Kitabı oku: «Վերք Հայաստանի», sayfa 14

Yazı tipi:

7

Ա՜խ, ա՛յ իմ աստվածասեր կարդացող, քար ըլեր էս խոսքերը կպատռեր, ո՞ւր մնա մարդ, Էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել: Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը՝ կակող. քանի ձգվում ա, բարակում է ու հանկարծ կտրվում: Լեն օրին ա մարդ շատ անգամ իրան մոռանում, թե չէ նեղությունը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում: Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը որ տեսնում էին փամբակեցի կտրիճ հայի տղերքը, խոսքըմին արին, որ գնան, թաքուն նրա մորն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելոք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հորը բանտումը թիքա-թիքա կանեին: Շատ անգամ վարավուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնա հորնումոր հավարին, բուսուն բռնում, ետ էին դարձնում: էսպես տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչև գարունքն էլի բացվեց, ու թուրք ու հայ յայլաղ դուս էկան: Աղասին էլ հետըները գնաց:

Աղբրների գլխին, ծաղիկների վրա օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը: Առավոտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը, իրար հետ խառը, երկինքն էին վերանում ու շաղն ու ցողը անձրևի հետ նրանց շորերի, երեսների վրա դնում: Կնանիքը կթի տավարի հետ էին ըլում, կաթը հավաքում, եղ ու պանիր շինում, մարդիկը տավարը սարը տանում կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասությունը հոգում: Մենակ էս չէր կնանոնց գործը, ցերեկը ջահրա էին մանում, շալ ու խալիչա կամ կարպետ գործում ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում: էլ ի՞նչ ասիլ կուզի, որ տան պես աղջիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս կամ երեսները կալնում: Մեկ տան պես, ում օբեն մտնեիր` թուշ էր, որ վարդի պես փայլում էր, աչք էր, որ մարդի խելք տանում էր: Է՛ն օդի ու ջրի, է՛ն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլեր բաս: Հայտնի բան է, որ ֆորսի ու, շատ անգամ, գողի ու հարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը, ու սպանած կամ բռնած ժամանակը մեկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին: Ղոնաղ պատահեր՝ Էստեղ պատահեր: Շաբթով, ամսով էլ չէին թողա հեռանա. ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սըլսլոցը ղշերի ծլվլոցը, չոբանի թութակը, գառան, ոչխարի ու տավարի ձենն ու բառանչը ամեն մարդի ուզում էին ասեն. «Թե դրախտ ես կամենում, է՛ստեղ կաց, է՛սպես կաց. սիրտդ՝ անմեղ, միտքդ՝ հիստակ»:

Չե՛մ կարող ասիլ, թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը բաց չի արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր, կհանգչեր, ո՞ւր մնա նրա սիրտը: Բայց Աղասու գլխին դեո չար հրեշտակ էր պտտում, ու ինքը՝ ողորմելին, չէ՛ր իմանում: Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ-մայիլ: Իլահիմ որ իմացան նրա պատմությունը, ամեն աչք ուզում էր նրա համար բացվի, ամեն բերան նրա՛ն իր շունչը տա: Ում որ մեկ ծաղիկ չէր թավազա անում, աչքը արտասնքով լիքը` ուզում էր ձեռի տեղակ սիրտը դեմ անի, քթի տեղը հոգումը դնի նրա տված ծաղիկը: Ով մեկ անոշ թիքա ուներ, նրա համար էր պահում, մեկը սե՛ր էր նրա առաջին դնում, մեկը ձվածեղ, մեկը գառան միս, մեկը՝ պախրի խորոված: Շատը նրան ղոնաղ կանչելիս գառն ու ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնին: Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան: Աղջկերքը որ չէին դաստա-դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր, թե տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր:

Բայց Մուսեն, ջիվան Մուսեն, ո՛չ Նազլու ուներ, որ դարդ անի, ո՛չ հեր, որ բանտումը տանջվի, մեկ ջահել մեր ուներ, էն էլ էսօր-էգուց էր ընկել, որ մեկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի: Բոյն էկել, շիշակացել էր, չինարի դառել. բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ-թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս, հենց իմանաս, հրեշտակ ըլի թևով խփում: Տասնըվեց տարին անց էր կացել, դեռ նա ծուռն աչքով մեկի երեսի չէ՛ր մտիկ արել: Բազի վախտ, մեկ քող կամ սպիտակ լաչակ տեսնելիս, ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր սար ու ձոր ընկնի, գլուխն առնի, կորչի: Ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր: Բազի վախտ, էնպես գիտես, թե նրան վեր ըլին քաշում: Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես, թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի. «Մո՛ւսա ջան, քնի՛, ես աչքդ կկըպցընեմ, երազումդ հետդ կխոսիմ, որ զարթնիս, գյում կըլիմ, չունքի վախտը չի՛ հասել, որ դու քո նասիբը գտնիս: Ինչ որ ճակատիդ գրած ա, էն պետք է ըլի»: Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր, թե հրեշտակները մոտիցը նոր թռան: Նա չէ՛ր իմանում, թե սերն ա էս, որ քիչ-քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում»;

Մեկ օր էլ էսպես, մեկ ծառի տակի քնած տեղը, երազում մեկ թաս գինի բերին, դեմ արին նրան ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած, կամաց ձեն տվեց.

– Մո ՛ւսա ջան, յա խմի՛ր էս թասը, յա ինձ սպանի՛ր, իմ կյանքս քո ձեռին ա: Հերնըմեր չունիմ, ընկել եմ մեկ անօրեն տաճկի ճանկ: Ղարսա սարումն ա մեր օբեն, թե սիրտ ունիս, թե աստվածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի՛, չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կյանք չե՛ս տեսնիլ: Մո՛ւսա ջան, գնում եմ, դու գիտես: Արի՛, թե չէ, էս ա, քսան օր ա, ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում: Ինձ երազումս ասացին, թե դու՛ ես իմ ազատողը:

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ, թե ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին. ու արեգակի շողքը երեսը սղալելով` ուսուլով սարի քամակը անցավ: Ուզում էր խոսա, ձենը չէ՛ր դուս գալիս, ուզում էր վեր կենա, ոտն ու ձեռը չէ՛ին զորում: Թութակի ու շվու ձենն էլ որ անկաջը չընկավ, էլ ետ աչրը խփեց: Ա՜խ, ի՞նչ կըլեր, ջահելությունը նրան չէ՛ր էսքան հաղթել սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել:

Մութը գետինն աոավ: Մատդ որ կոխեիր մարդի աչք, չէ՛ր տեսնիլ: Ամպերը սարերիցը գլխները բարձրացրին, ոտները կտրեցին, չանկ ու դուման սար ու ձոր բռնեց: Հենց գիտես՝ հազար վիշապ բերանները բաց արած, գալիս են, որ սար ու ձոր կուլ տան: Կայծակը էստեղ-էնտեղ որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան, թե ի՞նչ խաբար ա. տավար, ոչխար աղալի մեջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լավ գիտեին, որ գողի, հարամու, ջանավարի ղզղուն վախտը հենց էս ա: Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ո՛վ ոտ ուներ, փախավ, ո՛վ աչք ուներ, փակեց, օղլուշաղը ալաչուխի տակն արեց, ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա բան տեսնի, ու հենց ոտի վրա՝ ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին, թե վերջըները ի՞նչ կըլի, ի՞նչպես կլուսանա: Մեկ բարակ կարկուտ, անձրևի հետ խառը, Էկավ, վրըներովն անց կացավ: Երկինք, գետինք սկսեց կրակվիլ: Կայծակը որ չէր ղամշում սարերի գլխին, ուզում էին, թե հազար գազ խոր գնան: Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի ու հոգին տա: Ճրագ չկար, որ մարդ տեսնի, ձեն մարդի անկաջ չէր հասնում:

Աղասին պատռեց գոռալով, Մուսի անունը տալով, բայց ջուրը տանի նրա մորը, նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ի՞նչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի: Աղասու ընկերքը ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց. հարիր տեղ թվանք քցեցին, ու ո՞րքան էր նրանց ահն ու երկյուղը, երբ որ իմացան, թե նրա թվանքն էլ վրեն չի՛: Աղասին մահվան դուռը գնաց: Ամպն էլ ետ դառավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին: Ընչանք ծեգը բացվեց, օձերը ծնեցին, ու ո՞վ նրանց հալը կարա պատմիլ, երբ Էկան տեսան, որ ջիվան Մուսեն՝ արնի միջումը շաղախված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մեկ ահագին քաֆթառ նրա դոշին նստած, Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց, որ թուրն իրանց սիրտը կոխեն. որ ձեն չտվին ու վա՜յ տվին, հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց.

– Աֆա՛րիմ, Լավ վախտի եք գալիս. Էկե՛ք, կուռս հանեցե՛ք. ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ:

Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ: Վրա թռան, քաֆթառին դեն քցեցին, ու Մուսեն որ կուռը չհանեց, կեսը, հենց բռնի՛ր, ծամած էր: Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս: էնպես գիտում էր, թե է՛ն կյանքիցն ա վեր էկել: Սարըցիք էլ էս ջիվան, իգիթի սիրտը տեսնելով՝ մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց է՛ն էին խոսում:

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը՝ ղարարը: Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում, օրն էր մեր մտնում, նրա ցավերն էին նոր ի նորո բացվում: Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել: Գիշեր-ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսըն ու երազը է՛ն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր: Ծառերն էին սլսլում թե ջուրը քչքչում, քամին էր փչում թե հովը հնչում, նա ո՛չինչ ձեն չէր իմանում, ո՛չինչ չէր տեսնում, եթե ո՛չ՝ իր սիրեկանի երկնային դեմքը:

Հսկայն Աղասի, որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մեկի մազն էլա թեքվի, վաղուց էր վարավուրդ արել սրա էս նեղությունը, վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա, էլ վրեն չի՛. Ամա չէ՛ր իմանում, թե պատճառն ի՞նչ ա: Գիտեր, որ նրան աչքի լսի պես էր մինչև Էն օրը պահել, բայց թե ի՞նչն էր Էսպես նրան էրում, խորովում, չէ՛ր կարում հասկանալ: Նա տեսնում էր, որ ջիվան Մուսին մեկ աղջկա ձեն լսելիս, մեկ աղջկա պատկեր տեսնելիս, իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր, թե էս էն առաջին կրակն ա, որ ամեն ջահել մարդի սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում, ու սար ու ձոր մարդիս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ դառնում, սրտումը ցցվում: Շատ օր ճտովն էր ընկնում, լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ո՛չինչ չէ՛ր տեսնում, լացից ավելի ո՛չինչ չէ՛ր լսում:

Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս, որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում, թե ի՞նչ ջուղաբ տա. դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս: Ընկերքն էլ էին մնացել մաթալ, որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէ՛ր բերում, գլուխն առնում, կորչում, ու սար ու ձոր պետք էր ոտնատակ տված, որ նրան մեկ տեղ քնած քթել էին:

Մեկ օր էլ էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր: Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին խոսքերը ետ ասում:

ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ
 
Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ, ինձ երևեցար,
Երկրո՞ւմն ես ծնվել, թե՞ երկնքիցն էկար,
Մեկ ջան ունեի, էն էլ դու տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՛, հոգիս ա՛ռ: Ա՜խ, հոգիս ա՛ռ…
Մեռնիմ՝ չե՛ս տեսնիլ, կորչիմ՝ չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ.
Ո՞ւր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ: Ա՜խ, չթողա…
Երա՜զ թե քուն ինձ, ա՜խ, մահ են դառել,
Իմ սև օրս՝ գիշեր, կյանքս խավարել.
Ի՞նչ պետք է, անեմ, ո՞ւր եմ ապրում էլ,
Թե ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ: Ա՜խ, մատաղ…
Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում, գալիս չի՛ ու քեզ ետ ասում.
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
էլ ետ սիրտս ածում, էլ ետ ինձ էրում: Ա՛խ, ինձ էրում…
Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր իմ ջանն ու մարմին.
Թե հրեշտակ էիր, ո՞ւր էն սուրն, էն կրակն.
Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին: Ա՜խ, թափիր…
Կգա՛մ, հո՛գի ջան, կգա՛մ քո ոտքը,
Քեզ մոտ ա սիրտս, քեզ հետ՝ իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ կատարեմ իմ տված խոսքը: Ա՜խ, իմ խոսքը…
Որ ընկերքս էլ ինձ, ա՜խ, քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խոսքըմին,
Կընկնիմ սարեսար ու քո հավարին
Կըհասնիմ, դարդ չանես, քեզ մատաղ ըլիմ:
Ա՜խ, քեզ մատաղ…
Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը,
քո սուրբ պատկերը.
Թո՛ղ մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեոը,
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը:
Ա՜խ, իմ գլուխս…
 

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ:

Արեգակն ուզում էր մեր մտնի: Աղասին, որ թաքուն ետևիցը դուս Էկել մեկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած՝ սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահելությունը ֆիքր անիլ ու մտքումն ասել. «Ա՜յ ջիվան, ջիվան տղա՛, լավ իմանում եմ՝ ի՞նչ թուր ա Էկել, սրտիդ դեմ առել. ի՞նչ կրակ ա ընկել, լերդդ էրում ու ջիգյարդ. Բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ ետ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ ու էլած կյանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ: Ա՜խ, լավ եմ իմանում, ա՛զիզ ջան, որ սիրո թևը երեսիդ քսվել, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գուխս ետ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի, հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ: Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ, քիչ ա մնում, ուտեն, մեկ քար չունինք, որ գլխըներս վրեն դնենք, էլի դու, ո՜վ սեր, ո՜վ բնություն, ուզում ես ցույց տալ քո զորությունը: Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի, քո ցավը չտեսնի: Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, հետո էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, հետո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»:

Էս խոսքերը միտք անելիս՝ բիրադի անկաջն ընկավ.

– Հա՛, Հռիփսիմե ջան, քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կտամ ու էգուց, էգուց Ղարսա սարերումն ինձ կտեսնիս:

Աղասու էրված սիրտն էլ հենց է՛ս էր ուզում իմանա: էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ, ու իրան-իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ, կպցրեց նրան դոշին ու լալով ասեց.

– Ա՜խ, ա՛չքի լիս, որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես՝ քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում: Չէ՛, էնպես ես կարծում, թե էս իմ խորոված ջիգյարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցավը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ: Հենց իմանում էի՝ աստվածանից դու բան կթաքցնես, ինձանից չե՛ս թաքցնիլ: է՞դ ա քո սերդ ու սիրտդ: Հենց իմանում էիր, թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլա չո՞ւնի: Հերնըմերս, ղորդ ա, մահվան դուռն են հասել, նշանածս, ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՛ հասել, ե՞րբ կթողամ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի: Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա-թիքա չանե՛ն, ձեզ կթողա՞մ, որ մեկ ղուշ անց կենա գլխըներիդ վրա: Վե՛ր կաց, երեսդ սըրբիր, ինձ ուղիղ ասա՝ էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակն ո՞վ ա, որ քեզ երևացել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում:

Հազար սար ու ծով մեր մեջն ըլի, էլի կթռչիմ, նրան կհանեմ, կբերեմ, թաք ըլի դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ: Ասում ես՝ Ղարս ա: Էդ հո երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է է՞րված: Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես: Վե՛ր կաց, էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՛:

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում, թե իր մեծահոգի բարեկամի ո՞տներն ընկնի, թե՞ ձեռը համբուրի: Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս, որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում, որ ձեն տա. ««Ա՛ղասի ջան, յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր Էստեղ. յա ասածս արա, իմ մուրազին հասցրո՛ւ. Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր. նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ, նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ: Դո՛ւ ես իմ տերը, իմ աստվածը. իմ ձեռս քո փեշն եմ քցել, յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ-սաղ չէրես, չփոթոթես»:

էսպես՝ որ ձեռք-ձեռքի ետ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու զլուխը դոշին կպցրած քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ, որ սաղ գիշերը չէին քնել դարդու, ուրախ-ուրախ վազեցին առաջ, հենց իմացան արեգակը նոր ա բացվում, էկան, էրկուսին էլ մեջ արին ու չադիրը գնացին: Սարըցիք էլ ուզում էին, որ ուրախությունիցը հոգիները տան:

Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած` չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ-ասպաբ հազիր անեն, որ էն գիշեր դուս պետք է գնան: Չէ՛ր ուզում, որ մարդ իմանա, վախում էր, թե իրան բռնեն, չթողան: էն իրիկունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա, որ նրանք ո՛չ նրա միտքը իմանան ու, թե փախած ըլի, չասեն, թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց: էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ: Շատ էին նրան աղաչել ու լալով ասել, թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին.

– Մենք գիտենք, թե ի՞նչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա, թե հայի ազգումն էլ սիրտ կա, հայումն էլ ռաշիդ տղամարդին աստծու տեղ պաշտիլ գիտեն:

էս իրիկուն էլ գլխին ժողոված մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա, ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի՛ քաշիլ: Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն, որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա: Ամեն Էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի, որ պատմի. սիրտ պետք է ըլի, որ իմանա: Տեսավ, որ անմեղ սարըցիք հենց նրա բերնին են կարոտ, ուզում են, որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստին: Հա՛, շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էին դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում. աղջիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում. տղերքանցն իշարաթ արեց, որ ձիանները հազրեն, առավոտը ֆորս պետք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց, որ սաքի թե աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին, ու ամեն մարդ իր չադիրը գնաց:

Հենց աղոթարանը կարմրատակեց, ու ամպերն սկսեցին գլխըները քիչ – քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ – ասպաբ քցեցին, Էկան, չադրի դռանը կանգնեցին: Աղասու ձին ոտին-գլխին էր անում: Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, Էնքան չաղացել էր: Ընչանք սարըցիք վեր կկենեին, որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին, ձիանոնց գլուխը ծռեցին ու թռան: Աչք էր, որ ետևներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր, որ ասում էր իր միջումն՝ երանի՜ նրան, որ Էսպես զավակ, Էսպես փեսեք կունենա: Սարը բարձրացան թե չէ, Աղասին, որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օրեքանցը մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել:

 
Բարո՛վ մնաք, բարո՛վ, սարեր ու ձորեր,
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբըրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ հայեր, սիրուն աղջըկներ:
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեր վրա, կըլի, էլ չքնի,
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի:
Հալալ արե՛ք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում, քանի աչքը բաց՝
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր արածը:
Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար.
Ի՞նչ կըլեր՝ աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն:
Երաբ, յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն, թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ-ձեռի տված
Աղջիկ ու հարսներ, ձեր մոտին նստած:
Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ.
Երա՜բ, որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,
Մեկ-մեկու ասեն՝ մեզ չմոռանա՛ք.
Պահի՛ր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ,
Երա՜բ, իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ,
Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասիլ,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ.
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ
Մտքիցս, ու նրանց սերն սրտումս կպահեմ,
Հետս ման կածեմ, հողը կտանիմ.
Աստված թո՛ղ ձեզ տա, ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ, սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:
 

8

Մեկ տափարակ, դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին մեկ մեծ դաշտ` չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, ու հենց իմանում ես, թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար-հազար կենող միջումն ունի, ու ցրտի յա շոգի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս, մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ ետ ճամփեդ բռնես, գնաս: Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից՝ զարմանալի եկեղեցքանց գըմբեթն ու մեծությունը, մյուս տեղից՝ բարձր մինարեթքը, քոշք ու սարայի գլխները: Մտքումդ ասում ես, թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի. Էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, Էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա: Հենց իմանում ես, թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չե՛ս տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ սևին տալիս: Մարդ չի՛ կա մոտիդ, որ հարցնես, գիր չե՛ս կարդացել, որ իմանաս. մտքիդ հետ ընկած` տեսածդ հրաշք կարծելով յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սի՛րելի իմ հայազգի, ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում: Հենց իմանում ես, թե մեկ վիշապ յա մեկ հարամի հենց Էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփես, ետ դառնաս;

Ա՜խ, չէ՛, չէ՛, ետ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա, որ կտրվել ա. Կա՛ց, մի վախենալ, անշունչ քարերն ու եկեղեցիքը մարդակեր չե՛ն: Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքիր ու գըլխիդ վա՜յ տուր: է՛ս սրբատաշ տաճարները, է՛ս ահագին բերդը, է՛ս քարերը քեզ կասեն, թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել, որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարածն էլ արծաթե նալչով, սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ` փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում, որ եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանք աստված մոռացել, որ կարճ վարդապետ գալիս՝ բարձր գրքակալ էին գնում, բարձր եպիսկոպոս ըլելիս` ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստուծո տաճարումը քեֆ անեն: Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով` մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա. Էս անշունչ քարերը մնացին ցից-ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն. տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էսօր էլ երկրի ձենը գալիս ա: Գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն աստված հաջողում ա, նրանք չե՛ն տակով ըլում, ու աստված էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա, էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին:

– Լա՛ց գլուխդ ա՛նցավոր, տե՜ս, թե աստուծո դատաստանն ի՞նչպես արդար է. կարգավոր տեսածին պես ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են: Դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի: Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը: Նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի:

 
Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել,
Խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել.
Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց:
«Երա՞զ եմ տեսնում, քնա՞ծ եմ, ա՞չքս ինձ խաբեց»,
Ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում:
Հո նո՞ր են սրանք, բաս սրանց միջումն
Ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել —
Ա՜խ, թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել:
Հմիկ հավատո՞ւմ ես, ա՜յ իմ խեղճ ազգ,
Թե քո երկրումն բյուր էսպես քաղաք
Կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին,
Ու քեզ չոր քարեր մենակ թողեցին,
Որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վա՜յ.
Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ,
Ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին
Փոքր դինջանաս ու քո աշխարքին
Մուղայիթ կենաս, արյունդ թափես,
Քո ազգը պահես, քեզ անուն ճարես:
 

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորդքը գիշերվա կեսին էստեղ հասան: Լավ կտրիճ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին Էսպես չոլ, յաբանի տեղը սիրտ անի, մտնի: Կարելի է, թե մեր բեզարած ճամփորդքն էլ էստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան: Հեռըվանց որ ցից – ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս էին Էկել, հարամու հողը էլ ետ մտել: Ղորդ ա, աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին չի գա, որ չմտան էս լուո, տխուր պարսպների մեջը, հենց իմացան, թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա:

Ամեն մարդ փորձած կրլի, որ մութը ժամանակի մարդ, որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում ա հարամի, որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում: Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում յա շինություն, կարծելով, թե մարդ էլ կըլի, ու ետո, որ ձեն չի լսում, էնպես կարծում ա, թե անպատճառ չար հոգիք են էնտեղ բնակում. թե չէ մեռելի չոր մարմինը յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ի՞նչ անեն: էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ է՛ն երկրումը, որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս:

– Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, – ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի: – Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի. Յարաղ – ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք, թե էս ո՞ր գեդարգյալմազն ընկանք: Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. Ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ-յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ, թե տեղըներս ռահա՞թ ա, թե՞ էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք:

Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարգսի անունը տվեց ու ոտը փոխեց:

Գիժ կըլի Էն տղամարդը, որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գըլխիցը վաղուց էր, ձեռք վեր առել: Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մեկ հոտ առնելիս յա շփըլթու իմանալիս կանգնում էր, ետի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում:

Հենց մի քիչ հեռացան թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը. արինն աչքն առած՝ էլ միտք չարեց, թե էսպես տեղը, գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց: Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ, տասը քուրդ եկեղեցու մեջտեղը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքըները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը: Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա: Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքըներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ – յավաշ ներս մտավ, ծանր դեմքով, առանց բարով տալու կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի: Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան քրդերը, հենց իմացան, թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ: Ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին ինսանաորդի մեն մենակ սիրտ կաներ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին՝ մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էր ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա, էն հազիր շինած տներումը կենա: Հենց գիտես, թե մարդիկ չըլին առաջին. աչքը խոժոռած` մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային, որ մարդ ա, դև չի՛, թիքա-թիքա կանեին, մեկ շամփուր խորովածի որը կերավ, որն էլ ետ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց ու գլուխը ժաժ տվեց. քրդերը փետացած՝ մնացել էին նստած, աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղնուտեղը ուզեցավ, որ հալչի, էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ – ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ: Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ. փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած որ գոռաց ո՛չ`

– Տղե՛րք, ձեր արևին ղուրբան, աստված մեր կողմն ա. դուռը կըտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անե՛նք…

Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես, պատերը լեզու առան:

– Ամա՜ն, ձեր էկած հողին ղուրբա՛ն, ճար ունի՞ք, տեսե՛ք, մեզ ազատեցե՛ք, տնով – տեղով ձեզ եսիր կդառնա՛նք:

Տասը-տասնըհինգ քրդստանցի հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցավ. ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած: Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի. ոչինչ սհաթի մարդի քաջությունը էն բարերարությունը չի՛ արել, ինչպես հիմիկ: Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով կապած տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախըլցխա ծախեն: Ո՞ւմ էսպես սհաթին մարդ կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն: Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թե չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես` էս: Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում էին, թե երկընքումն են ու ո՛չ երկրումս:

Փոքր-ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի: Քրդերի շորերն, ասպաբն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը: Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց, ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի հայերին հարցրեց, որ իրան միամտացնեն, թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ, թե ո՛չ:

– Աղա՛, գլուխդ, արևուդ ղուրբան, վալլախա, չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կա՞ն, թե՞ չէ. ամա օյաղությունն աղեկ է: Սրանց չանգիցը շունը չի՛ խլսի, մարդն իմ ա՞լ կխլսի: Մգա աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք, թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք: Մեր ամեն մեկը, սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի: Դու դարտ մի՛ արա: Ռահաթ պարկի, մեր երեսը ոդացդ հողն ըլի: էսոնց քոքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել` առավել: Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի: Էս ձորեր խանա լիքն են:

Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան, որ ձիավորի ոտի ձեն ա գալիս: Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր «Էնտուր» բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու՝ թուրը հանած, վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոնցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքը իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին:

«Լո՛, լո՛ …» ձեն տալով` քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր Էկան, բալուր տվին մեկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն: Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում. բայց խեղճերը չէին իմանում, թե ի՞նչ բարի հրեշտակ ա աստված նրանց համար ուղարկել: Հենց գյուռ արած, որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ. էլ թրի, մզրախի յա ղալխանի վախտ չէ՛ր: Քրդստանցի հայերը մաջալ էլ չտվին աջամի հայերին, շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին: էլի Աղասին էր, որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էին յա յարալու, ձեռ ու ոտք կապիլ տվեց ու ղրաղ քաշիլ տվեց:

– Աղա՛, մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խատացրին, թո՛րկ, թո՛րկ, Էսոնց սատանի կեր անենք, Էսոնց խոր գաղտը գյոռբագյոռ ըլի:

Թո՛ղ կարդացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս` իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու աստծուն փառք կտային: Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, Էն դռան երկու քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցըրել, ու խեղճ հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն ետ արել, իրան ուսին ներս տարել: Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց.

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
320 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467864
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin PDF
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,2, 9 oylamaya göre
Metin
Ortalama puan 3, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Ses
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 3,5, 2 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 5, 2 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 20 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 14 oylamaya göre