Kitabı oku: «Առակներ», sayfa 5

Yazı tipi:

ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԿՐՈՆԱՎՈՐԸ

Առաքինի մի կրոնավոր հիվանդացավ։ Անհրաժեշտ եղավ որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում։ Երբ մոտեցավ վանք վերադառնալու օրը և տեսնելով, որ նեղսրտություն է գալիս վրան, ասում է ծիծաղելով.

– Այնքան դժվար է թվում ինձ վանք վերադառնալը, ինչպես առաջին անգամ, երբ թողնելով աշխարհը կուսակրոնություն ընտրեցի։

ԱԲԵՂԱՆ ԵՎ ԹՈՒՅՆԸ

Մի աբեղա ցանկանում էր դառնալ վանքի առաջնորդ, բայց գիտեր, որ վանահոր կենդանության դեպքում չի կարող հասնել դրան։ Հնարը գտավ։ Մի մանուկ կրոնավորի, որին վանահայրը հաճախ էր ծեծում, տվեց մի քիչ մահացու դեղ՝ թույն, ասելով.

– Եթե այս փոշին ցանես վանահոր կերակրի մեջ, միշտ կսիրի քեզ և այլևս չի ծեծի։

Անմեղ մանուկը, առնելով փոշին, մտածում է ինքն իրեն.

– Կեսը միայն կցանեմ, իսկ եթե կրկին փոքր–ինչ բարկանա, մնացածն էլ կլցնեմ։

Մանուկը լցրեց փոշին վանահոր կերակրի մեջ, ու նա մահացավ: Այն ժամանակ մարդասպան աբեղան հասնելով առաջնորդության, սկսեց նախորդ վանահոր նման նույն մանկանը ծեծել։

Եվ նա ասում է ինքն իրեն.

– Ճիշտ վարվեցի, որ փոշու կեսը պահեցի:

ՔԱՂՑԱԾ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՏԱՐԻՔԸ

Տիրատուր վարդապետին տարան ծառայության և մոռացան այդ օրը հաց տալ։ Երեկոյան ուղեկցեցին տուն։

– Վարդապետ, քանի՞ տարեկան ես, – հարցնում է պարոնը։

– Քառասուն տարեկան, բայց մի օրը հանած։

– Մեկ օրն ինչո՞ւ է հանած, – զարմանում է պարոնը։

– Այս օրը, որ քաղցած պահեցիր, ժամանակից դուրս է։

ՀՐԵԱՆ ՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ

Մի հրեա ընկել էր հորը։ Օրը շաբաթ էր, եկավ մի քրիստոնյա, տեսնելով նրան, ասաց.

– Պարան բերեմ, քեզ հորից դուրս հանեմ։

– Չեմ ուզում, – ասաց հրեան, – որովհետև օրը շաբաթ է։

Հաջորդ օրը քրիստոնյան դարձյալ եկավ հորի մոտ։

– Հանիր ինձ, – խնդրեց հրեան։

– Չեմ ուզում, – պատասխանեց քրիստոնյան, – որովհետև օրը կիրակի է։

ՉԶՂՋԱՑԱԾ ՄԵՂԱՎՈՐԸ

Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին.

– Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.

– Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։

Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»:

Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասն–մեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։

Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։

Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.

– Ո՞ւր ես դնում, ջրաղացպան։

Նա սկսեց արաբերեն խոսել.

– Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի:

Եվ ասում է հրեշտակին.

– Ի՞նչ ես ասում, պարոն։

Հրեշտակն ասում է.

– Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ:

Հոգին առավ և տարավ դժոխք։

ԳՈՂ ԿՐՈՆԱՎՈՐԸ

Մի կրոնավոր, գալով խոստովանահոր մոտ, ասում է.

– Հա՛յր, թողություն արա ինձ և աղոթիր ինձ համար, քանի որ գողանում ու թաքուն ուտում եմ։

– Ինչո՞ւ ես այդ անում, սովա՞ծ ես մնում:

– Այո, այդպես է, չեմ բավարարվում տրված կերակրով և չեմ համարձակվում նորից խնդրել:

Խոստովանահայրն ասում է.

– Ինչո՞ւ չես գնում վանահոր մոտ, որ պատմես նրան կարիքներդ։

– Ամոթը չի թողնում ինձ, – ասում է նա: Խոստովանահայրը հարցնում է.

– Ուզո՞ւմ ևս, ես կասեմ վանահորը քո կարիքների մասին:

– Արա՛ ինչպես կամենաս, – պատասխանում է կրոնավորը:

Խոստովանահայրը գնաց առաջնորդի մոտ և պատմեց նրան։ Իսկ նա ասում է.

– Ինչպես քեզ լավ է թվում, արա։

Այն ժամանակ խոստովանահայրը, առնելով կրոնավորին, գնաց մառանապետի մոտ և ասաց.

– Այս եղբայրը ինչքան գա քեզ մոտ, կերակրիր` որքան կամենա և երբեք մի արգելիր։ Եվ նա այդպես էր անում։

Դարձյալ մի քանի օր հետո կրոնավորն եկավ խոստովանահոր մոտ և ասում է.

– Թողություն արա ինձ, հայր, դարձյալ գողանում ու թաքուն ուտում եմ։

Խոստովանահայրը հարցրեց նրան.

– Ինչո՞ւ ես այդ անում, տնտեսը մերժո՞ւմ է ինչ որ ուզում ես։

– Ո՛չ, – ասում է նա, – ընդհակառակն, ինչ որ ուզում եմ սիրով տալիս է, բայց ես ամաչում եմ։

Այնժամ խոստովանահայրն ասում է.

– Եթե ես քեզ տայի, կամաչեի՞ր։

Պատասխանում է.

– Ո՛չ:

Եվ նա ասում է.

– Ուրեմն արի ինձ մոտ և առ, ինչ կամենում ես և մի գողանա։

Ու նա գալիս էր նրա մոտ և ուզածն առնում։

Շուտով կրկին սկսեց գողանալ և գալով խոստովանահոր մոտ, տխուր ու վշտագին ասում է.

– Հայր, ես նորից գողանում եմ։

Եվ նա ասում է.

– Ինչո՞ւ, սիրելիս, քո ո՞ր ուզածը չեմ տալիս։

– Ոչինչ, – ասում է նա։

Խոստովանահայրն ասում է.

– Բա ինչո՞ւ ես գողանում:

Պատասխանում է.

– Թողություն արա, չգիտեմ, թե ինչու եմ գողանում։ Իսկ նա հարցնում է.

– Ասա ինձ, ի՞նչ ես անում այն, որ գողանում ես։

– Ավանակներին եմ տալիս, – պատասխանում է սա։ Պարզվեց, որ գողանում էր բակլա, սիսեռ, սոխ, թուզ, չամիչ և սրանց նման այլ բաներ, ինչ պատահեր, և այդ ամենի կեսը ուրիշ տեղ պահում էր և երբ չգիտեր, թե ինչ անի, ավանակի և այլ անասունների առաջ էր դնում։

Եղբայրներ, տեսեք, թե ինչպիսի թշվառություն է վատ սովորույթը, որ եթե մեկը որևէ ախտի հետևի, անպայման մեղքերին գերի կդառնա։

ՄԵԾԱԽՈՍ ՃԳՆԱՎՈՐԸ

Մի ճգնավոր ուներ փոքրիկ մի աշակերտ և ամեն օր ուղարկում էր աղբյուրը ջրի։ Տղան գնում, փարչը լցնում էր ջրով և երբ ուզում էր գալ, մի սատանա, պատանու, կերպարանքով ելնում էր աղբյուրից, աշակերտի ձեռքից վերցնում էր ջուրը և խաղ անելով թափում։ Ինչքան նա լցնում էր, սատանան թափում էր և ուշացնում տղային, որ ճգնավորը բարկանա կամ հայհոյի, կամ մեծ-մեծ խոսի: Այդպես էլ եղավ։

Մի օր ճգնավորը հարցրեց աշակերտին.

– Երբ գնում ես աղբյուրը, ինչո՞ւ ես ուշանում։

Աշակերտն ասում է.

– Աղբյուրից մի տղա է դուրս գալիս և խաղալով ջուրս թափում։ Քանի ես լցնում եմ, որ գամ, նա չի թողնում, դրա համար ուշանում եմ։

Ու մի օր էլ աշակերտը շատ ուշացավ, իսկ ճգնավորը խիստ ծարավեց և զայրացավ։ Երբ աշակերտն եկավ, ասաց նրան.

– Որդյակ, եթե մի անգամ էլ աղբյուրը գնաս և այն տղան գա հետդ խաղալու, դու ասա նրան՝ թե լավ մարդ ես, գնա վարդապետիս հետ խաղա։

Մյուս անգամ աշակերտը գնաց աղբյուրը ջրի, սատանան ելավ աղբյուրից, որ հետը խաղ անի։ Աշակերտն ասաց.

– Թե լավ խաղացող ես, գնա իմ վարդապետի հետ խաղա։

Սատանան հարցրեց.

– Այդ խոսքը քեզնի՞ց ես ասում, թե վարդապետդ է ասել։

– Վարդապետս ասաց, – պատասխանում է աշակերտը։

– Ջուրն առ ու գնա, – ասաց սատանան, – դու ինձնից ազատվեցիր, ես գնամ վարդապետիդ հետ խաղամ։

Սատանան, որ նախ պատանու կերպարանքով էր, գնաց, հակառակվեց ճգնավորին, մինչև նրան հասցրեց շնության, հարբեցողության, գողության և այլ չարագործությունների։

Եվ մի օր քաղաքացիները հավաքվեցին ու գնացին դատավորի մոտ, պատմեցին ճգնավորի բոլոր չարագործությունները։ Դատավորը հրամայեց կախել նրան։ Առան–տարան կախելու։ Վերջին պահին հայտնվեց սատանան ու ասաց.

– Ճգնավո՛ր աբեղա, քեզ հետ էլի՞ խաղամ, թե բավական է։

Այստեղ աբեղան հասկացավ, որ պատճառը այն օրվա հպարտ խոսքն էր, որ ասաց աշակերտին՝ «Գնա ասա, թե լավ խաղացող է, թող գա ինձ հետ խաղա»։

Երբ աբեղան լսեց սատանայի խոսքը, երեսի վրա ընկավ և աղաչեց դահիճներին՝ չկախել իրեն, այլ տանել դատավորի մոտ։ Տարան։ Աբեղան, սկզբից ինչ որ եղել էր, բոլորը պատմեց, խոստովանելով իր մեղքերի պատճառը, սատանայից պարտվելը։ Այն ժամանակ դատավորը ազատեց աբեղային ու ասաց.

– Այլևս մեծ–մեծ չխոսես, որ փորձանքի չհանդիպես:

Ճշմարիտ է սա. մարդ բոլորովին չպիտի մեծախոսի կամ պարծենա, թե ես այս կանեմ։ Ասացվածք կա՝ «Մի բան արա, հետո պարծեցիր»։

ՄԻ ԱՌԱԿ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մի վարդապետ, աշակերտին համբերություն սովորեցնելու համար, նրան ուղարկում է գերեզմանատուն՝ շիրմաքարերը գովելու։ Մյուս օրը ուղարկում է նախատելու և հայհոյելու, իսկ հետո հարցնում է.

– Քո գովելուց քարերը հպարտացա՞ն։

Ասում է՝ ոչ։

– Իսկ հայհոյելուցդ դժգոհեցի՞ն արդյոք և որևէ բան ասացի՞ն։

– Ամենևին ոչ։

– Դու ևս գնա, – ասում է վարդապետը, – այդպես արա։ Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։

ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ԿԱՐԱՍՈՒՄ ՆՍՏԱԾ ԻՄԱՍՏՈԻՆԸ

Ալեքսանդրը տեսավ մի իմաստունի, որ ննջում էր կարասում և ասաց.

– Ո՜վ կարաս, լի՛ իմաստությամբ։

– Թող մի կաթիլ բախտ ունենայի և ոչ թե ՛մի կարաս իմաստություն, – արթնանալով ասաց իմաստունը։

– Ես կուզեի մի կաթիլ խելք և ոչ մի կարաս լիքը բախտ, – ասում է արքան։

Իմաստունն ասում է.

– Տեսնում եմ իմաստուններին, որ շրջում են բախտավորների դռներում։

Արքան ասում է

– Խնդրիր ինձնից ինչ որ քեզ պետք է՝ կտամ։

– Դու չես կարող տալ ինչ որ ինձ պետք է, – ասում է իմաստունը։

– Ես ամբողջ աշխարհի թագավորն եմ և քեզ պետք եղածը չե՞մ կարող տալ, – զարմացավ արքան։

– Ինձ անմահություն տո՛ւր, – ասում է իմաստունը։

– Անմահության տվողն աստված է միայն, – պատասխանում է արքան։

Եվ իմաստունն ասում է.

– Իսկ ինչ որ դու կարող ես տալ, ինձ պետք չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ՄԵՐԿ ԻՄԱՍՏԱՍԵՐՆԵՐԸ

Աքեքսանդրի պատմության մեջ գրված է այնպես. երբ նա սպանեց հնդիկների Պովրաս թագավորին և գնաց առաջ, հանդիպեց մերկ իմաստասերների, բազում բաներ հարցրեց նրանց, ու նրանք պատասխանեցին։

Առաջին հարցն այս էր.

– Ի՞նչն է դառն աշխարհում։

Նրանք պատասխանեցին.

– Նախանձը և ատելությունը ամեն ինչից դառն են, ավելի քան օճառն ու լեղին։

– Իսկ ի՞նչն է քաղցր։

– Ընկերասիրությունն ու միաբանությունն ավելի քաղցր են, քան մեղր ու շաքարը։

Եվ հարցրեց.

– Ի՞նչն է աշխարհում ծանր։

– Չարախոսությունն ու զրպարտությունը, երբ մարդ անմեղ է լինում և իզուր դատապարտում են, տուգանում կամ չարչարում։ Դա ծանր է, քան արճիճն ու երկաթը։

– Իսկ թեթև ի՞նչն է։

– Խոնարհությունն ու հնազանդությունը։

– Աշխարհիս ո՞ր կողմն է լավ, – հարցրեց Ալեքսանդրը։

– Արևելքը, որ լույս է ծագում և առողջարար օդ ուղարկում բոլոր կողմերը։

– Իսկ մարդու ո՞ր կողմն է լավ, ա՞ջը թե ձախը, – հարցրեց նա։

Պատասխանեցին.

– Տղամարդու ձախը, կնոջ աջն է լավ` որդեծնության համար։

– Որ այդպես իմաստուն եք, – ասաց թագավորը, – խնդրեցեք՝ ինչ կամենաք, և ես ձեզ կտամ։

Եվ նրանք միաբերան ասում են.

– Մեզ անմահություն տուր։

Թագավորն ասաց.

– Ինքս եմ մահկանացու, ինչպե՞ս կարող եմ ձեզ տալ անմահություն։

Իմաստուններն ասում են.

– Գիտե՞ս, որ մահկանացու ես։

Ասում է՝ Այո։

– Բա ինչո՞ւ չես հանգստանում և խաղաղություն հաստատում աշխարհում։ Մի՛ շրջիր, – ասում են, – այլ գնա՛, նստիր գահիդ և խաղաղություն տուր աշխարհին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ՀՆԴԻԿ ԱՂԵՂՆԱՎՈՐԸ

Ալեքսանդրը մի հնդիկ աղեղնավորից լսեց, թե կարող է մատանու ակից անցկացնել նետը։ Հրամայեց՝ խփել մատանուն։ Իսկ նա հրաժարվեց, որի համար արքան բարկացավ, կարգադրեց սպանել նրան։ Եվ դահիճը, հանդիմանելով աղեղնավորին, ասաց.

– Ինչո՞ւ չխփեցիր, որ կենդանի մնայիր, իսկ հիմա՝ մեռնում ես իզուր։

Եվ նա պատասխանեց.

– Շատ ժամանակ է, որ աղեղը ձեռքս չեմ առել, վախեցա, թե փառքս կորցնեմ։

Սա անմիջապես հայտնեցին թագավորին։ Եվ նա շատ զարմացավ, ազատեց մարդուն, բազմաթիվ նվերներ տվեց այն բանի համար, որ մահ հանձն առավ, որպեսզի հանկարծ իր փառքին անարժան չերևա։

ԲԱՄԲԱՍԿՈՏ ԿԻՆԸ

Հովհաննես Կարճին հարցրեցին, թե արատավոր մարդն ինչպե՞ս կարող է իրեն թողած` ուրիշներին բամբասել։

Եվ նա ասում է.

– Լսիր այս առակը։

Մի մարդ կամեցավ մի աղքատ կնոջ հետ ամուսնանալ, որովհետև ինքն աղքատ էր։ Մի այլ կին ցանկացավ նրան. սա ևս աղքատ էր։ Եվ մարդը երկուսին էլ տարավ իր տունը, երկուսն էլ մերկ էին։ Երեկոյան կանանցից մեկն ելավ աղբանոցներից ու փողոցներից թափված հնոտիներ հավաքեց, դրանք կցմցելով ամոթանքը ծածկեց։ Երբ մյուս կինը տեսավ, ասաց մարդուն.

– Տեսնո՞ւմ ես այս անպատկառին, որ շրջում է մերկ ու չի ամաչում։

Մարդն ասաց.

– Դու բոլորովին մերկ ես, չես ամաչում և նրա՞ն ես բամբասում։

ՏԳԵՂ ԿԻՆԸ

Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.

– Ինչո՞ւ ես տրտմել։

– Այսօր հայելուն նայեցի, – պատասխանում է կինը, – տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։

– Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել, – չի համբերում ամուսինը, – ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։

ԿԱՄԱԿՈՐ ԿԻՆԸ

Մի մարդ իր կնոջ հետ անցնում էր հնձած արտը մոտով։

– Տեսնո՞ւմ ես, որքան գեղեցիկ ու լավ է հնձած արտը, – ասում է նա կնոջը։

– Ոչ թե հնձած է, այլ խուզած, – հակաճառում է կինը ամուսնուն։

Քանի ամուսինն ասում է՝ հնձած է, կինը թե՝ չէ, խուզած է։

Բարկանալով՝ ամուսինը կնոջը նետում է ջուրը։

Եվ քանի որ կինն այլևս չէր կարող խոսել, ուստի հանեց ձեռքը ջրից դուրս ու, երկու մատները մկրատի կերպ շարժելով, մինչև մեռնելը պնդեց, թե արտը խուզած է.

ԱՄՈԻՍՆՈԻԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՐԴԸ

Մի մարդ տուն էր շինում։ Փորում է տան հիմքը, շարում աղյուսով, իսկ աղյուսի վրա շարում է քար։

– Ւ՞նչ ես անում, եղբայր, – ասում է մեկը, – պետք է ներքևում քարը շարել, վերևում՝ աղյուսը։

– Պատրաստվում եմ ամուսնանալու, – ծիծաղելով պատասխանում է տանտերը, – կինս եկավ, միևնույն է, շուռ է տալու տունը, պատերը կուղղվեն։

ԱԼԵՔՍԱՆԴՐԸ, ՏԱՍՆԵՐԿՈԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ

Ասում են, Ալեքսանդր Մեծն ուներ տասներկու կին և Արիստոտելի խորհրդով բացի մեկից բոլորին արձակեց։ Կանանցից մեկը Արիստոտելի տան ճանապարհին բնակարան վարձեց, և ինչքան Արիստոտելն անցնում էր, սա զարդարված կանգնում էր դռանը։ Նրան տեսնելով, Արիստոտելն սկսեց ցանկանալ։ Կինն իմացավ, կանչեց նրան իր մոտ և խոստացավ այսինչ օրը նրա կամքը կատարել, բայց նախ լուր ուղարկեց, կանչեց Ալեքսանդրին։

Պայմանավորված օրը Արիստոտելն եկավ։ Նա ծեր էր և երկայնամորուս։

Կինն ասաց.

– Չե՛մ կարող կատարել քո իղձը, եթե ինձ չառնես ուսիդ և յոթն անգամ պտույտ չտաս շենքի գավթում։

Ծերունին համաձայնեց և մինչ կատարեց պայմանը և ուզում էին գնալ ժամանցին, Ալեքսանդրը չհամբերեց, մերկացրեց սուրը, վազեց սպանելու Արիստոտելին, ասելով.

– Ո՜վ չար ծերունի, դրան ինձնից հեռացրիր, որ դո՞ւ վայելես։

Արիստոտելն ասաց.

– Համբերի՛ր, ով թագավոր, ես քեզ կասեմ։ Ես որ փիլիսոփա և իմաստասեր էի, մանավանդ ծեր ու երկայնամորուս, այս աղջիկն ինձ այսպես խեղճացրեց, դու երիտասարդ ու փափկասուն ես, քեզ համար ի՜նչ որոգայթ էր լարելու։

Այս ասելով, մեղմացրեց Ալեքսանդրի բարկությունն ու ազատվեց մահից։

ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՄԵՐՈՍԸ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԸ

Բանաստեղծ Հոմերոսը արկադացիների գավառում ձկնորսների հանդիպեց, որ իրենց վրայից միջատներ էին հանում, և այսպես հարցրեց նրանց։

– Ո՛վ արկադացի ձկնորսներ, արդյոք մի բան ձեռքերի ընկե՞լ է:

Հարցի իմաստն այս էր, «Ով մարդիկ՝ արհեստով ձկնորս, արդյոք որևէ բան որսացե՞լ եք»։

Նրանք պատասխանում են այսպիսի հանելուկով.

– Այն, որ բռնեցինք, դրան չէինք հետապնդում, իսկ որ չենք բռնել մոտներս ունենք։

Դա նշանակում էր. «Միջատներից որը բռնեցինք՝ սպանեցինք, և որոնք չենք բռնել, մեզ վրա են»։

Եվ քանի որ Հոմերոսը չհասկացավ այս առեղծվածը, շուտով վշտից մահացավ:

ՀԱՅԸ ՍՈԻՏ ՉԻ ԽՈՍԻ

Մի հայ սպանել էր մի այլազգի մարդու։ Ձերբակալելով նրան, հանձնեցին Շահ–Աբբասի դատին։

– Դո՞ւ ես սպանել այլազգուն, թե՞ ոչ, – հարցրել էր նրան Շահ–Աբբասը։ «Թե՞ ոչ» ասելով, թագավորը կամեցել էր ազդել նրա վրա, որ ասի` ոչ:

Հայը խոստովանել էր, թե՝ այո, ինքն է սպանողը։ Թագավորը հրամայել է այդ օրը հետաձգել դատը, ասելով.

– Հարբած է։

Հետևյալ օրը արքան կրկնել է նույն հարցը, բայց հայը դարձյալ նույնն է պատասխանել։

– Հարբածության թմրությունը վրան է, – ասելով, այս անգամ ևս թագավորը հետաձգել է դատը։

Եվ երրորդ օրը իր հարցի դիմաց հայից լսելով նույն խոստովանությունը, Շահ–Աբբասը բողոքարկուին առաջարկել է:

– Ես յուրաքանչյուր հայի վրա ծախսել եմ հազար թուման, մինչև որ հասցրել եմ այստեղ։ Տուր ինձ հազար թուման, և ես քեզ կհանձնեմ մահապարտ հային, որ սպանես։

Երբ բողոքարկուն հրաժարվել է արքայի առաջարկությունից, արքան հային ազատ է արձակել:

Այն մահապարտ հայի ճշմարիտ խոստովանությունից սկսած՝ մինչև այսօր էլ պարսիկները ասացվածք ունեն, թե «Հայը սուտ չի խոսի»։

ՇԱՀ ԱԲԲԱՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Շահ–Աբբասը ոչ միայն կառուցում էր բազմաթիվ շենքեր, այլև տնկում էր այգիներ ու պարտեզներ։ Ծերերի պատմելով, հայերը գաղտնի հանում էին Շահ–Աբբասի տնկած ծառերը ու տանում։ Իմացավ այդ մասին Շահ–Աբբասը և պատվիրեց ծառաներին հետել ու տեսնել, թե ի՞նչ են անում հայերը գողացած տնկիները։

Եվ երբ տեղեկացավ, որ այդ ծառերը նրանք տնկում են իրենց տների շուրջը ու այգիներում, ուրախությամբ հրամայեց այգեպաններին ավելի շատ տնկիներ դնել ու, չտեսնելու տալով, թույլատրել հայերին տանել որքան ուզում են:

ՇԱՀ-ԱԲԲԱՍՆ ՈՒ ՀԱՐԲԱԾ ՀԱՅԸ

Մի անգամ, երբ Շահ–Աբբասը անցնելիս է լինում, մի հարբած հայ մոտենալով՝ բռնում է նրա նժույգի սանձից ու ասում.

– Քանիսո՞վ ես վաճառում այս ձին, ես առնել եմ ուզում։

Շահ–Աբբասը հրամայում է ծառաներին նրան տուն տանել և հաջորդ օրը բերել իր մոտ։ Ծառաները հային տանում են տուն։ Սթափվելով հարբածությունից, նա իրազեկ է դառնում եղելությանը ու ահը սրտում՝ մնում տարակուսած։ Կիսը նրան խրատում է Շահ–Աբբասի մոտ գնալիս հետը գինի վերցնել և սովորեցնում է, թե ինչ պիտի ասի: Ծառանձրը տանում են նրան արքայի մոտ։

– Քանիսո՞վ ես ուզում գնել իմ ձին, – հարցնում է Շահ–Աբբասը։

Հայը հանում է գինին, դնում թագավորի առջև ու ասում.

– Տե՛ր իմ, սա է նժույգդ գնողը, ձերդ վեհափառությունը վաճառողն է, իսկ ես լոկ միջնորդ եմ այդ առևտրի մեջ։ Դուք միասին վերջնականապես որոշեցեք ձիու գինը և եթե միջնորդիս էլ մի բան նվիրեք, այն էլ ձեր բարեշնորհությունը կլինի:

Շահ–Աբբասը, հավանելով հայի պատասխանը, պարգևատրում է նրան ու ազատ արձակում։

ՄՈՐ ԱՆԵԾՔԸ

Մարդ ու կին ունեին մի որդի։ Տվեցին նրան ուսման, շատ իմաստուն մարդ դարձավ, հասավ այն գիտակցության, որ աշխարհը, ամեն ինչ, որ կա աշխարհում, անցավոր են ու գնացական, վերջը մահն է, մեռնելը և սիրելիներից բաժանվելը։

Ելավ նա գաղտնաբար մի լեռան վրա և քառասուն տարի ճգնեց այնտեղ։ Եվ քառասուն տարի մայրը, գիշեր–ցերեկ լալով, փնտրեց նրան, մինչև որ գտավ։ Իսկ որդին, երբ տեսավ մորը, մտավ քարայրը, դուռը պինդ փակեց ու սկսեց աղոթել։

– Ո՛վ քաղցրիկ ու անուշ մինուճար որդյակ, – բախելով դուռը, լալով աղերսեց մայրը, – ով իմ ծերության նեցուկ ու գավազան, խղճա մորդ ու եկ, որ տեսնեմ դեմքդ, քանզի քառասուն տարի է, որ կարոտ եմ քեզ և քեզնից բացի ուրիշ սիրելի ու հարազատ չունեմ։

– Մա՛ յր իմ, – պատասխանեց որդին, – այս աշխարհում իրար տեսնելու հնար չկա, գնա աստվածային օրենքներն ու պատվիրանները բարի գործով կատարիր, որ երկուսս էլ, երբ այս աշխարհից մահվամբ հեռանանք ու արժանանանք հավիտենական կյանքին, ուրախությամբ տեսնենք իրար։

Շատ աղաչեց մայրը որդուն։ Սրտակտուր, աղերսախառն ու ողբալի բաներ շատ ասաց, բայց որդին ականջ չդրեց։ Այդ ժամանակ մայրը, բանալով գլուխը և կուրծքը ծեծելով, անիծեց որդուն։

– Որդյա՛կ, դու չլսեցիր իմ աղաչանքները, հաշվի չառար ծերությունս ու չարչարանքներս, կարոտս ու փափագներս, չխղճացիր ինձ։ Խնդրում եմ աստծուց, որ անօրեն ու դաժան մարդկանց ձեռքն ընկնես, գլուխդ բաց, աչքերդ թաց, վզիդ` շղթա ու ձեռքդ կապած, ցիցն ուսիդ, դահիճը՝ մոտդ, դատավորների ու թագավորների առջև հրապարակում կանգնած խայտառակվես։

Թողեց մայրը որդուն քարայրում և թաց աչքերով գնաց տուն։

Երկու օր անց քարայրի մոտի ճանապարհով վաճառականներ էին անցնում։ Ավազակները հարձակվեցին նրանք վրա, բոլորին կոտորեցին և, թալանելով նրանց ունեցվածքը՝ ապրանքն ու գանձը, հեռացան։

Հաջորդ օրը, տեսնելով սպանված ու կողոպտված մարդկանց, եկան բռնեցին ճգնավորին, ասելով.

– Դու ես արել, կամ ընկեր ես ավազակներին։

Ձեռքերն ետևը կապեցին, գլուխը՝ բաց, ցիցը մեջքին, առան տանելու։ Այդ ժամանակ ճգնավորը, նայելով քարայրի մոտի բազմաթիվ ծառերին ասաց.

– Աստծու հրամանով թող երկու ծառ ելնեն իրենց տեղից, գան ինձ հետ և թագավորի առջև ճիշտ, վկայություն տան։

Երկու ծառ ելան արմատներով և ճգնավորի հետ գնացին.

Թագավորը տեսավ ծառերն ու զարմացավ։ Այնժամ ծառերը լեզու առան և ասացին, թե ովքեր են մարդասպանները։ Ճգնավորն ազատվեց։

– Եթե դու այդպիսի հրաշագործ մարդ ես, – դիմեց նրան թագավորը, – ինչո՞ւ իմ ծառաներից չազատվեցիր, որ այդպես խայտառակ կերպով բերեցին քեզ։

– Ւմ մայրն ինձ այսպես անիծեց, – ասաց ճգնավորը, – աստված լսեց մորս և անեծքը կատարեց։

Լսելով այս, թագավորը դիմեց հավաքվածներին.

– Լսեցեք ու միտք արեք։ Եթե մեկ անգամ մոր անեծքով այսպիսի հրաշագործ ճգնավորը խայտառակ եղավ, ապա հազար վայ այն զավակներին, որոնք ամեն օր քրքրում են իրենց ծնողներին, կամ դուրս են անում կամ անարգում են, ժառանգելով նրանց անեծքը։ Որդին, եթե անիծվում է ծնողից, անիծվում է նաև աստծուց, օրհնվում է ծնողից` օրհնվում է և աստծռւց։

ԹԵ ԻՆՉՊեՍ ՄԻ ՍԱՏԱՆԱ ԽԱԲԵՑ ԿՐՈՆԱՎՈՐԻՆ

Մենախցում մի կրոնավոր կար, որ աղաչում էր աստծուն և ասում:

– Տե՛ր, արժանի անես ինձ հասնելու Իսահակ նախահոր տարիքին։

Եվ երբ բազում օրեր աղաչեց, երկնքից ձայն հասավ նրան, որ ասում էր. «Դու չես կարոդ հասնել Իսահակ նահապեաի հասակին»:

Իսկ կրոնավորն ասում է, «Թե չեմ կարող հասնել Իսահակի հասակին,, գոնե Հոբի տարիքին հասցնես ինձ, տեր»:

Դարձյալ աստվածային ձայնն ասում է կրոնավորին.

«Եթե դու ևս պատերազմես և հաղթես թշնամուն, ինչպես Հոբը, ապա կլինես նրա չափ»։

Իսկ կրոնավորը խոստացավ ամեն ինչ անել ու մարտնչել սատանայի դեմ։ Այնժամ դարձյալ երկնքից լսեց ձայնը, որ ասում էր. «Այժմ գնա քո սենյակը և արիությամբ պատրաստվիր»։

Եվ գնաց պատրաստվելու պատերազմի։ Բայց օրեր անց մոռացավ, որ խոստացել է դիմագրավել սատանայի փորձանքներին։ Եվ ահա, մի քանի օր հետո սատանան զինվորի կերպարանք մտած եկավ ծերի մոտ ու ասում է.

– Աղաչում եմ քեզ, հա՛յր, ողորմիր ինձ՝ թագավորից հալածվածիս, և առ ինձնից այս երկու հարյուր լիտր դահեկան ոսկին, այս աղջիկը և պատանին, սրանց պահիր ծածուկ տեղ, իսկ ես փախչեմ, գնամ հեռու աշխարհ և որոշ ժամանակ այնտեղ թաքնվեմ։

– Որդյա՛կ, – ասում է նրան ծերը, – ես չեմ կարող պահել, որովհետև աղքատ մարդ եմ։ Եվ ինչո՞ւ պիտի պահեմ կամ թաքցնեմ այս ամենը։

Ւսկ զինվորը բազում պաղատանքներով ստիպում է ծերին պահել:

Ծերն ասում է նրան.

– Գնա՛, որդյա՛կ, և ոսկիդ թող այն քարերի մեջ: Չգիտեր, թե դա դևերի խաբեություն է։

Իսկ երբ զինվորը ուզեց գնալ, թաղել ոսկին քարերի մեջ, ծերը ձայնեց նրա ետևից.

– Բեր այստեղ ինձ մոտ, որդյա՛կ, բե՛ր մոտս:

Եվ զինվորը ոսկին բերեց ու տվեց կրոնավորին։ Նա վերցրեց ոսկին, աղջիկն ու տղան՝ պահելու, որովհետև խաբվեց դևից։

Օրեր անց սաստիկ խռովություն ընկավ կրոնավորի սիրտը, հարձակվեց աղջկա վրա ու ապականեց նրան։ Հետո նեղվեց իր արածից ու չարիքի վրա նոր չարիք ավելացնելով, ասաց մտքում, «Սպանեմ մանկանը, որ ինձ չմատնի»։ Եվ հարձակվեց ու սպանեց տղային։ Իսկ մի քանի օր հետո ինքն իրեն ասում է. «Ահա, ահա կգա զինվորը, չի գտնի տղային ու կսպանի ինձ նրա պատճառով։ Ավելի լավ չէ՞ սպանեմ նաև աղջկան և այն գանձն առնելով փախչեմ օտար երկիր ու չընկնեմ զինվորի ձեռքը»։

Այդպես էլ արեց։ Սպանեց նաև աղջկան, թաքցրեց հողի տակ, ինչպես տղային։ Եվ վերցնելով գանձը, գնաց հեռու երկիր, այն հարստությամբ եկեղեցի շինեց և տուն՝ ապրելու համար։ Երբ վերջացրեց այդ գործը, եկավ այն դև զինվորը և սկսեց ձայնել ու բարձրաձայն ասել.

– Ա՜յ քեզ պատիժ, վա՜յ ինձ, օգնեցեք ինձ, մարդի՛կ, ախար այս ծերը իմ գանձերով շինեց այս ամենը։

Մարդիկ հարձակվեցին նենգ զինվորի վրա և նրան վտարեցին այնտեղից։ Իսկ նա ասում է կրոնավորին.

– Կրոնավո՛ր, այնպիսի չարիք կբերեմ գլխիդ, որ ոչ մեկի մտքով չի անցել։ – Եվ հեռացավ։

Իսկ կրոնավորը հանգիստ չուներ, միշտ մտազբաղ էր գիշեր–ցերեկ ու մեղադրում էր իրեն, մինչև որոշեց հեռանալ այդ տեղից։ Եվ ասում է ինքն իրեն. «Քո գործերը հայտնի են նաև այստեղ, վերցրու գանձի մնացորդը և գնա հեռու աշխարհ, ուր չի կարողանա գալ զինվորը»։

Նա վեր կացավ գնաց մի հեռու քաղաք, որ ինքը հարմար էր համարում։ Այնտեղ նա հանդիպեց մի աղջկա, որ դահճապետի դուստր էր։ Եվ խոսելով աղջկա հետ, նրան կնության առավ։

Մի քանի օր անց մահացավ աղջկա հայրը։ Այն ժամանակ իշխանը դահճապետի փեսային նշանակեց նրա փոխարեն, որովհետև այդ երկրի կարգն էր՝ երբ զինվորական դասերից կամ պատվավորներից մարդ էր մեռնում, հանգուցյալի փոխարեն նշանակում էին նրան, ով ամուսնանում էր մեռածի կնոջ հետ և կամ ով նրա դստեր ամուսինն էր: Եվ երբ նրան դահճապետ կարգեցին (այստեղ չեմ կարող առանց արտասուքի պատմել նրա չարությունը), ամբողջ երկրից նրանց, ում տանջանքների պատժաչափ էր վիճակվում, նա էր չարչարողն ու սպանողը։ Բազում անգամ հրամայում էր իշխանը ոմանց գցել եռացող կաթսան և ուրիշներին խորովել թավայով, կամ քերող գործիքով տանջել կամ մեխել և այլ բազմակերպ տանջանքներով պատմել։ Բոլոր պատիժներից նա ընտրում էր խստագույնը, որովհետև նոր էր նշանակվել այդ գործին և ցանկանում էր աչքի ընկնել: Եվ ահա սատանան զինվորի տեսքով եկավ ու սկսեց բարձրաձայն ասել.

– Վա՛յ ինձ, եղկելիիս, օգնեցեք ինձ։

Եվ նրա ձայնի սաստկությունից մեծ բազմություն հավաքվեց այնտեղ։ Նա խնդրում էր դատավորից պատժել իր թշնամուն։ Իսկ դատավորը, նայելով զինվորին, ասում է.

– Հանդարտվի՛ր, ուշքի եկ և հանգիստ պատմիր մեզ ամեն ինչ։ Ինչո՞ւ ես աղմկում կատաղած շան նման։

– Այս դահիճը, ո՛վ իշխան, կրոնավոր էր, – պատասխանեց զինվորը, – իսկ ես իմ թշնամիներից հետապնդված եկա սրա մոտ և սրան տվեցի պահելու երկու հարյուր լիտր ոսկի, իմ պատանի ծառան և նաժիշտս՝ կույս աղջիկ։ Այժմ հրամայիր իմ պահուստը վերադարձնել։

Իմանալով ոսկու չափը, իշխանն ուրախությամբ էր լսում՝ շահի հուսով, և սկսեց եռանդով հարցաքննել ծեր դահճին, թե արդյոք ճշմարի՞տ են զինվորի խոսքերը։

Եվ նա ասում է.

– Այդպես էր բոլորը, բերեց այդ ամենն ինձ մոտ, բայց շուտով եկավ տանելու, և ես ամեն ինչ վերադարձրի իրեն անպակաս։

– Որ քեզ է տվել, դու էլ ես վկայում, – ասում է նրան իշխանը։ – Հիմա ունե՞ս նրա ստորագրությունը և վկա, որ դարձյալ տարել է քեզնից։

Եվ նա պապանձվեց։ Իսկ երբ ստիպված եղավ, խոստովանեց աղջկա և տղայի սպանումն իր ձեռքով և գանձը իսպառ ծախսելը։ Իշխանը տեսավ, որ այդ գործից ոչինչ չի շահելու, հրամայեց սպանել դահճին։ Երբ տանում էին սպանելու, նրան մատնող զինվորը ընդառաջ եկավ փողոցում և հարցրեց.

– Ճանաչո՞ւմ ես ինձ, կրոնավոր, թե ով եմ ես։

– Կարծեմ դու այն զինվորն ես, – ասում է նա, – որ չար ժամի ծանոթացա, որ ինձ մոտ բերիր աղջկան, այն տղային ու գանձը՝ պահ տալու։

Զինվորը նրան ասում է.

– Ես բանսարկու սատանան եմ, որ խաբեցի նախաստեղծ Ադամին և հիմա մարդկանցից ոչ մեկին չեմ թողնում ապրելու, չեմ թողնում, որ Իսահակի, Հակոբի կամ Հոբի չափ լինեն, այլ շտապում եմ բոլորին Զակիտոբելի և Հուդա Իսկարովտացու, Կայենի, Բաբելոնի ծերերի և մյուսների օրը գցել։ Գնա՛ այժմ դու ևս նրանց ետևից, քանի որ չհասկացար, որ մենք հյուսեցինք նենգության ու խաբեության շղթաները, տառապի՛ր նրանց հետ, քանի որ չիմացար մեր աներևույթ պատերազմը, և թող ոչ ոք չհպարտանա ավելի, քան իր կարողությունն է և չհանդգնի փնտրել ավելի բարձր բաներ ու նմանվել սուրբ այրերին։ Դու հետևեցիր այն բոլոր չարիքներին, որ ես արեցի քեզ, ու ամբողջ մարդկային ցեղին։ Եվ ահա դու, որ պատրաստ էիր իմ դեմ պատերազմելու, տեսար քո զորության չափը, քո արժանիքներին համապատասխան վարձատրվեցիր՝ այստեղ և այնտեղ նույնպես։

Հենց որ սա ասաց, անհայտացավ մարդկանց թշնամին։ Եվ եղկելի կրոնավորը, որ, խաբվելով դևերից, խայտառակվել էր իր ամբարտավանության ու սնափառության պատճառով, դարձել դահիճ, չարաչար տանջանքների մատնվեց։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
130 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468038
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,9, 21 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,3, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 15 oylamaya göre