Kitabı oku: «Հին աստվածներ», sayfa 3
ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ավելի ու ավելի հափշտակված) Օ, դուն, դուն իմ էությանս հմայքը, դուն թագուհին իմ մտքերուս, դուն իմ սրտիս ծովը, դու փոթորիկը իմ հոգիիս: Արևուն հուրքն ես դուն, ծովերուն հույզքն ես դուն, բնության պարգևն ես դուն ինծի: (Կնետվի գետին) Թող, թող փաթթվիմ ոտքերուդ, թող համբուրեմ կոխած հողդ, համբուրեմ այդ ճերմակ հագուստիդ անարատ փեշերը… (Կուզե գալարվի անոր ոտքերուն, աղջկան կերպարանքը կմշուշոտվի ու կաներևութանա:
Զ
Խորքի ժայռերու մեջեն կերևան Ադամ ու Սիմոն վանականները, թևերներում մեյ-մեկ թաշկինակ` մեջը լիքը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Դժոխքի ճամփա է, դժոխքի ճամփա: Բռնե տեսնեմ ձեռքս:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Օգնելով ընկերոջը, որ վերի ժայռեն վար իջնե) Նայե հայր Սիմոն, ան ի՞նչ բան է հոն, կարծես մարդ ըլլա գետինը ինկած:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Խաչ կհանե երեսը) Հանուն Հիսուս Քրիստոսի: Մա՞րդ, այսքան հեռունե՞րը, դժբախտություն մը պատահած չըլլա՞: (Կիջնե ժայռերեն և երկուքով զգույշ կմոտենան):
ԱԲԵՂԱՆ – (Անոնց ոտքի ձայնեն կբարձրացնե գլուխը ու ապշած կնայի առջևը) Գնաց… (Կնայի շուրջը, կես մը կելլե ու կնստի):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ախ դուն ես, Աբեղա: Կաղոթեի՞ր, ինչո՞ւ այսքան հեռուները:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Վախցանք:
ԱԲԵՂԱՆ – (Կելլե ոտքի, կնայի անոնց ցրված արտահայ-տությամբ և հանկարծ ուշադիր կսկսի գետինը բան մը փնտրելու):
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ կորոնես, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է, ճիշտ հոս պիտի ըլլար: Ո՞ւր է փոսը, ո՞ւր է այն փոսը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ փոս, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ, մոռցա, չէ՞ որ լեցուց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Լեցո՞ւց, ի՞նչը, ո՞վ:
ԱԲԵՂԱՆ – Ան… անիկա, երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ժպտուն) Ախ, երազ ես տեսեր: Քունդ տարեր էր, հա՞:
ԱԲԵՂԱՆ – Երա՞զ… (Հանկարծ վրա կնետվի Սիմոն վանականին, շոշափելով անոր մարմինը, պինդ-պինդ թափ տալով անոր թևը) Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Ետ-ետ քաշվելով) Տեր Հիսուս Քրիստոս, դուն խափանես չարը:
ԱԲԵՂԱՆ – Իսկ ասիկա՞, իսկ ե՞ս, իսկ այս վա՞նքը, այս անապատը… Ինչպե՞ս իմանամ ո՞րն է քուն, ո՞րն է արթուն, ան, հոն, անոնք, թե՞, հոս, դուք, ես…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Սթափվե, Աբեղա, սթափվե: Ի՞նչ երազ, ի՞նչ բան, այ անիկա Սիմոն հայր սուրբը, ասիակ ալ ես` մողավոր ծառաս: Կղզիի գագաթն էինք, իջանք սունկ հավաքելու, քարե-քար, ժայռե-ժայռ հեռացանք մինչև հոս, այս կողմերը սքանչելի սունկեր կան, ամբողջ թաշկինակ մը ժողովեր եմ, նայե, հրաշալի սնակե-սպաս պիտի ըլլա:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Իսկ եթե դո՞ւ ինքդ սունկ մըն ես միայն, հրաշալի սունկ մը բուսած ժայռի մը ստվերին, և քունիդ մեջ կերազես միայն, իբրև թե վանական մըն ես ու ու եկել ես սունկ հավաքելո՞ւ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Խելքի եկուր, Աբեղա, ինչեր կխոսիս:
ԱԲԵՂԱՆ – (Շարունակելով) Կամ գուցե այն ժայռի ստվերն ես դուն, քարի կտորի մը ստվերը, որ ինկեր ես հոս ու կերազես, թե մեղքերուդ հաղթած սուրբ մըն ես դուն: Ո՞րն է երազը, ո՞րը արթուն, ըսե, եթե գիտես, և ի՞նչ բան է ինքը երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Վախցած ու խոսքը փոխելու ջանքով) Երթանք: Երթանք, Աբեղա, ուշ է արդեն: Դժոխքի ճամփաներ են, նայե, կատարյալ սատանայի սանդուղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Երթանք, որ հասնենք իրիկվան հացին: Հսկում ունինք այս գիշեր:
ԱԲԵՂԱՆ – (Համակերպած) Երթանք: Ուտենք սունկե-սպասը ու կենանք հսկումի: Երազ մըն ալ ատիկա, բայց երկար, երկար երազ մը, չէ՞, հայր սուրբ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Չգիտեմ, Աբեղա, ինչ ըսել կուզես:
Ե Ր Ր Ո Ր Դ ՏԵՍԱՐԱՆ
Միջնադարյան դահլիճ մը սյունազարդ ու ընդարձակ
Աջ կողմը խոր նիշ մը նեղ ու երկար լուսամուտներով: Նիշի առջևը փայտե բազկաթոռ-վրան բարձ, ոտքին տակը բարձ: Քովը ցած ու փոքրիկ կլոր սեղան մը, վրան մեկ-երկու կանացի իրեր և գեղեցիկ ձեռագիր գիրք մը: Ձախ կողմը երկար դիվան, ամեն կողմ գորգեր: Ճակատը սյուներ են, որոնք դահլիճը կբաժանեն խորքի սրահեն, սյուներուն մեջ մութ գույնի վարագույրներ: Անդորր, մեղմ ու ախորժելի:
Ա
Իշխանուհին նստած է բազկաթոռին, ձեռքը սեղանին ու կխոսի: Դեռ չթոռմած գեղեցկություն, թեթև մը ճերմակած մազեր, սգավոր տիկնոջ արտաքին, պարզ ու ընտիր:
Քիչ մը քովնդի ու ետևոք նստած է գետինը, գորգի վրա, Դայակը, որ ժիր ու դյուրաթեք, ալևոր ու սևազգեստ պառավ մըն է:
Իշխանուհիին դեմը գլխաբաց կեցած է Գործավարը, ձեռքին ոլորած մագաղաթներ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Այո, իշխանուհին եթե կհաճի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղեկ, ինչպես գիտես, համաձայն եմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իսկ Սեպաուհի՞ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Տղո՞ւս, կկարգադրեմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Լավ: Իշխանուհին ուրիշ հրաման ունի՞:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ: Բարևներս բոլորին: Իսկ Աննան թող ինքզինքը աղեկ նայի, իր այդպես թույլ կազմովը: Կըսես` մայրդ շատ խիստ է դժգոհ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իշխանուհին պետք չէ որ թողներ մեզի, իր բացակայությունը շատ է զգալի ապարանքին մեջ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Է, ապարանքը կդառնա և առանց ինծի: Այդ տարիքին մեջ մոր կարիքը չնչին է: Ես հասցուցեր, պսակեր, կատարեր եմ իմ պարտքս: Աշխարհին տվեր եմ իմ հարկս, հիմա քիչ մըն ալ իմ հանգիստս ու իմ հոգիս:
ՊԱՌԱՎԸ – (Գործավարին) Թող, դուն ալ, քու ապարանքդ ալ: Տիրուհիս նահատակ մըն է եղեր իր ամբողջ կյանքը, հիմա կուզես, որ նորեն գար ու իյնար կյանքի անիվին տակ: Ոչ, ալ հերիք է, հանգիստ է պետք և մեզի, գոնե մեր օրերուն վերջին: Նայե, այս անդորր ու լռիկ մենարանը, ոչ մեկ արքունիքի հետ չեմ փոխեր:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Ճիշտ է, սիրուն տեղ է Ցամաքաբերդը, սիրուն ու հանգիստ, Սևանի լիճը, դեմի կղզին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ վերջապես կուզեմ մոտիկ ըլլամ իմ եկեղեցիիս, որ կնշվի, տես, աչքիս տակը:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Գիտեմ իշխանուհիին բարեպաշտությունը, գիտեմ անոր գթոտ սիրտն ու առատաձեռնությունը: Հոս ամեն քայլին անոր ողորմածութենեն կխոսին ու կարեկցությունեն: Բարերարվածները անչափ, գիտեմ: Իզուր չէ անշուշտ, որ սրբուհի կկանչեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ժպտուն) Իրա՞վ: Թող կանչեն, անունը ոչինչ չի փոխեր: Բան մը պիտի ընեի՞, թե չէ, այս մենավոր խուլ անկյունը:
ՊԱՌԱՎԸ – Մանավանդ տիրուհիիս պես անվերջ հոգատարության ու խնամելու սովոր սրտի մը համար:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կին ըլլալը` հոգ ըսել է, Եղիսա, իսկ մայրը` խնամք:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Հրաման կուտա՞ իշխանուհին, որ մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞րբ կուզես` ճամփա իյնաս:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Այսպես, ժամե մը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղեկ, Աստված հետդ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Առողջ մնա իշխանուհին: (Կծռի, կհամբուրե խոնարհ անոր ձեռքը ու մեջի վարագույրներեն կելլե դուրս):
Բ
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Քիչ մը լուռ, և ետքը հառաչանքով) է, կյանքը որքան քիչ բան ունի մեզ տալու:
ՊԱՌԱՎԸ – Մի տրտնջար, քիչ ունի թե շատ, ինչ որ ունի քեզի տվեր է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այդպես կմտածես և դո՞ւն:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարտությունը ատ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այն ատեն շատ խղճուկ ու աղքատիկ է ինքը կյանքը:
ՊԱՌԱՎԸ – Գուցե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ախ, ինչպես տխուր է այսօր սիրտս:
ՊԱՌԱՎԸ – Ամպոտ է օրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ամպոտ է դուրսը, անձրև է ու թուխպ հոգիիս մեջ: Բեր ինծի ավետարանս:
ՊԱՌԱՎԸ – (Ոտքի կելլե ու քիչ մը որոնելեն ետքը) Հոդ է, թևիդ տակը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Վերցնելով ու բանալով) Հա, մոռցեր էի:
Գ
ՆԱԺԻՇՏ ՄԸ – (Սևազգեստ կին մըն է, որ վարագույրը ետ ընելով կխոսի խոնարհ) Վանահայր հայր սուրբն է, կուզե տեսնե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սո՞ւրբը:
ՆԱԺԻՇՏԸ – Այո, իշխանուհի: Ի՞նչ կհրամայե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հոս առաջնորդե: (Գիրքը ձեռքեն կդնե վար):
ՆԱԺԻՇՏԸ – (Դուրս)
ՊԱՌԱՎԸ – Այ, աղեկ եղավ, սիրտդ քիչ մը կբացվի: Դուն միշտ ուրախ ես, երբ քեզի քու եկեղեցիեդ կխոսին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բաց վարագույրը:
Դ
Պառավը ետ կընե սյուներուն միջի վարագույրը և բռնած ալ կմնա պատկառանքով: Կմտնե Վանահայրը ու շիտակ դեպի Իշխանուհին, որ ոտքի կելլե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ–Աստծու օրհնությունը քու վրադ, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ քու, հայր սուրբ: Ի՞նչ լուրեր վանքեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աղոթք և օրհնություն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Օր-օրի կլրանա ու կդառնա տուն աղոթքի ու ներքնասույզ խոհանքի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչպես եղավ աջակողյան նիշը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այնպես, ինչպես որոշեցինք անցած օր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ուրեմն երկու սյուներուն ետևը, ուրույն կամարով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո: Ոչ: Ինչպե՞ս թե սյուներուն ետևը: Սյուներուն կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սյուներուն ետևը: Չէ որ… սյունը այսպես…Եղիսա, հատակագիծը տաս:
ՊԱՌԱՎԸ – (Որ քիչ մը հոռուն կեցած էր ձեռքերը կրծքին պատկառանքով, կերթա պատի պահարանեն կբերե ոլորած մագաղաթ մը ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Փռելով մագաղաթն իր փոքրիկ սեղանի վրա) Նստե հայր սուրբ: Այ, նայե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աս քեզի սյուները, աս ալ կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրավ է: Ինչ կնշանակե, որ այդ կտորը իրականին վրա դեռ չեմ տեսած: Երևակայելը երբեք ան չէ, չնայելով` ինչքան, ինչքան նայեր եմ այս հատակագծին վրա: Գիտե՞ս, հաճախ ամբողջ գիշերներով այդ շենքի մասին կմտմտամ, բոլոր անկյունները, բոլոր մանրամասնությունները, ամեն մեկ քարը: Այնպես բոլորը մոտ է սրտիս, այնպես կապված է հոգիիս, կարծես ամեն մեկ քարը ես եմ դրեր, ես եմ շիներ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կատակով) Այո իշխանուհի, ես կկարծեի, թե շինողը ես եմ, արդյունքը եղավ` որ դուն շինեցիր:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարիտ է, Մարիմա Աստվածածնի այդ տաճարը իմ Մարիամ իշխանուհիիս ձեռքի գործն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ) Այո, դուն շինեցիր, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ հայր սուրբ, ես չշինեցի այդ եկեղեցին, մենք, ես ու դուն: Միասին ենք խորհեր, միասին ենք ոգևորվեր, միասին ենք կազմեր ու միասին ալ կերպարանավորեր: Եվ այնպես հյուսված է եղեր այդ բոլորը իրարու, որ այժմ բնավ չգիտեմ` ո՞րն է որ ինծմե է ծներ և որ քեզմե: Կհիշե՞ս, հայր սուրբ, մեր այն միասին խորհումներուն ժամերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհիշեմ, իշխանուհի, բախտավոր բան է կառուցելը, մանավանդ տաճար մը, ուր քո Աստվածդ է բնակելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղվոր ըսիր: (Երազկոտ) Կյանքիս ամենեն քաղցր վայրկյաններն են եղած, երբ մենք միասին այս նույն սեղանին երկու կողմը նստած` մեր երևակայության մեջ ստեղծեր, կառուցեր ենք այդ շենքը:
ՊԱՌԱՎԸ – Եվ որու ճակտին քանդակվելու է քու անունդ, դարե-դար պատմելու բոլորին քու բարեպաշտությունդ ու աստվածասիրությունդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող մոր ու դայակի քու այդ սնափառությունդ, Եղիսա, ձգե մեզի առանձին ու մի խանգարեր:
ՊԱՌԱՎԸ – (Քրթմնջելով դուրս):
Ե
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, կյանքիս ամենաքաղցր վայրկյանները, չեմ քաշվիր կրկնելու, ինչ որ ճշմարիտ է, չեմ ուզեր քաշվիլ: Ինչո՞ւ աչքդ կձգես, ոչ, պետք չէ որ գետին ձգես: Ես ամբողջ կյանքս շիտակ եմ նայեր ամենուն երեսին և կուզեմ, որ ամենքն ալ, որոնց համար սրտիս խորքը հարգանք ունիմ, շիտակ նային իմ երեսին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Չեմ հասկնար ինչ կխոսի իշխանուհին: Ես պատճառ չունիմ ոչ մեկուն առջևը աչքերս գետին ձգելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բայց ճշմարտությունն ան է, որ ես ու դուն կվախնանք իրարու աչքի մեջ խոր ու շիտակ նայելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող, թող, մինչև ե՞րբ: Ալ լցվեր է բաժակը: Ինծի համար սաստիկ ծանր է ատիկա ու վիրավորիչ: Ինչո՞ւ, ի՞նչ հանցանք ենք գործեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ոտքի ելլելով) Իշխանուհին թող ինծի ներե, պետք է մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, ոչ, հայր սուրբ, մի փախչիր, և ի՞նչ օգուտ փախուստը, դուն քու հոգիեդ չես կրնար փախչիլ: Նստե, նստե, պետք է, որ խոսիմ: Ամբողջ տարի մըն է, որ ես հոս եմ, ամբողջ տարի մըն է շրթունքիս է այդ հարցը և որ շարունակ վախցեր եմ տալու, իսկ այդ վախը խոր կվիրավորե իմ արժանապատվությունս, կարծես երկու մեղավոր ըլանք դեմ-դեմի կեցած, որոնք ստիպված են ամոթով իրենց հոգին ծածկելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես չեմ հասկնար ինչ ըսել կուզե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չէս հասկնար…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսածներեդ չհասկացա ես ոչինչ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչի՞նչ, Հովհաննես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խայթվածի նման կցնցվի) Իշխանուհի…(Ու ծանր կելլե ոտքի)
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Նունպես ոտքի ելլելով) Մի՞տքդ է արքունի ամառանոցը, մեր փոքրիկ ավազանի եզերքին, վերջալույսի այն իրիկունը, ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ այդ քսանհինգ տարիներուն ետևեն դեռ կհիշե իշխանուհին այն քանի մը հասարակ խոսքերը, որ փոխանակեր ենք հոն իրարու հետ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիշեր եմ ես միշտ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Երախտապարտ եմ, իշխանուհի: Մեծ պատիվ մը, որ ես բնավ չեմ հանդգնած երևակայելու: (Քիչ մը լուռ, վերջը հետզհետե գլուխը բարձրացնելով) Միայն… միայն այն Հովհաննեսը, որուն անունը այդքան զարմանալի կերպով դեռ չէ մոռցեր իշխանուհին, այն Հովհաննեսը, ան մեռած է վաղուց: Իսկ հիմա հոս կեցած է վանական մը, գրեթե ծերունի մը, հեռու արքունիքեն ու ամենքեն, որ եկեր է քեզի հետ կառուցվող շենքի ծախքերու մասին խոսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հովհաննեսը մեռած է գուցե քեզի համար, չգիտեմ, բայց ոչ ինծի: Ան միշտ կենդանի է եղեր հոգիիս մեջ և կենդանի ալ կմնա: Անոր պատկերն է, վանահայր, միակ պայծառ կետը իմ ամբողջ կյանքիս մեջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ ամուսին է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տեսակ մը ընդհատելով) Եվ խիստ արժանավոր ամուսին մը, որ ես միշտ հարգեր եմ խորապես: Եվ խորապես ալ տանջվեր, որ հարգանքե տարբեր բան մը անոր տալու անկարող եմ եղեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ զավակներ է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Խիստ) Ես կատարեր եմ պարտքս: Եվ շատ ծանր է եղեր սրտիս, որ պարտավորությունես ավելի ոչինչ չեմ կրցեր տալ զավակներուս: Ունեցեր եմ ամեն ինչ և ամեն ունեցածս տվեր եմ իմ հարազատներուս, բայց բախտավո – րություն ոչ մեկուն չեմ տվեր և ոչ մեկեն ալ չեմ ստացեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ և ունքերը կիտած):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Լսե, պետք է ըսեմ բոլորը, որ մեր մեջեն վերնա այս անախորժ լարումը մեկանգամ ընդմիշտ: Նայե, ես պառավ կին մըն եմ, և դուն ինքդ ըսիր քիչ մը առաջ, որ ծերունի ես արդեն, վախնալու ոչինչ չունինք, քաշվելու ալ ոչինչ չունինք, քանի որ մաքուր է մեր խիղճը: Այս քողարկումը, զգացումներու այս խեղաթյուրումը վայել չէ մեր դեմքին, ոչ քու և ոչ ալ իմ: Լսե, ինչ որ շրթունքս երբեք չէր արտասաներ և ինչ որ սակայն լեցուցեր է իմ ամբողջ էությունս: Իմ կյանքի գորշ երկնքին դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ մխիթարության, ես չգիտեմ, ինչո՞ւ էի ապրելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ձեռքովը ճակատը սեղմած) Հերիք է, հերիք է…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Քո պատկերդ է եղեր իմ դեմս մենությանս վայրկյաններուն: Ինքս ալ աղեկ մը չգիտեմ` այն ջերմ աղոթքները, որ սրտես դուրս են հորդեր, ավելի Խաչյալի նկարի՞ն են ուղղված եղեր, թե՞ քու պատկերիդ: Իրավ է, ես պաշտեր եմ քու պատկեիդ իմ Աստծուս հետ միասին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ չե՞ս վախցեր Աստուծմե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աստվա՞ծ: (Բարձրացնելով սեղանեն ավետարանը) Աստված սեր է վարդապետ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ գլուխը շարժելով) Այդպես… (Հանկարծ) Իսկ հիմա:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիմա: Հիմա ալ, տես, այս լուսամուտը, որ քու կղզիիդ կնայի ու քու լուսամուտիդ, այն քու փոքրիկ լուսամուտիդ, ուր մինչև կեսգիշեր անմար է ճրագը: Դուն երեևի կկարդաս ու կաղոթես, ես ալ հոսկե կաշխատեմ քու մտքերդ կարդամ ու քու աղոթքներդ: Միթե այդ բոլորը հոգիդ չէ՞ր գիտեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կտրուկ) Ոչ, բնավ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրա՞վ: Մի՞թե քու հոգիդ նույնպես լիքը չէ եղեր ինծմով, ինչպես իմ հոգիս քեզմով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Պատասխան տուր, ուրախ չէի՞ր, միթե հոգիդ ուրախ չէր, երբ հոս այս մենության մեջ դեմ-դեմի նստած կխոսեինք ժամերով ու կծրագրեինք: Պատասխան տուր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անհանգիստ): Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտես, ես գիտեմ, միշտ ալ վստահ գիտցեր եմ, որ կապրեմ միշտ քու հոգիիդ մեջ, թեև տարիներու այս երկար շարքին մեջ հազիվ ութը-տասը անգամ պատահած ըլլանք իրարու մինչև հոս գալս և շատ ավելի նվազ մեկ-երկու խոսք փոխանակած ըլլանք իրարու, միշտ տափակ, միշտ անգույն ու միշտ կողմնակի բառեր: Ըսե, ճիշտ չէ՞, ինչ որ կըսեմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թող, իշխանուհի, հին, անցած-գնացած օրեր, ի՞նչ իմաստ քրքրելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սուրբ, եղիր շիտակ ու պատասխան տուր: Այսօր պետք է մաքրվին մեր հին հաշիվները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզիս, կին, ի՞նչ կուզես դուն ինծմե: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասար – դությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ խեղճ Հովհաննես…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արդեն կյանքը տառապանքե զատ ի՞նչ է տվեր ինծի… և քեզմե առաջ, և քեզմե ետքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ախ, ես զգացեր էի…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Վերջ տանք: Ի՞նչ միտք ունի այդ հին ու մարած մոխիրը խառնելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մարա՞ծ…մոխի՞ր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, այդ անողոք հուշերն ալ մյուս բոլոր աշխարհային ցավերուս հետ սրտես դուրս քամեցի այն օրը, երբ վրաս առի այս վերարկուն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սրտեդ դուրս քամեցիր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, երբ մարեցան բոլոր աշխարհիկ կայծերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, չմարեցան այդ կայծերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, կըսեմ քեզի, չմարեցան այդ կայծերը: Աշխատեցար, որ մարես, աշխատեցար, որ խաբես քեզի, օրոր ըսիր հոգիիդ ու համոզեցիր քեզի, թե մարեր ես, բայց չմարեցիր, չէիր կրնար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խիստ) Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ցած ձայնով) Եթե մարեցիր, հապա ի՞նչ է այս եկեղեցին, հապա ի՞նչ է այս մեր եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Սարսափած ետ քաշվելով) Լռե, լռե, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ: Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված) Մարիամ…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, այդ քու եկեղեցիդ նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, ան նվիրված է քու Մարիամ իշխանու – հիիդ: Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ գլխահակ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է ու գլխահակ):
Զ
Անկյունը հանկարծ կերևա Ճերմակավորը:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կցնցվի, կուղղվի ու հայացքը Ճերմակավորին հառած կքարանա):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ եղավ քեզի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ –Ըսե, որո՞ւն է նվիրված այն եկեղեցին, այն քու նոր շինած եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, պետք է որ ըսես, պետք է խոստովանիս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված): Այո: Ճիշտ է: Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Իմ աստվածներունս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու աստվածներուդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Կաներևութանա):
Է ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ճիշտ է: Ես ողորմելի ու մեծամիտ մարդ մըն եմ, գոցեր եմ աչքերս ու կկարծեմ, թե կթռչիմ, պարզեր եմ թևերս գոռոզ վեր ու կարծեր եմ, թե հասա երկնքին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մի խոսիր այդպես: Մեր սրտերուն այդ կապը, մեր այդ ամբողջ սերը եղեր է սուրբ, ջերմ ու ազնիվ, ինչպես ջերմեռանդ աղոթքի մը մրմունջ, ինչպես ընտիր կնդրուկին բույրը, որ դեպի երկինք կմխա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Աչքերը միշտ հառած դեպի Ճերմակավորին երևացած կողմը) Ոչ, ոչ: Ճշմարիտ է այս բոլորը, բայց դեռ մի հաղթանակիր, կանուխ է դեռ, դեռ կտեսնվինք… (Ու արագ դուրս առանց իշխանուհիին կողմը նայելու):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Շվար ու վախով) Հովհաննես, Հովհաննես, հայր սուրբ (Թուլացած կիյնա իր աթոռին):