Kitabı oku: «Գեղեցիկ Վարթիկը», sayfa 2

Yazı tipi:

Բ

Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ: Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ բայց արևից այրված և գորշ թշեր: Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ: Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք:

Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության:

Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, որ այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ կարող էր նկատել դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով:

Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք` թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը:

Այսուամենայնիվ, Վարթիկը էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ:

Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու: Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ…

Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից:

Գործը սկսվեցավ: Աղջիկներից ամեն մինը մտան իրենց նշանակված ածուն և սկսան աշխատել:

Բայց Վարթիկը զարմացավ տեսնելով, որ յուր մաքրելու ածուն բավականին հեռու էր նշանակված յուր ընկերուհիներեն, այնպես որ նա, բաժանված աղջիկների խմբից, մնում էր միայնակ:

Հանկարծ, հանդիպակաց բլուրի հետևից երևան եղավ մի ձիավոր, փայլուն, խայտաճամուկ հագուստով: Նա կրում էր յուր աջի վրա մի բազե և նրա որսորդական բարակներր խորամանկությամբ սողում էին հունձի արտերի մեջ, լորերը թռցնելով:

Այդ գեղեցիկ որսորդը գյուղատեր խանի մանկահասակ որդիներից մինն էր: Նա մոտեցավ բրնձի դաշտին, ուր գործում էին աղջիկները: Վերակացու ֆերրաշը առաջ վազեց և բռնեց յուր տիրոջ ձիու սանձը և խորին կերպով գլուխ տվեց նրան: Խանի որդին վայր իջավ ձիեն:

– Դու կատարեցի՞ր իմ հրամանը, – հարցրուց խանզադեն յուր ծառայեն:

– Այո՜, տեր իմ, – պատասխանեց վերակացու ֆերրաշը, կրկին գլուխ տալով:

– Ո՞րն է նա:

– Ահա այն մենավոր աղջիկը, որ գործում է դաշտի հեռավոր անկյունում, – մատով ցույց տվեց ֆերրաշր Վարթիկին:

Խանի որդին մոտեցավ աղջիկներին, նրանք բոլորը դադարեցան գործելուց և խոնարհությամբ գլուխ իջուցին իրանց աղայի որդուն:

Նա զննեց նրանց գործը, գովեց նրանց աշխատասիրությունը, աղջիկներն ուրախացան, կրկին գլուխ իջուցին, իսկ նա բաժանվելով նրանցից, սկսավ դիմել դեպի այն կողմը, ուր գործում էր Վարթիկը:

Գեղեցիկ աղջիկը, ձեռքերով և ոտքերով թաթախված ցեխերի մեջ, անդադար գործում էր: Բայց նրա դեմքը, նույն րոպեին շառագունված գործի տաքությունից, փայլում էր հիանալի գեղեցկությամբ:

– Բարաքալլա, բարաքալլա, – ասաց խանի որդին, մոտենալով գեղեցիկ օրիորդին: – Ինչ աշխատասեր աղջիկ ես դու…

Վարթիկը ոչինչ չպատասխանեց և խորին գլուխ տվեց յուր տիրոջը:

– Ո՞ւմ աղջիկն ես դու, – հարցրուց խանզադեն:

– Ձեր ծառայի, Հայրապետի աղջիկն եմ ես, – պատասխանեց օրիորդը:

– Ո՞րպես է կոչվում քո անունը:

– Վարթիկ:

– Ինչ հիանալի անուն է այդ, գեղեցիկ աղջիկ, հիրավի, Դիլ-գուշեի3 վարդերը ամաչեն քո սիրուն թշերի մոտ:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց և ավելի կարմրեցավ:

– Բայց ափսոս դու հայ ես և քրիստոնյա… – կրկնեց խանի որդին, ավելի զգալի նշանակություն տալով յուր խոսքերին:

Օրիորդը դարձյալ ոչինչ չպատասխանեց, միայն նրա մարմինը ցնցվեցավ մի անհնարին դողով, և նրա սիրտը զղաց խորին տհաճություն:

– Դու որքան գեղեցիկ ես իմ կարծիքով, այնքան ևս խելացի աղջիկ պիտի լինիս, – առաջ տարավ խանի որդին. – Դու համաձայնո՞ւմ ես, որ քո այժմյան վիճակը աննախանձելի չէ՜ :

Օրիորդը դարձյալ լուռ էր: Վրդովմունքը արդեն սկսել էր խեղդել նրան:

– Ինչո՞ւ չես խոսում, – հարցրեց իշխանի որդին:

– Ես աղքատ աղջիկ եմ, տեր իմ, – պատասխանեց Վարթիկը դողալով:

– Բայց երևակայի՜ր, որ քեզ նման մի սիրուն աղջիկ կարող է լինել հարուստ, բախտավոր և միևնույն ժամանակ տիրուհին այդ գյուղի, որի դաշտերը ստիպված ես դու մշակել քո քնքուշ ձեռքերով: