Kitabı oku: «Առակներ», sayfa 10
ՕԳՏԱՎԵՏ ԽՐԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԱՍԵԼ Է ԻՄԱՍՏՈՒՆ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ
– Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։
– Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։
– Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։
– Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։
– Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։
– Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։
– Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։
– Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:
ՀԻՊՈԿՐԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Բժշկապետ Հիպոկրատը գնաց նվագել սովորեց և աշակերտները նրան մեղադրեցին, թե՝ բժշկության ուսուցիչ ես դու, և սա քեզ վայել զբաղմունք չէ, ինչու ես սովորում։ Եվ Հիպոկրատը նրանց պատասխանեց.
– Ուսումը լավ է անգիտությունից, գիտությունը լավ է, քան տգիտությունը։ Սա ևս մի արվեստ է, սովորելը լավ է, պատվաբեր և հարկավոր:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ
– Ով գարնանը հանգստանում է, ձմռանը սատկում Է սովից ու ցրտից։
– Անգործ մեղուն ավելի լավ Է, քան ժրաջան պիծակը։
– Եթե անարժանին ինչպես հարկն Է չես հանդիմանում, ուսուցիչ մի լինիր:
– Ուսուցչին սուրբ վարքն Է քաջասիրտ դարձնում։
– Մեղրը քաղցր Է, բայց ախտավոր մարմնին վնասում Է, խրատն ու կշտամբանքը օգտակար են, բայց անօգուտ են անխոհեմի համար:
ՆՈԻՇԻՐՎԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ
– Փորձածը մի անգամ ևս փորձեցեք։
– Նորքսակ մարդուց փոխ մի վերցրեք։
– Երիտասարդ օրերին ծերությունը հիշեցեք։
– Առատության ժամանակ սղությունը մտաբերեցեք:
– Ամենևին մի երդվիր. ոչ ճշմարիտ և ոչ սուտ։
– Ստախոս մարդկանցից զգույշ մնացեք։
– Ով խրատը ճանաչում և սիրում Է, նրան տվեք։
– Ով անամոթ և աներկյուղ Է, նրանից հեռու մնացեք։
– Անընկեր ճանապարհ մի երթաք։
– Անարժաններին մի խոնարհվիր։
– Այնտեղ, ուր համբերել Է պետք, մի շտապիր:
– Ճշմարտությունը ձեզ արհեստ դարձրեք։
– Ամեն բան, և կտավը, տասն անգամ չափեցեք և նոր կտրեցեք:
ԽՐԱՏՆԵՐ
– Գիտնականներն իմացությամբ չորս կարգի են. նախ, որ գիտե, ու թեպետ գիտե, որ գիտե, ասում Է՝ չեմ կարող ասել, սա իմաստուն Է և հեզ, սովորիր սրանից, երկրորդ` գիտե, որ չգիտե և խոստովանում Է իր անտեղյակությունը, թե` չգիտեմ. սա ևս բարի Է, սովորիր այդ. երրորդ` չգիտե և անտեղյակ Է, թե չգիտե և խոսում Է տգիտաբար, սա հիմար Է և չգիտե իր պակասությունը, ինչպես չար հիվանդը, արթնացրու սրան. չորրորդ, չգիտե և գիտե, որ չգիտե, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում Է, թե գիտե, այսպիսին ամբարտավան Է, խուսափիր նրանից:
– Չորս բան են տապալում թագավորությունը՝ թացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը։
– Չորս պատճառ կա, որ կործանում է թագավորությունը, նախ՝ խելքի պակասություն և տգիտություն, երկրորդ՝ ագահություն և կաշառակերություն, երրորդ՝ անառակություն և ողջախոհություն, չորրորդ՝ կծծիություն. սա ամենից ավելի ատելի է ծառաների ու ռամիկների աչքում։
– Չորս բան նշան է անբախտության, անառակներին սիրելը, քսու մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարկամներից խորհուրդ հարցնելը։
– Չորս տեսակ մարդուց պետք է հեռու մնալ, որ իր թերին չի տեսնում և ուրիշին է բամբասում, որ ուրիշների բարուն չարով է պատասխանում, որ չի վստահում ընկերոջը և, վերջապես, ստախոս է և մատնիչ։
– Չորս բան կա, որ ցրում է տրտմությունը և աչքերի լույսը զորացնում, կանաչ տեսնելը, ջրի մոտ նստելը, երկնքի լույսը տեսնելը և լավ բանի հանդիպելը։
– Չորս բան կա, որ պակասեցնում է աչքի լույսը. բոբիկ ճանապարհ գնալը, թշնամի տեսնելը, շատ լալը, բարակ բաների նայելը։
– Չորս բան գիրացնում են մարմինը. բաղնիք մտնելը, ախորժելի կերակուրներ ուտելը, փափուկ շորեր հագնելը և հաճելի բաներ լսելը։
– Չորս բան առողջացնում են հիվանդին. կանոնավոր սնվելը, անուշ բույրեր հոտոտելը, գուսանի ձայնն ու անուշ քամին։
– Չորս բանից է լինում հանկարծամահությունը. մեծ ուրախությունից ու շատ տրտմությունից, ուժեղ բարկությունից և խիստ վախենալուց։
– Չորս տեղ են փորձում մարդուն. պաշտոնի ու առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին։
– Չորս բանի, չի կարելի հավատալ. թշնամու սիրուն, ագահ մարդու երդմանը, անհավատի դաշինքին և անառակ կնոջ սիրուն։
– Չորս տեսակ մարդիկ չեն կարող հարստանալ. առաջինն այն է, որ խոյ է կռվեցնում, երկրորդ այն, որ աղավնի է պահում, երրորդը, որ խաղամոլ է, որ դրամով գումար է խաղում, չորրորդն այն է, որ փողոցներում առուծախ է անում։ Սրանք ամեն ինչով դժբախտ են։
– Չորս բան կա մարդու օգտակար՝ թե հոգուն, թե մարմնին. քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը։ Քիչ ուտելն ու քիչ խմելը մարմնին օգուտ է. անձը թեթև է պահում և զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ։ Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն է օգուտ, որովհետև եթե շատ քնի՝ կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն։ Եթե տասն բան գիտես, մեկն ասա և ինը պահիր. խոսքը գոհարի է նման. անտեղի մի խոսիր, որ չկորցնես, շտապով մի խոսիր, բարկությամբ ու լալկան դեմքով մի խոսիր, այլ, եթե ուզում ես, որ խոսքդ անցնի, մեղմորեն ու ժպտուն դեմքով խոսիր։