Kitabı oku: «Առակներ», sayfa 9

Yazı tipi:
ՀԱՐՑՄՈՒՆՔ Գ

Աղջիկն ասաց.

– Ովքե՞ր էին, որ անվնաս անցան ծովի միջով, որպես ցամաքով, իսկ նրանցից հետո եկողներն ընկղմվեցին ծովի խորքը, ու սրանցից ոչ մեկը ողջ չմնաց.

Մանուկը պատասխանեց,

– Իսրայելացիք էին, որոնց իր հետ առած Մովսես մարգարեն ձգեց իր գավազանը Կարմիր ծովի վրա, և ջուրը կիսվեց, ցամաք գոյացավ։ Նրանցից հետո եգիպտացիք մտան, սրանց ծածկեց ծովի Հուրը, և բոլորը կապարի նման ընկղմվեցին խոր ջրի մեջ։

Աղջիկը.

– Ովքե՞ր էին, որ գցվեցին թեժ կրակի մեջ, և հուրը նրանց չմերձեցավ, ու կենդանի մնացին։

Մանուկը.

– Երեք մանկունքը՝ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը, որ չերկրպագեցին ոսկու պատկերին, որի համար Նաբուգոդոնոսորը կապվեց նրանց ձեռքերն ու ոտքերը և գցեց բորբոք հնոցի մեջ, որտեղ նրանք օրհնում ու փառաբանում էին աստծուն, որը փրկեց նրանց այն հնոցից։

Աղջիկը.

– Ո՞ւմ էր, որ աստված սատանայի միջոցով փորձեց խիստ, և նա համբերությամբ դիմանում էր անըմբռնելի արկածներին սատանայի և երբեք չմեղանչեց աստծու կամքի դեմ։

Մանուկը.

– Հոբ երանելին էր, որի մոտ աստծու թույլտվությամբ եկավ սատանան և քանիցս փորձեց պես-պես մահաբեր վնասներով, զրկեց նրան ինչքից ու ստացվածքից, որդիներից ու դուստրերից և մերկ ու կողոպտված, չարաչար վերքերով նստեցրեց քաղաքից դուրս, աղբանոցում, և չկարողացավ ստիպել մեղանչելու աստծու օրենքների դեմ: Որովհետև երանելին ասում էր. «Այն ամենը, որ ունեի` տերն է տվել ինձ և այժմ էլ վերցնում է. թող օրհնյալ լինի տիրոջ կամքը»։

– Ո՞վ էր, որ ոչ հրեշտակ էր, ոչ մարդ և խրատ տվեց մարդուն։

Մանուկը.

– Բաղաամի էշն էր դա։ Երբ Բաղաամը գնում էր անիծելու Իսրայելին, աստծու հրեշտակին տեսավ ավանակը և հակառակվեց Բաղաամին։ Իսկ նա իր գավազանով խփեց ավանակին, որ սկսեց խրատել և ասել Բաղաամին. «Ե՛տ դարձիր, մի գնա անիծելու Իսրայելին»։

Աղջիկը.

– Ովքե՞ր էին, որ ոչ հրեշտակ էին, ոչ մարդ, մարդու նման ուղարկվեցին աշխարհից ավետյաց լուր բերելու։

Մանուկը.

– Ագռավն ու աղավնին, որոնց Նոյը իր տապանից արձակեց, տեսնելու՝ ջրհեղեղի ջուրը չի՞ իջել, բայց աղավնի՛ն միայն ձիթենու շյուղ բերանում բռնած դարձավ Նոյի մոտ, ավետիս տալով, թե նվազել է ջուրը երկրի երեսից։

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ մեծ էր և անդրանիկ, մի ոսպապուրով իր անդրանկությունը վաճառեց կրտսեր եղբորը։

Մանուկը.

– Դա Իսահակի որդի Եսավն էր, որ դաշտից սոված եկավ, ասաց Հակոբին՝ կրտսեր եղբորը, որ թան էր եփել, «Տուր ուտեմ դրանից»։ Եվ նա պատասխանեց. «Եթե քո անդրանկությունն ինձ չվաճառես, չես կարող ուտել»։ Եվ Եսավը չհամբերելով, վաճառեց մի ոսպապուրով իր անդրանկությունը Հակոբ եղբորը։

Աղջիկը.

– Ովքե՞ր էին՝ երբ մտան Եգիպտոս յոթանասունհինգ հոգի էին, երբ այնտեղից գնացին՝ վեց հարյուր հազար դարձան։

Մանուկը.

– Հակոբ նահապետը և նրա բոլոր որդիներն ու դուստրերը՝ իրենց ընտանիքներով, երբ քանանացոց երկրից ելան գնացին Եգիպտոս, յոթանասունհինգ հոգի էին, երբ այնտեղից մեկնեցին Սոկքովթ անապատ, եղան վեց հարյուր հազար այր։

Աղջիկը.

– Անբույսը դրին անծնի վրա և անդադարի երդիքով անցկացրին։

Մանուկը.

– Անբույսը աղն է, անծինը՝ ջորին, անդադարը ջուրը, երդիքը՝ կամուրջը։ Որովհետև երբ աղը բառնում են ջորիի վրա, եթե ճանապարհին գետ կա, ջորին անցկացնում են կամրջով։

Աղջիկը.

– Ի՞նչ երեք բան են, որոնցից մեկը խուփ չունի, երկրորդը՝ սյուն, երրորդը կաթ։

Մանուկը.

– Սրանք են այդ երեքը, առաջինը ծովն է, որ իր վրա կափարիչ չունի, այսինքն՝ ծածկոց, երկրորդը երկինքն է, որ առանց սյան մնում է, երրորդը հավն է, որ կաթ չունի։ Բայց սրանց հետ մի բան ևս կա՝ մարդու բուռը, ուր ամենևին մազ չի բուսնում։

Աղջիկը մանկան այս պատասխաններից վախեցավ և ասաց նրան։

– Դու մեկն ավելի ասացիր։ Ես երեք բան եմ հարցրել, այսօր ևս ազատվեցիր իմ ձեռքից, բայց վաղը մահապատիժ կտամ քեզ, ինչպես տվեցի ընկերներիդ։

Մանուկն ասաց.

– Ես միայն երկնի ու երկրի արարչին եմ ապավինել և ոչ թե հուսացել մարդու։. Ինչպես տերը կամենում է, թող այնպես էլ անի։

Այս ասելով ելավ այնտեղից և ուրախ գնաց իր իջևանը։

Առավոտյան մանուկն եկավ արքայադստեր պալատը, բարևեց, և նա հրամայեց դնել ոսկեղեն աթոռը։ Մանուկը նստեց և ասաց աղջկան.

– Հրամանքդ, արքայադուստր, էլ ինչ ես ուզում հարցնել:

Եվ նա պատասխանեց.

– Ո՛վ պատանի, այժմ հարցման հերթը քոնն է, հարցու ինչ կամենաս, և ես քեզ կպատասխանեմ։

Մանուկը հարցրեց.

– Ո՞վ էր, որ հարուստ էր, աղքատացավ և իր հորն իբրև զգեստ հագավ, հեծավ մորն իբրև ձիու և գնաց գտնելու իր կորցրած ինչքն ու ապրանքը։ Մահը վրա հասավ, և նա մահն էլ բարձեց ձիու վրա, նրանով ջուր առավ, ձիուն էլ խմեցրեց, բայց ինքը և ձին՝ երկուսն էլ, ողջ մնացին։

Աղջիկը չկարողացավ պատասխանել պատանու այս հարցումին, ասաց,

– Այսօր գնա, վաղը կպատասխանեմ, որովհետև այդ հարցը դժվարին է։

Մանուկը դուրս ելավ, գնաց այնտեղից իր օթևանը։

Ապա աղջիկն ասաց իր ձեր թարգմանին.

– Առ՝ երկու կամ երեք հոգի հավատարիմ ծառաներիցս և գնա շուկա, գնիր սպիտակ հաց, մի գեր սագ և մի քանի պարարտ հավ։ Սագը բրնձով ու շաքարով լցրու, հավերը խորովիր։ Առ երկու մաքուր աման և լցնել տուր նրանց մեջ քաղցր անապակ գինի։ Սա ծածուկ պատրաստիր։

Թարգմանը կատարեց թագավորի աղջկա հրամանը:

Եվ երբ բոլորը խոր քուն էին մտել, աղջիկը հագավ իր պատվական ոսկեկար հանդերձը, օծվեց մշկով, բուրկենով ու վարդերով։ Իր հետ առավ երկու գեղեցիկ աղջիկ, կարգադրեց ծառաներին բառնալ ինչ որ հրամայված էր նրանց, եկան մանկա իջևանը և բախեցին դուռը։

Մանուկն ասաց.

– Ո՞վ եք, որ բախում եք դուռը։

Նրանք պատասխանեցին.

– Մենք աղջիկներ ենք՝ թագավորի պալատից, և ինչպես լուսինը արեգակի սիրո տերն է, նույնպես մենք քո սիրո։ Դրա համար կամենում ենք քեզ տեսնել։

Մանուկն ասաց.

– Հեռացեք։

Իսկ նրանք աղաչանքով պնդացրին իրենց երեսները, ասացին, որ չեն գնա, մինչև չտեսնեն նրա երեսը։ Եվ մանուկը չկարողացավ համբերել նրանց ողորմագին աղերսանքներին, թույլ տվեց ներս մտնելու։

Այնժամ աղջիկը հանեց գլխից վարշամակները, բացեց իր երեսը, որ տեսնելով՝ մանուկը սիրահարվեց։

Աղջիկը նստեց ու նստեցրեց իր հետ մանկանը և ասաց.

– Կերակուր ունե՞ս և գինի, բեր ուտենք, խմենք և ուրախանանք։

– Աստված գիտե, որ այս ժամին պատրաստի չունեմ, որովհետև չգիտեի, որ կգաք։

Աղջիկն ասաց իր ծառաներին.

– Բերեք ինչ որ դուք ունեք։

Սրանք բերին, ինչ որ առել էին իրենց հետ։ Սեղան պատրաստեցին։ Երկուսով նստեցին ու սկսեցին ուտել ու ըմպել, ուրախանալ։ Բայց աղջիկը տղային ավելի շատ խմեցրեց անապակ գինին և նրա հետ քաղցրումեղցր զրուցում էր, բորբոքելով ցանկության հուրը, մինչև որ չկարողանալով այլևս համբերել, ասաց. «Հրամայիր, որ ննջենք միասին»։

Այնժամ աղջիկն ասաց.

– Թե ինձ սիրում ես, պատմիր ինձ այն բանը, որ երեկ ասացիր արքայադսաերը:

Եվ նա պատասխանեց.

– Այժմ անկարող եմ բացատրել քեզ այդ բանը, մանավանդ վախենում էլ եմ, որովհետև եթե ասեմ, կսպանեն ինձ, դրա փոխարեն ուրիշ բաներ հարցրու պատասխանեմ։

Աղջիկն աստծով երդվեց, թե մինչև չլսի այդ բանը, չի կատարի նրա կամքը, և սկսեց հոգու հետ խաղալ։ Պատանին առավել ևս սիրավառվեց և գինուց հարբած՝ պարտվեց, սկսեց ասել իր հարցումի պատասխանը և ապա ասաց. արի քնենք։

Աղջիկը հանեց չարեշապիկը, որ դրեց բարձի տակ, սկսեց խաղալ նրա հետ։ Մանուկը սիրուց ու գինուց թմրած, քնեց։ Եվ աղջիկը ծիծաղելով սահեց անկողնուց, վերցնելով իր ծառաներին, ուրախ վերադարձավ պալատ։ Բայց սաստիկ ուրախությունից այնտեղ մոռացավ չարեշապիկը։ Որովհետև մտքում ասում էր. «Ես հաղթեցի նրան՝ իրենից սովորելով այս բանը, և նա ոչինչ չկարողացավ ինձ. անել, որի համար առավոտյան նրան սպանել կտամ»։

Երբ մանուկը քնից ուշքի գալով ու սթափվելով գինուց, զարթնեց, իմացավ, որ այն աղջիկը թագավորի դուստրն էր, որ հնարքով եկել էր իր մոտ։ Առավոտյան գնաց արքայադստեր մոտ, բարևեց ու նստեց այն աթոռին։

Աղջիկը կանչեց հորն ու մորը, քաղաքի իմաստուններին ու իշխաններին, որոնք միաբան եկան հավաքվեցին:

Մանուկը ոտքի ելնելով խոնարհվեց թագավորի առջև ու դարձյալ նստեց իր աթոռին։

Եվ աղջիկը սկսեց հերթով պատասխանել մանկան երեկվա հարցումին, քանի որ խաբեությամբ սովորել էր նրանից այն գիշեր։ Եվ բոլորը, որ լսեցին, զարմացան աղջկա գիտության վրա, որովհետև այն հարցը շատ դժվարին էր։

Այնժամ մանուկն ասաց թագավորին.

– Ո՛վ տիեզերակալ արքա, քո դուստրը երեք օր ինձ հարցեր էր տալիս, որ ես պատասխանում էի։ Այժմ ես հարցնեմ նրան մի բան ևս, եթե գիտենա՝ նա է ինձ հաղթել, թե ոչ, ես՝ նրան։

Թագավորն ասաց.

