Kitabı oku: «Զահրումար», sayfa 6
ԺԴ
Մյուս օրվա երեկոյան պահուն Ճանճուր Իվանիչը միևնույն մեզ նախածանոթ կաբայով, միևնույն փափախով, նույն անդրավարտիքով և նույն խարազի չաքմեքով, յուր հաստ մահակը ձեռքին, Սիմոն Յագորիչի հետ դիմում էր դեպի նոր ինժեների տունը:
– Գիդի՞ս ինչ կա, Սիմոն Յագորիչ, – ասաց Ճանճուր Իվանիչը, – էս գիշիր ամեն ուստութին պիտինք բանեցնի, վունց որ ըլի բանը դրա հիդ սաղացնինք, թե չէ «խիարը ծուռը կուկանաչի»:
– Էտ ես վաղուց գիդիմ, – պատասխանեց խոհեմ գործակատարը:
– Բայց դուն ինձ էն ասա, փեշքաշների համա ի՞նչ խոսեցին:
– Կնիկը վուր շատ ուրախացավ, երեխեքն էլ էնպես, ամա ինքը մե քիչ ռեխը թթվեցրուց:
– Կնիկը ուրախացա՞վ, էդ հերիք է. դրանց նոխտեն իրանց կնկտերանց ձեռին է, ինչի՞ չէր ուրախանա, նա իր կինքումը էնպիսի դեյրացուներ չէ տեհած, կու կարի ու կու հագնի. գուբերնատորի կնիկն էլ կունենա էնպեսը, ա՜յ, ու նրանց երեխերքը ե՞փ կերած կուլին էն թավուր կոնֆետնիր կամ ունիցիլ ի՞ն էնպիսի իգրուշկեք:
– Դա՜ , – պատասխանեց խորհրդավոր եղանակով Սիմոն Յագորիչը:
Նա կարծես նույն րոպեին մի ուրիշ բանի վրա էր մտածում, այդ պատճառով ուշադրությամբ չէր լսում Ճանճուր Իվանիչին:
– Համա դու ինձ էն ասա, թուղթ խաղում է՞ էտ մարդը:
– Խաղում է, – պատասխանեց Սիմոն Յագորիչը:
– Խմելու հե՞տ վունց է:
– Իշի նման, մի օր ուշյար չիս տեհնի:
Սիմոն Յագորիչի վերջին պատասխանները Ճանճուր Իվանիչի սրտին զգալի ուրախություն պատճառեցին, և նրա երեսն ընդունեց ծիծաղկոտ կերպարանք:
– Բաս ասա, փուղի համար մեռած կուլի, էլի՜, Սիմոն Յագորիչ, էլ դարդ մի՛ անի. դրա հիդ բանը ուփրո լավ կուլի սաղացնիլ, – ասաց նա ուրախությամբ, ինչպես որ ուրախանում է դարանագործ որսորդը, երբ նկատում է, թե որսն ընկավ նշանակյալ տեղը:
Բայց միևնույն միջոցին Ճանճուր Իվանիչը զարմանում էր, թե մի մարդ այդ բոլոր բարի հատկությանները, ինչպես կոչում էր նա, ունենալուց հետո, ի՞նչպես է կարողացել ազատվել Սիմոն Յագորիչի ճանկերից ու նրա կամքին գերի չէ դարձեր: Այդ մտածմունքը ծնեցնում էր նրա մեջ մի փոքր անախորժ զգացմունք, և նա ենթադրում էր, թե Կուզմինը մի այնպիսի առանձնահատկություն ունի, որ չէ խոնարհվում Սիմոն Յագորիչի խորամանկության կարող զորությանը: Բայց միևնույն րոպեին նա իրեն քաջալերում էր` ասելով. «Ինչ կուզի թող ըլի, փուղը նրան կատու կու շինե»:
Մի փոքրիկ հասարակ տան մեջ, որ բաղկացած էր երեք սենյակներից, բնակվում էր Կուզմինը: Ճրագը մի ժամ առաջ արդեն վառել էին նրանց կացարանում: Ւնժեները յուր գերդաստանի հետ բոլորած էին թեյի սեղանի շուրջը:
Կուզմինը կլիներ ավելի քան քառասուն տարեկան, բարձր հասակով և լղար կազմվածքով: Նրա գլխի մազերը և դեմքը գետնախնձորի գույն ունեին: Երեսը նիհար էր և երկայն, ծնոտները բարձր, քիթը կարճ և սրածայր, աչքերը նեղ, մռայլոտ, կապույտ,հոնքերը լերկ, երեսի գծագրությունը կոշտ և արտահայտությունը սառն, անխորհուրդ և թմրած, ինչպես որ առհասարակ լինում է գինեմոլների դեմքը:
Նրա մոտ նստած էր մի հաստլիկ կինարմատ, որի ծնոտի ներքևի մսանները այնպես էին կախ ընկած, որ տեսնողը կկարծեր, թե երկու կզակ ունի. դեմքն ուռած էր. շատ գիրությունից հազիվ էին տեսնվում նրա պսպղուն նեղ աչքերը և սրածայր քիթը: Նրա գիսակը շեկ գույն ուներ, իսկ հոնքերը հազիվ էին նշմարվում: – Դա Կուզմինի կինն էր:
Մի քանի մեծ ու փոքր երեխա ցատկոտում էին նրանց շուրջը, իսկ սեղանի մոտ թեյ էր պատրաստում ինժեների մեծ աղջիկը` մի նորահաս, կլորիկ օրիորդ, մոր նման չաղլիկ, սակայն բավական ախորժելի կերպարանքով:
Ինժեներին հայտնեցին Ճանճուր Իվանիչի գալուստը:
– Ասա՛ թոդ գան, – հրամայեց նա ծառային:
Նախասենյակում Ճանճուր Իվանիչը հանդիպելով մաքուր հագնված փոքրավորին, նրան տանտերը կարծեց և փառավորապես գլուխը խոնարհեցրեց, բայց Սիմոն Յագորիչը զգուշացրեց, թե նա չէ տանտերը:
Նրանք ներս մտան:
Սիմոն Յագորիչը, որպես նախածանոթ, ներկայացրեց նրան Ճանճուր Իվանիչին:
Ճանճուր Իվանիչը յուր գիտցած բոլոր քաղաքավարությունները գործ դրեց. առաջ տանտիկնոջ ձեռքը սեղմեց, հետո տանտիրոջ, ապա աղջկա և երբ մոտենալով կամենում էր երեխաների երեսը համբուրել, նրանք զարհուրելով նրա սարսափելի դեմքից՝ ճչացին ու փախան: Սիմոն Յագորիչը նրանց հանդարտեցրեց, ասելով, թե «մի՛ վախենաք, Ճանճուր Իվանիչը դյադուշկան է, որ ձեզ համար քաղցրավենիք և խաղալիքներ է ուղարկել»:
Երեխայքը մի փոքր հանգստացան:
Ինժեներն ընդունեց Ճանճուր Իվանիչին խիստ ուրախ դեմքով և նստեցրեց յուր մոտ՝ կիսաթախտի վրա: Առաջին խոսակցությունները եղան սովորական հարց ու փորձեր միմյանց առողջություններից և թե ո՛րքան ժամանակ է մնալու Ճանճուր Իվանիչը այդ քաղաքում:
Ճանճուր Իվանիչը ստիցղորդից, որքան ներում էր նրա լեզվի ճարտարությունը, բավական դուրս տվավ. պատմեց Թիֆլիսի նորություններից, ավելացրեց և մի քանի քաղաքական հին լուրեր, բայց յուր այնտեղ կարճ կամ երկար մնալու մասին ասաց, որ այդ կախված է ինժեների բարեսրտությունից:
– Ես կաշխատեմ պատճառ չտալ ձեզ այստեղ երկար մնալու, – պատասխանեց ինժեները:
Ճանճուր Իվանիչը մինչև գետին երկրպագեց:
– Ասացեք, խնդրեմ, Սիմոն Յագորիչը գո՞հ է ինձնից, – հարցրեց ինժեները ծիծաղկոտ դեմքով:
– Ով որ ձեզնից գանգատի, կնշանակե, որ յուր աչքերիցն է գանգատում, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը: – Դուք այնքան բարի եք, որ անկարելի է ձեզնից գոհ չլինել: Սիմոն Յագորիչը ոչ միայն այստեղ է շատ անգամ ինձ հայտնել, որ շնորհակալ է ձեզնից, այլ այդ ամենի մասին գրել էր ինձ իմ Թիֆլիս եղած ժամանակ:
– Ոչ, ես մի այնպիսի բան չեմ արած, որ որևէ արժեք ունենար, բայց այսքանը դարձյալ բավական կլինի, եթե Սիմոն Յագորիչը ինձնից գանգատավոր չլինի:
– Нет, тот который маленький не знает и большой не знает, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը, կամենալով հայտնեյ թե նա, ով որ փոքր բարերարությունը չգիտե, մեծն էլ չէ կարող գիտենալ:
Կուզմինը ժպտաց:
– Ո՛րքան բարի մարդ եք, Ճանճուր Իվանիչ, – ասաց նա:
– Ես ամենայն կերպիվ պատրաստ եմ ձեզ ծառայելու, – կրկնեց Ճանճուր Իվանիչը:
– Այո՛, դուք բարի մարդ եք, – մյուս կողմից ասաց ինժեների կինը ուրախությամբ:
– Շնորհակալ եմ իմ մասին լավ համարում ունենալուդ համար, – դարձավ դեպի նա Ճանճուր Իվանիչը: – Խնդրեմ ասեք, արդյոք հավանեցա՞ք այն մատերիաները:
– Շատ լավն էին, շնորհակալ եմ, – պատասխանեց տիկինը:
– Բայց ես ձեզ հայտնում եմ՝ այսուհետև ինչ որ ձեզ համար կամ երեխաների համար հարկավոր կլինի, ինձ գրեցեք, ես կառնեմ այնտեղից և կճամփեմ:
– Ոչ, հարկավոր չէ՛ ձեզ նեղություն տալ, – պատասխանեց տիկինը:
– Մայրի՛կ, խնդրեցե՛ք ինձ համար մի դերիացու նույն կտորից, որ ձեզ համար առել է, – մյուս կողմից խոսեց ինժեների մեծ դուստրը:
– Ա՜խ, ես մեղավոր եմ ձեզ մոտ, – բացականչեց Ճանճուր Իվանիչը` վեր կենալով նստած տեղից և դառնալով դեպի օրիորդը ձեռքը սրտին դնելով, – միայն մեծ հանցավորը Սիմոն Յագորիչն է, որ չէր հայտնել ինձ, թե պարոն Կուզմինը ձեզ նման հասուն և արժանավոր դուստր ունի: Ներեցեք, խնդրեմ, ես քաղաք հասածիս պես ձեզ համար այնպիսի դերիացուք կճամփեմ, որ ամենքի նախանձը շարժեք:
Օրիորդը իր շնորհակալությունը հայտնեց՝ գլուխը խոնարհեցնելով:
– Ի՞նչ եք անհանգստացնում դյադուշկին, – սաստեց նրանց Կուզմինը:
– Ոչ՛, պարոն Կուզմին, – նրա ձեռքը բռնելով ասաց Ճանճուր Իվանիչը, – դուք վշտացնում եք ինձ, մենք արդեն հասարակ ծանոթներ չենք, այլ մոտիկ բարեկամներ. ձեր բոլոր պիտույքները հոգալն այսուհետև լինելու է ինձ համար ընտանեկան պարտավորություն:
Կոլզմինը հրճվելով գրկեց Ճանճուր Իվանիչին.
– Ախ, դուք բարի ծերունի, – բացականչեց նա: – Ես արժանի չեմ ձեր այսչափ ազնվահոգությանը:
Խոսակցությունը գնալով եղավ ընդհանուր: Ճանճուր Իվանիչը որսին բոլորովին տիրացած էր համարում: Բայց տակավին գործ էր դնում յուր սովորական մարդահաճության զենքերը: Սիմոն Յագորիչը նույնպես մի փոքր քաջալերվելով ինժեների դյուրին անձնատուր լինելուց, շուտ – շուտ Էնֆիայից ճարակ էր տալիս յուր քթին՝ մեծ բավականությամբ: Նրանք նշմարելով, որ բավական նստեցին, Ճանճուր Իվանիչը խնդրեց ինժեներին, թե նրա հետ առանձին խոսելիք ունի:
Կուզմինը վեր կացավ, նրանք մտան կից սենյակը:
Ճանճուր Իվանիչը կարդաց մի ամբողջ գայլի շարական և վերջացրեց այս խոսքերով.
– Դուք, պարոն Կուզմին, իբրև այս քաղաքում մի նորեկ մարդ, ձեր ծախսերից մի քիչ թեթևանալու համար, խոնարհաբար խնդրում եմ, ընդունել ինձնից այս չնչին գումարը:
– Խնդրեմ, խնդրեմ, Ճանճուր Իվանիչ, – խոսեց Կուզմինը հրաժարվելով, – ես իմ ծախսերի համար ոչինչ նեղություն չունիմ:
– Բայց և այնպես, սև օրվա համար պետք կգա:
– Ես չեմ կարող ընդուներ:
– Ես գիտեմ, որ դուք այնքան իստակ մարդ եք, որ իմ այսպիսի մի առաջարկությունը վշտացնում է ձեզ. բայց դուք աչքի առաջ ունենալով այն իրողությունը, թե ընդունում եք ձեր հավատարիմ բարեկամից ո՛չ թե իբրև կաշառք, այլ իբրև բարեկամական օգնության մի նշան, հուսով եմ, որ դուք չեք մերժիլ իմ խնդիրը:
– Խնդրեմ, Ճանճուր Իվանիչ, – կրկնեց Կուզմինը: – Դուք բռնաբաբում եք իմ խղճմտանքս:
– Ես հուսով եմ, որ դուք այնքան բարի կլինեք, որ բոլորովին գոհունակ ճանապարհ կգնեք ինձ ձեր տանից:
Կուզմինը լռեց:
Նրա լռությունն արդեն նշան էր հաճության: Ճանճուր Ւվանիչը դրեց նրա գրպանը մի հաստ կապոց թղթադրամ:
Նրանք դուրս եկան սենյակից:
Սիմոն Յագորիչը մի անգամ հազաց, կամենալով այդ խորհրդավոր նշանով իմանա, հաջողվեցա՞վ թե ոչ:
Ճանճուր Իվանիչը երեք անգամ հազալով իմաց տվավ, թե գործը հաջողվեցավ: Նրանք վեր կացան, կամենում էին գնալ:
– Ո՛չ, չի՛ կարելի այդպես շուտ, – ասաց Կուզմինը:
– Մնացեք ընթրիքի, – խնդրեց կինը:
– Այժմ ներեցեք, մյուս անգամ կգամ, երկար կխոսենք, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
– Ուրեմն սպասեցեք, խնդրեմ, գոնե միմի բաժակ պունչ, – ասաց ինժեները:
– Այդ բարի բան է, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
Ինժեների աղջիկը պատրաստեց երեք բաժակ պունշ ռոմով: Նրանք վեր առան բաժակները, իրար շրխկացրին և`«ձեր հրամանոց կենացը, ձեր հրամանոց կենացը» ասելով ու միմյանց գլուխ տալով խմեցին:
Ճանճուր Իվանիչը ամենի ձեռքերը մին-մին սեղմեց, բարի գիշեր ասաց, համբուրեց երեխաների երեսը, որոնք բավական ընտելացել էին նրան, և նրանք հեռացան:
– Какой он славный человек!, – ասաց Կուզմինը նրանց գնալուց հետո:
– Да, очень благородный господин, – պատասխանեց կինը:
Դուրսը շատ մութն էր: նրանք խարխափելով էին գնում ցեխերի միջով, որ գոյացել էր նորեկ անձրևից:
– Հիմի հավանում ի՞ս իմ խիլքը, – ճանապարհին ասաց Սիմոն Յագորիչին Ճանճուր Իվանիչը: – Տեհա՞ր, ա՛յ էդպես կավսունին (կթովեն) մարդու հա՜:
– Աստուծ գիդենա, աղա, դուն զորբա ուստա իս էլի, – պատասխանեց Սիմոն Յագորիչը: – Իսկի չէի հավատում, վուր էտ շանվուրթին խիլքի գուքա:
– Ուղուփ գուզե, Սիմոն Յագորիչ, խիլք գուզե, իմաստութին գուզե, ինչկլի բանը բան դառնա. միր աշխարքը ուստութինով ին կերած, չէ թե զոռով: Փուղ դատիլը ամեն մարդու բան չէ, – խոսեց Ճանճուր Իվանիչը՝ ներքին համոզմամբ:
– Աստուծ գիդենա, դրուստ իս ասում, – պատասխանեց Սիմոն Յագորիչը, որպես թե լսում էր մի ճշմարտություն:
– Էս ինժիների աչքերը քոռացրինք, էստումեն դենը ինչ գուզիս արա, Սիմոն Յագորիչ, էլ Կուզմինը քու շինութինների համա չի ասի լոմայ: Դա էլ են առաջվանների պես էգուց էլօր ձեռքը կու խփե մեջքիդ, «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, տվայա ստրոենիե կրեպկի, կակ ժելեզո»:
Սիմոն Յագորիչը ուրախությունից սկսավ ծիծաղել:
– Ես իսկի մտքեմես չէի անցկացնում, վուր դա քրթամ կուառնե, – ասաց նա:
– Ի՞նչ իս խոսում, օրհնած, մարդ կուլի՞ վուր փուղ չսիրե: Աստուծ ինքը քրթամը սիրում է: Ինչկլի խունկ, մոմ, մատաղ չիս անում, ինչկլի սրբերին բարեխոս չիս քցում, նա քիզ չարից չէ փրկում, – ասաց Ճանճուր Իվանիչը՝ զարմանալով յուր գործակատարի դատողության վրա: – Էս ղուլուղի մարդկանց ջեբը նրա համար ին ետնեն կարած, վուր նրանք խաչ – ավետարանի վրա օրթում ին ուտում, վուր քրթամ չառնին, ու դրա համա էլ ձեռքով չին առնում. ամա վուր մարդ ետնեն ջիբն է կոխում, աչքով չին տեհնում, էլ չին խոսում:
Այդպիսի բաներ խոսելով, միմյանց իրանց սրտի ուրախությունը հայտնելով, ինժեներների թուլությունների վրա ծիծաղելով, Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ ամենևին չզգացին, թե ինչպես հասան պանդոկ:
Մտնելով իրանց կացարանը, Սիմոն Յագորիչը մոմ վեր առավ տարավ ներքև խանութում վառելու, որովհետև լուցկի չունեին, բերելիս անիրավ քամին հանգցրեց, կրկին դարձավ, էլի հանգցրեց: Ճանճուր Իվանիչը վերևում, խավարի մեջ կանգնած սպասում էր. երկար սպասելուց հետո նա դուրս եկավ, տեսավ քամին չէր թողնում մոմը վառվի:
– Տո՛, օրհնած, էտպես կու բերի՞ն, մե բան բռնե գլխին, էլ քամին չի կանա հանգցնի:
Սիմոն Յագորիչը շուտով շլապկեն գլխից առավ և հովանի արեց մոմի վրա: Այդ հնարքով թեև նա առանց հանգցնելու մոմը բերավ իրանց կացարանը, բայց շատ ցավեցավ, երբ տեսավ, որ շլապկեն բավական տեղ այրվել է. ջուր ածելու փոխանակ թքեց այրված տեղի վրա, մատներով հանգցրեց, մոմ ածողի ու կրակ մոգոնողի հերն ու մերն անիծեց, մի փոքր էլ բարկացավ, բայց Ճանճուր Իվանիչը նրան մխիթարեց՝ ասելով.
– Վնաս չունի, ջանդ սաղ ըլի:
Սիմոն Յագորիչը հանդարտվեցավ: Սենյակը լուսավորվեցավ: Ճանճուր Իվանիչը նստեց մահճակալի վրա. նրա դեմքն արտահայտում էր լիակատար բավականություն: Սիմոն Յագորիչը նստեց տաբուրետի վրա նրա հանդեպ, բայց նրա դեմքը գոհունակություն չէր ցույց տալիս: Երևի գլխարկի այրվելը նրան ցավեցրեց:
– Ւ՞նչ իս ունքերդ կախ արի, – ասաց նրան Ճանճուր Իվանիչը: – Հիմի էլ ի՞նչ դարդ ունինք, էտ էշն էլ խոմ ցեխեմ են հանեցինք, գնա ներքև մի չարեք գինի բի', էս գիշեր մե լավ քեփ անինք, իժում դինջ քնինք:
Սիմոն Յագորիչը գնաց ներքև և մի քանի րոպեից հետո դարձավ չարեքանոցը լիքր գինիով:
Սեղանի վրա դրվեցան խնջույքի պատրաստությունները՝ երկու հատ չորացած հաց, մի կտոր հին զուրգել, Ճանճուր Իվանիչի ճանապարհի պաշարից մնացած մի փոքր խավիար, մի գլուխ սոխ և մի կտոր պանիր:
Սեղանը յուր բոլոր ճոխություններն ուներ երկու ընկերների համար ևս:
Գավաթները լցվեցան: Նրանք չրխկացրին, առաջին անգամ խմեցին միմյանց կենացը, հետո Կուզմինի կենացը, այնուհետև կրկին և կրկին միմյանց կենացը, հետո նրանց կենացը, ով որ ծովում փորձության մեջ է, ով որ ղարիբ է, ով որ հիվանդ է, վերջապես ամեն նեղյալների կենացը: Եվ բախտավոր չարեքանոցը մի անգամ ևս գնաց և ետ եկավ ներքևից: Այնուհետև նրանց գլուխները տաքացան: Նրանք սկսան միմյանց հետ պռոշտի անել և ուրախանալ, ծափ տալ, ուռռա գռռալ, մինչև Ճանճուր Իվանիչը յուր խռպոտ ձայնով երգեց վրացերեն. «Ա՜խ թվալեբո, թվալեբո՛» երգը, Սիմոն Յագորիչն էլ նրան ձայնակից եղավ: Այնուհետև ինքը՝ Սիմոն Յագորիչը, երգեց՝ «Մոդի, Լիզա ջան, իխրուկե» նույնպես վրացերեն երգը: Խնջույքը տևեց մի քանի ժամ, բայց տակավին չարեքանոցի մեջ գինի կար: Այն ևս սպառվեցավ: Սեղանի վրա ոչինչ չմնաց ուտելու: Մոմը բոլորովին վառվելով՝ վերջապես հանգավ: Կացարանի մեջ տիրեց խավար: Նրանք քնեցին:
Բայց Ճանճուր Իվանիչի և Սիմոն Յագորիչի փոխարեն մոծակները, ճպուռները, լվերը և այլ միջատներ այնուհետև սկսան տզվզալ և իրանց դիվային հարսանիքը կատարել: Նրանք թեև իրանց խայթոցներով սկսան ծակոտել մեր պարոնների մարմինը և ծծել նրանց արյունը, բայց նրանք ոչինչ չէին զգում, այլ խորին թմրության մեջ մրափում էին:
ԺԵ
Մինչ Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ պանդոկի կեղտոտ անկյունում, իրանց աղքատիկ քեֆն էին անում, Հացի-Գելենց տանը մի փառավոր գիշերային խնջույք էր սարքված:
Գեղեցիկ զարդարված դահլիճում վառվում էին զանազան ճրագները: Ինքը օրիորդ Սոֆին, բոլորովին սպիտակ՝ փրփուրի նման թեթև հագուստով, ոսկի ապարանջաններով, ադամանդե քորոցը կրծքի վրա, խիստ շնորհալի կերպով ընդունում էր հյուրերին:
Շուտով դահլիճը լցվեցավ խայտաճամուկ բազմությամբ: Նրանք ոչ միայն իրանց հագուստի ձևերով, այլև իրանց սովորություններով ու բնավորությամբ զանազանվում էին միմյանցից: Նրանց մեջ կային աղջիկներ մոդնի հագնված, բաց գլուխներով, հոլանի բազուկներով և կիսաբաց կրծքով ու թիկունքով: Նրանց մեջ կային աղջիկներ վրացի թասակրավիներով և բաց կրծքով ու բազուկներով: Նրանց մեջ, որպես սև ագռավներ, գտնվում էին մի քանի թխազգեստ քաթիպավոր քալբատոնոներ, որոնց հրավիրել էր տիկին Բարբարեն:
Տղամարդիկ թվով ավելի սակավ էին, քան թե աղջիկները: Այնտեղ պտտվում էին մի քանի բուլվարի շրջիկ ֆրանտներ, որոնք կոտրատվելով այս կամ այն օրիորդի հետ քչփչում էին, և մի քանի կարտուզավոր ու կաբավոր վաճառականներ` տիկին Բարբարեի ազգականներից, որոնցից ամեն մինը նստած էր մի անկյունում աթոռի վրա. նրանք չէին շարժվում իրանց տեղից, կարծես թե մեխված լինեին աթոռին, միայն հեռվից իրանց աչքերը ճպճպացնելով, նախանձով դիտում էին, թե ի՛նչպես ֆրանտ երիտասարդները սեթևեթում էին մատաղահաս օրիորդների հետ:
Օրիորդ Սոֆին թիթեռնիկի նման թռչկոտում էր այս կողմ և այն կողմ: Նա ուրախությամբ դառնում էր մի աղջկանից դեպի մյուսը, նա դիմում էր դեպի երիտասարդները, որոնցից շատերը հրավիրված օրիորդների եղբայրներն էին, քաղցրախոսում էր նրանց հետ, ժպտում էր և պես – պես հրապույրներով շահում բոլորի սրտերը:
Տիկին Բարբարեն անշարժ նստած խոսում էր քաթիպավորների հետ հին և նոր ադաթների վրա: Իսկ Գրիգոլն ու Մայիլովը` մերթ այս, մերթ այն անկյունում կանգնած նայում էին. նրանք չէին համարձակվում խոսել օրիորդների հետ, մինչև նրանք չէին խոսացնում:
Խնջույքը գնալով կենդանանում էր, ոգևորվում էր, մինչև նա բոլորովին խռովեցավ խոսակցությունների խառնաձայնությամբ:
Ապա բաժանվեցան. աղջիկները կազմեցին փոքրիկ խմբեր: Եթե որոշելու լինենք այդ խմբերը, նրանց տեսակները կլինին այսպես. – մի կողմում հավաքված էին աղջիկները իրանց թասակբավիներով, դրանց շատ անգամ երկչոտությամբ մերձենում էին կաբավորներ, և նրանց մեջ լսելի էր լինում վրացերեն քաղաքավարական բառեր – գենացվալե, գեթաղվանե, շենի ճիրիմե, թքվենմա սիցոցխլեմ, դիախ և այլն. մի կողմում էլ մոդնի աղջիկները, ըստ մեծի մասին ռուսերեն լեզվով, և երբեմն վրացերեն խառնելով, խոսում էին, թե ի՛նչ նոր կտորներ են եկած, կամ այսինչ ու այնինչ խանութում ինչ նոր բաներ են վաճառում: Նրանց խոսակցության մեջ խառնվում էին և ֆրանտները՝ այս կողմից, այն կողմից խոսք ու կատակ կցելով:
Իսկ տիկին Բարբարեի շուրջը բոլորել էին քաթիպավորները և մի քանի կաբավորներ, դարձյալ վրացերեն երբեմն հատուկտոր հայերեն խառնելով, դուրս էին տալիս քաղաքի նորությունների կամ հացի և այլ ուտելիքների էժանության կամ թանկության մասին:
Իսկ երբեմն այդ խմբերը դիմում էին միմյանց, և խոսակցությունը լինում էր ընդհանուր: Բայց օրիորդ Սոֆին հանգիստ չէր մի տեղում, նա անդադար դառնում էր մի խմբից դեպի մյուսը: Նա նշմարեց Մայիլովին և տեսավ, որ նա բոլորովին ուրախ չէ. մոտեցավ նրան.
– Ի՞նչ է, Նիկոլ, դու ինչո՞ւ ես այդպես տխուր, – հարցրեց նա:
– Ես տխուր չեմ, – պատասխանեց Մայիլովը:
– Ո՛չ, դու այստեղ մենակ ձանձրանում ես: Գրիգոլը չէ զբաղեցնում քեզ, գնանք այնտեղ աղջիկների մոտ:
Եվ օրիորդ Սոֆին բռնեց նրա ձեռքից, բերավ մոդնի աղջիկների մոտ, որոնք, իրանց ուսումն ավարտելով զանազան իգական վարժարաններում, իբրև ներկայացուցիչներ էին ուսյալ և կրթյալ օրիորդների. դրանք պիտի լինեին մայրերը նոր սերունդի:
Հյուրասիրության հառաջաբանն սկսվեցավ թեյով, որ մատուցին պիրոժնիով և ոմանց լիմոնով: Սպասավորները մաքուր հագնված՝ անդադար տանում ու բերում էին գավաթները:
Նույն միջոցին համարյա բոլորն էլ նստոտել էին զանազան տեղերում և խոսում էին:
Բայց ի՞նչ էին խոսում:
Եթե չի ձանձրանա մեր պատվելի ընթերցողը, մենք նրան մի քանի րոպե կմոտեցնենք կրթյալ օրիորդների խմբին, և նա կլսե մեր ապագա մայրերի զրույցները, որ թեյի քաղցր հեղուկը խմելով կցել էին նրանք:
Թեև ազգային բարբառով չէր նրանց խոսակցությունը, բայց մենք դնում ենք նրանց հայերեն թարգմանությունը:
– Այնպիսի մի կիսակոշիկներ է ստացել մադամ Տոլլեն, որ հրաշալի՜, – ասաց մի շիկամազ օրիորդ, գունատվելով, կուչ գալով խմելու միջոցին, որ կարծես թե մի սքանչելի իրողություն էր պատմում:
– Ջանջուղազովի մագազինում նույնպես լավերն են ծախում. ես իմս տասը մանեթով առա, շատ հիանալի բաներ են, առավելապես կրունկները, ճռճռոցը խոմ պատմել չի կարելի, – ասաց մի այլ օրիորդ սև գիսակով, թուխ դեմքով և, միևնույն ժամանակ վեր քաշելով յուր զգեստի փեշերը, ցույց տվավ յուր փոքրիկ ոտքը:
– Իմը ես առել եմ ութ մանեթով. իմ կարծիքով քոնից լավն է, – նրա խոսքը կտրեց առաջին շիկամազը:
– Նայեցեք` ինչպես են ճռճռում:
Եվ նա վեր կացավ, մի պտույտ արավ և դարձյալ նստեց: Եվ արդարև, նրա կիսակոշիկները ոչ թե ճռճռում, այլ կարելի է ասել՝ որոտում էին:
Լսողները վճռեցին, թե շիկամազի կիսակոշիկները ավելի լավ են, քան թե թխամազինը:
– Ջանջուդազովի մագազինում թեև կիսակոշիկները ավելի գովելի չեն, բայց լավ ձեռնոցներ են ծախում, – մեջ մտավ մի այլ օրիորդ` մեծ – մեծ, վառվռուն աչքերով և նիհար դեմքով և կամեցավ ցույց տալ յուր ձեռնոցները, որ գնել էր այնտեղից:
– Է՜հ, այդ հայերը հենց խաբում են, – նրա խոսքը կտրեց մի այլ օրիորդ, կարծես թե ինքը հայ չլիներ: – Դուք քանիսո՞վ առաք ձեր ձեռնոցները, Մակա , – հարցրեց նա վառվռուն աչքերով օրիորդից:
– Մանեթ ու կեսով, – պատախանեո Մական:
– Բայց ես Բլոտից առել եմ վեց աբասով և ձերիցը վատ չէ, – պատասխանեց օրիորդը:
Մական լռեց:
Բայց օրիորդ Սոֆին նույն րոպեին խոսում էր մի երիտասարդի հետ, և աստված գիտե, ինչեր էր խոսում. միայն նրանից բաժանվելու միջոցին, կրկին դարձավ դեպի նա և ժպտաց.
– Ա՜խ, դու անխիղճ, – ասաց և հեռացավ:
Նա եկավ և կանգնեցավ օրիորդների մոտ, որոնք խոսում էին կիսակոշիկների մասին:
– Սոֆի, դուք օդըկոլոնը և դուխը ումի՞ց եք գնում, – հարցրեց նրանից մի օրիորդ մեծ քթով և հաստ շրթունքներով:
– Րիշարից, – պատասխանեց օրիորդ Սոֆին:
– Ի՜նչ անուշ հոտ է գալիս ձեզանից, – կրկնեց մեծքթանին:
– Մի՞թե ձեզ ախորժելի է, – ժպտալով հարցրեց օրիորդ Սոֆին և ուրախացավ, որովհետև յուր վրա լավ նկատողություն էին անում:
– Ես էլ այսուհետև այնտեղից պիտի առնեմ, – ասաց առաջինը:
– Սոֆի Ճանճուրևնա, – ավելի քաղաքավարությամբ կոչեց նրան մի. այլ աղջիկ զվարթ և ուրախ դեմքով:
– Ի՞նչ է, – դարձավ դեպի նա Սոֆին:
– Այս կյուրակե այգո՞ւմն էիք:
– Այո՛ , այնտեղ էի:
– Դուք տեսա՞ք այն երկու ռուս օրիորդներին. ի՛նչ գեղեցիկ հագնված էին:
– Այո՛, տեսա, բաց – երկնագույն` աղյուսավոր կտորի., ես, արդեն առել եմ ինձ համար մի դերիացու Ցուրինովի մագազինից, – պատասխանեց Սոֆին:
– Ես էլ անպատճառ պիտի առնեմ այն կտորից, – մեջ մտավ մի այլ օրիորդ: – Ես էլ տեսա նրանց, ինձ ևս շատ դյուր եկավ նրանց հագուստը, մանավանդ ծալվածքը հիանալի էր, թեև բուզմեքը հին մոդայի ձևով էին:
– Ո՜չ, ի՞նչպես թե հին. այդ նոր և վերջին մոդան է, – նրա խոսքը կտրեց զվարթադեմ օրիորդը:
– Ո՛չ, հին էր, նույն ձևով կարել էր տվել Կմախովի աղջիկը երկու ամիս առաջ, – պատասխանեց երկրորդը:
Եվ նրանք սկսեցին վիճել այն երկու ռուս օրիորդների հագուստի բուզմեթի հին կամ նոր մոդայի ձևով լինելու մասին. վեճը սաստկացավ: Մյուս օրիորդները մեջ մտան պարզելու, թե ո՛վ է ուղիղը և ո՛րի կողմն է իրավունքը: Քննության դիվան բաց եղավ նրանց խմբի մեջ:
Բայց մինչ նրանք վիճում էին, երկու օրիորդ, բաժանված այդ խմբից, հեռու մի անկյունում նստած, միմյանց հետ քչփչում էին մյուսներին անլսելի ձայնով: Դրանցից մինը մի բարձրահասակ օրիորդ էր, սև ու փայլուն աչքկրով և ախորժելի դեմքով: Նա կոչվում էր Անիչկա: Մյուսը մի նրբակազմ օրիորդ էր, քնքուշ դեմքով. դա կոչվում էր Լիզա:
– Դուք սիրում եք նրան, Անիչկա, մի՛ խաբեք ինձ, – ասաց նրբակազմ օրիորդը:
– Ո՛չ… նա այնպես երբեմն գալիս է մեր տուն, եղբորս հետ շատ ծանոթ է, և ինքն ուսումնական տղամարդ լինելով, ես հարգում եմ նրան, – պատասխանեց Անիչկան:
– Դուք ուղիղը չեք խոստովանում ինձ, – խոսեց Լիզան, – ես ձեզանից ծածուկ ոչինչ չունիմ, բայց դուք ինձ մոտ սրտաբաց չեք:
– Ես կխնդրեի, որ այդ մասին ինձնից ոչինչ չհարցնեք:
– Դուք վշտացնում եք ինձ, Անիչկա:
– Ես խնդրում եմ հանգիստ թողնել ինձ:
Մինչ Լիզան կամենում էր մի երկրորդ հարց տալ, նրանց խոսակցությունն ընդհատեց օրիորդ Սոֆին:
– Միմյանց ի՞նչ եք խոստովանվում այս անկյունում, – հարցրեց նա:
– Ոչինչ, խոսում ենք է՜լի, – պատասխանեցին նրանք:
