Kitabı oku: «Առակներ», sayfa 3

Yazı tipi:

ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ

Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.

– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.

– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.

– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։

Եվ շորին եկավ և ասաց.

– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

Եվ ոտքը բարձրացրեց։

Աղվեսն ասաց գայլին.

– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.

– Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։

Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.

– Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։

Գայլն ասաց.

– Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:

ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.

– Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։

Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.

– Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։

Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:

Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե.

– Ես ի՞նչ անեմ, ամեն օր անխնա լծում են ինձ։

Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.

– Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի։

Եվ այս լսելով, մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ, վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.

– Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն։ Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել։

Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս իրեն չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել։ Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց։

Այն ժամանակ նրա կինն ասաց.

– Ո՜վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը և դու ինչո՞ւ ես ծիծաղում։

Մարդն ասաց.

– Ո՜վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում։

Իսկ կինը հանդգնեց և ասաց.

– Ճար չկա, պետք է ասես։

Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.

– Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ։ Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ։

Եվ մարդն անճարացավ և ասաց.

– Ո՜վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ։

Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր։

Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ սգով, նույնիսկ արտասուք էր թափվում նրա աչքերից։ Եվ հանկարծ եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսաներեսուն հավ աջից և ձախից։ Շան լակոտն սկսեց աքլորին ասել.

– Ո՜վ լիրբ անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ–տեսակ ձայն ես հանում. չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի։ Իսկ դու լալու փոխարեն, ուրախ ես։

Աքլորն ասաց.

– Ինձ ինչ, թե կմեռնի, ես, որ նրա ծառան եմ, քսան երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի կարող մեկին իր հրամանքով պահել։

Շան լակոտն ասաց.

– Ի՞նչ անի անզգամ կնոջը։

Աքլորն ասաց.

– Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չա՛ր կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես և, դռնից հանելով, նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում։

Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.

– Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար։

Եվ մարդն աղաչեց.

– Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել։

Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց։ Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով աղաչում էր, ասելով.

– Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծիր, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ։

Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ

Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին ու Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.

– Եթե քեզ դրախտ տանեմ, դա կհամբերե՞ս։

Եվ գեղջուկն ասաց.

– Ե՞րբ կլինի այդ։

Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում էին դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.

– Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը։

Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.

– Այլևս չե՛մ խոսի։

Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց.

– Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:

Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ։ Եվ նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.

– Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք…

Եվ գեղջուկ մարդն ասաց, «Լավ է, ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։

ԱՌՅՈԻԾԸ, ԷՇԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը հիվանդացավ և բժիշկները խորհուրդ տվեցին,

– Եթե ավանակի սիրտն ու ականջները եփեն, ջուրը տան առյուծին խմելու, կապաքինվի։

Կանչեցին աղվեսին ու ասացին.

– Հնար արա, մի էշ բեր:

– Այո՛, – պատասխանում է աղվեսը, – մի ծանոթ լավ էշ կա այսինչ հովտում, հիմա կբերեմ։

Գնաց աղվեսը, գտավ ավանակին և ասում է.

– Ո՜վ եղբայր, երանի քեզ, գտել եմ քո ավագ եղբորը, որն ուզում է քեզ տեսնել։ Նա գազանների թագավորն է, և դու նրա հետ պիտի թագավորես։

Հավատաց ավանակն ու գնաց առյուծի մոտ։ Առյուծը կամեցավ խեղդել նրան, բայց ավանակը փախավ։ Հասնելով նրա ետևից, աղվեսը հարցնում է.

– Ինչո՞ւ ես փախչում։

– Համբուրելիս ցավեցրեց կոկորդս, – պատասխանում է ավանակը։

– Սաստիկ սիրուց է այդ, – ասում է աղվեսը, – եթե դու էլ նրան համբուրես, շատ կուրախանաս։

Եվ ավանակը վերադարձավ համբուրելու առյուծին։ Սա բռնելով ավանակի կոկորդից, սպանեց նրան ու ինքը պառկեց հանգստանալու։ Աղվեսն անմիջապես հանեց ավանակի սիրտը, կտրեց ականջները և կերավ, ասելով, «Եթե սա դեղ է, ուրեմն ինձ ավելի է հարկավոր, քան առյուծին»։ Ապա մոտեցավ բժշկին և առյուծին, ասաց.