– Այդ խոսքիդ բոլորս վկա ենք, որ այլևս զրույցը չերկարի երկուսիդ միջև։

Մանուկն ասում է աղջկան.

– Ի՞նչ թռչուն էր այն, որ ուներ իր հետ այլ տեսակ թռչուններ, և իր փետուրը գեղեցիկ էր ոսկու նման։ Եվ ես բռնեցի նրան, մորթեցի և փետուրը պահեցի ինձ մոտ, և մինչև նրա միսը խորոված դրեցի իմ առջև ուտելու, նա հանկարծակի թռավ ու փախավ ինձնից։ Եթե չեք հավատում խոսքիս, այն փետուրը կբերեմ բոլորիդ առաջ, որ տեսնեք։

Երբ աղջիկը լսեց այս խոսքերը, շատ վախեցավ, կարծեց թե բոլորի առաջ հայտնելու է իր գնալը նրա մոտ այն գիշեր։ Ուստի շտապելով ասաց նրան.

– Դա չափազանց դժվար հարց է, չեմ կարող պատասխանել։ Այժմ ինձ հաղթեցիր դու. խնդրիր ինչ կամենաս։

Մանուկն ասաց.

– Քեզնից բացի բան չեմ խնդրում քեզանից։

Այնժամ բոլորը վկայեցին ու հավանություն տվին մանկան խնդրանքին և պսակեցին նրանց, և յոթ օր հարսանիք արին։

Թագավորը իր գանձերի, ունեցվածքի ու թագավորության կեսը տվեց նրանց։

Ապա մանուկը բազում գանձերով մարդիկ ուղարկեց այն թագավորի մոտ, որին վաճառել էր իր հորն ու մորը։ Նրանք գնացին ու բերին նրա ծնողներին իր մոտ։ Իրար տեսնելով ուրախացան։ Իսկ հյուրընկալ պառավին իր հետ տարավ պալատ, նշանակեց նաժիշտների ավագ։

Թագավորը նրան կարգեց տեր և իշխան իր բոլոր գանձերի ու քաղաքների, որ իր մահից հետո իշխե նրանց վրա և նստի իր փոխարեն թագավորական աթոռին։

«ԾԻԾԱՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԱԶՆՎԱԿԱՆԸ

Մի գյուղացի էշն առաջն արած անցնում էր փողոցով։ Եվ մի խումբ ազնվականների ներկայությամբ գավազանով ուժգին հարվածեց իշուն, որպեսզի արագացնի ընթացքը։ Նկատելով այդ, մի ազնվական ասում է.

– Ինչո՞ւ ես անգթորեն ծեծում այդ խեղճ անասունին։

Այդ ժամանակ գյուղացին, խոնարհաբար հանելով իր գլխարկը, ասում է իշուն.

– Ների՛ր ինձ, էշ ջան, քանզի չգիտեի, թե այստեղ դու բարեկամներ ու ազնվական ազգականներ ունես։

ԺԼԱՏ ՀԱՐՈՒՍՏՆ ՈՒ ՆՐԱ ԱՐՁԱՆԸ

Մի շատ ժլատ ու հարուստ մարդ մարմար քարից պատրաստել է տալիս իր արձանը։ Ցույց տալով քանդակը բարեկամներից մեկին, նա հարցնում է.

– Ինչպե՞ս է քանդակված, նմա՞ն է արդյոք ինձ։

– Եվ հոգով, և մարմնով շատ է նման քեզ, – պատասխանում է բարեկամը։

ԳԵՐ ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ՍՐԱՄԻՏ ԳՅՈՒՂԱՑԻՆ

Մի գեր ու հաստափոր քահանա գնում էր դեպի Ֆլորենցիա։ Օրն արդեն մթնում էր, և քահանան չգիտեր՝ կհասցնի մտնել քաղաք, թե՝ ոչ։ Իր կասկածները փարատելու նպատակով մի գյուղացու հարցնում է.

– Կարո՞ղ եմ հասնել քաղաք ու մտնել դարպասից ներս։

– Այո՛, իհարկե, – պատասխանում Է գյուղացին։ – Մի խոտադեզ սայլ կարող է մտնել, դու ինչո՞ւ պիտի չկարողանաս։

ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդու հարց տվեցին.

– Կա՞ արդյոք տարբերություն իմաստունների ու հիմարների միջև։

– Այո, – պատասխանեց նա, – հատկապես այնքանը որքան բժշկի ու հիվանդի միջև։

ԱՎԱԶԱԿՆ ՈԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐԸ

Մի ավազակի տարան կախելու։ Խոստովանահայր քահանան՝ հաշտեցնելով նրան մահվան գաղափարին, ասում է.