Օրիորդ Սոֆին կանգնեց և սկսավ մի քանի նկատողություններ անել ֆրանտ երիտասարդների մասին. մինին գովասանեց, մյուսի վրա ծիծաղեց. նրա քիթը ծուռն է, մյուսի գլխի մազերը խոզի մազի են նմանում, այն մյուսը թեև սիրուն է, բայց շատ հպարտ է, այն մինի դեմքն ախորժելի է, բայց աչքերը խիստ փոքր են, և այլ այդպիսի կատակներով խոսում էր նա և անընդհատ ծիծաղում:
– Անվայել է այդպիսի նկատողություններ անել յուր հյուրերի վրա, – նկատեց Անիչկան:
– Ինչ անտանելի է, երբ մարդիկ գեղեցիկ չեն, – ասաց օրիորդ Սոֆին և հեռացավ գնաց Մայիլովի մոտ:
– Նա խելքից ելած է այդ գիմնազիստի համար, – ասաց Անիչկան օրիորդ Սոֆիի գնալուց հետո:
– Մի՞թե, – զարմանալով հարցրեց Լիզան, – չէ՞ որ նա դեռ երեխա է:
– Ի՞նչ փույթ, օրիորդ Սոֆին այդ տեսակ ճաշակ ունի ընտրության մեջ:
– Ա՜յ հիմար, – կրկնեց Լիզան:
Բայց օրիորդ Սոֆին թողեց Մայիլովին և սկսեց քաղցրախոսել մի բարձրահասակ երիտասարդի հետ:
Լիզան և Անիչկան կցեցին իրենց ընդհատված խոսակցությունը:
– Դարձյա՞լ չեք ասելու, – հարցրեց Լիզան:
– Ի՞նչ, – ասաց Անիչկան:
– Դուք սիրում եք նրան:
– Ինչո՞ւ չսիրել նրան, – պատասխանեց Անիչկան: – Նա շատ արժանավոր տղամարդ է, մեծ ուսումով և ազնվաբարո. նա այնքան գեղեցկախոս է, որ մարդ ախորժում է միշտ լսել նրան. նրա ձևերի, նրա շարժվածքի, նրա բոլոր գոյության մեջ այնքան հրապուրանք կա, որ չէ՛ կարելի չսիրահարվել նրա վրա:
– Ի՞նչպես է նրա անունը, – հարցրեց Լիզան:
– Այդ մի պատմական անուն է, որով կոչվում է Հայկազանց երևելի տներից մինը Վասպուրականում, – պատասխանեց Անիչկան:
– Իրանք նույն տնի՞ց են: Հայտնի չէ՛, միայն ազնվատոհմիկ են:
– Ի՞նչ գործով է պարապում նա:
– Նա եկած է մեր քաղաքը երեսի հիվանդությունը բժշկելու համար և մասնավորապես փաստաբանություն է անում:
– Նա նույնպես սիրո՞ւմ է ձեզ:
– Չգիտեմ, – ցավելով պատասխանեց Անիչկան, – միայն նա խիստ սառն է ինձ հետ: Բայց դուք սազացրիք Ն – ովի հետ, – խոսքը փոխեց նա:
– Սազացրի, – ժպտալով պատասխանեց Լիզան, – այսօր ստացա նրանից այս տոմսակը:
Եվ Լիզան հանեց յուր ծոցից մի փոքրիկ թուղթ, տվավ յուր խոսակցին. նա շտապով տողերը աչքի անցրեց: Տոմսակի մեջ գրված էր. «Ձեր տանն արգելում են մեզ… շաբաթ օրը երաժշտական կրուժոկում դիմակահանդես կլինի. այնտեղ կսպասեմ ձեզ»:
– Ուրեմն այդպես, Լիզա, հա , – նրա երեսին նայելով ասաց Անիչկան: – Դուք ինձնից բախտավոր եք:
– Ի՞նչպես, – հարցրեց Լիզան և ծիծաղեց:
– Այո՛, մեծ զանազանություն կա նրանց մեջ, որոնցից մինը հասած է յուր նպատակին, իսկ մյուսը ապրում է լոկ հույսերով, – պատասխանեց Անիչկան:
Օրիորդ Սոֆին դարձյալ ընդհատեց նրանց խոսակցությունը:
– Ձեր մեջ անշուշտ մի բան կա, որ այդպես թաքուն – թաքուն խոսում եք, – ասաց նա:
– Ի՞նչ պիտի լինի:
– Ո՛չ, կա, ես գիտեմ… միայն վե՛ր կացեք, խնդրեմ, աղջկերքը կամենում են պարել:
Անիչկան և Լիզան դուրս եկան իրանց անկյունից և գնացին մյուս աղջկերանց մոտ:
Պարերը նույնպես եղան այնպես զանազան, ինչպես որ զանազանվում էին նրանք իրանց հագուստներով և իրանց մտքերի հայացքով:
Ուսյալ օրիորդներր ցանկացան պարել տանց: Ափսոս՜ որ չկար կանոնավոր մուզիկա: Այնուամենայնիվ նրանք բանը գլուխ բերին: Օրիորդ Սոֆին նստեց պիանոյի աոջև, պիանոն հնչեց խիստ հիանալի կերպով, և զույգերը սկսեցին պտույտ գալ:
Հետո մի այլ օրիորդ սկսավ ածել, և օրիորդ Սոֆին, ազատվելով պիանոյից, վեր կացավ և խառնվեցավ պարողների հետ: Նա ընտրեց իրան պարընկեր Մայիլովին:
Այդ եղանակը նույնպես վերջացավ:
Գրիգոլն ածեց ջութակի վրա վալս:
Օրիորդ Սոֆին այս անգամ պարեց բարձրահասակ ֆրանտի հետ:
Եվրոպական պարերը վերջացան:
Որովհետև թասակրավիով աղջկերքը, եվրոպական պար չգիտենալու պատճառով, անմասն մնացին պարելուց, ուստի նրանք ցանկացան պարել ասիական պարեր: Եվ իսկույն կազմեցին մի շրջան. նրանցից մինն սկսավ ածել դայրա, մյուսը դիմպլիպիտո և մինն էլ հնչեցրեց փոքրիկ հարմոնը, իսկ մյուսներն սկսեցին ծափահարել. ապա նրանցից մինն սկսավ խաղալ լեզգինկա: Նա փոխվեցավ: Նրա տեղ անցավ մի այլը: Եվ այնքան խաղացին, մինչև բոլորն էլ հոգնեցան:
Պարերը վերջացան: Բոլորն էլ նստոտեցին հանգստանալու: Մատուցին թարմ միրգ:
Այնուհետև օրիորդ Սոֆին դարձյալ սկսավ ածել պիանոյի վրա և երգել: Նրա ձայնը այն գիշեր բոլորովին հիանալի էր: Ամենքը ծափահարեցին և խնդրեցին կրկնել:
Օրիորդր կրկնեց:
Տիկին Բարբարեն հեռվից հրճվանքով նայում էր յուր դստեր արժանավորության վրա, մանավանդ երբ նկատեց, որ երիտասարդներն առանձին համակրությամբ էին լսում նրան: Նա մի քանի հաճոյական խոսքեր ևս լսեց յուր մոտի կնիկներից, որոնք ասացին նրան. «Շատ ապրի աղջիկդ, Բարբարե, աստծու աչքը նրա վրա ըլի. շատ շնորհալի աղջիկ է»:
Մի քանի օրիորդներ նույնպես ածեցին և երգեցին, բայց ոչ այնպես, ինչպես որ օրիորդ Սոֆին:
Այնուհետև բոլոր աղջկերքը շարվեցան մի երկայն սեղանի շուրջը և պատրաստվեցան լոտո խաղալու: Նրանց ընկերացան և մի քանի երիտասարդներ, բայց մնացյալ երիտասարդները բաժանվեցան նրանցից և սկսան խաղալ պրեֆերանս:
Լոտո խաղացող աղջիկներից ոմանք մեջ բերեցին փող, մինը յուր մատանին, մինը յուր քորոցը, մինը յուր ապարանջանը. մի խոսքով՝ ով ինչ լավ բան ուներ` առավելապես յուր ընկերուհիներին ցույց տալու համար, դրավ մեջտեղ: Մի աղջիկ կարգվեցավ գանձապետ: Նրա մոտ դրվեցան երկու ափսե և մեջն ածեցին լոբիի հատիկներ` հաշիվները պահելու համար: Խաղի թղթերը բաժանվեցան: Գլուխը կապած աղջիկներից մինը, որ լավ չգիտեր ռուսերեն համարել, սկսավ դուրս հանել թվերի կենճիքը և բարձրաձայն ասել թլվատ լեզվով, տվնացիտ (տասներկու), պիտլացիտ (տասնևհինգ), փետկա (հինգ), տեսետնիկ (տասն), կոստո (իննսուն): Աղջկերքը սկսան ծիծաղել նրա արտասանության վրա. նա կարմրեց և դարձյալ սկսեց շարունակել պիտեսաթ րովնո (հիսուն), տուդիսուդի (վաթսունինը): Աղջկերքը դարձյալ սկսան ծիծաղել նրա այդ զվարճալի փոխաբերությունների վրա:
Նրանցից մի փոքր հեռու մոդնի երիտասարդները կոչում էին, թրխկացնելով սեղանին – սեմ պիկ կամ չերվի և կամ բեզ կոզրեյ և այլն:
Բայց նրանցից հեռու տիկին Բարբարեն մի կաբավոր հաստափորի հետ խաղում էր դուրաչկա: Օրիորդ Սոֆին անցավ նրանց մոտից: Նրանք հրավիրեցին իրանց հետ խաղալու, բայց օրիորդը հրաժարվեցավ, ասելով, թե ինքը չէ կամենում փռնչու խաղ խաղալ:
Մի կողմում էլ նստած էին կաբավորները: Նրանք ձգում էին նարդիի զարը՝ կոչելով – շեշ ու բեշ, խալ – խալ և այլն: Մի քանի հոգի էլ, նույն կարգի մարդկանցից, նստած նայում էին նրանց խպղին կամ ուղղում նրանց սխալը:
Մի քանի ժամ տևեց նրանց լոտոն, կես ժամ էլ տևեց հաշիվը, մինչև լոբիով որոշեցին, թե ով ո՛րքան տարած է կամ ո՛վ որքան տանուլ էր տված: Տանողը առավ, տանուլ տվողը տվավ: Խաղը վերջացավ:
Գիշերային խնջույքի վերջաբանն եղավ զանազան քաղցրավենիք, տեսակ – տեսակ մուրաբեք, որոնք ճաշակելուց հետո մի փոքր ևս խոսեցին, մի փոքր ևս քչփչացին: Կեսգիշերից արդեն երկու ժամ անցած էր, երբ հյուրերը շնորհակալություն անելով սկսեցին հեռանալ ացի – Գելենց տանից, իսկ ոմանք գիշերեցին այնտեղ:
Այդ միևնույն ժամանակ Ճանճուր Իվանիչը յուր աղքատիկ քեֆը վերջացնելով Սիմոն Յագորիչի հետ, վաղուց քնած էր պանդոկի կեղտոտ և խոնավ սենյակում: Թեև լվերը և մլուկները չարաչար ծակոտում էին նրանց մարմինը և ծծում նրանց արյունը, բայց նրանք խորին քնի մեջ մրափում էին և ամեն մինը մի սարսափելի երազ էր տեսնում: Սիմոն Յագորիչին երևում էր, իբր թե ինժեներ Կուզմինը քննելով նրա շինությունները, պակասություններ էր գտել և հրամայում է քանդել: Իսկ Ճանճուր Իվանիչին երևում էր տիկին Բարբարեն, որ ներս գալով նրա սենյակը՝ պահանջում է Սոֆիի առաջարկությունները: