Kitabı oku: «Գեղեցիկ Վարթիկը», sayfa 5

Yazı tipi:

Նույն ավուր երեկոյան պահուն աղջիկները իրանց գործը վերջացրին խիստ վաղ, որովհետև այն օր նրանց ամեն մինին բաժանված էր փոքր գործ:

Բայց Վարթիկը չկարողացավ վերջացնել նրա համար, որ այնօր նրան նշանակված էր մյուս օրերին համեմատելով բավականին շատ գործ:

Աղջիկները, վերջացնելով իրանց գործը, դեռ արևը չմտած, տուն գնացին: Բայց վերակացուն հրամայեց Վարթիկին մնալ այնտեղ, մինչև կվերջացներ յուր գործը և թողեց օրիորդի վրա հսկելու մի ծերունի թուրք, ինքը գնաց:

Մութը պատել էր աշխարհը, երբ Վարթիկը վերջացնելով գործը, առեց յուր խշբիկը և յուր քաղհան արած խոտերից մի քանի խուրձ կապեց, շալակն առեց, որ տանե իրանց հորթերի համար, և սկսավ դիմել դեպի գյուղ:

Անցնելով ձեռատունկ անտառի մոտից, օրիորդր նկատեց, որ յուր վրա հարձակվեցան մի քանի մարդիկ, մի թանձր քող ձգեցին նրա գլխին, աչքերը կապեցին և բերանը փակեցին աղլուխով, որ ձայն չհանե:

Սարսափը և երկյուղը բոլորովին ուշաթափ արեցին նրան, խեղճ օրիորդը անզգա ընկավ գետնի վրա: Հափշտակողները, դնելով նրան ձիու վրա, աներևութացան գիշերային խավարի մեջ:

Դ

Գյուղի խրճիթներում վառվեցան գիշերային ճրագները: Վարթիկի ծնողքը, նրա եղբայրները, անհանգիստ սպասում էին նրան, բայց նա դեռ չէր դարձել:

– Որդի, Խաչո, Մաթոս, – ձայն տվեց օրիորդի մայրը. – քա՞ր է ձեր սիրտը, ի՞նչ է, դե՜, մի գնացե՜ք, տեսեք ին՜չ եղավ այդ ջրատար աղջիկը, այդչափ ուշացավ:

– Մայրիկ, ինչո՞ւ ես անհանգիստ լինում, – պատասխանեցին որդիքը, – կարելի է յուր ընկերուհիներից մինի մոտ գնացած լինի:

– Չէ՜, այդքան ո՜չ մի օր չէր ուշանում նա, – պատասխանեց մայրը չարագուշակ զգացմունքով: – Գնացե՜ք, նրա ընկերուհիներից հարցրե՜ք, իմացեք, ո՞ւր մնաց խեղճ աղջիկը:

Օրիորդի եղբայրները դուրս գնացին և սկսան դրացիների տներում հարցնել իրանց քրոջ մասին: Բայց ոչ մի տեղ չգտան նրան: Միայն նրա ընկերուհիները պատմեցին, թե նրանք թողեցին Վարթիկին բրնձի դաշտումը միայնակ, որովհետև նա դեռ չէր վերջացրել յուր օրական գործը:

Որդիքը իսկույն վազեցին դեպի տուն, այդ լուրը հայտնեցին ծնողքներին:

– Նրան պատահել է մի վտանգ, – ասաց ծերունի Հայրապետը, և յուր ցուպը առնելով վեր թռավ տեղից:

– Վա՜յ իմ Վարթիկս, – հառաչեց պառավ Նազլուն և վազեց դեպի դուրս:

Օրիորդի եղբայրները, նույնպես նախագուշակելով մի չար դեպք` ծնողաց հետ միասին վազեցին դեպի բրնձի դաշտերը:

Գիշերային խորին լռության մեջ խղճալի ծնողաց և եղբայրների ձայնը հնչվում էր հեռու և հեռու խուլ դաշտերում, շրջակա բլուրներից լսելի էր լինում միայն նրանց ձայների տխուր արձագանքը, բայց նրանք չլսեցին երբեք գեղեցիկ Վարթիկի ձայնը:

Նրանք հասան բրնձի դաշտերին, ուր ցերեկով գործել էր նա, այնտեղ դարձյալ չգտան նրան:

Պառավ մայրը, իբրև մատակ առյուծ, որի բույնից խլել էին կորյունը, կատաղաբար սկսավ վազվզել դաշտերի մեջ: Նրա ծերունի ամուսինը հետևեց յուր կնոջը: Եղբայրները նույնպես ամեն մինը դեպի մի կողմ գնացին:

Լուսինը յուր գունավոր դեմքը ցույց տվեց թուխ ամպերի տակից: Գիշերային խավարը մի փոքր պարզվեցավ: Հանկարծ լսելի եղավ Խաչոյի ձայնը: Ամենքը դեպի այն կողմը վազեցին, Խաչոն կանգնած էր ձեռնատունկ անտառի մոտ, ուր պատահեցավ խղճալի օրիորդի հափշտակվիլը:

– Ահա՜ նրա նշանները, – ասաց Խաչոն, ցույց տալով գետնի վրա ընկած մի քանի առարկաներ:

– Այդ նրա խշբիկն է, այդ նրա ոտի տեղն է, ահա նրա հացի թաշկինակը… – գոչեց ծերունի Հայրապետը և ընկավ գետին…:

– Իմ Վարթիկս կորա՛վ… – հառաչեք պառավը և ուշաթափ ընկավ յուր ամուսնի գրկում: Սույն միջոցում Ուրմի քաղաքի մեջ, որ ավելի հեռու չէր այն գյուղից, ուր պատահեցավ այդ անցքը, մի հոյակապ ապարանքում, փառավոր կերպով լուսավորված էր մի սենյակ: Նրա լուսամուտները, զարդարված գույնզգույն ծաղկանկար ապակիներով, վառվում էին կախարդական փայլողությամբ: Խորասանու գեղեցիկ գորգեր, չինական հազվագյուտ ամաններ, բյուրեղային և բրոնզե կարասիք, ոսկի, արծաթ, գոհարներ, – բոլորը միախառնվելով, շնչում էին պարսկական կյանքի ճոխ և խայտաճամուկ շռայլությամբ:

Այդ սենյակի մի անկյունում կանգնած էր մեր ընթերցողին արդեն նախածանոթ կալվածատեր խանի որդին, մեծաշուք կերպով հագնված, և մի անկյունում կուչ էր եկած գեղեցիկ Վարթիկը, դեռ յուր հնամաշ, աղքատիկ հագուստով:

Խանի որդու առջև դրած էին զանազան տեսակի կանացի հագուստներ, ոսկեհուռ, կարված մախմուրից, ատլասից, քիշմիրյան շալից և նուրբ կերպասներից: Նա յուր ձեռքին բռնած ուներ մի գեղեցիկ օղամանյակ, որ վառվում էր զանազան գոհարներով, և ոսկի ապարանջաններ, բազկակապեր, մատանիներ և այլ կանացի զարդարանքներ, որոնք իրանց փայլողությամբ կուրացուցիչ էին: