Kitabı oku: «Կայծեր Մաս 2», sayfa 20
Մեր մտած վրանը, իրավ է, դերվիշի տաղավարի նման էր, բայց նրա մեջ բնակվողը դերվիշ չէր: Նա մի հոգևոր անձն էր, որին ալլահը շնորհել էր գուշակության ոգի:
Նա նստեց վրանի այն կողմը, որտեղ դրած էր նրա գիրքը. ես և Ասլանը տեղավորվեցանք նրա աջ և ձախ կողմերում:
– Դուք կարդում էիք, – ասաց Ասլանը, – մենք ձեզ խանգարեցինք:
– Կարդալու ժամանակ շատ կունենամ, – պատասխանեց նա նվաղած ձայնով, – իսկ այժմ աստծո հյուրերի հոգսը ամենակարևորն է ինձ համար:
«Գուշակողը» մեծ հռչակ էր ստացել քրդերի մեջ. ամենահեռավոր տեղերից գալիս էին նրա մոտ, ընծաներ էին բերում և զանազան հարցմունքներ էին անում: Իր ստացած ընծաները նա բաժանում էր աղքատներին, իսկ ինքը ապրում էր չքավորության մեջ: Կերակրվում էր միայն ցամաք հացով ու պարզ ջրով: Միս ամենևին չէր ուտում: Նրա մասին կազմվել էին քրդերի մեջ շատ առասպելներ, որոնք վերաբերում էին նրան զանազան հրաշագործություններ: Շեյխը չափազանց հարգում էր նրան և համարյա իր բոլոր գործերի մեջ դիմում էր նրա խորհուրդներին: Տարին մի անգամ ամբողջ քառասուն օր անհայտանում էր նա. ասում էին, որ «չիլլա» է մտնում, այսինքն իջնում է մի խոր վիրապի մեջ և այնտեղ, առանց ուտելու և առանց խմելու, խորհրդակցում է ոգիների հետ կամ երկնային տեսիլքներ է տեսնում:
Վրանի մեջ, լապտերի լույսով, ես նորից ուշադրությամբ սկսեցի քննել նրա դեմքը: Այդ դեմքը, ինչպես երևում էր, ծերունու առույգ հասակում խիստ դաժան արտահայտություն է ունեցել, բայց նրա նշույլն անգամ չէր մնացել այժմյան մեղմ և հեզ գծերի մեջ: Ժամանակը, ծերությունը և հոգևոր կոչումը, որպես մեղմացրել էին նրա սիրտը, այնպես էլ դեմքին տվել էին խիստ բարի և առաքինական արտահայտություն: Բայց երբ նա ետ էր քաշում լայն ճակատի վրա թափված մազերը, նրա դեմքը կրկին ահռելի էր դառնում: Կարծես այդ ճակատի վրա դրված լիներ մի սև դրոշմ, որ պահում էր իր մեջ մի մռայլ գաղտնիք: Ճակատի մեջտեղը շիկացած երկաթով այրել ու խարել էին. տեղը մուգ-շագանակի գույն էր ստացել: Հանցավորների, մահապարտների, ճակատները միայն կրում են այս տեսակ նշաններ: Բայց նրա մասին խոսվում էր, թե մի անգամ անհավատների ձեռքը գերի է ընկել, և նրանք են այդպես արել:
Ասլանը խոսակցությունը դարձրեց նրա մոտ դրած գրքի վրա, հարցնելով, թե ի՞նչ գիրք է:
– Արաբերեն մի աստվածաբանական գիրք է, – պատասխանեց նա: – Գրագիտությունը քրդերի մեջ դեռ չէ տարածվել. հոգևորականներին անգամ կարելի է անգրագետ համարել: Արաբական լեզու իմացողները այնքան սակավ են, որ մատով են ցույց տալիս: Բոլոր ցեղերի մեջ գիտե այդ լեզուն մեր շեյխը միայն և բացի նրանից` մի քանի հոգի:
– Իսկ դո՞ւք:
– Ես այժմ կատարելապես տիրապետում եմ այդ լեզվին և կարդացել եմ շատ գրքեր: Մեծ աշխատություն էր պետք, մինչև սովորեցի: Ես սկսեցի ծերության հասակում, բայց այդ դժվարին լեզուն լավ սովորելու համար ամբողջ կյանք է հարկավոր: Շեյխը մեծ համարում ունի դեպի իմ դպրությունը. հանդիսավոր օրերում, երբ ինքը պետք է քարոզ կարդա, շատ անգամ ինձ է առաջարկում ամբիոն բարձրանալ:
– Ուրեմն դուք նրան օգնականի պաշտո՞ն եք կատարում:
– Քրդերը ինձ ընդունում են որպես նրա երկրորդականը, որպես նրա փոխանորդը: Բայց ես այդ մասին շատ համեստ եմ: Ինձ համար չէ ոչ փառքը, ոչ աստիճանը. ինձ բավական է այդ անշուք տաղավարը, որի մեջ հոգևոր մխիթարություն եմ գտնում:
Ես աչք ածեցի նրա տաղավարի շուրջը. ամեն կողմում երևում էր սաստիկ չքավորություն: Այդ մարդը, որ այնքան համարում ուներ, որին այնքան հավատում էին, կարող էր շրջապատել իրան ամեն տեսակ բավականություններով, կարող էր հարստություն դիզել, բայց նա, որպես վերևում հիշեցի, իր ստացածը բաժանում էր աղքատներին և ինքը ապրում էր կատարյալ անձնուրացության մեջ: Նրա տաղավարի միակ կարասին էր մի դդմասրվակ, որ գործ էր ածում որպես ջրի աման: Այլևս ոչինչ, չկար, բացի գրքերից: Հատակը ծածկված էր հասիրով, որի վրա և՛ նստում էր, և՛ քնում էր նա: Բայց ասում էին, որ նա խիստ հազիվ անգամ էր քնում:
Ներս մտավ մեր առաջնորդներից մեկը, հարցրեց Ասլանից, թե չէ՞ր կամենա ուտելու մի բան պատվիրել: Այդ միջոցին տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան. երբ երիտասարդի և ծերունու աչքերը հանդիպեցան միմյանց, երբ մի քանի վայրկյան ապշած, զարմացած նայեցին միմյանց վրա, երկուսն էլ որպես հայր և որդի, որոնք երկար ժամանակ միմյանց կորցրած են եղել, միմյանցից անջատված են եղել, վազեցին, գրկեցին միմյանց և, մի քանի անհասկանալի հառաչանքներ արձակելով, մարեցան միմյանց կուրծքի վրա:
– Քավո՜ր Պետրոս… – ձայն տվեց երիտասարդը:
– Ա՜խ, Մուրադ… սիրելի Մուրադ… – լսելի եղավ ծերունու դողդոջուն ձայնը:
Ես մնացել էի շվարած, չգիտեի ինչո՞վ բացատրել այղ հոգեզմայլությունը: Ինձ զարմացրեց առավել այն, որ երկուսն էլ խոսեցին հայերեն լեզվով, քանի որ, մինչև երիտասարդի ներս մտնելը, «գուշակողը», քրդերի աբեղան, խոսում էր Ասլանի հետ քրդերեն լեզվով:
Ասլանը մնաց սառն և անխռով: Նա, բժշկի հոգածությամբ, մի գուցե ծերունուն հարվածք պատահի, բաժանեց նրանց միմյանցից և օգնեց ծերունուն նստել իր տեղը:
Երիտասարդը դարձյալ բաց չէր թողնում ծերունուն, համբուրում էր նրա ալևոր գլուխն ու ձեռքերը, համբուրում էր նրա այրած, խարած ճակատը, անդադար կրկնելով.