– Որքան երջանիկ ես դու, սիրելի եղբայր, որ այսօր աստծու և հրեշտակների ընկերակցությամբ դրախտում պիտի սեղան բազմես։

– Սիրելի հայր, – պատասխանում Է ավազակը, – մեծ լավություն արած կլինես, եթե դու գնաս իմ փոխարեն, ես դեռ քաղցած չեմ։

ՕԳՈՍՏՈՍ ԿԱՅՍՐՆ ՈՒ ՕՏԱՐԱԿԱՆԸ

Մի օր Օգոստոս կայսրն իմացավ, որ Հռոմ է ժամանել մի օտարական մարդ, որն ամեն ինչով շատ է նման իրեն։ Կայսրը կանչեց նրան իր մոտ ու, տեսնելով, շատ ուրախացավ։ Նրանք մի քիչ զրուցեցին, այնուհետև կայսրը հարցրեց.

– Հորս ժամանակներում արդյոք մայրդ երբևէ եկել է Հռոմ:

– Մայրս` ոչ, – պատասխանեց օտարականը, – Բայց հայրս շատ անգամներ Է Հռոմ եկել:

ԵՐԿՈԻ ԱՆՑՈՐԴ ԵՎ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԸ

Երկու ընկեր անցնում էին արտի միջով, ուր կանեփ էր ցանած։ Անցորդներից մեկն ասում է.

– Արագ անցնենք այստեղով, թե չէ կանեփը խիստ վտանգավոր է կյանքի համար։

– Ի՞նչ գիտես, – հարցնում է մյուսը։

– Հայրս կանեփի թոկով է կախվել։

ԳՅՈԻՂԱՑԻՆ, ԱՆՑՈՐԴԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի գյուղացի շալակով փայտ էր տանում վաճառելու։ Փողոցում, ամբոխի միջով անցնելիս, նա բարձրաձայն գոչում էր.

– Ճանապա՜րհ տվեք, ճանապա՜րհ։

Մի կոպիտ ու անտաշ մարդ չկամեցավ հեռանալ ճանապարհից։ Գյուղացին միամտաբար դիպավ նրան և պատռեց վերարկուն։ Կամենալով տուգանել տալ գյուղացուն, անցորդը տարավ նրան դատավորի մոտ և հայտնեց իր բողոքը։ Իսկ գյուղացին ոչ մի խոսք չասաց, մնաց լուռ ու անձայն։

Դատավորը, դիմելով վերարկուի տիրոջը, հարցրեց.

– Ի՞նչ ես պահանջում, ինչպե՞ս վարվեմ այս համրի հետ։

– Նա համր չէ, – ասաց բողոքականը, – որովհետև փողոցում բարձրաձայն գոչում էր՝ «Ճանապա՜րհ տվեք, ճանապա՜րհ»։

– Ո՛վ անմիտ, – բարկացավ դատավորը, – եթե նա այդպես էր գոչում, ուրեմն պարտավոր էիր մի կողմ քաշվել, որպեսզի չդիպչեիր նրան ու չպատռեիր քո վերարկուն։

ԲՈՂՈՔԱՐԿՈԻՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի որմնադիր աշխատելիս բարձր պարսպի գլխից ընկավ ներքևում նստած մարդու վրա։ Ինքն այնքան էլ չվնասվեց, բայց պատի տակ նստած մարդը մեռավ։ Մեռնողի որդին գործը տվեց դատարան, պահանջելով լուծել իր հոր մահվան վրեժը։

Դատավորը վճիռ արձակեց. որմնադրին նստեցնել մեռածի տեղը, իսկ հանգուցյալի որդին, ելնելով բարձր պարսպի գլուխը, թող իրեն նետի ցած, որմնադրի վրա ու սպանի նրան, ինչպես սպանվեց հայրը:

Լսելով որոշումը՝ հայցվորը վախեցավ ու հրաժարվեց իր գանգատից:

ԶՈՐԱԿԱՆՆ ՈԻ ԻՐ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԲԵՌԸ

Ոմն զորական, իր կնոջ հետ գտնվելով ծովում, մի մեծ ալեկոծության ժամանակ նկատում է, որ նավավարներն ամբողջ եռանդով ծովն են նետում այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքերը։ Ոմանք աղաղակում էին, թե՝ «նախապես դուրս նետենք ամենածանր բեռները, որպեսզի փրկենք կյանքերս ու ազատվենք ծովից, թե չէ իրերի հետ բողորս էլ կսուզվենք»։

Երբ զորականը լսեց այս, իսկույն բռնեց իր կնոջն ու նետեց ծովը, բացականչելով.

– Կնոջիցս ավելի ծանր ու անտանելի բեռ ես չունեմ աշխարհում:

Դ

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Նիկողիասը մի բժշկի բախտավոր ու հաջողակ էր անվանում, ասելով. «Քո հաջողությունները տեսնում է արեգակը, իսկ սխալներն ու վնասը ծածկում է երկիրը»։

ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ

– Խիկարն ասում է. «Մեղմ խոսքը ջուր է, հանգցնում – հանգստացնում է մարդու բորբոք, գազանաբարո միտքը»։

– Որդյակ, կերա դառնիճ և լեղի. ավելի դառն չէր, քան աղքատությունն ու պանդխտությունը։

– Ով ընկերոջ խոսքին չի հավատում, նրա համար հեշտ է սուտ խոսելը։

– Դեմոսթենեսն ասում է. «Մարդկային արատները չեն բուժվի ոչ գովելով և ոչ Էլ թաքցնելով, այլ պատմելով բժիշկներին»։

– Պլուտարքոսն ասում Է. «Ճանապարհորդները ձգտում են դեպի տուն ու հայրենիք, իսկ իմաստունները խելքի և իմաստության»։

ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

– Մենանդրոսն ասում Է. «Ճանաչիր կանանց և իմացիր նրանց չարությունը. Ագամեմնոն արքան, որին ամբողջ աշխարհը սիրում Էր, երբ պատերազմից վերադարձավ տուն, սպանվեց կնոջ ձեռքով»։

– Եթե տարագիրը կնոջ ձեռք Է ընկնում, կրկնակի Է կորչում. մեկ՝ պանդխտության, մեկ Էլ կնոջ պատճառով:

ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

– Տեսնելով կորնթացների զորքերը, որ խելակորույս փախչում Էին, Սոկրատն ասաց.

– Մի՞թե այստեղ կանայք են բնակվել:

– Զորությունը, որ միտք և իմաստություն չունի, կկործանի իր տիրոջը։

– Ալեքսանդրին բարեկամներն համոզում Էին, որ գիշերով հարձակվի թշնամու վրա։ Եվ նա ասում Է.

– Թագավորներին վայել չէ հաղթություն գողանալը։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Դեմոկրիտեսն ասում է. «Ավելի լավ է կյանքում լինել ցանկալի, քան թե ահեղ»։

– Ովքեր մտածում են իշխել ուրիշներին, պարտավոր են նախ իրենց վրա իշխել։

– Պլատոնն ասում է, «Ինքնիրեն հաղթելը ամեն հաղթությունից վեր է»։

– Պլուտարքոսն ասում է. «Ավելի լավ է անմիտների իշխանության տակ լինել, քան իշխել այդպիսիներին»։

– Իշխանը և դատավորը չպետք է ոչ արդարների համար խնդրեն և ոչ անիրավների համար բարեխոսեն։

– Դիոգենեսն ասում է. «Իշխանի նկատմամբ պետք է լինել ինչպես կրակի հետ. ոչ այնքան մոտիկ, որ այրի և ոչ այնքան հեռու, որ մրսես»։

– Իսկական իշխանն այն է, որ իրեն իշխան չի համարում:

– Ագաթոնն ասում Է, «Իշխանը պետք Է այս երեք բանը հիշի. նախ՝ որ մարդկանց Է իշխում, երկրորդ՝ որ օրինավոր իշխան Է, երրորդ՝ որ միշտ չի իշխելու։

– Եպասթիոն Թեզբացին տեսնելով բազում և գեղեցիկ զորքեր, որ առանց հրամանատարի Էին, ասում Է. «Այսպիսի գազան Է և գլուխ չունի»։

– Դիոգենեսն ասում Է. «Մեծ չար Է, եթե վատթարները լավերին են իշխում, առավել չար է, որ անմիտներին են կարգում իմաստունների վրա»։

– Լակեդեմնացիների Կուտ թագավորին հարցրին, թե ում է թողնելու թագավորությունը, ասաց.

– Կարեցողին:

ԽՐԱՏԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

– Սիմոնիդեսն ասում է. «Պետք է պիտանի մտքերը հավաքել և պահել գանձի նման և առավել, քան ունեցվածքը»։

– Սոկրատեսին հարցրին, թե կենդանիներից ո՞րն է գեղեցիկ, պատասխանեց.

– Խրատով զարդարված մարդը։

– Սոկրատեսը աշակերտներին խրատում էր ծնողներից ավելի հարգել ու մեծարել ուսուցիչներին, որովհետև առաջինները ապրելուն եղան պատճառ, իսկ սրանք գեղեցիկ ապրելուն։

– Փիլիստոնն ասում է, «Իմաստությանն ավելի հոգ տարեք, քան ունեցվածքին, որովհետև նրանով է ձեռք բերվում ունեցվածքը, իսկ հարստությամբ իմաստաւթյուն ձեռք չի բերվում»։

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՏՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Սելևկոս քերթողը անիրավ օրենքները սարդի ոստայնի է նմանեցնում, որովհետև երբ ճանճ կամ մժեղ կամ ուրիշ տկարագույններ ընկնեն, բռնվում են, իսկ եթե պիծակ կամ մեղու կամ սրանց նմաններից ընկնեն, իսկույն կտրում են ոստայնը և թռչում։ Այսպես և օրենքները՝ երբ որևէ աղքատի են բռնում, համոզիչ կերպով ցույց են տալիս իրենց ուժը, իսկ երբ մեծամեծներ կամ զորավորներ են ընկնում, անմիջապես կտրում ու դուրս են գալիս։

– Սոկրատեսն ասում է. «Օրենքները ցանկանում են բարելավել կյանքը, բայց չեն կարողանում, որովհետև ուժը գործադրում են միայն ստորադրյալի վյրա»։

– Արիստոտելն ասում է. «Հարուստները և անկուշտները ջրգողի են նման, որովհետև ինչպես սա ջրով լցվելով ծարավ է մնում, այնպես էլ նրանք հարստանալուց չեն հագենում»:

– Սիմոնիդեսին մեկը հարցրել Է. «Հարստությունն Է լավ, թե իմաստությունը»։

Եվ նա ասում Է, «Չգիտեմ, միայն իմաստուններին տեսնում եմ մեծամեծների դռներին»։

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

– Իմաստուն խորհուրդն ավելի բարձր Է, քան հզորների ձեռքը։

– Ալեքսանդրը, տեսնելով, որ իր մի անվանակիցը երկչոտ Էր պատերազմի դաշտում, ասում Է նրան. «Երիտասարդ, դու կամ անունդ փոխիր, կամ սիրտդ»։

– Ալեքսանդրին բարեկամները համոզում Էին որդիներ ունենալ։ Եվ նա ասում Է, «Ինչու եք մտածում, չէ որ իմ գնալուց հետո ձեզ է մնալու և իմաստությունս, և արիությունս»։

– Երբ դեռահաս Ալեքսանդրը պատրաստվում էր պատերազմի, Արիստոտելն ասում է նրան. «Համբերիր մինչև հասուն տարիք ունենաս»։

Եվ նա պատասխանում է. «Վախենում եմ, հանկարծ կորցնեմ երիտասարդական համարձակությունս»։

– Մի փիլիսոփա երկու աշակերտ ուներ, որոնցից մեկը խելացի էր և ծույլ` ուսման մեջ, իսկ մյուսը՝ շատ անընդունակ էր ու ջանասեր։ Նրանք չեն սովորում, և ուսուցիչն ասում է, «Կորեք երկուսդ էլ, քանզի մեկդ կամենում է և չի կարող, մյուսդ կարող է և չի կամենում»:

– Թե ազնիվ փեսայի հանդիպես, որդի ես գտնում, իսկ եթե ոչ` կորցնում ես դուստրդ։

– Ինչպես հոգուց զրկված մարմինը մեռած է, այնպես էլ քաղաքը, ուր չկա օրենք, ավերակ է։

– Դիոգենեսը մի ողբացողի, որ օտարության մեջ էր մահանում, ասում է. «Ինչո՞ւ, ես ողբում, ով դատարկամիտ, ամեն տեղից դժոխքի ճանապարհը նույնն է»։

– Սոկրատեսին նախատեցին, թե աննշան ծնողներից ես: Նա պատասխանում է. «Դա իմ արժանիքն է որովհետև իմ ցեղն ինձնից է սկսվում»։

– Բարի անունն ավելի լավ է, քան բարետեսությունը, որովհետև տեսքը մահվամբ ապականվում է, իսկ բարի անունը մնում է հավերժորեն։

– Պարզերես մեռնելը ավելի լավ է, քան սևերես ապրելը:

– Թե մարդ համբերություն չունի, ինչ գործ բռնի, կիսատ կմնա:

– Որ ամբողջ աշխարհը քամի լինի, իմաստուն մարդու ճրագը չի կարող հանգցնել։

– Եթե ամբողջ աշխարհը ծով ու ջուր լինի և լեռները՝ օճառ, անմիտ մարդու շապիկը լվանալ չեն կարող:

ԻՄԱՍՏԱՍԵՐՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ` ԽՐԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

– Որդյա՛կ, աստված գինին ստեղծեց ուրախության համար, բայց որոշ տեղեր ավելի լավ է թույն ըմպել, քան գինի, որովհետև լինում է ժամանակ, որ գինին փառավորում Է ադամորդուն, իսկ երբեմն ծաղրելի ու ամոթալի Է դարձնում։

– Որդյա՛կ, լավ է կռվել զինավառ մարդու հետ, քան անզգամ, լեզվանի և ջղային կնոջ։

– Որդյա՛կ, լեռները սառնության շտեմարան են, իսկ նենգավորի սիրտը չարիքի բնակատեղի Է:

– Որդյա՛կ, նենգավորի լեզուն արագագիր դպրի գրչի նման խաղաղությունից է խոսում, բայց սիրտը չարիք է նյութում։

– Որդյա՛կ, դատարկաբան և հարբեցող մարդը իր սուտ խոսքով մարդկանց մեջ հաճախ հարգանք Է նվաճում, բայց ինչ ասում Է, չի կատարվում։ Նա նման է փչած տկի` իրեն ցույց Է տալիս իբրև լիքը, իսկ երբ արձակում են կապը, նրանից ուրախություն չեն ստանում, նա ծաղրելի և այպանելի Է լինում:

– Որդյա՛կ, մարտի ժամանակ ընկերակցիր քաջասիրտ և զորավոր մարդուն, որովհետև երբ հաղթում է թշնամուն, դու նրա հետ կգովվես ու կփառաբանվես թագավորների առաջ, իսկ եթե ընկնես թշնամու ձեռքով, նա իր քաջությամբ քեզ կպաշտպանե։

– Որդյա՛կ, անմիտ մարդը պատերազմից առաջ պարծենում, գովում Է ինքնիրեն և իր բազկի զորությունը, իսկ պատերազմի ժամանակ արժանանում Է ընկերների պարսավանքին։

– Որդյա՛կ, երբ կհարբես, փակիր բերանդ և մի շատախոսիր, որովհետև քեզ զսպել չես կարող։ Ինչպես երկիրը բույսերի մայրն Է, նույնպես և հարբեցողությունը ամեն տեսակ չարիքների մայրն Է։

– Որդյա՛կ, եթե տեղյակ ես իմաստությանը և չես կատարում` անմիտ ես։

– Որդյա՛կ, առանց կարդալու և մտածելու օր չանցկացնես, որովհետև իմաստությունը փայլեցնում և ավելացնում Է հանճարը։

– Որդյա՛կ, տգետի հետ ամենևին մի խոսիր, որ անխելքը քեզ չծաղրի։

– Որդյա՛կ, ով խելքին փչածը ասում Է, մի խոսիր նրա հետ։

– Որդյա՛կ, երբ քեզ տեսնում են թագավորների աչքում փառավոր ու սիրված, որքան Էլ շատ են թշնամիներդ, բոլորը իբրև սիրելիի քեզ մտերմություն են անում։

– Որդյա՛կ, խոզամիտ մարդը սիրելի չի ունենում երբեք, որովհետև սիրում Է ինչքը և ոչ սիրելիին։

– Որդյա՛կ, քո ընկերոջը չխոստանաս այն, որ չես կարող տալ, որպեսզի բարեկամությունը ատելության չվերածվի։

– Որդյա՛կ, զվարթ և առատամիտ մարդը սիրելի է աստծուն և մարդկանց՝ պայծառացնում Է իր կյանքը իր զվարթությամբ։

– Որդյա՛կ, եթե աշխարհի և մարդկանց իշխող ես, անձդ պահպանիր զեխությունից, որովհետև պարտավոր ես հոգալ երկրավորների և երկնավորների մասին։

– Որդյա՛կ, ոչ թե գիտենալն Է իմաստություն, այլ ստեղծելն ու կատարելը։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
130 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468038
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,9, 9 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 13 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 3,5, 8 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 1 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 4,6, 16 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,3, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,4, 14 oylamaya göre