– Զարմանալի բան, էշը ոչ սիրտ ունի և ոչ ականջ։

Երբ եկան մոտ, տեսան, որ իսկապես չուներ, շատ զարմացան։

– Մի զարմացեք, – ասում է աղվեսը, – եթե նա սիրտ կամ ականջ ունենար, քո մռնչյունը լսելուց և քեզնից ազատվելուց հետո այլևս չէր վերադառնա ու չէր ընկնի քո ձեռքը՝ մեռնելու։

Եվ լսողները գտան, որ աղվեսը իրավացի է:

ԳԱՅԼԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Գայլագռավը մահու չափ սոված էր։ Նա գնաց գողացավ հողագործից մի կտոր պանիր և գալով նստեց մի բարձր պատի վրա, որ ուտի։ Պատի տակ կար մի աղվես, որը, տեսնելով ագռավին՝ պանիրը բերանը, սկսեց գովել նրան ու ասել.

– Փառք քեզ, աստված, որտեղի՞ց հայտնվեց այս պայծառ արեգակը, որ գեղեցիկ է և նման լուսնին, անձով սուրբ է։ Իսկ փետուրները փայլում են արևի նման։ Եթե ձայնն էլ հզոր լիներ, տիեզերքի վրա ես նրան թագավոր կկարգեի։

Ագռավի խելքը գնաց, հպարտացավ նա սուտ գովեստից, է մոռացավ պանիրը և ասաց մտքում. «Այսպես գեղեցիկ եմ ես, ու ձայնս էլ հզոր է»։ Եվ տարածելով իր թևերը, ագռավը բարձր ձայնեց։ Պանիրը պոկվեց նրա բերանից, ընկավ աղվեսի առջև։

– Այո՛, ձայնդ լավ է, – ասաց աղվեսն ագռավին, – բայց խելք բոլորովին չունես։ Դու մի շերտ պանիր չկարողացար պահել, ինչպես պիտի պահես թագավորություն:

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԽԵՑԳԵՏԻՆԸ

Աղվեսն ու խեցգետինը բարեկամացան, միասին ցանեցին և հնձեցին արտերը, կալսեցին ու շեղջեցին ցորենը։

– Ելնենք բլրի կատարը և վազելով գանք, – առաջարկեց աղվեսը, – ով շուտ հասնի՝ կալը, ցորենը նրան լինեն։

Երբ ելան բլուրը, խեցգետինն ասաց աղվեսին.

– Խնդրում եմ, երբ վազել ուզենաս, պոչովդ հարվածիր ինձ, որ իմանամ ու գամ քեզ հետ։

Եվ խեցգետինը բացեց իր մկրատը։ Աղվեսն իր պոչով խփեց ու վազեց, իսկ խեցգետինը, փակելով մկրատը, կպավ նրա պոչին։ Երբ աղվետսը հասավ ցորենի շեղջին, ետ շրջվեց տեսնելու, թե որտեղ է խեցգետինը: Իսկ խեցգետինը ընկնելով շեղջի վրա, ասաց.

– Հանուն աստծո, այս ամենը իմն է։

Աղվեսը զարմացավ.

– Ով դու չար, ե՞րբ հասար այստեղ:

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը մեծ ջանք ու եռանդով սրում էր իր ատամները։ Գալիս է աղվեսն ու հարցնում.

– Այդ ի՞նչ ես անում, չէ որ հիմա կռվի ու պատերազմի վտանգ չկա։

– Լռի՛ր, գարշելի աղվե՜ս, – պատասխանում է նրան վարազը, – դու ի՞նչ ես հասկանում պատերազմից։ Այն ժամանակ ո՞վ կարող է զբաղվել զենք սրելով։ Զենքն այնժամ պետք է սրել, երբ պարապ ես։

ԱՔԱՂԱՂԸ, ԱՂՎԵՍՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Աքաղաղը թառել էր մի ծառի վրա քնելու։ Գիշերվա կեսին նա կանչում է բարձր ձայնով։ Աղվեսը լսում է նրա կանչը և, մոտ գալով, ասում.

– Տեր հայր, այսօր սուրբ Կարապետի տոնն է և քարոզիչ չունենք, որ կատարենք տոնը։ Ծառից իջիր, միասին տոնենք։

– Մի քիչ համբերիր, – ասում է աքաղաղը, – մինչև քեռիս գա, որ հանդիսավոր տոն անենք։

Լույսը բացվելուն պես, հանկարծակի գալիս է մի քերծե ու բռնում աղվեսի կոկորդից։ Աղվեսն սկսում է տհաճ ձայնով գռռալ։

– Վա՜յ ինձ, – ասում է աքաղաղը, – այդպիսի գարշելի ձայնո՞վ պիաի կատարեիր մեծ Կարապետի տոնը։

ԱՎԱՆԱԿԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

Էշին պատվի արժանացրին և հրավիրեցին թագավորի որդու հարսանիքին։

– Վա՜յ ինձ, – ասում է էշը, – ես ոչ շեփորահար եմ և ոչ պարորդ, գիտեմ, որ հարսանիքին ինձ վիճակված է ծանր բեռ կա՛մ ջուր կրել։

ԱՌՅՈԻԾԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Առյուծը սպասավոր վերցրեց աղվեսին և պատվիրեց նրան.

– Երբ տեսնես, որ արյունը տվել է աչքս, ինձ իմաց արա, դա որսն սկսելու իմ նշանն է։

Աղվեսը պիտի նշանն ասեր։

Եվ առյուծը որս էր անում այդպես։ Ուրախանում էին նրանք ու երկուսով ուտում որսը։

Հպարտացավ աղվեսը, դուրս եկավ առյուծի ծառայաթյունից և, գայլին դարձնելով իր սպասավորը, ասում է նրան.

– Երբ հարցնեմ քեզ, թե աչքերիս մեջ արյուն կա՞, դու կասես՝ այո՛, աչքերիդ մեջ շատ արյուն կա։

Քիչ անց աղվեսը գայլին հարցնում է.

– Նայիր աչքերիս, արյուն կա մեջը։

– Այո՛, – պատասխանում է գայլը, – աչքերիդ մեջ շատ արյուն կա և թանձրագույն է։

Ուրախացավ աղվեսն ու գնաց նստեց եղնիկների ճանապարհին։ Երբ եղնիկներն եկան, աղվեսը վազեց նրանց ընդառաջ, ինչպես սովորել էր առյուծից։ Բայց եղնիկները հարվածեցին իրենց սմբակներով աղվեսի գլխին, նա ջախջախվելով՝ ընկավ ուշագնաց։

Մոտեցավ նրան գայլն ու ասաց.

– Վե՛ր կաց, այժմ ավելի թանձրացավ արյունը քո աչքերի մեջ։

ՈՐՍՈՐԴՆ ՈԻ ԿԱՔԱՎԸ

Որսորդը մի կաքավ բռնեց և կամեցավ մորթել նրան։

– Մի՛ մորթիր ինձ, – լացով աղաչեց կաքավը, – ես շատ կաքավներ՝ խելահան անելով, կբերեմ քեզ, որ բռնես:

– Այժմ կմեռնես իմ ձեռքով, – ասաց որսորդը, – որովհետև քո սիրելիներին ու ազգականներին մահվան ես մատնում։

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐՆ ՈԻ ԳՈՐՏԵՐԸ

Հավաքվելով նապաստակներն իրար ասում են.

– Եկեք գնանք, ծովն ընկնենք, մեռնենք բոլորս, որովհետև թույլ ենք ու անզեն, և բոլոր կենդանիներն էլ հալածում են մեզ։

Ու գնացին։

Ճանապարհին հանդիպեցին գորտերի, որոնք, տեսնելով նրանց, ճիչ արձակեցին ու փախան, թաքնվեցին նրանցից։

Նապաստակները մխիթարվեցին, փառք տվեցին աստծուն, որ իրենցից տկարագույններն էլ կան, ու վերադարձան ետ։

ՄԱՐԴՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Մի մարդ բռնել էր գայլին, ոտքերը կապել, և, բարձելով էշին, տանում էր տուն։

Մարդիկ, տեսնելով նրան, հարցնում են.

– Այդ ի՞նչ է, որ բարձել ես էշիդ։

– Տանում եմ տուն, – ասում է մարդը, – որ կթեն, և երեխաներս մի քիչ կշտանան։

– Ո՜վ տխմար, – ասում են մարդիկ, – գա ամբողջ աշխարհի կթանն է կտրել, դու դրան կթա՞ն ես տանում։

ԿԱՇԱՌԱՌՈՒ ԴԱՏԱՎՈՐՆ ՈԻ ԲՂՈՒՂՈՎ ՅՈԻՂԸ

Մի մարդ գնաց քաղաքի դատավորի մոտ և խոստացավ.

– Քեզ մի բղուղ յուղ կտամ, եթե վաղը, երբ հակառակորդիս հետ գամ դատի, ինձ արդարացնես։

Եվ մյուս օրը, երբ եկան դատարան, դատավորն արդարացրեց յուղ խոստացողին և դատավճիռը գրելով, հանձնեց նրան։

Յուղ խոստացող մարդը բղուղի մեջ՝ մինչև բուկը, հարդ լցրեց, հարդի վրա դրեց երկու–երեք շերեփ յուղ, բղուղի բերանը սերեկեց ու տարավ հանձնեց դատավորին։

Մի քանի օր հետո դատավորն ասում է իր սպասավորին.

– Սիրտս յուղով բրինձ է ուզում, բեր այն մարդու բերած յուղը, և բրինձ եփիր։

Սպասավորը կրակ է վառում, թավան դնում վրան, բերում է բղուղն առաջ, բաց անում և հենց որ գդալը խփում է մեջը, հարդ է դուրս գալիս։ Դատավորը գլխի է ընկնում, որ մարդը իրեն խաբել է։ Ասում է.

– Ոչինչ, տեղը կհանեմ:

Մի օր այդ մարդը անցնում էր դատավորի դռան մոտով։ Տեսնելով նրան, դատավորը կանչում է, ասում.

– Ո՜վ մարդ, քո դատավճռի մեջ, որ այն օրը հանձնեցի քեզ, մի բան պակաս եմ գրել, խեղճ մարդ ես, բեր ներս, ավելացնեմ, որպեսզի հետո քո հակառակորդը այլևս քեզ դատարան քարշ չտա։

– Դատավո՛ր, – ասում է մարդը, – թե պակաս բան կա, բղուղի մեջ է պակաս, թե չէ իմ թղթում պակաս չկա:

ԱՍՈՐԻ ԵՐԵՑՆ ՈԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Մի ասորի երեց` բարի ու «իմաստուն», և մի հայ ինչ–որ բանի համար կռվեցին։ Երիտասարդ հայն ասաց քահանային.

– Քարով այնպես կխփեմ, որ երեսուներկու ատամներդ բերանդ կլցվեն։

Զարմացավ քահանան այդ խոսքի վրա և շտապ գնալով տուն, կնոջն ասաց.

– Երեցկին, աստված սիրես, մի մոմ վառիր և արի տես, թե քանի ատամ կա բերանս։

Երեցկինը լույս վառեց և, հաշվելով քահանայի ատամները, ասաց.

– Երեսուներկու, ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Քահանան շտապ վերադարձավ հայ երիտասարդի մոտ ու հարցրեց.

– Որտեղի՞ց գիտվեիր իմ ատամների թիվը: Ո՞վ էր քեզ ասել։

– Գիտենալով իմը, քոնն էլ իմացա, – պատասխանեց նա։

ՀԱՐՈԻՍՏ ԽՆԱՄԱԽՈՍՆ ՈԻ ԿՈԻՅՍԸ

Մի հարուստ մարդ իր որդու համար մարդկանց սովորության համաձայն խնամախոսության գնաց։ Եվ կույսը, որին գնացել էին ուզելու, գալիս, նստում է նրա մոտ ու ասում.

– Ո՜վ Հայր, օրհնյալ է քո գալուստը։ Բարի վարված կլինես, եթե մյուս անգամ գաս, գնանք Հռոմ, այնտեղից թեքվենք Երուսաղեմ և ապա մեկնենք Խոր Վիրապ։

– Որդյա՛կ, – ասում է մարդը, – ես եկա, որ քեզ իմ տուն տանեմ, դու ուզում ես զրկե՞լ ինձ իմ տնից։

ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԻՇԽԱՆԸ

Մի քաղցած ճգնավոր մտավ մի գյուղ և ուտելու համար հաց չճարեց։ Ելնելով գյուղից, նա գտավ տաճիկ իշխանի ձին, որ արածում էր գյուղի եզրին: Առավ ձին, տարավ մյուս գրւղը, վաճառեց մի հացով։ Հասավ իշխանը նրա ետևից ու հարցրեց.

– Ո՜վ ճգնավոր, իմ մեծագին ձին ինչպե՞ս հիմարաբար վաճառեցիր ընդամենը մեկ հացով։

– Բարի իշխա՛ն, – պատասխանեց ճգնավորը, – շատ մի խոսիր։ Այդպես վարվեցիք որովհետև Քրիստոսն ասել է, թե ձրի առեք և ձրի տվեք։

ԵՐԿՈԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈԻ ԿԱՐՊԵՏԸ

Երկու մարդ ճանապարհ էին գնում։ Նրանք երկու դահեկան արժողությամբ մի կարպետ գտան։ Մեկը աչքածակ էր, մտածեց, ի՞նչ անի, որ կարպետը ինքը վերցնի։ Ընկերոջն ասաց.

