Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 19

Yazı tipi:

ԻԱ
ՀԱՅԿԱ ԲԵՐԴԸ

Դեռ արեգակը չէր ծագել, դեռ նոր զարթած թռչունները սկսել էին իրանց առավոտյան ճլվլոցը, երբ ես աչքերս բաց արի, տեսա` վրանի մուտքի առջև սպասում էին մեր թամքած ձիաները: Ասլանը ինձանից վաղ էր վեր կացել, պատրաստվել էր, ինձ ևս ասաց, որ շուտով հագնվիմ: Արթինը վրանում չէր: Ջորիները վաղուց արդեն բերել էին արոտից, համետում էին, գարի էին տալիս, որ, դեռ լույսը չծագած, ճանապարհ ընկնեն:

Քարավանը այդ րոպեում ներկայացնում էր մի վանք, որ կանխում էր հանդիպել տվնջյան լուսատվին: Ամեն կողմից լսելի էին լինում աղոթքի և հոգևոր երգերի ձայն: Ես միշտ ախորժանոք էի լսում, երբ մահմեդականը Ղորանից այաթներ էր կարդում. նրա ընթերցանության մրմունջը ինձ հիշեցնում էր ջերմ, հրաբորբոք Արաբիայի անապատները և այդ անապատների կրակի միջից հայտնված կրակոտ մարգարեին: Ո՜րքան մեծ զորություն ունի գիրքը: Մի գիրք, մի լավ երգված գիրք, իր բարձր բանաստեղծությամբ, իր հրաշալի լեզվով, կարողացել էր երկրագնդի մի նշանավոր մասը կապել մի կրոնի հետ: Ես նախանձով էի նայում այդ մահմեդականների վրա: Քարավանի մեջ կային և հայեր, բայց նրանք չէին աղոթում: Հայը աղոթում է միայն այն ժամանակ, երբ տերտերը նույնպես աղոթում է: Եկեղեցու պատերից դուրս` նա աստծուն չէ մտաբերում:

Շտապելուց ես մոռացա մինչև անգամ կոճակներս կցել: Ասլանը խոստացել էր այն օրը ցույց տալ ինձ մեր Հայկ Նահապետի բերդը: Իմ սիրտը տրոփում էր անհամբերությունից, թե երբ պետք է տեսնեի Հայաստանի առաջին ամրոցը, որ մնացել էր այն օրից, երբ հայության սկիզբը դրվեցավ:

Երբ ձի նստեցինք, ճանապարհ ընկանք, Արթինի խոստացած երկու ձիավորները, բոլորովին զինված, մեր առջևով գնում էին, թե որպես առաջնորդ և թե որպես զինակից: Նրանք սկզբից մեզ զգուշացրին, թե վտանգավոր տեղերից պետք է անցնենք: Ես կատարյալ զինավառության մեջ էի, Ասլանը նույնպես ուներ իր հետ մի զույգ ատրճանակ: Չգիտեմ ինչո՞ւ սաստիկ փափագում էի ես, որ ավազակների հանդիպեինք: Այնքան խոսվել էր դրանց մասին, այնքան բաներ էի լսել, բայց երբեք ավազակ չէի տեսել:

Գիշերով եկած լինելով, ես դեռ բոլորովին չէի դիտել Հայոց-Ձորը: Երբ լույսը ծագեց, երբ արևի առաջին ճառագայթները սկսեցին ոսկեզօծել լեռների մառախլապատ կատարները, այդ ժամանակ միայն հանդիպեցավ իմ առջև գեղեցիկ հովիտը իր շքեղ տեսարաններով: Ես հիացած էի, և իմ հիացմունքը մեծանում էր այն չափով, որքան բնության գեղեցկությունները միախառնվում էին անցյալի, ամենահին անցյալի հիշատակների հետ: Ի՜նչեր չէր տեսել այդ հովիտը, ի՜նչ սխրագործությունների վկա չէր եղել նա: Այստեղ մեր Հայկ Նահապետը պատերազմեց Բելի բռնակալության դեմ և խորտակեց ամբարտավան հսկայի զորությունը: Այստեղ, Հազկերտի կրոնական հալածանքների ժամանակ, հայ կինը մահակը ձեռին, հայ շինականը զինված իր մանգաղով, առաջին բողոքը բարձրացրին խղճի բռնաբարության դեմ և, հարձակվելով պարսից մոգերի վրա, ջարդեցին նրանց, և կրակ տալով նոր հիմնված բոլոր ատրուշաններին և մոխիրը ածելով ծովի մեջ, մաքրեցին իրանց հայրենիքը այդ պղծությունից: Ասլանը ինձ ցույց տվեց հին Մոխրաբերդը ծովի մոտ, որ այժմ մի գյուղ էր. այստեղից ածեցին ծովի ալիքների մեջ հրդեհված ատրուշանների և որմզդական մշտավառ կրակի մոխիրը և այդ պատճառով կոչվեցավ Մոխրաբերդ:

Հայոց-Ձորում դրվեցավ քրիստոնեության սկիզբը` մեր Աբգար թագավորի օրով: Ասլանը այդ մասին շատ բաներ էր պատմել ինձ, ինչ որ գրված էր գրքերի մեջ: Բայց ես սիրում էի ժողովրդի պատմածը, կենդանի ժողովրդի պատմածը, որ նա ավանդաբար լսել էր իր նախորդներից: Ես կդնեմ այստեղ այդ ավանդությունը, ավելի այն պատճառով, որ նրանով բացատրվում է Անգղ գետի անվան ծագումը: Այսպես է պատմում ժողովուրդը:

Այն խոստման համեմատ, որ փրկիչը արել էր մեր Աբգար թագավորին, նրա համբառնալուց հետո, Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալներին վիճակվեցավ գալ Հայաստանը լուսավորելու: Բարդուղիմեոս առաքյալը եկավ Աղբակա կողմերը, իսկ Թադեոս առաքյալը` Հայոց-Ձորը, բերելով իր հետ աստվածամուխ գեղարդը, Ս. Աստվածածնի քողը և անուշահոտ յուղի շիշը, որով փրկչի գլուխը օծեցին: Նա սկսեց քարոզել և իր բերած սրբություններով հրաշքներ գործել: Անգղ գետի ափի մոտ, ճիշտ այնտեղում, ուր այժմ Սուրբ Աստվածածնի վանքն է կանգնած, կար մի մեհյան: (Այստեղից փոքր-ինչ հեռու իջևանել էր մեր քարավանը:) Աստվածամայրը երազում երևում է փրկչի առաքյալին և ասում է, որ այդ մեհյանի տեղում իր համար մի տաճար կանգնեցնե: Առաքյալը մի հրաշքով կործանում է մեհյանն ու կուռքերը և սկսում է տաճարը կառուցանել: Այդ ժամանակ սկսվում է մի խուլ, աներևույթ կռիվ առաքյալի և կուռքերի մեջ: Ինչ որ առաքյալը ցերեկով շինել էր տալիս, դևերը գիշերով քանդում էին և քարերը ձգում էին Անգղ գետի մեջ: Այդ քարերի կուտակությունից կազմվեցավ այս բարձրությունը, որի վրայից գետը ջրվեժի նման ցած է թափվում և կոչվում է Սաչան: Հետո առաքյալը, Աստվածամոր խորհրդով, իր հետ բերած հրաշագործ յուղով օծում է մի խաչքար և կանգնեցնում է շինվելիք տաճարի տեղում: Այնուհետև դևերը այլևս չէին համարձակվում մոտենալ շինվածքին, բացի դրանից, նրանք սև ագռավների կերպարանք էին ստանում և աչքի էին երևում: Բայց որովհետև նրանք օդի մեջ աղմուկ էին բարձրացնում և վերևից անհանգստացնում էին բանվորներին, այդ պատճառով անգղների կերպարանքով հայտնվում են աստծո հրեշտակները և սկսում են պատերազմել ագռավների հետ: Անգղները հաղթում են, բոլոր ագռավներին կոտորում են և նրանց դիակները նետում են գետի մեջ, միևնույն տեղում, ուր նրանք ձգել էին տաճարի քարերը: Ի հիշատակ այդ հաղթության, գետը կոչվեցավ Անգղա գետ, իսկ գյուղը, որտեղ կառուցվեցավ Ս. Աստվածամոր տաճարը, կոչվեցավ Անգղ գյուղ: Առաքյալի հրաշագործ յուղով օծած խաչքարը մինչև այսօր էլ մնում է տաճարի մեջ, և նույն քարից անընդհատ կերպով ծորում է հրաշագործ ձեթ, որը ուխտավորները ստանում են իրանց հետ և գործ են դնում զանազան ախտերի բժշկության համար: Պատմում էին, թե առաջ այդ ձեթը այնքան շատ և առատությամբ էր բխում, որ բավականացնում էր վանքի բոլոր կանթեղների լուսավորությունը: Բայց մի վարդապետի ագահության պատճառով ձեթը նվազեցավ, երբ նա սկսեց վաճառել:

Մենք երկար չէինք բաժանվում Անգղ գետից, գնում էինք նրա հակառակ ուղղությամբ: Ձկնորսները, նրա ընթացքի ուղղությամբ, շտապում էին դեպի այն տեղը, ուր գետը թափվում է ծովը: Այստեղ սարքել էին նրանք իրանց ձկնորսության սապաթները, որ ամեն առավոտ դուրս էին բերում լի անուշահամ տառեխներով:

Անգղ գետի վերին մասը կոչվում է Խոշ-աբ` քանի որ Խոշաբ կամ Անձևացյաց կոչված գավառի միջովն է հոսում: Իսկ երբ մտնում է Հայոց-Ձորը, նա իր ամբողջ երկարությամբ բաժանում է այդ հովիտը երկու մասերի` հյուսիսային և հարավային: Իսկ Շամիրամի առուն, հյուսիսից գալով, կտրում է Անգղին և, արհեստական կամուրջի վրայից անցնելով, գնում է դեպի Արտամեդ, իսկ այնտեղից` Վան: Այդ վերջինը ավելի օգուտ է տալիս Հայոց-Ձորին, քան թե առատաջուր Անգղը: Իր հոսման ընթացքում Շամիրամի առուն ոռոգում է շատ գյուղերի անդաստանները, արտորայքը: Երբեմն ագուգայների ու խողովակների միջով, երբեմն բաց առվակով հոսում է նա, իսկ երբ խրամատների, փոսերի վրայով պետք է անցնի, այսպիսի տեղերում նրա համար բարձր ամբարտակներ են կառուցված, որոնց վրայով, կարծես օդի միջից, թռչում է ջուրը, առանց նեղություն կրելու, առանց շեղվելու իր ճանապարհից: Այդ բոլորը այնքան ճարտար կերպով է կառուցված, այնքան մեծագործ է, որ եթե հռչակավոր նինվեացի թագուհու գործը չհամարենք, անշուշտ մեր Արտաշես Երկրորդի գործը համարելու է, որ արհեստական ջրանցքով այդ գետը տարավ Արտամեդի բուրաստանները զարդարելու և կոչեց այն ավանը Զարդ: Եվ իրավ, նա մի ժամանակ Վասպուրականի զարդն էր:

Արևը բարձրացավ: Այժմ շրջակայքը ավելի պայծառությամբ էին երևում: Ասլանը խորասուզված էր, ո՛վ գիտե, ինչ մտածություների մեջ, և ամենևին չէր խոսում: Ես հիացած էի շրջակա տեսարաններով, որոնք և՛ ուրախություն էին ազդում ինձ, և՛ տրտմություն: Ո՜րքան խիտ ազգաբնակություն է եղել այստեղ, ո՜րքան երջանիկ ապրելիս են եղել այստեղ մարդիկ: Իսկ ա՞յժմ: Այժմ ավերակ, բոլորովին անմարդաբնակ գյուղերի թիվը ավելի շատ էր, քան թե շեն գյուղերը: Ամենուրեք հանդիպում էինք կիսակործան եկեղեցիների, ամայի վանքերի և լայնատարած գերեզմանատների, որոնց շուրջը մի ժամանակ մարդիկ են բնակվել: Իսկ այժմ այդ նվիրական վայրերը ծառայում էին որպես որջ վայրենի գազանների, կամ նրանցից չտարբերվող քուրդ ավազակների: Կարծես մի կործանիչ ձեռք անցել էր այդ հովիտով և բոլորը` ինչ որ լավ էր, ինչ որ բարի էր` ոչնչացրել էր:

– Մեր նախնիքը ծույլ մարդիկ չեն եղել, – ասաց Ասլանը, – նրանք հոգ են տարել երկրի շինության համար, և դրա ապացույցը կարող է լինել այդ հսկայական ջրանցքը, որ անց են կացրել այդ հովտի միջով: Բայց այն օրից, որ տիրեց թուրքը, ամեն աշխատություն, ամեն կենդանություն մեռավ:

– Իսկ այդ շեն գյուղորայքը հայաբնա՞կ են:

– Հայաբնակ են, բայց յուրաքանչյուրի մեջ կգտնեք մի քանի տուն քուրդ բնակիչներ: Այդ մի քանի տունը ամբողջ գյուղի ցեցը պետք է համարել:

Նա դարձյալ լռեց:

Ճանապարհը հարթ էր. բնությունը և մարդու ոտն էր հարթել: Անգղ գետի հորդությունից տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ, որոնց միջից դեղին, փայլուն ջրածաղիկը զավիկի նման փողփողում էր արևի ճառագայթներից: Տեղ-տեղ գոյացել էին շամբուտներ: Կրիաները, որ դուրս էին եկել ցամաքը` արևի տաքությունը վայելելու, մեր ձիաների ոտնաձայնը լսելով, խմբովին ներս էին սահում և թաքչում էին եղեգների մեջ: Ձյունի նման սպիտակ արագիլը իր երկար, կարմիր կտցով և նույնպես երկար, կարմիր ոտներով հանդարտ շրջում էր ճահճի մեջ և իր սիրած որսն էր որոնում: Մենք համարյա թե նրա մոտովն անցանք: Ծանրաբարո թռչունը ամենևին չվրդովվեցավ, ուշիմ կերպով նայեց մեզ վրա և կրկին շարունակեց իր որսորդությունը: Ուրուրը վերևում շրջաններ էր գործում օդի մեջ լայն թևերը բաց արած, որոնց երբեմն թեթև կերպով շարժում էր, կարծես թիավարելիս լիներ օդը: Ահա նա նետի նման սլացավ դեպի ցած, մի քանի վայրկյան անհետացավ եղեգների մեջ և կրկին վեր բարձրացավ, մագիլների մեջ բռնած ունենալով մի ինչ-որ բան: Նա տարավ իր ավարը: Արեգակը ավելի և ավելի այրում էր: Եթե ծովի կողմից փչող մեղմ քամին չլիներ, տոթը կարող էր խեղդել: Ամեն ինչ անշարժ էր, ամեն ինչ լուռ էր: Միայն լսելի էր լինում անհանգիստ արտույտի ճռնչող երգը: Միջօրեի տապի ժամանակ, երբ բոլոր թռչունները թուլացած, շնչասպառ, մի զով տեղ են որոնում հանգստանալու, նա այդ պահուն ավելի ոգևորվում է, տաքանում է, սկսում է երգել: Բայց ո՞րտեղ էր թաքնված այդ հողագույն թռչունը: Որտեղ էլ որ լիներ, մենք նրան չէինք կարող նշմարել: Հնձած արտերի մոխրագույն ծղոտները, տոթի ազդեցությունից ցամաքած և դալկացած մացառների տերևները` ամենևին չեն որոշվում նրա փետուրների գույնից: Խելացի թռչունը ընտրում է այսպիսի տեղեր: Նրա գույնը միախառնվում է իր թաքստի տեղի գունավորության հետ, և նա անտեսանելի է դառնում թշնամու աչքից: Գոնե դրա խելքն ունենային այստեղի հայերը…

Մենք անցանք մարգադաշտերից, անցանք ճահիճներից, անցանք հնձած արտորայքից: Այժմ մեր ճանապարհի աջ և ձախ կողմերում բարձրանում էին ժայռոտ բլուրներ: Կանաչ բուսականության մի նշույլ անգամ չէր մնացել նրանց վրա. ամեն ինչ այրել էր տոթը: Միայն օշինդրը բուրում էր իր սուր, կծու հոտով:

Ահա, ճանապարհը խաչաձև կտրելով, անցավ չարագուշակ նապաստակը: Նա պպզեց մի քարի վրա և, ականջները ցցած, հեռվից նայում էր մեզ վրա: Երբ մոտեցանք, անհայտացավ մացառների մեջ: Գոնե մի աղվես անցներ, դա կուրախացներ ինձ, դա արդեն նշան կլիներ, որ մեր ճանապարհորդությունը, ինչ նպատակով էլ և լիներ, բարեհաջող վախճան կունենար: Բայց նապաստակը չար է գուշակում: Այդ նախապաշարմունքը, սկսյալ մանկությունից, իմ մեջ այն աստիճան արմատացած էր, որ ես սկսեցի կասկածել, որ անպատճառ մի որևիցե անհաջողության կհանդիպենք: Այդ մասին, իհարկե, ամաչեցի Ասլանին մի բան ասել, վախենալով նրա հանդիմանությունից:

Մենք անցանք մի հայոց գյուղի մոտով: Գետնափոր խրճիթները հազիվ բարձրանում էին գետնի մակերևույթից: Տափակ կտուրների վրա կալ էին կալսում: Որպես ծանրություն, երեխաներին խմբով ածել էին կամնասայլի վրա, մի զույգ եզներ քաշում էին և պտտեցնում էին դեռ չմանրացած հարդի վրա: Մայրը, հեծանոցը ձեռին, խառնում էր հարդը: Ջառջառի սուր ատամները, որ կազմված էին կայծքարի կտորներից, կտրատում էին հարդի խոշոր մասները: Տղամարդիկ չէին երևում: Նրանց մի մասը դաշտերում ուրիշ աշխատանքով էին զբաղված, իսկ շատերը գնացել էին օտար երկրներ, պանդխտության մեջ էին ապրում: Մի քանի ծերունիներ նստած էին կալի մոտ, դիզած խուրձերի հովանիի ներքո, ծխում էին: Մեզ տեսնելով, ամենքը կանգնեցին և խորին կերպով գլուխ տվին: Մեր առաջնորդներից մեկը մոտեցավ նրանց և կրակ խնդրեց, որ իր չիբուխը վառե: Մենք անցանք: Երբ նա կրկին եկավ և հասավ մեզ, ես հարցրի.

– Ի՞նչ էին խոսում այդ ծերունիները:

– Հարցնում էին, թե ո՞վ է այդ մարդը:

– Դուք ի՞նչ ասացիք:

– Ասացի` եվրոպացի ճանապարհորդ է:

– Նրանք ի՞նչ ասացին:

– Հարցնում էին, թե ինչ նպատակով է ճանապարհորդում:

– Էլ ուրիշ ոչինչ չհարցրի՞ն:

– Հարցրին, թե ո՞ւր է գնում: Ես ասացի` գնում է Հայկա բերդը տեսնելու: Նրանք երանի տվեցին եվրոպացու աչքերին, որ կտեսնե Հայկա բերդը:

– Մի՞թե նրանք չեն տեսել:

– Չեն տեսել. այդքան մոտիկ են ապրում և չեն տեսել:

– Դա շատ զարմանալի է:

– Զարմանալու ոչինչ չկա. ես ավելի զարմանալին կասեմ ձեզ. ինձ պատահել է տեսնել գյուղացիներ, որոնք մի քանի մղոնով միայն հեռու էին ապրում մի վանքից, երբ օտար երկրներից եկած ուխտավորների քարավանը նրանց գյուղի մոտով անցնում է, նրանք խորին բաղձանքով ասում են ուխտավորներին. «Երանի՜ ձեր աչքերին, որ կգնաք, կտեսնեք մեր վանքը»…

Այդ խոսակցության միջոցին մեր առաջնորդի մյուս ընկերն էլ մոտեցավ մեզ: Ես այժմ միայն սկսեցի ուշադրությամբ քննել նրանց դեմքերը: Այդ դեմքերը ինձ շատ ծանոթ էին երևում: Ինձ թվում էր, թե մի տեղում պետք է տեսած լինեի նրանց: Բայց ե՞րբ և ի՞նչ տեղում, մտաբերել չէի կարողանում: Այդ տարակուսանքը երկար տանջում էր ինձ: Մի՞թե կարելի էր մոռանալ այդ տեսակ մարդկանց: Երկուսն էլ բարեկազմ երիտասարդներ էին, կարծես մի զույգ Այաքսներ լինեին: Ես անիծում էի իմ բթամտությունը: Եթե տեսել էի, անպատճառ պետք է ուրիշ հագուստով, ուրիշ կերպարանքով տեսած լինեի, և ոչ որպես այժմ, լազի հագուստով, ինչպես հագնված էին Արթինի բոլոր ծառաները:

Ես տատանվում էի անստուգության մեջ: Մտածում էի հարցնել: Մի՞թե նրանք կասեին, թե ովքեր են, կամ մենք մի ժամանակ տեսնվել ենք: Եթե ասելու լինեին, հենց առաջին անգամից կասեին: Բայց նրանք ոչինչ կերպով չէին ցույց տալիս, որ ինձ ճանաչում են, կամ որևիցե ժամանակ հանդիպել ենք միմյանց: Իմ հիշողության մեջ այդքանը միայն պարզ էր, որ այդ երկուսին միասին, միաժամանակ մի տեղում էի տեսել: Եվ այդ շատ զարմացնում էր ինձ. ես թողեցի, որ հանգամանքները պարզեն այդ մթությունը, այժմ դարձա դեպի մյուս ընկերը, հարցնելով.

– Դեռ երկա՞ր ճանապարհ է մնում մինչև Հայկա բերդը:

– Եթե այդպես արագ գնալու լինենք, կեսօրից փոքր-ինչ անցած կհասնենք, – պատասխանեց նա:

Իմ հետաքրքրությունն այնքան անզուսպ էր դարձել, որ ցանկանում էի նախքան բերդը տեսնելը նրա մասին տեղեկություններ ստանալ:

– Դուք տեսե՞լ եք Հայկա բերդը, – հարցրի նրանից:

– Տեսել եմ:

– Երևի շատ ամուր բերդ է, բարձր աշտարակներ և ահագին պարիսպներ ունի:

– Անտարակույս, մի ժամանակ ունեցել է: Բայց մինչև այժմ ի՞նչպես կմնային այդ ամրությունները: Գիտե՞ք, երբ էր Հայկը:

Նա սկսեց ժպտալ իմ միամտության վրա: Ջորեպանի կոպիտ ծառան Հայկի մասին ևս տեղեկություն ուներ: Այդ ավելի գրգռեց իմ կասկածը: Ես դարձյալ ընկա առաջին մտածությունների մեջ, որ այդ անձինքը ծանոթ էին ինձ:

Հայոց-Ձորը, մեր Հայկ նահապետի բնագավառը, լի է բազմաթիվ հիշատակներով, որ հիշեցնում են մեր Դյուցազնի պատերազմը Բաբելոնի հսկայի հետ: Ասլանը ինձ բացատրեց, թե որպես այժմյան հիշատակարաններով և ժողովրդի մեջ պահպանված առասպելներով ստուգվում է պատմությունը:

– Հայրենագիտությունը, – ասաց նա, – գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայի որդին: Ով որ չէ ճանաչում իր հայրենիքը, չէ կարող ճշմարտապես սիրել նրան:

Հետո նա ցույց տվեց այն տեղերը, որոնք նվիրական էին դարձել Հայկի և Բելի հիշատակներով: Նա ցույց տվեց այն բլուրը, որի վրա տապալվեցավ մեր հսկայի հզոր բազկից նետահար եղած Բելը, որ և մինչև այսօր նրա դրած անունով կոչվում է Գերեզմանք, որովհետև այնտեղ ընկան Բելի քաջերից շատերը, և այն բլուրը, որի վրա պաշտպանված էին նրանք, եղավ նրանց գերեզմանը: Նա ցույց տվեց ճակատամարտի տեղը, ուր առաջին անգամ հանդիպեցան միմյանց երկու հսկաները: Այդ տեղը կոչվեցավ Հայք, որ այժմ, ժողովրդի լեզվում աղճատվելով, ասվում է Խեք: Նա ինձ ցույց տվեց, թե դեպի ո՛ր կողմն է ընկնում Բելուն, որը Բելի անունն է կրում: Նա հեռվից ինձ ցույց տվեց Աստվածաշենը, մեր Դյուցազնի և նահապետի հիմնած առաջին ավանը, որ մինչև այսօր մնացել էր շեն, որ մինչև այսօր պահպանել էր իր անունը: Աստվածաշենի բնակիչը միշտ պարծանքով է հիշում, որ դա մեր նախահոր` Հայկ դյուցազնի, անունն է կրում, որովհետև հսկաների հայրը, որ աստվածների հետ էր պատերազմում, ինքն ևս պաշտվում էր իբրև աստված: Այդ ավանի մոտ էր և նրա ամրոցը, ուր մենք գնում էինք:

Վերջապես մենք հասանք մեր բաղձանքի տեղը:

Աստվածաշեն գյուղի մոտ, արևելյան կողմում, ընդարձակ դաշտի միջից բարձրանում է մի երկարաձև լեռ, որ իր ահավոր գագաթից իշխում է շրջակա տափարակների վրա: Ահա այդ սարի բարձրության վրա մինչև այսօր մնում են հայոց հսկաների մեծագործ շինվածքների փշրանքները, որ ժողովրդի մեջ հայտնի են Հայկա բերդ անունով:

– Ի՞նչպես է այդ սարի անունը, – հարցրի Ասլանից:

– Բոզ-դաղ, որ նշանակում է մոխրագույն սար, թուրքաց անուն է, – պատասխանեց նա, հետո ավելացրեց. – թուրքերը, տիրելով մեր երկրին աշխատեցին բոլորը, ինչ որ մեզ համար սուրբ էր և նվիրական, ջնջել և ոչնչացնել: Աշխատեցին, ա՛յն բոլորը, որ հային հատուկ էր, որ ազգային էր, օտարացնել, խորթացնել: Նրանք փոխեցին մեր լեռների, մեր գետերի, մեր հովիտների ու մեր գյուղերի անունները: Այդ երկիրը, որ մեր ազգի նախկին օրորոցն է եղել և մինչև այսօր բնակեցրած է հայերով, նրանք Քուրդիստան կոչեցին:

– Բայց ի՞նչպես էր այդ սարի հին անունը:

– Դժբախտաբար չգիտեմ: Այդ մասին գրքերի մեջ ինձ ոչինչ չէ պատահել կարդալ, իսկ ժողովուրդը մոռացել է:

Ձիաներով անհնար էր բարձրանալ սարը: Ցած իջանք, երկու երիտասարդները ներքևում պահեցին ձիաները, ես և Ասլանը սկսեցինք վեր բարձրանալ: Ժամանակը մաշել ու եղծել էր բոլոր շավիղները, որ տանում էին դեպի վեր: Մենք համարյա մագլցելով էինք անցնում սարսափելի առապարները, ուղղաձիգ ժայռերը, նեղ կիրճերը և աճած, միմյանց հետ հյուսված թուփերն ու մացառները, որ հանդիպում էին մեր ճանապարհի վրա: Բայց այդ ահագին դժվարությունները հեշտանում, բոլորովին անզգալի էին դառնում այն մեծ բաղձանքի ուժգնության ներքո, որ տիրում էր իմ մեջ` տեսնելու մեր նախահոր նվիրական ամրոցը, որտեղ ապրել էր նա, որտեղից պատերազմել էր իր ժամանակի խոլ և վիթխարի տիտանների հետ, պաշտպանելով իր գերդաստանը, որ երեք հարյուր հոգուց էր բաղկանում: Այդ երեք հարյուր հոգին կազմում էր այդ ժամանակ հայոց ամբողջ ազգը: Այդ երեք հարյուր հոգով տիրեց նա Հայաստանը: Դարերի, մի քանի տասնյակ դարերի, սասանմունքից ու ավերմունքից հետո դեռ շատ բան էր մնացել, որ հիշեցնում էր հսկա ձեռքի հսկայական գործը: Հանդիպում էինք արհեստական այրերի, որոնց ծայրը կորչում էր լեռան խորքերում, և որոնք ծառայելիս են եղել որպես գաղտնի հաղորդակցության անցքեր: Հանդիպում էինք վիմափոր ջրամբարների, որոնց մեջ զանազան կողմերից խողովակներով հավաքվում էր անձրևի ջուրը և պահվում էր պաշարման ժամանակի համար, որովհետև լեռան վրա աղբյուր չկար: Հանդիպում էինք զանազան մթերանոցների, որոնց մեջ պահվում էր թե պաշար և թե զենքեր: Երկայնաձիգ լեռը, որ ներքևից դանակի նման սուր էր երևում, վերևում հետզհետե ընդարձակվում էր և տափարակ ձև էր ստանում: Այդ տափարակի վրա երևում էին բազմաթիվ բնակությունների հետքեր: Վտանգի ժամանակ այստեղ էին պատսպարվում ստորոտի բնակիչները: Բոլորովին գագաթի վրա շինված էր միջնաբերդը: Պարիսպները, աշտարակները, այլևայլ ամրությունները, իրանց կանգուն ժամանակ այն աստիճանի վիթխարի ձև են ունեցել, որ նրանցից ցած թափված քարերը իրանց կուտակության ներքո ծածկում էին ընդարձակ տարածություն և հասնում էին մինչև ստորոտի դաշտավայրը: Հմուտ մուրճի ու կարկինի գործը և անջնջելի կրային ծեփը միայն որոշում էին այդ ահագին քարերը լեռան մեծամեծ ժայռերից, որոնց հետ խառնված էին: Հսկաների ձեռքը միայն կարող էր այդ ահագին մեծահատոր քարերը միմյանց վրա շարել և լեռնային բուրգեր կառուցանել:

Ասլանը կանգնած էր այդ դիցական ավերակների բեկորների վրա և մի առանձին ոգևորությամբ նայում էր դեպի շրջակայքը, նայում էր դեպի ընդարձակ հեռաստանը և կարծես իր սրատես աչքերով չափում էր կանաչազարդ հովտի տարածությունը, մինչև հեռավոր լեռները, մինչև կապուտակ ծովը…

Ի՛
ԳՈՒՇԱԿՈՂԸ

Երբ ցած իջանք բերդից, Ասլանը իսկույն նստեց իր ձին և, առանց մի բան ասելու, քշեց դեպի Հայոց-Ձորի հարավային կողմը` Ռշտունյաց լեռները: Երկու երիտասարդները երևի գիտեին, թե նա ուր է գնում, իրանց ձիաների գլուխը դարձրին դեպի այն կողմը: Ես ևս հետևեցի նրանց:

Երկար գնում էինք առանց խոսելու: Մեզանից յուրաքանչյուրը, այն տպավորություններից հետո, որ թողեց մեզ վրա Հայկա քայքայված բերդը, խորասուզված էր իր մեջ:

Տո՜թ էր, հետկեսօրյան այն խեղդող տոթը, երբ սար ու քար տաքանում է. կրակ է կտրում, երբ օդը սաստիկ բորբոքվում է, կարծում ես, թե հնոցի մեջ տապակվում ես: Քրտինքը հոսում է մարմնից և թողնում է երեսի վրա թանձր, աղային կեղև: Շրթունքները ճաքճքում են, և աչքերդ սկսում են այրվել: Որպես մանր, հազիվ նշմարելի փոշի, գլխիդ շուրջը վըժվըժում են միլիոնավոր միջատներ: Շունչ ես քաշում, բերանդ, քիթդ լցվում է այդ չարաճճիկ արարածներով. աչքերդ բաց ես անում, լցվում են աչքերիդ մեջ, իսկ ականջներիդ մեջ իրանց ուրախ երաժշտությունն են կատարում: Հնար չկա ազատվելու նրանց խայթոցից: Մարմնիդ վրա որքան բաց տեղեր են մնացել. երեսդ, պարանոցդ, ձեռքերդ կարծես ծակծկում են մանր ասեղներով: Ծակած տեղերը իսկույն բորբոքվելով` սկսում են այրվել: Նրանք ծծում են քո արյունը և փոխարենը թույն են թողնում: Մտածում ես, երևի այդ երկրի ճակատագիրն է` ծծել բոլոր հյութը, կշտանալ, իսկ տեղումը թույն թողնել…

Բորբոքված օդը բորբոքում է և մարդու երևակայությունը: Նայում էի դեպի երկինք, տեր աստված, ի՜նչեր չէի տեսնում, մի ամբողջ վանք կախված էր օդի մեջ. ես նշմարում էի` մինչև անգամ գմբեթները, զանդակատները և վանքը շրջապատող ծառերը: Դեպի հեռուն, շատ հեռուն էի նայում, դեպի ծովի կողմը, ինձ թվում էր, թե երկնային հրեշտակները, զինվորված, ձի նստած, շրջում են օդի մեջ: Ես տեսնում էի և ոչխարների մի ամբողջ հոտ, իրանց արոտամարգերով և լեռներով, այնտեղ վերևում արածում էին: Այդ ի՞նչ էր: Ինձ թվում էր, թե անրջական տեսիլքներ հրապուրում են ինձ և այսպիսի պատկերներ են երևան հանում: Մտածում էի մեր առաջնորդներին հայտնել տեսածս. երկրի հետ ծանոթ լինելով, գուցե նրանք կբացատրեին, թե ի՞նչ էր այդ: Բայց նրանք ինձ խելագարի տեղ կդնեին և կսկսեին ծիծաղել: Իսկ վերջը, երբ Ասլանին ասացի, նա բացատրեց այդ օդերևույթների բնական պատճառները, և ես բոլորովին զարմացա: Ի՜նչ լավ բան է եղել գիտությունը, ո՜րքան նախապաշարմունքներ, ո՜րքան սնահավատություններ փարատում է նա:

Օրվա այն ժամն էր, երբ ճանապարհները բոլորովին դատարկվում են երթևեկներից: Երբեմն պատահում էին մենավոր ձիավորներ, երբեմն մի քանիսը միասին: Փոքրիկ, կրակոտ նժույգների վրա նստած, երկայն, եղեգնյա նիզակը ձեռին, երկաթապատ վահանը ուսին, ատրճանակները գոտիի մեջ խրած, աղեղնաձև կեռ թուրը կշտից քարշ ընկած, մի խոսքով, կատարյալ զինավառության մեջ այդ ձիավորները իմ վրա այն տպավորությունն էին գործում, որ կա՛մ կռվելու են գնում, կա՛մ վերադառնում են կռվից. նրանք կասկածավոր կերպով նայում էին մեզ վրա, ողջունում էին ու անցնում:

– Դրանք ավազակնե՞ր են, – հարցրի մեր առաջնորդներից մեկին:

– Ի՞նչ է նշանակում ավազակներ, – ժպտալով պատասխանեց նա, – ամեն մի քուրդ ավազակ է, որովհետև դա նրա արհեստն է: Դրանք, որ անցան և որոնց նորից կհանդիպենք, հասարակ ճանապարհորդներ են: Եթե ճանապարհին իրանց ատամի համեմատ մի որս կպատահի, կկողոպտեն և կանցնեն, իսկ եթե նկատեն, որ որսը հեշտությամբ կեղեքել չեն կարող, կողջունեն ու այնպես կանցնեն:

– Ուրեմն դրանք մեզ կկողոպտեին, եթե մենք զենքեր չունենայինք:

– Անպատճառ:

Առաջնորդի խոսքերը ինձ բոլորովին հանգստացնել չկարողացան, երբ հանկարծ մտաբերեցի նապաստակը, այն չարագուշակ նապաստակը, որ մեր ճանապարհը խաչաձև կտրելով անցավ: Ես մտածում էի, որ անպատճառ մի դժբախտություն կպատահի:

Երբեմն պատահում էին քրդուհիներ, որոնք խմբով կամ միայնակ դիմում էին դեպի մերձակա լեռների ստորոտները, ուր գտնվում էին նրանց չադրները: Ցավալի էր նայել այդ թշվառների վրա: Պատառոտած հագուստով, բոբիկ ոտներով գնում էին նրանք տատասկներով պատած ճանապարհով, որը, հաճախ երթևեկության ուղի չլինելով, ավելի մի նեղ շավիղի էր նմանվում: Նրանցից յուրաքանչյուրը ծանրաբեռնված էր չորացած թուփերի ու արմատների շալակներով, որ քաղել էր մերձակա բլուրներից, տանում էր վառելու համար: Ամուսինները այնպես փառավոր նժույգների վրա նստած, իսկ կանայք, այդպես ողորմելի, հեծում էին ծանր բեռների ներքո: Ես կրկին դարձա դեպի մեր առաջնորդը:

– Դրանք ո՞րտեղացի են:

– Քրդի համար կարելի՞ է ասել` որտեղացի է: Խաշնարածներ են, այսօր այստեղ են, էգուց կտեսնեք նրանց` տասն սարերի այն կողմում:

Չնայելով, որ արևը բավական թեքվել էր, և երեկոյան ժամը մոտենում էր, բայց օդը դեռ բոլորովին չէր զովացել: Ծարավը այրում էր ինձ. մի կաթիլ ջրի համար հոգիս կտայի, բայց դեռ շատ հեռու պիտի գնայինք, մինչև ջրի կհասնեինք:

– Ես հետս Արտամեդի խնձոր ունեմ վերառած, – ասաց մեր առաջնորդը, – դա կզովացնե:

Նա կանգնեցրեց իր ձին, ցած իջավ և խուրջինի միջից հանեց մի քանի հյութալի, թթվաշ խնձորներ, տվեց ինձ: Այդ միջոցին քրդուհիները հասան մեզ: Ես դանակով կեղևը կճպում էի և մեծ ախորժակով ուտում: Իսկ խեղճ կանայք գետնից հավաքում էին հողի վրա թափված կեղևները և նույն ախորժակով ուտում էին: Նրանց համար այդ անուշեղենը այնքան հրապուրիչ էր, որ չնայելով իրանց շալակների ծանրությանը, վազ էին տալիս մեր ձիաների ետևից: Այդ տեսնելով, երիտասարդը տվեց նրանց մի-մի խնձոր: Անկարելի է նկարագրել նրանց ուրախությունը:

– Դու քանի՞ սիրող ունես, – հարցրեց մեկից:

– Ես ամուսին ունեմ, – ծիծաղելով պատասխանեց քրդուհին, – բայց սիրողներ դա՛ շատ ունի, հողե՜մ դրա գլուխը:

Վերջին խոսքերի հետ նա ձեռքով խփեց իր ընկերուհիներից մեկի գլխին, որ դեռ ամուսնացած չէր:

– Իսկ ուրիշի սերը երբեք չե՞ս գողանում:

– Գողանում եմ, երբ ամուսինս ինձ ծեծում է:

– Քանի՞ ոչխար ունեք:

– Հինգ Հարյուր:

– Հինգ հարյուր ոչխար ունեք, և դու այդպես շալակով ցա՞խ ես կրում:

– Ի՞նչ անեմ, եթե չկրեմ, ամուսինս ինձ դուրս կանե և մի ուրիշին կբերե:

Մենք անցանք:

– Մի՞թե քրդուհիները այդպես թեթև բարք ու վարքի տեր են, – հարցրի երիտասարդից:

– Չի կարելի ասել բոլոր ցեղերի համար: Բայց այդ ցեղը ինչ-որ բոշաների խառնուրդ է: Ընդհանրապես խոսելով, օրիորդը ավելի ազատ է քրդերի մեջ, քան թե ամուսնացած կինը, որ տեր ունի և մեկի սեփականությունն է համարվում:

Հեռվից, Արտոս լեռան ստորոտում, սև բծերի նման երևում էին մի խումբ վրաններ: Արևի երեկոյան ճառագայթները թափել էին այդ վրանների վրա շեկ-ծիրանագույն լույս: Ինձ թվում էր, որ հրդեհի մեջ այրվում էին նրանք: Արևը մտավ, երբ հետզհետե պատեց խավարը, ամեն ինչ կորավ, և գեղեցիկ երևույթը ընկղմեցավ անվերջ մթության մեջ: Այժմ այնտեղից նշմարվում էին կրակի նշույլներ, որոնք փարոսի նման ձգում էին մեզ դեպի իրանց կողմը:

Ասլանը ինձ պատմեց, որ այնտեղ բնակվում է քրդերի մի նշանավոր շեյխ, որ մեծ ազդեցություն ունի բոլոր ցեղերի վրա, որին համարյա պաշտում են և մարգարեի հավասար հարգանք են մատուցանում: Բոլոր քրդերը նրա գլխովն են երդվում. «Շեյխի գլուխը վկա»` դա ամենամեծ երդումն է նրանց մեջ: Այն օրը, որ նա բաղանիք է մտնում, բաղանիքի ջուրը քրդերը բաժանում են իրանց մեջ և սրսկում են մորուքների վրա, որպես օրհնած ջուր: Ամուլ կանայք նրա ոտքերի հետքերից փոշին հավաքում են ինչ-որ կախարգական արարողություններ են կատարում, որ զավակ ունենան:

– Բայց նա չափազանց մոլեռանդ է և քրիստոնյաների թշնամի, – ավելացրեց Ասլանը: – Նրա ատելությունը դեպի քրիստոնյաները այն աստիճանի է հասնում, որ իր վրանից դուրս գալու ժամանակ, երբ կամենում է մի տեղ գնալ, դեմքը քողարկում է, որ «գավուրները» նրա սրբազան երեսը չտեսնեն: Ո՜րքան վանքեր է քանդել տվել, ո՜րքան հայոց գյուղորայք է այրել. քրիստոնյաներին ոչնչացնելը նրա ամենասիրելի բաղձանքն է:

– Այստեղ ի՞նչ է շինում:

– Պարսից հետ ինչ-որ ընդհարումներ է ունեցել, այդ պատճառով հեռացել է սահմանից, եկել է այստեղ:

– Ո՞րպիսի ընդհարումներ:

– Մի քանի ամիս առաջ նա մի արշավանք կատարեց դեպի ՈՒրմիո լճակի հարավ-արևմտյան կողմերը և ասպատակեց մի քանի գավառներ:

– Մի՞թե այդքան ուժ ունի:

– Մի օրվա մեջ կարող է տասն կամ քսան հազար ձիավորներ զենքի կոչել:

– Նրա իսկական բնակության տեղը ո՞րտեղ է:

– Զաբ գետի հովիտը, որ այլ անունով կոչվում է Նեհրի, Աղբակից և Ջուլամերկից փոքր-ինչ հեռու: Այնտեղ ընդարձակ կալվածքներ և շատ գյուղեր ունի. բավական հարուստ մարդ է:

– Երևի այդ հարստությունը բոլորը հափշտակությամբ է դիզել:

– Անտարակույս:

– Եվ դու գնում ես մի այդպիսի չարագործի մո՞տ:

– Ես նրա մոտ չեմ գնում, ես մի ուրիշին պետք է տեսնեմ:

– Դու շեյխի հետ ծանո՞թ ես:

– Ծանոթ եմ, բայց եթե այժմ եվրոպական հագուստով տեսնելու լինի ինձ, երևի չի ճանաչի:

Գիշերից բավական անցել էր, երբ հասանք շեյխի վրաններին: Խարույկները մարել էին, և ամբողջ բանակի վրա տիրում էր մթին խավար: Վրանների շրջակայքում հավաքված ձիաների երամակները, ոչխարների հանգրվանները, կովերի ու եզների նախիրները ցույց էին տալիս, որ այդ բանակը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ խաշնարածների մի ընդարձակ իջևան, որը, հարկավորած ժամանակ, կարող էր և պատերազմական բանակի փոխվել: Բոլոր դիրքերի վրա հսկում էին զինված գիշերապահները: Մուտք գործելու հնար չկար: Շները խոլ վագրների նման թռչում էին մեր ձիաների գլխի վրա: Նրանց ձայնից մոտեցան մեզ մի քանի գիշերապահներ, հարցնելով.

– Ո՞վքեր եք, ի՞նչ եք կամենում:

– «Գուշակողի» մոտ ենք գնում, – պատասխանեց մեր առաջնորդներից մեկը:

– «Գուշակողը» ահա այնտեղ է կենում: – Նա ցույց տվեց մի առանձնացած վրան, որի մեջ դեռ լույս էր երևում, և որը բավական հեռու էր բանակից:

«Գուշակողը» այնքան անհրաժեշտ մարդ էր, որ գիշեր ու ցերեկ այցելուներ միշտ անպակաս էին լինում նրա վրանից, այդ պատճառով մեր տարաժամ այցելությունը չզարմացրեց գիշերապահներին: Խավարի միջից նրանք չնկատեցին, թե մենք ինչ տեսակ մարդիկ ենք:

Մենք գտանք «գուշակողին» միայնակ իր վրանում. նա դեռ չէր քնած, լապտերի առջև նստած, գիրք էր կարդում: Երբ լսեց մեր ձիաների ոտնաձայնը, գիրքը ցած դրեց և դուրս եկավ:

– Բարի՞ լինի, – հարցրեց նա:

– Ամենակարողի ողորմությամբ բարի է, – ասաց Ասլանը, – ձեր գուշակությունները լսելու ենք եկել:

Նա կանգնած էր վրանի մուտքի առջև, լապտերից դուրս ցոլացած լույսի մեջ նկարվում էր որպես մի սպիտակ արձան: Ձյունի պես ճերմակ մազերը թափվել էին ուսերի վրա և, միախառնվելով նույնպես ճերմակ մորուքի հետ, կազմում էին մի սպիտակ շրջանակ, որի խտության միջից դուրս էր նայում նրա ազդու դեմքը: Երեսի կաշին, երևի մշտական պահեցողությունից, դեղնել, դալկացել, մագաղաթի գույն էր ստացել: Նրա հագուստը բաղկացած էր մեկ կտորից միայն. դա մի սպիտակ շապիկ էր, որ հայոց ժամի շապիկների նման իջնում էր մինչև նրա բոբիկ ոտները:

Ինքը լույսի կողմում կանգնած լինելով, իսկ մենք խավարի կողմում, ամենևին ճանաչել չկարողացավ, թե մենք ինչ երկրի մարդիկ ենք, կամ ի՛նչ ազգից. և այդ պետք էլ չէր նրան գիտենալ, նրա վրանի մուտքը բոլորի համար բաց էր:

– Համեցեք, ցած իջեք, – ասաց նա ճգնավորի ձայնով, – բայց ձեր ձիաների հոգսը ինքներդ պետք է տանեք, ես այստեղ բոլորովին միայնակ եմ, ոչ ոք չունեմ:

Մեր առաջնորդները ամեն պատրաստություններ ունեին իրանց հետ: Երբ ցած իջանք, իսկույն խուրջիններից հանեցին երկաթյա բըխովները (ոտնակապ), նրանցով կապեցին ձիաների ոտները, բըխովները կողպեցին բանալիներով, հետո նույնպես երկաթյա երկար մեխերը ցցելով գետնի մեջ, նրանց գլխին ամրացրած օղակներից կապեցին ձիաների երասանակները, որ վրանի մոտից հեռու չգնան: Ես և Ասլանը մտանք վրանը, իսկ երկու երիտասարդները մնացին դրսում, որ ձիաներին հոգ տանեն:

Հենց առաջին անգամից այդ վրանը իմ վրա այն տպավորությունը գործեց, կարծես թե ճգնավորի խուց լիներ, կամ մի ղալանդերի (դերվիշի) տաղավար, որ ժամանակավոր կերպով կազմում է մի մեծատան դռան մոտ, նրանից իր պահանջը ստանալու համար:

Արևելքում այդ սովորությունը այնքան հատկանիշ կողմեր ունի, որ ավելորդ չեմ համարում փակագծի մեջ դնել նրա համառոտ նկարագրությունը: Դերվիշը դիմում է այս և այն մեծատանը: Պահանջում է կա՛մ մի մեծ գումար և կա՛մ մի այլ շնորհ: Նա ընտրում է ըստ մեծի մասին այնպիսի անձանց, որոնք իրանց հարստությանը միայն իրանք են վայելում: Ժլատ մեծատունը, իհարկե, մերժում է նրա պահանջը: Դերվիշը իր տաղավարը կազմում է մեծատան գլխավոր մուտքի հանդեպ և հանգիստ կերպով սկսում է ապրել այնտեղ: Նա իր տաղավարի շուրջը գարի է ցանում, որը արդեն նշան է, որ մինչև գարին չբուսնի, չաճի և չհասունանա, նա չի հեռանա իր բռնած տեղից: Ամեն առավոտ, ամեն երեկո, կես-գիշերին, փչում է նա իր եղջերափողը, նրա անախորժ ձայնով մեծատանը անհանգստացնելու համար: Իսկ երբ մեծատունը, տանից դուրս է գալիս, նա սկսում է պարսանվեր երգել: Երկրի մեջ ընդունված սովորությամբ` մեծատունը իրավունք չունի այդ արտոնավոր մուրացկանին իր դռնից քշելու: Եթե վիրավորե նրան, բոլոր դերվիշները կհավաքվեն և մեծ խայտառակություն կսարքեն: Կշրջապատեն ժլատի տունը, կսկսեն իրանց եղջերափողերը փչել, բազմությունը կհավաքվի, իսկ նրանք կշարունակեն իրանց խառնաձայն նվագածությունը: Մեծատունը մեկ դերվիշի փոխարեն կունենա մի քանի տասնյակներ և ստիպված կլինի բոլորին բավականություն տալ: Որպեսզի այդպիսի անախորժություններ չպատահեն, մեծատունը շտապում է կատարել դերվիշի պահանջը, իսկ նա իր ստացած գումարը բաժանում է աղքատներին և հեռանում է:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
570 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467086
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 18 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 12 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 50 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 7 oylamaya göre