– Տե՜ր աստված… ո՜վ կսպասեր…
– Մուրադ, սիրելի զավակս, – խոսեց ծերունին, երբ փոքր-ինչ հանգստացավ, – դու դարձյալ գտնում ես ինձ մի պախարակելի դերի մեջ և իրավունք ունես մտածելու, որ հին խաչագողը, հին չարագործը, տակավին չէ ուղղվել… Ա՜խ, եթե գիտենայիր, թե ի՞նչ հանգամանքներ հարկադրեցին ինձ այդ ամոթալի խարդավանքը հանձն առնել, դու կներեիր ինձ, դու բարի ես, Մուրադ, դու կներեիր ինձ…
– Եվ կսիրեր ձեզ… – ավելացրեց Ասլանը:
Երիտասարդը կրկին առեց ծերունու աջը և, իր շրթունքներին սեղմելով, ասաց.
– Այո՛, կսիրեի ձեզ… և սիրում եմ… Ես այժմ հասկանում եմ բոլորը… ամեն ինչ պարզ է ինձ համար… Ոչինչ բարեգործություն չէր կարող մոռանալ տալ քո տխուր անցյալը… Ոչինչ ապաշխարություն չէր կարող քավել քո հին մեղքերը… Իսկ այժմ բոլորը պետք է սրբված համարել… Այդ անձնազոհությունը, որ դու հանձն ես առել մի մեծ նպատակի համար, կմաքրե քո հին հանցանքները:
– Իմ հին հանցանքնե՜րը… – կրկնեց ծերունին արտասուքը սրբելով: – Մի՞թե երկինքը կարող էր բովանդակել իր մեջ այնքան գթություն, այնքան ողորմածություն, որ բավական լիներ ներելու ինձ նման եղեռնագործին… Ես վաղուց զղջացել եմ… Բայց առանց թողություն սպասելու… Այն մխիթարական հույսը, որ ամեն մի բարի քրիստոնյա ունի ապագա կյանքի համար, իմ մեջ մեռած է… Թո՛ղ դժո՜խքը լինի իմ տեղը… թո՛ղ դևերի և սատանաների հետ լինի իմ հավիտենական կենակցությունը… Թո՛ղ մի նոր հանցանք ևս բարդվի իմ բազմաթիվ մեղքերի հետ… Բայց ես կկատարեմ… անպատճառ կկատարեմ, ինչ որ ուխտել եմ…
Ասլանը բռնեց նրա ձեռքը և գոհունակությամբ սեղմեց: Նրա օրինակին հետևեց և երիտասարդը:
Երևում էր, որ ծերունու և երիտասարդի մեջ հին կապեր կային և բոլորովին մթին ու մռայլ կապեր… Ես առաջ երիտասարդին նրա որդու տեղ ընդունեցի. բայց որդին չէր, նա ծերունուն «քավոր» կոչեց: Իսկ այդ անունները` քավոր Պետրոս և Մուրադ` երկուսն էլ ծանոթ էին ինձ… Երիտասարդը խոսեց.
– Ես և դու մեր բոլոր լավ ընդունակությունները, մեր բոլոր մտավոր և հոգեկան ընդարձակ ուժերը գործ դրինք, այո՛ դեպի չարը, դեպի անազնիվը… Բայց ո՞վքեր էինք «մենք»: Մենք մի հասարակություն էինք: Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյական ախտերով: Մենք նրա տիպարն էինք: Մենք գործում էինք միայն մեր նեղ, անձնական շահերի համար: Իսկ այդ շահերը բխում էին ոչ մաքուր աղբյուրներից: Մենք մոռացել էինք, որ բացի մեր շահերից, կան ավելի սուրբ. ավելի անբռնաբարելի շահեր հասարակության շահերը: Մենք կատարում էինք մեր պարտականությունը դեպի մեր անձը միայն, այն ևս ոչ օրինավոր ճանապարհով: Մենք մոռացել էինք, որ ավելի մեծ պարտականություններ ունենք դեպի մեր ազգը, դեպի մեր հայրենիքը և, վերջապես, դեպի մարդկությունը: Փոխանակ ազգի, հայրենիքի, մարդկության լավ անդամ լինելու, մենք դարձել էինք նրանց ուտիչ, ապականիչ ցեցը: Մեր գործերի համեմատ մենք ժառանգեցինք «խաչագող» անունը: Դա մի ամոթալի՜ անուն է: Գո՜ղ, և սրբության գող: Այո՛, մենք գողանում էինք ինչ որ մարդկանց համար սուրբ էր, ինչ որ նրանց համար թանկագին էր: Մենք գողանում էինք նրանց կյանքը, նրանց կայքը, նրանց պատիվը: Ոչինչ չէր գոհացնում մեր ագահությունը: Ոչնչով չէր խայթվում մեր խիղճը: Ամեն չարիք հաջողվում էր մեզ, և այդ ավելի խրախուսում էր մեր անբարոյական ձգտումները: Իսկ այժմ հասավ ժամանակը` մերկանալ հին մարդը և, իբրև նոր մարդ, նոր հոգով և նոր եռանդով գործել` դեպի ազնիվը և դեպի լավը: Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհետև գործ դրվին դեպի հասարակաց բարին…
Ծերունին գրկեց նրա գլոլխը, ճակատը համբուրեց:
Այդ բոլորը խոսում էր ջորեպանի ծառան, որին ես անկիրթ անզարգացած մարդու տեղ էի դնում: Այդ ի՞նչ խաղ էր, այդ ի՞նչ հանելուկ էր: Նա վեր կացավ, Ասլանը ինձ ևս աչքով արավ, որ հեռանամ: Մենք դուրս եկանք տաղավարից, Ասլանը և ծերունին մնացին այնտեղ: Թե ի՞նչ խոսեցին և ի՞նչ խորհեցին, ես չգիտեմ, միայն նրանց խոսակցությունը երկար, շատ երկար տևեց: Մենք բավական հեռու էինք նստած, ձիաների մոտ և ոչինչ չէինք լսում: Հետո նրանք ցած թողեցին տաղավարի մուտքի վարագույրը, ես կարծեցի, որ քնեցին: Բայց լապտերը մինչև լույս վառվում էր:
Զով գիշերը մոռանալ տվեց մեզ ցերեկվա տոթից կրած տանջանքը: Ծովի կողմից փչում էր մեղմ քամի և բերում էր իր հետ ծաղկավետ Արտոսի սքանչելի անուշահոտությունը: Երկինքը ամպամած էր, ոչ մի աստղ չէր երևում: Երբեմն մաղվում էին անձրևի խոշոր կաթիլներ: Հայկա բերդի կողմում փայլատակում էր. լսելի էին լինում որոտման խուլ ձայներ: Ինձ թվում էր, որ հայոց և բաբելացոց հսկաները պատերազմում էին այնտեղ և իրանց ահագին լախտերով խորտակում էին լեռները:
Մուրադը և իր ընկերը զբաղված էին ձիաներով. ծածկում էին նրանց չուլերով, զգուշանալով, մի գուցե հորդ անձրև գալու լինի և ձիաներին թրջե: Ես պառկած էի խոտերի վրա, նայում էի անթափանցիկ խավարի մեջ: Մո՜ւթն էր, մո՜ւթ, ոչինչ չէր երևում: Ամեն ինչ ընկղմված էր մթության մեջ, որպես այդ երկրի մթին ապագան…
Իմ աչքերի առջևն էր մի պատկեր միայն` ալևոր «գուշակողը»: Իմ գլխում, մռայլ առեղծվածների նման, պտտվում էին այդ խորհրդավոր ծերունու խոսքերը: Այդ խոսքերը առանձին բացատրության էին կարոտ, ես անկարող էի լուծել: Բայց ես այժմ գիտեի երկու անուններ, որոնք շատ բան էին պարզում: Մուրա՜դ և քավոր Պետրո՜ս, երկուսն էլ երևելի խաչագողներ էին: Որպես երկու հերոսներ այդ մթին արհեստի մեջ, Սալմաստում մեծ հռչակ էին ստացել նրանք: Նրանց մասին ես լսել էի շատ և շատ զարմանալի պատմություններ…
Իմ տարակուսանքները մասամբ փարատվեցան: Ճանապարհին գալու ժամանակ ինձ երկար տանջում էր այն միտքը, որ ես մի ժամանակ պետք է տեսած լինեի Մուրադին. նրա դեմքը ինձ ծանոթ էր երևում: Իմ հիշողությունը չխաբեց ինձ. այժմ գիտեի, թե որտեղ էի տեսել:
Հիշո՞ւմ ես, ընթերցող, այն տխուր, փոթորկալի գիշերը, երբ ես, տեր Թոդիկի դպրոցից փախստական եղած, թափառում էի Հին-քաղաքի շուրջը և, անհնարին հուսահատության մեջ մոլորված, չգիտեի ուր գնալ: Այն ժամանակ հանդիպեց Կարոն, տարավ ինձ արաբական մինարեթը, այն հին ավերակների մեջ: Այնտեղ առաջին անգամ ես տեսա Կարոյի մյուս ընկերներին` Ասլանին և Սագոյին: Այդ խումբի մեջն էր և Մուրադը իր այժմյան ընկերի հետ, որին Ջալլադ էին կոչում: Երբ գիշերը լուսացավ, առավոտյան Մուրադը և Ջալլադը անհայտացած էին. մինարեթում մնացել էին մյուսները: Ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, այդ մասին ինձ ոչինչ չասացին: Ամիսներ անցան, այժմ կրկին հանդիպում էի այդ երկու երիտասարդներին, բայց մի այլ շրջանում և բոլորովին տարբեր պարապմունքի մեջ: Կարոյի և Ասլանի այդ երկու ընկերները արզումցի Արթինի քարավանում ջորեպանի պաշտոն էին կատարում, դա շատ զարմացնում էր ինձ: Ի՞նչ նպատակ ունեին այդ կերպարանափոխությունները, ի՞նչ կապ կար Արթինի, Ասլանի կամ մյուսների մեջ և. վերջապես, ո՞ւմն էին պատկանում ջորիները, այդ բոլոր խաբուսիկ պատրանքները զբաղեցնում, շվարեցնում էին իմ միտքը և զանազան անորոշ ենթադրությունների մեջ էին նետում…
Մուրա՜դ և քավոր Պետրո՜ս, այդ երկու անունները սարսափեցնում էին ինձ: Այո՛, երկուսն էլ երևելի խաչագող էին: Մի՞թե բարոյապես փչացած խաչագողը կարող էր ընդունակ լինել մի լավ գործի: Մի՞թե կարելի էր հավատալ նրանց: Մի՞թե կարելի էր հուսալ նրանց մեջ անկեղծություն, որ իրանց ամբողջ կյանքում միշտ կեղծել են, միշտ խաբել են և միշտ իրանց հեռու են պահել ճշմարտությունից: Գարշելի՜ արարածներ: Ես զարմանում էի Ասլանի միամտության վրա, որ այդ տեսակ մարդկանց հետ գործ ուներ: Ի՞նչ մի լավ բան կարելի էր սպասել նրանցից:
Բայց երբ կրկին անգամ ներկայանում էր ինձ այն սրտաշարժ տեսարանը, որ մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ տաղավարի մեջ, երբ մտաբերում էի այն խոսքերը, որ այնքան խորին զգացմունքով արտասանեց Մուրադը, այդ միջոցին մթությունները հետզհետե փարատվում էին, և իմ առջև բացվում էր մի նոր, լուսափայլ հորիզոն: Ես տեսնում էի, որ գարշելի խաչագողն անգամ կարող է ուղղվել, կարող է մաքրվել էին կեղտերից և ծառայել մի բարի գործի: «Ո՜վքեր էինք մենք», ասում էր ոգելից Մուրադը: «Մենք մի հասարակություն էինք: Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյկան ախտերով»… Դրանք խորհրդավոր, շատ խորհրդավոր խոսքեր էին: Մի՞թե սալմաստեցին կամ սավրեցին է միայն խաչագողը: Խաչագող կարող է լինել և՛ մի քահանա և՛ մի արհեստավոր, և՛ մի վաճառական, և՛ մի վարժապետ, և՛ մի աստիճանավոր, մի խոսքով, ամեն մարդ, որ խաչագողի հատկություններ ունի: Խաչագող կարող է լինել և մի ամբողջ ազգ, որ բարոյապես փչացած է, որը խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունի, բայց իր ընդունակությունները գործ է դնում դեպի վատը, դեպի անազնիվը և դեպի անբարոյականը: «Հասավ ժամանակը մերկանալ հին մարդը և, իբրև նոր մարդ, նոր հոգով և նոր եռանդով գործել` դեպի ազնիվը և դեպի լավը»: Այդ խոսքերով վերջացրեց երիտասարդը իր փոքրիկ ճառը. «Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհետև գործ դրվին դեպի հասարակաց բարին»:
Երբ Մուրադը վերջացնելով իր գործը եկավ նստեց իմ մոտ, ես չհիշեցի, որ մի ժամանակ տեսել եմ նրան արաբական մինարեթում: Ես տարակույս չունեի, որ նա ճանաչում է ինձ: Բայց, երևի, մտածում էր, որ ես այժմ չէի կարող ճանաչել նրան իր նոր կերպարանափոխության մեջ, իր լազի հագուստով, որովհետև սկզբում, երբ առաջին անգամ տեսա նրան արաբական մինարեթում, նա զեյթունցու հագուստ ուներ և զեյթունցու բարբառով էր խոսում: Ինչպես էլ որ լիներ, ես անպատշաճ համարեցի մերկացնել այն, ինչ որ նա ինձանից ծածուկ էր պահում: Բայց հավատացած էի, որ նա ինձանից չէր թաքցնի իր հին հարաբերությունները քավոր Պետրոսի հետ, որոնց վերջին սրտաշարժ գրկախառնությանը և հոգեկան հուզմունքներին ես ականատես եղա:
– Դուք այդ ծերունուն, երևի, վաղուց ճանաչո՞ւմ էիք, – հարցրի նրանից:
– Ոչ միայն ճանաչում էի, այլ նա իմ դաստիարակն է եղել, – պատասխանեց երիտասարդը:
– Այդ խաչագո՞ղը:
– Այո՛, այդ խաչագողը:
– Ի՞նչպես եղավ, որ դուք ընկաք նրա ձեռքը:
– Դա շատ երկար պատմության է, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի վերջանա:
– Պատմեցեք, խնդրեմ: Ես քավոր Պետրոսի մասին շատ բաներ էի լսել, բայց իրան չէի տեսել:
– Երևի, իմ մասին ևս լսած կլինեիք:
– Այո, որովհետև ձեր անունը անբաժան է նրա անունից:
– Իրավ, անբաժան է… – կրկնեց նա տխուր ձայնով:
Նա պատմեց, թե ի՛նչպես պատանեկության հասակում ինքը դարբինի աշակերտ է եղել, պատմեց, թե ինչ փորձանք պատահեց իր վարպետին, որի պատճառով ինքն ևս, իբրև հանցավոր, կասկածի ենթարկվեցավ և ստիպվեցավ փախստական լինել, որ ոստիկանության ձեռքը չնկնի: Այդ միջոցին պատահեց իր նման փախստական պատանիների մի խմբի, որոնք թողել էին տեր Թոդիկի դպրոցը և ծածկվել էին Սավրայի անտառներում: Այդ պատանիները, ասաց նա, Կարոն, Ասլանը և Սագոն էին, որոնց մոտ մնաց մի քանի շաբաթ: Իրանց մոտ հայտնվում էր երբեմն մի ալևոր որսորդ, որին Ավո էին կոչում, և նա լավ-լավ խրատներ էր տալիս իր մոլորյալ սանիկներին: Բայց ինքը, Մուրադը, նրանց հասարակության քաղցրությունը երկար վայելել չկարողացավ, մի դիպվածով անջատվեցավ այդ խումբից և քավոր Պետրոսի ձեռքն ընկավ: Այդ վերջինը առեց նրան իր հոգաբարձության ներքո, տարավ օտար աշխարհներ և վարժեցրեց խաչագողության մեջ: Իսկ Կարոն, Ասլանը և Սագոն հետևեցին որսորդի խորհրդին, թեև, նույնպես օտար աշխարհներ գնացին, բայց իր նման չփչացան, այլ, կրթություն ստանալով, լավ մարդիկ դարձան:
Զարմանալի՜ պատմություն էր այդ. դա թափառաշրջիկ, բախտախնդիր ժողովրդի տխուր պատմությունն էր, որի մեջ այդ ժողովրդի յուրաքանչյուր անհատը կարող էր գտնել իր մռայլ պատկերը…
– Ուրեմն դուք ձեր պատանեկության հասակից ծանո՞թ եք եղել Ասլանի ու նրա ընկերների հետ, – հարցրի ես, երբ նա վերջացրեց իր պատմությունը:
– Այո՛, իմ պատանեկության հասակից, – պատասխանեց նա: – Բայց, որպես պատմեցի ձեզ, մենք անջատվեցանք միմյանցից, մեր ճանապարհները բաժանվեցան, որսորդ Ավոն առաջնորդեց նրանց դեպի լավը, իսկ քավոր Պետրոսը առաջնորդեց ինձ դեպի վատը: Երկար թափառումներից հետո դարձյալ մեր ճանապարհների ծայրերը միացան միմյանց և դարձյալ մենք ձեռք մեկնեցինք միմյանց…
– Բայց ի՞նչպես եղավ, որ դուք ուղղվեցաք և ետ դարձաք վատ ճանապարհից:
– Ես անցա այն բոլոր մթին, ոլորմոլոր շավիղները, որոնց մեջ պտտվում է խաչագողը. ես անցա այն բոլոր շրջանները, որոնց մեջ լայնանում է, զարգանում է խաչագողի ընդունակությունը. հետո բռնվեցա իմ հանցանքների մեջ և աքսորվեցա: Այնտեղ, իմ հեռավոր աքսորավայրում, ես ծանոթացա մի լավ մարդու հետ, որ նույնպես աքսորված էր: Այդ մարդը իմ վրա խիստ բարերար ազդեցություն ունեցավ և ուղղեց ինձ:
– Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչպես էր նրա անունը:
– Նա մի շատ խորհրդավոր անձնավորություն էր. ես մինչև այսօր էլ չգիտեմ նրա իսկական անունը. բայց բոլոր դատապարտյալները նրան կոչում էին «Համր», որովհետև խիստ սակավ էր խոսում:
Գիտե՞ք հիմա որտեղ է նա:
– Չգիտեմ…
Այժմ ես բոլորովին համոզվեցա, որ խաչագողը, լավ մարդկանց ազդեցության ներքո, լավ հասարակության մեջ, կարող է կրթվել և լավ մարդ դառնալ: Բայց ես դեռ կասկած ունեի քավոր Պետրոսի մասին, երբ հարցրի, Մուրադը պատասխանեց ինձ.
– Նա չափազանց բարի մարդ է, նրան մինչև անգամ կարելի է առաքինի կոչել: Միայն նրա անցյալ մեղքերը այն աստիճան ծանրացած են նրա սրտի վրա, որ ամեն հույս նրա մեջ մեռել է: Նա չէ կարողանում հավատացնել իրան, որ աստծո անսահման գթությունը ներումն է շնորհում ամեն մի զղջացողին և, այդ պատճառով, թշվառ ալևորը գտնվում է խղճի մշտական տանջանքի մեջ:
Այդ միջոցին մոտեցավ մեզ Մուրադի մյուս ընկերը, որը գնացել էր հեռավոր դեզերից ձիաների համար խոտ բերելու: Ես խնդրեցի Մուրադից, որ ծանոթացնե իր ընկերի հետ:
– Դուք, կարծեմ ծանոթ եք, – ասաց նա խորհրդավոր ձայնով: – Դուք մի անգամ տեսել եք նրան արաբական մինարեթում… Հիշո՞ւմ եք:
– Հիշում եմ… և ձեզ… – ավելացրի ես:
– Այո՛, և ինձ… – խոստովանեցավ նա: – Ես և նա միասին էինք…
– Նրան կոչում են Ջալլադ, այդպես չէ՞:
– Այդպես է:
Այժմ մեր մեջ ոչինչ տարակուսանք չմնաց. մենք ճանաչում ենք միմյանց. մենք հին ընկերներ և բարեկամներ էինք:
Տաղավարից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ պատվիրեց ձիաները պատրաստել: Առավոտը դեռ նոր էր բացվում, երբ ճանապարհ ընկանք: Ալևոր «գուշակողը» տվեց մեզ իր օրհնությունը և բարեմաղթեց «հաջողություն»: Այդ բարեմաղթությունը լսում էի ամեն անգամ, երբ բաժանվում էինք մեր բարեկամներից: Շեյխի բանակում դեռ քնած էին. ոչինչ շարժում չէր երևում: Միայն անքուն գիշերապահները հեռվից ձայն էին տալիս միմյանց:
ԻԳ
ՈՍՏԱՆ
– Այսուհետև երկյուղալի տեղերով պետք է անցնենք, – զգուշացրեց Մուրադը, խորհուրդ տալով, որ մեր զենքերը պատրաստ պահենք:
Նա առաջ ընկավ, իսկ նրա ընկերը, Ջալլադը, գալիս էր մեր ետևից: Ես ու Ասլանը պատսպարված էինք երկուսի մեջտեղում: Լսելով Մուրադի խոսքերը, ես իսկույն հիշեցի նապաստակին, չէ՞ որ պետք է մի բան պատահի, մտածում էի ես և անպատճառ` վատ բան:
Ճանապարհը սարսափելի էր: Անցնում էինք Արտոսի ոլորապտույտ ձորերով, նեղ փապարներով և մթին կիրճերով: Մարդ կարող էր բոլորովին կորչել, անհետանալ այդ խորին անդունդների մեջ: Բայց մեր առաջնորդին այնքան ծանոթ էին բոլոր անցքերը, բոլոր շավիղները, որքան ծանոթ էին նրան իր ձեռքի հինգ մատները: Արտոսը և Կապուտ Կողը, իրանց ոլոր-մոլոր շղթաներով հյուսվելով միմյանց հետ, կազմում են Ռշտունյաց գավառի լեռնային ցանցը: Այդ հսկայական ցանցը մի մեծ ծուղակ է, որ, կարծես, այդ քմահաճ լեռները պատրաստել են մարդիկ որսալու համար: Մենք խարխափում էինք այդ ծուղակի մեջ:
Երբեմն հանդիպում էին մթին անտառներ: Երբեմն հանդիպում էին ուղևորների խումբեր, որ գնում էին մերձակա արոտատեղիները, իրանց անասունների մոտ: Նայելով այդ անտառներին, նայելով այդ մարդիկներին, ինձ թվում էր, որ այդ վայրենի, լեռնային երկրում ամեն ինչ նույնպես խոշոր էր, նույնպես խիստ էր, որպես շրջակա բնությունը: Վաղեմի դյուցազունների փոխարեն ապրում էր մի խոշոր ժողովուրդ: Վաղեմի հսկա անտառների փոխարեն` ամեհի ծառատունկ: Բայց անցյալ փառքն ու մեծությունը մաշել, տրորել էր ժամանակը… Միայն իր վեհության մեջ մնացել էր անխորտակելի Արտոսը:
Անհամբերությունը խեղդում էր ինձ, մտածում էի, ե՞րբ պետք է դուրս գանք այդ մթին վիհերից ու վիրապներից: Գոնե լույս լիներ: Հորիզոնը ամեն կողմից փակված էր բարձր լեռներով: Հեռուն չէր երևում: Նայում էի դեպի երկինք, ձյունագույն ամպերը լողում էին օդի մեջ: Նրանց մի կողմը ոսկու գույն էր ստացել: Երևի, արևը ծագել էր: Բայց մեր գտնված ձորերի մեջ դեռ տիրում էր գիշերային խավարը: Բոլորովին պայծառ օրերում անգամ` այդ ձորերի մեջ լույսը պակաս է լինում: Իսկ այն գիշեր անձրև էր եկել, և վաղորդյան մառախուղը լցրել էր ձորերը:
Չարագուշակ նապաստակի հանդիպումը այս անգամ ևս մնաց առանց որևիցե չար հետևանքի: Մենք անցանք բոլոր վտանգավոր տեղերը առանց փորձանքի, միայն սաստիկ ջարդված, սաստիկ հոգնած: Բայց իմ հոգնածությունը բոլորովին փարատվեցավ, երբ բարձրացանք մի սարավանդի վրա, երբ կրկին մեր առջև բացվեցավ կապուտակ ծովը, և երբ Ասլանը, ձեռքը մեկնելով դեպի մի հին քաղաքի ավերակները, ասաց.
– Ահա՛ Ոստանը:
Ոստա՞ն… այդ անունը ծանոթ էր ինձ երեխայությունից: Գրքերի մեջ նրա մասին ոչինչ չէի կարդացել: Բայց շատ անգամ լսել էի, որ մայրերը ձեռքի վրա օրորում են, վեր-վեր են թռցնում իրանց փոքրիկ մանուկներին, երգելով մի երգ, որի մեջ զանազան խոստմունքներ են անում երեխային, թե երբ նա կմեծանա, ինչ կբերեն նրա համար, խոստանում են արծաթապատ զենքեր, ոսկենկար հագուստներ, հրեղեն ձի և այլն, և մայրական ջերմ բաղձանքներով լի երգի յուրաքանչյուր տունը վերջանում է հետևյալ հարց ու պատասխանով.
«Դո՞ր բերեմ, դո՞ր բերեմ,
Ի Վանա, Ոստանա բերեմ»:
(Որտեղից կբերեմ, ո՞րտեղից կբերեմ, խոստացած առարկան, Վանից, Ոստանից կբերեմ):
Այդ երգը գոյություն է ունեցել Ոստանի փառավոր անցյալի հետ, այդ երգը լսելով, ես միշտ երևակայում էի Ոստանը մի մեծ վաճառաշահ քաղաք, որ լի էր աշխարհի բոլոր բարիքներով: Բայց երբ հասանք, երբ իմ առջև ներկայացավ ավերակների մի տխուր տեսարան, ես բոլորովին հիասթափ եղա իմ մանկական փայլուն երազներից: Ոստանում ոչինչ չէր մնացել: Մի քանի ողորմելի խրճիթներ միայն երևում էին ձորի մեջ, որոնց մեջ բնակվում էին նույնքան ողորմելի քրդեր:
Ի՞նչ նպատակով բերեց մեզ այստեղ Ասլանը, մտածում էի ես, մի՞թե միշտ պետք է ավերակներ տեսնենք, մի՞թե այդ երկրում չկար մի բան, որ փոքր ի շատե մխիթարական լիներ:
Սարավանդի բոլորովին սպառվածքի վրա, որի ստորոտում ծփում էր ծովը, մենք ցած իջանք ձիերից: Այդ գագաթը իր բարձր դիրքով իշխում էր բոլոր շրջակայքի վրա: Այստեղ էին թափված հին ամրոցի բեկորները, որոնց քարակույտը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես դարերի կործանիչ սասանմունքից հետո այժմ մի հսկայական քարեղեն կմախք իր վիթխարի գլուխը վեր էր բարձրացրել, տեսնելու, թե ի՞նչ էր կատարվել իր չորեք կողմում…
Ոստան կոչվում էին այն քաղաքները, որոնց մեջ կա՛մ թագավորի արքունիք կար, կա՛մ բարձր դիվան, ինչպես ոստանիկ կոչվում էին արքունիքում ծառայող ազնվականները: Այդ անունը ծագել է ասթան բառից, որ նշանակում է դուռն կամ շեմք:
Ոստանը Ռշտունյաց հզոր նախարարության մայրաքաղաքն էր: Բայց իր անմատչելի դիրքի պատճառով, որ մի կողմից պատսպարված էր ծովով, իսկ մյուս կողմից լեռներով` Ոստանը, միևնույն ժամանակ, ծառայում էր և որպես ամուր բերդ:
Ռշտունյաց լեռնային աշխարհը մի ժամանակ սնուցանում էր իր մեջ իր ժայռերի նման ամուր և անխորտակելի մի ժողովուրդ: Նրա նախարարները Հայաստանի հարավային սահմանապահ զորքերի սպարապետի պաշտոնն էին վարում: Այդ պաշտոնը միայն Ռշտունյաց նախարարների արտոնությունն էր:
Ռշտունյաց աշխարհը տվել է մեզ երևելի հերոսներ, որոնք հայոց հին պատմության մեջ փայլուն անուն են թողել: Այստեղից էր Բարզափրան սպարապետը, որ Տիգրան երկրորդի օրերում մի արշավանք գործեց դեպի Պաղեստին և, հռոմեայեցոց հետ պատերազմելով, ջարդեց, հալածեց նրանց, հետո տիրեց Երուսաղեմին: Այնտեղ Անտիգոնոսին թագավոր կարգեց Հյուրկանոս քահանայապետի և, միևնույն ժամանակ, արքայի փոխարեն: Այդ ձեռնտվության համար Բարզափրանը ստացավ Անտիգոնոսից, իբրև ընծա, հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի: Իսկ Հյուրկանոս քահանայապետին հրեից բազմաթիվ գերիների հետ բերեց Հայաստան, բնակեցրեց Վան քաղաքում:
Այստեղից էր Մանաճիհր (Մանուչահր) քաջ նահապետը, որ Տրդատի և նրա որդի Խոսրովի ժամանակ հարավային զորքերի սպարապետ էր: Այդ նահապետի օրերում ավելի սաստկացել էր այն խուլ կռիվը, որ սկսվեցավ Լուսավորիչի ժամանակից և տևեց մինչև նրա վերջեն ժառանգի` Սահակ Պարթևի օրերը: Դա նոր հաստատվող քահանայապետական և նախարարական իշխանության կռիվն էր: Դա հոգևոր իշխանության կռիվն էր, մի կողմից և մարմնավոր իշխանության կռիվն էր, մյուս կողմից: Հոգևոր իշխանությունը, հոգևոր ագահությամբ, աշխատում էր իրավունքներ, արտոնություններ, կալվածքներ ձեռք բերել, և սահմանափակել թե՛ թագավորի, թե՛ նրա նախարարների իշխանությունը: Այստեղից ծագեց կռիվը: Նրա սկիզբը դրեց Լուսավորիչը: Եվ այդ կռվի մեջ զոհ գնացին` թե՛ ինքը Լուսավորիչը և թե՛ նրա բոլոր ժառանգները` Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Ներսես Մեծը և Սահակը: Իմ խոսքը Մանաճիհր Ռշտունու մասին էր: Դա մի արշավանք է գործում դեպի Ասորեստան և սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վիճակից բազմաթիվ գերիներ է բերում, նրա ութն սարկավագների հետ Ծերունի հայրապետը անձամբ գալիս է Մանաճիհրի մոտ, խնդրելու, որ արձակե գերիներին: Բայց խստասիրտ Մանաճիհրը, փոխանակ նրա աղաչանքը լսելու, նրան ավելի վշտացնելու համար հրամայում է գերիներից ութն հարյուր հոգի` հայրապետի ութն սարկավագների հետ` նետել ծովը: Ասլանը ինձ ցույց տվեց այն տեղը, ուր կատարվել էր այդ եղեռնագործությունը: Դա Ոստանից ոչ այնքան հեռու մի ապառաժ հրվանդան էր, որի բարձրության վրա գտնվում էր Մանաճիհրի Մանակերտ անունով բերդը: Այդ բարձրությունից թափեցին ծովը խեղճ գերիներին:
Այստեղից էր Թեոդորոս Ռշտունին` յոթներորդ դարու հերոսը, որը արաբացոց անընդհատ արշավանքների ժամանակ կայծակի նման Հայաստանի մի կողմից դեպի մյուսն էր թռչում, և հայոց արյան ծարավի արաբացոց հրոսակներին ջարդում էր, և երբեմն իր սուրը նենգավոր հունաց դեմ էր դարձնում:
Այստեղից էր հիշյալ Թեոդորոս Իշխանի որդի Վարդ Պատրիկը` հունաց ոխերիմ թշնամին, որը հունաց զորքերի Գայլ գետի շարժական կամուրջից անցնելու ժամանակ կտրեց կամոջրջի ծայրը, ամենքը հոսվեցան դեպի գետի մեջ, և մնացածներին կոտորել տվեց: Հույները այն աստիճան բարկացած էին այդ քաջի դեմ, որ կենդանության ժամանակ, չկարողանալով վնասել նրան, մեռնելուց հետո որոնում էին հանգուցյալի գերեզմանը, որպեսզի ոսկորներից վրեժխնդիր լինեն: Բայց Հայոց-Ձորի երախտագետ ժողովուրդը, զգուշանալով հունաց չարությունից, Խորգոմ գյուղում, ծովի ափի մոտ, մի եկեղեցի կառուցին և քաջի մարմինը նրանում հանգուցին: Այդ եկեղեցին ծածկեցին հողով, և կազմվեցավ մի բարձր բլուր, որի վրա կառուցեցին մի այլ եկեղեցի: Ոստանից փոքր-ինչ հեռու, Մահռաշտ բարձրադիր և զվարճալի գյուղում, մինչև այսօր նկատվում են Վարդ Պատրիկի շքեղ ապարանքների ավերակները: Այդ ծովեզրյա գյուղը քաջի ամառանոցն էր, իսկ Աղթամար կղզում գտնվում էր նրա հոր բերդը, որ հետո ժառանգեց որդին:
Գագիկ Արծրունին ավելի գեղեցկացրեց Ոստանը, նորոգելով և ամրացնելով հին բերդը և իր համար փառավոր պալատներ կառուցանելով: Այդ բոլորը մի առանձին հիացմունքով նկարագրում է Վասպուրականի ոգելից պատմագիրը` Թոմա Արծրունին: Իմ նկարագրությունը շատ անգույն կլիներ նրա գեղարվեստական գրչի առջև: Ես թողնում եմ այդ, միայն մի բան չէ կարելի չհիշեցնել, որ Ոստանը, Ռշտունյաց գավառի ամուր բերդ լինելուց հետո էր միևնույն ժամանակ նրա վաճառաշահ քաղաքը: Նա մի կողմից մոտ էր Դատվանի նավահանգստին, մյուս կողմից, այն մեծ քարավանի ճանապարհին, որ տանում է Վանից դեպի Մուշ և Բաղեշ: Այդ էր պատճառը, որ Ոստանի հովիտը մի ժամանակ ուներ մինչև հարյուր հազար հայ բնակիչ: Բայց տասնևհինգերորդ դարում Սկանդերբեկը, որ, Հայաստանի մի մասին տիրելով, իրան կոչեց Շահ-արմեն (թագավոր հայոց) այդ բարբարոսը, Վան քաղաքը ավերակ դարձնելուց հետո, Ոստանն էլ բոլորովին անմարդաբնակ դարձրեց: Նա կործանեց հին բերդը, կործանեց բոլոր ամրությունները, նա կործանեց Գագիկի կառուցած պալատների մնացորդները:
Այժմ Ոստանի փառքից, նրա հազարավոր հայ բնակիչներից, մնացել էին մի քանի քրդական խրճիթներ միայն: Այդ գետնափոր խրճիթների երդիկներից մուխ էր բարձրանում: Շների ձայնից մի խումբ երեխաներ, կանայք և աղջիկներ դուրս սողացին նեղ դռներից և կտուրների վրայից սկսեցին նայել մեզ վրա: Մեկը բաժանվեցավ նրանցից և, հենված երկու թևքերի տակին առած երկու ցուպերի վրա, սկսեց կաղալով մոտենալ մեզ: Երբ հասավ, նա մի երկբայական հայացք ձգեց մեզ վրա, մի քանի րոպե կանգ առեց և ապա լուռ նստեց: Քուրդը առհասարակ քաղաքավարի է լինում, երբ հանդիպում է օտար մարդու, բայց նա մինչև անգամ չողջունեց մեզ: Երևի նա տատանվում էր, թե ինչ ձևով ողջունե, որ չվիրավորե մեզ, որովհետև մահմեդականը զանազան ձևերով ողջույններ ունի իր լեզվում, նայելով մարդու աստիճանին, ազգությանը, կրոնին և այլն: Նրան անհայտ էր, թե մենք ինչ մարդիկ ենք, այդ պատճառով բարվոք համարեց լուռ մնալ:
Սկզբում մենք նրան մուրացկանի տեղ ընդունեցինք, և նրա հնոտի հագուստը վկայում էր այդ: Բայց այդ հնոտիքի մեջ նշմարվում էր մի աչքի զարկող հպարտություն: Շալե գոտիի մեջ, կուրծքի վրա, խրած ուներ մի փոքրիկ խենջար, որի աբենոսյա սև կիթը զարդարած էր արծաթով և գունավոր քարերով: Այդ զենքը արդեն նշան էր նրա ազնվական ծագման:
Գետնափոր խրճիթից հայտնված ազնվականը, վերջապես, խզեց իր լռությունը, հարցնելով.
– Ծխախոտ ունե՞ք:
– Ունենք, – պատասխանեց Մուրադը, որ լավ քրդերեն գիտեր:
– Հեռվից տեսա ձեզ, եկա մի փոքր ծխախոտ խնդրելու:
Մուրադը տվեց նրան բավականաչափ ծխախոտ, որը մեծ շնորհակալությամբ ընդունեց: Նա իսկույն վառեց ծխաքարշը, սկսեց ծխել: Երևում էր, որ երկար ժամանակ չէր ծխել:
Նա, դարձյալ հենված իր թևքերի տակ առած ցուպերի վրա, սկսեց կաղալով դիմել նույն խրճիթը, որտեղից դուրս էր եկել: Բայց քառորդ ժամ չանցած, նա կրկին վերադարձավ իր հետ ունենալով մի այլ մարդ: Այդ վերջինը դրեց մեր առջև մի մաղ լի նոր թխած հացերով, որոնց մոտ դրած էր պանիր, որ մակարդված էր զանազան անուշահամ բույսերով և սեր, որ երկու մատի հաստությամբ լավաշի ձև ուներ: Հպարտ ազնվականը չկամեցավ պարտավոր մնալ մեզ և բերեց մեզ համար մի լավ նախաճաշիկ: Մենք սկսեցինք ուտել.
– Դու ո՞ր ցեղից ես, քրիվա՛, – հարցրեց Մուրադը:
(Չգիտեմ ինչո՞ւ հայերը սովորություն ունեն քրդերին դիմել Քրիվա բառով, որը նշանակում է կնքավոր):
– Վռըշիկների, – պատասխանեց քուրդը մի առանձին բավականությամբ:
– Վռըշիկների՞, – կրկնեց Մուրադը մի մեծ գյուտ արածի նման, – դու գիտե՞ս, քրիվտ, որ քո նախնիքը հայեր են եղել:
– Ես այդ չգիտեմ, – պատասխանեց քուրդը վիրավորված եղանակով, – ես այդքանը միայն գիտեմ, որ իմ նախնիքը այդ բերդի տերերն էին:
– Հենց այդ բերդի տերերը հայեր էին:
Քուրդը դարձյալ չհամոզվեցավ և ցույց տվեց մեզնից հեռու մի քանի փառավոր մահարձաններ, որ ծածկված էին մատռաձև գմբեթների ներքո, և ավելացրեց.
– Դրանք իմ նախնյաց շիրիմներն են:
– Այդ շիրիմներից շատ առաջ էին քո հայ նախնիքը, – ասաց Մուրադը, պնդելով իր խոսքը: – Նրանք կոչվում էին Ռշտունիք և այդ երկիրը կոչվում էր Ռշտունյաց աշխարհ: Այդ Ռշտունյաց նախարարներից առաջ եկավ վռըշիկների քրդական ցեղը, ինչպես մեր Մամգունյան նախարարներից առաջ եկավ քրդերի մամկանի ցեղը: Եվ ուրիշ շատ քրդական ցեղեր կան, որոնք հայոց ծագումից են:
– Կարելի է, – պատասխանեց քուրդը կիսահամոզական եղանակով: – Մենք առաջ մի հոր որդի էինք և եղբայրներ էինք, բայց սատանան մեջ մտավ, երկպառակություն ձգեց, խառնեց նրանց լեզուները, և միմյանց չհասկանալով, բաժանվեցան:
– Դու հայր Ադամի և Նոյի ժամանակների բանն ես խոսում, – ընդհատեց Մուրադը:
– Ես գիտեմ և մոտ ժամանակների գործը, ինչ որ իմ աչքով եմ տեսել, ինչ որ իմ ականջով եմ լսել, – խոսեց քուրդը, ցույց տալով իր հմտությունը: – Այդ բերդը, ճշմարիտ է, մի ժամանակ պատկանում էր հայ իշխանների. այստեղ տիրում էր Ղարա-Մելիքների տոհմը: Նրանք շատ բարեկամ էին մեզ հետ. մի մորից ծնված եղբայրները այնքան սիրով չէին լինի, ինչպես մենք էինք: Մենք միասին էինք գնում թշնամու դեմ պատերազմելու, մենք միասին էինք բաժանում թշնամուց բերած ավարը: Բայց սատանան լցրեց իմ հոր եղբոր սիրտը չար խորհուրդներով, նա խաբեությամբ Մելիքին իր մոտ հյուր կանչեց և ընթրիքի ժամանակ հրամայեց սպանել: Հետո եկավ Մելիքի ամբողջ ընտանիքը սրից անցկացրեց և տիրեց այդ բերդին:
Կարծես ես լսում էի մի ծանոթ պատմություն. անհամբերությամբ ընդհատեցի քրդի խոսքը, հարցնելով.
– Ի՞նչպես էր կոչվում ձեր հոր եղբայրը:
– Խան-Մահմուդ:
– Իսկ այն Մելի՞քը, որին խաբեությամբ սպանել տվեց ձեր հոր եղբայրը:
