Kitabı oku: «Մատեան Ողբերգութեան», sayfa 10

Yazı tipi:

ԲԱՆ ԽԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, ամաչելով մեծիդ ահաւորութիւնից, ի՞նչ կարող եմ ասել,
Եթէ ոչ համրանալ եւ բերանս հողին` լռել սրտիս մէջ,
Աչքերս յառած բարի յոյսին, ըստ մարգարէական խօսքի.
Իսկ եթէ բանամ փականքը` շարժուող իմ շրթունքների
Եւ կամենամ բռնադատել նրանց, որ խօսեն,
Խղճմտանքիս ձայնը դարձեալ կթելադրէ ինձ
Հիւսել լալագին ու կրկնակական եղերերգութիւն:
 

Բ

 
Ուստի ողբակից մեծ մեղաւորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացաւ,
Նրա գոչն իր հետ կրկնում եմ եւ ե՛ս:
"Մեղա՜յ, Տէր, մեղա՜յ, անօրէնութիւններիս մասին ես ինքս եմ վկայում":
Դրա հետ մէկտեղ հիւսելով նաեւ յիսուներորդ սաղմոսի խօսքերը,
Մեղաւոր հոգուս պարտքերի հաշիւը ես համարում եմ անթուելի,
Աւելի քան հողմից քշուած հիւլեները փոշու` օդում համատարած:
Մեղա՜յ երկնքի եւ քո առջեւ.
Անառակ որդու հետ ամօթապարտ եւ ես
Հայրենի գութիդ վերադառնալով` թախանձում եմ քեզ:
Եւ տխրադէմ, ահա, քեզ մօտենալով,
Ձայնը ողորմելի աղերսանքներիս, արտոսրածին ողբերի գոչիւնով`
Քո առջեւն եմ տարածում, Հա՜յր գթութեանց,
Աստուա՜ծ բոլորի:
Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչուելու,
Այլեւ անուանուելու անպիտան եւ անօգուտ վարձկան:
Ընդունիր սովեալ տարագրականիս եւ յանցապարտիս,
Եւ նեղուածիս ու նուաղածիս տանջող ցաւը քաղցի`
Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
Ընդառաջի՛ր ինձ քո ողորմութեամբ, քանզի ես նախ քեզ եմ ապաւինել.
Հագցրո՛ւ, գթա՜ծ եւ անոխակալ, անօրինեալ մեղապարտիս
Զգեստն այն, որից ես դեռ նախապէս կողոպտուած էի.
Մեղքերով աղտեղուած աւանդակորոյս ձեռքիս
Մատուցիր կամքով քո ամէնառատ` մատանին կնքով համարձակութեան.
Ոտքերիս գարշապարների մերկութիւնը թշուառ
Աւետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով`
Ապահովի՛ր դու օձի թոյնի դէմ:
Զվարակդ պարարեալ, երկնային, որ քո Միածին Որդին է օրհնեալ
Ճշմարիտ մարդասիրութեամբ` իմ բարեկարօտ հոգուն նուիրիր:
Մատուցւում է նա միշտ ու չի սպառւում երբէք.
Մորթուելով անթիւ սեղանների վրայ` անսպառ է նա միշտ,
Մնալով ամբողջ` բոլորի մէջ եւ բովանդակ` իւրաքանչիւր մասում,
Իր էութեամբ երկնքում է նա եւ իսկութեամբ` երկրում,
Աննուազ մարդկութեամբ եւ անթերի աստուածութեամբ,
Որ փշրուելով բաշխւում է միշտ անհատնում մասերով,
Որպէսզի բոլորին հաւաքի մի մարմնի մէջ` ինքը լինելով գլուխ:
Քեզ փա՜ռք ընդնմին, Հա՜յր ողորմութեան, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԽԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Բարձրեա՜լ, հզօր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
Ա՜չք աննիրհելի եւ ամենատես, ծնող անքնին փառքով միածնիդ.
Երկնաւորների եւ երկրաւորների առջեւ ճշմարտի՛ր քո ողորմութիւնն իմ նկատմամբ.
Տօնի՛ր վերապրումը կորուսեալիս` վերնականների պարերգութեամբ.
Օրհնաբեր խօսքովդ աւետարանի՛ր կենդանութիւնը մահացեալիս.
Յայտնի՛ր քո կամքի բարեբաստութիւնը, գովեա՜լդ բոլոր արարածներից.
Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշուառիս` նորոգ փրկութիւն.
Կորցրո՛ւ մեղաւորիս ամբաստանութեան մուրհակի գիրը.
Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի որդուդ արեան կայլակով.
Վստահութիւնը բարի փրկութեան`
Քրիստոսի արեամբ նկարի՛ր իմ մէջ.
Բարեգթութեանդ հրաշքները ցոյց տուր հարսանեաց ճաշկերոյթում քո հարազատին:
Մի՛ փակիր քեզ դիմողիս դէմ սրահի առագաստը քո կենաց տան.
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից եւ քո բարիքներից մի՛ զրկիր.
Մի՛ պահիր գանձարանիդ մէջ մեղքերն իմ նիւթած անօրէնութեան.
Մի՛ կնքիր բարեմասնութիւններիդ քսակում գարշութիւնն իմ զազրութիւնների.
Մի՛ ծածկիր երկար` վէրքերն իմ մեղքերի` ախտալից մարմնիս մէջ.
Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխուածքն ու փտութիւնն իմ ցաւերի,
Այլ քո ողորմած խօսքով վերացրո՛ւ ժանտութիւնն ապականիչ,
Որպէսզի ազատ հիւծող ախտերից` առողջութեա՜նը պատրաստուեմ.
Խորապէս խոցուածիս համար ճարի՜ր զօրաւոր սպեղանի, ո՜վ գթութեանց հայր.
Տո՛ւր բարի այցելութիւն կարեվեր կործանուածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսէր Տէր:
Եթէ մինչեւ իսկ բիւր հեղ մեղանչեմ, դարձեալ մեղաւոր չեմ համարուի,
Ապաւինելով քո կենսապարգեւ շնորհին, ո՜վ բարերար իմ եւ կեանքի տուիչ.
Զի քեզ ճանաչելը կատարեալ արդարութիւն է,
Եւ զօրութիւնդ գիտենալը` անմահութեան արմատ.
Ինչպէս որ առաջուց իմաստունն է գրել.
Եւ դարձեալ այսպէս է ասում նա. -
"Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց".
Եւ նմանապէս` "Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս":
 

Բ

 
Յուսատու աղերսն այս` Սողոմոնի` օրինակ եմ ես առնում ինձ համար,
Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշաւիղ` չեղաւ բազմամեղ.
Երբեմն որդի` յետոյ ատելի.
Երբեմն միջնորդ խաղաղութեան
Աստծոյ ժողովրդին,
Եւ յետոյ խտրոց պառակտիչ` բազում խռովութիւնների.
Երբեմն կեանքի օրէնքը եղած եւ ապա փոխուած մահուան մուրհակի.
Երկնաւորի պաշտումն ընդոտնած, եւ օտարի անունը ճանաչած:
Անտեղի ցրող, անկարօտ զրկող, անսովելի գող,
Շոյուած տրտնջող, փափկացած փախստական, խրտնած սեղանանենգ,
Պապանձեալ վնասապարտ, քաղցրասնոյց հայհոյիչ, հայրատեաց զաւակ,
Կտակարանների մատնիչ, Մովսէսի դէմ չարախօս,
Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագէտ յանցաւոր,
Ամօթապարտ զղջացած, տարակուսեալ աշխատող, աղօթաւոր կռապաշտ,
Դարձի գալու մէջ դանդաղկոտ եւ ընդունուելու` երկմիտ,
Կասկածաւոր հաշտութիւն, ապառնի յուշարար, երկբայելի փրկութիւն,
Անհաւատալի գիւտ, մեծութեան մնացորդ,
Խարդաւանուած գերի, կիսակտուր պրծած, կամաւոր անձնամատնիչ,
Տմարդի յղփացած, բազմավրէպ հանճարեղ:
Նա ինքն իր մասին ասածների մէջ դրել է երկու տարբեր զգացում` իրար հակադիր
Ինքնակամօրէն կորստեան համար.
Արգահատանքի եւ երգիծախառն լացի խօսքերով`
Ամէն տեսակի բարելաւութեան թելադիր է նա,
Այն ինչ իր կեանքի խոտորումներով
Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ:
 

Գ

 
Զարմանում եմ ես եւ յուսահատւում տարակուսեալ ապշութեամբ,
Զի եթէ նա այնքան գայթեց, յապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
Ինչպէ՞ս ընկաւ բարձրացածը,
Ինչպէ՞ս սասանուեց հաստատուածը,
Ինչպէ՞ս կործանուեց կառուցուածը,
Ինչպէ՞ս օտարացաւ ճանաչուածը,
Ինչպէ՞ս կատաղեց զաւակն ընտրեալ,
Ինչպէ՞ս հեռացաւ մերձաւորը,
Ինչպէ՞ս աղօտացաւ փայլողը,
Ինչպէ՞ս պատանդուեց ազատուածը,
Ինչպէ՞ս անօրինացաւ ուսուցիչը,
Ինչպէ՞ս անշքացաւ հռչակուածը,
Ինչպէ՞ս անարգուեց փառաւորուածը,
Ինչպէ՞ս փոքրացաւ մեծատունը,
Ինչպէ՞ս ամբարշտացաւ բարեպաշտը,
Ինչպէ՞ս գոռոզացաւ ընտրեալը,
Ինչպէ՞ս ունայնացաւ պատարունը,
Ինչպէ՞ս խզեց նա իր ուխտը բարձրեալի հետ:
Ամաչում եմ ասել, թէ նաեւ սանդարմետականի հետ կապուեց:
Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ եւ ուսկի՞ց նրա սէրը պատկերներին.
Ինչո՞ւ կամակցեց խտրականութեանը,
Ինչպէ՞ս չյիշեց Սամուելի յանդիմանութիւնը Սաւուղին,
Թէ` "Հմայութիւնները մեղք են, եւ մարդակերպ կուռքը պատճառում է ցաւ ու նեղութիւն":
Ինչպէ՞ս չյիշեց նա յանդիմանութիւնը հայրենի,
Թէ` "Հեթանոսների կուռքերն անշունչ դեւեր են,
Եւ նրանց նման են լինելու պաշտողները նրանց":
Մովսէսն ինքն է առաջինը ծաղրում եւ ամբաստանում սաստիկ, ասելով -
"Տէրն էր միայն առաջնորդում նրան,
Չկային նրանց հետ օտար աստուածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը":
 

Դ

 
Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի,
Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ եւ ամենանզովեալ իգական ձուլածոն,
Ո՞ւր անգրելի խայտառակութիւնը զազրակերպարան կանացի սեռի,
Որին անխտիր եւ անասնօրէն անձնատուր բոլոր մարգարէները պիղծ պաշտամունքի`
Նուիրւում էին մոլի անաստուածութեամբ յանուն չարութեան անժուժկալ դեւի:
Կինը, որ նախահօրն ի կորուստ որսաց,
Տարաւ ե՛ւ նրա բարեբաստութեան ստացուածքը ողջ.
Մեծութիւնն յաղթեց մտքի առաւելութեանը,
Գոռոզութիւնը գերեց նրան, եւ փափկութիւնն յիմարացրեց,
Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
Կործանարարի հինաւուրց զէնքը խոցեց խորապէս մարդուն տօնելի,
Աստծոյ գրկից հանելով նրան` ստամբակի ոտքերի տակ գլորեց.
Մեղկութիւնը մեռցրեց նրան, ծուլութիւնը թմրեցրեց,
Շվայտութիւնը հարբեցրեց նրան:
Ո՜վ դիւրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով աւաղեմ ես քեզ.
Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
Այլեւ կամովին սխալուողներին եւ մոլորուողներին բոլոր:
Ուստի եւ ահա պէտք է իմանաք այս օրինակով,
Թէ անօգուտ է պարծենալ մարմնական իմաստութեամբ,
Եթէ Աստծոյ դատելով ընտիր չհամարուի ոք:
Այնպէս որ, եթէ մէկը մինչեւ իսկ յիմար էլ լինի, բայց յոյս դնի ստեղծողի վրայ`
Նա զերծ կմնայ այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղաւ ենթակայ:
 

Ե

 
Բայց Սողոմոնն ունի ինքնապարսաւ կշտամբանքով լի
Եւ սաստիկ քստմնելի` դարձի մի յիշատակարան,
Իբրեւ մէկը, որ մեռցրել է իր մէջ անձնասիրութեան աշխարհը համայն,
Որն, եթէ ուզենք ճիշտը նկատել,
"ունայնութիւններով" է իմանալի.
Այլեւ մատեանով քահանաների եւ սիլոնացի Աքիայի Գրքով,
Որի մէջ նա իր անցած ողջ կեանքի դառնութիւններն է երգում արցունքով. -
Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետեւանք, անշահ արշաւանք,
Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
Աւազափուլ շինուածքներ, ապականացու ստացուածքներ,
Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիւ, իր ոգու դէմ դատ,
Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,
Կորստեան շաւիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանարար կրթութիւն, մոլորոպատիր վարժութիւն,
Մշտասխալ տեսողութիւն, ակնահայրատ պչրանք,
Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նիւթ,
Դժնատեսիլ գոյն, հոգնատխուր գեղ,
Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,
Աւարի վաճառք, քանդելի տաղաւար,
Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
Անաստուած մտածմունք, ստայօդ ճառ,
Զայրացուցիչ զրոյցներ, եպերելի խծբծանք,
Խելագար խոյզեր, ամօթանքի ցոյցեր, խայտառակ յայտնութիւններ,
Ապառնի անառակութիւններ, ապաշաւելի արարքներ,
Ըմբոստների պատմութիւն, ծոյլերի օրինակ, խորխորատ ծածուկ,
Որս խաւարային, մահագուշակ վիհ, անյատակ անդունդ,
Ուղեկցութիւն սպանողներին, յիմարական բարբաջանք,
Դարանակալների վայր, խարխուլ յարկ,
Սասանած շինուածք, խախտուած կամուրջ,
Խուսափուկ երեւոյթ, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
Հակառակութիւն ընդդէմ բարձրեալի: -
Խոստովանական խօսքերի բոլոր մասերն այս որպէս կանոնադրութիւն
Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր,
Զղջումով դարձի եկողների սրտում,
Որպէսզի մարդկանցից ոչ ոք չպարծենայ` բամբասանքների նետերով զինուած`
Իր անձը եւ իր ընկերոջը խոցոտելով.
Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկուած կեղեւի տակ
Եւ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:
 

Զ

 
Եւ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
Թող չպախարակուի իսպառ, այլ այդպիսին ի բարին յիշուի,
Իբրեւ հիմք յուսադրութեան բոլոր նրանց, ովքեր տէրունական ոտքին դիմեցին,
Երբ աստուածութեամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջաւ իր հոգով`
Կենսագործելու այնտեղ խոստովանողներին,
Որով մեռեալները կենդանիներիս բերին աւետիս անտարակոյս:
Եւ ես յանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստութեանը,
Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
Աղոթում եմ արդ նրա հետ ահա եւ բարեբանուած մեծիդ պաղատում:
Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղութեամբ,
Թախանձանքներս թող որ խառնուեն այն յոյժ աշխատող արքայի աղերս-աղաչանքներին
Եւ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
Խնդրանքներն այս իմ մի՛ թողնի անտես,
Ինչպէս խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տուիր միածնիդ:
Եւ մենք արենակցին նրա` փառակցիդ ճաշակեցինք:
Տո՛ւր փրկութիւն քո ծառային, ամենահնար, զօրեղ, ահաւոր,
Եւ աւելացրու փառքն ստեղծողիդ`
Ջնջելով նրա մեղքերն անքաւելի:
Յիշելով բարի խորհուրդները նրա, ողորմեալների հետ նորոգիր նրան,
Որ ամենահամեղ, ախորժաճաշակ եւ բազմապաճոյճ առակագրութեամբ
Աստուածութիւնդ քարոզեց եկեղեցուն ընծայուած լուսազարդ իր մատեանում,
Ցոյց տալով բարի ճամփան բոլորին,
Դէպի քեզ գալու խոստովանութեամբ,
Հա՜յր ամենեցուն:
Նրա այս խօսքերն ապացուցում են, թէ հեռու չէր նա ողորմութիւնից,
Եթէ եռանդուն նրա սրտի մէջ յուսահատութիւն կաթած չլիներ,
Որ եւ զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:
 

Է

 
Արդ, ի յուշ բերելով բարեմասնութիւններդ անճառելի,
Ողջունի՜ր գթութեամբ եւ քո երանութեանն արժանացրու դարձեալ
Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգութեամբ խոշտանգուածին,
Որ առատահոս արտասուքների վտակներով
Իր խրախճանքների ապարանքի յատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշաւութեամբ
Եւ ողորմելի հոգու հեծութեամբ հօր հուզումներին գերազանցեց:
Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողութեամբ
Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, միածնիդ արցունքներին,
Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մէջ:
Անվաւեր կերպով նրանը կարծուած սաղմոսի բարեբանութիւնը ի փառս էակից որդուդ վճռելով,
Նրանով նրա՛ն եւս փրկիր քաղցրութեամբ աղքատների հետ,
Պուետիկոս մի բարեշնորհ,
Լիովին վարձք էր համարում իրեն
Սողոմոնի հետ միաբան ձայնակցութեամբ`
Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
Որը եւ լրիւ` յաւելուածաբար յիշատակուած է յաջորդ տողերով:
Քանզի նրա յօրինած օստացու բազմահրաշ, մարգարէաճառ պատմագրութիւնը,
Որ աստուածութեանն է արդարացնում,
Հաստատում է, թէ Սողոմոնն արժանացաւ ողորմութեան:
Ապա ուրեմն նրա համար աղօթելն աւելի անպարսաւելի է, քան չարախօսելը:
 

Ը

 
Ուստի եւ ես եմ աղօթում ահա մեծ վստահութեամբ,
Նրա հետ մէկտեղ գոչիւնս ողբի քեզ ընծայելով.
Զի եթէ ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ`
Չի պակասի քո փառքը, քանի որ իրաւունք ունես դու,
Իսկ եթէ գտնես մեզ` կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծութեանը:
Զի դու յաւիտեան օրհնաբանելի ես
Ողորմածութեամբ, քան թէ սաստկութեամբ նախահրաման:
Դարձի՛ր, Տէ՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթութեան քաղցրութեամբ
Եւ սիրոյդ ձրի եւ ամէնառատ պարգեւներով սփոփիր մեզ,
Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորուած` տրտում-տխուր ենք յաւէտ:
Փրկարար ձեռքդ դնելով կրկին` նորոգի՛ր դու մեզ,
Քաւելով եւ պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
Եւ քեզ` սկզբիդ միակ եւ անսկզբիդ,
Եւ սկիզբների սկզբնաւորողիդ`
Սուրբ Երրորդութեանդ եւ մի աստուածութեանդ
Փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ԽԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, անօրէնութիւնները թող չտիրապետեն
Քո երկնային թագաւորութեան կայսերական իմ պատկերին,
Դու լո՜յս բոլորի, Աստուա՛ծ:
Թող որ չկապտի գոռոզն ապստամբ` շնորհիդ զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել:
Չթագաւորի մահացու մարմնիս` մեղքը խափանուած գրաւելով ինձ:
Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագաւոր,
Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.
Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խօսքովդ ամենակարող.
Որ քո արեամբ ստացար ինձ եւ քո մարմնով կերակրեցիր.
Որ սահմանեցիր կեանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.
Որ կնքելով ինձ քո հոգով` կցորդեցիր ինձ քեզ եւ տուիր Հօրդ ժառանգաւորապէս.
Որ յիշատակով չարչարանքներիդ` զոհիդ անունով
Համարձակութիւն տուիր աղօթել նոյն բարերարին,
Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կեանք:
Դու ես բոլոր հոգիների Աստուած.
Քո շնորհների պարգեւատրումն այս դու համարեցիր շատ աւելի մեծ, քան հրաշալի գործերդ բոլոր:
Ո՛չ երկինքն իր զարդերով համակ եւ պայծառագեղ հրեշտակներով,
Ո՛չ երկիրն ու մարդկութիւնը եւ զարմանասքանչ գործերը նրանց,
Ո՛չ լայնատարած ծովն իր մէջ եղող արարածներով,
Ո՛չ անդունդները իրենց ողջ անբաւ գոյաւորներով, -
Ո՛չ այնքան այս վեհ արարչութեամբ էր, որ բարձրացար դու,
Որքան դէպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,
Երբ մարգարէի բերնով ասացիր, ո՛վ քաղցր յոյսի բարեշնորհ Տէր. -
"Ո՞վ կայ ինձ պէս Աստուած, որ կարող է միշտ ներել մեղքերը եւ ջնջել անօրէնութիւնները":
Եւ ահա խնկուած են խօսքերդ, ողորմա՜ծ, եւ խոստովանուած են բարերարութիւններդ,
Փառաւորուած են խորհուրդներդ խորին եւ երկրպագուած` շնորհներիդ առատութիւնը:
 

Բ

 
Արդարեւ, ո՛չ ոք արարածներիդ նիւթեղէն լեզուով կարող է մեկնել
Գթութիւններիդ մի մասնիկն անգամ, որ ցոյց տուիր ինձ, յօրինո՜ղ.
Զի ճշմարտապէս մեծ է աւելի այն զօրութիւնը,
Որ հնացածը նորոգում է դարձեալ իր առաջին պայծառութեամբ,
Քան թէ այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում:
Զի չունես երբէք անկարողութիւն, զօրաւորդ դու ամէն ինչի մէջ,
Եւ քո մէկ խօսքը բաւական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,
Ելի՛ր ուրեմն, փառաւորուելու, բարեգործ,
Կրկին ստեղծելով ինձ, որ յոյսս կտրել եմ փրկութիւնից,
Որ այս ճշմարիտ եւ հաստատական ուխտի համաձայն`
Մեծապէս բարձրանայ ձայնդ օրհնաբան եւ աւետաբեր,
Առաւել` յայտնի քաւութեանդ շնորհով եւ ողորմութեանդ լոյսով առինքնող,
Քան թէ գործերով ստեղծողական:
Զի մէկով որպէս արարիչ ես դու ճանաչւում միայն,
Իսկ միւսով` ոչ թէ միայն արարիչ, այլեւ երախտաւոր.
Ոչ միայն ստեղծող, այլ նաեւ քաւիչ,
Ոչ միայն նորոգող, այլեւ բարերար,
Ոչ միայն հաստող, այլեւ ողորմած,
Ոչ միայն կամեցող, այլեւ հնարաւոր,
Ոչ միայն յօրինող, այլեւ հեզ, համեստ,
Ոչ միայն նկարող, այլեւ ամենազօր,
Ոչ միայն առաջնորդ, այլեւ լոյս,
Ոչ միայն խնամող, այլ նաեւ հովիւ,
Ոչ միայն դարմանող, այլեւ հոգածու,
Ոչ միայն ողջացնող, այլ նաեւ բժիշկ,
Ոչ միայն պաշտպան, այլեւ զօրավար,
Ոչ միայն անյաղթ, այլեւ թագաւոր,
Ոչ միայն արարիչ, այլ նաեւ քաղցր,
Ոչ միայն պարգեւատու, այլեւ առատաձեռն,
Ոչ միայն համբերող, այլ նաեւ ներող,
Ոչ միայն չբարկացող, այլեւ անոխակալ,
Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլեւ ծածկագէտ,
Ոչ միայն գթոտ եւ հոգատար, այլեւ ապաւէն,
Ոչ միայն գերազանցապէս գորովող, այլ նաեւ Աստուած,
Եւ քո անսպառ բարութեամբ` օրհնուած ըստ ամենայնի:
 

Գ

 
Արդ, ինչպէս որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, եւ գոյացնողս հանդիսացար,
Այժմ էլ վերստին յարդարիր ահա հոգին մաղթողիս` նրա տաղաւարն եղող մարմնիս հետ,
Մաքրութեամբ նախկին եւ ամենասուրբ անարատութեամբ, ինչպէս որ դեռ նոր աշխարհ էր եկել,
Որ է՜լ աւելի աճեն, զարգանան եւ բազմապատկուեն
Նորոգ ներկայիս` անսահմանելի քո սքանչելեաց շնորհներն առատ,
Քան ստուերական հներն անցեալի:
Եւ երբ պատմելով թուեմ ես մէկ-մէկ մեղքերս բոլոր,
Յիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թեւերը զօրեն,
Անունովդ, հզօ՜ր, թո՛ղ արդարանամ:
Եւ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,
Ների՜ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզօ՛ր ծածկատես, ամենափրկիչ,
Որ չլինի թէ աւետումների ամենալրիւ առատութեան մէջ,
Նախկին վիճակին կարօտեմ դարձեալ`
Երանի տալով մկրտութեան շնորհներով փրկուածներին, ըստ սաղմոսի,
Եւ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդէն սաստիկ խոցոտուած,
Այժմ էլ վերստին քո ձեռքը մխուի մէջս առաւել մեծ ուժգնութեամբ,
Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգեւների քաղցրութիւնը քո:
Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ,
Տէ՜ր ամենայնի,
Եւ փրկիր մահուան ու մեղքերի խիստ օրէնքներից քո սուրբ հոգով օրհնաբանուած:
Քա՜վ լիցի, թէ տկարանայ նուազելով ճշմարտութեանդ լոյսն, ինչպէս
Գիրքն է ասում.
Զի այնտեղից, ուր քաւութիւնն է թագաւորում` վտարուած է մեղքը,
Եւ ուր կենդանի խօսքդ է խրախուսում` չկայ յուսահատութիւն,
Եւ երբ շնորհներդ աւելանան, յանցանքները կհալածուեն,
Երբ մօտ է ձեռքդ աստուածային` չկայ անհնարութիւն,
Այլ կայ համօրէն լուսաւորութիւն, բովանդակապէս զօրութիւն եւ անպարտելի կարողութիւն:
Քոնն են` փրկութիւն, կենդանութիւն, նորոգութիւն, ողորմութիւն,
Միանգամայն եւ քաղցրութիւն, արքայութիւն, անկեղծութիւն
Եւ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ Ծ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Ինչպէս որ առանց Քրիստոս Աստծոյ մեր հոգիներին փրկութիւն չկայ,
Եւ ոչ էլ առանց աչքի տեսողութեան` լոյսի զուարճանք,
Եւ կամ արեւի քաղցրութիւն` առանց արեւածագի, -
Այսպէս էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանութեան
Եւ ինքնապարսաւ մեղադրանքների` չկայ քաւութիւն:
Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրութիւնից, փարիսեցու հետ եթէ դու դատուես,
Եւ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թէ մաքսաւորի հետ պիտի գովուեմ,
Կամ ո՞ւր պարսաւուեց Հովել մարգարէն, երիցս կրկնելով եղկութիւնն անձի,
Կամ մեղադրուել կարո՞ղ է մի սուրբ` մեծագոյն օրը հաշուելու համար.
Եսային ինչպէ՞ս եւ ինչո՞ւ պիտի դիտուի պղծաշուրթ,
Որ Իսրայէլի տան արարքներից մնաց միշտ հեռու.
Եւ Յիսուսն ինչո՞ւ մեղաւոր լինի ադամեան մարմնով`
Կարեկցելով ինձ` յանցաւորապէս
Հօրը աղօթած լինելու համար.
Կամ ինչպէ՞ս մեկնել միտքն այս առակի. -
"Սիրտն իմաստունի` սգատան մէջ է,
Իսկ սիրտն անմտի ուրախութեան տան":
Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում
Եւ բոլորի մեղքերը չի համարում իրենը, -
Ինչպէս Երջանիկն այն արքաներից, որ մեղաւոր էր համարում իրեն հայրերի գործած յանցանքների մէջ, -
Դրանով իսկ նա մեղանչում է խիստ եւ կորցնում իր արդարութիւնը,
Ինչպէս մէկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնութիւնը իր,
Եւ սիրտը երբէք չի կարող բերկրել այն զուարթութեամբ,
Որ պարգեւում է աւետումն յոյսի, եթէ Քրիստոսի առաքեալից սովորած`
Չկարողանայ տրտմել Աստծոյ կամքի համաձայն, ինչպէս ասուած է:
 

Բ

 
Արդ, ըղձալի է ինձ այստեղ յիշել հոգեւոր այն հանճարեղի
Խրատն հինաւուրց, եւ սակայն միշտ նոր, որ Տէրն իսկ կրկնեց.
Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում
Չգնալ նստել հպարտների առաջին բարձին, -
Որից հաստատուն ուխտ ու պայմանով` հրաժարուեցին Դաւիթն ու Երեմիան, -
Այլ իրենց մեղքով խիստ ամօթահար մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների սրտանց զղջացածների հետ`
Եւ խոնարհ կամքով հաւասարուել հետիններին այստեղ երկրի վրայ.
Սրանցով է, որ բերկրում է բարձրեալ
Աստուածն ու պարարւում:
Եւ այսպէս ահա, ես էլ նրանց հետ, հետեւելով այդ խրատին,
Համարձակւում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի:
Այսպիսով զերծ կլինենք մարգարէի մեղադրական այս խօսքերից,
Որն ակնարկում է վէսերից ոմանց.
"Մի՜ մօտենար ինձ, զի մաքուր եմ ես, եւ ո՞վ կարող է նայել ինձ":
Երջանիկ Դաւթի անսահման խոնարհութիւնից օգտուելով` կարող կլինեմ նրա հետ ասել. -
"Որպէս անասուն համարուեցի ես` զգայազուրկ եղած,
Վրայ հասան չարիքներն ու ինձ պաշարեցին.
Նեխեցին վէրքերս ու փտեցին անբժշկելի` անզգամութեան պատճառով",
Ինչպէս նաեւ Ասորեստանում` ընտիր, անարատ անձերից ոմանց
Ինքնադատական կշտամբանքները մեղապարտութեան,
Որոնցից Եզր մեծ քահանայի այս խօսքն եմ ահա կրկնում ես ինքս.
"Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստուա՛ծ":
 

Գ

 
Արդ, ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց,
Խառնելով մեղքերս նրանց մեղքերին,
Եւ նրանցով դառնութիւնն իմ կրկնակի աւելացնելով`
Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձեալ,
Թէպէտեւ պէտք չէ գարշ գոյնի վրայ նոր տգեղութիւն աւելացնել:
Ահա եւ հիմա ես մեղանչեցի, զի անմտութեամբ գործեցի քեզ անհաճելին` բազում յանցաւոր սխալանքներով:
Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպէս որ երբեմն ուրացութեան մէջ բռնուած Պետրոսին,
Զի ծայր աստիճան ես ունայնացա:
Քո ողորմութեան ճառագայթը ծագիր ինձ վրայ, համա՜կ բարերարութիւն,
Որպէսզի, ո՛վ Տէր, քո օրհնութիւնն ընդունելով`
Արդարանամ, կենդանանամ եւ լինեմ մաքուր
Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել:
Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակութիւն չունեմ.
Մինչեւ որ մօտեցնես քո օրհնեալ աջը դատապարտեալիս նորոգելու:
Արդ, յաղթի՛ր դարձեալ յամառութեանս քո հեզութեամբ
Եւ գալով դէպի ինձ մարդասիրաբար,
Եւ քո բացարձակ ու կատարեալ կարողութեամբ
Ների՛ր առաջին, միջին եւ վերջին մեղքերս բոլոր,
Ո՜վ անհասներին հասնող, լոյս արդարների,
Քրիստոս թագաւոր:
 

Դ

 
Արժանի չեմ ես քո օրհնեալ անունն յիշելու,
Զի յանցաւոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդէպ,
Կնիքիդ հանդէպ ու շնորհիդ,
Փչումիդ ու պարգեւիդ,
Աւանդիդ, ձիրքիդ եւ անունիդ,
Որդեգրութեանդ,
Արքայական պատուիդ ու պատկերիդ,
Դրոշմիդ, օծումիդ ու ճոխութեանդ,
Համարձակութեանդ եւ ընտանութեանդ,
Կեանքիդ, լոյսիդ ու երանութեանդ,
Պսակիդ անկապտելի եւ խոստումներիդ ծածկուած
Որոնք, Տէ՛ր Քրիստոս, բազում ձեւերով աւետեցիր ինձ`
Յամառողիս, իժիս եւ քարբիս, եւ ամուր խոցուած խուլ ականջներիս:
Քո շարունակ աւելացող բարութեան դիմաց`
Բազմապատկուեցին չարութիւններն իմ եւ ինձ կործանեցին իսպառ,
Զատելով կեանքից, կապեցին մահուան,
Ծառայ կարգելով ապականութեան:
 

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
280 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467949
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 9 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 5, 19 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 3,3, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 37 oylamaya göre