– Համաձա՞յն ես կարպետը բաժանել երկուսիս։

– Այո , համաձայն եմ, – պատասխանեց ընկերը։

– Տո՛ւր ինձ երկու դահեկան և կարպետն առ, հաշիվը ճիշտ կլինի։

Եվ ընկերը նախ արդար համարեց վճիռը, ապա մտածեց, զգաստացավ ու ասաց.

– Ո՜վ եղբայր, քանի դեռ կարպետը չէինք գտել, ես քեզ ի՞նչ էի պարտք։

Գ

ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.

– Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։

Հարցնում են.

– Ի՞նչ բարի գործ ես արել:

– Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:

ԷՇԸ ԵՎ ԱՐՈՐ ԹՌՉՈԻՆԸ

Թագավորը հարցնում է իմաստասերին.

– Եթե մեկին վերուստ մի բան տրված չէ, և նա ձգտում է հասնել, կկարողանա՞, թե՝ ոչ:

– Կկորչի՛, ինչպես էշն արորից, – պատասխանում է իմաստասերը։

– Ինչպե՞ս կորավ էշը։

– Լինում է մի սուտասան և քաղցրախոս արոր։ Էշը, լսելով նրա ձայնը, մոտենում է նրան ու հարցնում.

– Ինչի՞ց է քո ձայնը այդքան քաղցրալուր, ասա ինձ գաղտնիքը, որպեսզի ես ևս լավ ձայն ունենամ։ Չափազանց տհաճ և դժվարալուր է բոլորի ականջների համար իմ ձայնը։

– Ես երկնքի ցողն եմ ըմպում, – պատասխանում է արորը, – եթե անձրև չի գալիս, ջուր չեմ խմում։

Գնում, է էշը մի անջրդի տեղ և մի քանի օր աչքերը չռած երկնքին, բերանը բաց արած՝ սպասում է ու սատկում ծարավից։

Այսպես, ուրեմն, ով ձգտում է ստանալ այն, ինչ չի տրված իրեն, չարաչար կերպով կկորչի ինչպես ավանակը։

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

– Սո՜ւո՜ւս։

– Եթե դուք սուս եք, – ասում է աղվեսը, – ես ավեէթ սուս եմ ու սուս։

ԲԱԶԵՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ՀԱՎԸ

Պարսավում էր բազեն հավին ու ասում նրան.

– Ինչո՞ւ այդպես անշնորհակալ ես քո տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ ես զգուշանում նրանից։ Չե՞ս տեսնում ինձ, վայրենի լինելով հանդերձ, հենց որ տերս սուլում և կամ ձեռքի շարժումով կանչում է, անմիջապես մոտենում եմ նրան։ Իսկ դու թեև ազգուտակով ծնվել ու սնվել ես նրա տան մեջ, բայց խուսափում ես նրանից։

– Շամփուրն եմ հիշում, որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին։ Որքան որ ես հավ եմ տեսել շամփուրի վրա, ո՛վ թռչունների արքա, եթե դու գեթ մի բազե տեսնեիր, կարծում եմ, որ անդարձ կհեռանայիր մարդուց, և եթե հազար անգամ համոզեին ու բազում պարգևներ խոստանային, դարձյալ չէիր համաձայնի ենթարկվել նրա կանչին:

ՇԻՆԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ ԹԱԳԱՎՈՐ

Մի երկրի թագավորը վախճանվել էր։ Եվ երբ իշխաններն ու նախարարները իրենցից մեկին թագավոր ընտրելու համար միաբանության չէին գալիս, մի շինականի որդու դարձրեցին թագավոր։

Իսկ նրա հայրը,գալով պալատ և տեսննլով իր որդուն թագավորական հանդերձների մեջ, հարցնում է նրան.

– Որդյա՛կ, ճանաչո՞ւմ ես ինձ։

– Ինչպե՞ս կարող եմ ճանաչել, – պատասխանում է որդին, – երբ ինձ չեմ ճանաչում։

ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.

– Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։

Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։

ԻՇԱՏԵՐԸ ԵՎ ԳԱՅԼԸ

Մի մարդ կորցրել էր էշը: Նա մորմոքալով այս ու այն կողմ էր շրջում, փնտրում ու չէր գտնում։ Հանդիպում է նա մի գայլի:

– Ով եղբա՛յր, – հարցնում է մարդը, – կորցրել եմ իմ իշուկը, չե՞ս գտել։

– Եղբա՛յր, քո էշը ես եմ գտել, – պատասխանում է գայլը։

– Բե՛ր, որ քո գտնելու վարձը տամ։

– Ով մա՛րդ, – ասում է գայլը, – քո էշը տիղմի մեջ էր խրվել։ Ես երեք օր չարչարվեցի, հազիվ կարողացա, հանել։ Գիտեի, որ աղքատ մարդ ես, ինձ վարձահատույց լինել չէիր կարող և վարձի տեղը էշդ կերա:

ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈԻ ԱՐԱԳԻԼԸ

Հողագործը բակլա ու սիսեռ ցանեց գետի եզերքին։ Մոտիկ եղեգնուտից դուրս էին գալիս սագեր ու կռունկներ, հավաքում սերմերը։ Հողագործն ակնատներ պատրաստեց ու դրեց ցանքի եզրին։ Առավոտյան դեմ վերցրեց կաղնե մահակը ու գնաց նայելու ակնատները։ Սագերն ու կռունկները եկել էին, ընկել թակարդների մեջ, նրանց հետ էր մի արագիլ։ Հողագործն իր մահակով սկսեց ջարդել սագերի ու կռունկների պարանոցները։

– Ո՛վ բարեսեր հողագռրձ, – դիմում է նրան արագիլը պաղատագին ձայնով, – դու լավ գիտես, որ ես ոչ բակլա եմ ուտում և ոչ սիսեռ, քո էլ լավ բարեկամն եմ, վերացնում եմ քո հանդերից օձերին, մկներին ու ճիճուներին, թեթևացնում քո հոգսը։ Եվ արդ, խնայիր ինձ ու մի պատժիր։

– Այդ ճիշտ է, – ասում է; հողագործը, – բայց քանի որ միաբանել ես իմ թշնամիների հետ, նրանց հետ դու էլ կսատկես։

ՄԵՌԵԼՆ ՈԻ ԱՅԳԵԳՈՐԾԸ

Մ՛ի օր մարդիկ մեռել էին տանում թաղելու: Գերեզմանոցի մոտ այգի կար, ուր մի մարդ էր աշխատում։ Նրան ասացին.

– Ե՛կ մեզ հետ մեռելը թաղելու:

– Ժամանակ չունեմ, – պատասխանեց այգեգործը:

Մեռելը գլուխը բարձրացրեց ու ասաց.

– Ես էլ շատ բան ունեի անելու, բայց մահը վրա հասավ, ամեն ինչ թողեցի ու գնում եմ։ Ե՛կ իմ ետևից, որ մեկն էլ քո ետևից գա։

ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.

– Չվայելե՛ ս։

Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ռւ ձագերը։

ՀՐԵՇՏԱԿՆ ՈԻ ԱՂՔԱՏԸ

Հրեշտակն ասաց մի աղքատի.

– Բժիշկ եմ դարձնում քեզ, այդ գործն արա ու ապրիր, ես քեզ օգնական կլինեմ։

– Ինչպե՞ս իմանամ օգնելդ, – հարցնում է աղքատը։

– Երբ գնաս հիվանդի մոտ, – խրատում է հրեշտակը, – ես քեզ կերևամ։ Եթե հիվանդի ոտքերի կողմից երևամ, ուրեմն պիտի ապրի, իսկ եթե գլխի կողմից՝ կմեռնի։ Դու այդ ասա հարազատներին և վարձդ առ։

Եվ շատ օրեր աղքատն այդպես վարվեց ու հարստացավ։

Պատահեց, որ ինքը հիվանդացավ։ Հրեշտակն երևաց գլխի կողմից, պիտի մեռներ։

– Շրջեցե՛ք սնարքս, – ասում է նա իր հարազատներին:

Շրջեցին։ Բայց դարձյալ երևաց հրեշտակն այն կողմից:

– Նորից շրջեցե՛ք, – ասում է հիվանդը։

Եվ կրկին դրեցին նախկին դիրքով: Դարձյալ հրեշտակը երևաց գլխի կողմից։

– Ամեն անգամ երևալդ հարստացնում էր ինձ, – դիմում է նա հրեշտակին, – իսկ այս մեկ երևալդ լավ չէր:

Եվ մեռավ: