնջաց․
– Շուշա՞ կկոյրե, կոյրե (կոտրե), գլո՛ւխդ ըլ հետը կոյրե, աննա՛մուս․․․
Հանկարծ մի միտք, ինչպես մթան մեջ վառվող փոքրիկ լուցկին, լուսավորեց Հաջի աղայի տեսողությունը։ Ինչքան այդ միտքը լայնացավ նրա ուղեղում, այնքան պայծառացավ շրջապատը, իրերը ստացան իրենց նախկին ձևը, սենյակը լուսավորվեց, ջարդված շշի բեկորները հատիկ֊հատիկ երևացին նրա աչքին, նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ շշնջաց, կարծես մի գաղտնի բան ասաց ինչ֊որ մեկին, քայլերն ուղղեց դեպի դուռը, դուրս ելավ, իջավ սանդուղից, մտավ կրակատունը, բաց արավ պահարանը, վերցրեց լվացքի թոկը, որ Մեմիկ խաթունը խնամքով փաթաթել էր, թոկը դրեց ժակետի տակը, որ ոչ ոք չտեսնի, բարձրացավ նորից սենյակը։ Կարծես ուրախ տրամադրություն ուներ, ուզեց օղի խմել, բայց ոչ մի կաթիլ չկար։
Մեմիկ խաթունը լսեց սեղանի անկման աղմուկը, բայց ոչինչ չկարողացավ գուշակել, նորից շշնջաց.
– Աննա՛մուս․․․
Ապա ողջ տանը տիրեց լռություն, ինչպես փակված գերեզմանում։
Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշեց վեր բարձրանալ, խոսիլ ամուսնու հետ, թքել նրա երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։
Մինչև Մեմիկ խաթունի սենյակ մտնելը Հաջի աղան ավանդել էր իր հոգին․ նրա մարմինը երկարել էր, ոտները գրեթե հասել էին սենյակի հատակին։ Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային՝ սյունի պես երկարած հատակեն մինչև առաստաղը, սարսափելի ճիչ արձակեց և ընկավ հատակին, հազիվ մի քանի անգամ կարողանալով կանչել՝ հասե՜ք․․․
Փողոցում կանգնողները լսեցին ճիչը և ապշահար դարձան դեպի լուսամուտը։ Մեկն աղաղակեց․
– Հիմ ըլ կնիկը կխեղդե։
– Հասե՛ք, տո՛․․․
Մի քանի հոգի մոտեցան դռան, հրեցին, բաց արին։ Բազմությունը լցվեց ներս և տեսավ Մեմիկ խաթունին՝ ընկած սենյակի հատակին, ուշագնաց, իսկ Հաջի աղայի հասակը, ինչպես մի սյուն, տնկված էր սենյակի մեջտեղում։
1935 թ.
Աղավնիներ
1
Կանգնած եմ Պարթենոնի մարմարների վրա, հենված խորտակված մի սյունի։
Հեռուն՝ լեղակի կապույտ ծովը, վերևում՝ երկինքը՝ փիրուզյա հսկա թասի նման։
Կարծես լսում եմ Միներվայի թևերի շրշյունը։
Հանկարծ, փիրուզյա ֆոնի վրա, Ակրոպոլիսի ստորոտից վեր է բարձրանում սպիտակ աղավնիների մի երամ։
Կաթնագույն աղավնիներն են, որոնք գալիս, թառում են Էրեքթեոնի արձանների վրա, կարծես ձուլվում են մարմարի սպիտակության մեջ, ապա նորեն թռչում են, փիրուզյա երկնքի և ծովի միջև դարձդարձիկ պար դառնալով։
Ջինջ օդում կարկաչում է նրանց մրմունջը։
Այդ կաթնագույն աղավնիները հիշեցնում են ինձ մի հի՜ն տրագեդիա։
2
Այն երկիրը, որտեղ տեղի է ունեցել այդ տրագեդիան, մի երկիր է արևի բոլոր գույներով վառվող ծաղիկներով և մրգերով, մի երկիր՝ շրջապատված կապույտ սարերով։
Ցորենավառ, անհո՜ւն դաշտից Եփրատն է անցնում վարարած։
Գիշերները լուսինը կախվում է այդ ծաղիկների, մրգերի, գետի և սարերի վրա՝ կաթով լեցուն ստինքի նման։
Ձմեռը սառնամանիք է, անգութ, անկարեկիր սառնամանիք, կատաղում է երկինքը և ոռնում օր ու գիշեր։
3
Այն հին երկրում աղավնիներ պահելը, «աղվընիկ խաղցնելը», ինչպես բնիկներն էին կոչում, համարվում էր ստոր զբաղմունք։
Ծերերն ասում էին․ «Աղվընիկն անմեղ է, բայց մահ է»։
Մինչև անգամ, երբ աղավնի էին տեսնում երազում, սարսափում էին նրանք։
Ամեն անգամ, երբ մայրս տեսնում էր աղավնին մեր կտուրի վրա իջած, ահով էր բռնվում։
– Աղվընիկը տեներին վրե է նստեր, – ասում էր և խաչակնքում դողահար։
Հին այդ երկրում որևէ մեկին անարգելու համար «աղվընիկ խաղցնող» էին կանչում, եթե մինչև անգամ աղավնիների հետ կապ էլ չունենար։
Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր և բղավում.
– Դասդ չես գիտեր, աղվընիկ խաղցնող։
Մենք կարող էինք գանգատվել դպրոցի տեսչին, որ խոսակցության ընթացքում մի աշակերտ մի ուրիշ աշակերտի «աղվընիկ խաղցնող» ածականով է որակել։ Սա ավելի ստոր հայհոյանք էր համարվում, քան մորը հայհոյելը։
Իսկ իսկական աղվընիկ խաղցնողին մատով էին ցույց տալիս, ինչպես պոռնիկին և գողին։
Ո՛չ միայն աղվընիկ խաղցնողին և նրա տղին աղջիկ չէին տալիս, այլև որոնում էին մինչև անգամ, թե տղի կամ աղջկա «ճինսին մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե չէ»։
Եթե մեկն ու մեկն ասեր, թե՝
– Կըսեն քի՝ աղջկա (կամ տղի) մոր հորեղբոր փեսի ախպարը աղվընիկ խաղցնող է եղե՜ր, – եզրակացությունը պարզ էր. անմիջապես նշանը (եթե մինչև անգամ տվել էին) ետ էին ուղարկում, խնամիական բոլոր կապերը խզում։
Բայց մենք, մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղավնի խաղացնողները մեր աչքում հերոսներ էին։
Մանուկների համար այդ բոլորն անհասկանալի և տարօրինակ էին։
Չէ՞ որ եկեղեցում ոսկյա աղավնու բերանից էին կաթեցնում մեռոնը՝ թևաբաց ոսկյա աղավնու։
Աղավնին գովաբանվում էր, իբրև անմեղության նշան, բոլոր երգերում։
Եվ մենք սիրում էինք աղավնիները։
Մենք մի փոքրիկ մարմարյա արձան ունեինք։ Դա մի մերկ, սիրուն աղջիկ էր՝ աջ ուսին մի աղավնի թառած։
Այդ արձանը հայրս Ստամբոլից էր բերել։ Դրված էր իր սենյակում՝ ընկույզե փայտից շինված պատվանդանի վրա, հետևում թավշյա սև ֆոն։
Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։
Երբ մեծ եղբորս երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր-վեր թռցնում և ասում.
– Ձագո՜ւկս, աղվընիկ կլմանիս։
Իսկ երբ բաղնիսում մի սիրուն, ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր․
– Լուսինկայի պես մարմին ունի, թամա՜մ ճերմակ աղվընիկ։
Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ աղավնիները տեսնելիս՝ սարսափով խաչակնքում էր։
Ինձ այրում էր մի տենչանք․ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։
Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։
4
Եվ ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։ Ակոբը, աղվընիկ խաղցնող Ակոբը, մեր հարևանն էր, որ մոտավորապես հարյուր թև աղավնի ուներ։
Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղվընիկ խաղցնող Ակոբի աղավնիները։ Ամոթ էր հրճվել աղավնիների թռիչքով։ Բայց ես անդիմադրելի մղումով բարձրանում էի և դիտում։
Նրանք գլխկոնծի էին տալիս մաքուր, ջինջ, կապույտ օդում։ Հրճվում էի խելագարի նման։ Երբեմն պահվում էի կտուրի լողի հետև, որպեսզի աղավնիները չվախենան, իջնեն մեր կտուրի վրա, և ես կարողանամ, թերևս, բռնել նրանցից մեկն ու մեկը, դպցնել մատներս փետուրներին։ Ո՛չ մի անգամ էլ չէի հաջողում։
Լողի ետևում պահված՝ ես տեսնում էի, որ նրանցից մի քանիսն իջան մեր կտուրի քիվի վրա։ Ես միայն տասը քայլ հեռու եմ նրանցից, դիտում եմ անհանգստությամբ, այնպես զգույշ, շունչս փորս գցած, որպեսզի շուտ չթռչեն։
Ես երազում տեսնում էի Ակոբի աղավնիները։ Իջել են նրանք գլխիս, ուսերիս, թևերիս։ Լսում եմ նրանց մրմունջը։
Սկսում եմ ցատկել, պարել։
Նրանցից ո՛չ մեկը չի փախչում, բռնում եմ, շոյում, սիրում, գգվում համբուրում, դնում ծոցիս մեջ։
Հանկարծ զգում եմ, որ երազ է, բայց շարունակվում է երազը՝ աղավնիները գլխիս վրա են, ուսերիս, ծոցումս։
Զարթնում եմ։
Ամեն ինչ չքանում է, միայն դեռևս կարծես շարունակում եմ լսել նրանց մրմունջը։ Երկար շարունակվում է սպիտակ աղավնիների երազի անիմանալի խայտանքը։
Եվ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ արհամարհում էին աղավնիները, ինչո՞ւ էին անարգում, անպատվում աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, աղվընիկ խաղցնող Ակոբին։
Երեկո է։ Արևը դեռ չի թաղվել հեռավոր սարերի հետևը, քիչ տեղացող անձրևը մաքրել է երկրի դեմքը։
Պայծառ լույս է։ Լուսամուտների ապակիները փածկլտում են։
Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։
Աղավնիները թռան դուրս ուրախ մրմունջներով։
Ոմանք սպիտակ են, կաթնագույն, թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետնին։ Մանուկները վազում են, իրար ձեռքից խլում, ձեռք բերողն ամրացնում է գդակին։ Ոմանք ժայռային մուգ֊կապույտ գույն ունեն, ոմանք տեղ֊տեղ սպիտակ, տեղ֊տեղ մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բաց գույնով, արևմարի վերջին շողերի նման, ոմանք՝ դեղնավուն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել։
Օդում, երբ կաթնագույնները հանդիպում են բամբակի կույտերի նման սպիտակ ամպերի ֆոնին, էլ չեն երևում, կարծես հալչում են. իսկ երբ ամպերը մթին են լինում, մոխրագույններն են անէանում, կարծես լուծվում են մթին ամպերում։
Ահա մի զույգ, կրծքները կլորաձև կանաչին են տալիս, բայց երբ մի ակնթարթ փոխում են դիրքերը՝ կանաչը կորչում է և մանուշակագույնին է տալիս։
Նազանքով և մրմունջներով կտուրի վրա քայլում է մի ուրիշ խումբ, ամբողջովին շագանակագույն֊սուրճի և շաքարի փոշու խառնուրդ, երբ թռչում են՝ պոչերը աղեղնաձև, թևերի տակն ամբողջովին լուսնային սպիտակություն։ Քայլում են քիվի վրա, քչքչում, վզները հարատև շարժման մեջ ջրի նման շարժուն, այնքան թեթև, դարձդարձիկ ու լույծ, ալիքի վրա նետված գնդակի նման։
Եվ աղավնիները մահ էին, չա՜ր, ս՜և մահ։
Ես երբեք չէի կարող հասկանալ մթին այս առեղծվածը։
«Աղվընիկ խաղցուց, տունը մոխիր դարձավ», – ասում էին հին մի աղվընիկ խաղցնողի մասին։
5
Աղվընիկ խաղցնողները մշտական կռվի մեջ էին։ Երբ նրանք տեսնում էին աղավնիներ օդում ճախրելիս՝ բաց էին թողնում իրենց լավագույն աղավնին, որպեսզի գնա, նրանցից մեկն ու մեկը քաշի, բերի։
Իրար ձեռքից աղավնիներ էին խլում – սա էր աղվընիկ խաղցնելու հմայքը։
Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող և դյութվող։
Սեռը աղավնու ամենաուժեղ բնազդն է։
Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, աղավնիների կտուցներն այրվում են սիրուց, նրանք քչքչում են, թռվռում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում մարմինները՝ խայտանքից հարբած, մոտենում են իրար, սիրուց կրակված քսվռտվում են, կտուցները զարկում իրար, թռնում իրար վրա։
Աղվընիկ խաղցնողը տեսնում է, որ կտուրից համարձակ օդ բարձրացավ մի մարի։
Գեղեցիկ է։ Փոփոխակի մանուշակագույն և կանաչ կուրծքը փռփռում է շողերի տակ։
Հակառակորդ աղվընիկ խաղցնողը բաց է թողնում մի դարպասող պապի, «ճինս» աղավնի, տասնյակ հաղթանակներ տարած։
Պապին գնում էր, օդում դարձդարձիկ շարժումներ գործում, դառնում էր, դառնում, անվե՜րջ դառնում, մինչև հմայեր մյուսին, քաշեր բերեր իր բույնը։
Աղավնիների այդ պայքարի ժամանակ երկու աղավնիների տերերը, տարբեր կտուրների վրա, բռնվում էին անսահման անձկությամբ։ Նրանք սրտատրոփ սպասում էին վախճանին, ներքևից ընտանի սուլոցներ բաց թողնելով՝ ոգևորելու և քաջալերելու իրենց պայքարող աղավնիները։
Մինչև պայքարի վախճանը նրանք ապրում էին կես հոգեվարք։ Մութը պատում էր նրան, որի աղավնին, հմայված մյուսից՝ գնում էր նրա հետևից։
Դրանից սկսվում էր մահացու թշնամությունը, մինչև արյուն, մինչև մահ։
Պարտված աղավնու տերը զգում էր իրեն ցեխի մեջ տրորված, անպատվված։ Նրա համար նախընտրելի էր, որ կնոջը բռնեին բոզության մեջ, խայտառակվեր ամբողջ քաղաքում, քան թե պարտվեր աղավնիների պայքարում։
Թշնամությունը տևում էր սերնդից֊սերունդ, չէր մոռացվում ահավոր անպատվությունը։
Եվ հաճախ պարտված աղավնու տերը, չհամբերելով մինչև անգամ մի օր անցնի և պատահարը դառնա պատմություն, գալիս կանգնում էր հաղթանակող աղավնու տիրոջ տան շեմքին։
Փայլում էր դանակը։ Հավաքվում էր աղվընիկ խաղցնողների և աղավնու սիրահարների խումբը, բաժանվում երկու մասի։
– Խարդախությամբ տարավ աղվընիկս, – գոռում էր պարտվողը։
Ի՞նչ խարդախություն կարող էր լինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։
– Ետ տի տաս աղվընիկս, չէ նե… – և ցույց էր տալիս շողշողուն դանակը։
Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ՝ հայտարարում էր.
– Ուր կուզես նե՝ գնա, չեմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացիր։
Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զրնգոցը ճեղքում էր օդը՝ իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաների լաց, և հոսում էր արյունը մեկն ու մեկից։
Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշած։
– Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլար, – ասում էին նրա հակառակորդները։
Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև հոնքերը և ծոպն առաջ, ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը, քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չանելով, ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։
Ահա թե ինչու ծերերն ասում էին՝ աղվընիկն անմեղ է. բայց մահ է։ Աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։
Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։
Երբ փողոցում դանակներն էին շողում և ատելությամբ զարկվում իրար ու շաչում, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել և դառնալ իրենց անմեղության պարը։
Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ի՜նչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան հանցանքը փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, իջնում նրա տաքուկ բույնը, գիշերն ամբողջ քչքչում, կտուցը կտցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։
6
Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբը արհեստով սափրիչ էր։
Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում, որովհետև գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներ էր թռցնում, ետ կանչում, նորեն բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ, անձկագին։
Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։
Մենք, մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է – սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում էր ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սափրի, մենք սկսում էինք խոսել քաղաքում անուն հանած մի որևէ աղավնու մասին։
– Կըսեն քի Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է, – ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։
Մենք միայն իրար հետ էինք խոսում և, իբր թե, սպասում ենք մազներս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում մեզ։
– Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ, – հարցնում է անձկագին։
– Մինասն ըսավ։
– Չէ՜, ջանը՜մ․․․
– Հա՛, իրավ է, երկու ձագ։
– Մինասը սուտ կխոսա…
Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրները հետզհետե սմքվում են։ Քթի տակը, օճառի պղպջակների պայթելուց, քորվում է։
– Ածիլե երթամ, բե՜, ջանը՜մ։
– Շատ մի խոսա, էստեղ գործ ունիմ, – պատասխանում է Ակոբը և շարունակում է վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի չիլ աղավնու մասին։
– Ծո՛, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քըզի կըսիմ, – նորեն հարցնում է Ակոբը մտահոգ։
Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել տանել որևէ աղավնի, և ահա նա աճել է երկուսով։
Մութը պատում է Ակոբին։
– Չիլի անունը մենծ է, ամա էդքան չէ, – հարում է Ակոբը իրեն մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։
Հաճախորդը զայրանում է.
– Տ՛ածիլե՞ս, թե չէ, – և հայհոյում է։
Ակոբի աչքերը թարսութուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից։ Ակոբը հանկարծ կարող է փոխել ածելու իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։
– Ի՞նչ կուզես, – հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։
Հաճախորդը մեղմացնում է ձայնը և աղաչական հարում.
– Կուզեմ քի, ածիլես՝ երթամ։
Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝
– Վերջացավ, յալլա՜…
Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց ստույգ վտանգից։
– Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տածիլիմ, – մրթմրթում է Ակոբը հաճախորդի հետևից։
Մենք հեռանում էինք՝ Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա էր փաթաթում, քաշում արագ֊արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը երկնքին, տեսնելու համար թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։
Ակոբը տուն գնալուց հետո բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի չիլը․ ինքն էլ ունի փոքրասիական հռչակ վայելողներ։
Բռնում էր ոմանց, գլխները կոխում բերանը (դա նրա համբուրելու, սիրելու ձևն էր) և բաց թողնում։
Կտուրի վրա, Ակոբի գլխավերևը, զրնգում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր.
– Օ՜խ, օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ…
7
Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին, գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ։
Եկավ կանգնեց և գոռաց,
– Դու՛րս եկուր։
Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման տժգույն ձեռքերը պարզած, վազեց դեպի կտուր տանող սանդուղքը։
Այդ ժամանակ Ակոբը դանդաղ, ծանր քայլերով իջնում էր կտուրից։
Դեմքն ամբողջովին այլափոխված էր, դողում էր զայրույթից։
Կինն ընկավ ամուսնու ոտը.
– Ոտքդ պագնիմ, մ՚երթա։
Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը․
– Էրիկ մարդ իմ, շատ մի՛ խոսա։
Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտն էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին կինն ընկավ սալահատակին՝ ուշագնաց։
Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորեն դրեց պատյանը։
Աղջիկը տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։
Ակոբը երևաց դռան առաջ, և բոցավառվեց դանակը։ Հակառակորդները նահանջեցին, որովհետև Ակոբի կողմնակիցներն էլ վրա հասան։
Քիչ անց ոչ ոք չմնաց Ակոբի դռանը։ Ակոբը ներս մտավ հպարտ։
Նա տեսավ կնոջը ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց.
– Հե՛չ ջիգեր չունիս, կնիկ, մեղք, որ ի՛մ կնիկս ես։
8
Բայց Ակոբի կնոջ սիրտը ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամ էր նրա վերքը կապել։
Կինը մտածում էր այն մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։
Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակնին առնում էին, թողնում էին աղավնիները։
Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողներ աղավնիները և խաղաղ զբաղվեր իր արհեստով։
– Վա՛զ անցիր աղվընիկներեն, ա՜յ մարդ, – աղաչում, պաղատում էր կինը, – աղջիկ զավակ ունիս, տունը կմնա, մեղք է։
Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ֊փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր անում։ Նրա հոգու առաջ ցցվում էին կաթնագույն աղավնիները և կաթնագույն ու սև մազերով աղջիկը, չէր կարողանում ազատվել մեկն ու մեկից, մռայլվում էր, տանջվում։ Թախիծը թանձր, մթին մշուշի նման իջնում էր ճակատի վրա և, չգտնելով ո՛չ մի ելք, ապտակում էր կնոջը և գոռում.
– Նորեն սկսար վռվռալ, հերի՜ք է, մաշեցի՛ր։
Կանչում էր աղջկան՝ Լիլոյին, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, թշերի կարմիրը, նստեցնում ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում.
– Գըզը՜մ չինար բոյլի գըզը՜մ…
Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում ամեն բան, մոռանում աշխարհն ու նրա չար օրենքները։
Երբ օդում զրնգում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում, և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևով լվացված կանաչի նման։
Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար.
– Աղջիկ զավակ ունիս, հողը դի՛ր, ազատվի։
Բայց Ակոբն ինչպե՞ս ազատվեր աղավնիներից։
Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։
Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում նրանց մրմունջը։
Փողոցում քայլելիս, հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայով։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։
– Ես կարծեցի քի աղվընիկ է, – ասում էր Ակոբը և ժպտում։
Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա, դարձավ ալեխառն, նման իր մոխրագույն աղավնիներին, բայց հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի և ավելի մանկացավ։
Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։
Ածիլած ժամանակ աչքը լուսամուտից դուրսն էր։
Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին, գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռացած հաճախորդին՝ հրճվում էր ամբողջական հոգով։
9
Մի օր լուր տարածվեց քաղաքում, որ Հաջի Թումաս աղայի տղան՝ Արան «սեր էր կապել» աղվընիկ խաղցնող Ակոբի աղջկան։
Լուրն ապշեցուցիչ էր. հուզվել էր ամբողջ քաղքենիությունը, աղաների ընտանիքները, մեծից մինչև փոքրը։
– Ծո՛, աղվընիկ խաղցնողի աղջիկը կսիրե, դիվանա է, – ասում էին։
– Սև մաղեցին տան վրա, – ասում էին ուրիշները։
Լուրը շրջում էր բոթի նման, ահավոր աղետի նման։ Թումաս աղայի ընտանիքի հետ ոչ մի կապ չունեցողներն անգամ լուրն ընդունում էին սարսափահար։ Պառավներ կային, որ ծնկներին էին խփում. «Ծո՛, էսպես բան կըլլի՞, ի՞նչ ժամանակի մնացինք»։
Հաջի Թումասի ազգականներից ոմանք եկեղեցում մոմ վառեցին և աղոթեցին։
Լուրը ճիշտ էր, համառ։ Արան սիրահարվել էր Ակոբի աղջկան՝ Լիլոյին։
Հաջի Թումաս աղան հարևան էր Ակոբին, նրանց տան պարտեզներն իրար կից էին, միայն մի պարսպով բաժանված։
Արան՝ Հաջի Թումաս աղայի միջնակ որդին, նոր էր եկել Ստամբոլից, մոտ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր։
Արան մանկուց էր կապվել Լիլոյին, միասին խաղացել էին, միասին բարձրացել էին կտուրը և աղվընիկ բռնել, շոյել և սիրել։
Իհարկե, տասը տարի մնալով Ստամբոլում, Արան մոռացել էր Լիլոյին, մինչև անգամ աղջկա դիմագծերն անհետացել էին նրա հիշողությունից, բայց վերադարձից երկու օր հետո, երբ տեսել էր նրան, կրակվել էր, բռնվել այնպիսի հրդեհով, որից ազատվելն անկարելի դարձավ։
Արան, կանգնած իրենց կտուրի վրա, երբ տեսել էր Լիլոյին պարտեզի ծառերից մեկի տակը, հին, ծանոթ եղանակով շվացրել էր։ Լիլոն անմիջապես գլուխը բարձրացրել, անձկագին աչքերով փնտրել էր շվացնողին և երբ տեսել էր Արային կտուրի վրա, բարձր և ուրախ ծիծաղել էր և թռել ներս։ Լիլոյի ծիծաղը զրնգացել էր օդում, և Արան զգացել էր, որ բոցի մի մեծ լեզու գրկում է իրեն։
Եվ մի քանի օր հետո տեսել էին Արային իրենց պարտեզի պատերի վրայից, կես֊գիշերին, Լիլոյենց պարտեզը ցատկելիս, Լիլոն ծառի տակ։
Լուսնի լույս։ Խաղաղ, անհուն, կապույտ գիշեր։
Ահավոր տեսարան. Արան գրկել էր Լիլոյին, համբուրել, խոսել հետը երկար։ Արան եվրոպական զգեստով, օսլայած օձիքով և թևնոցով, Լիլոն՝ գրեթե կարկատաններով, ծաղկավոր գոգնոցով, գլխին՝ մի գունավոր թաշկինակ։
Արայի ընտանիքն ամենաուշը լսեց զարհուրելի իրողությունը․ իրենց տղան աղվընիկ խաղցնողի աղջկա հետ… Մութ, դժոխային իրողություն։ Արայի մայրը փակվեց տանը, ոչ եկեղեցի գնաց և ոչ էլ բաղնիս, իսկ Հաջի Թումաս աղան երկու օր խանութ չհաճախեց։ Ստեցին թե՝ «Հաջաղան հիվընդցեր է»։ Այնինչ նա տանը նստած՝ երկար մտածում էր և երկար խոսում էր կնոջ հետ։ Նախ որոշեցին կանչել Արային և խրատել, բայց հետո խոհեմություն համարեցին լռել միառժամանակ։
– Ինադի չի բերենք, քիչ մի քու դամարեդ ունի, – ասաց մայրը։
– Աղջի՛, դամարի բան չէ, սարսաղցեր է, երևի կանցնի, – մխիթարեց ինքն իրեն հայրը, բայց քաղքենիական ամոթը կրծում էր նրա հոգին։
Լուրը բոցավառվում էր քաղաքում, բերանները հանգիստ չէին առնում, կարծես աշխարհում ուրիշ ոչինչ չկար, որի մասին կարելի լիներ խոսել։ Հաջի Թումաս աղան՝ աղվընիկ խաղցնողի աղջիկը։ Արան և Լիլոն – այս էր ամեն անկյունի խոսակցությունը։
Հաջի Թումաս աղան քաղաքում համարվում էր ամենահարուստներից մեկը, թեև մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի շուկայում և այդ փոքրիկ կրպակում էլ ապակյա մի տուփ։ Այդ փոքրիկ ապակյա տուփը մի վիթխարի շտեմարան էր ստի, խարդախության, կեղծիքի։ Այդ տուփի մեջ ինչքա՜ն գյուղացիներ, փոքր առևտրականներ և արհեստավորներ խեղդվեցին։ Այդ տուփը կուլ էր տվել ընտանիքներ և անուժների ու անտերների ամբողջ մի սերունդ։
Հաջի Թումաս աղան սեղանավոր էր՝ փող էր մանրում։ Փող մանրելուց գրեթե վաստակ չկար, այսինքն՝ այնպիսի վաստակ, որից մեծահարուստ կարողանար դառնալ մարդ։ Այդ առևտուրը նրա համար քող էր միայն։ Մթնում, գաղտնի, նա վաշխառությամբ էր պարապում։ Բոլոր փոքր առևտրականները նրան պարտք ունեին, պարտք, որ ամեն տարի աճում էր, բոլոր կանանց գոհարները պահ էին տրված Հաջի Թումասին, նա ձեռքի տակ ուներ հողեր, ագարակներ և տներ, իբրև գրավական։
Այդ տուփից էր կախված գրավականների տերերի գոյությունը։
Հաջի Թումաս աղայի ընտանիքն ապրում էր ճոխ, շռայլ մի կյանք։ Հարսները զարդարվում էին ոսկիներով և թանկագին քարերով, որդիները ամեն տարի ճանապարհորդություն էին կատարում ծովեզերյա քաղաքներ, իսկ Հաջի Թումաս աղան ինքն ապրում էր արտաքուստ խեղճ մի կյանք, հագնում էր կարկատած, հին մի վերարկու, խունացած և ծնկները մաշված մի շալվար, ձեթոտ մի ֆես, ձեռքի գավազանը մի քանի անգամ կոտրվել էր շների վրա, բայց նորը չէր գնել, այլ թիթեղով ամրացնել էր տվել։ Երբ պարտատերերը նրան մոտենում էին պաղատանքով, Հաջի Թումաս աղան կռացնում էր գլուխը մի ուսի վրա և պատասխանում․
– Ես ըլ քըզի պես ֆուխարա մարդ իմ, տե՛ս, վրես֊գլոխս տես։
Իսկապես, այդ վաշխառուի արտաքինը ֆուխարայի՝ աղքատի տեսք ուներ։ Ո՞վ կարող էր համարձակվել նրա երեսին տալ այդ արտաքին կեղծիքը։
– Էդպե՞ս է, ախպար, տո՛ւր փարաս, գնա քու գործիդ, նե՛ առինք, ն՛ե տվինք։
Այսպես էր պատասխանում Հաջի Թումաս աղան այն մարդկանց, որոնք հանդգնում էին երեսին տալ կեղծավորությունը։
Եվ մարդկանց արյունից ու քրտինքից կաթում էին կարմիր ոսկու կաթիլները և լցվում ապակյա փոքրիկ տուփի մեջ։
Մի գիշեր Հաջի Թումաս աղան չքնեց։ Նրա քունն առհասարակ փախել էր այն օրից, երբ լսել էր զարհուրելի լուրը։ Այդ գիշերը, համրիչը ձեռքին, նստել էր բազմոցի վրա, աչքերը գետնի խալիչային հառած, քաշում էր ու տանջվում։ Ամեն քաշելուն կենտ էր դուրս գալիս։ Նորից էր քաշում՝ էլի կենտ։ Նույնիսկ մի անգամ գիտակցաբար համրիչի հատիկներն այնպես սարքեց, որ կենտ չընկնի, բայց էլի կենտ ընկավ։ Սարսափեց։
Կինը ներս մտավ և տեսավ, որ Հաջի աղան մտադրություն չունի քնելու։ Հարցրեց․
– Քա՜, ինչո՞ւ լաթերդ չես հաներ, լաթերդ հանե, պառկի՛ր։
– Ինչ որ կ՚նիմ, թաք կըյնի, կնի՛կ, – ասած սարսափած։
– Վո՜ւյ, աչքս քոռանա։
– Միտքս ուրիշ է, – շարունակեց Հաջի Թումասը, – կուզիմ աչքովս տեսնամ՝ Արայի համար խոսվածները իրա՞վ են։
Եվ կես֊գիշերին Հաջի Թումաս աղան ու իր կինը, գաղտնի, գուլպաներով, բարձրացան կտուրը, պահվեցին լողի հետև։
Բավական սպասելուց հետո Հաջի Թումասը շշնջաց կնոջ ականջին.
– Աղջի՛, տե՛ս, բոզը բաղչան մտավ, – երբ տեսավ Լիլոյին տնից պարտեզ մտնելիս, վրան սպիտակ մի սավան գցած։
Լիլոն եկավ, մոտեցավ մեծ ծառին։ Հաջի Թումասն ու նրա կինը միայն այդ ժամանակ նշմարեցին, որ Արան արդեն ծառի տակն էր։ Լողի հետև պառկած՝ Արայի ծնողները կծկվեցին, հազիվ շնչում էին։ Արան գրկեց Լիլոյին։
– Աննամո՜ւս… – շշնջաց մայրը։
– Ձանը՛դ, – սաստեց Հաջի Թումասը։
– Երթանք վար, վրաս թասա էկավ, – առաջարկեց մայրը։
Եվ նրանք կտուրի վրա սողացին անասունների նման, քայլելով ծնկների և ձեռքերի ափերի վրա և կորսվեցին։
Ներքևում մայրը զարկավ ծնկներին և ողբալով լաց եղավ՝ կարծես որդու դագաղն էր դրված առաջը։
– Լացով ի՞նչ կըլլի, ուրիշ բան պետք է էնինք։
Հաջի Թումաս աղան շատ լուրջ և խոր ձայնով հայտարարեց․
– Եթե ես էս կապը չի կըյրեցի, ալեմը թող վրաս… նի։
Մայրը հանգստացավ։ Թող այդ կապը մի կերպ կտրվի, ինչ ուզում է լինի։
10
Ակոբը ոչ մի լուր չուներ Լիլոյի և Արայի հարաբերությունների մասին։ Նրա հետ շատ քչերն էին խոսում և կապ պահում։ Իսկ Ակոբն էլ միայն զբաղված էր աղավնիներով։ Նա բարեկամ էր միայն աղավնիներին և մանուկներին։ Բայց կինը գիտեր Լիլոյի սիրո մասին և պարտականություն համարեց ասել ամուսնուն, չթաքցնել նրանից, վերջապես հայրն էր, իրավունք ուներ իմանալու։
– Լիլոյիս բախտը վարդի պես բացվավ, աստված էրեսը նայեցավ, – վերջացրեց մայրն իր պատմությունը։
– Աղջի՛, սուտ կխոսաս, հա՜, – հարեց Ակոբն ուրախությունից։
– Լիլոյիս թաղեմ, – երդվեց մայրը։
– Փա՜ռք քըզի, աստվա՜ծ, ճերմակ աղվընկաս պահապան եղիր, – վերջացրեց Ակոբը։
Ծնողները որոշեցին այնպես ցույց տալ Լիլոյին, որ հայրը ոչինչ չգիտե այդ մասին։ Լիլոն ամաչում էր հորից, բայց մորը պատմում էր Արայի բոլոր ասածները, բոլոր խոստումները։
– Մայրի՛կ, Արան կըսե քի՝ աշխարհը մեկ կողմ, դուն մեկ կողմ, – ասում էր Լիլոն։
Իսկ մայրը լաց էր լինում ուրախությունից և պատասխանում․
– Երկար ու կանաչ արև ըլլի:
Եվ մայրը կես֊գիշերին զարթնեցնում էր աղջկան.
– Լիլո՛, աղջի՛, ելի՛ր, տղան բաղչան է։
Լիլոն վեր էր թռչում և վազում պարտեզ քնաթաթախ աչքերով, իսկ մայրը սրտատրոփ սպասում էր պարտեզի դռան հետև, մինչև աղջիկը վերադառնար, պառկեցներ անկողնում, ծածկեր վրան, համբուրեր և մի աղոթք մրմնջելուց հետո գնար և մտներ Ակոբի ծոցը։
Մի գիշեր Արան մի մատանի դրեց Լիլոյի մատը։ Լիլոն համբուրեց մատանին և շշնջաց.
– Ստամբոլ երթանք, դնիմ մատս։
– Ինչո՞ւ հիմա չես դներ, – հարցրեց Արան։
– Հայրս կտեսնա, աղեկ չէ, – պատասխանեց Լիլոն։
Մատանիի նվերից հետո Լիլոն երեք օր նստեց տանը, սեխի կուտ փռճեց, հետո աղով բովեց և սպիտակ տոպրակի մեջ լցրաձ՝ տարավ գիշերը բաղչան, տվեց Արային.
– Ուրիշ բան չունիմ. – շշնջաց Լիլոն ամաչկոտ։
Արան համբուրեց նրան և միասին կերան ու խոսեցին։
Մի օր էլ Լիլոն մորը խնդրեց, որ մի աղավնի մորթի, կարմրեցնի, որպեսզի, երբ Արան գա, նրան հյուրասիրի.
– Հայրդ իմանա, մեզի կկախե, – պատասխանեց մայրը, բայց և մտքում որոշեց ասել Ակոբին, թերևս զիջի և կատարված լինի Լիլոյի ցանկությունը։
Ակոբն անմիջապես ընդառաջ գնաց.
– Իմ բյուդուն աղվընիկներս Լիլոյիս ղուրբան կենիմ։
Լիլոն կարմրած աղավնին փաթաթեց սպիտակ լավաշի մեջ, մայրը տվեց նրան իր սնդուկի մի անկյունում հնուց պահված մի մետաքսյա թաշկինակ։ Լիլոն ծրարեց աղավնին ու լավաշն այդ թաշկինակի մեջ, և երբ Արան եկավ պարտեզ, բաց արավ և հյուրասիրեց նրան աղավնու թանկագին մսով։
11
Այսպես Լիլոն ապրում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Նրա հետ միասին և նրա ծնողները, տեսնելով իրենց աղջկա բախտավորությունը։
Երջանկության այդ օրերին Լիլոյին տանջում էր մի բան. բոլորը, բոլորը հորն անպատվելու համար հայհոյում էին իրեն, հայհոյում էին ամենալկտի կերպով։
Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր, իրեն էին հայհոյում, երբ կին ուներ, կնոջն էին հայհոյում, իսկ երբ աղջիկ ուներ՝ աղջկան։
Երբ Լիլոն դեռևս փոքրիկ մանուկ էր, հայհոյողները կնոջն էին հայհոյում.
– Վա՛յ, ես քու կնկանդ…
Բայց երբ Լիլոն մեծացավ, մազերը հասան մինչև կրունկները, լցվեցին կրծքերը, թշերն ու շրթունքները նռան նման կարմրեցին, բոլորն էլ մոռացան կնոջն ու սկսեցին հայհոյել աղջկան.
– Վա՛յ, ես քու աղջկանդ…
Հաջի Թումաս աղայի որդու դեպքն առիթ դարձավ, որ հայհոյանքներն ավելի սաստկանան, ստանան ավելի թանձրացյալ գույն, ավելի գռեհիկ, ավելի լկտի, ավելի պատկերավոր։
Լիլոյի խեղճ մայրն ավելի ընկավ ամուսնու հետևից։ Մոր համար անլուծելի պրոբլեմ էր հասած աղջիկը տանը։
– Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա՛, մեղք է աղջիկս։ Աստված, երթայի Ստամբոլ, մուրայի ու ապրեի։
Իհարկե աղջկան ուզողներ կային, բայց բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ էին, իսկ Լիլոյի ծնողները երդվել էին, որ նրան աղվընիկ խաղցնողի չտան։
Լիլոն դպրոցը կիսատ էր թողել, որովհետև դպրոցի ուսուցիչներն անգամ նրան արհամարհում էին իբրև աղվընիկ խաղցնողի աղջկա։ Երբ դասը մի քիչ վատ իմանար՝ անմիջապես բարկանում էին ուսուցիչները․
– Հը՞, հարըդ աղվընիկ կխաղցնե՞։
Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել քաղաքի բերանը։
– Ես ըլ բյուդունի կնիկներն ու աղջիկները… – փոխադարձ հայհոյում էր Ակոբը և իրեն մխիթարում։
Բայց հետագայում Ակոբն ինքն էլ զգաց, որ դա ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը, միտք արավ և գտավ ճարը – մորուք թողեց, որպեսզի հայհոյողները մոռանային աղջկան և իր մորուքին հայհոյեին։
Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը և շարունակեց հետապնդել ամուսնուն՝ մտածելու աղջկա բախտի մասին, աղջկա պատվի մասին, իսկ Ակոբը պատասխանեց.
– Շատ մի՛ վռվռա, իշտե մորուք թողեցի։
Իհարկե, դա էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել նրան, երբ տեսնում էին Ակոբին կտուրի վրա։
– Վա՛յ, ես քու աղջկանդ…
Ակոբը երբ իջնում էր կտուրից և տեսնում աղջկան աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․
– Լիլո՛ս, ճերմակ աղվընի՛կս, ինչո՞ւ կուլաս։
– Նորեն քֆրեցին։
Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։
Ակոբը առանձին սիրով էր սիրում աղջկան։ Այն օրից, երբ կնոջից լսեց նրա բախտավորությունը, ապրում էր երջանկության մեջ։ Աղջկա պսակից հետո, մտածում էր նա, չկար ոչ մի արգելք իր կյանքի ճանապարհին, նա կարող պիտի լիներ ֆեսը ծռել ու ման գալ, էլ աղջիկ չուներ, որին հայհոյեին, էլ աղջիկ չուներ, որի տանը մնալը տանջանք պատճառեր, կարող էր ամբողջովին նվիրվել աղավնիներին…
Օրերով նա խանութը բաց չէր անում, որպեսզի իրեն չպատմեին Լիլոյի շուրջը պտտած բամբասանքը, որպեսզի կատարված իրողության առաջ չգտնվեր։ Այդ լուրն ուրիշներից լսելուց հետո ի՞նչ էր պարտավոր անել նա. օտար տղան մտնում էր իր պարտեզը, գրկում էր իր աղջկան և համբուրում։ Ի՞նչ էր պարտավոր անել տղամարդ ծնողը, մի՞թե նա պետք է տաներ այդ ահավոր անպատվությունը։ Տղամարդ ծնողի համար միայն մի ելք կար. դուրս քաշել պապենական հին դանակը և շողացնել հարազատ աղջկա վզի վրա։ Ակոբը սարսափում էր այդ հեռապատկերից, գիշերները կոշմարներ էր ապրում, վեր էր ցատկում անկողնից, ման էր գալիս տանը, մթնում, մի անկյունում նստած, ծխում էր ու հառաչում։
Բայց մինչև ե՞րբ խանութը փակ պահեր, հարկավոր էր ապրել։ Որոշեց կարևորություն չտալ և հաջորդ օրն իսկ գնալ խանութ։ Բայց եթե հանկարծ լսեր քաղաքի բամբասանքը, հենց առավոտյան մեկը տնկվեր դեմը և պատմեր։ Ո՛չ, նա խանութը չի բանա։
Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը Լիլոյի սիրույն և հինգ կարմիր ոսկով ծախեց իր լավագույն ճինս աղավնիներից մի զույգ։ Այդ զույգ աղավնիները նրա ամբողջ սիրտն էին, բայց որովհետև նրանցից ձագեր էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։
Ակոբը, երբ ոսկին առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները և հանձնեց գնողին, նրա աչքերից արցունքի կաթիլներ կաթեցին աղավնիների փետուրների վրա։
Աղավնիների վաճառքից հետո Ակոբը մտավ տուն տխուր և աչքերը կարմրած։ Լիլոն մոտեցավ, գրկեց նրան։
– Լիլո՛ս, աղվընի՛կս, քըզի համար բյութուն աղվընիկներս ղուրբան կենիմ։
Լիլոն զգաց հոր խորունկ սերը և նրան թվաց, որ թափած արցունքն ավելի թանկագին է, քան այն մատանիի ադամանդը, որ Արան էր նվիրել իրեն։
– Հայրի՛կ, – շշնջաց Լիլոն, – քու ոտքդ վլամ (լվամ), ջուրը խմիմ։
– Աղվընի՜կս․․․ ճերմա՜կ աղվընի՛կս․․․
Նրանք փաթաթվեցին իրար։
Ակոբն էլ բաց չարավ խանութը, հինգ ոսկին բավական էր մեկ տարի ապրելու համար։
12
Հաջի Թումաս աղան որոնեց Արայի աչքին Լիլոյին վարկաբեկելու բոլոր միջոցները, երբ որդին գրոշի արժեք չտվեց Լիլոյի հոր աղվընիկ խաղցնելու հանգամանքին։
– Կերթամ Ստամբոլ, վո՞վ կգիտնա, – վճռականապես հայտարարեց Արան։
Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց Արայի պառավ մորաքրոջը, իր քենուն, նրան տվեց մի քուրք և պատվիրեց հայտնել մի կերպ Արային, որ տեսել է բաղնիսում Լիլոյին, փորի ու մեջքի վրա ամբողջ վերք։
Արայի մորաքույրը, չար մի պառավ, չեչոտ երեսի համար ամուրի մնացած, ամբողջ կյանքում ոչ մի տղամարդ ոչ մի րոպեով չէր սեղմել նրան իր կրծքին, կրկնապատկեց իր ատելությունը դեպի ջահել և սիրուն կանայք ու, գնալով Արայի մոտ, սկսեց.
– Արա՛, հոգուդ ղուրբան, ինծի լսե, աղվընիկ խաղցնողին աղջիկը բաղնիսին մեջ չըպչըպլախ տեսա։
– Տեսա՛ր, տեսա՛ր, – արհամարհանքով և զզվանքով շպրտեց Արան և երեսը շուռ տվեց։
– Քա՜, ինծի՛ լսե, կըսիմ փորի ու մեջքի վրա յարա կար, ասքան, – շարունակեց չար պառավը՝ երկու ձեռքերի ափերն իրար միացնելով։
Պառավը տեսավ, որ ասածն ազդեց, երիտասարդ տղան ցնցվեց ահավոր հայտնությունից և գլուխը կախեց։
– Աչքովդ տեսա՞ր, – հարցրեց ի վերջո։
– Աս աչքերովս, – ստեց պառավը։
Այդ իրիկուն իսկ Արան, Լիլոյին գրկելիս, տարօրինակ կերպով ձեռքը տարավ նրա փորին և ուժգին սեղմեց մեջքը։ Լիլոն իրեն վերք ունեցողի նման չպահեց, բայց նրան տարօրինակ թվացին Արայի այդ իրիկվա ձևերը։
– Ըսե, ի՞նչ կա, ի՞նչ ես լսել։
Արան հայտնեց անկեղծորեն լսածը, որից պարզվեց Լիլոյի համար, թե ինչո՞ւ սեղմեց մեջքը և ձեռքը տարավ վարին, մի բան, որ երբեք նա չէր փորձել դրանից առաջ։
Լիլոն չպատասխանեց, աչքերը տխուր հառեց Արայի վրա և սիրտը փլվեց, սկսեց հեկեկալ և, փախչելով Արայի գրկից, մտավ տուն։
Մայրը նրան սպասում էր քնաթաթախ աչքերով, պարտեզի դռան հետևում, աղորիքի քարի վրա նստած։ Լիլոն ընկավ նրա գիրկը, արցունքների մեջ խեղդված։ Խեղճ մայրը պատճառը հարցրեց, բայց Լիլոն ոչինչ չկարողացավ ասել, բուռն արցունքները խեղդեցին նրա կոկորդը։ Մայրը վազեց դուրս։ Արան դեռևս կանգնած էր ծառի տակը, մտամոլոր և տխուր։
– Աչքիս լույսը, Լիլոյին ինչո՞ւ ես լացուցեր։
Արան պատմեց եղելությունը և ավելացրեց.
– Ես չեմ հավտար, բայց Լիլոն չըսավ, թե սուտ կսեն։
Լիլոյի մայրը բռնեց Արայի ձեռքը հարազատ մոր նման, համբուրեց նրան և խաչ հանելով՝ շշնջաց.
– Օղո՛ւլ, էդպես բան չկա, լուսնկայի պես մարմին ունի, աչքս քոռնա, որ սուտ ըսեմ, թե չես հավտար՝ պսակի երթալեն առաջ չպլխցնիմ, տե՛ս։
Արան գրկեց Լիլոյի մորը և ողողեց նրան համբույրներով։ Միասին առաջացան դեպի պարտեզի դուռը։ Մայրը մտավ ներս և դուրս բերեց Լիլոյին։ Լիլոն փաթաթվեց Արային։
– Շուտով քեզ տանիմ Ստամբոլ, խալըսինք էս կրակեն։
– Հա, օղո՛ւլ, հա՛, տար, – շշնջաց մայրը։
Բայց Հաջի Թումաս աղան սրանով չվերջացրեց իր ինտրիգները։ Նա մեկին ուղարկեց Արայի մոտ՝ թե ինքը աչքով տեսել է, որ Լիլոն փոքր եղած ժամանակ ընկել է փողոցում, մի ուրիշին ուղարկեց այն մտքով, թե Լիլոյի քեռին գժվել է ու մեռել, աղջիկը կարող է ժառանգած լինել այդ հիվանդությունը, մի երրորդին՝ թե Լիլոն բարակ ցավ (թոքախտ) ունի, վերջապես հազար ու մի միջոցներով ճգնեց տան «նամուսը» փրկել, պատճառ եղավ, որ որդին օրերով տանջվի, խեղճ անմեղ աղջիկը բոլոր մարդկանց բերաններում ծամոն դառնա։
Այդ բոլորն անցան անօգուտ, որովհետև Արան եկավ ի վերջո վճռական եզրակացության․
«Ինչ կուզե ըլլի, իմ խաբուլս է», – պատասխանեց բոլոր բամբասանքներին։
Հաջի Թումաս աղային էլ հրահրում էին, հանգիստ չէին տալիս բոլոր ազգականները, հարևանները, ծանոթները։ Ով տեսներ Հաջի Թումաս աղային՝ պարտականություն էր համարում մի բան ասել.
– Եգու տես, որ նամուսդ սոխախն (փողոցը) է նետեր տղադ։
– Հա՛, չիգար բարով, – պատասխանում էր հայրը։
Հաջի Թումաս աղայի պատիվը վերջնականապես դրված էր խարույկի վրա, հանկարծ նա կարող էր կորցնել ընտանեկան համբավը՝ խնամի դառնալով աղվընիկ խաղցնող Ակոբին։
– Ես ընծի կկախիմ, – հայտարարում էր Հաջի Թումաս աղան, – ասկե ետքը ապրելը հարամ է։
– Տե՛ս, հեչ մեկս հարսնիքի չենք գար, հա՜, – սպառնում էին բարեկամներն ու ազգականները։
Եվ ատելությունը գնալով խորանում էր։
Երբ մայրը հայտնեց Արային, որ ոչ ոք, ոչ մի «շնորհով մարդ» հարսանիքի ներկա չի լինի, խայտառակություն է, որդին պատասխանեց մորը․
– Չոբաններ ու համալներ կկանչիմ, շուներ կհրավիրիմ, շուներ, հասկցա՞ր։
Մայրը հուսահատվեց և սկսեց որոնել դառն իրողության հետ հաշտվելու միջոցներ։
– Թող առնե, երթա Ստամբոլ, մենք ըլ հողը մտնենք, – ասաց նա Հաջի Թումասին։
– Կնի՛կ, թամամ սարսաղցեր ես, մտնամ հողը, շատ աղեկ, հողին տակը հանգիստ կըլլի՞մ – հարց տվեց Հաջի Թումասը։
Բամբասանքը բոցավառվում էր քաղաքում, այրում էր Հաջի Թումաս աղայի գերդաստանի պատիվը։
13
Մի օր էլ, հուսահատված բոլոր միջոցներից՝ Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց աղվընիկ խաղցնող Ակոբին։ Ակոբն ուզում էր չգնալ, կինն աղաչեց որ գնա։
– Զահար հարսնիքի համար կանչեր է, – ասաց կինը։
– Հավը երազի մեջ կորեկ կտեսնա, – հեգնեց Ակոբը։
Իհարկե, այս խոսքերից հետո նա զգում էր, որ մի լավ բանի համար չէր կանչում իրեն։ Հաջի Թումաս աղան, երկար տարիներ դրացի լինելով հանդերձ՝ պատվին չէր ձգել մի օր բարևելու։ Այնուամենայնիվ, պիտի գնար։
Ակոբը միտքը դրեց համբերատար լինել, իրեն չկորցնել, թերևս Լիլոյի համար մի բարի բան դուրս գար այդ բոլորից, թերևս, ո՞վ է իմանում, այդ գոռոզ մարդը խոնարհվել էր, խորտակվել էին նրա հպարտության աշտարակները։
– Աղջի՛, մեյ մը երթամ, աչքին դպնամ, տեսնեմ ի՞նչ կըսե, – հայտարարեց Ակոբը ու գնաց։
Ակոբը թեև որոշեց գնալ, բայց քայլերն առաջ չէին գնում, լավ բան չէր գուշակում։
– Ակո՛բ, – սկսեց հարուստ Հաջի Թումասը գոռոզ տոնով, – քիչ մը աղջիկդ պահե, ամո՛թ է։
Ակոբը չհամբերեց, հարուստի գոռոզությունը զայրացրեց նրան։ Մինչև անգամ ամբարտավան հարուստը աթոռ չառաջարկեց նրան, և այլևս սուտ չիմանալու ժամանակն անցել էր, բերանը բաց արավ.
– Իմ աղջիկս բոզ չէ, որ ամչնամ, դուն քու ճերմակ մազերեդ ամչցիր։
– Դուն իմ այերի (դիրքի) մարդ չես, որ հետդ խնամություն էնիմ, էս մեկը հասկցիր։
– Շիտակ ես, Հաջի աղա, դու ինձմե շատ ցած ես, – պատասխանեց Ակոբը և դառն ծիծաղեց։
– Ամո՛թ է, վերջ տուր էս խայտառակությանը, – հայտարարեց Հաջի Թումասը՝ ցանկանալով կարճ կապել։
Բայց Ակոբը չլռեց։
– Մեծ տղադ Սամսոնեն բոզ բերեց, որու՞ կկլլեցնես, բոլոր արաբաջիները[5] գիտեն, բերանս բանալ մի՛ տար, փա՜ռք աստծո, աղջիկս սուրբ է, անոր վյուջուդը[6] էրիկ մարդ դահա չի տեսեր։
Մեր քաղաքից Սամսոն երթևեկող արաբաջիներն էին հայտնել այդ լուրը Ակոբին, որ Հաջի Թումաս աղայի որդու կինը Սամսոնի հանրատնից էր վերցրած։
– Է՜հ, էնքան մոտը գնացեր են՜ք… – հայտարարել էին կառապանները։
Հաջի Թումասը տեղեկություն ուներ այդ մասին, բայց քանի որ քաղաքում չէին բամբասում, լռել էր և հաշտվել իրողության հետ։ Քաղքենու համար ամեն կեղտ տանելի է, եթե այդ կեղտի մասին ոչ ոք ոչինչ չի իմանում։
Հաջի Թումասը զգաց, որ աստծո կրակը կարող է թափվել ամբողջ տան վրա, Ակոբի բերանը ոչ ոք չէր կարող փակել, ուստի նրան փող առաջարկեց, որ լռի։
– Ես քեզմե հարուստ եմ, փարադ քըզի պահե, բերանս որ չեմ բանար, Արայի ազիզ խաթեր համար է, – պատասխանեց Ակոբը և դուրս ելավ։
Ակոբը հանգիստ էր, որ ոչ մի խոսք չխնայեց ամբարտավան Հաջի Թումասին։
Լիլոյի մայրը սրտատրոփ սպասում էր Ակոբին։ Ակոբը խրճիթ մտավ տխուր։
– Ի՞նչ ըսավ։
– Հին դավուլը չալեց, կըսե քի դուն իմ այերես չես։
– Դուն ի՞նչ ըսիր։
– Քթին֊բերնին տվի, – պատասխանեց Ակոբը և սկսեց սիգարեթը փաթաթել՝ մի երգ մրմնջալով քթի տակ։
– Թարս չխոսայիր, – վախենալով հարեց կինը։
Ակոբը մի սուր նայվածք գամեց կնոջ վրա և լռեց։ Այդ նայվածքից դողահար՝ կինը քաշվեց խոհանոց և գոգնոցի ծայրով սրբեց թաց աչքերը։
Հաջի Թումաս աղան չդադարեց պայքարելուց մի անմեղ աղջկա դեմ, չէր էլ կարող դադարեցնել, որովհետև ամբողջ քաղաքը խոսակցության մի նյութ ուներ. Թումաս աղայի տղան և աղվընիկ խաղցնող Ակոբի աղջիկը։
Մի օր էլ Հաջի Թումասն իր որդուն կանչեց մոտը, երկար֊բարակ պատմություն ըրավ ու առակներ պատմեց և ի վերջ առաջարկեց նրան իսկույն ևեթ մեկնել Ստամբոլ։
– Շատ փարա կուտամ, գնա Ստամբոլ, էնտեղ կարգվիր, երեսս մի՛ տեսնար, – հայտարարեց հայրը։
Որդին ընդդիմացավ։
– Հո՛ս պիտի կարգվիմ։
Հաջի Թումաս աղան զայրացավ, լցվել էր համբերության բաժակը, ոչ մի խրատ, ոչ մի աղաչանք չօգնեց, պետք է դիմեր ծայրահեղ միջոցի։
– Դուն իմ տղաս չես, դուն իմ ժառանգը չես, – հայտարարեց անողոք հայրը։
– Մեկ փարայի կարոտ չեմ, – պատասխանեց որդին և դուրս եկավ տնից։
Այդ օրվանից Արան այլևս տուն չվերադարձավ։
14
Քաղաքում այս դեպքից հետո բամբասանքն ավելի և ավելի բոցավառվեց, հայհոյանքներն սկսեցին տեղատարափի նման թափվել Լիլոյի հասցեին։ Հաջի Թումասի սեղանից փշրանքներ կորզողները բարձրաձայն հայհոյում էին Ակոբի աղջկան, հայհոյում էին կտուրներից, փողոցից, անկյուններից, լուսամուտներից։ Լիլոն վեց ամիս էր, ինչ չէր կարողանում բաղնիս գնալ, բոլորն աչքները հառում էին նրա վրա և մինչև բաղնիս հասնելը բազմաթիվ անգամ լսում էր․
– Ես քու…
Լիլոն լսում էր ու արտասվում։
Այս բոլորն ազդեցին աղջկա ոչ միայն հոգեկան, այլև մարմնական դրության վրա, օրեցօր սկսեց մաշվել։
– Տա՛ր ընծի, ուր կուզես տար, ազատե ընծի էս կրակեն, – աղաչում էր Լիլոն Արային։
Բայց Արայի նախկին ինքնավստահությունը չէր մնացել, փող չուներ, ապրելու դժվարություններ էր քաշում, հոր երեսից ընկած տղային ո՞վ մտիկ կտար։ Տնից դուրս գալու առաջին օրերն ազգականների մոտ էր ապրում, մի օր մեկի տանը, մյուս օրը ուրիշի, բայց սրանք էլ երես դարձրին։
– Եթե աղվընիկ խաղցնողի աղջիկը չես թողուր, մեր տունը մի՛ գար, – ազդարարեցին նրանք։
Պարզ էր. դա հոր պայքարի շարունակությունն էր։
Արան ստիպված եղավ փոխադրվել բազարի կեղտոտ խանը։ Նա ման էր գալիս քաղաքում կեղտոտված զգեստներով, շապիկը սևացած, մորուքը երկարած, շատերը նրան չէին էլ բարևում։
Արան հանդիպում էր իր եղբայրներին և անցնում էր անտարբեր, առանց ցույց տալու, թե մինչև անգամ մի օր ծանոթ է եղել նրանց։ Մի անգամ նա հանդիպեց մորը և գլուխը կախ անցավ, իսկ մայրը հազիվ իրեն գցեց մի մոտիկ ծանոթի տուն, արտասուքների մեջ խեղդված։
Վերջապես մայրը լուր ուղարկեց, որ փող կտա նրան, թող վերցնի աղջկան և գնա հեռավոր երկիր, իրենց աչքից հեռու։ Այս միտքը մայրը հայտնեց և մյուս որդիներին, նրանք էլ համաձայնեցին, որ լավ կլիներ հեռանար քաղաքից։ Մայրը մարդ ուղարկեց Արային և հայտնեց այդ մտադրությունը։ Արան շատ էր խեղճացել, այլևս նախկին համառությունը չշարունակեց և համաձայնեց.
– Հա՛, թող փարա տա, երթամ։
Մի օր էլ Արան եկավ Լիլոյի մոտ թե՝
– Մայրս խոսք է տվել փարա տա, քեղ առնիմ տանիմ Ստամբոլ։
Եվ Լիլոն սպասում էր այդ խոստումի կատարման։
Իսկ Ակոբի համար կյանքը դառնում էր անտանելի։ Անցնում էին օրեր ու շաբաթներ, և նա կտուր չէր բարձրանում աղավնիները թռցնելու, միայն պատվիրում էր կնոջը՝ կտուր բարձրանալ առավոտյան, բաց անել թռչունների դռնակը և կուտ տալ։
– Մեղք են աղվընիկները, ի՞նչ սունչ ունին։
Հետզհետե օրերը կապարի ծանրություն էին ստանում, աղորիքի քարի նման չոքում վզին։ Փակված տանը՝ ծխում էր ու հառաչում։
Լիլոյի համար դառն էր տեսնել, որ իր պատճառով հայրը կորցրեց նախկին երջանկությունը։ Արայի վիճակը մի կողմից, հորը և մորը վիճակը մյուս կողմից՝ մռայլում էին Լիլոյին, մահացու հարվածներ հասցնում նրա առողջությանը։
– Աշխարհք չի գայի բարով, – ասում էր Լիլոն և լաց լինում։
Ակոբը մի քանի անգամ որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ մոռանային, թե ինքը եղել էր աղվընիկ խաղցնող, բայց արդեն ուշ էր, որովհետև Լիլոն պաղատում էր.
– Ընծի մի՛ մորթեր, Արան ու՞ր թողունք էրթանք։
Իսկ Արան չէր համաձայնում հեռանալ քաղաքից՝ Լիլոյի հոր անձուկ միջոցներով։
– Քիչ մ՚ալ սպասե, մայրս խոստացեր է։
Որքան որ Ակոբը որոշում էր ծախել աղավնիները և հեռանալ քաղաքից, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։ Գիշերը, կես֊քուն, կես արթուն, տեսնում էր՝ ինչպես սարսափելի դեմքով մարդիկ բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են, տանում։ «Չեմ տար, մի՛ տանիք», – գոռում էր քնի մեջ, վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում դռնակը, մտիկ տալիս աղավնիների մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։
Սկզբում, երբ Ակոբը քնի մեջ բղավում էր, Լիլոն և մայրը շատ էին վախենում, կարծում էին, որ խենթության նախանշաններ են, ահա շուտով պետք է խենթանա, ընկնի փողոցները, բայց հետզհետե վարժվեցին։
Վերջապես Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել, որովհետև նա չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրը չլինեին։
Մի առավոտ Ակոբը հայտնվեց կտուրի վրա։ Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։ Բարձրանալիս Լիլոն տեսավ հորը։ Նրա դեմքը պարզապես զարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրս գալիս կռվի, կարծես նա չափազանց նիհարել էր և ծերացել։ Լիլոն անմիջապես վազեց մոր մոտ, չկարողանալով ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։
– Ինչո՞ւ կուլաս։
Լիլոն հազիվ կարողացավ արտասանել.
– Հայրի՛կը…
Մայրը վազեց դեպի կտուրը։
Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը, դուրս թռան աղավնիները, նրանց համերգը տարածվեց օդում, նրանցից շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։ Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր կապույտ սարի հետևից բարձրացող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը… արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապիկի վրա, բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետնին։
Այդ ժամանակ էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և սարսափահար նրա աչքերը։ Կինը չնշմարեց աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու, և կարծեց, որ ամուսինը դանակով վիրավորել է կուրծքը։
Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։ Լիլոն վազեց վեր, փաթաթվեց մեկ մորը, մեկ հորը։
Ներքևից դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում, ոմանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծել։
Երբ Լիլոն հորը ցած իջեցրեց կտուրից, ներքևից մարդիկ աղջկան հայհոյեցին և անցան։
Իսկ աղվընիկ խաղցնողը, արցունքոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկան աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց.
– Լիլո՛ս, աղվընի՛կս, իմ բյութուն աղվընիկներս ոտքերիդ ղուրբան էնիմ։
Եվ սկսեց լաց լինել այդ ալեխառն գլխով մանուկը, թափելով կոպերն այրող արցունքներ։
Այս բոլորն աղետալի կերպով անդրադառնում էին Լիլոյի հոգու վրա և ի վերջո ֆիզիկականի վրա։ Նա օրեցօր տժգունում էր, աչքերի ներքևում կամարաձև կապուտցան, նիհարեց, սիրտն արագ֊արագ խփում էր։
– Սիրտս կուզե դուրս թռի, – ասում էր։
Իսկ մայրը նրան մխիթարում էր.
– Ջահելություն է, կանցնի, մի՛ մտմտա։
Լիլոն չէր կարող չմտածել։ Հոր, մոր և Արայի թշվառությունը նրա հոգում կաթեցնում էր դառնության հեղուկը։
15
Մի գիշեր Արայի մայրը որոնեց Հաջի Թումաս աղայի գրպանները և գտավ երկաթե սնդուկի բանալին, սնդուկի, որտեղ նա պահում էր իր հնչուն դրամը, մուրհակները և առևտրական բոլոր փաստաթղթերը։ Կինը դողահար, սարսափահար – հանկարծ Հաջի Թումասը զարթներ – վառեց լուցկին՝ տեսնելու, թե սնդուկի մեջ ո՞ր կույտն է ոսկիների կույտը։ Որոնեց նա իրար վրա դարսված մի շարք, լցրեց գոգնոցի գրպանը, փակեց սնդուկը, իջավ սանդուղներից, բաց արավ ածխանոցը, պահեց ոսկիները ածուխների տակ՝ հենց գոգնոցով միասին և վերադարձավ ննջարան, մտավ ամուսնու անկողինը։ Հաջի Թումաս աղան խոր քնած էր։ Ստուգելու համար, թե իսկապես ամուսինը քնա՞ծ է, թե ոչ, մի քանի անգամ ձայն տվեց.
– Հա՛ջ աղա, Հա՛ջ աղա, քա՛, Հաջ աղա, քըզի կըսիմ։
Հաջի աղան չզարթնեց։ Բայց կինը մինչև առավոտ չքնեց։ Առավոտյան նա շուտ վեր կացավ, առաջին գործը եղավ փոխել ոսկիների թաքստոցը, և դիտմամբ չզարթեցրեց ամուսնուն, որ ուշանա խանութից և վեր կենալուն պես շտապի դեպի շուկա, որովհետև երբեմն պատահում էր, որ Հաջի աղան տան բոլոր անդամներին դուրս էր հանում, բաց անում երկաթե սնդուկը, ստուգում բովանդակությունը կամ մի որևէ փաստաթուղթ վերցնում և ապա խանութ գնում։
– Աղջի՛, ինչո՞ւ չես արթնացուցեր, առուտուրս խարաբ եղավ, – ասաց Հաջի Թումասը և, առանց նախաճաշի, աճապարեց դեպի շուկա։
Արան կեսօրից հետո թակեց պարտեզի դուռը և կանչեց մորը։ Մայրը նրան համբուրեց, լաց եղավ և տվեց ոսկիները։
– Հարսնիք֊մարսնիք մ՚էներ, աղջիկը առ ու գնա՛, հայրդ ինադի է ընկեր։
Արան համբուրեց մորը մի քանի անգամ և խոր տաքություն զգաց նրա շնչից։
Մայրը լացով բաժանվեց որդուց։
Արան փողը ստանալուց հետո անմիջապես չվազեց Լիլոյի մոտ։ Նա տխուր կանգնեց պարտեզի պարսպի տակ և գլուխը կախեց։
Լիլոն հիվանդ էր։ Արան չէր կարող ոսկիներն անմիջապես օգտագործել․ ինչպե՞ս հիվանդ աղջկան վերցներ անկողնից և հեռանար քաղաքից։
Նա քայլեց, դարձավ մյուս փողոցը և կանգ առավ Լիլոյենց պարտեզի դռան առաջ, որտեղից նա մտնում էր ներս, Լիլոյին տեսնելու։
Պարտեզից, պարսպի վրայով, փողոց էր կախվել նոր ծաղկած ծիրանու մի մեծ ճյուղ, օդում անսահման թարմություն կար, գարնան վրա կապույտ երկինքն էր կախվել, և ամպերի սպիտակ շղարշներ էին սահում։
Արան նայեց վեր և օրորեց գլուխը, ձեռքը խրեց պարտեզի դռան կողքի ծակից ներս, բաց արավ դուռը և քայլեց ներս։ Պարտեզում ծաղկել էին նշենիները և ծիրանենիները, հողը փխրուն էր ու նոր տաքացած, առվի եզերքների խոտերը կանաչել էին և վառվում էին զմրուխտի նման։ Գարունը հորդում էր։
Արան, գլխիկոր, կարկատած և կեղտոտ զգեստներով, մտավ Լիլոյի տունը։ Մայրը չէր երևում, գլուխը կոխեց խոհանոցը, այնտեղ էլ չէր։ Բարձրացավ վեր, ոտների ձայնից և սանդուղների ճռնչոցից Լիլոյի մայրը ցատկեց սենյակից դուրս։
Արան ոգևորվեց։
– Մայրի՛կ, – շշնջաց նա՝ բռնելով Լիլոյի մոր ձեռքը, – փարա ունիմ, կերթանք Ստամթբոլ, բոլորս միասին կերթանք։
Մայրը չպատասխանեց և ցավագին ժպտաց։
Նրանք միասին մտան սենյակը։
Լիլոն պառկած էր բաց լուսամուտի առաջ, գարնան արևի շողերը փռվել էին առատությամբ նրա անկողնի վրա։
Արան կանգնեց Լիլոյի անկողնի առաջ, գլխարկը հանեց, նստեց անկողնու վրա և ասաց.
– Լիլո՛ս, նախշուն խուշս, փարա բերեր իմ, երթանք Ստամբոլ։
Լիլոյի մարած աչքերը բոցավառվեցին։
Արան անմիջապես ավելացրեց.
– Բոլորս միասին, հայրիկն ըլ, մայրիկն ըլ։
Լիլոն ժպտաց, թարմացավ, տժգույն շուրթերի վրա դողաց գարնան շողը։
– Աղեկնամ, երթանք, – շշնջաց նա։
Ապա դառնալով մորը՝
– Մայրի՛կ, աղեկնամ, երթանք Ստամբոլ։
Մոր արցունքները գլորվում էին այտոսկրների վրայից։
– Շատ փարա բերեր եմ, տե՛ս, – հարեց Արան և գրպանի բոլոր ոսկիները փռեց Լիլոյի անկողնի վրա։
– Հայրիկն ո՞ւր է, – հարցրեց Լիլոն։
– Գնաց աղվընիկ ծախե, հեքիմ բերե, – պատասխանեց մայրը գոգնոցի ծայրով քիթը սրբելով։
– Ես երթամ բերիմ, – հայտարարեց Արան և վազեց դուրս։
Փողոցում Արան պատահեց Հաջի Թումաս աղին, որ թիթեղի կտորներով գավազանը գետնին խփելով՝ շուկայից էր վերադառնում։ Արան հորը սուտ չտեսնել արավ։ Նա գարշում էր հորից։ Արայի՝ տնից դուրս գնալուց ի վեր՝ Հաջի Թումաս աղան առաջին անգամն էր, որ այդ փոքրիկ քաղաքում պատահում էր որդուն։ Որդու տեսքը՝ կարկատած զգեստ, կեղտոտած շապիկ և ֆես, չսափրված դեմք, ազդեց հոր վրա, հազիվ կարողացավ տուն ընկնել, ոտները ծալվում էին, սրտի վրա ինչ֊որ ծանր բան էր չոքում, կարծես մեկը խեղդում էր նրան։ Երբ ծառան դուռը բաց արավ, Հաջի Թումաս աղան ընկավ ներս և փռվեց գետնին։ Կինը վազեց, հարսները հավաքվեցին, վերցրին և փոխադրեցին սենյակ։
– Ի՞նչ ռաստ եկավ, – հարցրեց կինը, երբ Հաջի Թումաս աղան կարողացավ աչքերը բանալ։
– Արան դեմս ելավ, աղջի՛կ, խաֆաս դարձավ։
– Սիրտ չունիս, ա՛յ մարդ, – պատասխանեց մայրը և խփեց ծնկներին։
– Գնացեք, գնացեք, գերեզման փորեցեք, էրթամ պառկիմ, ռահաթ ըլլիմ։
16
Ամբողջ քաղաքում միայն երկու բժիշկ կար, մեկը հայ էր, մյուսը առնավուտ (ալբանացի)։
Արան վազեց «առնավուտ հեքիմի» մոտ։ Մինչև նա վերադարձավ Լիլոյի մոտ բժշկի հետ միասին, այնտեղ գտավ հայ բժշկին, որին Ակոբն էր բերել։
– Հեքիմ էֆենդի, էս աղվընիկս աղեկցուր, բյութուն աղվընիկներս ծախիմ, փարան քըզի տամ, – աղաչում էր Լիլոյի հայրը։
Երկու բժիշկներն էլ համաձայնեցին (նրանք իրար հետ ֆրանսերեն էին խոսում), որ Լիլոյի դրությունն անհույս է, ոչ դեղ հարկավոր է և ոչ էլ որևէ փորձ կատարել։ Նրանք պատվիրեցին հանգիստ թողնել հիվանդին, որ իրեն֊իրեն լավանա։
– Հեքիմ էֆենդի, իլաճ չե՞ս տար, – հարցրեց թշվառ հայրը։
– Չէ, հարկավոր չէ, միսի ջուր տվեք։
– Աղվընիկ էփիմ, ջուրը խմցնիմ, կըլլի՞։
– Ավելի աղեկ։
Բժիշկները հեռացան, Լիլոն նայեց ծնողներին, Արային և, տեսնելով նրանց թախիծը, մխիթարելու համար շշնջաց․
– Կաղեկնամ, հե՛չ մի վախնաք։
Եվ նրա աչքերը ժպտացին մարվող շողի վերջին ցոլքի նման։
Ակոբը մոտեցավ աղջկան, շոյեց նրա մազերը բոլորովին հուսադրված, որ Լիլոն լավանալու է, անպայման լավանալու է, բայց մոր արցունքները թափվում էին ցցված այտոսկրներից վար։
Արան էլ մոտեցավ, բռնեց Լիլոյի ձեռքը և լուռ գլուխը կախեց։ Ակոբն զգաց, որ Արան քաշվում է իրենից։
– Դուք էրկուքդ ըլ իմ աղվընիկներս եք, իրարու պաչեցեք, տեսնամ, – ասաց հայրը։
Լիլոն ամաչեց։ Արան գլուխը բարձրացրեց և գուրգուրանքով նայեց աղվընիկ խաղցնող Ակոբին, որ ամբողջ կյանքում դանակի հետ էր խաղացել և արյուն թափել։
– Ձըզի կըսեմ, իրար պաչեցեք, տեսնամ, – պնդեց Ակոբը։
Լիլոն ու Արան լուռ էին։ Ակոբը բարձրացավ տեղից, բռնեց Արայի գլուխը, մոտեցրեց Լիլոյին։ Նրանք համբուրեցին իրար։ Համբուրելիս Ակոբը բացականչեց.
– Օխ, աղվընիկներս…
Ակոբն անսահման երանություն էր ապրում, նրա մեջ բոցավառվեց հույս, որ Լիլոն կլավանա, անպայման կլավանա։
– Կնի՛կ, գյուլթեոքենս, – դարձավ նա իր կնոջը, – հեչ մի՛ լար, աղվընիկս կաղեկնա, էկուր, ես էլ քըզ պագնիմ։
Եվ Ակոբը գրկեց իր կնոջն ու համբուրեց նրան հին օրերի ջերմությամբ։
Կինը ժպտաց, կարծես կյանքը վերադառնում էր։
Ակոբը գլուխը դարձրեց և նշմարեց ոսկիները Լիլոյի վերմակի վրա։ Անմիջապես գլխի ընկավ, որ Արան բերած կլինի։ Նա բռնեց նրան, համբուրեց և ասաց.
– Փարադ առ, ծոցդ դիր, դուն էլ մեղք ես, էրեսդ ռանգ չէ մնացեր, չոփ ես կտրեր, մեղք ես, յավրում։
– Լիլոյի համար բերեր իմ, – պատասխանեց Արան ոգևորված։
– Ես փարա ունիմ, դահա հողը չեմ մտեր, քանի որ ջանս սաղ է, կպահիմ իմ աղվընիկս։
– Բերեր է, որ Ստամբոլ էրթանք, – մեջ ընկավ Լիլոն թույլ, մարած ձայնով։
– Դու աղեկցիր, բյութունդ ըլ մեջքիս վրեն դնիմ ու թռցնիմ։
– Ես կաղեկնամ։
– Հա՛, ճերմակ խուշս։
Գարնան թարմ օդը բաց պատուհանից լցվում էր սենյակը, օդի մեջ ծաղիկների բուրում կար։
Ակոբը մոտեցավ պահարանին, վերցրեց դանակը։
– Երթամ աղվընիկ մորթիմ Լիլոյիս համար։
Նա դուրս եկավ սենյակից ուրախ։ Լիլոյի հիվանդությունից առաջացած տարակուսանքը բոլորովին փարատվել էր։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել, միամիտ հայրը հուսադրում էր իրեն։
17
Երկար ժամանակ անկողնին ծառայելուց հետո Լիլոն սկսեց արագորեն հալվել։ Գարնան առաջին օրերի թարմությունը միառժամանակ հույսի և վերակենդանության շողեր վառեցին նրա դալկահար աչքերում, բայց երկար չտևեց, շուտով մահվան սյուքը սոսափեց մատղաշ հոգում։
Եվ մի առավոտ, երբ դեռևս դուրսը կապույտ լույս էր տարածվում կանաչ խոտով և ծաղիկներով վարարած դաշտում, Լիլոն փակեց աչքերն այնպես, ինչպես կանթեղի ձեթը վերջանում է և պատրույգի բոցը հետզհետե փոքրանում, փոքրանում, առկայծում և հուսկ ապա՝ մարում։
Լիլոն դադարեց շնչելուց, և ոչ ոք չհասկացավ նրա վերջին խոսքերը։
Այդ առավոտ բարձրացավ աղեկտուր ճիչ Ակոբի խրճիթի վերևի փոքրիկ, արեգդեմ սենյակում։
– Ճերմակ աղվընիկս թռա՜վ, ճերմակ աղվընիկս թռա՜վ, թռա՜վ, – աղաղակում էր իր մեկ հատիկ աղջկան կորցնող հայրը և խփում ծնկներին։ Արան, գրկած Լիլոյի գլուխը՝ նրա մազերը թրջում էր արցունքով, մինչդեռ մայրը, մորմոքից խելագարված, ճչում էր ու մազերը փետում։
18
Երբ փոքրաթիվ հուղարկավորները (բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ) դուրս էին բերում Լիլոյի դագաղը, Արան չկարողացավ դիմանալ, ամբողջ հասակով փռվեց սենյակի մեջտեղում, մայրը գրկեց Լիլոյի բարձը և խելագար ճիչերով ընկավ նրա անկողնի վրա, իսկ հայրը բարձրացավ կտուրը։
Կտուրից երբ Ակոբը տեսավ, որ Լիլոյի դագաղը դռնից փողոց էին հանում, բղավեց.
– Սպասեցե՛ք։
Ակոբը գլխաբաց էր, կրծքի շորերը պատառոտած, քամին տարուբերում էր նրա ալեխառն մազերը։
Փողոցում շատ մարդիկ էին խռնված, առանց խառնվելու հուղարկավորների փոքրիկ թափորին, և ապշած նայում էին, թե ի՞նչ է անելու աղվընիկ խաղցնող Ակոբը, մի՞թե նա նորեն պետք է թռցնի աղավնիները, այն պահին, երբ աղջկա դագաղն արդեն փողոցումն էր։ Ոչ ոք չկարողացավ իմանալ։
Զարհուրելի էր Ակոբի տեսքը։
Նա բաց արավ աղավնիների դռնակը, բռնեց մի զույգ սպիտակ աղավնի և իջավ փողոց։
Փողոցում կանգնեց դագաղի առաջ, աչքերը խելագարի նման երկար հառեց Լիլոյին, չոքեց գետնին, թևերը բարձրացրեց մի ձեռքով աղավնիները բռնած, վեր առավ գլուխը, նայեց երկնքին, ինչ֊որ շշնջաց, ապա կանգնեց, գոտուց քաշեց դանակը, դագաղի վրա մորթեց զույգ աղավնիկները, որոնց արյունը կաթկթեց Լիլոյի տժգույն և սառած դեմքի վրա և, արցունքների մեջ ողողված, բացականչեց.
– Լիլո՜ս, իմ ճերմակ աղվընի՜կս․․․
Մորթած աղավնիները տեղավորեց Լիլոյի զույգ քունքերին։
Փոքրիկ թափորը շարժվեց դեպի գերեզմանոց։
***
Փռվում էր իրիկնային հովը, և երկնքից մաղվում էր մանուշակագույն մոխիր աշխարհի վրա։
«Ամբողջ քաղաքը մատ խածավ»
Այն ատեն Կ…֊ը Խարբերդեն ավելի հեռու էր, քան Ամերիկան, որովհետև ո՞վ էր լսեր, որ մեր կողմերեն մեկը Կ… երթար, բայց ամեն օր Ամերիկա մեկնող մարդ կար։ Ամեն շաբթու Ամերիկայեն նամակ կստանայինք, մեր սիրելիները այնտեղ կը գտնվեին։ Ավելի մոտիկ կզգայինք Ամերիկայի, բայց ո՞վ էր գացեր Կ…։
Հեռավոր և անծանոթ երկիր մըն էր Կ… թեև Խարբերդի քթին վրա բուսած։
Կ… նշանավոր էր իր մեկ պատմությամբ։
Կը պատմեին, որ երկու Կ…֊ցի քաղաքեն դուրս պտտած ատեննին՝ լեռան վրա սև կետ մը կը նշմարեն։
– Ղուշ է,― կըսե իսկույն անոնցմե մեկը։
– Չէ՛, էծ է, – կը հարե մյուսը։
Վիճաբանությունը կը շարունակվի բավական երկար, մեկը համառորեն կը պնդե, որ այծ է։
Այս տաք վիճաբանության ընթացքին սև կետը կուգա վիճաբանության վերջ տալու։ Սև կետը կը թռչի, ուրեմն առաջին Կ..֊ցին ճիշտ է, ղուշ է, բայց երկրորդը չի տանելով իր խոսքին սխալը և զգալով ինքզինք ավելի հարազատ Կ…֊ցի, կը հայտարարե.
– Թռին տե՝ էծ է (թռչի ալ՝ այծ է)։
Այս էր մեր ծանոթությունը Կ…֊ի և իր ինատ բնակչության մասին։
Առակի կարգ էր անցեր Կ…֊ը։
Մեկը որ քիչ մը համառություն ցույց տար ոևէ վիճաբանության մեջ՝ իրեն կըսեին.
– Կ…֊ցիի պես մի պնդեր, ճշմարտությունը շատ ակներև է։
Կ…֊ի մասին առասպելական պատմություններ կը պատմեին, բայց տակավին մենք մեր իսկ աչքերով չէինք տեսած։
Օր մըն ալ Խարբերդ եկան հաստատվեցան Կ…֊ցի երկու եղբայրներ՝ Ավետիսն ու Սողոմոնը։
Ավետիսը մեծն էր, Սողոմոնը՝ փոքրը, երկուքն ալ ամուսնացած, մեկ քանի զավակներ ունեին։
– Եղբայր, Կ…֊ցի կըսեն ամմա, ի՜նչ ինատ, ի՜նչ բան, շենքով շնորհքով մարդիկ են, քեմիլ, նստվածքնի՜ն, կայնվածքնի՜ն, – կ՚ըսեին այս ընտանիքի հետ ծանոթացող Խարբերդցիները։
Իսկապես ալ համառ մարդկանց կասկածի ստվերն անգամ չկար այս մարդոց վրա։
Արշնի մարդիկ էին, ապրանք կստանային Կ…֊են և կը ծախեին։
Ավետիս և Սողոմոն եղբայրները պարտեզ մը ունեին տանը ետև, որ պատ չուներ, միայն ցանքսով մը բաժնված էր տան ետևի փողոցներեն։
Օր մըն ալ լսվեցավ, որ Ավետիսի և Սողոմոնի խանութը գոց է։
– Թերևս բան մըն է պատահեր, – ըսին դրացիները։
Հաճի Պաղսարը իր մեծ տղան ղրկեց Պողոսյան Ավետիս և Սողոմոն աղաներուն տունը հարցնելու, թե ի՛նչ է պատահեր։
– Հայրս բարև ըրավ, ըսավ քի ի՞նչ կա, որ Ավետիս և Սողոմոն աղաները խանութնին գոց են պահեր, – հարցուց հաճի Պաղսարի մեծ տղան դուռը բացող Ավետիս աղայի կնոջ։
– Պաղսար աղային բարև ըրե և ըսե քի բան չիկա, վաղը կը բանան։
Բայց մյուս օրը նորեն խանութը գոց մնաց։
Դրացիները նշմարեցին, որ Ավետիս և Սողոմոն աղաները պարտեզին մեջ նստած էին, մեկը խոշոր ծառի մը մեկ կողմին զարկած էր իր կռնակը և մյուսն ալ մյուս կողմը։
Օրական երեք անգամ ճաշերնին այդտեղ կստանային, հոն կը քնանային՝ գետնին վրա և տեղերն են չէին շարժեր։
Վերջապես հետաքրքրությունը այնքան բռնկվեցավ, որ դրացիները միջամտեցին և ուզեցին հասկնալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ավետիսն ու Սողոմոնը նույն իսկ գիշերը չէին երթար անկողնո մեջ քնելու, կը մնային ծառին տակ և իրարու հետ ալ չէին խոսեր, վերջապես ի՞նչն էր պատճառը, որ երկուքին կիներն ալ կուգային մոտերը, կաղաչեին, կը խնդրեին տուն երթալ և չէին երթար։
Դրացիները կանգնած պարտեզի ցանքսին ետևը՝ կը դիտեին այս բոլորը։
Խնդիրը դուրսի մարդոց ալ պարզվեցավ։
Երեք օր առաջ Ավետիսն ու Սողոմոնը իրարու հետ վիճաբանած ատեննին պարտեզին մեջ այնքան կը տաքանան վիճաբանության մեջ, որ կը բռնվին պապենական համառության կրակեն։
Տակավին վիճաբանությունը չի լրացած, որովհետև Կ…֊ցիի ոչ մեկ վիճաբանություն վերջ չի գտներ, Սողոմոնը կը դառնա և կըսե Ավետիսին.
– Հա՜յտե, գնա՛, պարտեզեն դուրս գնա, աչքերս արդեն թերս֊թուրս կը նային։
– Ծո՛, դուն որո՞ւ կըսես քի պարտեզեն դուրս գնա, – կը պատասխանե Ավետիսը, – ես այստեղ պիտի նստիմ, մինչև որ դուն կորովիս ասկե, – և կը նստի այդ խոշոր ծառին քով, կռնակը տալով բունին, և կըսե. – Այս տեղեն պիտի չերթամ, մինչև դուն չերթաս։
Սողոմոնին ալ համառությունը կը բռնե, ան ալ կռնակը կուտա ծառի բունին մյուս կողմին և կը հայտարարե.
– Տակը մնացողին հոգին թող դուրս գա, ես պիտի չերթամ, մինչև դուն երթաս։
Ահա թե ինչպես Կ…֊ցի երկու եղբայրները երեք օրեն ի վեր կը մնային ծառին տակ, թաց հողի վրա, գիշերը այնտեղ կը քնանային և ցերեկը երեք անգամ այնտեղ կը ճաշեին, խանութնին գոց, տունը գրեթե սուգի մեջ ինկած։
Կիները կերթային և կը պաղատեին մոռնալ ամեն բան, բայց չէին շարժեր անոնք։
Սողոմոնի կինը գնաց իր տագրին քով, որովհետև անիկա շատ հարգանք ուներ իր եղբոր կնոջ հանդեպ առհասարակ։
– Մեծ տագր, ոտքիդ հողին մեռնիմ, դուն մեծ ես, պըզտիկին խուսուրին մի նայիր, եկուր ներս, – կը պաղատեր Սողոմոնին կինը։
– Հարսնուկ, շանը խոսքը պիտի չըլլա, ես մեծ եմ, իմ խոսքս պիտի ըլլա, – կը կրկներ Ավետիս աղան։
Անօգուտ էին նաև Ավետիսի կնոջ պաղատանքները իր փոքր տագրին։
– Մինչև հիմա համբերեր եմ, ասկից հետո չեմ կրնար համբերել, – կը պատասխաներ Սողոմոնը։
Երեք օր հետո երկինքը բարկացավ, բերնեն կայծակներ ու անիմանալի որոտներ արձակեց գիշեր ատեն, և անձրևը սկսավ շռշռալ։
Երկինքը ամբողջ բացվեր էր, վրա կուգար։
Գիշերը Ավետիսի և Սողոմոնի կիները արթնցան, տան մեջ ինչ որ հասլաթ[ կարպետ և սփռոց կար, առին ու վազեցին պարտեզ, իրենց ամուսինները ջուրեն պաշտպանելու համար։
Բայց մինչև հասան՝ անոնք արդեն մինչև իրենց ոսկորները թրջած էին, տունեն բերվածները վրանին ձգեցին, տակը սկսան քրտնիլ, թացութենեն գոլորշի սկսավ բարձրանալ։
Անձրևը առավոտյան դեմ կտրելե հետո՝ բացին վրանին, ցուրտ օդը զարկավ թաց մարմիններուն։
Հիվանդությունը անխուսափելի էր։
Ավետիսի վրա սկսավ դող գալ, հետո տաքություն մը, այն աստիճանի, որ ինքզինք կորսնցուց և սկսավ տաքության մեջ զառանցել։
Ավետիսի կինը գնաց դուրսեն մարդ բերավ և իր խեղճ ամուսինը շալկել տվավ ու տուն ձգեց։
Այն ատեն Սողոմոնը ոտքի կանգնեցավ, մեջքը շիտկեց.
– Օ՜ֆ, – հառաչեց անիկա, – ոսկորներուս վրա հալ չէ մնացեր, կնիկ՜։
– Շուտ տուն մտիր, վրադ փոխեմ, – ըսավ Սողոմոնի կինը, – Ավետիս շատ գեշ վիճակի մեջ է։
Սողոմոնը ներքնապես շատ ցավեցավ իր եղբոր համար, բայց ձայն չի հանեց։
Մտավ տուն, շորերը փոխեց և գնաց Ավետիսը տեսնելու։
Ավետիսը տաքության մեջ կը զառանցեր։ Սողոմոնը նայեցավ անոր և իր աչքերու մեջ արցունքի կաթիլներ հավաքվեցան։
Անմիջապես դուրս ելավ, վազեց բժշկի։
– Եթե մինչև առավոտ տաքությունը չիջնա, – հայտարարեց բշիշկը, – ալ չազատիր, սիրտը թույլ է։
Սողոմոնը այլևս դադար չուներ, հեղ մը դեղարան կը վազեր, հեղ մը ուրիշ բժշկի կերթար։
– Եթե Ավետիսը մեռնի՝ ես ինձ կը կախեմ, – կը պոռար Սողոմոնը իր կնոջ, կարծես կի՛նը պատճառ ըլլար։
Ավետիսը երկու օր ալ ապրեցավ, բժշկին ըսածին պես, սիրտը այնքան ալ թույլ չէր։
Հոգեվարքի մեջ ալ մինչև վերջին րոպեն կը զառանցեր.
– Մինչև դուն չելլես, ես պիտի չելլամ, – կը կրկներ և անընդհատ կը կրկներ։
Ավետիսի մահեն հետո ամբողջ Խարբերդ մատ խածավ.
– Ծո՜, ատքան ալ ինատ, վա՜յ պապամ, վա՜յ…
1921 թ.
Ազգին բարերարի գերեզմանը
Ա
Երկու եղբայրներ էին անոնք՝ Փորսուխենց Մարսուպ և Խաչեր աղաները, որոնք կըլլային մոտավորապես 40 – 50 տարեկան, մեծ ընտանիքով։
Արվեստով ոսկերիչ, հին վարպետներ։
Փորսուխենց տան փառասիրական ավանդությունն էր այն, որ քաղաքի մայր եկեղեցիի կալվածը մեկ մասն էր Մարսուպի և Խաչերի մեծ, ընդարձակ պարտեզին՝ ատենին նվիրված ազգին իրենց պապի կողմեն, որուն իբրև հոգեկան վարձատրություն, պապի գերեզմանը կը հանգչեր եկեղեցիի պատին քովիկը, փոքրիկ գերեզմանոցի մը մեջ, տեսակ մը պանթեոն, որ ամեն գավառական եկեղեցի կունենար։
Մեծ օր էր Փորսուխենց տան համար, երբ, տարին անգամ մը, հոգեհանգստի ժամանակ, ավագ քահանան պիտի հիշեր այդ նվիրատվությունը։ Այդ օրը Փորսուխենց տան բոլոր մարդկային տարրը կը հավաքվեր լսելու համար այդ հիշատակությունը։
Մարսուպ աղան, երեցը, լուռ մարդ էր, խոժոռ, կախ ինկած ականջներով, կարճահասակ, կլոր, թրքական ոճով մորուքին մեջ արդեն ճերմակը ալիք կուտար։ Այնքան լուռ ու խոժոռ էր Մարսուպ աղան, որ շատերուն սկսած էր ապուշության կասկածներ ներշնչել։
Իսկ, ընդհակառակը, Խաչեր աղան սարսափելի շատախոս, կռվարար, ուրիշներու գործին խառնվող, եկեղեցի և ազգ իր սեփականությունը համարող, անոնց գործերու վատ ընթացումը իր դատապարտելի անտարբերության վերագրող մարդ էր։ Ֆիզիկականով նման իր եղբոր մազերու ավելի քիչ ճերմակով և գլուխը ճաղատ։
– Երկու եղբայրներն ալ իրարու քիթե են ինկեր, – կըսեին բոլոր ճանաչողները։
Կասկած չիկար, որ Մարսուպ աղան ավելի իմաստուն մարդ կը կարծվեր, քան Խաչեր, որուն ակռան ամենուն մսին և ոսկորին դպած էր։
– Խաչե՛ր, – կըսեր Մարսուպը իր եղբոր, տարին մեկ անգամ, – էդ գործերուն մեջեն պոչդ դուրս քաշե։
– Չէ՛, դուն տեղդ ձանտր նստե, ես բոլորին կը սովրեցնեմ, – կը գոռար Խաչերը։
Մարսուպը կը լռեր, կը խոժոռեր, քիթը կը կախեր և կնիկը առած կը հեռանար իր սենյակը, հազալով և գլուխը շարժելով դժկամության արտահայտությամբ։
Ապա Խաչերը կը դառնար իր կնոջը.
– Իմ պապս որ չըլլեր, էն եկեղեցին հիմա չիկար, բոլորըս պետք էր տաճիկ դառնայինք, իմ խոսքս պիտի ընեմ, ի՛մ խոսքս, վերջացա՛վ։
– Մարդոց աննամուսը շատ է, դուն գլոխ չես կրնար ելլալ, Աղան շիտակ է, – կըսեր կինը։
– Կնիկ ես, խելքիդ բան չի պառկիր, – կը կշտամբեր Խաչերը։
Այսպես ամեն օր կռիվ մը ուներ ազգին հետ։
Ովքե՞ր էին իր թշնամիները, ինքն ալ չէր գիտեր, միայն սիրտը կռիվ կուզեր, խոսք կուզեր, աղմուկ կուզեր։
Եկեղեցին ներս մտած ատենը անպայման նկատողություն մը կունենար ժամկոչին ընելու.
– Կը թողուս, որ ագռավները նստեն զանգակատան վրա և ծրտեն ու աղտոտեն, – ամենապարզը իր նկատողություններեն։
Բ
Վերջին տարիները Մարսուպ աղայի հոգեկան վիճակը սկսավ լրջորեն մտահոգիչ դառնալ, նախ՝ տնեցիներուն և ապա՝ դուրսի մարդոց։
Իր լռակյաց բնավորության հաջորդեց համրություն, և օր մըն ալ երկու ձեռքերը դրավ երկու գրպանները և ա՛լ դուրս չհանեց մինչև իր մահը։
Աչքերը կը դարձներ չորս կողմը և ապուշի նման կը նայեր։ Անվնաս, անաղմուկ, անհասկանալի հիմարություն մը սև ամպի նման իջավ վրան և մնաց։
– Հայվանի պես է, – կըսեին զինք տեսնող մոտավորները։ [ էջ ]
Խաչերը կը մոտենար Մարսուպին.
– Մարսո՛ւպ, ղուրպա՛ն, բառ մը ըսե՛, խոսե՛։
Կը լսեր Մարսուպը, բայց չէր պատասխաներ։ Եվ զարմանալին և ամենեն մտահոգիչը այն էր, բոլորը կը համաձայնեին, որ Մարսուպը եթե ուզեր խոսիլ՝ կրնար, իր արտահայտությունը այնպես կը ցուցներ, բայց չէր ուզեր խոսիլ։
Օր մը մեկ քանի հոգի հավաքվեցան և բռնի ուժով ձեռքերը գրպաններեն հանեցին, որովհետև կինը և բոլոր տնեցիները ձանձրացած էին մանուկի նման կերցնելե։ Շատ դժվարությամբ ձեռքերը գրպաններեն հանեցին, որու ատեն Մարսուպ աղան կովի նման բառաչեց և մեկ քանի ծանր հայհոյանքներ շպրտեց։ Զեռքերու ափերը փորփսոտեր էին, շորս կողմը բամպակ կապեր էր, ճերմկեր, նիհարեր, փափկացեր էին։ Աղաչեցին, լացին, որ դուրս պահե ձեռքերը, բայց օգուտ չըրավ, երբ ձգեցին ձեռքերը՝ ամենայն արագությամբ տարավ գրպանները և սկսավ հիվանդագին ծիծաղիր։ Խաչերը աչքերը թրջեց, հազիվ ինքզինքը զսպեց, դուրս ելավ սենյակեն և գալով իր սենյակը՝ բարձր ձայնով սկսավ լալ և աղաղակել.
– Վա՛յ Մարսուպ, վա՜յ, հավին քշա չէիր ըսեր, քեզ ո՞վ անիծեց։
Մարսուպի սերսեմությունները այնքան ալ անակնկալ չէին, շատերը Մարսուպին շոշորթ կըսեին, այնքան քիչ կը խոսեր։
Մարսուպ աղան դուրս չէր ելլեր տունեն, բայց տանը մեջ կը պտտեր։ Առաջները տնեցիք սարսափի մեջ էին, որովհետև Մարսուպը կարող էր հայտնվիլ բոլորովին անսպասելի տեղեր և անտեղի ժամանակ, բայց կամաց֊կամաց վարժվեցան։ Մարսուպի ապուշությունը դարձավ հասարակ, այնպես որ Խաչերը, երբ խանութեն գար և երբ Մարսուպը չտեսներ շուրջը, կը հարցներ.
– Խենթը ո՞ւր է։
– Պառկեր է, – կամ՝ ո՜վ գիտե ո՛ւր է, – կը պատասխանեին։
– էսօր կերցուցե՞ր եք, – կը շարունակեր հարցուփորձել Խաչերը։ [ էջ ]
– Ի՞նչ ուտել, ի՞նչ բան, – կը պատասխաներ տկն. Խաչեր, արդեն զզված և անտանելի տոնով, – բոլորը թափեց, վրան գլոխը աղտոտեց։
Օր մըն ալ Մարսուպը ա՛լ անկողնեն վեր չկեցավ, կերպով մը ամիս մը քաշեց և մեռավ։
Այս մահը մեծ տրտմություն չպատճառեց տնեցիներուն, որովհետև Մարսուպի ողջությունը արդեն մահ էր և ավելի վատը։
Գ
Կիրակի օրը թաղումը տեղի պիտի ունենար։ Բազմությունը մեծ էր եկեղեցին։ Պատարագի կիսուն Խաչեր աղան դուրս ելավ եկեղեցիեն և ժամկոչը կանչելով քովը, բարձր և հրամայական տոնով պատվիրեց.
– Գնա՛, մեկ քանի աղքատ մշակներ բեր և այնտեղ, պապուս քով, Մարսուպիս համար գերեզման փորել տուր, և գրպանեն հանելով մեկ արծաթ մեճիտ՝ գլորեց ժամկոչի բուռը։
Ժամկոչը խոնարհեցավ և անմիջապես մեկնեցավ գործի անցնելու։
Մեկ քանի թաղականներ, որ այդտեղ կանգնած կը ծխեին և օրվան քաղաքականության վրա կարծիքներ կը հայտնեին, իրարու երես նայեցան։
Խաչերը եկեղեցի մտավ և գնաց կանգնեցավ դագաղի գլխուն վրա։
– Խաչերը որո՞ւ է հարցուցեր, որ այդպես ինքնագլուխ կարգադրություններ կընե, – հարցուց թաղականներեն մեկը։
– Այդ մասին ես բան մը չեմ գիտեր, – պատասխանեց երկրորդ թաղականը։
– Ի՞նչ, իր չոր գլոխով կը կարծե որ խենթը այստե՞ղ պիտի թաղե, եազմա, – մրմռաց երրորդը։
Թաղականները ժամկոչի տղան կանչեցին և պատվիրեցին, որ մտնա եկեղեցի և կամաց մը Գիրգոր աղային, Պետրոս էֆենտիին և մի քանի ուրիշներու ականջներուն փսփսա, որ էֆենտիները զիրենք դուրսը կը կանչեն կարևոր գործով։ Մեկ քանի րոպե հետո բոլորը, քաղաքի հայ հեղինակությունները, [ էջ ]հավաքվեցան և մտան քովի դպրոցի մեկ սենյակը՝ խորհրդակցության։
Ամբողջ կես ժամ պոռացին, ճվացին և որոշեցին ժամկոչին արգիլել գերեզման վարելը։
Ժամկոչը դադրեցուց։
Պատարագը վերջացավ, դագաղը բերվեցավ դուրս և Խաչերը տեղեկացավ ահավոր եղելության։
– Ժամկո՛չ, քեզի ի՞նչ ըսի ես։
– Չեն թողուր, աղա՛, չե՜ն թողուր. ես ազգին ծառան եմ, անոնք ալ ազգին մեծն են, – պատասխանեց ժամկոչը շրթունքները դողալով։
– Անոնք ազգին մեծն են, ես մեծը չե՞մ, – գոռաց Խաչերը։ Ժամկոչը գլուխը կախեց։ Խաչերը փորձեց հարձակվիլ ժամկոչի վրա, բայց թաղականները մեջ ինկան։ Եկեղեցիի բակին մեջ գտնված հասարակությունը բաժնվեցավ երկու մասի, սկիզբը թաղականները խոսեցան հանգիստ և խաղաղասիրական տոնով, բայց հետո չդիմանալով Խաչերի գոռումներուն և հայհոյություններուն, անոնք ալ ձայները բարձրացուցին։ Երկու կողմերուն տիրեց գռեհիկ անկեղծություն։ Աղմուկ, իրարանցում։ Դագաղը մոռացան, կիները սկսան լալ և աղաղակել, իսկ ասդին սկսան գլուխ ջարդել։
Այսպես է գավառներու մեջ, ազգային վիճաբանություններուն ամեն մարդ կը խառնվի, կը բռնե մեկ կամ մյուս կողմը, գրեթե առանց տրամաբանության, շատ անգամ նայած պայքարը սկսող անհատներու իրենց հետ ունեցած հարաբերության։
– Այստե՛ղ պիտի թաղվի, իմ պապուս տվածն է այս հողը, ազգին աչքը քոռնա, – կը մռնչեր Խաչերը։
– Չպիտի՛ թաղվի, շուն պապդ թաղվեցավ, հերիք է,― կը պատասխաներ ամբոխը։
Կազմվեցան կռվողներու զանազան խումբեր, իրար հրեցին, քշեցին, բերին ձգեցին դաղաղին վրա, որու ատեն մեռելի տեր կիներու կոծը բռնեց ողջ երկինքն ու գետինը։
– Պիտի թաղեմ, հո՛ս պիտի թաղեմ, – կը գոռար Խաչերը շան նման փրփրած։
Անիկա ինքզինք զսպեց և ոչ ոքի վրա ձեռք չբարձրացուց, եթե ոչ՝ ամբոխը գլուխը իրանեն կը բաժներ։
Կռիվն այնպես սաստկացավ, որ թուրք ոստիկաններ մտան Հայկական մայր եկեղեցիի բակը և դադրեցուցին։
Խաչերը ընկճված և գլխիկոր՝ պատվիրեց հուղարկավոր թափորը առաջնորդել իրենց պարտեզը։
– Մեր պաղչան շա՜տ տեղ կա, իմ եղբայրս հասարակաց գերեզմաննոցը չեմ նետեր, – հայտարարեց Խաչերը ներկա եղող հասարակության։
Փորսուխենց տան մոտիկները Խաչերի թևերեն բռնեցին, մխիթարեցին։ Խաչերը այլևս չէր լար, բարկութենեն արցունքները ցամքեր էին։
Երկու րոպե հետո արդեն դագաղը պարտեզն էր։ Եկեղեցին և Փորսուխենց պարտեզը բաժնող ճիշտ պատին տակը գերեզման փորել տվավ Խաչերը Մարսուպի համար և այնտեղ թաղել տվավ։
Դագաղը գոցել տալե առաջ Խաչերը ինկավ Մարսուպի վրա և ֆեսը վար առած՝ ըսավ.
– Մարսո՛ւպ, աղայի պես մարդ էիր, մարդուն ալ թեքքեն էիր, շուները վրադ հաչեցին, քու հոգուդ… – ալ չկրցավ շարունակել, արցունքները նորեն սկսան հոսիլ։ Թևերեն բռնեցին և վեր առին։
– Վա՛յ, վո՜ւյ, վա՛յ, վո՜ւյ, – կողբերգեր Խաչեր, մինչ հողը կիջնար ծանրորեն Մարսուպի քիթին ու բերնին վրա։
Դ
Քառսունքր լրանալե առաջն Խաչերը կանչեց դպրոցի տիրացուն և պատվիրեց, որ ծաղկագրով գրե հետևյալ տապանագիրը.
Աստ հանգչի Ազգիս Բարերար
Մարսուպ աղա Փորսուխեան
Ծնյալ յամի Տեառն… մեռած…
Քառսունքի օրը գերեզմանաքարը պատրաստ էր արդեն այդ տապանագիրով։ Խաչերր շաբաթ իրիկվնե առաջ կանչեց եկեղեցիի ավագ քահանան, դրամ տվավ և ըսավ. [ էջ ]
– Տերտեր պապա, վաղը Մարսուպ աղայի քառսունքն է, անոր հոգիին համար սուրբ պատարագ կը բռնես և կը հայտարարես սուրբ պատարագի մեջ, որ Փորսուխենց աղան իր եղբոր Մարսուպ աղայի քառսունքի առթիվ «իբրև հավերժ» կը նվիրե իր պաղչային տասնևհինգ արշըն գետին և իր ծախքովը պատ կը քաշե և կը միացնե եկեղեցիի գերեզմանոցին։
– Մարսուպիս գերեզմանն ալ հետը կը նվիրեմ սուրբ եկեղեցիին, – ավելցուց անիկա։
Ավագ քահանան լսեց, շնորհակալություն հայտնեց ազգին կողմե, «Հայր մեր» մըն ալ փնթփնթաց և պիտի մեկներ ուղիղ մյուս քահանաներուն մոտ տեղեկացնելու, երբ Խաչերը ուզեց իր վերջին բաղձանքը հայտնել.
– Տե՛ր պապա, պատարագը դո՛ւն կընես։
– Շատ աղեկ, Խաչեր աղա, շատ աղեկ, բայց հերթը Տեր Գրիգորինն է, – պատասխանեց ավագ քահանան։
– Հերթ֊մերթ չեմ գիտեր, իմ փափագս է, որ սուրբ պատարագը դուն ընես վաղը։
Ավագ քահանան գլուխը շարժելով դուրս գնաց։
* * *
Երկրորդ օրը հանդիսավոր պատարագ էր։ Ավագ քահանան հայտարարեց նոր նվիրատվությունը, հիշատակեց նաև պապի նվիրատվությունը։
– Վերջը վերջը խենթին գերեզմանը բակը ձգեց, – քթերնուն տակ լուռ մռնչացին եկեղեցիեն դուրս ելլողները, և բոլորովին դժգոհ։
1921 թ.