Sadece LitRes`te okuyun

Kitap dosya olarak indirilemez ancak uygulamamız üzerinden veya online olarak web sitemizden okunabilir.

Kitabı oku: «Պատմություններ», sayfa 4

Yazı tipi:

4

Կարսի ձրի ճաշարանի դռան և լուսամուտի առաջ խռնվել էր մի մեծ բազմություն, որ գրավել էր նեղ բակի քարակույտերը, փտած գերաններն ու տանիքները և ցիրուցան թափվել-նստոտել նրանց վրա։ Ամեն ոք սպասում էր ճաշը բաժանելուն։

Թուրքահայ գաղթականներ էին դրանք՝ խառն տեղացի աղքատների հետ։ Բարեգործությունը սկսել էր կերակրել նրանց։ Ազատվել էին ցրտից, քուրդից, թուրք զինվորից և [ էջ ]պաշտոնյայից... այժմ նրանց մի֊մի անկյուն էին հատկացրել քաղաքում։ Ոմանց՝ հին, անբնակ կիսավեր տների մեջ պատսպարել, ուրիշներին այս, այն խարխուլ խրճիթը տվել, շատերին գյուղերն էին ցրել, իսկ ուտելու համար ոչ միայն ալյուր էին բաժանում, այլ ամեն օր մսով կերակուր տալիս։

Հալածվածներն այդպիսով փրկվել էին։ Մանավանդ, որ էլ վախ չունեին իրենց աղջիկների առևանգվելուց կամ կանանց անպատվության ականատես լինելուց։

Խոսում էին այժմ նրանք, ծիծաղում, կատակներ անում։ Մի կողմում, քարակույտի վրա, մի նոր գաղթած կին հներին պատմում էր իրենց ճանապարհորդությունը, թվում ճանապարհին ցրտից ու քրդերից սպանվածներին... գերանների վրա բազմած երիտասարդներից մեկն էլ պատմում էր Համիդեի զորքի գործերը։

Կտուրի վրա նստած կային ծծկեր մանուկ ունեցող կանայք և ջահել աղջիկներ․ սև էին և ցնցոտիներով պատած, բայց սիրուն էին և կարսեցի շատ ջահելներ իրենց հայացքը հաճախ ուղղում էին դեպի այդ դեմքերը։

Ցածում, լուսամուտի առաջ, միմյանց էին հրում և աշխատում էին միմյանց առաջ կանգնել ու լուսամուտին մոտ լինել, ամենից առաջ կերակուր ստանալ։ Մեծ մասը մանուկներ ու պատանիներ էին։

Ներսում խոհարարը երկար շերեփով մեծ կաթսաների կերակուրն էր խառնում․ նրա օգնականը փայտ էր ձգում հնոցի մեջ, իսկ հերթապահ ակնոցավոր երիտասարդը՝ բաժին ստացողների ցուցակը զննում։

Եղանակն այդ օր քիչ տաք էր, արևը թեև պայծառ փայլում էր, բայց քամի կար և բավական խիստ քամի։

Ճաշարանը գրեթե բազարի մեջ էր, գլխավոր ճանապարհի կողքին․ դրա համար էլ կառքերի և բազմության ձայները բակի լայն դռնից ազատությամբ ներս էր լցվում։

– Ասում են, որ ճաշարանը շուտով փակվելու է, – խոսում էր մի ալաշկերտցի պառավ, – դո՞ւք էլ լսել եք։

– Չէ, չե՛նք լսել, – պատասխանեցին շատերը։

– Ի՞նչ պիտի լինի մեր դրությունը, – գիտել տվեց մի ուրիշ կին, – որդիներս կկոտորվեն քաղցածությունից․ մարդս [ էջ ]մեռել է. պստիկներից մեկն էլ հիվանդ է. չգիտեմ ի՞նչ անել։

– Ապա ե՞ս, – ձայնեց մի քիչ հեռու մի երրորդը, – երեք որդի ունեմ, երեքն էլ տկար, թույլ, փոքր...

– Ասե՛ք, ասե՛ք, – ճչաց մի տեղացի աղքատ կին, – բոլորդ էլ սուտ եք ասում, մեկը երկու եք շինում և եկել եք մեր հացը կտրում...

– Ծո, քեզի՞ ինչ, – պատասխանեց նրան ալաշկերտցի պառավը, – քո հացը ո՞վ է կտրում, ազգը սաղ կենա։

– Այ ազգը խռով կենա գլխիդ, անատամ պառավ, – գոչեց մի ուրիշ տեղացի, – վեր եք կացել ձեր երկրից եկել ու ազգի ձրի հացը ուտում եք. ծույլ, ստախոս հարամներ, ոչ ուզում եք գործ անել, ոչ էլ մի տեղ նստել...

Ալաշկերտցի պառավը զայրացած շարժվեց, մյուս կանայք սպառնական դիրք բռնեցին և անշուշտ սկսվելու էր մի թունդ կռիվ տեղացի և գաղթական կանանց մեջ, երբ մի կառք դղրդյունով ներս մտավ բակը, կանգնեց մեծ աղտոտ առվակի մոտ։ Կառքից ցած իջավ պաշտոնական հագուստով հասակավոր մի անձ, արագ քայլերով անցավ առվակը և ներս մտավ։

Ամենքը լռեցին, բոլորը, նույնիսկ կանայք ոտքի ելան։

Պաշտոնական անձը, որ զինվորական բժիշկ էր երևում, թեթև կերպով բարևեց բոլորին և ճաշարանի սենյակը անցավ․ բայց մտնելուց առաջ, դռան մոտ քիչ կանգ առավ և ասաց.

– Հա՛, հը՛մ, արդեն այդքա՜ն հավաքվել են. ինչքա՜ն շատ են այսօր... Հաց պետք է, որ դիմանա։

Այդ ասելուց հետո բժիշկը խոհարարին դարձավ.

– Մի՞թե պատրաստ չէ կերակուրը, – հարցրեց շտապով։

– Պատրաստ է, – ասաց հերթապահը, – սկսենք։

– Դե՛հ, – խոսեց բժիշկը դրսի ամբոխին, – քիչ ետ քաշվեք․ տետրակներդ էլ պատրաստ պահեք. կերակուրը բաժանվելու է։ Հանդարտ կացեք, իրարու չհրեք։

Սկսեցին իրարու հրել, ճզմել, ամաններն ու տետրակները միմյանց ետևից պարզվեցին դեպի լուսամուտը, լսվեց հայհոյանք, հառաչ, ճիչ, անեծք։

[ էջ ]– Չէէ՜, այդ չեղավ, – բացականչեց բժիշկը։ – Մի հրեք իրարու։ Ով տոմսակ ունի, թող նա առաջ գա․ տոմսակ չունեցողները՝ ետ... Դու չունես, ինչո՞ւ ես հրում, ետ գնա... իսկ դո՞ւ, այ աղջիկ, ո՞ւր է տոմսակդ։

Մշեցի մի աղջիկ էր, որ լռությամբ կանգնել էր և կապտագույն հրաշալի աչքերը բժշկի վրա սևեռել։

Լսելով, որ խոսքն իրեն են ասում․ ցնցվեց, երազում էր։

Շիկահեր էր, վայելուչ հասակով և քնքուշ գծագրությամբ, դեմքը ցրտից ու նեղություններից սևացել, այրվել էր։

– Ունիմ, – թոթովեց նա ձեռքի տետրակը ցույց տալով։

– Լա՛վ, սպասիր հերթիդ, – ասաց բժիշկը, – Մշեցի՞ ես դու։

– Հրամանք ես։

Եվ կարմրելով բժշկի հայացքից, դեմքը խոնարհեցրեց։

– Ի՜նչ գեղեցիկ է, – ասաց հերթապահը, որ բժշկի ետևից նայում էր, – ուրիշ գեղեցիկներ կան այնտեղ, կտուրի վրա, նայեցեք բժիշկ։

– Այո, – ասաց բժիշկը, – ոչ մեկը սրա նման չէ։

Այդ միջոցին խոհարարը մոտեցել էր ամանները առնելու, որպեսզի կերակուր լցնի։ Ամանների մի բազմություն պարզվեց դեպի նա։

– Քի՛չ հեռու, քի՛չ հեռու, – ձայնեց խոհարարը, – մի վախենաք, ամենքիդ կհասնի։

Մի քանիսներից հետո հերթը մշեցի գեղեցիկ աղջկանն էր։

– Քանի՞ բաժին, – հարցրեց օգնականը։

– Երեք, – պատասխանեց աղջիկը կաս-կարմիր կտրած։

Տետրակը անցավ օգնականի ձեռքը։ Նա բաց արավ և կարդաց։

– Գոմերցի Վրթնոյի այրին... երեք բաժին․ ճիշտ է, լցրեք։

Ամանը լցվեց։ Նազիկն էր այդ աղջիկը։ Առավ նա կերակուրով լի պտուկը, ուժ տվեց, ճղեց ամբոխը։ Մի քանի անգամ քիչ մնաց ամանը սահեր ձեռքից․ բայց նա երկար պարեգոտի քղանցքը բարձրացրեց և նրանով բռնելով տաք ամանը, հաջողեց հասցնել մինչև բակի դուռը։

[ էջ ]Այնտեղ նա երկար առվակի մոտ կանգ առավ, կռացավ, սրբեց պտուկի կոթերին կապված չվանը։ Հետո էլի երկար պարեգոտի քղանցքը ձեռքի մեջ առավ և նրանով ուզեց բռնել չվանը, երբ մի ձեռք դիպավ ամանին, հետո մի ձայն լսվեց կողքից, որ ասում էր.

– Ինձ թող ամանը։

Ցնցվեց ու վեր նայեց։

– Ես եմ, Նազիկ, – ասաց խոսողը, – մի վախենալ... իսկ այժմ թող տուր, որ ես վերցնեմ ամանը և քայլենք... Ուրեմն ահա, թե որտեղից էիր ամեն օր կերակուր վերցնելու գալիս և ինձ խաբում էիր, թե ձեր կերակուրը մի տեղացու խոհանոցում եք եփում և դու գնում էիր բերելու։

– Պետրո՛ս, – կմկմաց աղջիկը աղաչավոր, – մի նեղանալ, Պետրոս ջան... չուզեցի հայտնել քեզ այս մեր ամոթը։

– Քայլե... ինչո՞ւ նեղանամ․ առաջ ընկիր և գնանք։

Երկուսն էլ դուրս եկան բակից և ծռվեցին դեպի գետափը։

– Այդպես ուրեմն, – շարունակեց Պետոն գունատ ու դողդոջուն ձայնով, – մուրում եք, և ես այդ չգիտեի... Տեսա որտեղ և ինչպես էիր կանգնել մի ժամից ի վեր, այս մի կտոր կերակուրը ստանալու համար... Որքա՜ն ընկե՛լ ենք մենք, որքա՜ն... Հիշո՞ւմ ես, Նազիկ, թե ինչպես պտուկներով մաքուր և թարմ – ոչ այսպես անհամ – կերակուրներ էիր ցրվում մեր գյուղից անցնող աղքատներին... իսկ ա՞յժմ... Չէ, այս շատ դառն է... և դեռ ձեռքումս է այս ստորացնող ամանը։

Ասաց և բարկությամբ պտուկը շպրտեց մի խոր առվակի մեջ։

– Պետրո՜ս, – բացականչեց Նազիկը հուսահատ ձայնով, – մորս քաղցած թողիր...

Հետո լռեց և գլուխը կրծքին իջեցրեց։

– Քաղցա՜ծ, – ասաց Պետրոսը – էհ, ի՞նչ անենք, թող քաղցած մնա... ինչու ինձ խաբեցիք, կարծում էի, թե բան էիք ծախել երկրում և փող ունեիք հետներդ․ թե չէ թևերիս մեջ ո՞ւժ չկա, չէ որ կարող էի աշխատել ու մի կտոր հաց ճարել ձեզ համար... գործի չէի ձեռնարկում, որովհետև [ էջ ]ուզում էի, որ ետ դառնանք, ետ... մեր, մեր երկիրը գնանք...

Դուրս էին եկել բազարից էլ, այժմ քայլում էին հայոց նախկին և այժմ ռուսացրած եկեղեցու ստորոտից, գետափն ի վեր։

– Էհ, այո, – շարունակեց Պետրոսն երկար լռությունից հետո տխուր, կծու ձայնով, – ահա թե ինչու եկաք այստեղ և թողիք ձեր տունն ու տեղը... Գնալ, կանգնել այդ ողորմելի մարդկանց մեջ, մի ժամ սպասել, այդ սպասելու մեջն իսկ ամփոփված ստորությունը, նախատինքը տանել և այդ բոլորը մի աման կերակուրի համար...

Նազիկը չէր պատասխանում․ կծկվել էր, ցեխի միջից քայլում էր, քիչ էր մնում լար։

– Լսում էիր, թե ի՞նչեր էին խոսում շուրջդ․ – հարցրեց պահ մի լռությունից հետո երիտասարդը։

– Ո՛չ, – պատասխանեց աղջիկը, – ես քեզ ու մորս վրա էի մտածում։

– Իսկ ես լսում էի. լսում էի այնտեղացի կնոջ խոսքերը, ասում էր, որ մենք եկել ենք մեր երկրից և ազգի ձրի հացն ենք ուտում, որ մենք ծույլ ենք, խարդախ ենք...

Քայլում էին, աշխատելով չոր տեղեր կոխել։ Քամին բաց էր անում Նազիկի պարեգոտը, ստիպված էր պարուրվել նրա մեջ, կծկվել, գլխի թաշկինակը ավելի ցած քաշելով՝ երեսը ծածկել։

– Կմրսես, շուտ-շուտ գնանք, – ասաց Պետրոսը և նորից շարունակեց։

– Չէ՛, պետք է ետ դառնալ, – ասաց հուզված ձայնով, – այստեղ քեզ նայում են իբր հափշտակողի վրա։ Եվ իրավ, ինչ ենք մենք․ այն, ինչ որ տեղացի աղքատների համար էր, մենք ենք գրավում․ ի՞նչ իրավամբ։ Երեկ մի դռան մոտից անցնում էի․ լսեցի, թե ինչ խոսքեր էր ասում մի կարսեցի հաստ ու կարճլիկ կին մի բուլանխցի նիհար կնոջ, որ գրկել էր իր մերձիմահ մանուկին։ Գիտես ի՞նչ էր ասում։

– Ես ի՞նչ գիտեմ, – մռմռաց Նազիկը, – ինձ այժմ տանջում է այն միտքը միայն, թե մայրս ի՞նչ պիտի ուտի․ քաղցած է։

– Մենք այդ կտեսնենք, – պատասխանեց Պետոն [ էջ ]խիստ ձայնով, – հերիք է, որքան մուրացինք... ես էլ ձեզ հետ ուտում էի այդ մուրացած կերակուրը... Ոչ, այդ անկումը երբեք չեմ մոռանալու։ Գոմերցի Պետոն ողորմություն առնի, ողորմությունով ապրի... Շա՛տ, շա՛տ ընկանք։

– Կարսեցիք բարի են, Պետրոս, – խոսեց Նազիկը, – տալիս են և չեն ստորացնում․ մեզ միշտ օգնում են։

– Ես էլ գիտեմ, որ օգնում են, բայց այն բավական է, երբ քեզ նայում են որպես մուրացողի վրա. արհամարհանքով, ցավակցությամբ։ Մի՞թե դու քեզ վատ չես զգում, երբ ժամերով սպասում ես այդ լուսամուտի առաջ։

– Շատ վատս է գալիս. – ասաց Նազիկը, – ուզում եմ, որ գետինը պատռվի ես մեջը մտնեմ․ մանավանդ առաջին օրերը... թաքնվում էի Եղսոյի ետևը, ամաչում էի, կարծում էի, թե ամենքն ինձ մատով են ցույց տալիս, կերակուրը չէր մտնում բողազըս... Հիմա էլ չէ մտնում...

– Զգում էի, որ այդպես պիտի լիներ․ մենք սովոր չենք մուրալու․ մուրալուց ի՞նչ վատ բան կա... Չէ, պիտի ետ դառնալ․ հերիք է, ետ գնանք, սա ապրել չէ, սա մեռնելուց վատ է։

– Ես բան չեմ ասում, – խոսեց մեղմությամբ Նազիկը, – դու գիտես, որ ես կգամ քեզ հետ՝ ուր որ ուզես․ իսկ մայրս... չէ, հիվանդ է, շատ հիվանդ. տեղիցը շարժվել չէ կարող, ծերացել է, գնալու նեղություններին դիմանալ չէ կարող։

– Կաշխատենք տանել, – պնդեց Պետոն, – այսպես ես չեմ դիմանա, չեմ կարող տանել, որ դու նորից գնաս և կանգնես այնտեղ, այն լուսամուտի առաջ... Ո՛չ...

– Ապա ի՞նչ անենք։ Մայրիկը չէ կարող․ կմեռնի. հորս վրա շատ է մտածում․ երեկ ասում էր թե, երանի հորս պես ճանապարհին, հայրենի հողի վրա մեռած մնար։ Դու կարծում ես նրա բողազից ցա՞ծ է գնում այդ կերակուրը։ Քանի-քանի անգամ ինձ ասել է․ «Նազիկ, այս մուրացած կերակուրը ինձ սպանում է»։ Բայց եթե դառնանք, – ավելացրեց նա, – էլի միևնույն ճանապարհով ենք ետ դառնալու։ Վատ ճանապարհ է․ քուրդերով լիքն էր. քանի անգամ քիչ մնաց ինձ փախցնեին։ Խեղճ հայրս ինչե՞ր էր քաշում․ մայրս էլ նեղությունից ինձ էր անիծում։

[ էջ ]Հասել էին գետափի կամրջի կողքին մնացած մի թումբի մոտ, մի հին բաղնիքի մնացորդ սենյակի ետևում։

– Խեղճ Նազիկս, – ասաց երիտասարդը՝ բռնելով նրա ձեռքը, – մի վախենալ․ այս անգամ ես եմ հետներդ․ դու գիտես, որ իմ կյանքը քեզ համար է միայն։

Աղջկա աչքերը սիրո արտահայտությամբ լցվեցին, սեղմեց երիտասարդի ձեռքը։

– Ներս մտնենք, – ասաց, – մայրիկը մենակ է։

Բաղնիքի այդ մնացորդ սենյակից դուրս էին խուժում այլանդակ ձայներ։

Նազիկը առաջ անցավ։ Պետոն հետևեց նրան։ Ներսում, այս, այն կողմ, բաց գետնի վրա թափվել էին կին, տղա, ծեր և աղջիկ, բոլորը ցնցոտիներով, կեղտոտ և խղճալի։

Մի անկյունում, փսիաթի վրա էր, որ պառկել էր Նազիկի հիվանդ մայրը։

Նրա դրությունը անհույս էր․ այդ պարզ էր․ ամեն ինչ քայքայվում էր նրա մեջ։ Դժգույն, աչքերը խամրած, թոշնած։ Գլուխը կռթնեցրել էր բարձի պես մի տոպրակի և աչքերն առաստաղին՝ տնքում էր ծանր կերպով։

Նազիկը մոտ գնաց ու չոքեց նրա գլխի մոտ։

– Կերակուր չբերի, մարե, – մրմնջաց նա, – Պետրոսը չթողեց․ ասում է հերիք է մուրանք, շա՞տ անոթի ես, մարե։

Հիվանդ կինը նայեց ուշադրությամբ շրթերը պրկած գունատ երիտասարդին, հետո քիչ բարկացավ, հենվեց աղջկան և նստեց։

– Անոթի չեմ, – ասաց նա թույլ ձայնով, – գիտեմ արածդ, Պետրոս․ գիտեի, որ եթե իմանայիր, այդպես էիր անելու... Աստված քեզ պահե... Մենք մեր դռներում շատերի ենք կերակրել․ այս մուրացկանությունը, այս անկումը ինձ սպանեց։

– Գիտե՞ս ինչ, մարե՛․ – խոսեց երիտասարդը, – ես կերթամ աշխատանք կգտնեմ և հաց կբերեմ ձեզ. անհոգ եղեք։ Բայց ավելի լավն այն է, որ ետ դառնանք։ Շատ ծանր է... Գնանք, մարե, գնանք էլի մեր հողը գտնենք, մեր ջուրը խմենք, մեր ձեռքով աշխատենք, մեր հացն ու մեր աշխատանքն ուտենք... Ի՞նչ կյանք է այս. չորս կողմդ օտար [ էջ ]դեմքեր, որոնք զննում են քեզ ինչպես մի ջենեվերի և կամ ցավում են վրադ, խղճում են քեզ... Երբ խոսեցնում են, նրանց ձայնն իսկ վիրավորական է, նրանց քաղցրությունը բարկացնում է քեզ. զգում ես, որ խեղճ ես, խղճում են, ողորմելի ես և ողորմում են. ոչինչ չունես, և տալիս են... ինչո՞ւ։ Չէ, գնանք, մեռնենք մեր հողի վրա, հպարտությամբ մեռնենք, թեկուզ անոթությունից...

Նստեց։ Բաղնիքի մեջ մյուս կանայք ու տղամարղիկ լռել, նրան էին լսում։ Իսկ նրա ձայնը դողում էր և խիստ հուզված էր։

– Գնանք, – շարունակեց նա, – ես մինչև իսկ լավ եմ համարում քուրդերից սպանվել, քան այսպես կյանք վարել։ Ինչ է այս մեր վիճակը․ այս թաց գետնի վրա անդամներդ են փտում, բորբոսնում․ առանց ծածկոցի, ցուրտ, քամի... Մի կտոր հագուստ չունենք պատսպարվելու, մի քիչ տաք ջուր՝ մաքրվելու... Իսկ այնտեղ թողել ենք մեր արտ, մեր գութան, մեր տավարն ու մեր տուն, մեր օդն ու ջուր, անուշ, զղզղուն ջրեր։ Ահա գարունն էլ եկավ, կբացվին ծաղիկներ, օդը կլեցվի մեր թռչունների ճլվլոցով, Սասնո լեռներից հեղեղատներ կիջնեն... էհ, մարե, միտդ բեր մեկ այն սիրուն լեռներ, այն խոտն ու ձնծաղիկ, լալան ու մանուշակ... Վեր կաց, մարե, փառք աստծո, քանի ես կենդանի եմ՝ ձեզ դիպչող չի լինիլ․ երկիր գնանք, թե լավ թե վատ, մեր տուն֊տեղաց մեջ սթարվենք, հալբաթ մի կտոր հաց կլինի, որ առանց թուք ու մուրի կուտենք, վեր կաց, մարե...

Պառավի և բոլոր լսողների աչքերում արտասուքի կաթիլներ փայլեցին։ Ամենքը սկսեցին մտքով պատկերացնել այն բոլորր, ինչ որ այնպես ոգևորությամբ նկարագրում էր Պետրոսը։

Իսկ քամին դրսում սուլում էր տխրագին և պտույտ գործում բաղնիքի ավերակների մեջ։

– Էհ, որդի, – խոսեց հիվանդը, – մեռնեմ արևուդ, իմ անուշ որդի․ իմ օրերը համրված են. ես էլ մնացի այստեղ. շատ֊շատ մի քանի օր էլ ապրեմ։ Երբ թաղես ինձ, առ իմ Նազիկ, պահիր նրան, բայց տար երկիր և թող այս թշվառությունների մեջ չմնա։ Թե քուրդեր սպանեն՝ թող գրկիդ մեջ մեռնի։ Բարեկամներ կան այնտեղ, ծանոթների մեջ... գնացեք [ էջ ]տունուտեղ եղեք, մի տեղ սթարվեք, էլ ձեռք մի պարզեք... Մի֊մի անգամ էլ ձեր պառավ, օտար հողի մեջ թաղված թշվառ մորը հիշեք և ողորմիս ասեք։

Կոկորդը լցվեց․ ձայնը պահ մի կտրվեց։ Գլուխը դրեց բարձին և փակեց աչքերը։

– Երանի ձեզ, – շարունակեց նա մրմնջալով, – հազար երանի, որ էն սիրուն դաշտեր պիտի տեսնեք, էն զղզղուն անուշ ջրեր խմեք, էն մեռոնի ծաղիկների հոտն առնեք... մեր ոչխարների, գառների մայոց լսեք, մեր արտի ցորեն ուտեք, այգու խնձորենու տակ նստեք... Աստված իմ, աստված իմ, ինչ էի արել քեզ, որ իմ երկրից հեռու եմ մեռնում, ոսկորներս երկրիս հողին արժանի չես անում... ի՞նչ արի, ի՞նչ մեղք գործեցի։

Եվ լալիս էր խեղճ կինը։

Պետրոսը ավելի և ավելի հուզվում էր։

– Մարե, – ասաց նա, – հոգ մի անիլ, կլավանաս, քեզ էլ մեզ հետ կտանենք։

– Չէ՛, որդի, – աչքերը բաց արավ հիվանդը, – ես գիտեմ ասածս․ իմ երկրիս արևն էլ չեմ վայելելու... Կյանքը ձերն է այժմ․ դարձեք. մեր հողերի տերն եղեք։

Ճաշ ստացողները հետզհետե վերադարձան, ներս էին գալիս, իսկ հիվանդը բոլորովին ուժասպառ էր եղել։ Ընկավ բարձի վրա, նորից աչքերը փակեց։ Երկու երիտասարդները նստեցին նրա սնարի մոտ։

Գաղթականները նստեցին խոնավ գետնի վրա, և նրանց ճաշը սկսվեց։

Սուլում էր քամին դրսում, թնդացնում բաղնիքի պատերը․ պտույտներ գործում ավերակների մեջ, հետզհետե մթնանում էր, և արեգակը ծածկվում սև ամպերի տակ...