Kitabı oku: «Պատմվածքներ», sayfa 7
4
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի վրա:
Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում, բացատրում էին գյուղացիք:
Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՜ հարձակվելու և թե հարձակման դիմադրելու ժամանակ:
Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը:
Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով:
Սարսափելի բան է գիլի ոհմակը. մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է: Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էլ են իրարից վախենում: Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու` շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու: Վախում են իրար ուտեն: Բայց ոմանք էլ ասում են` նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին:
Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը-ոչ մի նշանակություն չունեն:
Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք-չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ:
Ասում են: Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՜րն է ավելի սրատես: Գելն ասավ` մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա` հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած:
Արծիվն էլ թե` ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն: Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ:
Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը: Եվ էս ամենի հետ միասին` շատ խորամանկ:
Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է-չի հարձակվիլ: Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ. բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ:
Մի գյուղացի էսպես պատմություն արավ: Ասում էր. մի տարի թակարդ էի սարել: Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը: Միայն ոտիցն է ընկել ու ոտը փշրվել է, սատկել է: Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի: Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի էղած, մին էլ տեսնեմ վեր կացավ կաղին տալով փախավ: Հա՜յ հա հա՜յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը: Դու մի՜ ասիլ անտերը ստամեռնուկ է տված եղել:
Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում-ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում: Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար: Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց-պատրաստ ճամփա է լինում, մին էլ` որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել: Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը:
Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ: Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա: Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սառույցի վրա ճղատում ու վրա թափում, կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում:
Ոհմակը վտանգավոր է և մարդու համար: Եթե բազմություն չեղավ` մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան: Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է: Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն: Հիմի կասեք` հապա ինչի՞ց է վախենում գելը:
Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին:
5
Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, – առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը:
Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա: Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն է, որ կա: Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում: Էդ ծմակամը մի թալա (անտառումը բաց տեղ, բացատ) կա: էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են Գիլի թալա:
Մի ձմեռնամուտ իրիկուն սարիգոմերիցը տուն եմ գալի: Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է. իննը-տասը տարեկան էրեխա է: Որ եկանք էդ թալի դիմացը, մի շան ձեն ընկավ ականջովս: Ասի` ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում: Ձեն տվի.
– Ա՛յ չոբան, հե՛յ…
Էս ձեն տալն էր, էլի:
Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ` էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան…
Դու մի ասիլ, հաչողը գել է եղել: Ախր չէ որ գելը ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է:
Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի վրա թվանք չեն գցիլ. թվանք գցես թե չէ` ավելի կատաղի վրա կտան: Էրեխեն թե` ապի, էն ի՞նչ են:
Ասի` վախիլ մ՜ի, քեզ մատաղ, ղոչաղ կաց: Արի օգնի էս խաշամն (չոր տերև) ու չոր ճյուղերը հավաքենք: Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուխ ելավ: Մոտկորա ծմակը լիքը փետ: Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի. բոցն էլավ ծառերի ծերը:
Սրանք եկել են, ի՜նչքան են եկել. չորս կողմներս կտրել են.հեռու կանգնոտել ժընգժընգում են ու ատամները չխկչխկացնում: Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի (ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են: Մարդ մտիկ տալիս զարզանդում է:
Էրեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում:
– Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ… լաց մի՛ ըլի, որ լաց ըլես – կգան մեզ կուտեն…
Էրեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում…
Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը: Ի՞նչ անեմ: Հույսս դրել եմ կրակի վրա: Էն էլ փետը հատնում է, էրեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ, կրակին վրա տամ:
Մոտիկ մի ցըցչորի ծառ կար: Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կոտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ, կարմիր լույսն ընկել է ամբողջ ձորը:
Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպեր, էս ձորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի:
Մտածում են, մտածում ու ձեն են տալի:
Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է:
Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք:
Ձեն տվի.
– Շամիր հե՜յ… գիլի բոլուկ է. չորս կողմս կտրել են… էրեխեն հետս է… օգնեցեք հե՜յ…
Հենց էս կանչելն էր: Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին. – Վախիլ մի՜ք, վախիլ մի՛ք, գալիս ենք հե՜յ… Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում:
– Թոբլան հե՜յ, Ղայթար հե՜յ, Չամբար հե՛յ, Չալակ հե՛յ…
Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը:
Էստեղ էրեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ:
– Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, հրես կգան:
– Տղե՜ք, էս մեր Շամըրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ: Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց: Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները: Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը դրմբացնում է: Մին էլ Ստեփանս թե` «ապի, գելերը փախչում են»:
Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից:
Էլ գելն ո՞վ կտա: Ծմակի մթնումը կորան, գնացին:
Տղեքն եկան:
– Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր:
– Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես…
Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը խմբով եկանք տուն:
Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ: Կրակը մեզ ազատեց, – վերջացրեց խոսքը քեռի Անդրիասը:
6
– Ուստա Սարգիս, հիմի քո պատմությունն արա, – էս ու էն կողմից ձեն տվին գյուղացիք. – Շորագյալից գալիս ոնց էլա՞վ:
– Էլ ի՞նչ ասեմ, դե գիտեք էլի, – պատասխանեց ուստա Սարգիսը:
– Մենք գիտենք, ամա աղեն գիտի ոչ:
– Պա՜տմի, ուստա Սարգիս, պա՜տմի լսենք, տեսնենք Շորագյալի ճամփին քեզ հետ ի՞նչ է պատահել, – խնդրեցի ես:
Ուստա Սարգիսը զուռնաչի էր: Թինկը տված չիբուխ էր քաշում, վրա նստեց ու սկսեց պատմությունը.
– Շորագյալի ճամփին պատահած պատմությունն էսպես է, աղա ջան:
Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալ գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք:
Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է:
Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք: Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տները:
Գիտեմ ոչ Շորագյալ եղել եք թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա. էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ: Եկանք, ճամփին մութն ընկավ: Ծնկահար ձյուն. ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում: Ճամփեն էլ լավ չգիտենք: Գնա թե պետք է հասնես Արթիկ:
Էս մեր Դավիթն առաջին էր գնում: Մին էլ թե` տղեք եկեք, որ գեղը գտել եմ:
– Այ տղա, ո՞ւր է:
– Թե` հրեն ճրագները երևում են:
Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ հեռվում շատ ճրագներ են երևում: Միայն ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում:
Ասի` տղեք:
Թե` ինչ է:
Ասի` էս գեղ չի: Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ, ճրագները չեն երևալ, մին էլ որ` էս ճրագները որ տեսնում եք` ման են գալի:
Թե` բա էս ի՞նչ են:
Ասի` գելեր են: Գիլի բոլուկի բերան ենք ընկել, պատրաստվեցեք: Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը – էլ վախենում է, թե ինչ, – մոտ չի գալի: Զուռնա-դհոլը սարքեցեք: Էս խոսքումն ենք, տեսանք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատեն: Էնքա՛ն են, էնքան են, որ էլ հաշիվ չկա:
Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը-դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին, էս վերանա դաշտումը ածում ե՛նք: Զուռնա դհոլի ձենը վեր էլավ թե չէ – էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված:
Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՛նչ ոռնոց: Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են:
– Վայ ծիծա՜ղ, – էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք: – Ուստա Սարգիս, լավ է ծիծաղներդ գալիս չէր:
– Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր. դանակ տայիր` արյուն չէր կաթիլ:
– Ետո՞, ետո՞…
– Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ: Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմերս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են: Կարծես պար են գալիս: Գլուխներդ ինչ ցավեցնեմ. էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու: Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան: Մարդկանց ձեները հասնում է մեզ:
Ուրախությունից զուռնա-դհոլի ձենն ավելի զլեցինք:
Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում: Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան:
Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան-մնացին զարմացած: Տեսնում են` երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա:
– Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են:
Ասում ենք` հարսանքավորները ետ դառան գնացին: Չուզեցին ձեր գեղը մտնեն:
– Էդ ո՞վ էին որ…
– Գելերը…
– Ո՞նց թե գելերը…
– Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար էլանք, մեռնում ենք, մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք:
Տարան մի տաք օդա. բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել: Պատմում ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում:
Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք – ընկել ենք Պարնի գեղ:
7
– Դուք հո կրակն ու զուռնեն եք ասում, բայց գելը մի բանից էլ է վախենում, թե իմանաք ընչի՞ց, – հարց տվեց օտարականը:
– Թոկից, – ձեն տվին մի քանիսը:
– Ո՞նց թե թոկից, – զարմացան չգիտեցողները:
– Հա՜, ճշմարիտ է, թոկը որ ետևիցդ քաշ տամ` գելը կվախենա, մոտ չի գալ, – հաստատեց քեռի Անդրիասը:
– Ա՜յ տղա, թոկն ի՞նչ է, որ գելը թոկից վախենա:
– Ո՞վ գիտի, օձի տեղ է դնում, ինչ է, ի՞նչ իմանաս:
– Մեր գեղումը Եղո անունով մի ջահել մարդ կար, – պատմեց Շորագյալցին: – Մի շատ սրտոտ ու քաջ մարդ: Երեսին որ թուր բռնեիր` երեսը ետ չէր թեքիլ: Ինքն էլ թրի-թվանքի հետ խաղացող մարդ էր:
Սրանից մի 4-5 տարի առաջ մի ձմեռ գործով գնում է մեր հարևան գյուղերը ու մի քանի օր ուշանում: Մի երեխա ուներ, շատ էր սիրում: Մի իրիկուն լուր է առնում, թե բա` երեխեդ հիվանդ է, քեզ է ուզում: Վեր է կենում, թե` պետք է գնամ: Սրա առաջն են ընկնում, բռնում են, համոզում են, թե մութը գիշեր– հազար ու մի չար փորձանք, հազար ու մի գել ու գազան, սպասիր, ասում են, գիշերը լուսանի, կլուսանա կգնաս երեխիդ կտեսնես: Սա պըպին է կանգնում թե` չէ որ չէ, հենց էս կես գիշերին պետք է գնամ, թուրը վրես, ձին տակիս, ի՞նչ պետք է պատահի: Ինսանի թարսություն էլի: Չեն կարում հաղթեն, կես գիշերին ձի է նստում, ճամփա ընկնում: Կիսաճամփին գիլի բոլուկը սրան շրջապատում է: Դու մի ասիլ հետը թոկ ունի, ինքն էլ փորձված, բանգետ մարդ է. թոկը երկար բաց է թողնում ու ձիու ետևից քաշ տալիս: Գելերն էլ մոտ չեն գալիս, երկու կողմից թոկին մտիկ տալով վազ են տալի: Էսպես բավական տեղ անց է կենում: Մի տեղ էլ, ո՞նց է լինում, ի՞նչ է լինում, թոկի ծերը ձեռքից դուրս է պրծնում ու վեր է ընկնում: Սա ձին քշում է: Մի քիչ տեղ գնում է, գելերը վրա են տալիս: Թուրը հանում է հենց առաջին հասնողին տալիս… Դե գելերի սովորությունն էլ գիտեք էլի. մինը թե վիրավորվեց – մյուսները նրա վրա կթափվեն, կուտեն: Էդպես էլ ձիավորին թող են անում, վրա են թափում էս վիրավորվածին: Եղոս ձիուն մտրակում է, քշում, բավական տեղ քշած գնում է: Գելերը վիրավորվածին լափում են պրծնում, ետ նորից ընկնում սրա ետևից: Սա էլի ուզում է թուրը հանի, որ զարկի, քաշում է, քաշում, դուրս չի գալի: Տեսնում է` հասնում են իրեն–հերսից պատյանը ատամով կրծոտում է, ինչ անում է, չի անում` թուրը դուրս չի գալիս: Դու մի ասի` գիլին որ զարկել է, առանց արյունը սրբելու տեղն է դրել, արյունոտ թուրը կպել է պատյանին, ամրացել:
Էլ ի՞նչ երկարացնեմ, գելերը վրա են տալի, իրեն էլ են ուտում, ձիուն էլ:
Մյուս օրը լուրն եկավ. գնացինք տեսանք արնոտ ձյունի վրա իր ոսկորներն էլ, ձիունն էլ, թուրն էլ, պատառոտած շորերն էլ թափված, ցրված դեսուդեն:
– Բա էն մարդին, որ գելերը կերել էին` ձեզ էդ բոլորն ո՞վ պատմեց, – հարցրեց մի գյուղացի:
– Հապա մարդուս խելքն ու փորձն ընչի համար է, – պատասխանեց պատմողը: Գնացինք տեսանք ձընի պարզ հետքերը Երևում են, որ կողմից է եկել ու որտեղ է շրջապատել գիլի բոլուկը, որտեղից է եղոն սկսել թոկը քաշ տալ, մինչև որտեղ է քաշ տվել, որտեղ է ձեռիցն ընկել: Մի քիչ էլ գնացած է ու հետքերն իրար են խառնված, տակնուվրա են եղած, ու թափված են գիլի բուրդն ու ոսկորները: Նրանցից բավական հեռու էլ իրեն ու ձիուն են կերել: Թուրն էլ բերինք, տեսանք պատյանը մարդու ատամներով կրծոտած: Քաշեցինք, քաշեցինք, չկարացինք դուրս քաշել, տվինք վարպետին, քանդեց. հանեց. տեսնենք արյունոտ, կպած պատյանին:
– Ափսոս մարդ, – էս ու էն կողմից ափսոսացին գյուղացիք: Ա՜յ թե ընչի համար են ասել, թե համբերությանը կյանք է: Ասա, հեր օրհնածի մարդ, մի քիչ համբերի, լուսանա էլի…
8
– Տղե՛ք, հավատա, գիլիցն էլ վերը վնասակար գազան չլինի, դուք ի՞նչ եք ասում, – խոսեց մի գյուղացի էս պատմությունից հետո:
– Էդպես էլ իմացած կենաք, որ չի լինել, – հաստատեց քեռի Անդրիասը ու դիմեց ինձ.
– Դու ի՞նչ կարծիքի ես, պարոն:
– Ես էլ էդ կարծիքին եմ, – պատասխանեցի ես: – Արդեն գրքերից էլ հայտնի է, որ ոչ մի գազան գիլի չափ վնաս չի տալիս մարդուն: Մանավանդ էն երկրներում, որտեղ գլխավորապես անասնապահությամբ են պարապում: Ամեն տերության մեջ էլ ահագին վնաս է տալիս: Միայն Ռուսաստան տարեկան մոտ մեկ միլիոն անասուն է փչացնում:
– Հապա ի՞նչպես է, որ տերությունները դրա մասին չեն մտածում, մի ճար անում, – խոսքս կտրեց մի գյուղացի:
– Ի՞նչպես չեն մտածում: Տերություններ կան, որ առանձին վարձատրություն են տալիս գել սպանողներին: Կանոնավոր կռվում են գիլի դեմ: Դրա համար էլ էնպես տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա. օրինակ Անգլիան, Գերմանիան…
– Վա՛հ, – զարմանքից բացականչեցին գյուղացիք: – Ո՞նց թե… հիմի էդ երկիրներում էլ գել չկա՞:
– Չկա…
– Ա՛յ երկիր… Ապրանքդ ազատ բաց թող ու հանգիստ գնա քու գործին…
– Էնպես տերություն էլ կա, – շարունակեցի ես, – որ հաշվով գիտեն, թե քանի գել կա իրենց երկրում, չորսը թե հինգը…
– Էդ ի՞նչ բան է, – ավելի զարմացան գյուղացիները, – մեզանում իսկի մարդի հաշիվը գիտեն ոչ, նրանք գելն էլ են հաշվել:
– Որ ասում ես գելը վերջացնում են, ի՞նչպես են անում, վարժապետ, – հարցրեց մի ծերունի, որին Սահակ էին ասում:
– Զանազան միջոցներով, բի՛ձա Սահակ: Ինչպես ասի` տերություններն առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան: Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են: Էնպես երկիր էլ կա, օրինակ, Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին-ժողովուրդն է վարձատրում: Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղե գեղ ման ածում, ապրանքատերերից փող է հավաքում: Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են:
– Չէ՛, ես էդ չէի հարցնում, պարոն ջան, ես էն էի հարցնում` թե ընչո՞վ են սպանում, ինչպես են կոտորում:
– Հա, էդ ես հարցնում: Ասեմ, բիձա Սահակ, էդ էլ ասեմ:
Իհարկե, հրացանով սպանելն ու թակարդով բռնելը արդեն դուք էլ գիտեք: Բացի հրացանն ու թակարդը, էնպես տեղեր էլ կան, որ խորը փոսեր են փորում, օրինակ մի սաժեն ու կես խորությամբ, մի սաժեն էլ լայնությամբ: Երեսը ցախ ու մախով ծածկում են, վրեն միս են դնում, չորս կողմն էլ դեռ ցած ցանկապատում, որ գելը թռչի, հանկարծ ընկնի մեջը: Սրանով, իհարկե, չի կարելի շատ բան անել:
Էնպես տեղ էլ կա, որ ամբողջ հասարակություններով հավաքվում են, գնում են շրջապատում անտառի որոշ մասերը: Որսկանները հրացանները ձեռներին պատրաստի երեք կողմը կտրում են, իսկ չորրորդ կողմից մի բազմություն անտառ է մտնում ու հրացան արձակելով, աղմկով, հարայ-հրոցով, շանով-բանով գազաններին քշում, բերում գցում որսկանների բերանը: Էս էլ անտառոտ տեղերն է լինում, ու էս միջոցն էլ չի մեծ արդյունք տալիս: Պատահում է, որ ահագին աղմուկից հետո մեջտեղը մի կամ երկու նապաստակ են հայտնվում կամ պատահում է, որ դուրս եկող գազանները անվնաս էլ փախչում, ազատվում են: Շատ քիչ են սպանվում:
Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում: Ձիով ընկնում են գիլի ետևից: Ծնկնահար ձյանի մեջ թաղվելով` գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում է: Ետևիցը հասնում են` հենց տեղնուտեղը դագանակով սպանում: Բայց ավելի շատ գիլին կոտորում են թույնով: Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վըրեն քաշում ու տանում գիշերը հանդերում վեր գցում: Սոված գելեր-գալիս են ուտում ու տեղնուտեղը կոտորվում:
9
– Վարժապետ, ճշմարիտ է, գելը գազան է ու մարդուն էլ շատ է վնաս տալիս, միայն էդ որ պատմեցիր, ախպեր, ինչ թաքցնեմ, մեղքս եկավ, – խոսեց ծերունի Սահակը:
– Հետո գիլին մեղք կգա՞ն որ, Սահակ բիձա, – ձեն տվեց մի հովիվ:
– Ինչի՞, գելը շունչ կենդանի չի՞, – սկսեց վիճել Սահակ բիձեն:
– Գելն ի՞նչ է որ, – մեր շան պես անասուն էլի, – խոսքն առավ քեռի Անդրիասը: – Ուղիղ շան պես: Որ էն շունն էլ չոլերը գցես` անտեր, սոված թողնես, հալածես – կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի: Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի:
– Հետո գելը տանու կըլնի՞ որ, քեռի Անդրիաս:
– Լա՜վ: Շատ է պատահել: Գիլի ճուտը բռնի բեր տանու արա, տես կլինի թե չէ:
– Հապա ինչո՞ւ է ասած` գելն ինչքան էլ տանու անես-էլի աչքն անտառումը կլինի:
– Էդ էլ է ճշմարիտ: Մի սերնդի, երկու սերնդի աչքն անտառումը կլինի, բայց կամաց-կամաց անտառը կմոռանա-կդառնա տանու կենդանի շան նման: Եվ հենց ինքն էլ շան ցեղից է, էլի: Գելն էլ կազմված է էնպես–ինչպես շունը: Գելն էլ շան պես տարին մի անգամ 3-10, բայց սովորաբար 4-6 ձագ է ծնում, ու ինչպես շունն իրեն համար բուն է փորում կամ մի անկյուն է գտնում ու էնտեղ ծնում ու մեծացնում ձագերը, էնպես էլ գելը: Կամ գետնում բուն է փորում, էնտեղ ծնում ու մեծացնում իր ձագերը կամ ընկած ծառի փչակում, կամ մերում, կամ հենց ծմակի խիտ տեղերը: Նա էլ է էնպես սիրում իր ձագերին, ինչպես ամեն մի ծնող կենդանի: Մի վտանգի հոտ առնելիս բերանով` շատ զգույշ ու քնքույշ իրենց տեղից տանում է ավելի ապահով տեղ: Եվ երբեք իր բնի մոտերքում որս չի անիլ ու վնաս չի տալ, որ կասկած չբերի էդ տեղի վրա:
Գիլի էգն էլ, ինչպես շանը, ավելի քնքույշ է, դունչն ավելի սուր ու պոչն ավելի բարակ: Գելն էլ պատահում է, որ նույնպես կատաղում է, ինչպես շունը: Եվ կատաղած գիլից շատ են վախենում ու սարսափով հեռու են փախչում բոլոր վայրենի կենդանիները:
Վերջապես գելն էլ շան պես 12-15 տարի է ապրում: Ավելի երկար շատ քչերն են ապրում, ինչպես և շների մեջ:
Մի խոսքով, միևնույն կենդանիներն են. մինը խնամքի տակ ու կուշտ, մյուսը վայրենի, հալածված ու սոված: Իսկ սովը…
Սովն ինչ ասես կանի, ձեզ մատաղ: Սովը մարդին էլ կդարձնի սարսափելի, ո՞ւր մնաց էն անտառի գիլին, – խոսքը վերջացրեց քեռի Անդրիասը:
– ճշմարիտ ես ասում, քեռի Անդրիաս, – ասացի ես: Մեզանում սովորություն չկա, միայն լուսավոր երկրներում շատ է պատահում, որ մարդիկ վայրենի անասուններին ու գազաններին բռնում են, բերում են տանու անեն. փորձում են, վարժեցնում են, բան են սովորեցնում: Մինը երկու գիլի ճուտ էր բռնել բերել տանը պահել: Կարճ ժամանակում էնքան էին ընտանիացել, որ ազատ տան մեջն ամենքի հետ էլ խաղ էին անում ու շան հետ միասին միևնույն բնումը քնում: Մի քանի ժամանակից ետը մինը սատկում է: Ասում է` մենակ մնացածը քանի ժամանակ էր էլ ոչ խաղ էր անում, ոչ կարգին կերակուր էր ուտում: Տխուր վեր ընկած դարդ էր անում ու ոռնում: Իհարկե հետզհետե մոռացավ ու էլ ետ աշխուժացավ: Մեծացավ, ու ասում է, մեզ հետ էնքան էր կապվել, որ որտեղ նստում էինք, միշտ կողքներիս վեր էր ընկնում և ուրիշներին չէր թողնում, որ մեզ մոտենան: Ասում է` վախեցինք մարդու վնաս տա, շղթայով կապեցինք, իսկ մի քանի ժամանակից ետը մի շրջիկ գազանանոցի վրա ծախեցինք: Անցավ դրանից մի տարի ու կես թե երկու տարի, լավ չի միտս, էդ գազանանոցին պատահեցի մի քաղաքում: Հետաքրքրվեցի, ներս մտա, ասի տեսնեմ իմ գելը կենդանի է, թե` չէ: Ներս մտա հարցրի: Դու մի ասիլ գելը մոտիկ վանդակում պառկած է եղել: Ձենս իմացավ թե չէ` վեր թռավ, ճանաչեց, ուրախացավ, ու ի՛նչ էր անում, ի՛նչ էր անում, չեք կարող երևակայել: Աշխատում էր ինձ մոտենալ, պոչը շարժելով, ծմըրալով դեսուդեն է ընկնում վանդակում: Ինձ էլ թվաց թե մոտիկ, հարազատ արարածի հանդիպեցի, և դուրս գալիս մի տեսակ ցավ զգացի:
Ինչ կասեք սրան: Ահա պատահած դեպքը: Եվ ճշմարիտ է ասում քեռի Անդրիասը. գելն էլ շան պես մի արարած է, միայն վայրենի, հալածված ու սոված:
Արդեն գիշերվա կեսն էր, որ մեր զրույցը վերջացրինք: Շները դուրսը հաչում ու երկար ու ձիգ ոռնում էին:
– Անտերը գեղի վրա պտիտ է գալիս. հեռանում չի: Հանգստանալու չի, մինչև էս գիշեր մի վնաս չտա: Տղե՜ք, զգույշ կացեք, ապրանք չտաք ռեխը, – ասավ քեռի Անդրիասը գյուղացիներին, որ բարի գիշեր ասելով, իրար ետևից դուրս էին գնում մեր օթախից: Դուրսը նրանցից մինը երկար ու զիլ հե՜յ հե՜յ աղաղակեց, ու գյուղի շները հեռու թաղերից սկսած ավելի կատաղի սկսեցին հաչել ու ոռնալ խմբովին:
Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը: