Kitabı oku: «Սալբի», sayfa 17
Նա նույն ժամանակ նմանում էր մի աղբյուրային հավերժահարսի, որ ասես թե, նոր էր դուրս եկել ջրից:
«Ողջունեցի նրա առավոտը և նվերը տվի նրա ձեռքը: Խորին ուշադրությամբ կարդաց ոտանավորը: Ես նկատեցի, արտասուքն սկսեց հեղեղի նման թափվել նրա մեծ սևորակ աչերից…: Ա՛խ, ո՜րքան արտասուքներ լացել են այդ սգավոր աչքերը…:
«Հանկարծ նա յուր լցված աչքերը բարձրացրեց դեպի երկինք.«փառք քեզ, տեր», ասաց նա խորին ջերմեռանդությամբ, «որ գտա ինձ կարեկից, այսուհետև կմխիթարվեմ ես, պատճառ՝ կան հայոց որդիների մեջ և այնպիսիները, որոնք հասկանում են ինձ»:
«Բայց, իմ սիրուհի, դժբախտաբար ես չեմ կարողանում ամեն բան արձակ, համարձակ գրել քեզ. իմ օրագիրը լցված է այս, անբարբառ կետերով… պատճառ` մեր լեզուն կապ է և մեր գրիչը կաշկանդված: Մենք չենք կարող արտասանել՝ ո՜չ մեր ուրախությունը և ո՜չ մեր տրտմությունը. մենք չենք կարող` ո՜չ լալ և ո՜չ ծիծաղել. ա՛խ, մեր բոլոր մտքերը, մեր բոլոր զգացմունքները, պիտի ճնշվին, պիտի խեղդվին մեր սրտի մեջ…:
«Բռնավորի երկաթյա գավազանը միշտ և հանապաղ հսկում է մեր գլխի վրա. լաց ես լինում` լո՜ւռ կաց… ծիծաղում ես` լո՜ւռ կաց… խուսում ես` լո՜ւռ կաց… ա՛խ, ծեծում են ինձ` լո՜ւռ կաց…սպանում են ինձ` լո՜ւռ կաց… իմ երեխանց արյունն իմ աչքիս առջև թափում են` լո՜ւռ կաց… իմ ապրանքը խլեցին, տարան` լո՜ւռ կաց… իմ տունը քանդեցին՝ լո՜ւռ կաց… ա՛խ, չեմ դիմանում այդ ցավերին, ի՞նչ անեմ. – տո՜, թշվառ, քեզ ասում են` լո՜ւռ կաց, հա, լո՜ւռ կաց, միշտ լո՜ւռ կաց, թե ավելի խոսես, լեզուդ կկտրեմ, թե էլի խոսես, քեզ կենդանի հողում կթաղեմ և այնտեղ կսովորես լուռ կենալ…: Այդ անգութ գավազանն ամեն ժամ, ամեն րոպե պտտվում է մեր գլխի վրա և դու միշտ լսում ես այդ զարհուրելի սպառնալիքը:
«Այդ սպառնալիքի ձայնը քո ականջներին զարկում է, քանի կենդանի ես. այդ երկաթի գավազանքր քո գլխի վրա պտտվում է, քանի շունչ ես քաշում… Մի մարդ էլ չկա, որ ասե. չէ՞ խեղճ է, դա, դա էլ մեզ նման մարդ է, աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե:
«Բայց ասես թե ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում. մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում: Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրանց նման մարդկանց չարչարանքներին, նրանց նեղություններին: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. նա տեսնում է, յուր պաակերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…:
«Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս շեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա:
«Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն: Երբ նրանցից մինը` ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է. – ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ: Ահա՜ այդպես, նա նրան ասում է` կույր ես, նա պատասխանում է` դու էլ քաչալ ես:
«Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը: Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը – լո՜ւռ կաց…:
– «Այս կյանքի չարչարանքների փոխարեն մյուս կյանքում աստված կհատուցանե. այդ ապաշխարություն է, վնաս չունի:
– «Դարձյալ երևեցա՞ր, սևերե՜ս, անե՛ծք քեզ, չար սատանա…:
– «Հոբ երանելին քեզ օրինակ:
– «Գնա՜, կորի՜ր, ասում եմ քեզ, քո խրատները մեզ պետք չեն:
– «Իսրայելցիք քեզ օրինակ Եգիպտոսում:
– «Դարձյալ սկսեցի՞ր, ձայնդ չե՞ս կտրելու:
– «Ապա որպե՞ս ժառանգեցին Քանանու երկիրը:
– «Տո՜, հիմար, նրանք ունեցան Մովսես, Ահարոն, Նավյա որդին Հեսու, մի՜թե քեզպեսնե՞րը պիտի հայի խավար տանը ճրագ վառեն, նրա ձեռքից բռնեն և գերությունից ազատեն:
«Բայց այդ սև սիրտը լիրբ է. դա չէ ամաչելու, դա չէ հեռանալու ինձանից: Ես ինքս կփախչեմ դրանից, եթե ոչ, քանի կանգնած եմ դրա մոտ, միշտ իմ ականջներս ծակելու է դրա միջնադարյան զուռնայի ձայնը… տասնևինը դար այդ զուռնան փչում են հայի ականջներին, բայց նա չէ զարթնում յուր քնից… նա քնած է և գուցե կքնե անթվելի շատ ժամանակներ…:
«Մնաս բարյավ, իմ Սալբի, գալոց օրագրությանս մեջ կտեսնվենք քեզ հետ:
ԻԸ
ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Եվ ես, իմ սիրուհի, ամեն օր տեսության համար՝ գնում եմ այն պաշտելի տիկնոջ վրանը. իմ խելքս տարել են` նրա պարզ ձևերով, արդար սրտով ընդունելությունները, և նրա ազնիվ հյուրասիրությունը հիացնում է ինձ:
«Օրըստօրե ես ծանոթանում եմ այդ վրանաբնակների երևելի տղամարդկանց, նրանց տիկինների և նրանց պատկառելի ալևորների հետ: Եվ ես տեսնում եմ այդ անմեղ ժողովուրդը, իրանց պարզ բարք ու վարքով, իրանց առաքինական բնավորությամբ, իրանց միամիտ սրտերով ձևացնում են մարդկության առաջին ժողովուրդը, յուր կիսավայրենի և բնական կերպարանքներով: Եվ դրանց մեջ պատկերանում է բիբլիական աշխարհը` յուր աբրահամներով, յուր իսահակներով և յուր հակոբներով: Եվ արդարև, ես նկատում եմ դրանց բոլորի մեջ, համարյա՜ ելումուտ է անում մի շունչ և շարժվում է մի հոգի:
«Ես տեսնում եմ դրանց մեջ ալևորներ դարավոր հասակներով, բայց տակավին ժիր, գործունյա և աշխույժ: Այդ ծերունի հսկաները, իրանց մարմնի երկաթի կազմվածքով, որպես անմահ աստվածներ, միշտ արհամարհել են մարմնական տկարությունները: Նրանք իրանց հարյուր քսան, հարյուր հիսուն տարեկան հասակում ևս որպես իրանց մարմնի անդամներ՝ չեն հեռացնոամ իրանց մոտից իրանց թուրը, իրանց թվանգը – իրանց կյանքի մտերիմ ընկերները, և այն մի զույգ ատրճանակները, որ խնամքով խրել են իրանց հաստ գոտիների մեջ: Այդ հինավուրց նահապետները, որպես կենդանի պատմագրքեր, պատմում են, թե քանի՜ հալածանքներ, քանի՜ չարչարանքներ և քանի՜ կոտորածներ է կրել իրանց ցեղը այնքան երկար թափառելով աշխարհի երեսին, և նրանց ցամաքած աչքերի մեջ պահված են մի քանի կաթիլ արտասուք, որոնք շուտով գլորվում են նրանց փառահեղ, սպիտակ մորուքի վրա, երբ մտաբերում են ցավալի անցյալը:
«Նրանց տղամարդիկն այնքան ամուր, այնքան պնդակազմ են, որ ձևացնում են Հերքուլեսի չուգունից արձանները: Նրանք միանգամայն պատած պողովատի զրահներով, միշտ իրանց վրա ունին զենքեր: Նրանց ձիաները միշտ թամքած սպասում են վրանների առջև, որ երբ պատահե թշնամու հանկարծահաս հարձակմունք, շուտով քաշերը թռչեն նրանց վրա և դուրս գան ավազակների դեմ:
«Նրանց կանայք բոլորն ունին բարձր նոճիների նման ուղիղ հասակ, նրանք ավելի նրբակազմ են, բայց ջլուտ և ոսկրոտ. ես չեմ տեսնում նրանց մեջ և ոչ մեկը, որ մսալի և հաստլիկ լինի: Նրանք ունին թուխ, կրակոտ աչքեր, բարակ սև հոնքեր, մետաքսի նման փափուկ, բայց ղավայի նման սև և փայլուն ծամեր: Նրանց երեսները նիհար են, գորշ կարմրագույն թշերով, որոնց կաշին փայլում է առավել կոկությունից, բայց խիստ շատ վայելուչ և գրավիչ հայացքով: Այդ ախտալից կանայքը, այդ հայկազնյան արտեմիսները, դու տեսնում ես շատ անգամ թեթևաշարժ եղջերուների նման աներկյուղ և համարձակ վազվզում են բարձր և մեծ ապառաժների վրա որսի համար. նրանք նույնպես կրում են զենքեր, նրանք նույնպես կռվում են, երբ նեղում է նրանց թշնամին, երբ հարկավորվում է պահպանել իրանց անասունները:
«Այս ո՜չ այնքան բազմաթիվ վրանաբնակները, իրանց կյանքի պարզ և բնական կերպարանքներով, ձևացնում են նախկին մարդկությունը, որ ապրում էր միմիայն յուր հոտերով: Ոչխարների կաթնից պատրաստում են` մածուն, սեր, կարագ, յուղ, պանիր և ժաժիկ. – դրանք բավական են նրանց կերակուրների համար: Ոչխարների բրդից մանում են թելեր, որոնցից գործում են կապերտներ, օթոցներ, գորգեր` սփռոցի, վերմակի համար, և աբաներ, վերարկուներ, արխալուղներ, շալվարներ՝ հագնելու համար, ձեռնոցներ, թաթմաններ և գլուխը դնելու թաղիքե քոլոզներ: Նրանց մնում է գնել միմիայն հաց, այդ էլ փոխարինում են իրանց անասունների բերքերի հետ: Այծերի մազերից հորինում են չվաններ և վրանների պաստառներ:
«Բայց այդ բոլոր գործերը կատարում են կանայք: Նրանց տղամարդիկն ավելի հանգիստ են: Նրանց կանայքը միշտ կրկնում են իրանց սովորական առածը, թե «կնոջ գործն է աշխատելը, տղամարդը պիտի հանգիստ ապրի, որ գիրանա, զորանա կռվելու համար»: Եվ այս է պատճառը, որ երբ նրանց տղամարդիկը կամենում են վշտացնել իրանց կանանցը, գնում են և անծածկույթ պառկում են սառը քարերի վրա, որ հիվանդանան:
«Այդ բնության հավատարիմ որդիների հագուստները, անտարակույս, ունին մեր նախնի հայերի զգեստաձևերը: Թաղիքե երկայն քոլոզներ, փաթաթած ապարոշներով, դրած են գլխներին. հագած են լայն շալվարներ, որոնց մեջ թողնելով իրանց վարտիքը և բաճկոնի կամ զբունի երկայն դրոշակները, բավականին ուռցնում են, և նրանց իշխանները` համարյա կիսաքարշ գետնից տանում են իրանց շալվարները: Մեջքները պնդած են հաստ գոտիներով, որից վերև հագել են կարճլիկ քազախա կամ գառիկ, և մի լայն վերարկուի (աբայի) մեջ ծածկվում են նրանք: Նրանց շապիկների թևքերը, երկայն և լայն, քարշ են ընկած, որ և շատ անգամ փաթաթում են իրանց բազուկների վրա:
«Նրանց կանանց հագուստներն ավելի պարզ են. մի շապիկ իջնում է մինչև նրանց ոտքերը. նրանց վարտիքի բերանը սրունքներից վերև պինդ բուզմայած է լարանով. շապկի վրա հագած ունին անթարի կամ բնիշ` երկայն և բաժանված դրոշակներով: Նրանց գլխի զարդերը ցուցանում են, թե հայոց կանայքը հին ժամանակներից միշտ սովորություն են ունեցել կրել թագ և պսակ, որպես մեր Զարեհավանի կանայքը կրում են գոտի: Ուլունքներ, մատանիներ, գնդեր, ապարանջաններ, քթի օղեր կրում են համարյա բոլորը:
«Բայց այնքան բազմության մեջ ես չեմ տեսնում մի մարդ, որ կարդալ գիտենար: Մի բան, որ պակաս է դրանց՝ է ուսումը և կրթությունը: Բայց դու կզարմանաս, իմ սիրուհի, թե ասեմ, որ դրանց մեջ կան և քահանայք, որոնք կարդալ չգիտեն…: Այդ քահանա յքը չեն որոշվում հասարակ ժողովրդից. նրանք նույնպես ունին իրանց գոտիների մեջ ատրճանակներ, և նրանց կողքից քարշ է գնում երկայն թուրը…: Ես քննեցի այդ քահանաներից մինի ուսումը. սուրբ գրքերից գիտեր միայն տերունական աղոթքը և երրորդության անունները. նրա հավատքի հանգանակն էր այն, որ աստված ստեղծել է երկինքը և գետինքը. նա միայն կառավարում է բոլոր աշխարհր, և ինքը, յուր թախտը դրած ամպերից վերև, քննում է արդարների և մեղավորների գործերը: Եվ Քրիստոսը նրա որդին է, որին ուղարկեց աշխարհ մեզ սատանայի գերությունից ազատելու համար, և աշխարհից վերանալոլց հետո թողեց սուրբ խաչը իբրև յուր օրինակը, որ մենք պաշտենք, այդ պատճառով այդ մարդիկն իրանց կոչում են առավել խաչապաշտ, քան թե քրիստոնյա: Եկեղեցու խորհուրդներից նրանց հայտնի է միաչն մկրտությունը, պսակը և հաղորդությունը, որոնք քահանան կատարում է երեք անգամ երրորդության անունը հիշելով:
«Նրանք ճանաչում են և մի քանի սրբերին, որոնց մեջ երևելի են սուրբ տիրամայրը, սուրբ Կարապետը, որի գերեզմանը Տարոնումն է, սուրբ Լուսավորիչը և սուրբ Էջմրածինը. աչդ երեքին ճանաչում են որպես աստուծո վեզիրներ: Գիտեն և այլ սրբերի անուններ, որոնք աստուծո ատյանում ունին զանազան բարձր և խոնարհ աստիճաններ, որոնց հանձնված են մարդկանց զանազան տեսակ հսկողությունները:
«Դրանք ունին և մի հատ սուրբ Ավետարան գրչյա և մի քանի մասունքներ, որոնք ման են ածում իրանց հետ, որպես սրբություններ: Այդ մարդկանցից ոչ մինը չէ տեսած, թե ինչ բաներ են դրանք, պատճառ` որ նրանք միշտ փաթաթված են զանազան գույներով թաշկինակների մեջ: Մի առանձին վրան ամեն մի իջևանում կրում է յուր մեջ այդ սրբությունները: Եվ ամեն առավոտ ջերմեռանդ վրանաբնակները, հավաքվելով այդ վրանի առջև, մի քանի անգամ ծունր են իջնում, երկրպագություն տալիս, մի քանի անգամ խաչակնքում իրանց երեսները, և այդ է նրանց աղոթքը: Իսկ այդ սրբությանց խորանը և միանգամայն կացուցանում է նրանց ժամատունը:
«Հայկական բարբառը տակավին չէ կորուսել դրանց լեզվի մեջ յուր հին ձևերը: նրանք տակավին գործ են ածում իրանց խոսակցության մեջ՝ ի, զ, ընդ, առ նախդիրները: Նրանց խոսակցությունը խիստ արագ է և կենդանի. նրանց ձայնը զանգակի հնչյուն ունի:
«Վերջին փոթորիկները Փոքր Ասիայի մեջ, կործանելով մեր Ռուբինյան թագավորությունը, խլեցին մեր ազգի այդ մի հատվածն իրանց բնիկ աշխարհից, և երկար տարուբերելով աշխարհի վրա, այժմ հասցրել են մեր սահմանակից սարերին. բայց ո՞վ գիտե, մինչև ո ՞ւր պիտի քշե, տանի դրանց անգութ ճակատագիրը…:
«Այդ մարդիկը բնությամբ խիստ կրակոտ են և աշխույժ, սիրում են երգել, պարել, մանավանդ դրանց կանայքը, և միշտ ոգևորված են կենդանի ավանդություններով իրանց ազգի է իրանց կրոնքի մասին: Ես հույս ունիմ քաղել դրանցից շատ իրողություններ, որոնք լույս կտան մեր ազգի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը:
«Բայց մի ցավալի կորուստ հանկարծ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը: Այսօր առավոտյան շուտ գնացի իմ բարեկամ այրիի վրանը. ես գտա նրան բոլորովին միայնակ նսաած լաց լինելիս: Տեսնելով ինձ նա սրբեց յուր աչքերի արաասուքը, բայց նրա կերպարանքը տակավին տխուր էր և մռայլված:
– «Ի՞նչ է պատահել ձեզ, – հարցրի ես:
– «Միթե չեք լսած մեռա՜վ Հասոն, այն մեծ և հռչակավոր տղամարդը, – պատասխանեց կինը հոգվոց հանելով:
– Հասո՞ն. մեռե՞լ է, – կրկնեցի ես:
– «Հա՜, Հասո՜ն, – առաջ տարավ այրին. – մեր ցեղի փառքն ու պարծանքը… մեր վրանաբնակների աղան…: Վա՛յ մեզ, վա՛յ մեր սև օրերին, այսուհետև էլ ինչպես պետք է ապրել` այդ հզորը կորուսանելուց հետո…:
«Նույն րոպեին նրա վշտալի թշերի վրա երևեցան արտասուքի կաթիլներ, նա ակամա փղձկեցավ:
– «Արժե՞ր ափսոսալ մի այդպիսի անձը, – հարցրի ես, – որ յուր գործը՝ յուր կյանքի նպատակը շինել էր միշտ արյուն թափել:
– Չէ՜, այդ մի ասեք. նա երբեք չէ թափել մի արդար արյուն, բայց գործ դնել յուր սուրը թշնամու առջև` այդ մի սուրբ բան է, և կողոպտել բերել նրա ավարը նույնպես մեղք չէ:
– «Ի՞նչ էր պատճառը, որ մեռավ այդ քաջը:
– «Ոչինչ… նա մեռավ անարգ և անփառունակ մահով… հանգստությամբ, յուր վրանի տակ, հիվանդության մահճի մեջ…:
– «Հապա ո՞րպես պիտի մեռնիլ:
– «Ջրի կուժը պիտի ջրի ճամփին կոտրվի», ասում է մեր Հորերու առածը: Քաջերը, որ թափել են այնքան շատ արյուններ, պետք է արյունով մեռնին, բայց դժբախտ Հասոն չվայելեց այդ փառքը…:
– «Արդարև այդպես է, – պատասխանեցի ես մի գաղտնի համակրությամբ հիշելով հոմերյան տողերը.
«Մարտ մարտընչել և մեռանել փառք են առույգ պատանվույն, և վեր և խոց սուր սըլաքաց զարդ գեղեցիկ են մահուն»:
– «Բայց նա թողեց յուր ցեղի վրա ավելի երախտիք, – խոսեց կինը կարեկցությամբ. – տեսնո՞ւմ եք այդ լայն և ընդարձակ հովիտը, այդ խոտավետ արոտամարգերը, նրա շնորհիվ մեր ոչխարներն արածում են այս սարերում. նա խլեց Ջալալիներից այդ բոլորը:
– «Ի՞նչպես, – հարցրի ես:
– «Ի՞նչպես… – կրկնեց այրին հեգնությամբ. – «ղարբե սնուր նինա, ասաց քրդի առածը:
«Այդ սրբազան առածը, Սալբի, որ շնչում է յուր մեջ պատերազմասեր հոգի, նշանակում է հայոց բառերով` «ուժը, կամ զորությունը, կամ քաջությունը՝ սահման չունին»: Մի այդպիսի առած ևս գործ էին ածում մեր նախնիքը, որ հիշեցնում է արժանահիշատակ խորենյան ծերը. «սահմանք քաջաց – զենք յուրյանց»:
Բայց այդ առածն այժմ չէ լսվում և ոչ մի հայի բերանից… նա վաղուց լռել է հայերի համար…:
Տեղեկանալով, որ առավոտյան է լինելու քաջի թաղումը, ես խոստացա ներկա գտնվիլ իմ ընկերներով, և ցավալի զգացմունքներով հեռացա նրանց վրաններից:
«Ես հայտնեցի Ծաղկավանի խաշնարածներին այդ սգավոր անցքը և առավոտյան շուտով` բավականին բազմություն` երկու սեռից ցանկացան ինձ հետ գնալ քաջի թաղումը կատարելու համար:
«Թաղման հանդեսը խիստ տխուր էր և ցավալի. այստեղ ոչ մի քարացյալ սիրտ չէր կարող յուր արտասուքը զսպել, յուր սրտի ցավին դիմանալ: Սև պաստառներով պատած նաշի մեջ դրած էր քաջի դին. յոթը տղամարդ սև հագած տանում էին նաշը. դրանք մեռնողի ընկերներն էին: Դագաղի առջևից տանում էին հանգուցյալի նժույգը՝ գլուխը, պարանոցը և թամքը սևով պատած: Նրա վրա կարգով կախված էին նրա տիրոջ բոլոր զենքերը – նրա ահագին թուրը, թվանգը, թափանչեքը, դալխանը, մզրախը, երկաթի զրահը և գլխի սաղավարտը: Խելացի երիվայրն արթնանում էր տխուր և սրտաբեկ, կարծես զգալով, թե յուր վրա այլևս չէր նստելու նրա հսկայամարմին տերը: Նա էլ յուր աչքերից թորում էր արտասուք…:
«Նժույգի հետևից գնում էին մի կարգ վրանաբնակների բոլոր կանայք` բաց գլուխներով, հերարձակ, մերկացրած իրանց կրծքերը: Նրանք փետում էին իրանց գլխի ծամերը, նրանք փետում էին իրանց խոպոպիքն ու գանգուրները և թափում էին դագաղի առջև ճանապարհի վրա… նրանք կոծում էին իրանց կրծքերը, հող և փոշի էին ցանում իրանց գլխի վրա, տխուր և ցավալի ձայներով եղանակելով այսպիսի ողբեր.
«Այլևս պետք չէ՜ մեզի ապրել,
Խավար արևի երեսը տեսնել.
Կորա՛վ մեր հույսը, կորա՛վ մեր փառքը.
Վա՛յ մեր սև օրին… հողե՛ր մեր գլխին…»:
«Նաշի հետևից գնում էին բոլոր այր մարդիկը՝ գլուխները քարշ գցած, լաց լինելով, նույնպես իրանց կրծքերը ծեծելով, և նրանց գլխների վրա ածած էր հող և մոխիր:
«Դագաղի բոլորտիքը շրջապատել էին հանգուցյալի ազգակիցները և նրա մերձավոր բարեկամները, նրա կինը, որդիքը: Ինչ որ դրանց դրությունն էր` դժվար կարելի է գրչով նկարագրել: Աստված ինքը հեռու անե այդպիսի տեսարաններ… մազեր փետած, հագուստներ պատառոտած, աչք, երես ծվատած, արյունաշաղախ, ամեն մինը մի քար ձեռքում անդադար բախում էր կուրծքը, նրանք թավալվում էին գետնի վրա նաշի առջև, հողերը, փոշիները ցանում կին իրանց գլխներին:
«Այդ ողբալի տեսարանը այրեց և իմ հետ եկած ծաղկավանցոց սրտերը, և նրանք բոլորը միաձայն սկսան լալ: Ի՞նչ սիրտ կարող էր դիմանալ, ի՞նչ աչք կարող էր յուր արտասուքը պահել, ախ՛, քարերն էլ էին լաց լինում, ծառերը ողբում, թռչունները ձայնակից լինում, հնչող քամիները նրանց ողբը խլում և հասցնում էին երկնքի հրեշտակներին…:
«Ճանապարհին մի քանի տեղ դադար առին և նաշը դրին գետին և լաց եղան: Կանայք հերթով գովաբանում էին հանգուցյալի քաջությունները և բոլորի սրտի մեջ կրակ էին վառում… մինչև իսկ նրա կինը տխուր և ողբալի ձայնով առաջ տարավ:
(«Ա՛խ, Սալբի, այստեղ կտրում եմ իմ խոսքը, այդ վրանաբնակների և՜ ողբերն ունին իրանց քաջազնական ոգևորությունները…: )
«Այսպես էր նրա ողբը.
– «Ափսո՛ս, որ այդպես անփառք և անշուք,
Փափուկ մահճի մեջ` փչեցիր քո հոգին.
Ափս՜ս, որ մահը քեզի հանդիպեց
Քո խաղաղ տնակի կամարի տակին:
Դու մի քաջ էիր` արի և հզոր,
Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,
Կռվի դաշտիցը քո արյունոտ դին
Ես տուն բերեի՝ սրտով գո՛հ, ուրա ՛խ…
«Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք
Քո արյունաներկ դիակի վերան,
Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգել
Քո պարծանքներով կանգնած գերեզման:
«Զի Հայոց տիկնայք ինձի կասեին՝
Փա՜ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր՝ քաջ, հսկա, արի:
«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան:
«Թող պատերազմում, քաջ Հարքիների,
Հարյուր գերիներ բերելով թալան,
Հազար ձիավոր քեզ հալածելիս,
Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան46:
«Թո՜ղ կռվի միջում, Արարատյան դաշտում,
Ազգի, կրոնքի, հայրենյաց համար
Սուրը քո ձեռին, փառավոր մահով:
Թո՜ղ դու զոհեիր քո արյուն արդար:
«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,
Զի հազար աչեր պիտի արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները:
«Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ իրանց այրերից:
«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ`
Քո արությանցը – վկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՜չ քուրդ, ո՜չ արաբ և ո չ մի թուրքման:
«Բայց, ափսո՛ս, քեզ հետ՝ ալ-վարդ կարմիր
Դու մի թարմ սպի չտարար գերեզման,
Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով`
Փափուկ մահճի մեջ… քո բարձի վերան …:
«Ողբը վերջացավ: Քահանան կատարեց աղոթքը: Ժամանակ էր. երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. – նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. «քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը»… – ասաց նա: Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա… այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ…:
«Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց. բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու: Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. «աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ:
Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքի ձեր աչերից, թո՜ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի»:
«Քահանան նստեց: Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն` հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը: Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը և քարշ տվեց հոր թուրը: Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը, շնորհավորելով նրա գլխավորությունը»:
ԻԹ
ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ
«Սիրելի Ռուստամ,
«Ես կարդացի քո օրագիրը, երբեմն ուրախանալով և երբեմն արտասվելով. ես քեզ հետ զգացի բազմախորհուրդ օրորոցի երգի նպատակը այն այրի տիկնոջ. քո ոտանավորով նվերը հիանալի է…: Բայց, ափսո՛ս, այժմ չեմ կարող գրել քեզ իմ զգացմունքները քո ոգելից օրագրի վրա. ուրիշ ժամանակի թողնելով այդ, այժմ շտա պում եմ հայտնել քեզ մի նոր խաբար, որ վերաբերում է ինձ և քեզ:
«Դու չծիծաղես, սիրելի Ռուստամ, իմ այս անքաղաքավարի խոստովանությանս վրա. – ինձ այժմ հայտնվել է մի նոր սիրող…: Ի՞նչ ես կարծում, ո՞վ է դա. – Ավազակյանց Սոլոմոնը, այն անզգա հիմարը, այժմ սկսել է սիրել ինձ…: Այդ մի նոր լուր չէ՞… ներիր, որ փոխանակ պատասխանելու քո սրբազան օրագրին, գրում եմ դատարկ բաներ: Որովհետև ես առանց քո գրելու գիտեմ, որ հայի օրը վաղուց խավարել է և հայի աստղը վաղուց նսեմացել է…: Ես առանց քո գրելու գիտեմ. մեր ականջներին զարկում է մի օրորոցի երգի ձայն, այդ խրախուսական ձայնը՝ Հայաստանի մոր ձայնն է…: Բայց դու տեսնո՞ւմ ես այն անթիվ, անհամար հերովդեսները, որոնք դեռ չստուգած մոգերից – իմաստուններից մի այդպիսի գուշակություն, հրամայում են կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի նորածինը ևս նրանց հետ կորչի…: Ես չեմ կարողանում ավելի պարզ գրել քեզ. ստույգ ես գրել, մեր լեզուները կապ են, մենք դատապարտված ենք մշտնջենավոր համրության, պատճառ՝ Զաքարիայի պատիժը եկել է մեր գլխին… ուրեմն մի նոր Հովհաննես պետք է, մինչև արձակվին մեր լեզուների կապերը…: Դառնանք դեպի մեր խոսքը:
«Ավազակյանցը, միով բանիվ, խնդրել է իմ ձեռքը, ուրիշ խոսքով, նա միտք ունի ինձ հետ պսակվելու: Նրա մի այդպիսի խորհուրդը հառաջագույն հայտնեց ինձ նրա քույրը, որ, որպես երևում է, եղբոր նպատակը կատարելու համար, հանձնված է տիկին Սալլաթինի մոտ ուսանելու օրինակով: Բայց մի քանի օր առաջ մի անցք բոլորովին հայտնի կացույց նրա միտքը: Ես հարկավոր եմ համարում գրել այդ մի ըստ միոջե: – Ես մեր այգումն էի, և նստած մի ծառի տակ, փունջ էի կապում ծաղիկներից, որ նոր բուսել էին հալված ձյունի տակից: Մեր այգեպանը գնացել էր հեռու, այգիի խորքումը կտրում էր որթերը. ես միայնակ էի: Հանկարծ տեսա այգիի ցանկապատից ներս սողաց մի մարդ և մոտեցավ. ճանաչեցի, Ավազակյանց Սոլոմոնն էր: Նա սկսավ ման գալ այգիում: Երբ ո՜չ ոք չտեսավ, և կարծելով ևս միայնակ եմ, տեսա, ուղղակի եկավ ինձ մոտ: Ես ամենևին ընդունելության նշան ցույց չտվի նրան, բայց նա ինքնագլուխ նստեց ինձանից մի փոքր հեռու խոտերի վրա: Երկար այնպես նստած լուռ նայում էր դեպի ինձ, բայց երբ հասկացավ, որ ես իրան ուշադրություն չեմ դարձնում, խոսեց. – «Որքան անողորմ եք, աղջիկ պարոն, չեք մատուցանում ինձ գոնյա մի վարդ»:
«Ես իսկույն հասկացա նրա ինչ խորհրդով ինձ մոտ գալը. այդ պատճառով մտածեցի նրա բերնի համը տալ:
«Ես ուրիշի համար եմ պատրաստում այս փունջը, – ասացի սառնությամբ:
– «Բայց ես այժմ ձեզ հյուր եմ և հյուրի պատիվը սուրբ բան է, – պատասխանեց նա:
– «Նա՝ որ դռնից չէ ներս մտնում, այլ պատից է վեր գալիս, գող է և ավազակ, – ասում է գիրքը:
«Նա բարկացավ:
– «Դուք շատ անքաղաքավարի եք, ես խնդրեցի ծաղիկ, – ասաց նա վշտացած ձևով:
«Բարկությունը խռովեց և իմ արյունը. այդ պատճառով բոլոր քաղաքավարությունները մի կողմ դնելով, ավելի կոշտությամբ պատասխանեցի նրան.
– «Ներեցեք, պարոն, դուք տակավին այն արժանավորությանը չեք հասած, որ կարող լինիք իմ ձեռքից ընդունեի ոչ թե ծաղիկ, այլև փուշ:
– «Ե՞ս… մելիք Պիլատոսի որդի՞ն… այս գավառի իշխանը… արժան չէ՞ ընդունել ձեր ձեռքից և փուշ… – գոռաց նա կատաղի եղանակով:
– «Արդարև, ձեզ արժան է տեր-Առաքելենց Ռուստամը, այն արյունախում սրիկան…կցորդեց նա;
«Բայց ես, կամենալով ավելի խոր խոցել նրան, պատասխանեցի.
– «Անպիտան, դուք ինչպե՞ս եք համարձակվում առանց ահ ու դողի բերան առնել այն պաշտելի տղամարդի անունը, որին այնքան սիրում եմ ես:
«Երբ նա նշմարեց, որ խստությամբ չէ կարող համոզել ինձ, տեսա, ստրկաբար ծունկ իջավ իմ առջև և կամենում էր համբուրել իմ ոտքերը: Մերժեցի ես այն փոքրոգին և թույլ չտվի, որ նրա պիղծ շրթունքը մերձենային ինձ: Բայց նա մերկացույց յուր դաշույնը, դրեց իմ առջև. – «Երբ դուք այդպես անխիղճ եք, – ասաց նա. – երբ չեք կամենում ձեզանով բախտավորել ինձ, ուրեմն առեք այս սուրը և այդ մահու գործիքով հասուցեք մի խորին հարված իմ սրտին, որ այդպես սաստիկ կերպով զարկում է ձեզ համար… թող դադարե նրա զարկը… և այդ պարծանքը կհանգստացներ ինձ գերեզմանի խորքում, թե սպանվեցա Սալբիի ձեռքով…
– «Հեռացեք ինձանից, ասում եմ ձեզ, ես չեմ կամենում տեսնել ձեր երեսը, սպառնացա նրան: Ինչո՞ւ եք խռովում իմ հանգստությունը, ինչո՞ւ իզուր ստորացնում եք ձեզ. հավատացնում եմ ձեզ, ո՜չ ձեր փառքը, ո՜չ ձեր հարստությունը և ո՜չ ձեր այդ փոքրոգի, ստորաքարշ կեղծավորությունները, ոչինչ բան ձեր կողմից՝ չեն կարող խաբել ինձ…: Եթե կրակը և վառոդը կունենային որևիցե ընկերություն, այն ժամանակ և դուք կվայելեք այն փառքը՝ կոչվիլ Սալբիի փեսա:
«Երբ նա կամենում էր յուր աղվեսաբար շողոքորթությանց երկրորդ փորձն անել, հանկարծ ծառերի հետևից երևան եկավ ծերունի Մարտիրոսը, մեր այգեպանը, հազալով և փռշտալով, իսկ կեղծավորը աներևութացավ թփերի մեջ:
«Այդ անցքը եղավ ինձ ամենօրյա մտածությունների նյութ, և ես սպասում էի, թե ինչ է լինելու դրա վերջը: Մինչև ներկա օրերումս հարսանիք էր մեր դրացու տանը, մի գիշեր ես էլ էի հրավիրված այնտեղ: Նորահաս աղջիկներ և մանուկ պատանիներ պար էին բռնած, տեսա ինձ մոտեցավ կրկին անգամ այն հիմարը և խնդրեց իմ ձեռքը պար բռնելու. ես մերժեցի նրան այս մի քանի խոսքերը նրա ականջներին հասցնելով. «Հիմար, դուք արդեն առել եք ինձանից ձեր առաջին անմտության վարձը, դարձյալ լրբանո՞ ւմ եք վշտացնելու ինձ»:
«Մյուս օրը առավոտյան մի անծանոթ կնոջ ձեռքով ստանում են մի նամակ, ահա՜, նրա խոսքերը բառ առ բառ հաղորդում եմ քեզ.
«Անխի՜ղճ և անողորմ օրիո՜րդ,
«Ես մոռանում եմ այն բոլոր դառնությունները, որ դուք պատճառել եք ինձ և դարձյալ դիմում եմ դեպի ձեզ սիրո խոսքերով, հուսալով, թե ձեզանից նույնպես գտնվում է կարեկից սիրտ: Սալբի, աղաչում եմ ձեզ, մի թողեք ինձ երկար տանջվել, ձեր ձեռքումն է այժմ իմ մահը և իմ կյանքը…: Նախախնամությունը գրել է ձեր ճակատի վրա ոսկի տառերով. – Դուք իմն եք: Բայց, Սայլբի, ես ցավում եմ, դուք սնուցանում եք ձեր սրտի մեջ սերը մի տղամարդի, որ խիստ ատելի է ինձ: Դուք չեք կարող կատարեք ձեր անխոհեմ նպատակը: Ձեզ համար մի ճար կա. – ընդունել իմ ձեռքը: Բայց եթե դուք ընդ երկար կմնաք ձեր կամակորության վրա համառած, անտարակույս պատճառ կլինեք երեք անպարտ զոհերի՝ իմ, քո և քո սիրածի…: Ես սակավ գրեցի, Դուք շատ հասկացեք:
«Սպասում եմ ձեր պատասխանին:
«Ս. Բ. Ավազակյանց»:
«Ես իսկույն գրեցի հետևյալ պատասխանը և տվի գրաբերին.
«Պարոն,
«Ես, այլև չկարողանալով տանել ձեր վշտացուցիչ խոսքերը, առաջարկում եմ ձեզ մենակռիվ, արևմուտքից հետո, գյուղից դուրս, սպասելով ձեզ կալերի դաշտում»:
«Սալբի»:
«Երբ արևը մայր մտավ, ես, հաստատ մնալով դիտավորությանս վրա, հագուստս փոխեցի, իմ հանգուցյալ եղբորս զենքերը վեր առա և երբ մութը մի փոքր պատել էր աշխարհը, ես լուսնի ծերացած լուսով նրան սպասում էի կալերի դաշտումը, ինձ հետ ունենալով մեր ծառան: Տեսա, նա երևեցավ մի քանի մարդկանց հետ: Երբ մոտեցած էր ինձ, երբ տեսավ ինձ, խոսեց. «դո՞ւք եք, Սալբի. ներեցե՜ք, խնդրեմ, ես չկարողացա ճանաչել ձեզ. իրավ» ձեզ չէ կարելի որոշել մի նորահաս չերքեզ իշխանազնից: Բայց չե՞ք վախենում այսպես տարաժամ… այստեղ միայնակ…
– «Ես վախենա՞մ, տեսնում ե՞ք այս խանչալը, այս կարաբինան, այս ատրճանակները, – պատասխանեցի ես, զենքերս ցույց տալով:
– «Ես հանաք էի համարում, բայց դուք, իրավ, պատրաստվել եք կռվելու, – ասաց նա հանդարտությամբ: Բայց մտածեցե՜ք», որ մենակռիվ կոչված բանը մինչև այսօր սովորություն չէ եղած մեր երկրում, ուր մնաց, որ արգելված է: Բայց դուք, փոխանակ այդ մահու գործիքները ձեզ վրա կրելու, առավել լավ էր փնջերով հանդիպեիք ինձ այստեղ:
– «Վառոդը միշտ բուրում է վարդի անուշահոտություն, երբ գործ է դրվում նա մեր ատելիների դեմ, – ասացի ես:
«Նա նշան արավ. պատի հետքից, ուր թաքնված էին, դուրս եկան մի քանի հոգիներ. – «հափշտակեցե՜ք», հրամայեց նա: Նրանք հարձակվեցան ինձ վրա: Զուր էր ինձ իմ զենքերով պաշտպանել իմ անձը: Նրանք շրջապաաեցին ինձ…: Բայց մինչև այժմ ես չեմ կարողանում երևակայել, թե ինչ հնարքով պրծա նրանց ձեռքից… կարծես թե մի աներևույթ ձեռք ազատեց ինձ…»:
***
Մինչ օրիորդ Սալբին գրում էր յուր նամակը յուր սիրողին, Ավազակյանց տանում անց էր կենում հետևյալ խոսակցությունը.
– Դուք չե՞ք հավատում, Ռե՜ս, նա կատարյալ դևիկ է, – խոսեց Սոլոմոն_բեկը:
– Ո՜չ, ձեր մարդիկը քաջություն չեն արած, եթե ոչ՝ խիստ դյուրին էր նրան հափշտակել, – պատասխանեց պարոն Վասակյանը:
– Իմ մարդիկը, դուք գիտեք, կարող են բռնել և հափշտակել կենդանի առյուծներ, կատաղած արջեր, բայց այդ սատանի ծիծ կերածը կարծես թե աներևութացավ մեր միջից, որպես ուրվական:
– Արդեն անցել է, դուք կորուսիք հաջող միջոցը:
– Բայց ես կմեռնիմ հուսահատությունից…:
– Եթե դուք կընդունեք իմ խոսքերը, որսը դարձյալ մեր ձեռքումն է:
– Դուք միշտ հուսադրում եք, բայց…: Եվ նրա ձայնը խեղդվեցավ շնչափողի մեջ:
– Անհամբերությունը սեփական է թուլասիրտ և փոքրոգի մարդիկներին, պետք է ունենալ մտքի հաստատություն և հեռատեսություն, – պատասխանեց պարոն Վասակյանը:
– Մինչև ե՞րբ…:
– Մինչև դուք հասած կլինիք ձեր նպատակին: Սոլոմոն-բեկը լուռ կացավ:
– Գիտե՞ք, աղա, – առաջ տարավ պարոն Վասակյանը, – մեր մինչև այս րոպեիս խորհած բոլոր հնարքները՝ որսալու օրիորդ Սալբին, իզուր անցան: Աշխարունու տանից մեզ օգուտ չեղավ: Այժմ պետք է փոխել առաջին մտքերը և մտածել նոր հնարքներ: Մեր միմիայն հույսը, որ մնացել է, է նրա մայրը: Մենք կսկսենք այսուհետև ներգործել նրա մոր վրա. երբ կարողացանք շահել նրա կամքը, այնուհետև ոչինչ չէ մնում նրա աղջկանը: Տիկին Թարլանը ավելի ժլատ է, քան թե ջհուդ: Դուք այդպես չսեղմեք ձեր քսակի բերանը. այսուհետև արծաթն պիտի լինի մեր լարած մեքենաների շարժառիթը: Ես վաղուց մտածել եմ մի հնար, որով տիկին Թարլանը կարոտություն կունենա փողի. երբ այդ կատարված է, այնուհետև գործը կերթա յուր կարգով…: Մենք այժմ խիստ կարճ ժամանակ ունինք մեր ձեռքում… մի ամսից հետո մեր հույսը կորած է… որովհետև Ռուստամը կպսակվի օրիորդ Սալբիի հետ, այնուհետև ոչինչ չէ կարելի անել…:
– Ես չեմ կարծում, որ իմ փափագը կատարվի, – ասաց Սոլոմոն-բեկը երկար լռությունից հետո: – Որովհետև այդ աղջիկը ոչինչ բանով չէ կարելի խաբել. նա մի երկաթի պնդությամբ հաստատամիտ աղջիկ է:
– Ես ասացի, թե աղջկա հետ գործ չունինք այսուհետև, – պատասխանեց պարոն Վասակյանը: Եվ եթե մինչև այսօր մտածել ենք օրիորդ Սալբիի կամքով շինել բանը, այդ մեր անխելքությունից է եղած, որովհետև Ասիայում աղջիկների ու տղամարդերի կամքը ամուսնության մասին ոչինչ նշանակություն չունի. նրանց կամքը նրանց ծնողների սրտումն է. նրանց ընտրությունը կախված է նրանց ծնողների հաճությունից: Դուք լսե՞լ եք մինչև այսօր Պարսկաստանում մի աղջիկ յուր կամքով ընտրեր փեսա, կամ թե մի տղամարդ ինքնագլուխ իրան կին առներ: Ուրեմն ի՞նչ շահ կար մեզ աշխատել շահելու օրիորդ Սալբիի կամքը, երբ նրա մայրը կարող էր յուր աղջիկը ամեն մարդու տալ: Եվ օրիորդ Սալբին յուր կողմից ոչ մի իրավունք չուներ յուր մորն ընդդիմանալու:
– Ձեր խոսքերն ստույգ են, Ռե՜ս, մենք մինչև այսօր սխալվեցանք, իզուր ժամանակ կորուսինք: Արդարև, Ասիայում ծնողքներն ո՜չ միայն կարող են իրանց աղջիկներն ուզած մարդուն տալ կնության համար, այլև վաճառել ստրուկի, գերիի նման:
– Ես ուրախ եմ, որ դո՜ւք հասկացաք իմ միտքը, – առաջ տարավ Ռեսը, – բայց արդյոք կարո՞ղ եմ հասկացնել ձեզ, որ ձեզ պետք է հանձն առնուլ և մեծ զոհաբերություն:
– Միթե փողը կարո՞ղ է մի բան շինել այստեղ:
– Ի՞նչ եք խոսում, օրհնած, ես փողի մեջ ճանաչել եմ մի վերին աստվածեղեն զորություն. ի՞նչ անհնարին գործեր կան, որ չէ կատարում արծաթը…:
Պարոն Վասակյանի վերջին խոսքերը խիստ ծանր էին պատանի Ավազակյանցի սրտին. նրան դժվար էր այնպես շռայլաբար բաց անել յուր քսակի բերանը, որով նրանում դրված էր և՜ նրա հոգին, որ իսկույն դուրս էր թռչելու արծաթի հետ: Բայց օրիորդ Սալբիի սերը, առավելապես նրան խելքից հանած լինելով, քան ոսկին, ակամա հոժարվեցավ Ռեսի խորհուրդին:
– Ես ասացի, թե մեզ պետք է շահել տիկին Թարլանի կամքը, – պատասխանեց պարոն Վասակյանը յուր սովորական հանդարտությամբ: – Որպեսզի կարողանանք շահել նրա կամքը, պետք է պարտավորացնել այդ կինը արծաթով: Եվ այդ իրողության մի կարգին կերպարանք տալու համար եմ մտածել եմ ահա թե ի՜նչ հնարք: – Ես վաղուց գիտեմ, որ տիկին Թարլանի հանգուցյալ այրը, վարպետ Պետրոսը, հաստատ գրավատոմսակով` հազար թումանի պարտք է թողել Միրզա՜Ֆաթալի պարսկին, որ և մնում է նրա կնոջ վրա մինչև այսօր: Հայտնի է, տիկին Թարլանը չունի այնքան կարողություն, որ կարողանա վճարել մի այսքան ծանր պարտք. դրա համար Միրզա-Ֆաթալին պարտավորված է տիրել յուր գրավները, այսինքն՝ Հովասաբենց տունը և նրանց այգին, տիկին Թարլանի միակ ժառանգությունները, որ են և նրա ընտանիքի ապրուստի միակ աղբյուրները: Միրզա-Ֆաթսղին մտերիմ բարեկամ է ինձ, ես մտադիր եմ խնդրել նրան, այս օրերում տիրե գրավները, որ նրա գրավատոմսակի պայմանով այժմ պատկանում են պարտատիրոջը: Տիկին Թարլանը զրկվելով յուր տանից, կորուսանելով յուր այգին, այլևս չի կարող ապրել, այսինքն՝ կընկնի անբախտ աղքատության մեջ: Կարոտությունը ու չքավորությունը խոնարհեցնում է մարդիկ: Մենք՝ հաջող միջոցը որսալով՝ կառաջարկենք նրան ձեր օգնությունը, եթե դուք պատրաստ եք վճարել Միրզա-Ֆաթալիի պահանջելի արծաթը, և հետ առնելով նրա տիրած գրավները, դարձնել տիկին Թարլանին այն պայմանով, երբ նա կհաճեր յուր աղջիկը տալ ձեզ կնության: Եվ դուք այդ մեծահոգությունը կատարելեն հետո, տիկին Թարլանը ուրախությամբ կցանկար ունենալ ձեզ նման փեսա: Եվ օրիորդ Սալբին անտարակույս սիրելու էր ձեզ, երբ պատճառ կդառնայիք նրանց ապրուստի կրկին ապահովությանը: