Kitabı oku: «Մատեան Ողբերգութեան», sayfa 11

Yazı tipi:

Ե

 
Արդ, դու ես միայն իրաւակշիռ եւ ճշմարտադատ, ո՜վ բարերար եւ օրհնեալդ գթութեան մէջ.
Ես մեղանչեցի քո դէմ` գործելով անօրէնութիւն, եղայ անիրաւ,
Եւ որի համար եղծուեցի ու զեղծուեցի,
Յանցաւորապէս ամբարշտացայ,
Ու չլսեցի քո խօսքը գովուած, խոստովանուած ու երկրպագուած:
Դու ինքդ իսկ երեւացիր անճառելի քո սիրով,
Որը գրելն իսկ դժուարին է խիստ եւ նշանակելը` սարսափելի:
Քեզ արդարութիւն եւ փառք, եւ մշտնջենական գովութիւն,
Իսկ ինձ` ամօթապարտիս քո դէմ, խնամակա՛լ,
Քաւութիւն եւ ողորմութիւն եւ բժշկութիւն,
Օգնութիւն եւ պահպանութիւն սրտի ու հոգու.
Բարեբանեալդ ըստ ամենայնի յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Օրհնեա՜լ տիրապէս էութեանդ մէջ,
Անսահմանելի, անփոփոխելի, իսկապէս բարի,
Պաշտում խնկելի եւ երջանկութիւն խոստովանելի ամենայն երկրի,
Յարատեւ յոյսի ամենապատրաստ դու յայտնութիւն,
Գթած, ողորմած, որ չես պահում ոխ մի ակնթարթ իսկ
Ընդդէմ բազմամեայ մեղանչումների:
Անսահման առաւելութեամբ եւ հրաշապէս զարմանալի,
Աւելի, քան թէ երբեւէ բոլոր նախահայրերին,
Դու քո երկնահոս եւ բարեբանեալ վտակները ողորմութեան
Նոր շնորհաբաշխութեամբ` մէկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել:
Երբեմնի անձուկ լուսամուտը այն, որտեղից հազիւ, ըստ Սողոմոնի,
Չափաւոր գիտութիւնների աղօտ նշոյլներն էին թափանցում,
Դու, ինչպէս նրա, այնպէս նաեւ ինձ` թշուառիս համար բացիր ընդարձակ,
Առագաստն այն անջրպետող, որ արգելում էր
Մուտքն աստուածային ողորմութեան ձրի պարգեւների:
Անցեալում` աւետաւոր յիշատակումների հետ
Պատկերաւոր օրինակներով ասացիր դու մեզ.
"Դարձէք դուք ինձ, եւ ես ձեզ պիտի դառնամ",
Կամ` "Երբ կդառնաս ու կհառաչես, այնժամ դու կապրես":
 

Բ

 
Եւ կամ թէ` "Աղջամուղջի սեւութիւնը դու կփոխարկես ձեան պայծառութեան,
Եւ արեամբ ներկուած մարդկանց դու կդարձնես գեղմի պէս մաքուր ըստ Եսայու եւ Զաքարիայի,
Թէ` բարկութեանդ մէջ ողորմութիւնդ էլ ես մտաբերում.
Թէ` Իսրայէլի քաղաքները անապատանան պիտի
Եւ ապա դարձեալ դառնան բնակելի.
Թէ` ճանապարհները պիտի ամայանան առ ի չգոյէ մարդկանց.
Եւ ապա դարձեալ դառնան բանուկ.
Թէ` պիտի թուլանան ոգու սովով եւ քո ձեռքով դարձեալ զօրանան.
Թէ` Աստուած զայրագին իր տեղը պիտի գնա
Եւ պիտի դառնայ դարձեալ ողորմութեամբ.
Կթողնի նա մեզ` բայց ե՛ւ կների,
Կսաստի թէեւ ու կսպառնա, բայց եւ կրկին կպաշտպանի.
Եւ մինչ խռովայոյզ է սիրտը նրա` կշարժուի գութն իր խնամքների:
 

Գ

 
Մարգարէների խօսքերն այս խնկելի,
Որոնք քո օրհնեալ գալստեան հրամանն էին ազդարարում առաջուց,
Եւ որ հնար չէ նիւթեղէն լեզուով բոլորը թուել, քանզի անբաւ են,
Օրինակներ են, նմանութիւններ նուազ, փոքր ու հին, ժամանակաւոր`
Քո աւետաւոր յայտնութեան եւ խաչիդ փրկագործութեան համեմատութեամբ:
Դու ամէնուրեք կառուցեցիր խորաններ` քո արեան ուխտի վկայութեան,
Որոնք մեծաբարբառ աղաղակում են միշտ`
Աբելի մահուան դատակնիքից աւելի բարձրաձայն հռչակելով,
Յաղթանակը բարի պատերազմիդ
Յանուն երկրորդ եւ անմահ կեանքի շնորհների`
Մկրտութեան, յարութեան, նորոգութեան,
Ընտանութեան քեզ հետ եւ քո սուրբ Հոգու միաւորութեան,
Քաւութեան, ազատութեան, լուսաւորութեան,
Մշտնջենաւոր մաքրութեան եւ ճշմարիտ երանութեան,
Վերնայինների հետ կցորդութեան, անկապուտ փառքի,
Եւ մեր շուրթերի բարձրեալին ուղղած աղաչողական հաշտարար խօսքի:
Եւ այն, ինչ ասելն իսկ ահաւոր է,
Գրում եմ այստեղ ես ի յիշատակ մեծ երախտիքիդ.
Կարող ենք լինել մենք աստուած նոյնիսկ` շնորհներով ընտիր
Եւ ստեղծողիդ հետ միանալ`
Տէրունի մարմինդ ճաշակելով եւ խառնուելով կենաց լոյսիդ հետ,
Մինչ ըստ Պօղոսի` չուներ հին օրէնքն այսպէս կատարեալ երջանիկ խոստում:
Իսկ դու, փրկութի՜ւն, քաւիչ բոլորի, եկար հայրենի քո հարստութեամբ
Եւ մեր յոյսն առ քեզ անկրճատելի` արիր յարատեւ կատարելապէս:
Փա՜ռք քեզ Հօրդ հետ` ի գովք սուրբ Հոգուդ բարեբանութեան,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ԾԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Զօրութիւնների՛ դու Տէր եւ թագաւոր բոլոր գոյութիւնների.
Օրհնաբանուած ողորմութիւն եւ բոլորի Աստուած,
Որ իշխում ես լայնատարած եւ ընդարձակ անսահմանութեան վրայ,
Դու ես չափն ու քանակութիւնը բոլոր մեծութիւնների,
Մինչ այն աստիճան, որ կարծրը հեղուկ է քեզ մօտ եւ լոյծը` պնդակազմ,
Անհնար ոչինչ չկայ քեզ համար, ո՛վ դու յաղթական զօրութիւն ահեղ.
Հուրը զովասուն ցող է քեզ համար եւ անձրեւը` բոց կիզանողական:
Քարին կարող ես դու կեանք ներշնչել ու տալ կերպարանք,
Եւ բանականին դարձնել անխօս եւ անշունչ արձան:
Պատուի ես արժանացնում դու քեզ ողոքող մեղապարտին
Եւ կարծեցեալ մաքուրին` արդար քննութեամբ դատապարտում:
Մահամերձին բարի բերկրութեամբ արձակում ես դու,
Եւ ամօթահարին` օծութեամբ դարձնում զուարթերես:
Ոտքի ես հանում թակարդի մէջ գլորուածին
Եւ սասանեալին ապահով վէմի վրայ հաստատում:
Հիւանդին բազմահառաչ` երջանկացնում ես դու,
Առաջ գնացածին ետ դարձնում վերստին:
Եւ երբ սպառւում են բարիքները մեզ համար,
Այնժամ դու է՜լ աւելի զարմանասքանչ գործեր ես կատարում,
Քանզի դու գիտես ներել մեր մեղքերն ու անօրէնութիւնները ջնջել,
Քաւիչ լինել անիրաւութիւնների եւ մեր մեղքերը չյիշել,
Ինչպէս գրում են Եսային եւ Երեմիան:
 

Բ

 
Եւ քանզի այս նոր փրկութեան շնորհներին գոհաբանութեամբ հետեւելով
Եւ տեսնելով նրանց շատութիւնն անբաւ, լռեցի իսկոյն ու պապանձուեցի.
Ուստի եւ ահա յիշելով դարձեալ լոյսիդ անսպառ բարիքներն ամէն,
Որոնք քո կողմից պարգեւուած են ինձ` յամառ թշուառիս,
Քո՛ աղերսով` քե՜զ պիտի պաղատեմ,
Իմ այս մատեանի խօսքերին դարձեալ յարմարեցնելով
Թախծութեամբ լեցուն հեծեծագին բազմաթիւ տողեր:
Սակայն ի հաճոյս տուողիդ պիտի առնեմ ու խառնեմ`
Ցաւերի հետ` դեղ,
Վհատութեան հետ` խրախոյս,
Յուսահատութեան հետ` յիշատակն անուան հաստողիդ,
Տխրութեանս հետ` սփոփանքը քո,
Դառնութեանս հետ` քաղցրութիւնը կենարարիդ,
Օրէնքի պատժի հետ` քո շնորհը,
Անիծապարտութեան հետ` օրհնութիւնդ ազատարար,
Մարմնի մահուան հետ` նորոգութիւնդ կատարեալ:
 

Գ

 
Հաւատում եմ ես հզօրիդ խօսքին եւ հաստատում այն.
Լսի՛ր դու սրտիս լռութիւնը, Տէ՜ր Յիսուս,
Որը դէպի քեզ մեծաձայն հնչումն է երկրագոչ:
Մարմնակից ու պատկերակից լինելով մեզ հետ,
Ինչպէս անօրինակ քահանայապետ, օրինակի լուծը խորտակելով,
Անասունների տեղ մահուամբ զենուած,
Բարեբանուած մարմնիդ նուիրումով
Անմահապէս մատուցւում ես միշտ եւ քաւութիւն շնորհում աննուազօրէն
Ոչ միայն սակաւ մեղանչողներին, այլ նաեւ նրանց,
Որոնք փրկութեան ոչ մի յոյս չունեն:
Կեանքը մեղքի մէջ մեր մարմնի համար ինչքա՞ն կարող է տեւական լինել,
Եթէ մինչեւ իսկ բիւր-բիւր տարիներ երկարաձգուի,
Երբ դու Աստուածդ զենումն յօժար կամքով յանձն առած,
Մահն համբերութեամբ տարար` բաշխուելով ի քաւութիւն մեզ:
Աղբյո՛ւրդ մաքրութեան, ոչ թէ մահապարտ լինելով ես դու զոհւում օրէցօր,
Այլ որպէսզի մեզ հաշտեցնես Հօրդ հետ` հաճեցնելով նրան,
Քո կամքով, հոգուդ գործակցութեամբ` մատուցւում ես միշտ:
Իսկ դու, բոլորի Աստուածդ անքնին, իմ պատկերով` ինձ`
Փրկութեանս համար, իմ անունից,
Որպէս թէ ես ինքս կցորդուելով` միացած լինէի
Նոյն մարմնով պարունակուած էութեանդ հետ,
Ո՜վ բարերար, ինձ համար եւ իմ կերպարանքով,
Փոխ առնելով իմ պարտքերը եւ անպարտելիդ մահ ընդունելով
Մահապարտիս պատիժն ու պատուհասը
Որպէս թէ կամաւոր կերպով քո փոխարէն ես կկրեմ, -
Բազմիցս մեռնելով` մնում ես դարձեալ կենդանի:
Ոչ թէ ուրացողների ձեռքով, այլ հաւատացողների հաւատքով է,
Որ նուիրւում ես դու աստուածօրէն ու բաշխւում անհատնում մասերով:
 

Դ

 
Ոմն աղօթաւոր, կուռքերի մի պաշտօնատար
Այս մասին մի մեծ եւ անկշռելի դատողութիւն էր անում,
Յոյս տալով իրեն անյարմարագիր խօսքով այսպիսի.
"Հաւատում եմ ես տիրանալ փառքի եւ երջանկութեան,
Երբ հասնի վախճանն անցաւոր մարմնիս":
Այդ նոյն խորհրդի միջոցով, քան թէ մարտիրոսութեամբ,
Եւ կամ ուղղելով ընթացքս թշուառ:
Բայց նկատեցի, որ նա անճառութիւնն այս խորհրդի դաւանում էր այնպէս,
Թէ մաքուրներն իսկ, առանց նուիրման այս յիշատակին,
Թէ գոնէ հոգով խառնուելով այդ մեծ հրաշակերտութեան հետ`
Չեն կարող իսկապէս բոլորովին կատարեալ դառնալ:
Եւ ապա ասում էր նա յուսալով վստահապէս`
"Մեղաւորիս համար դու կրկնապէս մատուցուեցիր եւ եղար իմ եսը ճշմարտապէս
Քո համեղութեան փոխարէն դառնութիւնն իմ առնելով,
Եւ քո իսկ մարմնով` լուսեղէն կեանքի նշխարովդ դու պատարագուեցիր":
Եւ սակայն, քանզի վերնատան մէջ, առաջին անգամ,
Բարեշնորհ հաղորդութեան խորհրդի ժամանակ,
Որպէս անհնար եւ անբուժելի մեղքերի դարման`
Նա բաշխեց մարմինն ու արիւնը իր որպէս քաւութիւն, -
Ուստի եւ, ահա, հաղորդութիւնն այս վեր էր դասում նա,
Քան թէ վկայուածի նահատակութիւնն արեամբ կատարուած:
Այս օրինակով համոզուած էր նա եւ հաւատացնում էր միանգամայն,
Թէ այս փրկանքով հնարաւոր է հասնել յարգանքի եւ փառքի տիրանալ,
Քան թէ քաւութեամբ եւ ողորմութեամբ կամ շնորհումով.
Զի աստուածային զօրութիւնը վեր է, քան թէ մարդկայինը,
Եւ աստուածախառն տիրական մարմնի կամաւորական նուիրումն է վեհ,
Քան անասնական սպանդի մատուցումը.
Անմահը, քան թէ մահկանացուն,
Լոյսը ահաւոր, քան թէ խաւարը,
Հաւիտենականը, քան թէ անցաւորը,
Բարձրեալը, քան թէ երկրաւորը,
Անստեղծը, քան թէ եղածը,
Իսկութեամբ բարին, քան թէ բնութեամբ վատը.
Մանաւանդ որ իր ձեռքն է կամենալն ու կենսագործելը,
Տալով օրհնութեան առիթ եւ ոչ թէ պատճառ` դառն անէծքների:
 

Ե

 
Աղաչում եմ, գթա՛ծ, տուր հոգով-սրտով խոցուածիս
Երկնուց ընծայուած կենաց դեղը քո:
Քաղցրութեամբ, Տէ՜ր, մօտեցիր դու ինձ` բազում մեղքերով ախտաւորուածիս.
Ջնջի՛ր պարտքերս, ամենակատա՜ր բաւականութիւն:
Եւ ճշմարիտ է ինձ համար, իրօք, իմաստն այս խօսքի,
Թէ` ստեղծիչդ ամենայնի՛ սրբերի մէջ ես բնակւում.
Ճիշտ է արդարեւ, թէ ինչ որ ցանես, նոյնը կհնձես,
Ինչպէս Պօղոսն է ասում յիրաւի`
Ցաւագին աչքերն արեւի տապին տոկալ չեն կարող:
Իսկ դու, բարերար, ստեղծիչդ ամենայնի` ոչնչութիւնից,
Գնահատում ես յաւէտ իսկապէս դաւանելը քեզ,
Որպէս կարող ուժ` կեանք տալու համար:
Օրէնքով դու չես սահմանափակուած, այլ վեր ես ամէն մի սահմանումից,
Եւ մանաւանդ թէ կարող ես խզել կանոնի ամէն տեսակ կապանքներ,
Մնալով միայն ի՜նքդ աւետեաց պայման ու խոստում
Յոյժ տարակուսեալ յանցաւորների համար համօրէն:
Եւ քեզ` Հօր ու սուրբ Հոգու հետ` փա՜ռք, իշխանութիւն յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ այսպէս ահա, ողորմում ես դու բոլոր քեզ վրայ յոյս դնողներին,
Ո՜վ սկզբնալոյս աչքի տեսողութիւն եւ սրտի գիտութեան Յիսուս,
Դո՛ւ ես բարերարում, դո՛ւ ես տալիս կեանք եւ անմահութիւն:
Դէպի ինձ դարձիր քո գթութեամբ, եւ պիտի պատրաստես իմ դարձը առ քեզ կրկնակի՛ բերկրութեամբ,
Զի առանց քո կամքի չեմ կարող լինել վերանորոգուած.
Եւ եթէ չկամենաս գթալ, չեմ կարող փրկուել մահապարտս ես.
Եւ կառավարիչդ եթէ չհարթես դէպի քեզ բերող ճանապարհը`
Աջից ու ձախից խորունկ վիհերն ինձ կորուստ կսպառնան:
 

Բ

 
Չեմ պարծենում ես` նախատեալս ամէն կողմից,
Չեմ պանծա պարսաւեալս,
Չեմ խրոխտում լքեալս,
Չեմ մեծաբանում պապանձեալս,
Չեմ ըմբոստանում ծաղրեալս,
Չեմ երջանկանում եղկելիս, եւ չեմ արդարանում ամբարիշտս,
Քանզի, ինչպէս առանց սանձակալի երիվարն ուղիղ ընթանալ չի կարող,
Ո՛չ էլ նաւն առանց ղեկավարի կշարժուի առաջ,
Ո՛չ արորն ուղիղ ակոս կբանա առանց մաճկալի,
Եւ ո՛չ զոյգ լծերն յարմար կընթանան առանց հօտաղի,
Ո՛չ ամպը առանց քամու կչուի,
Ո՛չ աստղերն անժամանակ կցնդեն ու կգումարուեն.
Եւ արեւն առանց տարրեղէն օդի իր շրջանը կբոլորի, -
Այդպէս նաեւ ես այդ բոլորի հետ չեմ կարող անել ոչինչ, ոչ մի բան
Առանց բարեգործիդ ակնարկութեան եւ հրամանի:
Զի դու ես միայն, որ կեանք ես տալիս բանականներին
Ու խնամք տանում արարածներին բոլոր-բովանդակ,
Եւ քո ձեռքումն է իմ փրկութիւնը, ըստ սաղմոսողի:
Դո՛ւ ես հնչեցնում ամէն հասակի մարդկանց ականջին
Քո աւետաբեր ձայնը խնդալից, -
"Իմ հանգստին եկէք, սաստիկ հոգնածներ, եւ ես ձեզ պիտի մաքրեմ մեղքերից":
 

Գ

 
Իսկ ինձ ի՞նչ օգուտ լուացումից, եթէ պիտի դարձեալ դառնամ զազրելի,
Եւ կամ ի՞նչ օգուտ ճաշակումից, եթէ գեհենի պիտի մատնուեմ.
Ի՞նչպէս պարծենամ ես Աբրահամով, երբ խորթացել եմ նրա գործերից,
Գարշելի որդիս ամովրացի հօր եւ մօր` քետացի կամ քանանացի,
Ըստ մարգարէի խօսքի` կարծես թէ ինձ համար ասուած.
Ժառանգս մերժելի` եթովպացի եւ ո՛չ
Սառայի արգանդի ծնունդ,
Ըստ այն առածի, որով տեսանողն ինձ է ակնարկում.
Ես եղբայրս Շամրինի կամ Գոմորի,
Անլուայ եւ անաղելի
Ծնունդս` Ոողի եւ Ոողիբայի խակակութ եւ տհաս պորտի,
Ըստ Եզեկիէլի կշտամբութեան:
 

Դ

 
Ինչպէս ոմն, որ հողմակոծ ծովի ծփանքների մէջ
Սաստկապէս ծեծկուած, լլկուած ուժգին ու խիստ տագնապով
Կտարուի` ընկած հեղեղագնաց հախուռն հոսանքում,
Որ ձեռքի մատներն այս կողմ ու այն կողմ տարուբերելով,
Զերթ գարնանազայր գետերի յուժկու հորձանքից քշուած,
Ակամայ վազքով եւ թաւալգլոր խղճալիօրէն,
Ու խառնախռիւ, պղտոր, գարշահոտ, տղմախառն, մամռոտ ջրեր կուլ տալով,
Շնչասպառ իսպառ կքշուի մահաբեր սաստիկ ցաւերով
Ու կխեղդուի ուղխերում սուզուած, -
Այդպէս եմ եւ ես` եղկելիս, ահա,
Խօսում են` ու չեմ իմանում,
Գոչում են` ու ոչինչ չեմ լսում,
Ձայն են տալիս` ու չեմ արթնանում,
Կանչում են` ու տեղիցս չեմ շարժւում,
Փող են հնչեցնում` եւ չեմ գումարւում,
Վիրաւորւում եմ` ու չեմ զգում,
Ու գարշատեսիլ կուռքերի նման թափուր եմ իսպառ բարի մտքերի ներգործութիւնից:
Բերուած օրինակն, արդարեւ, պատկերն է իմ իսկական,
Բայց աւելի քան ատելի, վատթար եւ մեղադրելի
Եւ Քրիստոսի կողմից արժանի դատապարտուելու:
 

Ե

 
Եւ քանզի անդարձ ճանապարհի համար իմ այս կտակը,
Որպէս յիշատակ աշխարհում գործած մեղքերի` թողի ընթերցողներին,
Որ իմ խօսքերով հանապազ աղօթք կարդան առ Աստուած, -
Թող որ այն մնա իբր ընդունելի խոստովանութեան
Ողբաձայն աղերս-աղաղակ ընդմիշտ, ո՛վ ամենակալ,
Եւ գիրն այս` մարմնիս, եւ խօսքը` հոգուս տեղ
Թախանձեն թող միշտ անսահմանելուդ,
Իբր անեղծական անմահ մաղթողից ընդունելով այս աղերսն իմ ձայնով,
Բարեգո՜ւթ, մարդասէր, օրհնեալ յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Հոգուս թեւերով շրջեցի մարդկանց անթիւ անհամար սերունդների մէջ
Եւ ինքս իմ մէջ կշռադատելով` չգտայ ոչ ոք ինձ չափ մեղաւոր.
Եւ դրա համար Դաւթեան սաղմոսի խօսքերով սաստիկ,
Որ նմանում է դառն կշտամբող գաւազանաւոր կառավարչի,
Պախարակում եմ ինքս ինձ ահա. -
"Ո՞վ կհաւասարուի ինձ չարութեան եւ անօրէնութեան մէջ":
Վկայում եմ եւ ես, կրկին անգամ հաստատելով,
Թէ այս խօսքերն իսկապէս ինձ են վերաբերում.
Ուստի գտնում եմ ես իրաւացի համարել միայն մեղաւոր ինքս ինձ,
Քան թէ իմ խօսքերով շատերի դատապարտել:
Այսպիսով, իմ դէմ մեղանչողներին ներելուս համար`
Գուցէ դու էլ ինձ շնորհես ներում:
 

Բ

 
Եւ արդ, այս անգամ հաճոյական ի՞նչ աղաչանքներ
Եւ ընդունելի խունկերի անուշ ծուխեր մատուցեմ,
Գովեա՜լ երկնաւոր թագաւոր Քրիստոս,
Եթէ ոչ խնդրել, որ օրհնես ինձնից անիծուածներին,
Արձակել կապուածներին եւ դատապարտուածներին ազատել,
Բարիք անել նզովուածներին եւ պսակել թշնամանուածներին,
Սփոփել տրտմածներին եւ դարմանել խորտակուածներին,
Խնամել խրտնածներին եւ պատսպարել նենգուածներին,
Եւ մարմնով վիրաւորուածներին բժշկել հոգով:
Եթէ օրհնութեամբ մօտեցայ մէկին` լսի՛ր,
Իսկ թէ անէծքով` մի՛ ընդունիր, գթա՜ծ:
 

Գ

 
Ես տառապեալս ամենաթշուառ, հետինս այս մատեանով աղօթողների մէջ`
Բովանդակ հոգով ներեցի իմ դէմ մեղանչողներին:
Դո՛ւ արգելեցիր իղձը դժնդակ չար անէծքների,
Եւ ես խղճալով իմ հանդէպ բոլոր նենգաւորներին`
Իմ ամբողջ սրտով ցանկացայ նրանց` յաշտութիւն գտնել բարիների հետ,
Եւ որոնց համար ծունր դնելով` պաղատեցի ես:
Յապա դու, որ ինձ այցի ես գալու,
Որքա՜ն աւելի պիտի ողորմես, ըստ քո մեծութեան,
Գովեա՜լ խնամակալ, կեանքդ մահկանացուիս,
Հզօրդ` տկարիս, ամենակարողդ` վարանեալիս,
Աղբիւրդ իմաստութեան` յիմարիս եւ թմրեալիս:
Քանզի սխալուելով սաստիկ, ինչպէս խաւարին անընտել սուզակ,
Անզգայապէս ես ինքս մահուան ծուղակը ընկայ,
Չհասկացա կորուստը, որոգայթն անգիտացայ,
Չտեսա որսացող ծածուկ մեքենաները,
Չկասկածեցի կեղծաւոր վարմի խաբեութեանը,
Չնկատեցի գայթակղութիւնը ինձ շրջապատած,
Չշոշափեցի պատանդիչ ցանցարկը կարթի,
Չարիքները վրայ հասան ինձ,
Եւ ես չկարողացայ ճանաչել նրանց, ըստ սաղմոսողի:
Եւ արդ, ինչպէս որ մի հեթանոս իմաստասէրի չիմացուած մահը չարիք համարել թուաց իսկ որ ճիշտ,
Ես էլ իմ խօսքով հաստատում եմ այդ.
 

Դ

 
Քանզի անզգայ անասունների պէս մեռնում ենք ու չենք զարհուրում,
Կորչում ենք` ու չենք սարսափում,
Թաղւում ենք` ու չենք խոնարհում,
Տարագրւում ենք` ու չենք տագնապում,
Եղծւում ենք` ու չենք զղջում,
Մաշւում ենք` ու չենք հասկանում,
Պակասում ենք` ու չենք վերալրւում,
Քայլում ենք` ու չենք զգուշանում,
Գերւում ենք` ու չենք զգում:
 

Ե

 
Իսկ Յոբ երանելին հանգիստ է անուանում վախճանը մարդու.
Նոյնը սուրբի հետ եւ ե՛ս կասէի,
Եթէ մահացու գործերի բեռը ես չունենայի վրաս ծանրացած:
Մանաւանդ որ որոգայթը գաղտնի է, եւ այն լարողն աներեւոյթ,
Եւ ժամանակի տարրը ոչնչից,
Անցեալը անյայտ, եւ ապառնին կասկածելի,
Ես անհամբեր, եւ բնութիւնս թերահաւատ,
Ոտքերս անհաստատ, եւ միտքս ցնդած,
Կրքերս բռնաւոր, եւ բարքս անժուժկալ,
Մարմինս մեղսամակարդ, եւ ցանկութիւններս երկրասէր,
Դիմադրութիւնը տնկակից է ինձ եւ խառնուածքս ներհակական,
Բնակարանս է կաւեղէն, եւ անձրեւներն ուժգնակի,
Կարիքներս անթուելի, եւ պատահարներն ամենագրաւ,
Միտքս չարախնամ, եւ տենչերս չարակամ,
Կեանքս է միօրյա, եւ զվարճութիւնները վաղանց,
Խաբկանքներն են հիմնական, եւ խաղալիքները տղայական,
Աշխատութիւններն ընդունայն, եւ վայելքներն երազական,
Ամբարները ոչնչութեամբ են լի, եւ պահեստները քամով,
Ստուերի եմ նման, եւ կերպարանքս է ծիծաղելի,
Զի, ըստ Պօղոսի, երբ պատուիրանը վրայ հասաւ,
Ինձ անպատրաստ գտնելով իրեն,
Կենդանացան մեղքերն արդարութեան երեւումով,
Եւ ես մահացա կեանքի համար ու կորստեան համար կենդանացա:
 

Զ

 
Օտարներն ու չարի գունդերը գողացան սրտիս ստացուածքները, -
Համաձայն Գրքի կանխաբանութեան,
Որով սկսեց պակասել իմ մէջ իմաստութիւնը, ըստ առակողի,
Եւ աւելանալ ո՛չ բարու ցանկութիւնը:
Հոգուս աչքը չյառեցի կեանքիս գլուխը եղող Քրիստոսին,
Որպէսզի ուղիղ ճամփով գնայի:
Կամենալով ուժգին վազել` սուզուեցի սաստկապէս,
Անչափելիին ձգտելով` չկարողացայ հասնել իմ չափին,
Փորձելով բարձրանալ մեծագոյնին` գլորուեցի ցած,
Երկնային ուղուց` անդունդ գահավիժեցի,
Զգուշանալով առաւելապէս` խիստ վնասուեցի,
Ուզելով մնալ ամբողջական` մանրապէս մասնատուեցի,
Ձախի դէմ մրցել կարծելով` աջից գայթեցի,
Երկրորդը փնտրելով` առաջինը կորցրի,
Աննշանի հետեւից գնալով` կարեւորից զրկուեցի,
Ուխտը պահել ուզելով` դաշինքը դրժեցի,
Սովորութիւններիցս կտրուելով` կորուսիչները գտա,
Փոքրերից փախչելով` մեծամեծների մատնուեցի,
Ինչ որ ես ինքս էի ստեղծել` դաժան դատախազ կարգեցի իմ դէմ:
Սրանց բոլորին մատնուած գերուս` դու ինքդ միայն կարող ես փրկել,
Մահուան ընծայուած հոգիս վերստին կեանքին դարձնելով.
Զի դու միայն, Տէր Յիսուս, ճանաչւում ես բարերար,
Անսահման փառքով Հօր եւ սուրբ Հոգու հետ
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Իսկ իմ` մահառիթ մեղքերի դժոխարմատ ծառիս դառն պտուղները,
Որոնք ընտանի թշնամիներ են, հակառակորդ հարազատներ եւ որդիներ դաւաճան
Ստորեւ պիտ նշեմ մանրամասն ու ցոյց տամ իրենց իսկ անունով,
Որոնք են ահա. -
Սիրտ նանրախորհուրդ, բերան չարախօս,
Աչք հայրատատես, վրիպալուր ականջ, ձեռքեր մահաձիգ,
Երիկամունք անփորձ, մոլորաշաւիղ ոտքեր,
Ընթացք աներկիւղ, խոտորնակի հետք, ծխախառն շունչ,
Գնացք խաւարային, լեարդ քարահանգոյն,
Դատարկ խորհուրդ, անկայուն կամք, անփոփոխ չարիք,
Բարեմասնութիւն սասանեալ, հոգի տարագիր, վաճառուած աւանդ:
Վիրաւոր գազան, նետահար թռչուն,
Փախստական քարավեժ, բռնուած յանցապարտ, ծովակուր աւազակ:
Նենգաւոր զինուոր, անպատրաստ մարտիկ, անժոյժ սպառազէն,
Անաշխոյժ մշակ, անխրախոյս աղօթաւոր, ստորաքարշ բեմական,
Քահանայ անկնդրուկ, Օրէնուսոյց աննուէր:
Դպիր կշտամբուած` խելագար իմաստակ, անճոռնի ճարտասան:
Կերպարանք անպատկառ, անամօթ դէմք եւ լպիրշ երես,
Գոյն անհրապոյր, տմարդի տիպ, ծանակուած գեղեցկութիւն,
Խանգարուած խորտիկ, գարշելի ճաշակ,
Դաղձախեղդ այգի, որդնահար որթ, փշաբեր պարտէզ,
Հասկ ուտիճակեր եւ մեղր` դարձած մկների ճարակ,
Անպաշտպան անկեալ, սնապարծ յուսահատ անհամոզ նզովեալ,
Անհաշտ բաժանուած, ունայնաբան շաղակրատ, անասնամիտ գոռոզ,
Անասնօրէն ապիրատ, դժոխային ագահ, հանդուգն ապերասան,
Մոլեգնութիւն անաստուած, ձեռնձգութիւն սպանիչ,
Տատասկացան երկրագործ, երջանկութիւն եղկելի,
Վատթարացած մեծութիւն, անշքացած վայելչութիւն,
Տկարացած կարողութիւն, խոնարհուած բարձրութիւն,
Ոտնակոխ փառաւորութիւն, պատուիրազանցութիւն մշտական եւ ինքնակամ սխալանք,
Մատակարար խարդախ, նենգաւոր խորհրդակից,
Բարեկամ գժտուած, հազարապետ գողամիտ,
Մերձաւոր կծծի, բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ,
Ոգի անկարեկիր, ըղձանքներ անսէր,
Մարդատեաց բարք եւ անգութ աղիք,
Ընթացք անխոհեմ, աներեւոյթ ախտեր,
Անիծեալ գաղտնիքներ, նախատելի դիպուածներ:
Վաճառական վատնող, շուայտ շահարար, արբեցող պաշտօնեայ,
Խարդախ գանձապահ, բանսարկու պատգամաւոր, դռնապան քնկոտ:
Աղքատ հպարտ եւ զլացող մեծատուն:
Դիւանապետ անօրէն, պահապան մատնիչ, բնակակից չարախօս,
Սուրհանդակ անժաման, մեղապարտ թղթաբեր,
Խռովարար առաքեալ եւ միջնորդ անմիտ:
Արքա արտալած, թագաւոր թարմատար, կայսր հոգեկործան,
Իշխան տիրադաւ, զրկող զօրավար,
Աչառու դատաւոր, ինքնագլուխ ռամիկ:
Նախատողի ծաղր, սիրելիի լաց,
Բանագրի պարսաւ, յանդիմանողի դատախազութիւն:
Քանզի վեհագոյն այդ կոչումները ես էի կրում երբեմն իրօք,
Իսկ յետոյ վատթար որակումներին այդ արժանացա:
Սրանք են ահա եւ այլ բազմաթիւ խարդախութիւններն այն վնասակար,
Որոնց մի քանիսից խաբուեցի ես որպէս յիմար,
Եւ ոմանց կողմից տկարաբար տիրուեցի,
Ինքս ինձ կամովին մատնելով մահուան:
 

Բ

 
Արդ, քեզ ատելի եւ ինձ դէպի կորուստ տանող
Վերոյիշեալներից որո՞նք ընծայեմ քեզ ի սպաս պաշտամունքի.
Ապականութեամբ պաշարուածիս որպիսի՞ք ներկայացնեմ քո ամենասուրբ մեծութեանը.
Եւ կամ դու ո՞րքան երկայնամտութեամբ պիտի համբերես այսքան մեղքերիս.
Ո՞րքան ներես, ինչպէ՞ս պիտի լռես,
Եւ մանաւանդ ինչպէ՞ս պիտի հանդուրժես.
Մահու սատակման արժանուս ինչպէ՞ս չենթարկես գանակոծութեան:
Բայց անճառագայթ մթութեամբ խաւարամած հոգիներին
Քո ողորմութեան լոյսո՜վ հանդիպի՜ր դու,
Բժշկելու, քաւելու եւ կենագործելու համար նրանց.
Ո՜վ զօրեղութիւն անվթարելի, քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԾԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Քրիստոս Աստուած, անուն ահաւոր,
Մեծութեան տեսակ, տիպար անքնին, բարձրութեան պատկեր,
Անսահման զօրութիւն, կերպարան փրկարար լոյսի,
Պաշտպան դու կեանքի, դո՛ւռ արքայութեան վերին հանգստի,
Խաղաղութեան ճանապարհ,
Ապաւինութիւն նորոգ եւ անտխուր երանութիւն,
Ամենակալ ինքնիշխանութիւն բոլոր էութեանց,
Օրհնութեան կոչումն, աւետաբեր ձայն, բերկրութեան բարբառ,
Անմահութեան դեղ,
Որդի՛դ դու անճառ միակ Աստծոյ,
Ինչ որ անհնարին է ինձ` դիւրին է քեզ համար.
Ինչ որ անհասանելի է ինձ` քեզ համար սահմանուած է.
Ինչ որ անանց է ինձ` մօտիկ է քեզ համար.
Ինչ որ ծածկուած է եղկելոյս` մերձաւոր է քո երանութեանը.
Ինչ որ անկարելի է ինձ` քեզ համար կատարուած.
Ինչ որ ինձ համար անկշռելի է` քո անճառութեան համար չափուած է.
Ինչ որ յուսահատեցնում է ինձ` քեզ սփոփանք է բերում.
Ինչ որ անբժշկելի է ինձ` անվտանգ է քեզ համար.
Ինչ որ հեծութիւն է պատճառում ինձ` քեզ համար խնդառիթ է.
Ինչ որ ծանր է ինձ` թեթեւագոյն է քեզ համար.
Ինչ որ ստեղծուած է ինձ համար, զօրեղութեանդ գրուած է.
Ինչ որ ինձ համար կորած է, քո ձեռքումն է այն,
Ինչ որ անթուելի է ինձ` քեզ համար համարուած է.
Ինչ որ ինձ համար մռայլ է, քեզ համար ճառագայթ է.
Ինչ որ ինձ համար անհաշուելի է, բովանդակուած է օրհնեալ ձեռքերիդ մէջ.
Ինչ որ սոսկալի է ինձ` հեշտալի է քեզ համար.
Ինչ որ փախչելի է ինձ` քեզ համար վանելի է.
Ինչ որ անմատոյց է ինձ` դիւրամատչելի է քեզ համար.
Ինչ որ մահաբեր է ինձ` քո աստուածային զօրութեան համար անգոյութիւն է:
 

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
280 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467949
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,9, 37 oylamaya göre