Kitabı oku: «Հին աստվածներ», sayfa 5

Yazı tipi:

ԱՄԵՆՔԸ – (Իսկույն վեր կցատկեն իրենց տեղերեն, զինակիրները շտապ կբերեն սաղավարտներն ու վահանները իրենց տերերուն, որոնք կհագնին ու կերթան բագնին առջևը երկու զուգահեռ տողաշար կկազմեն երեսները վարագույրին, աջ` զորականները, ձախ` աղջիկները):

ԻՇԽԱՆԸ – (Մոտենալով Աբեղային) Տուր ինծի ձեռքդ ու երթանք երկրպագելու, երկրպագելու մեր վեհ աստվածներուն:

ԱԲԵՂԱՆ – Երկրպագելու… նո՞ր աստվածներուն:

ԻՇԽԱՆԸ – Հին աստվածներուն. միշտ հին ու միշտ նոր ու միշտ հավիտյան: Եկուր:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ ու համառ կեցած է, աչքերը գետին):

ԻՇԽԱՆԸ – Եկուր, կըսեմ քեզի, շուտ. դուն, որ խմեցիր կռվի կենացը, դուն, որ խմեցիր իմ Սեդայիս կենացը, պետք է, որ գաս: Տուր ձեռքդ ինծի:

Թ

Վարագույրին ետևեն կլսվի շեփորին կանչը մեկ-երկու ելևէջ, որուն կհաջորդե քուրմերու ուրախ ու հաղթական երգը: Երգի միջոցին կբացվի կամաց-կամաց ճակտի վարագույրը և տեսարանի մնացած բոլոր մասերը հետզհետե կթաղվին մութի մեջ:

Խորքի բեմը, որ ավելի ալ բարձր է, կներկայացնե Սևանի գագաթն իր ավերակներով: Աջ` կեցած են քուրմերը, բոլորն ալ ճերմակազգեստ, հերարձակ ու մազերուն մեջ խրած խոշոր աստղ մը: Հեղ մը քուրմերը կերգեն, հեղ մը քրմուհիները, վերջը բոլորը միասին:

Նոր բեմի խորքը հորիզոնն է, ծովուն ու երկնքին իրար կպչող ծիրը: Երկինքը շառագույն է, տեղ-տեղ դեղին, ծովը լերթ-կարմիր, տեղ-տեղ ծիրանի: Երգի միջոցին հետզհետե կնշմարվի հսկա արևի մը սկավառակը, որ կբարձրանա կամաց-կամաց; Երբ կեսին չափը դուրս է եկած ջուրեն` արևը կբացվի ոստրեի մը պես ու կափարիչը կիյնա ջուրին երեսը` արևի ցոլքին նման: Ոստրեին մեջը վառ կփայլի աչք խտիտ տվող արծաթ-մարգրիտ փայլով մը: Եվ այդ վառ փայլին մեջ կեցած է հաղթական Վահագնի մերկ, բարձր, շիտակ, հաղթ ու առողջ, աջ ձեռքը առաջ պարզած, մազերն ու մորուքը ասորական ձևի և շեկ, աչքերը բոցոտ: Անոր ձախ կողմը թեթև թեք է ինկած նազանքով ծովային խոտերու ու ծաղիկներու վրա Աստղիկը, սա թեթև մը փաթաթված է Վահագնին ու գլուխը հենած անոր մարմնին. ինքը` մերկ, ճկուն, նուրբ, մազերուն մեջ ահագին ադամանդե աստղ մը ու մարմնին վրա մեկ-երկու թել ծովային նուրբ ու երկար սեզ:

Երգեցողությունը կտևե մինչև ոստրեի լրիվ բացումը: Երբ երգը հանկարծ կկտրվի, կլռվի նորեն շեփորին կանչը ու բոլոր բազմությունը իսկույն կթափի գետին խորը երկրպագությամբ: Քուրմերն ու քրմուհիները կխոնարհին մինչև մեջքը: Ոտքի կմնա միայն Աբեղան` ուղիղ և անշարժ:

ՔՈՒՐՄԸ – (Խումբին մեջեն, ահեղ) Երկրպագե, դուն, շվարած:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):

ԻՇԽԱՆԸ – (Սարսափահար ու կիսաձայն) Երկրպագե, անմիտ:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):

ՍԵԴԱ – (Կերևա հանկարծ բարձր բեմի սանդուղքներուն վրա, հանգիստ առաջ կուգա, կկենա ուղիղ Աբեղայի դեմը, քնքուշ ու հրամայական) Երկրպագե, երկրպագե ծովուն ու իր աստծուն:

ԱԲԵՂԱՆ – (Նախ գլուխը կթեքե, ետը ծունկերը քիչ-քիչ կծալլվին ու հանկարծ կիյնա գետին): Սաստիկ դղրդյուն մը. և մեկ անգամեն կկորչի ամեն բան, կտիրե խորին մութ ու լռություն: Երբ թանձր մութը կսկսի փարատիլ` տեսարանը փոխված է: Հետզհետե բացվող աղոտ լույսին մեջեն կնշմարվի հաստ ու ցածր սյուներու զույգ շարք մը տեսարանին ճիշտ մեջտեղը: Եկեղեցի է: Խորքը կերևա միայն երկու վառ մոմ, որուն առջևը երկու վանական սաղմոս կկարդան փոխնիփոխ: Անոնց ետևը կիսաշրջանով կեցած են վանականները երեսնին դեպի խորանը:

Մռայլ ու մութ, ընթերցումը տխուր ու միալար:

Լռիկ աղոթող վանականներու շարքին մեջ հանկարծ խլրտում մը կիյնա:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Մյուսներուն կռնակեն ծռվելով դեպի ետ, փսփսուքով) Ջուր, ջուր, երեսին ջուր:

Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն կերևան երկու վանական, որոնք Աբեղայի թևերը մտած ու բարձրացուցած կբերեն առաջ: Աբեղան թույլ ու անզգա: Մովսես վանականը կուգա անոնց ետևեն` օգնելով: ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Արագ դուրս աջ կողմի սյուներուն մեջեն, կմոտենա Մովսեսին, երբ Աբեղան արդեն անցուցած են, և կիսաձայն) Ի՞նչ է, ի՞նչ կա, ի՞նչ եղավ:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – (Միշտ կիսաձայն) Աբեղան մարեցավ: Կեցեր էր առջևս կաղոթեր, մեյ մըն ալ տեսա` գլուխը կախեց, քիչ մը ծռեցավ ու բոլոր ուժովը ինկավ գետին:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Խեղճ Աբեղա. երևի գիշերը շատ է ճգներ: Տարեք աղբյուրը, տարեք աղբյուրը: (Եվ ինքը կդառնա ետ իր նախորդ տեղը):

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – (Կշտապե գացողներուն ետևեն):

ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Իշխանուհիին առանձնասենյակը

Փոքրիկ, կոկիկ, ցած առաստաղով սենյակ մը ամբողջովին գորգերու մեջ: Ճակատը բազմոց, մոտիկը ցածլիկ աթոռակ մը: Անկյունը ճերմակ ֆոնի վրա սև սիրուն խաչելություն մը ճերմակ նեղ սեղանին. երկու կողմը երկու ամանի մեջ վարդի թարմ փունջեր: Առաստաղեն կախված է արաբական գունավոր լապտեր մը:

Մուտքը աջեն ու ձախեն:

Ա

Իշխանուհին կեցած է բազմոցին առջևը ձիգ ու անշարժ: Քիչ մը հեռուն, անոր դեմը, դռան մոտիկ կեցած է Վանահայրը: Երկունքն ալ հայացքնին նետած են գետին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հանգիստ ու պաշտոնական)… Ան է կապեր մեզի իրար, ան ծնունդն է մեր երկուքի, անիկա մեր կապն է, իսկ մեր մեջը չի պիտի ըլլա ոչ մեկ կապ, մեր մեջեն պետք է խզվի ամեն կապ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Գլուխը բարձրացնելով ու նունպես հանգիստ)

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խիստ) Անոր հիմը, իշխանուհի, մեղքի վրա է դրված:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ինչպես թե` մեղքի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո մեղքի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Հպարտ) Մեղքը միշտ օտար է եղեր ինծի և միշտ ալ օտար պիտի մնա ինծի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կին, նորե՞ն խաբել կուզես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ապշած) Խաբե՞մ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, խաբես ու կեղծես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞ս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Դուն, դուն: Ի՞նչ կզարմանաս, դուն, որ ամբողջ կյանքդ խաբեր ես ու շարունակ կեղծեր: Խաբեր ես տարիներ ու տարիներ այն մարդը, որ իբրև իր կինը իր տունն է տարեր քեզի, խաբեր ես քու զավակներդ, որոնք շոյանքի կարոտով գիրկդ են վազեր, խաբեր ու կապեր ես բոլոր շրջապատողներուդ աչքերը, խաբեր ես ինծի, թեև, այո, առանց խոստում մը տալու, առանց բառ մը արտասանելու, խաբեր ես և քեզի, քեզի քու աչքիդ նահատակ ես նկարեր, դուն, որ մարդդ մեռեր է թե չէ, վազեր եկեր ես հոս` ինծի հետ նոր շենք շինելու, քու կեղծիքիդ աստծուն նոր տաճար կառուցանելու (Քիչ մը լուռ):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Կեցած է ձիգ ու հպարտ, ունքերը կիտած, ոչ շարժում, ոչ ծպտուն):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իհարկե, չէ՞ որ քու աստվածդ սերն է: Ով սոփեստություն: Ի՞նչ է սերը, ինչի՞ սեր է Աստված, արուի՞ ու էգի՞: Կին, մեղանչանք է քու անունդ, կեղծիք է քու հոգիդ ու զգայարանքներդ, քու աշխարհդ: Մեղքի վրա է շինված այս եկեղեցին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսի՞ր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Դե, բաց է դուռը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Վիրավորված) Իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ է: Գնա, գնա քանդե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ատիկա իմ պարտքս է և ես գիտեմ, բայց պետք է, որ դուն ալ կատարես քու պարտքդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այսինքն: Ի՞նչ է ուզածդ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պետք է անմիջապես հեռանաս հոսկե, Ցամաքաբերդեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հեռանամ… այդպե՞ս կհրամայես:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կհրամայես… (Հանկարծ բուռն բարկությամբ) Եվ ո՞վ ես դուն, ի՞նչ գործ ունիս հոս, հոս, իմ դեմս, ո՞վ ես դուն;

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես… ես վանական մըն եմ, իշխանուհի, քաշված անապատը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Անապատ մըն ես դուն ինքդ և օտար, օտար հոգիիս, ինչպես ամենքը; Ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մենակ, մենակ պալատներու ամբոխի մեջ, միս-մենակ իմ իսկ պալատիս, իմ սեփական ընտանիքիս մեջ, մենակ, միշտ: Եվ հոգիիս միակ լուսավոր աստղը եղեր է այն մտածումը, որ հեռու, հեռու կա ուրիշ հոգի մը, իմինիս պես մենակ, իմինիս պես լքված, իմինիս պես կարոտ, եղբայր հոգի մը, որ կհասկանա ինծի ու իմ կրած ծանր խաչս, որ մոտիկ է ինծի ու կսիրե ինծի: (Լուռ):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է անշարժ ու լարված, բռունցքները սեղմած` տեսակ մը կռվի պատրաստ դիրքով):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այդ սարսափելի, այդ հավիտենական, այդ խելագարեցնող մենության ձեռքեն փախած, եկեր ապաստաներ եմ հոս, վերջապես միասին ըլլալու, միասին ըլլալու հոգիի մը հետ, միասին ապրելու, միասին ստեղծելու շենք մը, այն միակ հոգիին հետ, որ ինծի կհասկանա, որ հեռուեն ինծի հետ է եղեր ամբողջ կյանքս: Եվ ահա թե ինչպես կհասկնա ինծի այդ միակ հոգին: Ես կին, ես մեղք, ես էգ ու խաբեբա: (Զայրացած) Գնա, հեռացիր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ավարտե ու կերթամ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչինչ չունիմ քեզի հետ ավարտելու: Ապրեր եմ միշտ մինակ ու օտար, մինակ ու օտար ալ կիջնեմ գերեզման: Անմտություն է ճակատագրի հետ կռվիլը: Գնա, գնա քանդե, փուլ տուր այն քարերը, իմ տաճարս արդեն փուլ եկավ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռ) Ներե, իշխանուհի, եթե ավելորդ խոսք ըսի: Ես ավելի ինծի կխոսեի, քան քեզի: Ես ուզեցի, որ ճշմարտությունը մերկ կանգնի մեր առջև, ես ուզեցի բանամ մեր երկուքիս ալ աչքերը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ բացիր, շնորհակալ եմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կցավիմ, եթե բաց աչքով տեսածդ ան չէ, ինչ որ կուզեիր: Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է` պետք է նայիս փակ աչքերով:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարիտ է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդ ճշմարտությունը ես քեզմե սորվեցա… ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ: Ներե, իշխանուհի: Եվ կարծեմ մեր մեջ ալ մաքրված է ամեն հաշիվ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ բոլոր հաշիվներս` ալ մաքրված են կյանքի մեջ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մաքրե վերին հաշիվներդ: Մնաս բարով, իշխանուհի: Իշխանուհին կեցած է լուռ ու անշարժ, մինչ Վանահայրը հանդարտ ու գլխահակ կելլի դուրս: Իշխանուհին կամաց ու տեսակ մը ակամա կսահի վար ու խորտակված կնստի բազմոցին, ձեռքերը անուժ մեկը բազմոցի վրա նետած, մյուսը` գոգը, անկյանք հայացքը կետի մը հառած:

Բ

ՊԱՌԱՎԸ – (Մտնելով հակառակ դռնեն) Մինա՞կ ես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլուխը ճոճելով) Մենակ, մենակ…

ՊԱՌԱՎԸ – Գնա՞ց:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:

ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ:

ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ ըսավ որ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:

ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ: (Քիչ մը լուռ) Բեր ինծի այն…

ՊԱՌԱՎԸ – Ի՞նչը, իշխանուհի

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հատակագիծը:

ՊԱՌԱՎԸ – Եկեղեցիի՞ն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլխով կընե):

ՊԱՌԱՎԸ – (Դուրս կելլե իր եկած դռնովը և իսկույն ալ կվերադառնա կուտա ոլորը) Առ: (Ինքը կքաշվի դեպի խաչելությունը):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Կբանա հատակագիծը, կնայի քիչ մը, կբարձրացնե, կհամբուրե և հանգիստ ու կանոնավոր շարժումներով կսկսի պատռել` զսպելով հեկեկանքը, մինչդեռ կուրծքը ուժգին կելևէջե և արցունքները առատ կթափին, առանց ծպտուն մը հանելու):

ՊԱՌԱՎԸ – (Ետ նայելով ապշած) Ատ ի՞նչ կընե իշխանուհին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ձայնը դողդոջուն) Չե՞ս տեսներ: Կպատռեմ:

ՊԱՌԱՎԸ – Կպատռե՞ս, ինչո՞ւ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ալ… ալ վերջացավ:

ՊԱՌԱՎԸ – (Ուրախ) Վերջացա՞վ, ավարտվեցա՞վ եկեղեցին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, ավարտվեցավ:

ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ կըսես: Դե, աչքը լույս իշխանուհիիս, ալ ինչո՞ւ ես վշտացեր:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Վշտացե՞ր, ո՞վ, ե՞ս, ամենևին; Չե՞ս տեսներ, պառավ, ինչպես ուրախ եմ, ինչպես բախտավոր: Չե՞ս տեսներ` կուլամ:

ՊԱՌԱՎԸ – (Հուզված ու երկյուղած) Այո, իշխանուհիս կուլա… (Առջևը չոքելով) Կուլա տիրուհիս: Ես քու լացդ դեռ չէի տեսեր, այնքան վշտեր, այնքան ցավեր էիր տեսեր: Եվ ինչ տարօրինակ լաց է եղեր ուրախության լացը:

ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ

Առաջին տեսարան

Աբեղայի խուցը. Գիշեր. Ճրագ.

Աբեղան պառկած է անկողնին, սնարին կողմը նստած է Կույր վանականը արձանի նման շիտակ: Ոտքին կողմը` անկողնի եզերքին նստած է Սիմոն վանականը, որ անընդհատ համրիչ կշրջե, շուտ-շուտ հորանջելով:

Ա

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Կեցած է սեղանին մոտիկ, կխաղա ճրագին հետ ու կխոսի ծանր-ծանր, խորհրդածելով) Եվ ինչքան, ինչքաններ են սակայն այդպես անմիտ: Այ, ամբողջ այդ դուրսինները: Դժբախտներ: Փառք քեզի, Աստված, որ լուսավորել ես մեր միտքը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հորանջելով) Փառք քեզի, Աստված:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մեյ մը ատոնց հարցնող ըլլա` ով մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախություններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարոտություններու, այդ կռվի ու դառնության հովտին մեջ, որուն աշխարհք անունը կուտան: Այդպես ալ հիմար հաշիվ: Քանի մը խղճուկ վայելքներու, քանի մը չնչին հաճույքներու համար մարդ առնե ու զոհե իր հանդերձյալ կյանքի հավիտենական երանությունը:

ԱԲԵՂԱՆ – (Պառկած տեղեն առանց դիրքը փոխելու` հատիկ-հատիկ) Հայր սուրբ, տեսե՞ր ես դուն երբեք արևի ծագումը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Ի՞նչ:

ԱԲԵՂԱՆ – Եղե՞ր ես դուն երբեք արևին տաճարը:

Երկու վանականները ապշած կնային իրարու:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կմոտենա անկողնին ու ձեռքը հիվանդի ճակատին դնելով) Սառն է: Արթո՞ւն ես, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Ես արթուն եմ: Ես արթնցա, երբ արևը ծագեցավ: Իսկ դո՞ւք, դո՞ւք…

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մենք կխոսինք, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Կլսեմ` կխոսիս: Գնա, դիտե արևին ծագումը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքով նշան կնե, որ հիվանդը հանգիստ թողնե ու պատասխան չի տա, և ինքը ոտքի ելլելով) Իրավ կըսե, հայր սուրբ, ուշ է արդեն, երթանք, որ ինքն ալ հանգստանա: Գիշեր բարի, Աբեղա: Այս գիշեր քեզի խոր քուն, վաղը ամեն բան անցած կըլլա (Դեպի դուռը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Առողջություն քեզի, Աբեղա (Դեպի դուռը):

ԱԲԵՂԱՆ – (Առանց դիրքը փոխելու, հատիկ-հատիկ) Քեզի կըսեմ` տեսե՞ր ես դուն երբեք արևին ծագումը:

Բ

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ականջ կդնե, որ ոտքի ձայները հեռանան, վերջը քիչ մի ավելի ծռվելով դեպի անկողինը, խորհրդավոր ու կիսաձայն) Ես… ես տեսեր եմ այդ արևին ծագումը:

ԱԲԵՂԱՆ – (Աշխույժ վեր կթռչի իսկույն ու կիսովին կնստի հենվելով թևին, մատը կույրին ուղղած) Դո՞ւն…դո՞ւն…դո՞ւն տեսե՞ր ես: Դո՞ւն, կույր…

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ծանր գլխով կընե):

ԱԲԵՂԱՆ – (Ցած ձայնով ու ձիգ տալով) Եվ երկրպագե՞ր ես:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ծանր գլխով կընե):

ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն, դո՞ւն տեսեր ես արևին տաճա՞րը, քու այդ աչքերո՞վդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո, տեսեր եմ իմ աչքովս ու հաներ եմ այդ աչքերը, որ ալ չտեսնեմ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափած) Հաներ ես աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կարդալու շեշտով) Այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե, այսպես է գրված:

ԱԲԵՂԱՆ – Եվ դուն հաներ ես աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո:

ԱԲԵՂԱՆ – Հաներ ես, քու աչքերդ, քու այդ ձեռքովդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Ոչ, ոչ ձեռքովս, հաներ եմ կամքիս ուժովը:

ԱԲԵՂԱՆ – Կամքի՞դ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Դիմե հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն, աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:

ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը մտածելե ետքը տարակույսով) Եվ դուն կըսես թե` երկրպագեր ես արևի՞ն:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո, մեղանչեր եմ, Աբեղա: Եվ ճիշտ ատոր համար է, որ կհասկանամ քեզի, կտեսնեմ քու հոգիդ ու կըսեմ քեզի` “զգույշ, դևն է, որ արթնացեր է մեջդ սև դևը”:

ԱԲԵՂԱՆ – Ա՞տ է քու հասկցածդ: Ինծի քաշողը ինքը լույսն է ու գեղեցկությունը, ինծի քաշողը աստվածներն են:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բոլոր դևերն ալ երբեմն Աստված են եղած, Աբեղա: Ընկճված աստվածներն են ատոնք, պետք է, որ ընկճես:

Գ

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կմտնե տխուր ու կքուն) Ողջույն ձեզի:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կելլե ոտքի):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մոտենալով անկողնին) Ինչպե՞ս ես: Նոր եկա ցամաքեն, ըսին` ինծի կանչեր ես:

ԱԲԵՂԱՆ – Այո, կզգամ ծովուն թարմությունը, որ հագուստներեդ կբուրե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նոր ելա լաստեն:

ԱԲԵՂԱՆ – (Հիացումով) Լաստեն… լաստեն…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռած) Ինչո՞ւ ես կանչեր ինծի:

ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը լուռ) Հայր, ես երկրպագեցի հին աստվածներուն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Դաժան ու խիստ) Շատ բնական է:

ԱԲԵՂԱՆ – Ի՞նչ…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Անշուշտ, անշուշտ, կսպասեի: Չէ՞ որ քեզի խոստացավ իր տակի ձին, իր ձեռքի սուրը ու իր սեփական աղջիկը, գուցեև օր մըն ալ, ո՞վ գիտե, իր իշխանական ցուպը:

ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ վիրավորված) Հայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Անշուշտ շատ բնական է: Այդ բոլորի համար արժե Աստված մը ուրանալ: (Հանկարծ ու բարկությամբ) Բայց ինծի՞, ինծի՞ ինչու ես կանչեր հոս:

ԱԲԵՂԱՆ – (Հանդիմանորեն) Հապա ո՞վ կանչեի, վանահայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Սխալվեր ես: Կանչե հայր Անտոնը:

ԱԲԵՂԱՆ – Վանահայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հայր Անտոնին լաստը միայն կհանե քեզի հոն, ուր քու սիրտդ է:

ԱԲԵՂԱՆ – Կվռնդես ինծի դուրս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես կղրկեմ քեզի քու տենչած աշխարհը:

ԱԲԵՂԱՆ – (Դառն ու հանգիստ) Կղրկես ինծի իմ աշխարհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի` ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կոտրված) Իրավ ես: Ես ուզեր եմ անկարելին: Ես ուզեր եմ ազատեմ քեզի այն երկար գալարուն ճամփեն, որու դառնություններուն ու տառապանքներուն մեջեն միայն կհասնին մարդիկ այս սուրբ մենարանը: Ես ուզեր եմ անկարելին: Հանե քուրձերդ ու գնա:

ԱԲԵՂԱՆ – Երթա՞մ, ինչո՞ւ, և ո՞ւր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աշխարհ:

ԱԲԵՂԱՆ – Աշխարհ: (Անխոս գլուխը կշարժե, և ապա չարախնդաց) Ոչ, վանահայր, հոս է իմ աշխարհս, աշխարհքը, այ, այս կղզին է, ես հոս ճանչցա հին աստվածները, հոս ալ պիտի երկրպագեմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ զարմանքով կդիտե, վերջը ծանր ու վճռական) Ոչ, այդ մեկը չեմ թողներ, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Կթողնես, դուն ես այդպես կամեցեր: Ես ուրիշ աշխարհ չեմ տեսած, ես հոս եմ շիներ իմ աշխարհս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կտրուկ) Լսե: Հոս մենարան է ու սրբավայր, ուր այլևս աշխարհիկ հյուր մըն ես դուն, պատահական ուխտավոր մը: Իսկ ուխտավորներուն իրավունքը, գիտես, երեք օր է միայն: (Դեպի դուռը):

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ետևեն) Վանահայր, շատ ես խիստ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կիսովին նայելով) Ոչ, հայր սուրբ, հիվանդ էր ու զիջող եղա: Չի լսեցի՞ր, ամբողջ երեք օր տվի իրեն: Բայց երեք օր չի լրացած պետք է հայր Անտոնին լաստը, ցամաք հանե այդ տղան: (Դուրս):

Դ

ԱԲԵՂԱՆ – Լաստը… լաստը:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Մոռացիր, մոռացիր այդ լաստը, Աբեղա: Մոռացիր քեզի աշխարհին կապող այդ երերուն կամուրջը, մոռացիր այդ իրարու կապած երկու գերանի կտորը…

ԱԲԵՂԱՆ – Իրարու կապված… այո… իրարու կապված:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Դեռ ուշ չէ, խեղդե մեջդ այդ հուշերը, ընկճե հին դևը ու այս բոլորը թող դառնա հիվանդություն մը, որ եկավ վրադ ու անցավ: (Թևերը տարածելով անոր վրա) Ապավինե Աստծուն, Աբեղա: (Կերթա դեպի դուռը և կես ճամփեն) Գիշերը եթե պետք ունենաս` զարկ պատը, գամ քեզի օգնելու:

ԱԲԵՂԱՆ – Ինծի ի՞նչ կրնաս օգնել դուն, կույր, դուն, որ հաներ ես քու սեփական աչքերդ;

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խարխափելով մուտքը կփնտրե) Կօգնեմ կերպ մը, Աբեղա, խարխափելով , խարխափելով… Զարկ պատը, եթե պետք ունենաս: (Դուրս):

Ե

ԱԲԵՂԱՆ – (Նստած է անկողնին մեջ ծունկերը գրկած, քիչ մը ատեն լուռ ու անշարժ, վերջը հեգնոտ ու գլուխը շարժելով) Խարխափելով… խարխափելով… և կըսե` մոռացիր լաստը:

ՍԵԴԱ – (Դռան մեջեն հազիվ կնշմարվի) Մոռացիր, մոռացիր լաստը…

ԱԲԵՂԱՆ – (Ցնցվելով ու շշուկով) Սեդա…

ՍԵԴԱ – Մոռցիր և Սեդան:

ԱԲԵՂԱՆ – Ես մոռնամ քեզի՞:

ՍԵԴԱ – Մոռցիր ինծի, ես քու մեջի սև դևն եմ:

ԱԲԵՂԱՆ – Դուն իմ հոգիիս ճերմակ թևն ես: Նստեր էի անապատի ավազին վրա տխուր, չոր ու մենակ, դուն էիր, որ եկար թև տվիր կյանքիս, բնությունը տվիր զգայարանքներուս ու ծովը սրտիս, ծովը, ուրկե արևները կծնին, ուր ես անգամ մը գրկեր եմ քեզի:

ՍԵԴԱ – Մոռցիր, մոռցիր այդ բոլորը, դեռ ուշ չէ, եղիր նորեն ան, ինչ որ էիր, մտածե, դեռ ամբողջ երեք օր տվին քեզի:

ԱԲԵՂԱՆ – Ոչ Սեդա, ոչ, ետ դարձ չկա, ոչ կրնամ, ոչ կուզեմ: Ես երկրպագեցի քու աստվածներուդ, ես ձոնեցի քու աստվածներուդ, ես խմեցի վայելքի եղջյուրեն: Ես հիմա միայն քեզի ծարավ եմ, ես հիմա միայն քու գիրկդ կուզեմ:

ՍԵԴԱ – (Քիչ մը առաջ գալով գրկաբաց) Եկուր, ես քուկդ եմ:

ԱԲԵՂԱՆ – (Ինքն ալ անկողնին վրայեն առաջ ծռելով) Սեդա… բայց չէ՞ որ դուն երազ մըն ես:

ՍԵԴԱ – Եկուր, դուն ալ դարձիր երազ մը:

ԱԲԵՂԱՆ – Երա՞զ մը:

ՍԵԴԱ – Եկուր նորեն հոն…

ԱԲԵՂԱՆ – (Վախցած ու հափշտակված) Ծովը…

ՍԵԴԱ – Հոն, ուր անգամ մը գրկեր ես ինծի…

ԱԲԵՂԱՆ – Ուր դուն թևերուս մեջ կդողայիր քու մարմնիդ բոլոր մասնիկներովը…

ՍԵԴԱ – Ուր ալիքները կդողային ու փոթորիկը կգոռար…

ԱԲԵՂԱՆ – Ու զարկերուս տակ փրփուրը կեռար…

ՍԵԴԱ – Հոն եկուր, հոն, եթե նորեն գրկել կուզես ինծի, միայն հոն: Եկուր, հենց որ նորեն ջրերը հուզվին, հենց որ նորեն ծովը փրփրի:

ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ծունկի գալով անկողնին վրա) Այո, երբ որ ջրերը հուզվին, երբ որ ծովը փրփրի…

ՍԵԴԱ – Եկուր փաթթվինք իրարու ու տանիմ քեզի գրկիս մեջ անդունդե անդունդ, մթնոլորտե մթնոլորտ, տանիմ քեզի դեպի նոր անծանոթները, դեպի այն նոր աշխարհները, որոնց մասին դու ու քու աշխարքըդ գաղափար անգամ չունիք: Եկուր:

ԱԲԵՂԱՆ – Կուգամ: Առաջին անգամ, երբ քեզի գրկեցի, բացվեցան ինծի որքան, որքան անծանոթներ, գամ նորեն քեզի գրկելու և թող բացվին նոր անծանոթներ:

ՍԵԴԱ – Եկուր, տանիմ քեզի հեռու, հեռու քու կյանքիդ նեղ սահմաններեն, տանիմ քեզի նոր գոյության, նոր ձևերու, նոր էության…

ԱԲԵՂԱՆ – (Վերացած) Նոր, նոր կյանքի, նոր էության:

ՍԵԴԱ – Եկուր, ձուլվիս ծովին, ձուլվիս լույսին ու ջերմության, ձուլվիս ինծի ու Աստղկան, ձուլվիս Վահագնին ու աստվածներուն…

ԱԲԵՂԱՆ – Ախ, շուտ, ախ, շուտ:

ՍԵԴԱ – (Ետ-ետ քաշվելով) Հենց որ ջրերը հուզվին, հենց որ ծովը փոթորկի…

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
80 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467062
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Средний рейтинг 4,7 на основе 34 оценок
Metin, ses formatı mevcut
Средний рейтинг 5 на основе 15 оценок
Metin
Средний рейтинг 4 на основе 11 оценок
Stuart: A Life Backwards
Alexander Masters
Metin
Средний рейтинг 3,5 на основе 8 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 22 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Ses
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Metin PDF
Средний рейтинг 3,5 на основе 2 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Metin PDF
Средний рейтинг 3,9 на основе 8 оценок
Metin
Средний рейтинг 4,8 на основе 29 оценок