Kitabı oku: «Անցյալից», sayfa 15
Գ
Փարիզից ես գնացի Ժնեւ, ուր մնացի մի ամսից ավել` սպասելով, թե երբ դոկտոր Ռուն կվերադառնա ամառային գյուղագնացությունից եւ կընդունի ինձ` վիրահատությանս հարցը վճռելու համար։ Ապրում էի «Դրոշակի» խմբագրությունից ոչ հեռու, ամեն օր լինում էի այնտեղ, ուր հանդիպում էի իմ հին ընկերներին եւ ծանոթներին։ Ինձ` մի հիվանդ, լեզու չիմացող օտարականիս համար այդ միակ հայկական հիմնարկությունը շատ մեծ նշանակություն ունեցավ, եւ ես միանգամայն ընդմիշտ պիտի խոստովանեմ, որ «Դրոշակի» խմբագրատանը ես գտա ամենաջերմ բարեկամական վերաբերմունք, խնամք եւ հոգատարություն, մասնավորապես, Դաշնակցության հայտնի գաղափարախոս եւ իմ հայրենակից Միքայել Վարանդյանից227։ Ես միշտ շնորհակալ եմ եղել, այսուհետեւ էլ կլինեմ այն բոլորի համար, ինչ վերաբերում է ինձ անձնապես։
Բայց հարցն այստեղ, իհարկե, այդ չէ։
«Դրոշակի» խմբագրությունն ինձ առանձնապես հետաքրքրում էր իբրեւ մի հիմնարկություն, որ այնքան խոշոր դեր էր կատարել եւ կատարում հայ կյանքի մեջ։ Դա մի փոքրիկ շվեյցարական տնակ էր, երկհարկանի, առանձնակի կանգնած մի պարտեզի մեջտեղը։ Ներքեւի հարկում գրաշարանոցն էր, վերեւի հարկում` խմբագրատան դահլիճը, որ ներկայացնում էր մի ամբողջ դաշնակցական թանգարան։ Պատերից կախված էին հերոս-հայդուկների պատկերները եւ ամենից վերեւում, ամենապատվավոր տեղը` Քրիստափոր Միքայելյանն էր, որ արդեն կուսակցական պաշտամունք էր դարձել, եւ նրա հիշատակներով լեցուն էր այս ամբողջ տնակն իր պարտեզով։ Խնամքով պահվում էին եւ կուսակցության համար նվիրական սրբություններ դարձած զանազան զենքեր եւ իրեր, որոնք հայդուկային կռիվների մեջ խլված ռազմավարներ էին եւ երկրից բերվել էին այստեղ` պահպանության համար։ Բայց ամենից նշանավորն այն արխիվն էր, որ հավաքել էր խմբագրությունը, եւ որի մեջ պահվում էին ամեն տեսակ գրագրություններ` երկրից եւ աշխարհի բոլոր կողմերից։ Շատ ափսոսում եմ, որ հիվանդությունս թույլ չտվեց ինձ գոնե մասնակի պրպտումներ կատարել այդ շատ հարուստ նյութերի մեջ։ Այսօր ես, անշուշտ, ավելի շատ տվյալներ կունենայի իմ լուսաբանությունների համար, եթե կարողացած լինեի ծանոթություններ մշակել հայդուկային մեծ արխիվից…
Իբրեւ հայդուկային աշխարհավարության մի բարձր հիմնարկություն՝ «Դրոշակի» խմբագրությունն ամբողջապես իմ աչքի առջեւ էր։ Ես տեսա անհավասար, հուսահատական կռվի շատ դրվագները` ոգեւորություն, հերոսություն, ապարդյունություն։ Եվ սա գալիս-հասնում էր այն դիվանագիտական «ռեդինգոտին»228, որ տանում էր այս փոքրիկ տնակից չափահաս եւ խելահաս համարված մարդկանց` իմպերիալիստական գայլերից ողորմություն մուրալու…
Դաշնակցության այս դեմքը միանգամայն լավ լուսավորված էր։ Հետաքրքրական էր տեսնել մյուս դեմքը` սոցիալիստականը։ Ես այդ էլ տեսա։
Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ` ռուսական էսէռների փեշի տակ։ Երաշխավոր-հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի էսէռ Վ. Լունկեւիչը։ Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երեւանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»։ Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ։ Եվ այսպես մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթոցի վրա։ Այնպես որ, 1908-ի ամռանը Վարանդյանը գնաց Ինտերնացիոնալի համագումարին, կարծեմ` Անտվերպեն, հաշիվ ներկայացրեց Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին եւ վերադառնալով` պատմեց իր խոսակցությունները Կաուցկու, Վանդերվելդեի229 եւ ուրիշների հետ։
Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, եւ շուտով էլի Լունկեւիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «Էս ի՞նչ ա» – յով գնալ «Դրոշակի» խմբագրատուն։ Բուլղարիան օգուտ քաղելով թուրքական հեղափոխությունից` իրեն անկախ հռչակեց։ Մի օր Ժնեւի լրագրերում տեղեկություն տպվեց, թե հարաբերություններն այս առիթով այնքան լարվել են Թուրքիայի եւ Բուլղարիայի միջեւ, որ պատերազմ է սպասվում, եւ Դաշնակցությունը խոստացել է թուրք կառավարությանը` նրա տրամադրության տակ դնել իր բոլոր զինված ուժերը։ Տեղեկության այս երկրորդ կեսը սաստիկ զայրույթ պատճառեց Ժնեւի բուլղար ուսանողությանը։ Լրագրերում սաստիկ հարձակողական հոդվածներ տպվեցին հայերի եւ նրանց հեղափոխական կուսակցության դեմ։ Այս բավական չէր, կայացավ բողոքի միտինգ. Դաշնակցությունը դատապարտվում էր մանավանդ այն պատճառով, որ իրեն սոցիալիստական կուսակցություն է անվանում եւ, սակայն, պատրաստվում է կռվել մի ուրիշ ազգի ազատության դեմ։
Աղմուկը շարունակվեց` մինչեւ որ հետագա լուրերը եկան հանգստացնելու բուլղար ուսանողներին։ Ո՛չ Թուրքիան պատերազմ հայտարարեց Բուլղարիային, ո՛չ էլ Դաշնակցությունը միացրեց իր զինական ուժերը թուրքական բանակին։
Շուտով, սակայն, ես կտրվեցի աշխարհից` մտնելով դոկտոր Ռուի հիվանդանոցը, ուր ենթարկվեցի ծանր վիրահատության, տեսա գերեզմանս, բայց էլի կյանքին վերադարձվեցի։ Եվ առաջին շշուկներից մեկը, որով կյանքն ինձ նորից ընդունեց իր մեջ, այն էր, որ Կովկասում ռուս կառավարությունն սկսել էր ձերբակալել դաշնակցականներին։ Ինձ, ճիշտն ասած, փոքր-ինչ անբացատրելի թվաց այդ նորությունը։ Թուրքական հեղափոխությունից ամիսներ առաջ, 1907-1908-ի ձմռանը, հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ այնքան էին լարվել, որ պատերազմը գրեթե անխուսափելի էր համարվում։ Թուրքական զորքերը կուտակվում էին սահմանի մյուս կողմում, ռուսներն էլ մեծամեծ պատրաստություններ էին տեսնում Ալեքսանդրապոլի եւ Կարսի երկաթուղիների վրա։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ թեեւ ռուս կառավարությունը մի կողմից աշխատանք էր թափում Դաշնակցությանը ոչնչացնելու, բայց մյուս կողմից` կովկասյան բանակի շտաբն իր ռազմական ծրագրերի մեջ ունի որոշում` օգտվելու, պատերազմի դեպքում, դաշնակցական զինվորությունից՝ առաջապահ-հետախուզական ծառայության համար։ Շտաբն, իհարկե, միշտ գտնվում էր միայն Թիֆլիսում պահված 7 հազար զինվորների առասպելի ազդեցության տակ։
Բայց բանն այդ չէր։ Կարսից Թիֆլիս եկավ շտաբի սպաներից մեկը` հատկապես Դաշնակցության հետ բանակցություններ վարելու։ Ինձ շատ լավ հայտնի էր, որ այդ սպան դաշնակցական շեֆերի հետ իր ունեցած առաջին տեսակցության միջոցին ասել էր. «Պարոններ, ես զինվոր եմ, քաղաքական հարցերի հետ առնչություն չունեմ եւ բացարձակապես հայտնում եմ, որ ձեր մարտական ուժերի աջակցությունը մեզ անհրաժեշտ է եւ շատ ցանկալի։ Խոսենք, թե ինչ պայմաններով կարող եք դուք օգնել մեր զորքին»։ Սակայն շեֆերն այս անգամ գովելի խոհեմություն էին ցույց տվել` ասելով, թե պատերազմի դեպքում Դաշնակցությունը չեզոք դիրք կբռնի, որովհետեւ Թուրքիայում ունի մի անպաշտպան ժողովուրդ, որ սրի կքաշվի, եւ ոչ ոք չի լինի, որ բռնի թուրքի ձեռքը, ինչպես որ չի եղել մինչեւ այսօր։ Համաձայնություն չկայացավ։ Ինձ այն ժամանակ մի իրազեկ հայ սպա պատմում էր, թե պատերազմի դեպքում ռուսական ծրագրի առաջին կետերից մեկն է` առատությամբ զենք մտցնել Թուրքահայաստան, անթիվ ու անհաշիվ բաժանել հայերին եւ ապստամբեցնել նրանց։
Այս հանգամանքները թելադրում էին հավատալ, որ Դաշնակցությունը, ինչ էլ լինի, հայտնի դեպքերում պետքական պիտի համարվի ռուսաց կառավարության համար։ Այս տեսակետից էր ինձ փոքր-ինչ անբացատրելի երեւում այն հալածանքը, որ հարուցվում էր Դաշնակցության դեմ։ Բայց, երբ դեկտեմբերին իմ ծանր հիվանդությունից ապաքինված վերադարձա Թիֆլիս, տեսա, որ դրությունն իսկապես շատ լուրջ է։ Խուզարկությունները եւ կալանավորությունները գնալով սաստկանում էին։ Ձերբակալվեցին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը եւ ուրիշ շատերը։ Դաշնակցության արգանդից դուրս եկած միհրանականությունն այժմ սպառնում էր ամբողջապես լափել նրան։ Միհրանը բանտարկված էր եւ մեկիկ-մեկիկ մատնում էր իր նախկին կուսակցական ընկերներին։ Բայց չարիքի աղբյուրը միայն նա չէր։ Ստոլիպինն արդեն չափազանց հղփացած էր ռեակցիայի հաջողությամբ եւ վճռել էր տեռորի ենթարկել հայ ժողովրդին, ու այս բանը կատարում էր Շչեգլովիտովը` հիմք դնելով նմանը չտեսնված մի վիթխարի քաղաքական դատի։ Նախնական քննությունն արտակարգ լիազորություններով հանձնվեց Նովոչերկասկի քննիչ Լիժինին, որի մի հատ ակնարկով հարյուրավոր մարդիկ բանտ էին նետվում։
Խուզարկությունները շատացան մանավանդ 1909-ի գարնանը, երբ ձերբակալվեցին Ահարոնյանը եւ ուրիշ շատերը։ Թվում էր, թե այդ մի ընդհանուր հալածանք է հայ ինտելիգենցիայի դեմ, որովհետեւ դաշնակցականների հետ ձերբակալվում էին եւ շատ ոչ դաշնակցականներ, նույնիսկ եւ Դաշնակցության հակառակորդներ։ Խուճապը կատարյալ էր։ Գիշերները մարդիկ հանգիստ քուն չունեին։ Յուրաքանչյուր ձայն ու թխկոց կարծել էր տալիս, թե եկան խուզարկելու, տանելու։ Ամեն մեկը շտապում էր իր գլխի ճարը տեսնել։ Կային եւ այնպիսինները, որոնք դիմում էին անում «հայոց պաշտպան» Վորոնցով-Դաշկովին, որը, սակայն, պատասխանում էր, թե այդ գործի մեջ ինքը որեւէ մասնակցություն չունի։ Բայց ոչ ոք, իհարկե, չէր հավատում այս չքմեղությանը։
Եվ գիտե՞ք ինչ մեղադրանքով էին այնքան կալանավորություններ կատարվում։ Հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար. այն կռիվներին, որոնք ամբողջովին ռուս կառավորության գործն էին եւ որոնց համար, սակայն, ոչ մի չինովնիկ պատիժ չէր կրում։ Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց, հալածում էին միայն հայերին, թե ինչու նրանք զենք են վերցրել եւ իրենք իրենց պաշտպանել։ Այսքան ահա անառակ էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը։ Ինչ խոսք, որ եթե կառավարությունն այդպիսին էր, պատճառն այն էր, որ հենց ինքը Նիկոլայն էլ այդպիսին էր։ Մայիսին նրան էր ներկայացել նորընտիր կաթողիկոս Իզմիրլյանն ու խնդրել բանտարկյալների ազատությունը։ «Մինչ դուք տեղ կհասնեք (Էջմիածին), ամենքն արդեն ազատված կլինեն», – պատասխանել էր Նիկոլայը։ Բայց սա մի «ամենաողորմած» ստախոսություն էր։
Դ
Սարսափ եւ հուսահատություն էր Կովկասի հայության մեջ։ Իսկ սահմանից այն կողմ` Թուրքիայում, հանդարտություն եւ ազատություն էր։ Դիրքերը փոխվել էին։ Մինչ այդ Թուրքիայից հալածվածները Ռուսաստան էին փախչում, այժմ Ռուսաստանից խմբերով փախչում էին Թուրքիա եւ այնտեղ ապահովություն եւ պաշտպանություն գտնում։ Կ.Պոլիսը լցված էր զանազան տեղերից գնացած հեղափոխականներով, ուսանողներով եւ այլն։ Թիֆլիսից փախած մի խումբ դաշնակցական մտավորականներ հաստատվել էին Էրզրումում եւ եռանդով գործում էին. բավական ազդեցիկ «Յառաջ» թերթն էին հրատարակում, իրենց ձեռքն էին առել դպրոցական գործը։ Էրզրումը կուլտուրական կենտրոնի նշանակություն էր ստացել։
Բայց հանկարծ, անսպասելիորեն, այս գարնանային գեղաժպիտ օրը մթագնեց. սարսափի ձայնն է բարձրանում Կիլիկիայից։ 1909-ի գարնանը Աբդուլ-Համիդը հեղաշրջում էր կատարել Կ.Պոլսում` ոտքի կանգնեցնելով երիտթուրքերի թշնամի պահպանողական տարրերին, որոնց միացել էին եւ Կ.Պոլսում գտնված թուրքական զորքերը։ Այս լուրն առնելուն պես Սալոնիկի բանակն արշավանք սկսեց Կ.Պոլսի դեմ, եկավ-գրավեց մայրաքաղաքը, վերականգնեց սահմանադրությունը։ Աբդուլ-Համիդն այս անգամ գահընկեց եղավ եւ աքսոր ուղարկվեց Սալոնիկ։ Բայց մինչեւ այդ, քանի դեռ իր արյունոտ գահի վրա էր, այդ հրեշը կատարեց իր վերջին հրեշային ոճիրը` հրամանագրելով հայերի ջարդ Ադանա քաղաքում եւ շրջականերում. մի ջարդ, որին զոհ գնաց մոտ 30 հազար անմեղ մարդ։
Այսպիսով սաստիկ վարկաբեկվում էր Թուրքիայում հաստատված ռեժիմը։ Բանից դուրս էր գալիս, որ հեղափոխական մեղրալուսինը լոկ խոսքերից եւ ծեսերից էր բաղկացած, որ պառլամենտական Թուրքիայում էլ հայ ժողովուրդն ապահով չի կարող համարվել ջարդերից։ Երիտթուրքերի կուսակցությունն ամեն ջանք գործադրում էր ցույց տալու համար, որ Ադանան ամբողջովին հին ռեժիմի ոճիրն է։ Բայց այս ջանքերը չպսակվեցին կատարյալ հաջողությամբ։ Մնացին շատ կասկածներ, որոնք ապացուցում էին, թե երիտթուրքերն էլ անմեղ չեն։ Այս ապացույցների շարքին էր պատկանում նախեւառաջ այն, որ երիտթուրքերը, նորից իշխանության տիրանալով, ամեն կերպ աշխատում էին խեղդել Ադանայի գործը։ Բավարարություն չէին տալիս հայերի արդար պահանջներին եւ այլն։
Բայց պետք է խոստովանել, որ այս տրամադրությունը պատահական եւ քմածին չէր։ Կար եւ հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում։ Նրանք ազատություն էին ստացել եւ կարծում էին, թե այդ անծայր եւ անսահման մի ազատություն է։ Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում։ Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է, եւ որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ-Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նրա մեջ ապրողը, գործողը հին միդհատյան իդեալն է` բոլոր ազգությունների ձուլումը մի ընդհանուր անվան` օսմանացիության մեջ։
Իրական ուժը, նա, որ տիրապետում էր եւ հրամայում, այսպես էր։ Նա նույնիսկ լսել չէր ուզում ապակենտրոնացման մասին, որ ծրագրային սկզբունք էր իշխան Սաբահեդդինի կուսակցության համար. այնպես որ, Սաբահեդդինը ստիպված էր նորից հեռանալ Թուրքիայից։ Իսկ հայերը, ինչպես վերեւում ասացի, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաեւ իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին` անկախ230 կամ գեթ ինքնավար Հայաստան` որքան կարելի է շուտ ստեղծելու համար։ Կիլիկիան Հնչակյան կուսակցության գործողությունների վայրն էր։ Հնչակյաններն ամենագրգռիչ դիրք էին բռնում։ Նրանք հրատարակում էին «Ինքնավար Հայաստան» անունով թերթ, դաշնակցում էին ապակենտրոնացում ընդունող թուրք կուսակցության, ասել է` երիտթուրքերի կատաղի թշնամիների հետ, զինում էին կիլիկիացիներին, իսկ Ադանայի պոռոտախոս առաջնորդ Մուշեղ եպիսկոպոսը իր քարոզների մեջ խրատում էր, որ ամեն մեկը զենք գնի, պատրաստվի։ Թուրքերն էլ իրենց կողմից էին զինվում։ Եվ մի օր, իհարկե, պիտի գար, երբ այդ զենքերն իրենք իրենց պիտի պայթեին։ Այդպես էլ եղավ Աբդուլ-Համիդի սկսած պետական հեղաշրջման հետեւանքով եւ նրա հետ կապված։ Եվ երիտթուրքերը չպիտի լինեին գլուխ պատռողները, որ թուրքական հին ռեժիմը չջարդի հայկական հին ռեժիմը։ Ընդհակառակը, նրանք իրենք էլ ընդունում էին նույն այդ մեթոդը` նոր ռեժիմի միատարր օսմանցիության ռեժիմի հաղթանակի համար։
Այս տեսակ վերաբերմունքը դեպի Ադանայի ջարդը, այնուամենայնիվ, մազի չափ չվնասեց այն մոտիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության եւ երիտթուրքերի միջեւ։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունն այլեւս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը եւ չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Գարշելի եվրոպապաշտությունից Դաշնակցությունը թվում էր բուժված։ Եթե այս ընդմիշտ էլ չէր, այլ գեթ երկար ժամանակով, չէր կարելի սա չհամարել ինքնադաստիարակության գնահատելի նվաճում։ Ոչ միայն այս։ Օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով։ Եվ երբ «Բյուզանդիոն»231 լրագրի խմբագիր [Բյուզանդ] Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որ ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրեւ ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա եւ ծեծեց։
Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար` նա նույնիսկ պաշտոնապես, գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առ ու ծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի… Մնում էր, որ հին ավանդական սովորությանը հետեւելով` Կ.Պոլսի հայոց պատրիարքը բողոք բարձրացնի Ադանայի վերաբերմամբ գործադրված անարդարությունների դեմ։ Ինչպես սովորություն էր, Դուրյան պատրիարքն այդ բողոքի հետ ներկայացրեց եւ իր հրաժարականը։ Այն ժամանակ նրա դեմ խիստ եւ երկարատեւ արշավանք սկսեց Դաշնակցությունը` պահանջելով, որ նա ետ վերցնի իր հրաժարականը եւ, առհասարակ, չխառնվի այնպիսի գործերի մեջ, որոնք զուտ կրոնական հանգամանք չունեն։ Մի պահանջ, որ երիտթուրքերն էլ էին առաջ քաշել։
Այսպես սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ եւ թուրք երկու կուսակցությունների մեջ։ Երիտասարդ թուրքերը դեռ պատճառ չունեին իրենցից խրտնեցնելու դաշնակցականներին։ 1909-ի պետական հեղաշրջումից հետո խախուտ մի կայունություն էր ստեղծվել նրանց համար։ Հարկավոր էր մրցություն հակառակորդ պահպանողական կուսակցության դեմ, եւ այդ մրցության մեջ դաշնակցականների աջակցությունը կարեւոր էր։ Մերձակցությունը երկու դաշնակից կուսակցությունների շեֆերի մեջ ընդունում էր անձնական-մտերմական կերպարանք։ Այսպես, Մալումյան-Ակնունիի եւ շատ ազդեցիկ երիտթուրք Թալեաթ-բեյի232 հարաբերությունները սերտ ընկերական էին։ Ապագան ցույց տվեց, թե ինչ սոսկալի կեղծիք կա այդ բարեկամության մեջ։
Եվ այսպես, Դաշնակցությունը ցույց էր տալիս, որ իր համար այժմ ամեն ինչ է կուսակցական եսամոլությունը։ Թուրքիայում այդպիսի մի արտոնված դիրք ստեղծելը նրա համար շատ կարեւոր էր` նախեւառաջ նկատի առնելով այն տագնապն ու տեռորը, որոնց ենթարկված էր կուսակցությունը Ռուսաստանում։ Հենվելով երիտթուրքերի համակրության վրա` Դաշնակցությունը մի ամբողջ արշավանք էր կազմակերպում ցարական բյուրոկրատիայի դեմ` դրանով իհարկե մեծ հաճույք պատճառելով ամբողջ օսմանցիությանը, որ շատ լավ գիտեր, թե ցարիզմն է Թուրքիայի դարավոր անհաշտ եւ ահարկու թշնամին։ Ահա մի թռուցիկ, որ բաց թողեց Դաշնակցությունը կովկասյան բանտարկությունների առիթով։
«Հայրենակիցնե՛ր.
Տասնյակ տարիներ շարունակ հայ հեղափոխության օրրանը հանդիսացող Կովկասն այսօր ցավագնորեն կտնքա բռնապետական բիրտ ուժի տակ։
Հայ ժողովրդի լավագույն մեկ սերունդը երկրորդ տարին է, որ կտառապի այնտեղ՝ ցարին հրեշավոր բանտերուն մեջ։ Ռուսական հեղափոխության շարժումներեն հետո ասպարեզն այժմ անզուսպ ռեակցիային է մնացել, որ շլացած իր արյունոտ հաղթանակներեն՝ կուռչի եւ անողոք կհարվածե եւ կտրորե հայ ժողովրդի լավագույն սերունդը, եւ ուսուցիչ թե բանաստեղծ, վաճառական թե արհեստավոր, մտավորական թե բանվոր, հեղափոխական թե խաղաղ քաղաքացի, ու բոլորը կտառապեն բանտերու մութ կամարներուն տակ։
Հայրենակիցնե՛ր, մեր ցավի ու կսկիծի օրերուն՝ մեր կողքին ապրող, մեր ցավով տանջվող հարազատներն են անոնք…
Սահմանի այս կողմը՝ Օսմանյան հողի վրա ազատություն կա այսօր, բայց սահմանի մյուս կողմը ցարիզմի խելացնոր կառավարությունն է իշխողը…
Սահմանադրության ազատությունները վայելող տաճկահայ ժողովուրդը երբեք չկրնար անտարբեր մնալ ի տես ոստիկանական այն բիրտ ճնշումներուն, որոնց ենթակա են մեր հարազատները, որ օր ու գիշեր այս խորունկ հավատով ու այս գիտակցությամբ է, ահա, որ ՀՅ Դաշնակցության արեւելյան շրջանի ռայոնական ժողովը կոչ կնե թուրքահայ ժողովրդի բոլոր խավերուն անխտիր, որ անոնցմե ամեն մեկը փութա հասցնել նյութական օգնություն կովկասահայ քաղաքական բանտարկյալներուն. անոնց անխնամ մնացած ընտանիքներուն եւ սիրելիներուն շուտափույթ օգնություն անհրաժեշտ է…
Հայրենակիցնե՛ր, ուղղելով ձեզ ներկա կոչը` ՀՅԴ արեւելյան շրջանի ռայժողովը միանգամայն աներկբա է, որ թուրքահայ ժողովուրդը պիտի շտապի անմիջապես պատասխանել անոր, իր ունեցածեն առատ մաս հանել իր տանջվող եղբորը…»։
Միաժամանակ դաշնակցականները, երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բողոքի եւ ցասման միտինգներ էին կազմում Կ.Պոլսի հայոց եկեղեցիներում, ուր որոտալից ճառեր էին արտասանում ցարական բռնակալության դեմ…
Մտերմությունն, այո՛, մեծ էր եւ սքանչելի։ Եվ ո՞վ կարող էր մտքով անգամ անցկացնել, թե ամենաշատը մի տարուց հետո քամին ուրիշ տեղից պիտի փչի եւ մեր դաշնակցականներին քշի տանի բոլորովին հակառակ ուղղությամբ…
Ե
1909-ի հալածանքներն այնքան նեղ կացություն էին ստեղծել դաշնակցականների համար, որ նրանք հնարավորություն չունեին իրենց թերթի խմբագրությունը վարելու։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անպակաս էին լինում նույնիսկ խմբագրատան մեջ. այդ պատճառով աշխատակիցները վախենում էին գնալ այնտեղ։ Ամռանը փակված թերթի փոխարեն սկսեց հրատարակվել «Հորիզոն» անունով թերթը, բայց հրատարակությունը շատ կրճատ էր։ Թերթի տնտեսական կառավարիչը, չգիտեմ, իր կատարած վատնումների՞, թե՞ մի այլ պատճառով, ինքնասպանություն գործեց։ Թերթը դադարեց, եւ այսպես շարունակվեց մի քանի ամիս։
Աշնան վերջերում իմ դաշնակցական ծանոթներից մի քանիսը սկսեցին երթեւեկել ինձ մոտ եւ առաջարկեցին ինձ հանձն առնել «Հորիզոնի» խմբագրի պաշտոնը։ Ես բացեիբաց մերժեցի` ասելով, որ երբեք կուսակցության մարդ չեմ եղել եւ չեմ կարող կուսակցության թերթ խմբագրել։ Սակայն ինձ հետ բանակցողներն, ինչպես ասվում է մեզանում, ձեռք չվերցրին ինձանից։ Նրանք փոխակերպեցին հարցն այսպես. «Հորիզոնը» կուսակցական թերթ չէ, կազմում է իրենց` այդ երեք հոգու սեփականությունը, հրատարակվում է նրանց միջոցներով. նրանք ղեկավարվում են այն ցանկությամբ, որ հրապարակում լինի մի մաքուր եւ ազնիվ թերթ` առաջադիմական ուղղությամբ։ Ինձ տրվում է կատարյալ ազատություն։ Կարող եմ նույնիսկ Դաշնակցության դեմ գրել, քննադատել նրա գործողությունները։ Բացի իմ հիշած երեք անձնավորություններից` երկար ժամանակ ինձ համոզում էր նաեւ դաշնակցական հայտնի շեֆ Խաժակը233։ Նա ինձ հավատացնում էր ամենայն անկեղծությամբ, իբրեւ ազնիվ մարդ, որ ձեռնարկությունը ոչինչ կուսակցական հանգամանք չունի, որ նա զուտ կուլտուրական-գրական մի գործ է։ Այսպես էլ մենք խոսեցինք եւ պայմանավորվեցինք բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ, նրա նշանադրության գիշերը, եւ ես վերջապես համաձայնությունս տվեցի։ Պիտի ասեմ, որ այս բանակցությունների ժամանակ ես միշտ խորհրդակցում էի իմ երկու մտերիմների` Ղազարոս Աղայանի եւ Հովհաննես Թումանյանի հետ։ Միասին որոշեցինք դարձնել «Հորիզոնը» հայ գրողների օրգան, մանր-մունր հրապարակախոսական առօրեություններից ավել մշակել գրականության հարցերը, բարձրացնել նրա նշանակությունը։ Միայն երկուսի համաձայնությունը ստանալուց հետո էր, թե կաշխատակցեն ինձ, ես վերջնական խոսք տվի, եւ դեկտեմբերի սկզբին լույս տեսավ «Հորիզոնի» համարը` իմ ստորագրությունը կրող մի առաջնորդողով, որի մեջ ես հայտարարում էի, թե «Հորիզոնը» ոչ մի կուսակցության չի պատկանում։ Այս միեւնույնը միաժամանակ վկայում էր եւ Խաժակը «Тифлисский листок»234 լրագրում տպված իր հոդվածի մեջ։
Միայն շատ ուշ, 1917-ի հեղափոխության օրերին, դաշնակցական շեֆ Կարճիկյանը235 մի վիճաբանության մեջ ինձ ասաց, թե Դաշնակցությունն իր օրգանն է համարել «Հորիզոնը» նաեւ իմ խմբագրության օրով, երբ նա անկուսակցական էր հայտարարված եւ հարձակվում էր Դաշնակցության վրա։ Բանից դուրս էր գալիս, որ դաշնակցական կոմիտեն է եղել ինձ մոտ իմ հիշած երեք անձնավորություններին եւ Խաժակին ուղարկողը, ինձ առաջարկություններ անողը։ Ես ուրիշ բան չգտա անելու այդ հանկարծական հայտնագործման դեմ, բայց միայն դիմեցի միեւնույն սեղանի շուրջը նստած երեք անձնավորություններին եւ ասացի. «Դուք, ուրեմն, խաբեբաներ եք եղել»։ Պատմում եմ այս իբրեւ Դաշնակցությանը բնորոշող մի փաստ։ Ինքս իմ խղճի եւ համոզմունքի առջեւ խաբված չեմ համարում եւ վկա եմ կանչում իմ բոլոր գրությունները «Հորիզոնի» մեջ։ Սկզբից եւեթ ես քննադատողի դիրք բռնեցի Դաշնակցության դեմ։ Ես էի, որ դատապարտեցի դաշնակցականների համաձայնությունը երիտթուրքերի հետ եւ Ադանայի աղետը ծախու հանելը լոկ կուսակցական եսամոլության շահերի համար։
Ես էի, որ բողոքեցի Բյուզանդ Քեչյանին ծեծի ենթարկելու դեմ։ Միհրանը սպանվել էր դաշնակցականի ձեռքով, երկաթուղու վագոնում։ Միհրանի եղբայրը` Հաբեթը, վրեժ հանելով սպանել էր Կ.Պոլսից Էրզրում վերադարձող Եղիշե Թոփչյանին։ Թուրք կառավարությունը բռնել եւ կախաղան էր հանել Հաբեթին։ Թոփչյանի կինը գնացել էր հանդիսավորապես ներկա լինելու այդ պժգալի տեսարանին։ Ես դատապարտեցի այդ վարմունքը։
Դաշնակցականները համբերում էին, բայց ոչ երկար։ Համբերության բաժակը լցրեց Հովհաննես Թումանյանը, որ մի ուժեղ պատասխան տպեց Կ.Պոլսի այն դաշնակցականների դեմ, որոնք, ինչպես պատմեցի վերեւում, բողոքի եւ զայրույթի միտինգ էին կազմել երիտթուրքերի հետ միասին Ռուսաստանի դեմ` դաշնակցականների կալանավորումների առիթով։ Տպավորությունն ուժեղ էր մանավանդ այն պատճառով, որ ինքը` նշանավոր բանաստեղծն էլ մեկն էր այդ կալանավորներից. արձակվել էր գրավականով եւ, իբրեւ այդպիսին, հիշեցնում էր Կ.Պոլսի դաշնակցականներին, թե նրանք ապրում են մի «ազատ» երկրում, ուր երեկ-անցյալ օրը խողխողվեցին 30 հազար հայեր։ Թիֆլիսի կոմիտեն կատաղությունից գիշերը տպարանից փախցրեց «Հորիզոնի» կլիշեն եւ հրատարակեց իմ դեմ մի թռուցիկ, որի մեջ ինձ անվանում էր դավաճան։ Ես հարկ եղած պատասխանը տվի «Հորիզոնի» մեջ` ասելով, թե չեմ ուզում գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց համար մարդ սպանելը մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ է։ Եվ վեց ամիս դրամական սոսկալի տագնապի մեջ խմբագրի պաշտոնը վարելուց հետո, ես թողեցի ամեն ինչ եւ հեռացա։ Աշնան վերջերին, վերադառնալով Թիֆլիս` տեսա, որ «Հորիզոնի» խմբագրի պաշտոնի մեջ է Հովհաննես Թումանյանը։ Երեք հոգով` նա, Ղազարոս Աղայանը եւ ես, լծվեցինք խմբագրական գործին։ Հրապարակում երեւացել էր մի նոր տիպի մարդ` կապիտալիստ Համբարձում Մելիքյանը, որ ուզում էր գնել «Հորիզոնը»։
Դուք տեսաք Դաշնակցության «բանաստեղծությունն» իմ վերաբերմամբ. ես… դավաճան։ Հարցրե՛ք հիմա, թե ինչպես էին վերաբերվում Դաշնակցությանը նրա սիրելիներն ու հարազատները, նրա հացով մեծացողները։ Խաժակը դուրս եկավ բանտից երաշխավորությամբ, եւ ես հարցրի նրան, թե ինչպես անցավ քննությունը, նա պատասխանեց ամենայն հանգստությամբ. «Ոչինչ։ Ես ասացի, որ դաշնակցական չեմ եւ ոչ մի Դաշնակցություն չեմ ճանաչում, այլ պարզապես ձախ ուղղության պատկանող մի գրող եմ»։ Եվ այսպես էր այն ամբողջ դաշնակցական զանգվածը, որ ընկել էր Լիժինի ձեռքը։ Ոչ ոք, բացի մի երկուսից, քաջություն չունեցավ խոստովանելու, թե ինքն, այո՛, Դաշնակցությանն է պատկանում։ Եվ այս խայտառակ իրողությունը մեծ շփոթություն էր պատճառել Պետերբուրգի այն փաստաբաններին, որոնք հանձն էին առել դուրս գալ Դաշնակցության գործում իբրեւ պաշտպաններ։ Այնպես որ, նրանցից երկուսը եկել էին Կովկաս` հայ հեղափոխական անվանվածներին փոքր-ինչ խրատելու համար։
Ես շատ լավ հիշում եմ այն երեկոն Տիգրան Հովհաննիսյանի մոտ, ուր մենք` մի խումբ հայ ինտելիգենտներ, հրավիրված էինք լսելու այդ երկու փաստաբանների (եթե չեմ սխալվում` Սոկոլով եւ Զարուդնի) զեկուցումը։ Լսեցինք։ Նրանք ասում էին, թե դաշնակցականների գործի մեջ պաշտպանների դրությունը շատ դժվարացնում է այն հանգամանքը, որ բոլոր մեղադրվողները միաբերան ժխտում են իրենց պատկանելությունը Դաշնակցություն կուսակցությանը։ Խոսքն այնպիսինների մասին չէ, որոնց պատկանելությունը ապացուցված չէ։ Ցավն այն է, որ Դաշնակցությունից հրաժարվելով հրաժարվում են եւ այնպիսինները, որոնց դաշնակցական լինելու մասին պարզ եւ անհերքելի ապացույցներ կան գործի մեջ։ Ուստի, անհրաժեշտ էր համարվում ներգործել այդպիսինների վրա, որ նրանք թողնեն պաշտպանության այդպիսի ժխտողական ձեւը, որից հետո փաստաբաններին կմնա ջանք գործ դնել նրանց պաշտպանությունը լավագույն կերպով տանելու համար։
Մեր ուշադրությունը լարման աստիճանին հասավ այն վայրկյանից, երբ երկու իրավաբանները սկսեցին զուգակշիռներ դնելու համար փաստեր բերել ռուս հեղափոխականների կյանքից։ Նրանք վարել էին շատ քաղաքական գործեր, այն էլ այնքան կարեւոր եւ ծանր գործեր, որոնց հետ համեմատած` դաշնակցական գործը շատ համեստ մի բան է։ Դատավճիռները մեծագույն մասամբ կախաղանի էին հանգում, եւ մեղադրվածները գնում էին իրենց կյանքը դահիճներին տալու մի ջերմեռանդ պատրաստակամությամբ, կարծես մի սրբազնագործություն էին կատարում։ Եվ այսպես ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Պատմվեց մի այսպիսի դեպք. փաստաբանը խնդրում-աղաչում է մի մեղադրվող օրիորդի, որ նա միայն մի բան ասի` այն, որ երբ իրեն հարցնեն՝ եղե՞լ է նա այսինչ ժողովում, պատասխանի` ոչ, այսպիսով նա կազատվի կախաղանից։ Բայց օրիորդը չի համաձայնում. «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե չեմ եղել, երբ եղել եմ»։ Անօգուտ են խնդրանքները։ Եվ հուսահատված պաշտպանը, իբրեւ վերջին միջոց, խնդրում է, որ նա գոնե ասի, թե չի ուզում պատասխանել իրեն տրված հարցերին, այդ նրա իրավունքն է։ Աղջիկը միայն այդ բանին է համաձայնում։ Ամբողջ երեկոն եւ հետո նաեւ ընթրիքի վրա այդպիսի պատմություններ էին լսվում, անձնազոհության, ինքնամոռացման, կամավոր եւ սրբազնագործ ողջակիզման պատմություններ։ Ես հիացած, վերացած էի, ամբողջ ժամանակ աչքիս առջեւ էր Տուրգենեւի նկարած աղջիկը, որ մտնում է հեղափոխության տաճարի մեջ, եւ նրա ետեւից լսվում է «Սրբուհի՜» բացականչությունը։ Եվ այս ծիածանային երեւույթի առջեւ, որքան բիրտ ու ցուրտ էր մեր իրականությունը։
Եվ սակայն, դաշնակցական ինտելիգենցիան ցույց էր տալիս, թե առանց հեղափոխության ինքն ապրել չի կարող, թե նրան հարկավոր է հեղափոխությունը, ուր եւ ինչպես ուզում է լինի։ Ահա Պարսկաստանի հեղափոխությունը, որ հաջորդել է թուրքականին եւ երիտթուրքերի կողմից ամեն կերպ աջակցություն գտել։ Պարսկաստանում մի բուռ հայություն կա, որի գոյությունը միշտ նկատվել է իբրեւ մի շնորհ, որ անում են նրան շահերը, կալվածատերերը եւ հոգեւոր պետերը։ Եվ հանկարծ, այդ փոքրիկ ու խղճուկ ժողովուրդը դառնում է աշխարհ դղրդացնող մի հեղափոխական ուժ, որ ջարդում է շահի զորքերը, շահին փախցնում է։ Ինչպե՞ս է բանն այսպես դառնում։ Կովկասյան հալածանքներից փախած դաշնակցականներ, որոնցից հռչակվում է մանավանդ մեկը` Եփրեմ236 անունով, գնում են Պարսկաստան, միացնում են իրենց հետ զանազան եկվոր տարրերի եւ սկսում ֆիդայական պատերազմ, որ Պարսկաստանի նման խեղճ եւ անկազմակերպ մի երկրում, իհարկե, անհամեմատ ավելի մեծ հաջողություն պիտի գտներ, քան Թուրքիայում։
Եվ ահա, ոգեւորությունն ու ինքնագովությունը դարձյալ մեծամտության ցույցեր են հանդես բերում Ժնեւից մինչեւ Թավրիզ։ Պարսկաստան է շտապում եւ գլխավոր շեֆերից մեկը` Ռոստոմը։ Ռուսաց կառավարությունն իր շահերին հակառակ է գտնում պարսկական հողափոխությունը, զորքեր է մտցնում Թավրիզ եւ Սալմաստ ու ամեն տեղ իր առջեւ ցցված տեսնում Դաշնակցությանը` իբրեւ հակառակորդ։ Դաշնակցականների մի մասը քաշվեց Ռոստոմի հետ դեպի հարավ եւ անցավ Թուրքիա։ Եփրեմը («Գարիբալդի» հորջորջված դաշնակցական գաղափարախոսներից) սպանվեց, ինչպես եւ պետք էր սպասել, պարսիկների ձեռքով։ Եվ վերջիվերջո դուրս եկավ, որ այս պարսկական ձեռնարկումը մի արկածախնդրություն էր` առանց որոշ նպատակի, հենց այնպես, հեղափոխություն կատարած լինելու համար։
Այս առիթով ես մի բանավեճ ունեցա դաշնակցական գործիչ Արշակ Ղազարյանի հետ «Հորիզոնի» մեջ։ Ես աշխատում էի ապացուցել, որ դաշնակցականներն իրենց ֆիդայական կռիվներով վտանգում են մի բուռ թշվառ ու անպաշտպան պարսակահայ ժողովրդին` տալով նրան` մահմեդական ծովի մեջ ընկած այդ մի կաթիլին վտանգավոր, քայքայիչ մի տարրի համբավ։ Նա ինձ պատասխանեց, թե պարսկահայ ժողովուրդը պիտի մասնակցի պարսկական հեղափոխությանը, որովհետեւ Պարսկաստանը նրա հայրենիքն է։ «Ի՞նչ օգուտ այդ ֆիդայական կռիվներից, ի՞նչ օգուտ այն պատերազմից, որ թեեւ հերոսական, բայց եւ այնպես փոքրիկ ու անկարող խմբերն օսմանյան հզոր պետությանը հայտարարել էին Թուրքիայում», – հարցնում էի ես։ «Ազգերն անմիջական օգուտի համար չեն հեղափոխություն կատարում, – պատասխանում էր Ղազարյանը, – օգուտը հետո կգա»։ Եվ փոխադարձաբար ինձ հարցում էր անում. «Ի՞նչ օգուտ տվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1848-ին»։ Հրաշալին այս անալոգիան էր` Ֆրանսիա եւ Սալմաստի մի երկու տասնյակ հայ գյուղեր։ Դաշնակցական վերամբարձ ռոմանտիզմը ոչ մի տարբերություն չէր տեսնում դրանց մեջ…
Ես` մեղավորս, կարծում էի, թե այս մի անբուժելի հեղափոխական է, հաճախ առանց որեւէ նպատակի, հաճախ անհեթեթ նպատակով։ Ես կարծում էի, թե բավական է, որ բուժվի շիլ գաղափարը, եւ մենք չէինք ունենա շիլ շարժումներ ու գործողություններ։ Ես, իհարկե, լավ չէի տեղեկացված։ Այս կողմից Հովհաննես Քաջազնունին ինձանից ավելի բախտավոր էր։ Ես նոր կարդացի նրա նշանավոր գրքույկի մեջ («Հ.Յ. Դաշնակցությունն անելիք այլեւս չունի»), թե նա ինքն էլ չէր հասկանում այն ժամանակ պարսկական արկածախնդրության բուն միտքը եւ երբ այս մասին հարցրեց Ռոստոմից, նա ասաց ժպտալով` Ռուսաստանից հալածված ենք, երիտթուրքերի հետ հաշտ ենք, ապա ի՞նչ անենք…
Այս, այո՛, բացատրություն է։ Այս, ճիշտ որ` պատճառ է… մարդիկ չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Մարդիկ չեն կարող գործազրկություն տանել։ Ի՞նչ անենք, որ նրանց գործն էլ հեղափոխությունն է։ Եվ նրանք որոնում էին այդ գործը, ստեղծում էին այն։
Եվ շուտով շատ ու շատ գործեր գտան նրանք իրենց համար։