Kitabı oku: «Անցյալից», sayfa 14
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ՀԱՂԹԱՆԱԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ա
Սուլթան Աբդուլ-Համիդի խելացնոր բռնակալությունից արտասահման վտարված թուրքական «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը, որ իրեն անվանում էր «Առաջադիմության եւ միության կուսակցություն» (Իթթիհատ վե թերաքե), առանձնապես ուժեղացրեց իր գործունեությունը մասնավորապես այն ժամանակից, երբ Փարիզ փախան նաեւ սուլթանի փեսա Դամադ-փաշան եւ նրա որդին` իշխան Սաբահեդդինը։ Երիտասարդ թուրքերը222, ինչպես վայել է մի պետական հայրենասիրական կուսակցության, չէր ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունենան առանձին ազգային հարցեր, ինչպիսն են, օրինակ, Հայոց հարցը եւ այլն։ Հակառակ լինելով այդ հարցերին, որոնք միայն եվրոպական միջամտությունների դուռն էին բաց անում եւ թուլացնում Թուրքիան, երիտթուրքերը քարոզում էին, որ Թուրքիայի բոլոր անբավական տարրերը, բոլոր հեղափոխական կազմակերպությունները պիտի միանան Աբդուլ-Համիդի դեմ, որ բոլոր չարիքների պատճառն է, հեռացնեն նրան իշխանությունից եւ հաստատեն ազատ սահմանադրական ռեժիմ, որ կբարեկարգի երկիրն ընդհանուր իրավահավասարության սկզբունքի վրա, եւ այսպիսով կվերանա ամեն մի անհատական-ազգային դժգոհություն։
Իշխան Սաբահեդդինն այդ ընդհանուր խոսքերի վրա ավելացնում էր եւ այն, որ ազատագրված Թուրքիայի վարչական ռեժիմը պիտի հաստատված լինի ապակենտրոնացման սիստեմի վրա, որ տանում է դեպի տեղական ինքնավարությունների ցանցը։ Նա եւ նրա հայրը մի քանի անգամ փորձեր արեցին այս իմաստով միություն ստեղծելու Թուրքիայի բոլոր ընդդիմադիր հոսանքների միջեւ, բայց հաջողություն չունեցան։ Հավաքվեցին, խոսեցին, համձայնության չեկան եւ էլի հեռացան, անջատ գործողությունների ճանապարհն ընտրեցին։ Հատկապես Դաշնակցությունը սառն էր պահում իրեն այդ միության գաղափարի դիմաց, որովհետեւ Քրիստափոր Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա եւ չէր կարծում, որ այդ կուսակցությունը կարող կհանդիսանա հեղափոխություն կատարելու։
Սակայն իր շեֆի մահից հետո Դաշնակցությունը, կորցնելով դավադրական եւ դիվանագիտական մարզանքների նախկին թափը, կամաց-կամաց սկսեց թեքվել դեպի իշխան Սաբահեդդինի առաջարկությունը։ Սա, իհարկե, մի դրական քայլ էր, եւ այս ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը վաղուց հրամայողաբար թելադրում էր Եվրոպայի պաշտամունքի կատարյալ սնանկությունը։
Եվ ահա, 1907թ. վերջին օրերին Փարիզի մեջ կայացավ վաղուց սպասված միությունը։ Հայ կազմակերպություններից Փարիզի ժողովին մասնակցում էին միայն Դաշնակցությունը եւ Մարսելի «Արմենիայի» խմբագրությունը։ Հնչակյան կուսակցությունն իրեն հեռու պահեց միությունից։ Փարիզի ժողովը կամ կոնգրեսը հրատարակեց մի հայտարարություն, որից բերում եմ մի քանի կտոր։
«Թուրքիայում գործող կուսակցությունների կոնգրեսը՝ դեկտեմբերի 27-29-ին գումարված Եվրոպայում, հայտարարում է, որ ընդունում է թուրք կայսրության բոլոր ժողովուրդների համերաշխությունը, որոնք հավասարապես տառապում են երկրի վրա ծանրացող բռնակալ ռեժիմից, որը գարշելի է դարձել ամբողջ աշխարհի աչքին ներկա վեհապետի` Աբդուլ-Համիդ II-ի հրեշային ոճիրներով։
Այդ երեսուն տարվա գահակալությունն աղետաբեր է եղել, ինչպես սխալմամբ կարծում են, ոչ միայն քրիստոնյա ժողովուրդների համար, որոնց հալածում եւ կոտորում էր սուլթանը իր սեփական շահերից դրդված, այլեւ հենց մահմեդականների համար, որոնք կործանվել են, ստրկացվել, բերդարգելության դատապարտվել, մորթոտվել, վերջապես, անարդար կերպով մեղադրվել քաղաքակիրթ ժողովուրդների հասարակական կարծիքի առաջ, որ նրանց պատասխանատու է կարծել այն հակամարդկային ոճիրների համար, որոնք գործվել են վեհապետի եւ նրան շրջապատողների կողմից։ Կայսրության բոլոր ազգությունները հաջորդաբար զոհ էին դարձել Աբդուլ-Համիդի ոճրագործ խենթության։ Նա հաջորդաբար արձակել է նրանց իրար վրա` ցեղերի եւ կրոնների միջեւ արհեստական ատելություններ գրգռելով ու սնուցելով. թուրքերը, հայերը, հույները, բուլղարները, վալաքները223, արաբները, հրեաները, գյուրջիները224, քրդերը ենթարկվել են հալածանքի, աքսորի, բերդարգելության ու կոտորածի, եւ հայկական ջարդերը, պսակելով անցյալ այդ բոլոր չարագործությունները, կնքել են նրանց հեղինակին, որ շարունակում է տակավին իր ոճրագործ արարքը Արաբիայում, մեծ մարդասպան եւ կարմիր սուլթան անուններով»։
Թվելով այնուհետեւ Աբդուլ-Համիդի համեմատաբար ավելի խաղաղ չարագործությունները, հայտարարությունը շարունակում էր.
«Մինչեւ այժմ, իրերի այս դրությունից ծագող հեղափոխական շարժումները վարվում էին առանձին-առանձին. այսօր մահմեդականների եւ քրիստոնյաների համագործակցությունը շատ տեղերում ապացուցել է, որ կայսրության բոլոր ժողովուրդները, վերջապես, հոգնել են տառապելուց եւ ըմբռնում են, որ իրենց վեհապետը տանում է իրենց դեպի անդունդ։
Այսօր, մտածելու ընդունակ ամեն մարդ շատ պայծառ կերպով տեսնում է, որ կայսրությունը վերջնական կործանումից եւ քայքայումից կարելի է ազատել՝ անմիջապես փոխելով միայն կառավարությունը։ Պետք է տապալել, որքան կարելի է շուտով եւ բոլոր հնարավոր միջոցներով, մի ռեժիմ, որը պատճառել է այնքան աղետներ։
Ահա ինչու մենք պահանջում ենք՝
1) Աբդուլ-Համիդի գահընկեցությունը,
2) Ներկա ռեժիմի արմատական փոփոխությունը,
3) Մի ներկայացուցչական ռեժիմի հաստատումը (պառլամենտ)։
Ներկա բոլոր չարիքների գլխավոր հեղինակի անհետացումը առաջին պայմանն է ամեն բարելավման։ Նրա հետ կանհետանան նաեւ վարչական ու քաղաքական բռնակալ սիստեմը, ոստիկանական տեռորն ու դիվանագիտական չարամտությունը։ Այնուհետեւ կհիմնվի մի ներկայացուցչական ռեժիմ, որով կայսրության բոլոր ժողովուրդները, հավասար պարտականություններով եւ իրավունքերով կարտահայտեն իրենց կարիքներն ու կամքը, ռեժիմ, որ մի խաղաղ ներդաշնակության մեջ կապահովի բոլորի համար արդարությունն ու ազատությունը։
Ահա՛ այս կոնգրեսի միակ նպատակակետը, համաձայն մեր երկրի բոլոր ժողովուրդների կամքի, որոնք միեւնույն երկրի զավակներ` մշակում են միեւնույն հողը, տառապում են միեւնույն տառապանքով եւ համերաշխ գործակցությամբ վճռել են նվաճել իրենց երջանկության եւ ազատության բաժինը։
Ձեռք ձեռքի ենք տալիս մի ընդհանուր կռվի համար` հարգելով յուրաքանչյուր կազմակերպության ինքնավարությունը, [ձեռք] ձեռքի ենք տալիս անկեղծորեն, եղբայրաբար եւ կռիվն սկսելուց առաջ` հանդիսավոր խոսք ենք տալիս` չդրժել մեր հանձնառությունները եւ հայտարարում ենք սուլթանին, որ վայր չենք դնի մեր զենքերը, մինչեւ չենք բաց անի Թուրքիայի համար մի նոր դարագլուխ։
Կոչ ենք անում բոլորին՝ աջակցելու մեզ այս դժնդակ եւ փառավոր ձեռնարկության մեջ, որը կպահանջի աննկուն կորով եւ ծանր զոհաբերություն։
Կոչ ենք անում բոլորին` գիտության եւ մտածումի մարդկանց, որոնց արգելված է ամեն անկախ ուսումնասիրություն, դաշտերի եւ քաղաքների աշխատավորներին` զրկված հողից ու հացից, ընկճված ապօրեն հարկերի տակ, տանջված եւ թալանված հարկահաններից, վաճառականներին, որոնք անկարող են գործ դնել իրենց առեւտուրը կատարյալ անդորրությամբ, չվճարված, քաղցած, մերկ զինվորներին, որոնց ստիպում է իրենց տերը գնալ իրենց հայրենակիցների դեմ. մեկ խոսքով՝ կայսրության բոլոր ազգություններին, որոնք ջախջախված են մի անարգ բռնակալությունից։ Թող բոլորը միանան այս նվիրական կռվին, թող ներշնչվեն մեզ հետ ազատության, բարենորոգման եւ հեղափոխության գաղափարներով, հիմնահատակ անելու համար ամոթի եւ բռնության մի ռեժիմ` իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով։
Երեսուն տարվա փորձառությունը չափազանց ցավագին կերպով ապացուցել է բոլորին խաղաղ միջոցների անբավականությունը բռնության մի հսկայական ուժի դեմ։ Իր հպատակների բոլոր խնդիրներին, բոլոր պաղատանքներին սուլթանը պատասխանել է միշտ ուժով, բանտով, աքսորներով եւ ջարդերով։
Կոնգրեսը միաբերան հռչակում է, ուրեմն, որ ընդդիմադիր բոլոր խմբերը պետք է այսուհետեւ դիմեն հեղափոխական միջոցների, որոնք տվել են քաջալերական արդյունքներ, ինչպես ցույց է տալիս հեղափոխական գործունեությունն ընդհանրապես եւ թուրք ու հայ խառն խմբերի վերջին գործունեությունը մասնավորապես։ Ասիական նահանգների բազմաթիվ քաղաքներում հեղափոխական միջոցները դառնում են անհրաժեշտ եւ արդարանալի հենց իշխանության բռնությունների պատճառով։ Ներկա ռեժիմն է, որ իր ոճիրներով մղել է մեզ հեղափոխության։
Հայտարարում ենք, ուրեմն, որ պատրաստ ենք մղելու կռիվը` ընդունելով եւ հանձնարարելով հետեւյալ միջոցները.
1. Զինված դիմադրություն կառավարության գործողությունների դեմ,
2. Ոչ զինված դիմադրություն քաղաքական եւ տնտեսական գործադուլով. գործադուլ պաշտոնյաների, ոստիկանության եւ այլն,
3. Հարկերի մերժում,
4. Պրոպագանդա զորքի մեջ. զինվորները պիտի հրավիրվեն չգնալ ո՛չ ժողովրդի եւ ո՛չ էլ հեղափոխության դեմ,
5. Ընդհանուր ապստամբություն,
6. Գործողության ուրիշ միջոցներ` համաձայն պայմանների եւ հանգամանքների»։
Սա, ընդհանրապես, հոյակապ մի երեւույթ էր, որ առաջին անգամն էր հանդես գալիս օսմանյան պատմության մեջ` բոլոր տառապող տարրերի ընդվզում արնախում սուլթանիզմի դեմ։ Միանում էին մինչեւ այդ իրարից կրոնական եւ ազգային նախապաշարմունքներով անջատված, իրար թշնամի խավերը։ Սկսվում էր մի նոր դարագլուխ` համապետական հեղափոխական կյանքի շրջանը. մի շրջան, որ եթե երկարատեւ լիներ, պիտի դառնար լավագույն միջոցը ավելի եւս մոտեցնելու, իրար հետ պինդ կապելու` տիրող ազգությունը հպատակ ազգությունների հետ, համագործակցության գաղափարն ամենքի արյան մեջ մտցնելու եւ, այսպիսով, հանրության օգտի լայն հողի վրա` ամենքին շաղկապելու համար։ Փարիզի եռօրյա ժողովը, միասին մի թուղթ ստորագրելը դեռ բավական չէին, որ միանգամից վերանային Թուրքիայի ազգությունների միջեւ դարերով արմատացած փոխադարձ անվստահությունը, նախանձի եւ վրեժի զգացմունքները։ Սկիզբը դրված էր, մնացածը պետք էր թողնել հեղափոխական դաժան դաստիարակության, որ երկար ու համառ կռվի անհրաժեշտությամբ մոտեցներ ամենքին, իսկապես եղբայրության կապեր հաստատեր։
Սակայն, տարաբախտաբար, այսպես չեղավ։ Միացած ուժերի հեղափոխական գործունեությունը շատ կարճատեւ եղավ` ընդամենը մի քանի ամիս։ Հեղափոխությունը եկավ ուրիշ ճանապարհով։
Առաջին իսկ հայացքից դեկտեմբերի 27-29-ի հայտարարությունը ցույց էր տալիս, որ երիտթուրքերի կուսակցությունն անշարժ կանգնած էր այն տեղում, ուր 1876-ին հաստատվել էր նրա նախահայրը` Միդհատ-փաշան։ Ոչ մի քայլ դեպի առաջ, կարծես 30 տարվա ընթացքում կարելի չէր եղել որեւէ նոր բան սովորել։ Այժմ էլ, ինչպես եւ 1876-ին, ամենափրկիչ միջոց համարվում էր պառլամենտարիզմը։ Կարծում էին, թե բավական է բաց անել Կ.Պոլսում պառլամենտ, հայտարարել բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առաջ, եւ Թուրքիան կփոխի իր կերպարանքը, կդառնա քաղաքակիրթ ու բարեկարգ երկիր։ Այսպիսով անհաշիվ չափազանցվում էր պառլամենտի նշանակությունը. մի բուրժուական հիմնարկության, որի մեջ դարձյալ տիրապետող եւ շահագործող դասակարգերն էին հրամայում, օրենսդրում։ Երիտթուրքերն ուզում էին պառլամենտ, ինչպես էլ նա լինի։
Բայց գլխավորը հիմնարկությունը չէ, այլ այն բովանդակությունը, որ կարող է մտցնել նրա մեջ երկիրը։ Ի՞նչ հասարակական խմբավորումներ կային, ի՞նչ կուսակցություններ էր հանել իր միջից հանրային կյանքը, որպեսզի կարելի լիներ պառլամենտից հանրաշահ գործունեություն սպասել։ Միակ խոշոր քաղաքական կազմակերպությունը երիտթուրքերի կուսակցությունն էր, որ հենց իր սկզբնավորության օրից հայտնի էր դարձել իբրեւ եվրոպական պառլամենտարիզմը ծածկոց դարձրած հետադեմ իսլամական միտք, որի իդեալներն են պանիսլամիզմը, խալիֆաթը, շարիաթը, համաշխարհային տիրապետությունը։ Նա ներկայացնում էր նույն տիրապետող եւ շահագործող դասակարգերը` կալվածատիրությունը եւ առեւտրական բուրժուազիան։ Ժողովրդական, աշխատավորական հանգամանք չկար նրա մեջ։ Նայեցեք նրա հեղափոխական հայտարարությանը։ Կռվի միջոցների թվում դուք տեսնում եք եւ գործադուլները։ Բայց ի՞նչ տեսակ գործադուլ։ Ոստիկանական, չինովնիկական։ Ո՛չ մի բառ անգամ այն միլիոնավոր զանգվածների մասին, որոնք հարստահարվում, կեղեքվում էին ծանր աշխատանքի մեջ։
Եվ այսպիսով դուրս էր գալիս, որ երիտթուրքերի ողջ ցանկությունն էր տապալել Աբդուլ-Համիդի բռնակալությունը` տիրող դասակարգերի բռնակալությամբ այն փոխարինելու համար…
Տարբերությունը, ինչպես ցույց տվեց ապագան, շատ էլ մեծ չպիտի լիներ։ Շատ խոշոր հարցերի մեջ (օրինակ, հայերի վերաբերմամբ) երիտթուրքերն իրենց հանդես հանեցին նույնիսկ իբրեւ Աբդուլ-Համիդի ջերմեռանդ աշակերտներ։
Բ
1908թ. մայիսին Թիֆլիսում տոնվեց իմ գրական գործունեության 25-ամյա (իսկապես` 30) հոբելյանը։ Իմ հիվանդությունը սաստկացել էր մինչ այն աստիճան, որ վտանգ էր սպառնում կյանքիս։ Հոբելյանական տոնակատարության միջոցով հայ հասարակությունն ինձ միջոց էր տալիս ավելի լուրջ ուշադրություն դարձնելու բժշկությանս վրա, եւ նույն տարվա ամռանը ես Ա. Ահարոնյանի հետ ուղեւորվեցի Եվրոպա։ Առաջին մեծ քաղաքը, ուր մենք կանգ առանք, Վիեննան էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք Խաչատուր Մալումյանին, որ գալիս էր Ժնեւից եւ գնում էր Կ.Պոլիս, ուր, ինչպես Փարիզի կոնգրեսին մասնակցած դաշնակցական, պիտի տեղային դաշնակցական կազմակերպությունը միացներ երիտթուրքերի կոմիտեի հետ` միասին հեղափոխական գործունեություն սկսելու համար։ Մալումյանը գնում էր մեծ զգուշություններով։ Թուրքաց մայրաքաղաքը նա պիտի մտներ իբրեւ եվրոպացի եւ տանում էր իր հետ համապատասխան թղթեր։ Դաշնակցական այս նոր ձեռնարկության վրա նա մեծ հույսեր ուներ եւ չէր էլ ուզում մտածել որեւէ վտանգի մասին։ Բայց զգուշություններն ավելորդ էին։ Նա Կ.Պոլիս էր հասել այն ժամին, երբ արդեն պայթել էր հուլիսյան հեղափոխությունը։ Ես պառկած էի Վիեննայի հիվանդանոցներից մեկի զարմանալի մաքուր եւ փոքրիկ սենյակի մեջ, երբ հայ ուսանողները, այցելության գալով, բերին ինձ թուրքական հեղափոխության լուրը։
Տպավորությունն ահագին էր Ավստրիայի մայրաքաղաքում։ Ահագին էր տպավորությունը եւ մեր հիվանդանոցային խաղաղիկ անկյունում։ Աբդուլ-Համիդը, ճիշտ է, չէր անհետացել, բայց գտնվում էր ամբողջովին հեղափոխության ձեռքին, եւ նրա անիծյալ արյունոտ ռեժիմի տեղ հայտարարված էր սահմանադրություն։ Այսքանն էլ չափազանց մեծ գործ էր համարվում։ Բավական էր եւ այն, որ մեծ մարդասպանի բերանին սանձ էր դրվել։ Ուրախ ենք։ Թուրքահայության անհուն, առասպելական չափեր ընդունած տառապանքները վերջացան։ Հեռագրերը չեն բավարարում, ցանկություն կա մանրամասնություններ շատ իմանալու, մանավանդ հայերի կյանքից։ Ու ամեն օր հիվանդանոցից գնում եմ Մխիթարյանների վանքը Mechitharishen gasse225 փողոցում։ Վանական խստակյաց եւ զսպված միջավայրն էլ ժպտուն կերպարանք էր ստացել։ Վարդապետները նոր ստացած թղթեր են բերում, կարդում են, մեկնություններ են տալիս ուրախ ու զվարթ` վստահ վաղվա համար։ Ո՜վ էր տեսել այդպիսի տրամադրություն…
Վիեննայից գնացի Վենետիկ, հատկապես Ս.Ղազար, ոսկեկազմ գրքերի հռչակավոր կղզին տեսնելու համար։ Այդտեղ է՛լ ավելի մեծ հրճվանք էր։ Մի օր վարդապետներն ինձ իրենց գոնդոլով տարան Լիտո կղզին։ Հետները վերցրել էին Կ.Պոլսից ստացված հայերեն թերթերի կապոցներ։ Նստած էինք թանձրախիտ ծառերի տակ, կարդում էինք։ Ինչե՜ր են կատարվում Կ.Պոլսում։ Հայ-թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ։ Կարծես թե իրականություն չէ այդ, այլ հատվածներ «Հազար եւ մի գիշերներից»։ Ադրիականն իր ալիքները բերում-փշրում էր մեր ոտքերի մոտ, եւ ես ինձ զգում էի Հայնեի դրության մեջ։ Հիշո՞ւմ եք։ Հուլիսյան հեղափոխության ժամանակ նա գտնվում էր Հյուսիսային ծովի ափին եւ գրեց. «Եկան լրագրերը, եւ ես գտա նրանց մեջ արյունոտ ճառագայթների ամբողջ խրձեր, որոնցով կարող եմ հրդեհել ամբողջ ծովը մինչեւ Հյուսիսային բեւեռ»։ Ինձ էլ թվում էր, թե այդպիսի հատկություն ունեն եւ սուլթանական մայրաքաղաքից եկած լուրերը։ Որքա՜ն լավ է։ Հպարտությամբ ես զգում, որ մարդ ես։
Շուտով մի ավելի եւս հիացական տեսարան։ Փարիզում եմ։ Երիտթուրքերի գլխավորները, որոնք դեռ մնացել էին ֆրանսիական մայրաքաղաքում, վճռեցին Կ.Պոլիս ուղարկել, կարծեմ, մի տարի առաջ մեռած Դամադ-փաշայի` իշխան Սաբահեդդինի հոր մարմինը։ Այդ հանդեսը դարձավ հայ-թուրքական եղբայրության մի նոր ցույց։ Մի խումբ հայերս գնացինք Պեր Լաշեզի գերեզմանատուն։ Այդտեղ, Դամադ-փաշայի գերեզմանի վրա, արտասանվեցին ճառեր։ Խոսեց մի ֆրանսիացի։ Բայց նրա խոսքը թույլ էր այն հռետորական թափի առաջ, որ ցույց տվին երիտթուրքերն իրենց ճառերի մեջ։ Ես հիացած էի, ի՜նչ թրքություն է մնացել սրանց մեջ, հարցնում էի ինձ, կատարյալ եվրոպացիներ են, միայն մի քիչ արեւելյան դեմքով։ Վերջացնելով հանդեսը` մենք, ամենքս, հայ թե թուրք, այցելեցինք Գրիգոր Օտյանի գերեզմանին։ Ճառեր խոսեցին Ահարոնյանը` հայերեն եւ Սաբահեդդինը` ֆրանսերեն։ Միշտ փառաբանվում էր հեղափոխությունը, միշտ բարձրագլուխ հայտարարվում էր, թե այսօրվա օսմանյան ազատությունը հաստատված է հայ զոհերի ոսկորների վրա։
Այս հանդեսն էլ վերջացավ։ Խմբով կանգնած խոսում էինք։ Ինձ ծանոթացրին մի քանի թուրքահայ գրողների եւ մի քանի երիտթուրքերի հետ։ Իսկ տե՜ղը… տե՜ղը… Մի փոքրիկ բարձրավանդակ էր։ Ցածից մեզ էր նայում կարմիր դրոշակներով եւ սքանչելի արձանագրություններով զարդարված այն պատը, որի առջեւ հրացանի էին բռնվել 1871-ի Փարիզի Կոմունայի 15 հազար զինվորները։ Ձեզ եմ թողնում երեւակայել, թե ինչպիսին պիտի լիներ իմ տրամադրությունն այդ րոպեին։ Ես մոռացել էի իմ ծանր հիվանդությունը։ «Այլեւս Հայկական հարց չկա, այլեւս հայերին չեն կոտորի», – ասում էի ինձ` երջանիկ եւ հավատացող…
Ա՛հ, յոթը տարուց հետո, նույն ժամանակները, 1915-ին, ես որքան անիծում էի ինձ, որ այդպիսի հավատ եմ ունեցել։ Չգիտեի դեռ, չգիտեի, թե այդ բուրժուական Փարիզը մի շպարված գազանանոց է…
Բայց դեռ մի կողմ թողնենք հեղափոխական մեղրալուսինը, որ բավական երկարատեւ էր եւ հիացնում էր նույնիսկ հեռվից դիտողներին, եվրոպացիներին։ Տեսնենք, թե իրականում ի՞նչ նոր դրություններ էր ստեղծում թուրքական այդ մեծ շարժումը։
Դեպքերը փութացնողը հեղափոխությունից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած տեսակցությունն էր Ռեւելի մեջ։ Այդտեղ իրար հանդիպեցին Անգլիայի Էդվարդ Ե թագավորը եւ Նիկոլայ Բ-ն, որոնք իրար մեջ համաձայնություն կայացրին մակեդոնական հարցի վերաբերմամբ։ Մի տարի առաջ անգլո-ռուսական կառավարությունների մեջ համաձայնություն կայացել էր նաեւ Պարսկաստանի վերաբերմամբ։ Այս երկու դեպքերը ցույց էին տալիս, որ համաշխարհային քաղաքականության մեջ կատարվել է ահագին տակնուվրայություն։ Ռուսաստանը եւ Անգլիան` երկու համառ եւ անողոք հակառակորդներ, Արեւելքի վերաբերյալ գործերի մեջ այժմ միմյանց դաշնակիցն էին դառնում։ Մրցակցությունը տեղի էր տալիս խաղաղ համաձայնության։ Այսպիսով ամենից առաջ եւ ամենից շատ վտանգվում էր Թուրքիան, որ մինչեւ այդ գոյություն էր պահպանել համարյա միմիայն այդ մրցակցության շնորհիվ։
Աբդուլ-Համիդի բարբարոս կառավարության տակ բոլորովին թուլացած Թուրքիան կարող էր հեշտությամբ բաժան-բաժան լինել օտարների ձեռքին։ Ռեվելի տեսակցությունը դարձավ մի տեսակ ահազանգ օսմանյան հայրենասիրության համար։ Երիտթուրքերի կուսակցությունը շատ ուժեղ կազմակերպված էր Սալոնիկի թուրք զինվորականների մեջ։ Այդտեղ էր գտնվում թուրքական Երրորդ զորաբանակը, եւ նրա սպայակույտը վաղուց արտահայտում էր իր դժգոհությունը սուլթանի քաղաքականության դեմ, որ պետությունը դարձրել էր եվրոպական շահամոլության կատարյալ գերի։ Եվ ահա նույն այդ սպաները պատրաստեցին Երրորդ զորաբանակի ապստամբությունը, որն այնքան վախեցրեց Աբդուլ-Համիդին, որ նա շտապեց վերականգնված հայտարարել 1876թ. սահմանադրությունը։
Մի վերին աստիճանի հեշտ, անարյուն հեղափոխություն։ Նա բացառապես զինվորական էր եւ նացիոնալիստական։ Նշանաբանն էր` «Թուրքիան թուրքերի համար»։ Հաղթությունը երիտթուրքերին էր պատկանում։ Միանգամից նա դարձավ կառավարող կուսակցություն եւ իր ձեռքն առավ պետական ամբողջ իշխանությունը։
Իսկ Դաշնակցությունը սկզբից եւեթ իրեն համարեց դրության տեր` երիտթուրքերի հետ համահավասար իրավունքներով։ Այս իրավունքը նա հանում էր Փարիզի համաձայնությունից, իսկ եթե հեղափոխական գործակցություն երիտթուրքերի հետ չէր եղել, դրա փոխարեն Դաշնակցությունը ցույց էր տալիս իր անցյալը, երբ նա մենակ կռվում էր Աբդուլ-Համիդի դեմ, թեեւ բոլորովին մասնավոր, ոչ համապետական նպատակով։ Եվ պետք է ասել, որ երիտթուրքերն այդ միջոցին վերին աստիճանի ուշադիր էին հայ ժողովրդի վերաբերմամբ եւ ամեն կերպ փայփայում էին Դաշնակցությանը։ Այսպես, երբ Երուսաղեմից վերադարձավ Աբդուլ-Համիդի ձեռքով այնտեղ աքսորված Իզմիրլյան պատրիարքը, կառավարության եւ կուսակցության բարձր մարմիններն այնպիսի մի շքեղ ու փառավոր ընդունելություն ցույց տվին նրան, որի նմանը դեռ ոչ մի տեղ չէր տեսնված։ Մեկ այլ անգամ, երբ Դաշնակցությունը հոգեհանգիստ նշանակեց հայ հեղափոխական զոհերի հիշատակին, այդ հանդեսին ներկա գտնվեցին դարձյալ բարձրաստիճան երիտթուրքեր, որոնք իրենց ճառերի մեջ մեծարեցին ընկած հերոսներին։ Ավելի մանր, առօրյա փաստերը շատ բազմաթիվ էին։
Եվ այսպես, Դաշնակցությունը, մոտենալով երիտթուրքերին, հանդիսանալով նրանց բարեկամն ու գործակիցը, այնպիսի ազդու եւ կարեւոր դիրք էր բռնում Թուրքիայում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող առաջներում, անգամ եթե հաջողություն գտնեին նրա հայդուկային-դիվանագիտական անհուսալի արկածները։ Նոր դրություն էր ստեղծվում Թուրքիայում։ Դաշնակցությանը մնում էր թողնել հին մոլությունները, ոտքից մինչեւ գլուխ վերանորոգվել եւ որդեգրել գործունեության նոր եղանակ։ Երիտթուրքերի ռեժիմը, ամեն տեսակ ազատություններ տալով հայերին դաստիարակության, պրոպագանդայի շրջաններում, դժկամություն էր հայտնում միայն այն դեպքում, երբ Հայոց հարցն էր հրապարակ բերվում իր հայդուկային գրականության հետ։ Հեղափոխության երրորդ օրն էր, կարծեմ, որ «Արեւելք» լրագիրը սկսեց արտատպել իր թերթոնի մեջ Րաֆֆու «Խենթը»։ Այս բանը նկատվեց, դժգոհության առարկա դարձավ թուրք թերթերի մեջ, եւ «Արեւելքը» շտապեց դադարեցնել վեպի տպագրությունը` ներողություն խնդրելով, որ ազատությունից արբեցած ժամերին այսպիսի մի անպատեհություն էր գործել։ Բայց այս, իհարկե, չէր նշանակում, թե «Խենթը» եւ Րաֆֆու ուրիշ վեպերը ազատ մուտք չունեին Թուրքիա։ Նշանակալից էր եւ մի ուրիշ փաստ։ Թե՛ թուրք մամուլի եւ թե՛ ղեկավարող շրջանների մեջ արծարծվում էր այն միտքը, թե պետք է ոչնչացնել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Ուզում էին ասել, թե Հայոց հարց չկա, թե նա լուծում է ստանում Թուրքիայի ներքին բարեկարգությունների մեջ. բայց առավելապես անհանգստացնում էր այն, որ այդ հոդվածը կարող էր եվրոպական պետությունների միջամտության առիթ դառնալ. մի բան, որ չէր կարող տանել վերանորոգված Թուրքիան։ Սակայն այս առաջարկությունն անկատար մնաց։ Հայերը չուզեցին զրկվել իրենց արյունոտ ժառանգությունից։
Սա նշանակում էր, թե կողմերի մեջ կատարյալ անկեղծություն, այնուամենայնիվ, չկար։ Իզուր էին մատնանշում, թե թուրքական սահմանադրության վերականգնումից հետո ավելորդ է դառնում [այն], որ Դաշնակցությունը շարունակում է կրել «հեղափոխական» անունը։ Դաշնակցությունը չընդունեց այդ եւ ահա մի նոր առիթ, որ երիտթուրքերը ծուռ աչքով նայեն նրան։ Սառնության պատճառ վերջիվերջո պիտի տար եւ այն հանգամանքը, որ Դաշնակցությունը Թուրքիայում սկսում էր սոցիալիստական գործունեություն, թեեւ նրա սոցիալիզմն այն էր, որ անմահացրել է Երվանդ Օտյանն իր «Առաքելություն մը ի Ծապլվար» կծու երգիծաբանության մեջ։ Երիտթուրքերի կուսակցությունը չէր կամենա, իհարկե, որ իր աջակից եւ բարեկամ կուսակցությունը նույնիսկ այդքանն էլ անե, այլ կկամենար, որ նա իր պես զուտ օսմանյան-նացիոնալիստական ներշնչումներով լինի տոգորված։ Դրությունն անհամության էր հասնում մանավանդ այն դեպքում, երբ դաշնակցականներին հաջողվում էր գործադուլներ կազմակերպել այս կամ այն ձեռնարկության մեջ եւ այսպիսով գլխացավանք պատճառել երիտթուրքերի կառավարությանը։
Եվ այսպիսով, ապագայի համար հուսատու հանգամանքներ շատ չէին երեւում։ Դաշնակցությունը չէր գիտակցում, թե ինչ ահագին պատասխանատվություն է վերցրել իր վրա` իբրեւ միակ խոշոր քաղաքական կազմակերպություն, որ իր ձեռքն էր առել ամբողջ հայության ճակատագիրը։ Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց եւ այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան եւ կյանքի առեղծվածն էր դրված։ Նա էլի շարունակեց հինը` հայդուկային կազմակերպությունը եւ Եվրոպայի` արդեն հարյուր անգամ արատավորված պաշտամունքը։ Դաշնակցականները (նրանցից ետ չէին մնում եւ հնչակյանները) զինում էին հայ ժողովրդին, շարունակ պահանջում էին, որ ամենքը զենք ունենան։ Եվ այս, իհարկե, տեսնում էին թուրքերը։ Ժնեւից` «Դրոշակի» խմբագրությունից բեռներով Կ.Պոլիս էին ուղարկվում հայդուկային գրականություն եւ նկարներ։ Այս ապրանքը տարածվում էր մայրաքաղաքում եւ գավառներում, վերանորոգվում էր հինը, անջատ ազգային ինքնուրույնության գաղափարը ոչ թե չէր թուլանում, այլ ընդհակառակը` ավելի եւ ավելի ուռճանում էր226;
Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին։ Ազգային ժողովի մեջ նա էր ուղղություն տվողը։ Եվ նրա ուժը առաջվա պես հենվում էր զինվորական կազմակերպության վրա։ Հաջողություններից ամբարտավանության ծայրը հասած` նա երեւակայում էր իրեն ռազմական մեծ կարողության տեր, պատրաստ` կռիվ սկսելու ամեն տեղ։ Ես հիշում եմ այն վրդովմունքը, որ պատճառեց Մալումյանը նույնիսկ Ժնեւի դաշնակցական շրջաններին, երբ նա Կ.Պոլսի Ազգային ժողովի նիստում, ողջունելով նորընտիր Իզմիրլյան կաթողիկոսին, խորհուրդ էր տալիս նրան Ռուսաստան գնալուց հետո, կռվել ռուսական բռնակալության դեմ. ասում էր, թե այդ կռվի համար նրա տրամադրության տակ կլինեն Ռուսաստանում եղած դաշնակցական բոլոր ուժերը։ Ճիշտ որ, դոնքիշոտությունն ավելի հեռուն գնալու տեղ չուներ։