Kitabı oku: «Անբախտ Հռիփսիմե», sayfa 3
Ջավահիրը, տեսնելով օրիորդի արտասուքը, զգաց նրա սրտի դառն վրդովմունքը և գրկեց նրան, ասելով.
– Հռիփսիմե ջան, ես իմանում եմ քո սրտի դարդը… ես մորդ ոչինչ չեմ ասի…
Ե
Անցավ մի քանի շաբաթ:
Երեկոյան մութը բավականին թանձրացել էր: Մի երիտասարդ բահը ուսին դառնում էր դաշտեն: Նրա գեղեցիկ կերպարանքը, ամբողջ օրվա հոգնածությունից հետո, դարձյալ արտահայտում էր ուրախություն և հրճվանք:
Նա գալիս էր այգիների միջով, երեկոյան հովասուն տարածության մեջ լսելի էր լինում նրա քաղցր երգի հնչումները:
«Հռիփսիմես սազ ունենամ,
Մի գեղեցիկ բաղ ունենամ,
Հռիւիսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»:
«Բաղ ունենամ ես գեղեցիկ,
Էնտեղ բուսնին վարդ ու ծաղիկ,
Հռիփսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»:
Վերջացնելով յուր երգը, երիտասարդը մոտեցավ մի այգիի, բահը նեցուկ դրեց պատին և վագրի արագությամբ վեր թռավ պատի վրա, իջավ այգիի մեջ:
«Նա ամեն երեկո այստեղ տեսնվում էր ինձ հետ, գնամ, գուցե գտնեմ հրեշտակիս»… – ասաց նա ինքն իրան և առաջ գնաց: Երկար նա այգիում պտտելուց հետո չգտավ յուր սիրուհուն և հուսահատ դուրս գնաց:
Մտնելով գյուղը, երիտասարդը անցավ մահտեսի Հակոյի տան առջևից:
Նա զարմացավ, լսելով այնտեղից երգի ու ուրախության ձայներ:
– Այդ ի՞նչ խաբար է, – հարցրուց նա, հանդիպելով մահտեսի Լակոյի որդուն՝ Ստեփանին:
– Չե՞ս լսել, Ալեքսան, մեր Հռիփսիմեին նշանում են, – պատասխանեց Ստեփանը տխուր դեմքով:
Կայծակի հարվածք ունեցավ այդ լուրը խեղճ երիտասարդի վրա:
– Ո՞ւմ համար, – հարցրուց նա:
– Մեր մելիքի»Երիտասարդը կատաղեցավ:
– Աշխարհը քարուքանդ կանեմ, բոլոր մելիքի տունը կկոտորեմ, ո՞վ կարա խլել իմ ձեռքից իմ Հռիփսիմեն…:
– Սխալվում ես, Ալեքսան, բըզի վրա ձեռք չի կարելի խփել… – պատասխանեց Ստեփանը գլուխը շարժելով: – Բայց դա միամիտ կաց, որ ես քանի կենդանի եմ, չեմ թող տա այդ բանը կատարվի:
Բայց Ալեքսանը չլսեց նրան և կատաղած առյուծի նման վազեց դեպի իրանց տունը և առեց յուր զենքերը: Նա դուրս եկավ գյուղի մեջ այն ժամանակ, երբ մելիքը նշանդրեքը վերջացնելով, յուր ծառաների և բարեկամների հետ, լուսավորված լապտերներով, դառնում էր մահտեսի Հակոյի տնեն:
– Դո՜ւ, քավթա՜ռ, խլում ես իմ սիրուհին… – հանկարծ գոռաց մի ձայն:
– Այդ ո վ է… բռնե՜ք այդ լակոտին… – գոչեց մելիքը, շփոթվելով:
Սուրը շողաց և նա զգաց յուր գլխին մի սաստիկ զարկ:
Ծառաները վրա թափեցան, լապտերները հանգան… և բոլորը պորան վառոդի ծխի մեջ…: